Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Անհաղորդ մեռավ, — ասաց հարևան մի կին, գոգնոցի ծայրով կարմրած աչքերը սրբելով:

Տուն վերադարձան: Ճամփին տերտերը հին պատմություն էր անում, բայց Իվան բեյը չէր լսում, մտքերը հետ էին, թարմ հողաբլուրի շուրջը: Գլխաբաց էր և չէր նկատում այդ: Գլխաբաց էլ տուն եկավ:

Հարևանի կանայք մնացին մինչև իրիկուն: Նրանցից մեկը վառարանը վառեց, իրիկվա համար փայտ դարսեց, մյուսը ինքնաեռը տաքացրեց:

Իվան բեյը անպաշտպան մանկան խեղճ հայացքով մեկ սրան էր նայում, մեկ նրան: Անճարություն կար նրա դեմքի վրա, կսկիծոտ մի հարց.

Ես ո՞ւր մնացի

Երբ կանայք հեռացան, քիչ հետո էլ տերտերը գնաց և գնալուց առաջ Իվան բեյին ասաց, թե ինչ լավ թեյաման ունես, և որ ինքը փող չի ուզում, — երբ տերտերը սանդուղքի ձյունը ճռճռացնելով գնաց և իր հետևից էլ դարպասի դուռը ծածկեց, — Իվան բեյին այնպես թվաց, թե դարպասի դռան հետ փակվեց և ամեն ինչ:

Պարապ զգաց, անասելի դատարկություն սրտի մեջ, կսկիծ, որ մրմուռ ունի:

Հանգավ վառարանի կրակը, մարեց և լույսը ճրագի: Մութի մեջ անկողնու վրա, հին վերարկուով կոլոլված պառկեց Իվան բեյը, գլուխը թաղեց բարձի մեջ:

Էլի քամի էր փողոցում, քամին ձյուն էր շպրտում, և պատուհանի ապակիները զնգում էին կամացուկ: Կոշմարի պես ծանր էր սենյակի խավարը Իվան բեյի համար և մի միտք չէր հեռանում գլխից.

Ինչքա՛ն ցուրտ է պառավի համար...

Եվ ոչ ոք չլսեց Իվան բեյի զսպած հեծկլտանքը ձմռան ցուրտ գիշերին:

* * *

Ծանր օրեր էին Իվան բեյի համար: Ձմեռվա կարճ ցերեկն անցնում էր մի կերպ, և երբ իրիկուն էր դառնում, մութի հետ էլ երկյուղն էր իջնում Իվան բեյի սրտին:

Երբեմն էլ վառարանը չէր վառում. իրիկնանալու պես տեղաշորի մեջ էր մտնում, որ քնի: Բայց քունը չէր գալիս աչքին, գլուխն էլ վերմակի տակից չէր հանում սենյակի մութը չտեսնելու համար:

Մրսում էր Իվան բեյը, կծիկ էր դառնում առաջվա պես, բայց էլ պառավը չկար, որ մոտենար նրան և ասեր առաջվա պես.

Կմրսես, ա՛յ պառավ...

Հարևաններն էին օգնում: Մեկը մի բաժակ կաթ էր ուղարկում, մյուսը մի աման տաք կերակուր: Երբեմն հարևանի երեխան էր գալիս փայտ կտրատում վառարանի համար կամ ջուր բերում:

Իվան բեյը ոչինչ չէր ասում, կարծես չէր էլ տեսնում եկող գնացողին:

Նստում էր առաջվա տեղը, վառարանի կողքին, գլուխը կախում վառարանի մոտ:

Գնացող եկողից մեկն էլ, հարևանի մի կին, մի օր կամացուկ հայտնեց իր ծանոթներին, թե Իվան բեյը ցնդվածի պես է դառել: Ժպտում է ինքն իրեն, ձեռքերը մոտեցնում է սառը վառարանին և շփում իրար:

Մյուսն էլ լսել էր, որ Իվան բեյը խոսում է ինքն իր հետ: Մեկն էլ ավելացրեց, թե ինքը տեսել է Իվան բեյին իր նախկին հիմնարկի առաջ գլխաբաց կանգնած:

Իվան բեյը ժամերով վառարանի մոտից չէր հեռանում: Ցուրտ սենյակն էր, թե սովորույթը հին, որ մեխում էր նրան աթոռին, վերարկուն ուսին, թազբեհն էլ ձեռքին:

Մի իրիկուն էլ, երբ փողոցի անցուդարձը դադար էր առել, կողպ էին արդեն դարպասները, երբ սառած ապակիների ետևից կաթնանման լույս էին տալիս ճրագները, — Իվան բեյը իջավ բակ, դես ու դեն խլշած նայեց, ասես մարդու ստվեր էր փնտրում բակում կամ լսում, թե մարդ կա՞ արդյոք այգում կամ փողոցում:

Հետո կամացուկ մոտեցավ և դարպասի դռները բացեց: Մի քիչ կանգնեց փողոցում, դարձյալ նայեց չորս կողմ և ժպտաց ինքն իրեն:

Տարօրինակ էր այդ ժպիտը. զարզանդ կար դեմքին, աչքերի մեջ մի անիմաստ փայլ: Ժպտաց, մտածեց, ծռմռատեց շրթունքները, ատամները կրճտաց և արագ քայլերով իջավ փողոցով:

Գողի պես էր գնում, պատի տակով: Մի ոտնաձայն կամ խշշոց լսելիս հենվում էր պատին, անշարժ մնում, մինչև վտանգն անցներ:

Քիչ հետո նա իր պաշտոնատան դռան առաջ էր: Վիզը երկարացրեց և փողոցից տեսավ ներսի ճրագը, որ առաստաղից էր կախված:

Ապա վճռական մոտեցավ և դռան զարկեց բռունցքով՝ մեկ, երկու, հետո սկսեց դուռը թափահարել: Դողում էր ամբողջ մարմնով, բայց ցուրտ չէր զգում: Նրան թվում էր, թե բազուկների մեջ ուժ կա անչափ, ասես ուզում էր կրնկահան անի դուռը:

Աղմուկի վրա ծառան ներսից ձայն տվավ և դուռը կիսաբաց արավ:

Ակո՛փ, լա՞վ ես սրբել, — հարցրեց Իվան բեյը և դուռը հրեց:

Ծառան ճանաչեց նրան և դուռը նորից կողպեց: Եվ դռան հետևից կանչեց վախից դողացող ձայնով.

Իվան բեյ, գնա՜ քնիր, գնա՜...

Էլի կանգնեց մի պահ, հետո սկսեց նորից ծեծել, խոսել ինքն իրեն: Մեկ էլ վերարկուն, որ ընկել էր ձյունի վրա, ուսին գցեց, ճղրտաց, հեռացավ արագ: Ծառան մինչև վերջ էլ չէր հավատում, թե այդ ձայնը Իվան բեյինն էր, այնպես զիլ էր, խռպոտ:

Իվան բեյը արագ վազելուց քրտնել էր: Ներս մտավ, դարպասի դուռը կողպեց ու սանդուղքով վեր բարձրացավ: Բայց մեկ էլ հանկարծ հետ դարձավ, իջավ բակն և էլի սկսեց ուշադիր լսել, թե ոտնաձայն չկա՞ այգում, ստվեր չի՞ երևում:

Մեկ էլ հետ նայեց և նրա աչքին ընկավ մառանի բաց դուռը: Իվան բեյը ներս մտավ և մառանի մութի մեջ պատեպատ ընկնելուց հետո հասավ անկյունին, կռացավ, նստեց, ձեռքերով շոշափեց գետինը, հռհռաց և սկսեց փորել գետինը:

Նա չէր փորում: Չանգռում էր մատներով, եղունգներով: Մութի մեջ տնքում էր, թնչում և չանգռում: Հանկարծ մատները մի կոշտ բանի դեմ առան: Իվան բեյը մի վայրկյան մնաց, հետո սկսեց ավելի արագ փորել: Նրա ձեռքը խրվեց մի փոքրիկ կճուճի մեջ: Ձգեց և հանեց կճուճը, մութի մեջ զրնգաց կճուճը, և պղնձե կոճակները փայլուն բզեզների պես դեսուդեն շաղ եկան:

Իվան բեյը կոճակները հավաքեց բռի մեջ, մոտեցրեց աչքին, որ ավելի լավ տեսնի, մատներով շոշափեց: Սիրտը բաբախում էր արագ, սարը մի շնչով վեր ելնողի պես:

Քրտինքի կաթիլները գլորվում էին ճակատից, քրտինք էր դուրս գալիս և վաղուց չլվացված մազերի միջից: Ռունգերը լայնացել էին, շնչում էր հևիհև:

Կանգնել էր մառանի անկյունում, բուռը լի պղնձե կոճակներին էր նայում, որոնք մութի մեջ փայլում էին պսպղան:

* * *

Առավոտյան, երբ հարևանի տղան կաթ էր բերել Իվան բեյի համար, դարպասը փակ գտավ: Ծեծեց մի քանի անգամ, հետո կաթը ետ տարավ:

Էսօր Իվան բեյր շատ է քնել, — ասաց:

Մյուս առավոտ մեկը պատով իջավ և դարպասի դուռը բացեց:

Իվան բեյի վերարկուն ընկած էր մառանի դռան առաջ: Գիշերվա քամին ձյուն էր լցրել սենյակի բաց դռնով:

Մառանի անկյունում սառած ընկած էր Իվան բեյը, մատներն արնոտ, չռած աչքերով: Բռունցքի մեջ սեղմել էր պղնձե երկու կոճակ, կողքին՝ ջարդված կճուճի փշրանքներ, թղթի կտորներ, հին թղթադրամ:

...Իսկ հավերը բնում քաղցից ու ցրտից կչկչում էին, կուտ ուզում:

ԾԱՏՈՒՆ ՏՂԱՆ

Նա հայր ուներ, իսկ հայրը՝ ոչխարներ: Եվ երբ հայրը մեռավ, գերեզմանի փոսը ծածկելիս իր մտքում նա հոր թողած ոչխարների համրանքն էր անում:

Գյուղի քահանան նրան Աբրահամ էր կնքել, մուծել մատյանի մեջ, բայց գյուղը նրան ավելորդ անուն էր տվել՝ լոշ՝ կախ ընկած ականջների համար:

Եվ երբ հայրը մեռավ (իսկ հայրը ոչխարատեր Ծատին էր), մեռելահացն ուտելիս մի ալևոր բարեմաղթեց լոշ ականջի տավարին ու օջախին առատություն և դառնալով նրան ասաց.

Ծատու տղա, նզովյալ լինես, եթե շվաքդ անպակաս անես էս օջախին:

Այն օրից էլ լոշ ականջը դարձավ Ծատուն տղա, ավազանի անունը հերվա ձյունի պես հալվեց:

Եվ երբ մի անգամ էլ ձյունը հալվեց, գարնանամուտին ոչխարը սարը քշելիս Ծատուն տղան հորից ստացած ոչխարը քսանով ավելացած տեսավ:

Հետո մի քանի տարի անց, երբ Ծատուն տղի բեղերն այնքան էին մեծացել, որ ապուր ուտելիս ձավարի հատիկներ էին մնում բեղերի արանքում, մի քանի տարի հետո Ծատուն տղան այնքան ոչխար ուներ, որ երեք չոբան հերիք չէր անում:

Հոգսը սարում արածող ոչխարն էր. իրեն ի՞նչ, թե կտուրի գերանը ճաքել է, պառավ մայրը գլխին շալ չունի գցելու: Տանն իր կամքը կար միայն, իր խոսքը՝ անգիր օրենք տան անդամների համար, որոնցից մեկը՝ պառավ նանին, ճախարակի մոտ էր դարդահալ լինում, չոբանին չուխացու մանում, մյուսը՝ եփում, կարում, փոքրերի հոգսը քաշում, ծծկերին ծիծ տալիս և էլի քնում Ծատուն տղի հետ մի վերմակի տակ, ծխից սևացած, ճաքճքած գերաններով խրճիթում:

Երազում էլ սարում արածող ոչխարի հետն էր. գայլն էր վրա տալիս՝ ինքը քնի մեջ մռնչում էր, ասես բուկն են խեղդում, մին էլ այնպես էր թվում, թև ոչխարները ոսկի են դառնում, դեղին ոսկիներ՝ սարի կանաչի վրա շաղ տված, ինչպես թոնրի մոխրում պեծին տվող պողեր:

Մեկ էլ զարթնում էր, մյուս կողքին դառնում և ոչխարի չափ խոնարհ, անլեզու կնոջը հրում, քնահարամ անում և կատարում այն, ինչ անհաճո էր ծծկեր ունեցող մաշված կնոջ համար:

Ամեն ինչ կյանքում նրան ոչխար էր թվում՝ յուղոտ դմակով, փափուկ դմակով: Սարում ոչխարը խուզելիս, երբ բրդով լի պարկերը դարսում էին իրար վրա, չոբանի ձեռքի մկրատը նրան աշխարհը միակ գործիքն էր թվում, որով մարդ կարող է աշխարհներ գրավել, ծովի ավազի համրանքով ոսկի ունենալ:

Երբ տերտերը եկեղեցում քարոզ էր տալիս, ասում, թե բոլորը մի հոտ են եկեղեցու համար, թե կա երկնային մի հովիվ, Ծատուն տղան իսկույն մտքով սարն էր թռչում, ուր կախ ընկած դմակով ոչխարներն էին արածում, չաղանում, դառնում դեղին ոսկի:

Հեղափոխությունն էլ նա հասկացավ յուրատեսակ ձևով. թագավորը հովիվն էր, ժողովուրդը՝ հոտը: Մի մեծ մկրատ Մոսկվայից մինչև ինքը խուզում էր ժողովրդին:

Գյուղում զրույց անելիս նա այդպես էլ ասում էր, թե գայլերը գալու են անչոբան մնացած ոչխարն ուտեն, որ առաջ յուղ ու կաթ էր հոսում Մոսկովից մինչև ինքը, երբ մեծ մկրատը կար:

Ամռան վերջն էր: Թուխպը մեկ-մեկ նստում էր սարին, շաղոտում էր սարի կանաչը, թացանում էր ոչխարի բուրդը:

Թուխպ կար սարում, երբ Ծատուն տղան ոչխարի մոտ գնաց: Չոբանները եկան, շները՝ գայլաբոյ, վնգստացին, բայց Ծատուն տղան ունքերն էլ իրար չտվավ: Բարձրացավ մի քարի գլուխ, ձեն տվավ չոբանին, որ ոչխարը քշեն քարի տակով: Նեղվածք էր, դժար կապ, ոչխարը մեկ-մեկ էր անցնում, գլուխը կախ, մանր-մանր քայլերով: Եվ երբ վերջին կաղ ոչխարն անցավ, Ծատուն տղայի շրթունքները բեղերի տակ շարժվեցին:

Երեք հարյուրից չորսը պակաս:

Ասեց և հեռացող ոչխարի ետևից նայեց մի պահ, չոբանին կանչեց.

Ծեգին ոչխարը քշիր քաղաք:

Չոբանն ուզեց հարց տալ, բայց բերանը բաց էլ մնաց: Ծատուն տղան ձիու գլուխը գյուղի կողմն էր դարձրել:

Պառավ նանն էլ զարմացավ, երբ իմացավ, թե տղան առավոտ ծեգին քաղաք է գնում: Մեկ ուզեց խնդրի մի գոտկալ, մեկ տազ արեց: Ծատուն տղայի աչքերը այնպես պեծին էին տալիս ունքերի տակ, ասես երկու թեժ ածուխ լինեին: Երբ մութ եղավ, քնեցին, կինը կամացուկ խնդրեց շապկացու, սիրտ արեց, մոտեցավ մեջքին, բայց Ծատուն տղան երեսը շուռ տվեց, մյուս կողքի վրա պառկեց: Շուռ եկավ, բարկացած ասեց.

Լավ, սատկիլ չես...

Ծեգին գնաց, երկու օր հետո եկավ: Ծատուն տղան էլ ոչխարատեր չէր: Ոչխարը ծախել էր քաղաքում: Այն, ինչ երազում էր տեսել՝ դեղին ոսկիներ, հիմա զնգում էր նրա գրպանում:

Չոբանների ձեռքը մի բան դրեց, չոբանները հեռացան, շներն էլ՝ պոչերը կախ, նրանց ետևից, դեպի սարերը թխպոտ:

Եվ երբ երկու օր հետո եկավ, Ծատուն տղան իր հետ քաղաքից տասը ձիու բեռ ապրանք բերեց ճոթ, սապոն, նալ ու մեխ, շաքար:

Մյուս օրը Ծատուն տղան գեղում դուքան ուներ, տան մոտ, մարագի հին շենքում: Առաջ դժվար թվաց արշին բռնելը, գրվանքա շաքարին աչքը վարժ չէր, ճոթ ու կտորի թոփը բաց անել չէր իմանում, բայց հետո սովորեց:

Նույնիսկ գործը դուր եկավ: Հանգիստ նստում էր խանութում, նալ ու մեխ էր ծախում և ամեն իրիկուն մտքում հաշիվ անում, թե ինչքան օգուտ ունի: Էլի առաջվա պես էր մտածում. գյուղացիք, որ ապրանք են առնում իր խանութից, գյուղացիք նրա աչքում էլի ոչխար էին, աղի վրա վազող ոչխար, որ թողնում է կթես, խուզես:

Հինգ ամիս հետո գյուղում շատ երդիկի տակ էին խոսում, իրիկվա հացին.

Ծատուն տղան պարտքն ուզում ա, էգուց մի փութ պանիր տանք պարտքի դիմաց:

Էսօր էլի ասեց էն շաքարի համար...

Գյուղը հեռու, յոթ սարի քամակին, ճամփեն՝ կածան, անապահով, տարիները՝ խռով, ամեն տեղ երկյուղ, քաղաքում՝ խանութները փակ, ծածուկ պահեստներում՝ գաղտնի վաճառք հին ծանոթին:

Իր ոչխարի համրանքից ավելի լավ գիտեր այդ Ծատուն տղան: Ապրանքը թանկացնում էր ժամեժամ, գանգատվում, թե վնաս է անում, էլ ապրանք չկա: Շաքարը հիվանդի դեղ էր, ոսկու հավասար:

Առ տա՛ր, էլ շաքար չես տեսնելու, — ասում էր Ծատուն տղան իր հարևանին, որ հոգեպահուստն էր Ծատուն տղին պահ տալիս: Ծատուն տղան մեծացավ, ուռեց, դարձավ անվանի, ազդեցիկ:

* * *

Ձյունի սպիտակ փաթիլները թրթռում էին պաղ օդի մեջ, պտույտներ անում, կամացուկ իջնում, դարսվում իրար վրա:

Թարմ ձյունի վրայով քայլում էին երեք հոգի դեպի հեռու ձորի գյուղը: Կարմիր բանակը քաղաք էր մտել, և լուրը թռել-հասել էր գյուղին:

Երեք հոգին գյուղ հասան իրիկվա մութին: Եկան, հավաքվեցին ծանոթ գյուղացիք, ազգ ու բարեկամ:

Մյուս օրը գյուղում հեղկոմ կար, եռուզեռ կար, խոսք ու զրույց: Երբ բաց արեցին Ծատուն աղի խանութը, միջին մի քանի թոփ քաթան կար, լամպի չորս շուշա, մի քիչ էլ մեխ: Ծատուն տղին կանչեցին:

Չկա, էդ ա մնացել, տարեք...

Խուզարկեցին, բան չգտան: Հեղկոմը առաջին նիստում որոշեց Ծատուն տղի քաթանը գյուղի աղքատներին բաժանել:

Ձյունը հալվեց, սարերը կանաչին տվին, բայց կանաչ սարում Ծատուն տղան էլ ոչխար չուներ, խանութումն էլ խոտ էր դարսում:

Հողը տաքացավ, գութանները դուրս արին: Ծատուն տղան էլ վար գնաց: Վաղուց, շատ վաղուց էր մաճ չէր բռնել: Մոտիկացավ մաճին, ուժը գութանին տվեց, մինչև մի ակոս ծրելը ձեռքերը թուլացան, նստեց գետնին:

Քոնը արշինն ա, Ծատուն տղա, — ձեն տվեց քշողներից մեկը, իջավ լծից, մաճը բռնեց:

Ծատուն տղան հանգստացավ. մի քիչ էլ մնաց և, դեռ գութանը չարձակած, տուն եկավ: Մյուս օրը մաճկալը Ծատուն տղից մի օրավարի վարձն էր ուզում:

Առ, էլ չունեմ, երեխաներիցս եմ կտրում, — ասաց Ծատուն տղան, խեղճանալով:

Բայց Ծատուն տղան բեռը բռնել էր առաջ, երբ ճոթ կար խանութում, նալ ու մեխ և շաքար: Պահած փող ուներ, մառանում յուղ ու պանիր կար:

Մի տարի էլ, և քաղաքում Ծատուն տղի մի քանի հին ծանոթները կողպած խանութները բաց արին: Ծատուն տղան պանիր ու յուղ տարավ քաղաք, հողի կճուճում պահած ոսկին էլ հանեց, խանութի խոտը մաքրեց, կարգի բերեց:

Էլի առաջվա խանութում էր Ծատուն տղան մի քանի թոփ կտոր դարսել, սապոն, աղ, լուցկի: Քաղաքում ծանոթներ ուներ հին, օգնել էին, ապրանք տվել:

Ծատուն տղան էլի դինջ նստեց խանութում, արշինը ձեռքն առավ, ապառիկի հին դավթարում նոր երես բաց արեց:

Գյուղը հեռու՝ ճամփան կածան, ուժը պակաս: Ջահիլներն աղմկեցին, նամուսի ընկան. ո՞վ էր՝ պատմեց կոոպերատիվի մասին:

Կեսգիշեր էր, երբ ցրվեցին տները: Եվ դեռ երկար ժամանակ մտածում էին կոոպերատիվի մասին, Ծատուն տղի նոր խանութի մասին:

Ծատուն տղան լսեց, որ ուզում են ջուրն էլ առաջվա առվով չկապեն: Մի անգամ էլ մտքում կրկնեց այն, ինչ հազար անգամ էր ասել.

Թե սրանք մնան, վերջս լավ չի

Հիշեց մի քանի թոփ կտավը, լամպի շուշան, նալ ու մեխը, որ տարել էին, խլել իրենից, միտն ընկավ մաճկալի խոսքը, թե՝

Ծատուն տղա, քո բանը արշինն ա...

* * *

Նոյեմբերի արև օր էր, պայծառ, դուրեկան աշնան օր:

Քաղաքում նոյեմբերի արևի տակ պսպղում էին նվագափողերը պղնձե, լայն փողոցներում ծովացել էր բազմությունը, ալեկոծ դրոշները՝ վե՛ր, բարձր: Թնդում էր քայլերգը, աղմուկ կար, երգ ու ուռա, մեկը պատշգամբից ձայնով զիլ մեր վերելքն էր պատմում:

Արև էր, և հեռու գյուղում աշնան դուրեկան օր: Դրոշներ կային՝ փայտի ծայրին հագցրած, գույնզգույն շորերով հարս ու աղջիկ կար, բրդի չուխավոր շինական: Դհոլը դմբում էր, զուռնան փչում էր զիլ:

Շատերը խոսեցին. ամեն մարդ իր միտքն էր ասում, միտքը հյուսում յուրատեսակ, հետո մեկն էլ բարձրացավ քարի վրա, խոսեց, թե`

Ընկերներ, մենք կապերատիվի կողմից շատ ետ ենք մնացել, էս ձորերում մթին ա: Ծատուն տղան էլի կենդանացել ա: Մեզ պետք ա մի կապերատիվ հիմնենք հենց էս տոնին, էստեղ:

Խոսեց, հետո դարձավ բազմությանը, թե՝

Կապերատիվ սիրողը թող մոտենա, գրվի էստեղ

Մոտեցան, առաջ քաշվելով, վարանոտ, հետո սրտալի:

Գալիս էին գրվում, փայը վճարում:

Նա, որ խոսել էր, շուտ-շուտ կանչում էր տեղից.

Շեն կենա մեր կապերատիվը...

Ծատուն տղան էլ էր լսում նրան, տեսնում, թե ինչպես են գրվում: Մեծ մասը իրեն պարտ էին՝ լավ էր ճանաչում:

Կանգնել էր մի քիչ հեռու, նայում էր նրանց: Կարծես հեղեղ է, գարնան վարար հեղեղ, իսկ ինքը մի չոր տաշեղ հեղեղի բերանում:

Ծատուն տղի փափախի տակ մի միտք կար միայն.

Սրանք որ կան, վերջս լավ չի...

Այնքա՛ն հուսահատություն էր կաթում Ծատուն տղի լոշ ականջներից:

ԹԱՆԳԻՆ

Եթե գյուղում ծաղիկ չլիներ, նա մանուկ ժամանակ չէր հիվանդանա, վերքերը չէր փորի և չեչոտ էլ չէր լինի: Մայրն ուրիշ հոգս շատ ուներ՝ օրորոցում պարուրի մեջ Թանգուն կապելուց հետո ներս ու դուրս էր անում և չէր նկատում, թե ինչպես երեխան ուժ էր տալիս, թաթերը հանում և քորում, վերքերն արնոտում:

Թանգու առաջին սերը պատից կախ արած նախշով խալին էր: Ամռան շոգին ճանճերը լիզում էին երեխայի քթածակերն ու աչքի ակները, իսկ փոքրիկ Թանգին մատը բերանում, ծլոլը կախ, ժամերով աչքը չէր հեռացնում խալու նախշերից: Առաջին չորեքթաթ արշավը դարձյալ դեպի խաչին էր:

Տանը երեխա շատ կար, հոգսը շատ էր, վար ու ցանքսը միջոց չէին տալիս Թանգու հորը նկատելու ժառանգի առաջին սերը: Եվ պատահմամբ էր, որ նրա աչքին ընկավ որդու ծակոտկեն երեսը՝ չեչաքար:

Հայրը նայեց, ուզեց մի բան ասի, բայց բերանում հացի պատառը շաղախվեց թքի մեջ, կոկորդը սեղմեց, և մինչև կուլ կտար, միտքն էլ թռավ, անհետացավ:

Թանգին մեծացավ: Հոր տնկած ծառերը դեռ բար չէին տվել, երբ Թանգին մագլցում էր ծառն ի վեր, տավարը ջուրը տանում, օրը տասն անգամ աղբյուրը վազում սառը ջուր բերելու:

Երբ գանգի խոռոչում նրա ուղեղը խմորի գնդի չափ դառավ, Թանգին արդեն գիտեր, որ ամենից թանկը աշխարհի երեսին պարարտ սևահողն է, աղբած բոստանը, գոմը ապրանքով լի և նոր տնկած ծառերը, որոնց վրա մագլցում էր նա այն ժամանակ, երբ ետևն ու առաջը բաց էր:

Մեռնելիս հայրը Թանգուն փալասի մեջ փաթաթած ոսկիներ հանձնեց և աչքերը փակելուց առաջ մի անգամ էլ որդուն պատվիրեց ապրանքին լավ խնամել, տան կողքին մի ուրիշ ամարաթ շինել և ընդարձակել այգին:

Աչքդ բաղին պահիր, — ասաց և աչքերը փակեց:

Ազգ ու բարեկամ լաց եղան, իսկ Թանգին գնաց գոմը նախ հոր թողած ոսկիները հաշվելու և ապա մի լղար եզ ջոկելու մեռելահացի համար:

Գերեզմանատան ճանապարհը բաղի մոտով էր անցնում: Վերադարձին Թանգին բաղի դռնակը բաց արեց, ներս մտավ, նայեց ծառերին, և շատ փոքր թվաց նրան հայրական այգին: Գրպանում զրնգում էր ոսկին, և գրպանի ոսկուց ցոլք էր ելնում, Թանգու աչքերը շլացնում:

Կանգնեց այգում, որպես հաստարմատ ծառ, նայեց պատերից դեն ձգվող պարարտ հողերին, մտքում գծեց մի սահման և այդ սահմանը դրեց իր կյանքի կետ նպատակ:

* * *

Տարիները գլորվում էին որպես անիվներ անտես:

Տարիները արծաթ փոշի էին շաղ տալիս Թանգու մազերի վրա, մի աներևույթ ձեռք նրա դեմքին ակոսներ էր ծրում:

Ասես վերջ չպիտի ունենար ժամանակը Թանգու համար: Ամեն տարի բերում էր մի քիչ հող, երկու մուրհակ, տոկոսով դիզած արծաթ և սև հողեր պարարտ՝ հասած խմորի պես:

Գյուղում Թանգին հզոր էր, բազուկն ուժեղ, ասածն օրենք: Խուլ բողոք կար և տրտունջ, թե Թանգին աղքատի պատառն է կուլ տալիս, պայմանագիր է կեղծում, կաշառում օրենքին և զավթում, թաթը դնում մսոտ հողերի վրա, դառնում խան ու սարդար:

Քմծիծաղ էր տալիս Թանգին, երբ ականջին էր հասնում գյուղի խոսքը, ոլորում էր բեղը և ինքնագոհ հայրական այգու ճանապարհը բռնում, դռնակը բաց անում:

Տարիները գլորվում էին, ծառը պտուղ էր տալիս, արտը՝ ոսկեհատ ցորեն, արևը ծագում էր, խանձում ցերեկին, մայրամուտին հանգչում: Թանգին պինդ էր կոխում սեփական հողը, մտքում դրած սահմանին ձգտում անխռով, ինչպես ծագում է արևը, խանձում ու հանգչում մայրամուտին:

* * *

Մի գարուն էլ, երբ օրերը երկարացան, հողը տաքացավ, և գոլորշի բարձրացավ հանգստացած հողից, մի գարուն էլ Թանգու համար ուրախ լուրեր չեկան քաղաքից: Արևն էլի առաջվա տեղիցն էր ծագում, բայց Թանգուն թվում էր, թե ծռվել է աշխարհի առանցքը, վազքն ընդհատ է, շնչակտուր:

Թխպեց Թանգին: Այգում սեփական հողը պինդ չէր կոխում, դողում էին կոր ծնկները: Կանգնում էր ծառի մոտ, տեսնում, թե ինչպես լցվում են բողբոջները, սևին է տալիս խնձորենու մաշկը, զգում էր, որ զարթնում են արմատները, շարժվում են հողի մեջ կենարար հյութերը, և մտածում, որ գարունն ուրախ լուրեր չի բերել: Գունատվում էր մերթ, զայրանում, և զայրույթից չեչաքար երեսը կարմրին էր տալիս:

Օգոստոսին կարմրեց խնձորը, հասավ: Գիշերով թռան պարսպի վրայով, ծառերը պլոկեցին, ճղակտոր արին: Եվ երբ լուսաբացին Թանգին այգու դռնակով ներս մտավ, տեսավ խնձորները թափված, բոստանը ոտնակոխ, ճղները՝ կտրած կռներ, տեսավ և գիշերվա հետքերը, տերևներ ցողոտ այստեղ-այնտեղ, հասկացավ, որ գարունը տեղահան է արել պարիսպները, ուրիշ բերաններ կան գյուղում՝ խնձորի, փափուկ լավաշի կարոտ:

Տարիներն էլ անիվներ չէին անտես, այլ ծանր ջաղացքար, որոնք գլորվում էին թափով և տրորում պարիսպները, հիմնահատակ անում զավթած հողերի սահմանները, հարթում հավասար:

Մուրհակները խոնավացան, բորբոսնեցին երկաթե սնդուկում, ուժը հազիվ էր հերիքում պահելու եղածը, հեռվում մթնեց սահմանը, որ գծել էր նա գերեզմանատնից գալիս:

Խեղճացավ Թանգին:

* * *

Ուրիշ օրեր եկան, արև օրեր:

Կռունկները եկան, սևահողը տաքացավ, սևահողում արևի տակ ծլեց ոսկե հատիկը:

Թանգին գոհ կլիներ, եթե միայն կռունկները գային, և արևի տակ հատիկը ծլեր:

Գարունքին եկան հողերը չափելու, հավասարելու: Գյուղը մրջնոցի պես էր, գարունքին զարթնած մրջնոց:

Ժողով կար, աղմուկ, աղաղակ:

Վեր թափեք Թանգու հողերը, հավասար բաժին անենք, — կանչում էին ժողովում, Թանգու երեսին շպրտում՝ «քյասիբ ուտող»:

Եվ բարակ շղթաներով չափեցին հողերը, ապառաժն ու այգին, ջրովին ու դեմին: Չափեցին, նկարեցին, բաժին արին:

Թանգու հողերը սելավի բերանն ընկան, պարարտ հողերը թռան ձեռքից, հեռացող կռունկի պես, և մնաց այգու կեսը, մի օրավար ջրովի, երկու կտոր վարելահող: Շունչը քիչ էր, այդքան էր հասնում:

Երբ շղթաները զնգալով կտոր-կտոր արին Թանգու հողերը, նրան այնպես թվաց, թե սիրտն են կտրատում: Բողոքեց, սպառնաց, գանգատվեց, հռհռացին, ծաղրեցին:

Թանգին հենվեց այգու քարապատին, նայեց չափարարների հեռացող խմբին:

Մայրամուտ էր, իրիկնամուտ էր արդեն:

* * *

Հենց նույն գիշերը Թանգու տանը մի քանի հոգի՝ ազգ ու բարեկամ ժողովի նստեցին: Թանգին էր կանչել իր ճանաչ մարդկանց՝ մի հնար գտնելու, հողերի բաժանումը խանգարելու, մինչև՝

Մեզ համար մի լույս ծագի, — ինչպես ասում էր Թանգին:

Թողնեն իմ ձեռքով հողերս բաժանեմ: Մեկը քեզ տամ. ազգ ես ինձ, ինչո՞ւ խալխը ուտի, ես դատեմ...

Մինչև կես գիշեր հնար էին փնտրում, խափանման միջոց:

Թանգի ամի, մենք որ բողոք տանք, չեն ընդունի., Վերջը լավ չի լինի, — ասաց մեկը: — Եկ կանանց կազմակերպենք, թող նրանք անեն:

Հենց այդ գիշեր էլ կանչեցին մեկին, որին Թանգին խոստացավ չորս փութ ցորեն, և դիմումը գրվեց նախ միայն «կանանց միության» կողմից, բայց վերջում անհրաժեշտ համարվեց, որ տղամարդիկ էլ ստորագրեն:

Եվ գրագիրը թղթի վրա շատ պարզ դրեց նախ «ՀՍԽՀ», ապա ներքևը՝ «Մրվան գյուղի կանանց և տղամարդկանց միություն»:

Աքլորականչին ժողովը ցրվեց: Թանգին ճրագի տակ նայում էր գրած թղթին, որի վրա ներկա եղողներից մի քանիսը բութ մատով կնքել էին «վասն անգրագիտության»:

Մյուս օրը Թանգին գյուղում մարդու էր ման գալիս, կողմնակից ճարում, համոզում, որ թղթին ձեռք քաշեն: «Մրվան գյուղի կանանց և տղամարդկանց միության» դիմումը Թանգին հատուկ մարդով քաղաք ուղարկեց:

* * *

Երկար ժամանակ չանցավ:

Մի իրիկուն, երբ Թանգին տնքալով շորերն էր հանում քնելու, գզիրը կտուրից ձեն տվեց նրան, թե շտապ գործով կանչում են գյուղխորհրդից: Թանգին գնաց՝ ճանապարհին հազար միտք անելով, հազար կասկած: Դիմումը մերժել էին, հողաբաժանումը հաստատել:

Թանգի ապեր, գործդ հիմա էլ կանանց հետ է, միանում ես նրանց հետ, — ծիծաղելով ասաց նախագահը, — գնա, տեղդ հանգիստ նստիր, Թանգի ապեր, էն վաղ էր, որ...

Թանգին փոշման տուն վերադարձավ:

Պառկեց, քունը չտարավ: Միտք էր անում, միտն էր բերում պարարտ հողերը, հոր պատվիրանը՝

Աչքդ բաղին պահիր, — ոսկիները, որ տվեց հայրը մեռնելուց առաջ, բորբոսնած մուրհակները և երկաթե օղերով պսպղուն շղթան, որ բաժանեց սևահողը, այգին:

Թանգու աչքերն ընկան պատից կախած խաղուն, որ տարիների ընթացքում խունացել էր արդեն, հնացել:

ԳԱԼՈՒՍՏԻ ՎԻԿԸ

1

Եթե գյուղում մի ժողով լիներ, և եթե Գասպարենց Գալուստը տանը լիներ, անպատճառ պիտի գնար ժողովի:

Գալո՛ւստ, էդ ի՞նչ կա ժողովում, որ վազ ես տալի, — հարցնում էին երբեմն, — չունևոր մարդ ես, տանդ նստի, քո աղքատության ետևից ընկի: Ժողովն ի՞նչ կտա քեզ...

Գալուստը բեղի տակին ծիծաղում էր, ուսերն իրար տալիս ու ասում.

Ժողով ա էլի, մի բան լսում ես, մի բան սովորում: Թազա մարդիկ են գալիս, դեսից-դենից խոսում են, գյուղացու համար են ասում:

Ժողով գնալը Գալուստին չէր խանգարում: Աշխատելիս՝ երեք մարդի գործ էր շինում: Գյուղի գործերին ակտիվ մասնակցում էր: Ազատ ժամանակ էլ գնում խրճիթում նստում, գիրկապ անելով կարդում էր, թե ի՜նչ է կատարվում ուրիշ երկրներում, ո՜րտեղ կռիվ կա, մարդիկ ի՜նչ նոր բաներ են հնարել:

Մի բան որ դուր գար, երկրորդ անգամ էր կարդում, գլուխն օրորում և քթի տակ ասում.

Տես ի՛նչ հունարներ են նշանց տալի, է՛յ գիդի ուսում...Ապրելը հեշտանալու ա:

Դուր եկած բանը կպատմեր գյուղացիներին:

Կազեթում էսօր գրած էր՝ մի տեսակ հնար են գտել, որ ինչ վախտ քեֆդ անձրև ուզի, ամպերից վեր կբերեն...

Գալուստը գիտեր, որ գյուղում նորից անհավատ, պապենական ադաթին պինդ կպած մարդ շատ կա: Այդպիսի բաներ որ պատմում էր, նրանք չէին հավատում, սկսում էին հռհռալ:

Էլ ի՞նչ կա կազեթում...Կարող ե՞ն արևի՜ց չիբուխս վառեն, — ասում էր մեկը:

Ասում էլ էին, թե զավոդում կովեր են շինում, — ծաղրում էր մյուսը, — ո՞ւր ա, կլինի՞ իսկի, կհավատա՞ս դու, Ռուստամ ապեր...

Չէ՛, ո՛նց կլինի, մարդը չի՜ կարա ստեղծող լինի... — ասում էր Ռուստամ ապերը և Գալուստին խրատ տալիս.

Էդ կազեթը քեզ հաց չի տա, Գալուստ...Դու տավարիդ հոգսը քաշի, էս ա առաջդ ձմեռ ա գալիս:

2

Գալուստը գիտեր՝ գյուղում ով ի՜նչպես է ապրում: Ռուստամ ապերը գյուղի ունևորներից էր, բայց նրա տանն էլ մի ձեռքից ավելի փոխնորդ չկար:

Կեղտոտ են ապրում, ցեխի ու թրիքի մեջ. հիվանդանում են: Հնար էլ չկա մաքուր լինելու, գյուղացին աղքատ ա, ուժը չի պատում:

Մեկ ծնվելիս են լողանում, մեկ էլ մեռնելիս, — մտածում էր Գալուստը, և դրությունն ավելի վատ էր թվում նրան, երբ մտաբերում էր այն, ինչ տեսել էր ուրիշ երկրներում, որտեղ զինվորական գերի էր:

Ժողովներում, երբ քաղաքից եկածները խոսում էին հազար ու մի բաների մասին, նորություններ պատմում, Գալուստն ուշադիր լսում էր, մտքում ծանր ու թեթև անում նրանց ասածը և որոշում, թե ո՜րն է գյուղին հարմար և ո՜վ է ավելի լավ մոտենում գյուղի ցավին:

Ինքն էլ էր խոսում:

Այ, մեզ համար բաղնիք ա հարկավոր, կեղտի մեջին ենք. մեր տավարը խոտ չունի, ճանապարհ չկա...Ցավեր շատ ունենք, բայց մեծ ցավը մեր տավարն ա: Գեղացին վար ու ցանքով ա ապրում կամ անասունով: Դե, մեր տեղը վար ու ցանքի համար չի, մենք անասունով ենք ապրում:

Գյուղացիք գլխով համաձայնության նշան էին տալիս, իսկ քաղաքից եկած ընկերը գրում էր Գալուստի ասածները, որ քաղաքում իմաց տա, թե գյուղն ի՜նչ ցավ ու հոգս ունի:

3

Ամեն անգամ ժողովներից հետո գյուղացիք խումբ-խումբ հավաքված ծանր ու թեթև էին անում բոլոր լսածները և իրենց գյուղն աղքատությունից դուրս բերելու մասին զանազան կարծիքներ հայտնում:

Ոմանք համոզված էին, թե գյուղն այդպես էլ կմնա, քանի որ տնտեսությունը լավացնելու հնարավորություն չկա:

Էս սարերում ու ապառաժներում ի՛նչ կարելի է անել, — ասում էին նրանք:

Բայց կային ուրիշ տեսակ մտածողներ էլ:

Այ, մալականը մեզ օրինակ: Տեսնո՞ւմ եք, ի՞նչ կովեր են պահում: Նրանք վաղուց արտել են կազմել, գործարան շինել, լավ պանիր ու յուղ են պատրաստում, և իրենք էլ կուշտ ու մաքուր ապրում են...

Մալականների օրինակին հետևելու միտքն ավելի հնարավոր ու իրագործելի թվաց, երբ մի անգամ քաղաքից եկած ագրոնոմը ժողովում խոսեց անասունների, նրանց կերի, պանրի ու յուղի գործարանների և արտելների կազմակերպության մասին:

Ձեր գյուղում, — ասաց ագրոնոմը, — ներկա նեղ վիճակից դուրս գալու և քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ստեղծելու միակ միջոցը անասնապահության զարկ տալն է: Դրա համար դուք պետք է երեք բան անեք.

Следующая страница