Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Պավլի բեյի օրագրերից հայտնի է անում և այն, որ նա մասամբ ծանոթ էր հին Սյունիքի պատմության: Վարարակնի կառուցումը նա մանրամասն է գրել, ըստ երևույթին նյութեր քաղելով տոհմական ինչ-որ ձեռագրերից: Պավլի բեյը հետաքրքիր բացատրություններ է տալիս Զանգեզուրի հարավում ապրող այրումների մասին, նրանց համարելով վաղեմի արևորդիների մնացորդներ: Տաթևի շարժական սյունի մասին նա մի մեկնություն ունի, որ վերջանում է այսպես.

«Փիլիպպե Տեր Սյունյաց, դու որ քո սուրն խրեցիր հայրենի հողն և քարե սյուն դարձավ քո սուրն, այժմ մինչի երբ պիտի ճոճես այն և երբ պիտի հասանի այն օրն, երբ Սյունյաց ազատանին նորից տիրե Գողթան երկրին, Երնջակին, Վայոց ձորին, Կապանին և Հաբանդին մինչև Փայտակարան...»:

11

Բայց մենք վերջին անգամ դարձյալ դառնանք Գորիս քաղաքի երկսեռ հասարակության:

Առաջին հարցը, որ ինչպես ասում են ծառանում է մեր առաջ՝ այն է, թե ի՞նչ մարդիկ էին Գորիսի բնակիչները, և այդ ոչ այն իմաստով, թե ինչպես էր նրանց արտաքինը, — որովհետև աշխարհի բոլոր անկյուններում էլ կան հաստ ու նիհար մարդիկ, մարդիկ, որոնք հոգնում են քնելուց և որոնք իրենց կյանքում մի անգամ կուշտ քնելու կարոտ են:

Գորիսում էլ կային տեսակետ ունեցող տիկիններ, ինչպես օրինակ, տիկին Օլինկան և տիկին Վառինկան, որից առաջինը գերադասում էր մաղաշար թթուն, իսկ երկրորդը` չոր թթուն: Եվ նույնիսկ նրանք կարող էին վիճաբանել և մինչև անգամ կարող էին իրար ծանր խոսք ասել:

Սակայն մեզ ոչ այդ է հետաքրքրամ և ոչ էլ այն, որ Հաստ Ներսես բեյը մի քանի գավաթ խմելուց հետո երբեմն յուր կնոջն անվանում էր բիբուլի և պիկուլիա, — անվանում էր նույնիսկ հյուրի ներկայությամբ, որից շառագունում էր տիկին Վարսենիկի երեսը: Մեզ հետաքրքրում է Գորիս քաղաքի բնակիչների հոգևոր շահերը և թե հանուն ինչի նրանցից շատերը պուֆ անելով մրոտում էին այն փիրուզե երկինքը, որ քաղաքի վրա կախվում էր արծաթ և ոսկի աստղերով, և որին մի անգամ անարգել էր նույն Հաստ Ներսես բեյը, Ճաղար Մուղրովի մեդալներով զարդարված կուրծքը նմանեցնելով Գորիսի երկնքին:

Ի՞նչ հոգևոր շահեր ունեին Գորիսի բնակիչները և ի՞նչ ազգի մարդիկ էին և ի՞նչ լեզվով էին խոսում... Ոչ մի հոգևոր շահ չունեին Գորիսի բնակիչները, ընթերցող, և նույնիսկ քաղաքի ավագ քահանա Տեր զի բազում տեր Զավենը՝ լուսավորչական հավատի գավազանը, երկու Զիլֆուղար բեյերի տները կօրհներ, եթե թուրք Զիլֆուղար բեյը նրան աջահամբույր տար: Իսկ ինչ վերաբերում է բեյերի հոգևոր շահերին, ապա նրանք հոգի չունեին, որ հոգևոր շահ ունենային: Միայն Պավլի բեյն էր, Օրբելյանների վերջին շառավիղը, որ առանձնության մեջ ակնկալում էր Սյունյաց նախարարության վերադարձը: Իսկ Հաստ Ներսես բեյը և մյուս բեյերը գիտեին, որ աշխարհում կա պետ և ստորադրյալ և արանքում հարկավոր է թուղթ խաղալ, ուտել և ձանձրանալ. ձանձրույթից հորանջել, հորանջելով բամբասել, աղջիկներին տեղաց անել, տղաներին դարձնել ավելի բարձր պաշտոնյա, այսինքն դարձյալ տեղաց անել նահանգային դեպարտամենտներում:

Նույնն էին նաև խոջաները, և միայն նրանց որդիները, որոնք պրոգրեսիստ էին և Պասաժում խանութ ունեին, — պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում զրուցում էին Պետական դումայի օրինագծերի մասին և հաշտարար միջնորդ Սուդակինը՝ սարսափելի լիբերալ, ինչպես նրան անվանում էր Լյուդմիլլա Լվովնան, — կարծիք էր հայտնում, թե Մարկով 2-րդի ճառից հետո զեմստվոյի իրավունքները կսահմանափակվեն, այնինչ Տիկրան Պետոիչը, որ ոչ պրոգրեսիստ էր և ոչ լիբերալ, այլ անկախ մտածող էր, հակառակ կարծիքի էր:

Պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում ծայր էր առնում այդպիսի վեճ համապետական խնդիրների և ոչ, օրինակ, մաղաշարի և չոր թթուի շուրջը, բայց այդ վեճն էլ վերջանում էր հորանջյունով և եթե նույնիսկ հորանջյունով չվերջանար, այլ վերջանար մի շիշ խերեսով, որ Եփրատ Երեմը բաց էր անում ի նշան հաշտության, — դարձյալ հոգևոր շահից չէր այդ վեճը, այլ այն ահռելի ձանձրույթից, որ քաղցր ծորում էր ամբողջ Գորիսում:

Նույնիսկ եթե ասենք, թե տարին մի անգամ Հաստ Ներսես բեյն ունենում էր հոգևոր շահ, երբ, օրինակ, պարոն Արշակը նրան մատուցում էր մի պատվավոր տոմս, որի վրա գեղեցիկ գրչագրով նույն պարոն Արշակը գրել էր. «Մեծապատիվ պարոն Ներսես բեյ, Գորիսի հայոց ծխական դպրոցի սիրողսիրողուհիների խումբը խնդրում է Ձեզ Ձեր ներկայությամբ պատվել թատերական հանդեսը հօգուտ...» — երբ Ներսես բեյը հետ կեսօրյա քնից հետո ընդունում էր պատվավոր տոմսը, հարցնում էր, թե ուրիշ ո՞ւմ են հրավիրել, համեմատում էր իր աթոռը և կարգը մյուս բեյերի աթոռների ու կարգերի հետ և ապա մի արծաթ ռուբլի էր տալիս, — տարին մի անգամ հոգևորը ստվերի նման երևում էր, և այդ կարելի է մանրամասն պատմել, որովհետև այդ պատահում էր տարին մի անգամ, — բայց դարձյալ չի կարելի ասել, թե ի՞նչ ազգի էր Ներսես բեյ Ջումշուդովը և ի՞նչ լեզվով էր խոսում և առհասարակ ի՞նչ լեզվով էին խոսում Գորիսի բեյերը, որոնց տները տարին երկու անգամ օրհնում էր քաղաքի ավագ քահանան, և տնեցիները՝ մեծից մինչև փոքրը կռանում և համբուրում էին հայ լուսավորչական խաչը:

Այդ ամենադժվարն է ասել, թե ի՞նչ ազգի էր Զիլֆուղար բեյը, որ վարժ խոսում էր թուրքերեն և ռուսերեն, իսկ հայերեն թեմական հաջորդին ասում էր աճուրդ, հայ դպրոցի աշակերտին՝ մոնթ, հայ գյուղացուն՝ էշ հայվան, հայ ուսուցչին՝ վարժապետ, Գորիսի Հայ կանանց միությանը՝ Տիկին Օլինկայի կլուբ, հայերեն թերթին՝ վարժապետի գազեթ, որի տան դահլիճի պատերը զարդարված էին Էջմիածնի, Լոռիս-Մելիքովի, Մադաթովի և այլ գեներալների նկարներով, որոնցից մեկին՝ ֆլիգել-ադյուտանտ Բեժանբեգովին զարմանալի նման էր Զիլֆուղար բեյը. նույն նեղ ճակատը, ունքերը՝ ոզնու փշերի նման ցից, քիթը բարձր, բայց ոչ մսոտ, այլ չոր և կաշին պիրկ, այնպես որ, երբ Զիլֆուղար բեյն ասում էր՝ «իմ հորս պապը Խաչենի Մելիք-Թունյանն էր», — ձայնը քթի մեջ դմբդմբում էր, ինչպես կարասի մեջ:

Իսկ Ասատուր բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ արձակում էր հնչյուններ և ձայներ՝ բը՛ռռ... որ նշանակում էր, թե նա ճաշից դժգոհ է, որովհետև Ասատուր բեյը ոչ ասունաս էր խաղում և ոչ նարդի, այլ սիրում էր որձ այծի միս. դա՛աս, որ նշան էր հավանության, նաև վկայում էր աշխարհի ունայնությունը, որովհետև այդ ասելով Ասատուր բեյը հառաչում էր: Քառասուն տարի նա եղել էր գավառային արխիվարիուս, և ոմանք դրանով էին բացատրում նրա լեզու չիմանալը, որովհետև քառասուն տարի նա մեռած թղթերի հետ էր խոսել, այսինքն ասել էր բըռռ, երբ գտել էր, որ ժամանակին նոտարը սխալ էր վավերացրել հողի վկայագիրը. ասել էր դա՛աս, երբ ձեռքն էր ընկել քսանհինգ տարի առաջ գավառապետի ռապորտը Գորիս գետի վրա կամուրջ կապելու անհրաժեշտության մասին և վերջապես՝ հը՛մմ էր ասել, որ նշանակում էր, թե կասկածում է հաշտարար միջնորդի հաշվետվության՝ աղետյալներին հատկացրած նպաստի մասին:

Այդպիսի լեզվով էր խոսում Ասատուր բեյը, և ոմանք այդ բացատրում էին գավառային արխիվի միջավայրով, բայց Ասատուր բեյի կնոջ ասելով նա հենց սկզբից այդպես էր: Այդ կարծիքը ճշմարտության մոտ է, որովհետև երբ վրա հասավ Ասատուր բեյի վախճանը, այսինքն երբ ուրիշ մարդիկ նրան կանչեցին հարցաքննության, Ասատուր բեյը ոչ մի բառ չկարողացավ արտասանել և միայն ասաց՝ հոլ-հոլ-աբի-հոլ: Այնքան ասաց, որ նրան ազատ թողեցին, և նա յոթ օր էլ իր տնեցիներին ասաց այդ մութ հնչյունները և մեռավ, իր հետևից հավիտյան անմեկնելի թողնելով չորս հնչյունը՝ հոլ-հոլ-աբի-հոլ:

Ավագ գրագիր Նազար բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ աղվեսահաչ էր տալիս: Բալասան Կևեր բեյն ասում էր՝ «Սե-բիր-Սիբիրըստա՛ն... Զառ, դու բարա, քարերը թուփ արա...»: Եվ միայն Պավլի բեյ Օրբելյանն էր խոսում և գրում գրոց լեզվով, որից մի նմուշ արտագրեցինք: Բայց այդ լեզուն մեռած լեզու էր՝ ինչպես Տեր զի բազումի լեզուն, երբ նա թագի և շուրջառի ծանրությունից քրտնած սկսում էր իր քարոզը.

Ժողովուրդ հավատացյալ, որպես տեր մեր Հիսուս Քրիստոս ասացյալ է օղտն ոչ անցանի ասղի ծակովն, նմանապես և...

Իսկ ինչ վերաբերում է վաճառականներին, ապա նրանց երիտասարդ սերունդը, որ պրոգրեսիստ էր, խոսում էր չալ հայերեն, այսինքն ռուսախառն հայերեն, ինչպես, օրինակ, Եփրատ Երեմը, որ այսպես էր խոսում, երբ ի նշան հաշտության բաց էր անում խերեսի շիշը.

Պա մոեմու դրուժբա լուչշե ղալմաղալ... Տիկրան Պետոիչ, համարի թե մի ոչինչ դարազումեննի էր էդ Մարկով վտարոյի ասածը... Խմենք, գասպադա...

Մենք արդեն տեսանք, թե ի՞նչ լեզվով էր խոսում Ավագիմովների ավագ եղբայրը՝ Ամբարի Կատու Սողոմոնը. յուրաքանչյուր խոսքից հետո նա ասում էր՝ վեց աբասի, վեց աբասի, — և ինչպես պատմում էին, առավոտյան, երբ բացում էր խանութը, նա հարևանին ասում էր.

Բարի լույս... վեց աբասի, վեց աբասի:

Իսկ Քյալլա Ծատուրը՝ դեղագործ և փիլիսոփա, խոսում էր մի հազվագյուտ լեզվով և միայն նա էր այսպես խոսում.

Բարոնայք, Զանկազորու կավառի Կորիս քաղաքն լու սավորյալ է...

Իսկ խոջաները՝ խոջա Մակիչը, Միրումով Կյուքին, Ֆրանգուլով Բադալ ապերը, մինչև անգամ Ջամբա Ծատուրը, որ խոջա չէր, այլ վաշխառու էր, — նրանք բոլորը խոսում էին թուրքա և պարսկախառն մի լեզվով, որ պրոգրեսիստ վաճառականների լեզվից տարբերվում էր այնքան, որքան Իրանի և Մոսկովի կտավը. մեկն ասում էր սանադ, մյուսը՝ վեկսել, մեկը դրամը թումանով էր հաշվում, մյուսը՝ ռուբլիներով, հայրը կտավը չափում էր գյազով, որին ասում էր խան արշին, իսկ որդին ռուսական կտավը չափում էր ռուսական արշինով: Այդքան էր զանազան նրանց լեզուները, որոնց Աթա ապերն անվանում էր շան լեզու:

Ուրիշ էր Կյորեսի լեզուն, որով խոսում էին Հին ճանապարհի բնակիչները, հին շուկայի արհեստավորները, և խոսում էին կամուրջից այն կողմը՝ Շենի բոլոր թաղերում, Ցաքուտ, Նորու և Ձորեկ գյուղերում, — այն լեզուն, որին տիկին Օլինկան անվանում էր շենավարի լեզու, ստորադասելով իրենց քաղաքավարի և բլաղարոդնի լեզվին:

Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը... Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում, և բառերը նստում էին, ինչպես փափուկ մալանչները: Հապա Դոլուն Կարին... Կռանում էր սառն աղբյուրի վրա, կուշտ խմում և, ջուրը բեղերից կաթկթելով, ասում էր խուվա՛յ... և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին... Իսկ Աթա ապերը, երբ բարկանար, այնպես մի ըմբո կասեր, որ Մեղրաքերծը կդրնգար:

Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա: Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը:

Տիեյերի հացերը մրսել են, — կասեր Աթա ապերը, չուխայի փեշից պոկելով փուշը, որ կպել էր արտի մեջ, — բայց այնպես կասեր, կարծես խնդրում էր մի կարպետ, որ ծածկի արտերը:

Հորա՛ է, հո՛րա, — և էլ ուրիշ ոչինչ չէր ասի Աթա ապերը, բայց այդ մի բառը կասեր դանդաղ, ծանր և արքայավայել, կասեր ինչպես հանդերի պատրիարք, և ով կյորեսեցի էր, նա հասկանում էր, թե ո՞ւր կորան վաղեմի պարարտ հողերը և շարմաղ ալյուրը:

Իրան Թուրանում չկար քեզ բարաբար,
Դառն ես դառել, հե՛յ Զանգեզուև...

Աթա ապերը կարտասաներ երկու տող «Գորիսի գովքից», բայց այնպես կասեր, որ իբրև իջնում է խոր ձորերը և բարձրանում է բարձր լեռները, և լեռնային քամու նման լեզուն պտույտք է անում դեպի երկինք:

Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն: Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում: Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր, — Մինան լաց էր լինում, և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն

ԶԱՆԳԵԶՈՒՐ

(Նախերգանք և 7 մաս)

Մասնակցում են

Աթա ապերը

Մակիչը՝ նրա որդին

Մակիչի մայրը՝ Մինա զիզին և կինը՝ Սոնան

Մակիչի ընկերը՝ Պուղանը

Կոմունարները՝ Լևոնը, Բախշին, Կարագինը, Հայկը, «Արջը»,

«Ջաղացատերը» և Բադին

Քրիստը և Գարեգինը

151-րդ գնդի հրամանատար Բունչուժնին

«Սպարապետը» և Գեդեոն վարժապետը

Գնդապետ Կուռոն

Պարուչիկ Ամիրջանովը և կապիտան Տեր-Պետրոսովը

Սմբատ Խոջաբաղունցը՝ «կամենդատ զանգեզուրսկի» և բանտի պետ

Բրիտանական մայոր Նիբբոնը

Պաշտոնավորը և Քյոխվան

Գիլա բիբին

Չետանց Վանեսը

Զիլֆի՝ գառնարած տղա

Մինասը

Գզիրը

Խմբապետ և ձիավորներ

Քահանա և վանահայր

ժողովուրդ

1

1920 թ. հունվար ամիսը Զանգեզուրում:

Խավարի մեջ էկրանի ետևից լսվում է ձյունամրրիկի ոռնոց, ձիերի դոփյուն՝ սառույց ի վրա, զենքերի աղմուկ, ինչ-որ բացականչություններ, վրնջոց, ապա մի բամբ ձայն որոտում է.

Ողջույն Սյունյաց քաջերին

Դարձյալ խավարի մեջ՝ խուլ և երեք անգամ հնչում է արձագանքը՝ ուռռա, ապա հնչում է զինվորական նվագախումբը, որը չի երևում: Նվագախումբը մղկտալով նվագում է «Բայբուրտի մարշը»:

Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ

Բացվում է էկրանը:

Տողաշար՝ երկու կարգի կանգնել են Սյունիքի «հետևակ վաշտերը». առաջինները ռեգուլյար բանակի տեսք ունեն, իսկ նրանց ետև կանգնել են «ինքնապաշտպանության խմբերը», գյուղացի երիտասարդներ, ոմանք տրեխներով, ոմանք մորթե փափախներով: Նրանց ետև՝ երրորդ շարքի վրա կանգնել են ձիավոր խմբերը՝ Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների, — այն խմբերը, որոնք մեծ մասամբ գումարված էին դաշնակցական տղերքից:

Խորքից, զինվորների շարքերի միջով, գալիս են՝

«Սպարապետը» և բրիտանական միսիայի մայոր Նիբբոնը, գնդապետ Կուռոն և մայորի ադյուտանտը, Գեդեոն վարժապետը և մայորի հայ թարգմանը, ապա «Լեռնահայաստանի» հրամանատարության շտաբի 2-3 սպաներ, ամենից վերջը՝ Բոչկա-Զախարը, Զախար Յոլյանը, որը թեև «մինիստր» է, բայց հաստամարմին լինելու պատճառով հետ է մնում շտաբի սպաներից:

Նրանք ընդունում են զորահանդեսը:

Զինվորները լուռ են: Նրանց դեմքերը մռայլ են, սառը և նույնիսկ դաժան: Կարծես շարքերը քարացել են:

Ողջույն Սյունյաց սպարապետին, — բղավում է Բոչկա Զախարը կանացի ձայնով, որ անբնական է նրա հաստ մարմնի համար:

Հետևակը չի արձագանքում, միայն ձիավոր խմբերից անկարգ լսվում են ուռայի աղաղակներ: Մայոր Նիբբոնի աչքից չի վրիպում այդ, ինչպես և այն, որ հետևակի կրտսեր հրամանատարներից մեկը՝ բղավելով ուռռա, բոթում է կողքի զինվորին, որպեսզի նա ևս բղավի, բայց այդ զինվորը լուռ է, մռայլ է, կարծես քարացել է:

Զորահանդես ընդունողները հասնում են փոքրիկ հրապարակը, որտեղ դրված է մի սեղան: Երևում է եկեղեցու զանգակատան կեսը: Զորահանդեսը տեղի է ունենում ինչ-որ հրապարակում, որի մի կողմը վանքն է, ապա կողպ խանութներ: Պատշաճ հեռավորության վրա կանգնած է «դաշնակցական ամբոխը», այսինքն նախկին չինովնիկներ, որոնք այժմ ծառայում են «Լեռնահայաստանի դիվանում», — երկու օրիոնդ և մի տիկին, մի ազգասեր և բարեգործականի տիկին:

Ձյուն է, ցուրտ, ձյունամրրիկ է, բայց նրանք եկել են տեսնելու «թանկագին հյուրին»՝ բրիտանական միսիայի մայոր Նիբբոնին և զորահանդեսը:

Զորահանդես ընդունողները, երեսով դեպի զորքը, կանգնում են սեղանի կողքին: Սեղանի վրա խաչ և Ավետարան: Կարճահասակ և ծերունի քահանան, գլուխը բաց և շուրջառն ուսին, դուրս է գալիս զանգակատան կամարների խորքից: Մայոր Նիբբոնը կռանում, սեղմում է նրա ձեռքը, և ծերունի քահանան նրան խաչակնքում է:

Եկեղեցու զանգերի ղողանջով, ձիավորների առաջին խումբը, որ ձիերից վայր է իջնում, երբ հրամանատարությունը հասնում է երդման սեղանին, — առաջին ձիավորները մոտենում են երդման սեղանին: Նրանք համբուրում են խաչը և ավետարանը: Քահանան միալար ձայնով ինչ-որ աղոթք է կարդում:

Ձիավորները մոտենում են չորս-չորս: Նրանցից մեկը պահում է ձիերը, երեքը մոտենում են սեղանին, ապա նրանցից առաջինը վերադառնում է ձիերի մոտ և գալիս է նա, ով պահում է ձիերը:

Այդպես գալիս են առաջին չորսը: Այդ ժամանակ մայորն ինչ-որ բան է ասում անգլերեն. լսվում է միայն «Վերդեն» բառը: Թարգմանը թարգմանում է գնդապետ Կուռոյին և սպարապետին`

Զանգեզուրը բնական Վերդեն է...

Եվ այս Վերդենը մենք ոչ ոքի չենք զիջի, — ասում է գնդապետը:

Գալիս են ձիավորների երկրորդ չորսը՝ նույն կարգով: Այդ նույն ժամանակ ձիավորների թիկունքում՝ նրանց մեջ, որոնք սպասում են հերթի, տեղի է ունենում հետևյալը.

Մի ձիավոր խնդրում է մի երիտասարդ ձիավորի՝

Լավ... պաչի, հետո արի թքի...

Չէ, չեմ անի:

Դե լավ, մի պաչի, մենակ կռացի վրան... խանչալիդ քարը վեր չի ընկնի հո...

Ասեցի՝ չեմ անի:

Ուզում ես մեզ կրա՞կը քցես...

Գալիս են ձիավորների երրորդ չորսը:

Այդ րոպեին ամբոխը ճեղքելով հրապարակ է մանում Սմբատ Խոջաբաղունցը՝ բանտապետ և պարետ կամ, ինչպես ինքն էր իրեն անվանում՝ «Սմբատ, կամենդանտ զանգեզուրսկի»... Ինչո՞ւ է ուշացել՝ խմո՞ւմ էր, թե՞ անհետաձգելի գործ ուներ, — բայց նրա դիրքը, քայլվածքը, նրա երկու թիկնապահները` յափունջիների մեջ, որոնք բազմությունը ճեղքում են, բայց չեն հանդգնում առաջ գալ, այլ միայն ճանապարհ են բացում Սմբատի համար, — այդ ամենը ցույց է տալիս, որ Սմբատն ինչ-որ ուժ է, իրական ուժ, ավելի հզոր, քան «թանաք լիզող» Գեդեոն վարժապետը և «մինիստր» Բոչկա-Զախարը: Սմբատը ազդեցիկ ֆիգուր է, ու թեև արտաքինով տարբերվում է զինվորական տարազ հագած սպաներից, բայց «գործերով», թալանով, մարդասպանությամբ և վայրագություններով անուն հանած ֆիգուր է:

Մայոր Նիբբոնի աչքից չի վրիպում, որ Սմբատը հարբած է: Բոչկա-Զախարը ինչ-որ բան է շշնջում Գեդեոն վարժապետի ականջին (շշնջում է, թե «մեզ համար մեծ խայտառակություն է Սմբատի այդպես երևալը»): Մայորը որևէ անհանգստություն չի ցույց տալիս, այլ միայն հետաքրքրությամբ դիտում է Սմբատի էկզոտիկ ֆիգուրը: Սմբատը լուռ և լուրջ կանգնել է, իբրև Լեռնահայաստանի երևելի դեմքերից մեկը:

Երդման սեղանին են մոտենում այն չորսը, որտեղ մի ձիավոր մյուս երիտասարդ ձիավորին համոզում էր, թե հարկավոր է խաչը և ավետարանը համբուրել գոնե առերես: Ձիավորը՝ բուկը բռնելով՝ վերջին րոպեին ևս խնդրում է երիտասարդին իրենց «կրակի մեջ չքցել...»: Երեքով այդ երիտասարդին են հանձնում ձիերի սանձերը, իրենք մոտենում են երդման սեղանին: Խաչի վրա առաջինը խոնարհվում է նա, ով համոզում էր: Այդ դիրքով նա հետևյալն է նկատում:

Երիտասարդը չորս ձիերի սանձից բռնած՝ ձիերի մռութներն իրար է մոտեցնում: Նա ձիերի արանքումն է: Ձիերն իրար հոտոտում են, ձիերից երկուսը վրնջում են, երիտասարդը բղավում է նրանց վրա, և այն րոպեին, երբ առաջին ձիավորը՝ խաչ և ավետարանը համբուրելուց հետո, մոտենում է ձիերին և ահա երիտասարդը ստիպված պիտի գնա դեպի սեղանը (իսկ ձիերի վրնջոցի վրա բոլորի ուշադրությունն այն կողմն է), — այդ րոպեին երիտասարդը նորից ձիերի մռութներն իրար է մոտեցնում, նրանք ավելի կատաղի են վրնջում, ծառս են լինում, երիտասարդը երկու ձիու սանձը բաց է թողնում, ձիերը փախչում են, մնացած երկու ձիու սանձը նա կոխում է առաջին զինվորի ձեռքի մեջ, որը շշմել է այդ անակնկալից, — իսկ երիտասարդը վազում է դեպի փախչող ձիերը, նրա ետևից փախչում է նաև մի ուրիշ զինվոր` երկրորդ ձիու տերը:

Ասածն արեց, էլի..., — ասում է առաջին զինվորը երիտասարդի ետևից:

Հետզհետե խավարում է:

Խավարման մեջ դեռ լսվում են զանգերի մեռնող ղողանջը և ռազմական քայլերգը`

Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

2

Սենյակ՝ կահավորված ու հարուստ, բայց թանկ արդուզարդով: Այդպիսի սենյակներ կային Գորիսի խոջա-վաճառականների տներում և կոչվում էին «զալ»: Կահկարասին՝ եվրոպականի և ասիականի անճաշակ խառնուրդ, բայց ամեն ինչ թանկագին է, որովհետև իրերը ինքը խոջան է գնել «վաղ ժամանակ»:

Նստել են մայոր Նիբբոնը, նրա ադյուտանտը, նրա թարգմանը, «սպարապետը» և Գեդեոն վարժապետը: Գնդապետ Կուռոն քարտեզի վրա ցույց է տալիս ճանապարհը և ասում է.

Բաքվից Թուրքիա ամենակարճ ճանապարհն անցնում է Զանգեզուրի վրայով: Այդ միակ շոսեն է...

Թարգմանը թարգմանում է և առհասարակ հետագա ամբողջ խոսակցության ժամանակ այսպես է. հաճախ թարգմանն ու խոսողը միաժամանակ են խոսում և զուգընթաց հնչում են բառեր՝ անգլերեն և հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Անգլերեն բառեր: Խոսում է մայորը. թարգմանը՝

Բրիտանական միսիան հավաստիացնում է, որ Զանգեզուրը կազմում է Հայաստանի հանրապետության անբաժանելի մասը և...

Նույն միսիայի մի այլ մայոր Բաքվում նույն բառերով հավաստիացնում էր, որ Ջանգեզուրը կազմում է Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մասը:

«Սպարապետը». —

Մեր հույսը մեր մեծ դաշնակիցներն են և մեր զենքը:

Ինչո՞վ կարող է օգտակար լինել բրիտանական միսիան:

Թող Ադրբեջանը դադարեցնի արշավանքը Զանգեզուրի դեմ:

Գնդապետ Կուռոն. —

Եթե նրանք կարողանան պաշտպանել Բաքուն հյուսիսից...

Մայորն ակնհայտ զգաստանում է, կորչում է նրա «դիվանագիտական լրջությունը»: Բանն այն է, որ, ինչպես ասում են, գնդապետը խփեց մեխի գլխին: Միսիայի բուն նպատակն է հեշտացնել Ագրբեջանի վիճակը «Հյուսիսի վտանգի», այսինքն Կարմիր բանակի արշավանքի դեմ: Գնդապետ Կուռոն այդ լավ է հասկանում: Եվ շարունակում է.

Եթե ընկավ Բաքուն, այն ժամանակ միակ ամրոցը Զանգեզուրն է... Հակառակ դեպքում կարմիրներն այս ճանապարհով կարող են միանալ Թուրքիային, և դաշնակից հրամանատարությունը կհանդիպի մեծ անախորժությունների...

Գնդապետ, կարմիրները մեզ համար վտանգ չեն... թող նրանք շուտ գան և շատ գան... — ընդհատում է «սպարապետը»:

Դուրսը ձյունամրրիկ է: Քամին ձյունի բյուրեղները զարկում է լուսամուտին: Ապակիները զրնգում են, — «սպարապետը» և մայորը այն կողմն են նայում: Նրանց թվաց, թե բախեցին պատուհանը:

Գնդապետը մոտենում է սեղանին: Լռություն է:

Մայորն ինչ-որ բան է ասում. հասկանալի է միայն «բոլշևիկ» բառը, որ հնչում է երկու անգամ:

Թարգմանը՝

Ձեր հանրապետությունը դեռ երիտասարդ է, որպեսզի բոլշևիկները նրա համար վտանգավոր չլինեն... Ուստի մայորը զգուշացնում է ձեր ներքին թշնամուց, ձեր բոլշևիկներից...

Օ՛, ոչ, — և. «սպարապետը» արհամարհանքով ժպտում է:

Նրանք անվտանգ վայրում են, և, բացի այդ, գնդապետը (ցույց է տալիս Կուռոյին) նրանց լավ է ճանաչում՝ դեռևս Դենիկինի ֆրոնտից:

Մայոր Նիբբոնն և ուրախ է, և գոհ է: Նա բազմիմաստ ժպիտով ոտքի է կանգնում և սեղմում գնդապետ Կուռոյի ձեռքը:

Բոլորը ոտքի են: Թվում է թե հրաժեշտ են տալիս, և ամեն ինչ ասում է լուռ տեսարանը` միասնական ճակատ Կարմիր բանակի դեմ:

Հետզհետե խավարում է:

3

Նույն սենյակն է կամ նման մի սենյակ:

Գնդապետ Կուռոն զայրացած գնում գալիս է սենյակում: Արձանի նման կանգնել են պարուչիկ Ամիրջանովը՝ կոնտրռազվեդկայի պետը և Սմբատ Խոջաբաղունցը՝ «կամենդանտ զանգեզուրսկի» և բանտապետ:

Գնդապետը սեղանի վրայից վերցնում է մի թուղթ և ծամածռելով բերանը, կատաղած կարդում է.

Էռ-կա-պե... Զանգեզուրի կոմիտե: ԶահրումարԵվ նորից է քայլում:

Նրանց դիրքը և ամբողջ պատկերը վկայում են, որ մի ժամ, գուցե երկու ժամ է տևել այդ ամենը, և գնդապետը երկար է խոսել, պարուչիկ Ամիրջանովը փորձել է պաշտպանել իրեն, Սմբատը՝ հարբած աշխատում է ոտքի վրա մնալ և ոչ մի խոսք չի ասում:

Դուք հասկանո՞ւմ եք, պարուչիկ, ինչ ասել է Էռ-կա-պե... (Եվ կարծես վերհիշում է, կարծես հանդարտվում է, կարծես երազի մեջ է): Դա մի զարմանալի նուրբ և փափուկ թել է, մետաքսե թել է, հասկանո՞ւմ եք, որ փաթաթվում է ձեր վզին, պարուչիկ, սեղմում է (մատներով սեղմում է պարուչիկի կոկորդը) և հետո չկա պարուչիկ, չկա գնդապետ, չկա ազատություն, չկա հայրենիք, կարգ, — այլ կա միայն ոջլոտ սվոլոչ...

Մոտենում է պատուհանին: Ձյունամրրիկ է: Պատուհանից երևում է բանտի դարպասը, պարսպի գլխին պահակ զինվորը կուչ է եկել:

Գնդապետը դառնում է Սմբատին.

Եվ դարպասները կողպ են, պատերը հաստ են, գիշեր-ցերեկ հսկում են պահակները, բայց ահա ձեզ… (և ձեռքով ցույց է տալիս այն թուղթը, որ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի թռուցիկն է բանտարկված կոմունիստների մասին)… Էռ-կա-պեԴրան ասում են Էռ-կա-պե…. Ի՞նչ կասի պարոն բանտապետը:

Սմբատը խոնարհած գլուխը բարձրացնում է վեր. նրա դեմքն ավելի ահարկու է, քան գնդապետի դեմքը: Եվ այդ դեմքն ասել չգիտե, այլ միայն գիտե փշրել, ջարդել, կոտորել: Գնդապետը կարծես դիտմամբ գրգռում է նրան:

Ազգը ձեզ է վստահել իր թշնամիներին, որոնք թուրքից վատ են.

Ես դրանց…, — Սմբատն ուզում է խոսք ասել, բայց և հարբած է, և գազազած է, և առհասարակ խոսել չգիտե, այլ գիտե միայն փշրել, ջարդել, կոտորել

Եվ կատաղությունից վայր է նետում յափունջին, ընկնում է գլխարկը, ցցվում է մի աժդահա մարդ՝ հաղթ, ցուլի նման և զինված, ինչպես վայրենի զինված էին դաշնակ խմբապետները:

Սմբատն իրեն դուրս է նետում:

4

Փողոցում ձյունամրրիկի պտույտք: Կիսամութ է:

Խոջաբաղունց Սմբատը՝ բանտապետը, կուրծքը դեմ է տալիս հողմին, հազիվ է կանգնում, բայց կանգնում է: Նրա արնախառն աչքերը, գզգզված՝ մազերը: Սմբատը ճոճվում է և քայլում:

Մի մարդ նրան տեսնելով թաքնվում է փողոցի անկյունում: Մարդը վերարկուի օձիքը բարձրացնում և սեղմվում է պատին:

Նրան թվում է, թե Սմբատը իրեն նկատել է, գուցե և հետապնդում է: Բայց Սմբատը քայլում է ամայի փողոցով:

Դահիճ, — նրա ետևից ասում է մարդը և հեռանում:

Սմբատը քայլում է, ճեղքելով ձյունամրրիկը:

5

Բանտի կամերան:

Ճրագի աղոտ լույսով երևում են դեմքեր՝ 5-6, գունատ, նիհար դեմքեր: Մի գեղեցկադեմ երիտասարդ: Նա, ինչպես մյուսները, լսում են Գարեգինին՝ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի անդամին: Կամերայում երևում են նաև ուրիշները, որոնք ստվերի նման քայլում են պատի տակ: Երբեմն լսվում է շղթաների զրնգոց: Վերին հարկում՝ քայլերի դոփյուն: Այդ ձայները լռում են, և այն ժամանակ միայն լռություն է, բանտի ահավոր լռություն:

Գարեգինը՝

Մեզ նորից են կանչելու հարցաքննությանԷլի եմ կրկնում՝ ամեն ինչ քցեք ինձ վրա: Ասեք ոչ մի բանից խաբար չեք, ասեք՝ Գարեգինն էր

Ունկնդիրներից մեկը, ըստ երևույթին գոհ՝ հեռանում է: Այն գեղեցկադեմ երիտասարդը մտածում է, մտածում է և նայում Գարեգինին: Նա դժգոհ հարցնում է.

Հապա դո՞ւ...

Ես, — և Գարեգինը դառը ժպտում է, — ձեզնից շատերը տուն ունեն, երեխա ունեն, իսկ ես...

Երիտասարդը գլուխը տարուբեր է անում: Նա համաձայն չի: Գարեգինը շարունակում է.

Դուք դեռ անփորձ եք... Գուցե չդիմանաք և ավելին ասեք... Հետո, միևնույն է, նրանք ինձ կենդանի բաց չեն թողնելու: Դրա համար էլ ինձ վրա քցեք ամեն ինչ: Բայց...

Մյուսները ևս հավաքվում են նրա շուրջը: Գարեգինը սրտի խորքից, ինչպես վերջին կտակ, ասում է.

Բոլորդ պիտի երդվեք, որ եթե ձեզ բանտից ազատեն, մինչև վերջ պիտի կռվեք հեղափոխության համար...

Մենք միասին կկռվենք, — բացականչում է երիտասարդը:

Այդ վայրկյանին բանտի դարպասը խփում են: Լսվում է նաև մաուզերի կրակոց: Կալանավորներն իրար են նայում` ի՞նչ կարող է լինել:

Բանտի դարպասն է՝ փողոցի վրա: Սմբատը ճակատը հենել է դարպասին, որպեսզի վայր չընկնի: Նրա ձեռքին` բաց մաուզերը: Այդ նա էր դարպասը խփում, նա էր կրակեց մաուզերից:

Բանտի փոքր դռնակից հսկիչի աչքը դուրս է նայում, ճանաչում է բանտապետին, ապա բաց է անում փոքր դուռը, և բանտի բակն է մտնում Սմբատը:

Ուրեմն ի՞նչ..., — հարցնում է բանտապետը արյունոտ տրանսի մեջ, — հարցնում է անիմաստ, և հերթապահ հսկիչը ահից չգիտե ինչ պատասխանի:

Հը, ուրեմն ինչ, — և հարբած օրորվում է: Երևում են երկու ուրիշ հսկիչներ, որոնք վախենում են մոտենալ: Նրանցից մեկը ներս է վազում:

Ես ո՞վ եմ...

Դու... Դուք... պարոն բանտապետն եք:

Չէ, չէ, ես ո՞վ եմ...

Դուք... — վախեցած կմկմաց հսկիչը և չգիտե ինչ պատասխանի:

Ես ո՞վ եմ, — նորից է հանում մաուզերը: Հսկիչը դողում է:

Ես Խոջաբաղունց Սմբատն եմ, չէ՞... — և ձեռքը խփում է կրծքին:

Այո, հրաման ձեզ...

Դե բաց արա բոլշևիկների կամերը...

Սմբատը մաուզերից կրակում է, դուրս են վազում հսկիչներ, պահակներ: Վերին հարկի վանդակներից ներքև են նայում կալանավորները:

Սմբատն օրորվելով նետվում է ներս:

Բանտի ներքնահարկ և կիսախավար միջանցքը: Լսվում է ոտնաձայներ և բանալիների զրնգոց:

Պահակը, որ զինվորի զգեստով է, դռան անցքով շշնջում է.

Հարբած է, — և կանգնում է դռան մոտ:

Նույն կամերն է, ներսում՝ կալանավորները դեպի դուռն են կրում մատրասներ, բարձեր, տաբուրետներ: Մեկը տաբուրետը ձեռքին՝ կանգնել է: Ճրագը տանում են դեպի անկյունը: Գարեգինը բղավում է.

Ցած նստեք...

Երեքը նստում են՝ մեջքները հենած դռան առաջ դարսած իրերին: Մեկը կանգնել է կամերայի անկյունում:

Բաց արա դուռը... Ես դրանց, — միջանցքում բղավում է Սմբատը:

Հսկիչներից մեկը փորձում է բանալին: Հրում է: Ներսից սեղմում են: Գարեգինը դռան անցքից կանչում է.

Վերջ տվեք ձեր անիրավություններին...

Այն գեղեցկադեմ երիտասարդը, որ նստել է ներքև և դուռը պահողներից է, նրան մի կողմ է քաշում, շշնջալով.

Կկրակի շունը...

Դրսից Սմբատը գազազած հրում է: Հրում են նաև հսկիչները, որոնցից երկուսը ձևացնում են, թե հրում են:

Բաց արեք... — բղավում է Սմբատը: Նորից են հրում: Դուռը կիսաբաց է լինում, բայց ներսից ուժ են անում (մոտենում են նաև հեռու կանգնածները) և դուռը նորից փակում են: Սմբատը մի կողմ է հրում հսկիչներին, որոնցից մեկն ընկնում է, ապա մի քանի քայլ ետ գալով, առաջ է վազում և ոտքով դռանն այնպես է խփում, որ դուռն ավելի է բացվում և այդ հարվածից ներսը, հրողներից մեկը գլորվում է:

Ներսում՝ շփոթ, իրարանցում: Բայց այդ տևում է մի վայրկյան: Գարեգինն առաջ է նետվում, բղավելով`

Պինդ կացեք...

Դուռը նորից են փակում: Այդ գեղեցկադեմ երիտասարդը վեր է բարձրանում և դռան անցքից (глазок) կանչում է՝

Նամարդ, ուժդ կալանավորի վրա ես փորձո՞ւմ...

Следующая страница