Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Տես է՛, մի գոտկալ էլ չունիմ, կապեմ...

Երբ որ Արսենը տնազ արեց Հեղնար մորքուրին, թե գոգնոցի համար է համբուրում, նեղացավ:

Թող ողջ լինի, գոտկալ էլ չեմ ուզում... — Խոսք ընկավ թանկ ու էժանից, նավթից, բյազի գներից, նալ ու մեխից: Կռնատ Ալումը Վարշավայից հարցրեց:

Բա ի՞նչ են ասում էն կողմերի կռիվներից...

Թեկուզ նա եղել է բանակում, լեհական անտառներում թևն է թողել, բայց Վարշավան չի տեսել: Եվ երբ պատասխանեցի, որ Վարշավայի կողմերում կռիվներ չկան, կռնատ Ալումն իսկույն իր պատմությունը սկսեց գերմանական ռումբերի մասին, թե ինչպես էին մարդիկ կոտորվում:

Հողերից հարցրին: Կռնատ Ալումը լռեց, տեսավ, որ լսող չունի. ինքն էլ ականջը կախեց հողի համար: Դու էլ եկար, Ավան ամի, եղանիդ ծայրին մի խուրձ խոտ քաղած: Երբ պատմում էի, թե ինչպես պիտի հողերը բաժանել, օրենքն ի՞նչ է ասում, դու դիմացինիդ ուսի վրայով մեկնել էիր վիզդ, աչքերդ չէիր հպում, լսում էիր բերանբաց, որովհետև խոսքը արտիդ ու բոստանիդ մասին էր:

Տանը նորից հարցրիր: Տեսա, որ ամեն ինչ սրտովդ չի, ասածիս մեջ քեզ ընդդեմ խոսք կա: Բայց դու չհակառակեցիր, թեկուզ մտքիդ մեջ համամիտ չէիր:

Նույն օրն էլ հեռացա գյուղից: Դու գրպաններս չոր մրգով լցրիր, ճիշտ առաջվա պես, երբ դպրոցում սովորող աշակերտներ էինք: Հետո սոխի սերմ խնդրեցիր:

Մեր գյուղինը լավը չի, գլուխ չի բռնում: — Ութ համարի գերանդի ուզեցիր, արջանշանն էլ վրան: Մի անգամ էլ տուն մտա, նայեցի օճորքին, սյունից կախած նանու գդալների կողովին: Մի անգամ Սամսոնը կատուն գցեց գդալների կողովի մեջ. կատուն թռավ, կողովն ընկավ, փայտե մի գդալ ճաքեց, նանին շերեփով խփեց Սամսոնին: Հին տանը ոչ նանի կա, ոչ Սամսոն: Մեկը գյուղի գերեզմանատանն է թաղված, մյուսը գյուղից հազար վերստ հեռու, ուրիշ շրջապատում, ուղեղի մեջ այլ մտքեր: Լավ է, որ նանին մեռել է ու չի տեսել մեր ցաք ու ցրիվ լինելը:

Ձին բակում վրնջաց, դուրս եկա: Ձիու սանձն էիր կապում և աչքերդ գետն են խոնարհած խոսում ինձ հետ:

Սամսոնին նամակ գրելիս, ասա թող մի անգամ ոտը տուն գցի, Վահանն էլ... իմ հալից էլ գրիր: Գան մի բուռ հող վրաս գցեն, էլ շաղ գան աշխարհով մին: Ձիու գլուխը պինդ պահի...Հա՛, Սամսոնին գրելուց կասես, թե կարող է էնտեղից մի արխալուղացու ուղարկի: Դու էլ քեզ լավ պահիր, չմրսես...

Քեզ էիր հուսադրում, որ լաց չլինես: Թռած ծիծեռնակներից մեկը պատահմամբ եկավ հին բունը, մի քանի պտույտներ արավ ու հեռացավ: Դրա համար էլ արցունք երևաց աչքերիդ մեջ, երբ կռացար՝ ճակատս համբուրելու:

Անցա կանեփուտի մոտով: Հավերը չկային: Ճանապարհը ծռելիս մի անգամ էլ ետ նայեցի, բակում տեսա քեզ: Հեղնար մորքուրը փեշի ծայրով աչքերն էր սրբում:

Հիմա քաղաքումն եմ, Ավան ամի, իմ հին աշխատանքին: Նամակիս հետ ուղարկում եմ սոխի սերմ և արջանշան գերանդի: Գոգնոցի կտորը Հեղնար մորքուրին տուր: Երեկ լրագրում կարդացի, որ Սամսոնին ավելի հեռու տեղ են ուղարկել: Միևնույն է, դու ոչ լրագիրը գիտես և ոչ էլ այն երկիրը, ուր որդիդ է աշխատում:

Նրան կգրեմ քո մասին: Չգիտեմ, մոռացե՞լ է կանեփուտը, քեզ: Շատ բարևներ եմ հիշում Արսենին: Տուրքը պիտի տաս, Սուղու տղին դրա մասին բան չեմ ասել: Հեղնար մորքուրին բարևիր, նաև Անդրեաս քեռուն: Շատ կարոտալի բարևներ քեզ, Ավան ամի: Մնամ քո` Ակսել:

ԱՐԱԲԱՋԻ ԶԱՔԻՆ

Գյուղում միայն Արաբաջի Զաքու տունն է թիթեղյա կտուրով: Այդ տունը, որը գեղի գլխին է, կարծես ջոկվել է մյուս քարակույտերից և առանձնացել, որպեսզի իր նախշուն կտուրը չաղտոտվի գյուղի մոխրից ու զիբիլից:

Թիթեղյա կտուրով այդ տունն անհաշտ է գյուղի հետ և իր բարձունքից հպարտ նայում է ներքևը, ուր աղտոտ բակերում աղբի ու կվաջրերի մեջ վազվզում են կիսամերկ, կեղտոտ մանուկներ, վնգստում են շան լակոտներ, կարիքի ու մութի դեմ կռիվ է տալիս գյուղը:

Արաբաջու տան առաջ ընդարձակ բակն է, կողքին փոքրիկ բանջարանոցը, որի մի անկյունում իրար վրա դարսած են ցեխապատ քթոցները:

Ունևոր է Զաքին: Տարին տասներկու ամիս նոքարը նրա տանն անպակաս է լինում: Ամեն ինչից էլ ունի՝ ձիու պայտից մինչև չոր գերանը: Եթե գյուղում մեկին մի բան է պետք լինում, Արաբաջու ներկած դարպասն է ծեծում:

Եվ Զաքին ունեցածը չի մերժում, բայց գիտե, թե ում պետք է տալ: Ամենքն էլ գիտեն, թե ինչպես է, որ նա իր ունեցածից տալիս է և միշտ էլ ավելացնում:

Նա էն ժամանակ իր բեռը դիզեց, երբ որ դուքան ուներ, և տղեն էլ պրիստավի մոտ պիսեր էր, — ասում էին գյուղացիք, երբ ջահելներից մեկը զարմացած հարցմունք էր անում, թե`

Էս Արաբաջոնց տան ապրուստը հորո՞վ ա, թե ձորո՞վ, որ վերջանալ չունի...

Զաքին իր դիրքը գիտի: Ճիշտ է, նա մի քիչ իրեն զսպված է պահում, առաջվա պես գյուղում ինքնիշխան չի, բայց էլի հին շարժ ու ձևը չի մոռացել:

Եթե մի մարդ է գալիս գյուղում ժողով անելու, նա խեղճ է ձևանում: Տուրքն իջեցնելու համար շրջգործկոմին դիմում է տալիս, հնամաշ չուխա է հագնում, — բայց գյուղի երեխեքն էլ գիտեն, որ Զաքու սնդուկներում պահած բան շատ կա, նրա տավարը մի քանի տուն կպահի:

Ամարին Ջավահիրըսրա-նրա տան հաց թխող, լվացքին օգնող մի այրի կին, որին Զաքու կինը միշտ կանչում է ու մի փոր հացով ամբողջ օրն աշխատացնում, — Ամարին Ջավոն շատ լավ գիտի Արաբաջու խալու և կարպետի հաշիվը:

Կռներս կոտրատվեցին նրա խալիքը լվանալով, — ասում է նա հարևան կանանց:

* * *

Ջավոյի տղան՝ Օվիսը, Արաբաջու տանը նոքար էր: Ջավոն շատ աղաչեց Զաքին, որ Օվիսին վերցնի:

Չի լինի, — ասում էր Զաքին, — քո տղան շատ ա կապը կտրած: Իմ նոքարը պիտի խոնարհ լինի: Ա՛յ, տես Օրուջը, հալալ ծիծ կերած ա...

Օրուջը նրա թուրք նոքարն էր: Եվ այդ ասելով նա կանչեց.

Օ՛րուջ...

Համմե, աղա, — պատասխանեց Օրուջն ու ծլունգ, կանգնեց նրա առաջ ամաչկոտ հարսի պես:

Գոմը լավ սրբի՛ր, — ասաց Զաքին, հենց այնպես, մի հրաման տված լինելու համար, Օրուջը գլուխը կախ հեռացավ, ցախավելը վերցրեց և գնաց արբած գոմը մեկ էլ ավլելու:

Գործին միջամտեց և Զաքու կինը: Նա էլ խնդրեց.

Հաց չունեն ուտելու, դե ո՞նց անեն, — ասաց նա այն ժամանակ, երբ ամուսինը մեղմացել էր, չարություն չկար սրտում:

Զաքու կինը վաղուց էր նկատել, որ ամուսինը խաղաղ և զիջող է այն ժամանակ, երբ շաքար է ջարդում իր ձեռքով և մանր կտորներ անելով տալիս է նոքարին կամ երբ չոր հաց է փրթում յուղոտ ապուրի մեջ և հինգ մատով իր փրթոշը խառնում: Այդպիսի մի օր էլ նա իր համաձայնությունը տվեց:

Ասա թող երեսիս շատ չխոսի, լեզուն մի քիչ հավաք պահի, — դարձավ նա Ջավոյին, որ կարկատած շալի տուտով երեսը ծածկել էր և գլուխը խոնարհել նրա առաջ:

Ջավոն ուրախ տուն եկավ, բայց ինքն էլ չիմացավ, թե ինչո՞ւ արցունքներ եկան աչքերից: Արցունքները սրբեց, որ Օվիսը չտեսնի և պատմեց որդուն:

Որդին անտրտունջ համաձայնվեց: Վաղուց էր որոշել նոքար մտնել, արդեն հասակն առած տղա էր, մի տեղ աշխատանքի պիտի գնար: Բայց Զաքու մոտ չէր ուզում ծառայել, ուրիշի մոտ էր ուզում նոքար գնալ: Հիմա, որ Զաքին համաձայնվել էր, էլ անհնար էր ուրիշի մոտ ծառայել: Զաքին մի թշնամություն կաներ նրան, ով իր խոսքը տափով կտար:

Օվիսը դուրս եկավ տնից, անցավ Զաքու դարպասի մոտով ու նստեց գյուղի վերև սեպի պես ցցված քարի վրա:

Նստել էր Օվիսը քարին, նայում էր գյուղին ու միտք անում, թե որքան պիտի աշխատի, որ էլ նոքար չլինի: Տանը հասած քույր ուներ և մի փոքր եղբայր: Նրա հոգսն ավելի քույրն էր. շոր չունի, բոբիկ է: Ո՞վ է նրան առնելու, ում ցավն է աղքատի օջախից կրակ վառել:

Օվիսի հայրը վաղուց էր մեռել: Մրսել էր հանդում ուրիշի համար վար անելիս: Այն ժամանակ Օվիսը խելքը գլխին երեխա էր: Միտն ընկավ, թե ինչպես մի հավ կռան տակին գնաց Զաքու դուքանից շաքար առնելու հիվանդ հոր Համար: Զաքին հավը տնտղեց ու քմծիծաղ տալով ասաց, թե աղքատի հավն էլ է լղար: Հետո շաքարը կշռելիս, հարցրեց թե՝

Ապերդ հոգի ա՞ տալիս...

Հոր մահից հետո տան պակասն ավելի շատացավ: Մի կով ունեին, էն էլ տարան տուրքի դիմաց, և իրենց մնաց երկու այծ և ութ հավ:

Իրիկուն էր արդեն, երբ նա տուն եկավ, մի քիչ չոր հաց ջիբում դրեց և էլի դուրս գնաց ընկերների հետ զրույց անելու: Ընկերներ ուներ, իր նման աղքատ, չարքաշ աշխատող: Գյուղում նրանց անվանում էին «Ղարիբանոցի» խումբ: Ղարիբանոցը գյուղի աղքատ թաղն էր, ավելի կեղտոտ, ավելի ավերված:

Տաք օրերին, երբ արևը առատորեն ջերմություն է սփռում գյուղի վրա, Ղարիբանոցի պատերի վրա կարելի է տեսնել կեղտոտ լաթեր. պատերի տակ ցնցոտիներ հագին նստոտած են կին ու աղջիկ, որոնք իրենց զգեստներն են արևին տվել:

Մի օր էլ, մի կոմսոմոլիստ տղա եկավ ու խմբին շատ բաներ ասեց: Տղերքն այն հասկացան, թե պետք է կազմակերպվել և սովորել: Եվ առաջին անգամ, արևոտ մի օր, քաղաքից եկած կոմսոմոլիստ տղան այնքան նոր բան պատմեց նրանց

Արաբաջի Զաքու համար Ղարիբանոցի խումբն աչքի փուշ էր: Նա առիթ չէր փախցնում իր կծու արհամարհանքն արտահայտելու: Մի օր էլ, երբ Ջավոն նրանց բակում բուրդ էր լվանում, Զաքին դարձավ նրան.

Ջավո՛, տղադ ասում են ուսումնագետ է դառել, հը՞, — ու ժպտաց քենոտ, երևաց առողջ ատամների երկու շարքը, թավ ունքերի տակ պսպղացին խոժոռ աչքերը:

Ջավոն անխոս էր: Մի միտք էր անում, թե չլինի Օվիսին դուրս անի, էլ նոքար չպահի:

Բուրդ էր լվանում, լվացածը դարսում քարերի վրա: Ջուրը ծլլում էր բուրգից, Ջավոյի աչքերից էլ արցունք էր թափվում առվի ջրի մեջ:

* * *

Օվիսը նախրապան էր: Առավոտ կանուխ, ծեգը տալիս, Զաքու տավարն առաջ արած, օրվա հացը մեջքին կապած, սար էր գնում, իրիկնադեմին տուն գալիս:

Հացի հետ, հրահանգչի տված գիրքն էր ու մատիտը: Սարում տավարն ախորժով խոտ էր ուտում, ինքը պառկում էր մի թփի տակ և գիրկապ անելով օրվա դասը սերտում: Երբ հոգնում էր կարդալուց, պառկում էր մեջքի վրա, նայում երկնքի երեսով լողացող ամպերին ու միտք անում: Մտքերն էլ լողում էին ամպերի պես:

Մի իրիկուն էլ Զաքուն կանչեցին գեղամեջ: Քաղաքից մարդ էր եկել: Եկողն անբեղ, անմորուս մի երիտասարդ էր:

Երբ Զաքին ներս մտավ, նրան առաջարկեցին պայմանագիր ստորագրել բատրակ վարձելու համար: Նա ուզեց չեմ ու չում անել, բայց փորձված աղվես էր. մտածեց մի քիչ և պայմանագիրն ստորագրեց:

Օվիսին էլ կանչեցին, որ նա էլ ձեռ քաշի: Արաբաջի Զաքուն այդ դուր չեկավ: Նա համաձայն էր նշանակած գինը տալու, մի մեծ բան չէր նրա համար, իր մտքում դրածն էլ համարյա այդ չափ էր. բայց նրան դուր չեկավ, որ իր նոքարը ստորագրեց իրենից վերև: Նրա ձեռագիրն էլ ավելի վարժ էր ու սիրուն:

Ե՞րբ սովորեց գրել, — մտածեց ինքն իրեն ու տուն դարձավ: Այդ գիշեր քունն ուշ եկավ: Անկողնում շուռ էր գալիս, ոնց որ շիշի խորոված, տկարություն զգաց, կարծես ոսկորները ցավում էին, մեջքն էլ ծակում էր:

Վեր կացավ տեղից, շապկանց անց ու դարձ արեց սրահում:

Օրո՛ւջ:

Համմե, աղա, — գոմից քնաթաթախ ձայնեց նա:

Էգուց գոմը լավ կսրբես: Օվիսին էլ ասա, — ու էլի ետ դարձավ, անկողինը մտավ:

Մի իրիկուն էլ, տավարը տեղավորելուց հետո, Զաքին Օվիսին կանչեց, մի քանի ռուբլի տվեց աշխատավարձի հաշվին: Փող տալու ժամանակ Զաքին մի քանի խոսք էլ ասաց, «խելոք» խրատներ, մեծի առաջ խոնարհ լինելու, հարգ ու պատիվ ճանաչելու մասին: Օվիսը փողը սեղմել էր բռի մեջ, նայում էր Զաքուն, նրա հաստ բեղերին և ուրախ էր, որ համարձակ է նայում Արաբաջու աչքամեջին:

Իսկույն տուն վազեց: Առաջին վաստակն ուզում էր մորը ցույց տալ: Ամարին Ջավոն իր կյանքում այդպիսի երջանիկ երեկո քիչ էր տեսել: Մի քանի անգամ փողերը համարեց, մի շորի տուտում կապեց պինդ և դրեց ապահով տեղ: Այդ գիշերը մի քաղցրություն կար այծի չոր ու կարծր պանրի մեջ:

Մի քանի օր անց, Զաքին նրան քաղաք ուղարկեց, խոփը զոդելու: Օվիսն առիթից օգտվելով մի քանի արշին բյազ առեց, մի գրվանքա շաքար, երկու տետրակ, մատիտ և Լենինի նկարը:

Ծխից սևացած, մգլոտած խրճիթում Լենինի նկարը Օվիսի համար դարձավ հատուկ խնամքի առարկա: Նա շատ անգամ տուն գալիս առաջին հայացքը նկարին էր ուղղում, տեսնի իր տե՞ղն է, չի՞ ծռվել կամ չի՞ կեղտոտվել:

* * *

Ընկերները մի օր Օվիսին իմաց տվին, թե քաղաքից մարդ էր եկել գյուղի տավարը ցուցակ անելու: Արաբաջին իր տավարը մեկին տասը պակաս էր գրել:

Ես լսում էի, ասաց թե երկու կով ունիմ, մի երինջ, մեկ էլ մի ավանակ: Մի քանի հոգի ուզեցին հակառակել, Զաքին աչքերն էնպես խոժոռեց, որ տապ արին, — ասաց մեկը:

Ոնց թե, բա դուք որտե՞ղ էիք...

Ուրեմն տերությանը խաբե՞ց. մենք մեռած ենք էլի, — զայրացած հարեց Օվիսը:

Եվ Ղարիբանոցը որոշեց գաղտնի տեղեկություն ուղարկել քաղաք, հայտնելով Արաբաջու ունեցած տավարի ճիշտ քանակը:

Մաթո՛ս, ես ասեմ, դու գրի, — դիմեց Օվիսն իր ընկերներից մեկին, — կով՝ ութ գլուխ, վեց եզ...

Մինն աչառ ա, մի՛ հաշվի, հինգը գրի, — ասաց մի ուրիշը:

Լավ, հինգը գրի, երկու ձի, հարյուր քսաներեք ոչխար...

Մի շաբաթ հետո ամբողջ գյուղն էր խոսում այն մասին, թե Արաբաջի Զաքին սուտ է ասել տավարը գրելիս, ու մեկը «դանոս» է գրել: Իսկ Զաքին կատաղել էր, տեղ ու դադար չէր գտնում: Արագ քայլերով բակն էր չափում, իրեն-իրեն թոնթորում.

Էսպես էլ ժամանակ, ոչ կարգ, ոչ վախ...

Երբեմն էլ իր սրահից նայում էր Ղարիբանոցի խղճուկ տներին և զայրույթից մռռում.

Էս շան լակոտն իմ գլխիս ձեն շատ ա բերելու:

Եվ Զաքին հենց նույն օրը որոշեց Օվիսին դուրս անել:

Թող գնա սատկի սոված շան նման:

Բայց երեկոյան դեմ զայրույթը մի քիչ նստեց: Նա գերադասեց մի ամիս էլ սպասել և աշունքադեմ դուրս անել:

Օվիսն այդ իրիկուն Զաքու տանը հաց էլ չկերավ:

Կփոշմանես շան նման, — հետևից զայրացած կանչեց Զաքին և կարգադրեց, որ նրա բաժին թանապուրը Օրուջին տան:

Օրուջր նստել էր գետնին, նրանց սեղանից մի քիչ հեռու և գլուխը կախ ընթրում էր: Նա գիտեր, թե ինչու է «աղան» չարացել: Եվ իր մտքում Օրուջը մեղադրում էր Օվիսին, նրան անխելք համարում:

Առավոտ կանուխ, երբ միասին գոմն էին ավլում, Օրուջը Օվիսին ասաց.

Այդպես չի լինի, աղան հարուստ ա, մենք քյասիբ: Եվ խնդրեց, որ այդ մտքից հետ կենա, դարձի գա, Զաքու սիրտը շահի ու իր քյասիբության մասին մտածի:

Օվիսը ժպտաց, աղբով լի քթոցը շալակեց ու դուրս եկավ գոմից: Նա շատ անգամ էր խոսել Օրուջի հետ, փորձել էր նրան իր կողմը քաշել, գրել կարդալ սովորեցնել, բայց Օրուջն այդ չէր ցանկացել: Սովորելը նա իր ուժերից վեր էր համարում:

Բարի էր Օրուջը, խավարամիտ ու անգիտակից, աչքը ծայր աստիճան չքավորության մեջ բացած, տնով-տեղով սրա-նրա մոտ նոքարությունով գլուխ պահող ընտանիքի զավակ: Տանն ուտելիք չկար, իր գլուխն էր պահում մի փոր հացով: Զաքին նրան երկու ոչխար էր խոստացել մի տարվա ծառայության համար:

Օրուջը հրաժարվել էր պայման կապելուց: Նա ուրախացել էր, որ Արաբաջու մոտ նոքար է, որովհետև Զաքին նրան այդպես էր սովորեցրել: Օրն ի բուն աշխատում էր, պառկում գոմում, փտում էին շորերը կծծահոտի մեջ, բայց մի բառով էլ դժգոհություն չէր հայտնում: Աչքն իր երկու ոչխարի վրա էր, որ տարին լրանալուց հետո պիտի տուն քշեր:

Օրուջն Օվիսին սիրում էր: Նա ճանաչում էր նրանց աղքատ ընտանիքը, տեսնում էր, որ Օվիսը լավ աշխատող է, բայց չէր հասկանում, թե ինչո՞ւ է նա Արաբաջուն հակառակ, ինչու է պայմանագիր կապել: Եվ նա մտքում դրել էր լուռ ու խոնարհ նոքար լինել, երբեք չտրտնջալ:

* * *

Աշունքանում էր:

Հունձը վերջանում էր: Կալերում առավոտից մինչև արևամուտ եզներն էին այրվում արևի տակ: Չոր հասկերը կամերի կայծաքարի տակ տրաք-տրաքում էին, փշրվում: Փոշի էր ելնում կալերից և երգի ձայն:

Գյուղացիք շապկանց, մի սպիտակ շոր գլխներին, ճիպոտն օդում շարժելով, հա քշում էին եզներին. ոմանք եղանում, կալսում, աջ ու ձախ ցրում: Իրիկնադեմին եզները հոգնած պառկում էին գետի ափին, ուռիների տակ, որոճում և պոչով ճանճեր քշում, իսկ կալերում թեղ էին տալիս, իրիկվա հովին ջոկում ցորնի հատիկները դեղին դարմանից:

Սարերում խոտը տեղ-տեղ դեղնել էր: Օվիսը նախիրն ավելի հեռուներն էր տանում, սարերի լանջերը, ուր խոտը դեռ կանաչ էր:

Աշունքանում էր, և Օվիսը գիտեր, որ Զաքին իրեն էլ չի պահելու: Հոգսը տան մասին էր: Տունը որ չլիներ, գյուղից կհեռանար քաղաք, կսովորեր, առաջ կգնար, և էլ հոգս չէր անի: Տանը մայրը անճար, քույրը՝ հասած աղջիկ և եղբայրը փոքրիկ, փթանոցի պես կախվել էին ոտքերից, դանդաղ էր վազքը, մեղմ՝ հարվածի թափը:

Չէր ընկճվում: Բավական գրաճանաչ էր դարձել, առաջին գիրքը փոխել էր: Զգում էր, որ գլխում մի փոքր պաշար կա ամբարած:

Արևը, աշունքաշեմի թուլացած արևը, մայրամուտն էր ապրում, ասես կռիվ էր տալիս, մահու կռիվ, որ մի ժամ էլ շող տա ու ջարդված քաշվում էր սարի ետև, իր շողերը խաղացնում ամպերի վրա:

Արևմուտ էր, երբ նախիրը տուն բերեց: Օրուջն էլ տանն էր: Երբ նախիրը դարպասով ներս արեց, Օրուջը մոտեցավ Օվիսին և ականջին փսփսաց, թե աղեն իրեն այսօր մի արխալուղ է փեշքեշ տվել. լավ խաբար է առել-թուղթ է ստացել իր որդուց:

Արաբաջու որդին, որը պրիստավի մոտ գրագիր էր, Թավրիզ էր փախել: Նրա օրոք գյուղում շատ մարդու քիթ էր արնոտվել, շատ էլ թալան տարավ իր հետ, տավար ու խալի անցկացրեց Արազի մյուս ափը:

Օվիսն ուրախանալու պատճառ չուներ: Նա գոմի դուռը բաց արեց, որ թին վերցնի, բակը քերի: Դուռը բաց արեց և մի րոպե քարացած մնաց:

Գոմի անկյունում, տախտակների վրա նստոտել էին Զաքու բարեկամ մի քանի գյուղացի, տերտերն ու Արաբաջին: Նրանց առաջ մի քանի գավաթ գինի էր, կանաչեղեն ու խորոված:

Օվիսն իսկույն հասեացավ, որ Թավրիզից թուղթ առնելու համար են հավաքվել:

Հը՛, կարո՞ղ ես էլի իմաց տաս, — դարձավ նրան տերտերը ու կուշտ ուտելուց բխկացրեց կոկորդում:

Օվիսը ոչինչ չպատասխանեց: Թին առեց ու դուրս եկավ:

Գոմի քեֆը թեժացավ: Զաքին իր գիտեցած մարդկանց էր հավաքել, գոմի անկյունում մի անգամ ապահով կերպով սիրտ բացելու, դարդահալ լինելու: Նեղություն շա՛տ. ապրելը դժվարացել էր նրա համար: Լուր կար, որ հողերը պիտի խլեն, տուրքը տարեցտարի ավելացնում էին:

Շան ծիծ կերած ա, տերտեր, — ասաց Զաքին գլուխը դեպի բակը շարժելով:

Փուչ ժառանգ ա: Ասում են Լենինի պատկերքն էն ա տան պատից կախած,— պատասխանեց տերտերը և միրուքը սղալելով խմեց Արաբաջոնց «ննջեցելոց» հոգու համար:

Գինին թուլացրել էր ուղեղի կապերը: Լեզուն իրեն-իրեն շարժվում էր նրանց բերանում, և սրտի խորքում պահված մտքերը ակամա դուրս էին թռչում:

Օվիսը բակում աշխատում էր: Նրա ականջին էին հասնում խոսքեր, որ չէր լսել նրանց բերանից:

Հետո տերտերը մի երգ ասեց.

Բա՛...ողջում կենաս, տերտեր, էդ հո իմ Թևանիս ասած երգն ա, — բղավեց Զաքին այնպես բարձր, որ փողոցումն էլ կլսվեր: Երգ չէր, այլ մորթվող անասունի խռռոց:

Օվիսը լսեց, սիրտը թունդ առեց, թիակի կոթն ավելի սեղմեց: Ուզեց դուրս գնա, ընկերներին իմաց տա, մեկ էլ մտածեց, որ հարբած են, հարկավոր չի:

Երգը փոխեցին: Այս անգամ մի ուրիշն էր երգում. նա, որ Թևանի աջ կուռն էր, թալանով իր տունն էր լցրել:

Օվիսն էլ չդիմացավ, գոմի դուռը բաց արեց ու ասաց.

Ջաքի դայի, էդ երգը մի ասի, լավ չի լինի...

Մի պահ լռեցին:

Հետո Արաբաջին գոռաց.

Դե կորի՜, շան ձագ...

Օվիսը մի երկու քայլ էլ արեց ու նորից խնդրեց: Հարբած խումբը չռած և անմիտ աչքերով, բերանը բաց նայում էր Օվիսին:

Ես քո խրատողին էլ, քո Լենինին էլ, — բղավեց Զաքին ու տեղից ծառս ելավ, ամեհի գազանի պես:

Օվիսի արյունը գլխին խփեց: Նրա աչքին ընկավ գինու տիկը: Մոտ վազեց, տիկը գետնով տվեց: Կարմիր գինին խառնվեց գոմի կվաջրին:

Զաքին եզան կապն առեց ու մի քանի անգամ հասցրեց Օվիսի մեջքին, կռան: Օվիսը ծառս էր լինում, ծռմռատվում հարվածների տակ, չանգռոտում Զաքու երեսը, բեղից ու մազերից քաշում: Մեկը հետևից քացի տվեց, և Օվիսը փռվեց գետնին: Արյունը բերանն էր լցվել, լնդերքում զգաց մի սուր ցավ: Եվ Օվիսի գինու պես կարմիր արյունն ևս խառնվեց կվաջրին...

* * *

Օվիսը տնքում էր հազար կարկատանով վերմակի տակ պառկած: Ցավում էին մեջքը, ուսը, ջարդված ատամի տեղը մրմռում էր: Ճրագի աղոտ լույսի տակ հազիվ էր նշմարվում աչքի տակի ուռուցքը:

Ջավոն շուտ-շուտ փալասի մի կտոր թաթախում էր ջրի մեջ, որդու գլխին դնում: Եվ երբ Օվիսը աչքերը բաց էր անում, մայրը կռանում էր նրա վրա, հարցնում.

Էլի ցավը կա՞...

Հիմա մի քիչ լավ եմ, — պատասխանում էր Օվիսը, աչքերը նորից փակում:

Գլխավերևում նստոտած ընկերները, երբ Օվիսն աչքերը բաց էր անում, մի քիչ մոտենում էին, սիրտ տալիս:

Դու հենց գիտես մենք մեռա՞ծ ենք...

Թող մի լուսանա...

Թոկը գցենք վիզը, քաշ տանք դատարան: Էս ո՞ր տարին ա...

Մի քիչ հետո ներս մտավ Մաթոսը:

Հը՞...

Ասեցի: Շան նման դողն ըսկել ա ջանը: Կանչեց մի կողմը, թե չի՞ լինի որ հաշտվենք, մի բան տամ ու սուս կացեք, էղածն էլել ա: Դարպասն էնպես շրխկացրի, որ պատիցն էլ քար ընկավ...

Դե հըմի թող իրեն ուտի:

Ջավոն փորձեց հակառակել, թե հարկավոր չի թշնամանալ Արաբաջու հետ, էլի մի փորձանք կբերի, լավ կլինի, եթե հաշտվենք:

Դու սո՜ւս, Ջավո հոքիր: Էլ անցավ...Մեր մեռած օրը պիտի լինի, որ Զաքին անպատիժ մնա:

Եվ ընկերներն սկսեցին խորհրդակցել վաղվա անելիքների մասին: Մաթոսը պնդում էր, որ հարկավոր չի Օվիսի արնոտ արխալուղը լվալ: Նրա միտքն էր վաղ առավոտյան արխալուղն առնել ու դատարան գնալ, ամենքին ցույց տալու:

Բա էս գիշեր մի բան չանե՞նք, — համարյա փսփսուկով ասած նրանցից մեկը:

Ի՞նչ:

Գնանք Զաքու քթոցները ցրիվ տանք...Դեզը կրակենք. էն որ բոստանի կողքին է:

Չէ՛, հարկավոր չի, էդպես բաներ մեզ սազական չի: Էգուց գեղում ի՞նչ կասեն, — պատասխանեց Մաթոսը: Մյուսները համաձայնվեցին:

Օվիսը քնել էր: Ու նրա քնից օգտվելով ընկերներն սկսեցին պատմել, թե ով ինչպես է լուրն իմացել, ինչպես է հավարին հասել:

Ես եզները տարել էի ուռոց տակ: Մեկ էլ տեսնեմ տերտերը տմբտմբալով եկավ, կռացավ գետի վրա, ձեռքերը լվաց: Ա՛յ տղա, ասացի, տերտերը հարբած լինի կասես: Ինձ որ տեսավ, մատը թափ տվեց, թե՝ «անխրատ, անիրավ, դե մի գնա ընկերդ տես, Օվիսին, Օվիսին...»: Էդտեղ մի բան սրտումս տպվեց

Ջավոն լուռ լսում էր: Նստել էր օշախի մոտ, նայում էր որդուն, ընկերներին: Նստած միտք էր անում, թե ինչի՞ցն է, որ այդքան սրտակից են դեպի Օվիսը, ասես բոլորն էլ մի տան տղաներ են:

Օվիսը աչքերը բաց արեց:

Հը՞, — հարցրեց Մաթոսը:

Քունս մի քիչ տարավ, հիմա լավ եմ...

Դուռը ճռռաց, ու շեմքին երևաց Զքու կինը, կռան տակին ինչ-որ կապոց: Ջավոն տեղից վեր կացավ, աղջկանը ձայնեց, որ կարպետի վրա ներքնակ փռի և Զաքու կնոջը խնդրեց նստելու:

Չէ՛, գնալու եմ...

Մոտեցավ Օվիսին:

Ո՞նց ես...Բան չկա, կմեծանաս, կմոռանաս:

Ոչ ոք նրան պատասխան չտվեց, կինը տեսավ, թե ինչպես Օվիսը երեսը շրջեց, իսկ Մաթոսը նայեց մյուսներին, որոնց աչքերից ասես կայծեր էին թռչում: Անհարմար դրությունից դուրս գալու համար, Զաքու կինն սկսեց պատմել, որ ամուսնու բնավորության մեջ այդպիսի մի «չար քամի» կա, բռնելիս ինքն էլ չի իմանում, թե ի՞նչ է անում:

Էգուց դատարանում էդ քամին կհանեն, — ասաց Մաթոսը:

Զաքու կինը պատասխանելու ոչինչ չգտավ, լռեց: Մի քիչ հետո, կռան տակին կապած կապոցը բաց անելով, Զաքու կինը երկու պղնձե աման մեկնեց Ջավոյին:

Ձագի մեղր ա, մեկ էլ կարագ: Թող ուտի, սիրտը կառնի...

Ջավոն մոտեցավ, ամանները վերցրեց: Ու հենց այդ ժամանակ Օվիսը տեղից թռավ, խլեց ամանները, գետնով տվավ: Պղնձե կլոր ամանները զրնգոցով ֆռռացին սենյակում, բաց թողած հոլի պես:

Գնա՛, գնա՛ ասա, որ Արաբաջու տան հացը հարամել ա. իմ արնագինը էս չի, ասա՜, էգուց կիմանա...

Զաքու կինը գլխիկոր դուրս եկավ:

ՎԱՂԸ ՄԱՐՏԻ 8-Ն Է

Մարանենց հին տունն այդ օրը անճանաչելի էր դարձել: Մգլոտած օճորքը սրբել, մաքրել էին, գետինը լավ ավլել, պատերի ճեղքերը թղթով կալել ու շարվեշար կախ արել նկարներ, կարմիր շորով նկարների չորս կողմը սարքել: Եվ այնքան վա՛ռ էր երևում պատերի վրա կարմիր գույնը:

Երբ Մարանենց պառավը շեմքից ներս մտավ, զարմացած մնաց:

Ախչի, էս հո հարսանքա՞տուն եք շինել մեր ղարադամը:

Մինա՛ հորքիր, դու էգուց արի, հարսանիքն էգուց կտեսնես, — ձայն տվեց Աննան, որ քթոցի վրա բարձրացած աշխատում էր կարպետի մի ծայրը հագցնել սեպին:

Բա էդ ի՞նչ ա, — հարցրեց պառավ Մինան, մի քիչ առաջանալով:

Էս բեմ ա, բեմ...Էգուց թատրոն ենք տալու, — պատասխանեց կինը և կարպետի ծայրը սեպին հագցնելուց հետո քթոցը մոտեցրեց մյուս պատին, վաղվա ներկայացման համար կարպետից վարագույր սարքելու:

Պառավ Մինան մոտեցավ մի ուրիշ կնոջ, որ թղթեր էր խմորում ու փակցնում պատերին: Հարցրեց նրան, թե ինչ թղթեր են, գլուխն օրորեց ու, իրեն-իրեն խոսելով, դուրս գնաց: Կանանցից մեկը նրա ետևից չանչ արեց, մյուսը նախատեց չանչ անողին:

Ի՞նչ է հասկանում խեղճը, որ չանչ ես անում...

Է՞ն չի հասկանում: Գիտե՞ս ինչ սատանան ա: Ասենք հիմա յա խեղճացել: Մարանենց Մինան մի ժամանա՛կ ուներ որ...

Ձեռքովը գա, հիմա էլ կանի, — ձայնեց մի ուրիշ կին, որ օգնում էր Աննային՝ բեմը սարքելու:

Ասում են հարսին գերեզման գցողը սա է եղել...Էնքան թուք ու մուր է տվել երեսին, ծեծել...Հիմա եկել ու քաղցր զրույց ա ուզում անի մեզ հետ: Էգուց տես ինչեր ա պատմելու մեր մասին...

Աննան և սարքում էր բեմը, և կիսականչ լսում ընկերների խոսք ու զրույցը Մարանենց պառավի մասին: Եվ երբ բեմիցդ իջավ, որ հեռվից նայի պատերից կախ կարպետներին, հանկարծ աչքն ընկավ սեղանին ու սեղանի վրա դրած շալին: Աչքն ընկավ, ու մի վայրկյան աչքը սառած մնաց:

Հր՞, զարմացա՞ր: Տես ինչ շալ եմ առել, — ասաց շալի տերը, նկատելով Աննայի սառած հայացքը:

Չէ, էնպես աչքս ընկավ...Ախչի, մի տեսեք բեմը պակաս տեղ հո չունի՞... — Ու մինչդեռ այս ու այն կողմից ձայն էին տալիս, մեկը՝ թե կարպետը ծուռն է կախած, մյուսը՝ որ բեմը լավ է սարքած, — Աննայի աչքը շալին էր: Կամաց-կամաց դեմքի արտահայտությունը փոխվեց, զգաց, որ հոգնել է ու նստեց տախտակի վրա...

Այդպիսի շալ ուներ և քույրը: Փաթաթվում էր միջին, երևում էր միայն աչքն ու ունքը: Այնքա՛ն սիրուն էր Փառանձեմը ծաղկանկար շալով: Նստում էին տան առաջ, թթենու տակ, խաղեր էին անում, Փառանձեմը տիկնիկներ էր շենում, տալիս իրեն: Եվ իսկույն Աննան պիտի վազեր հարևանի աղջիկներին ցույց տալու իր նոր տիկնիկը:

Աննայի միտն ընկավ, թե ինչպես մի անգամ տեսավ քարերի վրա ընկած բարակ, երկար, պսպղուն կտոր...Ուրախացած մոտ վազեց, որ վերցնի, Փառանձեմը տեսավ ու ծկլթաց: Քարերի վրա գարնան արևի տակ տաքացող օձը կամացուկ շուլալվեց ու պահվեց քարերի արանքում:

Աննան ժպտում էր:

Էն ո՞ւր փախավ կտորը...

Էն օձ էր, օձ...Որ բռնեիր, ձեռքդ կկծեր, — ասաց Փառանձեմը ու գրկեց նրան:

Նստում էին թթենու տակ, ու եթե տանը մարդ չէր լինում, Փառանձեմն Աննային ուղարկում էր հարևանի աղջկան կանչելու: Ծնողներն անհաշտ էին իրար, գնալ-գալ չունեին: Իսկ Փառանձեմն ու հարևանի աղջիկը մոտ ընկերներ էին: Եվ հենց որ տանն էլ ուրիշ մարդ չլիներ, Փառանձեմը կասեր.

Աննա, գնա Սրբուհուն կանչիր...Համա լեզուդ կկտրեմ, որ ուրիշին ասել ես: Էլ տիկնիկ չեմ շինի քեզ համար:

Ինչի՞ ես պարապ նստել, Աննա, — ձայն տվավ սեղանի վրա թուղթ խմորող կինը, — վե՛ր, գործ արա: Էգուց մարտի 8-ը լինի, դու պարապ նստե՞ս...

Աննան ցնցվեց, սթափվեց: Ձեռքերը մազերին տարավ, երեսի վրա կախ ընկած մազերը ետ քաշեց, մոտեցավ սեղանին: Մի կին պատմություն էր անում: Աննան խմորը մատով քսում էր թղթին, դեն դնում: Մի ուրիշը խմորած թղթերը փակցնում էր ծխից սևացած, հարյուր տարվա պատերին:

Մի անգամ էլ բակում նստել, միամիտ խաղում էին: Հանկարծ դուռը բացվեց, մայրը ներս մտավ ու Փառանձեմին ասաց.

Գնա մազերդ սանրի...Էն կապույտ դեյրադ էլ հագի: Տունը մարդ ա գալու:

Բա ե՞ս ... — հարցրեց Աննան: Մայրը չպատասխանեց, ավելն առավ և սկսեց արագ-արագ ավլել սրահը, գետնին խսիր փռեր Փառանձեմը նայեց, շատ նայեց Աննային, ու երբ մայրը մի անգամ էլ կանչեց, վեր կացավ ու ներս մտավ տուն:

Next page