Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Ես կապացուցեմ, որ մենք բարձրացել ենք գագաթը, որ նրանք անազնիվ ստախոսներ են... Եվ ես կիմանամ, թե ո՛վ է ստիպել գյուղացիներին ուրանալ իրենց երդումը... Միայն խնդրում եմ ներեք նրանց, իմ խեղճ, իմ անբան հայրենակիցներին...

Եվ զսպված արցունքները ցայտեցին: Նա հեկեկաց, ինչպես երեխան, որ լսում է մոր հանդիմանությունը, բայց հանկարծ բաց է ընկնում մի ջիղ, մի մկան, ամեն ինչ խառնվում է և այլևս չի կարողանում արցունքները պահել...

2

Նա վերադարձավ յուր սենյակը... Փորձեց դասերը պատրաստել և չկարողացավ: Ապա վերցրեց մատիտը, որպեսզի շարունակի գծագրել այն քարտեզը, որի վրա նա աշխատում էր մեծ եռանդով, միտ դնելով իր գծած հայերեն առաջին քարտեզըաշխարհացույցը» — ինչպես ծաղկանկարել էր արդեն), որ նվիրել էր բարերարին՝ Ֆրիդրիխ Պարրոտին, — բայց աչքն ընկավ այն վանդակին, որտեղ պիտի գծագրեր Մասիսները, և մատիտը մի կողմ դրեց: Նա ընդոստ թռավ տեղից և գնաց դեպի անկյունը:

Այնտեղ «մյուջրին» էր, գույնզգույն թիթեղներով զարդարված սնդուկը, որ Միրզամի հետ միասին գնել էին Երևանի Չարսու բազարում: Կողպեքի լեզվակը մի քանի անգամ զրնգաց տխուր և երկար ելևէջով, ինչպես թառի սիմը: Մյուջրին բացվեց և բարձրացավ մի հնամենի բույր: Այդ սնդուկի մեջ էր այն ամենը, ինչ նրան մնացել էր իբրև հիշատակ հեռու հայրենիքից. քաթանե մի շապիկ, որ ուներ մոխրաջրի և աթարի ծխահոտ, մի զույգ ջորաբ, որ պաշարի հետ դրել էր հորաքույրը՝ Օսան խաթունը, մի քանի գրքեր, որոնցից խոնավության և խունկի հոտ էր գալիս, ճրագուի մոմեր, խունկ, որ հետն առել էր օտար աշխարհում ծխելու, երբ բոլորեին հայրենի տոները: Կարմիր աղլուխի մեջ փաթաթված էր ուրարը, սարկավագի ջիբրուն և սաղրի քոշերը, որոնցով տնից ճանապարհ էր ընկել:

Նա մի կողմ հրեց այդ բոլորը և սնդուկից հանեց սև ղեյթանով կապած թղթերը: Քանդեց ղեյթանը, և աչքին ընկան զմուռսով կնքած ծրարները, մի դեղնած թուղթ, որի վրա հազիվ ընթերցվում էին կխտորի թանաքով գրած առաջին ընդօրինակումը Մաշտոցից: Կար և սպիտակ թերթ, որի եզերքը ծաղկագրել էր վանքի դիվանատան ծաղկարարը: Թղթերի այդ կապոցից նա վերցրեց մի տետր և մոտեցավ սեղանին:

Այդ տետրի մեջ էին նրա ճանապարհորդական տպավորությունները, գրված թարմ հետքերով... Նա ագահությամբ սկսեց կարդալ... Յուրաքանչյուր տողը, նույնիսկ ջնջված բառերը նրա հիշողության մեջ արթնացնում էին ամբողջ ուղևորությունը՝ Մսրա դռներից մինչև լեռան գագաթը

«Ծխայր, խաղայր հորձանուտն Արաքս... Որդն կարմիր, ըստ տաճկաց հնչմանն՝ ղըրմըզ»: Դիտում էին Արաքսի կոհակները, երբ Շիմանը նրանց կանչեց: Նրանք տեսան նախիրը, որ գալիս էր, և բոլորի կճղակները, մռութները, նույնիսկ մի քանիսի կուրծը, և փորի տակ ներկված էին կարմիր, ալ կարմիր. կարծես կովերն անցել էին արյան լճերով: Թուրք նախրապանը հասկացրեց օտարականներին, որ նախիրն անցել է սեզ խոտերի միջով, որոնց վրա վխտում են կարմիր որդերը: Նրանք գնացին նախրապանի ցույց տված կողմը և տեսան որդերով ներկված դաշտը, կարծես իրարից հեռու մորթել էին մատաղացու եզներ և արյունը շաղ տվել խոտերի վրա: Բեհագել ֆոն Ադլերսքրոնը, որ հավաքում է զանազան տեսակի խոտեր, զեռուններ և քարեր, մի փոքրիկ սրվակ լցրեց այդ որդերով, իսկ Արմենիերն ասաց, որ երբ վերադառնան, նա վանքում ցույց կտա մի ծերունու, որն այդ որդերից պատրաստում էր ոսկեգույն կարմիր:

Այս երիտասարդը մեզ շատ օգտակար պիտի լինի, — գերմաներեն ասաց պրոֆեսորը: Իսկ ինքն ամաչեց, ենթադրելով, որ նրանց ձանձրացնում է իր անտեղի զրույցով. «հեծեծմունք և ահ. սիրտ իմ ահէ մաշեր...»:

Արևն արշավում էր դեպի մուտքը, երբ նրանք մոտեցան Սուրբ Հակոբի վանքին:

Եվ նրա մտքի առաջ հառնեց խոժոռ վանահայրը՝ բիրտ, ինչպես շրջապատի ապառաժները, քրձազգեստ և բոկոտն, կոշտ մազերով, որ դուրս էին ցցվել մինչև իսկ ականջներից: Միրուքի սև մազերի միջից երևում էր ահագին բերանը: Վանահայրը մի կիսավայրենի մարդ էր, որին աքսորել էին այդ հեռավոր մենաստանը, և Էջմիածնում վաղուց էին մոռացել նրա գոյության մասին: Այդ մենակյաց մարդը զարհուրեց, երբ այդքան բազմություն տեսավ և նրանց մեջ՝ օտարոտի արտաքինով գերմանացիներին: Նա իսկույն փակեց վանքի դարբասը և ներսից ինչ-որ բան գոռաց: Շները, որոնք իրենց կյանքում ավելի հաճախ գազանների էին տեսել, քան մարդկանց, վանահոր մռնչոցի վրա այնպես գազազեցին, որ քիչ էր մնում վանքի պարիսպներից թռնեին ցած և նրանց բզկտեին: Այն ժամանակ դարպասին մոտեցավ հայ դպիրը. նա խնդրեց, սպառնաց, ապա նորից խնդրեց, մինչև վանահայրը բաց արեց դարպասը, շներին նախօրոք փակելով գոմի մեջ: Բայց և այնպես այդ մենակյաց վանականը հրաժարվեց օրհնել այն խաչը, որ «անհավատներն» իրենց հետ տանում էին դեպի գագաթ:

«Սեպտ. 27Հայելի լեռան շողա ի թևս մարմանդաբեր Զեփյուռոսի...»:

Նրանք ծվարել էին Քիփգյոլից բարձր, ժայռերի խորշում: Երրորդ վերելքն էր: Ետ էին դարձել նրանք, որոնք սարսափել էին՝ շնչելով Արարատի ցուրտ մառախուղը և տեսնելով խորանդունդ վիհերը, քարանձավները, որտեղ երբեք չէր թափանցել արևի շողը: Սահակը՝ Ակուռի գյուղացիներից մեկը, չէր վախենում ոչ ցրտից, ոչ սառցակույտից: Նա սարսափում էր լեռան կատարից: Նրան թվում էր, որ մարդ արարածը չի կարող ոտք դնել այնտեղ. կամ կայծակը կզարկի, կամ գետինը մի ահավոր զորությամբ կչորացնի այդ ոտքը, կամ հանկարծ քարափը կճեղքվի և մեղավոր մարդը կընկնի գեհեն:

Քիփգյոլից բարձր, ժայռերի խորշում վառվում էր նրանց խարույկը, առաջին կրակը, որ լեռան լանջին այդքան բարձր վառել էր մարդը: Փայտը քիչ էր. շալակով էին բարձրացրել, և դրա համար նրանք աշխատում էին կլանել ողջ ջերմությունը: Լուռ էին. կրակի լույսով պրոֆեսորն ինչ-որ նշումներ էր անում: Նա նույնիսկ դուրս սողաց խորշից և սկսեց դիտել աստղերը:

Ջանավարի սիրտ կլինի կերած, — ասաց ակուռեցին, սեղմվելով Աբովյանին, որի հոգևոր կոչումը նրան հավատ էր ներշնչում, թե գուցե Աստծուն ընդունելի է այդ վերելքը, և ուրեմն այն կյանքում նրան կարմրած շամփուրներով չեն խարանի, ինչպես սպառնում էր վանահայրը:

Լուռ էին: Խարույկը հանգչում էր: Ինքը ձեռքերը պահել էր տաք մոխրակույտի վրա... Այն ի՞նչ էր փշրվեց և զարհուրելի դղրդոցով գլորվեց անդունդը, սառցակո՞ւյտ էր, քարաժա՞յռ, թե՞ լեռան կատարը ցնցվեց: Լսում են. կարծես ծղրտում են ձորում. հավար են կանչում՝ ահե՛... հե... և արձագանքը դղորդ դրնգում է ձորի քարանձավներում, քրքջում են, ծիծաղում են, ծափ են տալիս, և նույնիսկ պարզ լսվում է սուրմաների զրնգոց, ղազմայի արծաթների ձայն: Իսկ հիմա վշշում է, միայն վշշում է. ինչ-որ մոտիկ տեղ սառցաջուր է կաթում՝ զրրնգ, զրընգ, կարծես կաթիլներն ընկնում են պղնձե կուժի մեջ: Սահակի ականջները վշշում են. նա գետին է խոնարհում ականջը: Պրոֆեսորը դիակոնուսին հարցնում է, թե ինչո՞ւ է այդպես անում «Իսահակը...»:

Նրան թվում է, թե ժայռերի տակով ջուր է գնում...

Հանկարծ դարձյալ ահագին աղմուկ: Էլի փլվեց մի բան: Քամին բերում է ձյունավազի հատիկներ:

Բարձրանանք, պարոններ, արդեն լուսաբացը մոտ է, — ասում է պրոֆեսորը: Նա նորից է չափում: Սահակը զարմացած նայում է ծանրաչափին: «Ի՞նչ տեսակ մարդիկ են էս նեմեցները... Նրանք էլ խաչապաշտ են... փառք քեզ Աստված, փառք քեզ»: Ապա Սահակը գոտիկից հանում է կացինը և սկսում է սառույցի վրա ոտնատեղ փորել, առնում են ձեռնափայտերը և սկսվում է վերջին վերելքը:

Քամին վրա է հասնում և ի սփյուռս աշխարհի ցրում մոխիրն առաջին կրակի, որ վառել էին նրանք մարդու ձայն չլսած բարձունքում :

Բարձրանում են: Լուսադեմի խավարն է՝ Ադամա մութը, այն ժամը, երբ թանձր խավարից ճառագում է լույսը: Աստղերը գունատվում են: Խորունկ երկնքում դեռ վառ են մի քանի սպիտակ աստղեր: Նրանք ավելի մեծ են, ավելի ջինջ... Ահա Լուսաստղը... Կապույտ սառույցների մեջ ցոլանում է աստղերի սպիտակ դեղնավուն լույսը: Թվում է, թե ոտքերի տակ ոչինչ կարծր բան չկա և բարձրանում են՝ կոխելով սառած ամպերը, բարձրանում են դեպի անհունը, ուր կան միայն աստղեր:

Նա սկսեց տրորել քունքերը: Հոգնել է. քնելու ժամը վաղուց է անցել, բայց այս գիշեր քունը հեռացել է: Սառնություն է զգում: Կարծես հոգու մեջ է ցուրտ լռությունը, լռությունը՝ անեզր, անպարփակ, ինչպես այն լուսադեմին:

Մի ինչ-որ թերթ է ընկած տետրի արանքում... Ինքն է գրել. ահա պահել է ճրագի վրա, և նույնիսկ մի տեղ թուղթը դեղնել է...

«Ի հանդարտասյուգ մարմանդս հողմաբեր մեղմիկ զեփյուռին:

«Դիմեցի երբեմն զբոսնուլ ի ծոց Մասսյաց սուրբ լերին...

«Ո՞ւր ես առավոտ, քաղցր արշալույս, արև գերարփին...»:

Արևելքում ամպերը շարժվում են: Ահա մեկը ձգվում է ինչպես հազարամյա կաղնի. երկու սև ամպ կանգնել են դիմաց-դիմաց, գոյացնելով ամպեղեն կիրճ: Ավելի խորունկ՝ գանգուրների նման ամպեր են, կարծես սպիտակ ոչխարներ են մակաղել: Բայց ահա մոխրագույն են դառնում ամպերը, կապտում են. նրանք նման են միսկարների պղնձին: Ահա ամպերի սև կիրճի մեջ շողաց առաջին ճառագայթը, և, ինչպես կաս-կարմիր անիվ գլորվելով, գալիս է արևը, շողում է կատարը, ինչպես պղնձյա վահան, և ցոլքերի մեջ անէանում են աստղերը:

Ի՛նչ ահավոր վայրկյան է, ի՛նչ խորհրդավոր ժամ... Ամբողջ դաշտը խավարի մեջ է. ինչպես կապույտ վրան երևում է Արագածի գագաթը, և ուրիշ ոչինչ չի երևում՝ բացի արևի գունդը և Արարատի սկավառակը:

Ահա կատարը, — բղավեց Պարրոտը:

Արև է, անդորր. սառույցներ, լռություն, սպիտակ լռություն: Նա փակել է աչքերը և դեռ չի նայում, չի ուզում նայել. դեռ դողում է սիրտը հուզմունքից, և հոգնությունից դողում են ոտքերը: Ապա հանկարծ ետ է քաշում ձեռքը, տեսնում է արևով ողողված սառցադաշտը, վազում է խելագարի նման թևերը պարզած, վազում է դեպի արևի կարմիր գունդը, դեպի սառցաժայռերը: Ապա փռվում է գետնին, համբուրում է գետինը, ինչպես ուխտավորը համբուրում է հայոց լեռան նախաստեղծ կատարը...

Նա ժպտաց: Վերհիշեց այն վայրկյանը, երբ ինքնամոռացության մեջ գրկեց ակուռեցուն, ապա փաթաթվեց Պարրոտի վզով:

Գերմանացին ասաց.

Զգույշ, ծանրաչափը կջարդեք:

Իսկ ակուռեցին, որ բերանը բաց նայում էր սառցադաշտին, ահ ու դողով հարցրեց.

Հայր սարկավագ, բա ո՞ւր ա տապանը...

Նրանք իրար նայեցին խոր, շատ խոր:

Տապանը չի՛ եղել, — պատասխանեց վանքի դպիրը:

Ակուռեցի Սահակը ցնցվեց այդ պատասխանից: Նա մոտեցավ իր հարևանին, որ սառույցների մեջ ամրացնում էր պրոֆեսոր Պարրոտի կապարե խաչը: Նրանք իրար հետ խոսեցին, ապա աներկյուղ նայեցին արևից լուսավոր սառցադաշտին: Նրանց աչքերից ընկավ խավարի վարագույրը և պարզ աչքերով էին նայում այդ երկու ռամիկ նախավկաները:

Մենք չե՞նք բարձրացել լեռան գագաթը, — հանկարծ մռնչաց նա և լռեց: Սարսափելի էր այդ ձայնի արձագանքը գիշերային լռության մեջ: — Դուք չեք հաղթի, խավարի որդիք...

Նա դեն դրեց տետրը և առավ փետուրե գրիչը:

Նա գրում էր զայրույթի սրբազան կրակով, և աչքերի մեջ վառվում էր ատելությունը: Երբեմն կծկվում էր դեմքը, երբեմն ժպտում էր արհամարհանքով, և մաղձ էր կաթում դեմքից: Այդպիսի րոպեները սովորեցնում են ցմահ ատել, և այդպես է սկիզբ առնում ճամփաբաժանը:

«Որպես գրեմ, որ սիրելիդ իմ հասկանա ալեկոծումը հոգվույս: Օ՛, խստապարանոց և սոնքացյալ ջլբուրակերքն առաքելաշավիղ, աթոռո, որ զանազանեն միայն օգուտ որկորի և ի մեջ թանձրացյալ խավարամտության մնան իբրև անմաքուր խոզ ի տիղմն: Անարգեցին, ձաղկեցին և դարձրին ինձ իբրև խսիր արտաքո դրանն, երբ ես էի և մնայի խոնարհ դպիր: Անհաց, անշոր և անպաշար տարագրեցին ինձ, երբ ի կատարումն ցանկության իմ բարերարի, որ և իմ կամքն էր, ուղի ընկա առ ի սովորել դույզն ինչ գիտություն ի պետս հայ մանկանց: Որպես բորենի մի կամ լավ է ասել շնագայլ Սահակ վարդապետի նարդիվանի մոտ հարձակվեցին ինձ վրա չիք վարդապետն Հովհաննես, Ղազար վարդապետն խոզ կոչեցյալ, Ենոք տիրացու Քյորօղլուն և այլք, որք առավել եպերելի են, քան որ գրեցի: Չամաչեցին հոգևոր կոչումից և թուք տեղացին իմ երեսին, ստորացնելով ինձ, որպես անարժան զավակի, նզովյալ լուտերականի և այլ այսպիսի անարգանաց խոսքեր, որ չեմ մոռացել և չեմ մոռանա, որքան շունչ իմ կա և կմնա: Եվ, այժմ փոխարեն մխիթարության և սփոփանքի առ ի մեղմել մենակյաց գոյություն իմ ի մեջ օտարաց, որք, ճշմարիտ է, սիրեն ինձ առավել, քան կոչեցյալքն եղբայր ի Քրիստոս, — այժմ լուր հասավ ինձ, որ սևասիրտ և սևագլուխ էջմիածնեցիք երդմամբ ուրանան վերելք մեր, որ է մեծագործություն և պարծանք միանգամայն ոչ միայն իմ, որ կամ և կը մնամ նվաստ որդի Հայաստանի, այլև համայն ազգին: Այստեղ անվանի գիտնականք ոչ դադարեն փառաբանել սխրագործություն մեր, իսկ այդտեղ հայրենիքն իմ իբրև վեհերոտ և խարդախ ոմն ուրանա երդումն առաջին: Օ՛հ, մեղանչին, մեղանչին չարաչար. քանզի անպարտ է հայրենիքն իմ հայսմ ամենայնի, և ինքն ևս տառապի ի բարբարոս ձեռաց այնոցիկ, որք իբրև վարձկան հովիվ, միաբանելով գայլերին, հոշոտեն և լլկեն զանմեղ հոտն: Աղոթիր առ Աստված, որ սիրելին քո՝ Խաչիկն անհայրենացյալ մնա ցայն օր մինչև իսպառ չքասցին հաստապարանոցք...»:

Թեթևություն իջավ սրտին: Տետրը դրեց սնդուկի մեջ: Երբ ետ եկավ, սեղանի վրա նա տեսավ սուսամբարի մի չոր տերև, որ ընկել էր թղթերի արանքից: Նա վաղուց չէր տեսել այդ տերևը, որ մի օր ինքն էր գրել «Գիրք Պիտոյից»-ի մեջ իբրև անավարտ ընթերցման նշան: Ապա տերևը կորել էր թերթերի մեջ: Նա կռացավ տերևի վրա, ձեռքերը բոլորեց չորացած տերևի շուրջը: Նա շնչում էր հազիվ զգացվող բույրը նույն ագահությամբ, ինչպես լեռան լանջին կլանում էր սառչող մոխիրի ջերմությունը:

Վեր կացավ: Հոգնած էր: Այլևս չէր բուրում տերևը: Նա ձեռքերը գրպանում՝ սկսեց քայլել: Նայեց պատից կախված մի նկարի, որի վրա Էջմիածինն էր, զույգ Մասիսները և ուղտերի հեռացող քարավանը: Նա երկար նայեց այդ նկարին, ապա աչքերը փակեց: Նրա առաջ պատկերացավ այն, որ իսկականն էր, այն առանձինը և ուրույնը, որ չէր նկատել օտարական նկարիչը: Այն, որ և՜ սիրելի էր, և՛ դառն:

Ապա ջուր խմեց, մոտեցավ, որ բաց անի պատուհանը: Հանկարծ նկատեց դպիրի իր սև կապան, որի վրա արդեն փոշի էր նստել: Նա նայեց զարմանքով. կարծես սենյակ էր մտել մի օտարական, որ նման էր իր հին ծանոթին, որի դեմքն ինչ-որ վաղուցվա բան էր հիշեցնում: Նա կապան առավ, շուռ ու մուռ տվեց, ինչպես հնավաճառը, որ ուզում է որոշել գինը մի հնացած զգեստի, որ վաղուց է վայր ընկել տիրոջ ուսերից:

Սև կապան նա գցեց պահարանը: Սենյակը կարծես զվարթացավ:

Ապա հանգցրեց մոմը:

ԳՈՐԾ ՄԱՅՐԱՆԱ, ԴՍՏԵՐ ՄԿՐՏՈՒՄԻ

1

Այդ օրը Երևանի հայոց վիճակային կոնսիստորիան, որի ատենապետը թեմական առաջնորդի փոխանորդ Ստեփանոս արհին էր, Մսաբլուր մականունով, քննել էր չորս գործ:

Առաջինը խոյեցի ոմն չորս աստիճան ջահընկալ տիրացու Թադեոսի «ապօրինի շաղաչարության» գործն էր «մեղավոր աղախին» այրի Աննայի հետ: Երկրորդը վերաբերում էր Քրդևանի քահանա տեր Ղազարին, որը բինայում մի նորածին մանուկ մկրտել էր ոչ թե սրբալույս մյուռոնով, այլ կովի արդար յուղով: Ավելի հետաքրքիր էր երրորդ գործը՝ «հաղագս ոչ հոժարելո ժողովրդականաց Երևանա քաղաքի տալ զտերունի կողոպուտս ննջեցելոց յուրյանց»:

Գործը հարուցել էին քաղաքի ծխատեր քահանաները, որոնք Երևանի բնակիչներից պահանջում էին չխախտել «կողոպուտի» վաղեմի սովորությունը, ըստ որի մեռած մարդկանց զգեստը պատկանում էր թաղող քահանային: Երևանցիների այդ նոր սովորությունը քահանաները համարում էին նաև սրբապղծություն, հիշեցնելով, որ ինքը՝ Քրիստոս թաղվել է բոլորովին մերկ: Այդ «գործի» մեջ մինչև այժմ մնում են բնակիչների խնդրագրերը, նաև քաղաքի ավագների բանավոր գանգատները: Ավագներից մեկը՝ մյուլքադար Սահակ Տեր-Եղիազարովը հայտնել է, որ իրենք ամաչում են ցույց տալ ննջեցյալների մերկությունը, մանավանդ, երբ մեռածը իգական սեռի է: Հոգևոր ատյանի անդամներին նա հիշեցրել է, որ «այլազգիները» լկտիաբար ծիծաղում են, երբ քամին շպրտում է դիակի մահվան սավանը: Մյուսը՝ ուստաբաշիպարագլուխ արհեստավորաց») Մաղաթել Իսկանդարովը հայտնել է, որ իրենք մեռելներին թաղում են նոր զգեստով, իսկ հները նվիրում են աղքատներին և կամ մահացածի մերձավորներին: Վիճակային կոնսիստորիան դժվարանալով կամ չկամենալով վճիռ արձակել, գործը մատուցանում է ի վերջնական տնօրինության «առ ոտս նորին ամենաբարձր վեհափառության առաքելաշավիղ եպիսկոպոսապետ և պատվական հայրապետ ամենայն հայոց Տեառն Ներսեսի ամենաիմաստ կաթողիկոսի»:

Չորրորդ գործը ժամանակին նշանավոր գործերից է և հայտնի է «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի» անունով: Ստույգ է, որ դեռ 1838 թվի օրագրությունների մեջ հիշատակվում է այդ պատմությունը, որի բուն սկիզբը պիտի ընդունել 1829 թվի ձմեռը, Մայրանի ամուսնության գիշերը:

Գործի բովանդակությունը հետևյալն է:

1829 թվի ձմեռը, քանաքեռցի այրի Եղսանը իր դուստր Մայրանին տասը տարեկան հասակումի 10-րդ հասակի») բռնությամբ ամուսնացնում է երևանաբնակ ոմն Նիկողայոս Սուքիասովի մոտ: Պսակի գիշերը՝ եկեղեցում, ինչպես հայտնի է առաջին քննությունից, Մայրանը պսակող քահանային չի տալիս իր համաձայնությունը: Ըստ Մայրանի ցուցմունքի, քահանան բռնադատում է նրան համաձայնության և մինչև իսկ փայտով ծեծում է Մայրանինզանյաց զնա փայտիվ»): Վկաներից մեկը պատմում է, որ Մայրանը եկեղեցում աղաղակ չի բարձրացրել, իսկ եթե նա գլխի նշանով է հայտնել իր անհամաձայնությունը, ապա ինքը չի տեսել, քանի որ հարսի երեսը ծածկված էր քողով, և նա կանգնած էր երեսը դեպի պսակող քահանան: Ինքը փեսան՝ Նիկողայոս Սուքիասովը, հայտնել է, որ Մայրանը սուրբ սեղանի առաջ անհամաձայնություն չի հայտնել, այլ թե պսակող քահանան տեսնելով, որ աղջիկը չի կամենում խոնարհել գլուխը, բռնությամբ խոնարհեցրել է:

Պսակից հետո, երբ նրանք մտնում են ամուսնության առագաստը, Մայրանը փախչում է և մի քանի օր թաքնվում ձյունի տակտարիքի անկատարելության պատճառով չկարողանալով դիմադրել յուր ամուսնու՝ Սուքիասովի արական զորության, — երբ նրանք մտել էին ամուսնության առագաստը, — Մայրանը փախչում է և թաքնվում է ձյունի տակ»): Վկաներից երեքը՝ Քանաքեռի տանուտեր Վիրապը, Հարություն Աբովը և մի ուրիշը, որոնք կանչված են եղել հարսանիքի «վասն հացակերության», առանձին խնդրագրով վկայել են, որ Մայրանն այն ժամանակ չէր հասկանում, թե ինչ է ամուսնական կյանքը, և այդ գիշեր «աղջիկը դարձավ լալ և անդամալույծ երկար ժամանակ և հետ առողջանալույն ոչ գնաց առ այրն»: Եվ այդպես նրանք բնակվում են «անսեր և անջատ ի միմիանս»: Մայրանի երկարատև հիվանդության փաստը չի հերքել և ինքը՝ Նիկողայոս Սուքիասովը, որը երեք տարուց հետո Զեյվա գյուղում գտնում է մի այրի կին՝ դարձյալ Մայրան անունով և «մտանելով ընդ նմա յամուսնութիւն», այդ անպսակ և ապօրինի հաղորդակցությունից ունենում է երկու զավակ: Այդ ժամանակ մահանում է Մայրանի մայրը՝ Եղսանը, և աղջիկն այդ օրվանից դառնում է կատարյալ որբ:

Հոգևոր ատյանը աներկբա է համարում, որ Մայրանին անկատար հասակում ամուսնացրել են բռնի և հակառակ սեփական ցանկության: Ինչ վերաբերում է պսակող քահանայի գանահարության փաստին, անհավատալի չհամարելով աղջկա ցուցմունքը, ատյանը կարծում է, որ Մայրանը ամոթխած եղանակով է հայտնել իր անհամաձայնությունը, և պսակող քահանան, չնշմարելով այդ, բռնությամբ առ իրար է խոնարհեցրել նրանց գլուխները: Ատյանը հաստատում է նաև Մայրանի երկարատև հիվանդության փաստը, և այն, որ Նիկողայոս Սուքիասովը տեսնելով, որ իր օրինավոր կին Մայրանը բազմադիմի հնարներից հետո չի համաձայնվում կենակցության, Զեյվա գյուղում ամուսնանալու մտադրությամբ «բնակություն» է սկսում նրա վրա սիրահարված այրի Մայրանի հետ, առանց պսակի և առանց հոգևոր կառավարության թույլտվության:

Կոնսիստորիայի վճիռը, ինչպես ընդունված էր այն ժամանակ, գրված է չափազանց ընդարձակ և մանրամասն: Յուրաքանչյուր կետ հաստատված է եկեղեցական և արքունի օրենքների ճշգրիտ հիշատակությամբ: Օրինակ. սուրբ ՍաՀակ հայրապետի սաՀմանած 27-րդ հոդվածը պատվիրում է ամուսնություն չանել` մինչև միմյանց հաճությամբ տեսնելը, սուրբ Բարսեղի 219-րդ հոդվածն արգելում է պսակադրելը՝ մինչև տղան հասնի յուր չափին և ճանաչի յուր հաճույքը: Այդ բոլոր հոդվածները բերված են համոզելու, որ Մայրանը իրոք մանուկ էր և պատրաստ չէր ամուսնության: Հոգևոր ատյանի օրագրության մեջ հիշատակված են Լևոն և Կոստանդիանոս բարեպաշտ թագավորները, Եզեկիել մարգարեն, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը և Նիկիայի ժողովի վճիռները, կարծես ատենադպիրը կամեցել է փայլել եկեղեցական և արքունի օրենքների զարմանալի գիտությամբ:

Արդար ճանաչելով Մայրանին, հոգևոր ատյանը որոշում է թույլատրել նրանց նոր պաակադրությամբ կենակցելու միմյանց հետ, եթե կամենան, իսկ եթե ոչ՝ ազատ արձակել ամուսնանալու, որոնց հետ կամենան. Նիկողայոս Սուքիասովին ենթարկել եկեղեցական ապաշխարության երկու տարով՝ մյուս Մայրանի հետ ապօրինի կենակցելու և այդ շաղկապից երկու զավակ ունենալու համար. երկամյա ապաշխարության ենթարկել նաև մյուս Մայրանին, որ համարձակվել է ունենալ ամուսնական կապ Սուքիասովի հետ, գիտենալով առաջին Մայրանի կենդանությունը, իսկ պսակող քահանա տեր Մարգարին կարգալույծ անել, որովհետև նա տեղյակ էր Մայրանի անկատար հասակին: Սակայն տեր Մարգարի մահվան պատճառով սույն վճիռը թողնվում է «Աստծոյ կամքին»: Նաև ապացուցված համարել Մայրանի մոր այրի Եղսանի մեղավոր բռնադատությունը և նրա մահվան պատճառով պատիժը թողնել ոչ թե Աստծո կամքին, այլ նրա ահեղ վրեժխնդրության: Եվ որովհետև, համաձայն տերունական Կոճղ Օրինացի հոդված 43-ի (հատ. 10) պսակի լուծման գործերը ենթակա են Սյունհոդոսի անբեկանելի վճռահատության, ուստի Երևանի հայոց վիճակային ատյանը սույն վճիռը առանց ի կատար ածելու, մատուցանում է ի հաստատություն Սյունհոդոսին Էջմիածնի:

Ուրեմն Մայրանը դեռ պիտի մնար «օրինավոր կին» Սուքիասովի, որի արական զորությունից նա սարսափահար փախել էր մի ձմռան գիշեր, փախել էր ինչպես եղջերուն ահավոր վտանգից: Նա պետք է դարձյալ լսեր անարգ նախատինքը, որ այն խավար դարում թափում էին ամուսնաթող և անպաշտպան կնոջ վրա: Նա պիտի լռեր, եթե մի չար կին բամբասեր նրան և անվաներ անառակ լիրբ: Կանայք դարձյալ պիտի խուսափեին նրանից, որովհետև այդ կապը կարատավորեր նրանց անունը: Տղամարդիկ երես պիտի դարձնեին՝ բամբասանքի ահից: Եվ, մինչև չէր լինի Սյունհոդոսի վճիռը՝ նա պիտի շղթայված մնար առաջին հարսնության առագաստի կայմին:

Այդպես էր այն դառն ժամանակ, որի մասին հայ ոմն Շամախի քաղաքից անստորագիր նամակով գանգատվել է իրեն՝ «երիցս երանեալ» Ներսես կաթողիկոսին. «դու գիտում ես ժամանակիս չարությունը, որ զուր տեղից մարդոց վնասում են... Ես մին օրեր անցրած շատ բան տեսած մարդ եմ, ահա հիմիկ իմ մխիթարությունս սուրբ եկեղեցին է, որ իմ հոգուս փրկությունը խնդրեմ, բայց որ տեսնում եմ էդ սուրբ տեղերն էլ պիղծ մարդերով ապականված, էն ժամանակ հուսահատվում եմ և վայ ինձ, չեմ իմանում որտեղ գնամ...»:

Ապականված էր եկեղեցին և նրա մարդիկ: Ոտքից մինչև գլուխ ախտավոր էր և մարմնավոր իշխանությունը: Արքունի և հոգևոր օրենքները գոյություն ունեին այդ ապականությունն անխախտ պահելու: Անլեզու մշակների բազմությունը հեծում էր ահռելի ծանրության տակ, և հազարները սուզվում էին դեպի չքավորության հատակը: Երկրի և մարդկանց վրա հետզհետե թանձրանում էր ասիական խավարը, որի մեջ, ինչպես վկայել է մի տաղանդավոր ժամանակակից, հազիվ խլրտում էին առաքինության կրակները:

2

Քանաքեռցիներն Աբու Հայաթի մոտով բարձրանում էին դեպի գյուղը: Նրանց հետևում էր մի մանկամարդ կին, փաթաթված սպիտակ չարսավի մեջ: Ամայի էին այգիները և բարակ ճանապարհը, որով գնում էին: Այդ ամայության մեջ չարսավով կինը նման էր սրածայր գերեզմանաքարի, որ պոկվել էր մահմեդականների հանգստարանից և գնում էր գյուղի վրա: Ավելի մոտ թվում էր, թե սպիտակ գերեզմանաքար չի շարժվում, այլ գերեզմանից դուրս է եկել մի թարմ դիակ, որին հենց նոր փաթաթել էին սպիտակ քաթանի մեջ և իջեցրել մոռացության խորքը:

Վերադառնում էին բոլոր քանաքեռցիները, բացի Հարություն Աբովը, որը նույն ժամին Ձորագյուղի կողմից իջնում էր Չարսուի վրա: Նա քայլում էր նեղ փողոցներով, որոնց երկու կողմը կավե ցածր և կիսախարխուլ պատեր էին, կիսով չափ գետնի մեջ ցածր դռնակներով, որ համարյա միշտ փակ էին: Պատերի ետևից մարդաձայն չէր լսվում, կարծես ամայի էին տները, որոնց բնակիչները հեռացել էին, ով գիտե, որտեղ: Տասնհինգ տարի էր ռուսները գրավել էին Երևանը և միայն Շհարի մահլայում էին կառուցել քարաշեն երկու տուն և մի զորանոց՝ ոչ հեռու սարդարի Ջավահիր ամարաթից: Չարսուն և մանավանդ խուլ թաղերը ավելի էին խարխուլ, որովհետև բնակիչները դժվար էին բարձրացնում այն աղյուսը, որ հին կամարներից ընկնում էր ժամանակի հետ: Շատ տներ ավերվել էին ռուս-պարսկական պատերազմին, մի մասն անմարդաբնակ էր, որովհետև նրանց տերերը ռուսների ահից փախել էին և օտարության մեջ հիշում էին իրենց հին բակի ուռիները: Մնացողները ևս չէին նորոգում իրենց տները. կյանքի թանկության հետ միասին ժամանակն առհասարակ անհանգիստ էր: Ոմանք ակնկալում էին սարդարների վերադարձը, իսկ ոմանց համար կյանքը դառնության հին լուծն էր, որ պիտի մաշվեր այդ լուծը քաշողի պարանոցի հետ:

Փողոցների կեղտոտ լճակներից բարձրանում էր գարշահոտություն: Շատ թաղերում կիսավեր էին առուները, և այլևս չէին ծաղկում բախչաները: Չկային և պարսիկ միրաբները, որոնք ջուրը, իբրև կենարար դեղ, բաշխում էին մինչև վերջին կաթիլը: Կանաչ էին միայն հին բարդիները և չինարները, որոնք անտերությունից ավելի փարթամացել և վայրենացել էին, երբեմնի մշակված պարտեզները դարձնելով մութ անտառ:

Անմարդաձայն փողոցներով իջնում էր Հարություն Աբովը՝ լեզգիների աշխարհից եկած առասպելական Աբով պապի ժառանգը, որին ազգականներն անհայտ է ինչու անվանում էին «Միրզա ամի» կամ «Միրզամ»: Նա ավագն էր Աբովների հին տոհմի:

Քաղաք գալու առթիվ նա հագել էր տոնական իր միակ զգեստը՝ Քիրմանի շալե չուխան: Բուխարա սրածայր գլխարկն ավելի էր բարձրացնում նրա հասակը, իսկ մեջքի արծաթ գոտին երևացնում էր ճկուն մարմինը: Նրա հուշիկ քայլերից զրնգում էին գոտուց կախ հրահանը և հովվական մեծ դանակը: «Միրզամի» ողջ արտաքինի վրա ևս երևում էին խանության հետքերը: Կարծես ամեն ինչ, նույնիսկ գոտու զրնգոցը, վկայում էր, որ երբեմնի թարխանը այլևս չի հագնելու նոր զգեստ: Այն, ինչ վրան էր, պիտի մաշվեր տիրոջ հետ և այդ մաշված շորերի մեջ տերը պիտի գերեզման իջներ: Այդ էին ասում գդակի մաշված մորթին, ղալամքյար արխալուղի կտրտված թելերը և մանավանդ չուխայի խունացած կուրծքը, որ ծերունին ծածկել էր նույն չուխայի փեշով: Ամենից նոր նրա ծաղկանկար գուլպաներն էին՝ զարմանալի նախշերով: Մանր քառակուսիների մեջ գունավոր թելերով սպիտակի վրա վարպետուհին գործել էր վարդեր ու գույնզգույն նարգիզներ: Կային և հեքիաթային կենդանիներ, թռչուններ և զանազան նշաններ, որոնցից յուրաքանչյուը երբեմն ունեցել է իր իմաստը: Գուլպաների եզերքին սև թելերով ծուռ ու մուռ ձգվում էր մի բարակ գիծ, որ կտրատվում էր և մանր կետերի հետ միասին նմանվում արաբական գրերի: Կարծես «Միրզամը» մեծ մանուկ էր, որին մայրը հագցրել էր այդ «նորափեսայի» գուլպաները և ահա նա մոլորված գնում էր խուլ փողոցներով, և այդ փողոցներում փնտրում էր մի սիրելի դուռ:

Հետզհետե մեղմանում էին նրա խղճի խայթերը, Մայրանի հետ կապված այն ներքին վրդովանքը, որ ինչպես ամոթ այրում էր նրա դեմքը: Այն ձմեռ Եղսանը՝ Մայրանի մայրը, ի թիվս ուրիշ բարեկամների, խնդրել էր նաև Միրզամի խորհուրդը՝ Մայրանի ամուսնության մասին: Եվ Միրզամը չէր հակառակել: Նա նույնիսկ վկայել էր, որ փեսացուն՝ Նիկողայոսը կայքով մարդ է: Իսկ հարսանիքին, ինչպես հայտնի է գործից, «վասն հացակերության» ներկա էր եղել նաև Հարություն Աբովը: Սակայն Միրզամը գիտակցում էր և մի ուրիշ հանցանք, որ նրան խարազանում էր առաջինից ավելի անխնա: Նա գնում էր իր մտերիմ մարդու մոտ, մի մարդու, որին ծերունի Միրզամը սիրում էր ավելի, քան հարազատ որդուն: Միրզամը պարծենում էր նրանով, այդ երբեմնի չար տղայով, որին քանի անգամ ուսերի վրա Ապրանքափոսի բաղից տարել է տուն: Այդ սիրելի մարդը դեռ երիտասարդ ժամանակ ամբողջ հոգով հակառակ էր Մայրանի ամուսնության: Նա Միրզամին սպառնացել էր գլուխն առնել և այլևս չվերադառնալ Քանաքեռ, եթե մանկահաս աղջկանըքյորփա րեխուն») ստիպեին հարս գնալ: Միրզամը չէր լսել նրա աղերսը և սպառնալիքը, նրան ևս համարելով դեռահաս տղա, որ դեռ չի ճաշակել դառն կարիքը: Եվ ահա կյանքը հաստատեց, որ ճշմարիտ էր ոչ թե ինքը՝ հազար չար ու բարի տեսած ալեհեր մարդը, այլ այն սիրելի տղան, որի անփորձությունն ինքը ծաղրում էր:

Առաջին հանցանքի գիտակցությունը Միրզամը մեղմացնում էր շվաք անելով անպաշտպան որբի վրա: Անարգանքի թունավոր ծովում Մայրանի համար նրա տունը միակ կղզին էր: Միրզամը համառությամբ հետամուտ էր Մայրանի «գործին», կարծես իր խղճի վրայից սեփական մատներով քերում էր արյունոտ կեղտը: Նա այդպիսով զգում էր հոգու թեթևություն, սակայն ոչ մի կերպ չէր դիմանում իր հարազատ մարդու հանդիմանող հայացքին:

Միրզամն ահա գնում էր այդ մարդուն պատմելու հոգևոր ատյանի վճիռը: Նրան մերթ թվում էր, որ այն մարդը գոհ է լինելու վճռից, մերթ կասկածում էր` հիշելով վճռի վերջին բառերը.

Ի վճռահատ զննություն Սյունհոդոսին Էջմիածնի...

Կարծես այդ բառերը գալիս էին գետնի մթին խորքերից, որտեղ հավերժական խավարն է և մեռելների երկիրը:

Գնում էր Միրզամը ծանոթ փողոցներով և ինչքան ավելի էր մտնում փողոցների լաբիրինթի խորքը, այնքան խաղաղվում էր նրա անհանգիստ միտքը: Տների, պատերի և փողոցների դանդաղ մահը, որին ականատես էր, նրան կարծես հաշտեցնում էր մի այլ մահվան՝ մոռացության հետ: Երբ մտածում էր Մայրանի և այն հին ժամանակների մասին, նրա հիշողության մեջ բացվում էին հենց այդ փողոցները, միայն շա՛տ-շատ տարիներ առաջ: Նրա միտքն ընդհատվում էր, երբ տեսնում էր հնամյա փառահեղ մի դարպաս, սակայն առանց պատերի, առանց ներսի տան և ծաղկած բախչայի: Անցնում էր քարե կամրջակի վրայով և ջարդված քարերը վկայում էին, որ շատ վաղուց ջուր չի հոսել այդ առվակով: Եթե այդ խուլ փողոցում նա չտեսներ մի իշապանի, որ անիծելով հրում էր իշին, պառավ թրքուհիների, որոնք պղտոր լճակում ողողում էին հին կարպետներ, կիսամերկ մանուկների, որոնք խաղում էին մոխրակույտի վրա, վերջապես եթե մի բախչայից չլսվեր թառի լացող նվագը, մի փակ դռան ետևից աղջկային մի ձայն զվարթ չքրքջար, ենթադրելով, որ մարդ չի անցնում փողոցով, — եթե այդ ամենը չլիներ, Միրզամը կմտածեր, որ հրաշքով ընկել է մի այլ քաղաք, որտեղ նույն խանձված մոհրապատերն են, նույն նայիդ քարերը, դռնակների նույն թաղբանդ կամարը, բայց չքացել է արևելյան քաղաքի շքեղությունը, և այն մարդիկ, որոնք ծաղկած պարտեզներում վայելում էին այդ շքեղությունը:

Следующая страница