Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Տերտեր, բա էդ խաչապաշտ ազգերը ո՞նց են իրար մսի ելել... Էնա թող գնան յապոնացու երկիրն առնեն, էլի...

Քահանան հանկարծակիի եկավ: Ու նորից հիշեց այն, ինչ ամենից սոսկալին էր նրա համար: Չետանց Ուհանն էլ… — մտածեց նա: Եկեղեցու աջ կամարի տակ նրա մշտական տեղն է... Ձմեռը մի կիրակի չի բաց թողնում, գալիս է, ծունր դնում, փափախը գետնին ու գլուխը կախում: Բեմի վրայից քանի՛ անգամ է խաչակնքել նրա կողմը... Տեր Նորընծան զգաց այն, ինչ ծանոթ է խրոնիկ հիվանդություն ունեցողին. ահա նշանը, առաջին ծանոթ նշանը, որից հետո երկրորդը պիտի երևա, սիրտը բաբախելու է, հետո սրարշավ վրա է տալու ծանոթ և սարսափելի ցավը:

Հավատն էս բանի մեջ խառնվում չի, — վճռական հայտարարեց դարբին Վանեսը և օգտվելով այն ազդեցությունից, որ ունեցավ իր ասածը, մի քիչ առաջ եկավ և շարունակեց, — ամեն տերությունն իր հաշիվն ունի... Ռուսը տաճիկի հետ է կռիվ անելու, գերմանացին ֆրանցուսի հետ: Թե չէ ինչ խաչապաշտ, ինչ կրակապաշտ... Էս էն Շա՛հ Իսմայիլի վախտերը չեն...

Հա՛, դե դու Հնդստանու կոնսուլն ես, դու ամեն ինչ գիտես... — հեգնական տոնով ասաց Ըմբովի Թյունին, որի մշտական սովորությունն էր հակառակ խոսելու: Իզուր չէին նրա անունը դրել «Թարսի ձի»:

Դե Վանեսի ասածն է, էլի՛... ինչ ես հակառակում, — մեջ մտավ Շինականը, — Լեմսը որ եկել էր զավոդ շինելու, քիչ էր մնում բեղդ պոկեր: Բա նա խաչապաշտ չէ՞ր… — Մոռացված այս դեպքը հիշեցնելը շատերին ծիծաղացրեց: Նույնիսկ քահանան ժպտաց և մոռացավ այն, ինչի մասին համառ մտածում էր:

Որտեղ սպաս տեսնես, գդալդ մեջ ես կոխում, — զայրացած դարձավ Թյունին Շինականին: Բայց նրա խոսքը չլսվեց ծիծաղի աղմուկում:

Է՛, մեր օրը լաց եղեք... Ի՛նչ եք մասխարի քցել, — ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին: Նրա հանդիմանական խոսքը ծանր ազդեց լսողների վրա. նույնիսկ քահանան փշաքաղվեց: Նրան թվաց, թե հանդիմանության մի մասն էլ իր ասածի առթիվ է: — Սրան յոթը տերության կռիվ կասեն: Չոբանի կռիվ չի, որ մահակներով իրար չափեն:

Լավ, է՛, Ավան ամի, էդքանը հասկանում ենք, բա մեզ ի՞նչ ճանապարհ ես ցույց տալիս, — հարցրեց Չանեն ծուռ Ուհանը, — վեր կենանք ռուսի թագավորի դեմ բունթ անե՛նք...

Չէ՛, — ընդհատեց Ավան ամին, — էգուց էս գնացողների կալն ո՛վ պիտի կալսի, նրանց կարտոլն ո՛վ պիտի հավաքի... Իսկի մին խորը մտածում ե՞ս: Սաղ գյուղն տակովն է լինում, մի քանի մարդկանց սիրտն է դինջանում: Լա՛վ սարքվեցին Քառասնաջրում... Էս ջահելներն էլ որ գնան, Սային ու ես պիտի նրանց առաջն առնե՛նք:

Դրա ժամանակը չի, Ավան ամի, — պատասխանեց դարբինը: Ավան ամին զարմացած նայեց նրա կողմը: Ու չիբուխը դողաց: Մթնում ոչ ոք չնկատեց այդ և ոչ էլ Չետանց Ուհանի դառն ժպիտը:

Էն ո՞ր օրվանից, — հարցրեց Ավան ամին:

Էսօրվանից, — կտրուկ պատասխանեց դարբինը: Նրանք հասկացան իրար: Ի՞նչ պատահեց դարբնի հետ այդքան կարճ ժամանակում... Նա այգում հայտարարեց, որ կարճ ճանապարհը «մեկի փորը ծխով լցնելն է»:

Ես ասում եմ, որ բոլորս պետք է սեր միաբան լինենք: Կռվի ժամանակ հայերի մեջ խառնակչություն չպիտի լինի, — ասաց դարբինը՝ կռահելով Ավան ամու երկմտանքը:

Դե փիս չի ասում հո՛, — վրա բերեց Շինականը: Դարբինը նրա ասածից խրախուսված շարունակեց.

Մենք էլ մին ժողովուրդ ենք, չէ՛... Մեր մեծամեծերը մեզ համար պլան քաշած կլինեն: Էսօր-էգուց Տաճկաստանն էլ է կռվին հասնելու... բա մենք սուս պիտի նստե՞նք:

Ա՛յ հիմա «շաշ ուստա» ես, — վրա բերեց Ըմբովի Թյունին, նրանից վրեժ առնելու համար: Այս անգամ նրան հաջողվեց, որովհետև ծիծաղեցին այնպես, ինչպես «Թարսի ձի» ասելուց: «Շաշ ուստան» դարբին Վանեսի մականունն էր: Այդպես էին կոչում անկանոն և շփերթ աշխատելու համար: Նա շատ լավ գիտեր իր արհեստը, բայց քմահաճույքով էր աշխատում: Երբեմն մաշված, ճաքճքված խոփն այնպես էր սարքում, որ տերն անգամ չէր ճանաչում. իսկ երբեմն էլ մուրճով այնքան էր ծեծում, որ խոփը կորցնում էր ձևը: Թոնրից նոր հանած լավաշի համար տասը ռուբլու աշխատանք կաներ և ընդհակառակը՝ գերանդուին կցան տալու համար հանկարծ ավելի էր պահանջում, քան գերանդուն արժեր: Ինքնուս արհեստավոր էր. նա և՜ հյուսն էր, և՜ ատաղձագործ, և՜ դարբին: Նրա շինած կողպեքների նմանը քաղաքում էլ չէին կարողանում գտնել: Բայց ամենից լավ «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան, հրացանն էր. նա այնպես շնորհքով էր հրացանի փողը փոխում, կտրում մանր, նորոգում, որ տեսնողը չէր հավատա, թե Կարմրաքարի դարբնի գործն է:

Երկու կիրք ուներ դարբինը, մեկը` որսորդությունն էր, մյուսը` զանազան արկածների պատմություններ լսելը: Նա ոչ միայն լավ նշան էր խփում, այլև գիտեր, թե որ գազանը ինչ տեղով է անցնում ամառը, ձմեռը, գիշեր թե ցերեկ: Ամբողջ ձմեռը որս էր անում, երբեմն ձյուն ձմռանը երկու-երեք օրով տուն չի գալիս: Այդ օրերում գյուղում գիտեին, որ նա մեծ որսի է հանդիպել՝ արջի, քարայծի, կխտարի... Եվ տուն էր գալիս մռայլ, երեսն ու ձեռքերը վառոդի ծխից սևացած: Նա հազիվ էր ստորագրում իր անունը, բայց երկաթե կտորտանքի, ժանգոտած մեխերի և մանգաղների կողքին, դարբնոցի մուրից սևացած դարակի վրա չորս-հինգ գրքեր կային: Նրա սիրած գիրքը «Կայծերն» էր, բայց ամենալավը «Բուլղար ավազակապետի պատմությունը»: Աշխատանքի ընթացքում, փողոցով անցնող աշակերտին կամ հենց նրան, ում երկաթն էր շիկացնում, ստիպում էր, որ մի քիչ կարդա: Շատ անգամ էր նա Եգորին կանչում իր արհեստանոցը: Նրա ասելով Կարմրաքարում ոչ մեկը Շինականի տղայի՝ Բագրատի նման «սրտանց» չէր կարդում: Դարբինը խոփը կրակի մեջ էր դնում և նստում կարդացողի մոտ: — Ուստա սիպտակում է... — ասում էր խոփի տերը: «Հանի թող հովանա... Հրես էն տեղին ենք հասնում»: «Էն տեղը» արկածների հանգույցներն էին, երբ, օրինակ, բուլղար ավազակապետը շղթան սղոցում է, ու պիտի իրեն բանտի պատուհանից գցի... Եվ հանկարծ ծառս է լինում, կաս-կարմիր խոփը հանում ու զայրույթից թե հրճվանքից մուրճն այնպես զարկում, որ հնար չէր զարկերը հաշվելու: Իսկ խոփի տերը, սրտի դողով, մեկ խոփին էր նայում, մեկ կայծերին, որ թռնում էին ծանր մուրճի տակից:

Բոլոր քարի մոտ նստածների զրույցին նոր նյութ տվավ Մուքելի տղայի գալը: Նա քաղաքից էր վերադառնում: Երբ նկատեց հավաքվածներին, նա գլխի ընկավ, որ պատերազմի լուրն արդեն գյուղն է հասել: Եվ քայլերը փոխեց նրանց կողմը:

Ո՞ր թիվն են տանելու, չիմացա՞ր, — հարցրեց Շուղանց Իսոն:

Ութ տարվա զապասն են հավաքում, Իսո դայի... Խոսք կա, որ աշունքն էլի կանչեն:

Ուրեմն մինչև աշունքը կռիվ պիտի տա՞նք, — հուսահատ ասաց ծերունին: Եվ ապա ինքն իր ձեռքն օդում տարուբեր արեց, մրմնջալով «տարա՛ն... գնա՛ց»:

Էլ ուրիշ ի՞նչ էին ասում... ճոթ ու կտորի կողմանից, թանգից, էժանից, — հարցրեց Ավան ամին:

Խոսք չկա: Դուքանները տրաքվում են ապրանքից: Հա՛, ղազախները գնացին: Մի թամաշա էր, որ

Ես էլ տեսա, — վրա բերեց Հասրաթի Սիմոնը:

Դե սուս, է, թող տեսնենք, ինչ է ասում. — սաստեցին նրան:

Վարդապետը, քահանեքը, քաղաքի պաչոտնի առուտուրականները խաչով, խաչվառով տարան նրանց ճանապարհ քցեցինՂազախների գեներալը կռացավ, վարդապետի աջն առավ:

Հայր Սիմոնը շատ հարգևոր է մեծամեծաց ասպարեզներումը, ուսյալ մարդ է, — ասաց քահանան: Նրան հաճելի էր այն, որ գեներալը համբուրել է հայր Սիմոնի աջը, և քահանան պատրաստվեց հիշեցնելու այդ դեպքը, երբ Մուքելի տղան շարունակեց իր պատմությունը:

Իսկանդարովը, Աբգարովները, Գևորգ բեյի տղերքը, դաստա կապած, ոսկին մեծ պատնոցի վրա դարսած եկան նաչալնիկի դռանը կանգնեցին... Նաչալնիկը դուրս եկավ, ռուսերեն խոսեց, էնքան չհասկացա: Համա ամեն խոսքին ուռա էին կանչում: Հետո պատնոցը ներս տարան...

Ուրեմն նվիրատվություն ենք անում զորքի հարկավորության մասին, — մեկնաբանեց Տեր Նորընծան, որը մեծ հիացմունքով էր լսում «Միքայելի որդու» պատմածը քաղաքի ոգևորության և եռ ու զեռի մասին:

Այ հայությո՛ւն, — ոգևորված բացականչեց դարբինը:

Մի պատնոց կտան, փոդրաթից տասը դուրս կբերեն, — կծու շեշտով հարեց Ավան ամին:

Մինչի դուրս գալուս սհաթն էլ քաղաքն ուրախությունից դրնգում էր, — եզրափակեց Մուքելի տղան:

Շաշվել են, ինչ է... Մարդ էլ կռվի համար ուրախանա՞... Խելքս բան չի կտրում:

Ավան ամին դեռ խոսքը չէր ավարտել, երբ մի ձիավոր ձին թափին քշած, անցավ փողոցն ու ծռվեց դեպի «պամոշնիկի օթախը» :

Զրիկա գզիրն էր, — հայտարարեց Շինականը:

Վեր եկ գնանք Անտոնի մոտ, — ասաց Շուղանց Իսոն, — բալքի թազա հրաման կա... — և համարյա բոլորը տեղներից վեր կացան:

Տեսնես մեր մադյանի առաջը խոտ քցող եղա՞վ, թե չէ, — ասաց Չանեն ծուռ Ուհանը, մթնումը մահակը տափտափելով:

Է, ինչի վրա ես միտք անում, — պատասխանեց Շինականը:

Քուռակամեր է ախր

...Խարույկի վրա կախած կաթսայի մեջ քլթքլթում էր ջուրը, թշշալով ընկնում կրակի վրա: Ընթրիքի համար վաղահաս կարտոֆիլ էին եփում: Խարույկի մոտ, գետնին խրած փոքրիկ զնդանի վրա ջաղացպանը մուրճով ծեծում էր գերանդու ծռած բերանը: Սիմոնը, որ նոր էր վերադարձել Կաղնուտի ձորից, դանակով քերում էր կացնի կոթին հենած կաշվի ձողը: Նրա կողքին պառկել էր Արզումանը և ձեռքի ճիպոտով մերթ թեժացնում էր խարույկը, մերթ հեռու թռչող կրակները հավաքում: Երկու հնձվոր, երեկոյան սառնությունից պաշտպանվելու համար չուխաներն ուսերին գցած՝ թիկնել էին խոտի խուրձերին: Նրանցից մեկը ծխում էր, մյուսը՝ աչքերը բաց անում, նայում քլթացող կաթսային ու նորից փակում: Խարույկից քիչ հեռու ջաղացպանի կինն ու Սալբին ավելուկից շարանուկ էին կապում: Սալբին երբեմն մասրենու ձողով խառնում էր կաթսան, մի կարտոֆիլ հանում, մատներով սեղմում ու կիսաեփը մեջը գցում: Երբ աղջիկը ձեռքը մեկնում էր կաթսային, ննջողը գլուխը վեր էր բարձրացնում, իսկ երբ Սալբին նստում էր իր տեղը, հնձվորը հոգնած գլուխը թեքում էր խրձանը:

Արզումանը Սիմոնին պատմել էր սղոցարանի դեպքը: Պատմել էր ներքին հպարտությամբ, մի քիչ ավելին, քան իրականում էր եղել, պատմել էր այն անխուսափելի ձևով, որ հատուկ է երիտասարդ մարդկանց, երբ այդ պատմությանն ունկնդիր է և նրանց սիրելին: Սիմոնն անորոշ պատասխանել էր, թե չար մարդու վերջը լավ չի լինում: Անհայտ էր, թե ո՞վ էր այդ չարը՝ Մկրտո՞ւմը, թե Արզումանը:

Հանդարտ էր խարույկի մոտ... Ջուրը թշշում էր, մուրճի հարվածներից գերանդին այնպես մեղմ էր զրնգում, կարծես խոր սափորի մեջ ջրի կաթիլներ էին ընկնում... Արզումանը գլուխը վեր էր բարձրացնում, նայում Սալբուն, որի ստվերն ընկել էր խոտերի վրա: Աղջկա երկայն արտևանունքներն ավելի էին թանձրացնում աչքի խոռոչի սևությունը: Երեսը վառվում էր՝ հոգնածությունից ու կրակին հաճախ մոտենալուց:

Շուտով ընթրիքի կնստեն... Ապա գերանդիները, զնդանը, մուրճը, ջրի կուլան կպահեն խուրձերի տակ և կցրվեն տները: Ջաղացպանն իր կնոջ հետ կգնա ներքին կամրջով, իսկ մայր ու աղջիկ կիջնեն գետի վրա և քարերի վրայով կանցնեն գետը, կբարձրանան այգիների կողմը, կծռվեն փուլ եկած պատի կողքով, և տան դռնակը կճռճռա: Դաշտում կմնան Արզումանը, երկու հնձվորները, որոնք ընթրիքից հետո պիտի թաղվեն չոր խոտերի մեջ և քնեն մեռածի քնով: Ու լուսինը մայր պիտի մտնի, խավարը պիտի թանձրանա... Արզումանն անցնելու է քարերի վրայով, ջրի միջով, նրանց հետքով և փուլ եկած պատի մոտ կուչ գալու այնքան, մինչև դռնակը նորից ճռռա, և շալի մեջ փաթաթված մի ստվեր անձայն, անշշուկ մոտենա իրեն... Մոտենա ինչպես երկու օր առաջ, երբ ճյուղքին քնած մի թռչուն թևին արեց, աղջիկը դուրս պրծավ նրա գրկից և Արզումանին թվաց, թե պատի վրայից մարդ իջավ: Սպասեց, շատ սպասեց, և դուռը չբացվեց:

Սղոցարանից վերադառնալուց Արզումանը կռացավ, որ աղջկա ոտքերի մոտ ընկած կիտուկը կապի, — կամացուկ նրան ասաց, «Էսօր կգաս»: «Հերս տանն է»... «Կգաս, բան եմ ասելու»... Եվ Սալբին կարմրեց, եղանով շուռ տվավ արդեն շրջած կիտուկը:

Ներքևում չոր խոտերը խշշացին: Արզումանը տեղից վեր ելավ, Սալբին էլ նայեց... Մի ստվեր վազում էր մութի կողմը:

Եգորն է, — կամացուկ ասաց Սալբին, սակայն բոլորը լսեցին, բացի հնձվորից: Ու Եգորը հևիհև պատմեց, թե ինչ հրաման էր բերել ուրյադնիկ Երոշը:

Օ՛ե՛ ... Չթողին էլ էս խոտը տեղաց անենք... Ասի անձրև չգա, չթրջի, — ասաց Արզումանն այնպիսի հանգստությամբ, կարծես ոչ թե պատերազմի լուրն էր լսել, այլ անախորժ բեգյառի, ու հարկավոր էր երկու օր գնալ «թագավորական» ճանապարհում խիճ ջարդել: Սիմոնը խոսք չգտավ ասելու. ջաղացպանը դադարեց գերանդին ծեծելուց: Նա մեկ Արզումանին էր նայում, մեկ՝ Եգորին:

Կարմրաքարի գլխին հլա շատ փորձանք է գալու, — ասաց նա: Արզումանը նայեց Սալբուն: Երկուսի հայացքն իրար դիպան: Ասես ծիածանի պես կամուրջ կապվեց, և չասված խոսքեր կամրջի վրայով սրտից սիրտ անցան:

Էսպես թագավորին ես... վախտը գտա՛վ, — ասաց Արզումանը: — Բե՛ր, կարտոլը բեր ուտենք:

Լուռ ընթրեցին: Մոռացան հնձվորին էլ զարթեցնելու: Նա խոր քնի մեջ մշշացնում էր, ինչպես հոգնած եզը ուռենու ստվերում:

Աստղազարդ երկինքը ջինջ էր, ինչպես լեռնային լճակը: Հնձած խոտերի մեջ ծղրիդները կանչում էին: Շատ մոտիկ մի լոր բռռալով թռավ խոտի միջից: Սալբին կլպում էր կարտոֆիլը, հոր առաջ դնում: Ու մի սպիտակն էլ զգուշությամբ գլորեց Արզումանի կողմը: Արզումանը նայեց նրան. աղջկա արցունքոտ աչքերում խարույկի կրակն արտացոլում էր:

Եգո՛ր, վեր կաց... Տեսնենք ինչ թուղթ է ստացել պարոն Վասիլը: — Ու երկուսով իջան գյուղի վրա:

Պամոշնիկ Անտոնի «կանցելարը», որ Կարմրաքարում ավելի շատ հայտնի էր որպես «պամոշնիկի օթախ», որովհետև այն միաժամանակ և բնակարան էր, — գյուղական մնացած սենյակներից տարբերվում էր միայն ոտքը կոտրած սեղանով, որի վրա, ինչպես և պատուհանին, դարսված էին մի քանի մատյաններ, որոնց մոտ, պատուհանի հովին, — ուր կոտրած ապակու անցքը տրեխի քողով կապկպած էր, որ կատուն ու հավերը ներս չմտնեն, երբ տանը մարդ չէր լինում, — պատուհանին դրված էր մածնի մերուցքը:

«Օթախ»-ում կանգնելու էլ տեղ չկա: Անտոնը, որ նոր էր վերադարձել Հիբանի ամարաթից, գրագրին թելադրում էր տանուտերի ուղարկած գրության պատասխանը, որ պիտի ուղարկեր Զրիկից եկած գզիրի ձեռքով: Տանուտերը գրել էր այն, ինչ հայտնի էր ուրյադնիկի հանձնած ծրարից: Բացի այդ, նա կարգադրել էր լուսաբացին կազմ ու պատրաստ ունենալ զորակոչի ենթարկվածներին:

Վասիլը դառնացած գրում էր պատասխանը, և թեկուզ գլխավերևը կանգնած Անտոնը թելադրում էր նրան, բայց նա գրում էր այնպես, ինչպես ինքը գիտեր: Նա դառնացած էր և նրա համար, որ «օթախ»-ում եղած մարդկանց մոտ թելադրում է Անտոնը, բայց ավելի շատ՝ իր հանգիստն այդպես անակնկալ կերպով վրդովելու համար: Պամոշնիկը նկատում էր այդ, սակայն շարունակում էր թելադրելը:

Այդ երեկոյան Վասիլը, որ գյուղում թունդ հարբեցողի հռչակ ուներ և, ինչպես քահանան էր ասում, «այդ տկարության կողմանից իրյան պապին էր քաշել», — Վասիլը հարբած քնել էր գետափի ուռիների տակ, երբ թափահարելով նրան զարթեցրեց գզիրը: Գաղտնի գրության անունը նրան սթափեցրեց: Ու թոնթորալով վեր կացավ, բարձրացավ «օթախո»-ի կողմը: Գրության բովանդակությանը տեղեկանալուց հետո, խորիմաստ «հը՛մմ» արեց: Անտոնը դուռը փակել էր: — Հը՞, — անհամբեր հարցրեց նա: — Հե՛չ, պրիստավն է գրել... — ծույլ-ծույլ ասաց Վասիլը, հաստատ իմանալով, որ իր պատասխանը չարացնելու է պամոշնիկին, նա սպառնալու է տանուտերին ռապորտ գրելով և վերջում` աղաչանքով խոստանալու է «էն զահրումարից» մի շիշ: Երբ Վասիլը գրությունը կարդաց ու թարգմանեց, պամոշնիկ Անտոնի գլխին ասես տունը փուլ եկավ… — Ոնց թե կռիվ, — ասաց ու նստեց սկամուն: Ապա մեկից ծլոնգ եղավ, դուրս եկավ ու դուռը փակելուց գրագրին պատվիրեց, որ ոչ ոքի չհայտնի գրության մասին՝ մինչև իր վերադարձը:

Իսկ լուրը տարածվեց կայծակի արագությամբ: Վասիլն ինքն էր հայտնում ներս եկողին՝ կարծես նրան ուրախություն էր պատճառում այն արտահայտությունը, որ ունենում էր յուրաքանչյուր լսող: Վերադարձին Անտոնը զայրացավ, երբ տեսավ օթախում հավաքված մարդկանց:

Այ խալխը, չամիչ չեն բաժանո՛ւմ... Թողեք մի տեսնենք ինչ պատասխան ենք տալիս... Մի աշիբկա լինի, նոմերը սխալմունք պատահի, դե եկ էդ դարազումեննու պատասխանը տուր... Սա թագավորական գործ է, հանաք մասխարա չի՛...

Վասիլը շտամպը մոտեցնում էր բերանին, փչում, ռունգերը լայն բաց արած ներս ծծում օղու հոտը, որ ելնում էր իր շնչի հետ: Փչում էր, ծույլ-ծույլ շարադրում և քմծիծաղ տալիս պամոշնիկի խոսքերի վրա:

Արզումանը դռան մոտ կանգնածներին հրելով ներս մտավ:

Չեստ իմեյու յավիցա, վաշ բլաղարոդի, — բղավեց նա, զինվորական պատիվ տալով Անտոնին:

Կանցիլարը շուտկի տեղը չի՛, — զայրացած պատասխանեց Անտոնը և դարձյալ կռացավ սեղանին:

Հա՛, լավ... Ռապորտը գրի, թե չէ գիտե՛ս՝ պալևոյ սուդ, կաշիդ մեջքիցդ կհանեն... վա՛յ, Վասիլ Պետրովիչ, դու էլ էստե՞ղ... Ուրեմն հանաք չի էլի՛, կանտորա պիշետ: Հե՛յ, մերը չմեռնի թագավորի: Ձեռաց գլխի ընկավ, որ Կարմրաքարում զուր հաց ուտող շատ կա: Սիմոն ապեր, — դարձավ նա մի կարճահասակ ալևորի, որին սեղմել էին անկյունը, — դու էստեղ ի՞նչ գործ ունես: Քո թայերը թանովը կերել են, երազ են տեսնում:

Երախեն էլ է, — լացակումած ասաց ծերունին:

Ստեփա՞նը: Նա ո՞ր թվի սալդաթն է որ...

Ես ի՛մ... Վասիլի մոտ է թղթերը:

Վասիլ Պետրովիչ, բա քեզ հետ ե՞րբ ենք մի կատիլոկից բորշ ուտելու: Թե մնում ես, վիզդ հաստանա, կուղի նման ընկնես խալխի կնանոց ջանին:

Ասում եմ բերանդ շատ ցրիվ մի տա, — կանչեց պամոշնիկը: Իսկ Վասիլը գլուխը կախել էր թղթի վրա, իբր թե չի լսում:

Դե լավ հա՛... Խանչալիդ քարը վեր չընկավ: Էնպես չի՞, Վասիլ Պետրովիչ... Դավթարում ադրեսս գրի. 117 պենզենսկի պոլկ, տրետի բատալիոն, ավտարո ռոտա պալուչիտ Արզումանու Եդիգարովու... Ադրես գրելիս հավից, ճուտից շատ չհավաքես, թե չէ մին էլ տեսար եկա դիվանիդ:

Մի քանի հոգի ծիծաղեցին, մեկը կամացուկ ասաց.

Երանի Արզումանին: Գայլի սիրտ կերած է, — Արզումանը լսեց:

Բա սուգ անե՞մ: Ինչ եք կարասն ընկած մկան նման թռսխել... Մին էլ տեսաք ցեպ կապած ետ եկանք, դավայ դավայը քցեցինք...

Ուր է, լեզվիդ մատաղ, քո ասածը լինի, — մրմնջաց Սիմոն ապերը, — սաղ սալամաթ ետ գաք... Մենք էլ նաչար ենք:

Դե, ժողովուրդ, լսեցի՞ք, — դարձավ պամոշնիկը ներկա եղողներին: Դրսում հավաքվածները մոտեցան դռանը: — Սպիսոկը սա է... — ու նորից կարդաց անունները: — Լուսը չբացված գյուղամեջին հավաքված լինեն, երեք օրվա պաշարով... Դե հիմա շաղ եկեք, տեսնենք ինչ ենք անում...

Հա՛, արևիդ մեռնեմ, — աղաչանքով ասաց Սիմոն ապերը, որի որդու անունը ցուցակում չկարդաց, բայց մի մատյան ևս պիտի քրքրեին, — մեր հոգատար իշխանը դու ես... Բոլորը քո ձեռքիդ են նայում...

Բազմությունն սկսեց ցրվել:

Եգո՛ր, գնա տուն, ես մեր բաղովն անցնեմ, — ասաց Արզումանը և կորավ մթության մեջ:

* * *

Գյուղի վրա բացվեց մի պղտոր առավոտ: Մոխրագույն ամպերը ծխի նման բարդ-բարդ վեր էին ելնում, կարծես վիթխարի կրահորի բերան էին բացել:

Առավոտյան մուժի մեջ ծլնգացին եկեղեցու զանգերը: Ժամհար Բարսեղը սովորականից կանուխ էր զարթնել և կաղ ոտը քարշ տալով բարձրացել զանգակատունը: Հեռվից նայողին այնպես էր թվում, որ ոչ թե ժամհարն է քաշում զանգի պարանները, այլ զանգերն են ձգում նրա թևերը, նախ՝ աջը, ապա՝ ձախը: Կաղ ոտը ձգած, գլուխը գետնին խոնարհած, Բարսեղը կարծես արձանացել էր, մոռացության տվել ծանոթ գավիթը, պարանների կշկուռը, որ սեղմում էր բռան մեջ, զանգակատանը բուն դրած աղավնիներին, որոնք ամենօրյա ձևով թռան, երբ ինքը սանդուղքով վեր բարձրացավ, և շար ընկան գմբեթի ծայրին:

Ժամհարը կանուխ էր զարթնել: Գիշերն էլ անկողնում կողքից կողք էր շրջվել, կարծես ներքնակի մեջ փշեր էին լցված: Նա երբեմն գլուխը վեր էր հանում, նայում պատուհանին: Ինչ երկար էր ամառվա այս գիշերը...

Սամսո՛ն, քնել չե՞ս... — ձայն էր տալիս որդուն:

Չէ՛...

Քնի, բալաս: Երկար ճանապարհ ես կտրելու: — Իսկ ժամհարի կինը մթնում ման էր գալիս, պղինձները զրնգացնում, սանդուղը բաց անում, ինչ-որ բան հանում, կապում: Լսելի էր զսպված հեկեկոցի ձայն, որ դադարում էր, երբ Սամսոնն ու հայրը լռում էին: Մայրը հեկեկաց բարձրաձայն, երբ խոսքի միջին ժամհարն ասաց.

Հրես մեր տանն եմ ասում... նամակդ մշտական թող անպակաս լինի: Դու էլ քեզ մղայիթ կաց... Հազար շառ, հազար փորձանք:

Մոր հեծկլտոցի ձայնից երեխաներն էլ զարթնեցին: Ամենափոքրը տեղերում նստեց ու կանչեց մեծ եղբորը: Երեխան կարծում էր, թե նա գնացել է, ու իրան քնած են թողել:

Բարսե՛ղ, օրհնյալ... բավական է, — ասաց Տեր Նոր ընծան՝ եկեղեցու բանալին գրպանից հանելով:

Էսօր շատ դարդոտ է զանգերը քաշում, — ասաց մի պառավ:

Նաչարն ինչ ունի: Մի տուն քուլփաթի պահողը Սամսոնն է, — ու ներս մտան կիսամութ, խոնավ ու քարակոփ եկեղեցին:

Շատ երդիկներից էր ծուխ բարձրանում: Կապույտ ծուխը վախվխելով ձգվում էր վեր, ու սառը քամին նրա բաշից բռնած, թռցնում էր, կտուրներից պոկում: Եփում էին, թխում: Կանուխ էին վեր կացել և նրանք, որոնք զինվորացու չունեին, գնացողը մեկի փեսան էր, մյուսի հորաքրոջ տղան... Պառավ կանայք, շալերի մեջ փաթաթված, դողացող ստվերների նման մեկ-մեկ անցնում էին գյուղի դատարկ փողոցներով ու կորչում եկեղեցու ներսի մթության մեջ: Բոլորն էլ համարյա նույն ձևով էին ծնկադրում, փղձկում, ճակատը կռացնում եկեղեցու սառը հատակին: Ոչ ոք չէր լսում Տեր Նորընծայի ձայնը, որ արձագանք էր տալիս ծանր կամարների տակ, ինչպես հարվածը դատարկ կարասում: Կանայք ու ծերերը երկար չէին մնում: Հենց արցունքը ցամաքեր թե չէ, դուրս էին գալիս և շտապում տուն՝ մի բան էլ պատվիրելու գնացողին, մի քիչ էլ նայելու նրանց:

Հիբանի տղերքը ինչ են լսել, որ առավոտ կանուխ դուքանը բաց են արել, — հարցրեց Թելունց պառավը ժամհարի կնոջը:

Է՛հ, նրանց սրտի խորհուրդն ով կիմանա, — պատասխանեց կինը:

Այդ առավոտ Կարմրաքարում ամենից վաղ զարթնողը Մկրտումն էր: Լույսը չբացված Եփրեմը քաղաք էր գնացել տեղեկանալու ապրանքի գներից ու կատարվող իրադարձություններից: Մկրտումը նրան շատ հանձնարարություններ էր տվել, մի քանի անգամ էր կրկնել իր ասածը, կրկնել էր տվել եղբորը, ինչպես ուսուցիչն՝ աշակերտին: Գիշերով Մկրտումն ինքն էր վեր կացել, իջել ներքև, Եփրեմին զարթնացրել, Գոդուն պատվիրել ձին թամբելու և եղբորը ճանապարհ գցելուց մի անգամ էլ ապսպրել քաղաքում անելիքը և գնացել խանութ: Մկրտումը խանութի հատակին փռել էր գույնզգույն և էժանանոց թաշկինակներ, որոնց մեջ բուռ-բուռ լցնում էր չամիչ, պնդուկ, նոխուդ, ապա թաշկինակները կապոց էր անում, դարսում: Խանութում ոչ ոք չկար: Ամեն մի թաշկինակ կապելուց նա հրճվում էր, ինչպես մայրը, որ քնած երեխայի գլխավերևն ընծա է դնում: Մկրտումը մի վայրկյան մտածեց, ապա ետ դրեց կապած թաշկինակները, սկսեց բաց անել: Մրգեղենն իրար էր խառնվել: Ու նա ձեռքը մեկնեց, դարակից վերցրեց մի կապ ծխախոտ, սկսեց մեկ-մեկ դարսել կապոցների մեջ: Մեկ էլ հավաքեց ծխախոտը, բարձրացավ վերևից ավելի աժանը և հասարակը վերցնելու:

Պատերազմի լուրը նրա վրա ևս շշմեցուցիչ տպավորություն էր արել: Բայց այդ տևել էր միայն մի վայրկյան, ինչպես թեթև գլխապտույտ: Ու շատ հասարակ դասավորել էր այն բոլորը, որ բերելու էր պատերազմը գյուղի և իրենց տան համար: Պամոշնիկ Անտոնին նա սառնասրտությամբ պատասխանել էր.

Սա պետք է լիներ... Անկարելի էրԷս տրաքոցին վաղուց էին սպասում... — Զորակոչի ենթարկվածների ցուցակում միայն Գըդըլ Պուղու անունն էր, որ դժգոհություն առաջացրեց նրա դեմքի վրա:

Բա պիլնի՞ն, — մտածեց նա: — Ու մինչև Անտոնը մյուսների անունները կթվարկեր, Մկրտումն իր անելիքը որոշեց:

Փողոցներում անցուդարձն սկսվեց: Գրաստներին ուտելիք ու գործիքներ բարձած մի քանի հոգի գնացին աշխատանքի: Ինչքան էլ դաժան ու հանկարծակի էր պատերազմը, բայց և այնպես հարկավոր էր խոտը հարել, հարածը կիտուկներ անել, այգին ջրել, դեղնած գարիներին նայել, որ հունձը չուշանա: Երբեմն տներից երեխաները վազում էին Բոլոր քարի մոտ՝ նայելու հո չեն հավաքվել. կամ թե բարձրանում են կտուրը և նայում պամոշնիկի «օթախի» կողմը, որի առաջ տկլոր ձին դեռ կանաչ էր ուտում:

Իրենց դարպասի անկյունում Ունանը եղբորը համոզում էր այն, ինչի մասին երեկոյան խոսել էր, ու Խաչանը գլուխն օրորելով ասել էր. «վախենում եմ...»: Ունանը եղել էր ջաղացպանի մոտ. ճիշտ է, նա հայտնել էր միջոցը, սակայն ավելացրել էր. «համա անտերն իսկական զահրումար է... Ջանով տղամարդ պիտի լինի, որ դիմանա... Էն առաջ էր. հիմա Կարմրաքարում ո՞ւր է էդպես ոսկոր...»: Խաչանից Ունանը պահել էր ջաղացպանի խոսքը, թե տղամարդը միայն կարող է դիմանալ այդ «զահրումարին...»:

Մի ներքին ձայն Խաչանին ասում էր, որ միջոցը վտանգավոր է: Բայց սիրտը մղկտում էրԻնչպես պիտի ապրեն տունը, կինը, երեխան: Ամբողջ գիշերը կինը արցունք էր թափել բարձին, օրորոցի վրա, երբ կռացել էր երեխային ծիծ տալու: Ու հենը ուզում էր բերանը բանա, բարակ աղբյուրի նման արցունքը ծլլում էր: Այդ երկընտրանքը Խաչանին ծանր մտատանջության մեջ էր գցել: Իսկ եթե խմի մի գավաթ ծխախոտի ջուր, ինչպես Ունանն էր ասում, կազատվի՞ ու տանը կմնա՞... Խաչանը կրկնում էր մոլորվածի նման. «տեսնենք, կամիսիա ընկնենք... Բալքի բրակ են դուրս բերում»:

Հանդում մենակ մնացած եզան բառաչի նման հանկարծ լսվեց գզիրի հուժկու ձայնը.

Հե՛յ, հե՛... գնացողը գա մեյդանը, հե՞յ...

Բայղո՛ւշ, — ասաց Թելունց պառավն ու ձեռը չանչ արեց ձայնի ուղղությամբ:

Խաչանը տեղում ձգվեց: Այդ կանչը նրան ազատեց երկընտրանքից, պիտի գնալ: Ու շրջվեց դարպասով ներս:

Կա՛ց, — ասաց Ունանը, ձեռքը գրպանը տանելով: — Ձեռքի խաշլուղ կանես, մինչև տեսնենք: Երեկ երկու բեռ խոտ եմ ծախել զրիկեցի Բախշուն... — Ու նրա ձեռքին դրեց խոտի վարձը :

Գալիս ե՞ն, — ասաց մեկն ու վազելով իջավ ներքին թաղը: Մի երեխա կտուրից կանչեց.

Անտոնը ձին թամքում է...

Եվ իրարանցումն ընկավ: Սկսեցին կապել, կապկպել, տնետուն վազել՝ թելի, պարանի, հաց փոխ առնելու, գրաստներ սարքելու: Մի մայր ծնկներին խփեց, նա մոռացել էր պաշարի մեջ աղ դնելու ու ճիգ էր անում հիշելու, թե ո՞րտեղ է աղի պարկը:

Կարմրաքարից գնում էին Շուղանց Իսոյի տղան, Խաչանը, Սիմոն ամու որդին, որի անունը գտնվել էր վերջին ցուցակում, և հայրը լացակումած վերադարձել էր տուն, մարդ ուղարկել, որ ոչխարատեղից նրան կանչեն: Գնում էր և Դիլբարի Թևանը, որ Արզումանի հետ էր զինվորությունից վերադարձել, իրեն հետ բերել նախշուն մի ցուցանակ, վրան գրած՝ «Ռաստովսկի պարիկմախեր»: Թևանի միտքը, որպես կետ նպատակ, Կարմրաքարում վարսավիրանոց բաց անելն էր: Պատերազմի լուրը լսելուց, նա անմիջապես կապոտել էր ցուցանակը, գործիքների մի մասը, պինդ մեխել և տնեցոց պատվիրել մինչև իր վերադարձը չբացել: Իսկ մնացածը՝ ածելիները, մկրատը, գլուխ խուզելու մեքենան հետը տանում էր: Կանչում էին Գըդըլ Պուղուն, ներքի թաղից երեք հոգու, ժամհար Բարսեղի որդուն:

Գյուղի ծայրին, Զրիկից եկող ճանապարհի վրա, երևացին մի քանի ձիավորներ, որոնք քշելով եկան հրապարակը:

Գալիս ե՛ն, — ձայն տվին հավաքվածները: Լսվեց դմբդմբոց, ապա զուռնի բարակ ձայնը: Երևաց տանուտերի սպիտակ ձին, ապա ուրյադնիկ Երոշը, որից հետո ձիավորների ու հետիոտն մարդկանց խուռն բազմությունը:

Սարի արջերն եկա՛ն, — ձայն տվեց մի երիտասարդ ու վազեց դեպի փողոց: Կարմրաքարեցիք վերի գյուղացիներին այդ անունով էին կոչում անտառապատ լեռան տակ բնակվելու համար:

Խալխի սրտին դանակ տաս, արյուն չի կաթի, սրանք էլ հարսանիք են գնում, — ասաց Ունանը:

Վերի գյուղից եկողները հասան Բոլոր քարի հրապարակին ու կանգ առան: Այնտեղ արդեն հավաքվել էր մի ուրիշ խումբ, որ ստվարացել էր զուռնա-դհոլի աղմուկից: Մի քանի հոգի մոտեցան տանուտերի ձիու սանձը բռնելու: Խռնված բազմությունը ճեղքելով, նրան մոտեցավ պամոշնիկը: Նրանց մոտ կանգնած մարդիկ լսեցին տանուտերի հարցը և Անտոնի պատասխանը՝ «Սավսեմ հազիր ենք»:

Ինչպես երկու հոտ խառնվում են իրար, երբ մակաղելու են քշում, այնպես էլ վերի գյուղից եկած բազմությունն ու Կարմրաքարի փողոցներում սպասողները իրար անցան: Մեկը փնտրում էր իր բարեկամի որդուն, մյուսը Կարմրաքար գալու առիթից օգտվելով խոսում էր խոտի գնի մասին, պատվեր տալիս Կարմրաքարի բարեկամին, երրորդն իր հեռավոր ազգականի տեսությանն էր վազել և շտապ պատմում էր, թե ովքեր են գնում իրենց գյուղից, ինչ են խոսում Զրիկում: Անսովոր եռուզեռ էր, և հրապարակն ու նրան միացած փողոցները սևացել էին ձիավորից ու հետիոտն մարդկանցից, որոնց մի մասը ուղեկցելու էր մինչև քաղաք, մյուս մասը վերադառնալու էր Կարմրաքարից:

Պամոշնիկը մեկ տանուտերի հարցին էր պատասխանում, մեկ՝ գզիրին կամ առաջին հանդիպած կարմրաքարցուն ուղարկում ուշացողներին շտապեցնելու: Տանուտերը, որի տեսքին առանձին փառահեղություն էր տալիս երիտասարդ ու կայտառ ձին, մանավանդ երբ անհամբերությունից փռնչացնում, ոտով գետնին դոփում և կարմրած ռունգերով օդը ծծում, սանձը կրծոտում, — տանուտերը դիտում էր հավաքված բազմությանը, և ավելի հեռուն՝ կտուրների վրա խումբ-խումբ կանգնած հարս ու աղջիկներին: Նրա վզից կախած պղնձե երկար շղթան ու կլոր նշանը լրացնում էին տեսքի հանդիսավորությունը: Գլխի թեթև շարժումով նա ընդունեց իր գյուղացիների բարևը, որոնցից մի մասը իրենց պարտքն էին համարում մոտենալ և լուռ սեղմել նրա ձեռքը:

Բա ինչո՞ւ չես իջնում, — հարցրեց Մկրտումը, — զակուսկի կանեիր, մինչի հավաքվեին...

Շնորհակալ եմ, ՄկրտումՏեսնում ես էլի՛, գլուխս ինչքան է խառնված: Ետ դառնալիս ղոնաղդ եմ:

Տեր Նորընծան հենվել էր եկեղեցու պատին: Նա առավոտյան արարողությունը նոր էր ավարտել, ավելի ճիշտ համառոտել, որովհետև զուռնա-դհոլի ձայնին եկեղեցում եղած ծերերն ու պառավները դուրս էին եկել, շտապել տները: Քահանան նայում էր ապակյա աչքերով, նայում էր խռնված բազմությանը, ձիավորներին, — ինչպես գետափի չոր կոճղը գետի սրընթաց հոսանքին: Նրա կողքով շտապ անցնում էին մարդիկ, որոնցից ոմանք չէին նկատում նրան, ոմանք գլխով բարև էին տալիս: Նա գիտեր, որ սպիտակ ձիուն նստածը տանուտերն է... Ահա նրա հետ խոսում է Մկրտումը. նրա կողքին «Գեդեոնն» է՝ Գոդին, մի պարկ շալակած:

Следующая страница