Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Էգուց իմ պալտոնիս էն կոճակը կարի, այ պառավ:

Իվան բեյի վերարկուն...

Օձիքը մաշված, վրան մի մատ չորացած քրտինք ու կեղտ, որ փայլում էր մոմած հատակի պես: Իվան բեյը վերարկուն ուսին էր գցում կամ մի թևը հագնում, իսկ մյուս ազատ թևով վերարկուի տակ էլի թազբեհի հատիկները գլորում:

Այդ տեսքով թևը ջարդած սագի էր նման Իվան բեյը, մի պառավ սագի, որ լնգլնգալեն է գնում ու կախ ընկած թևը գետնի վրայով քարշ տալիս:

Քսան տարուց ավել էր, որ այդ վերարկուն նրա ուսին էր: Պարգև էր ստացել իր մի վաղեմի ծանոթից: Այնքան պսպղան կոճակ կար վրան և այնպես լավ էր սազում այդ վերարկուն Իվան բեյին:

Երբ թագավորը գահընկեց եղավ, Իվան բեյը գոմի մի անկյունում թաղեց արքայական նկարները և իր պղնձյա կոճակներն էլ մի ամանի մեջ լցրեց ու թաղեց նկարների հետ:

Այն օրվանից նա սովորույթ էր դարձրել վերարկուի մի թևը հագնել, իսկ մյուս ձեռքով վերարկուի տակ թազբեհի հատիկների հետ խաղալ...

* * *

Իվան բեյը ծառայում էր:

Ո՞վ էր, խղճացել էր նրան և տեղ տվել մի հիմնարկի արխիվում: Նրա պաշտոնն էր արխիվը կանոնավոր պահել:

Հիմնարկում առավոտյան նրանից կանուխ եկող չկար: Ամեն առավոտ նա իր ձեռքով պիտի սրբեր թանաքամանը, գրչածայրը մաքրեր թղթով, ապա շտկեր աթոռն ու փալասի կտորը, որ աթոռի վրա էր դնում, տեղն ավելի փափուկ լինելու համար:

Հետո սկսվում էր Իվան բեյի աշխատանքը: Եթե մեկը նայեր նրան, անշուշտ, կմտածեր, թե Իվան բեյը սովորական մի գործավար չէ, որ համարագրում է արխիվը հին, այլ ուսյալ գիտնական, որ դեղնած, մգլոտած թղթերի մեջ փնտրում է վաղուց մոռացված վավերագրեր:

Իվան բեյի ձեռագիրը...

Ասես ավետարան արտագրող, մաքրակրոն դպիրի գիր էր, դպիր, որ դարեր առաջ խուցի կիսախավարում արտագրել է, ծաղկանկարել, համոզված, որ գալ սերունդը փոշեպատ մատյանի մեջ որոնելու է դարերի մոռացված անց ու դարձը:

Սակայն Իվան բեյը գալ սերունդի համար չէր սովորել գեղեցիկ և վայելուչ գրել: Տասնյակ տարիների ընթացքում նա այն համոզմանն էր եկել, որ վայելուչ դիմումը շատ ավելի ուժ ունի, քան նույն դիմումը մի քիչ անփույթ գրած:

Ամբողջ քաղաքում Իվան բեյի ձեռագիրը հայտնի էր: Ինքն էլ միշտ սիրում էր պատմել, թե ինչպես բարձրաստիճան մի պաշտոնյա մեջքն էր շփել և խոստացել պարգև՝ գեղեցիկ գրելու համար:

Առաջվա գիրն էլ չկա, այ կնիկ, — գանգատվում էր Իվան բեյը, — ձեռքս հիմա դողում է, ես էլ չեմ իմ գրածին հավան:

Աշխատանքի ժամանակ, երբ հին թղթերն էր համարագրում, Իվան բեյը երբեմն ինքն իրեն ժպտում էր, ակնոցները շտկում և թուղթն ավելի մոտեցնում աչքերին: Դողում էին ձեռքերը, աշնան տերևի պես երերում էր թուղթը հին, իսկ Իվան բեյի գլուխը հանդարտ շարժումով դառնում էր մեկ աջ, մեկ ձախ:

Ժպտում էր Իվան բեյը երանության ժպիտով, աչքերը փայլում էին ակնոցների ճաքած ապակու ետև, միտքը թև առած թռչում էր դեպի ետ, երբ Իվան բեյի վերարկուն դեռ նոր էր, կոճակները պղնձափայլ, ձայնը խրոխտ:

Նա ժպտում էր, որովհետև արխիվի թուղթը հին հանկարծ հիշեցնում էր վաղուց մոռացված մի պատմություն: Նայում էր ստորագրության, թվականին, մի պահ դեն դնում թուղթը և թողնում, որ մտքերը տաշեղի պես լողան հիշողության ծովում:

Եվ այդ օրը նա ուրախ էր տուն դառնում, ճաշի ժամանակ էլ պատմում պառավին.

Մի՞տդ է, էն տարին մի ռևիզոր եկավ...Դու էլ ասում էիր, թե ինչ աղոթասեր մարդ ա...

Էն, որ արաղ խմելուց առաջ խաչակնքում էր երեսին,— ավելացնում էր կինը և հիշողության ուժ տալիս: Ու նրա մտքի առաջ, քարավանի պես անցնում էին ծանոթ դեմքեր՝ կոկարդով, մեծ բեղերով, ակնոցավոր և առանց ակնոց, քեֆ սիրող, որսկան, ձիարշավի սիրահար: Պառավի մաշված միտքը կառչում էր մեկին, փոշին թափ տալիս, մոտեցնում աչքերին, ավելի լավ զննում:

Էն, որ մի գիշեր մեր բալկոնից քիչ մնաց ընկներ...

Հա՜, հա՜, խմել էր, ուշունց էր տալիս օրհնածը... — ասում էր Իվան բեյը, և երանության ժպիտը դեմքին խաղում էր, մայր մտնող արևի պես:

Պատմում էր Իվան բեյը, որ այդ օրը արխիվի թղթերի մեջ նրա գրածն է կարդացել՝ ուղղած գավառապետին, մի թուրքի տուգանելու մասին:

Գրագիրն էլ էն ժամանակ Սարգիս աղան էր:

Հետո զրույցը խորանում էր, և եթե մի բան նրան չսթափեցներ, Իվան բեյը չէր էլ նկատի, որ խոսում է:

Այդպիսի դեպքերում կինն էր նրան սթափեցնում, էլի դժգոհում, որ մսի հետ ոսկոր շատ են տվել կամ թե հավաբունի տախտակը կոտրվել է, պետք է նորոգել:

Իվան բեյի մտքի թելը կտրվում էր, չքանում էր հինը, անիմաստ հայացքով նայում էր ապուրին՝ կարծես ուզում էր ստուգի, թե իրո՞ք մսի հետ ոսկոր շատ են դրել: Մի քանի անգամ գդալով ապուրն էր խառնում և մի բան ասած լինելու համար դառնում էր կնոջը.

Ա կնիկ, կերակուրն էսօր աղի է...

Սակայն այդ չէր մտքինը: Այդ ավելորդ խոսք էր, հենց այնպես:

Մռայլվում էր Իվան բեյի դեմքը, ասես թունդ հարբելուց հետո քնել էր խոր, ինչպես առաջ, և զարթնել թթված դեմքով:

Առաջ վա՛յ եթե մեկն այդ ժամանակ նրան խնդիրք աներ: Քիթ ու մռութը կծռմռեր, կխոսեր կոշտ ու բարձրաձայն, իսկ դիմացինը՝ մի գյուղացի անօգ, գլխաբաց, գդակը թևի տակ, կկռանար, գլուխ կտար, ձեռքերը կրծքին, ինչպես պառավ կանայք են կանգնում գյուղի եկեղեցու սևացած խաչքարի առաջ:

Մռայլվում էր դեմքը և էլի հին հարցն էր տալիս իրեն, ծանոթ հարցը, որ կրծում էր նրա ուղեղը, ինչպես որդն է կրծում տերևը կաղամբի:

Ինչպես եղավ, որ աշխարհը այսպես փոխվեց, ուր գնացին երջանիկ օրերը երբեմնի, երբ սանդուղում զրնգում էր ոսկին, ամեն օր գառ ու յուղ էր ընծա ստանում գյուղերից, քայլերը հաստատ էին, կեցվածքը հպարտ:

Ինչպե՞ս եղավ...հարցնում էր, ճգնում շաղկապել երբեմնին՝ գառ ու յուղով, այսօրվա ոսկրոտ մսի հետ, բայց թելը կտրվում էր, ծայրերը ձեռքից բաց ընկնում:

Եվ Իվան բեյին այնպես էր թվում, թե երբեմնին է երազ, բայց միտն էր բերում արխիվում տեսած թուղթը դեղնած, մգլոտած ու հաշիվ չէր կարողանում տալ ինքն իրեն, թե ինչու առաջ, այն լի օրերին իր մտքով երբեք չէր անցնում այսօրվա օրը:

Մի կասկած օձի պես աննկատ սողում էր, սրտի մեջ կծիկ դառնում, մի ծանր կասկած, թե խանգարված է միտքը իր, մաշվել է մեքենան, շարժումները անկանոն են, ընդհատ: Խառնվել է գլխում հին ու նորը, միտքը սառել է ձյունի տակ մնացած դդումի պես, էլ երբեք չպիտի իմանա, թե ինչ է բերում օրը վաղվա:

Սոսկում էր Իվան բեյը իր մտքից ահավոր, կծկվում էր, կուչ գալիս ինչպես հավը հավաքից հետո, առնում էր ուսին հնամաշ վերարկուն, գլուխը կախում էր կրծքին, աչքերը կիսախուփ անում և ակնապիշ նայում մի կետի:

Այդ օրերին նա հնամաշ ժուռնալին էլ չէր նայում:

* * *

Մամա՛, ավթանաբիլ...

Եվ փոքրիկ ու փայլուն ավտոն, փափուկ անիվների վրա մի արև առավոտ սահեց քաղաքի փողոցով, կանչեց զիլ և կանչեց անսովոր: Ծառի շվաքի տակ նստած հորթերը կիտ արին, պոչը կեռ բարձրացրած փախան քաղաքի փողոցներով:

Ավտոն դեսուդեն վազեց, նորից կանչեց և ոչ ոք գարաժի դռները չբացեց, որովհետև գավառական քաղաքում գարաժ դեռ չկա: Նորից հետ եկավ, կանգնեց ծառի շվաքի տակ, ուր հորթերն էին նստոտած, փրթփրթաց դժգոհ ու շունչը կտրեց:

Ասես ռումբ էր, որ հեռվից մեկը շպրտեց փոքրիկ քաղաքի վրա: Ռումբ պայթեց, և աղմուկի անսովոր ականջները գավառական ցնցում զգացին, պատուհանի վարագույրները հետ քաշեցին սահող ավտոն տեսնելու, մանուկները դուրս թափվեցին և ճղրտոցով ուրախ՝ ավտոյի հետևից սկսեցին վազվզել:

Մամա՛, ավթանաբիլը...

Կարմրաթուշ մի մանուկ էր, առավոտվա մածունը շուրթերին, ոտաբոբիկ ու գլխաբաց, որ մոր փեշից բռնած փողոց էր քաշում և կանչում:

Իսկ մաման, որ տասը ծին է անցրել և լիմոնի սմքած կճեպ դարձել, մաման, որ իր օրում ավթանաբիլ դեռ տեսած չէր, շատ էլ չէր վռազում, թանովն էր խառնում:

Ավթանաբիլը չի փախչի, կտեսնենք...

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը: Իզուր էր շոֆերը մանուկներին դեն քշում. մի քիչ հետո նրանց խիտ շարքերը օղակաձև սեղմվում էին ավտոյի շուրջ, իսկ մի քանիսն էլ մատով դիպչում էին ավտոյին ու էլի ետ փախչում:

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը: Խոսում էին հազար ու մի առասպել, բերնե-բերան լուրեր էին պտտվում և այդ ամենը ավտոյի շուրջ, որ քնել էր ծառի շվաքի տակ:

Ավելի շատ խոսք ու զրույց կար գրասենյակներում, ուր գրագիրը տեղացի ալարկոտ շարժումով չորրորդ անգամ նույն գրությունն էր մուծում մտից մատյան և նոր թուղթ ծալում ուղարկելու «համաձայն մակագրության»:

Մանր շահերի, բամբասանքի, քարացած ըմբռնումի ի՛նչ մեծ աղբակույտ կար գանգերում երբեմնի սրատամ գայլերի, որոնք թև առան իսկույն, շարժվեցին և պատի ճեղքում սմքած մլեկի պես արյան հոտ առան, կենդանացան:

Դող, ներքին դող զգացին նրանք, ովքեր ճահճուտում այդ խուլ գոմեշի փնչոցով պառկել էին ապահով և ցեցի պես կրծում էին հիմքերը նոր շինության:

Մի պահեստապետ, ստորակետի պես կախ բեղերով, որ ամսավերջի զեկուցման մեջ գրում էր, թե «չորացել է այսքան փութ, մկները կերել են այսքան փութ և թափվել է այսքան», մի գիրուկ նախկին, որ հազիվ էր մագլցել հիմնարկի պատից և տաքուկ անկյուն պատրաստել, ինչպես նապաստակը ձմեռելուց առաջ, մի հաշվապահ, որ մայր մատյանի լուսանցքում սովորույթ ուներ «Տիգրանին տվի հիսուն կոպեկ», «բրինձի համար առա մի մանեթ», «ևս առա մի մանեթ», «ձեռաց տվի Ն-ին մի մանեթ» և այլն.— պահեստապետը բեղավոր, նախկինը գիրուկ, հաշվապահը «ևս տվի» խառնվել էին իրար: Սիրտ էր, որ տրոփում էր, մտքեր էին, որ խառնվում էին: Երեկ էլ արև էր, մյուս օրն էլ...բայց ոչ մի ավտո չեկավ և ով էր սպասում, թե պիտի գան:

Ավտոն երեք հոգու բերավ, երեք սովորական մարդու, աչք ու ունքով, շարժ ու ձևով հասարակ: Նրանցից մեկը, երբ իջավ ավտոյից, շուրջկալ արած մանուկներից մեկին առավ ու նստեցրեց կաշվե բարձին:

Այդ էլ տարածվեց քաղաքում ռադիոյից էլ արագ, հավելումով ձրի, որ երեխին գրկողը գթառատ է, քաղցրաբարո:

* * *

Իվան բեյն էլ իմացավ, որ ավտոն մարդիկ է բերել:

Ծառան էր, հիմնարկի ծառան, որ կուլան ջրով լի դրեց սեղանի վրա և Իվան բեյին ասաց շշուկով.

Քննիչներ են եկել...

Իվան բեյը նախ չհասկացավ, նայեց ծառային, որը ժպտում էր խորամանկ, ակնոցները շտկեց ու նորից հարցրեց:

Լուրը նրա վրա սկզբում չազդեց: Նա շարունակեց համարագրել և դարսել թղթերն ըստ «գործի», բայց հանկարծ մտաբերեց, որ քննիչներ են եկել:

Նա փորձեց վանել այդ միտքը, նույնիսկ ժպտաց, որովհետև էլի աչքովն ընկավ մի ծանոթ գիր, բայց այս անգամ ժպիտը շուտ հալվեց, և դեմքի վրա քարացավ մի բութ արտահայտություն:

Նոր միտքը էլի եկավ, աներես ճանճի պես, թառեց գլխի կատարի վրա և էլ պոկ չեկավ, տիզի պես կառչեց մորթուն:

Գրելիս սխալվեց, ուրիշ երես պիտի բաց աներ: Այդ ավելի շփոթեց նրան, ձեռքը շփեց ճակատին և սրբեց լորձունքի պես սառը քրտինքը ճակատի: Իվան բեյը վեր կացավ, աթոռը շտկեց, փալասի կտորն ավելի ուղղեց, գրիչն էլ ձեռքն առավ: Նա զգաց, որ քիմքը չորանում է, լեզուն շարժեց բերանում, շրթունքները շարժեց, բայց դարձյալ չկարողացավ հավաքել իրեն:

Այդ օրը նա չորս գրություն միայն համարագրեց: Ամեն մի գրության վրա ժամերով կախում էր գլուխը, թերթում, իբր թե կարդում է (նա չէր ուզում ընկերներին իր հուզմունքը մատնել) և ապա դեն դնում:

Նույն օրը, ճաշից առաջ, դուռը բացվեց և նորեկ երեք հոգին ներս մտան, բարևեցին և անցան վարիչի մոտ: Իվան բեյը փորձեց ոտի կանգնել, բայց չկարողացավ, ծնկերը դողացին և նստեց:

Երեք հոգուց և ոչ մեկը չտեսավ Իվան բեյի ջրակալած աչքերը, որ ակնոցի ճաքած ապակիների ետևից նայում էին նրանց, մինչև դուռը ծածկեցին:

Փայտե վանդակների ետև, անկյունում, ուր ջրի կուլան էր և ավելը, նստել էր Իվան բեյը իր սեղանի առաջ, ուժը կորցրած թղթերի հետ, որպես թևը ջարդած թռչուն:

Տուն գնալուց առաջ տեղկոմը հայտարարեց, որ երեկոյան ժամը 6-ին բոլորը հավաքվեն:

* * *

Իվան բեյը չճաշեց էլ:

Նստել էր պատշգամբում, նայում էր բակին, ուր հավերն էին քուջուջ անում, բակում բուսած խնձորենուն, որ պտուղի ծանրությունից ճղերն էր կքել: Նայում էր, բայց միտքը բակից ու պարտեզից հեռու էր թռչում:

Երբ կինը հարցրեց նրան, թե ովքեր են եկողները, Իվան բեյը չկարողացավ իսկույն պատասխանել, նայեց կնոջը, կարկամեց և լեզուն թոլորվելով պատասխան տվավ:

Այ մարդ, վրադ գույն չկա, — ասավ կինը: — Հերվա մուրաբից մի քիչ կա, ուզում ես մուրաբով չայ...

Իվան բեյը ավելի երկյուղեց, մեջքն ասես ասեղներով ծակծկեցին: Հետո ինքն իրեն սիրտ տվավ, նույնիսկ ձեռքերը շփեց:

Հանկարծ որդուն մտաբերեց, միակ որդուն, որ փախել էր ճերմակների հետ և տարին մի նամակ էլ չէր գրում: Իվան բեյի սրտում հույսը փայլեց մի հատիկ շողի պես, հույսը տկար, թե լավ օրեր էլ կգան, որդին կդառնա հետ, կփոխվի աշխարհը, էլի հին ճամփով կերթա ջուրը առաջվա: Հույսը առկայծեց մի պահ մարվող խարույկի պես, ջերմություն տվավ ու հանգավ:

Սառնություն զգաց Իվան բեյը, մարմինը փշաքաղվել էր: Վերարկուն ուզեց, կոլոլվեց վերարկուի մեջ և անմիտ հայացքով էլի նայեց բակի խնձորենուն, կիսակարմիր խնձորենուն:

Մտածում էր. մտքերը ցրիվ ոստոստում էին, ինչպես ճնճղուկները ցանկապատի վրա. չէր կարողանում կապակցել իրար:

Ժողով պիտի լինի, գուցե հարց ու փորձ անեն, հին արածները երեսով տան, բանտարկեն, տանեն ուրիշ քաղաք, պաշտոնից արձակեն:

Ուրիշ քաղաք տանելու մասին մտածելիս քիչ մնաց լաց լիներ: Նա գլուխը թեքեց խոհանոցի կողմը, ուր կինը տնքալով սամավարն էր տաքացնում Իվան բեյին հերվա մուրաբով չայ տալու: Այդպես նայում է հորթը այն դռնակին, որով մայրը պիտի գա: Այդքան խեղճություն կար նրա հայացքում, և այնպես թշվառ զգաց իրեն Իվան բեյը:

Մի վեր կաց, բաղչեն գնա, քամին տա, աչքդ-ունքդ բացվի, — կինն էր ասաց Իվան բեյին, — ի՞նչ ես միտք անում, տղադ սաղ լինի...

Հե՛չ, ասում եմ տես ինչքան խնձոր կա ծառի վրա, — շփոթված ասաց Իվան բեյը և մտքում ավելացրեց, — ո՞վ է այսքանն ուտելու...

Եվ խարխուլ սանդուղքներով վար իջավ, մի քանի անիմաստ քայլեր արավ բակում ու մոտեցավ մառանի դռան: Սանդուղքով իջնելիս նա ուզում էր հավաբնի կոտրած տախտակը տեսնել, բայց մառանի դռան մոտեցավ, դուռը թեթև հրեց ու ներս մտավ:

Ինքն էլ զարմացավ հանկարծ, թե ինչու է առանց ճրագ մառանը մտել, դատարկ մառանը, ուր գերանների վրա սարդերը ոստայն են հյուսել: Մի քիչ էլ կանգնեց ու մառանից դուրս եկավ:

Պարտեզի դուռը բանալիս նա հիշեց, որ մառանի աջ անկյան մոտ հողի տակ մի փոքրիկ տուփ է թաղել, միջին լուսանկարներ՝ որդու և իր հին մեծավորների, էպոլետով ու շքանշանով մեծավորների թղթադրամ և պղնձե կոճակներ փայլուն: Նա մեկ էլ ուզեց հետ դառնա, բայց կինը վերից ձայն տվավ, թե.

Էն քաղցր սալորից մի բուռ քաղի, չայի հետ լավ է լինում:

Իվան բեյը սալորենուն մոտեցավ, ցածլիկ ճյուղից մի քանի հատ սալոր պոկեց: Հանկարծ աչքին ընկավ ծառը, բունը ճեղքած, որ Երմոլով պրիստավը թրով խփել էր: Սալորենին դեռ չկար այն ժամանակ, տեղը մի հին կոճղ էր:

Սազանդարը դրմփացնում էր դհոլ ու զուռնա, քոռ Աթան համ թառ էր ածում, համ բլբուլի պես կլկլացնում, Երմոլովի կնիկն էլ նստել էր կոճղի վրա, քահքահ ծիծաղում էր, իսկ մարդը գինու կուլան ձեռքին պարում էր կանաչի վրա:

Երմոլովի կինը կռացավ, թեքվեց Իվան բեյի վրա, քիչ էր մնում ընկնի, իսկ Իվան բեյը երբ ուզեց պահել նրան, տեսավ Երմոլովի կնոջ սպիտակ ծծերը, ոնց որ ճերմակ խմորի երկու գունդ:

Պարեցին մինչև կեսգիշեր, Երմոլովը բոյով մին մեկնվել էր կանաչի վրա, իսկ Իվան բեյը ձիաճանճի պես պոկ չէր գալիս նրա կնոջից, բլբլացնում էր լեզվով և ուզում էր իրիկվա կիսամութին մի անգամ էլ տեսնել այն, ինչ պատահմամբ աչքին ընկավ:

Այդ նույն գիշեր Իվան բեյի կնիկը թոնթորաց, կռիվ սարքեց, չեկավ նրա մոտ: Եվ Իվան բեյը մենակ քնեց ընկուզենու լայնարձակ մահճակալի վրա:

Սամավարը սառավ, Իվան, — կանչեց կինը պատշգամբից:

Իվան բեյը վեր ելավ սանդուղքով խարխուլ, ձեռքին մի քանի սալոր: Եվ երբ կինը հարցրեց, թե ինչու քիչ է բերել, Իվան բեյը շփոթված պատասխանեց.

Լավերը չկային...

Ժողովի մասին Իվան բեյը կնոջը ոչինչ չէր ասել: Գործից գալուց ուզեց ասի, բայց փոշմանեց: Կնիկ է, ի՞նչ պիտի հասկանա ժողովից:

Թեյ խմելու ժամանակ, երբ կինը հերվա մուրաբան մեծ գդալով էր լցնում բաժակի մեջ, Իվան բեյի սիրտը կակղեց և նա որոշեց հայտնել:

Ժամի 6-ին ժողով են մեզ կանչել էն նոր եկած քննիչները, — ասեց և ունքերի տակից հայացքն ուղղեց կնոջը, ասես ուզում էր իմանալ, թե լուրը նրա վրա ինչպես պիտի ազդի:

Դե ասի կանչված ես էլի, դրա համար ես ախորժակ պահում, — պատասխանեց կինը:

Այդ միտքը հանկարծ հավանական թվաց նրան: Գուցե ժողով չէ, այլ ընթրիք: Առաջ ընդունված ձև էր. գուցե տեղկոմն էր սխալվում:

Բայց ներքին հրճվանքը կարճատև եղավ: Ընթրիք չպիտի լիներ: Եթե լիներ, ծառան կասեր Իվան բեյին:

Երևի մի բան կա, որ... — և բաժակը թեյի ետ տվավ:

Ժամանակից շուտ նա պատրաստվեց ժողով գնալու:

Այ կնիկ, ասում եմ պալտոս չհագնեմ, էն անտեր կոճակների տեղերը երևում են, — ասաց նա գնալուց առաջ:

Բան չկա, գնա, կմրսես առանց պալտո:

Եվ Իվան բեյը դուրս եկավ դարպասից, վերարկուն ուսերին, մի թևը կախ, ձեռքին թազբեհը անբաժան:

* * *

Դեռ ոչ ոք չէր եկել: Միայն ծառան էր ավլում:

Ի՞նչ շուտ ես եկել, Իվան բեյ, — ասաց նա:

Մի քիչ գործ ունեմ, եկել եմ վերջացնեմ, — պատասխանեց Իվան բեյը, իր սեղանին մոտեցավ, գզրոցը քաշեց, որ գրիչը հանի: Բայց ծառան չհավատաց և ժպտաց խորամանկ:

Քիչ հետո մեկ-մեկ սկսեցին հավաքվել: Վեցից անց էր, որ ցերեկվա պես դուռը բացվեց և վարիչի հետ միասին երեք հոգին ներս մտան:

Իվան բեյը նայեց նրանց, բայց նրանք դարձյալ չտեսան նրան, փայտե ցանկապատի ետևում, իր սեղանի առաջ:

Երեք հոգին առանձնացան մի սենյակում: Քիչ հետո նրանք կանչեցին տեղկոմի նախագահին և խնդրեցին մեկ-մեկ ներս կանչել հիմնարկի աշխատակիցներին:

Ամենից առաջ կանչեցին գլխավոր հաշվապահին: Տասը րոպե չանցած նա դուրս եկավ, քափ-քրտինքի մեջ, ասես բաղնիք էր գնացել: Դռան առաջ սպասողները շրջապատեցին նրան: Գլխավոր հաշվապահը մի խոսք միայն ասեց.

Խիստ են քննում, մինչև յոթը պորտը:

Ասեց ու հեռացավ:

Իվան բեյն էլ լսեց այդ: Ի՞նչ են հարցնելու իրեն, գիտեն արդյոք, թե ինչ է արել ինքը անցյալում, ի՞նչ պատասխան պիտի տա: Թիկնել էր պատին, մերթ մի ոտի վրա էր հենվում, մերթ` մյուս:

Հերթը Իվան բեյին հասավ: Տեղկոմի նախագահը դուռը բացեց, և երբ Իվան բեյը ներս մտավ, վերարկուն ուսին, երեք զույգ աչքեր ժպիտով նայեցին նրան: Աթոռ առաջարկեցին:

Ոչինչ, կկանգնեմ, — ասաց Իվան բեյը և նոր միայն զգաց, որ վերարկուն ավելորդ ծանրություն է: Հանկարծ մեկը հարցրեց, թե ծեծե՞լ է գյուղացուն այնքան, որ նա հիվանդանա և անկողին մտնի: Հարցրեց և ուղիղ Իվան բեյի աչքերին նայեց:

Իվան բեյը կմկմաց. լեզուն կարծես սառել էր, չէր շարժվում: Հետո մի ուրիշը հարցրեց, թե քանի տարեկան է, և մինչև կպատասխաներ, ակնոցները կուղղեր, — մյուսը, որ ամենից ջահելն էր, ասաց.

Ազատ եք, կարող եք գնալ ձեր տուն և հանգստանալ:

* * *

Իվան բեյին կրճատեցին: Այդ մասին հայտնեցին նրան հենց նույն իրիկուն:

Նա չկարողացավ ոչինչ ասել և դանդաղ քայլերն ուղղեց դեպի տուն: Հեռվից նայողը կկարծեր, թե Իվան բեյը հարբած էր:

Ավտոմոբիլը, որ գիշերը մնաց ծառի տակ, որովհետև գավառական քաղաքում դեռ գարաժ չկա, հաջորդ առավոտ նորից կանչեց զիլ, փրթփրթաց, ոնց որ ձին էր վրնջում հեծվորին սպասելիս և երբ երեք հոգին տեղավորվեցին ավտոյի մեջ, մեկ էլ կանչեց զիլ, մնաս բարով ասաց քաղաքին և փափուկ անիվների վրա սուրաց արագ:

Մանուկը կարմրաթուշ, որ առավոտյան մածուն էր ուտում, նորից կանչեց ուրախ.

Մամա՛, ավթանաբիլը...

* * *

Ավտոյի առավոտյան կանչը Իվան բեյն էլ լսեց, ցնցվեց և մնաց անշարժ, քարացածի պես: Հեռացող ավտոն իր հետ անվերադարձ տարավ տասնյակ տարիների մի պատմություն, հեղեղի պես ավերեց այն, ինչ առօրյա էր և հաստարմատ, որպես դարավոր կաղնի:

Իվան բեյը գիշերը չէր քնել:

Ժողովից տուն եկավ՝ գունատված, ջրատար: Մի քանի ժամում ասես ավելի էր ծերացել, կռացել: Պատմեց, ինչ ասել էին:

Պառավը փորձեց հուսադրել, նույնիսկ երեքի եկած ճամփան նզովեց և ավելացրեց.

Հողեմ դրանց գլուխը, միշտ հո աշխարհն էս ճամփով չի գնալու:

Բայց Իվան բեյի վրա չազդեց այդ: Եթե սրտի խորքում, որպես ապահով թաքստոց, պահել էր մի միտք և առանձնության մեջ շոյել այն, թե աշխարհն այս ճամփով միշտ չի գնալու, — այժմ այդ միտքն էլ էր չքացել, հալվել գարնան ձյունի պես:

Էլ ոչինչ չկա վաղվա համար, կտրվեց թելը այնքան սովորական օրերի:

Նստել էր Իվան բեյը անկողնի ծայրին, աչքերը հառել հատակին: Եվ միտք էլ չէր անում, որովհետև դատարկ էր ոչ միայն վաղը, այլ այսօր, դատարկ էր և գանգի խոռոչում, սրտի մեջ, չկար մի շող անգամ, որ լուսավորեր խավարը թանձր:

Նստել էր և թազբեհի դեղին հատիկներն էր համարում:

Չքնեց մինչև լույս:

Մեկ մտածում էր գնալ, խնդրել, գուցե մեղքանան, բայց երբ հիշում էր երիտասարդին, որ ժպտալով հարցրեց, թե ինչպես է ծեծել մի գյուղացու...

Մտքի առաջ բացվեց մի էջը հին օրերի: Սևացած և անսվաղ պատեր, ծալքատեղում մի քանի ձեռք կեղտոտ տեղաշոր, անկյունում կոծկած կճուճներ և սենյակի մեջտեղ քուրսին՝ կարկատած թաղիքով ծածկած: Ոտաբոբիկ, պորտը բաց, անլվա մանուկներ կուչ են եկել տան անկյունում, իսկ փափախի մորթին ցրիվ եկած մի գյուղացի գալարվում է Իվան բեյի մտրակի հարվածների տակ, ցավից մեջքը ծռմռատում, բառաչում մորթվող անասունի պես: Երեխաների վայնասուն, վախից լռած աչքեր, որ նայում էին անկյունից, և մտրակի ձայնը, կտրուկ և խիստ:

Վերմակի տակ տապակվում էր Իվան բեյը, շուռ ու մուռ գալիս, բայց քունը չէր գալիս ալքին:

Մութի մեջ աչքին մտրակի հարվածի տակ ծռմռատող գյուղացին էր երևում, մանուկները՝ անպաշտպան գառներ, իսկ սենյակի կիսամութ անկյունից երիտասարդն էր ժպտում:

Մինչև լուսաբաց իր ապրած տարիները հազար անգամ վերհիշեց, արարքն անարդար, երդումները սուտ, կեղծիքները անհամար:

Փոքրիկ գիշերալամպը լույս էր տալիս աղոտ, և նրա աչքին երևում էին կարկառած ձեռքեր, որոնք մեկնվում էին, ձգվում դեպի Իվան բեյը, կոկորդը դուրս ընկած: Շուռ էր գալիս մյուս կողքին, չքանում էին տեսիլքները վառ, աչքերը խուփ էր անում, և դարձյալ անկյուններից կիսամութ ձգվում էին բազուկներ՝ մաշված, դեղնամորթ:

Վեր կացավ երկու անգամ, վերարկուն ուսին գցեց և շապկանց դուրս եկավ պատշգամբ:

Քնել էր քաղաքը հոգնած, տներում լույս չէր երևում, ոտնաձայն չէր լսվում փողոցներում: Միայն Իվան բեյն էր կես գիշերին արթուն պահակի պես հսկում քնած քաղաքին:

* * *

Օրերն անցան: Իվան բեյն էլ գործի չէր գնում: Առավոտյան թեյից հետո նստում էր պատուհանի առաջ և նայում աշխատանքի գնացող պաշտոնյաներին, որոնք թղթերի մի մի կապոց կռան տակին գործի էին շտապում:

Իվան բեյը նայում էր նրանց ետևից, նախանձում սրտի խորից: Օրվա ընթացքում նրա համար ամենից ծանր րոպեներն էին առավոտն ու ճաշվա երեքը, երբ գործից տուն էին դառնում իր ընկերները նախկին:

Ցերեկով փողոց դուրս չէր գալիս, աշխատում էր ոչ ոքի չհանդիպել: Երբեմն, երբ ծառան ծրարները թևի տակ, անցնում էր պատշգամբի տակով դեպի փոստը, Իվան բեյը ներս էր կանչում նրան, մի թաս արաղ տալիս կամ թեյի կանչում և հարցուփորձ անում, թե ինչ կա այնտեղ, ով է նստում իր սեղանի առաջ, ինչ նորություն կա:

Երբ մութն իջնում էր, փողոցում երթևեկը դադարում, Իվան բեյը դուրս էր գալիս փողոց և զգույշ քայլերով մոտենում հիմնարկի դռան, կանգնում դռան առաջ և հենց որ ոտնաձայն էր լսում, շտապում էր մի տեղ պահվել կամ տուն վերադառնալ:

Իզուր էր վիզը երկարում, որ տեսնի շենքի ներսը, սենյակը ծանոթ և սեղանը անկյունի մոտ, ջրի կուլան և ավելը կողքին, Մի հատիկ ճրագը, որ կախված էր առաստաղից, շատ թույլ էր լուսավորում:

* * *

Ձմեռն եկավ, ձմռան հետ էլ ցրտերն եկան: Իվան բեյի տան կտուրը ձյունի հաստ շերտի տակ թաղվել էր, ծառերի ճյուղերին ձյուն էր նստել, կտուրի անկյուններից սառուցե լուլաներ էին կախվել: Թիթեղյա վառարանից ծուխը բարակ ելնում էր, հալվում ցուրտ օդի մեջ:

Մրսում էր Իվան բեյը: Վառարանի մոտ նստած՝ վերարկուն ուսերից չէր հանում: Շատ քիչ էր շուկա գնում, գնալիս էլ մի քանի օրվա պաշար միանգամից էր առնում:

Եվ օրերով դարպասի կապը գցած էր մնում, ներս ու դուրս անող չկար: Առավոտյան սրբում էր սանդուղքների ձյունը: Հավերին էր կուտ տալիս, պառավն էլ ջրի էր գնում և հետո գալիս թեյ գցում:

Իվան բեյը շաքարի մի փոքրիկ կտորով մի քանի օր էր թեյ խմում: Եկամուտ չուներ, ունեցածը սպառվում էր, հարկավոր էր խնայել, ձիգ տալ մինչև մի լավ օր:

Բայց քանի գնում լավ օրվա հույսը հալվում էր, խողովակից ելնող ծուխի պես: Եվ երբ մտածում էր այդ մասին, նրան թվում էր, թե սենյակն ավելի ցուրտ է, կռանում էր վառարանի վրա, փայտի նոր կտորներ դնում և կոլոլվում վերարկուի մեջ: Վառարանի մեջ փայտը ճարճատում էր, բոցը թրթռում էր կարմիր լեզվակներով, Իվան բեյը մտքի ծովն էր ընկնում, փորփորում մարած հուշերը, անցած ճամփին ետ նայում, երանի տալիս:

Պառավն էր, որ էլ չէր թոնթորում առաջվա պես: Նրան պահողը, խոսեցնողը պառավն էր, որ օրնիբուն շարժման մեջ էր: Լվանում էր ափսեները, որ իսկի չէին էլ գործադրվում, սանդուղն էր քրքրում, պահարանի շորերը դարսում, ուտելիքի հոգս քաշում:

Իվան բեյին երբեք այնքան հարազատ չէր թվացել իր կինը, այնպես մտերիմ չէր եղել, ինչպես այդ ձմռան: Երեխա էր դարձել, մի երեխա, որ մոր փեշից է բռնում և մոր գրկում էլ քնում: Երբեմն ինքը զարմանում էր, թե ինչու մինչ այդ չի մոտեցել պառավին այդպես, սրտին այդքան մոտ չի եղել:

Պառավն աշխատում էր նրան միշտ մի բանով զբաղեցնել, հին ժուռնալն էր բերում կամ թե բրինձ էր տալիս ջոկելու: Իվան բեյը խոնարհ երեխայի պես նստում էր վառարանի մոտ, սինու մեջ լցրած բրինձը մատով մեկ մեկ ջոկում:

Ձմռան երկար գիշերներին, երբ ձյունամրրիկը սուլոցով ուժգին զարկում էր պատուհանի ապակիներին և գայլի պես ոռնում բուխարիկի անցքում, Իվան բեյը երկյուղ էր զգում և ցուրտ, գլուխը կոխում էր հաստ վերմակի տակ, կծիկ դառնում և աշխատում չլսել, թե ինչպես է ոռնում ձմռան քամին:

Այ պառավ, մեջքդ ծածկի, — ասում էր վերմակի տակ և ավելի մոտենում պառավին:

Ժամերով քունը չէր տանում: Աչքերը կիսախուփ, վերմակի տակ կծիկ դառած, Իվան բեյի մաշված միտքը շարունակում էր աշխատել: Հին օրերի դեպքերը թազբեհի հատիկների պես մեկ մեկ դարսվում էին իրար վրա:

Ցերեկով նա եթե սրտնեղում էր, թղթի մի կտորի վրա լրագրից կամ հին ժուռնալից արտագրություն էր անում, գրածը դարսում, համարակալում, ճիշտ առաջվա պես: Սակայն երբ սթափվում էր և զգում, որ այդ միայն ժամանակի համար է, սիրտը կոտրվում էր, հեռանում էր սեղանից և էլի ձեռքերը թիթեղյա վառարանին մոտեցնում:

Հին ծանոթներից երբեմն այցելության էին գալիս: Բայց ամեն անգամ, երբ ծանոթը դուրս էր գնում, և Իվան բեյը մնում էր մենակ իր մտքերի հետ, սիրտը տակնուվրա էր լինում, ալեկոծվում էր լճի մակերեսը, որի վրա տեղ-տեղ ջրախոտերը արդեն ճահիճ էին գոյացրել:

Չկամ էր ընդունում եկողին, նրանք էլ հաճախ չէին գալիս:

* * *

Ձմռան մի գիշեր էլ պառավը մեռավ: Հիվանդ չէր, միայն քնելուց առաջ սրտի ծակոցից էր գանգատվում:

Իվան բեյը ուշք չդարձրեց, որովհետև պառավն այդ հիվանդությունը վաղուց ուներ և շատ անգամ էր սիրտը բռնում, տնքում:

Առավոտը կանուխ վեր կացավ Իվան բեյը, հավերին կուտ տվավ, եկավ, որ պառավին զարթեցնի:

Վեր է՛, այ պառավ, — ասաց ու թեթև շարժեց:

Հանկարծ աչքին ընկավ պառավի գունատ դեմքը և աչքերը բաց, ապակու անկենդան փայլով: Իվան բեյը հասկացավ, ցավից կանչեց զիլ և ընկավ պառավի դիակի մոտ:

Ծանոթ ու հարևան հավաքվեցին և ձմռան մի ցուրտ օր, երբ նոր եկած ձյունը պսպղում էր արևի տակ, որպես ասեղի ծայրեր և ճռճռում՝ նոր գնած կոշիկի պես, պառավին թաղելու տարան:

Ցուրտ էր, տերտերը շտապում էր: Սառել էր գետինը, գերեզմանն էլ խոր չէին փորել:

Երբ դագաղն իջեցրին և ձյունախառն հողը բահով փոսի մեջ լցրին, Իվան բեյը, որ գլախաբաց կանգնել էր և լեցվող փոսին էր նայում, մտածեց, թե ինչքան ցուրտ է լինելու պառավի համար: Ավելի կուչ եկավ վերարկուի մեջ, արցունքները գլորվեցին այտերի վրայով:

Մի բուռ հող էլ դու լցրու, Իվան բեյ, — ասաց տերտերը:

Իվան բեյը կռացավ, որ հող վերցնի: Այնքան դժվար թվաց նրան այդ: Մի պահ կանգնեց, հողը բռան մեջ, ասես չէր ուզում գերեզմանին լցնել:

Следующая страница