Բակունց Ակսել՝   Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ

Այդ մի ճանապարհով էլ բարձրացել էր Տիտոսը, ճանապարհին մի քանի հոգի տեսել, որոնք զարմանքով էին նայել նրան:

Էս հասակին, որ սա վախ չունի մենակ գնալու, ուրեմն սրտոտ տղա պիտի լինի, — ասաց մեկը, որին Տիտոսը հարց տվավ, թե երբ կհասնի կոտրած քարվանսարին:

Արևով կհասնես...Առաջիդ իշավորներ են գնում, որ ուզենաս՝ նրանց կհասնես, — ասաց մարդը:

Տիտոսը քայլերն արագացրեց: Ինչքան բարձրանում էր սարն ի վեր, օդն այնքան սառնանում էր, կանաչն ավելի շատանում, թեկուզ աշնան սկիզբն էր:

Ա՛յ հորթերը էստեղ լինեին, ի՛նչ կուտեին, — մտածեց նա, հետ նայեց մի ուրիշ լեռնաշղթայի, որի գագաթներին ամպ էր նստած, և որի հետևին հայրենի գյուղն էր:

Տեսնես հիմա հորթերն ո՞վ է պահում

Կածանով մենակ էր բարձրանում, ինքն իրեն միտք անում: Հեռվից՝ նա անտառից մոլորված արջի քոթոթի էր նման, որ ընկել էր բացուտի մեջ, բրդոտ ոտքերն արագ էր փոխում, մյուս անտառին հասնելու համար: Չլինի՞ թե բացատում տեսնեն իրեն:

Գագաթին ամպերը թանձրացան, բրդի գորշ մալանչների պես իջան գետնին, փաթաթվեցին ոտքերին, շորերի վրա խոնավություն մաղեցին, տրեխները թացացան: Ճանապարհը հազիվ էր երևում. ամպը մեկ խտանում էր, մեկ նոսրանում: Նոսրանալիս նա ճանապարհն ավելի հեռուն էր տեսնում, բայց երբ խտանում էր, Տիտոսին թվում էր, թե ճանապարհն էլ է հալվում ամպի մեջ:

Եթե հանկարծ մոլորվեր, հեռանար ճանապարհից, մութն իջներ ու մնար սարում: Այդ միտքը վախեցրեց նրան, ուզեց կանչի, քայլերն ավելի արագացրեց: Գուցե հասներ իշավորներին: Միայն թե չմոլորվեր, ամպած գիշերը սարում չմնար: Հանկարծ գայլերը քարի տակից ցցվեին ճամփի վրա: Ի՞նչ պիտի աներ...Ինչո՜ւ նստեց ամպը սարին: Արև լիներ, ինչպես երեկ, ոչ մենակություն կզգար, ոչ վախ:

Տիտոսն իր մտքերի հետ էր. հսկա քայլեր էր անում, հանկարծ տեղում մեխվում, երբ ականջին շշուկ էր հասնում կամ աչքն ընկնում էր ճամփից հեռու ընկած տձև քարերին: Գուցե գայլերն են մրափած:

Նա արդեն սարի ջրբաժան սահմանն անցել էր, հետ էր թողել սարահարթն ու ծառաստանների մեջ թաղված գյուղերը, մհալի հանդարտահոս գետը: Եթե արև լիներ, գագաթից վերջին անգամ կտեսներ այդ ամենը, հեռու կապույտի լեռնապարը, որի հետևին հոր կիսավեր տան սառած թոնիրն էր, մայրը, պառավ կատուն, որ արդեն վայրենացել էր:

Մի շուն հաչաց, երկրորդը նրան ձայնակցեց: Տիտոսը կանգ առավ, լսողությունը լարեց հաչոցի կողմը: Գուցե գյուղ է, բայց ինչու Անտոնը ոչինչ չասաց: Այդ մտքին հաջորդեց մի ուրիշը, աղվեսն էլ շան նման է հաչում: Հանկարծ շատ մոտ լսեց հաչոցի ձայն, երկու ստվեր կլանչեցին և մինչև Տիտոսը կկռանար քար վերցնելու, ձախ ազդրի փափուկ մսի մեջ զգաց սուր ծակոց. վայր ընկավ ու ցավից բարձր ճչաց:

Շները հետ փախան, տասը քայլի վրա նստեցին խուլ մռռոցով: Տիտոսի կանչին ամպի միջից երևաց հովիվը, թաղիքե վերարկուն ուսին: Նրան թվաց, թե հովիվը երկնքից իջավ: Շները վնգստոցով հեռացան, հովիվը մոտեցավ Տիտոսին, ոտքի վերքին նայեց:

Բան չկա, հիմա արյունը կկտրվի, — ասաց նա: Տիտոսը վախից գունատվել էր: Ոտքի կանգնեց և նոր միայն զգաց, որ ձախ ազդրը ցավում է, ասես մեկը եղինջի փշերով ծակծկել էր փափուկ միսը:

Հովիվը թաղիքից մի քիչ բուրդ հանեց, փաթաթեց վերքին:

Եվ երբ Տիտոսր կարողացավ մի քանի քայլ անել, մարդը հարցրեց.

Բա ո՞ւր էդպես մենակ...

Մենակ չեմ, ընկերներս հրես հետևիցս գալիս են, — ասաց Տիտոսը, աչքի տակով նայեց հովվին, ստուգելու՝ արդյոք հավատա՞ց նա: Հետո նրան հարցրեց, թե ուր է տանում ճանապարհը, հեռո՞ւ է կոտրած քարվանսարան:

Դեռ օր շատ կա, արևը մայր չմտած կհասնես: Հենց էդպես վեր արի... — ասաց հովիվը, մի քիչ էլ կանգնեց, մինչև Տիտոսը ձախ ոտից կաղալով կորավ ամպի մեջ: Հետո փաթաթվեց վերարկուում, սուլոցով բարձրացավ ոչխարի մոտ:

Տիտոսը քանի իջնում էր, ամպն այնքան էլ նոսրանում էր: Սարի քամին ծվեն-ծվեն էր անում ամպի դեզերը, քշում ներքև, ուր ամպի մանրիկ քուլաները հալվում էին, կորչում:

Մի քիչ հետո ամպի միջից երևաց արևը: Դիմացը չոր, ցամաք ժայռեր էին, կարմիր ու գորշ քարեր, որոնց վրա անկարգ բուսել էին կարճլիկ մացառներ: Ձորակները շատ հեռվում հալվում էին, աստիճանաբար ցածրանում և ձուլվում տափաստանի հետ:

Տափաստանը Տիտոսի աչքին անծայր թվաց: Հեռվում դժվար էր որոշել տափարակի կապույտ հորիզոնը: Հարթ երկիրն աննկատորեն միանում էր կապույտ երկնքի հետ, հեռուներում կազմում մի այլ աշխարհ, որ ոչ ծով է, ոչ երկինք և ոչ էլ անծայր անապատ:

Ետևն ամպոտ սարն էր, որի վրայից նա անցավ: Սարի գլխին դարձյալ ամպ կար: Մի պահ Տիտոսին այնպես թվաց, թե սարը մինչև երկինք է հասնում, շները բարձր ամպերի մեջ վրա տվին իրեն:

Չո՛ւ, չո՛ւ, — լսեց Տիտոսը, երբ մի քիչ էլ ցածրացավ ճանապարհով: Բարձրացավ քարի գլուխը, նայեց ձորին: Իշավորներն էին:

Արևը մայր էր մտել, երբ հոգնած քարվանը հասավ կոտրած քարվանսարին: Քարվանի հետ իջևանի բակը մտավ և բեզարած Տիտոսը:

* * *

Գիշերով քարվանսարա ուրիշ ուղևորներ էլ եկան: Հայեր կային, թուրքեր՝ իշով, ձիով: Ուղտապաններ եկան, որոնք ուղտերով նավթ էին տանում այն մահալը, որտեղից ինքն անցավ: Գուցե ուղտապաններից մեկն էլ իրենց գյուղը նավթ տանի:

Տիտոսը պառկեց խսիրի վրա, պայուսակը գլխի տակ: Միտն եկավ, թե ինչպես էր ուղտապանը գյուղում կանչում.

Նավութ ալան, ա՛յ նավութ ալան†…

Հավաքվում էին նրա գլխին, և մինչև գյուղը նավթի գինը չորոշեր, ոչ ոք նավթ չէր առնում: Ուղտապանը բարկանում էր, սպառնում հեռանալ:

Ցեխապատ սենյակում հատակի խսիրների վրա պառկել էին բեզարած ուղևորները, ով որտեղ ազատ էր տեսել: Մեկը ձիու հարդով լի պարկն էր դրել գլխի տակ, ուղտապանը նավթոտ ջվալն էր գցել մեջքին: Շատերը խոր քնի մեջ խռռացնում էին, ոմանք օջախի մոտ նստած դեռ թեյ էին խմում: Քարվանսարայի տերը շուտ-շուտ ներս ու դուրս էր անում, գիշերով ճանապարհվողներից հարկն առնում, հարդ չունեցողներին հարդ տալիս, էլի նստում տախտակների մոտ, նավթի փոքրիկ ճրագի կողքին, մի քիչ ննջում, մինչև մեկը գոմից կանչի և կամ օջախի մոտ թեյ խմողները մի կտոր շաքար ուզեն, Տիտոսի կողքին պառկածը ջորեպան էր, աղ էր տանում ցորենի հետ փոխելու: Առավոտյան ջորեպանը պիտի անց կենար նույն սարով, որի վրայով անցել էր Տիտոսը, ամպի քուլաների միջով:

Տիտոսն աչքերը նոր էր փակել և ոտները հանգիստ մեկնել խսիրի վրա, երբ զգաց, որ մեկը ոտները կոխ տալով եկավ, կողքին պառկեց: Ցավից զարթնեց, ոտքը հետ քաշեց, տեսավ, թե ինչպես մարդը մեկնվեց:

Որտեղացի՞ ես,— հարցրեց նա:

Նա թեկուզ ցավ էլ զգաց, բայց մարդու հարցի մեջ կարեկցանք տեսավ, մոռացավ ցավն ու պատասխան տվավ:

Ո՞ւր ես գնում, մենա՞կ ես,— հարցրեց նա, գլխատակի կապոցը պատին հենելով:

Րևան,

Մի քիչ հետո մարդը հարցրեց.

Ճանապարհի ծախս, ձեռափող ունե՞ս...

Ունեմ, հա՛, բիլեթի փող: Հրես ծոցումս կարած է, — ասաց Տիտոսն ու ձեռքը ծոցին տարավ, մատերով շոշափեց փալասի կտորը, որ մի քանի տեղից թելով կարած էր ծոցին: Շուտով կհասնի մաշինին: Ահա կոտրած քարվանսարան, որի մասին ասել էր Անտոնը:

Ուղիղ ճանապարհ է, կգնաս, կհասնես մաշինին: Գուցե Անտոնն էլ է գիշերել այդ իջևանում, պառկել նույն խսիրի վրա: Ինչքա՛ն պիտի զարմանա, երբ տեսնի Տիտոսին:

Ուրախության ալիքը բարձրացավ այնքան, որ սրբեց, ետ վանեց քունը: Ինչո՞ւ կողքին պառկած մարդը էլ ուրիշ ոչինչ չհարցրեց: Գուցե Րևանու կողմերից է գալիս: Չի՞ տեսել արդյոք Անտոնին: Եթե նա գիտենար ինչ մտքեր կան Տիտոսի գլխում, եթե հարցներ: Տիտոսը բոլորը կպատմեր:

Սակայն մարդը քնել էր, ջորեպանն էլ քնի մեջ անկապ խոսքեր էր ասում: Օջախի կրակը մերթ հանդարտում էր, բոցը գետնի երեսին էր պառկում, ճիգ անում օջախի մոտ ընկած, կեսը վառված ցախերին հասնելու: Եվ երբ կրակի լեզուները հասնում էին ցախին, օջախը նորից բոցավառվում էր, լույսի տակ Տիտոսը տեսնում էր տան ցեխապատը, եղեգնով ծածկած կտուրը:

Իրենց գյուղում պատերը քարից են, շատ տների կտուրներն էլ է սալ քար, հաստ գերանների վրա: Ինչքան կզարմանային գյուղում. եթե մեկը իր կտուրը եղեգնով ծածկեր:

Քնելուց առաջ Տիտոսի վերջին միտքն այն մասին էր, թե չի՞ կաթում այդ կտուրը անձրև օրերին: Հետո քունն իջավ, միտքն օրորաց, հալվեց, որ կեսգիշերին դառնա երազ:

Երազի մեջ Անտոնն էր, ձեռքի ճիպոտով խփում էր մոշի ճյուղերին, տերևները փրցնում: Կանչում էր, Անտոնը պատասխան չէր տալիս: Ձեռք էր, թե հորթի ոտք կրծքի վրա, ձայնը լավ չէր հնչում: Քնի մեջ շարժվեց, երազը փոխվեց...

Առավոտյան Տիտոսն ուշ զարթնեց. քունը հաղթել էր նրան: Նստեց խսիրի վրա, աչքերը տրորեց, մի պահ զարմացած նայեց չորս կողմը: Հետո վերհիշեց քարվանսարան, օջախի գիշերվա կրակը: Կողքին քնած մարդ չկար: Բակում ուղտապանները նավթի պարկերն էին բարձում ուղտերին: Իշավորները տոպրակի մեջ դարման էին լցնում:

Իջևանի առաջ՝ առվի ջրում, Տիտոսը երեսը լվաց, ձեռքը տարավ պայուսակի հացին: Ճամփի պաշար դեռ ուներ: Պառավի տված բլիթները մնում էին, թեկուզ գլխատակին մի քիչ փշրվել էին:

Երբ մի քիչ հետո իշավորները ճանապարհ ընկան, Տիտոսն էլ պայուսակը ուսին նետեց, փայտը ձեռքն առավ, որ հետևի նրանց: Իջևանի տերը տեսավ այդ, կանչեց.

Ա ջահել, քնելուդ փողը...

Տիտոսը զարմացած կանգնեց: Նա չհասկացավ, թե ինչու պիտի փող տա քնելու համար: Այնքան մարդ էր գնում գալիս, և գյուղում ոչ ոք մտքովն էլ չէր անցնում փող տալ: Ի՞նչ կասեին: Բայց երբ ուղտապանները ծիծաղեցին, մեկն էլ սրախոսեց, թե՝

Քեռու տունն է կարծել, — Տիտոսը համոզվեց, որ այդ օրենք է, սահմանված կարգ: Ինչո՞ւ Անտոնը չէր ասել այդ մասին:

Ուղտապանները տեսան, թե ինչպես նա երեսը մյուս կողմը դարձրեց, ձեռքը տարավ ծոցին: Մի վայրկյան հետո Տիտոսը բարձր ծկլթաց, օձից խայթվածի պես:

Վա՛յ, աման, փողս...

Փայտը ձեռքից ընկավ, փայտի հետ էլ Տիտոսը: Նա ոտքերը գետնովն էր տալիս, քարերը չանգռում, կանչում, լաց լինում, լացի հետ էլ օգնություն կանչում:

Վա՛յ, աման, փողս...

Ուղտապանները նախ չհավատացին, քարվանսարայի տերը կարծեց, թե տղան դիտմամբ է անում: Բայց հետո հավատացին, ուղտապաններից երկուսը մոտեցան, սիրտ տվին:

Ինչքա՜ն էր:

Բիլեթի փող, Րևանի մաշինի փող: Ես ոնց անեմ, վա՛յ աման...

Տղա մի լինիր, լավ...Կաշխատես, մի մեծ փող չի: Կասես՝ քեզ անփող կտանեն, մի մարդ կճարվի...

Արխալուղի կոճակներն արձակված, մի ձեռքը ծոցին բռնած, Տիտոսը չռած աչքերով մեկ սրան էր նայում, մեկ նրան:

Ո՞վ տարած կլինի: Ջորեպանը. բայց նա խոր քնի մեջ էր: Գուցե այն մարդը, որ այնպես սրտանց հարցրեց, թե ուր է գնում, հետո կողքին դարձավ, քնեց:

Իշավորները հեռացել էին: Ի՞նչ անել. հետ վազել սարն ի վեր, հասնել ջորեպանին, ոտքերն ընկնել, աղաչել, գուցե հետ տա: Բայց ո՞ւր հասնի նրան, գուցե ուրիշ ճանապարհով է գնացել, գուցե տեղեկություն էլ չունի փողից:

Քարվանսարայի տերը վկայեց, որ մյուս մարդը լույսը չբացված է գնացել: Վճարել է իր հարկը: Նրա ձին բեռան տակ չէր, ո՞վ էր, ո՞ւր գնաց, ոչինչ չի կարող ասել:

Էսքան տարի է էստեղ եմ, էդպես բան չեմ տեսել...

Եվ իջևանի տերը նորից կասկածեցգուցե Տիտոսն է հորինում: Բայց տղան լալիս էր, աչքերով օգնություն աղերսում, մի ելք:

Լավ, գնա՜, իշավորներին հասի: Ինձ հասանելիքն էլ քեզ եմ բաշխում, — ասաց տերը և ներս մտավ:

Տիտոսը մի քիչ էլ սպասեց: Ուղտերը տեղից վեր կացան, դանդաղ քայլերով ճամփա ընկան: Նա մեկ ուզեց հետևել ուղտերին, հետ վերադառնալ, մի ուղտապանի հետ գնալ գյուղը: Մեկ էլ հետ վանեց այդ միտքը, գետին ընկած փայտն առավ և արագ քայլերով իջավ ձորի լայն ճանապարհով:

Արևը կեծացել էր: Գյուղում արևն այդպես խանձում է միայն ամռան օրերին: Արևից քարերը տաքացել էին, ձորը թվում էր երկար կոկորդ, որի միջով երբեք սարի հովը չի անցել: Չէր երևում աշնան կանաչը, և եթե ամպի մի քուլա էլ մոլորվեր, հասներ ձորին, տաքը սարի ամպին պիտի հալեր:

Ձորի միջով հոսող պղտոր գետակի ափերին բուսել էին դեղձի ու ծիրանի ծառեր: Տիտոսի տեսածը խնձորի էր, կեռասենի ու տանձի: Իջավ ձորը, մոտեցավ ծիրանի ծառին, նայեց և չկարողացավ որոշել խնձորենի է, թե տանձի: Կռացավ գետակից ջուր խմելու: Սարի ետևին կանաչի հետ մնացել էին և սառնորակ ջրերը: Ձորի գետակի ջուրը փտած խոտի համ էր տալիս: Տիտոսը միայն բերանը ողողեց, ճանապարհ ընկավ...

Եվ երբ իշավորներին հասավ ու նրանց էլ պատմեց փողի մասին, մի քանիսն իսկույն հարցրին, թե ինչքան էր:

Ոչինչ, անցածն անցել է, — ասաց ծերունի իշապանը, որի երկար, կախ ընկած ոտքերն իշու քայլերի հետ օրորվում էին:

Արևը նեղացնում էր: Տիտոսը փափախով սրբեց քրտինքը, արխալուղը հանեց: Ուսին գցելուց առաջ մի անգամ էլ նայեց աստառին, որից բարակ թելերով կապել էր փողի փալասը: Թելերից երկուսը կախ ընկած մնացել էին:

Արևի տակ ավելի շատ հոգնեց: Փորձում էր ոտքերը գետնից բարձր վերցնել, բայց չէր կարողանում: Տրեխները քսվում էին ճանապարհին, փոշի հանում, փոշին նստում էր բրդի շալվարի վրա: Ծարավից լեզուն չորանում էր, պռոշներն էր լիզում, գլուխը երբեմն թեքում ձորի կողմը, գետի պղտոր ու անհամ ջրին նայում:

Հիմա սարի աղբյուրի մոտ լինեի, ինչքա՛ն կխմեի, — մտածեց Տիտոսը: Միտն ընկան հորթերը, աղբյուրը, որի սառը ջրում հաց էր թաթախում, խաղ անում ջրի հետ, ջաղաց շինում կամ ձեռքով մաքրում աղբյուրի ակը, խիճ ու ավազ դուրս թափում: Ջուրը նախ պղտորում էր, Հետո պարզում, աղբյուրի ակն ավելի խոր էր թվում, բայց ջուրը նորից փլցնում էր ավազի պատերը:

Էշերն էլ էին հոգնել: Հենց որ մեկի տերը մի քիչ ետ էր ընկնում կամ իշու վրա ննջում, մահակը գետնով քարշ տալիս, էշը զգուշությամբ մոտենում էր ճանապարհի կողքին բուսած մացառին, մի քանի տերև պոկում, մինչև տերը կհասներ կամ կզարթներ և ձեռքի մահակով մի կչափեր իշու փորին:

Տիտոսն աշխատում էր ետ չմնալ: Ուժ էր տալիս ոտքերին, երբեմն վազում, երբ նկատում էր, որ իր և իշավորների միջև եղած տարածությունն ավելի է մեծանում: Վազելիս փոշի էր կուլ տալիս, պայուսակը համաչափ ցնցումներով զարկում էր թիկունքին:

Ճանապարհը ձանձրա էր, միապաղաղ: Թվում էր, թե ձորը վերջ չպիտի ունենա, թեկուզ ամեն մի պտույտ թվում էր որպես վերջինը, որից հետո պիտի սկսվի տափարակը: Բայց պտույտը վերջանում էր, որպեսզի մի ուրիշը ծայր առնի:

Ճանապարհին մի քանի գյուղեր տեսան քարերի գլխին, ծիրանու այգիների մեջ: Իրենց գյուղի նման չէին: Տները ցածլիկ, առանց կալ ու մարագ, իրարից հեռու, մեկը մի քարի տակ, մյուսը առվի եզրին:

Ո՞ւր էին Անտոնի պատմած բարձր տները, փողոցները, ուր հազար մարդ է անցնում, ավելի, քան Կատարի խաչի ուխտի օրը: Ո՞ւր էին կառքերը, ավտոմոբիլները, որոնց վժժոցից մարդ վախենում է, ետ փախչում:

Եթե իշավորներից ետ մնալու հոգսը չլիներ, գուցե Տիտոսն ավելի երկար նայեր, թե ինչպես են ձորի գյուղում մի զույգ եզով վար անում: Մի քիչ վազելուց հետո, երբ ծերունի իշապանը Տիտոսին ձայն տվեց, թե իջևանը հեռու չի, իրենք պիտի գիշերեն այնտեղ, նա քայլերը դանդաղեցրեց:

Արևը մարմրին էր տալիս, և արևի շողերից քարափի կատարները փայլում էին պղնձի կարմիր փայլով, ստվերներ կախում ճանապարհի վրա:

Տիտոսը ճանապարհի կողքին բոստաններ տեսավ: Ահա թե որն է սեխը: Աշնանը հեռու տեղից սեխ էին բերում գյուղ, փոխում գարու հետ: Տիտոսը և՛ ուրախ էր, և՛ հպարտ: Նա տեսավ այն երկիրը, ուր բոստաններում սեխն է բուսնում: Եթե վերադառնա՛ր գյուղԻնչե՛ր պիտի պատմեր և ինչքան պիտի զարմանային ընկերները:

Ճամփի կողքին հինայած մոքրուքով մի մարդ էր չոքել: Նրա շրթունքները շարժվում էին, մարդն իրիկվա նամազն էր անում, անթարթ աչքերը դեպի հեռուն: Երբեմն ձեռքերը կրծքին էր դնում, գլուխը խոնարհում գետնին, մի քիչ մնում այդ դիրքով, ապա բարձրանում, նորից շրթունքները շարժում:

Երբ Տիտոսը մոտեցավ նրան, մարդն ասես ոչ տեսավ և ոչ էլ նրա ոտնաձայնը լսեց: Տիտոսի աչքն ընկավ նրա կողքին, հենց ճամփի վրա դարսած սեխերին, որոնց մոտ հասարակ կշեռքն էր, քարե գրվանքաներով:

Եթե փողը լիներ, կառներայն դեղինը, որի կլեպը հասնելուց ճաքել էր, մի տեղն էլ սևացել: Ի՛նչ համեղը պիտի լինիԳյուղում նա միայն մի անգամ էր սեխ կերել, ավելի ճիշտ սեխի կլեպ:

Տիտոսն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձեռքը դեղին սեխին մեկնեց հենց այն ժամանակ, երբ մարդը մի անգամ էլ երկրպագեց: Եվ երբ թևի տակ զգաց հասած սեխի փափկությունը, քայլերն ակամայից արագացան: Ճանապարհն աջ թեքվելիս, Տիտոսը մի անգամ էլ ետ նայեց: Մարդը շարունակում էր աղոթել:

Մի քանի քայլ էլ արեց, հետո նստեց, դանակը գրպանից հանեց և խրեց սեխի մեջ: Իրոք որ սեխը և՛ հասած էր, և՛ համեղ: Սեխը կրծելիս հանկարծ նրա ականջին վազող ոտքերի ձայն ընկավ, թվաց, թե նախիրից փախած հորթ էր վազում: Պատառը դեռ կուլ չտված, մեկ էլ առաջը ցցվեց աղոթող մարդը, թևերը քամու ջաղացի պես իրար տալով: Մարդը բարձր կանչեց Տիտոսի ականջի տակ և ոտքը թափով վրա բերեց նրա թիկունքին: Տիտոսը փռվեց գետին և տեսավ, թե ինչպես իր գլխի վրայից թռան սեխի ջարդված կտորները:

Ուղղափառ սեյիդը, հավատարիմ հնօրյա նամազին, սեխի համար աղոթքը չէր ընդհատել:

* * *

Մութ էր, երբ Տիտոսը հասավ իջևանին: Ծերունի իշապանը դեռ չէր քնել: Եվ երբ Տիտոսը մեկնվեց խսիրի վրա, ծերունին ասես ինքն իրեն հաշվեց, թե լուսաստղը դուրս չեկած եթե ճանապարհվեն, կարո՞ղ են թեյին հասնել քաղաք:

Մաշինն էլ հենց էդ ժամանակն է ճանապարհվում Րևանու կողմը, թե բիլեթ ճարես, կնստեսԱստված մեծ է, մի լույս կհասնի, — ավելացրեց ծերունին, կողքին դարձավ, լիաթոք հորանջեց ու լռեց:

Իջևանի տերը, որ կաղլիկ ոտը քարշ տալով ներս ու դուրս էր անում վրա բերեց:

Ինշալլահ, ինշալլահ...

Տիտոսին այնպես թվաց, թե կաղն իր մտքերն էր անում, որոնց հետևից նա ասաց «ինշալլահ»:

Վաղը...Ուրեմն վաղն առավոտյան նա կտեսնի վագոնները, որոնք հարյուրավոր մարդ են տանում երկաթ գծերի վրայով: Եթե փողը մնացած լիներ: Ի՞նչ է անելու վաղը: Մի՞թե պիտի ետ մնա: Իսկ եթե ճամփի պաշարը վերջանա՞:

Տիտոսը ձեռքով շոշափեց պայուսակը, հացը նրան սիրտ տվավ: Եվ ոտները մեկնեց, ձեռքը կամացուկ տարավ ազդրի վերքին, այնքան թեթև թվաց վերքը: Նույնիսկ ժպտաց, երբ միտն ընկավ շների վրա տալը, ինչպես ինքը վախից գետին ընկավ:

Կաղլիկ մարդը կողպեց իջևանի դուռը, ոտը քարշ տալով մոտեցավ տախտակների վրա պառկեց:

Տիտոսը շուռ եկավ տեղում, գլուխը մոտեցրեց ծերունու թիկունքին, կուչ եկավ: Կաղլիկ մարդը պառկելուց առաջ մոտեցավ, ճրագը իջեցրեց, նայեց Տիտոսին, հետո պատի նիշին նայեց, և երբ Տիտոսը պառկած տեղից ձայն տվավ, թև ինչ է փնտրում, կաղը պատասխանեց.

Հե՛չ, մի փետ կար

Հետո նա հարցրեց Տիտոսին, այս անգամ ճրագը հանգցնելուց և տեղում պառկելուց հետո.

Մայր ունե՞ս, տղա...

Ունեմ:

Հա՞յր:

Չէ՛:

Բա էդ ալևորը քո ի՞նչն է...

Հե՛չ, — ասաց Տիտոսը այնպիսի շեշտով, որ նշանակում էր, թող քնեմ:

«Ինշալլահն» լռեց: Քիչ հետո Տիտոսն էլ քնով անցավ, մոռացավ աքացին էլ, հոգնածությունն էլ:

Գիշերվա կեսին, երբ բեզարած անցորդները քնել էին խոր մրափով, «ինշսյլլահի» տախտակները ճռռացին, կաղլիկ ոտը վերմակի տակից թեքվեց, մութում գտավ գետինը, մյուս ոտն էլ հետևեց նրան, վերմակն ուսն առած կաղը մոտեցավ Տիտոսին, մի վայրկյան շունչը փորում պահեց և ապա կամացուկ պառկեց խսիրի վրա:

Քնի մեջ Տիտոսն զգաց, որ մի տաք շունչ, մարմանդ թոնրի բերանի պես տաքացրեց մեջքը: Այդ նրան դուր եկավ, ոտքերը երկարեց և ավելի խոր քնեց:

Երազի մեջ թվաց, թե շունն իր տաք լեզվով լիզում է ազդրերը, հետո լեզուն դարձավ թաթի պես, մատներն զգուշ մոտեցան շալվարի կարկատանին: Մսերը թրթռացին, Տիտոսը շուռ եկավ մեջքի վրա, նորից քնեց:

Մի մեծ մուկ աշխատում էր կրծել գոտու պարանը, որով բրդի շալվարն էր կապված մարմնին: Մուկը նստել էր պորտի տակ, չանչով խտղտացնում էր պարանի հանգույցը, աշխատվում էր կապերն արձակել:

Տիտոսը հանկարծ աչքերը բաց արեց: Մարդու մատներ էին շարժվում պարանի հանգույցի մոտ: Ականջի տակ մի ուրիշի շնչառություն էր, ընդհատ ու խռպոտ, ասես խեղդվում էր:

Կողքին շուռ եկավ, թիկունքը ծերունու թիկունքին: Շուռ գալիս նա տեսավ, թե ինչպես մի ձեռք խխունջի պոչի պես հետ քաշվեց, մտավ վերմակի տակ:

Ձեռքի տերը զգուշությամբ գլուխը հեռացրեց: Տիտոսի գլխում մի միտք որպես կայծակ փայլատակեց: Ու նրա առողջ ոտը այնպիսի թափով հարվածեց վերմակի տակ պառկած մարդու փորին, որ մարդուն թվաց, թե փթանոց քարով տվին: Հարվածից տնքաց ու փորսող տալով հասավ տախտակներին: Մութի մեջ նա քարշ էր տալիս զույգ ոտքերն ու վերմակը՝ որպես խեցի մեջքի վրա:

Տիտոսը դեռ երկար չկարողացավ քնել:

Կոտրած քարվանսարից մի ուղիղ ճանապարհ է, մի օր կգնաս, կքնես, մյուս օրը կհասնես վագոնին...

Ճանապարհն ուղիղ էր, սակայն այդ ճանապարհի վրա այնքան խութ ու խոռոչ կար, օրերն այնպես փորձանքներ էին պահել և այնքան արկածներ: Առաջ ի՛նչ հանդարտ էին հոսում օրերը, որպես պաղ առու կանաչ խոտերի մեջ, և ինչպես պղտոր էր ձորի գետը, ջուրը դառնահամ:

Լուսաստղը չէր ծագել, երբ ծերունին տեղում նստեց, հորանջեց և ձայն տվեց ընկերներին: Տիտոսն իսկույն վեր կացավ, պայուսակը թափ տվավ:

Ականջդ ինչքան թեթև է, — ասաց ծերունին Տիտոսին:

Ես կանուխ էի զարթնել, — ասաց նա և դուրս եկավ իջևանից:

Աչքերն ուռած կաղլիկը, մեջքը քորելով մոտեցավ իշապաններից քնելու փողն ուզելու: Տիտոսը ճիշտ նրա աչքամիջին նայեց, մահակը սեղմեց բռունցքի մեջ: «Ինշալլահը» տեսավ այդ և չմոտեցավ:

Տեսա՞ր, բալա, — ասաց ծերունին, երբ էշերի քարվանը ճանապարհվեց, — Աստծո լույսը սրան են ասում: Միտն էլ չէր, որ փող առնի քեզնից:

Տիտոսը լուռ քայլում էր ամենից առաջ: Նրան թև էր տալիս այն միտքը, որ շուտով արևը պիտի ծագի և հենց արևը մի քիչ բարձրանա թե չէ, պիտի հասնեն վագոնին: Էլ ոչ մի սար, ոչ մի շուն ու իջևան:

Ձորն էլ էր այդ ասում: Քանի գնում, բլրակները տափականում էին, խոնարհում էին գագաթները, ձորի բարձր ժայռերը մանրանում էին, նոսրանում:

Երբ լուսաստղը դժգունացավ ու կորավ կապույտի մեջ, Տիտոսի աչքի առաջ բացվեց այն անծայր տափաստանը, որի հորիզոնը հեռվից դժվար եղավ որոշել, իմանալ հեռվի կապույտը երկի՞նք է, թե հարթավայր:

Լուսաբացին, օդի մեջ եղած փոշին ցողի հետ իջել էր գետին: Օդը մաքուր էր և թափանցիկ, որպես սրբած ապակի: Եվ երբ Տիտոսը հարթավայրի վրա կանաչ այգիներ տեսավ, ուրախությունից ձեռքը մեկնեց այգիների կողմը, կանչեք ծերունուն: Իշավորներից մեկը շտապեց պատասխանելու.

Մաշինը հենց էնտեղ է:

Ճամփի կողքին Տիտոսը բամբակի մարգեր տեսավ: Բացվել էր բամբակը, կնգուղների սպիտակությունից ասես դաշտում ձյուն էր եկել: Վազեց, բացված կնգուղներից մեկը պոկեց:

Բամբակն էդ է էլի՛, — ասաց ծերունին:

Տեսնես մեր կողմերում կբսնի՞, — հարցրեց Տիտոսը, կնգուղը քրքրելով:

Չէ՜, բամբակը սար տեղում չի բսնում:

Տիտոսի միտն ընկավ գյուղի ձմեռը, սպիտակած դաշտերը: Խուրձը շալակին անցավ դպրոցի կողքով, մեկը ժպտաց ներսից, ինքն էլ ժպիտով պատասխանեց:

Ի՞նչ են ասում իր մասին գյուղում: Մայրը սպասում է մի լուրի: Երևի ուրիշ հիշողներ էլ կան: Հենց այդ ժամին, երբ արևելքում ամպերը ոսկու փայլ ունեին, գյուղում կովերին խոտ են տալիս, ծուխը հերդից բարձրանում է: Ջանունց պառավը, արմունկները վեր քաշած, պատին առավոտյան թրիքն է ծեփում:

Անցներ մի քանի տարի, մեծանար, Անտոնի չափ իմանար, վերադառնար գյուղ, տեսած տեղերը ման գալու: Ո՞վ պիտի ճանաչի հորթարած Դաժունց Տիտոսին:

Արևի բարձրանալու հետ ճանապարհն էլ քչանում էր: Էշերը փռնչացնում էին քթածակերի փոշին, ոտով գնացողները փոշի էին հանում: Տիտոսի քայլերը հետ չէին մնում մյուսներից: Ոտքերն այնպես պինդ էր կոխում, ասես ամեն մի քայլը ուժեղ կամքի մի որոշումն էր անընդհատ քայլելու, բարձրանալու սանդուղքն ի վեր, մինչև գագաթ:

Ճանապարհը քաղաքի այգիների մեջ մտավ: Ձորի գետը քաղաքին հասնելիս մանրիկ առուների էր բաժանվում, ջուր տալիս առուներին, խաղողի վազերին:

Տիտոսն առաջին անգամ ոտք կոխեց քաղաքի փողոցը: Թեկուզ քաղաքն ընդարձակ գյուղի պես էր, փողոցները ծուռումուռ, տները ցեխով շինած, ջուրը կեղտոտ, բայց և այնպես նրա համար նոր բան շատ կար ասիական քաղաքի նեղլիկ փողոցներում:

Ահա կառքը, մի զույգ ձի լծած: Ինչպես հանդարտ է սլլում, ասես անիվները գետնին չեն դիպչում: Ինչքան շատ գլխարկ կար այն խանութի դռանն. ինչ լավերն էին: Մեկը միս էր խորովում, սպիտակ գոգնոցը հագին:

Ճանապարհը չսխալվես, բալա, — ասաց ծերունին, որ իշու վրա նստած հեետևում էր Տիտոսին: Եվ եթե առաջինը գլուխը բարձր էր պահում, քայլերն ամուր կոխում, ժիր աչքերը խաղացնում բնում, — եթե Տիտոսն այդ դիրքով լեռնցի աշխարհակալ էր, իշու վրա նստած ծերունին ապացուցում էր, որ, իրոք, հին դարերում էլ էշը հարգի է եղել, և մարգարեն իշու վրա նստած մտել է հրեական մի խուլ քաղաք:

Շուկայում Տիտոսը բաժանվեց իշապաններից: Նրանք կայարան չպիտի գնային: Ծերունին մահակով ցույց տվեց քաղաքի ծայրին ընկած սպիտակ տունը:

Հրեն է, մաշինն էնտեղ է կանգնում, — ասաց և հարդի տոպրակը հագցրեց իշու գլխին:

Տիտոսն իջավ դեպի սպիտակ տունը: Ահա թե որն է երկաթ ճանապարհը: Հեռվից արևի տակ պսպղին էին տալիս երկաթի զույգ գծեր: Թվում էր, թե երկաթ չի, այլ շափաղ տվող ապակի:

Սպիտակ տան առաջ մի քանի կառքեր կային: Ներսում մարդիկ շարք էին կանգնել, մոտենում էին նեղլիկ պատուհանին, որի ետևից մի ձեռք ներս ու դուրս էր անում:

Երևան, մի հատ, — լսեց Տիտոսը: Նա էլ է գնում նույն ճանապարհով: Եթե մարդը նրա համար էլ տոմս ստանար:

Բիլեթը պինդ պահի, որ չկորչի: Թե չէ ճամփին կմնաս...

Անտոնի խոսքերն էին: Հետո մի զանգ եղավ, ճիշտ ժամի զանգի պես: Մարդիկ խռնվեցին իրար: Փնչոցով մոտեցան վագոնները. մաշինն այնպես պինդ ծկլթաց, որ Տիտոսը հետ քաշվեց, աչքերը վախից չռեց:

Սա է տանում Րևանու կողմը, — մտածեց Տիտոսը, մոտեցավ մուտքին:

Մի մարդ Տիտոսին հետ տվավ: Տիտոսն էլ վազեց, ամբոխի մեջ փափախավոր մեկին տեսավ:

Բա իմ բանը ինչ կլինի, — ես առանց բիլեթ...Յանի թողիլ չե՞ն, — հարցրեց նա: Մարդը ծիծաղեց:

Ետ գնալ չկար Տիտոսի համար: Հարյուր մարդուց ավելի է գնում, ինքն էլ կխառնվի նրանց հետ: Հո չի կոտրվի, քանի փութ է, որ...Հացն էլ պրծնելու վրա է:

Այդ ամենը հայտնեց նա մուտքի մոտ կանգնած մարդուն, բայց մարդը չլսեց: Ուրիշներին էր բաց թողնում: Տիտոսի աչքն ընկավ դահլիճի բաց պատուհանին: Մոտեցավ, ցատկեց վրան, ասես գետնից մի ոստյունով իշու վրա նստեց, մի քիչ սահեց և երբ տեսավ, որ նայող չկա, ոտքերը մյուս կողմի վրա կախեց, ցատկեց ու խառնվեց մարդկանց մեջ: Րևանն այնքան մոտ թվաց նրան, բոլոր արգելքներն ընդմիշտ վերացված:

Մաշինն ուղիղ տանում է Րևանու մեջը...

Մարդիկ. բարձրանում էին սանդուղքով, ներս մտնում: Սանդուղքի կողքին կանգնած մեկը, որի գոտուց կանաչ կարմիր փայտեր էին կախված, Տիտոսին թույլ չտվավ սանդուղքով բարձրանալ:

Ո՞ւր կվազես, լապստրակ, — ասաց մարդը ու ետ հրեց նրան:

Րևան, — կանչեց Տիտոսը, ձեռքով փափախը մի քիչ ետ տանելով:

Բիլեթ ունե՞ս, — հարցրեց նա:

Տիտոսը ետ քաշվեց, մի քիչ կանգնեց, տեսավ, թե ինչպես են մարդիկ գալիս, սանդուղքով բարձրանում: Աչքն ընկավ մյուս կողմի սանդուղքին, որի մոտ ոչ ոք չէր կանգնած, կռացավ վագոնի տակ, անցավ մյուս կողմը, ձեռքը մեկնեց սանդուղքի երկաթին: Դուռը փակ էր: Տիտոսը սանդուղքի վրա նստեց:

Այսպիսի երջանիկ րոպե նա ապրել էր և այն ժամանակ, երբ գոմի ճրագի տակ՝ գրքի սև նշաններին նայելուց հետո, նա հասկացել էր, որ շատերն իրար նման են, հարկավոր է միայն երկար նայել, որ գրերը լեզու առնեն ու խոսեն:

Երկրորդ զանգին մեքենան սուլեց, անիվները դղրդոցով շարժվեցին, վագոնները ձգեցին մեկը մյուսին: Տիտոսը քիչ մնաց ընկներ: Տեղն ամրացրեց, թևը պատ տվավ սանդուղքի երկաթին:

Առաջին պահ նրան թվաց, թե կամնի վրա է նստած, եզները փափուկ խուրձերի վրայավ կամն են քշում: Բայց երբ գնացքն արագացավ, նրան այնպես թվաց, թե իրենք մի տեղ կանգնել են, անիվներն աղմկում են ջրաղացքարի պես, հողն է միայն ետ շարժվում, և հողի հետ էլ պիտի մոտենա Երևանը:

Բայց երբ ճանապարհի կողքին սայլեր տեսավ, սելվորները գդակներն օդում ճոճելով կանչեցին, Տիտոսը տեսավ, թե ինչպես սայլերը ետ մնացին:

Ընդարձակ դաշտ էր, դաշտի վրա գյուղեր, այգիներ, ճանապարհ: Բամբակը բացվել էր, կանայք կռանում էին, բարձրանում, գոգնոցները լի բամբակ: Հենց որ գնացքը մոտենում էր, նայում էին անշարժ, ձեռքերը ճակատին դնում, մինչև վերջին վագոնն անցներ:

Հորթերը փախան...Տիտոսի աչքին հորթերը լղար երևացին:

Լավ չի պահում, — մտածեց նա, նայեց հորթարածին, որ մահակին հենած ոտքերը մկրատի բերանի պես լայն բաց արած, վագոններն էր համարում: Եթե նա իմանա՛ր, որ ուրիշ աշխարհից մի ուրիշ հորթարած է գնում վագոնի սանդուղքին նստած:

Առաջին կայարանում կանգ առնելը Տիտոսին զարմանալի թվաց: Նա այնպես էր կարծում, թե գնացքը մի շնչով տեղ պիտի հասնի: Նոր մարդիկ նստեցին, մի քանիսն իջան: Էլի երկու անգամ զանգ տվին, գնացքը շարժվեց:

Следующая страница