Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Այդ զարմանալի Աշինգերը ձյունամրրիկին ծրարներն անձամբ էր տանում ռեկտոր Գևորգ Ֆրիդրիխ Պարրոտինայն ժամանակ որդին՝ Ֆրիդրիխը, որ ռեկտոր է այժմ, դեռ երիտասարդ էր...»): Այդ հեռավոր ժամանակներից Աշինգերի այրին ինչպե՞ս պիտի հասներ եկեղեցի, որտեղ նա հանդիպել էր երկու տիկիններին և ապա տիկին Պարրոտը նրան հարցրել էր.

Չգիտե՞ք մի հարմար սենյակ առաքինի տան մեջ մեր բարեկամ Արմենիերի համար... Եվ որ տանտիրուհին հոգա նրան, դաստիարակի, որովհետև նա խնամքի կարոտ է...

Մի ժամից հետո տիկին Աշինգերի խոսքը նորից դարձավ Արմենիերին:

Ահա շուտով կլրանա վեց ամիս, ինչ նա ապրում է իմ տանը և ես միշտ փառք եմ տալիս Աստծուն, որ հանդիպել եմ այդպիսի մարդու: Ո՛չ աղմկում է, ո՛չ նրան հարբած եմ տեսել, ո՛չ ուրիշ անիրավություններ է անում, ինչպես օրինակ՝ նա՛, — և տանտիրուհին այս խոսքի վրա ձայնը ցածրացրեց, մատը մեկնելով դեպի ձեղունահարկը, — նույնիսկ ամոթ է նրան պարոն ուսանող ասելՆա լավ կաներ շրջեր տոնավաճառներում և բռնցքակռվով փող աշխատեր: Ա՛յ, եթե ողջ լիներ իմ հանգուցյալ ամուսինը, նա նրան ցույց կտար: Բայց ես, այրիս, ի՞նչ կարող եմ անել: Իսկ Արմենիերը՝ անմեղ աղավնի է... Դեռ ամիսը չլրացած ծեծում է դուռս և ասում. «Կարելի՞ է, տիկին Աշինգեր... Ահա այս ամսվա վարձը՝ յոթ ռուբլին»: Եվ վճարում է: Ես գիտեմ, որ նրա թոշակը քսանհինգ ռուբլի է և յոթ ռուբլին ինձ է վճարում, բայց դրա փոխարեն ես նրան հատկացրել եմ ամենալավ սենյակը՝ երկու պատուհանով և ծաղիկներով, — տիկին Աշինգերը բացեց սենյակի դուռը, — նաև ինքս եմ հավաքում սենյակը, լվանում եմ նրա ներքնաշորը և խնամում եմ, ինչպես մայրը որդուն: Հենց մի շաբաթ առաջ նա ինձ՝ թե «Տկար եմ, տիկին Աշինգեր»: Եվ ես նրան այնպիսի մուգ թեյ տվի և իմ տզրուկներով արյուն առա նրանից, և նա մյուս օրը ոտքի կանգնեց... Իմ տզրուկները մինչև անգամ բուրգմեյստերի կնոջն են առողջացրել... Նաև պատահում է, որ մի տեղ կարը քանդվում է, և թել ասեղ է հարկավոր: Տղամարդ լինելով նա անհոգ է և մինչև անգամ չի նկատի, եթե կարը քանդվելով հասնի Ռիգա, և կամ մի կոճակ այնպես է կախվում, որ խղճահարվում ես, թե ինչո՞ւ է նա այդպես կախվել, ինչպես իմ ամուսնու ֆրակի կոճակները, և ամոթ է ասել տաբատի կոճակները, որոնցից մեկն ու մեկը միշտ օրորվում էր թելի վրա, ինչպես հարբած գլուխ, և ես դեռևս միտք եմ անում, թե արդյոք նրա բոլոր կոճակները վայելուչ տեսքո՞վ էին, երբ հանգուցյալին դրին դագաղի մեջ...

Մատիլդան հառաչեց, որովհետև զգայուն էր և չէր կարող առանց հառաչելու լսել մահվան մասին:

Եվ առանց խոսքի առնում եմ նրա տաբատը կամ ժիլետը, կարում եմ քանդված կարը, ամրացնում եմ կոճակը, որովհետև մտածում եմ, մեր քաղաքում նա հարազատ մայր չունի և քույր չունի և կին չունի և մինչև անգամ խղճի ընդդեմ է, որ այդպիսի մարդը շրջի առանց կոճակի... Իսկ սենյակը ոչ մի պակասություն չունի: Եթե Դոմբերգի գագաթին արև կա, արևն այս սենյակի մեջն է: Իսկ այն բազմոցը, որ տեսաք, իմ ամուսնու սիրած բազմոցն էր: Ես այս սենյակը տեղափոխեցի, թեև կոնտրակտի մեջ չի հիշատակված, — տեղափոխեցի, որպեսզի Արմենիերի օթևանը բոլորովին շքեղ լինի, ինչպես բարոնի որդու բնակարանը: Եվ ամենևին չեմ փոշմանել, քանի որ նա արժանի է... Իսկ այն մեկը, — տանտիրուհին մատը նորից վեր բարձրացրեց, — չեմ կարող ասել, թե ինչպիսին է... Ամբողջ ձեղունահարկն զբաղեցնում է տարին տասնութ ռուբլով և ինն ամիս է ոչինչ չի վճարել: Եվ մինչև անգամ վախենում եմ նրան խոսեցնել... Իսկ Արմենիերը, չեմ կարող ասել, ինչքան բարեհոգի է: Երբեմն այնպես է երգում, այնպիսի քաղցր ձայնով է երգում, որ պատի ետևից ես լսում եմ, լաց եմ լինում, հիշելով իմ հանգուցյալ ամուսնուն: Իսկ թե ինչքան խելոքն է, այդ մասին էլ խոսք չկա: Իզուր չէ, որ պարոն պրոֆեսորը բոլոր հայերից միայն նրան է ընտրել:

Այո, իմ պարոնն ևս ասում էր, որ նա խելոք է, — ընդհատեց Մատիլդան, — ես ինքս եմ լսել նրա զրույցը տիկնոջ հետ... Նա ասում է, որ եթե այսպես գնա, հերր Արմենիերը կարող է մինչև անգամ պրոֆեսոր դառնալ:

Եվ կդառնա... Անպատճառ կդառնա: Նա գիշերները համարյա չի քնում և շարունակ կարդում է: Տեսա՞ք մոմը, մինչև վերջ վառված էր: Իսկ երեկոյան դեռ բոլորովին նոր էր մոմը:

Իսկ իմ տիրուհին ևս նրան շատ է սիրում:

Օ՛, տիկին Էլոիզը հրեշտակ է... Ամեն անգամ նրան ուզում եմ այցելության գնալ և շնորհակալ լինել նրա բարեխոսության համար, բայց դեռ չեմ գնացել:

Երբ տանը քաղցրավենիք է լինում կամ կարկանդակ, իմ տիրուհին ինձ հարցնում է. «Մատիլդա, պահե՞լ ես Արմենիերի բաժինը...»:

Հապա Արմենիերն ինչպիսի գովեստով է խոսում տիկնոջ և պարոն Աուսլենդերի մասին: Նա ասում է, որ հավիտյան չի մոռանա այդ տունը:

Տիկին Աշինգեր, միայն ձեզ եմ ասում, — և Մատիլդան շշնջաց նրա ականջին, — իմ տիրուհին ասեղնագործում է տղամարդու այնպիսի կրծկալ, որ ամբողջ քաղաքում ոչ ոք չունի: Սև թավիշ է, վրան ոսկեթելերով և մարգարիտներով այնպիսի շուշաններ, որ կարծես նոր են քաղել: Իսկ վզի վրա՝ վարդերի ժանյակը և երկու թիթեռ. մեկն սպիտակ, մյուսը՝ դեռ չի սկսել, այլ միայն նշան է արել...

Ա՛յ-ա՛յ-ա՛յ, — և այրի Աշինգերը հիացմունքից փափուկ ձեռքը խփեց իր այտին և այդպես էլ պահեց ձեռքը: — Եվ ո՞ւմ համար է գործում:

Ես այնպես եմ միտք անում, որ պարոն պրոֆեսորի համար չի գործում, քանի որ գույները և նախշերը երիտասարդի են:

Ուրեմն... Ա՛յ-ա՛յ-ա՛յ...

Միայն խնդրում եմ, տիկին Աշինգեր, ոչ ոքի... Որովհետև դեռ չի վերջացրել և կարելի է, որ ուզում է անսպասելի նվիրել...

Տիկին Աշինգերը ոչինչ չպատասխանեց, այլ ճապաղած աչքերով նայեց Մատիլդային, ձեռքն այտի վրա... Նա խոր միտք էր անում, թե առաջ որի՞ն պատմի` կողովագործի կնո՞ջը, որ ապրում էր նրա տան ներքնահարկում, թե՞ հարևան վարսավիրի կնոջը: Եվ որոշեց, որ ավելի լավ է սկսել մահուդավաճառի կնոջից, քանի որ նա տիկին Աշինգերի տզրուկներն ավելի զորավոր է համարում վարսավիրի տզրուկներից:

Իսկ շուտո՞վ պետք է նվիրի, — սթափվեց պոստմեյստերի այրին:

Չեմ կարող ասել: Այս առավոտ իմ տանտիրուհին թեև գունատ էր, բայց երբ պարոն պրոֆեսորը գնաց, վերցրեց թավիշը և սկսեց ասեղնագործել: Առաջ նա ճաշից հետո էր գործում, երբ քնում էր պարոն Գերմանը, իսկ այսօր առավոտյան կանուխ սկսեց...

Ուրեմն շտապում է:

Եվ ինձ ասաց, որ ծնկները փաթաթեմ, որովհետև իրեն վատ է զգում: Երեկ նա թեթև էր հագնվել և երևի մրսել է:

Երեկոները դեռ ցուրտ է... Իսկ ես ինչպես եմ մրսում:

Երբ նրան փաթաթեցի, իմ տիրուհին հարցրեց, թե. Մատիլդա, դու գիտե՞ս տիկին Աշինգերի տունը Գրունշտրասսեի վրա: Ես պատասխանեցի՝ այն տունը չէ՞, որտեղ հերր Արմենիերն է ապրում... Հիշո՞ւմ եք, տիկին Աշինգեր, ձմեռը ծննդյան տոնին մի անգամ եկա և պարոնի համար կարկանդակ բերի:

Հիշում եմ, սիրելիս, և հիշում եմ, որ համեղ կարկանդակ էր...

Ես այդպես էլ ասացի իմ տիրուհուն: Իսկ նա այնպես մանրամասն նկարագրեց տունը, թե երկու պատուհան ունի, որ նայում են փողոցին, կարմիր աղյուսե տուն է, դարպասը կանաչ գույնի և դարպասի առաջ երկու լորենի...

Եվ ի՛նչ լորենիներ...

Իմ տիկինն այնպես նկարագրեց, որ առանց մոլորվելու գտա ձեր տունը և դեռ հեռվից տեսա երկու լորենին...

Որ տնկել է իմ հանգուցյալ ամուսինը, Մատիլդա, իմ և նրա լորենիները, երբ մենք նորապսակներ էինք և...

Բայց արցունքը նրան խանգարեց և պոստմեյստերի այրին գոգնոցով սրբեց արցունքը:

Իմ տիրուհին ասաց. «Մատիլդա, գնա Արմենիերի առողջությունը հարցրու, նաև ողջունիր տիկին Աշինգերին և իսկույն վերադարձիր»: Նա ասաց, որ վատ երազ է տեսել և սիրտն անհանգիստ է:

Բայց ո՞ւր է Արմենիերը, — զարմացած հարցրեց տանտիրուհին և կարծես միայն այդ վայրկյանին նա հասկացավ, որ տիկին Էլոիզն աղախնին ուղարկել էր Արմենիերի մասին տեղեկանալու:

Ո՞ւր կարող է լինել, — և նորից բացեց դուռը, երկուսով ներս մտան, կարծես ենթադրում էին, որ Արմենիերը կարող էր սենյակում լինել և կամ աննկատ ներս մտնել այն ժամանակ, երբ պատշգամբի վրա այրի Աշինգերը Մատիլդային պատմում էր հանգուցյալ պոստմեյստերի մասին:

Ուրեմն նա հագել է կապույտ սյուրտուկը... նաև գրատը չկա: Իսկ այդ սյուրտուկը դեռ թաց է...

Մատիլդան հետաքրքրությամբ նայում էր պատից կախված նկարին:

Այդ նրանց գլխավոր տաճարն է... Ինքը Հիսուսը գիշերով իջել է երկնքից, մուրճով խփել է գետնին և ասել է. «Այստեղ կառուցել մի տաճար...»: Եվ այդտեղ էլ կառուցել են: Իսկ այն սարը, որ հեռվում երևում է, Մատիլդա, սուրբ սար է... Դա Արարատն էՈրտեղ Նոյի տապանն է իջել, իսկ այժմ այնտեղ հերր պրոֆեսորը ցցել է մի խաչ, որ ինքս տեսել եմ, որովհետև այդ խաչը պատրաստել է Իոհան Ցիգլերը, իսկ նրա կինն իմ հանգուցյալ ամուսնու հորեղբոր աղջիկն է...

Մատիլդան նայում էր այնպիսի սնահավատ երկյուղով, կարծես այդ նկարն էլ սուրբ էր, և նա տատանվում էր՝ խաչակնքե՞լ, թե՞ համբուրել:

Բայց այդ ժամանակ ձեղունահարկից լսվեցին ինչ-որ ձայներ: Տիկին Աշինգերը ձեռքը զարկեց ազդրին:

Ա՛յ... Արմենիերը այնտեղ է: Այդպես էլ է, Մատիլդա... երևի ես մառանումն եմ եղել, որ նա բարձրացել է վերև: Մատիլդա, — և նա ձայնը մեղմեց, կարծես վախենում էր վերևից լսեին, — ինձ դուր չի գալիս նրանց բարեկամությունը... Իհարկե, ինձ անհարմար է Արմենիերին զգուշացնել, բայց դու ասա տիկին Էլոիզին, ասա իմ անունից, և թող Արմենիերն այլևս նրա հետ, — տանտիրուհին ցույց տվեց ձեղունահարկի կողմը, — բարեկամ չլինի... Այ, տեսնո՞ւմ ես, — և ձեռքը մեկնեց դեպի տրորված անկողինը, — վերևի կենվորի շնորհքն է: Իսկ մինչև այդ, Արմենիերն այսպիսի բան չէր անում... Բոլորը նա է սովորեցնում: Ինն ամիս է վարձը չի վճարել և դեռ ճանապարհից հանում է ազնիվ երիտասարդին:

Տիկին Աշինգերն սկսեց հարդարել անկողինը: Նա Մատիլդային խնդրեց բարձրանալ ձեղունահարկը, ուր հավանորեն պետք է լիներ Արմենիերը:

Ես այնտեղ ոտք չեմ դնի, մինչև հարգելի պարոնը չվճարի իր պարտքը... Կտուրն էլ կաթի, ես դարձյալ չեմ բարձրանա:

Մատիլդան փայտե սանդուղքով վեր ելավ:

Դեռ սանդուղքի վրա լսեց, որ մեկը կարծես գոռգոռում էր: Երբ մոտեցավ դռնակին, Մատիլդային թվաց, թե ներսը խոսում են անծանոթ լեզվով: Նա դուռը բախեց:

Դուռը բաց է, — նորից դղրդաց մի ձայն:

Աղջիկը ներս մտավ: Ծխի մեջ նա տեսավ մի վիթխարի մարդ, որի գլուխը հասնում էր առաստաղին: Նա առանց շապիկի էր, և նրա մերկ կրծքի վրա ինչ-որ սև գծեր կային: Մարդը ձեռքին բռնել էր երկար սուսեր: Նկատելով աղջկան, նա թիկնոցով իսկույն ծածկեց մարմինը և երկու քայլ արեց դեպի աղջիկը: Բայց այդ վայրկյանին Մատիլդան անկյունում նշմարեց ուրվականի պես զարհուրելի մի բան, որ գլխին ուսանողի գդակ ուներ և ատամներով բռնել էր այրվող ծխամորճը:

Մատիլդան սարսափից ճչաց, փակեց դուռը և իրեն նետեց պատշգամբ:

Տիկին Աշինգերը դուրս վազեց սենյակից: Պատշգամբ բարձրացավ նաև կողովագործը, որ բակում կիտել էր կողովները և այդ րոպեին ուզում էր դարպասը բաց անել կողովները շալակով տանելու համար: Նա առաջինը նկատեց աղջկա վայր իջնելը, բայց մինչև բարձրանար, տիկին Աշինգերն արդեն գրկել էր ուշագնաց Մատիլդային:

Ջուր, մի գավաթ ջուր, — կանչեց տանտիրուհին:

Կողովագործը ջուր բերեց:

Տանտիրուհու կանչին դուրս վազեց նաև կողովագործի կինը, նրա հետևից երկու երեխան: Նրանք բոլորը բարձրացան պատշգամբ:

Մատիլդան ուշքի եկավ:

Այնտեղ... Կտուրի տակ սատանա կա... Նա ծխում էր ծխամորճը, իսկ մի ուրիշը թուրը ձեռքին պահապան էր կանգնել:

Հիսուս Քրիստոս, — և տիկին Աշինգերն ահից այլևս ոչինչ չասաց: Կողովագործի կինը գիրկն առավ փոքրին: Բոլոր կանայք լուռ նայեցին միակ տղամարդուն՝ կողովագործին, որը նույնպես լուռ էր:

Ձեղունահարկի բնակիչը, որից այնքան գանգատվում էր տանտիրուհին, Օտտոկար Դրիշն էր, մեկը այն առաքինի ուսանողներից, որոնք մեղրագինին խմում էին ձիու պես, բռնցքակռվի մեջ առյուծ էին, զվարճանում էին ինչպես ազատ թռչուն, բայց և գիտեին եզի նման չարքաշ աշխատել:

Մոտենում էին քննությունները և մի շաբաթ էր, որ Դրիշը ձեղունահարկում, ուր լույսն ընկնում էր կտուրի մեջ բացված կլոր պատուհանից, — սերտում էր anatomia regionum

Այն, ինչ որ Մատիլդայի աչքին երևաց, որպես զարհուրելի ուրվական, մարդու կմախք էր` ոչ բոլոր ոսկորներով, որ հավաքել էր Օտտոկար Դրիշը սուրբ Մարիամի մատուռի մոտ, այնտեղ, ուր Ալեքսանդր I-ը հողին էր հանձնել «ոսկորները զանազան ժողովուրդների»: Եվ որովհետև պակասում էին մի քանի կողոսկրներ, ուստի Դրիշն իր մարմնի վրա ածուխով նկարել էր այդ ոսկորները:

Իսկ մնացածը՝ ինչ տեսել էր Մատիլդան, իրական էր: Օտտոկարը իր բերետը հագցրել էր գանգին և ծխամորճը կոխել էր նրա բերանի խոռոչը և ոչ միայն գոց արտասանում էր հարյուրավոր ոսկորների անունները և սուսերով ցույց էր տալիս ոսկորը, այլև կմախքի հետ բարձրաձայն խոսում էր.

O, maxilla superior (և սուսերի ծայրով դիպչում էր վերի կզակին), որը տիկին Աշինգերին նմանեցնում է զառամյալ կապիկի, նաև դուք vertebrae collus, որ թաղվել եք նրա ճարպի մեջ... Ապա այդ նիհար costae-ները (և սուսերի ծայրը ցատկտում էր կրծքի վանդակի ոսկորների վրայով և ոսկորները ստեղների նման ձայն էին հանում), այս ոսկորե վանդակի մեջ, ով անհայտ homo sapiens, քո սիրտը արդյոք ըմբոստացե՞լ է երբևիցե, բաբախե՞լ է մի վսեմ նպատակի համար, թե եղել է հում մսագունդ:

Օտտոկար Դրիշը այդպես էր ուսանում ոսկրաբանությունը և pelvis-ի ոսկորների հետ խոսում էր այնպիսի քնքշությամբ, որպիսին ոչ ոք չի խոսել սիրած կնոջ հետ:

Նկատելով անծանոթ աղջկա հանկարծակի աներևութանալը և լսելով նրա ճիչը, նաև աղմուկը պատշգամբի վրա, — Օտտոկարը շտապ հագնվեց և իջավ ներքև այն ժամանակ, երբ բոլորը լուռ նայում էին կողովագործին, իսկ նա նայում էր կողովների կույտին, մտածելով, որ իզուր կորչում է ժամանակը, և այսօր հազիվ թե վաճառի երկու կողով:

Սանդուղքի վրա տեսնելով Օտտոկարին, կողովագործը բարևեց նրան և հանդարտ ասաց.

Լավ կատակ չեք անում, պարոն ուսանող...

Եվ իջավ բակը` դարպասը բաց անելու:

Ի՞նչ է պատահել, — Օտտոկարը սիրալիր նայեց Մատիլդային, զգալով, որ դուռն այդ աղջիկը բացեց: Մատիլդան հարդարեց մազերը և գոգնոցը, նույնիսկ թեթև շիկնեց: Նա աչքերը գետին խոնարհեց: Այնքան անմեղություն կար նրա դեմքին, որ Օտտոկարը խղճահարվեց:

Ջեզ երևի վախեցրեց կմախքը և իմ անհամեստ տեսքը: Ներեցեք ինձ...

Մատիլդան թաքցրեց ժպիտը: Տիկին Աշինգերը ակնհայտ դժգոհ էր այդպիսի վախճանից: Նա սպասում էր, որ Մատիլդան նախահարձակ լինի, ապա կխառնվի կողովագործի կինը և ապա ինքը մի անգամից կթափի կուտակված մաղձը:

Բայց այդպես չեղավ: Մատիլդան ամոթխած ասաց.

Ես բարձրացա տեղեկանալու Արմենիերի մասին և հանկարծ... Աստված իմ:

Այդ ժամանակ դարպասով ներս մտավ մահուդավաճառի կինը, նրա ետևից վարսավիրի կինը, ապա մի կին, որի ամուսինը ոչ մահուդավաճառ էր և ոչ վարսավիր, այլ վաղուց խեղդվել էր ջրում, նաև չորրորդը, որ կին չէր, այլ ձկնորս էր և ապա հինգերորդը՝ ընկնավոր Վասիլիսան, և երբ վեցերորդը երևաց, որը հայտնի չէ, թե ինչու ներս մտավ ճիլոպը գլխին գցած, կողովագործի կինը իսկույն նկատեց բացակայումը իր երկրորդ տղայի և հասկացավ, որ նա էր փողոցում հրդեհ գցել: Կինը դուրս գնաց, գնաց և Մատիլդան, պատշգամբի վրա թողնելով տիկին Աշինգերին, որը հետզհետե բորբոքվելով հանկարծ ժայթքեց:

Օտտոկարը մի պահ նայեց բազմության, ապա վեր բարձրացավ և քիչ հետո վերևից կախվեց կմախքը, գանգի վրա կանաչ բերետը, ծնոտների մեջ՝ ծխամորճը և ձեռքին պիստոլետ: Կանայք վախից ճչացին և դարձրին երեսները, իսկ որոնք երիտասարդ էին, գոգնոցները քաշեցին դեմքներին և այդպես փախան: Միայն ձկնորսը, որ կին չէր, այլ պառավ տղամարդ, ծխամորճը բերանից հանեց և թքեց:

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում այդ ձկնորսը հետո պատմում էր, որ իբր թե կմախքից կախված է եղել նաև հոլլանդական երշիկ և այնպես է կախված եղել, որ ձկնորսը ամաչել է պատմել:

15

Գիշերը չէր քնել և արդեն լուսադեմն էր, երբ փակեց գիրքը: Անձրևը դադարել էր: Պատուհանից երևում էր լուսաբացի պարզկա երկինքը:

Նա տնից դուրս եկավ: Փողոցը լուռ էր: Տների վրա ծփում էր գաղջ մշուշը: Աղյուս բարձած մի դրոգ երևաց փողոցի ծայրին և անհետացավ: Թեև դրոգը հեռու էր, բայց նրա աղմուկը դեռ լսվում էր, ինչպես խուլ որոտ: Նա ծռվեց դեպի գետը: «Ռուսական ծայրամասում» (այդպես էր կոչվում ռուսների արվարձանը) նա հանդիպեց մի մարդու, որ միայն շապիկով կանգնել էր դռան առաջ և ծխում էր: Երբ անցավ նրա կողքով, զգաց թարմ հացի հոտ... Իրենց թոնիրը հիշեց: Այնքան քաղցր էր այդ ծխահամ հոտը լուսաբացին:

Մարդը զարմացած նայեց նրա ետևից և մտածեց. ո՞վ գիտե ով է... Տեսքից՝ պարոն է, բայց ինչու առավոտ կանուխ թրև է գալիս այս կողմերը: Երևի լուսացրել է մի վաճառականի կնոջ հետ:

«Ռուսական ծայրամասից» այն կողմ քաղաքը վերջանում էր: Էստ ձկնորսների ցաք ու ցրիվ խրճիթները, որ նման էին անտառի մրջնաբների, նաև քանդված հողմաղացը ավելի էին հաստատում, որ այն կողմը ոչ միայն քաղաք չկա, այլև չկան այդպիսի խղճուկ տնակներ, և կան միայն ծառեր, բլուրներ և տխուր դաշտեր, որոնց միջով սահում է Էմբախը:

Նա բռնեց գետակի արահետը և գնաց, մինչև արահետը կորավ չոր խոտերի մեջ: Արևը խփեց դիմացի բլուրին: Նա հասավ մի փոքրիկ բարձրության, որտեղ ծառերը շրջապատել էին ինչ-որ ավերակի: Ճգնարան էր, թե հին եկեղեցի, գուցե և մնացորդ մի բերդի, որ ով գիտե, երբ էր ավերվել: Դեռ մնում էր դռան հետքը. մի կաղնի բուսել էր ավերակի ներսը և հետզհետե խարխլել էր պատերը:

Չորս կողմը խաղաղ լռություն էր: Ներքևը՝ հանդարտ ծփում էր Էմբախը, երբեմն միայն մի ալիք խշշալով լիզում էր գետափի ավազը: Այդ խաղաղ լռությունը պատեց նաև նրան: Բնության այդ խորշը նրան հարազատ թվաց, կարծես այդտեղ եղել էր նաև ուրիշ անգամ, շատ վաղուց, այն տարիները, երբ հորթարածի հետ հանդ էր գնում, հորթերը հանգստանում էին գետի հովում, մտնում էին զով քարայրները և կամ ջրի մեջ կանգնած ննջում էին: Իսկ հորթարածները հավաքվում էին ուռիների տակ կամ Եղնախաչի ստվերում, և հասակավոր հորթարածը պատմում էր, թե իբրև շատ առաջ եղել է մի որսորդ, և ամբողջ ձորերը և բլուրները խիտ անտառ են եղելԻբրև թե որսորդը հալածում է եղնիկներին, որոնք երբ հասնում էին այդ տեղը, իսկույն աներևութանում էին: Այն ժամանակ որսորդը գլխի է ընկնում, որ այդ հողը սուրբ է, այլևս որս չի անում, այլ դառնում է ճգնավոր և կառուցում է Եղնախաչի մատուռը... Այնտեղ էլ ավերակի մեջ բուսել էր մի սալորենի, որ արդեն ցցաչոր էր, և ճյուղերին կապել էին գունավոր թելեր՝ չար աչքի դեմ... Նրան նույնիսկ թվաց, որ այս ավերակի ներսը բեմ կա, բեմի վրա՝ կարմիր խաչքար: Պատերի ճեղքերում պետք է լինեին հողե ճրագներ՝ առանց ձեթի, և պատերը պետք է սևացած լինեին վառած մոմերից:

Արևը հետզհետե բարձրացավ: Գիշերվա անձրևից թաց ավազահողը տաքանալով գույնը փոխեց: Միայն երբեմն ծառերից վայր էին ընկնում անձրևաջրի կաթիլները: Հեռու երևում էր Դորպատը... Ահա համալսարանի սպիտակ սյուները, սուրբ Իոհանի տաճարը, աշտարակը Սիգիզմունդ Վազայի և Քարե կամուրջի աղեղը: Նավակներն իբրև սև կետեր անկարգ լողում էին գետի վրա: Քամին քաղաքի կողմից երբեմն բերում էր այնպիսի խուլ աղմուկ, որ չէր լինում ջոկել ոչ մի ձայն: Նա գտավ նաև Գրունշտրասսեն...

Տիկին Աշինգերի լորենիները միացել և երևում էին, ինչպես մի սև թուփ: Գուցե հենց այդ վայրկյանին տիկին Աշինգերը Մատիլդային պատմում էր լորենիների և իր հանգուցյալ ամուսնու մասին:

Նա նստեց քարի վրա: Մի գորշ խլեզ քարի վրայով բարձրացավ վեր՝ արևի տակ տաքանալու: Դուրս սողաց նաև մի ուրիշը և կանգ առավ առաջինի կողքին: Ավերակի մեռած քարերը կարծես կենդանացան: Նա մի քանի րոպե նայեց խլեզներին, որոնց փորի տակը բաբախում էր:

Քամուց ծառերն օրորվեցին, և անձրևաջրի կաթիլները վայր ընկան... Նա ետ նայեց. կարծես ծառերի մեջ մեկը ման էր գալիս, խշշացնելով խոտերը: Այդպես էր նաև գիշերը, երբ դուրսը վարար անձրև էր, իսկ տիկին Էլոիզը փոքրիկ աղջկա նման գլուխը դրել էր նրա ծնկներին և ննջում էր: «Մի գնա, դեռ մի գնա», — կարծես երազի մեջ աղերսում էր նա: Իսկ ինքը հարթում էր նրա ժապավենի կարմիր փնջերը, որ այլևս նման չէին բացված վարդերի, այլ հիշեցնում էին անձրևածեծ և հողմից քրքրված կակաչներ: «Դու նորի՞ց կգաս... Դու ինձ չե՞ս անիծի, իմ սիրելի երեխա», — և գրկում էր նրա պարանոցը, նորից էր համբուրում, ապա սեղմվում էր նրան, կարծես սենյակում ցուրտ էր, տիկին Էլոիզը մրսում էր: Իսկ ինքը լուռ էր…. Թվում էր թե հաշմ է, ընդարմացել է և ոչինչ, ոչինչ չի հիշում:

Այդ ամենն այնպես անակնկալ եղավ... Մոմերը վառվում էին. սեղանի վրա իր տետրակներն էին և քարե տախտակը: Նկարն արտացոլում էր կապույտ աստղալույս... Ահա կգա պրոֆեսոր Գերմանը, ուրախ ձայնով կողջունի Արմենիերին, կհամբուրի տիկին Էլոիզի ճակատը, բաց կանի նրա տետրը և կբացականչի. «Ինքը Էվկլիդեսը այսպես չէր նկարի: Բայց և այնպես այս եռանկյունին մի քիչ ծուռ է, այնպես չէ, իսկ այս գիծը ավելորդ է, հավատացնում եմ, որ առանց այս գծի էլ կարելի էր ապացուցել, որ ճշմարիտ էր ծերունի Պյութագորոսը...»: Սակայն պրոֆեսորն ուշանում էր, և Մատիլդան չկար: «Լա՞վ է ինձ հետ», — և տիկին Էլոիզը այնպես էր նայում, որ Արմենիերը պատասխանում էր այնպիսի հայացքով, որ երկուսն էլ հասկանում էին, թե այդպես շատ լավ է, և այդպես կարելի է ապրել նույնիսկ եղեգնյա վրանի տակ, մի հեռավոր լճակի ափին, որտեղ ուրիշ ոչ ոք չկա և աշխարհում ոչ ոք չկա, այլ միայն ծառեր կան, որ աղմկում են, որպեսզի քաղցր լինի շշնջալը և քամին շաչում է, որ ցուրտ լինի, և ջերմությունը մնա միայն նրանց գրկի մեջ և իրար գրկած լսեն, թե ինչպես ջրորդանի մեջ երգում է անձրևը:

Պատուհանը ծեծեցին: Տիկին Էլոիզը վեր թռավ: Արմենիերը դուռը բացեց: Նախասենյակի կիսամութի մեջ նա նշմարեց Մատիլդային, որ հևիհև ներս մտավ:

Ինչ անձրև է, Աստված իմ, — Մատիլդան սենյակի շեմքում կանգնեց:

Նրա դեմքը կարմրել էր: Անձրևը քրքրել էր աղջկա մազերը և զգեստն այնպես էր փակցրել մարմնին, որ գծագրվում էին մարմնի բոլոր մասերը: Կարծես մարմարե արձան էր, որին հագցրել էին մարմաշե զգեստ, և անձրևն ավելի էր գեղեցկացրել աղջկա մարմինը: Տիկին Էլոիզը նախանձով նայեց այդ պարզ և երիտասարդ գեղեցկության:

Արմենիերին նկատելով՝ Մատիլդան շփոթվեց.

Իսկ ես կարծեցի, թե դուռը պարոն պրոֆեսորը բաց արեց... Բարի երեկո: Ինչպիսի՛ անձրև է...

Մատիլդա, գնա և շորերդ փոխի...:

Աղջկա մուտքի հետ կարծես ընկավ մի ինչ-որ շղարշ, և ամեն ինչ մերկացավ: Արմենիերը նայեց տիկին Էլոիզին: Նրա աչքին նիհար և գունատ երևաց տիկին Էլոիզը: Առաջին անգամ նա նկատեց նրա երկար մատները: Նրանք չոր էին և ոսկրոտ: Ինչո՞ւ է նա այդպես գլուխը թեքել և ձեռները հուսահատ դրել է ծնկների վրա:

Իսկ ինչպե՞ս պիտի գա պարոն պրոֆեսորը, — խոհանոցից ասաց Մատիլդան և երևաց քաթանե զգեստով, որի մեջ նա նման էր գյուղական աղջկա:

Արմենիերը ամոթ զգաց: Նրա արևելցու գիտակցության մեջ պատահածը հանկարծ թվաց նամարդ գործ: Դիմացը կանգնեց բարի պրոֆեսորը, որ ահա ով գիտե ինչ դժվարությամբ խավար փողոցներով տուն է գալիս և թրջվում է շտապելով, որ հարցնի նրա դասը: Իսկ ինքը... Արմենիերը նայեց Մատիլդային, և կարծես աղջիկը ևս հանդիմանում էր նրան.

Լավ չէ, պարոն Արմենիեր... Ձեզ այնքան է սիրում պարոն պրոֆեսորը, նաև իմ տիրուհին է սիրում, բայց դուք... Ահա վշտացրել եք իմ տիրուհուն, և նա լուռ է. կգա պարոն պրոֆեսորը և նա էլ շատ կվշտանա, որովհետև նա շատ է սիրում տիկին Էլոիզին, շատ է սիրում, բայց դուք...

Հետզհետե այդ գիտակցությունը սաստկացավ: Նա նույնիսկ վախ զգաց, ինչպես միամիտ տղան, որ խաղ է արել և խաղի ժամանակ փշրել է մի թանկագին սկահ և խաղով տարված դեռևս չի զգում, թե ինչ է փշրել, և թե որքան նվիրական էր այդ անոթը մոր համար: Բայց ահա զգաց, նկատելով բեկորները... Զգաց և խաղը վերջացնելով՝ ուզում է իրար միացնել բեկորները, բայց մատները դողդողում են, և չեն միանում բեկորները...

Մատիլդա, կրակ արա... Ցուրտ է, — տիկին Էլոիզը շալը փաթաթեց ուսերին: Շալը ծածկեց ժապավենի կարմիր փնջերը և ուլունքի շարը:

Արմենիերը հավաքեց տետրերը և քարե տախտակը:

Դուք արդեն գնո՞ւմ եք, — և տիկինը նրան նայեց համր աղերսանքով:

Ուշ է:

Սպասեիք մինչև անձրևը դադարեր:

Տաք անձրև է, — և նա տրորեց գլխարկի եզրը, — կարո՞ղ եմ խնդրել այս գիրքը...

Երբ Մատիլդան մոմը բռնած բաց արեց դուռը, քամու ալիքը ներս խուժեց, և անձրևի կաթիլները թրջեցին տիկին Էլոիզի դեմքը: Մոմի լույսով նա խավարի մեջ միայն մի ակնթարթ տեսավ Արմենիերի սիլուետը, և այլևս ոչինչ չերևաց:

...Գիշերը չէր քնել և ընթերցել էր «Վերթերը»... Նրա գրգռված երևակայության մեջ իրականը և այդ գիրքը, և հիշողությունները խառնվել էին: Երբեմն աչքին երևում էր տիկին Էլոիզը, երբեմն այդ գրքի կինը՝ Շարլոտան, նրան պատկերանում էր տեսիլքի նման, ինչպես այն կինը, որ ձյունափոշու մեջ ձեռքով արեց և սահնակով սլացավ:

Երբ ծառերն աղմկում էին, նրանց կատարներն իրարից հեռանալով բաց էին անում երկնքի կապույտ շերտը: Արտևանունքների միջից նա վեր էր նայում, և թվում էր, թե ծառերի բարձր ճյուղերը ճոճվում են ջինջ կապույտի մեջ: Խոտերը սվսվում էին: Խշխշան շորերով մի կին ման էր գալիս ծառերի արանքում, և երբ հանդարտվում էր քամին, այդ կինը թաքնվում էր մթին ավերակում: Երբեմն պատահածը նրան երազ էր թվում, մեկը այն շողշողուն երազներից, որոնցով նա զարդարել էր իր աղքատ պատանեկությունը: Եվ միտն էր գալիս Հաղպատի վանքը, ժամերգությունն ուխտի օրերին...

Նիհար, դեղնած երեսով մի պատանի դպիր, որի ուրարը փաթաթվում է ոտքերին, նիհար դպիրը խնկարկում է ուխտավորներին: Բուրվառից թռնում են ածուխի կայծեր, և խունկի ծուխի հետ բարձրանում է բորբոսնահոտ, որից գլուխը պտտվում է: Ծոմ է, և ոտքերը քաղցից դողում են... Արդեն երեք անգամ խնկարկել է սրբոց պատկերներին և խորանին և քարե ավազանին, խոնարհելով խնկարկել է նաև եկեղեցական դասում՝ Անտոն եպիսկոպոսին, որ փափուկ բարձերի վրա չոքած ննջում էր, խուլ Հովհաննես վարդապետին, որ խոժոռ է նայում երիտասարդ դպրին և փնթփնթում է, որ դպիրը չի թեժացրել կրակը, և կայծերը ճայթում են, գրավելով ուխտավորների և ժամասացների ուշադրությունը՝ ահա արդեն խնկարկել է նաև աշխարհական դասում Լոռվա մելիք Փարսադանին, որ չուխայի թևերը վեր քշտած ձեռքերը կոխել է արծաթակուռ գոտու մեջ, գոտի, որ ահագին ծանրություն ունի և որի մեջտեղից բարակ շղթաներով կախված են ոսկեզօծ գնդեր: Նա արդեն խնկարկել է մյուս տղամարդկանց, որոնց բրդոտ փափախները և բռի արտաքինը կիսախավարի մեջ հիշեցնում են քարափի ցից քարերը, նաև ինչ-որ կոճղեր և ցցաչորի, երբ անտառում աղջամուղջ է: Նա քաղց է զգում, գլուխը պտտվում է: Վերջին բուրվառն է բարձրացնում դեպի վերնատան տախտակամածը, որտեղ շար են ընկել կանայք: Վանքի նեղ լուսամուտից հանկարծ ներս է ընկնում արևի շողը: Խունկի ծուխը ոլորվում է շողի վրայով: Արևի շողով ցոլանում է այն լոռեցի աղջկա երեսը: Նա գլուխը փաթաթել է ծաղկավոր աղլուխով և վերնատան մահաջառի մոտ կանգնած նայում է երիտասարդ դպրին: Բուրվառի ծուխը շղարշում է նրա դալար մարմինը. աղջիկը կարմրում և ցած է խոնարհում աչքերը, զգալով, որ իրեն երկար է նայում դպիրը:

Այդ աղջիկը երկու անգամ էլ ուխտ եկավ Հաղպատ և այլևս չերևաց: Հետո, Համբարձման տոնին, երբ ուխտավորներն աղբյուրի մոտ քեֆ էին անում, իսկ հարս ու աղջիկ ընկուզենու ճյուղից կախել էին ճոճքը և զվարթ կանչերով ճոճվում էին անդունդի վրա, նա տեսավ մի նորահարսի, որի լաջվարդ զգեստը փռփռում էր քամուց, ընկուզենու ճյուղը ճռռում էր, երբ հարսը թափով բարձրանում էր ընկուզենուց էլ վեր և բարձրերում կանչում էր արտույտի նման: Երիտասարդ դպիրը ճանաչեց այն աչքերը, որ մի անգամ ամոթխած խոնարհվել էին:

Երբեմն միտն էր գալիս այդ լոռեցի աղջիկը, ինչպես մանկության ցնորք: Նրա հետ զարթնում էին Լոռվա սարերը՝ գագաթներն ամպերի մեջ, լանջերին մթին ծմակներ... Ապա ծառերը խշշում էին, և գալիս էր այն կինը, որի մարմինը թպրտաց նրա գրկի մեջ, գալարվեց ինչպես կրակը, որ վաղուց է բռնկվել տան ներսը, հետզհետե լափել է մերձակա իրերը, ապա չարագուշակ բոցերով լուսավառել է խավար պատուհանները, մոլեգնած խփել է առաստաղին և ինչպես հրեղեն սյուն ահա այրվում է խավարի մեջ...

Գարնան արևը բորբոքել էր նրա արյունը, և արյունն անզուսպ եռում էր, ինչպես կյանքը տաքացած հողի մեջ: Ժրաջան մրջյունները դես ու դեն վազվզելով կրում էին ծղոտներ և սերմեր, որ մնացել էին հողի երեսին: Կարմիր զատիկները շղթայվել էին ձու դնելու մոլուցքով: Ոսկեփորիկ իշամեղուն երբեմն կնճիթը թաթախում էր քաղցր խեժի մեջ և խեժի բույրով արբած թռչում էր՝ լողանալու արևի շողերով: Ծառերի մթին խորքում սուր ձայնով կտկտացնում էր կտցարը:

Следующая страница