Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

«Փողոցներում նրանք երբեմն երևում են անվայել և տարօրինակ զգեստներով, մազերը խճճված, գլուխներին ոչ թե գլխարկ ըստ սահմանված տարազի, այլ այնպիսի այլաձև և գույնզգույն գլխանոցներ, որ վայել է միայն թափառական գնչուներին, և ոչ թե արքայական համալսարանի ուսանողներին: Նրանք քայլում են սեղմ շարքերով, առանց կոճկելու մունդիրը, ոմանք նույնիսկ առանց ժիլետի և փողկապի. մայթերից հրում են նրանց, որոնց չեն սիրում և պատահում է, որ ծեծի են ենթարկում մի հանդուգնի, մանավանդ ռուս աստիճանավորի, որ ինքնասիրությունից և պաշտոնի պատվազգացությունից դրդված չի կամեցել ենթարկվել հարբած ուսանողների քմահաճույքին: Այսպիսով նրանք խանգարում են ոչ միայն կարգը մեր հսկողության հանձնված քաղաքում, այլ և անպատվում են կայսերական համալսարանի բարձրագույն անունը: Թեև նրանց արգելված է գիշերները վառած լապտերներով երևալ փողոցներում և կամ մի տնից մյուսը գնալ, բայց նրանք մինչև անգամ լապտերներից վառում են սիգարները, ինչպես և ծխամորճերը և օրենքի դեմ անպատկառ խոսքեր ասելով շարունակում են անպատիժ զբոսնել: Իսկ թե նրանք ինչեր են անում հասարակաց զվարճության վայրերում, դրա մի աննշան վկայությունը կարող է լինել հետևյալը, որին և մենք ականատես եղանք:

«Ազնվականների «Աֆրոդիտա» ժողովարանում, որտեղ ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, նաև ժանդարմական գնդապետ Դոնցովը, — երբ սկսվեց դիմակահանդեսը և վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը առանձնացավ հարևան սենյակը վիստ խաղալու, թողնելով, որ մյուսները զվարճանան, — ներս է մտնում անհայտ ոմն, փաթաթված սև դոմինոյի մեջ: Այն ժամանակ, երբ դահլիճում յուրաքանչյուր ոք շրջում էր իր դիմակով և յուր ընտրած տարազով, սև դոմինոյի մեջ փաթաթված անհայտ ոմն մոտենում է մի խումբ կանանց, որոնց մեջ լինում են ռատսհեր Ռոզենցվեյգի կինը` ջայլամի նման հագնված, լանդգերիհտի ավագ դատավորի երկու աղջիկները՝ կապուցին վանականների զգեստով, կուրատոր ֆոն Յանաուի կինը և դուստրը՝ առաջինն իբրև բևեռային արջ, իսկ երկրորդը սուլթանի հարճի զգեստով, — անհայտ ոմն հանկարծ դեն է շպրտում սև դոմինոն և հարգելի տիկիններին, նաև նրանց դեռատի աղջիկներին ցույց է տալիս Ադամի զգեստը: Կանանց աղմուկի վրա մենք դուրս թափվեցինք սենյակներից, բայց անհայտ ոմն արդեն չքացել էր, կուրատորի աղջկան, որ սուլթանի հարճի զգեստով էր, թողնելով ուշագնա վիճակում, որպիսին, — ինչպես հավաստիացրեց նրա մայրը, նաև օգնության հասած զինվորական բժիշկ Վերետեննիկովը, — առաջացել էր սարսափից և ամոթխածության հարվածից: Արդեն ուշ էր, որպեսզի կալանավորեին չարագործին, որի ով լինելը մինչև օրս չի պարզված և միայն կուրատորի վերոհիշյալ դուստրը պատմել է, որ անհայտ ոմն է համալսարանի ուսանող Ֆրիդրիխ անունով, բայց ինչպես է ազգանունը` չի հիշում: Մեր մտադրությունը՝ հարցաքննել համալսարանի 23 Ֆրիդրիխ անունով ուսանողներին, նաև 24-րդին, որի անունը Ֆրիդրիխ չէր, այլ Ֆրեդերիքս, — չի բաժանում ժանդարմական գնդապետ Դոնցովը, որը, հակառակ բոլոր իրական ապացույցների, այդ պատմությունը համարում է հետևանք կանանց ջղերի արտակարգ գրգռվածության և զգայականության, իսկ անհայտ ոմնին՝ աննյութեղեն տեսիլք, որը երևացել է կուրատորի դստեր աչքին:

«Լինելով անհանգիստ բարքի տեր և ունենալով ազատ ժամանակ, — նրանք դյուրաբորբոք են պարապությունից: Բավական է մեկը մյուսին անվանի «dummer Junge» և ահա պատրաստ են էսպադոնով մենամարտելու: Իսկ եթե անվանեց «Hundsfott», այն ժամանակ էսպադոնին փոխարինում է պիստոլետը, որ շատերն ունեն և մինչև անգամ կան այնպիսիները, որոնց բնակարանը բոլոր տեսակ զենքերի արսենալ է: Շատերի դեմքը պատած է սպիներով, նաև ծեփոնով, որ հետևանք է սուսերի կամ հրազենի հարվածի: Դժբախտաբար տնատերերը, վախենալով ուսանողների բանադրանքից, չեն հայտնում թե զենքերի և թե տեղի ունեցող մենամարտերի մասին:

«Վերոգրյալն առաջանում է նախ այն պատճառով, որ պարոն պրոֆեսորները փոխանակ նրանց առաջնորդելու գիտության ճշմարիտ ճանապարհով, ոչ միայն թերանում են իրենց պարտականությունների մեջ և չեն ներշնչում բարոյական դաստիարակության ոգի, այլ և նույնիսկ ոմանք հրահրում են իրենց սաների բնավորության հոռի կողմերը, և իրենք են հանդիսանում վատ օրինակ, ինչպես հանգուցյալ ռեկտոր Էվերսը, որը չնայած զառամյալ հասակին, սուսերամարտի դահլիճում մասնակցում էր վարժություններին, երիտասարդներին անընդհատ խրախուսելով սուսերը պատյան չդնել, մինչև այն չներկվի ախոյանի արյունով:

«Երկրորդ պատճառը մեր հրամանատարության ներքո եղող ոստիկանական մասի խիստ սակավաթիվ լինելն է և վատ սպառազինումը, որի մասին անցյալ տարվա հուլիս 7-ի2206 ռապորտով պատիվ ենք ունեցել զեկուցելու ձեզ: Ձիերը չեն ստանում հարկավոր ապուր, նրանց արտաքին տեսքն այնքան խղճալի է, որ երբ ձիավարժության ենք գնում մանեժի դաշտը, մեզ վրա ծիծաղում են ոչ միայն ուսանողները, այլ և մնացած ամբոխը: Նույնը կարելի է ասել ձիասարքի, նաև ձիավորների մասին, որոնց մեծ մասին վաղուց պետք էր քշել տները, որպեսզի նրանք հնդկացորենի դաշտում վախեցնեին ագռավներին և արևի տակ տաքացնեին իրենց կողերը:

«Ահա սրանք են երկու գլխավոր պատճառները, որ ես համարձակվում եմ ներկայացնելու Ձեզ ի բարեհաճ տնօրինություն»:

Մարկիզ Լուչինին ծածկաբար պատասխանել է. «Ձեր ռապորտը կարդացի հաճույքով: Երևում է, որ Դորպատի ուսանողները հասարակ չարաճճիներ են, և նրանց մեջ չկան քաղաքական ցնորամիտներ, որոնք զբաղվեին Ժամանակակից քաղաքականությամբ և լրագիր կարդային, ինչպես գերմանական համալսարաններում: Ինչ վերաբերում է նրանց հանցագործություններին, ապա դրանց մեծ մասն առաջանում է անփորձ և տաքարյուն երիտասարդությունից, որի հանդեպ միշտ պետք է ներողամիտ լինել»:

2

Ուսանողներն ապրում էին առանձին թաղերում: Նրանք շատ հաճախ տներն զբաղեցնում էին ամբողջ կորպորացիաներով. այսպես Ռիդաշե փողոցում ապրում էին լեհերը, Պետերբուրգերշտրասսեի վրա` գերմանացիները, Էմբախի գետեզրյա տնակներում՝ էստերը: Ավարտողներին փոխարինում էին նորեկները, որոնց հանդիսավոր ծեսով էին ընդունում կորպորացիայի մեջ: Նորեկը` մինչև ձմեռային սեմեստրի վերջը «ֆուքս» էր, այսինքն ավագ ընկերների փոքրավորը. նրան էին ուղարկում գարեջրի, նրա վրա էին կրկնում այն կատակները, որոնց ժամանակին ենթարկվել էին նաև մեծերը: Գարնանային սեմեստրներին «ֆուքսը» դառնում էր «բրենդեր» և արդեն կարող էր ավագների հետ սեղան նստել, նա արդեն երգում էր տրադիցիոն երգերը, ուներ սուսեր և եթե ժրաջան էր, գուցե նույնիսկ մենամարտել էր «մինչև առաջին արյունը»: Այդպես մինչև «տարեդարձի կոմերշը», այն խնջույքը, որ լինում էր ապրիլի 21-ին: «Տարեդարձի կոմերշից» հետո բրենդերն իսկական ուսանող էր: Իսկ թե քանի տարի պիտի ուսաներ` հայտնի չէր ոչ իրեն, ոչ ռեկտորին և ոչ այլ ոքի...

Կային ուսանողներ, որոնք գալիս էին իբրև երիտասարդ և տուն էին վերադառնում երեխաներով, կնոջով, զոքանչով և այնքան սնդուկներով, որ հազիվ էին տեղավորվում երեք դորմեզի վրա. կային, որոնք այլևս չէին վերադառնում, այլ մնում էին Դորպատում իբրև «մամռապատ գլուխներ» («bemooste Häupter»), իբրև մշտնջենավոր ուսանող, և նրանք ծերանում էին այն թաղերում, որտեղ հոսել էր նրանց ոսկյա երիտասարդությունը: Սակայն և՛ նրանք, որոնք վերադառնում էին ընտանիքով, և՛ նրանք, որոնք երբեք չէին վերադառնում, նաև նրա՛նք, որոնք Դորպատից հեռանում էին ոչ դեպի հայրենիք, այլ ով գիտե ուր, նրանք բոլորր Դորպատում, կազմելով ազատ եղբայրություն, ապրում էին ինչպես կազակներն անծայրածիր ստեպներում:

Պատիվ, հայրենիք և ազատություն, — այս էր նրանց նշանաբանը: Կային ուսանողներ, որոնց համար գերագույնը միայն պատիվն էր, հայրենիքը՝ ծննդավայրը, ուր տոհմական դղյակում ապրում էր իշխանուհի մայրը և հայրը, որը շների ահագին բազմությամբ գնում էր որսի, ուներ անտառներ, հողեր, ջրաղացներ և ճորտ գյուղացիներ, որոնք մշակում էին նրա կալվածքը և ահա նրանց քրտինքի վաստակից հայրը տարին մի անգամ, մեծ մասամբ աշնանը, հնամենի դորմեզը բեռնում էր զանազան բարիքներով, կառապանի կողքին նստեցնելով ծերունի սպասավորին, որի ձեռքի տակ էր մեծացել տիրոջ որդին Դորպատի ուսանողը, որին ծերունի սպասավորը համարում էր դեռևս անփորձ մանուկ, — ահա այդ սպասավորին էր պատվիրում խստաբարո կալվածատերը. «կասես քո երիտասարդ պարոնին, որ մինչև հաջորդ բերքը մեզանից ոչինչ չսպասի. ձմեռնամուտին կուղարկենք նաև վառելիքի փողը: Եվ թող ողջությամբ ապրի մինչև մյուս աշուն»: Եվ հին դղյակի դռներից ձիերը դղրդոցով հանում էին ահագին դորմեզը՝ բարձած ալյուրի պարկերով, ապուխտած մսով, աղած և չորացրած սունկերի բղուղներով, եփած և դեռ կենդանի սագերով, որոնք վանդակների մեջ թափահարում էին թևերը, կռնչալով վերջին հրաժեշտը հայրենի ջրերին: Հին դղյակի պատշգամբից պառավ իշխանուհին դեռ երկար էր նայում դորմեզին, որ երբեմն հայտնվում էր անտառի եզրին: Երբեմն կորչում էր, ինչպես միայնակ ուղևորը դեռ չհնձած արտերի արանքում, — և լաց էր լինում պառավ մայրը, որ ամուսնուց ծածուկ հավատարիմ սպասավորին հանձնել էր նաև մի փոքրիկ քսակ ոսկի և մի տաք շալ, որ գործել էին նրա պառավ նաժիշտները ձմեռվա ցուրտ գիշերներին` բուխարու առաջ իշխանուհուն պատմելով միամիտ պատմություններ նրա հարսնության տարիներից: Դեռ լաց է լինում պառավ մայրը, այնինչ դորմեզը վաղուց չի երևում և հոգնությունից ննջում է ծերունի սպասավորը մտքի մեջ ամուր պահելով իշխանուհու ծածուկ հրահանգը` իմանալ, թե այն հեռու քաղաքում «տղան» արդյոք չի՞ գտել հարսնացու և չի՞ սպասում ծնողների օրհնության: Բայց «տղան», որ երեսունի մոտ տղամարդ է և արդեն համարվում է կանդիդատ «հավերժական ստուդենտի», չի սպասում ծնողների օրհնության, այլ անհամբեր է դորմեզին և հին սպասավորին, որպեսզի օձիքն ազատի նպարավաճառներից, որոնք երկյուղելով, բայց այնուամենայնիվ «պարոն ուսանողին» հիշեցնում են նրա պարտքը. ուր որ է պիտի հայտնվի սպասավորը և երկու շաբաթ «տղան» պիտի լսի այն դողդոջ ձայնը, որ նրան հիշեցնում է հայրենիքը և մանկությունը: Այդ ձայնը նրան պիտի պատմի այն ամենը, ինչ որ տանը պատահել է և որի մասին նրան չէին գրել, որովհետև իշխանը, ավելի ճիշտ սենեկապետը՝ իշխանի անունից տարին երեք նամակ էր ուղարկում, երեք շնորհավորումն` Քրիստոսի ծննդյան, որդու անվանակոչության և դարձյալ Քրիստոսի հարության տոնի:

Աստվածաբանության ապագա բակալավրը երկու շաբաթ լսում էր այն մասին, որ Տուբո շունը իսպառ կուրացել է, և այլևս որսի չեն տանում, որ անցյալ ձմեռ իշխանուհու տաղավարում գայլերը հոշոտել են Մենտորի քուռակը, և դրա համար էլ իշխանուհին այլևս չի գնում տաղավար, որ այժմ հայրը ապրում է այն փոքրիկ սենյակում, ուր մի ժամանակ ապրում էր m-lle Annette-ն, որ... Բայց մի՞թե հնարավոր է կրկնել այն բոլորը, ինչ պատմում էր ծերունի և շատախոս սպասավորը երբեմնի տղային, որին նա հանձնել էր հոր ուղարկած տարեկան ռոճիկը և մոր ծածուկ նվերը, և երիտասարդն արդեն վճարել էր իր բոլոր պարտքերը և նույնիսկ ֆրաու Ֆոգելզանգն էր ստացել իր բաժինը, պարոն աստվածաբանից հարցնելով նրա ծնողների առողջությունը, նաև թե չե՞ն ուղարկել լորենու մեղր, որ այնքան սիրում է ֆրաու Ֆոգելզանգը, — արդեն ամբողջ քաղաքում հայտնի էր դորմեզի գալուստը, և ծերունի սպասավորը հրեա կոշկակարի մոտ էր տարել «տղայի» մաշված կոշիկները և նրանից ծածուկ հարցրել էր իր պարոնի մասին, թե արդյոք նա չունի՞ մի հարսնացու, արդյոք դեպք չի՞ եղել, որ կոշկակարը նրա պարոնի պատվերով պատրաստի նաև կանացի կոշիկներ: Եվ ստացել էր նույն պատասխանը, ինչ որ անցյալ տարի. «Պարոն ուսանողը բարքով առաքինի է, խոհեմ և չի պատահել այդպիսի դեպք, այլ պատահել է, որ ինքը կարկատել է նրա այնպես մաշված կոշիկը, որ նույնիսկ ամոթ է ասել, թե ինչպես մաշված կոշիկ... Իսկ կանացի կոշիկ կամ այդ սեռի համար կոշիկ ինքը չի կարել և աստված մի արասցե, որ դեպք պատահի, որովհետև...»: Սպասավորն ու հրեա կոշկակարը հին ամուրիներ էին և իրար երեսի նայելով, հասկանում էին, թե ինչ ասել է «որովհետև»...

Արդեն «հավիտենական ստուդենտ»-ին ձանձրացնում էր ներկայությունն իր հին բարեկամի, որը ծերունու նվազած հիշողությամբ երկրորդ անգամ էր պատմել Տուբոյի կուրանալը և արդեն մաքրել էր «տղայի» կոշիկներն այնպիսի յուղով, որի գաղտնիքը միայն նրան էր հայտնի, և որի փայլը կմնար մինչև մյուս աշուն, — ծերունին արդեն մորթել էր սագերը և նրանց բմբուլով փափկացրել էր երիտասարդ պարոնի ներքնակը, անհայտ է, թե որտեղ լվացել էր նրա բոլոր շապիկները և կարել կոճակները (նույնիսկ «տղան» էր հետաքրքրվում, թե արդյոք հենց ինքը` ծերունին չի՞ լվացել և չի՞ կարել կոճակները գոմում, երբ քնած էր լինում հարբած կառապանը, ձիերը խժռում էին գարին, իսկ ինքը...), կոճակները, որոնցից մի քանիսը, ինչպես նկատում էր ծերունին, պոկվել էին վաղաժամ և անբնական եղանակով, իրենց հետ տանելով նաև զգեստի կտորից մի քանի թել:

Այդ բոլորն արդեն կատարվել էր, և ահա աշնան մի անձրևոտ օր ձիերը գլուխը դարձնում էին դեպի հայրենի գոմը, կայտառությամբ քաշելով թեթևացած դորմեզը, որի մեջ դատարկ վանդակներ էին, պարկեր, սնդուկներ և կողովներ, նաև «տղայի» մաշված շորերի կապոցը, որ ծերունի սպասավորը, իբրև թանկ նվեր, տանում էր պառավ իշխանուհուն: Դղրդում էր դորմեզը, իսկ ծերունին ննջում էր, փաթաթվելով խարխլված քուրքի մեջ և աշնան տխուր անձրևի հետ միտք էր անում, թե այլևս քանի վերադարձ մնաց, և ի՞նչ պիտի ասի իր տիրուհուն հարսնացուի մասին, որ պիտի գար ու չէր գալիս:

Նաև կային ուսանողներ, որոնց համար հայրենիքը միայն տոհմական դղյակը չէր և ոչ էլ ազատությունը` սանձարձակություն վատնելու այն բարիքները, որ անաշխատ կուտակում էին նրանց ծնողները և նույնքան հեշտ վատնում էին որդիները: Այդ ուսանողներից ոմանք ամենևին չունեին հայրենի կալված. նրանք աստիճանավորների զավակներ էին, որոնց ծնողները կամ դժվարությամբ բարձրացել էին չինովնիկության սանդուղքով և կամ կորցնելով երբեմնի կալվածքը, ապրում էին, վաճառելով վաղեմի հարստության փշրանքները. մի թուր, Դամասկոսի հազվագյուտ գործ, որ իբրև թե նրանց էր մնացել նշանավոր նախահորից, որը կռվել էր սարակինոսների դեմ, մի յուղաներկ նկար, որի վրայից նայում էր ադամանդե խույրով մի չքնաղ կին, կրակե գույնի գանգուրներով մի զարմանալի գեղեցկուհի, որի կիսաբաց կուրծքը դեռ այժմ էլ պղտորում է նայողի արյունը, և չի կարելի առանց նախանձի դիտել այն քորոցը, որի վրայի ոսկե արծիվը մագիլներով պահում է զգեստի եզրը և կնոջ ամոթխածությունը: Ժառանգները չնչին գնով վաճառում էին Դամասկոսի թուրը, նաև նկարը այն գեղեցիկ դշխուհու, որի արյունից քանի կաթիլ դեռ կար հետնորդների երակներում: Նրանք վաճառում էին հին մահճակալները, որոնց սնարի վրա նկարել էին երջանիկ Արկադիա, և Պանը սրինգ էր նվագում մի զույգի համար, որ ծաղկած նշենու տակ վայելում էր սիրո գարունը: Երևում էին փոքրիկ փոսեր, որոնք վկայում էին, որ այդ ընտանեկան երջանկության նկարը երբեմն եղել է սադափներով եզերված, բայց մի անարժան ձեռք սադափը հանել է և վաճառել ավելի կանուխ, քան կվաճառեին վերջին ժառանգները:

Սակայն ամենից խեղճ ապրում էին թոշակառու ուսանողները: Առաջինները գիտեին, որ այնուամենայնիվ պիտի ժառանգեն հայրական կալվածքը և այդ հույսով զբաղեցնում էին ոչ թե ձեղունահարկ, այլ ապրում էին հարուստ բնակարանում և նույնիսկ նրանցից ոմանք սպասավորներ ունեին: Երկրորդների համար հին հարստության մնացորդներն, այնուհանդերձ, ավելի լավ էին, քան ոչինչ չունենալը: Միայն թոշակառուներն էին, որ ծվարում էին ցուրտ ձեղունահարկում և իրենց գահի բարձրությունից արհամարհանքով էին նայում և՛ աշխարհին, և՛ նրա գանձերին: Բայց նրանք մյուսներից ավելի մոլեգին էին զվարճանում, որովհետև ըստ այն ժամանակի սովորության, երբ սեղան էին նստում բոլորը, բոլորն էլ դատարկում էին գրպանները. ով հանում էր թղթի ասիգնացիաների կույտը, ով կաշվի դրամ` «Կլուբեն-մարկտ», ով պղինձ գրոշներ և ով՝ դրամների այդ կույտի վրա միայն դարձնում էր իր ունայն գրպանը:

Այդ ուսանողները կատաղի սուսերամարտիկներ էին: Պոլիցեյմեյստեր Կրուչինսկու հաղորդած «բոլոր տեսակի հրազենների արսենալը» գտնվում էր կղմինդրյա այն կտուրների տակ, որի բնակիչը, երբ տխուր անձրևը թմբկահարում էր կտուրը, կարոտով էր նայում թրադաշույնին, ապա առնում էր հին գերմանական երկար սուսերը և ձանձրույթից մենամարտում էր սյունի հետ: Նրանք ջերմ պաշտպաններն էին տրադիցիաների և երբ հանկարծ լսեին ընկերոջ օգնության աղաղակը, թռչում էին կատաղած վագրերի նման և վա՛յ թշնամուն, եթե նա վաղօրոք չէր ազատի իրեն, ապավինելով արագավազ ոտքերին: Նրանք ունեին մի չոր գլուխ, որ ամեն րոպե կարող էին փորձանքի տալ: Գուցե թե մի հեռավոր նահանգի խուլ գյուղում նրանք մայր ունեին կամ հայր և կամ այլ ազգական, բայց ոչ նրանք գիտեին որդու մասին և ոչ որդին էր հիշում հեռավոր գյուղը: Նրանք ժառանգներն էին այն ըմբոստների, որոնք Վարտբուրգում խարույկի բոցերի մեջ վառեցին խավարամիտ գրքերը և սուսերները մերկացրին երդվելով պայքարել հանուն պատվի, ազատության և հայրենիքի: Նրանց ականջների տակ դեռ հնչում էր որոտն այն գնդակի, որով Մանհեյմում ուսանող Զանդը սպանեց Ավգուստ Կոցեբուին: Ու թեև նրանց օձիքների վրա ոսկեթելով գործված էր «Humanitas» բառը, բայց նրանք ավելի նման էին ծովահենների, և հազիվ թե առանց պատժի նրանց ձեռքից ազատվեր մեկը, որ կհանդգներ անարգել նրանց հայրենիքը, Մայր Ճեմարանը և ուսանողների կորպորացիան:

Ընկերները նրանց ավանում էին «սև եղբայրներ», որովհետև նրանք հագնում էին սև «կրագեն»՝ երկար թիկնոցներ, որ իջնում էր մինչև կրունկը: Նրանց կարելի էր տեսնել տարօրինակ զգեստներով և գույնզգույն գլխարկներով, որոնց ծոպերը կախվում էին ականջի վրա, մազերը մինչև ուսերը, — նրանք անցնում էին փողոցներով, հավաքվում էին հաուպտվախտի առաջ և, ծխելով հաստ ծխամորճերը, բարձրաձայն հռհռում էին, երբ նրանց կողքով անցնում էր մի հաստլիկ ռուս կին: Նրանք խառնվում էին հրապարակների բազմության, երբեմն տեղն ու տեղը դատաստան էին անում մի հրեա նպարավաճառի, որը կամ կշեռքի մեջ խաբել էր, կամ ապրանքը մի գրոշի թանկ էր ծախել: Հենց որ փողոցի անկյունում նրանք երևային, նպարավաճառներն իսկույն դադարեցնում էին աղմուկը, որպեսզի որևէ կերպ չգրավեն նրանց ուշադրությունը: Վերջապես նրանց խմբերը վերադառնում էին իրենց թաղերը` երգով և ծնծղաների նվագով և եթե խումբը նույնիսկ տասը հոգի էր, այնուամենայնիվ, նրանք փողոցը լցնում էին այնպիսի աղմուկով, որ կարծես անապատից շարժվել և ահավոր զորությամբ անցնում է վաչկատուն թափառականների մի ամբողջ բազմություն, և փողոցում լսվում է զենքերի շաչյուն, ձիերի դոփյուն, նախիրի բառաչ և ինչ-որ անծանոթ ռնգային հնչյուններ:

Փողոցի բնակիչները հետաքրքրությունից բարձրացնում էին պատուհանի վարագույրը կամ դուրս էին գալիս պատշգամբ և գաղտագողի նայում էին տարօրինակ արտաքինով այդ երիտասարդներին, որոնց կրունկների պղնձե խթանները այնքան ախորժալուր էին զրնգում, և զրնգոցն արձագանքում էր կանանց սրտերում: Պատուհաններից և պատշգամբից դիտողների մեջ կային, որոնք դժգոհում էին այդ աղմուկից, կային, որոնք միայն դիտում էին, բայց և կային, որոնք հիանում էին: Եվ երբ նրանք վաղուց արդեն անցել էին, պատահում էր, որ մի մանուկ աղջիկ դեռ չէր իջեցնում վարագույրը, երկար ժամանակ դեմքը չէր հեռացնում պատուհանից և տխուր աչքերով նայում էր փողոցին, որտեղով անցավ այդ զարմանալի թափորը...

3

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը, որի մասին հիշատակում է պոլիցեյմեյստեր Կրուչինսկին, գտնվում էր Ռևելշտրասսեի վրա: Պանդոկն զբաղեցնում էր ներքնահարկը մի խարխուլ տան, որի վերին հարկում ապրում էին նախկին ծովագնացներ, որոնք իրենց կյանքի արևմուտն անց էին կացնում ձկնորսությամբ և նավարկությամբ Էմբախ գետի վրա: Գետը հոսում էր պանդոկի կողքով և այն ժամանակ, երբ նավավարները կամ տանն էին, կամ պանդոկի ներքնահարկում, նրանց նավակներն օրորվում էին՝ կախված այդ հին տան պատերից:

Տունը թեև հին էր, և նշմարվում էին այն ճեղքերը, որտեղից արդեն սկսվել էր շենքի մահը, բայց գեղեցիկ էր, մանավանդ վերջալույսին, երբ Շլոսբերգի բլրակների վրայից արևը ոսկեզօծում էր գետը: Արևի տակ մուգ կարմիր փայլում էին մաշված աղյուսները, իսկ պատուհանների պղտոր ապակիների մեջ արևն այնպես էր ցոլանում, որ կարծես ներսը վառել էին պղնձյա կանթեղներ: Այդ ժամերին ֆրաու Ֆոգելզանգը սիրում էր ասել, որ տունը երբեմն եղել է Ստեֆան Բատորիի դղյակը, որի զինանոցը իբրև թե գտնվում էր ներքնահարկում, ուր տեղավորված էր նրա նշանավոր պանդոկը:

Հազիվ թե ճշմարիտ էր պանդոկի տիրուհին. դրսից դեռևս երևում էր մի անհայտ նկարչի գործ, որով զարդարված էր պանդոկի դռան ճակատը. մի թռչուն՝ նման անտառաբնակ բուի, քաշում էր զանգակի պարանը, մագիլների մեջ պահելով մի երիզ, որի վրա գրված էր էպիկուրյանների վաղեմի խոսքը՝ Dum vivimus, vivamus: Հազիվ թե ճշմարիտ էր ֆրաու Ֆոգելզանգը, հավանորեն տունը կառուցված էր իբրև օթևան այն վաղեմի առևտրականների, որոնք արևելքից ուղևորվում էին դեպի Ռևել:

Դորպատում այդ պանդոկից ավելի նշանավոր էր ինքը՝ ֆրաու Ֆոգելզանգը: Նույնիսկ դժվար է ասել, թե արդյո՞ք այդքան անվանի կլիներ պանդոկը, եթե նրա տիրուհին չլիներ ֆրաու Ֆոգելզանգը, որը ոչ միայն գարեջուր և մեղրագինի էր վաճառում Մայր Ճեմարանի սաներին, այլ հենց ինքն էր մի գթառատ մայր, մի մեծ մայր, որի գրկի մեջ սնվում և զվարճանում էր անհոգ երիտասարդությունը: Նա գիտեր բոլոր ուսանողներին՝ նրանց բնակարանը, քանի որ ֆրաու Ֆոգելզանգն էր նրանց համար բնակարան վարձում, և նրա միջնորդությունն էին հայցում տնատերերը, երբ կենվորն ուշացնում էր բնակարանի վարձը, և կամ այնպիսի խռովահույզ կյանք էր վարում, որ տնատերերը սկսում էին երկյուղել իրենց դեռահաս աղջիկների համար, որոնք հասունանում էին, ինչպես կաքավի ձագերն արծվի հարևանությամբ:

Ֆրաու Ֆոգելզանգը երկար տարիների ընթացքում լսելով ուսանողներին և նրանց խոսակցությունները, այնքան էր լավատեղյակ համալսարանի կյանքին, որ երբեմն, կտրտելով ապուխտած միսը կամ բաց անելով մեղրագինու նոր տակառ, խառնվում էր իր սաների վեճին. «Իսկ ես կասեմ, որ այս կուրատորը կարող է միայն թուղթ խաղալ... Ափսոս չէ՞ր ծերունի Դիտրիխը: Եվ քննություններն էին մեղմ, և ուսանողները ոչ մի էկզեգետիկա չէին սովորում, և չկային այսքան խստություններ, այլ միայն կար հոմելետիկա, աստվածաբանություն և զվարճություն: Ահա թե ինչ կար, երբ կուրատորը բարի Դիտրիխն էր...»: Իսկ թե ի՞նչ է «էկզեգետիկան» և ի՞նչ «հոմելետիկա», — միայն այդ չգիտեր ֆրաու Ֆոգելզանգը, բայց գիտեր, որ ուսանողները մի ժամանակ ավելի շատ էին զվարճանում, քան այժմ: Եվ երբ այդպես էր ասում, ուսանողները հռհռում էին ֆրաու Ֆոգելզանգի անկեղծ վրդովանքի համար նաև այն պատճառով, որ պանդոկի տիրուհին գիտություններն իրար էր խառնում, — և դադարեցնելով վեճը, երկու կողմերն էլ համաձայնում էին, որ զվարճությունն առաջ ավելի կատաղի էր և, նորից լցնելով գավաթները, խմում էին առասպելական կուրատոր Դիտրիխի լույս հիշատակին...

Ահա թե ինչպիսի նշանավոր կին էր ֆրաու Ֆոգելզանգը, և ծերունի Կրուչինսկին ամեն առիթով կարող էր ռատսհեր Ռոզենցվեյգին ասել, որ պետք է փակել այդ «անբարոյականության որջը, որտեղ պատանի մարդկանց մարմինը ծանրաբեռնում են ոգելից խմիչքներով և ապա, ինչպես կատաղած ցուլերի, բաց են թողնում անմեղ քաղաքացիների վրա...»:

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկն ուներ այնպիսի հարմարություններ, որից զուրկ էին քաղաքի մյուս գինետները: Երբ պատահում էր, որ ուսանողների խրախճանքը երկարում էր և գինուց հաղթվելով նրանք գլորվում էին գետին կամ սեղանից այլևս չէին կարողանում բարձրացնել ծանրացած գլուխները, ինչպես թրադաշույնով զարկված զինվորներ, որոնք կռվի դաշտում փռվել են և մահվան քնի մեջ անշարժ են և միայն մեկը խռռացնում է, — ահա այդ ժամանակ ծխի գոլորշիների մառախուղի մեջ երևում էր ֆրաու Ֆոգելզանգը՝ սպիտակ գոգնոցով և անարատ գլխաշորով, նրա հետևից ծերունի նավավարներ, որոնք կերակրվում էին ուսանողների խնջույքի մնացորդներով, — և ետևի դռնով դեպի նավակներն էին տանում նրանց անզգա մարմինները, որ ծանր բեռ էին ծերունիների համար: Եվ գիշերային խավարի մեջ դեպի վեր լողում էին նավակները, որոնց մեջ, ինչպես մեռած կոճղ, ընկած էին հարբած ուսանողները: Չէր լսվում ոչ մի աղմուկ, միայն ճղփում էին նավակները, ցռուկների վրա օրորվում էին լապտերները, և թվում էր, թե Աքերոնի գետով այդ նավակները լողում են դեպի մահվան թագավորությունը:

Իսկ այդ պանդոկից որքան հիշողություններ էր տանում «ակադեմիական քաղաքացին», երբ ընդմիշտ հեռանում էր Դորպատից: Ինչպե՞ս նկարագրել հրաժեշտի ժամը, երբ ընկերները հավաքվել են վերջին խնջույքին, երբ այնքան են երգել, որ այլևս ձայն չի մնացել, որպեսզի երգեն վերջին երգը՝ «Երբեմն ես ունեի մի աննման հայրենիք», այն երգը, որ տարիներ հետո, ցուրտ մենակության մեջ պիտի երգեր Դորպատի նախկին սանը և նրա աչքերի առաջ, իբրև ծուխ, պիտի հառներ հրաժեշտի խնջույքըԲայց ահա ոգու վերջին արիությամբ երգում են նաև այդ երգը, և ճանապարհվողը մոտենում է ֆրաու Ֆոգելզանգին... Ինչպե՛ս է լաց լինում այդ կինը, ինչպե՛ս են ցնցվում նրա ծանր ուսերը, ի՛նչ խոշոր արցունքներ են գլորվում նրա թորշոմած այտերով, ինչպե՛ս է գրկում իր սանիկին, սեղմում է կրծքին, և դողում են նրա մսոտ շրթունքները, ոչինչ չի կարողանում ասել և միայն լալիս է, ինչպես մայրը, որի գրկից բարբարոսները խլում են նրա զավակին, և մորը մնում է միայն արցունքի միջից նայել հեռացող որդուն:

4

Այդպես էր այդ պանդոկը և նրա նշանավոր տիրուհին, որի ներքնահարկը Մայր Ճեմարանի անհրաժեշտ մասն էր, մի ասպարեզ, որտեղ երիտասարդը ձեռք էր բերում գիտելիքներ, որ կյանքում նրան հաճախ էին պետք լինում, քան տեսական բանասիրությունը, ճարտասանությունը, աստվածաբանական բարոյախոսությունը, ուսումն սուրբ գրոցը և եկեղեցական պատմությունը և նույնիսկ էսթետիկան, որի դասախոսն անվանի ձիավար էր և ուսանողներին դասավանդում էր սուսերամարտի և ձիարշավի կանոններ, նաև լողանալու արվեստ: Եվ զարմանալի չէր, երբ «ձեղունահարկի բնակիչը» մանավանդ կիրակի օրերը, առնելով «հերր» պրոֆեսորի թելադրած դասախոսության տետրը և կամ այն գիրքը, որից ընթերցում էր պրոֆեսորը, գնում էր բարի Ֆոգելզանգի պանդոկը, նախ ողջունում էր տիրուհուն, որը դեռ նոր էր լվացվում, կատակում էր սպասավորուհու հետ, նավավարներից լսում էր զանազան նորություններ և, պահանջելով մի գավաթ գարեջուր, քաշվում էր անկյունը, և բարոյախոսության գրքի իմաստությունները համեմում էր Մյունխենի գարեջրով: Հետո ներս էր մտնում մի ուրիշ աստվածաբան, որը միայն ողջունում էր ֆրաու Ֆոգելզանգին և այլևս չէր լսում նավավարներին և ոչ էլ կատակում էր սպասավորուհու հետ, որովհետև պանդոկի խորքում նա նկատել էր միայնակ նստած ընկերոջը: Նրանք երամի առաջիններն էին, որոնց հաջորդում էին ուրիշները՝ փոքրիկ խմբերով, և կարճ ժամանակից հետո պանդոկը լցվում էր երիտասարդ մարդկանցով, որոնցից անհամբերները արդեն հանում էին գրատները, ոմանք կանաչ մահուդի սյուրտուկները, ոմանք շլացնում էին գույնզգույն ժիլետով, և մշուշի մեջ ցոլանում էին կարճ սուսերները, — և բոլորը զվարճանում էին, ինչպես այն դարում գիտեին զվարճանալ երիտասարդ մարդիկ, որոնք ինքնագլուխ էին, հոգսը դեռ չէր ծանրացել նրանց ուսերի վրա և որոնց առաջին դասը եղել էր այն, ինչ որ անհայտ նկարիչը գրել էր պանդոկի ճակատին՝ «Քանի ողջ ենք, պիտի ապրենք»:

Այդպիսի մի կիրակի, երբ խրախճանքը նոր էր բորբոքվել, և դեռ մի սեղանի շուրջ վիճում էին այն մասին, թե ռուսներին կհաջողվի՞ գրավել Վիսլայի կամուրջը, և գտնում էին, որ երբ լեհացիները չդիմադրեն, ֆելդմարշալ Դիբիչը կարող է գրավել և՛ Վիսլայի կամուրջը, և՛ Վարշավան. մյուս սեղանի շուրջ խոսում էին ասիական խոլերի մասին և կարծիք էին հայտնում, որ այդ ժանտամահը իցիվ թե հասնի մինչև Դորպատ, քանի որ, ինչպես ասել էր պրոֆեսոր Շիմանը, Յուտլանդիայի հողից բարձրանում է այնպիսի շունչ, որի մեջ կխեղդվի հնդախտը. երրորդ սեղանի շուրջ ոչ վիճում էին Վիսլայի կամուրջի և ոչ ասիական խոլերի մասին, այլ պատրաստվում էին «գինեմարտելու». սեղանի երկու ծայրում կապույտ բոցով արդեն վառվում էր մեղրագինու փունջը, սեկունդանտները ստուգել էին այրվող փունջի համը. մեկ, երկու և երրորդ նշանին կողմերը պիտի մինչև վերջ խմեին գավաթները, — երբ հանկարծ դռներն աղմկեցին և դռների մեջ երևաց սև թիկնոցով մի մարդ:

Պանդոկը թնդաց աղաղակներից: Ուսանողներից մեկը, որ արդեն օրորվում էր և առաջին թեկնածուն էր լողալու մոռացության գետով, գավաթը ձեռքին կանչեց.

«Մահվան դատապարտվածները ողջունում են արքային»:

«Արքան» Թոմաս Բրյուլլն էր՝ «սև եղբայրների» ավագը: Նա մի պահ ետ նայեց և իջավ սանդուղքով: Նրա ետևից ներս մտան չորս հոգի, որոնք առաջինի նման ունեին սև թիկնոց, գլուխներին՝ գերմանական բերետներ և ցածր ճտքով սապոգներ, որ պարուրում էին նեղ տաբատի եզրը:

Թոմաս Բրյուլլը ողջունեց, բարձրացնելով աջ բազուկը: Մի քանի «ֆուքս» մի անգամից ոտքի կանգնեցին, նրան առաջարկելով իրենց աթոռները: «Սև եղբայրների» ավագը մոտեցավ մի բազմամարդ սեղանի, մյուսներն էլ միացրին սեղանները, և ստացվեց այնպիսի մի սեղան, որի ծայրը չէր երևում ծխի մեջ:

Թոմասն իրար հետևից դատարկեց երկու գավաթ մեղրագինի:

Աղբյուրներն անգամ ծարավ են, Թոմաս, — կանչեց նա, որ առաջինն էր նրան ողջունել: Մյուսները ծիծաղեցին, որովհետև այդ ուսանողը Թոմասին հիշեցրեց հենց նրա խոսքը, որ խրախճանքի բորբոքված ժամին կրկնում էր Թոմաս Բրյուլլը, և այդ խոսքերից հետո բերում էին նոր շշեր:

Թոմասն այս անգամ նոր նայեց երիտասարդին, որի երեսը վառվում էր բաց կարմիրով և որի աչքերի մեջ կար երեխայական ժպիտ, և դեմքն ուներ մանկական մի գրավչություն:

Թոմաս Բրյուլլը գլուխը խոնարհեց:

Մեր Թոմասն ինչ-որ ուրիշ է այսօր...

Չլինի՞ բան է պատահել և մեզ չի ասում:

Նրա հետ վերջերս լինում է մի ինչ-որ դանակ սրող

Ես նրան տեսել եմ: Նա ապրում է հին զորանոցների մոտ:

Իսկ ես Թոմասին երեկ տեսա հենց այն կողմերում:

Սեղանի շուրջ այդպես էին խոսում նրանք, որոնք դեռ գինով չէին: Իսկ որոնք գինով էին, ուրախանալով «սև եղբայրների» ներկայությունից, արդեն բաց էին թողել սանձերը և խմում էին, շփոթելով գավաթները, գինին և գարեջուրը: Սեղանի մի կողմը, ինչպես առաջին որոտ, հնչեց երգը` «Gaudeamus igitur» և հետզհետե ծավալվելով մեջ առավ բոլորին և վերջին բառերը՝ «Nos habebit humus» այնպես ուժգին դղրդացին, որ ֆրաու Ֆոգելզանգին թվաց, թե գավաթներ փշրեցին:

Հըմմ... ամեն ինչ հող կդառնա, — լռության մեջ ասաց Թոմասը, թարգմանելով երգի վերջը:

Նա ոտքի կանգնեց:

Burschen, — և բոլորը լռեցին: Թոմասը գլուխը թափահարեց և մազերը ծփացին ուսերի վրա: — Ես ձեզ հիմա այնպիսի խոսք կասեմ, որ երբեք չեմ ասել: Ես ձեր եղբայրն եմ և, եթե սեղանի շուրջը նստած են հայրենակիցներ, որոնց նոր ենք մկրտել, բայց և նստած են ընկերներ, որոնց հետ շատ տարիներ զվարճացել ենք և դժվար փորձություններից ենք անցել: Մենք բոլորս եղբայրներ ենք, մի մոր հարազատ սաներ... Բայց ահա լսեցեք, թե ես ի՛նչ եմ մտածել, և ասեք, ճշմարի՞տ եմ, թե՞ սուտ են իմ խոսքերը: Իսկ ես այն եմ ասում, որ մենք բոլորս սխալ ճանապարհի վրա ենք...

Следующая страница