Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

1. Վիկ և ուրիշ տեսակի խոտեր ցանեք, որ ձեր տավարը կուշտ լինի և շատ կաթ տա:

2. Արտել կազմակերպեք, նրա միջոցով վարկ ստանաք ու գործարան շինեքընտիր տեսակի պանիրներ ու յուղ պատրաստեք, որ լավ գնով ծախեք ու հոգաք ձեր ցավերը:

3. Կամաց-կամաց լավացնեք ձեր տավարի տեսակը, ինչպես մալականներն են արել:

Էդ մինը գյուղում գլուխ գալու բան չի, — կասկած հայտնեցին մի քանիսը:

Ուրիշ գյուղերում որ գլուխ են բերել, մեզ նման մարդիկ չե՞ն, — առարկեց Գալուստը:

Այս անգամ Գալուստի շուրջը հավաքվեցին մի քանի ուրիշ աչքաբաց գյուղացիներ և գյուղի երիտասարդներից շատերը:

Խոսեցին երկար ու բարակ, հաշիվ արին, թե գյուղում քանի՜ կով կա և ո՜վ կմիանա արտելին: Ցուցակ արին և որոշեցին կամաց-կամաց գյուղում սրա-նրա հետ խոսել ու մարդ ուղարկել քաղաք՝ արտել կազմելու համար:

Գալո՛ւստ, դե էդ քո բանն ա, քեզանից բացի ոչով չի կարա, — ասացին ընկերները:

Գյուղի գործ էր, գյուղն առաջ տանելու, լուսավորելու համար էր:

Գալուստը համաձայնեց:

4

Մյուս օրը լուսաբացին Գալուստը ճանապարհ ընկավ: Հովին հեշտ էր ճամփա գնալ: Երբ արևը ելավ ու քարերը տաքացան, Գալուստի ճակատից քրտինք կաթեց: Քայլում էր ճամփով, մեջքին մի աղլուխի մեջ ճամփի պաշար, քայլում էր և միտք անում էլի իր հին միտքը, թե ապրելը ե՜րբ է հեշտանալու...

Ճամփով սելվորներ էին գնում, ոտավոր, ծանոթ գեղական մարդիկ: Մեկը մի թաշկինակ ձու էր տանում քաղաքում ծախելու, մյուսը՝ երկու հավ, երրորդը՝ մի իշաբեռ խոտ: Ամենքն էլ հոգս ունեին, մեկը նավթ էր առնելու, մյուսը՝ շաքար, բյազ:

Ինքն իրեն թոնթորալով, մտքի հետ կռիվ տալով գնում էր ճամփան, մտքում Ռուստամ ապոր հետ կռիվ տալիս, նրան համոզում, որ արտելին անդամ գրվի, գեղով միանան, լավ բուղաներ առնեն, խոտ ցանեն:

Ոսկորը պնդացել ա, էլ ծռվիլ չի, — մտածեց Գալուստը Ռուստամ ապոր մասին, փափախը հանեց, սրբեց ճակատի քրտինքը: Միտն եկավ Ռուստամ ապոր խոսքը, թե «աքինչի օլ, բիլանջի օլմա» (ռանչպար եղիր, գիտուն մի լինիր), միտն եկավ և ծիծաղեց բեղի տակ:

5

Գալուստը քաղաքում ամեն ինչ իմացավ՝ գյուղին և իրեն հետաքրքրող հարցերի մասին:

Բանկը խոստացավ վարկով փող ու գործիքներ տալ, եթե նրանք արտել կազմեն և յուղի ու պանրի գործարան հիմնեն: Գործարանի շենքի համար խոստացան հազար ռուբլի բաց թողնել և, դրանից բացի, այդքան գումարի էլ մեքենաներ ու գործիքներ: Տված վարկը բանկը հետ պիտի ստանա 2-3 տարվա ընթացքում, որից հետո գործարանը յուր սարք ու կարգով կպատկանի գյուղի արտելին:

Գալուստը գյուղ տանելու համար վերցրեց արտելի կանոնադրությունը:

Նա գնաց նաև գյուղատնտեսական պահեստը, տեսավ սերզատ, յուղհան և ուրիշ մեքենաներ, ամեն տեսակի սերմեր ու ծանոթացավ դրանց գների հետ:

Բայց այդ օրը Գալուստի համար ամենից կարևորն ու արտասովորն այն էր, որ ագրոնոմի խորհուրդներով գնեց 2 փութ վիկ կոչված խոտի սերմից:

Եվ երբ եկած ճամփով Գալուստը գյուղ էր դառնում, նա ծանոթ սելվորին պատմում էր վիկի մասին:

Անունը լսել էի, համա չէի տեսել: Ասել էին ինձ, որ վիկը ցանովի խոտ ա, մեր սարերում առանց ջրի բսնում ա, շատ էլ խոտ ա տալի...

Առել եմ երկու փութ, տանեմ, մի լավ հող ունեմ սարում, սերմեմ, տեսնենք՝ ի՜նչ ա նշանց տալի: Թե որ լավ եղավ, եկող տարի շատ եմ ցանելու, գեղն էլ կսովորի ինձանից:

Էդ ի՞նչ խոտ ա. էդ հո գտա՛ծ ա, որ առանց ջուր սարում բսնում ա: Քանի՞ տարվա խոտ ա, — հարցրեց սելվորը:

Յոնջի նման չի, ամեն տարի պիտի սերմես:

Սերմը ինքը տալիս ա՞:

Կարելի ա, կտա, — պատասխանեց Գալուստը, և ինքն էլ կասկածեց: Մոռացել էր ագրոնոմից հարցնի այդ մասին:

Սելվորը հետաքրքրվեց: Գալուստը պարկը բաց արեց, վիկի սերմերը ցույց տվեց նրան:

Էս հո մեր գյուլուլն ա, — ասաց սելվորը զարմացած:

Հա, բայց սա լավ խոտ ա, — պատասխանեց Գալուստը:

Հետո խոսք ընկավ այն մասին, թե մեր սարերում, մեր դաշտերում ինչքա՜ն տեսակ-տեսակ բույսեր ու խոտեր կան, որ մենք դեռ չենք օգտվում, անպետք խոտ ենք համարում, այնինչ ուրիշ տեղեր, ուրիշ երկրներում ցանում են, սերմերը հավաքում, մեկից դեզ են շինում, մյուսից՝ մի ուրիշ բան:

Մենք էլ տավար պահող ե՞նք, — ասեց Գալուստը սելվորին, — կովի լեզուն մենք ի՞նչ գիտենք: Կեր չկա, որ ուտի, ձմեռը դարման ենք տալիս. սովածությունից խեղճ հայվանի կաթն էլ ցամաքում ա, կողքաճաղերը մին-մին կհամարես: Մի կովը մի տուն կպահի, եթե լավ կարողանաս պահել:

Լսում էր սելվորը, եզներն օրորալեն քաշում էին սայլը, անիվները ճռճռում էին: Գալուստը պատմում էր իր տեսած կովերի մասին, կաթնատու, ամեն մինը մի տուն պահող:

Խոտ չկա, ամենքի գլուխը խոտն ա: Խոտ որ շատ ունենաս, կով շատ կպահես: Շատ էլ չպահես, եղածին լավ կեր կտաս: Հայվանն էլ որ ուտի, տեղը լավ լինի, լավ էլ օգուտ կտա

Բայց սելվորի մտքինը վիկն էր: Նա հարցրեց, թե օրավարում քա՜նի փութ են սերմում և ո՜նց են ցել անում վիկի համար:

Մի հաշիվ ա, ցորենի հետ համեմատ ա, փութի տեղը մի փութ վիկ են շաղ տալիս, տափանում, մեկ էլ գալիս, հարում:

Ճանապարհը բարձրանում էր սարն ի վեր, իջնում, էլի բարձրանում: Կամուրջին որ հասան, սայլը կանգնեց, Գալուստը պարկը շալակեց, որ կածանով բարձրանա դեպի գյուղը:

Շեն մնաս, — ասաց նա սելվորին:

Գալուստ, էդ վիկի մասին ինձ իմաց տուր. թե լավ բերք ստանաս, ես էլ եմ սերմելու:

Մութ էր, երբ Գալուստը պարկն ուսին տուն մտավ:

Էդ ի՞նչ ա պարկի մեջ, — հարցրեց մեծ տղան:

Խոտի սերմ ա, — պատասխանեց Գալուստը, — Սանդ աղբյուրի գլխի օրավարում պիտի սերմեմ:

Հարցրեց, թե ջրե՞լ են կովը, դարման տվե՞լ են:

Դարմանն էլ պրծնելու վրա յա, — ասաց կինը:

Ոչինչ, մի ճար կանենք:

Գալուստը սաստիկ հոգնած էր՝ շորերը հանեց ու քնեց:

6

Առավոտյան եկան ընկեր ու հարևան, Գալուստը պատմեց, թե ի՜նչ են ասել քաղաքում արտելի մասին:

Էդ հո հարմար պայման ա, մաշինեքը տալիս են, փող էլ կա, մենք էլ կաշխատենք էլի, — ասաց մեկը:

Խոսեցին, թե ե՜րբ ժողով անեն:

Պետք ա շուտ անենք, հրես առաջներիս մայիս ա, թե որ հիմա չանենք, պետք ա մնա եկող տարի, — ասաց մեկը:

Էդ շուտով գլուխ գալու բան չի: Մինչև ժողով անես, մինչև հաստատեն, մաշինը բերես, տարին կանցնի:

Գալուստը լուռ լսում էր: Շատ խոսեցին: Երկու կողմ կար. մեկը հենց իսկույն էր ուզում, մյուսն էլ կասկածում էր, թե այդ գլուխ գալու բան է:

Բայց Գալուստի ասածը բոլորի համար էլ ընդունելի եղավ:

Եկեք արտելը հիմի կազմենք, շենքի հոգս քաշենք, վարպետ ճարենք, գնանք մաշինեքը բերենք: Էդ որ պատրաստ լինի, եկող գարունքին կաթը կհավաքենք, պանիր կանենք:

Վերջը Գալուստը ցույց տվեց քաղաքից բերած վիկի սերմը:

Մի տեսեք՝ ի՜նչ եմ բերել, սրա՛ն մտիկ արեք: Էս էն վիկն ա հա՛, էն որ ձմեռը կազեթում գրած էր, ագրոնոմն էլ ասեց, թե անջուր տեղի խոտ ա, սար տեղերում լավ բերք ա տալի...

Հարց ու փորձ արին, սերմը տեսան, գինը հարցրին:

Գալո՛ւստ, բա հիմա ուշ չի՞, հրես ապրիլը վերջանում ա:

Վնաս չունի, Սանդ աղբյուրի գլխին մի օրավար տեղ ունեմ. կտանեմ նրա վերի ծերին կսերմեմ: Էնտեղ խոտը նոր ա կանաչում, տեղը սար ա:

Ռուստամ ապերը որ իմանա, էլի ասելու ա, թե Գալուստը օյին ա սարքում:

Ասում ա, թող ասի: Խոտը հարելիս ես նրան կասեմ: Էս խոտն ա մեր գյուղը շինելու:

Մյուս օրը գութանը Սանդ աղբյուրի գլուխն էր վարում: Գութանավորն էլ չէր հավատում. վարում էին և ծիծաղում Գալուստի վրա:

Ժանգյալ խոտ ա, սերմը ժանգելու յա, մեր հողերը ապականի, էդ ի՜նչ ա, որ բերել ես: Թողնեիր հողդ մի տարի էլ դինջանար, ցորեն ցանեիր, — ասաց մաճկալը:

Կարկուտն էլ գա՛ր, ցորենս թակե՛ր կամ մուկը գար կրծե՛ր, մնայի սովա՜ծ: Վարի՜ , վարի՜, էդ ակոսն էլ ծրի, հե՜րիք ա, երկու փութ ա սերմս:

Եզներն արձակեցին, Գալուստն ինքը շաղ տվավ սերմը: Հերկը տափանեցին՝ սերմը ծածկեցին հողով:

Գալուստը կածանով իջնում էր տուն ու միտք անում արածի մասին: Պիտի բսնե՞ր վիկը, օգուտ պիտի տա՞ր, թե՞ պիտի չորանար, կորչեր:

Ինչքա՛ն պիտի խոսեին գյուղում այդ մասին, ինչե՛ր պիտի ասեր Ռուստամ ապերը Գալուստի երեսին, եթե վիկը չծլեր, բերք չտար...

Իսկ եթե ծլի՞, շա՛տ խոտ տա՞...

7

Աշխատանքի եռուն ժամանակն էր: Ցանքը պրծել ու ցելի հետևից էին ընկել: Տավարը սար էին տանում: Լուսաբացից մինչև իրիկուն մրջնոցի պես աշխատում էր գյուղը. մեկը սարում, մյուսը բոստանում կամ արտում: Ցերեկով գյուղում միայն ծերերն էին մնում. նրանք էլ անգործ չէին նստում: Հավաքվում էին պատի տակ կամ ծառի շվաքում նստում, որը թոռան տրեխն էր կարկատում, որը գերանդի էր սրում, որն էլ թազբեհը ձեռքին քաշում էր և անցած-գնացած օրերից պատմում: Ծերերը լսում էին պատմությունը հին, մտաբերում օրերն անցած, արարքները ջահել, երբեմն էլ թառանչով ասում.

Հե՛յ գիտի ջահելություն...

Գալուստն է՜լ էր աշխատում մյուսների նման՝ լուսաբացից մինչև իրիկուն:

Շաբաթը մի անգամ, երկու անգամ, պատահած ժամանակ է՜լ ավել Գալուստը բարձրանում էր Սանդ աղբյուրի գլուխը տեսնելու, թե ինչպես է ծլում, մեծանում վիկը:

Առաջին շաբաթը բան չերևաց. ծիլեր չկային: Խո՞ր էր գցել, թե՞ ուրիշ պատճառ կար, վիկը չէր երևում: Գալուստը միտք էր անում, գուցե սերմն է վատ, գուցե ինքն է սխալ արել: Բայց երբ փորեց հողը և տռզած սերմերն ու սպիտակ ծիլը տեսավ հողի տակ, սիրտը լցվեց, ուրախացավ, սրտում էլ երևաց հույսը ծլի պես:

Չէ՛, պիտի բսնի՛...

Մի շաբաթ հետո արտը կանաչին էր տալիս, սև հողը չէր երևում: Գալուստն ուզեց անպետք խոտը քաղհան անի. որ վիկն ավելի լավ աճի, բայց միտն եկավ ագրոնոմի խոսքը.

Վիկն ուրիշ ժանգյալ խոտերի խեղդում է, չի վախենում...

Թող խեղդի, ձեռք չեմ տալու...

8

Միայն Գալուստը չէր հետաքրքրվում վիկով. ուրիշներն էլ էին գալիս նայելու: Արտի կողքով մի կածան էր ընկած: Անցնող դարձող էր լինում: Հենց որ Գալուստի հողին էին հասնում, կանգնում էին, նայում:

Էս ա, հա, Գալուստի օյինն ա...

Շատերը խոտի անունն էլ չգիտեին, հենց այդպես էլ ասում էին՝ Գալուստի օյինը:

Առաջին շաբաթը, երբ խոտը չէր ծլել, ցելը դեռ սևին էր տալիս, ծաղրում էին, ծիծաղում:

Այ թե հացդ կերար, հա՛ , Գալուստ...

Կամ գնում էին գյուղ, Գալուստին փողոցում տեսնելիս ասում.

Ե՞րբ ես հարելու, Գալուստ, խոտդ պառկել ա, փչանում ա:

Ռուստամ ապերը հո մատի փաթաթան էր շինել.

Էս հասակի մարդ եմ, տեսե՜լ չեմ, հիմի նոր խոտ են ասում: Մեր հողն ընդունիլ չի՜, զո՛ւր ա, Գալուստ:

Գալուստը լռում էր, պռոշները հուպ տալիս, բայց մտքում մի խոսք կար.

Սպասի՜, Ռուստա՜մ ապեր...

9

Հունիսն էր. վիկը բոյ էր քաշել, աճել փարթամ, տերևները մուգ-կանաչ, ցողունը բարակ, փափուկ: Կանաչի մեջ կարմրավուն ծաղիկներ կային, ասես մեկը գունավոր քարեր էր շաղ տվել կանաչի վրա: Վիկը ծաղկել էր:

Սանդ աղբյուրի գլուխն ուխտատեղ էր դարձել: Գյուղում շատ անգամ էին խոսում Գալուստի օյինից: Բայց կամաց-կամաց մոռացվում էր օյինը, քանի բոյ էր քաշում խոտը: Առանց ջրելու բուսած վիկը խոստանում էր առատ բերք, և բերքի հետ բերնե բերան անցնում էր Գալուստի վիկի պատմությունը:

Գնում էին, պոկում, նայում ծաղիկներին:

Վիկը չսանրած մազի պես մճճվել էր, իրար խառնվել: Մի բուռ որ քաղում էին, ձգվում էին ցողունները, ասես՝ ծալվեծալ էր պառկած:

Գալուստ, սեյրակ սերմած լինեիր, լավ կլիներ, — ասում էին նրանք, որ մայիսին կասկածում, ծիծաղում էին:

Լեզուն դեռ չեմ իմանում, եկող տարի սեյրակ կանեմ, — ասում էր Գալուստը:

Ռուստամ ապերն էլի չէր հավատում: Գալիս էին ու նրան պատմում Գալուստի վիկի մասին: Մի օր էլ տավարածը սարից գալիս մի քիչ քաղեց, բերեց ցույց տալու: Ռուստամ ապերն էլ նստած էր ժամի պատի տակ: Աչքի տակով նայեց, շոշափեց:

Հը՞, Ռուստամ ապեր, հիմա ի՞նչ ես ասում, տես ի՛նչ բոյ ունի է՛, — ասեց մեկը և ցողունը մեկնեց:

Ռուստամ ապերը նայեց ցորնաբոյ ցողունին, գլուխը թափահարեց:

Էս խ՛ոտ, համա ի՞նչ անես, որ ապրանքն ուտելու չի, — ասաց նա բանիմաց մարդու նման:

Շատերը հավատացին, էլի կասկածեցին, գուցե ճիշտ է ասում Ռուստամ ապերը: Երևի մի բան կա, որ խոտն այդքան բոյ է քաշել: Հին խոսք է, թե պտղատու ծառը բոյով չի լինի:

Ռուստամ ապոր խոսքը Գալուստի ականջին հասավ: Էլի պռոշը հուպ տվավ, բեղի տակ ծիծաղեց:

Սպասի՜, Ռուստամ ապեր, էլի սպասի...

10

Գալուստը գիտեր, որ վիկը շուտ է հասնում: Ցանելուց երկու ամիս հետո կամ թե մի տասը օր ավել, վիկն արդեն կարելի է հարել: Նրան ասել են, որ հարկավոր է վիկը փափուկ ժամանակ հարել, որ ցողունը կոշտ չլինի: Այդպես համ տավարն է ախորժակով ուտում, համ էլ ցողունն ու տերևները խուրձ կապելիս չեն ջարդվում, չեն փշրվում:

Ափսոս, որ շուտ չեմ ցանել: Հողը նոր տաքացած ժամանակը ցանած լինեի, հիմա արդեն խոտը հավաքած կլինեի:

Գալուստին ասել էին, որ երկու տեսակ վիկ կա, մեկը աշնանն են ցանում, մեկն էլ՝ գարնանը: Գալուստի ցանածը գարնան վիկ էր:

Մեկ էլ ոտս որ քաղաք ընկնի, էն մի տեսակից էլ պիտի բերեմ: Իմ խելքով՝ աշնան վիկը մեզ ավելի ձեռնտու ա, — ասում էր Գալուստն իր ընկերներին, որոնցից մի քանիսն արդեն խոսք էին տվել եկող տարի վիկ ցանելու:

Մեր օգուտի թշնամին ե՞նք, — ասում էին իրար, — եկել մեր դռանը չոքել ա, չվերցնե՛նք:

Գալուստը պատմում էր, որ լսելով՝ ուրիշ երկրներում վիկով հողերը պարարտացնում են: Վիկը ցանում են, հենց որ բոյ է քաշում, ուզում է պառկի, վարում են վիկի տեղը, խոտը հողի տակովն անում, իրար խառնում: Հողի մեջ վիկը փտում է և հողը պարարտացնում:

Էդ հենց մեզ համար ա: Փեյին չունենք, ճամփեքը դժվար, տեղներս սար, հողերը հեռու, — ասում էին նրանք:

Թող մի եկամուտն իմանամ, եկող տարի էդ էլ եմ վարձելու, — ասում էր Գալուստը:

Չէ, Գալուստ, դու դեռ շատ հունարներ ես նշանց տալու մեզ:

11

Մի օր էլ Գալուստը վիկը քաղեց: Վիկն արդեն հասել էր՝ ներքի տերևները դեղնել էին:

Տոն էր Գալուստի համար, մեծ ուրախություն: Արևը խանձում էր վերևից, ինչպես առաջ, երբ ծանոթ սելվորի հետ վերադառնում էր քաղաքից, պարկի մեջ վիկի սերմը:

Քրտնել էր Գալուստը, բայց գերանդին օձի պես սլլում էր վիկի դալար ցողունների մեջ: Գերանդին պսպղում էր արևի տակ, վիկի փնջերը թափվում էին իրար վրա.

Մի շերտ որ հարեց, ծայրին հասավ, ետ նայեց ու բեղի տակ քմծիծաղ տվեց...

Ռուստամ ապերն էստեղ լիներ, աչքով տեսներ...

Արևը խանձում էր վերևից: Սանդ աղբյուրի գլխին բեզարած Գալուստը բաց արեց պաշարը, կերավ, աղբյուրի ջրից խմեց, էլի գնաց հարած խոտը տեսնելու:

Նրան թվաց, թե ինքն ամենից բախտավոր մարդն է աշխարհում, թե հիմա մի քիչ հեշտ է լինելու գյուղում ապրելը:

Առավոտն եկավ, հարածը մյուս երեսին դարձրեց, որ չորանա: Արևը թեքվում էր, երբ նա սկսեց խուրձ կապել:

Ճամփով անցնող գյուղացիք այդ օրն ավելի շատ էին կանգնում Գալուստի արտի մոտ, կռանում, վիկի ցողուններին նայում:

Տե՛ս է՛, արտում ժանգյալ խոտ էլ չի մնացել: Մեկի արմատն էլ ա չի երևում: Ա՛յ խոտ ա հա՛... — ասում էին ընկեր ու հարևան:

Նորից էին հարցնում, թե քանի՜ փութ է սերմել, սերմը ո՜րտեղից կարելի է ճարել, հաշիվ էին անում, վարն էլ, սերմի գինն էլ, հարողի փողն էլ, էլի մեկին երկու օգուտ էր մնում:

Գալուստը և՛ խուրձ էր կապում, և՛ պատմում, թե ո՜վ է իրեն պատմել վիկի մասին, թե առաջին անգամ ո՜ր կազեթում է կարդացել, սերմը որտեղի՜ց կարելի է առնել: Պատմում էր և խրձեր կապում:

Էս ձմեռ երնեկ քու տավարին, Գալուստ, մերը չոր դարման ա ուտելու, քոնը՝ վիկի խոտ:

Մութն ընկնելու վրա էր, երբ Գալուստը գործը վերջացրեց և սկսեք խուրձերը մեկ-մեկ համարել: Հարյուր երեսուն խրձից երկուսն էր պակաս:

Էն երկու խուրձն էլ սրա-նրա պոկածը թող լինի:

Կիսամութին, Գալուստը չուխան ուսին գցած, իջնում էր կածանով և մտքի հետ հաշիվ անում, թե մի օրավարի տեղն ինչքա՛ն խոտ կտար, մի դեսյատին՝ ինչքան: Հաշիվ էր անում, ծախսերը դուրս գցում, և էլի տակին մնում էր ավելի, քան թե ցորենի արտն է տալիս սարի գյուղերում:

Գութանավորը ծիծաղում էր, երբ վարում էր վիկի տեղը: Նույն օրը գութանը վիկի կողքին մի արտ էլ էր վարել: Նրա տեղը ցորեն էր ցանել:

Համա կլիանա հա՛, — մտածեց Գալուստը:

Արտի մի մասին կարկուտն էր արդեն խփել, իսկ կարկուտից ազատ մնացած մասում ցորենը բոյ չէր քաշել, սեյրակ էր բուսել:

12

Վիկը տուն կրելիս շատերն էին խուրձերին նայում, մատներով խոտը տրորում: Հարցնում էին, թե քանի՜ խուրձ է, ոմանք չէին հավատում ու Գալուստին կանգնեցնում էին:

Ա՜յ մարդ, ձեր առաջով չպիտի անցնե՞մ, — ասում էր Գալուստը, — չես հավատում, դե կանգնի մեկ-մեկ համարի:

Մի բեռ էլ բերելիս Գալուստի աչքով ընկավ Ռուստամ ապերը, որ ժամի պատի տակ նստած թազբեհ էր քաշում: Միտն ընկավ Ռուստամ ապոր խոսքը:

Էս խո՛տտեսնենք մեր տավարը կուտի՞ ...

Գալուստը նայեց Ռուստամ ապոր կողմը: Պատի տակ նստոտած մարդիկ տեսան այդ, հասկացան, թե ի՜նչ է ուզում ասի Գալուստը:

Ռուստամ ապեր, մեր հողը կընդունի՞, թե չէ, — հարցրեց Գալուստը ծիծաղելով:

Ռուստամ ապերը չպատասխանեց: Նա դեռ երեկ էր լսել, որ Գալուստը հարյուր քսանութ խուրձ խոտ է հարել իր փոքրիկ տեղից: Լսել էր և չէր հավատացել: Բայց առավոտյան նա արդեն առաջին բեռն ու մեծ խուրձերը տեսել էր:

Հանկարծ պատի տակից մեկն ասեց.

Չէ՛, չէ՛, էդ հավատալի ա. հիմա դու էն ասա, էդ վիկի խոտը ձին կուտի՞ ...

Բերենք փորձենք, — վրա բերեց մի ջահել:

Փորձենք:

Ռուստամ ապոր ձին բերեք, — ասաց ջահելը:

Ռուստամ ապերն ուզեց սաստի, արգելի, բայց ամենը վրա տվին, հռհռացին, թե անպատճառ Ռուստամ ապոր ձին պիտի ուտի, որ հավատան:

Գալուստր բեռը վեր դրեց, բերեց մի խուրձ դրեց ճամփի մեջտեղը:

Ռուստամ ապոր ձին բերին: Ձին մռութը մի կողմից կոխեց խուրձի մեջ և սկսեց ախորժակով ուտել:

Ա՛, ոնց ա գելի պես ուտում է՛ , — ասաց մեկը:

Ա՛յ քեզ խոտ

Գալուստը խոտը բարձեց, գնաց: Մի անգամ էլ ետ նայեց Ռուստամ ապոր կողմը, ծիծաղելով հարցրեց.

Ռուստամ ապեր, կերա՞վ, թե՞ չէ՛ ...

Ռուստամ ապերը չպատասխանեց...

13

Իրիկունը Գալուստի կինը զարմանքով էր պատմում, թե ինչքա՜ն ծանր էին խուրձերը: Նա էլ սկզբում չէր հավատացել:

Գալուստը տրեխներն էր հանում և միտք անում, թե վաղը քար պիտի բերվի արտելի համար: Կինը մտածեց մի քիչ, հետո թե՝

ինչքան զարմանք բան կա՛ աշխարհում...

Դեռ ո՛րտեղ ենք, — ասաց Գալուստը...

ԴՐՈԳԱՊԱՆ ԳԵՎՈՆ

1

Ամեն առավոտ խանի դարպասը բացվելիս, ամենից առաջ դրոգապան Գևոն էր դուրս գալիս: Եվ այնպես արագ, կասես հրապարակի վրա ուղևորները վաղուց էին սպասում նրան:

Կամա՛ց, տո՛, տակովն արիր, — կասեր խանի տերը, երբ Գևոն դրոգի վրա նստած դուրս գար խանից:

Կրակի հո չես գնում, — կավելացներ նա: Իսկ դրոգը, փոշու ամպի մեջ կորած, գռգռալով հրապարակի լայնքն էր կտրում:

Գևոն առավոտ կանուխ մի քանի պտույտ էր անում, դրոգի վրայից ձայն տալիս.

Մի հոգի, վռազ Երևան էթացող...

Եվ երբ փոքրիկ քաղաքում առավոտ կանուխ մի հոգի վռազ գնացող չէր լինում, Գևոն դրոգը շուռ էր տալիս հրապարակի կողքի նեղլիկ փողոցը և կանգնում ծանոթ միկիտանի առաջ:

Դրոգի վրայից թռնելիս էր նա բարի լույս ասում գիշերն անքուն լուսացրած, դախլի առաջ աչքերը կիսախուփ արած միկիտանչուն, որ նոր էր ջուր շաղ տվել խանութի հողե հատակին և խաշի կճուճի երեսը պինդ ծածկել:

Մի թաս, վռազ, պասաժիրը չի կայնում, — կասեր Գևոն և ձեռքը կմեկներ տախտակի վրա շարած բաժակներին՝ մեկի պռունկը կոտրած, մյուսն առանց տակ, ապակին ճարպոտ, գինու կարմիր շիթերը վրան:

Ամեն օր Գևոն առավոտ կանուխ պիտի տաքանար օղիով: Մի թաս խմելը նրա համար նույնքան անհրաժեշտ էր, որքան իր լղար ձիերի համար գարին: Նա ինքն էլ չգիտեր, թե առավոտ կանուխ խանից դուրս գալու պատճառը օղի՞ն էր, թե այն երևակայական մարդիկ, որոնք ըստ Գևոյի, անպատճառ պիտի սպասեին հրապարակում:

Եթե փոշու ամպի մեջ նա ձայն էր տալիս.

Մի հոգի, վռազ էթացող, — այդ էլ մի անհրաժեշտ ձև էր, որովհետև եթե այդպիսին ճարվեր էլ, նա դարձյալ նեղլիկ փողոցում օղին պիտի խմեր և վերադառնար պասաժիրը տանելու: Այդ ժամանակ նա մի բան պիտի սարքեր, հնարեր մի պատճառ:

Էն սև ձին մեխով էր ընկել, տարա մեխը հանի...Էհ, մի օրինավոր նալբանդ էլ չկա էս քաղաքում, սաղ էլ հարամզադա են...

Կասեր և այնպիսի ձայն կհաներ, այնպես կկանչեր ձիերի վրա, որ դրոգում նստած մարդը մի րոպե կմոռանար դրոգի օրորվելը, անիվների չխկչխկոցը: Մի հոգուն նստացնելուց հետո Գևոն դրոգը քշում էր հրապարակի կողքի փողոցներով, էլի կանչում:

Մի հոգի, վռազ էթացող, — մեկն էլ ճարում, հետո շուռ տալիս հրապարակը, երրորդին վերցնում: Եվ եթե քաղաքից դուրս գալիս հանկարծ մեկն էլ պատահեր, Գևոն նրան էլ էր վերցնում, թեկուզ կես ժամ էլ ուշանար: Շատ անգամ ինքն իջնում էր, վերջին ուղևորի իրերը կապոտում, շալակում, բերում դրոգում տեղավորում:

Իհարկե, դրոգում նստողները գանգատվում էին, բարկանում: Իսկ առաջին ուղևորը, որ հրապարակում էր նստել և Գևոյի դրոգում նստած անցել էր քաղաքի ծուռ ու մուռ փողոցները, հրապարակը, լսել էր դրոգապանի հնարած պատմությունը, կեղծ զայրույթը:

Դե ե՜կ էլի՜ , շան..., երեկվանից եմ ասել հազիր կաց, — կամ թե`

Ախպե՛ր, ախր քու ի՞նչ բանն ա, որ քուչեքն ես ընկնում: Հազար անգամ ասել եմ, պասաժիր ես, արի մեյդանն էլի, ընտեղ նստիր

Առաջին ուղևորն այնքան էր հերսոտում, որ գերադասում էր լռել, մտքում խոսք տալով մյուս անգամ Գևոյի դրոգով չգնալ:

Վերջին ուղևորին տանելիս, նա մյուսներին միշտ էլ ասում էր.

Ծանոթ տղա յա, բա վեր չունե՞մ...վախիլ միք, ընենց թռցնեմ, որ ըսկի ռեզինի ֆայտոնն էլ չհասնի: Ձիերս կես փութ գարի են կերել էս գիշեր...

Այդ ասելիս նրա մտրակը շառաչում էր լղար ձիերի մարմնի վրա, ցնցվում էին ձիերը, հանկարծ ձիգ տալիս, դրոգը տեղից շարժում: Քաշելիս տնքում էին, և եթե մեկը հասկանար նրանց տնքոցը, պիտի ասեր, որ ձիերը համամիտ չեն Գևոյի հնարած պատմության՝ կես փութ գարու մասին: Բայց որովհետև չէին հասկանում ձիերի տնքոցը, դրոգում նստողներից ոմանք առաջին պահ միամտորեն կարծում էին, թե ձիերը, իրոք, հրեղեն են, ռեզինե ֆայտոնից էլ կանցնեն:

Ճանապարհին բավական փոշի կուլ տալուց, անց ու դարձ անող կառքերին նայելուց հետո, նրանք, որոնք առաջին անգամ էին գնում Գևոյի դրոգով, — համոզվում էին, որ դրոգը միայն եզան սայլի առաջն է կտրում և լուռ ու մունջ դրոգի երկաթ ճաղերից բռնած, աշխատում էին հավասարակշիռ նստել, կողքերով ավելի քիչ հրել երկաթ ճաղերին: Իսկ այդ անխուսափելի էր, որովհետև դրոգն ալեծուփ ծովում լողացող անառագաստ նավի պես ոչ միայն վեր ու վար էր անում, այլև այս ու այն կողքին դառնում:

Հերիք էր, որ ճամփեն մի քար լիներ կամ մի փոքրիկ փոս, անիվները շրխկոցով քարին կպչեին կամ փոսի մեջ ընկնեին, հերիք էր այդ ամենը, որպեսզի դրոգում նստողները խայթվածի պես ցնցվեին, իրար դիպչեին, աղիքները տեղահան լինեին: Եվ այդ ժխորի մեջ նրանք չէին լսում Գևոյի ձայնը և թունդ հայհոյանքը ճանապարհ շինողի հասցեին:

Գևո՜ , քշի՛ր, մեռանք էս շոգին, թոզը մեզ խեղդեց, — ասում էին դրոգում նստողները, հենց որ մի կառք, փափուկ ռեսորների վրա, սուրալով անցնում էր, փոշի անում:

Հրես քշեմ, էս դարն էլ բարձրանամ: Դու նրանց քշելուն մի նայի, որտեղ որ ա ձիերը կայնելու են...նրանց ուժը ես գիտեմ, — ասում էր Գևոն, սանձերն իրար տալիս:

Ձիերը քայլերը մի քիչ արագացնում էին, հետո էլի դանդաղում, կարծես նրանք էլ գիտեին, որ այդ դժգոհությունը հարկավոր է մի քիչ գոհացնել և հետո էլի առաջվա ընթացքով շարժվել:

Մեկ էլ ճամփի կեսին կանգնում էր.

Արի՛ նստի, արի՛, ոտով մի գնա, — կասեր Գևոն ոտով գնացող մի ճամփորդի:

Դրոգում նստողները լսում էին նրանց սակարկությունը:

Տո՛, ի՛նչ կտաս տուր է՛, ես քեզ հըմար եմ ասում, ոտքով չգնաս...

Հետո ճամփորդը մի կերպ սողոսկում էր դրոգի մեջ, նստողները սեղմվում էին նորեկին տեղ տալու: Եթե մեկը բողոքեր, Գևոն էլի իրենն էր ասում.

Բա հո ճամփին չեմ թողնելու...խղճով բան ասա, խղճով...

Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ այդ խիղճը քսան կոպեկից ավելի չարժեր, քանի որ նրանց սակարկությունը այդ գնի վրա էր հանգել:

Պատահում էր, որ Գևոն ճանապարհին մի ուրիշին էլ էր տեղավորում դրոգում: Դրոգը մի քիչ ավելի էր ծանրանում, դարով բարձրանալիս մի քանիսը պիտի իջնեին, որ ձիերը կարողանային քաշել. իր բարձունքից Գևոն ավելի սաստիկ էր մտրակում ձիերին, որոնք մեջքները մտրակի ամեն մի հարվածից ծռմռատում էին, ոտքերով դոփում խճած ուղին, լայնացնում ռունգերը, որովհետև փուքսի նման բաց ու խուփ անող թոքերը վերելքում ավելի շատ օդի կարիք ունեին:

Ճամփին մի տեղ Գևոն անպատճառ պիտի հանգստանար:

Դրոգը քշում էր ծառի շվաքի տակ, դարմանով լի պարկեր կախում ձիերի վզից, ինքը մեկնվում շվաքում:

Բայց միշտ այդպես չէր անում: Շվաքում պառկելը կախված էր նրա գրպանի արծաթից: Եթե գրպանում զնգար թեկուզ մի արծաթ, Գևոն շվաքում պառկելու տեղ՝

Հրես կգամ, — էր ասում և դիմացի տան դուռը բաց անում:

Դրոգում նստողներից մեկը կամ երկուսը, որ ավելի անհամբեր էին, պիտի գնային, նրան կանչեին: Գևոն դուրս էր գալիս, քիթն ավելի կարմրած: Երեսը փոշոտ էր, միայն շրթունքներն էին թաց:

Հասանք հա, — կասեր, դարմանի պարկերը կհաներ ձիու գլխից, — ինձ էլ հո չեք ուտելու, անիրավներ, — ձիերին կասեր, և լախտի պես մտրակը էլի կապույտ հետք կթողներ ձիերի փոշոտ մեջքին:

Դրոգը գոռալով գլորվում էր փոշոտ ճամփով, ճամփորդները շոգից թուլացած, գլուխ գլխի, օրորվում էին դրոգում, ասես ամենքն էլ՝ Գևոն, դրոգը, ձիերը և ճամփորդները թունդ հարբած էին:

Վայ թե հանկարծ մի կառապան անցներ Գևոյի ծանոթներից և ծաղրանքով կանչեր.

Ուստա Գևո, քշի է՜, քշի մեռելի ղութին...

Եթե ասեր, Գևոն պիտի ցատկեր նստած տեղից, իրեն քաշեր սանձերը և սուր, յուրահատուկ մի հայհոյանք շպրտեր հեռացող կառքի ետևից:

Մեռելիդ ականջը...

Զայրույթը ձիերի վրա պիտի թափեր:

Ի՞նչ եք սատկածի քաշում: Գարին ուտելիս ախոռն էլ հետն եք կրծում, գնալիս կասես մերած մածուն եք տանում:

Ձիերն էլի տնքում էին: Եթե նրանք գարի ուտելիս ախոռն էլ հետն էին կրծում (իսկ այդ ճիշտ էր), գարին քիչ լինելուց էր և եթե դրոգում ճամփորդների տեղը մերած մածունով լի կճուճներ լինեին, վաղուց արդեն մածունը յուղ դարձած կլիներ:

Երբ հասնում էին այգիներին, Գևոն ավելի հաճախ էր մտրակում ձիերին, հոգնած ձիերը վերջին ուժն էին տալիս, քայլերն արագացնում: Դրոգը շարժվում էր, ցնցվում: Նստողներին մերթ այնպես էր թվում, թե գետինն է ժաժ գալիս, որովհետև անհասկանալի էր, թե ինչու հարթ խճուղու վրա էլ այդպիսի ցնցումներով է գլորվում դրոգը: Այդ գաղտնիքը միայն ռեսոր շինող Մեխակի արհեստանոցում կարելի էր պարզել:

Դրոգը՝ կտուրին բարձած կողովներ, կապոցներ, սնդուկներ, մեջը լի ճամփորդներ, որոնցից ոմանք կես կանգնել էին, կես կախվել դրոգի երկաթե ճաղերից, — երբ դրոգը վերջապես տեղ էր հասնում, ճամփորդներն իջնում էին, կապոցները շալակին ցրվում, — Գևոն դրոգը քշում էր խանի դռնով ներս, դարմանով լիք պարկերը էլի կախում էր ձիերի վզից, ինքը մոտակա խանութը գնում:

Օ՛հ, մեռանք էս շոգից...

Մի երկու բաժակ խմելուց հետո, երբ քիթը կարմրին էր տալիս հասած պամիդորի նման, գլուխը պտտվում էր, սեղանները, գինու դատարկ շշերը, մարդիկ, բաժակները պտույտ էին գալիս, օրորվում, — Գևոյին թվում էր, թե միկիտանն էլ մի դրոգ է, օրորվող, ռեսորները ջարդված դրոգ:

2

Սովորաբար Գևոն քաղաքում գիշերում էր: Եվ գիշերելու պատճառը ոչ միայն հարբած, պատեպատ ընկնելով խան վերադառնալն էր, այլև առավոտ կանուխ դրոգի կոտրված մասը նորոգելու անհրաժեշտությունը: Իսկ դրոգը հաճախ կարիք ուներ նորոգման, որովհետև ամեն անգամ կամ մեխ էր դուրս ընկնում, կամ ռեսորներին փաթաթած երկաթ լարերն էին բացվում:

Առավոտ կանուխ Գևոն գնում էր ձիերին նայելու:

Հը՞, կերա՜ք, ես գիտեմ, ինձ էլ եք ուտելու մի օր:

Բայց նրա դժգոհությունն անհիմն էր, քանի որ եթե գիշերը հարբած չլիներ և նայեր ձիերին, կտեսներ, որ կերը երեկոյան է վերջացել: Գիշերվա ընթացքում ձիերին մնում էր լսել, թե ինչպես կողքի կապած ձիերն ատամների տակ գարի են խռթացնում, կրծել ախոռի տախտակները կամ իրար վիզ քորել: Եվ երբ Գևոն առավոտյան էլի մի քիչ դարման ու գարի էր տալիս, ձիերն ագահությամբ վրա էին պրծնում:

Next page