Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Ռեկտորը զգուշավորությամբ առարկել էր, որ երկուստեք են եղել անվայել բացականչություններ, և հարկավոր չէ կարևորություն տալ գրգռված վիճակում արտասանած խոսքերին: Ինչ վերաբերում է ոստիկանների վրա աղյուս շպրտելու փաստին, ապա ինքը համոզված է, որ ուսանողները մի քանի աղյուս են նետել ոչ թե ոստիկանների, այլ իրենց հակառակորդների վրա և այն էլ ոչ թե որևէ մեկի մարմնին ծանր վնաս հասցնելու, այլ վախեցնելու դիտավորությամբ: Ռեկտորը հայտնել էր նաև, որ նախահարձակ են եղել հարբած վաճառականները և ուսանողները միայն ստիպմամբ պաշտպանել են իրենց և ընկերների պատիվը: «Այդ միանգամայն ճշմարիտ է, հարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ», — համաձայնել էր պոլիցեյմեյստերը, — «այսպես են վկայում նաև չեզոք քաղաքացիները»: «Շատ ուրախ եմ, որ այդպես է, սիրելի Էվստարխ Իվանովիչ... Այն ժամանակ ներեցեք ինձ, եթե համարձակվեմ այսպիսի հարց տալու Ձեզ. ի՞նչ կասի պարոն գեներալ-նահանգապետը, եթե տեղեկանա, որ Ձեր հսկողության հանձնված քաղաքում ինչ-որ հարբած մարդիկ օրը ցերեկով հարձակվում են անմեղ ուսանողների վրա և... կարո՞ղ է այդպես հարցնել: Կարող է: Եվ այն ժամանակ պարոն գեներալ-նահանգապետը կասի. իսկ որտե՞ղ էին ոստիկանները և հարգելի պոլիցեյմեյստերը, այդ ինչպիսի՞ բարքեր են այդ քաղաքում: Հավատացնում եմ, կասի և կավելացնի այնպիսի բաներ, որ կատարյալ անախորժություն կլինի Ձեզ համար, նաև համալսարանի համար, որն այսպիսով կարող է զրկվել Ձեր այնքան օգտակար բարեկամությունից»:

«Հերր պրոֆեսորը» միանգամից էր խառնել ծերունու բոլոր հաշիվները: Ռեկտորի ասածն այնքան ճշմարտանման էր, որ Կրուչինսկուն մի վայրկյան թվաց, թե այդ բոլորն արդեն կատարվել է, թե գեներալ-նահանգապետից արդեն ստացվել է այդ գրությունը, և օր ծերության պաշտոնանկ լինելով, նա թողնում է Դորպատը: Սառը քրտինք երևաց նրա ճակատին, և թաշկինակը ճակատին սեղմելով՝ նա շշնջաց. «Դուք իրավացի եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, միանգամայն իրավացի եք... Սատանան ինչի հետ ասես, որ չի խաղա... Եվ ինչ լավ է, որ չեմ գրել ռապորտը: Հավատացնում եմ, որ մի քանի անգամ կանչեցի քարտուղարին, որպեսզի թելադրեմ: Բայց ինչ-որ ձայն ինձ ասում էր, թե գնա Ֆրիդրիխ Գեորգևիչի մոտ, նրա հետ խոսիր և ապա նոր... Ինչպե՞ս ասեմ: Նու, կարծեք թե ես ուզում էի նստել աթոռի վրա և, կարծեք, ամեն անգամ աթոռի միջից, համարձակվում եմ ասել, ցցվում էր մի սուր բան և չէր թողնում նստեմ... Շնորհակալ եմ, մեծապես շնորհակալ եմ... Ախր ես (և այդ խոսքի վրա նա ճակատին ձեռքով այնպես էր խփել, որ հարևան սենյակում լսել էին այդ ձայնը, և տիկին Պարրոտը մոտեցել էր դռանը), ախր ես կարող եմ ասել, հիմար եմ: Եվ որտեղի՞ց ինձ խելք... Եվ առհասարակ ո՞վ է խելք տվել ռուսներին: Մեր բանն է աջ-ձախ կրակել, ջարդել, թափել: Աստված մեզ խելք չի տվել, և այդպես էր ասում նաև իմ հանգուցյալ հայրը, թե Աստված խելք է տվել միայն գերմանացիներին...»: Այդպես նա երկար պիտի խոսեր, եթե նրան չընդհատեր պրոֆեսորը և չառաջարկեր, թե այնուամենայնիվ հարկավոր է «մի բան անել»: Եվ համաձայնեցին, որ պոլիցեյմեյստերն այդ օրվա պատահարի մասին տեղեկացնում է միայն իբրև պարզ անկարգություն և պատժում է առևտրականներից հանցավորներինԵս նրանց եղջյուրի նման կծռեմ», — կանչել էր Կրուչինսկին), — իսկ համալսարանի տրիբունալը կպատժի հանցավոր ուսանողներին և այդպիսով կվերջանա պատմությունը:

Դե արդեն ժամանակն է ճանաչելու պատիվը... — և ծերունի Կրուչինսկին դատարկեց չորրորդ գավաթը: Նրա ցամաք երեսը գինուց առույգացավ, և կայտառացան աչքերը, որոնց մեջ մինչ այդ կար մեռելային սառնություն: — Իսկ գինու մասին, կարող եմ ասել, որ արքայական գինի է: Հռենոսյան վարդաջուր, տիկին, կատարյալ և առաքինի գինի: Այնպես չի՞, տիկին, — դարձավ նա տիկին Էլոիզին, որը ոչ գինու համն էր ճաշակել և ոչ լսում էր պոլիցեյմեյստերին, այլ ասեղնագործում էր, մատներն արագ շարժելով, կարծես խաղում էր կլավիրի վրա:

Այո, գինին անարատ է, — պատասխանեց Արմենիերը, նկատելով, որ տիկին Էլոիզը հանկարծակիի եկավ և կարմրեց:

Եվ այլևս ոչ մի կարծիք: Այս կարծիքից հետո մենք լռում ենք, Ֆրիդրիխ Գեորգևիչ: Մենք լռում ենք, երբ խոսում է Արարատի որդին և, կարող եմ ասել, Նոյի երկրից: Շատ ուրախ եմ, որ այսօր ես բախտ ունեցա սեղմելու Ձեր ձեռքը, պարոն Օբովյանով, և կարող եմ ասել, որ երիտասարդը ուղիղ ճանապարհի վրա է շնորհիվ Ձեզ, ամենահարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ, և նաև ես, որ իմ բարերարն եք, — ուրեմն թույլ տրվեք խոնարհվել և auf Wiedersehen, տիկին, որին ես պատիվ ունեցա ծանոթանալու ի շնորհիվ Ձեզ, թանկագին Ֆրիդրիխ Գեորգևիչ, և ներողություն, մեծ ներողություն... Ես արդեն ծեր եմ, իսկ այս գինին կատարյալ է, իսկական սուբլիմենցիա...

Կրուչինսկին երկրորդ անգամ թոթվեց տիկին Պարրոտի ձեռքը, սեղմեց նաև տիկին Էլոիզի բարակ մատները և համբուրեց՝ մի քանի անգամ կրկնելով՝ «Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ», որ կարելի էր հասկանալ և իբրև ուրախություն անցկացրած երեկոյի համար, և ուրախություն, որ նրա դողացող մատները հպել են տիկին Էլոիզի փափուկ ձեռքին:

Այժմ հնություն, դեպի գործ, դեպի գործ... Կարող եմ ասել, — բայց այս անգամ այլևս ոչինչ չասաց, այլ միայն աղմկելով թրով և սապոգների խթաններով՝ քայլեց դեպի դուռը: Կանայք լսեցին նրա ձայնը նախասենյակից.

Ոչ մի դեպքումոչ մի դեպքում այդպիսի գռեհկություն: Դուք իմ հովանավորն եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, իսկ այս երիտասարդը Արարատի որդին է և, կարող եմ ասել, հերր դիակոնուս... Ոչ մի դեպքում:

Կանայք հասկացան, որ պոլիցեյմեյստերի առարկությունը նրա գրատի մասին է: Ծերունին չէր թողնում, որ նրան հագցնեն ո՛չ պարոն ռեկտորը և ո՛չ Արմենիերը: Նա ուրիշ ինչ-որ բան ասաց, որից հետո բարձր ծիծաղեց, և շուտով սանդուղքների վրա լսվեց նրա հեռացող ոտնաձայնը:

8

Զարմանալի մարդիկ են ռուս աստիճանավորները, — ասաց պրոֆեսորը ծերունուն ճանապարհելուց հետո, — իմ սիրելի բարեկամն ի՞նչ կասի նրա վարմունքի մասին` դրսում...

Արմենիերը, որին զայրացրել էր և ծերունի պոլիցեյմեյստերի գինարբուքը, և նրա խոսակցությունը և այն, որ նա երկու անգամ սեղմեց տիկին Էլոիզի ձեռքը և համբուրեց, որից ցնցվեց տիկինը, և Արմենիերը նրա աչքերում զզվանք տեսավ, որովհետև ծերունին առանց շրթունքները սրբելու էր համբուրել այդ ձյունափայլ ձեռքը, — Արմենիերի զայրույթը սաստկացավ, երբ պրոֆեսորը հիշեցրեց պոլիցեյմեյստերի գռեհիկ վարմունքը դրսում, երբ մոտեցան կառքին:

Կառապան զինվորը՝ երկար սպասելուց հոգնած քնել էր ոչ թե իր տեղը, այլ այնտեղ, ուր պիտի նստեր Կրուչինսկին: Այդ բանից սաստիկ բարկացավ ծերունին և այնպես բոթեց քնած մարդուն, որ խեղճը քունը գլխին թռավ մի քանի քայլ, բայց սանձերը ձեռքից չթողեց:

«Քշիրև ես ցույց կտամ», — բղավեց ծերունին այնպիսի ձայնով, որով չէր խոսել ոչ Ֆրիդրիխ Գեորգևիչի առանձնասենյակում, ոչ տիկինների ներկայությամբ, և նույնիսկ անհավատալի է, թե այդ զառամ մարմնից կարող է դուրս ելնել այդպիսի ահավոր մռնչոց:

Ես հիշեցի այն աղալարին, որ մեզ հրավիրեց իր վրանը, երբ մենք գնում էինք դեպի սուրբ Հակոբի վանքը: Հիշո՞ւմ եք, չկարողացանք վրանի տակ նստել, երբ լսեցինք այն թշվառ մարդու աղիողորմ ձայները...

Այն արդեն գազանային դատաստան էր, — և ապա ավելացրեց, — դուք ճշմարիտ եք. երկուսի մեջ նմանություն կա, և երկուսն էլ ասիացի բռնակալներ են, որոնք ստորադաս մարդու հետ բորենի են, իսկ մեծավորի առաջ՝ աղվես: Հիմար մարդիկ են... Այո՛:

Իսկ ի՞նչ դատաստան էր, — հետաքրքրվեց տիկին Էլոիզը:

Ձեր ջղերը թույլ են լսելու այդ պատմությունը, որ իմ հայրենիքի բիրտ բարքերն է վկայում:

Բայց ավելի սոսկալի չէ, քան այն, երբ խանձել են ձեր մազերը:

Ավելի սոսկալի է:

Եվ որովհետև տիկին Էլոիզը խնդրեց, նաև խնդրեց տիկին Պարրոտը, Արմենիերը պատմեց, թե ինչպես ուղևորության ժամանակ, Արարատի ստորոտում նրանք հանդիպում են վաչկատուն քրդերի վրանների, որոնց գլխավորըաղալարը») ճանապարհորդներին հրավիրում է յուր վրանը: Երբ նրանք ներս են մտնում, վրանի հետևից լսում են ինչ-որ աղեխարշ բացականչություններ: Մոտենալով, նրանք տեսնում են մի կիսամերկ մարդու, ձեռքը և ոտքը ամուր կապած և մեջքի վրա պառկած, այնպես, որ մարդը չէր կարող որևէ շարժում անել: Նրա վրա թափել էին մածուն և լոռի ջուր: Որովհետև շոգ էր, ուստի բազմաթիվ ճանճեր թափվել էին նրա վրա և ծծում էին մածունը և լոռի ջուրը: Երբ նրանք մոտեցան, ճանճերը մի կողմ թռան և պատժվածի մերկ մարմնի վրա նրանք տեսան արյան կաթիլներ: Ապա հետ եկան ճանճերը՝ մեծ և կանաչ թևերով, նաև փոքր ճանճեր և ուրիշ այլ ճանճեր, որոնք գազազել էին շոգից և առատ սննդից ու ծածկել էին մարդու մարմինը և վխտում էին կրծքի վրա, կզակի վրա, ականջների մեջ և ռունգերի մոտ ու աչքերի խոռոչում, — և անօգնական մարդն արդեն նվաղած միայն աղիողորմ տնքում էր: Պրոֆեսորը զայրացավ և ուղեկից կազակներին կարգադրեց, որ անմիջապես արձակեն կապերը: Արմենիերը նկատեց, որ աղալարը դժգոհում է, և նրան մի կողմ քաշելով հասկացրեց, որ գերմանացին ավելի հզոր է, քան ռուսների «սարու փաշան» և հորդորեց, որպեսզի աղալարն ինքն արձակի խեղճ մարդու կապերը: Քուրդը քրթմնջաց, բայց հանեց ահագին խանչալը և կտրտելով կապերը, կանչեց. «Այս աղաների ղուլն ես, մունդառ...»: Ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին այն մասին, թե քուրդը նորից չի՞ կապկպի այն մարդուն: Նրանք որոշել էին վերադառնալ նույն ճանապարհով և ստուգել, բայց երբ վերադարձան, ոչ վրանները կային և ոչ ոչխարի հոտերը, այլ մնում էին միայն օջախի քարերը, մոխրակույտը և հողի մեջ խրված այն սեպը, որից կապկպել էին մարդուն:

Իսկ ինչի՞ համար էին պատժել նրան:

Նրանց գլխավորն ասաց, որ իբրև թե նա վրանից յուղ է գողացել:

Ինչ խիստ են պատժում ձեր հայրենիքում, — ասաց տիկին Պարրոտը:

Ասիան ավելի խիստ պատիժներ գիտե: Այնտեղ գողության համար ձեռք են կտրում, բողոքելու համար լեզու են կտրում, իսկ սուտ լուրի համար կտրում են ականջը: Այդպես է Ասիան...

Բայց ես լսել եմ, որ այդպես պատժում են նաև ռուսներն իրենց ճորտերին, — առարկեց Արմենիերը:

Իսկ ռուսների երկիրը ինչով Ասիա չի, — տխուր պատասխանեց Պարրոտը, — և մենք դեռ ինչքան պետք է աշխատենք, որպեսզի այդ երկիրը դառնա մեր հայրենիքի նման: Լուսավորություն, ահա թե ինչն է պակասում ռուսներին: Լուսավորություն, և այն ժամանակ այս վայրենի ժողովուրդը հրաշքներ կգործի:

Իսկ մինչ այդ նրանք պիտի ծեծե՞ն խեղճ երիտասարդներին, — կծու ասաց տիկին Էլոիզը:

Պետք է ասեմ, որ մերոնք էլ պակաս հանցավոր չեն:

Նրանք միայն պաշտպանվել են:

Երանի այդպես լիներ... Ես միշտ ասել եմ, որ ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը բարի վախճանի չի հասցնի, — և պրոֆեսորը նայեց յուր սանին այնպես, կարծես այդ խոսքերով նրան խրատում էր զգուշանալ այդ պանդոկից: — Գինին և ճշմարիտ գիտությունն իրար թշնամի են:

Բայց նրանք երիտասարդ են, և նրանց զվարճանալ է պետք:

Այո, տիկին, սակայն ոչ այնպես, ինչպես այսօր զվարճացան: Այդ զվարճության համար երևի մի քանիսը պատժվեն, և որքան էլ ես սիրում եմ նրանց, այնուամենայնիվ պետք է պատժել, որովհետև երիտասարդների համար ոչինչ այնքան կործանարար չէ, որքան վատ օրինակը:

Ես գիտեմ, որ պարոն պրոֆեսորը ողորմած է:

Եվ յուր պաշտոնի մեջ խիստ, — ժպտալով վրա բերեց պրոֆեսորը, — իսկ ի՞նչ կասի այդ մասին մեր սիրելի Արմենիերը:

Այդ պատահարի մասին ինձ քիչ առաջ պատմեցին և ինձ շատ վրդովեցրեց հարբած վաճառականների անիրավությունը:

Ուրեմն, եթե դուք այնտեղ լինեիք, անշուշտ կմասնակցեիք կռվին և արևելցու ձեր տաքարյունությամբ գուցե ավելի հեռու գնայիք, քան ուսանող Թոմաս Բրյուլլը:

Ես չգիտեմ, բայց ես գութ ունեմ:

Դրա համա՞ր այնքան դառնացաք ծերունի Կրուչինսկուց:

Նա մի ասիացի բռնակալ է, ավելի բիրտ, քան այն քուրդը, որ յուր լեռներից բացի ուրիշ ոչինչ չի տեսել... — Նրա աչքերը բոցկլտացին ատելությամբ, և ազնիվ զայրույթից գեղեցկացավ դեմքը: «Այս հայի հոգին գանձեր ունի, ինչպես նրա խավար երկիրը, և արդյոք նա չափից ավելի չի՞ բորբոքում յուր ատելությունը», — մտածեց պրոֆեսորը, որ նրան խնամում էր, ինչպես անդրծովյան երկրից բերած մի գազանի, որ ձեռնասուն էր դարձել և սիրում էր նրա խնամող ձեռքը, բայց ուներ նաև ճանկեր, և մի անհայտ ուժ նրա մեջ երբեմն արթնացնում էր այլ բնազդներ:

Տիկին Էլոիզը վեր կացավ, գանգատվելով, որ երկար է նստել, և երևի արդեն անհանգստանում է նրա ամուսինը: Բոլորը ոտքի կանգնեցին:

Արմենիերը կուղեկցի ձեզ, և ապա կվերադառնա յուր բնակարանը և կպատրաստի դասերը, — ասաց պրոֆեսորը:

Ես նրան միայն ցույց կտամ Գերմանին՝ իբրև կենդանի ապացույց, որ նրան ոչինչ չի պատահել, — և տիկին Էլոիզը ծիծաղեց, ձգեց իրանը, նրա թավշե զգեստը ծալ-ծալ ծփաց, ինչպես կատվի մորթին, երբ տաք անկողնում զարթնում է կատուն:

Նրանք բարի գիշեր ասացին և հեռացան: Պրոֆեսորը սանդուղքի գլխին պահեց լապտերը, մինչև նրանք դուրս եկան փողոց:

Դուրսը մութ էր, և մարդաձայն չէր լսվում:

Երկար նստեցինք, — և տիկինը դանդաղեցրեց քայլերը: Նրանք լուռ գնում էին կողք-կողքի:

Դուք չե՞ք մրսում... Սառն է օդը:

Ես ցուրտ չեմ զգում:

Երիտասարդ եք և եռում է ձեր արյունը, իսկ ե՞ս, — և նրա ձայնը դողաց: Տիկին Էլոիզը յոթ տարով մեծ էր Արմենիերից, սակայն նա խնամքով էր պահել իրեն և տարիքից ավելի երիտասարդ էր:

Դուք դարձյա՞լ զայրացած եք:

Այն ծերունու վրա՝ այո՜:

Իսկ ի՞նչ էր պատահել դուրսը:

Արմենիերը պատմեց և ավելացրեց.

Ինչպե՞ս կարելի է... չէ՞ որ նա էլ մարդ է: Եվ ես գիտեմ, որ այն թշվառին երևի ավելի սաստիկ է պատժել, երբ հասել են պոլիցեյհաուզ: Նա ինքն արդեն սպառնաց:

Բարի է ձեր սիրտը, իմ բարեկամ, և թող միշտ այդպես մնա, — և մթնում տիկինը սեղմեց նրա ձեռքը, ապա թուլացրեց և զգաց, որ ուղեկիցն այլևս չի թողնում այդ տաք և քնքուշ ձեռքը:

Նրանք այդպես լուռ գնացին՝ ջերմ անրջանքի մեջ, և տիկինը միայն մտածում էր, որ չանցնեն իրենց տնակը, որովհետև երբեմն նրան թվում էր, թե ոչ թե քայլում են մութ փողոցով, ուր խավարի մեջ ուրվագծվում էին տները՝ սրածայր կտուրներով, փակ դարպասները և ծառերը, որ դեռ մերկ էին, և նոր էին ուռչում բողբոջները, — տիկին Էլոիզին թվում էր, թե քայլում են մի անսահման դաշտով, որտեղ ոչ մարդ կա, ոչ մարդաձայն է լավում, այլ միայն խշշում են խոտերը, և եղեգնուտի մեջ քնել են երկու թռչուն՝ կտուց-կտցի:

Ծանոթ դարպասին շուտ հասան:

Պրոֆեսոր Գերման Աուսլենդերը դռան մոտ գրկեց իր բարեկամին, կարծես նրան վաղուց չէր տեսել և երիտասարդը վերադառնում էր գերությունից: Նա ծալեց գիրքը և ուրախ բացականչեց.

Էլոիզը մեզ հյուրասիրում է սուրճովԱռանց առարկության:

Մագիստրատի աշտարակից ժամացույցը խփում էր կես գիշերը, երբ նա տուն վերադարձավ: Չէր հիշում, թե ինչքան էր շրջել դուրսը: Ինչ-որ մութ բան դառնում էր նրա հոգու մեջ, խլրտում էր, ինչպես աճում է բողբոջը գարնան գիշերին: Նա մերթ հիշում էր Դոմբերգը, ուր եղել էր ցերեկը և առանձնության մեջ արտասվել էր մի անառիթ տխրությամբ, որ երբեմն պատում էր նրան և նրան մղում էր դեպի բլուրները և անտառը և Էմբախի լուռ գետեզրը, մերթ ականջին հնչում էր ձայնը այն հիվանդ լեռնցու, որին ցերեկով այցելել էր, մերթ զգում էր մի քաղցր ջերմություն և ուռչում էր կուրծքը, թվում էր իրենն է ամբողջ աշխարհը և ինքն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, բայց մի ուրիշ հույզ, ինչպես մշուշ, ծածկում էր գարնան պարզկա երկինքը, և ոչինչ չէր երևում և միայն ծնոտի վրա զգում էր նույն ձեռքի ջերմությունը:

Հիմա արդեն սառն է և դուք կմրսեք, — տիկին Էլոիզը նախասենյակում բարձրացրել էր նրա օձիքը, ինչպես մայր, որ տաք փաթաթում է երեխային և այնպես դուրս թողնում:

9

Մի դժբախտ մարդ ողջունում է քեռի Մարտինին և խնդրում է իրեն հյուրընկալել...

Այդ խոսքերով մոտեցավ Թոմաս Բրյուլլը ծերունի Մարտինին, որը դեռ նոր էր տեղավորվել նստարանի վրա և քթախոտի տուփը ձեռքին ուզում էր ներս քաշել մի պտղունց, որից հետո պիտի ընթերցեր երեկոյան աղոթքը: Բայց ամեն ինչ խանգարվեց: Նա նստարանի վրա թողեց ոսկրե տուփը, աղոթագիրքը, նաև ահագին թաշկինակը, որ ծերունին արևի տակ փռել էր, որպեսզի փռշտալուց հետո տաք թաշկինակով քիթը սրբեր:

Նա գոտուց արձակեց բանալիների կապը:

Բայց լավ չի, պարոն Բրյուլլ, լավ չի, որ այդքան հաճախ եք այցելում ինձ... Դեռ ձմեռ էր, որ ես ստորագրեցի ձեզ համար և հիմա նորից... Աստված վկա, լավ չի:

Ավազից պարան ես հյուսում, քեռի Մարտին:

Նրանք ներս մտան մի նկուղ, որ ուներ միայն մի լուսամուտ այնքան բարձր, որ երկարահասակ մարդու ձեռքը չէր հասնի և այնքան փոքր, որ այդ նույն մարդը հազիվ կարող էր ձեռքը դուրս հանել, եթե բարձրանար աթոռակի վրա: Բակում մնաց միայն ավագ պեդելը` վիթխարի հասակով մի մարդ, որ թեև հագել էր կարճ կաֆտան և մինչև ծնկները բրդի գուլպաներ, բայց շարժ ու ձևերով հայտնի էր դարձնում, որ ժամանակին եղել է խստաբարո զինվոր և այդպիսին էլ մնացել է:

Պեդելը, որ ուղեկցում էր Թոմաս Բրյուլլին, թևի տակից հանեց մատյանը և քեռի Մարտինին ցույց տվեց ստորագրելու տեղը:

Ընդունում եմ մի գլուխ, որ իրեն մեղավոր չի ճանաչում, մի սիրտ, որ ատելությամբ է լցված իր թշնամիների հանդեպ, մի զույգ ձեռքեր, որոնք մի օր պիտի շոշափեն նրանց կողերը և մի մարմին, որին յոթ օր, յոթ գիշեր պարտավոր եմ պահպանել հացով ու ջրով... Ստորագրի՛ր, քեռի Մարտին, — նկուղի դռան մոտ արտասանեց Բրյուլլը և միևնույն ժամանակ ձեռքով նշան արեց «սև եղբայրներին», որոնք հեռվից հեռու նրան հետևել էին և այժմ փողոցից նայում էին դեպի բակը: «Սև եղբայրները» հասկացան, որ ավագ պեդելը հիմա պետք է վերադառնա և որպեսզի նրան չհանդիպեն, ցրվեցին՝ ինչ որ նշան անելով իրենց ընկերոջը:

Ավագ պեդելը լուռ հեռացավ, մատյանը թևի տակ, գլուխը բարձր բռնած և այնպիսի քայլերով, երբ ծնկները չեն ծալվում և թվում է, թե ոտքերը ձուլված են թուջից:

Եվ ինչի համար հանգիստ չեք մնում, պարոն ստուդենտ... — Եվ քեռի Մարտինը տնքալով ներս բերեց ջրամանը, ապա մի հաստ ներքնակ, որ երբեմն փռում էր արևին... — Հիմա ձեր ընկերների հետ կլինեիք, կարող էիք նավակով զբոսնել, մինչև անգամ կմտնեիք ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը և ուրիշ էլ ինչեր չէիք անի... Տեսեք, ինչ հիանալի երեկո է, ինչ գարուն է բացվում: Մինչև անգամ իմ արյունս է եռում... Չէ, երիտասարդ պարոն, ափսոս եք, շատ ափսոս... Եվ ինչպես պիտի յոթ օր, յոթ գիշեր մնաք այս վանդակում:

Ծերունին սրբում էր նկուղը և քրթմնջում քթի տակ: Այդ քեռի Մարտինի սովորությունն էր՝ խրատել սկզբում, ապա բարեկամանալ կալանավոր ուսանողի հետ, մինչև անգամ գաղտնի կերպով նրա համար հարմարություններ ստեղծել, պատճառաբանելով, որ ինքը քրիստոնյա է և չի կարող մերձավորի ծանր վիճակը չթեթևացնել: Բայց միշտ սկսում էր հանդիմանությամբ և նախատինքով:

Թոմասը կանգնել էր նկուղի մեջտեղը և անտարբեր լսում էր ծերունուն, բաց դռնից նայելով երկնքին, որտեղ արևն արդեն մանիշակագույն էր ներկում վերջալույսի ամպերը:

Համալսարանի տրիբունալը այդ օրն էր սահմանել վճիռը և, ինչպես կարգն է, վճռի ընթերցումից հետո ավագ պեդելը մոտեցել էր նրան, հասկացնելով, որ այժմ հարկավոր է գնալ ոչ թե գետափ կամ այգի և կամ էլ զվարճության, այլ պետք է յոթ օրով մնաս բարով ասել այդ բոլորին և քայլել դեպի «քեռի Մարտինի տնակը»:

Գործի քննությունը տևել էր մի շաբաթ: Կուրատորը հարցաքննել էր նաև այն ուսանողներին, որոնք Քարե կամուրջի կռվին չէին մասնակցել: Շատերն էին երդմանը վկայել, որ նախահարձակ եղել են ռուսները, իսկ Ստեֆան Գյունտերը, ցույց տալով իր մարմնի վերքերը, կուրատորի երեսին բղավել էր, որ եթե ռուսներին չպատժեն, ապա ինքը կբողոքի լուսավորության մինիստրին և կգրի, որ Դորպատի արքայական համալսարանը չի պաշտպանում ուսանողի կյանքը հարբած ամբոխից: Թոմաս Բրյուլլի հանցանքը թեթևացրել էին նաև այն մի քանի հարվածները, որ ստացել էին ուսանողներից ոմանք բռնցքամարտի ժամանակ, հարվածներ, որոնց հետքերը դեռևս երևում էին նրանց դեմքի վրա, իբրև կապտած ուռուցքներ: Այդ ակներև փաստերը անառարկելի էին դարձրել այն, որ հարձակվել էին ռուս վաճառականները, իսկ ուսանողները միայն պաշտպանել են իրենց և եղբայրության պատիվը: Բայց որովհետև Թոմաս Բրյուլլն առաջինն էր բռնցքակռվից անցել աղյուս նետելուն, և աղյուսներ նետել էին ամբոխի կողմը (այդպես էին վկայել բոլոր ուսանողները), որից կարող էին վնասվել պատահական մարդիկ, ուստի տրիբունալը որոշեց Թոմաս Բրյուլլին, իբրև ղեկավարի, յոթ օրով նստեցնել կարցեր:

Հապա, այդպիսի բաներ, պարոն երիտասարդ... Չեք լսում ծերունուս, չեք լսում, և ահա թե ինչ է լինում վերջը:

Քեռի Մարտին... Այդ բոլորը բարի՛... Բայց չե՞ս կարծում, որ այսպես մի քիչ կոշտ կլինի պառկել, մանավանդ, որ հիանալի երեկո է, հա՞, քեռի Մարտին:

Տեսնեմ, գուցե մի բան ճարվի... Միայն թողեք, որ մթնի, թե չէ այն դժոխքի պահապանը երբեմն գալիս է հոտ քաշելու, թե չլինի քեռի Մարտինը մոռացել է կանոնները և մեղմ է վարվում կալանավորի հետ... Իսկ այժմ՝ վառեմ ճրագը, և տանք կեսարինը կեսարին:

Քեռի Մարտինը ճրագը վառեց և կողպեց դուռը:

Իսկ մենք նորից թերթենք այս հին «ալբոմը», — տխուր ասաց Բրյուլլը, երեսը դարձնելով պատին:

«Ալբոմը» հենց այդ նկուղն էր, որ տրիբունալի վճիռների մեջ կոչվում էր criminal carcer, իսկ ուսանողներն անվանում էին «ալբոմ», որովհետև տարիների ընթացքում կալանավոր ուսանողները նկուղի պատերի վրա գրել և փորագրել էին իրենց ազգանունները, կալանքի թվականը, ամբողջ ոտանավորներ, «հիշատակներ», նկարներ և մինչև անգամ հայհոյանքներ:

Ահա հենց դռան մոտ մի քաջ լատինագետ գրել է Լամաքոս զորավարի խոսքը՝ Non licet in bellis bis peccare, իսկ մի ուրիշը, իրեն մեղավոր ճանաչելով, ավելացրել է. «Հայր, մեղանչեցի»: Մի ուրիշ տեղ, մի կալանավոր երևի տխրության ժամին գրել է՝ «Վայ մենակյաց մարդուն»... Ահա մի ամբողջ արձանագրություն գոթական սրածայր տառերով, «Հիշեցեք Թեոդոր Հերմնին Վյուրտեմբերգից, որ 1823 թվի հոկտեմբեր 12-ին ենթարկվեց կալանքի ութ օր, որովհետև նա քաջ սուսերամարտիկ էր»... «Այստեղ ապրել է Կազիմիր Կոստոշը, կուրատոր ֆոն Յանաուի մահացու թշնամին»: Այս արձանագրությունների արանքում բազմաթիվ էին միայն ինիցիալները երկու կամ երեք տառ: Ահա միայն մի անուն՝ «Կարոլինա», և մի սիրտ, որի մեջ խրված է սուսերը: Ո՞ւմ սիրտն է այդ, ո՞վ էր Կարոլինան, ի՞նչ էր մտածել կալանավորը այն աղջկա մասին. արդյոք նա՞ է խոցել երիտասարդի սիրտը սուր սուսերով, թե մի ուրիշը, որ խլել է աղջկա սիրտը, և կալանավորը երկար մտածել է սիրո և դավաճանության մասին և ապա որոշել է ազատվելու հենց առաջին օրը մենամարտի կանչել ախոյանին: Ոչինչ չի ասում ո՛չ այդ անունը և ո՛չ խոցված սիրտը...

Բայց պատերի վրա ավելի շատ էին ծաղրանկարները և այնպիսի նկարներ, որոնց մասին չի կարելի գրել: Ահա մեկը գրավել է պատի կեսը, նկարելով զանազան դեմքեր և արկածներ Դորպատի ուսանողների կյանքից, մի խումբ ուսանողներ կանգնել են մի տան դիմաց, իսկ նրանցից մեկը պարանե սանդուղքով բարձրացել է երկրորդ հարկը և պատուհանից ներս է նայում:

Երևում է, որ գիշեր է, որովհետև ներսը, սեղանի վրա վառվում է մոմը: Սենյակում քնած են ըստ երևույթին ամուսիններ... Հանդուգն ուսանողը բաց պատուհանից զմայլանքով է նայում անկողնում պառկած գեղեցկուհուն, որ քնի մեջ դեն է շպրտել մետաքսի ծածկոցը, և մոմի լույսով ցոլանում են դեռահաս մարմնի բոլոր սքանչելիքները և մանավանդ նուրբ ոտքը, որով ծունկ է արել կինը, ինչպես նժույգը՝ որ բարձրացնում է ոտքը՝ կաքավաքայլ սուրալու: Նրա կողքին քնած է մի ահագին մսագունդ, որ բարձի վրա երկարել է բրդոտ ձեռքը, և նրա հաստ մատները հազիվ են հասնում կնոջ մերկ թիկունքին, որի վրա, ինչպես ողկույզներ, կախվել են գեղեցկուհու գանգուրները: Մի ուրիշ նկարի վրա նույն սենյակն է, բայց արդեն ցերեկ է. ուսանողներից մի քանիսը սպասում են միջանցքում, իսկ այն երիտասարդը, որ պատուհանից էր նայում, ներս էր մտել և խոնարհ գլուխ տալով տանտիրոջը, ինչ-որ բան է հարցնում: Բրդոտ մսագունդը ձեռքերը խաչել է կրծքին և վախեցած նայում է. իսկ մարմաշե վարագույրի ետևից կիսով չափ դուրս է եկել այն երիտասարդ կինը և ամոթխած ծածկում է հոլանի պարանոցը և կուրծքը: «Կարլ Բրայտը փնտրում է ազատ ձեղունահարկ», — նկարի տակ ածուխով գրել է անհայտ կալանավորը:

Մի այլ տեղ նկարել են հրեա նպարավաճառին, որ երևի գնացել է ուսանողներից հավաքելու ստանալիքը... Նա սարսափած հետ է փախչում, փռփռում են կաֆտանի երկար փեշերը, նա արդեն ցեխի մեջ է թողել մի կալոշը, բայց վազում է, որովհետև նրա հետևից են ընկել գազազած ուսանողները՝ թրադաշույններով և երկար փայտերով, պատուհաններից դուրս են թափվել ուսանողները և խեղճ նպարավաճառի վրա շպրտում են դատարկ շշեր, ձվեր, կաղամարներ, իսկ մեկը պիստոլետը նշան է բռնել և ահա ուր որ է պիտի բռնկվի հրազենը:

Ահա սեղանի շուրջը բոլորել են չորս հոգի: Նրանցից երկուսը կեղծ ծամով են, երրորդի գլխին փռյուգիական թասակ է, իսկ չորրորդը դրել է խեղկատակի գլխարկ երկու բոժոժներով: Սանդուղքի գլխին երևում է մի ուրիշը, որ ուղղվել է դեպի այն սենյակը, ուր սեղանի շուրջ բոլորել են չորս հոգի: Այդ մարդը շալակել է գինու տակառը, որի վրա նստել է մի գեր խոճկոր. նրան հետևում է մի երիտասարդ տղա, որ գրկել է կողովը՝ բաժակներով, ափսեներով, դանակ-պատառաքաղով. նրանից հետո բարձրանում է մի ավելի փոքր տղա, որ ձեռքերի վրա տանում է մի կարկանդակ, ապա բարձրանում է նրանից ավելի փոքր տղա, որ տանում է միայն աղամանը և նրա հետևից, առանց աղամանի, չորեքթաթ բարձրանում է մի երեխա և վերջապես՝ այդ բոլոր երեխաների մայրը և կինն այն մարդու, որ կքել է տակառի ծանրության տակ: «Per aspera ad astra»(, — նկարի տակ գրել է անհայտ նկարիչը, հավանորեն կամենալով պատկերել այն անցած ժամանակները, երբ Դորպատի բուրշը քննություն տալու համար գնում էր պրոֆեսորի տունը, նախօրոք այնտեղ ուղարկելով գինի և երշիկ և թեյ և շաքար, և ենթարկվելով խստագույն քննության, տուն էր վերադառնում հարբած, սակայն որպես մագիստրոս աստվածաբանության: Եվ դեռ ուրիշ շատ նկարներ կային այդ գետնահարկ զնդանի պատերի վրա, որտեղ, ինչպես գերեզմանատանը, կողք-կողքի շար էին ընկել իրար անհարիր գրություններ, որոնց հեղինակները հաջորդաբար քնել էին նույն սառն անկողնում: Եթե մեկը կամենար գրել Դորպատի համալսարանի պատմությունը, ապա ամենահետաքրքիր էջերի նյութը կարող էին կազմել այդ հիշատագրերը՝ ածուխով, երկաթի կտորով, մատիտով և նույնիսկ եղունգներով, որոնց տերերը՝ բոլորը երիտասարդ մարդիկ, թողել էին իրենց թաքուն մտքերն այնպես սեղմ, ինչպես տապանագիրը: Ոչ ոք չէր ավերել և ոչ մի նշան, կուրատորների կոլեգիայի և ոչ մի անդամ ներս չէր մտնում այդ խավար կալանատունը, պեդելները կալանավորներին դռան մոտ էին հանձնում քեռի Մարտինին, որի աչքերը չէին նշմարում գրությունները պատերի վրա, իսկ կալանավորները և՛ հեղինակներն էին, և՛ ընթերցողները այդ զարմանալի գրքի, որով նրանք մեղմում էին մենակության ձանձրույթը:

Թոմաս Բրյուլլը դանակով մի ազատ խորշում փորագրեց. «Ես գիտեմ, որ իմ սիրտը մի օր ինձ պիտի տանի դեպի հունական ( տառը(, — բայց և այնպես կեցցե հաջորդը»:

Ապա գրատը փռեց և պառկեց մեջքի վրա:

10

Պատի վրա խաղում է ինչ-որ ստվեր, կարծես թարթում է մի վիթխարի աչք, որի բիբն է լուսամուտը, հազիվ նշմարվող լույսով... Ոչ. այդ ճրագն է պատրույգի ուրախ աղմուկով: Ուրեմն մայր է մտել արևը... «Արևը մայր է մտել, ինչպես մեռնում է դյուցազնը»: Երևի քնել է մի ժամ, երկու ժամ, գուցե ավելի: Նա չի հիշում... Ինչ լա՛վ էր Բոհեմիայի անտառներում թռչնորս Վալտերը ցույց էր տալիս այն ավերակ դղյակը, որտեղ ապաստանել է Կարլ Մոորը: Ինչ խավար գիշեր էր. անտառի վրա կարկտախառն անձրև էր, և դղրդում էր որոտը, կարծես տրաքվել էր հեղեղը և գալիս էր զարհուրելի զորությամբ... Այն ինչ աղմուկ է դրսում. լսվում են ոտնաձայներ, ապա մի վայրկյան լռում են: Պատուհանից ոչինչ չի երևում: Լսվում է մետաղի ձայն. քեռի Մարտինը բանալին դարձնում է կողպեքի մեջ, և հանկարծ ներս են խուժում չորս հոգի՝ փաթաթված սև թիկնոցների մեջ: Նրանք լապտերներով են:

Տիդելեն... Դու է՞լ, Մորից... Նաև ինքը՝ Մունջ Արքան:

Եվ Թոմասը գրկեց իր ընկերներին, որոնք դեն նետեցին օտարոտի թիկնոցները և գլխարկները, որ հագել էին կալանավորին հանկարծակիի բերելու:

Տես, թե ո՞վ է եկել մեզ հետ, — ուրախ կանչեց Տիդելենը, ցույց տալով մի երիտասարդի, որը դռան մոտ կանգնած նայում էր ընկերների գրկախառնվելուն և միաժամանակ զարմացած դիտում էր համալսարանի հռչակավոր criminal carcer-ը:

Թոմասը մի քայլ մոտեցավ.

Արմենիե՛ր, իմ սիրելի եղբայր... — Երիտասարդը ձեռքի կապոցը վայր դրեց, և նրանք իրար գրկեցին:

Արմենիերի աչքերը լցվեցին: Նա ոչինչ չասաց և աչքերը խոնարհեց գետին:

Մենք դեռ հեռվից լսեցինք ինչ-որ աղմկալի խոսակցություն, — արագ-արագ ասաց Տիդելենը, որ մի րոպեում տասն անգամ արդեն չափել էր կարցերն անկյունից անկյուն:

Մի քիչ հանդարտ, պարոնայք ուսանողներ... Դրսից կարող են լսել, — բայց քեռի Մարտինի աղերսին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, և ծերունին բարվոք համարեց դուռը ծածկել և հեռացավ՝ շարունակելու քունը, որովհետև նրանց կապոցներից և կողովներից, որ ուսանողները ներս էին բերել լայն թիկնոցների տակ, քեռի Մարտինը եզրակացրեց, որ նրանք դեռ երկար պիտի նստեն...

Ես մերոնց պատվիրեցի սպասել փողոցի անկյունում: Մոտենում եմ և ինչ եմ տեսնում... Արմենիերը կռվի է բռնվել քեռի Մարտինի հետ: Նա նրան ներս չի թողնում՝ պահանջելով ցույց տալ մատրիկուլի թերթը: Այդ ժամանակ ես քեռի Մարտինին մի կողմ քաշեցի. «Գիտե՞ս սա ով է, քեռի Մարտին... Սա Արմենիերն է, ռեկտորի սիրելին և Արարատ բարձրացողը, բացի այդ, նա հոգևոր կոչումից է...»:

Следующая страница