Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Գերմանացին գնացել էր, պատմությունների և հիշողությունների մի շարան թողնելով գյուղում: Նրա մասին պատմելուց և՛ ծիծաղում էին, և՛ զարմանք արտահայտում: Եթե սղոցները չզրնգային, գուցե կասկածող լիներ, որ նա ամենևին Կարմրաքար չի եկել: Եվ այն, ինչ ասում էին, թե թութուն էր ծամում, չարանալուց թքոտում, ոտը գետնով տալիս, թե նա մշակների ներկայությամբ նույնիսկ Մկրտումի վրա էր չարացել, «տուռակ» անվանել, որովհետև քանդել էր տվել ստանոկը, մաս-մաս Քառասնաջուր տեղափոխելու համար: Ըմբովի Թյունու բեղը կտրելու պահանջը, — ահա այսպիսի պատմությունները հավատալի էին դառնում, երբ մարդիկ տեսնում էին նրա «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան:

Բայց ինչ կարծիք էլ հայտնեին, ինչքան էլ զարմանային նրա հնարագիտության վրա, այնուամենայնիվ «Լեմսը» պարզամիտ և համարձակ մարդու համբավ էր թողել: «Զհինով մարդ էր, համա հալալ կաթնակեր էր», — այս էր գյուղի ընդհանուր կարծիքը: Ամենից շատ պատմում էին Մկրտումի վրա չարանալու մասին, պատմում էին թուքը կուլ տալով, և քահ-քահ ծիծաղում, երբ պատմողը կրկնում էր Մկրտումի պատասխանը. «Շաշի մինն է, կտա՛ կկոտրատի...»:

Սղոցարանը նա սարքել էր քառասուն օրում: Այս էլ զարմանք էր պատճառում, որովհետև գալու երկրորդ օրն իսկ նա այդպիսի ժամկետ էր սահմանել, որ կասկածի տակ էին առել գյուղացիք: «Քառասուն օրում թե նա գլուխ բերե՛ց, ըհը, ես բեղս կկտրեմ», — ասել էր Ըմբովի Թյունին, որի ավել անունը «Թարսի ձի» էր, միշտ հակառակ և շատախոս լինելու համար: Այս մարդուն էր պահանջել գերմանացին, երբ ճիշտ ժամանակին առաջին գերանը սղոցել էր՝ Արզումանի և Գըդըլ-Պուղու հետ:

Գյուղում եղած ժամանակ նա մտերմացել էր միայն Արզումանի հետ: Բացի քահանայից, որին տեսնելուց գերմանացին պատկառանքով էր բարձրացնում լայնեզր գլխարկը, բերանից ծխամորճը հանում, — մնացածը մի հավասարի մարդիկ էին նրա աչքին, գորշ պատ, որի աղյուսներն իրարից ոչնչով չեն տարբերվում:

Նրա շինած «զավոդը» խոսակցության նյութ էր ոչ միայն Կարմրաքարում, այլև սարերի վրա, ուր վրանների տակ Սալյանից, Մուղանից և Արաքսի տափարակներից հազարավոր մարդիկ էին ապրում: Ոմանք հատկապես, ոմանք էլ ճանապարհով անցնելիս, հետաքրքրությունից դրդված ձիու գլուխը դարձնում էին Քառասնաջուր, տեսնելու Մկրտում քիրվայի հարստության աղբյուրներից մեկը: Եվ նրանց աչքում Մկրտումը դառնում էր խանի չափ զորություն ունեցող մարդ. «Շատ առաջ կգնա էն հայը», — ասում էին նրա մասին:

Բայց մարդիկ կային, որոնք ոչ միայն ոտ չէին դրել Քառասնաջուր, այլև սղոցարանի մասին խոսք բացվելուց իրենց դժգոհությունն էին հայտնում: Ունանը հավատացնում էր, որ «զավոդի» պատճառով ձորի ջուրը համն ու գույնը փոխել է: Նրա ասելով բոստաններում լոբու դեղնելը ջրի «նադինջ լինելուցն» էր, ջուրը «հարաքաթ» չուներ, որովհետև ամբողջ ուժն անիվի վրան էր թափում:

Ավան ամին, երբ լսում էր կտրած ծառերի մասին, չէր կարողանում զայրույթը զսպել: Ավելի հաճախ նա Քառասնաջրի անտառի մասին էր խոսում և կարծիք հայտնում, որ սղոցարանի պատճառով մոտակա անտառը պիտի ոչնչանա, հողերը պիտի ընկնեն Հիբանի տղաների ձեռքը:

Է՛հ, Ավան ամի, դու էլ դաղած կաշի ունես նրանց հետ, հա՛ բշտում ես, — ասում էր մեկը:

Չես թողալու քյասիբը հաց ուտի... Զավոդը որ չբաներ, Շալուն Սիմոնը Կաղնուտի ձորը կգնա՞ր, — վրա էր բերում մյուսը:

Թե Քառասնաջուրն իրենցն է, գերանն ինչի՞ են Կաղնուտից բերում:

Էն եղոտ պատառ է, որ կերան, հետո էլ Քառասնաջրի ջանին են ընկնելու, — պատասխանում էր մեկը, որի սրտում Ավան ամու ասածը կասկած էր հարուցում:

Չորս օր է բոստանս ջրի համար բառաչում է: Որ մթնում է, ջուրն էլ ցամաքում է:

Այ քո բոստանը... Կատուն միջին թավալ չի տա:

Նրանց ինչ կա՛... Օրենքից են վախենո՞ւմ, թե Կարմրաքարի տկլորներից: Միտդ չի՞ Եփրեմը Բեկտաբեգովի հետ, Հիբանի մեծ արտի տակին, ոնց էին խտիտ-խտիտ արջապար տալի ...

Խոսքը անցյալ տարվա կերուխումի մասին էր, որ սարքել էին Հիբանի որդիները պրիստավ Բեկտաբեգովի Կարմրաքար գալու առթիվ: Արտի ծայրին մնում էր այն կաղնին, որին հարբաց պրիստավը թրով զարկել էր: Հաստ շրթունքի նման հարվածի տեղում կեղևը սպի էր կապել:

Տարօրինակ էր ջաղացպանի վերաբերմունքը: Ով էլ ջաղաց գար, նա հարցնում էր.

Հիբանի փաբրիկը ծուխ չունի, հը՞, այ կարմրաքարցի: Ձեր գյողումն էլ ինչ մասխարություն կա... — հարցնում էր և ծիծաղում՝ սուր, սարկաստիկ ծիծաղով, կարծես ներսում մաղձը կաթ-կաթ թափվում էր, ինչպես դառը դեղ: Նրա վերաբերմունքի մեջ տարօրինակն այն էր, որ նա սղոցարանը հիմնելուց հետո Կարմրաքարը համարում էր ուրիշ գյուղ, այդ հակադրում էր մի այլ Կարմրաքարի, որի բնակիչներից միայն ինքն էր մնացել:

Տեր Նորընծան խուսափում էր իր կարծիքը հայտնելուց: Սղոցարանը նրա համար ոչ միայն անհասկանալի «երևույթք» էր, ինչպես երկնքից ընկած մետեորը, այլև կապված էր հեղեղի գիշերվա, իր ծանր մտքերի, արքայական խնձորենու կայծակահարման և իր սարսափելի երազի հետ: Երբ խոսք էր բացվում Քառասնաջրի շուրջը, մի ծանր նախապաշարում ծխի նման բարձրանում էր նրա ուղեղում: Եվ նա սպասում էր փորձանքի, դաժան բոթի, որ կայծակնահար պիտի աներ իրեն՝ ցցաչոր կաղնու նման:

Իսկ սղոցները զրնգում էին, միանգամայն անտարբեր, թե Կարմրաքարում ով ինչ է ասում: Գիշերը շլյուզը փակում էին, Քառասնաջուրը մեռնում էր՝ ոչ ձայն, ոչ ծպտուն: Ջուրը մռռալով հավաքվում էր, բարձրանում և ապակյա հալոցքի նման ամբարտակից թափվում: Ձորի բարակ քամին թաց տախտակների բույրը տանում էր հեռու, մինչև լեռան լանջը, ուր խուլ խշշում էին ծեր կաղնիները...

...Արևը թեժացրել էր թիթեղյա կտուրը՝ ինչպես թոնրի պատ: Արզումանը շապկանց ու ոտաբոբիկ հրում էր վագոնետը: Եգորը սեպերը գերանի բացվածքի մեջ էր խրում և մուրճով խփում: Մյուս սղոցի մոտ Պուղին և զրիկեցի մի երիտասարդ նույն աշխատանքն էին կատարում: Միայն երբ հարկավոր էր գերանը վագոնետի վրա դնելու՝ չորսն էլ միասին էին բարձրացնում:

Զրիկեցին առաջին օրվանից զգացել էր այն խուլ հակամարտությունը, որ կար Պուղու և Արզումանի միջև: Նա տեսել էր և այն, որ սղոցարան գալուց Մկրտումը Պուղուց է հարցնում տախտակների հաշիվը, գերանների չորն ու թացը: Իսկ Արզումանն առիթ չէր փախցնում խոցելու նրան: Նրանց միջև տեղի ունեցած սուր խոսակցությունը երբեմն պատճառ էր դառնում, որ իրարից խռով մնան: Բայց նույնիսկ այդպիսի օրերին Արզումանը հանաք անելուց չէր դադարում: Լավ տախտակին «մատուշկա» էր ասում, վատին՝ «ղարաչի», ծռված և ճաքճքած տախտակին՝ «Թելունց պառավ»:

Եգոր ջան, էս երկու վերշոկանոցն էլ Սայի դայոլ համար քաշենք: Թող երկար լինի, որ հալիվորը ոտները սլա բոննի մեկնի... Էնքան քոռ-քոռ քարերին է տվե՛լ...

Հանաք անելուց զրիկեցին չէր կարողանում փռթկոցը պահել: Իսկ Պուղին զայրանում էր, աչքով սաստում: Արզումանը շարունակում էր.

Ի՛նչ ես ծիծաղում, ա՛յ զրիկա զկեռ... Ձեր գյուղացի էն մի նստելում ութ լավաշ ուտողի համար ղարաչուց մին ղութի շինեմ, որ կողքաճաղերը կոտրտի: Թե չէ Զրիկը կերել է նա, մարսել...

Սղոցարանի մասին նա էլ իր կարծիքն ուներ:

Պիլնին զբորնի պունկտ է... Գյուղացու տղորց նման գերանները տաշում ենք, կլպում, փեչատը դնում: Դե ջոկի, թե որ ծառիցն էր

Կացինը գոտու արանքը խրած մի մարդ ներս մտավ:

Բո՛... Շինական, ա՛յ դու բարով... Մենակ դու չէիր եկել էս թազա ուխտատեղը: Հը՞, ինչ կա...

Շինականը մոտեցավ ստանոկին: Մի պահ զարմացած նայեց ու մոռացավ այն, ինչի մասին մտածելով գալիս էր:

Հերսոտ ես երևում, — հարեց Արզումանը:

Բա ոնց չհերսոտեմ... Վեց ամիս է ինձ անկրակ խորովում է...

Ո՞վ:

Հիբանի տղան, ով: Հերու դուքանից ոչ բարով տասը մանեթի կտոր առա տան տկլորության մասին... Քո ազիզ արևը, մի տարի է, շաբաթն երկու անգամ իմ իշով փետ եմ բերել, դռանը կիտել: Որ տեսնես, կասես քսան արաբա չի կրի: Հիմի ուրանում է, ասում է փետի փողն էն գլխիցն եմ տվել, դու իմ փողը բեր, թե չէ տունդ գրել կտամ: Ոտներն ընկա, աղաչեցի, ասի բանի ժամանակ է, մի քիչ խոտ ունեմ, խանձվում է, վերև Աստված, ներքև դու, ինձ ազատի: Ո՞ւմ ես ասում, լսողն ո՞վ է: Վերջը թե կացինն առ գնա Կաղնուտի ձորը:

Պամոշնիկին գանգատ ես արե՞լ, — հարցրեց Արզումանը:

Է՛հ, — և Շինականը հուսահատությամբ ձեռքն օդում ճոճեց:

Փետն ուրիշին ծախի, — ասաց Եգորը:

Ա՛յ որդի, որ անփող էլ տաս, ով սիրտ կանի նրա դռնից փետ տանի:

Մարդ քցի մեջտեղ, թող մի բան պակասեցնի, — առաջարկեց Պուղին:

Ինչ ասեմ, է՛... իմ հաշվով հիսուն մանեթի փետ եմ բերել, բա զուր կորչի՛...

Ոչ էն ես անում, ոչ էս: Դե գնա Կաղնուտը, — բարկացած ասաց Պուղին և մոտեցավ վագոնին:

Լա՛վ ես ասում, — ու մի քիչ մնալուց հետո դանդաղ քայլերով ճանապարհ ընկավ:

Եգորի մտքերը խռնվել էին: Ե՛վ նեղսրտում էր, որ չօգնեց Շինականին, և՛ չարանում ինքն իր վրա, թե ինչու չասեց մտքինը: Հիշեց Բագրատին՝ Շինականի որդուն, որ «աղբերացու էր»: Նրան ճանապարհ գցեց մինչև Լուս Խաչերը... Բաժանվելուց ասաց. «Հորս վիզը ծուռ չթողաս»... Գուցե հայրը հենց իրենից էր եկել օգնություն խնդրելու: Իսկ ինքը չհասկացավ: Ինչ կասի, երբ Բագրատն իմանաՈ՞վ գիտե ինչ նեղումն է:

Եգորը հետ նայեց. կածանով Շինականը բարձրանում էր: Եվ հանկարծ կանչեց.

Ամի, հե՛յ, — կանչեց ու վազեց: Արզումանը ձայն տվավ, սակայն նա չլսեց:

Տես ինչ կատաղած լակոտ է՛... — ասաց Պուղին, երբ լռություն տիրեց. — փորը մի քիչ տաքացել է:

Դու էստեղ ստարշի ե՞ս: Քո փորն ինչո՞ւ է ծակում, — գոռաց Արզումանը, մի քայլ անելով նրա կողմը:

Բա դո՞ւ ինչ ես...

Ես քեզ նմանի ազրայելն եմ. շպիո՛ն:

Բերանդ հավաք պահի՛:

Դե սո՛ւս, թե չէ սեպը բողազդ կկոխեմ:

Ո՞ւմ: — Եվ երկու ախոյանները մոտեցան իրար: Զրիկեցին գլուխը կորցրել էր:

Քո, — և ծանր ապտակը լախտի նման տրաքեց Պուղու երեսին, աչքերի առաջ մթնեց, օրորվելով ընկավ գետնի վրա:

Արզումանը կանգնել էր հևացող կուրծքը դուրս ցցած: Ձեռքի թաթը տժում էր: Զրիկեցին վազեց Պուղուն բարձրացնելու, բայց նա ճարպիկ ոստյունով թռավ և ամբողջ թափով հրեց Արզումանին: Իրար բռնեցին՝ պինդ, ինչքան ուժ ունեին հաղթ բազուկներում: Ու մեկ էլ Պուղու քթից արյունը շատրվանի պես դուրս պոռթկաց: Նա ձգվեց գետնին ընկած երկաթե սեպը վերցնելու, բայց Արզումանը ամբողջ ծանրությամբ ընկավ նրա վրա, ոտքով մեկնած ձեռքը սեղմելով:

Հանկարծ մեկը ձգեց Արզումանին: Զրիկեցին մոտ վազեց: Երկաթե ձողերի նման մատները սեղմեցին Արզումանի կոկորդը, նա թուլացավ ու հետ-հետ քաշվեց: Պուղին տեղը կանգնեց:

Ի՞նչ եք իրար մսի էլել, — գոռաց Մկրտումը, Արզումանին բաց թողնելով, — էս ի՞նչ է... Ես էլ ասեմ գործ են անում: Էս սհաթին ռհելդ քաշի, — դարձավ նա Արզումանին: — Մշա՞կ ես, թե մարդասպան: Քեզ էտապով քշել կտամ...

Ես քո իմացած կարմրաքարցին չեմ, — պատասխանեց Արզումանը: Նրա աչքերը բոցկլտում էին, ռունգները փնչացնում ասես օդ չկար:

Բա ո՞վ ես... Գեներալ Կուտուզովի տղան ե՞ս:

Արինը գլխիս է, հա՛, Մկրտում... Մարդդ ճանաչի: — Արզումանի աչքերը այնպիսի կատաղությամբ ոլորվեցին, որ Մկրտումն էլ ահ զգաց նրա արնակալած սպիտակուցներից:

Եգորն ո՞ւր է, — դարձավ նա զրիկեցուն: Պատասխանի փոխարեն նա կմկմաց:

Էս սաղ նրա գլխին չէ՞ր... Շինականն էր եկել էստեղ... Գնաց նրա հետ: Ես ասի առանցի հարցմունքի չի կարելի, ասում է՝ դու ի՞նչ է, զավոդի ստարշին ե՛ս, — պատասխանեց Պուղին, արյունը արխալուղի փեշերից սրբելով:

Հենց այդ րոպեին Եգորն իջավ կածանով: Նա ժպտում էր: Շինականը շատ էր ուրախացել, երբ նա առաջարկել էր իր մի ամսվա վաստակը վեց ռուբլին: — Պա՛, պա՛... Ես հաց կհավաքեմ, քո արյուն-քրտինքդ չեմ տա էն արնախումին, — պատասխանել էր, — մի քանի օր էլ կբանեմ, հալբաթ Բագրատիս քյոմակը կհասնի:

Նրա դեմքին ժպիտը սառավ, երբ տեսավ Արզումանի պատռած շապիկը, Պուղու արնոտ երեսը: Մկրտումն ունքի տակից նայեց նրան:

Մոտ արի, — ձեռքով նշան արեց: Եգորի ծնկները դողացին, աչքը գցեց Արզումանին:

Մոտ արի, ասում եմ, — բղավեց Մկրտումը, մի քայլ անելով նրա կողմը:

Ի՞նչ ես ուզում էն երեխից, — մեջ մտավ Արզումանը, –– ես եմ ասել, որ գնա...

Լսվեց ոտնաձայն: Արզումանը հետ նայեց. արագ քայլերով գալիս էր պամոշնիկ Անտոնը: Թփի մոտ կանգնել էր Գոդին:

Էս ի՞նչ շամաթա է... ի՞նչ բունթ է, — կանչեց նա, մոտենալով Արզումանին: Մկրտումն առաջ ընկավ: Ապտակի ձայն լսվեց, ասես ապակի ջարդեցին: Արզումանը փորձեց վրա վազել, բայց Անտոնն առաջը կտրեց:

Էս օրե՞նք է, որ դու երեխուն թակում ե՛ս... Ուժդ նրան պատեց հա՛... — բղավեց Արզումանը, Եգորը կանգնել էր տեղում, ականջը վառվում էր: Այտի վրա մատների կարմիր հետքը պարզ նշմարելի էր: Նա զայրույթից պռոշն էր կրծոտում, հազիվ էր զսպում արցունքը, որ մեկ լցվում էր, մեկ հալվում:

Գնանք, — ասաց Արզումանը Եգորին, — համա էսօրը չմոռանաս հա՛, խազեին ջան...

Մկրտումը չար աչքերով նայում էր հեռացողներին:

* * *

Արևը հասուն մրգի նման թեքվել էր: Ստվերները երկարում էին, ձգվում դեպի արևելք:

Ավան ամու այգում կանաչի վրա նստոտել էին մի քանի հոգի: Դարբին Վանեսը մեկնվել էր մեջքի վրա, աչքը գցել գառան չափ սպիտակ ամպին, որ ասես արածում էր՝ մեկ հանդարտ, մեկ էլ սուրում ջինջ երկնքի վրա: Դարբինն ականջը կախել էր զրույցին: Եվ միտք էր անում, որ իզուր են խոսում Ավան ամին էլ, Շուղանց հալևորն էլ... Միայն ինքը գիտե ուղիղ ճանապարհը, իսկ նրանց ասածը՝ ինչպես անտառի արահետը թուխպ օրին: Կգնա՛ս, կգնաս, և մեկ էր տեսար էլի նույն տեղն ես...

Խոսակցությունն սկսվել էր Արզումանի և Եգորի հետ պատահած դեպքից: Արզումանը ինքն էր եկել Ավան ամու մոտ և եղելությունը պատմել:

Ես իմ հոր տղան չեմ լինի, եթե պիլնումը նրա գլուխը չմաշառեմ, — ասել էր Արզումանը, մի քիչ զայրացել, հետո դառնացած վերջացրել.

Դուռակը ես եմ... Ասա ինչ ունես Կարմրաքարո՛ւմ: Չէ՛, ինչ պլան ուզում ես գյուղի համար քաշի, ես մնացողը չեմ: Կալը պրծնի թե չէ, հայդա, պիշի պրապա՛լ, — հայտարարել էր և գնացել Եզնարածի առուի տակ ընկած չիմանները, ուր խոտ էին հարում:

Քո ասելով ուրեմն անբան կովի պես սուս անենք էլի, — դարձավ դարբինը Շուղանց ալևորին:

Ա՛յ որդի, որ սուս չանես, ի՞նչ պիտի շինես: Բզի գլխին յումրուղով կտա՞ս, թե չաքճով: Էսպես եկել է, էսպես էլ գնալու է, մինչև պատանդ էլ մաշի, ոսկորդ էլ... Անբան կո՛վ: Բա ինչ ենք: Կթում էլ են, կուրծդ էլ են կտրում, — թեկուզ խոսելուց խզզացնում էր, շունչը երբեմն կտրվում էր, բայց ուշք չէր դարձնում: — Աստծու ճանապարհից դուրս ես գալի, սատանի ճանապարհը մտնում

Ծերունու վերջին խոսքը դարբնի ցույց տված ճանապարհին էր վերաբերում: «Մեկի փորը ծխով լցրու, տես ոնց են խելքի գալիս», — հայտարարել էր դարբինը:

Դե մի առակ ասեմ, լսի, — չիբուխի կրակը թեժացնելով ասաց Ավան ամին: — Տես վերջում ինչ եմ ասելու... Հա՛, հորթարածի առաջից հորթն ագին ցցում է, կետ անում: Էս նաչարը շատ է չարչարվում, վերջը մի կերպ բռնում է: Հիմի բռնել է, էնպես է՛ լաց լինում: Մի ղարիբ մարդ ճանապարհով անց կենալիս տեսնում է հորթարածին. Ա՛յ տղա, ասում է, ագին ձեռիդ է, էլ ինչու ես լաց լինում... Ասում է սրա համար չեմ լաց լինում, հրեն մնացածների ագին էլ է ցից:

Ունկնդիրներից մի քանիսը ծիծաղեցին, բայց Ավան ամին շարունակեց.

Հիմա մեր գյուղի բանը: Մի երեխու սիլլա տալով աշխարհը չի քանդվի: Ես էդ օրը չեմ լաց լինում: Հրեն Քառասնաջուրը մեր ձեռքից խլելու է... Էն որ մավթուլներ է բերել, բա ինչի համար է: Վերի լավ հողերն իրանը, առուտուրն իրանը, օրենքի մարդն իրանը... Բա մենք էլ ժողովուրդ ենք, չէ՛... Գեղովի խելք-խելքի տանք, մին էլ տեսար ըհը՛, լույսը բացվեց... Թե չէ ես էլ գիտեմ, որ օձի ագին կտրելով, օձն էլի կենդան է մնում:

Ավան, ասում է, անողը պրծավ, ասողն ընկավ կրակըԷդ խոսքն էլ մի ասի: Գյուղացին երբ է մի բան շինել, որ հիմա շինի... Քանի մարդ թակած կլինեն հեր ու տղա, ի՞նչ արինք: Է՛հ, էլի լուծը կմաշի, մեր վիզը չի մաշի: Նրանք էլ Կարմրաքարի ցավն են, էլի՛... Բա առանց ցավի գյուղը կլինի՛...-և հազը բռնեց: Խոսակցությունը մի պահ դադարեց: Ծերունին հազում էր, խշշում էր կրծքի վանդակը, կարծես թոքերի փոխարեն ոսկորներով լի չոր պարկեր էին:

Է՛հ, մեր սիրտը մսից չէ. մենք մղկտալ չգիտենք, — դանդաղ ասաց Ավան ամին, տխուր շեշտով, կարծես ծանր ու դառն խոստովանություն էր ասում: — Ջուրն ինչպես որ եփում է, եփում, հովանում, անպետքանում, էնպես էլ մենք: Մեր միսը կերել, ոսկորն են թողել, էլի համբերում ենք... Մեր ապրուստն էլ ապրուստ է՛... Շան թեփով ենք ապրում: Մի քանի տարի էլ ապրենք, մի պարկ թեփ էլ ավելի կուտենք...

Ջուրն արդեն հասել է կամուրջին: Էսօր-էգուց կամուրջը տանելու է, — լռության մեջ, իբրև վճիռ, հայտնեց դարբին Վանեսը: Զրույցն աննկատորեն մանր առվակների բաժանվեց, կորավ շատ հասարակ առօրյայի ծանծաղուտում...

...Թավշյա թաթերի վրա՝ անշշուկ մոտենում էր ամառվա լուսնյակ գիշերը: Ծղրիդները զարթնել էին: Կամուրջի տակ գորտերը մեկ-մեկ կռռում էին, ջրից գլուխները հանում և պլշած սպասում, թե երբ պիտի լուսինն արծաթ շաղ տա ջրի երեսին: Հանդարտ ու խուլ աղմուկը, որ ելնում էր ճահճուտներից, թփերից՝ ուր ծտերն էին ճկում, այգիներից, — մի աղմուկ, որ ով գիտե բյուրավոր ինչպիսի՛ ձայներից էր գոյանում, — նինջի նման իջնում էր գյուղի վրա:

Դաշտում տեղ-տեղ կրակներ էին վառել: Մի քանի գերանդավոր իրիկվա կիսամթնում դեռ հարում էին: Արևից տաքացած գերանդին հովանում էր լուսնի զով շողերի տակ:

Հրե՛ հա, կասես գյուղը ձիավոր եկավ, — ասաց Արզումանը Սալբուն: Շների հաչոց լսվեց: Սալբին նայեց ու թիկըն տվավ խոտի դեզին:

Պամոշնիկ Անտոնի դռանը վեր եկավ, — ասաց նա:

Քիչ հետո շները նորից կլանչեցին: Սև ստվերի նման ձիավորը սլացավ գետն ի վեր, դեպի վերի գյուղերը: Փոշու ամպը վազում էր ձիավորի հետևից, վազում էր ու չէր հասնում:

Է հե՛-հե՛յ... Վա՛սի՛լ... Վա-սի՛լ... — ալիքաձև տարածվեց գզիրի ձայնը: Կանչում էին գրագիր Վասիլին, որ ով գիտե որ չիմանում էր քնած:

Կանչում էին, որ կարդար ուրյադնիկ Երոշի բերած շտապ և գաղտնի գրությունը պատերազմի և զորահավաքի մասին:

Գյուղում այդ մասին ոչ ոք չգիտեր: Ծրարը դեռ փակ էր:

* * *

Պատերազմի լուրը պայթեց, ինչպես որոտը պարզկա երկնքում: Կարծես հրթիռ էր, որ պայթյունով վեր սլացավ. ճեղքեց խավարը, գյուղի վրա կրակե անձրև մաղեց և հալվեց: Առօրյայի մանր հոգսերը հանկարծ խառնվեցին, ինչպես կռունկի երամն ամպ գիշերին:

Շուղանց Իսոն դարպասի քարին նստած տրեխների հողն էր թափ տալիս, երբ տեսավ Չանեն ծուռ Ուհանին՝ մի խուրձ կանաչ խոտ մանգաղին հագցրած:

Հը՞, — հարցրեց Ուհանը, խուրձն ուսից իջեցնելով:

Ի՞նչը:

Բաս լսել չե՞ս...

Ա՛յ է՛, սուտ կլինի... Տեսնես Վասիլն էսօր քանի փարչ է խմել, պրիստավի հրամանին գլխու չի... Մեր Սղոմունն ասում է թուղթը իսկի փեչատած էլ չի... Կարելի է, որ ուրյադնիկը փոխս քցած լինի: Խելքդ ի՞նչ է կտրում, — դարձավ Ուհանին, ասես ուզում էր իր երկմտանքը վերացնել:

Ի՞նչ ասեմ... Բանի էս փիս վախտը կռիվ քցողի տղան եթիմ մնա: Հունձ ունենք, կալ ունենք: Բա մեր սրտից ջուր խմած մի մարդ չկա՛, որ մեծամեծաց հասկացնի ժողովրդի ավհալաթը... — Ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց, — Իսո՛, Ղարսա կռիվը ձմեռնամուտին չէ՞ր...

Բա ինչ: Էն էր, յապոնացունն էր: Չէ՛, էստեղ մի հնարք կա, ասենք գլխու չենք: Թե բեզարած չես, գեղամեջ գնանք, տեսնենք ինչ են խոսում...

Բոլոր քարի մոտ այդ ժամանակ մարդիկ լսում էրն քաղաքից նոր վերադարձած Հասրաթենց Սիմոնին, որին պրիստավը կանչել էր երկու տարի առաջ պատահած սպանության գործով, իբրև առաջնակարգ և շատ «խորհրդավոր» վկայի, որն ըստ նախնական քննության տվյալների, կապ պիտի ունենար դեպքի հետ, այնինչ Սիմոնը կտրականապես հրաժարվում էր ճանաչելու սպանվածին էլ, սպանողին էլ:

Էստեղ են ասել, անողն պրծավ, ասողն ընկավ, — դառնացած ասաց Սիմոնը, թեկուզ ունկնդիրներից և ոչ մեկն էլ չէր կասկածում նրա անմեղության: Սպանությունը կատարվել էր գյուղից շատ հեռու, Վերի կապում, հենց ճանապարհի վրա: Սիմոնը քաղաքից վերադառնալուց տեսել էր և շտապել տեղեկացնելու պամոշնիկ Անտոնին: Այդ օրից էլ նրա անունը կապվել էր խորհրդավոր սպանության հետ: Սակայն այդ նույն օրից էլ Սիմոնը հանդիպած յուրաքանչյուր մարդու պատմում էր իր գլխով անցածը, մինչև վերջին մանրամասնությունը և երբ լսողը իր վերաբերմունքն էր արտահայտում, ասելով հին խոսքը, թե «Ցավ չունես, գնա վկա գրվիր», — Սիմոնը նորից էր կրկնում իր պատմությունը, որպես ապացույց այդ հին ասացվածքի ճշմարտության:

Բոլոր քարի մոտ հավաքված մարդկանց հետաքրքիր չէր Սիմոնի վերջին հանդիպումը պրիստավի հետ: Բայց Հասրաթենց Սիմոնը երբեք այդքան ունկնդիր չէր ունեցել, և նա պատմում էր ի՜րը, — մինչև մեկն ու մեկը կանչեր.

Դե՛ սպանեցիր, էլի՛... Բան ասա, բան լսենք, — և Սիմոնը դառնում էր պատերազմի լուրին.

Մին էլ նաչալնիկը փոշտից դուրս եկավ, թե՝ ժողովո՛ւրդ, ուռռա՛ ... — Հուռռա տվին, պատերից կարմիր, կապույտ թղթեր կպցրին... Պրիստավն ինձ հետ էդ ժամանակ խոսում էր... Նա դեռ գլխու չէր...

Սիմոն, թղթերը դու տեսա՛ր...

Բա ո՛նց...

Ի՞նչ էին խոսում քաղաքի մարդիկ:

Ի՞նչ պիտի խոսեին, ամեն մարդ իր դուքանում, իր առևտուրի հետևից: Ինձ ճանաչ մի դուքանչի ասում էր՝ շաքարը շատ կթանկի, նմանապես կտորը:

Ո՞ր թիվն են կանչում, — հարցրեց Շինականը:

Էդքանը չտեղեկացա... Համա ասում էին, որ մեր մհալի ժողովուրդը հազար մարդ կտա:

Հազա՛ր: Էլ տակին ի՞նչ կմնա:

Ղալմաղալը որ չլիներ, շատ բան կտեղեկանայի պրիստավից, համա եկան, թե նաչալնիկը վռազ կանչում է:

Ի՞նչ ղալմաղալ, Սիմոն:

Ա ես իմ է՛... Մեկ էլ դուքանները կապեցին, զորքը ժողովուրդը մեյդան թափվեցին... Ուռռա՛հա ուռռա: Հենց ուզում էի իմանամ, թե իմ գործը ոնց կլինի, ձեռքով արեց, թե գնա... Ես ասեմ մանեֆեստի տակով անեն:

Սիմո՛ն, տեղեկացա՞ր, լավ գերանդին քանի է, — հարցրեց մեկը:

Անդարդի մինը, գերանդուի վախտ ես գտե՞լ, — վրա բերեց Իսոն: Ծերունու հազը նորից բռնեց, ու գլուխը տմբտմբացնելով ձեռքը կրծքին սեղմեց, որ ներսում մի բան պոկվեր ու հանգստանար:

Տերտերն էն օրը զուր չէր ասում, թե երկիրս պիտի խառնվի, — ասաց Ավան ամին, որ մինչ այդ լուռ լսում էր խոսակցությունը: Բոլորը լռեցին, ու միայն ծերունի Իսոյի կուրծքն էր խզզում, ինչպես սղոցը: Ավան ամին շարունակեց:

Էդ մեզ նման խավար ժողովուրդն է, որ բանից խաբարություն չունիԹե չէ ուսումնագետ մարդիկ կանուխ էին իմանում... Տերտերն ասում է՝ սերբիացին որ թագավորի տղին սպանեց, էն օրը հայտնի էր, որ կռիվ պիտի լինի:

Բա մեր ցանքը, մեր կալը, — հարցրեց Շուղանց Իսոն:

Քարը որ գլորվում է, մամուռը չի պահում, ա՛յ Իսո... Տերության ինչ հոգն է, թե ձեռդ նեղումն է: Հրաման հանեց` տո՛ւր, տուր: Ի՞նչ պիտի անես, — պատասխանեց Ավան ամին:

Լա՛վ, տանք... Թագավորի հողից ո՞ւր պիտի փախչենք: Ախր դե տակին մնացածը չի կառավարում: Էն խաչած հողին ոչ արժանանամ, թե սուտ ասեմ, հրես հանդից կոտրատված եկել եմ, տանը մի քցելու չայ չկա: Բա որ մեր երեխուն տանեն, էն է քցեմ ինձ գետը... Սելավն եկավ, կալատեղս քանդեց, մինչի հիմա էլ խանգարված է մնացել:

Այ Իսո, հազար ասի, ո՞վ է լսողը:

Բա վերջը, մի լուս չի՞ հասնելու մե՛զ: Էսպես խավար պիտի մնա՛նք...

Ջաղացդ էս է, թեփն ալյուրի հետ կես է. կաղաս էլ էս է, չաղաս էլ էս է... Բա՛, Իսո:

Ջրին ասին թե ինչի ես խշշում, ասաց՝ տեղս քարոտ է... Հիմա մեր օրն է:

Լա՛վ, դարդ մի անի է , — ասաց դարբինը: — Սրան ռուսի թագավոր կասեն... Երկու ամիս չի քաշի՝ փափախներով խռիկ կտա գերմանացուն, տանի ծով կածի: Շա՛տ-շատ երկու ամիս դիմանան: Հերու վարժապետն ասում էր, թե նրանց հացն առնովի է: Հաց որ չունենա, ինչ պիտի անի: Դու ասա հացի բանը լավ գնա:

Հազարաստեղծ Աստված, քո խեղճն ենք... Մեծ գետի ճանապարհը մեծ է լինում... Դու ասա, որ մեր աղբյուրը չցամաքի, — ասաց Շուղանց ալևորը:

Իսո ամի, հարուստի տունը ղոնաղ եկավ, աղքատի ուլը մորթեցին: Տրաքոցը որ ընկավ, մենք հո էս գլխից ենք ոտան տակի կորչելու, — տխրությամբ հարեց Ունանը:

Նա նստել էր անկյունում ու մտածում էր իր կրտսեր եղբոր մասին, որ երկու տարի առաջ վերադարձել էր զինվորությունից: Ինքը Ծիրանի տափն էր վարում, երբ տեսավ իր փոքր աղջկանը բլուրն ի վեր բարձրանալիս: Մաճը բաց թողեց ձեռքից. «չլինի՞ մի փորձանք է պատահել տանը»... Եվ մոտեցավ աղջկանը. «Խաչանը ե՛կել է՛...» կանչեց աղջիկը: Քիչ հետո երևաց և Խաչանը: Ինչ ուրախությո՛ւն էր: Մոտեցավ ու փաթաթվեցին իրար: Այս հիշելուց Ունանը ժպտաց, նրա աչքերում արցունք երևաց: Ի՞նչ լավ էր վարում Խաչանը հենց առաջին օրը, կարծես չորս տարի զինվորության մեջ չէր եղել: Ունանը միտք ուներ մաճկալությունը թողնելու: Ահա քեզ... Խաչանը գնալու է... կինը, երեխան: Ինչպե՞ս պատահեց: Գուցե սո՞ւտ է. բայց մարդիկ խոսում են: Ու ոչ մի օր չի հիշում իր կյանքում, երբ աշխատանքի եռուն ժամանակ այսքան բազմություն հավաքվեր Բոլոր քարի շուրջը: «Տրաքոցը որ ընկա՛վ»… Եվ Ունանը հիշեց իր խոսքը: Էդ ո՞վ գցեց տրաքոցը... Հանդարտ վար էին անում... Երեկոյան դեմ եզներն արձակեցին: Փեշի հողը թափ տալով մոտեցավ առվին, որ ձեռքերը լվանա: Հանկարծ Խաչանը մոտեցավ, թե հրաման է եկել... Եվ ձեռքերը մնացին անլվա. նստեց առվի եզրին:

Փողոցում երևաց քահանայի կռացած սիլուետը: Նա դանդաղությամբ էր քայլերը փոխում, կարծես կորցրել էր մի բան, որ ուր որ է, պիտի աչքին ընկնի իրիկվա կիսամթում:

Հրես տերտերը գալիս է: Նա խաբար կունենա, — ասաց Չետանց Ուհանը:

Ո՛րտեղից պիտի ունենա: Սաղ օրը Նռանձորի բաղից դուրս չի գալիս: Էսօր ասում էր, թե հեղեղի գիշերը փիս երազ եմ տեսել: Քառասունքը թամամելուց վախենում է գյուղի գլխին փորձանք գա, — ասաց Ավան ամին:

Սրանից էլ պինդ փորձա՞նք, — վրա բերեց ծերունի Իսոն:

Տերտեր, էսօր շատ ես միտքարար, — ասաց Ավան ամին, երբ քահանան մոտեցավ քարին: Մի քանի հոգի իրար սեղմվեցին, նրան տեղ տալու համար: Տեր Նորընծան, քթի տակ ողջունելուց հետո, կանգնեց մի պահ, ասես միտք էր անում, թե ում մոտ է իրեն վայել նստելու, և ապա ծխատուփը հանելով, նստեց Շուղանց Իսոյի և Ավան ամու մեջտեղը:

Ա՛յ Իսրայել, մտքիս հետ ներհակ ընկած գալիս էի

Տերտեր, էդ գազեթներում ի՞նչ են ասում կռվի մասին... — հարցրեց մեկը: Բոլորը շունչը պահած սպասում էին նրա պատասխանին:

Օրհնյալ, ճրագդ միշտ վարգար մնա... Մեղքը պտույտքի պես մի փորձանք է, և ոչ եթե մարդ արարածը հոգին ծախի, — ասաց նա: Տերտերը քթումն էր խոսում, ձայնը զրնգում էր, ասես պարապ կարասի մեջ էր հնչում, և որովհետև միալար էր խոսում ու մի քիչ էլ ծոր տալով, դրա համար էլ բառերն իրար էին խառնվում, լսվում էր այնպես, ինչպես գետի խուլ վշշոցը մութ գիշերին: Քահանան կարծես ինքն իր հետ էր խոսում, և ոչ ոքի չբավարարեց նրա պատասխանը: Ինքն էլ զգաց այդ և ավելացրեց.

Առաջաքայլ և գիտակից անձնավորությունքը հողագնդիս երեսին պակասել են, էլ ո՞ւմ մեղապարտես էս խառնակչության համար: Եփեմերդին ասում է, թե եղիցի արյունահեղ պատերազմ, թագավոր հյուսիսական ընդ արևելս, կոտորած ժողովրդյան, քարեկարկուտ և սև անձրև, և սով մեծ...

Եվ սով մեծ... — կրկնեց Շուղանց Իսոն: Ամենից շատ Ունանը սարսափեց այդ խոսքից: Ու դարձյալ հիշեց եղբորը, իրենց մեծ տունը, երեխաներին, որոնք ճտերի նման թխսամոր հետևից վազում են, հացն ուտում այնքան ագահ, ինչքան շերամի որդը թթենու տերևները... Շաբաթը մի տաշտ հերիք չի անում: Եվ ի՛նչ ցորեններ կան այս տարի, — մտածեց Ունանը: — Ջաղացպանն իզուր չէր ասում, թե տարին գլխակեր է... Իմաստուն մարդ է ջաղացպանը... Միայն նա կարող է ասել, թե ինչ պիտի անել, որ Խաչանին զինվոր չտանեն:

Յարաբ տեսնես մեր եզինքը ջրե՞լ են, — ասաց նա բարձրաձայն, և փեշերը թափ տալով վեր կացավ տեղից, իջավ ներքև: Նրա ականջին ընկավ Չետանց Ուհանի հարցը...

Տերտե՛ր, գերմանացին խաչապաշտ չի՞... — Ունանը քայլում էր ու մտածում. գերմանացին խաչապաշտ չի՞... Հա՛, Խաչանն էլ է ավազանում մկրտված... Ի՞նչ պարզ միտն է այն օրը: Կնունքին մի ոչխար մորթեցին... Ի՞նչ խաչապաշտ: Ունանն անցավ եկեղեցու մոտով, մի վայրկյան կանգնեց ու գլուխը թեքեց վեր: Արդեն տարիքն առած մարդ էր, բայց չէր հիշում, թե երբևիցե գիշերով նայած լիներ եկեղեցու խաչին: Նրան տարօրինակ թվաց, որ գմբեթի գլխի խաչը փայլում է զոդած խոփի նման: Խաչապաշտ են Խաչանը, գերմանացին, ռուսը... Այն մարդը, որ Քառասնաջրում զավոդ սարքեց: Նա շատ հարգանքով բարևում էր տերտերին: Իսկ հիմա... Հը՞, իսկ խաչը... Հենց այնպես է դրված, որ Թելունց պառավն աղոթք անի, երեխաներին բերեն և ավազանում մկրտեն, պսակի ժամանակ Տեր Նորընծան օրհնի: Ու մի բան Ունանի ներսում պոկվեց, սուզվեց ինչպես քարը խոր լճի մեջ: Տեղը մնաց դատարկ, ծառի փչակի պես և թեթև, ինչպես քամու բերանն ընկած տերևը...

Իսկ քահանան պատմում էր, որ գերմանացիք ուրիշ տեսակի խաչապաշտ են, «ֆրանսացոց ազգաբնակությունը» ուրիշ, «անգլիացու հավատքն այլակերպ է», յապոնացին կրակապաշտ է, ռուսաց ժողովուրդը պրավասլավնի խաչապաշտ է, որովհետև խաչը ծուռ են կնքում: Չետանց Ուհանի գլխում մի հարց պտույտք էր անում, ինչպես կամնը կալում: Երբ տերտերը լռեց, նա անհամբեր հարցրեց.

Следующая страница