Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Եվ շունչը պահեց մի րոպե, սուր աչքերով նայեց բոլորի աչքերին և այնտեղ կարդաց և՜ տարակուսանք, և՜ հետաքրքրություն, և՛ զարմանք, նաև ոչինչ չկարդաց, որովհետև կային գինու ոգուց թմրած աչքեր, որոնք արդեն ննջում էին:

Իսկ ինչո՞վ ենք սխալ ճանապարհի վրա: Որովհետև մենք մեր օրերն անց ենք կացնում գինարբուքով, երբեմն սուսերամարտում ենք, երբեմն արշավում ենք ձիերով, երբեմն աստվածաբանություն ենք սովորում, և այսպես կորչում է մեր երիտասարդությունը, մեր ժամանակը և կորչում ենք մենք: Մեզ հարկավոր չի այդպիսի կյանք:

Ինչպե՞ս: Ուրեմն այլևս չզվարճանա՞նք, գինի չխմե՞նք:

Որեմն դառնանք ճգնավորնե՞ր և չունենա՞նք սիրելի կին:

Իսկ աստվածաբանության մասին լավ ասեցիր: Շատ լավ ասեցիր: Բոլորովին ավելորդ տեղը կորցնում ենք մեր ժամանակը: Իսկ զվարճության մասին՝ սխալ ես, — և Օտտոկար Դրիշը, որ ամենահին ուսանողն էր, և որի մազերը ճերմակել էին անքուն գիշերներից, որ նա անց էր կացրել գինի խմելով, այդ խոսքն ասաց ու մոտ քաշեց գավաթը, երկյուղելով, որ Թոմաս Բրյուլլի խոսքերից ոգևորված հանկարծ կջարդեն գավաթները և շշերը կջարդեն, կջարդեն նաև պնակները և ամեն ինչ կջարդեն և կերդվեն այլևս չխմել ոչ գարեջուր, ոչ մեղրագինի և ոչ այլ տեսակ գինի:

Լսեք իմ խոսքը: Դեռևս բոլորը չեմ ասել: Ես չեմ ասում, որ այլևս չխմենք և չմենամարտենք էսպադոնով կամ պիստոլետով և կամ այլ զենքով, եթե լինի թշնամի, որ անարգել է մեզ, մեր կորպորացիային և կամ որևէ ծանր խոսք է ասել մեր հոգևոր մոր մասին: Նաև չեմ ասում, թե այլևս մի գրկեք ձեր սիրուհիներին, նրանց համար կիթառ մի նվագեք և մի պարեք պարահանդեսներում:

Հիմա որ միանգամայն ճշմարիտ ես, Թոմաս, — և Օտտոկարը բարձրացրեց գավաթը, — ողջ լինես:

Մյուսները ևս բարձրացրին գավաթները:

Դեռ սպասեք, սիրելի բարեկամներ: Թողեք, որ խոսքս վերջացնեմ և այն ժամանակ դատեք, որ դատաստանով կուզեք:

Թողե՛ք վերջացնի, թողե՛ք...

Շարունակիր, Թոմաս, — կանչեց «սև եղբայրներից» մեկը:

Հիմա կասեմ բոլորը, — Թոմասը ոտքը դրեց նստարանի վրա, ամբողջ մարմնով հենվեց ծնկանը և ասաց, — ինչի՞ նման է, երբ մենք այստեղ զվարճանում ենք, իսկ այնտեղ մեր ընկերներին, մեզ նման ուսանողներին ծեծում են, ինչպես օրդոնան-հաուզում ծեծում են անպաշտպան սոլդատներին...

Ո՞րտեղ, ո՞վ, — և բոլորը վեր թռան, ոմանք ձեռքերը տարած դեպի սուսերները, իսկ Օտտոկար Դրիշը, որ չէր համբերել և դատարկել էր գավաթը, բղավեց.

Ասա, ո՞ւմ են ծեծել...

Կասեմ ում են ծեծել... Ծեծել են Խարկովի համալսարանի ուսանողներին: Նրանց չեն ծեծել իրենց ընկերները, և ոչ էլ ծեծվել են հարբած վիճակում որևէ չարաճճի արարքի համար: Նրանք ըմբոստացել են ռեկտորի դեմ, որովհետև նրանց հետ վարվում էին ինչպես ճորտերի հետ: Թքում էին նրանց երեսին և օրը ցերեկով ուսանողին պատժում էին, մերկացնելով մարմնի այն մասերը, որ ամոթ է ասել: Մերկացնում էին և ստիպում, որ ընկերները ճիպոտներով ծեծեն:

Ահա թե ինչպես են ապրում մեր եղբայրներն այնտեղ: Այդ կարգերից դժգոհ, նրանք ըմբոստացել են և փշրել ռեկտորի տան ապակիները...

Այդ բանում նրանք մեզ նման են, — լսվեց մի ոգևորված ձայն:

Նրանք ջարդել և փողոց են թափել ամբիոններն այն պրոֆեսորների, որոնք ոչ թե դասախոս են եղել, այլ հարբած կազակ: Նրանք դուրս են եկել փողոց և խարույկի վրա հրդեհել ատելի գրքերը: Բայց այդ ժամանակ ռեկտորի հրամանով վրա են թափվել վայրենի կազակները, կրակ են բացել և գերի բռնել ուսանողներին, պատժել են սոսկալի պատիժներով: Իսկ ամենից համարձակներին հագցրել են սոլդատի շինել և կնուտի տակ քշել են այնպիսի հեռավոր տեղեր, որտեղից ոչ ոք չի վերադարձել և չի վերադառնա... Ահա թե ինչի մասին է խոսքը: Իսկ մենք այստեղ միայն զվարճանում ենք և չենք հիշում մեր ընկերներին և ոչինչ չենք անում, կարծես մենք ստեղծված ենք միայն զվարճության և աստվածաբանության համար...

Իսկ ի՞նչ անենք մենք:

Մենք այդ մասին չէինք լսել:

Եվ այդ երկու ձայնից բացի, չլվեց ուրիշ ձայն, տիրեց այնպիսի լռություն, որ լսելի էր ջրի կաթկթոցը մի ինչ-որ պղնձի մեջ: Բայց շուտով այդ էլ չլսվեց, որովհետև ֆրաու Ֆոգելզանգը, որ սովորություն ուներ խրախճանքի աղմուկի մեջ ննջելու, զարթնեց ահավոր լռությունից, ինչպես ջրաղացպանը, որ վախեցած վեր է թռչում, երբ այլևս չի լսվում ո՛չ ջրի շառաչը, ո՛չ քարի աղմուկը: Ֆրաու Ֆոգելզանգը զարթնեց և ամրացրեց տակառի ծորակը, որից մեղրագինին կաթ-կաթ ընկնում էր պղնձե փարչի մեջ: Ապա զարմացած նայեց ուսանողներին և նույնիսկ վեր կացավ, որ մոտենա նրանց, մոտենա և հարցնի, թե ինչո՞ւ են խոնարհել գլուխները և ինչո՞ւ են լուռ ծխում ծխամորճերը, և այլևս չեն հնչում այն զվարթ երգերը, որոնց շառաչի տակ ննջում էր ֆրաու Ֆոգելզանգը:

Իսկ մենք ի՞նչ անենք, Թոմաս

Բայց ոչինչ չկարողացավ ասել Թոմասը, իսկ մյուսները լուռ մտածմունքի մեջ էին, ոմանք իրենց մտքում արդեն մի բան էին վճռել և մռայլ նայում էին սառչող մեղրագինուն, երբ դռների մոտ լսվեց մի աղաղակ:

Burschen, herausև ներս ընկավ մեկը, որ ո՛չ գդակ ուներ, ո՛չ թիկնոց, և որի ձեռքից արյուն էր կաթում, և արյունոտ էր ճակատը, և չէր իմացվում ճակատին և՞ս վերք կար, թե նա արյունոտ ձեռքով սրբել է ճակատը:

Արշինավորները մերոնց ջարդում են Քարե կամրջի մոտ...

Ինչպես վագրը, որ ոստյունից առաջ պահում է շունչը և փակչում գետնին, ապա ամեհի թափով թռչում է որսի վրա, և ահից որսը գոչում է այնպես, որ սարսափում են մյուս գազանները հեռու հեռուներում, այնպես էլ «ձեղունահարկի բնակիչները» նախ ահաբեկվեցին այդ գույժից և գունատվեցին, ապա կատաղությունից այնպես մռնչացին, որ դղրդացրին հին կամարները, և հաջորդ վայրկյանին այլևս ոչ ոք չմնաց պանդոկում, և միայն վայր ընկած աթոռները և մի քանի լիքը գավաթներ վկա էին, որ այստեղ խրախճանք կար, և անակնկալ պատահարից դուրս են թռել զվարճացողները, որոնք ուր որ է պիտի ետ վերադառնան և այն միայնակ թիկնոցը, որ դեռ պահում է տիրոջ մարմնի ջերմությունը, նորից պիտ հանգչի նրա երիտասարդ ուսերին:

5

Իսկ Քարե կամուրջի մոտ կանոնավոր ճակատամարտ էր:

Օրը կիրակի էր, և զբոսնելու էին դուրս եկել ոչ միայն «ակադեմիական քաղաքացիները», այլև մյուս քաղաքացիները, որոնց մի խումբ, մեծ մասամբ ռուս վաճառականներ, հարբած վիճակում, կամուրջից ոչ հեռու, հանդիպել էին չորս ուսանողի և ոչ միայն կտրել էին ամբողջ մայթը, փակելով երթևեկությունը, այլև նրանցից մեկն ուսանող Ստեֆան Գյունտերին մայթից հրել էր և անվանել «լեհական մռութ»: Եվ այդ կայծից բռնկվել էր հրդեհը, և արդեն վաղուց Ստեֆան Գյունտերին, որ առաջինը քաշեց սուսերը, ընկերները տարել էին տուն արյունլվա վիճակում, արդեն հարբած բառաչում էր այն ռուս վաճառականը, որի աչքերի առաջ երբեմն մթնում էր, երբեմն լուսանում, և նա տեսնում էր անկապ պատկերներ և զգում էր, որ իրենը չէին ո՛չ ոտքերը, ո՛չ ձեռքերը: Հարբած բառաչում էր այդ վաճառականը, որի ընկերները ծանր բռունցքներով դիմավորել էին առաջին ուսանողներին, որոնք օգնության էին հասել զբոսավայրերից՝ թողնելով կիթառները և աղջիկներին:

Վաճառականներն ևս օգնություն ստացան. գետի մյուս ափից մի ահագին բազմություն՝ կոշկակարների, ներկարարների, կաշեգործների, օղետան սպասավորների և ինվալիդ զինվորների, որոնք օղետներումն էին, — մի ահագին բազմություն՝ «ուղղափառներ, մերոնց ծեծում են» բղավելով, վազեցին դեպի կամուրջը՝ ցախավելներով, երկար ցուպերով և նույնիսկ մի պայտար վերցրեց այն պարանը, որով նա կապում էր անհանգիստ ձիու մռութը, — սակայն, տեսնելով ուսանողների խմբերը, որ հենց այդ րոպեին զանազան փողոցներով վազում էին դեպի Քարե կամուրջը, — տեսնելով այդ, պայտարը պարանով կապեց մի ռուս մահուդավաճառի, որին ընկերները դրել էին դրոգի վրա, նրան մի կերպ ազատելով ոտնակոխ լինելուց: Այնինչ մահուդավաճառը գազազած ուզում էր դուրս պրծնել ընկերների ձեռքից և նորից նետվել այն բազմության մեջ, որտեղից լսվում էին խուլ տնքոցներ, գոռոց, հայհոյանք: «Բաց թողեք ինձ, բաց թողեք, անխիղճներ», հետզհետե թուլացող ձայնով կանչում էր մահուդավաճառը, բայց այդ ձայնից արդեն հայտնի էր, որ եթե նրան բաց թողնեին, նա հազիվ մի քանի քայլ կաներ և կգլորվեր գետին, որովհետև շատ անխիղճ էին ծեծել նրան:

«Չթողնեք աղյուսներին մոտենան», — բղավեց Թոմաս Բրյուլլը, որ հենց առաջին վայրկյանին նկատել էր թշնամու մի փոքր խմբի: Այդ խումբն ուզում էր գերանների վրայով բարձրանալ և գործի դնել աղյուսների այն կույտը, որ ինչ-որ շինության համար գերանների հետ թափել էին հրապարակի մոտ: Եվ ինքն իսկույն թռավ այն կողմը, նրա հետևից «սև եղբայրները»: Օտտոկար Դրիշը, ինչպես գագաթից գլորվող ապառաժ, ահագին թափով նետվեց բազմության մեջ և այնքան հեռու գնաց, որ հասավ կամուրջի կեսին, որտեղ աղմկում էին հակառակորդի պահեստի ուժերը, որոնք վայրենի աղաղակներով խրախուսում էին առաջիններին: Նրանք մի վայրկյան ետ քաշվեցին, Օտտոկարը գրատը փաթաթեց իբրև վահան և հարձակվեց այն ժամանակ, երբ շրջապատողները վրա վազեցին: Այդ տեսարանը նման էր հողմի պտույտին, երբ երկնասլաց սյունի մեջ իրար են խառնվել տերևներ, շյուղեր, փետուրներ, և ամեն ինչ պտտվում է մի ահավոր արագությամբ, ոչինչ չի երևում թանձր փոշու մեջ, և միայն հեռվից մի հոգնած ուղևոր նայում է այդ սևակնած պտույտին և արագացնում է քայլերը, որպեսզի փրկվի վերահաս փոթորկից: Արդեն շատերն են գլորվել գետին, արդեն երևում են արյունոտ երեսներ, ծվեն-ծվեն քրքրել են Օտտոկարի սյուրտուկը, փշրել են նրա սուսերը և ահա մի վիթխարի մարդ մեջքից գրկել է Օտտոկարին և գետնից կտրելով, նրան տանում է դեպի կամուրջի եզրը: Վայրենի հռհռում են մյուսները, իսկ մեկը ծվծվում է. «ջուրը, ջուրը քցիր շան ձագին», բայց Օտտոկարն արնամխած աչքերով տեսավ կամրջի երկաթյա վանդակները, ոտքերով հենվեց երկաթին և թիկունքով այնպես հրեց մարդուն, որ տրաք-տրաքեցին նրա ձեռքերի մկանները, և մարդն անզոր ընկավ: Օտտոկարը դուրս պրծավ նրա գրկից և նորից բորբոքվեց բռունցքակռիվը:

Մի այլ տեղ ուսանողները շրջապատել են մսավաճառ Կոլեսնիկովին: Գեր մսավաճառը գործի է դրել կարճ բազուկները, ոտքերը, մինչև անգամ հաստ գլուխը, որով նա պոզահարում է այնքան գազազած, որ եթե հակառակորդը չթեքվի, այդ հարվածը պիտի փշրի նրա կրծոսկրը: «Կատաղեցրե՛ք, ավելի կատաղեցրեք», բղավեց Թոմասը և բազմությունը ճեղքելով, մոտեցավ մսավաճառին: Ապա ընտրելով հարմար վայրկյան, հետևից այնպես զարկեց նրա ոտքերին, որ մսավաճառի ծնկները ծալվեցին և նա փլվեց, ինչպես խարխուլ պատը, որի տակից քաշել են հիմնաքարը:

«Ոստիկանները, տղերք», — կանչեց մի ուսանող, որ բարձրացել էր գերանների վրա: Իրար հետևից լսվեցին սուլոցներ: Կամուրջի գլխին երևացին ձիավոր ոստիկանները: Նրանք գալիս էին մյուս ափից և, որպեսզի հասնեին հրապարակը, պիտի ճեղքեին վաճառականների և արհեստավորների պատնեշը: «Մերոնց ծեծում են», լալահառաչ ասաց երկար մորուսով մի մարդ, բռնելով առաջին ձիու սանձը: Նա կռվին չէր մասնակցել, այլ միայն արձակել էր այնպիսի ձայներ, որոնցով որսորդը «քիս» է տալիս շներին: «Հեռու քաշվիր, քավթառ», — և ձիավոր ոստիկանը բարձրացրեց մտրակը: Երկար մորուսով մարդը վազեց դեպի վախմիստրը, բայց այդ վայրկյանին դեպի ձիավոր ոստիկանները թռան աղյուսի կտորներ:

Pereat( — որոտաց մի ձայն գերանների ետևից:

Մի ձի ծառս եղավ, և նրա ոտքին դիպավ այն աղյուսը, որ նետողը նշան էր բռնել ձիավորի կրծքին: Ձին հանկարծ ընկավ, ձիավորին թամքից գլորելով: «Թրերը պատրա՛ստ», — գոռաց վախմիստրը և ձին խթանեց: Բայց այդ ժամանակ ուսանողները առաջ հրեցին հակառակորդներին, որոնք մնացին ձիավորների և ուսանողների արանքում: Ոմանք անցան ցանկապատի մյուս կողմը և կախվեցին վանդակներից: Գերանների հետևից սաստկացավ աղյուսների տարափը: Ձիերը ետ քաշվեցին: Ուսանողները նոր թափով սեղմեցին հակառակորդին, և բազմությունն ալիք-ալիք ետ նահանջեց կամուրջով, իրեն հետ տանելով նաև ձիավորներին: Վախմիստրը շրջեց ձիու գլուխը և անհայտացավ:

«Ցրվեք տները», — գերանների հետևից կանչեց Թոմաս Բրյուլլը և ետ դարձրեց նրանց, որոնք հակառակորդին քշել էին մինչև կամուրջի ծայրը: Կամուրջը դատարկվեց: Գերանների ետևից դուրս եկավ «սև եղբայրների» խումբը: Այդ վայրկյանին լսվեց թմբուկների աղմուկ… «Ցրվեք տները», — բղավեց Բրյուլլը, «մուշկետյորները գալիս են»: Երևաց պատրուգավոր հրազեններով զինվորների ջոկատը, որի առաջից գնում էր մի երիտասարդ սպա: Նրա դեմքին շողում էր ինքնագոհ ժպիտ: Նա նայում էր պատշգամբներին և պատուհանների կողմը, որտեղից նրան էին նայում աղջիկներ և կանայք, որոնց այդ երիտասարդ սպան կարծես ասում էր. «Տեսեք, ինչ չքնաղ են իմ ուսադիրները, իմ սաղավարտը և իմ ձին և ես»: Իսկ վերևից պատասխանում էին. «Ի՜նչ երիտասարդն է այն սպան... Հազիվ քսան տարեկան լինի, բայց արդեն փոխգնդապետն է Ռևելյան մուշկետյորների գնդի...»:

Իսկ մսավաճառ Կոլեսնիկովը ոչինչ չասաց: Նա սթափվեց թմբուկների որոտից և մի կերպ ոտքի կանգնելով, քայլեց դեպի գերանների կույտը, որտեղից դուրս թռավ Թոմաս Բրյուլլը: «Բռնե՛ք նրան, բռնե՛ք», — աղաղակեց ռուսը: Մուշկետյորները շարքի մեջ ժպտացին. նրանցից մեկն ընկերոջն ասաց. «Քաջերը նրան լավ են փետրահանել…»: Իրավ որ Կոլեսնիկովը նման էր սագի, որին ժլատ տանտիկինն այլանդակել էր, չափից ավելի պոկելով բմբուլը: Նրա կաֆտանը քրքրված էր, և երբ նա օրորվելով անցավ կամուրջը, գետի քամին աստառի բուրդը տարավ հեռո՛ւ-հեռո՛ւ...

Հրապարակն ամայացավ: Կամուրջի վրա երևում էին հատ ու կենտ անցորդներ, որոնք տուն էին շտապում: Արդեն երեկո էր: Հեռվից լսվում էր թմբուկների խուլ աղմուկ: Երիտասարդ սպան հիացած իր գեղեցկությամբ և իրենով, դեռ շարունակում էր հեռավոր փողոցների բնակիչներին ցույց տալ իրեն և իր ուսադիրները և սաղավարտը, որ փայլում էր իրիկնային մթնշաղում:

6

Դուք նորից ձեր հայրենակցի մո՞տ էիք, — հարցրեց տիկին Էլոիզ Աուսլենդերը մի երիտասարդի, որը ներս մտնելով, արձանացավ դռան մոտ, որովհետև նրան անսպասելի էր և՛ այդ հանդիպումը, և՛ տիկնոջ անհամբեր հարցը:

Բայց տիկինն ավելի արագ զգաց իր անզգուշությունը՝ որով մատնեց իր անհանգստությունը երիտասարդի բացակայման առթիվ, քան կպատասխաներ երիտասարդը: Եվ կարծես այդ անզգուշության հետքերը ծածկելու համար, նա դարձավ իր խոսակցին՝ պրոֆեսոր Պարրոտի կնոջը, որն այդ րոպեին մոմի վրա կռացած թելում էր ասեղը:

Ես այդպես էլ գիտեի, որ նրան ոչինչ չի պատահել... Բայց տեսնեիք Գերմանին... Աստված իմ, ինչքան էր նա հուզվել, քանի անգամ հարցրեց...

Եվ կանացի հոտառությամբ տիկին Էլոիզն զգաց, որ իզուր էր իր կասկածը և, որ բարեկամուհին չէր նկատել նրա անհանգստությունը և ակնապիշ դեռ նայում էր ասեղի ականջին:

Դե հիմա պատմեք, — և տիկին Էլոիզն անսեթևեթ նազանքով բարձրացրեց ձեռքը, խշշաց զգեստը, և լայն թևքի միջից ձգվեց նրա մերկ բազուկը, ինչպես քամին օրորում է եղեգնուտը, և հանկարծ մերկանում է մի դալար եղեգ, որ չգիտի, որ կողմը թեքվի և միայն խոնարհում է տերևները՝ ծածկելու իր բաց կարմիր մարմինը: Նա սկսեց հարդարել կրակի գույնի խոպոպները, որ կախվել էին ճակատի կամարի վրա:

Բայց ի սեր Աստուծո, ասացեք, ի՞նչ է պատահել... Ես ոչինչ չգիտեմ, — և երիտասարդն իր խելոք աչքերը, որ ավելի էին խոշորացել և՛ ուրախությունից՝ տիկին Աուսլենդերին տեսնելու համար, և՛ անհանգիստ կասկածից, որ հետևանք էր տիկնոջ հանկարծակի հարցին, — երիտասարդն աչքերը հառեց նախ՝ տիկին Պարրոտին, ողջունեց նրան, և ապա սեղմեց տիկին Էլոիզի ողորկ ձեռքը:

Ինչ-որ բան է պատահել... Նախասենյակում օտարոտի վերնազգեստ է կախված, դրսում ինչ-որ կառք է սպասում... Չեմ հասկանում:

Տիկին Պարրոտը ժպտաց: Նրան ևս հաճելի էր երիտասարդի հետզհետե աճող հետաքրքրությունը, նաև այն, որ նա միամիտ երեխայի նման իր աչքերն ուղղում էր մերթ տիկին Էլոիզին և մերթ իրեն, կարծես նրանց դեմքերի վրա գուշակում էր պատասխանն իր կասկածի: Իսկ տիկին Աուսլենդերն առանց թաքցնելու իր հիացմունքը, նալում էր երիտասարդի մաքուր սափրած երեսին, որ վարդագույն էր երեկոյի սառնից, և նրա խելոք աչքերին, որոնց տիկին Էլոիզն առաջին հանդիպումից հետո անվանել էր «մութ ծովեր»:

Ո՞վ կա ներսը, — և երիտասարդը գլխով նշան արեց դիմացի սենյակի կողմը, որտեղից լսվում էին ինչ-որ խառն ձայներ:

Տղամարդուն չի վայելում այդպիսի հարցասիրություն, — կեղծ լրջությամբ հանդիմանեց տիկին Աուսլենդերը և նրա վրա նայեց այնպես, ինչպես կնայի ամուսնացած կինն իրենից ավելի երիտասարդ տղամարդու, որի առնական միամտությունն ամեն ինչ ճաշակած կնոջը հիշեցնում է և այն, որ նրա համար անդարձ կորել է, և այն, որ դեռևս մնում է, ինչպես ծառի վերջին պտուղը՝ ցուրտ աշունքին:

Ուրեմն դուք ոչինչ չե՞ք լսել այսօրվա դեպքերի մասին, — հարցրեց տիկին Պարրոտը:

Ո՛չ, տիկին, — և նա ուզեց երդվել, բայց հիշեց, որ պրոֆեսորն արգելել է երդվելը, իբրև «անվայել բան, որ հատուկ է միայն ռուս աստիճանավորներին և վաճառականներին», ինչպես ասել էր պրոֆեսորը:

Ես ճաշից հետո գնացել էի իմ հիվանդ բարեկամի մոտ

Ինչպե՞ս է հիմա այդ խեղճ մարդը, — և տիկին Պարրոտը թեթև հառաչեց:

Նա երևի երբեք այլևս չտեսնի իր հայրենիքը, — տխուր ասաց երիտասարդը: Մի պահ լռեցին, կարծես երեքով էլ միտք էին անում, թե ինչքան ծանր է երբեք չտեսնել հայրենիքը:

Իսկ հետո ո՞ւր գնացիք, — լռությունը խախտեց տիկին Աուսլենդերը:

Այնտեղից ես գնացի Դոմբերգ, որովհետև այդ զրույցն ինձ ևս հիշեցրեց իմ հեռավոր հայրենիքը, — նրա ձայնը դողաց, դողդողաց նաև ներքին շրթունքը: Տիկին Էլոիզը խղճահարվեց և նրա սիրտը շահելու համար ասաց.

Իմ երիտասարդ բարեկամը թող չտխրի... Դուք մի օր պիտի տեսնեք ձեր հեռավոր հայրենիքը... Այ, մենք երբեք չենք տեսնի ձեր հայրենիքը: Այդ անկասկած է... Իսկ դո՞ւք: Երբ դուք վերադառնաք, ով գիտե, մենք այլևս կհանդիպե՞նք իրար, թե՞... Եվ այն ժամանակ դուք մեզ իսպառ կմոռանաք... Եվ ո՞վ գիտի, թե ի՞նչ կլինի վաղը… — տիկին Էլոիզը լռեց, աչքերը հառելով իր բարեկամուհուն, որն զբաղված էր կարելով: Ապա նա ավելի խոր ընկղմվեց բազմոցի մեջ և, գլուխը թիկնոցին հենած, ձգեց սպիտակ պարանոցը և նուրբ կզակը, որ թվում էր պարանոցի շարունակությունը. երիտասարդը չէր տեսնում նրա գլուխը, այլ միայն տեսնում էր պարանոցը և սպիտակ կզակը, որ նրան հիշեցնում էր մարմարե վաղեմի անդրի, որի կանացի գլուխը ջարդել են բարբարոսները, և մնացել է միայն պարանոցը, որն այնուամենայնիվ վկայում է, թե ինչքան գեղեցիկ էր այն գլուխը:

Իսկ այժմ մեր սիրելի Արմենիերին պատմենք այն, ինչ որ պատահեց այսօր... — և նա սթափվեց, ինչպես մի կայտառ աղջիկ, որ խռովում է մի վայրկյան, որպեսզի հաջորդ վայրկյանից սկսի պատմել զրնգան ձայնով:

Տիկին Էլոիզը պատմում էր, ինչպես այդ պատահարի մասին կարող էր պատմել մի գերմանացի պրոֆեսորի կին, որը, ինչպես և նրա ամուսինը, չէր սիրում ռուսներին, մանավանդ ռուս վաճառականներին, որոնց մասին նա իր էստուհի աղախնից և հրեա նպարավաճառից լսում էր միայն արտասովոր պատմություններ:

Պատմում էր տիկին Էլոիզը, պատմում էր այն, ինչ որ նրան հաղորղել էր աղախինը, որն, իբր թե ականատես էր եղել դեպքերին մինչև այն վայրկյանը, երբ «զորքը դուրս եկավ թնդանոթներով», որից հետո նա փախել էր, որովհետև «մի կազակ ձին քշում էր ուղղակի նրա վրա»: Երիտասարդն ագահությամբ լսում էր տիկնոջը և աչքը չէր հեռացնում սև ուլունքների շարանից, որ գրկել էր նրա պարանոցը և ճոճվում էր, երբ տիկին Էլոիզը շարժում էր իրանը:

Տիկին Պարրոտը, որ ձեռագործի վրա գլուխը կախ լսում էր այն, ինչին արդեն տեղյակ էր, — երբեմն գլուխը բարձրացնում էր և նայում երիտասարդին: Ինչքան շուտ փոխվեց նա... Եվ ինչքան վարժ է խոսում գերմաներեն: Նա մի կատարյալ Edelmann է, և ոչ ոք չի մերժի նրան իր աղջկա ձեռքը... Իսկ Արմենիերն առաջին օրերը չգիտեր, ինչպես գործածի պատառաքաղը և չգիտեր կարտոֆիլն ուտելու կերպը:

Արմենիերն Աբովյանն էր: Դորպատում նրան այդպես անվանեցին այն օրից, երբ բնակիչները քաղաքի փողոցներում տեսան նրա օտարոտի դեմքը, հարավի մարդու վառվռուն և մեծ աչքերը և մանավանդ հայ դպիրի կապան և ջիբրուն, որ նա առաջին օրերը հագնում էր Պարրոտի տուն գնալիս: Նրա վրա նայում էին, ինչպես զարմանալի հրաշքի վրա, և ծանրամիտ բյուրգերները, որոնք երեկոները նստում էին դարպասների առաջ, երկար նայում էին նրա ետևից, և նրանցից մեկը, որ դիպվածով եղել է թաթարների երկրում կամ հասել էր մինչև Հաշտարխան, պատմում էր առասպելախառն պատմություններ հեռավոր հարավի մասին:

Կանայք և աղջիկները գաղտագողի հայացքով ուղեկցում էին նրան, իսկ ավելի համարձակները ժպտում էին, և երբ նրանց կողմն էր նայում Արմենիերը, հանկարծ զվարթ քրքիջով պատուհանը փակում էին նրա վրա: Ոչ մի կասկած, որ այդ սենյակում, ուր հավաքվել էին տանտիրուհու աղջիկները և նրանց ընկերուհիները, դեռ շատ պիտի խոսեին նրա մասին. աղջիկների մեջ պիտի հայտնվեր մի Գրետխեն, որը պիտի հանդիմաներ ընկերուհիներին, երբ նրանց չարաճճի շաղակրատությունն անցներ ամոթխածության սահմանից: Ընկերուհիները պիտի հարձակվեին Գրետխենի վրա, նրան պիտի բամբասեին, այդ աղջիկը հուզմունքից պիտի կարմրեր և ապա առանձնության մեջ զգար մի քաղցր տառապանք:

Այդպես էին ճանաչել նրան և, ինչպես հաճախ է լինում, առաջին տպավորությունը մնացել էր անջնջելի: Այդ բանին օգնել էր նաև Մարյա Աֆանասևնան, ռուս սարկավագի կինը, որի տանը մի քանի ժամանակ Արմենիերն ապրել էր: Անհանգիստ կաչաղակի նման մի բակից մյուսն էր մտնում այդ գնդլիկ կինը, և երբ հարցնեին նրա տան կենվորի մասին, նա երգելով ասում էր. «Ի՛նչ կենվոր, աստված իմ... Իսկական սուրբ: Ծոմ է պահում, գիշեր-ցերեկ կարդում է, և իրենց լեզվով աղոթում է... Եվ ինչպե՛ս է աղոթում, այդ ինչ ձայն է, ինչ լեզու է: Թեև չեմ հասկանում, բայց հավատում եմ, որ սրբազան լեզու է... Իմ ամուսինն ասում է, որ նրանց լեզուն աշխարհի առաջին լեզուն է. նրանց լեզվով է խոսել Նոյը, հենց որ սարից իջել է: Ահա թե ինչ լեզվով է խոսում...»: — «Իսկ գինի խմո՞ւմ է, խոսո՞ւմ է կանանց հետ. պետք է, որ նրանց օրենքն արգելի այդ բանը», — հարցնում էին հետաքրքրված հարևանուհիները: «Սուտ խոսքեր են. նա կանանց հետ խոսում է, բայց խմել չի սիրում. ամբողջ օրն իմ աղջիկը նրա հետ է... Թեև փոքր է, բայց ես իմ աղջիկը նրան կին կտայի», — և Մարյա Աֆանասևնան խորամանկ ժպտում էր. «Նրանց մոտ սովորություն է փոքր աղջիկ առնելը... Բայց իմ Օլգան շատ փոքր է, դեռ երեխա է և ոչինչ չի հասկանում այդ բաներից»: Եվ Մարյա Աֆանասևնան այնպես անկեղծ էր կսկծում, որ աղջիկը փոքր է և այնպես էր գովում իր տան կենվորին, որ հարևանուհիներն ակամա նայում էին իրենց հասած աղջիկներին:

Բայց ոչ մի Մարյա Աֆանասևնա չէր կարող Արմենիերի համբավը Դորպատում այդքան տարածել, եթե այդ բանին հակառակ լինեին բարեհոգի տնատերերը և ուսանողները, այսինքն՝ ֆրաու Ֆոգելզանգի բարեկամները: Պատահում էր, որ ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում ուսանողներից մեկը, որ քաջ գիտեր Արևելքի հին պատմությունը, նաև աշխարհագրություն, պատմում էր այն հեռավոր երկրի մասին, որտեղ գտնվում էր բիբլիական լյառը՝ Արարատը: Եվ ծայր էր առնում վեճը՝ կբարձրանա՞ «հերր» պրոֆեսորն այդ լեռան կատարը, թե՞ չի բարձրանա, արդյոք իրենց հայրենակցին կհաջողվի՞ Նոյյան տապանի տեղը խրել այն խաչը, որ պատրաստել է իրենց քաղաքի դարբինը... Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում նրանք նստում էին մինչև ուշ գիշեր, և հանկարծ ոտքի էր կանգնում մի ծերուկ ձկնորս, որը զրույցի ընթացքում առել էր առաջին քունը, և բարձրացնում էր գավաթը. «Հաջողություն մաղթենք մեր հայրենակիցներին, որոնք այժմ, ով գիտե, ինչ փոթորիկների մեջ են, որովհետև ինչպես ծովում, այնպես էլ հավիտենական սառույցների վրա...»: Եվ նույնիսկ հուզվում էր ֆրաու Ֆոգելզանգը, երբ լցնում էր մաղթության գավաթները, որովհետև նրա համար ևս սարսափելի էր փոթորիկը հավիտենական սառույցների վրա:

Պրոֆեսոր Պարրոտին նրանք դիմավորեցին, ինչպես հաղթանակից վերադարձող զորավարի: Եվ շատ գարեջուր խմեցին այդ և հաջորդ օրերը, իրար հաղորդելով դժվար վերելքի այնպիսի մանրամասնություններ, ասես բոլորը, և մինչև անգամ ֆրաու Ֆոգելզանգը և նույնիսկ այն ձկնորս ծերուկը, — բոլորը բարձրացել էին Արարատի գագաթը և այժմ իրենց տանը, հարազատների շրջանում վերհիշում էին այդ վտանգավոր ուղևորությունը:

Դեռևս կենդանի էին զրույցները Արարատի վերելքի մասին, և առանձին ակնածանքով էին գլուխ տալիս «հերր պրոֆեսորին», երբ հայտնվեց հայը՝ իսկական բնակիչը Արարատյան աշխարհի, որ երկրորդն էր բարձրացել և գերմանացու կապարե խաչի կողքին Արարատի գագաթին խրել էր իր ձեռագործ փայտե խաչը:

Ահա ինչը նրա համար Դորպատում ստեղծեց համբավ զարմանալի արագությամբ, և հենց հաջորդ օրից նա դարձավ մեկը, որին շատ տներում գրկաբաց կընդունեին, որի անցնելուն սպասում էին փողոցի բնակիչները, և որի մասին պատմում էին, թե մինչև Դորպատ գալը նա չգիտեր գարեջուրը, և ինչպես փոքր տղա նա հրճվանքով դիտել էր գույնզգույն թղթերից սարքած այն օդապարիկները, որ ըստ այն ժամանակի սովորության տոն օրերին բաց էին թողնում օդի մեջ:

Բայց արդեն անցել էր այդ ժամանակը, և փոշի էր նստել սև կապայի վրա: Նա հագնում էր մահուդե վերարկու և բարձրավիզ սյուրտուկ, որից ավելի էր երկարում հասակը: Նա կապում էր ծաղկանկար կրծկալ և թավշյա փողկապ: Հյուսիսի սառն օդը փոխել էր նրա դեմքի ցորնագույնը, բայց աչքերը մնացել էին նույնը, հարավի մարդի խելոք և խորունկ աչքերը՝ «մութ ծովեր», ինչպես անվանել էր տիկին Էլոիզ Աուսլենդերը, որն այլևս չէր հագենում նրանց հմայող գեղեցկությամբ:

7

Տիկին Էլոիզը դեռ չէր ավարտել դեպքերի նկարագրությունը (ուսանողներին նա անվանում էր «խեղճ երիտասարդներ» և հաճախ պատմելն ընդհատում էր միջանկյալ դիտողություններով ռուսների մասին, օրինակ, երբ հիշատակեց Քարե կամուրջը, նա, դառնալով տիկին Պարրոտին, ասաց. «Ես ձեզ չեմ պատմել, թե ինչպես իմ Գերմանը հենց երեկ Քարե կամուրջի վրա կռվել է ռուս կառապանի հետ... Ճշմարիտ որ կռվել է, միայն, իհարկե, ոչ ինչպես խեղճ երիտասարդներըիսկ մեղավորը՝ ռուս կառապանն է: Նրա ձին կամուրջի վրա ընկնում է, և փոխանակ օգնելու խեղճ կենդանուն, հիմար ռուսն սկսում է ծեծել նրան և ինչպե՞ս՝ սապոգներով... Այդ ժամանակ իմ Գերմանը չի համբերում և սկսում է կառապանին հանդիմանել...), — տիկինը դեռ չէր ավարտել պատմելը, երբ դիմացի սենյակի դուռը բացվեց, և դուրս եկավ մի ալեհեր մարդ՝ կապույտ մունդիրով և կարճ թրով, որի կոթից կախված էին կարմիր ժապավեն և ոսկեկար ծոպեր: Նա արդեն ալեհեր էր, և ծերությունից նրա մեջքը կռացել էր: Նրա հետևից դուրս եկավ ռեկտորը՝ «հերր պրոֆեսոր» Ֆրիդրիխ Պարրոտը, նիհար և ցամաք երեսով մի կարճահասակ մարդ:

Էվստարխ Իվանիչ, գուցե չմերժեիք մի փոքր հանգստանալու մեր համեստ սեղանի շուրջը՝ ի վարձատրություն մեր հոգնության, — ծերունուն դիմեց Պարրոտը:

Որքան էլ հաճելի է ներկայությունը տիկինների և քաղցր է ձեր հրավերը, բայց ես ստիպված եմ պատժել ինձ, զրկելով այդ հաճույքից, — և ծերունին, փափուկ սապոգներն իրար զարկեց ինչպես հին ասպետ, և մեղմ զրնգացին նրա սա պոգների խթանները: — Նաև ձեզ հայտնի է, Ֆրիդրիխ Գեորգևիչ, իմ պաշտոնի խստապահանջությունը, եթե ոչ` մեծավ ուրախությամբ, — և նա ծիծաղեց չոր ու կեղծ ծիծաղով, որ փոխվեց հազի` անախորժ և նույնքան չոր:

Միայն մի գավաթ իսկական ռեյնվեյն, Էվստարխ Իվանիչ: Խնդրում եմ չմերժել, — և տիկին Պարրոտը մոտեցավ պահարանին:

Մերժել հարգելի տիկնոջ հրավերը՝ այդ արդեն չեմ կարող: Սակայն eine Minute, շատ եմ խնդրում, — և ծերունին թեթև հազաց, կոկորդը մաքրելով հռենոսյան գինու համար:

Թույլ տվեք ներկայացնել Ձեզ իմ Liebling-ին... Հերր դիակոնուս Աբովյան, որի մասին անշուշտ լսել եք:

Օ, և այն էլ ինչպիսի պատմություններ... Ուրախ եմ սեղմելու Ձեր ձեռքը: Շատ ուրախ եմ, — Աբովյանը մի քանի քայլ արեց և թեթևակի խոնարհելով գլուխը, սեղմեց ծերունու ձեռքը:

Կարծեմ, որ նա չի մասնակցել այսօրվա անկարգություններին... — Եվ ծերունին դեմքը կեղծ զայրույթով խստացրեց, ուռցրեց այտերը, և բեղերը ցցվեցին՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև:

Օ, ոչ, Էվստարխ Իվանիչ... Նա զբաղված է միայն իր դասերով, — և պրոֆեսորը ծերունուն մոտեցրեց գավաթը:

Սիրում եմ, շատ եմ սիրում գիտությունը և կարգապահությունը: Դուք շատ առաջ կգնաք այդ ճանապարհով, երիտասարդ, — և ծերունին բարձրացրեց գավաթը, գլուխը թեթև խոնարհեց տիկին Էլոիզ Աուսլենդերին, ապա տիկին Պարրոտին և ետ գցեց գլուխը: Տիկին Էլոիզին անհաճելի էր տեսնել ծերունու կոկորդի ձգված երակները և մկանները և չոր կոկորդը, որ կծկվում էր գինու յուրաքանչյուր ումպի հետ:

Այդ ծերունին պոլիցեյմեյստեր Կրուչինսկին էր, որը եկել էր համալսարանի ռեկտորին հաղորդելու օրվա պատահարի, կամ ինչպես նա էր ասում, «ձեղունահարկի բնակիչների անկարգության» մասին և պատժել տալու նրանց, որոնք «հակաօրինական բունտ էին սարքել» («учинили противузаконный бунт»), աղյուսներ շպրտելով հեծյալ ոստիկանների վրա: Նա եկել էր մեծ պահանջներով և դեպքն այնպես էր նկարագրել, որ նրա ասելով, եթե վախմիստրը խոհեմ չլիներ, ապա անխուսափելի էին արյունահեղությունները երիտասարդ մարդկանց և ոստիկանների միջև, մանավանդ, որ վերջիններս պաշտպանում էին իրենց ազգակիցներին: Պոլիցեյմեյստերը հաղորղել էր նաև, որ գրգռված երիտասարդների խմբից լսվել են անթույլատրելի բացականչություններ, որոնց մասին եթե տեղեկանա գեներալ-նահանգապետը և մանավանդ քաղաքի ժանդարմական գնդապետ Դոնցովը, ապա կարող են առաջանալ մեծամեծ անախորժություններ, և կտուժի համալսարանի համբավը, և կարող են այդ բանից օգտրվել համալսարանի թշնամիները (իսկ թե ովքեր էին այդ թշնամիները՝ ծերունին չասաց) և առհասարակ քաղաքի այն բնակիչները, որոնք իրեն՝ պոլիցեյմեյստեր Կրուչինսկուն հաճախ են գանգատվում ուսանողներից:

Իր խոսքին կշիռ տալու համար ոստիկանապետն ակնարկել էր մի ինչ-որ գաղտնի շրջաբերականի մասին, որ նա ստացել էր Սանկտ-Պետերբուրգից պրոֆեսոր Պարրոտին հայտնի անձնավորության ստորագրությամբ, և որով առաջարկվում էր հատուկ հսկողություն սահմանել ուսանողների վրա, ի նկատի ունենալով այն, որ մի քանի զորագնդեր պետք է ձմեռեին Դորպատում և ապա շուտով այդտեղով պիտի մայրաքաղաք վերադառնար Պավլովյան գունդը, և երկու հետևակ գունդ, որոնք հետ էին գալիս Լեհաստանից և հնարավոր էր, որ երկար ժամանակով հանգստանային Դորպատում, որպեսզի վայելուչ տեսքով ներկայանան Նորին կայսերական մեծության:

Следующая страница