Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Գորիսն ուներ մի թագավորական ուսումնարան՝ ռուսաց շկոլ և մի հայոց դպրոց: Ուներ մի բանտ, մի ռուսաց ժամ, մի հայոց եկեղեցի, մի բիլիարդանոց, որի պատուհանները փակ էին, որովհետև անտիրական կատուները սիրում էին օթևանել այդ ապահով ներքնահարկում, — մի հյուրանոց երեք սենյակից, մի բաղնիս, որի դուռը ժանգոտել էր իբր թե ներսի գոլորշուց, բայց դռան առաջի խոտերը վկայում էին, որ այլ էր պատճառը. գուցե ճշմարիտ էին նրանք, որոնք իբր թե բաղնիսի ավազանների մեջ տեսել էին կանաչ գորտեր: Քաղաքն ուներ մի ժամագործ՝ Սահաթսազ Սանդրոն, որը նաև ոսկերիչ էր և սրում էր թարաքյամա քոչվորների դաշույնները: Կար մի կանդիտեր, որ սրճատան հետևի մասը դարձրել էր գինետուն, որովհետև Գորիսի բնակիչները սուրճը համարում էին տիկին Օլինկայի խմիչք, իսկ տիկին Օլինկան միայն կիրակի օրերն էր սուրճ խմում: Քաղաքն ուներ լիմոնադի մի գործարան, որ հիմնել էին Շոր աղբյուրի կողքին: Երեք տարուց հետո տերը գործարանը ծախել էր ուրիշին և գնացել Բաքու` պատրաստի հագուստեղեն վաճառելու: Քաղաքում պատմում էին, որ նա իր հետ փափուկ փող էր տարել և իբր թե հեռանալուց առաջ նա համբուրել էր Շոր աղբյուրի քարը և ասել էր. «Շեն մնաս, Շոր աղբյուր, իմ հարստությունը դու տվիր»... Քաղաքն ուներ միայն մի գործարան և այն էլ լիմոնադի գործարան՝ առանց ծխնելույզի, և երջանիկ այդ քաղաքում ուրիշ ոչ մի ծխնելույզ չէր մրոտում փիրուզե երկինքը:

Բայց ոչ այդ գործարանը, ոչ հյուրանոցը և ոչ նույնիսկ «Սասուն» տպարանը, որտեղ տպում էին հարսանյաց հրավերներ, գավառային վարչության բլանկներ և զանազան պուբլիկացիաներ տուրքի, քոչի և զինվորակոչության մասին, — ոչ այդ ամենը և նույնիսկ տիկին Օլինկայի Հայ կանանց միությունը քաղաք չէին կազմում, Գորիսը չէին, որի միջուկը, այսպես ասած պարունակությունն էին վաճառականները և չինովնիկները, դյուքյանդարները և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը: Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էր իսկական Կյորեսը և նրա միջնաբերդը՝ հին Շենը:

Ինչքան էլ ձորի գետը քանդեր բուն Կյորեսի կողմը, և Գորիսը բարձրադիր լինելով զերծ մնար, այնուամենայնիվ գետը չէր քանդում կյորեսեցիներին, այլ «պալտոնավոր օտարականները» , որոնք հետզհետե դուրս էին մղում Շենը իր հին հողերից և ջրովի խոտհարքներից, փակում էին ճանապարհները և այլևս ոչ Ղաթրինի Աղալո կար, ոչ Պարան-Պարան Ավանես, որ դիմադրեր նրանց, այլ մնացել էր մի խեղճ Գյուրջի Օբի՝ շորերը գզգզված, աղքատ, արքա` օրավարձ մշակների, ջրկիրների, այրիների և որբերի, որոնք դեռ մնում էին Կյորեսի միջնաբերդում, իբրև պաշարված զորք, որ սպառել է հացը և վերջին կաթիլ ջուրը և դեռևս մի քանի զինվորներ շարունակում են կրակել` իրենց աղաղակներով խլացնելով բերդի մեջ մեռնողների կանչերը:

Գորիսը հաղթել էր: Ու թեև հին կռիվը շարունակվում էր, բայց այդ պաշարվածների հուսահատ դիմադրություն էր և ոչ թե հավասարների պատերազմ: Պատահում էր, որ Կյորեսի տղաները գետում լողանալու ժամանակ ընդհարվում էին «բուլկի ուտողների» հետ, մինչև անգամ նրանց ծեծում էին, քարերով քշում էին դեպի քաղաքը, — բայց այդ մանկական խաղ էր, ինչպես արդեն խաղ էր և այն, երբ Կյորեսի հարբած ուխտավորները ծաղրով և ահագին գոռում-գոչյունով Կանաչ եկեղեցու ուխտից քշում էին Կիզիկով Իսակին՝ հանդերձ ընտանյոք, նավթավաճառ Գեորգուն, Եփրատ Երեմին, Ավագիմով եղբայրներին, և մինչև անգամ քշում էին Ճաղար Մուղրովին, որի կուրծքը զարդարված էր մեդալներով:

Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին... Ամեն տարի մի ճյուղ չորանում էր, անձրևները մերկացնում էին անտառի հողը, և հողի խորքից հետզհետե ցցվում էին տձև ժայռեր՝ սապատավոր և ահռելի:

Տեսնելով վերջին կաղնին, ոչ ոք չէր ասի, որ երբեմն Շհարի Տախտը, որտեղ քաղաքն էր, և նաև Տախտի հարևան ձորերը պատած են եղել խիտ անտառով, որից մնացել է միայն մի կաղնի Խուռուփի ձորում: Այդպես էլ ոչ ոք չէր ասի, թե երբեմն Կյորեսը, նրա միջնաբերդը՝ Շենը իր թաղերով եղել է աղմկոտ փեթակ, և այնտեղ, ուր միայնակ խոխոջում է Ղաթրինի աղբյուրը, մի ահագին գյուղ կար քարանձավների մեջ, քերծերի գլխին... Որ Սալ կամուրջը, որից մնացել է միայն մի կամար, — եղել է ժողովուրդների կամուրջ, քարավանների կամուրջ, և անհամար բազմություններ են անցել այդ կամուրջով, ինչպես հետո անցնում էին թագավորական ճանապարհով:

Հետզհետե ամայանում էր Կյորեսը: Անդունդն էր սուզվում հողագործների ազգը: Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի վաճառականի կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն` Բաքու և Անդրկասպյան երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներն էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին: Այսպես «օտարականները» բնիկներին մղում էին օտար երկրներ, և իզուր էր Գյուրջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին» :

Այդ սպառնալիքը վաճառականներին միայն զվարճություն էր պատճառում, և երբեմն Բադիրին Չանթա-Ռեխ Գալուստը՝ ճոթի մաղազայի տեր, մի շիշ օղի էր խոստանում Գյուրջի Օբուն, եթե նա խանութի առաջ կանգներ և երգեր «Գորիսի գովքը», — մի երգ, որ կապել էր Նիազանց Անդրին և որով ծաղրում էին Գորիսի վաճառականներին և չինովնիկներին՝ ո՛րի ագահությունը, ո՛րի պարտք ուրանալը, ո՛րի կաշառակերությունը և ո՛րի ընտանեկան կեղտը...

Հատ ու կենտ կյորեսեցիներ էին մնացել, որոնք հավատում էին, թե Գորիսի վերջն էլ կգա. բայց թե ի՞նչ վերջ կլիներ այդ, — նրանք չգիտեին: Միայն Աթա ապերը, մի հարգևոր ծերունի, իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, երբ բազարի տեղն ինքը կամ մի ուրիշ կյորեսեցի վար կանի, պրիստավ Վասիլի տներից վեր նորից խոտհարքներ կդառնան, և Կանաչ աղբյուրը, որի ակը խցկել են Սպիտակ բանտի տակ, — նորից կհորդա: Այդպես էր ասում Աթա ապերը՝ ծոր տալով և երգելով, ինչպես երգելով խոսում էին հին կյորեսեցիք: Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպես պիտի բացեին, — Աթա ապերը չէր ասում, այլ միայն պատմում էր այն օրերի մասին, երբ ինքը հոտաղ տղա էր և եզները պահում էր այնտեղ, ուր հիմա Սպիտակ բանտն է... Պատմում էր Սալ կամուրջի և կորած ճանապարհների մասին և պատահում էր, որ նրան լսելով մեկը մոռանում էր առօրյայի հոգսը:

Իսկ Կյորեսն այնուամենայնիվ մեռնում էր: Մի կողմից գետն էր քանդում գետափի պարտեզները, երբեմն փլվում էին քերծերը՝ ծածկելով լանչերի փոքրիկ արտերը. հողը հողագործի ձեռքից գնում էր, և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը... Բայց նրան ամենից ավելի մաշում էր Գորիսը՝ վաճառականների և մեծամեծների քաղաքը, որի մոտ Կյորեսը՝ ինչպես մի բուռ ձյուն խարույկի մոտ:

Մի անգամ Կյորեսում եղավ մի դեպք, որից հետո նույնիսկ Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը:

Խաչի անունով մի մարդ՝ բուն Կյորեսից, — որին անվանում էին Ծմակի Խաչի, որովհետև տարին բոլոր նա շրջում էր անտառներում և վայրի ձորերում և այնքան էր մենակ շրջել, որ ասում էին, թե Ծմակի Խաչին խոսել չգիտե, այլ մռնչում է գազանի նման, — Ծմակի Խաչին աղվեսի, կզաքիսի և լիսեմնի մորթիների մի շալակ տանում է Միրումովների մաղազան: Շատ վաղ ժամանակ Ծմակի Խաչին նրանցից պարտք էր առել տասնմեկ մանեթ: Եվ այդ ժամանակից տարին երկու անգամ՝ գարնանը և խոր աշունքին, Ծմակի Խաչին երկու շալակ մորթի էր բերում:

Նրա վիզը կմաշի, բայց Միրումովների դրած լուծը չի մաշի, — ափսոսում էին կյորեսեցիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լուծը և իր մաշվող վիզը:

Ծմակի Խաչին մտածում է, որ այս անգամ կազատվի պարտքից, որովհետև մորթիների մեջ կային երկու աղվեսի արծաթափայլ մորթի, որ հազվագյուտ է: Միրումովների մաղազայում նրան ասում են, որ պարտքից դեռևս մնում է քառասունչորս մանեթ և երեք աբասի:

Երեք աբասին էլ քո գլխին մատաղ, — և Միրումով Կյուքին, որին անվանում էին Կույր գայլ, համրիչը դնում է տեղը:

Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես՝ եթե վրան կրակ թափեին: Եվ փախել է առանց ետ նայելու...

Երեք օր փնտրել են նրան: Փնտրել են որսորդ ընկերները, փնտրել են եզնարածները, մինչև անգամ տանուտերին են հայտնում, երբ մի օր մի հորթարած լուր է բերում, թե Լաչին քերծի տակ երևում է մի դիակ: Գնում և քերծի գլխից ճանաչում են Ծմակի Խաչու դիակը: Ձորն այնքան խորն է և անառիկ, որ հնար չի լինում իջնել՝ ոչ պարանով և ոչ այլ կերպ: Եվ վերևից հող են թափում դիակի վրա:

Այդ օրերին ջրաղացպանը պատմել է, որ ինքը գիշերով Լաչին քերծի կողմից լսել է մի ամեհի գոռոց.

Քանդվե՛ս դու, Գորիս, — լսել է ջրաղացպանը:

Այդ դեպքից հետո Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը:

3

Գորիս քաղաքի միջուկը, այսպես ասած պարունակությունը կազմում էին վաճառականները և պետական պաշտոնյաները՝ դյուքյանդարները և մեծամեծները, — ինչպես նրանց անվանում էր Աթա ապերը: Այդ մի ամբողջ բանակ էր, որ իր քարաշեն զորանոցները կառուցել էր գետահովտում և Շհարի Տախտից ռմբակոծում էր մինչև խուլ գյուղերը՝ անտառների խորքում, բարձր լեռների լանջին և այնպիսի խոր ձորերում, որի բնակիչներն իրենց գյուղի ճանապարհի մասին այսպես էին ասում.

Մեր շենի ճանապարհը կարգին ճանապարհ է... մինչև անգամ բեռնած էշն էլ կանցնի:

Գորիսը կենտրոն էր՝ վարչական, ռազմական և տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Անդրկովկասում և տարածվում էր Սևանա լճի հարավային լեռներից մինչև Արաքս: Լեռնաշղթաներով և խոր ձորերով կտրտված այդ աշխարհում ապրում էին այլացեղ և այլադավան ժողովուրդներ՝ նստակյաց և վաչկատուն, խաշնարած և հողագործ և այնպիսի ժողովուրդ, որ ոչ հողագործ էր և ոչ խաշնարած, այլ անտառաբնակ էր, և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր, և նույնիսկ ասում էին, որ նրանք առանձին ազգ են՝ այրում են և երկրպագում են բարձր ծառերի և իբր թե մութ ծմակներում նրանք շրջում են առանց զգեստի:

Այդ ընդարձակ գավառը՝ Զանգեզուրը լեռնաշղթաներով և խոր ձորերով բաժանված էր բազմաթիվ մահալների: Իրենք՝ մահալնհրը բաժանվում էին իրարից անջատ մանր գյուղախմբերի և հաճախ կարելի էր լսել այսպիսի խոսք.

Մինչ սարի սեռը մեր երկիրն է, էն երեսը Աղվանու երկիրն է: — Նույն գյուղացիներն իրենց գյուղին «հայրենիք» կամ «երկիր» էին ասում, հարևան գյուղին՝ «օտար երկիր» կամ «ղարիբ տեղ»:

Շհարի Տախտի բնակիչները գրավել էին այդ ամեն «երկիրները», — ինչպես մի իրական պետություն զենքի ուժով գրավում է իսկական երկրներ, Մահալները և գյուղերը՝ մինչև վերջին բնակավայրը, որ նույնիսկ գյուղ չէր հաշվում, այլ ձմեռանոց, — այդ ամբողջ երկրներն իրար մեջ բաժանել էին Գորիսի վաճառականները և չինովնիկ մեծամեծերը: Բաժանել էին կռվով, և ուժեղին բաժին էր ընկել ամենից հարուստ մահալը: Այսպես՝ Միրումովները հնուց անտի տիրում էին Մինքենդի բոլոր գյուղերին, — այն լեռնային մահալները, որոնք այժմ կազմում են Քյուրդիստանի հյուսիսային մասը, Բայանդուրից մինչև Շոթանան սեփական ժառանգությունն էր Բաղիրովների առևտրական տան: Սիսիանի մի մասը՝ Որոտան գետից ձախ, տիրում էին Ֆրանգուլովները: Ձորերը՝ Ավագիմովների միահեծան թագավորությունն էր, Կյորեսը և քաղաքամերձ չորս գյուղ բաժանված էին առևտրական երկու տների միջև: Յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալի գյուղերում ուներ մանր ու մեծ խանութներ և ահագին թվով մանր վաճառականներ, որոնք խանութ չունեին, այլ ձիերի վրա, երբեմն սեփական մեջքի վրա այդ խանութների ապրանքը բարձրացնում էին մինչև լեռան ծերպը, եթե այնտեղ ծխում էր մի օջախ:

Նրանք ոչ միայն վաճառում էին շիլեյ, մահուդվարի, Իրանի ղադաք, փոնձա, շալ, շաքար, նալ ու մեխ, սաղսի, նավթ, սաղրի քոշ և այլ այսպիսի ապրանքներ, որ քարավաններով ստանում էին Թավրիզից, Շուշուց (ռուսական մանուֆակտուրան՝ Պրոխորովի, Կրատնիկովի, Վիտովի, Ցինդելի և ուրիշ ֆիրմաների մեծաքանակ պահեստեները Անդրկովկասի հարավի և Հյուսիսային Իրանի համար կենտրոնացված էին Շուշի շահաստան քաղաքում), — ստանում էին Բաքվից և մինչև անգամ Տրապիզոնից էին ստանում, — նրանք ոչ միայն վաճառում էին, այլ յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալում մենաշնորհ իրավունքով գնում էր բուրդ, ցորեն, անասուն, յուղ, պանիր, հավաքում էր գորգեր՝ թիրմահի, եան, խորասան, մարդաշենք, պատնոց, — կարպետներ` դարախլու, շղթա-շղթա և առանց զարդի, — նրանք հավաքում էին պղնձե ամաններ՝ կուժ, կուլա, ջամ, մարթաբ, սինի, բադիա, կաթսա, — ինչ որ ձեռք ընկներ և հալելով՝ իբրև կարմիր պղինձ, ուղտերի նույն քարավանով ուղարկում էին Թավրիզ, Խորասան և Եզդան շահար:

Այդ առևտրական տները նաև յուրատեսակ բանկեր էին: Նրանց ձեռքում էր դրամը. նրանք վաշխ էին առնում՝ մանեթին երեսուն, քառասուն և ավելի: Միրումով Կյուքին, որին անվանում էին Կույր գայլ, իր որդիներին սիրում էր ասել պապից լսած խոսքը.

Որտեղից լացի ձայն լսես, ներս մտիր. կամ մարդ է մեռել, կամ սոված են, կամ տան տիրոջ ձեռքը նեղ տեղն է: Տո՛ւր, պարտք տուր, չա՛րմեխիր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի:

Եվ մեխում էին, շղթայում էին ծանր շղթաներով, և որոնք սարերում ազատ վրնջացել էին, նրանք դառնում էին բեռան ձի: Հետզհետե ուռչում էին սանադի դավթարները և ղաբզի մյուջրիները, այն փոքրիկ սնդուկները, որոնց մեջ հազար մուրհակ և հազար անուն կար:

Պատմում են, որ Ֆրանգուլով Բադալ ապերը մի անգամ նստած, բաց ու խուփ էր անում աջ բուռը:

Ապեր, էդ ի՞նչ ես անում, — հարցնում է որդին:

Ա՛յ որդի, նայում եմ բռիս և փառք եմ տալիս աստծուն, թե էս ահագին մահալը ո՞նց եմ պահում բռիս մեջ...

Ջամբա Ծատուրը՝ հռչակավոր վաշխառուն, երբ բաց էր անում մյուջրին, մուրհակների դարսը զսպանակի նման վեր էր թռչում:

Կարդա՛, — ասում էր որդուն: Եվ որդին առնում էր առաջին մուրհակը.

Վեր առիմ և պարտ եմ քառասունվեց մանեթ... Էյվազ Խդըր օղլի...

Էդ չի, — ընդհատում էր հայրը:

Վեր առիմ... Հիսուն մին մանեթԳիչունց Տանիել...

Է՛դ չի...

Վեր առիմ... Մեհտի Ղուլի Իմամվերդի:

Թիվը քանի՞ է, — հարցնում էր Ջամբա Ծատուրը:

Հուլիսի 25-ը:

Էսօր 16-ը չի՞:

15-ն է:

Էդ մեկը հանի... ասում են Մեհտի Ղուլի Իմամվերդին երկու լավ մատակ ունի, — և այդ մուրհակը հանում էին:

Կարդա՛, — և շարունակում էր ընթերցումն, ինչպես միալար ժամերգություն:

Կային այնպիսի առևտրականներ, որոնք իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով: Նրանք դատ էին անում, եղբայրը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան գին էին որոշում, — մի խոսքով մահալում խան ու սուլթան էին: Նրանց ձեռքի տակ էին գյուղական գրագիրները, տանուտերերը, և մինչև անգամ պրիստավը լսում էր նրանց, — որովհետև նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից:

Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ: Կային երեք Ներսես բեյ՝ Հաստ ներսեսբեյ, Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և Պրիստավի Ներսես բեյ: Կային Կեվեր բեյ՝ Ճաղար, այսինքն կապուտաչյա և Բաասան Կեվեր բեյ: Կային երկու Զիլֆուղար բեյ հայ և թուրք, որոնց միջև կար միայն մի տարբերություն. տարին երկու անգամ հայ Զիլֆուղար բեյի տունն օրհնում էր տեր Զավեն քահանան (Տեր զի բազումը՝ ինչպես նրան անվանում էին), իսկ թուրք Զիլֆուղար բեյի տունն օրհնում էր մոլլա Մուսին: Ուրիշ և ոչ մի տարբերություն չկար երկու Զիլֆուղար բեյերի միջև: Վերջապես կային բեյեր, որոնք մի հատ էին, ինչպես Գորիսում մի հատ էր տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գեորգին և ուրիշները... Կար մի Ասատուր բեյ, որ ասունաս չէր խաղում, այլ սիրում էր որձ այծի միս, կար Պավլի բեյ որ «Մշակ» թերթի անխափան բաժանորդն էր, կար Վաղարշակ բեյ` զար գցող, կար Խանլար բեյ` շուն պահող, կար... և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում: Այդ բեյերից ոմանք շառավիղն էին ազնվական հին տոհմերի և ունեին կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում էին: Այդպիսին էր, օրինակ, Պավլի բեյ Օրբելյանը, «Մշակ» թերթի հավատարիմ բաժանորդը, որ առանձնացած ապրում էր իր տանը, ինչպես իշխանը դղյակում, հագնվում էր հին տարազով, և ասում էին, թե իբր գավառապետը նրան չի սիրում, որովհետև Պավլի բեյը իր այգում վեճի էր բռնվել ռուս քահանայի հետ և հաստատել էր, թե հայոց կրոնն ավելի հին և ավելի ճշմարիտ է: Այդպիսին էր նաև Համբարձում բեյը, որ երբեմն գյուղ էր գնում` տաքացրած թան ուտելու իր ազգի տանը: Այդ ժամանակ նրա շուրջն էին հավաքվում ազգական ծերունիները, և մունդիրը հանելով Համբարձում բեյը ննջում էր բարձերի վրա, իսկ ծերունիները շարունակում էին պատմել վաղի ժամանակներից:

Կային այդպիսի բեյեր՝ հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին՝ Տաթևի վանքից, խանի ժամանակներից, և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ: Բեյերի մի մասն այդպես էր ձեռք բերել կոչումը, իսկ մյուսները նախկին տանուտերերի, գրագիրների և հարուստ հողատերերի որդիներ էին, որոնք պետական ծառայության մտնելով, կոչվել էին բեյ. մի սովորություն, որ մնացել էր պարսկական տիրապետության ժամանակից:

Առևտրականների նման բեյերը ևս ունեին իրենց ազդեցության մահալները և գյուղերը: Ոմանք այդ ազդեցությունն ունեին ի ծնե, որովհետև այդ գյուղերի ջրարբի հողերը նրանց հայրական սեփականությունն էր: Ոմանք այդ ազդեցությունը ձեռք էին բերել «քրտինքով», և մի անգամ ձեռք բերածն արդեն անքակտելի էր:

Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր գավառային վարչության դիվանում (դավթարխանա), զինվորական և հաշտարար ատյաններում (սուդարան), հարկային տեսչության մեջ, — վխտում էին՝ աղմկելով սապոգների պղնձե խթաններով, ոմանք թրերով, ոմանք ճռռացնելով սապոգները: Ընդարձակ սենյակներում գործավար, սեղանապետ և քարտուղար բեյերի խմբերը մինչև ճաշ հնչեցնում էին իրենց ձայները՝ թավ, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը պատմում էր մի «անառակ» անեկդոտ, խռպոտ, երբ Հաստ Ներսես բեյը վերջացնում էր ռապորտի պատճենը և մեջքը հենելով աթոռին, ասում էր. «Դա՛-աս..., երեկ լավ ժամանակ անցկացրինք... и не скучала душа моя…» Իսկ մի հեռու սենյակից լսվում էր աղվեսահաչ արագ-արագ և սուր ձայնով, ինչպես հաչում է տնային շնիկը կատվի վրա, որ նայում է պատի գլխից և բեղը չի շարժում: Եվ բոլորն էլ ճանաչում էին ավագ գրագիր Նազար բեյի ձայնը և առանց տեսնելու գիտեին, որ նա բարկացել է շինականի վրա...

4

Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժողովուրդներ: Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ՝ Գորիսի շուկան էր:

Գորիսի շուկան...

Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան՝ յոթ միանման ու լայն փողոցներ, որոնցով մտնում և դուրս էին գնում ահագին քարավաններ, բեռներ, մալականի ֆուրգոններ, Խաչենի սայլեր և մարդիկ՝ հազար, տասը հազար մարդ, — մանավանդ ամառը, երբ Սալյանից, Մուղանից, Լենքորանից հազար-հազար քոչվոր բարձրանում էր Զանգեզուրի ամառային արոտները, — և ամբողջ ամառը նրանք առնում և ծախում էին Գորիսի շուկայում :

Ո՞ր ճանապարհով մտնել շուկա և ո՞ր ծայրից սկսել... Մտնել լեռա՞ն ճանապարհով, որտեղ բերում էին պանրի և յուղի բեռներ, բուրդ, հազարավոր ձիեր, ոչխարներ, — և այդ ամենն այնպիսի աղմուկով, որ մինչև անգամ շներն իրար էին խառնվում, և հենց քաղաքային ինքնավարության առաջ բարձր գոռոցով թեմիր-միսկյանլու մի չոբան ժխորի մեջ կանչում էր իր շանը՝ «Ալաբաշ հե՛յ, Ալաբաշ, Ալաբաշ...», կանչում էր այնքան բարձր, որ քաղաքագլուխ Մաթևոս բեյը դուրս էր գալիս քաղաքային դումայի պատշգամբը, որպեսզի հանցավորին պատժի, բայց հանցավոր չէր գտնում, այլ գտնում էր անասունների հեղեղ, որ սարերից տրաքված մտնում էր քաղաք:

Արդյոք սկսե՞լ հարավից, որտեղից շուկա էին բերում ձմերուկի և սեխի սարեր, Բարկուշատի բրինձ, Օրդուբադի չիր, թուզ և ուրիշ ինչ մրգեր չէին բերում, ուղտերի մեջքին, զրընգ-հա-զրընգ՝ զանգերով, բոժոժներով և փնջերով զարդարված ուղտերի մեջքին: Բայց առաջին քարավաններն արդեն վայր են դրել բեռները, ուղտերը նստել են և փակել են ճանապարհը: Ուղտերը տռնգում են, և մի ուղտապան կեռգլուխ մահակով խփում է նստած ուղտին, կատաղած խփում է, և ուղտը կեռ ու մեռ ոլորում է վիզը և, հեռվից այնպես է երևում, թե մի վիթխարի օձ գալարվում է բեռների արանքում... Արդեն այնտեղ է քաղաքային ոստիկան գարադաբուլդի Մուխանը` որին հրամայված է կարգ պահել հրապարակի այդ մասում և բաց պահել ճանապարհը: Բայց Մուխանը տեսել է Օրդուբադի չիրի և թուզի բեռները, լցնում է գրպանները և նույնիսկ գլխարկի մեջ է լցնում:

Ո՞ր ճանապարհով մտնել այդ հարուստ շուկան...

Լավ է շուկա մտնենք ոչ լեռներից իջնող ճանապարհով, ոչ հարավի և ոչ թագավորական ճանապարհով, որով Շուշի քաղաքից բերում էին շաքար, մանուֆակտուրա և երկաթեղեն: Մենք շուկա մտնենք Կյորեսի ճանապարհով, — այն հին ճանապարհով, որով Գորիս էին մտնում ձորերի մեջ կորած գյուղերից՝ ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք, ձորկեցիները և ուրիշները:

Գետից այն կողմ ճանապարհը բարձրանում է ջրաղացների կողքով: Այստեղ դեռևս հին Կյորեսի հետքերն են... Ահա կանաչ ընկուզենու տակ ննջում է ալրոտ ջրաղացպանը: Ծառից կապած երկու էշ գլուխ-գլխի կանգնել են, կարծես խոր մտքի են և այնքան են խորասուզված, որ չեն զգում ճանճերի խայթոցը: Այստեղ դեռևս հին Կյորեսն է... Ճանապարհին ընկած է մի կոտրած նալ, այստեղ-այնտեղ թափված են խուրձերից վայր ընկած հասկեր: Շենից մի աղքատ կին ջրաղացի առաջ փռել է վերջին պարկ ցորենը, այն ցորենը, որին ջրաղացպանն անվանում է հավի կուտ...

Արդեն հետ մնաց վերջին ջրաղացը այն իմաստուն ջրաղացպանով, որ հազար հեքիաթ գիտեր: Նա իր կյանքը անց էր կացրել այդ ձորում և ձորի ջրաղացում: Գիշեր մինչև լույս ջրաղացը բանում էր, իսկ ջրաղացպանը եթե չէր ննջում, — ջրաղացի դռանը նստած կամ օջախի մոտ՝ պատմում էր իր հեքիաթներից մեկը, — պատմում էր հայերեն և թուրքերեն, որովհետև նրա ջրաղացն աղուն էին բերում և՛ հայերը, և՛ թուրքերը: Նա հնագույն կյորեսեցի էր և նրա ասելով Ղաթրինի Աղալոյի մահից հետո Կյորեսում ապրելը հարամ էր: Նրա կարծիքով առհասարակ մարդ-օլանը քանի գնում ժեռանում էր, այսինքն փոքրանում և վայրենանում էր... Մարդ՝ առաջվա մարդն էր, ոսկորը հաստ և զորեղ: Մարդ էր Ղաթրինի Աղալոն, մարդ էր Ցուլ Օհանը, որի ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին: Եվ նա պատմում էր Տուլաքարի և Ցուլ Օհանի մասին, որ և մենք կպատմենք, լռած լինելով ջրաղացպանից, — որովհետև՝ այդ վերջին ջրաղացից մինչև քաղաք ուրիշ նշանավոր բան չկա և երկրորդ՝ մի անգամ լսած լինելով այդ պատմությունը, չի կարելի չվերհիշել, — երբ դեպք է լինում անցնել Կյորեսի վերջին ջրաղացի կողքով:

Վաղ ժամանակ Շենում՝ հին Կյորեսում ապրել է մի մարդ, անունն Օհան: Այն ժամանակ Շենն այժմվա ձորերում չէր, այլ ավելի հյուսիս, այնտեղ, ուր ձորի մեջ երևում է մի կոտրած վանք, որի ճակատաքարին դեռևս կարդացվում է. «Թիւ ՌԺԴ ...Ես Մելիք Էգան կառու[ցի]...»: Այդ ձորի գյուղում ապրել է Օհանը, որ կոչվել է Ցուլ, նախ որ նրա ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին և ապա նույնիսկ երեցկինը նրանից հանգիստ չուներ: Եվ մի պատարագի երեցին հայտնում են, որ Ցուլ Օհանը քշել է վերի թաղի կողմը: Քահանան շուրջառն ուսին, ինչպես պատարագում էր, թռչում է դեպի տուն և ձեռքն առնելով բահի կոթը՝ վազում է: Նրա ետևից վազում են վերի թաղի մարդիկ, որոնց կանանց նույնպես չարչարել էր Ցուլ Օհանը: Քահանայի տնից նրանց դեմ է դուրս գալիս Ցուլ Օհանը, գրկի մեջ երեցկինը, որի կիսամերկ մեջքը դեպի քահանան էր: Այդ տեսնելով, երեցը բացականչում է. «Ցուլ Օհանի բահի կոթն իմից զորեղ է, ժողովուրդ, և քանի այդպես լինի, աշխարհում շատ մարդու կին իմ կնոջ նման կնստի՛...»: Երեցը շուրջառը գետնին է գցում, հեռանում է գյուղից: Այլևս նրան չեն տեսնում: Իսկ Ցուլ Օհանն ապրում է շատ տարիներ, և այդ տարիներում, երբ դղրդար նրա ձայնը, կանայք անհանգստանում էին՝ նույնիսկ իրենց ամուսինների գրկում:

Նրան միայն ծերությունը հաղթեց: Բայց նույնիսկ օր ծերության, երբ աչքերը պարզ չէին տեսնում և քայլելու ուժ չուներ, Ցուլ Օհանը չէր մոռանում կանանց: Իրենց տան առաջ նա ցցել էր մի քար, աղբյուրի ճիշտ դեմը: Երբ կանայք աղբյուրն էին գալիս կամ աղբյուրի ջրում լվանում էին ցորեն, բուրդ, Ցուլ Օհանը պառավ գայլի նման քարանձավից դուրս էր գալիս և քարի գլխից նայում էր աղբյուրի կանանց, որոնք բարձրացնում էին կուժը և օրորվելով գնում, ոտքերը մերկ մտնում էին ջուրը և թևերը քաշած ցորեն էին լվանում: Ասում են քարի գլխից Ցուլ Օհանը տեսնելով աղբյուրի կանանց, հիշում էր նրանց մայրերին և ոմանց անունը շշնջում էր(:

Ահա ետ մնաց և վերջին ջրաղացը, նրա հետ և այն ամենը, ինչ մնացել է Ղաթրինի Աղալոյի և ավելի վաղ ժամանակներից: Այստեղից սկսվում է քաղաքը: Առաջինը՝ հենց քարափի գլխին, նավթի պահեստն է: Չորս-հինգ գյուղացի երեխաներ, շշերը մատներից կախած կանգնել են: Նրանք մի քանի անգամ համրել են իրենց սև փողը, ստուգել են խցանը՝ կարտոֆիլից կամ մասուրի փայտից, — բայց դարձյալ սպասում են, որովհետև նավթավաճառ Գեորգին նարդի է խաղում ԲալասանԿևեր բեյի հետ.

Սե-բիր Սիբիրստա՛ն, Գեորգի Մինայիչ... Զա՛ռ, դուբարա, քարերը թուփ արա:

Իսկ նավթավաճառը միայն կրկնում է.

Զառ, քեզ տեսնեմ, զառ, — և զառերը «դուշեշ» չեն բերում: Երեխաներն սպասում են և դեռ կսպասեն այնքան, մինչև խաղից կշտանա Բալասան Կևեր բեյը, և կամ երևա մի հաճախորդ, որ նավթ է գնելու բեդոնով...

Նավթի պահեստից մինչև Նազար բեյի տունը հին շուկան է, շուկայի այն մասը, որ վաղ ժամանակ միակ շուկան էր, բայց արդեն դարձել էր իսկական շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար էր կոտր ընկնելուն: Հին շուկայում մեծ մասամբ բնիկ կյորեսեցիներ էին, որոնց Գորիս քաղաքի իսկական շուկան քշում էր դեպի Շենը և վաղ թե ուշ նրանք պետք է կամ օտարություն գնային, կամ ետ վերադառնային հայրենի տունը ձորերի մեջ: Ներկարարներ, համետ կարողներ, սաղրի չմուշկի վարպետներ, հնակարկատներ, դարբիններ, որոնք զոդում էին խոփը, բայց անիվ չէին կապում, որովհնտև շինականները՝ ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք և ձորկեցիները սայլ չունեին, — փափախ կարողներ, որոնք փափախ էին կարում ոչ թե բուխարայի, այլ գառան հասարակ մորթուցմոթալ փափախ»), եզան, էշի, ձիու և ջորու պայտարներ, որոնք գիտեին ձիու մաշված նալը հարմարեցնել էշի մանր ոտքին, — երկու վարսավիր՝ Դալլաք Բոզին և Քթևան Ասրին, որոնք մանգաղի նման ածելիներով թրաշում էին շինականներին, տզրուկ էին պահում և աշնանը՝ կալի ժամանակ իբրև մուրացկաններ շրջում էին տնե-տուն, հավաքելով ամբողջ տարվա վարձը, — և այլ այսպիսի վարպետներ զարդարում էին հին շուկան: Միակ ճոթավաճառը Մանգասար դային էր... Նրա խանութի նման երկրորդը չկար ամբողջ Գորիսում, և կարծես Մանգասար դային խանութն այդպես պահել էր, որպեսզի ցույց տա, թե ինչպես էին ճոթի խանութները Աղա Մամմադ խանի ժամանակ: Կամարակապ թաղբանդի հատակը ծածկված էր գորգերով: Գունագեղ կտորները դարսված էին իրար վրա՝ մինչև առաստաղը: Ինքը՝ Մանգասար դային, նստում էր գորգի վրա՝ մի ծունկը ցցած... Գալիս էր մի մուշտարի, նստում էր նրա կողքին, և նրանք զրուցում էին: Ապա մուշտարին հարցնում էր ղանավուզ արխալուղացուի գինը: Մանգասար դային չէր շտապում.

Կտամ է՛, կտամ տանես... Վերջին թոփն է, տար հագի: Մանգասար դային որ մեռնի, էլ պրծավ ղանավուզը, թռա՛վ թիրմահին, — և զրույցը շարունակում էին:

Այդ հին շուկայում կային և մի քանի խանութներ, որոնք ցուցանակ ունեին, ինչպես իսկական շուկայի խանութները, բայց ներսը դարակները դատարկ էին, եթե չհաշվենք ճրագի յոթանոց ապակիները ծղոտների մեջ, ղազանի սապոն, մի երկու կապ պարան և այդ ամենը թանձր փոշու մեջ, որ նշան էր, թե այդ ապրանքներին վաղուց ձեռք չէին տվել: Բայց խանութները ցուցանակ ունեին, նրանցից մեկի վրա ռուսերեն գրված էր՝ «Մանրուքի խանութ թեյ շաքար Ակոբ Ապինցև» և ինքը՝ Ափունց Ակու ամին առավոտ կանուխ խանութը բաց էր անում, ինչպես մյուսները, բարի լույս էր տալիս հարևաններին և անցնում դախլի գլուխը, ինչպես մյուս խանութպանները:

Ափունց Ակու ամին վաղուց էր մոռացել ղազանի սապոնի ու ճրագի յոթանոց ապակիների առքի գինը: Նա ապրում էր այն նամակներով և ծանրոցներով, որ օտարության տեղից հայրենիք էին ուղարկում ձորկեցիները: Յուրաքանչյուր փոստի Ակու ամին իր դրացուն խնդրում էր «աչքը խանութի վրա պահել», ինչպես առաջ, երբ Ակու ամին գնում էր խոջա Բաղիրի մաղազայում մազանդա իմանալու... Ակու ամին գնում էր փոստը և ստանում նամակների և դրամական ծանուցագրերի մի կապ, ապա վերադառնում էր խանութը և աչքի էր անցկացնում հասցեները. — «Գորիս քաղաք մանրուքի խանութ Ակոբ Ապինցևին» ռուսերեն և տակը՝ ծրարի վրա, հայերեն՝ «Ակու դայի նամակս շուտ հասացնես մեր գյուղը իմ հայր Առաքել Գիչունցին» («Երևի խեղճի ականջով դիպել է Առաքելի մեռնելը», — ասում էր Ակու ամին, վերցնելով մի ուրիշ ծրար): «Նամակս հասնի ի ձեռն Վարդազարի Տերակուփին ի գյուղն Ձորեկ» («Երեկ հենց Վարդազարն էստեղ էր…»): «Շատ բարևս կհիշեմ քեզ Ակու ամի» և ուրիշ ոչինչ, — բայց Ակու ամին ձեռագրից ճանաչում էր, որ գրողը որբևայրի Հերիքնազի փոքր տղան է:

Следующая страница