Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Մինչև ձիերը դարմանն ու գարին ուտեին, Գևոն դրոգից հանում էր փայտե մի մեծ արկղ, մեջը ժանգոտած երկաթեղեն, ծայրը ծուռ մեխեր, կոտրած նալեր, երկաթ լարեր և սկսում դրոգի պակաս տեղերը շինել:

Հասնեմ թե չէ, Մեխակին եմ տալու մի լավ սարքի, լաք քսի, — ասում էր նա դրոգին մի երկու մեխ զարկելուց, կոտրած մասերը մի կերպ իրար անելուց հետո:

Ամեն անգամ նորոգելիս Գևոն այդ խոսքն էր ասում, բայց տարիներն անցնում էին, դրոգը ձեռքից ընկնում էր, ձիերը պառավում էին, Գևոյի շորերի կարկատանը կարկատանի վրա էր նստում, անցնող տարիները հազիվ գինի և արաղ էին հասցնում առավոտ-իրիկուն:

Հետո դրոգն էլի գոռալով խանի դարպասից դուրս էր գալիս, կանգնում հրապարակում: Այստեղ Գևոն սովորություն չուներ փողոցներում ման գալու: Նա բավականանում էր միայն մերթ ընդ մերթ կանչելով:

Մի հոգի, վռազ էթացող...

Հրապարակում ուրիշ կառքեր էլ էին կանգնում: Մի անգամ Գևոն փորձել էր նրանց շարքը մտնելու, բայց կառապանները հարահրոցով, ծաղր ու ծիծաղով նրան շարքից դուրս էին արել:

Քաշի է՜ , մեզ խայտառակ ես անելու, — ասել էին:

Քաշի է՜, էդ հո բոստանի դագա յա, դրոգդ տար բոստանում դիր, մտի տակը: Հլա ձիերին մտիկ:

Ի՞նչ պակաս են, դու գիտես բանը շատ գարի ուտե՞լն ա, դու գնալն ասա:

Գևոն առաջ էլ էր այդպես ասել, բայց հետո ինքն էլ էր համոզվել, որ ձիերը պակաս են, լղար ու պառավ: Գևոյի ձիերը...Անասնաբույժը հազար ու մի հիվանդություն, ուռուցք, քերվածք ու կապտած տեղեր կգտներ նրանց մաշկին, մեջքի վրա, ականջի մոտերքը քոս, պոչի մազերը նոսրացած, կողքի ոսկորները դուրս ցցված, մի ոտը նալած, մյուսը առանց նալ, սմբակները ճեղքած ու ճաքած:

Գևոն էլ նրանց շարքում չէր, կանգնում էր հրապարակի անկյունում, էժանը փնտրող մի քանի աղքատ ուղևորներ գտնում և դեպի տուն ուղևորվում նույն ճամփով, նույն առուներով դրոգը ցնցելով, ձիերին մտրակելով, հնարովի պատմություններ ասելով, մինչև իրիկնադեմին հասնում էր տուն:

* * *

Նրա ստացած արծաթից էր կախված այն տրամադրությունը, որ ցույց էր տալիս կնոջ և երեխաների հանդեպ: Եթե գործն աջող էր անցել, ճամփի կեսին իջել էր և մի քիչ կոնծել, աղբի մեջ խաղացող իր փոքրիկին կանչում էր.

Արի՜ , բան տամ, արի՜ ...

Եվ երբ երեխան մոտենում էր, ձեռքը մեկնում, նա շատ քիչ անգամ էր բան տալիս. կամ ասում էր թե` «պա՛հ, մոռացել եմ, էգուց կտամ» կամ խաբում էր.

Գնա, մորդ ասա, ջեբումն ա, մորդ ջեբումն ա: — Բայց երեխան գիտեր, որ մոր գրպանում փալասի կտորներ կան, հին կոճակներ և մի հին մատնոց: Եվ որովհետև գիտեր այդ, պռոշ էր անում, վերադառնում բակի աղբակույտում կիսատ թողած իր խազին:

Այդպիսի երեկոյան տանը անպատճառ կռիվ պիտի լիներ: Երեխան լացակումած՝ մորն էր պատմում, թե հայրը ոչինչ չի բերել, և այդ առիթ էր լինում, որ կինր հարձակվի մարդու վրա, կանչի երեսին, բղավի: Իսկ եթե այդ չլիներ առիթը, կինը հենց որ նրան քիթով տեսներ, ձիերի սանձերն արձակելիս, դռան շեմքից կկանչեր.

Բերե՞լ ես...

Ի՞նչը, ա՛յ կնիկ:

Շաքարը, ի՜նչը:

Եվ սկսվում էր: Հարձակվողը կինն էր լինում, ամեն անգամ նույն ձևով, նույն բառերով, նույն անեծքով, ասես սերտած դաս լիներ: Մի քիչ որ կինը շունչ առներ, Գևոն ձայնը փորը գցած կասեր.

Շաքար ա էլի՜, ըստեղից առ: Էգուց քեզ կես մանեթ տամ, ա՜ռ:

Այդ խոսքը կնոջն ավելի էր զայրացնում, քանի որ նա գիտեր, թե վաղն ինչ է լինելու: Պիտի ասի, որ ուղևորները քիչ տվին, հազիվ ձիերի գարի-դարմանին հերիք արեց:

Զայրույթի ամենաթունդ ժամին կինը ձեռքն ընկած իրը մի տեղից մյուսն էր շպրտում, ծալքատեղում դարսած անկողինը ձգում, թափում, նորից դարսում, ջրի կուժի տեղը փոխում: Միակ տուժողները երեխաներն էին, որոնք զայրույթի այդ ժամերին անակնկալ հարվածներ էին ստանում:

Դրա համար էլ երբ հայր ու մայր կռվեին, երեխաները կամ պահվում էին, կուչ եկած նստում, կամ բակ դուրս գալիս: Եվ երեխաներն ամենևին չէին էլ ուզում, որ հայրը միջամտեր, երբ նրանք անակնկալ հարվածներ էին ստանում:

Նրանք վարձով գիտեին, որ այդ միջամտությունն ավելի ծանր հարվածների պատճառ էր դառնում, և մոր այն խոսքերին, որ վերաբերում էին ուտելուն և խմելուն: Եվ մայրը երեխաներին ծեծելիս ամուսնու երեսին էր կանչում:

Ես եմ նրանց պահում, հաց եմ տալիս, շաքար եմ առնում, քո ի՞նչ բանն ա, քո ի՞նչ բանն ա...

«Քո ի՞նչ բանն ա»-ն և հարվածը կապված էին մի ռիթմով, որի ինչ լինելը շատ ցավ էր մանուկների փափուկ մսերի համար:

Գևոյի վերջին միջոցը, վերջին զենքը խեղճ-խեղճ ասելն էր.

Տազ արա, ախչի, խայտառակ մի՛ անի...

Բայց որովհետև այդ էլ չէր օգնում, կտրուկ միջոցը ձիերի մոտ գնալն էր, խոտի խուրձերի վրա քնելը:

Եվ թեպետ կռվի թունդ ժամին նա խոսք էր տալիս վաղը կես մանեթ տալ շաքարի, սակայն առավոտյան աշխատում էր շատ կանուխ դուրս գալ խանի դարպասից, քանի կինը չէր զարթնել և չէր հիշեցրել խոստումը, որ արաղի թասի հետ պիտի գոլորշիանար, որպես ծեգի շող:

Հերիք էր, որ ուղևորներ ճարեր, դրոգը ճանապարհ ընկներ դեպի քաղաք, որպեսզի Գևոն մոռանար կնոջ հետ ունեցած կռիվն էլ, աղբի մեջ խաղացող երեխաներին էլ: Նա բարկանալու ոչ մի առիթ էլ չէր ունենա, եթե ամեն օր ճամփորդներ ունենար, գնար-գար:

Ուրախ կլիներ, թեկուզ կառքերն էլ արագ սուրային, փոշի բարձրացնեին, փոշին մի մատ հաստությամբ նստեր դրոգի վրա, ձիերի մեջքին, Գևոյի ունքերին, դեմքը հողի գույն ստանար:

Արևի տակ քրտնում էր Գևոն, փոշին հալվում էր քրտինքի մեջ, ինչպես ձյունը ջրում, և շորերի վրա կեղտի բծեր էին երևում: Մենակ քրտնքի կաթիլները չէին, որ փոխվում էին կեղտոտ բծերի. կերակուր ուտելիս թափվում էր, գինի էր կաթում. գոմում քնելիս աղբաջուրն էր ծծում, ամիսներ շարունակ գլուխ չէր լվանում, շոր չէր փոխում: Դժվար էր որոշել, թե նա ծույլ էր գլուխ լվալում, շոր փոխելում, թե ոչ գլուխ լվացող ուներ և ոչ էլ փոխնորդ:

Տարիների ընթացքում նա մերվել էր իր դրոգին, դարձել նրա անբաժան մասը: Երբ հրապարակում կանգնած ուղևոր էր սպասում և գլուխը քաշ ննջում, հեռվից նայելիս այնպես էր թվում, թե Գևոն մի կապոց է, կամ ռեսոր, մի արկղ՝ մեջը լի երկաթի կտորտանք կամ թե և՛ կապոց, և՛ ռեսոր, և՛ արկղ:

Եթե ամեն օր ճամփորդներ ունենար, արաղի փողը կլիներ, ձիերին՝ գարի ու դարման: Դրոգն այնքան կքշեր, մինչև կամ դրոգը շրջվեր կամուրջի վրա, կամ հարբած ժամանակ ընկներ անիվների տակ: Այն ժամանակ նա քաղցած մնալու վտանգը չէր զգա, կմեռներ ճամփի փոշու մեջ, թեկուզ իր պառավ ձիերի սմբակների տակ:

Բայց այդպես չեղավ, ոչ դրոգը շրջվեց, ոչ էլ ինքը մնաց անիվների տակ: Դրոգն էլի հրապարակում կանգնում էր, բայց առաջվա չափ ուղևորներ չկային: Միկիտանչին էլ էր տեսնում Գևոյի անգործ մնալը, օղու շիշն առաջվա պես սրտաբաց չէր հանում դարակից:

Երբ Գևոն առաջին անգամ քաղաք տանող ճանապարհին մարդատար ավտոմոբիլ տեսավ, դրոգը քաշեց ճամփի մի կողմը և զարմացած նայեց արագ գլորվող անիվներին: Ձիերը մի քիչ խրտնեցին, խլշեցին ականջները, մեկը ձգեց դրոգը մի կողմ, բայց ուժը չպատեց: Ավտոմոբիլը հեռացավ, ձիերն ականջներն էլի կախեցին, դրոգն իր ճանապարհը շարունակեց:

3

Տարիներ անցան, և տարիների հետ ավտոմոբիլը շատացավ, Գևոն ռեզինե փափուկ կառքերից ավելի թշնամացավ ավտոմոբիլի հետ:

Երբ ճանապարհին Գևոն դրոգը մի կողմի էր պահում եկող ավտոմոբիլին տեղ տալու, որ անցնի, ուղևորներից ոմանք նկատում էին նրա բարկացած հայացքը և լսում թունդ հայհոյանքներ:

Գևո՜ , էն ա հա լազաթը, — ասում էին նրան:

Ոչ թոզ կուլ տուր, ոչ էլ կողքաճաղդ ջարդի:

Այդ խոսքերից և ոչ մեկը նրան դուր չէր գալիս: Պռոշները կրծոտում էր, ձիերին մտրակում:

Պետք ա մի օր շուռ գա կամրջում, որ ես իմանամ...

Շուռ չի գա, Գևո՛, քշի, թոզը մեզ խեղդեց: Ավտոմոբիլն ավելի շատ փոշի էր բարձրացնում, քան կառքը, և Գևոյի զայրույթը փոշու բարձրության էր հավասար: Նա չնկատեց էլ, թե ինչպես իր զայրույթը հողմնացույցի պես փոխեց իր ուղղությունը կառքից մինչև ավտոմոբիլը: Ճիշտ է, առաջվա պես կառապանները նրան տեսնելիս էլի ծաղրում էին, հազար ու մի խոսք ասում, բայց ավելի սուր էին թվում այն բառերը, որ անց ու դարձ անող շոֆերը կիսաժպիտով շպրտում էր ճամփի եզրին չորացած կրիայի պես կանգնած դրոգի կողմը: Եթե շոֆերը մի բառ էլ չասեր, հերիք էր, որ մի անգամ նայեր, ծիծաղեր, որ Գևոն պռոշները կծոտեր, հայհոյանք տար:

Ի՛նչ անսահման էր նրա ուրախությունը, երբ ճանապարհի կեսին տեսնում էր շոֆերին փոշու մեջ, ձեռքերը, շորերը յուղոտ, նավթոտ, մեքենայի փչացած մի մասը նորոգելիս: Հրճվանքի կարճատև այդ րոպեներից նա լի ու լի էր օգտվում, քամում բաժակը, պռոշներով վերջին կաթիլը ծծում: Եվ այն ուղևորին, որ հանդգնել էր ավտոմոբիլը դրոգից բարձր դասելու, — Գևոն հանգիստ չէր տալիս այդ ժամանակ:

Տեսա՞ր, տեսա՞ր, նավթի մեջ կոլոլվել էր, տեսա՞ր հո...բա ես էդպես բան կանեմ: Դե դու ես նստած, սպասի, թե երբ պիտի շինեն: Մի փորձանք էլ պատահի պասաժիրին, ո՞վ գիտի...

Ուղևորին նա հանգիստ չէր տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ կես ճամփին տեսած ավտոմոբիլը գալիս էր անցնում:

Հրես, էլի կկոտրի, ա՛յ տես...Մարդ էլ էդ մաշինը նստի՜, գիժ հո չի: Հենց էն ա թոզ ա անում:

Գևոյի զայրույթն ավելի սաստկացավ, երբ առաջին անգամ երևաց ավտոբուսը, աժան գնով 15-20 մարդ միանգամից առավ, տարավ: Մի օր էլ, մինչև ինքը կկանչեր`

Մի հոգի, վռազ էթացող. —

Մինչև նեղլիկ փողոցներով կգնար մի երկու անգամ, վռազ գնացող մի ուղևոր էլ ճարելու, հրապարակում Գևոյին սպասող առաջին ուղևորը ավտոբուս էր նստել գնացել:

Գևո բիձա, քո էն պասաժիրդ մաշինը նստեց, գնաց, ասեց էլ չեմ սպասի:

Հրապարակում մի երեխա լուր տվեց նրան: Եթե այդ ժամանակ կինը փորձեր մի գրվանքա շաքարի համար աղմկելու, Գևոյի երեսին հազար ու մի խոսք ասելու, դժվար թե Գևոն լռեր և խեղճանար, այնքան շատ էր նրա զայրույթը:

Մտրակը սեղմեց ձեռքում, նայեց ձիերին, որոնք պառավ էշերի պես ականջները կախել և իրար մռութ էին շոյում, և սկսեց մտրակել նրանց:

Ոչ մի անգամ նա ձիերին այնքան չէր ծեծել, բերանում թուքը փրփուր չէր կապել, աչքերն այդքան չէին մեծացել: Ձիերը դես ու դեն էին ձգում, ետևի ոտները ծռում, գավակն իջեցնում, որ հարվածներից խուսափեին, գլուխները մեկ աջ, մեկ ձախ դարձնում, հանցավոր շան պես պոչը ոտքերի արանքում պահում: Ձիերի վերքերն ուտող ճաճերն էլ տեղահան եղան, թռան մեկից մյուսը, իջան վերքերի վրա, բայց հենց որ հանեցին կնճիթները թարախի մեջ կոխելու, մտրակը շռռա՛խ իջավ վերքերի վրա, ուռուցքների վրա, քոսից լերդացած, քերծված մաշկի վրա: Թարախ ծծող ճանճերր թռան հեռու:

Մսավաճառի խանութի շվաքում նստած մի քանի հոգի դիտում էին, թե ինչպես է Գևոն ձիերին ծեծում, ինչպես են ձիերը ծառս լինում: Մեկը հռհռալով կանչեց.

Հո՛, Գևոն ձիերին ցիրկի խազ ա սովորացնում:

Այդ որ լսեց Գևոն, ավելի զայրացավ, կռացավ, որ մտրակի կշկռած ծայրը ձիերի ականջներին հասնի, սկսեց հարվածել ձիերի գլխին, ականջներին: Ամեն մի հարված նրա սրտին մի պատառ հանգստություն էր բերում:

Սակայն նրա սիրտը լիովին չհանգստացավ, որովհետև մտրակի ճիլը կտրվեց, կոթն էլ ձեռին փշուր-փշուր եղավ: Երբ ձիերի գլուխը դեպի խանի բաց դարպասները շրջեց, ձիերը բնազդաբար արագացրին իրենց քայլերը, օրորալով, հարվածների ցավից երբեմն ցնցվելով: Որովհետև Գևոյի աչքը միկիտանի նեղլիկ փողոցն էր, նա չտեսավ ձիերի վերքերից հոսող արյունը, որի շուրջը ճանճերն էլի բոլորվել էին:

Եթե միկիտանի գինին այնքան տաք լիներ, ինչքան բացված վերքերի արյունը ճանճերի համար, դրոգապան Գևոն մի քիչ կհանգստանար: Բայց այդպես չեղավ: Խմում էր առվի ջրի պես պղտոր գինին, գավաթներն իրար հետևից պարպում, բայց միտքն ավելի էր սրվում, հիշողությունը պայծառանում, գետինը, պատերը, շշերը չէին օրորվում, ինչպես առաջ, երբ ուղևորներից ստացած արծաթը գրպանում, ճամփից բեզարած մտնում էր միկիտանը և գինի կաթեցնում փոշոտ շորերին:

Շատ քիչ էր պատահել նրան օրվա այդ ժամին նստել միկիտանում: Այդ էր պատճառը, թե գինին էր անչափ պայծառացրել դատողությունը, — որովհետև այդ օրը նա զգաց, թե ինքն իրոք որ բոստանի դագա է ունեցել, իր հին ուղևորներից շատերն են այժմ օմնիբուսով գնում:

Էն մունդռիկը, էն հարամզադան

Երբ հիշեց Գևոն, թե քանի անգամ է նրան տեղ տվել դրոգում, աժան գնով տարել, ճամփորդների հանդիմանության դիմացել, երբ հիշեց այդ, գինու մի գավաթ էլ ծծեց և գավաթը սեղանին դնելիս ասաց.

Վա՛յ աշխարհք...էն մունդռիկն էլ:

Միկիտանի մի անկյունում մի խումբ քեֆ էր անում: Երգում էին, ավելի ճիշտ գազանային զանազան ձայներ հանում, որովհետև խմած ալկոհոլը չափազանց շատ էր նրանց ձայնալարերը փչացրել: Երբ մեկը ձեռքն ականջի մոտ պահելով ծոր տվավ ու զլեց.—

Ավտամաբիլը ցոլաց ու գնաց,
Սիրտս իմ յարի կարոտով մնաց...

Քեֆ անող խումբն ու միկիտանչին միասին վեր թռան, երբ Գևոն երգողի վրա բղավեց.

Մի՜ ասի է, էդ մի ասի...— Եվ ձեռքի գավաթը գետնով տվավ: Շարունակությունը մի քանի բռունցքների միաժամանակ հարվածներ էին, որ նրան դուրս արին միկիտանից:

Միկիտանից դուրս գալուց նա չիմացավ գիշեր է, թե ցերեկ: Պատերի տակով, ձեռքը պատին դեմ տալով, ինքն իրեն խոսելով հասավ հրապարակին, աչք ածեց, խանի դարպասները չտեսավ: Եկած փողոցով անցնելիս նրան այնպես թվաց, թե այդ փողոցն էլ է անծանոթ: Հետո մի ուրիշ փողոց անցավ, շները հաչացին, կռացավ, որ քար շպրտի շներին, օրորվեց, ընկավ գետին:

Առավոտյան աչքը բաց արեց և աչքի տակ, մարմնի զանազան տեղերում ցավ զգաց: Աչքերը չորս կողմը ածեց, իր տունը ճանաչեց: Հանկարծ աչքն ընկավ դռան մոտ կանգնած իր կնոջ վրա, աչքի տակի ցաված տեղը մրմռաց:

Կինը, երբ աչքն ընկավ աչքին, դռան մոտից հանկարծ վրա պրծավ, ասես ժամերով դարան էր մտել, սպասում էր, որ Գևոն աչքերը բաց անի: Երբ կնոջ ոտքերի հարվածները դիպան մեջքին, փորին, այնպես թվաց, թե մի սանձարձակ ձի հազար սմբակներով կոխկրտում է իրեն, երկաթ նալերով աքացիներ տալիս:

4

Հաջորդ շաբաթը մոռացնել տվեց ամեն ինչ: Ձիերը և Գևոն հաշտվել էին, որովհետև, երբ Գևոն նստած տեղից մտրակում էր ձիերին, կենդանիներն ուժ էին առնում, մի քիչ քայլերն արագացնում և հետո էլի դանդաղեցնում: Դրոգը երկու անգամ քաղաք էր գնացել:

Եվ նորից հավատալի թվաց ծանոթ միտքը, որ նրա ծածուկ ցանկությունն էր, թե գուցե հաջողվի մինչև վերջն էլ ապրել այդպես, դրոգապան լինել:

Բայց մի առավոտ էլ Գևոն գոմի դուռը բաց անելիս մի ձին պառկած տեսավ: Քթից կանաչավուն լորձունք էր հոսել, սառել քթածակերի առաջ: Ատամները սեղմել էր և սեղմած ատամների արանքում բռնել մի դեղին ծղոտ:

Երբ Գևոն գոմի դուռը բացեց և ձին պառկած տեսավ, կայծակի պես մի միտք անցավ նրա գլխով, թե ձին սատկել է: Մի քայլ հետ կացավ, նորից կռացավ, ոտքով հրեց ձիուն, կանչեց: Երբ ոտքը դիպավ ձիուն, Գևոն իսկույն հետ քաշվեց: Մյուս ձին կամացուկ վրնջաց, գլուխը դարձրեց Գևոյի կողմը: Գևոն մեկ էլ նայեց պառկած ձիու աչքերին, բաց ատամներին և հասկացավ, որ ձին սատկել է:

Առավոտ կանուխ, երբ խանի դռները բացվեցին, Գևոն դրոգը չքշեց դեպի հրապարակ և չկանչեց առաջվա պես.

Մի հոգի, վռազ էթացող... Դրոգի վրա ձիու լեշն էր դրած, գլուխը մի կողմի վրա կախ: Միակ ձին չկարողացավ քաշել դրոգը: Գևոն պարապ սանձերից բռնեց և վերջին ձիու, հետ լեշը խանի բակից հանեց:

Եթե մսավաճառի խանութը բաց լիներ և խանութի առաջ նստոտած մարդիկ լինեին, նրանք դժվար թե հռհռային, երբ տեսնեին, թե ինչպես դրոգի ամեն մի ցնցումից սատկած ձիու ոտքերը վեր ու վար էին լինում: Եվ եթե կինը քնած չլիներ, լսեր ամուսնու տնքոցը, երբ նա ձիու հետ քաշում էր դրոգը, գուցե թե երեսին չկանչեր:

Հրապարակի անկյունում այս ու այն պատի տակ գիշերով թազնող ավարա շները գլուխները կախ հետևում էին Գևոյի դրոգին, իհարկե նրանք սուտ հուղարկավորներ էին, թեկուզ գլխիկոր էին քայլում և դանդաղ: Նրանցից յուրաքանչյուրի բերանում լորձունքը կիտվել էր. սատկած ձին պետք է որ համեղ պատառ լիներ:

Քաղաքից դուրս աղբակույտեր կային, փոսեր, ժանգոտած երկաթներ, աղտոտություն: Երբ Գևոն լեշը գլորեց մի փոսի մեջ, ձին խլշեց, ականջները ցցեց. ծեծելու օրից հետո ձին ականջները չէր խլշել: Շները մռմռալով վրա տվին լեշին: Գևոն տեսավ, թե ինչքան կապույտ էր միսը:

Վերադարձին դրոգը մի ոտանի մարդու էր նման, ավելի շատ էր օրորվում և թեքվում այն կողմը, ուր վերջին ձին էր լծած: Խանի դարպասով ներս մտնելիս Գևոյի ականջին ընկավ ավտոբուսի ծկլթոցը: Եվ թեպետ կինն ավելի բարձր ծկլթաց, նույնիսկ զայրույթից կուժը գետնով տվավ (կինը կուժը մարդու գլխովն էր ուզում տալ, բայց Գևոն գլուխը թեքեց և կուժը ականջի տակով անցավ, գետին կպավ, փշուր-փշուր եղավ), բայց Գևոն ձայն էլ չհանեց:

Պատի տակ կանգնել էր Գևոն: Ինչ-որ մարդիկ էին գալիս գնում, հրապարակում աղմուկ կար, կինը դեռ չէր հանգստացել, խոսում էր, շուտ-շուտ ներս ու դուրս անում, դուռն աղմուկով դնում:

Գևոյի աչքը կոտրած կժի սուր-սուր կտորների վրա էր, երբ ականջովը ընկավ ավտոբուսի ձայնը:

Էն մունդռիկն էլի գնաց, — անցավ նրա մտքով:

Մեկ էլ նայեց կուժի կտորներին, մոտեցավ դրոգին, բացեց այն արկղը, որի մեջ հին մեխեր կային, ժանգոտած երկաթներ, լարեր: Դռան մոտ կանգնած փոքրիկը, որ չոր հացի կտոր էր կրծում, զարմացած նայեց հորը և չհասկացավ, թե ինչո՞ւ նա կժի կտորները հավաքեց, լցրեց դրոգի արկղը և դուրս եկավ փողոց:

Ծանոթ միկիտանում այդ օրը նա ավելի շատ խմեց: Երբ միկիտանչին հիշեցրեց պարտքի մասին, Գևոյի գինուց կարմրած, արնով լցված աչքերն ավելի լայնացան:

Հեր օրհնած, ձիս քեզ փեշքաշ, դրոգն էլ քեզ...Հո ես մեռած չեմ:

Միկիտանչին փոշմանեց իր ասածից, որովհետև Գևոն այնպես բարձր կանչեց՝

Հո ես մեռած չեմ, — և այնպես պինդ խփեց կրծքին, որ նրան թվաց, թե կրծոսկրից մեկը անպատճառ ջարդվեց:

Անկապ խոսքեր Գևոն շատ ասեց, բայց միկիտանչին չլսեց բոլորը, նրա միտքը տված շշերի համարքը հազիվ էր պահում:

Մութին, երբ Գևոն դուրս եկավ միկիտանից, փողոցները չխառնեց: Նա լավ գիտեր, որ հրապարակի միակ ճրագի դիմաց խանի դարպասն է, բակում իր դրոգը, գոմում վերջին ձին:

Եվ ոտքերը չդողացին, պատեպատ չընկավ, երբ հասավ դարպասին: Ներս մտավ, մոտեցավ գոմի դռան, ուզեց դուռը բաց անի: Ձին ոտնաձայնից վրնջաց գոմում, Գևոն դուռը բաց չարեց:

Երբ դարպասից դուրս եկավ, նրան շատ թեթև թվաց շալակի արկղը, մեջը լի կոտրած երկաթի, կուժի կտորներ: Ծուռ ու մուռ փողոցներով անցավ, որովհետև գլխավոր փողոցում դեռ երթևեկ կար, աղմուկ կար:

Արկղի ծանրությունն արդեն զգալի էր նրա համար, երբ Գևոն հասավ առաջին կամուրջին: Դրոգը կամուրջով անցնելիս ավելի շատ էր աղմկում, կարծես կամուրջը մի մեծ թմբուկ լիներ, որի վրա անիվները և ձիերի սմբակները զարկում էին անկարգ, խառնիխուռն:

Գևոն պահվեց կամուրջի մոտ, գլուխը դրեց գետնին: Մի ավտոմոբիլ հեռվում ճրագներ էր վառել, կարծես սելվորները ճամփին կրակ էին արել: Առաջ, երբ գիշերով էր քաղաք գնում, իջնում էր դրոգից՝ ձիերին խոտ տալիս և կրակի մոտ սելվորների հետ զրույց անում: Սայլերի վրա տակառների մեջ գինի կար. ինչքա՛ն էին խմում. խարույկի կրակը թրթռում էր, չորս կողմը լուսավորում:

Ավտոմոբիլը հանկարծ անցավ Գևոյի մոտով, լուսավորեց ճանապարհի խիճերը, կամուրջի փայտերը, ինչպես առաջ, երբ սելվորները կրակ էին վառում:

Ավտոմոբիլն անցավ, մթնեց, Գևոն մոռացավ կրակները, ձեռքը դիպավ կողքին դրած արկղին: Արագ շարժումով նա հանեց արկղի մեջ եղած կուժի սրածայր փշուրները, երկաթի կտորները, ցրեց կամուրջի տախտակների վրա: Գրպանից հանեց ժանգոտ մեխեր, ցցեց մի քանի տեղ, ապա նորից պահվեց կամուրջի ետևին:

Կամուրջի տակ վշշում էր գետը, ալիքները քարապատին լափու էին տալիս, ճղփյունով իրար զարկում, կամուրջի տակից անցնում: Կամուրջից դեն գետը լայնանում էր, ալիքները հանդարտվում էին:

Կամուրջի մոտ թփեր կային: Գևոն թփերի տակ էր պահվել և, երբ գլուխը խոնարհում էր ցած, կամուրջի տակ իրար հրող ալիքների ձայնն էր լսում: Երբ բարձրացավ, նայի ճանապարհին, ոտքը դիպավ արկղին, արկղը գլորվեց ու շրա՛փ ընկավ ջրի մեջ:

Պատահում էր առաջ, դրոգը ծառի շվաքի տակ պահում էր, ձիերին խոտ տալիս, իջնում, գետի մեջ լողանում: Ինչքա՛ն էր հովանում:

Մի ձայն լսելիս, Գևոն պահված տեղից գլուխը վեր էր բարձրացնում, ավելի պինդ բռնում թփի ճյուղից, որ վայր չրնկնի: Մեկ ուզում էր վեր կենա, մեխերը, երկաթները հավաքի, գնա տուն, բայց հենց որ միտն էր գալիս ավտոբուսը, շոֆերի ծիծաղը, միակ պառավ ձին և օրերով հրապարակում ուղևորի սպասելը՝ տապ էր անում, տեղը նստում: Էլ ո՞ւմ էր պետք ինքը, դրոգը:

Եթե ավտոբուսը չլիներ, պասաժիրը միշտ բոլ կլիներ...

Դիմացից լույս երևաց: Գևոն գլուխը բարձրացրեց, մոտեցող ճրագները տեսավ: Ավտոմոբիլ էր:

Ավելի կռացավ, մոտեցավ քարափի պռունկին, մի ձեռքը թփի ճյուղից բռնած: Գևոն մի ոտը կախել էր գետի վրա, կախած ոտով շոշափեց քարափը, մի քար գտավ, ոտը դրեց քարի վրա, մյուսը ծալեց:

Կամուրջի տակ գետը վշշում էր, վշշոց կար և Գևոյի գինով գլխում, նա չէր կարողանում որոշել, թե ո՞ւր է գնում գետը` հե՞տ, թե առաջ, ա՞ջ թե ձախ:

Հանկարծ կամուրջի փայտերը լուսավորվեցին, լույսն ընկավ ջրի վրա, գետի հունը երևաց, քարափի պատի մի մասը:

Ավտոմոբիլը ասես Գևոյի գլխավերևը պայթեց, շիները սրածայր մեխերի վրա ընկան: Գևոյի ձեռքերը թուլացան, ոտքը սայթաքեց, չիմացավ՝ թո՞ւփը պոկվեց, թե ինքն ընկավ:

Ավտոմոբիլի մեջ նստողներն այնպես կարծեցին, թե կամուրջից մի քար պոկվեց, ընկավ գետի մեջ:

ՀԻՆ ՏԱՆԸ

Իրիկվա դեմ հասա գյուղի մարագներին, աչքս ընկավ ճամփի տակի բոստանին, ուր ամեն տարի, Ավան ամի, կարտոֆիլ ես ցանում, սոխ ու սխտոր: Բոստանի անկյունում, հին աղբի վրա կանեփ էր բուսել, խիտ եղեգնուտի պես: Հավերն ամռան շոգին փախչում էին հավաբնից և կանեփուտում ձու ածում, երբեմն էլ թուխս նստում: Նանին տնքտնքալով կանեփի ցողուններն էր դես ու դեն հրում, հավերին կանչում: Հիմա նանին չկա, բայց կանեփուտի ստվերում հավերն առաջվա պես ննջում են:

Մոտեցա տան շեմքին: Դու նստել էիր ստվերում, դանակով քերում էիր եզան կաշի: Տեսար ինձ, ձեռքդ ճակատիդ դրիր, և երբ կաշին ձեռքիցդ վար ընկավ, զգացի, թե ինչքան չոր են շրթունքներդ, ինչպես եզան կաշու կտորներ: Լեզուդ կարկամեց, չգիտեիր ի՞նչ հարցնես:

Եվ երբ կարկատած արխալուղի փեշերից թափ էիր տալիս քերած կաշու մազերը, որ մտքերդ հավաքես, աչքիս ընկավ ճակատիդ կնճիռները, սպիտակած մազերդ: Մատերիդ երակները ուռած էին, ասես մեկը բարակ պարան էր փաթաթել մատերիդ:

Շատ ես ծերացել, Ավան ամի: Եթե եզդ այդքան պառավեր, լուծը վիզը մաշեր, ատամները թափվեին ու էլ չկարողանար չոր հարդը որոճալ, իհարկե, ձեռքիդ դանակով կմորթեիր պառավ եզան, կաշին տրեխ կանեիր, միսը որպես մատաղ, հարևաններիդ կբաժանեիր: Երբեք մտքովդ չի անցել ձեռքիդ դանակը կոկորդիդ տանելու, որովհետև գիտես, որ մի օր ընկնելու ես հասած տանձի պես, թաղելու են գյուղի գլխին, պապերիդ մոտ, որոնց գերեզմանների օրհնեքին հազար թաս օղի ես խմել:

Հարցրիր, թե ինչո՞ւ եմ եկել: Մոռացել եմ պատասխանս, գուցե ոչինչ էլ չասացի,

Շատ ես մնալո՞ւ, — հարցրիր: Աչքերդ ջրակալեցին, Ավան ամի, երբ իմացար, որ վաղը գնալու եմ: Եվ թեկուզ իսկույն ավելացրիր, թե քանի եմ տվել կոշիկներիս, բայց հասկացա, որ մտքինդ այդ չէր:

Կաշին ձեռքդ առար, քերում էիր և տրտնջում, որ մեր տունը ծիծեռնակի բուն է դարձել, ձագերը թև են առնում, ուրիշ երկրներ թռնում, և ձագերից ոչ մեկը մի շյուղ էլ չի բերում հին տունը կարկատելու:

Դու գնացիր, Վահանն էլ գնաց, Սամսոնը, որ իսկի նամակ էլ չի գրում: Էսպես ցրվել եք աշխարհքով մի: Բա մեր տունը...

Քեզ ի՞նչ, թե Սամսոնը մեծ մարդ է, անվանի: Կողքիդ լինեինք, մեկը մաճդ բռներ, մյուսը քեզ համար կալ կասեր: Իհարկե, մազերդ այդքան շուտ չէին սպիտակի: Բայց դու էլ գիտես, որ մեզնից ոչ ոք տուն չի գալու, թեկուզ երբեմն մտաբերում է նանուն, կանեփուտի հավերին, անտառը, չոր ցախի շալակները:

Ինձ այնպես թվաց, թե դու թևը ջարդած ծիծեռնակ ես, ընկել ես հայրենական բնում, մի ցուրտ գիշեր պիտի փետանաս, թևերդ փռես դատարկ բնի վրա: Մահը քեզ թեթև կթվա՞, երբ հիշես, որ ձագերդ ուրիշ երկրներում են: Ո՞ւմ պիտի տաս տան բանալիները, ժանգոտած, ծայրը ծուռ բանալիները, որ միշտ գոտուցդ կախ են:

Քաղաքի մասին հարցրիր: Որքան նահապետական ես, Ավան ամի. ինչպես չծիծաղել խոսքիդ վրա, թե այն օրից, երբ հացը կշեռքի վրա դրին, աշխարհքից վերացավ լիությունն ու բարին: Խոսքիդ վրա չծիծաղեցի, բայց պատասխան էլ չտվի: Ձայնդ ուրիշ աշխարհից էր գալիս, մտքերդ այնքան հին ու միամիտ, բայց չկա ասածդ, Ավան ամի, հիմա ուրիշ օրեր են, պատմեմ էլ չես հասկանա:

Քաղաքն առաջ էլ քեզ համար չարիքի որջ էր: Աշխատում էիր ամեն ինչ քո ձեռքով անել: Տանը քեզ համար կտավատի թելերից շապիկ էին գործում, գառան բրդից շալի շալվար, գառան մորթ ես դնում գլխիդ և եզան կաշուց տրեխներ հագնում: Դու մինչև վերջ էլ այդպես մնացիր: Քաղաքին ի՞նչ, թե գյուղում Ավան ամի կա, որի միտքը սառել է, հետ մնացել 30 տարի:

Ի՞նչ ես ապրել: Կոխ ես կացել խոտի խուրձերի հետ, սարում անձրևի, ձյունի տակ ես մնացել, կրծել ես սոխով հաց և անտառում չոր ցախից շալակ կապել, մթնելու հետ քնել ես, զարթնել աքլորականչին, բանել մինչև մութն ընկնի: Մի անգամ ես քաղաք տեսել, քո ջահել օրերին, երբ կոռ են տարել քեզ էլ, ձիուդ էլ: Ավան ամի, քո տեսած քաղաքը հիմա մի հետ ընկած անկյուն է, ուր մի զույգ կառք է բանում:

Այդպես էլ կմահանաս, և ոչ մի վայրկյան միտքդ տեղահան չի լինի. ոչինչ քեզ չի սասանի: Դու գիտես, թե գյուղը ամուր պատվանդան է, աշխարհը պտտվում է նույնքան դանդաղ, ինչքան կալիդ կամները:

Հարցրիր ինձ եկեղեցու մասին և խեթ նայեցիր, երբ տեսար, թե ժպտում եմ հարցիդ վրա: Մթնում էր, դու տան դռնակը բաց արիր, երբ հարցրիր ինձ եկեղեցու մասին: Ժպտացի, որովհետև հիշեցի քո հնօրյա սովորույթը իրիկնադեմին տան դուռը բաց անել, որ զանգակների ծլնգոցը կտուրի տակ մտնի: Հիմա զանգակներն ամեն իրիկուն էլ չեն զարկում:

Մեր պառավ կովն եկավ, եղջյուրի մեկը կոտրած: Կովի ետևից եկավ և հարևանի կինը, կովկիթը ձեռքին: Բակում կովը բառաչեց, հորթը գոմից ձայն տվավ, հորթի հետ էլ դու ինչ-որ սրտանց խոսք ասիր կովին, ասես բակում Սամսոնն էր կանգնած:

Կինը չոքեց կրծի տակ, մոտեցար և շոյեցիր կովին, մինչև կինր կիթը պրծներ: Այն օրից, երբ նանին մեռավ, կովն առանց քո շոյանքի չի թողնում կթել: Կաթը համաչափ ցայտյուններով զարկում էր կովկիթին, զրնգում էր կաթնամանր, ասես ավազի հատիկներ էր թափվում: Այդպես էին զնգում ժամի զանգերը:

Բարեկամներ եկան, ծանոթ-հարևաններ: Քեզ աչքալուս էին տալիս, ինձ՝ բարի գալուստ: Շատերին ես մտահան էի արել, հարկավոր էր մի դեպք ասեր, որ նրան վերհիշեի: Եվ երբ նրանք հեռացան, պատի ճեղքում պահած կեղտոտ փալասի կտորը հանեցիր, միջին՝ տուրքիդ թղթերը: Ջոկեցիր և ամենից նորը մեկնեցիր.

Մի տես` ի՞նչքան են ուզում...

Ավան ամի, դու այնքա՛ն քիչ ես տալիս: Ասացի այդ, բայց չհամոզվեցիր:

Դե մի էգուց գրիր, որ չառնեն: Գրիր, խոսքիդ մերժում չի լինի:

Հետո նորից փաթաթեցիր փալասի մեջ, դրիր պատի ճեղքում:

Ճրագն աղոտ լույս էր տալիս, ճրագի տակ այնքան սև էին տան պատերը, օճորքի գերանները: Գետնին՝ նանու տեղ-տեղ կարկտած կարպետն էր: Մեկնվել էի կարպետի վրա, որովհետև չկարողացա քեզ պես ծալպատիկ նստել:

Հարց ու փորձ արիր:

Գործիդ անունն ի՞նչ ա...

Հետո հարցրիր, թե ի՞նչքան են փող տալիս, և երբ ասացի, զարմացար:

Էդքան փողն էլ մարդ կարա ծախսի՞: Քիչ հետո ինքդ քեզ պատասխան տվիր:

Դե որ հացն առնովի լինի, ջրին էլ փող տան, սելի չափ էլ որ փող ստանաս, առաջը չես առնի:

Հարցրի քեզ գյուղից, շրջանից:

Գյուղս Արսենն ա կառավարում, դե պրիստավի տեղն էլ Սուղու տղան ա...

Շրջանի կենտրոնում առաջ պրիստավ էր մնում: Հիմա դու ճանաչում ես միայն Սուղու տղին և Արսենին, ավելի վերև քեզ համար անթափանց խավար է: Քո ամենահեռու տեղը Սուղու տղի գրասենյակն է: Դու սրտաբաց ես գնում նրա մոտ, ճանաչում ես նրան էլ, Սուղուն էլ:

Պատմում էիր գյուղից, ու կամաց-կամաց ձայնդ թուլացավ, պատմությունդ ընդհատեցիր, նստած տեղդ էլ քնեցիր, խոսքդ բերանում կիսատ մնաց, որպես կուլ չտված պատառ:

Ճրագը հանգավ, ինչպես քո խոսքը: Մութի մեջ ճպուռ էր, թե՞ ծղրիդ, պատի ճեղքում ծղրտաց այնպես, ասես մեկը ժամացույց լարեց: Մի քիչ հետո ուրիշ ծղրիդներ էլ կանչեցին

Առավոտյան տեսա Արսենին, կտուրի վրա հավաքվեցին գյուղացիք: Հեղնար մորքուրը ինձ որ տեսավ, հեռվից թևերը լայն բաց արած, օրորվելով մոտեցավ, համբուրեց:

Next page