Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եղավ, և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը»:

ՄԻԱՅՆԱԿՅԱՑ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈԻՆ

Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ, և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ: Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր: Մի գիշեր միայնակյացն եկավ, որ շնանա այն կնոջ հետ, և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց, և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց: Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց. «Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել»:

ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի:

Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:

ԵՐԿՈԻ ՆԿԱՐԻՉ

Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասաց. «Դու ի՞նչ ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ է»:

ԱՌՅՈԻԾ ԵՎ ԱՂՎԵՍ

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ: Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ո՛չ քեզ նման աղվես»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ

Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնի՞ց են: Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր, ասացԻմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին, և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:

Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան ավին հայրենի կայքը:

ԱՌՅՈԻԾ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ

Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»:

Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

ԳԻՆԻ

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը, և ինքը գնաց: Թագավորի որդին խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:

Եվ մի այրի կին մի որդի ուներ, և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն, Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց, թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:

Եվ թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:

ԻՄԱՍՏՈՒՆ ԱՎԱԳ ԷՇ

Շատ էշեր գնում էին արքունի գործով, և նրանց մեջ կար մի ավագ էշ՝ իմաստուն և մեծ, քան մյուսները: Եվ ամենքը նրան պատվում էին, որպես հայր և առաջնորդ: Եվ ահա բարձրանում էին մի սար, և նա խառանչեց և գոռաց սաստիկ ահագին և հետևի կողմից մեծամեծ ճայթյուն արձակեց: Եկան մյուս էշերը և ասացին. «Ո՛վ պատվական հայր, քո առջևի ձայնից բոլորս ունենք, իսկ ի՞նչ էր այն ահագին ճայթյունը, որ քո հետևի կողմից ելավ. աղաչում ենք, ասա՜ մեզ»:

Եվ նա ասաց. «Ո՛վ իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդվի և ճշմարիտ կասեմ, որ առջևի ձայնի զորությունից բնավ չեմ կարող իմանալ, թե ուրիշ ինչ ճայթյուն է ելնում իմ հետևի կողմից»:

ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ ո՞րտեղից են: Եվ մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:

Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային՝ կոտրատված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորն ասաց. «Ո՛վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ո՛վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»:

ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ և երկար կյանք: Գնացին, ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ո՛վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»:

Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐ

Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՛վ ողորմելի, ու՞ր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ո՛վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու և կռվելու և հաղթելու»:

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ

Կար մի թագավոր, և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորն եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:

Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրակներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:

ԱՌՅՈԻԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ

Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամուտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի՜ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:

Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:

ԿԱԹ ՄԵՂՈԻ ՊԱՏՃԱՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում, և մեղրից մի կաթ կաթեց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա, և կատուն վազեց և պիծակին առավ, և նրանից հետո շունը վազեց և կատվին առավ, և խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Եվ այն գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այդ գրքից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է յուր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին, և նրանց միջև կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթ մեղրի համար:

ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՁԻ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. «Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի»: Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:

ՈԻՂՏ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ

Ուղտը և գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց. «Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»: Գայլն ասաց. «Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ»: Եվ ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ և բարձրացնելով ասաց. «Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները»:

Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:

ԿՌՈԻՆԿ` ԹԱԳԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷՇ

Հավաքվեցին թռչունները և ասացին, թե որի ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Եվ կռունկը երկինք բարձրացավ և գոչեց նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր: Էշը եկավ և ասաց. «Այ, եթե ինձ ոտի տեղ անեիք, որ նրա փոխարեն ես բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր»:

ԵԶՆ ԵՎ ՁԻ

Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. «Դու ո՞վ ես կամ ի՞նչի պետք ես»: Ձին ասաց. «Ես ձի եմ և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա»: Եզն ասաց. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, և եթե չվաստակեմ դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»:

ՀԻՄԱՐ ԵՎ ՁՄԵՐՈԻԿ

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միջից կփախչի: Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. «Ա՛յ հնդու էշ, վա՛յ ինձ, մի փախչիր. քուռի՛, քուռի՛, խնայիր ինձ և վերադարձիր»:

ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ

Էշին ավետիս տվին՝ թե ցնծա՜ և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. «Վա՛յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»:

ԱՂՔԱՏ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆ

Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից: Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Այն աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը»: Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Եվ աղքատն ասաց. «Այն գիրն, որ կարդաց, նա սուտ էր»: Եվ առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Եվ քահանան եկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց. «Ո՞ւր է ավետարանը»: Եվ աղքատն ասաց քահանային. «Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի»: Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ. եթե հավատում ես, թե ավետարանն աստծո ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, և ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իրեն համար ասաց»:

ՀԱՅՐ ՈԻ ՈՐԴԻ

Մի մարդ աղջիկ առավ որդու համար, և որդին ամուսնացավ աղջկա հետ և երբ միավորվեց նրա հետ, շատ հիացավ ամուսնության գործի վրա և ուրախացավ և սկսեց հորը խրատել ամուսնության գործի մասին:

Եվ հայրն ասաց. «Ո՜վ որդյակ, ես ամուսնության գործով ծնեցի քեզ, և այժմ դու՞ ես խրատում ինձ»:

ՄԱՐԴ ԵՎ ԸՆԿՈԻՅԶ ԵՎ ՁՄԵՐՈԻԿ

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ, տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են և բանի նման չեն»: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին, և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյուն ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»:

ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՋՐԱՂԱՑ

Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե «Ես եմ տաճար աստծո և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ, և մեղքերին թողություն է լինում»: Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե «Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն»:

ԱՄԵՆԱԳԵՏ ՄԱՐԴ

Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց: Նրանք ասացին. «Եթե կամենում ես, որ այլևս չփլի, դու գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի, և նրան կենդանի դիր պատի մեջ, և պատը թող շարեն. և այլևս չի՜ փլչի»: Եվ թագավորն ասաց. «Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ»:

Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց. «Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»: Իսկ ոմանք ասացին. իշապանը, որ իշու հետ է լինում և յուր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել:

Այն ժամանակ գիտուններից մի ոմն ասաց, թե՝ «Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք»: Եվ ուղարկեցին տաս ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը, և ողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում է»: Հովիվն ասաց. «Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել և ոչ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում»: Իսկ նրանք խորամանկությամբ ասացին՝ «Չենք իմանում»: Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտուններն ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:

Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. «Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել»: Եվ մի ոչխար բերելով ասաց. «Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը» : Եվ ասաց. «Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է, և մյուսը՝ որձ. մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ»: Եվ ոչխարը մորթեց և գառները փորից հանեց, և այնպես էր, ինչպես ասաց: Եվ մի այլ ոչխար բերելով ասաց. «Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն սպիտակ և ինքը որձ»: Եվ մորթեցին, տեսան այնպես: Եվ հովիվն ասաց. «Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը սև կամ սպիտակ և որը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ»: Ձիավորներն ասացին. «Ոչ, ամենևին»: Հովիվն ասաց. «Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարը և տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն: Թագավորը թող յուր նայիպին բռնի, թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, որպես զի բոլոր քաղաքացիները տեսնեն. ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայիպի գործը, նրա ամեն ապրանք այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ: Այն մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես ուզում եմ լինել նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս պատը չփլչի և շեն մնա»:

Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր, և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Եվ նրան հարցրին, թե տեսա՞ր ինչ արին նայիպի գլխին: Նա ասաց. «Այո՛, տեսա»:

Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ և պատը հաստատուն մնաց:

ԱՂՎԵՍ ԵՎ ՈՐՍՈՐԴ

Որսորդը շներով տառապում և նեղում էր աղվեսին: Եվ աղվեսը դարձավ և ասաց. «Աղաչում եմ քեզ, ասա, թե ինչո՞ւ համար ես ինձ նեղում»: Եվ որսորդն ասաց. «Որպեսզի հանեմ քո մորթին»: Աղվեսը կանգնեց և ասաց. « Տեր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր»:

ԻՇԽԱՆԱՎՈՐ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ

Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե չկա իրավունք, որ հայրն առնի հարսին: Եվ նա չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «Ինչու աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի:

Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս, կարող ես անել»:

ԱՂՎԵՍ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց. «Այս չափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար: Եվ ոչ շուն և ոչ մարդ քեզ չպիտի նեղեն»: Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները, և մարդիկ և նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր»:

Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ: Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց. «Ո՞վ աստված, մի՞թե չկարողացար էշը կովից տարբերել»:

ՀԱԼԱԼ ՄԱՐԴ

Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել, և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում: Երիտասարդն առավ և խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջ. «Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»: Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմն է, հալալ քեզ, և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ»: Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝ որ ոչ ականջ ունի և ոչ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան քեզ կին առ, որ հալալ անեմ»:

Следующая страница