Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Տերտեր, ճանապարհից հեռու կաց... Մարդը շատ է, կվնասեն, — քահանան չիմացավ, թե ով ասաց: Եվ մեքենայաբար քայլերը փոխեց դեպի դիմացի կտուրը: Ամբողջ գյուղն էր հավաքվել: Եկել էր նույնիսկ կույր Սային, որ մեջքը Բոլոր քարին հենած լսում էր խոսակցությունները, կանչը, ձիերի վրնջոցը, մանուկների լացի ձայները, մեկի զիլ ծիծաղը... Ավան ամու կողքին կանգնել էր ուստա Նազարը և փափախով սրբում էր ճակատի քրտինքը: Ավան ամու այգուց նա երկու կողով խնձոր էր բերել և սպասում էր, որ բաժանի: Ուստան երեխայի նման ուրախացել էր և՛ նրա համար, որ գնացողներին Ավան ամին խնձոր է բաժանելու, և՛ նրա, որ ինքն է բերել կողովները:

Ավան ամի, հենց հազրվել ես, ասես դու էլ ես գնալու, — ասաց Արզումանը, աչքը գցելով նրա կոկիկ ու պինդ կապած տրեխներին:

Կոտորվելուն մենք ենք, որ չեն տանում, — ասաց ու բաց արեց կողովը: — Առաջինը քեզ, — ու բռով լիքը լցրեց նրա գլխարկի մեջ: Խնձորների բաժանելն իրարանցում առաջացրեց: Շատերը մոտեցան: Գզիրն էլ մեկնեց իր գլխարկը, իսկ Թելունց պառավը կտուրից կանչեց.

Հրեն ծառերը կոտրատվում են էլի՛... Հասնելուց կուտես, երեխոց փայը մի կտրի: — Գզիրը փոշմանած ձեռքը ետ քաշեց, կորավ բազմության մեջ:

Պա՛-պա՛... Կարմրաքարը զարգացել է՛... Էս վախտ կարմիր խնձո՛ր, — ասաց Արզումանը և խնձորները ձեռքին մոտեցավ կտրանը, որի վրա կանգնած էին ջաղացպանի կինը, Բարիկոն, Սալբին, իր խորթ մայրը, ու թվաց, թե պարտեզից խնձոր է քաղել, ինչպես մանկության օրերին և ծոցերը լցրած շտապում էր յուրայինների մոտ: Թեկուզ Սալբին գլխաշորը երեսի վրա էր քաշել, բայց և այնպես նրա կարմրելն Արզումանը նկատեց:

Տեսեք, է՛Ավան ամին ինչ հոգեպահուստ է ունեցել, — ասաց և խնձորով լի գլխարկը մեկնեց:

Պահի՛, ճանապարհին կծարավես, — ասաց խորթ մայրը:

Չէ՛, վեր կալեք, — և դարձավ Բարիկոյին, — ախչի, Եգորին չես տեսե՞լ...

Հրեն է՛, Խաչանի կողքին... — ջաղացպանի կինը խնձորներից մեկը վերցրեց և մեկնեց Սալբուն: Աղջիկը ամաչելով խնձորը պահեց գոգնոցի տակը:

Գզիրը տեղեկացրեց, որ բոլորը ներկա են: Վասիլը պատրաստ ծրարը հանձնեց: Մկրտումը Գոդուն նշան արեց պարկը մոտեցնելու:

Էդ ի՞նչ է, Մկրտում, — ժպտալով հարցրեց գզիրը:

Հե՛չ, ասում եմ տղերքը ուրախ գնան, — ասաց և մի կապոց, որ վերև էր դրված, մեկնեց տանուտերին, երկրորդը՝ ուրյադնիկ Երոշին, որ ձիու վրայից կռացել էր պարկի վրա, վիզը ձգել, ասես ուզում էր մինչև տակը տեսնել:

Իմ հոգուս պարտքը՝ տեղ հասնելուց նաչալնիկին էս մասին ռապորտով հայտնեմ, — ասաց տանուտերը, մատներով կապոցը տնտղելով:

Էհ, սա ի՛նչ է որ, — կեղծ համեստությամբ պատասխանեց Մկրտումը:

Գնացողները մեկ-մեկ մոտենում են, կապոցներն ստանում: Խաչանը ստացած կապոցը դրեց փոքրիկի գրկին: Դիլբարի Թևանը հենց տեղն ու տեղը բաց արեց մրգեղենը, զգուշությամբ լցրեց գրպանը ու թաշկինակը տնտղեց:

Փեշքեշ ձիու ատամին չեն նայի, է՛յ, — ձայն տվավ մեկը: Թևանը թաշկինակը ծալեց ու տեղավորեց պայուսակում:

Ես էլ ասեմ առավոտ կանուխ դուքանը ինչի էր բաց, — ասաց Թելունց պառավը կողքին կանգնած մի կնոջ, — նա էլ ջան է, չէ՛, ասենք մի քիչ չար նախանձ է...

Հալբաթ նրա սիրտն էլ է մղկտում, — պատասխանեց կինը: Եվ Մկրտումի ընծաների լուրը բերնեբերան տարածվեց:

Արզումա՛ն, է՛յ, մոտեցի՛, — կանչեց պամոշնիկը: Մկրտումը վերջին կապոցը ձեռքին նայում էր նրան:

Խազեինս կոտր կընկնի, լավ չի՛, — բարձրաձայն ասաց Արզումանը: Տանուտերն ու Մկրտումն իրար երեսի նայեցին: Պամոշնիկը նրան ինչ-որ բան ասաց:

Դե լա՛վ, բարիշեցե՛ք... Բա էսօր էլ մարդ իրարից խռով մնա՛, — կանչեց տանուտերը: Մկրտումը մի քայլ արեց:

Վաշ բլաղարոդի, իմ առուն դրա աղբյուրից ջուր չի խմի՛... — ասաց Արզումանը և շրջվեց, բազմության մեջ Եգորին գտնելու:

Տանուտերը Անտոնին մի բան ասաց ու ձին շարժեց: Ուրյադնիկն ու մնացած ձիավորները հետևեցին նրան: Գզիրը սանձից բռնած բերեց Անտոնի ձին:

Ռոտա ստրոյսա՛, — բղավեց Արզումանը, — դե լաց եղեք, նանի, զիզի, հոքիրՍար ու քոլերը ձեզ: Էլ տեսնելու չենք... Պա, պա՛, պռոշտին ջրի գին է, — ու վազեց կտուրի վրա հավաքված կանանց կողմը, շտապ-շտապ սեղմեց նրանց ձեռքը: Սալբին երեսը շրջեց, արցունքները պահելու համար: Եգորը մոտեցավ Արզումանին:

Արի հետս, բան եմ ասելու

Իրարանցումը գագաթնակետին հասավ: Կտուրներից իջան ու խումբ-խումբ հավաքվեցին սրա-նրա մոտ: Ձիավորներն զգուշությամբ առաջ անցան: Շուղանց Իսոյի հիվանդ կինը, որ անկողնուց վեր էր կացել, ճչաց ու կախվեց որդու վզից: Իսոն, արցունքը սրբելով, կնոջ թևից բռնեց.

Ախչի, երեխի սիրտը խարաբ մի՛ անի, թող պարզամիտ գնա...

Տերտեր, չեղավ էլի՝ մեր գլխին Ավետարանդ պահես, ասես համո՞զ ես, — ծիծաղելով ասաց Արզումանը և սեղմեց տերտերի ոսկրոտ մատները:

Արզումանը կտուրից նայեց սևացած փողոցին: Մեկը հեկեկում էր, գլուխը պատին հենած, մի ուրիշը արցունքը սրբելով հուսադրում էր գնացողին: Խաչանը երեխային դրել էր ուսերին և զրուցում էր Ունանի հետ, իսկ կինը նրանից քիչ հեռու կանգնել էր կապոցը ձեռին: Փողոցում երևաց ջաղացպանը: Նա աչք էր ածում մեկին. Արզումանը տեսավ նրան ու մոտ վազեց.

Անդրի ամի՛… — ու ջաղացպանը գրկեց նրան:

Ես մեռած, դու սաղ... Արզուման, սալամաթ վերադառնաս, դու էլ խեղճ ես...

Գալու եմ, Անդրի ամի: Հալա ի՛նչ օրեր ենք տեսնելո՛ւ

Կտուրի վրա խորթ մայրն էր, ջաղացպանի կինը, Սալբին: Տերտերի կինը մի խմբից մյուսն էր վազում: Թևերը լայն բաց արած, իբրև ծեր սագ, լնգլնգալով մոտեցավ Թելունց պառավն ու փաթաթվեց Արզումանին.

Մի մոր տղա էլ դու ես, բալա ջան, ինչ ես եթիմի պես կանգնել... — Արզումանը զգացվեց, աչքերը տաքացան:

Չորտ ևո, խայտառակ են անելու հա՛, — ասաց նա թևով աչքերը սրբելով:

Պամոշնիկ Անտոնը ձգեց ձիու սանձը: Նրա առաջից գնում էին դհոլ-զուռնան ու հետիոտն մարդկանց խումբը: Եվ թափորը շարժվեց դանդաղ, անկանոն, — շարժվեց, ասես այդ զանգվածն իբր կենդանի միս պոկում էին գյուղի մարմնից, կտրատվում էին հազարավոր թելեր, անասելի ցավ պատճառում թե՛ նրանց, որոնք պաշարը շալակած գնում էին ու կարոտով նայում ծանոթ տներին, կտուրի վրա հավաքված աղջիկներին, կանանց, և թե՛ նրանց, որոնք դատապարտված էին մնալու և սպասելու:

Ավան ամի, էհ մնաս բարով, — ասաց Արզումանը:

Չէ, գնանք... մինչի Լուս Խաչերը հետդ կգամ:

Արզումա՛ն, Արզումա՛ն... — ուստա Նազարն էր վազում:

Ուստա ջա՛ն... — ու փաթաթվեցին իրար:

Բարով վերադառնաս, — մրմնջաց ուստան:

Արխային կաց, մնացողը չեմ:

Ավան ամի, նամակս քեզ վրա է գալու, — ու քիչ անց ավելացրեց, — աչքդ էս երեխու վրա պահիր, մինչև տեսնենք, — ասաց Արզումանը, ցույց տալով Եգորին: Ավան ամին լուռ էր, մտքերի հետ:

Արզումանը Եգորին մի կողմի վրա քաշելով, կամաց ասաց.

Գլխի ես չէ՞ մեր բանը... Սիմոնի աղջկա հետ, — ու նայեց նրա աչքերին: Եգորը շիկնեց: — Հա, լավ, հո երեխա չես... Դե վերջը, կարճ ասեմ: Ականջովս է ընկել, որ խազեինը Գոդու համար է ուզում առնի... Էդպես խոսք բացվել է: Հա՛, աղջիկը չի ուզում: Հիմա մեր բանն էլ էսպես գնաց: Չորտ ևո, կարող է գամ, կարող է չէ... Էդ մեր ֆելդֆեբել Իվան Իվանովիչը կասի... Աղջիկ է էլի, մի քիչ լաց կլինի. վերջը գլուխը կախ կգնա: Ի՞նչ պիտի ասի: Թե որ չեկա, ուրիշի մեղքի տակ ինչի ընկնեմ: Ես էլ սովեստ ունեմ, չէ՞... Հա, ինձ հանգամանքները մանրամասն կգրես: Ղուշի թևով էլ է կհասնեմ: Թե չէ, հո չէ...

Եգորի աչքերն արցունքոտեց:

Տղամարդ կաց: Արզումանի գլուխը քարի տակին չի մնա

Լուս Խաչերում կանգ առան: Իրենց արտի կողքին կանգնել էր Խաչանը: Արտը ծովի նման ծփում էր. ծանր հասկերը քսվում էին իրար, հնչեցնում տխուր լարի նման:

Ունանը կհնձի, արի՛, — ասաց Արզումանը:

Եվ անխոս բաժանվեցին: Մնացին միայն նրանք, որոնք մինչև քաղաք պիտի ուղեկցեին:

Ճանապարհը շարունակեցին: Արզումանը ետ նայեց: Կողք-կողքի գնում էին Ավան ամին ու ԵգորըՀեռվում, արտի եզրին կանգնել էր Սալբին, կանգնել էր ու նայում էր: Հանկարծ արտերի միջից դուրս եկավ իրենց պառավ Բողարը ու փաթաթվեց ոտներին:

Բողա՛ր... Բողա՛ր, ետ դառ...

Շունը նստեց հետևի ոտների վրա, լեզուն հանեց շոգից: Արզումանը մի անգամ էլ սաստեց շանը վերադառնալու... Երևում էին գյուղի ծայրի տները, եկեղեցին ասես փոսի մեջ էր: Արզումանը ձեռքով արեց աղջկանը և վազեց ընկերներին հասնելու...

Բողարը մի քիչ էլ սպասեց, մինչև Արզումանը փոքրացավ սև կատվի չափ: Ու շունը վերադարձավ:

ԶԵՅԹՅԱՅԻ ԱՎԵՐՈՒՄԸ

(Մի զլուխ «Կարմրաքար» վեպից)

1

Կես գիշերին Զեյթայի դիրքերը լռեցին:

Քյուրդ Մուրոն շվարել էր: Նրա հաշվով թշնամին պետք է ուժեղացներ դիմադրությունը, սպասվում էր և հարձակում: Այնինչ թշնամին պատասխանեց լռությամբ: Նրա «ատրյադը» երկու վիրավոր էր տվել, որից մեկը` բառաչում էր ինչպես մորթվող անասունը, հայհոյում «մեռել, կենդան», հայհոյում ֆելդշեր Եղիշեին, խմբապետին, թշնամուն, աստծուն, անհայտ մարդկանց, հայհոյում էր կատաղած, — կարծես հայհոյանքը մեղմացնում էր ջարդված ազդրի վերքի մրմուռը: Մյուսը Զրիկի ձիավորներից էր: Նա ավելի ծանր էր վիրավորվել, և բարեկամները նրան կիսամեռ վիճակում գիշերը տարել էին գյուղը: Գնդակը ջարդել էր մեջքի ողնաշարը: Իսկ Մուրոն հայհոյել էր նրան.

Հարիֆ, կռնակդ դարձրիր, հա՛Հախն է քեզ, իմանսզ...

Այն կողմի դիրքերը լռել էին, բայց այս կողմից՝ սարսափից և անքնությունից ջղայնացած զինվորները անկարգ կրակում էին: Նրանք սողալով, ոմանք թփերի և քարերի հետևը թաքնվելով, կամաց-կամաց բարձրանում էին լեռը: Կիսամթնում երևաց Բեղլու Վարդազարի սպիտակ ձին: Երեք ձիավորի հետ նա սլացավ լեռան գագաթը: Սլացավ գոռալով, աղմկելով:

Քյուրդ Մուրոն խուլ մռնչաց, երբ կիսամթնում տեսավ ձին ու ձիավորը: Եվ մռնչալով երեսը շրջեց: Նա հիշեց խնջույքը, Բեղլու Վարդազարի ծանր խոսքը: Հիմա էլ նա է գրավում դիրքերը: Այդ միտքը ծանր մտրակի նման շառաչեց: Եվ նա ցանկացավ, որ թշնամու դիրքերից կրակեն, ձին ու ձիավորը գլորվեն: Բայց դիրքերը լուռ էին, ինչպես քարերը: Սպիտակ ձիավորը լեռան գագաթին կանգնել էր ու հեռադիտակով նայում էր դեպի ներքև:

Բացվում էր գարնանամուտի առավոտը...

Ձյունը դիմացի սարալանջին սպիտակին էր տալիս, բայց ձորերն ու գետահովիտները սև էին: Ձյունի ջրերը քչքչալով գնում էին, ցող շարում կանաչի վրա: Անտառը սևին էր տալիս: Լուսաբացի խաղաղ օդը ճեղքեց ճնճղուկների երամը, որ քարերի վրա պտույտ արեց, ապա թռավ դեպի անտառը: Շատ հեռվում սպիտակ ծուխ էր բարձրանում: Կաղնուտի ձորում խոզարածները զարթնել էին:

Քյուրդ Մուրոյի «ատրյադը» հևիհև բարձրանում էր լեռը... Կարճ արահետներով գնում էին հետիոտն զինվորները: Այստեղ, այնտեղ թփերի հետևը գլուխները հանում էին գյուղացիները: Նրանցից մի քանիսը զենքով էին, իսկ մեծ մասն ուներ շամփուրներ, երկաթե լինգեր, ջուալներ, պարկեր: Ամբողջ գիշերը նրանց խումբը ցրտից դողալով սպասել էր կռվի ելքին:

Երբ ձիավորները հետ էին նահանջել, այդ խումբը, որ մեծ մասամբ Զրիկից էր, ավելի շուտ էր վերադարձել գյուղ և լեղապատառ պատմել, որ թուրքերը լուսադեմին կմտնեն գյուղը: Աղմուկ-իրարանցում անելուց հետո, նրանք նորից էին վերադարձել դիրքերը, տաքացել խարույկների մոտ, ոմանք հսկել էին ձիերը, ձիերի տոպրակից ծածուկ գողացել էին գարի, լցրել գրպանները:

Քաղցածների այդ խումբը, ագռավների երամի նման, սպասում էր, որ հաղթողը մաշկի որսը, որպեոզի իրենք ուտեն լեշը: Նրանք կրնկակոխ հետևում էին զինվորներին. նրանցից յուրաքանչյուրն իր մտքում վաղուց որոշել էր, թե ո՞ւմ տունը պիտի գնա, ի՞նչ կա այն տանը, որտեղ թաքցրած կլինեն տնամեջը:

Երբ լեռան գագաթից Քյուրդ Մուրոն բղավեց. «Հառա՛ջ, տղերք» և կեռ թուրը շողշողաց լուսադեմին, ձիավորները սուսերամերկ սլացան դեպի գյուղը, թռան իբրև բազեներ, — սակայն ոչ մի տան, ոչ մի պատուհանի և ոչ մի թփի հետևից գնդակ չարձակվեց: Գյուղը լուռ էր, և միայն ներս խուժողների ձիերի սմբակներն էին դոփում սառած գետնին:

Դեռ մութը չընկած, Զեյթան քոչել էր:

Նրանք վաղուց էին սպասում այդ հարձակմանը: Չոլախ Պուղանի բերած տեղեկությունը միայն հաստատել էր նրանց սպասելիքը: Նույն գիշեր առանց աղմուկի, քոչ ու քարվանով գյուղը ճանապարհ էր ընկել դեպի լեռնաշղթայի ձյունոտ գագաթը, այնտեղից իջնելու տաք հարթավայրը:

Գյուղում մնացել էին 2030 ձիավորներ, որոնց անակնկալ դիմադրությունը շփոթեցրել էր Քյուրդ Մուրոյին և հնարավորություն տվել, որ ժողովուրդը բավական հեռանա: Կես գիշերին ձիավորները մեկ-մեկ իջել էին դիրքերից, վերջին անգամ նայել իրենց տուն ու տեղին և ինչպես գիշերահավը, անաղմուկ ասպանդակել ձիերը, առաջ անցած քոչին հասնելու: Լուսադեմին «ատրյադը» մտավ Զեյթա:

Նրանից առաջ հասել էին շամփուրավորները, լինգավորները, պարկավորները: Հետնապահ ձիավորները դեռ գյուղը չէին մտել, երբ նրանցից առաջ անցավ կանանց մի խումբ: Կարծես քարերի տակից էին բուսել, այնպես անակնկալ էր նրանց երևալը: Նրանք էլ էին շտապում դեպի Զեյթա, դեպի թալան:

Առաջին մտնողները սկսեցին բաց անել տների փակ դռները... Մի տեղ օջախը դեռ տաք էր ու մխում էր վերջին աթարը: Օջախի մոտ ընկած էր մեծ կաթսան, որ չէին կարողացել տանել: Ինչքա՛ն խոսք ու զրույց էր եղել այդ կաթսայի շուրջը: Ով գիտի, տան պառավ «կաճեն» ի՛նչ արտասուքով է բաժանվել սևացած պղնձից:

Մի ուրիշ տան դուռը պատել էին քարով: Նոր ծեփը մատնում էր գիշերվա աշխատանքը: Մեկի մարագը կրնկահան բաց էր, կարծես տերը դիտմամբ էր բաց թողել, որ թալանողը միջի հարդն ու խոտը տանի և նրա աչքը չտեսնի ընկուզե փայտից քանդակած դուռը, որի նախշերը հին էին, շա՛տ հին:

Կար մի գոմ, որ մաքուր ավլած էր, ճրագն իր տեղը, ցախավելն ու թիակը կողք-կողքի. նույնիսկ հորթանոցում ամանի մեջ ջուր կար: Կարծես հիմա հորթերը սարից պիտի գային: Մի ուրիշ տան ոչինչ չկար, սրբել, տարել էին, բացի երեխայի պատառոտված տրեխները, որ շպրտել էին տան մեջտեղը:

Կես ժամ չանցած սկսվեց թալանը: Ինչքան բացվում էր օրը, այնքան Զեյթայի փողոցներում ավելի շատ էին երևում մարդ ու կին, ձի, ձիավոր: Հարյուրավոր բազմության մեջ, եթե գոնե մի երեխա լիներ, կարելի էր կարծել, որ քոչողը հենց նրանք են, որոնք փողոցում, տան բակերում կիտում էին այն ամենը, ինչ մոռացել էին, կամ շտապելուց թողել տան տերերը՝ պղինձ, կարասի, արոր, ուրագ, մորթի, պանիր, մաշված կարպետ, ալյուր, ցորեն: Ավարառուները բաժանվել էին փոքրաթիվ խմբերի. խմբի մի անդամը հսկում էր, մյուսները հավաքում և դարսում էին ինչ ձեռք էր ընկնում:

Արդեն սրբել էին տնամեջը: Վերջին եկողները վերցնում էին այն, ինչ առաջինները չէին վերցրել՝ անարժեք լինելու պատճառով: Սկսվել էր գետնի փորփրելը: Գործի էին լինգերը, շամփուրները, սրածայր փայտերը: Ծակծկում, խփում էին գետնին, պատերին: Գետնի դրմբոցից գտնում էին թաքցրած իրերի տեղը, հորի բերանները և ագահությամբ փորում գետինը, ոմանք մատներով, ինչպես մարդագայլը գերեզմանը:

Շրջում էին հորի բերանի քարերը և դուրս հանում փախածների պահուստը:

Երիտասարդ արևը ամպերի հետևից երեսը հանել և կամաց լողում էր սառը ոլորտում: Նրա շողերը խաղում էին սվինների հետ. շողշողում էին շամփուրները, պղինձները, սամավարները, սակայն այդ օրը բազմությունից ոչ մեկը գլուխը վեր չհանեց և արևին չնայեց: Կարծես ամաչում էին և վախենում, որ արևը կծակծկեր նրանց աչքերը և աչքերի ագահությունը:

Անցել էին վերջին արարին: Հանում էին դռները, երկաթե փենջարաները, տան գերաններն ու սյուները: Փոշի էր բարձրանում փլվող տներից, աղմուկով նստում էին կտուրները, պատերը ճեղք էին տալիս, ինչպես երկրաշարժի ժամանակ: Ահա մի տեղից պատից քար ընկավ, ջարդեց մեկի գլուխը, որ գարու ծանր պարկը շալակին անցնում էր պատի տակով, հետևից նրա կինը՝ բեռնավորված չուլ ու փալասով:

Կինը ճչաց, սակայն ոչ ոք չվազեց նրա ճիչին: Արյունը խառնվեց հողին: Կինը հետ քաշեց մարդու դիակը, ուղղեց գարու պարկը: Մի քիչ գարի է թափվել: Ե՛վ լալիս է, սգում մարդու համար, և՛ գարին բռով լցնում պարկը: Նա մղկտում է աղիողորմ, անիծում իր դառը վիճակը, աղքատությունը, տանը թողած երեխաների անունները մեկ-մեկ հիշում, սակայն աչքը գարու պարկին է, որ ծածկել է փալասներով, որպեսզի ոչ ոք չտեսնի: Կինը արցունքն աչքերին նայում էր փողոցով արագ անցնող բեռնված ու դատարկ մարդկանց. խնդրում, աղաչում է, բայց մարդիկ զբաղված են: Մեկը միայն մոտեցավ և շտապ խոստացավ իր ձին բերելու, դիակը գյուղ տանելու:

Մի տեղ մոռացել էին շունը: Հավատարիմ պահապանը հաչել էր առաջին ոտնաձայնից: Շղթան արդեն սեղմում էր կոկորդը, բայց կենդանին դեռ խզացնում էր և ջղաձգությամբ առաջ նետում իրեն, բերանը բաց ու խուփ անում նրանց վրա, որոնք շան հաչոցին ոչ մի ուշադրություն չդարձնելով, երկաթյա լինգերով սեղմում էին գերանը՝ դուռը պոկելու համար:

Զեյթայի հրապարակում «ատրյադի» ձիերն ախորժակով խժռում էին թալանած խոտը: Ինքը՝ Քյուրդ Մուրոն, մուշտակի մեջ փաթաթված մեկնվել էր խալու վրա և ննջում էր՝ գլուխը խուրձին: Զինվորներից մի քանիսը հսկում էին ձիերը, մյուսները խառնվել էին շամփուրավորներին և հաղթողի իրավունքով պահանջում ու խլում էին ավարի թանկագինը: Գյուղի շրջակայքն ուղարկած հետախույզները տեղեկություն էին բերել, որ թշնամու հետքը չի երևում: Նրանք ձյունի վրա տեսել էին նախիրի ոտնատեղ, բայց որովհետև ոտնատեղերի շատը ձյունով ծածկված էր, նրանք հավաստիացնում էին, որ Զեյթան գաղթել է երեք օր առաջ:

2

Քյուրդ Մուրոն նոր էր աչքը փակել, երբ Անդրսակից եկած ձիավորը նրան զարթնեցրեց և հայտնեց, որ պարուչիկ Կրասիլնիկովը շուտով պիտի գա, և որ նա կարգադրել է գյուղի չորս կողմը պոստեր դնելու, որպեսզի առանց «մեր գիտության» ոչինչ դուրս չտարվի:

Հարիֆ, պոստը մարդ կա , — բղավեց խմբապետը:

Սերոբը հոն է, — պատասխանեց մի ձայն:

Է լա՛վ, — և մուշտակը նորից քաշեց գլուխը:

Իսկ նոր եկած ձիավորը իր քրտնած ձիու սանձը մեկնեց պահակին ու շտապեց դեպի տները:

Օրը կեսօր չէր եղել, իսկ Զեյթան մրջնոցի նման սևացել էր մարդկանց ու կանանց բազմությունից: Ամեն կողմից թափվել էին: Կարմրաքարից եկել էին Չոլախ Պուղանը, Մուքելի տղան՝ Սիմոնը... Պուղանը Ավան ամու հանձնարարությամբ եկել էր տեսնելու, թե ի՞նչ է կատարվում:

Նա աչքին չէր հավատում: Երեկ առավոտ նա այս գյուղումն էր: Այս պատին մի «կաճե» թրիք էր ծեփում: Ահա դեռ մատների հետքը մնում է: Այս ցախի մոտ ինքը խոսեց Թեմուրի հետ: Ահա տաշեղների կտորները. Թեմուրը տաշում էր արորի սեպը: Օրերը տաքանում են, վաղը, մյուս օրը պիտի վարը սկսվի:

Եվ նա զարմացած դռնեդուռ էր ընկնում, խառնվում բազմությանը և դժվարանում էր ճանաչել ծանոթ տները: Նա մեկին հանդիմանեց, բայց մի ուրիշը հրեց նրան և մինչև ոտքի կկանգներ, երկու զինվոր հռհռալով անցան նրա կողքով:

Թախ թոփալն էլ թալնի եկած է...

Չոլախը բղավեց, որ ինքը թալանի չի եկել, բայց փլվող տան աղմուկը խլացրեց նրա ձայնը: Նա կաղեկաղ իջավ դեպի Թեմուրի այգին: Նոր տունկերի բողբոջները սևացել, ուռել էին: Մի տեղ բացվել էին առաջին մուգ-կանաչ տերևները: Պատից քար էր ընկել. երևի անցել էին պատի վրայով: Չոլախը պատի քարերը բարձրացրեց, դրեց տեղը:

Ու հոգնած նստեց պատի տակ: Արևը ջերմացնում էր քարերը: Բանջարի ծիլերը աղվամազի նման սպիտակին էին տալիս: Կարմիր բողոճները խռնվել էին քարերի տակ: Նրանք զուգավորվում էին. ծանրած էգերը տաք ավազի մեջ թաղվում էին և շարում սպիտակ ձվերը: Քարի արանքից մի խլեզ գլուխը հանեց, շարժեց լեզուն և համոզվելով, որ վտանգ չկա, պառկեց քարե անկողնու վրա:

Զեյթայի իրարանցման աղմուկը հասնում էր նրան: Պարուչիկ Կրասիլնիկովը մի քանի սպաների հետ եկել էր: Նրանց միացել էին Անդրսակի Կոլյան, կամիսար Տիգրանը և մի քանիսները, որոնք սեփական ձիեր ունեին, ձիեր, որոնք միշտ կերել էին ուրիշի քրտինքի գարին, ինչպես տերերն՝ ուրիշի վաստակը: Պորտաբույծ այդ մարդիկ թղթի վրա հիշատակվում էին զանազան պաշտոններում, սակայն մեծ մասը թրև էր գալիս սպաների հետ և կազմում էր, ինչպես Կոլյան էր անվանել, «ոսկե կամպանիա», որի թագուհին Իվան բեյի աղջիկն էր:

Այդ «ոսկե կամպանիային» մի քանի հոգի միացել էին «ինտերեսի» համար: Նրանք կռիվ չէին տեսել, եկել էին տեսնելու «ահեղ պատերազմ»: Սակայն գյուղ մտնելու առաջին ժամից հիասթափվեցին և չտեսան թշնամուց գերված բանակներ, թնդանոթներ, դիակի կույտեր: Սպանվել էր միայն մեկը և այն էլ ավարի ժամանակ: Սպանել էր ոչ թե թշնամու գնդակը, այլ պատից ընկած քարը: Մի քանիսն էլ նույն եղանակով ջարդել էին թևերը: Մեկի ոտքն էր վնասվել. հորի բերանի սալ քարը ճեղքել էր թաթը: Իսկ թշնամին չէր թողել ոչ մի դիակ, ոչ մի վիրավոր: Եթե ունեցել էին սպանվածներ, կամ տարել էին դիակը, կամ հողին հանձնել:

Եկել էր պարուչիկը, և բերնեբերան տարածվել էր նրա հրամանը՝ ոչ ոքի առանց խուզարկության գյուղից բաց չթողնելու: Գյուղի զանազան ճանապարհներին արդեն հսկում էին ձիավորները: Գյուղացիներից նրանք, որոնք ճողոպրել էին մինչ այդ, մնացորդների նախանձի առարկան էին:

Նրանք իրար ականջի փսփսում էին այն կածանները, որոնցով կարելի էր ավարն անցկացնել ձիավորների օղակից: Սակայն ժամ առ ժամ շղթան պինդ էր սեղմվում: Մի քանիսը հետ էին վերադարձել: Պտտվում էին լուրեր, որ պարուչիկը ձիավորներ է ուղարկել Զրիկ և մյուս գյուղերը՝ տները խուզարկելու:

Իսկ հրապարակում մի սպա և «ոսկե կամպանիա» Կոլյան ցուցակագրում էին գորգերը, նախիրը, ցորենը, գարին, որ ամբոխը հանել էր գոմերից, հորերից, տներից: Այդ ամենը պետք է գնար «բանակի պետքերին», ինչպես հայտարարել էր պարուչիկը: Մուրոյի ձիավորներից մի քանիսն առաջ էին անում հավաքված տավարը դեպի Անդրսակ:

Գյուղի հրապարակը նմանվում էր արևելյան խառնիխուռն շուկայի: Մի տեղ պղինձն էր դարսված, մեծ ու փոքր կաթսաները, կժերը, դորակները, մյուս տեղը՝ զանազան ձևի հին ու նոր սամավարներ, երրորդ տեղը` մթերքը: Կարպետների և գորգերի փոշին երկինք էր բարձրանում և խառնվում փլված տների փոշուն, ձիավորների խարույկների ծխին ու կրակին, որի շուրջը մորթած անասունների արնոտ կաշի էր, փորոտիք, բաց ու սառած աչքերով եզան գլուխներ, որոնց երակներից դեռ կաթկթում էր արյունը:

Զինվորները մտրակի կոթով, գոռալով, հայհոյելով ավերակ դարձած տների թաքստոցներից և փողոցներից դեպի հրապարակ էին քշում մարդկանց ու կանանց: Ոմանք շտապում էին թաքցնելու այն, ինչ քիչ առաջ ահագին դժվարությամբ հանել էին թաքստոցից, ոմանք թողնում էին շալակը և մտածում գլուխն ազատելու:

Կանայք կախվում էին ձիերի վզից, մտրակներից, ասպանդակների երկաթից, և նրանցից յուրաքանչյուրը աղիողորմ ձայնով, լալով աղաչում էր «մի կոտ գարի», «մի բուռ աղ», «էս պարկ ալյուրը տանը մնացած եթիմների համար...»: Իսկ ձիավորները քշում էին մտրակով, ձիու գլխով, քշում էին ինչպես տեղին անվարժ նախիրը: Ոմանց հաջողվում էր ճողոպրել և՛ ծոր-ծոր քարերով, և՛ քարափներով. երես ու ձեռքերը արյունլվա մայրը, ազատվելով թակարդից, վիրավոր գազանի նման շտապում էր որջը, քաղցից բերանը բաց արած ձագուկների մոտ:

Փողոցների աղմուկը հրապարակում ավելի էր սաստկանում: Մեկը գոռում էր, որ պարանը տնից է բերել, մյուսը հարևանին վկայության էր կանչում, թե գարու տերը՝ Իմրանը իրեն տալացուկ է երկու սոմար, և նա միայն մի սոմար է վերցրել, երրորդը խնդրում էր ամեն ինչ առնել, միայն կռոճ աղը թողնել նոր ծնած կովի համար:

Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ո՛չ նրանց բողոքին, ո՛չ աղերսին: Ամբոխի մեջ արդեն լսվում էին ինքնանախատինքի և անեծքի կանչեր.

Հարևանի մալը հարամ է, ա՛յ խալխը

Սրա տերը հրեն սարումը սառչում է... — Եվ կանչողը ձեռքը մեկնում էր կարպետին, որի մի ծայրից քաշում էր զինվորը, մյուսից` նոր տերը:

Ճշմարիտ էր կանչում մարդը:

Այդ րոպեին, երբ գյուղի հրապարակում խլխլում էին տներից հավաքած գույքը, տերերի առաջապահ մասը մեծ տանջանքով, բուք ու բորանը ճեղքելով արդեն անցել էր լեռնաշղթան, նրա ձյունոտ լանջերին թողնելով բուքից խռնված և մոլորված անասուններին: Ինչ գնդակը չէր արել, կատարում էր դառնաշունչ բորանը: Երբ հալչեր ձյունը, լեռնաշղթայի կատարին բացվեր կանաչը, պիտի երևային ձյունում խեղդված և գայլերից հոշոտված անասունների մարմարի նման սառն ու մաքուր ոսկորները:

Չոլախն աղմուկի վրա գնաց դեպի հրապարակը:

Օխա՛յ, ձեզ տեղն է, — ասաց նա: Երբ ձիավորը բռունցքով խփեց Մուքելի տղային, Պուղանը ուրախացած վեր-վեր թռավ:

Հրեդ հա՛, մե՛կ էլ, մե՛կ էլ… — Չոլախը բազմության մեջ տեսավ Շինականին:

Դու է՞լ, — ու հանդիմանքով նայեց նրան:

Պուղան, էս մեր Ֆահրատի եթիմների պղինձեղենն է... Հավաքել եմ, շան փայ չլինի: Հիմի ճանապերքը պաստավոյ են դրել:

Պուղանը նրան գլխով արեց: Շինականը կապոցը շալակից իջեցրեց: Տների հետևով նրանք հասան Թեմուրի պարտեզը:

Դի՛ր տափին... — Ու թռավ ցանկապատից, ցախերը հանեց, ծածկեց բեռը:

Պուղան, ախր մեշոկը ի՛մն էր, — տրտնջաց Շինականը:

Հետով, — խեղդված ասաց Չոլախը, — թող հանդարտվի հետով:

Շինականը չոր ցախերի մի կույտ ավելացրեց վրան, ապա քար շարեց, որ քամին չցրեր ցախերի կույտը: Ու բաժանվեցին. Շինականը դեպի գյուղը, Պուղանը՝ Կաղնուտի ձորը:

3

Մարցա ջուրը Զեյթայի տակովն է անցնում: Բարակ առուներ են, որոնք ջրում են գյուղի բոստաններն ու չիմանները, ապա աստիճանաբար միախառնվում, միանում Զեյթայի ձորով եկող ջրին և Կարմրաքարին չհասած՝ անունն ու գույնը փոխում, մտնում Կարմրաքարի հանդերը, իբրև Մարցա ջուր:

Չոլախը ջրի ափով իջնում էր ինքն իր մտքի հետ: Ինչպես ալիքն ալիքին հրում էր ու չէր հասնում, այնպես էլ նրա մտքերը վազում էին, մեկը չլրացած, մյուսն էր ծնվում: Այդ խեղճ մարդը մտածում էր լսածի և տեսածի մասին: Կարծես այդ օրը Զեյթայում մնացել էր մի ուրիշ Չոլախ և նրա փոխարեն վերադառնում էր ծանր խոհերով մարդը, որ ելք է փնտրում, հազար դուռ է բախում ու ելքը չի գտնում:

Նա հիշում էր գյուղի խաղաղ առօրյան, ապա պղտորվելը: Առաջ փլվեց մի պատնեշ, մի վարար ջուր մտավ պարզ ծովը: Պղտորվեց ջուրը, հետո ուրիշը. երրորդը: Չտեսնված մարդիկ երևացին: Ո՞ւր գնաց Թեմուրը: Նա ծանր էր լսում. երևի կրակոցները չի լսել: Եվ ավելի լավ. խաղա՛ղ, անվրդով կմեռնի: Իսկ ինչո՞ւ նա պիտի մեռնի տաք հարթավայրում և ոչ թե հայրենի տանը:

Նրա ուշադրությունը գրավեցին վերևից լսվող մի քանի ձայներ: Վերևի ճանապարհն էր: Երևում էին ձիերի և ձիավորների գլուխները: Մի սպա կռացել էր ձիու դիմացը կանգնած կնոջ կողմը: Կինը մի պարկ էր շալակել: Չոլախը պատի տակով բարձրացավ դեպի վեր: Ճանապարհից քարեր էին թափվել, տեղը զառիվայր մարգագետին էր, որի վրա բուսել էին մասրենու թփեր: Տերը կիտել էր քարերը, այդ անմշակ սարալանջը դարձրել խոտատեղ:

Էս Ֆահրատի եթիմների ղորուղն է, — հիշեց նա:

Վերևից ձայներն ավելի պարզ լսվեցին: Չոլախը տապ արեց պատի տակ: Նրա ականջին էր հասնում խոսակցությունը: Ձիավորը բղավեց.

Քավթա՛ռ, քեզնից ի՞նչ է գնում...

Չոլախը գլուխն զգուշությամբ վեր հանեց: Շալակով կինը ուսի պարկը մեկնեց պառավին: Պառավը երեսին խփելով գնաց: Սպան իջավ ձիուց... Ձին գլուխը կախեց ճանապարհի վրա: Մարդը քաշեց կնոջ թևից և կինը ներքև իջավ: Ապա նրանք ծածկվեցին մասրենու թփի հետևը:

Չոլախն աչքերին չհավատաց: Ինչ տեսել էր այդ օրը, չքացավ այս տեսարանի առաջ: Նա զայրույթից գունատվել, դողում էր:

Պառավի հարսն էր... Մի պարկ ալյուրի համար...

Այդ ամենախոր վիհն էր, որ ճեղքվեց նրա առաջ... Ավելի հեռուն էլ ոչինչ չկար նրա գիտակցության համար: Սարսափելին էլ ուրիշ բարձունք չուներ: Չոլախը գլուխը կախել էր գետին: Նրա երեսը տաքացել էր, ուզում էր գլուխը վեր հանի, բայց չէր կարողանում: Ամո՞թն էր, վախը, թե՞ մի ուրիշ զգացում, որ նրան մեխել էր այդ դրությամբ: Նրա աչքն ընկավ քարերին: Այստեղ էլ տաքանում էին նույն կարմիր բողոճները: Ամեն տեղ նույնն է, նույն գարունը, ջրերը... Ու հողի վրա մարդուն դժվար է ապրելը:

Հայ է՞... — հարցրեց Չոլախը և գլուխը վեր հանեց: Սպան բարձրանում էր դեպի ճանապարհը, իսկ կինը գնում էր ճանապարհի տակով: Գնում էր և օրորվում, կարծես հիմա պիտի ընկներ:

Հայ է՞, — նորից կրկնեց իր հարցը և աչքերը փակեց, — էս բողոճը հա՛յ է, էս ջրերը հա՛յ են, Թեմուրը հա՛յ է, ես հայ եմ, — նա հայ չի՛, չի՛, ասում եմ: — Կարծես խոսում էր մի աներևույթ մարդու հետ: Եվ քար շպրտեց դեպի ներքև:

Պատի գլխին մի այլ ձիավոր խոսեցնում էր մի ուրիշ կնոջ: Չոլախը վեր նայեց. կինը շրջվել էր դեպի ջուրը և աչքերը լայն բաց արած, նայում էր անտառին: Չոլախը ճանաչեց Վարսենիկին:

Էս լիրբն է՞լ է էստեղ, — զարմացավ նա և աչքը չկարողացավ պոկել նրանից:

Ի՞նչ էր մտածում Վարսենիկը: Փոքրիկ բեղերով մի սպա նրա չորս կողմը շուռ էր գալիս, բարձրանում ոտների վրա, որ նրա ականջին խոսք ասի: Իսկ Վարսենիկը արձանի նման կանգնել էր: Ոտների առաջ, քարի վրա մորթե պարկն էր:

Համոզում է, — մտածեց Չոլախը:

Հանկարծ շառաչեց ապտակը, փոքրիկ բեղերով մարդու գլխարկը թռավ մի կողմ: Մի ձիավոր շտապեց: Կինն իրեն գցեց դեպի չիմանը. ձիավորը կրակեց երկու անգամ: Չոլախը տեսավ Վարսենիկին թփերի հետևը ու աչքից չքացավ: Ձիավորը ձին քշեց, բայց ձին վախեցավ լանջից, ետ քաշվեց ու ծառս եղավ հետևի ոտների վրա: Փոքրիկ բեղերով մարդը գլխաբաց վազեց նրա հետևից: Ներքևից լսվեց ատրճանակի կրակոց: Քիչ հետո, մարդը հայհոյելով, իբրև հարբած բարձրացավ դեպի ճանապարհը: Թփի վրա ծվեն-ծվեն դրոշակի պես օրորվում էր Վարսենիկի շալը: Մարդը մոտեցավ, նայեց ու մի անգամ էլ կրակեց: Գնդակը տրաքեց քարին ու քարից կտորտանք թռավ: Վերից մեկը ծիծաղեց, իսկ մարդը ռուսերեն խոսք ասաց: Երևի հայհոյում էր:

Չոլախը սողալով իջավ ձորը, թռավ բարակ ջուրը: Երբ մտավ անտառը, մի քիչ հանգստացավ: Ապա գնաց ջրի ափով... Ոչ մի տեղ ոչ մի հետք: Փախել է կամ պահվել է անտառում:

Следующая страница