Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Նրա կանչը որոտալով արձագանքում է միջանցքում: Սմբատը վայրկենաբար մաուզերը կոխում է դռան անցքի մեջ և կրակում ներս:

Երիտասարդն ընկավ: Կամերայում ճրագը հանգավ:

Կրակոցի ձայնին ի պատասխան, աղմկում են մյուս կամերաները: Հետզհետե հզորանում է աղմուկը: Դռներ են ծեծում, կանչում են, զրնգում են շղթաները:

Գազազած բանտապետը մաուզերով դեռ խառնում է դռան անցքը: Թվում է, թե ուզում է մաուզերը հանել՝ չի կարողանում. կամ իրոք ուզում է անցքը լայնացնել: Կատաղությունից նա իրեն կորցրել է և արդեն խելագարի է նման: Իսկ աղմուկը սաստկանում է:

Այս անգամ մեջքով է հրում: Ներսը լուռ է, խավար է:

Նրա ձեռքից մաուզերն ընկնում է: Դռան մոտ կանգնած պահակ զինվորը ոտքով մի կողմ է հրում մաուզերը:

Սմբատը խելագարի նման է: Նա ձեռքերը բարձրացրած երկու քայլ է անում, բայց գլխով հենվում է պատին, ինչպես հենվել էր բանտի դարպասին: Ուշաթափ է, հարբած է, ցնորվածի նման է:

Կացին բերեք… — բայց ոչ ոք նրան չի լսում: Հսկիչները նայում են, ինչպես խելագարի: Իսկ դռան մոտ պահակ կանգնած զինվորը նայում է ակնհայտ ատելությամբ և զայրույթից հրացանը ավելի է սեղմել՝ բարձրացնելով գետնից:

Ուրեմն, ես... Սմբատ Խոջաբաղունց, կամենդանտ զանգեզուրսկի, — և ցնորվածի նման գլուխը խփում է պատին:

Այդպես հետզհետե քարանում է համր պատկերը և միայն շղթաներ են զրնգում՝ հատ-հատ, խուլ և ատելությամբ Սմբատ Խոջաբաղունցին է նայում պահակ զինվորը:

6

«Սյունիքի դիվանի» շենքը:

Փողոցից ներս են մտնում երկու հոգի: Մեկը մեզ ծանոթ պահակ զինվորն է, մյուսը մի պարթև ծերունի է, հագին շալ չուխա: Նա ձեռքին մահակ ունի: Ոտքերը ձյունոտ են, և երևում է, որ հեռվից է գալիս:

Սանդուղքներով իջնում, բարձրանում են ինչ-որ մարդիկ: Զինվորը ծերունուն ճանապարհ է բաց անում: Նրանք երևում են նախասենյակում: Զինվորը նրա ականջին ինչ-որ բան է ասում և անհայտանում է:

Կիսախավար միջանցք: Գրասենյակի դռներ: Սուսաննան՝ մեքենագրուհի, դուրս է գալիս միջանցք: Անցնում է պարուչիկ Ամիրջանովը: Նայում են իրար: Պարուչիկը ներս է մտնում մի դռնով: Միջանցքում երևում են պաշտոնյաներ, որոնք ցարական չինովնիկի տարազով են, որովհետև նրանց մեծ մասը ծառայել է հենց այդ շենքում, Զանգեզուրի գավառապետի դիվանում: Այդ նույն բազմությունն է, որ հրապարակի վրա դիտում էր զորահանդեսը և «թանկագին անգլիացիներին»:

Միջանցքում երևում է այն պարթև ծերունին՝ Աթա ապերը: Նա շվարել է, բայց աշխատում է իրեն չկորցնել: Զինվորներից մեկին հարցնում է`

Մեծավորը ո՞ր օթախումն ա...

Էստեղ բոլորը մեծավոր են, որի՞ն ես ուզում, — հեգնում է չինովնիկը:

Ամենամեծին, — և չինովնիկը գլխով նշան է անում դեպի ծայրի դուռը, որ չի երևում վարագույրի ետև:

Դռան առաջ մի զինվոր պահակ է:

Աթա ապերը գնում է դեպի այդ դուռը:

Ներսը՝ գնդապետ Կուռոն, Գեդեոն վարժապետը և պարուչիկ Ամիրջանովը:

Գեդեոն վարժապետը`

Այո, բայց ինչո՞ւ առանց դատի... Չէ՞ որ մենք դեմոկրատիկ հանրապետություն ենք...

Գնդապետ Կուռոն Գեդեոն վարժապետի հետ չի կարող խոսել, ինչպես պարուչիկ Ամիրջանովի հետ: Ավելին. նրա հանդեպ գնդապետը տածում է որոշ հարգանք, որովհետև Գեդեոն վարժապետը Զանգեզուրում «պերսոն» է և նույնիսկ «Ազատ Սյունիքի» խորհրդի նախագահն է: Ուստի կեղծ մեղմությամբ գնդապետը պատասխանում է.

Կամերը դեռ լիքն է... Պարուչիկը կարող է նաև ուրիշներին բերել: Դատեցեք: Միևնույն է դատարանը պետք է արձակի նույն վճիռը՝ բոլշևիկներին և թուրքերին... — գնդապետը ձեռքով ցույց է տալիս, թե պիտի մորթել նրանց:

Ներսը՝ դռան մոտ, վարագույրի ետև, ինչ-որ խլրտում: Ըստ երևույթին, դռան պահակը չի թողնում, որ Աթա ապերը ներս մտնի, բայց նա ներս է մտնում այն վայրկյանին, երբ գնդապետը ձեռքով ցույց է տալիս, թե ինչ պիտի անել թուրքին և բոլշևիկին:

Բոլորը զարմացած նայում են: Նրանց է նայում ծերունին՝ վեհ և հանդարտ:

Ձեր մեջ մեծը հո՞ւ ա...

Նրա միամիտ հարցին գնդապետ Կուռոն ժպտում է:

Ի՞նչ է, ապեր:

Տյու ե՞ս, — մատը մեկնելով մի քայլ է անում:

Ասա:

Ծերունին լռում է, ասես հավաքում է իրեն, որովհետև այն, ինչ պիտի ասի և ծանր է, և ահավոր:

Ապա լռության մեջ մի քիչ դողդոջ ասում է.

Որդուս... դիակը տուր:

Լռությունը սաստկանում է այնքան, որ նույնիսկ հարևան սենյակից լսվում է «Կոդ»-ի աղմուկը: Գեդեոն վարժապետը հայացքը թաքցնում է: Նրանք հասկացան, որ ներս մտնողը հայրն է գիշերով բանտում սպանված բոլշևիկի:

Նրան թաղել են, — մռայլ ասում է Կուռոն:

Չեն թաղել, — հանդարտ պատասխանում է Աթա ապերը, հասկացնելով, թե՝ «չես խաբի, ես լավ գիտեմ...»:

Պարուչիկ Ամիրջանովը դժգոհ է: Նա մոտենում է, որ ծերունուն դուրս տանի, բայց գնդապետ Կուռոն նրան աչքով հետ է պահում: Ծերունին կանգնել է ժայռի նման:

Ապեր, գնա... Մենք նրան կթաղենք, — ասում է Կուռոն:

Պարուն վարժապետ, բա ինչո՞ւ ես լռել: Ուրեմն, հայրը որդուն մեռած էլ չտեսնի՞...

Գեդեոն վարժապետը գլուխը բարձրացնում է, ուզում է բան ասել, բայց նկատելով գնդապետի դեմքը, հայացքը դարձնում է դեպի պատուհանը:

Գնդապետը տեղից վեր է կենում:

Կարճ կապի: Մեր օրենքը չի տալիս թշնամու դիակը:

Էդ հո՞ւնց օրենք ա, որ դիակից էլ ա վախենում...

Շատ պիտի խոսե՞ս, — և ծերունուն է մոտենում պարուչիկ Ամիրջանովը, բռնում է նրա թևից, բայց Աթա ապերը տեղից չի շարժվում:

Գնդապետը վառում է ծխախոտը:

Բա պիտի խոսեմ, բա հո՞ւնց... ախր ծնող եմ: Բա հինչ պատասխան տանեմ մորը

Ծերունին անհողդողդ կանգնել է: Պարուչիկը կատաղած ապտակում է Աթա ապորը:

Առ քեզ պատասխան...

Գնդապետը նետում է լուցկին:

Ծերունու բերանից արյունը կաթկթում է արխալուղի վրա: Բայց հանդարտ ու վեհ ասում է, բառերը հնչեցնելով մեկ-մեկ:

Նա իմ փոքր տղան էր... ես է՛լ տղա ունեմ: Էս իմ պատասխանը, բա նրա՞ն հինչ պատասխան կտաք: Նրան էլ սպանեցիք՝ բա ժողովրդին հինչ պատասխան կտաք...

Գնդապետը ծխում է: Ծխի քուլան ծածկում է ամեն ինչ:

7

Ծուխ չէ, այլ ձյունամրրիկ է:

Անցավ ձյունամրրիկի ալիքը: Բանտի ամայի բակը, քարե բարձր պատեր:

Երկու հսկիչ և այն պահակ զինվորը թաղել են դիակը: Վերջին բուռ ձյունախառը հողը լցրին և հավաքելով բրիչն ու բահը, հեռացան:

Քամին ձյուն մաղեց, ձյունը ծածկեց և աննշան հողաբլուրը, և այժմ միայն բանտի ամայի բակն է, մռայլ պատերը, պատի գլխին՝ դրսի պահակը տխուր դնդնում է`

Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

8

Քարատակ տուն:

Ձմեռվա գիշերը կես է: Քուրսու վրա վառվում է այն փոքրիկ լամպը, որ կոչվում է տուզուրիկ ճրագ: Լամպը հազիվ է լուսավորում քուրսու շուրջը:

Քուրսու մոտ թիկնած ննջում է Աթա ապերը: Նրա դիմաց նստած է Մինա զիզին: Քուրսու վրա, սինու մեջ ձավար է: Մինա զիզին մատներով մաքրում է ձավարի քարերը: Նինջը հաղթում է, մատները քնում են, — ինքը գլուխը կախում է սինու վրա, ապա ցնցվում է, նորից է քարերը մաքրում և նորից քունը տանում է:

Քուրսու վրա մռռում է կատուն:

Այդ խեղճ խաղաղությունն օրորում է Սոնան՝ նրանց հարսը: Սոնան չոքել է օրորոցի առաջ: Օրորում է, և քնաբեր ռիթմով թխկթխկում է օրորոցը: Սոնան՝ երեսի քողը կիսաբաց, կռացել է օրորոցի վրա և առանց բառերի օրոր է ասում:

Դրսում լսվում է ոտնաձայն: Մակիչը ներս է մտնում, մի վայրկյան նայում է: Սոնան այլևս չի երգում, համր հայացքով նայում է ամուսնուն: Մայրը զարթնում է և ասում.

Այ որդի, դե, եկ, էլի… — Սոնան ծածկում է հարսնության քողը:

Մակիչը նայում է ճրագին, ապա մորը հարցնում է.

Տանը նավթ կա՞:

Ճրագի միջինն է, — ասում է մայրը:

Մակիչը տատանվում է, ապա ասում է Սոնային:

Դատարկիր մի ամանի մեջ, տուր..., — ապա դառնում է մորը.

Նանի, ձավարը առավոտը կմաքրես:

Մայրը զարմացած նայում է: Քունն աչքերին: Եվ երբ Սոնան գավաթը ձեռքին մոտենում է, որ ճրագի նավթը դատարկի, պառավն ասում է.

Վըիա՛... էդ շտե՞ղ ես տանում...

Քյոխվի կանցելարում կառավարության ժողով ա, նավթը կլխել ա...

Բա, էդ հո՞ւնց կառավարություն ա, որ ինքը ժողով անի, նավթը ես տամ...

Սոնան դատարկում է նավթը: Ճրագը հանգչում է: Լսվում է Մինա զիզու զարմանքի բացականչությունը՝ «վըիա՛», ապա դուռը փակվում է, և դրսից՝ Մակիչի հեռացող ոտնաձայնը:

Աստղալույս չկա: Միայն ձյունի շափաղն է և ժայռերի սև ստվերները: Քնած տների արանքով անցնում է Մակիչի սիլուետը: Երբեմն չի երևում, այլ միայն լսվում է ոտնաձայնը՝ ձյունի վրա: Մի շուն հաչում է: Նրա հաչոցը հետզհետե ուժեղանում է, ապա նվաղում, որից հասկացվում է, որ Մակիչն անցավ այդ տան կողքով: Հեռվից մի շուն արձագանքում է, և արձագանքը դղրդում է ձորի գյուղում:

Բացվում և իսկույն փակվում է մի դուռ:

Ներսը՝ ճիշտ առաջին ճրագի նման մի տուզուրիկ ճրագ հանգչելու մոտ է: Մարդ կա, բայց դեմք չի երևում, այլ ինչ-որ ձեռք, ինչ-որ գիրք: Մթնում մի ձայն՝

Ա՛, ոտս կոխեցիր, է...

Մակիչը նավթը լցնում է ճրագի մեջ, պատրույգը բարձրացնում է: Խոր և ամայի քարանձավ է: Ընդհատակյա բջիջի ժողով:

Ճրագի լույսով առաջինը երևում է այն դեմքը, որ ձյունամրրիկի մեջ թաքնվեց փողոցի անկյունում և բանտապետ Սմբատի ետևից ասաց. «դահիճ»:

Այդ Քրիստն է, Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի անդամը:

Նրա կողքին Լևոնն է, այն երիտասարդ ձիավորը, որ ձիերը կռվացնելով, խուսափեց երդվել խաչով և ավետարանով: Նա զինվորի նույն տարազով է, ինչպես զորահանդեսին:

Երբ Մակիչը ճրագի պատրույգը բարձրացնում է և լուսավորվում են Քրիստի և Լևոնի դեմքերը, — կիսամութ անկյունից փափախով մեկը բրդոտ թաթը մեկնում է ճրագին, որպեսզի կպցնի ծխախոտը: Քիչ է մնում ճրագը հանգչի: Պուղանը, սրախոս մի երիտասարդ, բամփում է նրա գլխին և հեռացնում ճրագը:

Արջ, հերիք է ծուխ տաս:

Եվ ծխի քուլան թանձր բարձրանում է: Պուղանը շարունակում է.

Ընկերներ, սրա ծուխը կտրեք... մի օր սա իրա ծուխով մեզ բռնել ա տալու:

Ժպտում են: Մեկը ծխողին հրում է քարանձավի խավար անկյունը:

Պուղանը՝

Բա մենք մտնենք էս աղվեսի բունը, սա էստեղ թոնիր վառի՞...

Մակիչը ճրագը բարձրացնում է, և ճրագի լույսով երևում են քարատակի խավար խորքերը: Նստած են 10-12 հոգի: Լռում են: Մակիչը ճրագը դնում է Քրիստի առաջ:

Քրիստը շարունակում է ընդհատված խոսքը.

Ուրեմն, մենք պիտի սպասենք մինչև Կարմիր բանակը մտնի Բաքու... Եվ երբ մոտենան մեր սարերին...

Տեսնես աչք կլինի...

Լևոնը լույսի տակ թերթում է «Կոմունիզմի այբուբենը»: Պուղանի աչքն ընկնում է մի նկարի:

Էս ո՞վ է:

Լենինն է:

Լենինը սա՞ է, — Պուղանը խոր, շատ խոր նայում է նկարին:

Քրիստը, Լևոնը և Մակիչը նայում են Պուղանին: Խորքից մի քանի գլուխներ ձգվում են, որ տեսնեն նկարը:

Հետզհետե խավարում է, և դեռ չխավարած՝ լսվում է Պուղանի ձայնը.

Ա՛խ, թևեր ունենայի, թռնեի մի անգամ Լենինին տեսնեի...

Հետզհետե լուսանում է:

Ամայի ձոր: Մի ժայռ, որի ստորոտում քարանձավի դուռը քամուց փակվում և բացվում է: Դուռը երերում է: Լեռներում բուք է, ձյունամրրիկի ոռնոց:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1

Գարնան երեկո:

Գյուղի հրապարակներից մեկը՝ մի ամայի կալ, որտեղ գերանների և քարերի վրա նստոտել են գյուղացիները: Աթա ապերն է, Չետանց Վանեսը, մի պաշտոնավոր, այսինքն՝ գյուղական վաշխառու և առևտրական: Երևում է Պուղանը՝ զինվորի տարազով երկու երիտասարդի հետ, որոնք հրացանով են: Ծերունիների շարքում նստած է Բախշին՝ բանվորի արտաքինով մեկը:

Չետենց Վանեսը «կռվի» է բռնվել Աթա ապոր հետ: «Կռիվն» այն մասին է, թե մուսավաթի բանակը կարո՞ղ է մտնել Զանգեզուր, թե ոչ:

Բա հունց, է՛, հունց, — ծոր տալով ասում է Աթա ապերը, — ապա երկու քարից շինում է կիրճի նման մի բան. բռնոթամանը՝ մուսավաթի բանակն է, տերողորմյան՝ դաշնակցական զորքը:

Դե անց կաց, տեսնեմ...

Չետանց Վանեսը մատներով, իբրև մուսավաթի զորք, ուզում է անցնել կիրճով: Աթա ապերը կիրճը սեղմում է և ասում է.

Հրեդ, է... — ընդհանուր ծիծաղ:

Պուղանն այն կողմից ձայն է տալիս.

Եկողն ուրիշ է, ուրիշ...

Չետանց Վանեսը հարցնում է.

Հո՞վ ա կյամ, է՛...

Հրեն կյամ ա Իվան ախպերը...

Բերնիդ մատաղ, Պուղան:

Ռուսը մեզ օգուտ է, — խոսակցությանը խառնվում է Պաշտոնավորը, — գան, ճանապարհը բաց անեն, գնանք Բաքու առուտուրի...

Էն քու տեսած Բաքուն չկա, — հեգնում է Բախշին: Պաշտոնավորը խոժոռում է: Նրա փոխարեն հարցնում է Աթա ապերը.

Բա խի՞:

Էս ա կտեսնի, — և Բախշին աչքով է անում Պուղանին:

Այն ժամանակ Չետանց Վանեսը դեռ շարունակելով մտածել «Իվան ախպոր» մասին, ասում է.

Բոլշևիկը կյամ ա, կյա, վնաս չունի, թաք կյամունիստը կյա վեչ...

Ի՞նչի...

Այ որդի, նրանից փիս են պատմում: Ասում են օրենք, հավատ, — և ձեռքի շարժումով շարունակում է միտքը՝ թե կոմունիստները «օրենք, հավատ» չեն ճանաչում:

Նրանց ես եմ տեսել, — ասում է Բախշին, — երկուսն էլ Լենինի ծրագրին են:

Լավ, էդ որ ասում են Լենին, հի՞նչ մարդ ա...

Այդ խոսքի վրա հրապարակով անցնում է գյուղի դաշնակցական խմբապետներից մեկը: Նա ուզում է մոտենալ հրապարակում նստածներին, մինչև անգամ Պաշտոնավորը նրան տեղ է անում՝ նստի, բայց որովհետև մյուսները լռում են և ճնշվում են նրա ներկայությունից, — խմբապետը հեռանում է, ցույց տալով, որ իբր թե մի տեղ էր գնում և պատահաբար մտավ հրապարակը:

Մաուզերը տես, մաուզերը

Կոթն էլ արծաթ...

Չէ, ոսկի...

Բա էլ ի՞նչ խմբապետ, որ կոթն էլ ոսկի չլինի:

Այդպես ծաղրում են նրան Պուղանը, Բախշին և զինվորներից մեկը: Պաշտոնավորը դժգոհ, գուցե նաև երկյուղից, հեռանում է:

Բախշին նրա ետևից ասում է.

Բաքու գնացողին տեսկարծես պիտի գնա մասլոնչի դառնա...

Է՛հ... — խոր հառաչում է Աթա ապերը, — ե՞րբ պիտի մեզ մի լույս բացվի...

Տխուր են: Մտածում են:

Այդ ժամանակ Պուղանը շրջվում է ետ: Նրա թիկունքում նստած ննջում է աշուղը: Պուղանը նրան արթնացնում է.

Խաղ ասա, է՛... ի՞նչ ես քնել:

Նրան տեղ են տալիս, և աշուղը նվագում է, երբեմն երգում է.

«Չծաղկած վարդը պուկում են,
«Խոսեք, Զանգեզոլրի լեռներ...
«Ջահելներին կոտորում են,
«Ասեք, Զանգեզուրի լեռներ...

Պուղանը աշուղին`

«Հեն ա կյամ են, է՛, կյամ են...»

Աշուղը խլում է նրա խոսքը և երգում է նոր կրկնակ.

«Հեն ա կյամ են, հեն ա կյամ են...»

Ունկնդիրները ժպտում են՝ նրա համար, որ «կյամ են», նաև նրա, որ իրենց աշուղը հնարամիտ է, իսկ Պուղանը բուռն ուրախությունից գլխարկը գետնովն է տալիս.

Ախր, ե՞րբ պիտի լինի... (Խավարում)

2

Անձրև է:

Կիսամութ այգի:

Մի տակառ պառկեցրել են. տակառի խորքում մոմ է վառվում: Մեկը կիսով չափ մտել է տակառի մեջ և գրում է: Մարմնի կեսը դուրսն է. անձրև է կաթկթում, բայց տակառի խորքում և լույս է, և լույսը դրսից չի երևում, և անձրևը չի կաթում:

Հազիվ երևում է Քրիստի դեմքը: 5-6 ստվերներ: Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեն քննում է ապստամբության հարցը: Կարմիր Բանակն արդեն մտել է Ղարաբաղ:

Էհ, իմ ճանապարհը երկար է, — ասում է Մակիչը:

Տակառի մեջ գրողը ինչ-որ թուղթ է տալիս Քրիստին:

Վերջինս մոմի լույսով կարդում է՝ կնքում է, տալիս է Մակիչին.

Մի լավ ընկերոջ ձեռքով… — Մակիչը թուղթը պահում է:

Անց կացրու սահմանը… — Քրիստը ձեռքը մեկնում է:

Մակիչ... ուրեմն, սկսում ենք, — ասում է Քրիստը և սեղմում է Մակիչի ձեռքը: Հազիվ նշմարվող ժպիտ: Մակիչը քայլում է դեպի դուռը:

Դուրսը սարսափելի անձրև է: Այգու մեջ տնակը, որտեղ ժողով էր: Ներսը ոչ թե անձրև էր, այլ կտուրը կաթկթում էր:

Հանկարծ որոտում է, կայծակը լուսավորում է այգին, տնակը: Մակիչի սիլուետը: Եվ երբ խավարը թանձրացավ, թվաց, թե խավարը կլանեց Մակիչին:

3

Լուսանում է:

Շաղոտ արտերի մեջ կաքավի ձայնը: Լորը թռավ կանաչներից: Ծագում է արևը. մայիսի առավոտը Զանգեզուրում:

Մակիչը արահետով բարձրանում է: Ամբողջ գիշերը ճանապարհ է կտրել: Նա շինելի փեշերը խրել է գոտու մեջ և գնում է ամայի լեռնալանջով, կանաչների միջով:

Ոչ մարդ կա, ոչ մարդաձայն:

Ջախ՝ խոր ձորն է՝ ժայռեր, ձորի խորքում՝ ջուրը, մյուս ափը՝ կանաչ անտառ:

Մակիչը քայլում է հիացած առավոտի գեղեցկությամբ: Մի արտում մոռացել են բահը: Մակիչը քարափի գլխից նայում է ներքև:

Հեռվից լսվում է հովվի սրինգը:

Մակիչը նայում է: Ներքև՝ ձորում հովիվը ոչխարն արոտ է հանել:

Մակիչը հանգստանում է, սրբում է քրտինքը: Նա եկել է դժվար արահետներով, եկել է գաղտագողի և զգույշ նայում է չորս կողմը:

Լեռան գլխին լսվում է ձիերի դոփյուն, մարդկանց ձայներ: Թնդանոթները ձիերի վրա բեռնած՝ ցեխի մեջ թրջված, ջարդված, ով գիտե որտեղից ուր են տանում զինվորները՝ կես գյուղացու կես զինվորի զգեստով՝ ցեխոտ, հոգնած:

Մակիչը թաքնվում է: Նրանք անցնում են:

Հենց ասում եմ՝ քցեմ էս ձորը, կորչի գնա...

Կտրվի մեր օրը...

Մակիչը նայում է նրանց ետևից: Երբ նրանք հեռանում են, Մակիչը կորչում է:

Նա մի անգամ ևս երևում է թփուտների մեջ, երբ իջնում է գյուղի վրա:

Թփուտների մեջ կանգնել նայում է հայրենի գյուղին՝ Զանգեզուրի գյուղին՝ ժայռերի մեջ և խոր ձորերում:

4

Կիսամութ:

Լևոնը հանում է շինելը: Մակիչը գավկոմի տված թուղթը կարում է նրա փափախի ներսը: Լևոնը հագնում է ուրիշ զգեստ: Մակիչը նրան`

Լևոն, քեզ տեսնեմ... Մեր հույսը դու ես:

Բացվում է նույն քարանձավի դուռը, և դուրս է գալիս մի հովիվ՝ մահակով և մեծ փափախով մի հովիվ:

Մակիչը նայում է նրա ետևից:

5

Կես գիշեր է:

Տանը միայն օջախի լույսն է: Բուխարու ուրվագիծը: Կաթսան օջախի քարերի վրա:

Մակիչը կրակը մի կողմի է քաշում: Ապա սրբում է մոխիրը: Ձեռքը կոխում է և բարձրացնում է մի սալ քար, որի վրա էր օջախի կրակը և կաթսան: Ապա թևն ավելի խորն է կոխում և թաքստոցից հանում է երկու ատրճանակ: Քարը դնում է տեղը: Սոնան մոխիրը փռում է քարի վրա, և օջախը նույն օջախն է, նույն կրակը, նույն կաթսան...

Երդիկից ներս է ընկել լուսնի արծաթ սյունը: Մակիչը ատրճանակները տեղավորելով, կամաց ասում է. — Սոնա...

Սոնան կանգնել է նրա կողքին, երեսի քողը կիսաբաց: Մակիչը ձեռքը մեկնում է, թվում է թե պիտի գրկի նրան: Սոնան քողն իջեցնում է, բայց Մակիչը հանում է նրա երեսի կարմիր քողը, արագ համբուրում է քնած երեխային, դեմքի վրա լուսնի լույսը:

Լավ է, — ասում է Մակիչը. լա՞վ է, որ Սոնան անքող է (և իրոք, լավն է Սոնան բաց երեսով), թե՞ այլ մտքով է ասում Մակիչը:

Նրանք դուրս եկան:

Սոնան կանգնել է դռան մոտ: Ժայռերի ստվերները լուսնի լույսով: Քնած գյուղը: Մակիչն ահա հեռացավ, բայց հանկարծ ետ նայեց և մոտացավ Սոնային:

Կնոջ երեսին արցունք:

Սոնա, ամոթ է..., — գրկում համբուրում է: — Գնա տուն, ցուրտ է...

Եվ հեռանում է:

Սոնան արձանի նման կանգնել է: Կանգնում է այնքան, մինչև հեռվում հալվում է Մակիչի վերջին ոտնաձայնը, և այլևս ոչինչ չի լսվում, այլ միայն լսվում է գետի վշշոցը:

6

Մակիչն անցավ փողոցով: Մի ստվեր թաքնվեց: Մակիչն այդ զգաց, ետ նայեց, բայց փողոցում ոչ ոք չկա:

Կարծես գետնի ընդերքից լսվում է խուլ աղմուկ: Աղմկում են ապստամբների «շտաբում»՝ խոր քարանձավում, որի դռնից, երբ Մակիչը դուռը բաց է անում, երևում է լույսի շերտ, լսվում է հզոր աղմուկ, ապա, երբ Մակիչը ներս է մտնում, ամեն ինչ լռում է:

Տես էն ո՞վ էր ման գալիս..., — ասում է Մակիչը, և երկու հոգի հրացանով դուրս են գնում:

Էս էլ քեզ կարմիր կտոր, — և Մակիչը հանում է Սոնայի քողը: Մեկը առնում է քողը, պահում է ճրագի դեմ:

Դու լավ ես գրում, — ասում է Մակիչը ընկերներից մեկին` Հայկին: Նա առնում է քողը:

Ի՞նչ գրեմ:

Մակիչը մտածում է. այդ ժամանակ «Արջը» ասում է.

Կիրի` շեն կենա թազա օրենքը...

Գրիր՝ կեցցե Խորհրդային իշխանությունը...

Հայկը դուրս է գնում, քողը թևի տակ:

Քարանձավի խորքում Կարագինը կռացել է գնդացիրի վրա: Հավաքում է: Մեկը լցնում է գնդացիրի ժապավենը. մի քանի գնդակ բռի մեջ, ասում է.

Թե ազատես, դու ես մեզ ազատելու... — և մեկ-մեկ գնդակները մտցնելով բները, խոսում է. — էս մեկը պարուչիկ Ամիրջանովին, էս մեկը մինիստր Զախարին...

Նրան երկուսը դիր, — բղավում է «Արջը», — փորը հաստ է, չի անցնի:

Քարանձավի անկյունում Բախշին, յուղոտ տուժուրկան ուսերին երգում է՝ «Смело мы в бой пойдем…» — երգում է առանց բառերի, նմանեցնելով բայաթու: Նա երգի եղանակը սովորեցնում է զուռնաչուն: Վերջինս «որսում է» եղանակը: Երգի հետ լսվում է զուռնայի կտրտվող, երբեմն սխալ, երբեմն ճիշտ նվագը: Երբեմն սովորեցնողի ձայնը և սովորողի նվագը կորչում են ընդհանուր աղմուկի մեջ, իսկ երբեմն պարզ լսելի է, որ զուռնաչին այնուամենայնիվ սովորեց եղանակը, և նույնիսկ մի ուրիշը մատներով թմբկահարում է:

Կարագին, — ասում է Մակիչը, — ազդանշանը երեք անգամ... — և Մակիչը ցույց է տալիս իր ատրճանակը:

Կարագինը գնդացիրը հանում է: Մեկը շալակում է անիվները, մյուսը` փողը... գնում են:

Խավարում:

7

Գոմի ճրագի լույսով մեկը ձին քաշում է դուրս: Մեզ ծանոթ խմբապետն էր, որին հրապարակում Պուղանը և Բախշին ծաղրեցին:

Նա յափունջին ուսեց, նստեց ձին: Գոմի ճրագը հանգավ:

Խավարի մեջ լսվում է ձիու հեռացող դոփյունը:

Մակիչը նայում է ցուցակին:

67..., — ցուցակը ծալում է: Ապա նկատում է ապստամբներից մեկին՝ անունը՝ Բադի: Մակիչն զգում է, որ Բադին ինչ-որ բան է ուզում ասել:

Հը՞, ինչ կա...

Ոտքերս բոբիկ են...

Առ իմը, — և ապստամբներից մեկը նստում է, որ տրեխները քանդի:

Մարդը տատանվում է, նորից ինչ-որ բան է ուզում ասել, բայց այդ րոպեին դրսից լսվում է կրակոց:

Զգաստանում են:

Ապա դուռն աղմուկով բացվում է, և ներս են մտնում այն երկու հոգին, որոնք դուրս էին գնացել իմանալու, թե ինչ ստվեր էր պտտվում նրանց շուրջը: Հրելով ներս են բերում քյոխվի գզիրին:

Ընկեր պետ, այ, սա էր

Մակիչը նայում է նրան: Գզիրը՝ նիհար, ահից խելքը կորցրած, դողդողում է և միևնույն ժամանակ աղերսում է թողություն:

Թող կորչի գնա, — ասում է Մակիչը: Կոմունարներից մեկը նրան բոթելով հրում է, բայց այդ րոպեին ներս է մտնում Պուղանը և երկու հոգի: Նրանք թևերին փաթաթել են հեռախոսալարերը: Լարերը շպրտում են մեջտեղ, և Պուղանը քրտինքը սրբելով ասում է.

Դե, թող հիմա խոսեն:

Ուռա, — թնդում է քարանձավը:

8

Խավարի մեջ խուլ զանգահարություն: «Հավարի» զանգեր են: Հետզհետե ուժեղանում է և հանկարծ կտրվում:

Երեք գլուխ՝ «սպարապետը», գնդապետ Կուռոն և Գեդեոն վարժապետը:

Ներս է մտնում պարուչիկ Ամիրջանովը՝ ետևից գյուղից փախած խմբապետը:

Լարերը կտրված են... 2-րդ ճակատը չի պատասխանում

Գեդեոն վարժապետը շտկում է ակնոցները: Նա՝

Ապստամբությո՞ւն... Հայ գյուղը ապստամբի՞ իր կառավարության դեմ...

Ոչինչ չկա սարսափելի..., — ասում է «սպարապետը», — վաղը ժամը 12-ին վերջացրեք այդ անկարգությունը...

Գնդապետը նայում է պարուչիկ Ամիրջանովին: Վերջինս պատվի է առնում՝ նշան համաձայնության, և նրա հետ հեռանում է խմբապետը, որ բերել է ապստամբության լուրը:

Խավարի մեջ պարզ լսելի զանգահարություն:

Մակիչը նայում է ժամացույցին:

Լուսանում է, Պուղան…, — Մակիչն ակնարկում է, որ գնալու ժամանակն է:

Պուղանը դուրս է գնում, նրա հետ՝ մի տասնյակ...

9

Եկեղեցու զանգերը «հավար» են կանչում: Զանգահարում է Բախշին:

Լույսը նոր ճառագում է:

Աթա ապերն աչքերը բաց է անում, լսում է զանգերի ձայնը, նստում է տեղը, զարմացած նայում է: Թախտի վրա Մակիչի չտրորված անկողինը:

Էն հի՞նչ հավար է...

Նայում է Սոնային: Սոնան չի քնել: Կռացել է օրորոցի վրա:

Աղջի, չե՞ս քնել...

Սոնան գլուխը թաքցնում է, սրբում է արցունքը:

Մակիչն ո՞ւր է:

Սոնան գլխով է անում դեպի դուրս: Աթա ապերը «շտապ» հագնվում է:

Այ պառավ, վեր է՛, էԵրեխան... — և բոթում է քնած Մինա զիզուն:

Զանգահարություն:

Մեկը սարսափած վեր է թռչում:

Թուրքերը եկան...

Մի բակում կինը՝ կովկիթը ձեռքին մոտեցել է, որ կովը կթի: Բայց լսում է, և հորթն օգտվելով նրա շվարումից, ծծում է մորը: Կինը նկատում է այդ և դեն է հրում հորթին:

Բախտդ բանեց, հա՞ սատկած...

Զանգահարություն:

Պուղանը գյուղից դուրս եկավ: Վերջին տունը ետ մնաց: Սարահարթ: Գիշերային ճրագ: Երեք սպա քնել են: Կապիտան Տեր-Պետրոսովը ոտնաձայն լսեց, գլուխը բարձրացրեց, նայեց ժամացույցին: Ժամը հինգն է: Պուղանի ընկերները շրջապատել են տունը: Երկու ընկերով Պուղանը կանգնել է պատշգամբում` դռան առաջ: Սանղուղքի վրա հրացանը գրկած քնել է պահակ զինվորը: Նրա գլխավերև կանգնել է Պուղանի ընկերներից մեկը:

Զանգահարություն:

Պաշտոնավորը դարպասը կողպում է՝ նայում է դռան արանքից: Փողոցով անցան չորս զինվորներ:

Կարագինը գնդացիրը տեղավորում է թփերի արանքում: Նրանք ձորի պռունկին են: Զինվորներից մեկը ներքև է նայում՝ խոր ձորին: Թփերի արանքից երևում է ճանապարհը, որ իջնում է դեպի գյուղը: Կարագինը գնդացիրն ամրացնում է՝ փողը դեպի ճանապարհը:

Սպաների սենյակն է: Պուղանը և մի զինվոր ներսն են: Վայրկյանի լռություն: Կապիտանը բարձրացնում է գլուխը: Պուղանի աչքն ընկնում է սեղանին, որի վրա դարսված են նրանց ատրճանակները, թրերը. պատից կախված է մի կարաբին:

Դուք բանտարկված եք, — ասում է Պուղանը:

Ներս են մտնում նաև երկու ապստամբ:

Ի՞նչ, — և կապիտանը վեր է կենում, կամենալով մոտենալ զենքերին: Պուղանը հանում է ատրճանակը: Զարթնում է երկրորդ սպան:

Ո՞վ է մեզ բանտարկել, — հարցնում է Կապիտան Տեր-Պետրոսովը:

Հեղափոխական կոմիտեն...

Կապիտանը դարձնում է հեռախոսը: Պտտում է: Պուղանը բարձրացնում է ձեռքը:

Նեղություն մի քաշի...

Զանգահարություն մոտիկ և հզոր:

Մակիչը բարձրացնում է ձեռքը և զանգահարն այլևս չի զարկում:

Եկեղեցու բակում հավաքվել են մոտ 50 զինված մարդիկ: Բակն են մտնում ուրիշ գյուղացիներ:

Մակիչը բարձրացել է մի քարի վրա...

Ընկերներ, ահա բացվում է լույսը, և գալիս է մեր կարմիր օրը...

Աթա ապերը զարմացած նայում է: Նրա կողքին Չետանց Վանեսն է, հրապարակի նրա «հակառակորդը»: Աթա ապերն ասում է Չետանց Վանեսին.

Ուրեմն, կյամ ե՞ն...

Հայկը, որ Սոնայի քողը տուն էր տարել գրելու, ճեղքում է բազմությունը և Մակիչի մոտ բաց է անում կարմիր դրոշը: Հազիվ նշմարվում են առաջին տառերը: Թնդում է ուռան...

Դրոշը ծածանվում է:

Մակիչի ֆիգուրը քարի վրա՝ որպես ամեհի արձան:

Կիսամութ: Կիսալույս:

10

Դհոլը դմբդմբում է: Զուռնան նվագում է, «Смело мы в бой пойдем»: Եվ հեռու է, և ջինջ է նվագը՝ մարդկանց խուլ ձայների և դոփյունի հետ: Տեսնելու չափ պարզ դողդողում են ելևէջները:

Նրանք բարձրանում են: Գլուխներ են. նրանց վրա ծփում է դրոշը: Երբեմն երևում են առանձին ֆիգուրներ՝ անցնում են կածանով, կամուրջով, վիմափոր տների մոտով: Բարձրանում են և ինչքան բարձրանում, այնքան խլանում է նվագը, բայց և երբեմն հզորանում է, երբ ապարատը մոտենում է ցույց տալու՝ թե ինչպես մի տեղ նրանց միացան երեք հոգի, մի այլ տեղ՝ մեկն ինչ-որ դարպաս է ծեծում, շուն է հաչում, մի կին՝ միամիտ հարցնում է.

Առավոտ կանուխ էս հինչ կա՞...

Գիլա բիբին պատասխանում է.

Ախչի, թազա օրենք են դուրս բերել...

Պաշտոնավորը դժգոհ նայում է դարպասից:

Երկու հոգի հրացաններով մոտենում են՝ միանման շարքերին: Բայց Պաշտոնավորը նրանց կանչում է, ինչ-որ շշնջում է: Հրացանավորներից մեկն ասում է.

Մենք հենց իմացանք գնում են թուրքերի վրա, — և հրացանները պահում են:

Քյոխվան, ինչպես գյուղում անվանում էին դաշնակցության կոմիսարին, հին տանուտերի տիպն է և նույնիսկ վզով կախում է տանուտերության նշանը: Բայց ներս է վազում գզիրը, որը տանուտերի դռնից գաղտագողի նայում էր: Ասում է, որ ապստամբները գալիս են, և քյոխվան իսկույն հանում է տանուտերության նշանը և այդպես քարացած և քունը դեռ գլխին, նայում է:

Սպաների սենյակն է: Սպաները չկան: Պուղանն «օյին» է արել. ապստամբներից չորս հոգի ծիծաղում են: Պուղանը փողը դրել է ականջին, «խոսում է»...

Ցենտրալնի, ցենտրալնի... Բաքու, դա Բաքու... Բարիշնա ջան, իգդե կրասնի արմի... Ախր ժողովուրդը կոտորվեց... Հը՞... կյամ են, հենա կյամ են... մենք շրմփացրինք մերոնց... Հա՛, հա՛, գասպադին աֆիցերներին տարան Թալիշ, եզան գոմը...

Նորից է պտտում փողը:

Օրիորդ... Հայըստունի կողմերը ի՞նչ կա... Մարդ-մուրթ մնա՞ց, թե՞ բոլորն իրար կերան...

Պուղանը նկատում է, որ ապստամբներից մեկը սեղանի վրա ինչ-որ բաժակ է տնտղում, գրպանելու մտադրությամբ: Փողն իսկույն կախում է և խստությամբ նայում է նրան: Ձեռքով նշան է անում, որ հերիք է: Հարկավոր է դուրս գալ:

Նորից մարշը:

Մի մայր դուրս է գալիս տնից և կախվում է որդու՝ Բադու թևից:

Ո՞ւր ես գնում, — Բադին ազատում է թևը, ավելի ճիշտ ետևից եկող մորը մի կողմի է քաշում: Մայրը զարմացել է:

Երբ հեռանում է որդին՝ մայրն ինքն իրեն ասում է.

Սև լինի Բաքուն, է... Էս սաղ Բաքուն արեց...

Ձիերի դոփյուն:

Սարահարթի վրա արշավում են պարուչիկի ձիավորները: Նրանք շատ են, և նրանց վերջը չի երևում:

Ետ մնաց վերջին տունը:

Նրանց դիմաց բերում են բանտարկած սպաներին: Ապստամբներից մեկն ուզում է վրա քշել կապիտան Տեր-Պետրոսովին ապտակելու նպատակով:

Շարքի, — բղավում է Մակիչը, բռնելով նրա թևը: — Խմբապետ հո չե՞ս...

Следующая страница