Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Վեհի ոտքերի առաջ Վանա պառավ կատուն, թավ բրդի մեջ թաղված, այնպիսի նազանքով էր լիզում դունչը, ասես պարծենում էր, որ պալատական կատու է և ոչ թե մարտ ամսին կտուրների տակ սեր երգող թափառական գուսան:

Ահա քեզ հինը, պատկառելին, միակը... Հովնաթան Մա՜րչ, ապրի՜ր, ծծի՜ր այդ պահը, բա՜ց արա ուղեղիդ ծալքերի մեջ այնպիսի մի էջ, ուր ոչինչ չես դրոշմել, ու տպիր այնտեղ ծերունու և Վանա պառավ կատվի կլիշեն: Դու չտեսար, ափսոս որ չտեսար, թե ինչքա՛ն խոշոր էին ու ադամանդի պես փայլուն արցունքի այն կաթիլները, որ սափրած այտերիդ վրայով գլորվեցին և ընկան ընդունարանի պայծառագույն գորգի վրա: Տառապած փղշտացիք լալիս էին արցունքներիդ հետ, ցեղիդ հավատքի տասնաբանյա տախտակների առաջ:

Անասելի տոթ էր: Լուսինը, կարծես, մոռացել էր, որ իր դերը արևից խանձված երկրին սառնություն պարգևելն է: Հովնաթան Մարչին բաց պատուհանից երևացող լուսինը թվում էր նույն արևը, մի քիչ համեստ ջերմությամբ: Իսկ ծղրիդները հա՜ կանչում էին ժանգոտած ձայնով:

Դուրս եկան ընդունարանից: Արիստակես եպիսկոպոսը մի ուրիշ սենյակ մտավ, և մինչդեռ ինքը նախասենյակի նկարազարդ պատերին էր նայում, ժպիտը դեմքին, կարճահասակ վարդապետը տնկվեց նրա առաջ և Մարչին մեկնեց ամենից վեհ ծերունու թուղթը` հայրական օրհնությամբ ու մաղթանքով:

Պատշգամբում կանգնել, նայում էին հրապարակին: Հանկարծ` փողերի ձայն, շեփորները կանչեցին, թմբուկներն այնպես ամուր թնդացին, ասես` պատռելու էին հաստ կաշին:

Երևաց մի ջոկատ: Զինվորները համաչափ քայլերով հետևում էին դրոշակակրին, միասին էլ փոշի հանում: Եվ փոշու մեջ այնպես էր երևում, թե հազարոտանի մի մարմին է քայլում:

Մարչի սիրտը թունդ առավ: Ահա հայրենի զորքը: Լայնաթիկունք երիտասարդներ, որոնք նետվում են կրակի մեջ ոչ թե ուրիշի համար շագանակ հանելու, այլ ցեղի փառքը, փղշտական ու եթովպական հին փառքը հանելու և ցցելու ամենից բարձր սարի գագաթին: Ահա սրանք են ութ հազարը, քսանը, բյուրը` կազմ ու պատրաստ:

Մերոնք այս գիշեր դուրս կգան...

Ջոկատ ջոկատի հետևից անցան, ու գունդը կանգ առավ հրապարակում: Ուրիշ շարքեր եկան, տղաներ, աղջիկներ, կանայք դրոշակներով անդրոշ, երգով, շարքերով: Արիստակես սրբազանն ասաց, թե ստացվել է հեռագիր, հեղափոխություն է մի երկրում, որի ժողովուրդն արժանի է գեհենի: Ինչ-որ բան ասաց եպիսկոպոսը, սակայն Մարչը չլսեց և արագորեն իջավ սանդուխքով, խառնվեց հրապարակի բազմությանը:

Ինչու՞ մարդիկ սկսել են անհասկանալի լեզվով խոսել: Մարչը նորից հին հարցը տվեց: Մի՞թե ուրագան է անցել այս երկրով, մի՞թե խորն է անդունդը, վերադարձ չի լինելուՉկա՞ կամուրջ, թեկուզ բարակ մի փայտ, որով ցեղը հետ դառնա հին փարախը և հայրենական խոտն ուտի:

Ազգուրաց, ազգադավ

Այսպես էր ասում Հովնաթան Մարչը այն երիտասրադի հասցեին, որ պատշգամբից, բանակի ու բազմության ցնծանքի աղաղկների տակ խոսում էր, ասում այնպիսի բառեր, որ ռումբերի պես էին պայթում:

Կարմիր բանակը հայրենիք չունի, ընկերնե՜ր: Այսօր մենք միացած համաշխարհայինՄենք պատրաստ ենք մեր ընկերներինՀեղափոխությունը, ընկերներԲանվոր դասակարգի զինված բռունցքըԱլիքը բարձրանում է, ընկերներ

Երիտասարդ ընկե՜ր, ինչու՞ գրպանիդ նագանից մի անգամ չկրակեցիր և չսպանեցիր Հովնաթան Մարչին, որի սիրտը, գիտե՛ս, նախ կուր եկավ քո բառերից և ապա, ռետինե գնդակի պես լայնացավ ներքին զայրույթից: Եվ եթե Անթանոսյանը բազմության մեջ տեսած չլիներ Հովնաթան Մարչի արդուկած զգեստը

Օրը իր վերջում պահել էր Հովնաթան Մարչի համար հրճվանքի մի չտեսնված թռիչք ու ապա անկում: Մի ջոկատի կողքով անցնելիս Մարչը հանկարծ տեսավ ծանոթ մի գլուխ, ապա խաժ աչքեր ու թևերը լայն բաց արած իբրև արծիվ սլացավ դեպի զինվորականը:

Մեսրո՜պ, Մե՛սի

Քեռորդին էր, Մեսրոպը, մանկության ընկերը: Թևերը լայն բաց արած արծիվը չսլացավ մի սոսկական ջոկատապետի գրկելու, այլ մի ամբողջ անցյալ, մանկություն, Սերոբ աղան և այլն: Տաքությանը հաջորդեց քրտինքը: Մեսրոպը ձեռքը մեկնեց նրան, ճանաչեց, մի քանի հարց տվավ, սակայն ուշքը հռետորի ճառին էր: Եվ հենց Մարչի քթի տակ այնպես լիաթոք «ու՛ռռա՛» կանչեց, որ Մարչը մի քիչ հետ քաշվեց: Ահա այստեղ, Հովնաթան Մարչը իր քեռորդու աչքերում տեսավ մի այլ բոց, որ հրդեհվում էր որպես հուլիսյան արև, և ոչի՜նչ փղշտական այդ բոցի մեջ:

Անգու՜թ, անխիղճ Մեսրոպ: Դու ջարդեցիր այն անոթը, որի մեջ Հովնաթան Մարչը իր ջերմ զգացումներն էր զեղում: Նա թռավ դեպի քեզ, որպես մանկության նետ, դու հետ կանգնեցիր, և նետը խրվեց վանքի մամռոտ պատին:

Երբ ժամացույցը երկու անգամ խփեց, ծղրիդները մի պահ տապ արին, հետո մեկը համարձակ եղավ, ձայն տվավ, մյուսներն էլ միացան:

Ծվի՜-տակ, ծղի՜-տակ:

Մի մուկ պահարանում ուշացած ընթրիքն էրանում, երբեմն լռում, երբ Հովնաթան Մարչը ծանր մտքերից անքուն, անկողնում աջ ու ձախ էր դառնում և դառնալիս ճռնչացնում մահճակալի երկաթյա զսպանակները:

Գիշերվա ժամը երկուսին, երբ մանկության հուշերն էլ մի կողմից էին կանչում որպես ծղրիդներ, իր քեռորդի Մեսրոպի արածը վերհիշելուց հետո, հովնաթան Մարչին ոչինչ չէր մնում անելու, շորերը հագնելուց և բաց պատուհանի առաջ նստելուց բացի:

Բակում խաղաղություն կար և այդ խաղաղությունը կատարյալ կլիներ, եթե հարևան սենյակում քնած Արիստակես սրբազանի կոկորդից չելնեին այնպիսի ձայներ, որպիսին հանում է եզը, երբ մսագործի դանակը խրվում է վզի փափուկ մսի մեջ:

Այդ ձայնը մի պահ ցրեց նրա մտքերը, սակայն մի պահ միայն: Ինչպե՛ս էր ուզում քնել, ոչինչ չզգալ, երազ էլ չտեսնել` որ ուղեղը հանգստանար և ուղեղի հետ էլ ծանրացած կոպերը:

Մի այլ երկրում մարդիկ հիմա աշխատում են, օրը ցերեկ է: Գուցե փղշտացիք ժողովի են, կարդում են իրար ուղարկած նամակները, հանձնաժողովները գործի են անցել, փորում են առուներ, որոնցով աշխարհի մեջ ցրված բոլոր փղշտացիք կայք ու գույքով պիտի հոսեն և շունչ առնեն Նոր Եթովպիայում:

Ա՞յս երկրումԵվ դարձյալ պաղություն, ուղեղի ցավ, զինվորի պողպատյա սվինը: Մեսրոպը կանչում է «ու՛ռռա՛»: Մարչը աչքերը փակեց: Թվաց, թե սվինը հենց իր աչքին է ուղղած:

Մեկը շատ հեռվից աշխարհով մի կայծեր է ցանել, կայծերն ընկել են դեզերի վրա, խուրձերի մեջ, կայծերը ցոլք են տալիս վառոդի պահեստների առաջ, ռումբերի բուրգերի մոտ: Մի տեղ արդեն հրդեհ կա, մի այլ երկիր պայթում է ինչպես վառոդի պահեստը, կայծն ընկնում է ներս: Կայծերը վառվում են, և այս երկրում, ուրիշ փայլ են ստանում մարդիկ, ժամանակն այլ կերպարանք է տալիս ժողովրդին, այլ շահեր են, ալիքներն ուրիշ ափեր են ծեծում:

Բաց պատուհանից Հովնաթան Մարչը տեսավ վանքը, գմբեթները: Երեկոյան Արիստակես եպիսկոպոսի հետ գնացին թանգարան, տեսան ձեռագրերը և ուրիշ հնություններ:

Լևոն Վեցերորդ` թագավոր ԿիլիկիոԱհա նրա թուրը:

Էլ ի՞նչպես արագ չբաբախեր Մարչի սիրտը, արքայական արծաթապատ թրին ի տեսԱրծաթը շողշողում էր: Ձեռքը դողաց, երբ մեկնեց թրի կոթին:

Մեսրո՜պ, ՄեսիԵթե տեսնեիրԻ՞նչ է քո պողպատյա սվինը Լևոն Վեցերորդի հսկա թրի մոտ:

Ահա քեզ ազգային արժեք, դարերից մնացած մասունք, որ հնություն չէ, ընթերցո՜ղ, թանգարանի մի անկյունում ընկած իր, այլ կենդանի ույժ: Թուրը խոսում է, թուրը պատմում է վերջին թագավորի քաջագործություններից, թուրը ոգևորում է: Էլ ինչու՞ զարմանալ, որ Հովնաթան Մարչը կռացավ ու համբուրեց թրի արծաթյա կոթը:

Եղե՞լ է հնում Գարեգին անունով հայոց սպարապետ: Չի՜ եղել, -ասում են պատմաբանները: Սակայն սխալ են նրանք, որովհետև այդ երեկո Արիստակես սրբազանը մի առանձին ակնածությամբ մոտեցավ գունավոր ծոպերով դրոշին, մեկնեց այն Հովնաթան Մարչին և հայտարարեց.

Հայոց վերջին սպարապետ Գարեգինի դրոշը:

Եվ երբ ընդունեց Մարչը վերջին սպարապետի դրոշը և, այն է, պատրաստվում էր մտքերին սպարապետական ընթացք տալու, Արիստակես սրբազանն այնպես կանչեց ու կռացավ, որ եթե լսեիք, պիտի հիշեիք այն կենդանուն, որի վրա մանուկ Հիսուսը, ձիթենու ճյուղը ձեռքին, մտավ Երուսաղեմ` գիտական դիսպուտի:

Այն ժամանակ, երբ սրբազանը պատմում էր սպարապետի մասին, կարիճը բարձրանում է և խայթում սրբազանին: Մարչն իր չորս կողմը նայեց, բնազդմամբ ոտքերի տեղը փոխեց: Չլինի՞ թե...

Ծղրիդները կանչում էին: Լուսբացը հեռու չէր:

Քիչ հետո Մարչը բակում քայլում էր: Լուսադեմի հովը շոյում էր նրա կուրծքը, ասես` բարակ ցնցուղից ջուր էին մաղում մարմնի վրա և ջրի հետ էլ անուշ նիրհ: Բակում խաղաղություն կար: Մարչը լսում էր ոտնաձայնը և հետ ու առաջ քայլում, մտքերն էլ քայլերի հետ մեկ-մեկ հետ էին դառնում, մինչև Բուենոս Այրես, մեկ առաջ` դեպի Նոր Եթովպիա:

Այդ անունը նրա համար նյարդային մարմաջ էր: Այն տափարակը, որ փռվել էր ուշաթափ ընկած մարդու պես, նրան էր սպասում: Ջուր է ցանելու ուշաթափի վրա, և հարություն է առնելու սպիտակաշեն Նոր եթովպիան, մի աշխարհ, ուր չի լինելու ոչինչ խորթ ու անհարազատ, ոչինչ օտար:

Այս և սրա նման մտքերով տարված, Հովնաթան Մարչը որպես լուսնոտ կամ ուրվական, կես գիշերին քայլում էր վանքի պատերի տակ և չնկատեց, թե ինչպես մոտեցավ վանքի մուտքին:

Օ՛, սոսկումՄարմարի վրա մի սև գունդ կուչ էր եկել: Մեռա՞ծ էր, թե՞ քնած: Սպանությու՛ն և այն էլ տաճարի մուտքի մոտ: Մարչը մի քանի քայլ հետ արեց, ուզեց տուն դառնալ: Սառը քրտինքը կաթիլներ շարեց նրա ճակատին: Մեկ էլ սիրտ արեց, մոտեցավ, ձեռքը կամացուկ մոտեցրեց սև կիտուկին: Տեսավ կուչ եկած ոտքերը, լսեց շնչառությունը: Հանկարծ սև կիտուկը ձգվեց, մի գլուխ տնկվեց ու գլուխը խոսեց.

Ես եմ, հայրենակից

Մարչը ճանաչեց իր զինակից Անթանոսյանին:

Հյուրանոց վերադառնալուց առաջ, մյուս առավոտ, Հովնաթան Մարչը Հաջի Խարաբ գյուղն ուղարկեց Անթանոսյանին և պատվիրեց պատրաստ լինել ամեն վայրկյան, գրությունն ստանալուց անմիջապես ներկայանալու` Նոր Եթովպիո աշխատանքներն սկսելու համար: Բաժանվելիս Հովնաթան Մարչը նրան ինչ-որ խոստումներ արավ, կրկնեց այն, ինչ ասել էր Հաջի Խարաբ գյուղի տան ստվերում:

Բարեկամներից բաժանվելուց հետո Հովնաթան Մարչը սիրով ընդունեց հյուրընկալ սրբազանի առաջարկը` տեսնելու ավերակների մի ուրիշ վայր, ուր թաղված է եղել իրեն` Լուսավորչի գանգը, ուր Տրդատ թագավորը դատ ու դատաստան է արել հին կրակատները, վերջապես ուրարտական Ռուզաս թագավորի քարե գրությունը:

Երբ կառքը կանգ առավ այն մուտքի առաջ, որով քուրմերն էին ներս ու դուրս արել և հերթապահ կանգնել կրակն անշեջ պահելու, — պատերի վրա տաքացող մի քանի խլեզներ բավական դանդաղաշարժ ու ծանրաբարո սողացին ու պահվեցին պատի ճեղքում, հայտնաբերելով եկվորներին, որ իրենք հող ուտող խլեզներ չեն, այլ ունեցել են հեթանոս կրակատան մոխիրը լիզող պապեր:

Ներս մտնելուց հետո, երբ սրբազանը աչքը տնկեց պահակի բոստանի սեխերին, որոնք կախ էին ընկել կրաշաղախի կտորների վրա, Հովնաթան Մարչը կանգնեց, աչքերը փոքրացրեց: Տեսարանն այնքան բարդ էր և տպավորիչ, որ անհրաժեշտ էր մի ակնթարթ աչքերը փոքրացնել, քիչ բան տեսնելու համար:

Մի ժամ հետո Արիստակես սրբազանը խոհեմություն համարեց նստել ստվերում ` սրտի տկարությունը պատճառ բռնելով, և զրուցել պահապանի փոքրիկ տղայի հետ, որ հենց մուտքի կողքին ցեխից տնակ էր շինում` իր ոճով, իր ճաշակով:

Իսկ Մարչը մերթ այս քարին էր մոտենում, զննում, մի քանի քայլ հետ կանգնում, բացականչում բառեր, որով իր հիացմունքն էր հայտնում, ոգևորությունն ու զարմանքը:

Մի ժամ էլ սպասելուց հետո, երբ կառապանն անհամբերությունից բարձրաձայն սկսեց տրտնջալ, Արիստակես արբազանը անհրաժեշտ համարեց տեղից վեր կենալ և ավերակների մեջ փնտրել Հովնաթան Մարչին:

Մարչը կանգնել էր սեպագրերով պատած քարի մոտ, աչքերը տնկել էր քարի գրերին: Ինչքա՛ն անքննելի և խոր խորհուրդներ ունի պատմությունը իր խորքերում պահած: Քսանյոթ դար առաջ ուրարտական Ռուզաս թագավորը կապույտ քարի վրա փորագրել է տվել իր կամքը և ասել գալիք սերունդներին հետևյալը.

Ես եկա, Կոյիտի երկրին տիրեցի, քաղաք շինեցի, այգի տնկեցի, ջրանցքներ անցկացրի և իմ աստվածներին զոհ մատուցեցի:

Իրավունք չունե՞ր քսանյոթ դար հետո փղշտացի Հովնաթան Մարչը նույնն ասելու, երբ Նոր Եթովպիան կառուցվեր

Միթե՞ երկիր չէ Նոր Եթովպիան:

Եվ Արիստակես սրբազանն իզուր խանգարեց նրան: Հայտնի չէ՞ր, որ սեպագիր քարի մոտ Հովնաթան Մարչը, մի մեռած լեզվով, խոսում է ուրարտական Ռուզաս թագավորի ոգու հետ, հարցումներ է անում:

Հեթանոս խլեզներն ավելի խոհեմ եղան, քան քրիստոնյա եպիսկոպոսը:

6

Օրեր անցան, հուլիսն իր հերթը զիջեց օգոստոսին, սակայն շոգը մնաց առաջվա պես սաստիկ:

Շոգը չէր, որ պիտի նեղեր Հովնաթան Մարչին և հետ կասեցներ նրան ծրագրած գործից: Այն սիրտը, որ մսագունդ չէր, այլ հայրենիքի սիրով այրվող մոտոր, օր ու գիշեր բաբախում էր և փղշտական արյուն մղում երակներով: Արյան կաթիլներն ուղեղին սնունդ էին տալիս` նորանոր ծրագիրներ հղանալու:

Մարչը տարվում էր անտառներում բսնող բոլոր վայրի տանձն ու խնձորը պատվաստելու Կալիֆորնիայից բերած ընտիր տեսակներով և թղթի վրա շարում էր զրոներ, որոնք երկիրը պիտի դարձնեին խնձորենու ու տանձենու մի անծայր պարտեզ:

Եվ երբ նրա առաջարկի վրա ծիծաղում էին կամ մեկը, մի հասարակ պաշտոնյա, որի երակներում արյան տեղ հոսում է ավշանման պղտոր ջուր, երբ այդ մեկն ամենայն անտարբերությամբ հայտնում էր, որ չիք են և անիմաստ այն ամենը, ինչ Մարչի ուղեղն է հղանում, — Մարչը այնպիսի մռնչյուն էր հանում և աչքերն այնպես էր խոժոռում, որ դիմացինը սարսափահար պիտի լիներ, եթե պաշտոնյա չլիներ:

Կզարմանամ սա մարդկանց ուղեղին վրա: Երկիր մը ունին, որու նմանը չկա և չեն գիտնար երկրին համն ու հոտը:

Այսպես էր ասում Հովնաթան Մարչը բժիշկ Երանոսին (հիշո՞ւմ եք, ջրածտի պես ոստոստալ գիտեր), այն ժամանակ, երբ իրիկվան հովին քայլում էին փողոցի մայթերն աննպատակ մաշող բազմության հետ: Բժիշկ Երանոսը պիտի թեքվեր, նրա ականջին կամացուկ փսփսար, որ ինքը ոչ միայն համամիտ է, այլ ավելին գիտե և ընկերաբար կարող է այդ ավելին միայն Հովնաթան Մարչի ազնիվ սրտին վստահել: Ու կամացուկ պիտի հայտներ վերջին սենսացիան այն մասին, թե `

Հայկոոպը Առժողկոմի կարասները չի տալիսԱհագին աղմուկ, իրարանցում:

Սենսացիայից հետո բժիշկ Երանոսը պիտի չքանար, Հովնաթան Մարչին մենակ թողներ և անպատճառ գտներ մի ուրիշին` կարասների պատմությունն անելու, այս անգամ իբրև Հովնաթան Մարչից լսած լուր: Եվ դարձյալ վստահելով որպես ընկերական

Անտառների պատվաստման առաջարկին մերժում ստանալուց հետո, կարծում եք նրա սիրտը հանդա՞րտ էր մնում: Ահա քեզ մի ուրիշ հեռանկար, եկամուտի մի այլ անսպառ աղբյուր: Արմենիո բարակ աղիքները` ոչխարի, այծի աղիքները, որոնցով կարելի է ոսկիներ դիզել և անբավ գանձեր, եթե միայն հարկ եղած ուշքը դարձվի: Իսկ աղիքները փտում են, շները լափում են ոսկին, և երկիրը մնում է սակավարյուն ու գունատ:

Հապա որդան կարմիրըՀիմա էլ մի հիմնարկի պահարանում, ուր խառնիխուռն թափված են թղթեր, ծրարներ, գործեր, թանաքի դատարկ շշեր, արաբական չորացած խեժ, հիմա էլ եթե քրքրեք այդ պահարանը, փոշոտված գործերի մեջ կգտնեք կապույտ շապիկով մի գործ, վրան գրած Փղշտացոց և Եթովպացոց: Քրքրե՜ք այդ թղթերը և դուք կտեսնեք Հովնաթան Մարչի ձեռքով գրած մի երկար առաջարկ, վաղուց անհետացած որդան կարմիրը վերականգնելու: Որպիսի խո՛ր մտքեր կան, հայրենաշունչ ի՛նչ բառեր, որոնց վրա, ավա՛ղ, փոշին նույնպիսի սառն անտարբերությամբ է նստել, ինչպես և ընդունվեց նրա առաջարկը: Գտնել հին թիթեռների ձվերը, որոնց մասին այնքան գովեստով խոսում է այսինչ մատենագիրը, այդ ձվերը գտնել և բազմացնել կարմիր թրթուրներ, որոնց մարմինը տալիս էր արնագույն ներկ:

Սակայն փղշտական մոտորը բաբախում էր ո՜չ միայն որդան կարմիրի, անտառի պատվաստման և աղիքների համար: Հիմնականը, որի շուրջը դառնում էր նրա ուղեղը, ինքը և իրեն հետ էլ Անթանոսյանը, Նոր Եթովպիան էր:

Այդ օրը, երբ Անթանոսյանը բարձրացավ սանդուղքով, մի քիչ հետո հյուրանոցի սպասավորը տեսավ, թե ինչպես Մարչը գնդակի արագությամբ իջավ սանդուղքով, միջանցքից թռավ, դուրս եկավ, ճանապարհը կորցրած ծիծեռնակի պես:

Ի՞նչ պատահեց:

Անշո՜ւշտ, սպասավորի պարտքն էր բարձրանալ վերև, տեղում ստուգել եղածը, սակայն նա թերացավ իր պարտքը կատարելու և մեկնվեց հերթապահի բազմոցի վրա այնպիսի դիրքով, որ կարծես հայտնում էր.

Միևնույն է, վեր չեմ կենալու:

Այն ժամանակ, երբ Անթանոսյանը սենյակում նստած ճակատն էր շոյում և քրտինքի փոշոտ կաթիլները ճակատից սրբում, հենց այդ ժամանակ Հովնաթան Մարչը կանգնել էր այն դռան առաջ, որի վրա գրված էր առանց զեկուցմանԱնհամբերությունից նա քայլում էր նախասենյակում, մեկ էլ հանկարծ կանգնում, ունքերը կիտում և ձեռքը, սպիտակ, փափլիկ ձեռքը մեկնում այնպես, կարծես անտես մի մարդ վշտով ու զայրացած հարցնում էր.

Ի՞նչ արիք

Երբ Հովնաթան Մարչը նստել էր աթոռին և հարցնում էր պետին Նոր Եթովպիո հողերի մասին, հենց այդ նույն ժամանակ հյուրանոցում Անթանոսյանը կատարում էր սկսնակ դերասանի այն վարժությունները, որպիսիք արդեն սերտել էր Հովնաթան Մարչը նախասենյակում:

Դավաճանությո՛ւնՉար նախանձ, որ կրծում է որդի պեսՄեզ խոստանա՛լ և հետո՞

Այդ հետոն հենց այն էր, որի համար էլ Անթանոսյանը այդ օրը եկել էր, արևի տակ փոշի կուլ տալով: Հաջի Խարաբ գյուղում ծանոթ մի գյուղացի ծիծաղելով հայտնել էր.

Է՛, վարժապետ, հողերդ հրեն չափում են, ջո՛ւր են բերում, ջո՜ւր

Եվ ի՞նչ տեսավ Անթանոսյանը հենց այն հարթության վրա, ուր պիտի լիներ Նոր Եթովպիան: Այստեղ, այնտեղ ձողեր, սեպեր, երկաթյա շղթաներ. մարդիկ, որոնք աշխատում էին, գրում, չափում: Ինչո՞ւ արևը չզարկեց նրանց և գետինը ճեղք չարեց կլանելու այն մարդկանց, որոնք սառնարյուն, առանց ոգևերության կտրատում էին դաշտը, ձևում, ինչպես զինվորական մասերից կապալով պատվեր վերցրած դերձակ:

Անթանոսյանը դիմեց նրանցից մեկին, որ քարտեզի վրա ինչ-որ գիծ էր քաշում և հաշիվներ անում:

Իսկ ո՞ւր մնաց Նոր Եթովպիան:

Մենք դեռ հաշվում ենք, ձևում: Կուզենան, թող շինեն, — ասաց մարդը:

Պղծվե՛ց, պղծվեց փրկության կղզին

Իհարկե, Անթանոսյանը խոհեմություն ունեցավ այդ բառերը մտքում ասելու և շրթունքները կրծոտելով հետ դարձավ Հաջի Խարաբ և այնտեղից էլ հյուրանոց: Սպասավորի տեսածը կատարվեց նրա գալուց տասը րոպե հետո:

Այդ հողերը կան ոռոգման մեր ծրագրի մեջ: Հարուստ են, բարեբեր և մեծ ծախս չի պահանջվում:

Այսպես պետն էր խոսում:

Կխնդրեմ հրամայեք Նոր Եթովպիո տեղը պարապ ձգեն: Ես հեռագիր քաշած եմ, այսօր վաղը պատասխանի կսպասեմ: Բալիքյանեն լուր ունիմ, որ կլոր գումար մը որոշած է հատկացնել Ներ Եթովպիո շինությանԴրամը կտրվի ամենավաղ տոկոսով, գրեթե անվերադարձ: Ես արդեն գրած եմ ուր հարկ է, շուտուվ հանգանակություն սկսելու: Լուր ունիմ, որ Արգենտինի մեր հայրենակիցները սիրահոժար են այդ ձեռնարկության և կփափագեն օր առաջ հայրենյաց հողի վրա տեղա

Գիտեմ, գիտեմ, — ասաց պետը: Էլ ուրիշ ի՞ նչ պատասխան կարելի է տալ:

Նոր Եթովպիան պիտի ունենա չորս թաղամաս, համեստ եկեղեցի մը, մանչերու և օրիորդաց վարժարան: Բարեկամս ինծի կգրե, որ եթե այս գործը գլուխ բերվի, ինքը հանձն կառնե նոր քաղաքի շինության համար պետք եղած գամերը ձրիաբար տրամադրելու: Երևելի հայրենասեր է բարեկամս, և չեմ կասկածեր, որ

Լա՜վ: Ե՞րբ եք մտադիր սկսելու քաղաքի շինությունը:

Աճպարարելու հարկ չկա, կարծեմ: Նամակներ ղրկած եմ թե՜ Բարեսիրաց մարմնին և թե՜ ազգային այլևայլ հիմնարկներու: Ամեն տեղ ալ խանդավառությունը մեծ է և, ես կկարծեմ, որ նյութական խոշոր օժանդակություն մը պիտի ըլա, եթեԵվ ատկե զատ (ներեցեք, որ կխլեմ Ձեր այնքան թանկագին ժամերը), որոշած ենք ցուցակագրություն սկսիլ: Ամենեն կարևորն այդ է,թե քանի՜ փղշտացի կա երկրեն դուրս և ներս, որովհետև Բալիքյանի բարեհաճ ցանկությունն է քաղաքի մեջ տեղավորել փղշտացոց և

Իսկ

Այդպես պաղ մի՜ նայեք գործին: Ես մարդիկ ղրկած եմ զանազան կողմեր իմանալու, թե ո՜ւր կմնան փղշտացոց և եթովպացոց բեկորները: Եթե դուք անգամ մը տեսած ըլլայիք, թե ի՜նչ պատվական երկիր էր փղշտացոց աշխարհը, Եթովպիա քաղաքը: Մատթեոս Ուռհայեցին կվկայե, որ ութերորդ դարին Եթովպիան ուներ

Գիտե՞ ք ինչ: Այդ ամենը բարիՄենք մեր խոստումից հետ չենք կենա: Կառուցեք այդ քաղաքը կամ գյուղը և ինչքան շուտ, այնքան լավ:

Պետը ձեռքը գրչին այնպիսի վճռականությամբ մոտեցրեց, որ Մարչը մտքում ասաց.

Ալ լմնցավ, ելի՜ր ու նորեն խնդրե՜:

Ուրեմն խոսք կուտաք, որ հողը մեզի պիտի հատկացնեք և այն ժամանակ...

Այո՜, ձերն է, կսպասենք

Էլ ուրիշ ի՞նչ էր մնում Մարչին, եթե ոչ ճեպընթացի նման փողոցում ոչ ոքի և ոչինչ չնկատելով հասնել հյուրանոց և հասնելուց անմիջապես գրկախառնվել հավատարիմ Անթանոսյանի հետ, որը նրա բացակայության ժամանակ Արմենիո պատմական անցյալը վերաքննելով, տասնմեկերորդ դարի շեմքին էր, երբ Մարչը բացականչեց.

Փրկվա՛ծ է Նոր Եթովպիան

Այդ օրը Անթանոսյանն ու Մարչը միասին նախաճաշեցին: Ճիշտ է, բժիշկ Երանոսը մոտեցավ նրանց, բայց Անթանոսյանին կասկածանքով դիտելուց հետո հեռացավ այն արտահայտությամբ, որ ունենում է մարդ, երբ փողոցի ծայրին երևացող մեկին իր մտերիմին նմանեցնելով, արագաքայլ վազում է, մոտենում և

Ներեցե՜ք, դուք այնքան նման էի՛ք...

Խոսակցությունը փղշտացոց մասին էր: Մարչը հանձնարարեց Անթանոսյանին փղշտացիներ և եթովպացիներ գտնել և հայտնել, որ քաղաքը հիմնվում է ամենաձեռնտու պայմաններով:

Հայրենակիցները դրամ կուտանԱմուսնացողներուն` մրցանակ: Տասը զավակ ունեցող մայրերուն` ցմահ կենսաթոշակ: Փոխասաց մանուկներուն` ձրի ուսումՑուցակն աճապարանոք ինծի ղրկե, հայտնեմ ուր որ անկ էՉմոռնամ ըսելու, որ Եթովպիո բնակիչներու կրծքին վրա նշան մը պետք է կախել, վրան Բալիքյան Անդրեասի անունը գրված:

Անթանոսյանն ուտում էր: Անթանոսյանը ժպտում էր, և նրա հոգին թոկը կտրած և պարտեզն ընկած հորթուկի պես մեկ վեր էր թռչում, մեկ ցատկոտում խոտերի վրա և ուրախությունից բառաչում:

Տեր Հուսիկն ալ ես կհայտնեմ, որ պատրաստ մնա:

Այդ օրը եթե մեկը քաղաքից հեռացավ թևեր առած, եթե մեկը մինչև կայարան հասնելը աչքերը երկնքից ցած չխոնարհեց և գնացքում օրորվելիս տոմսակի փոխարեն կոնդուկտորին Հովնաթան Մարչի այցետոմսը մեկնեց, — այդ մեկը Անթանոսյան Հմայակն էր, ապագա մեծ քաղաքի հիմնադիրներից, որ նոր քաղաքին էր նվիրել սիրտն ու հոգին:

Հյուրանոց գալով Հովնաթան Մարչը սեղանի վրա մի քանի նամակներ գտավ և մի հրավիրատոմս` մասնակցելու Գրասիրաց ընկերության հավաքույթին, նվիրված քանքարավոր քնարերգակ Տաղավարյանի ծննդյան հարյուրամյա տարելիցին: Մարչն ագահությամբ բաց արեց կապույտ ծրարը:

— «… Կգրեք, որ հաջողակ եք: Հոս Ձեր անունին շուրջը կդառնա ամեն ինչՍիրտս որքան ուրախ է, եթե գիտնայի՛ք…: Կհիշեմ օրը, երբ մեկնեցաք և կմխիթարեմ զիս այն մեծ գործով, որուն ղեկավարն եք: Նորություններ չկանԱնցյալ օրը Ձեր բնակարանը գացինք: Ամեն ինչ առաջվա պես է: Կուղարկեմ անթիվ ողջույններ…: Բախտավոր սեպեցեք Ձեզ, որ հայրենի հողի վրա կկոխեք: Հանգանակությունն արդեն սկսած ենք: Գումար մը կա: Գրեցեք` մեր հայրենակիցները պետք ունի՞ն հագուստներու, կոշիկներուԲավական հավաքած ենք…»:

Մարչը մի անգամ էլ նայեց նամակի այն տողերին, ուր ասված էր «Սիրտս որքան ուրախ էԿհիշեմ օրը…»: Մարինե Քրաջյան, ոսկեգանգուր խոպոպիկներ և շրթունքներ, որոնց նմանը չկան օվկիանոսի երկու ափին էլ: ԲնակարանըԵվ այլն, և այլն: Դեպքեր, որոնց վերհիշելիս Հովնաթան Մարչը իրավունք ուներ մահճակալի վրա պառկելու և աչքը անթարթ հառելու նամակին: Սպիտակ, փոքրիկ ձեռքԳրում էԳուցե հենց այստեղ ժպտաց: Բայց ինչո՞ւ չի ասում այդ մասին կապույտ ծրարը, որ կտրել է նույն ճանապարհը և հասել Փոքր Ասիայի հեռավոր խորքը:

Երկրորդ նամակն ավելի թև տվավ Մարչին: Գրողը ընկերն էր, Բարունակ Ճիթեչյանը, Եթովպական մամուլ թերթի խմբագիրը: Ինչքա՛ն են միասին ճակատամարտել և ի՛նչ օրեր են ապրել: Նամակից ավելի լավ ազդեց նրա վրա իր նկարը և թերթում տպած հոդվածը, որ Բարունակն ուղարկել էր նամակի հետ:

Ահա նա, Հովնաթան ՄարչըԼայն ճակատ, մազերը խնամքով սանրած գլուխ և աչքեր, որոնց մեջ եթե կայծակներ չէին փայլատակում, համենայն դեպս հանգած մոխիր էլ չկար: Իհարկե կլիշեն ավերել էր դեմքի այն արտահայտությունը, որ ուներ Հովնաթան Մարչը և որի մասին դժվար է գրել: Միևնույն է, չես տա միամիտ այն վիշտը կամ վշտոտ միամտությունը, աչքերի կապույտի մեջ քարացած այն արտահայտությունը, որպիսին կա ուղտի աչքերում, երբ բեզարած նստում է և տատասկ որոճում:

Ի՞նչ էր ասում Եթովպական մամուլը Հովնաթան Մարչի մասին... «Ծնած է Եթովպիա քաղաքի մեջ: Առաջին կանչի հետ ան հայրենիքի փրկության մասին աղաղակածԵվ ահա վերջին հերոսությունը: Ճամփա ելնել հեռո՛ւ, բայց հարազատ աշխարհը մը, ուր կարիքի մեջ կտառապինՀսկա ծրագիր մը, որուն ի գլուխ բերելուն անտարակույս ենք, քանի գործին ղեկավարն է ազգանվերն Հովնաթան Մարչ, որուն խիզախ ճանապարհորդությունը, վտանգներով և անակնկալներով լեցուն, մոռնալ կուտա մինչև հիմա եղած նման դեպքերը»:

Հասկանո՞ւմ ես, Հովնաթան Մարչ

Քո անունը պիտի հիշվի դարեդար:

Այս ամենը կարդալուց հետո հանցա՞նք է միթե մազերը շոյել, կանգնել պատուհանի առաջ, մերթ հայելու մեջ սեփական դեմքը դիտել, զանազան դիրք ընդունել և ապա հայելին դեն նետելով աչքերը հառել հեռվի մշուշում երևացող Արարատին և հղանալ այնպիսի մտքեր, որոնցից սիրտը բաբախում է սովորականից արագ:

Եթե մեկը դռան ճեղքից նայեր, կտեսներ, թե ինչպես Հովնաթան Մարչը ճեմում էր սենյակում, մերթ կանգնում, հոնքերն իրար տալիս և ինքն իր հետ խոսում կամ հանկարծ հետ դառնում և աչքը լվացարանին դարձնելով, շրթունքները շարժում: Եթե այդ բառերը դուրս թռնեինԿցնդեր աշխարհը, աշխարհի հետ էլ անթիվ, անհամար բազմություն: Լավ էր, որ դուռը փակ էր:

Սպասավորը զարմացավ, երբ մի քիչ հետո, Հովնաթան Մարչի մաքուր սրբած կոշիկները ձեռքին, ներս մտավ:

Կնիկը մեռել է, — մտածեց սպասավորը, երբ դուռը դրեց:

Բայց այդպես մտածելը միայն սպասավորի տկարամիտ լինելն էր ցույց տալիս: Ինչո՞ւ պիտի լաց լիներ Հովնաթան Մարչը, ինչո՞ւ նրա խնամքով սանրած մազերը պիտի ցրվեին, խառնվեին իրար, ինչո՞ւ նա գլուխը պիտի առներ ձեռքերի մեջ և շրթունքները կրծոտեր, երբ քիչ առաջ ամբոխներին շանթանման բառեր էր շպրտում և Արարատին ի տես շոյում մազերը:

Երրորդ նամակը, կարճ ու չոր, երրորդ նամակը, որի տակ ստորագրել էր Անդրեաս Բալիքյանի գոհարազարդ ձեռքը, — այնպիսի արհամարհանքով էր նայում Հովնաթան Մարչին, ասես ուզում էր ասել.

Ես թուղթ չեմ, այլ իմ տիրոջ հրամայող ձայնը

«… Հատակագծեն կերևա, թե Եթովպիո տեղը խորդ ու բորդ է: Հովոտ տեղ է կըսեն այդ երկիրն ճանչցողները: Հոդ կտառապին բազմատեսակ հիվանդությամբ և մանավանդ որ գազաններ կան մոտները: Հարմար տեղ մը չկրցա՞ք ընտրել: Հայրենակիցներու ցանկը ղրկեցեք` նայիմ: Տեսա՞ք Վեհափառ հայրը, օրհնությունը առի՞ք: Նյութական օգնություն շատ մի հուսաք, գործերնիս հաջող չեն երթար: Քաղաքին տեղը շտկելե հետո հայտնեցեք ինծի: Խնդրածս չմոռնաք բերել: Դուք վերցուցեք մայր Արաքսի ջուրեն: Նաև տեղեկացուցեք բուրդի գիները: Լավ գորգերը քանիո՞վ կարելի է գնել…»:

Այս էր Բալիքյանի նամակը: Ի՞նչ, մի՞թե ցնորք է Նոր Եթովպիան, և ո՞վ է ասում, թե տեղը հարթ չի՜: Երբ Հովնաթան Մարչը տեղը նստեց, աչքերը տրորեց, նա ուզում էր ասել, որ եթե ամպը ծածկում է արևին, այդ չի նշանակում, թե արևը գոյություն չունի:

Ճաշից հետո նրա գրած նամակները հենց այդ էին ապացուցում, որ արևը գոյություն ունի, որ երկիրը կարող է կորցնել իր ուղին և տիեզերքի անհունության մեջ հոլի պես ֆռռալ, բայց Նոր Եթովպիան պիտի լինի:

«… Մերայնոց երազն է այս, որ մարմին կառնե, սիրելիդ իմ Բարունակ: Ամեն կողմե շնորհավորանք և խնդակցություն կստանամ այս ձեռնարկած գործիս համար: Ցուցակագրումը շուտով կլմննա: Ստույգ է, որ հազարե ավելի փղշտացի ու եթովպացի կապրին այս երկրին մեջ: Մարդ ղրկած եմ մաքիներու ետևեն: Ժողովրդին պետք է մաքիներ տալ: Ծրագրած եմ հոյակապ հանդես մը սարքել հիմնադրումի օրը: Ա՛խ, եթե գիտնայիր, սիրելիդ իմ Բարունակ, սքանչելի երկիր է սա Արմենիան: Մինակ ժողովրդին դաստիարակության գործը սխալ կընթանա: Ամենքն ալ վարակված են տեսակ մը թույնով. շատ անգամ ըսածնին չես հասկնար, ցեղակիցդ կխոսի՞, թե՞ օտարական: Հոգ չէ, երկիրը կմնա, հոյակապ վանքերը: Քեզի գրած եմ Էջմիածին կատարած ճամփորդությանս մասին: Հոս ալ կան սիրանվեր հայրենակիցներ: Նոր Եթովպիան պիտի ըլլա երկրին սիրտը, և բոլոր երակները պիտի բացվին անոր մեջ: Անգամ մը տես պարոն Բալիքյանին և համոզե, որ գործը զոհ կը պահանջե ամենքես, ըսե` թող հոգ չընե: Քաղաքին վայրը շատ աղվոր է: Հոս պակասություն շատ կա: Ուրիշ անգամի հետաձգելով այս մասին գրելս, ազնիվ սրտիդ կապավինեմ և կուղարկեմ Նոր Եթովպիո հողեն բոլոր հայրենակիցներուս բյուր ողջույն: Ի՞նչ կընե Բարեսիրաց մարմինը: Հանգանակությունը չմոռանաք…»:

Եթե նա կարող էր զեղել իր զգացումները Բարունակ Ճիթեչյանին գրած նամակում, նույնը չէր կարող անել Բալիքյանի հանդեպ: Բրդի և գորգի գները հաղորդելուց հետո, Հովնաթան Մարչը Էջմիածնից ստացած օրհնության թղթի մասին հայտնեց:

— «Երջանիկ պիտի ըլլամ անձամբ մատուցելու Ձեր անվամբ ստացած թուղթը և Մայր Աթոռի օրհնությունը»:

Այդ գրելուց հետո` Հովնաթան Մարչը հայտնեց, որ Բալիքյանի բոլոր ցանկությունները կկատարի, և ենթադրելով, որ արդեն Բալիքյանի ներսում հայրենասիրությունը փոթորկում է նամակի այդ մասն ընթերցելուց, — Մարչն զգուշությամբ ավելացրեց.

«Նյութականի կարիքն սկզբին պիտի ըլլա, անկե վերջ իրենք կըհատուցանեն Ձեզմե ստացած դրամը: Ամեն օր հարյուրավոր աղերսագիր կստանամ Ձեր անունով գրած: Ամենք ալ հայրենակիցներ են, կփափագեն բնակիլ Նոր Եթովպիայում: Պանքային միջոցով դրամ փոխադրեքՀիմնադրումը սեպտեմբերի 4-ին, Ձեր ծննդյան օրը: Այդպես է հայրենակիցներու միահամուռ ցանկությունը: Կլսեմ, թե կառավարությունը ևս որոշած է Ձեզ շնորհակալության թուղթ ղրկել: Ձեր անունը մեզի վահան դարձուցած ենք և հաջողությամբ կաշխատինք: Նախորդ թվակրիս մեջ հիշած էի, որ ուսուցիչն ու քահանան պատրաստ են: Երկուքն ալ երևելի հոգիներ են, մեր նախնի բարքերով: Կհուսամ, որ դրամի առաքումը չեք ուշացներ: Հայրենակիցներու որոշմամբ ամենքն ալ կրծքին վրա Ձեր անունը փորագրած նշաններ պիտի կախեն հիմնադրումի օրը: Հինգ արու մանչ ցուցակ ըրած են, որոնց մայրերու անզուսպ ցանկությունն է կնքել զանոնք ավազանի մը մեջ Նոր Եթովպիայի և հինգին ալ անվանել Անդրեաս: Կհուսամ, որ Ձեր անունը չեք մերժիլ շնորհելու փղշտական մանուկներուն…»:

Следующая страница