Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 Next Last

Նռան կլեպ պռոշդ...

Սենդին սիրում էր բարձրանալ վեր, նստել ձորի գլխին և իրիկվա դեմ նայել քաղաքին: Ձորի մեջ Զանգին էր աղմկում խուլ վշշոցով, և երբ մութը ուղտերի դանդաղ քայլվածքով իջնում էր սարերից դեպի տափարակն անծայր, նա լսում էր մի անուշ զրնգոց, ասես արևառ դաշտերն էին զրուցում իրիկվա հովի հետ:

Մութը թանձրանում էր, հալվում էին մութի մեջ ամեն ինչ, և չարաճճի աչքերի պես թարթում էին լապտերները լուսառատ:

Սենդին մի քնքուշ կարոտով լսում էր ձայները խաղաղ իրիկվա և նայում կարմիր աստղին, որ վառվում էր բարձր, ամենից բա՛րձր, քաղաքը պարուրում շողերով իր կարմիր և գիշերվա մութի մեջ ժպտում չքնաղ ժպիտով...

ՇԱՏԵՐԻՑ ՄԵԿԸ

Յայջի դյուզը հեռվից նման է իրար վրա անկարգ թափված քարակույտերի: Փոքր-ինչ վերև կիսաբոլորաձև կանգնած են դիք ժայռերը՝ պատրաստ ցած փլչելու նվազագույն ցնցումից: Միայն խոտի դեղնած դեզերը, աթարի դարչնագույն բուրգերն ու բարակ ծուխն են մատնում, որ այստեղ գյուղ է:

Կատաղի գելխեղդները հաչոցով են դիմավորում մեզ: Մի հսկայամարմին տղա սիրով հանձն է առնում մեզ մինչև գյուղխորհուրդ ուղեկցել:

Համեմատաբար ընդարձակ մի բակում զվարթ ու աղմկոտ խաղում են երեխաները:

Մեր դպրոցն է, — ասում է մեր ուղեկցորդը:

Զանգը հնչեց, և երեխաները դասամիջոցից հետո սկսեցին հավաքվել դասարան: Ձիս տղային տալով՝ ես մտա դպրոց:

Դպրոցի շենքը ոչնչով չի տարբերվում սովորական գյուղական խրճիթից: Միայն պատերն ավելի սպիտակ են թե՜ դրսից, թե՜ ներսից: Երկաթե ճաղերով երկու փոքրիկ պատուհանը Նիկոլայի ժամանակվա նախնական կալանքի բանտախուց են հիշեցնում:

Ուսուցիչը՝ մի քիչ կորամեջք, հոգնաբեկ, տեսքից ֆլեգմատիկ, մոտեցավ, բարևեց ու սիրով թույլ տվեց դասը լսել:

Դպրոցը տեղավորված էր մի սենյակում: Ուսուցիչը պարապում էր առավոտից իրիկուն, նախ մեկ, հետո մյուս խմբի հետ, իսկ երեկոյան՝ լիկկայանում:

Չներկած, բավական կոպիտ նստարաններին մոտ քառասուն հոգի էր նստած: Պատերը մերկ են, քարտեզ չկա, եթե չհաշվենք պետապի կեղտոտված պլակատը: Անկյունում մեծ վառարան: Աթար են վառում, և դրանից դասարանում խեղդող, ծանր հոտ է: Աշակերտները հերթով մի քիչ աթար են բերում, օրվա վառելիքը:

Հայոց լեզվի դաս էր: Իմ ներկայությունը շեղում էր աշակերտների ուշադրությունը, և նրանց հետաքրքրասեր աչքերը շուտ-շուտ ինձ էին նայում: Նրանք իրար մեջ քչփչում էին:

Արևը լուսամատի ճաղերի միջից թույլ լուսավորում էր կիսախավարի մեջ թաղված մեծ դասարանը:

Մտան գյուղխորհրդի նախագահն ու երկու գյուղացի, բարձրաձայն բարևեցին ինձ: Ես դիտավորյալ խուսափում էի նրանց հետ զրույցի բռնվելուց, որ չխանգարեմ պարապմունքը: Բայց, երևում է, դա ընդունված բան է դասի ժամանակ ներս են մտնում գյուղացիները և, ուսուցչին դասից կտրելով, խոսում են անձնական գործերից:

Մի շիլաչք երեխա, վերջին նստարանին նստած, ամբողջ ժամանակ առաջինն էր պատասխանում:

Տես է, շաշ ա, բայց բոլորից խելոք ա, — բարձր ասաց նախագահն ու ծիծաղեց: Աշակերտներն էլ ծիծաղեցին: Միայն ինքը, իր ֆիզիկական թերությունից նվաստացած, վիրավորված տեղը նստեց, կարմրեց ու ձայնը կտրեց մինչև դասի վերջը:

Մի քիչ անց, վառարանի մոտ կանգնած, գյուղացիները խոսում էին դպրոցի առաջիկա վերանորոգման մասին, իսկ ուսուցիչը բացատրում էր երեխաներին, ինչպիսի գազաններ են լինում:

Երբ մենք դուրս եկանք, ես գյուղխորհրդի ընկերոջը հասկացրի, որ դասերին չի կարելի բարձր խոսել ու խանգարել պարապմունքներին:

Դպրոցական տարիքի բոլոր երեխաները սովորում են, բայց ուսուցչի գործը ծանր է: Ուժասպառության աստիճան ծանրաբեռնված է: Խիստ մեծ է երկրորդ ուսուցչի պահանջը:

Դժվար է, ուժից վեր, — գանգատվում է ուսուցիչը` ընկ. Արշակը: — Իններորդ տարին է, որ ուսուցիչ եմ և զգում եմ, որ ուժերս շատ չեն բավականացնի:

Դասից հետո գնացինք նրանց տուն: Նույնպիսի խրճիթ է, ինչ որ դպրոցի շենքը, միայն պատերն ավելի սև են: Միակ լուսամուտին լրագրի յուղած թուղթ էր փակցրած, և դրանից սենյակում մութ էր: Հատակը հողից էր, բայց խոնավություն չկար: Սենյակի մեջտեղը մեծ սեղան, «Բաքու» թերթի հին համարով ծածկված: Սեղանի մոտ փայտե մահճակալ ու աթոռ, անկյունում վառարան, իսկ մուտքի մոտ կժով ջուր: Ահա և գյուղական ուսուցչի սենյակի ամբողջ կահավորանքը:

Առջևի պատին կավիճով ու ածուխով արված ինչ-որ գրություններ կան.

«Դավթից պղնձի ու բադյայի համար մի փութ կորեկ», «Անդրեասից՝ Մանուկի որդուց, ևս մի փութ գարի»:

Տեսնելով, որ փորձում եմ կարդալ պատի գրությունները, ընկ. Արշակը ժպտալով շտապեց բացատրել բանն ինչ է.

Անցյալ տարի ամառն այստեղ կլայեգործ էր ապրում: Նրա նշումներն են, ումից ինչքան ստանալիք ունի:

Ընկ. Արշակն ամուսնացած է, ունի մի տղա: Կինը նույն գյուղից է, կիսագրագետ գեղջկուհի, ամբողջությամբ զբաղված է տնային տնտեսությամբ, եփել-թափելով:

Աշխատանք շատ կա: Դպրոցից բացի գյուղխորհրդի մշտական քարտուղարն եմ: Եթե մեկին նամակ է պետք գրել կամ ստացածը կարդալ կամ մի դիմում գրել, բոլորն ինձ մոտ են գալիս, նույնիսկ դասի ժամին:

Միակ լրագիրը, որ կարդում է (այն էլ ոչ միշտ) տեղական «Ռաշպարն» է: Նա շատ բան չգիտե, ինչ է կատարվում մեծ քաղաքներում, ուրիշ երկրներում:

Եվ գրեթե ամեն ինչ իմանում է՝ սրանից նրանից լսելով: Գյուղացիներից մեկը քաղաք կգնա, այնտեղ մի բան կլսի ու կգա գյուղում կպատմի, որ Գերմանիան Անգլիայի հետ Ֆրանսիայի դեմ պայման է կապել ու դրա նման այլ հիմարություններ:

Իսկ ընկ. Արշակը թերի միջնակարգ կրթություն ունի: Ինը տարի առաջ նա վերջին անգամ թողեց Բաքուն ու եկավ հայրենիք: Այն ժամանակվանից մշտապես ապրում է գյուղում: Եվ մի տեսակ ձուլվել է գյուղացիների տարերքին, դարձել համարյա մյուս գյուղացիների պես: Միայն աշխատում է լավ ուսուցիչ լինել, ետ չմնալ գոնե գավառական քաղաքի կյանքից:

Մի ուրիշ թերություն էլ կա: Ռոճիկի համար ստիպված քաղաք ենք գնում: Իսկ այստեղից քաղաք ահագին ճանապարհ է, մի տասնութ վերստ: Ռոճիկը անկանոն են տալիս, երբեմն մաս-մաս:

Սեղանին ժողկրթբաժնից ստացած գրքերն են, որոնք հանրակրթական են, կան գրքեր նաև աշխատանքային դպրոցի և կոմպլեքսային մեթոդի մասին: Նրանք դեռ թղթատված չեն, և փոշու հաստ շերտ կա վրաները, որ ցույց է տալիս, թե շատ ժամանակ է անցել:

Կարդալու ժամանակ չկա: Հոգնած գալիս ես, մի բան ուտում, իսկույն քունդ տանում է:

Ընկ. Արշակի կինը գործ է անում վառարանի մոտ, ընթրիք է պատրաստում: Նա էլ մյուս գեղջկուհիների պես ամաչկոտ ու «չխոսկան» է: Ինձ հետ նշաններով է խոսում, իմ ներկայությամբ ամուսնու հետ՝ շշուկով:

Ընկ. Արշակը հանում է տրեխները, պպզում, աթոռը ինձ տրամադրելով: Թութուն է ծխում (կանաչավուն տերևներ՝ աղբի հետ խառը), լրագրի թղթով խնամքով «ծգարա» է փաթաթում:

Իմ հարցին, թե ինչու իր համար լրագիր չի գրվում, նա մի տեսակ անօգնական օրորում է գլուխը, ժպտալով` շատ աշխատած ու հոգնած մարդու ժպիտով:

Ինչ կա որ, կգրվեմ: Հասցեն չգիտեմ: ժողկրթբաժինը մեզ դրա մասին ոչինչ չի ասել:

Միակ հաճույքը նրա համար այն օրերն են, երբ գնում է քաղաք ռոճիկ ստանալու: Մի-երկու օր կմնա այնտեղ և թարմ տպավորություններով կվերադառնա աթարի բուրգերով, ծուռ փողոցներով իր գյուղը, իր դպրոցը:

Շատ բան են տալիս նաև ուսուցիչների պատրաստման ամառային դասընթացները: Արդեն երկու տարի է, մեզ մոտ կան: Մի տեսակ լավ է լինել դասընթացին, թարմություն կա, թե չէ էս ժայռերի մեջ լրիվ կկորչես, — խղճալի, միայնակ հոգու թախիծով ասում է նա:

Զրուցում ենք երկար, մինչև ուշ գիշեր: Ամեն ինչ նոր է ու հետաքրքիր նրա համար՝ ավիացիայի և ռադիոյի նվաճումները, ուսուցիչների համագումարն ու ջերմաքարշը: Նա խոստացավ թերթ գրվել, որ մանրամասն իմանա ամեն ինչի մասին, որ խոսեցինք այդ գիշեր:

Մյուս առավոտ, երբ հրաժեշտ էի տալիս նրան, նա դասարանից դուրս եկավ ինձ ճանապարհ գցելու և ամուր սեղմեց ձեռքս:

Ես կգրեմ թերթում քո կյանքի մասին, ընկ. Արշակ, — ասացի նրան:

Է՛, ո՞վ եմ ես: Ռադիոյի, աերոպլանի մասին գրեցեք, — բարեհոգի արձագանքեց նա ու մտավ դասարան:

ԲԱԳՐԱՏԱՎԱՆ

Բոլոր սարերն ու ճանապարհները ձյունով են ծածկված: Ձին դժվարությամբ է ճանապարհ բացում ձյունի միջով: Սուր քամին ուղիղ աչքերիս է խփում: Դեռ շատ ճանապարհ կա, բայց մութն արդեն վրա է տալիս, և ես շտապում եմ մինչև գիշերն ընկնելը տեղ հասնել:

Ճամփա եմ ընկել Բագրատավան, Զանգեզուրի լեռներում կորած հեռու մի գյուղ: Գորիսից 70 վերստի վրա:

Բագրատավանն ու իր շրջանը մի ուրույն աշխարհ են: Այն գտնվում է 7000 ոտնաչափ բարձրության վրա: Նրա հիանալի արոտավայրերում անցյալներում լավագույն ցեղի կովեր ու ոչխարներ էին արածում: Բագրատավանի կաթնամթերքը հայտնի էր իր սահմաններից դուրս և շուկայում բարձր գին ուներ:

Բագրատավանը ավելի շուտ քաղաք էր, քան գյուղ: Մինչև պատերազմը Բագրատավանում յուղի և պանրի երկու գործարան կար, մի քանի խանութ, վարկային և այլ ընկերություններ:

Բագրատավանում (Բազարչայ) մալականներ էին ապրում, որոնց վերաբնակեցրել էր ցարական կառավարությունը՝ տալով նրանց լավագույն հողերը: Հարևան գյուղերը այդքան հող և՜ այդպիսի հարստություն չունեին: Հսում ասում էին՝ «Բազարչայի հողերում արևը մայր չի մտնում»: Հողերի այդպիսի անարդար բաշխումը բազարչայցիների ու մյուս գյուղերի բնակիչների միջև մեծ ընդհարումների պատճառ էր դառնում:

Պատերազմն ավերել է Բազարչայն ու քայքայել նրա հարուստ տնտեսությունը: Բագրատավանի վրայով շատ բախտախնդիրներ են անցել՝ «խմբեր», որոնց պետերը մեջ-մեջ էին արել անասուններին ու գյուղի մյուս հարստությունները: Բնակիչները փախել են: Մալականները քոչել են Կուբան և ուրիշ տեղեր:

Հիմա Բագրատավանում ապրում են մալականներ ու շրջապատի գյուղերից այստեղ տեղափոխված հայեր: Մալականները մոտ չորս հարյուր հոգի են, որ այստեղ են վերադարձել միայն սովետական իշխանության օրոք:

* * *

Բոլորովին մութ էր, երբ հասա Բագրատավան: Փողոցով անցնելիս՝ տներից մեկի միջից աղմուկ լսեցի: Տան պատուհանները լուսավորված էին: Ներս նայելով պատուհանից՝ ես տեսա մալականների ժողովը: Իրար ետևից սեղանին էին մոտենում մարդիկ, ինչ-որ թուղթ էին ստորագրում ու մի կողմ քաշվում: Ինձ թվաց, թե ներկա եմ պրիգունների հավաքին:

Մի ջահել տղա դուրս եկավ տնից ու ինձ սենյակ տարավ: Իմ հարցին նա ժպտալով պատասխանեց.

Բան չկա, ամերկոմից հագուստ ու կտորեղեն ենք ստացել, տղաները վիճում են բաժանելու ժամանակ:

Պարզվեց, որ ուղեկցորդս գյուղական ուսուցչի եղբայրն էր: Շուտով ուսուցիչս էլ հայտնվեց. Պավել Կուզմինինը բեղմորուք չունի: Համակրելի անձնավորություն է: Միայն մի միտք ունի՝ վերականգնել դպրոցը, դպրոցը կարգի գցել:

Պավելը կասկած հայտնեց, թե այս երեկո կարելի լինի մարդկանց ժողովի հավաքել: Ես համաձայնեցի: Տաքանալ էր պետք, շորերը չորացնել, հանգստանալ:

Մի հայ մտավ սենյակ, ինձ պաշտոնյա մարդու տեղ դնելով սկսեց գանգատվել, թե իրեն նեղում են: Բանն այն էր, որ 1918 թ. մալականների գնալուց օգտվելով, հարևան հայ գյուղերի բնակիչները գրավել էին մալականների տները: Հետո մալականները վերադարձել էին: Հենց այդ պատճառով էլ նրանց միջև վեճեր էին լինում: Ներս մտած մարդը գանգատվում էր, որ իրենից մի սենյակ վերցրել ու տվել էին Պավել Կուզմինինին, որին առաջ պատկանել էր տունը: Գանգատվողն այնպես համառորեն էր խոսում, որ ստիպված եղանք նրա հետ անցնել իր սենյակը, որ հենց այստեղ էր, ուսուցիչ Պավելի բնակարանի կողքին:

Ընդարձակ սենյակ էր, անկյունում ռուսական վառարան, իսկ հենց կողքին էլ նոր բնակչի շինած թոնիրն էր:

Ախր թոնիրը ծուխ է անում: Ավելի լավ չի՞ ռուսական վառարանը:

Զրուցակիցս, սակայն, մնաց իր կարծիքին:

Մի քանի րոպեից հետո մտավ Պավելը, ձեռքին մախաղ: «Հագուստն» էր բերել, որ մի ժամ առաջ ստացել էր բաժանումից: Նրան բաժին էր ընկել մի հին սերթուկ, պանամա գլխարկ, մի զույգ կոշիկ ու թուղթ:

Բանի պետք չեն: Կծախեմ, տուժուրկա կառնեմ:

Պանամայի մեջ նամակ կար: Բարեգործն իր մաղթանքներն ավարտում էր այս բառերով.

«Մնացեք Քրիստոսի խոնարհ ծառա»:

Պավելը կարդում է ու ծիծաղում:

Հավաքվում են գյուղացիները: Սկսվում են գանգատները շորերի անարդար բաժանումից: Ոմանք գանգատվում են, որ իրենց ուրիշներից քիչ են տվել, մեկ ուրիշն ասում է, թե վեց հատ տղամարդու գլխարկ է ստացել, իսկ տանն իրենից բացի ուրիշ տղամարդ չկա:

Պավելն ավելի շատ հետաքրքրվում է արտաքին աշխարհի նորություններով: Գյուղում համարյա թերթ չեն ստանում, իսկ քաղաքից եկածները պատահական համարներ են բերում:

Պավելը գյուղացիներին է ցույց տալիս ինձ մոտ գտնված գյուղացիական թերթի մի համարը: Հիանում է նկարներով:

Այ, տե՛ս, թե ինչպես պիտի կովը կթել, — ասում է Պավելը, ցույց տալով թերթի նկարները:

Ես էլ շատ լավ կկթեի, բայց կով չունեմ, — հառաչում է Պարամոնովը:

Գյուղում շատ տնտեսություններ կան, որ բոլորովին անասուն չունեն: Նոր-նոր են սկսում ձեռք բերել: Գյուղացիները ռացիոնալ անասնապահությունից լավ են հասկանում: Նրանք մեծ հաճույքով խոսում են ցեղական անասունների մասին, տեղեկանում են, թե որտեղից կարելի է գութան ու սերմացու ճարել: Ես գյուղացիներին խորհուրդ եմ տալիս վարկ ստանալու համար արտել կազմակերպել: Որոշում ենք հաջորդ օրը ժողով գումարել պանրագործարան կազմակերպելու հարցով:

Մենք արտելից էինք խոսում, երբ սենյակ մտավ սպիտակ մորուքով մի բարձրահասակ ծերունի: Բոլորը, բացի Պավելից, վեր կացան ու հարգանքով գլուխ տվին: Ծերունին ինչ-որ բան ասաց ու մյուսների հետ դուրս եկավ:

Դա ադվենտիստներից է, աղանդավորների ժողովի է կանչում:

Բագրատավանում ադվենտիստներ ու պրիգուններ են ապրում: Վերջիններն ավելի մոլեռանդ են: Ամեն աղանդ իր աղոթատունն ունի:

Պավելի շուրջը մի քանի երիտասարդ են համախմբված: Նրանք «հավատ չունեն»: Գյուղում դրանց չեն սիրում, աշխատում են չեզոքացնել:

Դուք չգիտեք, ինչքան մոլեռանդ են մեր պրիգունները: Որ չվախենային, մեզ հում-հում կուտեին, — ասում է Պավելը:

Տգետ են, չեն հասկանում, Պավել, — ասում է Ուլյաշան, ինքնաեռի մեջ ածուխ գցելով.

Գյուղում թույլ է կոմսոմոլի բջիջը, որի ղեկավարն է Պավելը:

Պրիգունները իրենց տղաներին մեր ժողովներին գալու չեն թողնում:

Դպրոցն առանձին շենք չունի: Հայկական ու ռուսական դպրոցները մի տան մեջ են: Ամեն դպրոց իր ուսուցիչն ունի:

Գյուղում կոոպերատիվ կա, բայց միշտ չէ, որ այնտեղ ապրանք է լինում: Մասնավոր խանութներ չկան:

Մենք զրուցում ենք մինչև ուշ գիշեր: Պավելն ինձ հանգիստ չի տալիս: Մի երեկոյում նա ուզում է իմանալ ամեն ինչ, որ կատարվում է աշխարհում, բայց որի մասին հեռավոր Բագրատավանում համարյա ոչինչ չգիտեն:

Դրսում ոռնում է բուքը: Քամին սաստկանում է: Թվում է, տունը կքշի-կտանի:

Մեզ մոտ այսպես է լինում վեց ամիս շարունակ: Վեց ամիս մենք կտրված ենք աշխարհից, — ասում է Պավելը, թեյը կում անելով:

* * *

Ձմեռվա երեկոն ձգվում է անվերջ: Քամին չի հանդարտում: Կարծես ուզում է մի գիշերվա մեջ ձյունով ծածկել ամբողջ գյուղը:

Խրճիթում ոչ ոք քնած չէ:

Բուքն այսօր անպայման մեկին խեղդելու է: Հաճախ է այդպես լինում: Մեկնումեկին ձյունը ծածկում է, և միայն մի քանի ամիս անց, երբ պատահմամբ գտնում են դիակը, իմացվում է, որ մարդ է զոհվել.

Գիշերվա մթնում պտտվում է քամին: Թվում է. մշուշի մեջ պրիգուններն են պտույտ գալիս ու նրանց մեջ այս սպիտակամորուս աղանդավորը, որն այդպես անբարյացակամ նայեց ինձ ու Պավելին:

Եթե մի օր էլ այստեղ մնաս, — ասում է Ուլյաշան, — բոլոր ճամփաները կփակվեն: Դուրս գալ չես կարողանա:

Ես մի օր էլ մնացի Բագրատավանում: Ճանապարհ, իսկապես որ, չկար: Ցերեկը քամին հանդարտվեց:

Տեսա՞ր դրան, այդ սև հագած մարդուն,— հարցրեց Պավելը, երբ մենք ճաշին տուն եկանք: — Դա պրիգունների մարգարեն է: Ամբողջ գյուղը դուրս էր եկել դրան դիմավորելու, բայց ինքը հայտնի խաբեբա է ու անառակ: Մի քանի տարի առաջ իր վառարանում մարդ էր խեղդել: Բոլորը գիտեն: Իսկ հիմա մարգարե է դարձել:

Հերիք է, Պավել, լավ չի, — խնդրում է Ուլյաշան:

Այո՛, մալականների գյուղում աշխատանքը կրկնակի ծանր է:

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ (Բ)

I

Ժայռերի միջի փոքրիկ անձավը պատանի չոբանների գիշերելու տեղն է: Ցերեկը հոտն արածում է սարերում, իսկ իրիկունը ոչխարը քշում են ժայռերի տակ, ուր հսկում են նրանց կատաղի գայլախեղդ շները:

Փոքրիկ քարանձավ-ակումբը: Իրիկունները մուտքի առաջ պայծառ վառվում է խարույկըր: Նրա շուրջը նստում են չոբաններն ու ընթրիք են եփում՝ կարտոֆիլ, ոսպով ապուր կամ կաթ:

Գյուղը հեռու է, ձորում: Շաբաթվա մեջ միայն մեկ-երկու անգամ չոբաններից մեկը իջնում է գյուղ հաց, աղ բերելու:

Չոբանների մեջ բատրակներ ու կոմսոմոլներ կան: Նրանք բջիջ ունեն ու խիստ կարգապահություն: Կա բջջի քարտուղար, զեկուցումներ են կարդում, շաբաթը մեկ ժողով է լինում:

Քարտուղարը նոր է վերացրել իր այբբենական անգրագիտությունը: Ճրագի մոտ նստած թղթի կտորի վրա արձանագրություն է կազմում, գծում է տառերը, ասես նկարում է: Երբեմն մոռանում է, թե որ տառն ինչպես է գրվում, այդ ժամանակ բացում է իր գիրքը, փնտրում է տառը, ու գտնելով, ժպտում է ինքնագոհ:

Ահա արձանագրություններից մեկը, որ կազմել է բջջի քարտուղարը: Մի կտոր փաթեթի թղթի վրա հասարակ մատիտով գրված է օրակարգը, և սյունակներ են քաշված:

Առաջին հարցի վերաբերյալ արձանագրության մեջ գրված է. «Ռեֆերատը զեկուցում կարդաց», հետո գծիկ և «որոշեցին»՝ «Բոլորը միաձայն հասկացան»: Երկրորդ հարցը հայհոյախոսության մասին է: Որոշել են՝ «Կիրառել կյանքում»: Ստացվում է, որ բջիջը հայհոյանքի կողմնակից է: Բնավ: Նրանք որոշել են չհայհոյել: Քարտուղարի փոքրիկ «վրիպումն» է:

Այնուհետև նրանց անուններն են, ովքեր նկատողություն են ստացել, որը կռիվ անելու, որը իրեն անկարգ պահելու համար: Վերջում «լսեցին» «Գալուստ քահանայի մասին» և որոշեցին՝ «Աստծուն չհավատալ և տերտերի ոչխարը չարածեցնել»:

II

Գյուղի դպրոցում ներկայացում են տալիս: Կազմակերպիչները ամբողջ օրը վազվզուքի մեջ են, վարագույրի համար սավաններ են հավաքում, տախտակ, գորգեր: Բեմ չկա: Ստիպված են ինքները մի կերպ նաև բեմ սարքել:

Երեկոյան իրարանցումը մեծանում է:

Կամաց-կամաց հավաքվում են հանդիսականները: Ներկայացումը տալիս են ուսուցիչը, կոոպերատիվի գործակատարը, պիոներ հրահանգիչը և փոստի գրասենյակի աշխատակցուհին: Նա կուլիսների (գորգերի) ետևում ծվծվան բարակ ձայնով երգի փորձ է անում՝ «Մայր Արաքսի»: Մեկր բեմի ետևից կանչում է.

Վարդուշ, մոտդ քորոց չկա՞:

Մի քիչ բուրդ, խցան, մուր, խմոր ու լրագրի թուղթ՝ այս է ամբողջ գրիմը: Գրիմը անում է քոչվորական հարկի տեսուչը:

Գյուղում ներկայացումը մեծ իրադարձություն է: Երեխաները թռչկոտում են, խմբվում մուտքի մոտ, աղմկում են ու պատուհանից ներս նայում բեմին:

Կամաց-կամաց սրահը լցվում է գյուղացիներով: Այստեղ են ծծկեր երեխայով մի կին, փայտը ձեռքին մի ծերունի և գյուղացիք՝ սրածայր մեծ փափախներով, գութանից, օրվա աշխատանքից եկած: Նրանք ծխում են ու հանդարտ զրուցում իրար հետ:

Սուրեն, մուրճը տուր, — բղավում է դերասաններից մեկը: Վարագույրը պոկվել է, ու հետաքրքրասեր հասարակությունը նայում, է «զարդարված» բեմին:

Լսվում է, ինչպես փոստի աշխատակցուհին ասում է մյուսին.

Ուրեմն, հենց որ դու դուրս գնաս, ես երդում եմ:

Պարան է պետք: Աշոտ, վարագույրը տուր էստեղ...

Աշոտը օգնության դիմաց թույլտվություն է խնդրում նստելու հուշարարի մոտ, որը տեղավորվել է ներքևում ու պպզած նստել:

Դահլիճում հասարակությունը հուզվում է, մեկը կանչում է՝ «շուտ արեք», ծափահարում են, մի խոսքով, ինչպես քաղաքում:

Վռամ, ցույց տուր, վարագույրը ո՞նց են բացում...

Վերջապես բեմը պատրաստ է: Բացում են վարագույրը, այսինքն՝ քորոցները հանում են, ու սավանները ցած են կախվում:

Մեջտեղում նստել է «աստված» ու հեռախոսի փողն է բռնել (լրագրի թղթից շինած): Կողքին Միքայել հրեշտակապետն է, Ահարոնյանը: Մտնում է եպիսկոպոսն ու խաշ է ուզում: Բեմի ետևից բակում մի էշ զռում է: Դահլիճում քրքիջ է, դերասանները շփոթվում են, իսկ «աստված» զրույց է անում կոմսոմոլի կենտկոմի հետ:

Հրեշտակապետը՝ տրեխներով, պետառի էժանագին թիկնոցով, և աստվածածինը (փոստի աշխատակցուհին) միասին երգում են, իսկ ներքևից նվագակցում են մանդոլինան ու թառը:

Մի ժամ հետո ներկայացումը վերջացավ: Հանդիսականներին այդ մասին հայտնում է դերասաններից մեկը:

III

Կարելի է անցնել Շուշվա խճուղին, ու չնկատել, որ ժայռերի տակ ճանապարհի մոտ ծվարել է Ծակեր գյուղը:

Գիշերը խարխուլ տարանտասով մոտենում ենք չայխանային, որտեղ պետք է գիշերենք:

Հեռվից մանկական բարձր ձայներ են լսվում:

Երեկոյան դպրոցն է, երեխաներն են պարապում, — ասում է չայխանայի տերը, տեսնելով, որ ես ուշադիր լսում եմ այդ խմբական ձայները: Եվ նա սիրով համաձայնում է ինձ տանել այդ դպրոցը:

Փոքրիկ լամպով լուսավորված ընդարձակ սենյակում, մեջտեղում սեղան, տախտակների վրա տեղավորվել են երեխաները:

Իմ գալը խանգարեց նրանց, լռեցին ու զարմացած հայացքները հառեցին ինձ:

Երեխաների մեջ աչքի էր զարնում բարձր հասակով մի տրեխավոր գյուղացի՝ պատառոտված հագուստով: Իմ հարցին, թե ով է վարում պարապմունքները, նա մեղավոր մարդու տոնով ցածր պատասխանեց.

Ես, — ու պատմեց Ծակերի երեկոյան դպրոցի ամբողջ պատմությունը...

Մեր գյուղը հեռու է, դպրոց չկա, ուսուցիչ չեն ուղարկել: Ես էլ որոշեցի երեխաների հետ պարապել: Մի թերթում կարդացել եմ, Լենինը հրամայել է, որ անգրագիտությունը վերացնենք:

Ձեր մասին գիտե՞ն, ռոճիկ ստանո՞ւմ եք:

Չէ:

Ընկեր Միքայելը՝ բաքվեցի նախկին բանվոր, գրել կարդալ էր սովորել Բաքվում, իսկ հիմա գյուղում զբաղվում է իր տնտեսությամբ ու երեկոյան դպրոցով:

Երեսուն աշակերտ, նրանցից կեսը չոբան են, որոնք ամբողջ օրը այծերի հետ են Ծակերի ժայռերի վրա՝ հետները գրքերն առած, իսկ երեկոյան հավաքվում են դպրոցում:

Աշակերտները աշխույժ քչփչում են, իսկ մի քանիսը շարունակում են բարձրաձայն կարդալ դասը:

Պատին Իլյիչի պատկերն է: Եվ կարծես սիրալիր հայացքով նա հետևում է սրանց և ուրախ է, որ հեռու, մոռացված մի գյուղում, վսեմ գործ կատարելով, իր ավանդներն է իրագործում բաքվեցի բանվոր Միքայելը:

Սևուկ, նիհար մի աղջիկ մի տեսակ կծկվել ու սև աչքերը շուտ-շուտ թարթելով, մեկ ինձ է նայում, մեկ գրքին:

Ո՞ւմ պատկերն է, — դիմում եմ ես նրան:

Լենինի, — ասում է նա ու ամաչկոտ՝ գլուխը ցած կախում: Քչփչոցն ուժեղանում է:

Ո՞վ էր Լենինը, — հարցնում եմ նրան:

Ամբողջ աշխարհի աշխատավորների բարեկամը, — և նրա նիհար ձեռքերը օդում շրջան են գծում:

Իսկ ո՞վ է հիմա Լենինի տեղը:

Նրա ընկերները:

Չայխանայում մութ է:

Բոլորը քնած են:

Պառկում եմ թախտին ու քնի միջից լսում եմ երեխաների աշխույժ խմբական երգը:

Իսկ Ծակերի մռայլ ժայռերը, կարծես ակամա, արձագանքում են նրանց ձայներին, կարծես դժգոհ են, որ խանգարել են նրանց անդորրը դարավոր:

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 Next Last