Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

7

Առավոտից լսվող առանձին ձայները՝ մի անհանգիստ շան հաչոց, քաղաք մտնող նախիրի բառաչ, քարավանների ղողանջը, Ներսես բեյի հազը, խանութների բացվող դռների աղմուկը, վերջապես այն ձայները, որ հետզհետե բարձրանում են դարբնոցներից և թիթեղագործների արհեստանոցներից, — այդ ամենը, դեռևս անախորժ աղմուկ են, նման այն աղմուկին, որ արձակում է նվագախումբը վարագույրից առաջ: Բայց ահա դիրիժորը բարձրացնում է ձողիկը, և նվագախումբը ներդաշնակ հնչեցնում է բարդ սիմֆոնիան:

Այդպես էլ ժամը 11-ից անց, երբ քաղաքագլուխն ստորագրում էր առաջին թուղթը, քաղաքի անկարգ ձայներն իրար հարմարելով սկսում էին ներդաշնակ հնչել, գոյացնելով մի քաղցրալուր նվագ: Պատահում էր, որ մի ձայն դուրս էր թռչում այդ աղմուկից, ինչպես կեղծ հնչյուն նվագախմբում: Պատահում էր, որ մի հովիվ սարերից իջնող մարդկանց և անասունների հեղեղի մեջ կորցնում էր իր շանը և հենց փողոցում կանչում էր, «Ալաբաշ, հե՛յ, Ալաբաշ...»: Այդ ձայնին իսկույն պատշգամբ էր դուրս գալիս քաղաքագլուխը, որպեսզի խլացնի այդ աններդաշնակ ձայնը և մինչև անգամ զայրանում էր, ինչպես զգայուն դիրիժորը, բայց նույն մարդկային ժխորն ինչպես հեղեղ խլացնում էր այդ անպատեհ և անհարիր կանչը: Եվ նույնիսկ եթե այդ ժամանակ բոլորովին մոտիկ մի աքլոր շոգից կատաղած կանչեր, եթե երկու չարաճճի գիմնազիստներ, անցնելով դալլաք Բոզու վարսավիրանոցի կողքով, կանչեին՝ «դալլաք Բոզի, գլուխդ խոզի» և ինքը՝ հին շուկայի պատվելի վարսավիրն ընկներ նրանց հետևից և բարձրաձայն ասեր. «Այ, ես ձեր խրատողի...», — միևնույն է, ոչինչ այլևս չէր խանգարի այն ռիթմը, որով ընթանում էր քաղաքի աղմուկը:

Նա շուկա էր մտել յոթ ճանապարհով, նա հոսում էր դավթարխանայի, քաղաքային ինքնավարության, դատարանի, ոստիկանական վարչության, հարկային տեսչի, պետական գանձարանի և սուբահանոցի` նախնական կալանատան յոթ դարպասներից, որոնք բացվում էին շուկայի վրա: Ինչպես բարակ առու, այդ աղմուկը գալիս էր ճոթի մաղազաների խորունկ խորքերից, որտեղ լեռնցիների խրոխտ ձայները խլանում էինԵվ ինչքան արևը բարձրանար, այնքան զորեղանում էր նվագը և արևի թեքվելու հետ, երբ դեպի լեռներն էին վերադառնում գյուղացիները և քոչվորները, — այդ սիմֆոնիան մոտենում էր իր վախճանին:

Այդ պահին քաղաքի ամենահետաքրքիր անկյունները ոչ մանուֆակտուրայի խանութներն էին, ոչ պետական հիմնարկները և ոչ էլ նույնիսկ Պասաժը: Դատարանում դատավորներն առանձնացել էին խորհրդակցության, և մի ամբողջ ժամ նրանք չէին կարողանում քրեական դատավարության Կոճղ օրինացի մեջ գտնել այն հոդվածը, որով կարելի է հարևանի գոմշի պոչը թրով կտրող հանցագործին պատժել, և արդեն երդվյալ հավատարմատար Ֆեոկտիստ Իվանիչն առաջարկում էր գործն ուղարկել նոր քննության, որովհետև շատ մութ էին հանցագործության հանգամանքներըԳավառային ինքնավարության մեջ այն ժամն էր, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը թավ ձայնով «անառակ» անեկդոտներ էր պատմում, իսկ Նազար բեյը աղվեսահաչ էր տալիս... Այդպիսի ժամ էր քաղաքային ինքնավարության մեջ և հայոց վիճակային կոնսիստորիայում, այդպիսի խաղաղ ժամ էր, որովհետև Տեր զի բազումը վաղուց էր կնքել ծննդյան երկու վկայականները:

Նույնիսկ փողոցները խաղաղ էին: Ծառի շվաքում կարելի էր հանդիպել մի քանի գյուղացիների, որոնք կամ սեխ էին ուտում, կամ փռել էին գնած ապրանքը և նորից նոր հաշվում էին՝ անընդհատ կրկնելով. «Հո չխաբե՞ց մեզ էն շան որդին...»: Բայց հետաքրքիր չեն սեխ ուտող գյուղացիները և կամ նրանք, որոնք իրար երեսի նայելով դժվարանում են գտնել, թե գուղը 27 կոպեկով մահուդավարին ինչքա՞ն կանի, եթե իրենք գնել են 5 գյազ և մի չարեք:

Քաղաքում այդ պահին ամենահետաքրքիր տեսարանը խոհանոցներումն էր և ոչ թե սենյակներում, որտեղ նույնիսկ Հերսելյան՝ «Թևը կոտրած հրեշտակը» շրջում էր տնային զգեստով և չուներ այն հմայքը, որ ուներ, երբ հագնում էր խշխշան շորերը և պահում էր երկնագույն մետաքս հովանոցը:

Ամենահետաքրքիրը խոհանոցներում էր...

Ներս մտնենք Հաստ Ներսես բեյի տան դարպասով: Արդեն դարպասի մոտ զգացվում է այն բույրը, որով անսխալ կարելի է որոշել, թե ի՞նչ վիճակումն է դոլման: Արդյոք ա՞յն, երբ փակ կոկոնի նման հազիվ է երևում մի կտոր վարդագույն միս, երբ հետզհետե փքվելով իր մեջ է կլանում շոգին և չոր մրգերի հյութը, և խաղողի տերևների արանքներում բրինձի հատիկները խաղում են... Կաթսան փրփրում է, շոգին երբեմն բարձրացնում է կափարիչը պուֆ անելով, և կափարիչը զնգալով նստում է: Կաթսայի այդ շնչառությունը հիշեցնում է Ներսես բեյի հետկեսօրյա քունը, երբ հաստ շրթունքները ուռցնելով քնի մեջ նա պուֆ էր անում, արձակելով հոտավետ շունչ:

Մեծ կաթսայի կողքին շար են ընկել բազմաթիվ ջամեր, բադյաներ, կոթավորներ, պղնձե պնակներ, որոնց պարունակությունը և կետ նպատակը նույն դոլման է: Մեկի մեջ տաքանում է սերկևիլի և նռան ջուր, որ պիտի եռա միայն միանգամ, ապա ծաղկավոր կոթամանի մեջ աղախինը պիտի իջեցնի մառանը, սառեցնելու: Նա պիտի երևա այն րոպեին, երբ մեծ ափսեի մեջ խոհանոցից դուրս կգա դոլման, և Ներսես բեյը նրա գոլորշին կհանգցնի նռան և սերկևիլի սառած ջրով: Նրա կողքին տաքանում է հիլի և դարչինի լուծույթը, ավելի հեռու չորանում է այն կարմիր հացը, որ Ներսես բեյը մատներով պիտի փշրի դոլմայի ջրալի հյութի մեջ: Խոհանոցում այլ պնակների մեջ կանաչի է՝ քաղցր սոխ, կինձ, կոտեմ, առանձին դարսված են սպիտակ բողկի պահունակները, — ոչ այն բողկի, որ հասնում է մի ամսում, այլ այն, որ մի տարում հազիվ է հասնում, բայց երեք տարի համը պահում է:

Խոհանոցում Ներսես բեյի կինը ձեռքի աղացով սուրճ է մանրում և գանգատվում է, որ ֆրանսիական ապրանքների մագազինից այլևս հարկավոր չէ սուրճ առնել, այլ հարկավոր է առնել Եփրատ Երեմից, որի սուրճը Լյուդմիլլա Լվովնան շատ է հավանել: Նա գանգատվում է, բայց ականջը կաթսայի կողմն է. յուրաքանչյուր քլթոց, կափարիչի յուրաքանչյուր զրնգոց նրա համար նշաններ են դոլմայի ձևավորման: Տանտիկինը ձեռքի փոքրիկ շերեփով չափ է տալիս այդ բարդ շարժման: Ինչպես նավավար նա վարում է ճաշի նավը մինչև վերջին նավահանգիստը, մինչև...

Բայց այդպես էր բախտը Գորիսի շատ առաքինի և անվանի տիկինների, նրանց այդ էր վիճակված՝ բմբուլի բարձերը փքված պահել, անկողինը փափուկ, ճաշն անթերի և առատ, տունը հարուստ, — իմանալ սուրճ եփել և հյուրերին զբաղեցնել մինչև սուրճը և ապա լոտո կամ թուղթ խաղալ: Այդ էր նրանց վիճակը, և նրանցից շատերը նույնիսկ ամուսնու պաշտոնը չգիտեին, այլ միայն գիտեին, որ նա դավթարխանայի մեծերից է և նրանից բարձր միայն երկու բեյ կա՝ այսինչը և այնինչը, իսկ մնացած բոլոր բեյերը նրանից քաշ են, նրանց կանայք իրենից քաշ են, նրանց երեխաներն ի՞նչ են, որ խաղան իր երեխաների հետ: Նրանք կարող են ունենալ գիլանառի մուրաբա, իսկ իրենք՝ սերկևիլի, նրանց սերվիզն արծաթից է, իրենցը արծաթ ոսկեջրած, — մի խոսքով, մի աստիճան պիտի բարձր լինեին այն բեյերից, որոնցից աստիճանով բարձր էր տան տերը:

Այդպես էին այդ կանայք՝ բազմաթիվ երեխաների մայր, խոհանոցի տնօրեն, հյուրընկալուհի և դեռևս ինչքան պարտականություններ ունեին նրանք... Ահա դիմաց-դիմաց պատուհանից խոսում են երկու այդպիսի տանտիրուհի.

Վարսենիկ, էդ ինչո՞ւ ձեր լույսերը ամբողջ գիշեր վառվում էին... Հյուրերդ ուշ գնացին, հա՛...

Ի՞նչ ուշ, սհաթի տասներկուսին չարեք էր պակաս, որ գնացին... Աղջի, տաք էր, տաք... Սիրտս ուզում էր ճաքի:

Է, տաք ասում ես պրծնում... Գիշերը աչքերս չեմ փակել: Դու դեռ լավ ես: Ուզում եմ գնամ Շուշի. ասում են պրոֆեսոր Բահաթուրովը եկել է... Ժենսկիյ հիվանդությունից նա լավ է...

Բախտավոր ես... Ես էլ կգայի, եթե երեխան չլիներ...

Պատուհանները փակում են, և երկու սիրելի հարևանուհիները իրար հասցեի շշնջում են.

Հողեմ գլուխդ, թե քո մարդը քեզ Շուշի կուղարկի... Դու երեխան մահանա բռնի:

Էդ դեղնած կերպարանքիդ Բահաթուրովն էր պակաս...

Եվ միայն կարելի է զարմանալ, թե որքան խելոք էին այդ կանայք և ինչ եռանդի տեր էին, որ այդքան զբաղմունքից հետո դեռևս ժամանակ էին գտնում կտրելու փողոցը, որպեսզի փորձեն հարևանի մուրաբայի համը, այն մուրաբայի, որի եփելու կերպը քաղաքներից բերել է Վարվառա Մինաևնան, տիկին Վառինկան, Վառի-բաջին, ինչպես նրան կանչում էր լվացարարուհի Մինան: Նրանք ժամանակ էին գտնում վերջին մոդայի պելերինայի ձևսն ընդօրինակելու, նույնիսկ մտնում էին կանացի դերձակ Մացակի տունը, իբրև թե պատահմամբ, բայց նպատակ ունենալով տեսնել այն կոֆտան, որ պատվիրել է տիկին Օլինկան և որի մասին այնքան շատ էին խոսում Լալազարանց տանը: Եվ ինչի՛ մասին կարծիք չէին հայտնում և ինչ կարծիքներ չէին հայտնում նրանք...

Ստուդենտ Ռուբենը շատ կսխալվի, եթե Հերսելյային առնի: Նրա մեջն առողջ չի

Ամբրումովի տղան չի բարիշում խորթ մոր հետ: Ասում են տեր Զավենը գնացել է հաշտեցնի...

Սահակ Սերգեիչի մեծ աղջիկը լկստված է... Երեկ գիշեր նրան բուլվարում տեսել են ռուս օֆիցերի հետ...

Է՛, ժամանակս փոխվել է, զարգացել են, լուսավորվել են... Մեզնից ծնվածն էլ մեզ չի հավանում...

Տեղն է, Սահակ Սերգեիչի կնոջ տեղն է... Ասում էին աղջկադ հեռու մի ուղարկի, կլկստվի, թե թող ուսումը տեղ տա, բժիշկ պիտի դառնա: Դե հիմա թող բժիշկ դառնա... Կդառնա՛, ինչպես չէ:

Այդպիսի կարծիքներ հայտնում էր նաև տիկին Վարսենիկը, ոչ միայն պատուհանից զրուցելով հարևանուհու հետ կամ այդ նպատակով հյուր գնալով մի տուն, որտեղ իրար էին փոխանակում լուրերը, լուր էին փոխ առնում, ինչպես փոխ էին առնում մի աման նավթ, որովհետև ցերեկով մոռացել էին գնել, — առժամանակով առնում էին լուրը, ինչպես մի անգամի համար հարևանից վերցնում էին փլավ քամելու պղնձե մաղը: Տիկին Վարսենիկն այդ բանով զբաղվում էր նույնիսկ խոհանոցում, դոլմայի ձևավորման ամենապատասխանատու րոպեին, երբ կրակի հզորացումը կամ մի ավելորդ համտես կարող էր փչացնել ամեն ինչ, ինչպես եթե նավավարը աչքը դեպի ծովային ճայերը, նավը հանկարծ զարկեր ստորջրյա քարի...

Բայց տիկին Վարսենիկի ձիրքն էլ հենց այն էր, որ նա կարող էր ֆրանսիական ապրանքների մագազինի սուրճը վատաբանել և նույն ժամին կրակից հանել մի փայտ, որի ջերմությունից նռան և սերկևիլի ջուրը կսևանար: Տիկին Վարսենիկն իր աղախինին պատմում էր.

Ասում են երեք օր առաջ Շենում մի կին գնացել է բանջարի, հասել է մինչև Մատուռի ձորը... Քանի միտս է, գինու փարչը դիր առվի մեջ, մի քանի էլ դամբուլ քաղի էն ծայրի ծառից, — իսկ ինքը բաց է անում կաթսայի կափարիչը և գոլորշուց, բույրից, ավելի ճիշտ, եռացող ջրից հասկանում է, թե ինչ է կատարվում կաթսայի խորքում:

Գալիս է, պապան գալիս է, հետն էլ մի մարդ կա, — ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքրիկ աղջիկը, որին մայրը պահակ է դրել փողոցի անկյունում:

Գալիս է, պապան գալիս է և հետն էլ Նազար դյադյան է, — ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքր տղան, որ ավելի հեռվում էր դիրք պահել:

Գալի՛ս են, — ճչում են երեխաները, ինչպես նավաստիները կկանչեն.

Ցամաքը երևաց, ցամաքը...

Այստեղ տիկին Վարսենիկի ձիրքը հասնում է կատարելության, մինչև տանտիկնության արվեստի բարձրունքները:

Կաթսան մի կողմ դիր, — և հյուրի համար ավելացնում է ճիշտ այնպիսի գավաթ, ինչպիսին դրել է ամուսնու համար:

Բողկը ջրից հանի, — և շտապում է հինգ րոպեում զգեստը փոխել, հարդարել իրեն, փոքր տղայի գոտին շտկել, աղջկանը հիշեցնել, որ Նազար դյադյային հարկավոր է բարևել և այդ տագնապի մեջ մոռանում է բութ մատի մուրը, որ կնկատի երեկոյան, երբ շարունակի պատմել այն կնոջ մասին, որ երեք օր առաջ գնացել էր Մատուռի ձորը...

Ներսես բեյի և նրա հյուրի՝ Նազար բեյի, ներս մտնելուց հետո ճաշն իսկույն չի սկսվում, թեև Ներսես բեյը դեռևս ռապորտ գրելուց էր քաղց զգացել, ավելի ճիշտ նրա քթովն էր ընկել դոլմայի հոտը, ինչպես տիկին Օլինկայի բարձերից մի բմբուլ հասել էր մինչև դատարան և նստել խեղճ գրագիրի ունքին: Ներսես բեյը քաղցած էր, բայց կային անխուսափելի ծեսեր. ինչպես բողկը անխուսափելի էր դոլմայից: Այդ ծեսերից վեհագույնը կատարվում էր այգում, երբ Ներսես բեյն իր սեփական ձեռքով, վարունգի թփերի մեջ փնտրում էր երկու-երեք փոքր վարունգ, ծաղիկը դեռ պոչին, փոքրիկ փշիկներով, ինչպես երեխայի աղվամազը, այն նուրբ վարունգը, որ բերանի մեջ հալվում է և որին Ներսես բեյը մեծարում էր տասնյակ փաղաքշական բառերով՝ պիկուլիա, կուլուլիա, պիծի-միծի Բաղդասար, Կլապիդոն Իվանիչ, բիբուլի և այլ այսպիսի բառերով, որոնցից մի քանիսը յուր ժամանակ ուղղված էին տիկին Վարսենիկին: Բայց ահա նա գտավ այն վարունգները, որոնց, Ներսես բեյի ասելով, աստված Քարահունջի օղու հետ միաժամանակ աշխարհ է ուղարկել, որպեսզի մարդկային հոգին չձանձրանա...

Եվ ճաշը սկսվում էր...

Սկսվում էր այն ճաշը, որից հետո տիկին Վարսենիկի աղախինը կանչում էր լվացարարուհի Մինային, և երկուսով միասին առվի ջրում մոխրով լվանում էին պնակները, կաթսաները, մեծ ու փոքր ափսեները... Եվ մինչև արևը մայր մտներ, նրանք լվանում էին: Իսկ ներսը, հով սենյակում, դիվանների մեջ ընկղմած քնել էին Ներսես բեյը և Նազար բեյը, — տիկին Վարսենիկը գնացել էր իմանա, թե արդյոք չե՞ն այրվել տիկին Վառինկայի գաթաները, մեծ տղան պապայից ծածուկ ընկուզենու տակ ծխում էր, փոքրը փետում էր թիթեռի թևերը, մեծ աղջիկը պատուհանից ո՞վ գիտի ինչու նայում էր դուրս, իսկ փոքրն սպառնում էր պապային ասել, որ Ժորժիկը ծխել է և մամային ասել, որ մեծ քույրը դարձյալ պատուհանից չէր հեռանում:

Փողոցում լռություն էր: Լսվում էր միայն ամանների զնգզնգոցը և Ներսես բեյի միալար պուֆերը, կարծես դեռևս կաթսայի մեջ դոլման եռում էր:

8

Ամբողջ քաղաքում բեյերը քնել են հետկեսօրյա քնով, և քանի նրանք քնած են, հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում, որովհետև շներն էլ քնած են: Իսկ Գորիս քաղաքի շները կատվի ձագեր չէին, ինչպես Լյուդմիլլա Լվովնայի շնիկը, որի մասին խոջա Մակիչը մի անգամ ասել էր.

Փառքդ շատ, աստված... Սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է:

Գորիսում հայտնի շներ կային, ինչպես օրինակ՝ Սիմոն բեյի Թոբուշը, որից ամբողջ թաղը դողում էր, և նույնիսկ մուրացկանները սիրտ չէին անում նրանց բակը մտնել: Նրանք շներ չէին, այլ շղթայած առյուծներ և վագրեր, ինչպես Խանլար բեյի Ջինդառ շունը, որ տիրոջ հետևից գնում էր գյուղերը հավ հավաքելու, այսինքն աչքին ընկած հավը կուլ էր տալիս և մնում էր անպատիժ, կարծես թագավորական խարջ հավաքող էր: Հապա պրիստավ Աղալոյի ԶանգիԶրանգին. նրանց փողոցով անց ու դարձը դադարում էր, երբ լուր էր տարածվում, որ պրիստավ Աղալոն էլի մեղք է եկել շներին և նրանց արձակել է: Վերջապես փաստ է, որ 1913 թվի դեկտեմբերի 4-ին Գորիսի քաղաքային դուման քննության առավ շների հարցը, որովհետև Սիմոն բեյի Թոբուշը կծել էր Փոշտի Անտոնի քիթը՝ պարտականության կատարման, այսինքն նամակատարության ժամին: Այդ առթիվ դումայում մեծ կռիվ ծագեց պրոգրեսիստների և հետադիմականների միջև, և միայն արհեստավորության դեպուտատ Չաքմաչի Վեսկանը, որ ոչ առաջադիմական էր և ոչ հետադիմական, այլ պադվալական էր (նա այդպես էր ասել Բարի աջողումի գինու նկուղում), — և միայն Չաքմաչի Վեսկանի առաջարկով դուման որոշեց դեղամահ անել քաղաքի անտիրական շներին (պարոն Արշակի ասելով՝ այդ էլ ուներ իր բուն արմատը. շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը տակառի մեջ թրջոց դրած պադոշը):

Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք որդոց որդի ապրելով միևնույն տանը, վարժվել էին իրենց տերերի բնավորության, իսկ մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքն ու բնավորությունը նմանեցնում էին տերերին: Օրինակ, Նազար բեյի շունը, երբ գյուղացին փափախով մտներ նրանց բակը, աղվեսահաչ էր տալիս՝ արագ-արագ և սուր ձայնով և ձայնը կտրում էր, երբ գյուղացին փափախը հանում էր: Տեր զի բազումի Չամբարը ոռնում էր, երբ լսում էր ռուսաց եկեղեցու զանգերի ձայնը: Զիլֆուզար բեյը (հայ) մի շուն ուներ, որ երբեք չէր հաչի, եթե նույնիսկ կես գիշերին գյուղացիները թափվեին նրանց բակը: Բայց եթե նրանք գային առանց ոչխարի, առանց պանրի և յուղի, շունը քիչ էր մնում շղթան կտրեր, կարծես նա էր կաշառք հավաքում:

Գորիսում այնպիսի շներ կային, որոնք լափում էին դոլմայի մնացորդը և տիրոջ նման հետկեսօրյա քնով քնում էին և նույնիսկ քնի մեջ պուֆ էին անում, ինչպես Ներսես բեյի շունը: Շները զարթնում էին, երբ հնչեր տիրոջ ձայնը: Այնուհետև նրանք արթուն պահակ էին մինչև լուսաբաց: Տերը կարող էր կանաչ սեղանի շուրջը նստել մինչև վերջին ռուբլին, կարող էր բիլիարդ խաղալ, կարող էր հարբած տուն գալ, — ամեն ինչ ապահով կարող էր անել, քանի շունը կար... Մի խոսքով, եթե դատական հին գործերում ձեզ պատահի հանդիպել այսպիսի արտահայտության՝ «նա ինձ համար շուն չէր, այլ բերդ էր», — իմացեք, որ այդպես ասողը գորիսեցի էր:

Քանի շները քնած են, հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում և մի քանի տուն մտնել: Բայց հարկավոր չի մտնել Հաստ Ներսես բեյի հարևան տունը, որտեղ ապրում է Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյը, որովհետև այստեղ էլ ամեն ինչ նույնն է՝ աննշան տարբերությամբ: Կարճիկ Ներսես բեյը դոլմա չի կերել, այլ կոլոլակ, նա մեջքի վրա չի քնած, այլ կողքի, և նրա շան երկու աչքերը կապույտ են, իսկ Հաստ Ներսես բեյի շան մի աչքը երկնագույն է, մյուսը՝ կապույտ: Մնացածը նույնն է, նույն այգին, նույն չորս երեխան, որից մեծ աղջիկը պատուհանի առաջ սպասում է, թե երբ կանցնի հարևանի գիմնազիստ տղան, — այն բակից էլ մի աղջիկ տեսնում է Ժորժիկի ծխախոտի ծուխը:

Հարկավոր չի ներս մտնել այս տունը նաև այն պատճառով, որ երկու հարևաններ իրար թշնամի են, և դառն է պատմել նրանց թշնամությունը, որովհետև կարող են կարծել, թե երկու Ներսես բեյերը չնչին մարդիկ էին, եթե նրանց երկարամյա գժտության առիթը եղել էին նրանց շները, ավելի ճիշտ՝ Հաստ Ներսես բեյի շունը, որ մի գիշեր կապը կտրել և թռել էր հարևանի այգին և այնտեղ հարևանի շան հետ շնություն էր արել և այդ ոչ թե այգու մութ խորքում, այլ նոր մարգերի մեջ, այնտեղ, ուր Կարճիկ Ներսես բեյի կինը ցանել էր Երուսաղեմի լոբի, ռեհան, կինձ և գլխավորն է՝ կատաղած վարունգ, այն վարունգը, որի սերմերը Քութաիսից ուղարկել էր հարկային տեսչության ավագ ռևիզոր իշխան Այլախիարին, երբ պաշտոնական գործով եկել էր Գորիս և յոթ օր հյուր էր եղել Կարճիկ Ներսես բեյին: Իշխանը դեռևս Գորիսումն էր, եբբ ամբողջ քաղաքը խոսում էր Քութաիսի կատաղած վարունգի մասին, որը բերանում չի հալվում, ինչպես Հաստ Ներսես բեյի սիրած պիծի-միծի Բաղդասարը, այլ հասնելու մոտ պայթում է ահագին աղմուկով, ինչպես նկարագրել էր իշխանը, — պայթում է ինչպես ռումբը, և ամբողջ քաղաքն անհամբեր սպասում էր այն օրվան, երբ ինչպես ռումբ պիտի պայթեր առաջին կատաղած վարունգը, որի սերմից Կարճիկ Ներսես բեյի կինը հինգ հատիկ էլ չէր տվել իր հարևանուհուն և մինչև անգամ Լալազարանց տանը այդ առթիվ ասել էր.

Անցյալ տարի կոֆեն կրակի վրա մի քցելու ցիկորիա ուզեցի, թե՝ ես էլ հյուր ունեմ, ինձ հերիք չի... Հապա ես էդ կմոռանա՞մ...

Բայց գժտության առիթն այդ չէր, այլ շների մոլությունը, որի ընթացքում կատաղած վարունգի ծիլերը արմատախիլ տրորվել էին: Կարճիկ Ներսես բեյի կինն այդ համարել էր նախանձից տրաքված հարևանուհու գործը, և յոթ օր երկու հարևան պարտեզներից լսվում էին մերթ հանդարտվող և մերթ բորբոքվող կռվի աղմուկ, անեծք և անվայել խոսքեր... Յոթ օր, յոթ գիշեր երկու տունը նման էին երկու բերդի, որտեղից լսվում էին ռմբակոծության ձայներ: Հաստ Ներսես բեյը նիհարեց, որովհետև նրա կինն այդ օրերին ոչ դոլմա էր եփում, ոչ կոլոլակ, այլ եփում էր այնպիսի խառնափնթոր կերակուր, որ կվայելեր խարչևնի պահող Թևատորոսին: Ներսես բեյը միայն սովից խեղճացավ և խեղճանալով հանձնառու եղավ, որ Կարճիկ Ներսես բեյը մի ոչինչ մարդ է, գնչու է և նույնիսկ ասաց, որ հարկային տեսուչ Նիկիֆոր Վասիլիչը նրանից շատ է անգոհ...

Իսկ հարևան բերդում ռմբակոծությունը դադարեց միայն այն ժամանակ, երբ Կարճիկ Ներսես բեյը խոստովանեց, թե անցյալ տարի իշխան Այլախիարին գիշերվա կեսին գնաց պարտեզ և որովհետև շատ ուշացավ, ինքը ևս գնաց պարտեզ և ջրածակի մոտ, ասինքն այնտեղ, ուր առուն պատի միջով մտնում է հարևանի պարտեզը, — այդտեղ ինքը տեսավ իշխանին և տիկին Վարսենիկը նմանապես իրենց պարտեզումն էր –– Կարճլիկ Ներսես բեյն ուրիշ ոչինչ չխոստովանեց իր կնոջը, որովհետև նախ այդ նկատելուց հետո նա անմիջապես տուն էր վերադարձել և ապա նա չկամեցավ անառակ պատմությունով վարակել իր կնոջը: Նա միայն այդ խոստովանեց, որովհետև կինն իսկույն դեմքը ձեռքերով ծածկեց, ինչպես ամոթխած կին, որ այդ ձևով պաշտպանում է իր կուսական լսողությունը:

Դրանից հետո երկու բերդերի միջև սկսվեց խրամատային խուլ կռիվ, և երբ տիկին Վարսենիկը մի աղջիկ ծնեց, թվաց թե նրա կողմը հաղթեց, և հույս կար, որ կնունքի առթիվ կարող էր վերջանալ նրանց կռիվը, բայց երկու շաբաթ հետո Կարճիկ Ներսես բեյի կինը ևս մի աղջիկ ունեցավ, և նրանք այդպես էլ չհաշտվեցին:

Ի պատիվ երկու Ներսես բեյերի պետք է ասել, որ անձնատուր լինելով իրենց կանանց, նրանք այնքան հեռու չգնացին և իրար ոչ մի անվայել խոսք չասացին: Նրանք նույնիսկ իրար հետ խոսում էին, երբ հարկային տեսչության տեղեկագրերը Կարճիկ Ներսես բեյը ռապորտով ուղարկում էր իր հարևանին: Մինչև անգամ չինովնիկների կլուբում, երբ բարակա էին խաղացել, Հաստ Ներսես բեյը հարևանին շատ ազնիվ և քաղաքավարի ասել էր.

Թուղթը ձերն է, հավաքեցեք...

Ահա այդ չնչին թշնամության պատճառով հարկավոր չի մտնել Կարճիկ Ներսես բեյի տունը: Նաև կարող ենք խանգարել Լուսիկին Կարճիկ Ներսես բեյի մեծ աղջկան, որը օգտվելով հետկեսօրյա խաղաղությունից, Ժորժիկի նամակի պատասխանն ահա տանում է դեպի պատը` ջրածակի գլխին: Իսկ Ժորժիկն ընկուզենու տակ անհամբեր ծխում է և սպասում է ազդանշանին:

Կարճիկ Ներսես բեյի տնից վերև դարձյալ բեյի տուն է՝ Խուրշուդ բեյի տունն է: Այդպես էր Գորիս քաղաքում. երբեմն մի շարքի ընկնում էին քսան-քսանհինգ բեյի տներ, ինչպես ճոթի մաղազաները: Երբեմն այդ շարքն ընդհատվում էր վաճառականների տներով և նաև մի այնպիսի տնով, որի տերը ոչ բեյ էր, ոչ վաճառական, այլ օրինակ՝ Ափունց Ակու ամին էր, ձորկեցիների նամակառուն:

Չորրորդ տունը, որ երկու միանման ճակատ ուներ, որովհետև նայում է երկու միանման փողոցների, — նշանավոր էր և՛ տան տերով, և՛ տնկեցով, ինչպես Գորիսում անվանում էին ուրիշի տանը վարձով ապրողին: Այդ տան ներքնահարկում, ճիշտ այնպիսի զերզամբայում, որտեղ տիկին Վարսենիկը ձմեռվա համար պահում էր կարտոֆիլ, թթու կաղամբ, սոխ, ձմռան բողկ, նաև այնպիսի իրեր, որ ամառ-ձմեռ այդ կիսամութ ներքնահարկում էին հնաձև թամք, կոտրած տակառ, թիթեղի կտորներ, որ մնացել են տան կտուրից, պարսկական լագան և այլն, — ճիշտ այդպիսի զերզամբայում ապրում էր Հայաստանցի Ավետիսի ընտանիքը:

Ինչպե՞ս էր նա ընկել այդտեղ և ո՞ր գավառից էր, — հայտնի չէր. միայն եթե նրա մասին հարցնող էր լինում, պատասխանում էին, որ Ավետիսը փախստական է Հայըստունի կողմերից, և նրա խոսած լեզուն այն կողմի լեզուն է: Այդքան էին պատասխանում, որովհետև Գորիսում խեղճ մարդկանց մասին երկար չէին խոսում: Միայն պարուն Արշակը հայոց պատմության դասին պատմելով Մշո երկրից` ծխական դպրոցի սաներին հարցնում էր.

Կարդացել եք չէ՞ Ահարոնյանի «Արցունքի հովիտը»...

Կարդացել ենք, բոլորս միաբերան կարդացել ենք, — գոռում էր մի չարաճճի:

Ահա Հայաստանցի Ավետիսն այդ երկրից է: Այդ արցունքի հովիտից, որ կոչվում է Հայաստան, իսկ հնում՝ Նաիրի երկիր. — և պարուն Արշակը շարունակում էր դասը:

Հայաստանցի Ավետիսը Մուշի՞ց էր, թե Վանից, թե Ալաշկերտից էր, — ո՞վ գիտեր, որովհետև Գորիսում միայն պարուն Արշակը և Սասուն գրախանութի մարդիկ գիտեին Մուշը և Վանը և Ալաշկերտը, իսկ մնացածների համար այդ ամենը յոթը սարից այն կողմ մի մութ երկիր էր, մի անհայտ Հայըստուն, որտեղից երբեմն գալիս էին մաղ ծախող գնչուներ, լարախաղներ, որոնք խաղից առաջ խաչակնքում էին հանուն Մշո Սուլթան սուրբ Կարապետի, գալիս էին օտարոտի տեսքով մարդիկ, որոնք ոչ ռուս էին, ոչ զիլանի քուրդ, ոչ կլայեկ անող լեզգի, ոչ խոյեցի կլլան էին, այլ Հայըստոնցի էին:

Ինքը՝ Հայաստանցի Ավետիսը, ոչինչ չէր պատմում: Նրանից այդ մասին չէին հարցնում: Նրան միայն ասում էին.

Ավետիս, մի սաժեն քար է պետքՀի՞նչ ես ասում, — իսկ Ավետիսը ոչինչ չէր ասում, այլ տաս օր իր էշով գետից մի սաժեն քար էր կրում:

Ավետիս, անտառապահին ես ասել եմ փայտի համարՔանի եղանակները լավ են... — և ասողն ուրիշ ոչինչ չէր ասում, որովհետև գիտեր, որ Խուրշուդ բեյի փայտը կրելուց հետո Ավետիսը պիտի կրի նրա փայտը, էշի և յուր սեփական մեջքով թագավորական անտառից պիտի կրի նրա փայտը:

Իսկ մոտիկ հարևանները միայն այն գիտեին, որ Ավետիսի ապրած զերզամբան լիքն է գեշ, սև և պեպենոտ աղջիկներով, որոնք երբեմն արևի տակ նստում էին, և ով նրանց տեսներ՝ միտք էր անում, թե Հայըստունցին ինչպես պիտի տեղաց անի այդքան աղջիկների, և նրանց ո՞վ կառնի:

Բայց առնում էին: Երկու տարին մի անգամ Ավետիսը տուն գալով, հետը բերում էր կոշկակարի մի աշակերտի, որ մանկուց քել էր, մի կաղ երիտասարդի, որ բրուտի արհեստանոցում կավ էր շաղախում, — վերջապես մի նախրապանի, որը, լսելով, ուներ իր սեփական կովը և նույնիսկ Խուռոփի ձորում ուներ սեփական այգետեղ: Միայն մի անգամ կոշկակարի քել աշակերտը, բրուտի մշակը և նախրապանն աչքի տակով նայում էին Ավետիսի մարդու գնացող աղջկան, և մի շաբաթ հետո ներքնահարկում հարսանիք էրՎերի հարկից մի գիշերով տալիս էին մեծ կարպետը, մի քանի ափսե, պղինձը, հարևանները ով մի քիչ յուղ, ով բրինձ, ով մի հնամաշ զգեստ, որ եթե հարսնացուին փոքր էր, Ավետիսի կինը պահում էր նրանից կրտսեր աղջկա համար:

Ծախքի մեծ մասը հոգում էր տիկին Օլինկան, Հայ Կանանց Միության երկարամյա նախագահուհին: Եթե քրքրենք այդ Միության ժապավինյալ հաշվեմատյանը, գրանցված կգտնենք հետևյալը. «Հայաստանցի Ավետիսի դստեր կնունքին, հինգ ռուբլի դրամով» և կամ «Հայաստանցի Ավետիսի դստեր ամուսնության տասը ռուբլի»: Անարդարացի կլիներ կասկածել այդ գրանցումների ճշտության, — նախ որ բոլորի դիմաց կա Ավետիսի ահռելի բութի դրոշմը և ապա դեռ մինչև այժմ էլ ոմանք գորիսեցիներից հիշում են, թե երբ Հայաստանցի Ավետիսին աղջիկ էր ծնվում, հարևաններն ասում էին.

Ավետիսն էլ մի հինգանոց աշխատեց...

Եվ վերջապես Կյորեսից մինչև Նորու, այնտեղից Ձորեկ և Ցաքուտ այժմ ինչքան գեշ, սև և պեպենոտ աղջիկ ու կին կա, ամենքը սերվել են Հայաստանցի Ավետիսից:

Կարելի է նաև այլ վկայություն բերել, այդ գյուղերում, ինչպես և Կյորեսում, կա հայըստունցու հարսանիք արտահայտությունը, որ նշանակում է անաղմուկ հարսանիք առանց կերոնների, առանց մակարների, այսինքն հրավիրված հարսանքավորների, որոնք ունեին իրենց նշանը վառած մոմը և ունեին մակարապետը, որի նպատակն էր խմել և խմեցնել մակարներին, ջարդել և փշրել գավաթները, երբ հարկ լիներ, պարել տալ ամենաամոթխած աղջիկներին, հարսանիքը ձգձգել, եթե հարսանքատանը գինին սպառելու վրա էր, իսկ աղջկա հայրը ժլատ էր, կռվեցնել երկու տոհմի և հաշտեցնել հին թշնամիներին, — մի խոսքով մակարները հրոսախումբ էին, որ տիրում էին հարսանքատանը և տնեցիներին այնքան, մինչև գինու զորությունից պարտվեին: Եվ երբ պատահում էր, որ գինին քիչ էր, մակարապետը կանչում էր.

Մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում...

Եվ գինին գալիս էր, ով գիտե, որտեղից և ինչպես, աղջկա հոր բարեկամներն էին օգնում, թե՞ հենց ինքը՝ մակարապետը ուղարկում էր մի նշան, որով Շոր աղբյուրից էլ կարելի էր գինի հանել, — բայց գինին գալիս էր, և հարսանիքը շարունակում էր բորբոքվել:

Այդպես էր այն տունը ներքնահարկում, որի տերը թեև Գորիսի բնակիչ չէր հաշվվում և ոչ էլ կյորեսեցի էր, այլ միայն Հայաստանցի, — սակայն 1897 թվից ապրում էր միևնույն զերզամբայում: Ու թեպետ Ավետիսը մի էշով քսան տան քար էր կրել, բայց ինքը ոչ տուն ուներ, ոչ տնատեղ, այլ ուներ յոթ աղջիկ, միշտ յոթը, որովհետև մեկին մարդու տալուց հետո, դեռ տարին չբոլորած, ծնվում էր նրա նման մի աղջիկ, և նույնիսկ պատահում էր, որ հարսնամայրն աղջկա հարսանիքին պարում էր երկու հոգով:

Հերիք է, մեղք ես, աղջի, — ասում էին հարևանուհիները Ավետիսի կնոջ, երբ Ավետիսը նորից մի հինգանոց էր աշխատում, իսկ կինն սկսում էր անիծել ամուսնուն: Կինն այնպես դառն էր դժգոհում և այնպես էր նկարագրում ամուսնու զորությունը, որ հարևանուհիները՝ տիկին Վարսենիկը, Խուրշուդ բեյի կինը, Անիկա տյոտյան երբ լսում էին քար կրող Ավետիսի ոտնաձայնը, բարձրանում էին պատշգամբը՝ լոտո խաղալու:

Հայաստանցու բնակած զերզամբայի գլխին ապրում էր ինքը տանտերը՝ Պավլի բեյ Օրբելյանը: Ամեն կողմից նշանավոր այդ բեյը ոչ միայն «Մշակի» անխափան ընթերցողն էր և չէր ծառայում պետական հիմնարկում, այլ առանձնացած ապրում էր տանը, ինչպես իշխանը դղյակում, — Պավլի բեյը ոչ միայն հայտնի էր ռուս քահանայի հետ ունեցած ընդհարումով, այլև ուներ իր անձնական նպատակը: Ինչպես Հաստ Ներսես բեյը, նա միայն ռապորտ չէր գրում, չէր ուտում և չէր քնում և քնելուց հետո բարակա չէր խաղում, այլ ուտելուց և քնելուց հետո Պավլի բեյն առանձնանում էր այգու խորքը և այնտեղ մտածում էր ... Սյունյաց նախարարության հին և գալիք ժամանակների մասին:

Следующая страница