Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Աթա ապերը ձեռքերը տարածում է, հասկացնելով, որ ոչինչ չի կարող ասել:

Ամիրջանովը կատաղությամբ և դանդաղաքայլ մոտենում է ծերունուն. խեղդող ձայնով շշնջում է.

Տունդ կվառեմ, մեկ-մեկ կփրթեմ, եթե չասես...

Աթա ապերն ինչ-որ բան է մտածում:

Քեզ երեք ժամ ժամանակ, — ասում է Ամիրջանովը:

Հետզհետե խավարում է:

5

Գառները ձորումն են:

Լսվում է սրինգի ձայն: Զիլֆին նստել է քարի գլխին, նվագում է: Ապա սրինգը բերնից հանում և զարմացած նկատում է, որ նվագը դեռևս շարունակվում է:

Պուղանը գլուխը հանել և սուլում է նույն եղանակը, ինչ որ սրինգի վրա նվագում է տղան:

Ջիլֆին դեռ զարմացած չորս կողմն է նայում, երբ դուրս է գալիս Պուղանը:

Քարից իջնում է Զիլֆին, հանում է Սոնայի ուղարկած պաշարը:

Բա, ուրիշ ի՞նչ կա...

Բռնոտում են, տավարը տարան... — ասում է Զիլֆին:

Հո մարդ չեն սպանել:

Հալա չէ...

Պուղանը մի կտոր հաց կտրելով.

Զիլֆի, բոլշևիկի զորքը որ եկավ, քեզ մի ձի եմ բաշխելու:

Զիլֆին ժպտում է:

Խավարում:

6

Հասարակ սենյակ արհեստավորի տանը:

Գետնի վրա ճախարակ... Մի կին նստել է ճախարակի առաջ, բայց չի մանում:

Աթոռի վրա նստել է Կարագինը:

Նա գլուխը կռացրել է ներքև, լսում է:

Սենյակում նրանցից բացի, ուրիշ ոչ ոք չկա, բայց պարզ լսվում է մի երրորդի ձայնը:

Կինը գրում է, իսկ երրորդ ձայնը թելադրում է:

Խուսափել ընդհարումներից, ծայրահեղ դեպքում կազմակերպված անցկացնել սահմանը: Ժամ առ ժամ սպասվում է 11-րդ բանակի զորամասերի մուտքը:

Դրսում լսվում է ոտնաձայն:

Կինը գորգի ծալած մասը փռում է, ձայնը լռում է, ինքը նստում է ճախարակի առաջ:

Կարագինը հանում է սապոգը, իբր թե պատրաստվում է քնելու:

Ոտնաձայնը մոտենում է, դուռը բացվում է, և թաշկինակը երեսին փաթաթած մեկը տնքալով հարցնում է.

Ներողություն, էստեղ ո՞րտեղ է ատամնաբույժը:

Կինը ձեռքով վերին հարկն է ցույց տալիս, իսկ Կարագինը քիչ է մնում դեպի դուռը շպրտի սապոգը:

Կինը գորգը հետ է քաշում:

Հատակի տախտակը բարձրանում, և երևում է Քրիստի գլուխը: Նա ստորագրում է թուղթը: Կարագինը թուղթը կոխում է սապոգի մեջ:

Խավարում:

7

Ուղեկցող զինվորը ետևից, իր բակը մտավ Աթա ապերը: Մինա զիզին զարմացած բացականչեց.

Վըիա՛... — և մեղմ ծեծում է կուրծքը:

Աթա ապերն իբրև թե չի նկատում տնային ջարդված իրերը, որի մի մասը դուրսն է: Նա անտարբեր նայում է ձիավորներին, որոնց ավագին ուղեկցողը ինչ-որ հասկացնում է:

Աթա ապերը առաջինը գրկում է թոռանը և ցույց տալով բակի զինվորներին, կնոջն ասում է.

Էս ղարիբ ղոնախներին հաց բան տվել ե՞ս...

Պառավը դժգոհ փնթփնթում է, ձեռքը մեկնելով դեպի հացի տաշտը, որ այնպես էլ բակում ընկած է:

Այ պառավ, ուզողին հաց տուր, է՛, հացից վնաս չկա...

Զինվորներից մեկը գլուխը խոնարհում է, զգալով ամոթի խայթ, իսկ Աթա ապերը խաղում է թոռան հետ, կարծես ոչինչ չի պատահել, և ամենը մի բարի օր է:

8

Գյուղի եզրին ձիավորները ճանապարհը կտրել են:

Աթա ապոր ուղեկցողը նշանով հասկացնում է պահակներին, որ թողնեն ծերունին անցնի:

Աթա ապերը գնում է:

Ամայի ձորեր:

Մի բարձր քարաժայռ, գագաթին թփեր:

Երկու կոմունարներ, որոնք երկրորդ պատկերում իրար հետ խոսում էին, թե «մինչև ե՞րբ պիտի մնանք էս ձորում»: Բադին նայում է դժգոհ:

Նա ասում է.

Մակիչին ինչ... որ բռնեն պիտի սպանեն: Էհ, էլ ինչո՞ւ է վախենում սահմանն անց կենա... Շատ-շատ էնտեղ էլ կսպանեն: Իսկ մե՞նքՄենք ոչինչ չենք արել: Կասեմ, հենց իմացա թե գնում ենք դիրքերը...

Բա ո՞նց կլինի, — անտարբեր հարցնում է ընկերը և քունը գլխին պոկոտում է ինչ-որ կանաչ, ծամում է:

Բադին լուռ է:

Աթա ապերը միայնակ գնում է խուլ ճանապարհով:

Կանաչ ուտողը ննջում է և քնի մեջ ասում է.

Ա՛խ, մի տաք շորվա լիներ... — և քնում է:

Բադին նկատելով, որ նա քնեց, գրպանից հաց է հանում, ուտում է` նայելով ընկերոջը և միևնույն ժամանակ ինչ-որ բան է որոշում:

Հետո կամաց վեր է կենում, առնելով հրացանը:

Կասեմ խաբել էին... կասեմ չուզեցի իմ հայրենիքն ուրանալ, — և իջնում է, որքան իջնում, այնքան արագացնում է փախուստը դեպի տուն: Աթա ապերը կանգնել է: Նրա կողքին գառնարած տղան է` Զիլֆին: Ծերունին միայնակ շարունակեց ճանապարհը:

Գառնարած տղան իջավ ձորը:

9

Պարուչիկ Ամիրջանովը և երկու սպա:

Ամիրջանովի ձայնը:

Գիշերով կշրջապատենք… — և Ամիրջանովը ցույց է տալիս, թե ինչպես գիշերով կշրջապատեն և ապա սրի կքաշեն կոմունարներին:

Աթա ապերը աղբյուրից ջուր խմեց, նստեց: Նրա աչքն ընկավ մի քանդակի՝ հին գերեզմանաքար է, թե՞ այն քարերից է, որով զարդարել են աղբյուրի պատը: Քարի վրա քանդակած է մի աղվես, որ գետին է տապալել առյուծին:

Աթա ապերը նայում է, կռահելով իմաստը: Եվ երբ ցուպն առնում է, որ վեր կենա, նկատում է Բադուն: Նա ևս եկել է աղբյուրից ջուր խմի:

Աթա ապերը նայում է շեշտակի: Բադին ուզեց հետ դառնա, բայց Աթա ապերը նրան ձեռքով կանչեց: Բադին մոտենում է և ահով, և շփոթված: Աթա ապերը ցուպի ծայրով ցույց է տալիս քանդակը.

Սա ի՞նչ է...

Աղվես է, — անգիտակից պատասխանում է Բադին:

Սա ի՞նչ է...

Առյուծ է...

Աղվեսը մի լինի, այ որդի

Եվ Աթա ապերը դանդաղ հեռանում է: Բադին և ամոթահար, և ահ կա սրտի մեջ: Տատանվում է և առանց ջուր խմելու փախչում է դեպի տուն:

10

Տձև ժայռեր են, մեկը մյուսից ահարկու:

Ապարատը սահում է և որքան մոտենում, այնքան պարզ լսելի է պարի եղանակ: Ապա հանկարծ ժայռերը ճեղքվում և նրանց խորքում հետևյալ տեսարանն է:

Պուղանը քարափի գլխին պարում է: Մեկը սուլում է պարի եղանակ: Մյուսը մատներով ծափ է տալիս, երրորդը թմբկահարում է սապոգի ճիտքի վրա: Սուլոցը, ծափը, պարը և մեղմ է, և վայրագ: Չորս բոլոր նստել են կոմունարները: Նրանք հիացած նայում են Պուղանին: Մեկը կանչում է`

Պուղան, տերտերի… — Պուղանը պարելով նմանեցնում է տերտերի քայլվածքին, շարժուձևերին...

Պուղան, խմբապետի, — և Պուղանը գոռոզ խմբապետ է, ահարկու և վայրենի խմբապետ:

Պարը հեռանում է, և միայն խաղում է Պուղանի ստվերը:

Մակիչը նստել, սրբում է հրացանը: Նրա կողքին երկու հոգի նույնն են անում:

Լավ, — ասում է ապստամբներից մեկը, — որ ասում ես հավասարություն, ուրեմն ջրաղացներն էլ ենք խլելո՞ւ...

Հա, ջրաղացները, հողերը, — ասում է Մակիչը:

Երկրորդ ապստամբը, որ ջրաղացի մի մասի տեր է, գլուխը բարձրացնում է: Ջրաղացի մասին հարցնողը դառնում է նրան.

Հը, ոնց ես, ասում էիր ջրաղացը մեր ծրագրում չկա...

«Ջրաղացատերը» դժգոհ փնթփնթում է: Էլ զենքը չի մաքրում:

Ժայռի գլխին քնած կոմունարը զարթնում, նայում է չորս կողմը: Ընկերը չկա: Թվում է, թե չի ճանաչում ոչ դիրքը, ոչ օրվա ժամը և դեռ քնի մեջ է:

Պուղանը դիմում է սուլողին:

Իմ եղանակը փչի, — և փչում է, Պուղանը պարում է ոչ թե ծաղրածուի նման, այլ լեռնցու վայրագ և խրոխտ պար: Հանկարծ աչքերին բան է երևում, այլևս չի պարում և թևերը պարզած կանչում է.

Աթա ապերը, — և Պուղանը թռնում է քարից:

Մյուսները վեր են կենում: Մակիչը լսում է Պուղանի կանչը, վեր է կենում:

Աթա ապերը կանգնել և բարի ժպիտով նայում է Պուղանին, որը վազում է դեպի ծերունին:

Վաշշ... — և ձեռքը օրորելով Աթա ապերը անչար հանդիմանում է նրանց, թե իբր ինչ ժամանակ է պարելու, բայց և գոհ է, որ նրանց հանդիպել է ուրախության ժամին:

Ապեր... — և Մակիչը գրկում է հորը:

Աթա ապերը հիացած նայում է որդուն, նայում է բոլորին:

Բա ոնց եկար, — հարցնում է Մակիչը:

Քո դիրքապահը որ փախնի...

Ո՞նց թե փախնի, — կանչում է Մակիչը, բայց հենց նրա խոսքին քարով ներքև է թռնում երկրորդ դիրքապահը:

Բադին փախավ...

Ահաբեկված իրար են նայում:

Այն վայրը, որտեղ պահակ են ձիավորները: Դեռ «կովատեր» կինը չի հեռացել պահակներից, երբ նա նկատում է որդուն: Բադին նայում է: Մայրը գրկաբաց վազում է դեպի որդուն:

Ապարատը հեռացել է:

Կոմունարները խմբվել են. առանձին կանգնել է «ջաղացատերը»:

Ի՞նչ եք մտել էս ձորերըԳնացեք զորք բերեք, ժողովրդին ազատեք էս դժոխքից, — ասում է Աթա ապերը:

Հետզհետե խավարում է:

11

Մակիչը հրաժեշտ է տալիս հորը:

Ջահել լինեի, ես էլ կգայի, Մակիչ...

Արի, ապեր...

Բա տունը, — և Աթա ապերը բարի ժպտում է: — Է, տեսնեմ ոնց տղա ես...

Հայրը համբուրում է որդու ճակատը և իջնում է: Մակիչը մի ակնթարթ նայում է հեռացող հորը, ապա արագ վերադառնում է:

Կոմունարները հավաքում են հրացանները: Մեկը կոշիկն է հանում: Պատրաստվում են:

Մակիչն ասում է Պուղանին:

Դու կսպասես մինչև Կարագինը լուր բերի... իսկ մեզ կգտնեք ջուխտ քարի ձորում:

Կոմունարները հեռանում են: Մակիչը Պուղանին`

Արթուն կմնաս... կրակ չանես...

Պուղանը և լուրջ, և հանաքով պատվի է առնում:

Խավարում:

12

Պարուչիկ Ամիրջանովը և կապիտան Տեր-Պետրոսովը: Բադին գլուխը կախ կանգնել է:

Այժմ պարզ է, — Ամիրջանովը նայում է կապիտանին:

Վերջինս ոտքի է կանգնում և պատվի առնելով, հասկացնում է, որ «պարզ է»:

13

Աթա ապերը դանդաղ վերադառնում է:

Ստվերները կախվել են, արևը թեքվել է:

Խաղաղ օր է: Ծերունին գնում է՝ մահակը թիկունքին, ինչպես քայլում են երկար ճանապարհ գնացող գյուղացիք:

Հանկարծ նրա առաջն է դուրս գալիս կապիտանը, ետևից ձիավորների խումբը: Բադին նրանց առաջն է:

Կապիտանը կանգնում է: Կանգնում է Աթա ապերը: Բադին չի դիմանում ծերունու հայացքին: Կապիտանը հարցնում է.

Տեսա՞ր որդուդ:

Տեսա… — Բադին ցնցվում է:

Ի՞նչ ասացիր...

Ասացի՝ գնացեք զորք բերեք, ժողովրդին ազատեք էս դժոխքից, — Աթա ապերն աներկյուղ կրկնում է իր բառերը.

Բադին ահից քարացել է: Կապիտանը գոռում է.

Ի՞նչ... — իջնում է ձիուց. — կանգնի՛ր, — և ցույց է տալիս ճանապարհի եզրը:

Աթա ապերը հանդարտ հեռանում է, կանգնում է նրա ցույց տված տեղը:

Չե՞ս բերի որդուդ, — և բարձրացնում է ատրճանակը:

Էն որ հայրը իր որդուն կտա ձեր ձեռքը... — Աթա ապերը նայում է Բադուն:

Սպան նայում է: Աթա ապերը խուլ ասում է դեպի Բադին.

Առյուծ եղիր, այ որդի...

Կապիտանր կրակում է:

Ծերունին ընկնում է, շշնջալով վերջին խոսքը՝

Մակիչ...

14

Պուղանը մտել է այն քարանձավը, որտեղ առավոտյան կոմունարները թաքնվել էին:

Ինչ-որ ձայներ, վշշոց:

Պուղանը թիկնել է քարին, ննջում է... Երբեմն աչքերը բացում է: Ձորում՝ նույն ձայներն են: Պուղանը վախ է զգում: Մենակ է, դեռ մինչև լույս պիտի մնա այդ խավար քարանձավում:

Ձիավորները ձիերից իջան: Ձիերը քաշում են սարը՝ քարոտ կածանով: Բադին գնում է՝ հարբածի նման: Կապիտանը նրան հարցնում է.

Էս է՞ Կարմիր քարի ձորը...

Բադին իբրև թե չի հասկանում. նայում է բութ հայացքով: Բադին առաջ է անցնում: Նա տանում է սխալ ճանապարհով:

Ձիավորները գնում են:

15

Պուղանը երազ է տեսնում:

Ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, մտնում են քարանձավը՝ ճիշտ նույն քարանձավը, որտեղ քնել է: Իբրև թե ահա գողեգող մոտենում են քարանձավին, ահա ներս են մտնում:

Պուղանը կռթնած քնել է՝ անհանգիստ շնչառությամբ: Ներսը կիսախավար է, և ներսից միայն երևում է քարանձավի մուտքը` լուսնի լույսով:

Հետապնդողները հասել են մի այլ ձորի: Երեկո է:

Սպան հարցնում է Բադուն:

Է՞ս է Կարմիր քարի ձորը...

Բադին դեռ չպատասխանած, ձորում դղրդում է մի կրակոց: Արձագանքը որոտում է:

Պուղանն էր կրակողը և այդ եղավ այսպես:

Երբ երազից սարսափած Պուղանը վեր թռավ, քարանձավի լուսավոր մուտքի առաջ նկատեց մի սիլուետ: Քուն էր, թե արթուն, երազ էր, թե իրականություն, — բայց Պուղանին թվաց, թե և երազն է, և երազի շարունակությունը, և նա ահից խելահեղ կրակեց դեպի ստվերը:

Մեկը կանչեց`

Վայ Մակիչ... Ես եմ:

Կարագինն է, որ մտել էր քարանձավը:

Կրակոցի արձագանքին սպան գլխի ընկավ, որ մոլորվել են:

Բադու սարսափած դեմքը:

Կապիտանը ետ է դառնում դեպի Կարմիր քարի ձորը, որտեղից լսվեց կրակոցը:

Քարանձավում Պուղանը կրակ է վառել: Կարագինի արյունոտ դեմքը:

Պուղանի գնդակը նրան չի դիպել, այլ դիպել է քարանձավի առաստաղին, քարի փշրանքները քերծել են նրա դեմքը և արյունոտել:

Պուղան... դո՞ւ ես...

Սա՞ղ ես

Բա որ սպանեիր, — և Պուղանը նրան դուրս է տանում դեպի ջուրը, որ խոխոջալով գնում է քարանձավի առաջով:

Վիրավորը լվանում է երեսը:

Մակիչն ո՞ւր է

Մի քար է գլորվում, աղմկում է ձորը:

Ձորում մարդ կա, շուտ...

Լսվում է ոտնաձայներ

Պուղանը և Կարագինը քարանձավից հեռանում են:

Հետապնդողները նկատում են նրանց, կրակում են:

Պուղանը և Կարագինը փախան խոր ձորով:

16

Լուսնյակ գիշեր է:

Կոմունարները ամրացել են մի բլրի վրա:

Դեպի արևելք, բլուրից հարյուր քայլի վրա տափարակ է, ապա Հաքարու գետն է: Վարար, որկուն տված գալիս է պղտոր գետը, ջրերը լայն փռած: Երբեմն քամին հեռացնում է գետի վշշոցը:

Մակիչը բլրի գագաթից նայում է դեպի այն կողմը: Ինչ-որ սպասում է, բայց ոչինչ չի երևում, այլ միայն ընդարձակ տափարակ է:

Կոմունարների մեծ մասը հրացանները դարձրել են դեպի արևմուտք: Նրանք այդ կողմից են սպասում հետապնդողներին:

Հեռվում լսվում է համազարկ:

Կոմունարներից մեկը, որ այն կողմը դիրքապահ էր, վազում է դեպի բլուրը:

Երկու կոմունար, որոնցից մեկը «ջաղացատերն» է, նայում է գետին:

Էն կողմը մահ, էս կողմը սուր, — ասում է կոմունարներից մեկը: «Ջաղացատերը» յուրովի է հասկանում:

Գետը մեզ կխեղդի...

Գալիս են, — բղավում է վազող կոմունարը:

Մակիչը կանգնում է, նշան է անում, որ թաքնվեն: Թաքնվում են, պատրաստվելով կրակել, երբ մոտենան:

Հետապնդողների առաջին ձիավորները երևում են, ապա կորչում են: Կոմունարները դեռ արևմուտք են նայում, երբ հյուսիսից գետափի տափարակով արշավում է ձիավորների խումբ:

Մակիչը նկատեց, կրակեց: Ձիավորները կանգ առան:

Մութ ձորում միայնակ գնում է Բադին: Թվում է, թե խելագարվել է... Երբեմն կրակոցի ձայների հետ փախչում է: Ահը, խղճի խայթը և հոգնությունը նրան հետապնդում են:

Հետապնդողները որոշել են երկու կողմից շրջապատել բլուրը: Միակ ելքը պղտոր գետն է:

Ձիավորները ցնցվում են, որպեսզի արշավեն:

Արշավում են արևմուտքից նրանք, որոնք թաքնվել էին: Կոմունարները կրակեցին:

Բադին ձեռքերով ականջները փակած վազում է: Գլորվում է և այլևս չի երևում:

Հյուսիսից ձիավորները արշավում են:

Հանկարծ գնդացիրային կրակ է բացվում: Մակիչը նկատում է, որ հյուսիսից արշավողները կանգ առան և նայում են գետի մյուս ափին, որտեղից բացվեց գնդացիրային կրակ:

Կարմիր բանակայինների մի զորախումբ, որ գիշերով դուրս է եկել հետախուզության, գետի մյուս ափից կրակ բաց արեց, նկատելով արշավող ձիավորներին:

Ձիավորները փախչում են: Մակիչը նկատեց գետի մյուս ափի բանակայիններին:

Պուղան, — և Մակիչը ծոցից հանում է ապստամբության դրոշը՝ Սոնայի քողը, հագցնում է հրացանին, բարձրացնում է.

Ուռռա՛, — բղավում է Մակիչը:

Գետի մյուս ափին նկատեցին կարմիր դրոշը:

Կոմունարները նայում են, թե ինչպես են արշավում կարմիր բանակայինները:

Մակիչը գնում է դեպի գետը: Պուղանը նրանից առաջ է վազում: Գետը վարար աղմկում է՝ պղտոր ալիքներով: Երբեմն ջուրը տանում է մի արմատախիլ ծառ:

Կարմիր բանակայինների մեջ է Լևոնը, որին Մակիչը ապստամբության գիշերը սուրհանդակ ուղարկեց: Մակիչն ինչ-որ բղավում է: Այն կողմից զորախմբի պետը կանչում է.

Что надо

Мне ти надо, — գոռում է Պուղանը և փափախով նշան է անում, թե գետն անցեք և միասին հետապնդենք թշնամուն:

Не приказано, — բղավում է կարմիր հրամանատարը:

Լևոնն առաջ է վազում, քիչ է մնում գետը քշի նրան:

Լևոնն այն կողմից շպրտում է երկար պարանը:

«Ջաղացատերն» ու նրա ընկերը խոսում են: Ընկեր`

Ա՞նց ես կենում...

«Ջաղացատերը»`

Բա հիմա էլ անց չկենա՞մ...

Պուղանն ուրախությունից գլխարկը գետնովն է տալիս: Մակիչը մտնում է ջուրը, պարանի ծայրն առնում է: Մի քանիսը հետևում են նրան: Պուղանն ինչ-որ անհանգիստ է: Դիմում է ընկերներին.

Խոխեք, ռուսերեն ազատողին հունց կա՞սեն...

Սլաբոննի, — ասում է մեկը:

Բլեստյաշչի, — առարկում է երկրորդը:

Պուղանին ավելի է դուր գալիս երկրորդը, և նա բարձր կանչում է:

Դա զդրաստվույետ բլեստյաշչի կրասնի արմի...

Պուղանը ևս մտնում է ջուրը: Այն ափից պարանը քաշում են:

Լողում են կոմունարները, պղտոր ջրերի վրա ծածանվում է կարմիր դրոշը:

Ծագում է արևը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Գիշեր է:

Նստել են «սպարապետը», գնդապետ Կուռոն, Գեդեոն վարժապետը: Մտազբաղ դեմքեր են: Սկսվում է քաղաքացիական կռիվը: Ո՞ւմ հետևից կգնա Զանգեզուրի գյուղը... Այլևս չի արշավում մուսավաթի բանակը, այլ գալիս է Կարմիր բանակը: Դեռևս որքան կհաջողի նրանց դեմագոգիան... իսկ հետո՞ ...

Ցուրտ է: Նրանց վաղը մռայլ է:

«Սպարապետը» դիմում է Գեդեոն վարժապետին:

Պետք է ժողովուրդին ասել, որ մենք դաշնակիցներից շուտով օգնություն կստանանք...

Որին ահա սպասում ենք մի տարի, — հեգնում է վարժապետը:

Գնդապետ Կուռոն գլուխը կախել է քարտեզի վրա և անտարբեր է նրանց խոսակցությանը: Կուռոն ասում է՝

Ուրեմն, քաղաքի էվակուացիան հանձնում ենք պարուչիկ Ամիրջանովին... Երկրորդ ճակատի հրամանատարը կապիտան Տեր-Պետրոսովն է...

Տեր-Պետրոսյանը, — ուղղում է Գեդեոնը:

Այդ միևնույն է... իսկ շտաբը՝ Տաթև... Հիանալի էԱյնտեղ ձեզ համար ևս ապահով վայր է... պատմական վայր է, — ասում է գնդապետը Գեդեոն վարժապետին:

Հետզհետե խավարում է:

2

Նույն հրապարակն է, որտեղ մի անգամ նստել և խոսում էին Աթա ապերը, Չետանց Վանեսը, և որտեղ աշուղը երգեց: Այժմ Աթա ապերը չկա, Պուղանը չկա, և Բախշին, որ նեղը լծեց Պաշտոնավորին:

Ուրիշ գյուղացիներ են նստել այդ ապահով անկյունում:

Տեսարանը բացվում է նույն աշուղի նույն նվագով: Հրապարակի կողքով անցնում է Մինա զիզին՝ թոռանը գրկած:

Մինասը` գյուղացիներից մեկը, նրան նայելով ասում է.

Էս չէինք տեսել, էս էլ տեսանք...

Մինա զիզին կանգնել է քարատակի առաջ: Պահակը դուռը բաց է անում, երևում է Սոնան, նրա ետևից Գիլա բիբին: Երկուսն էլ կալանավոր են: Պահակը երեխային հանձնում է Սոնային. մայրը կրծքով կերակրում է: Մինա զիզին լուռ կանգնել է: Ներսից Գիլա բիբին կանչում է.

Մինա, հրեն կյամ են, հա...

Պահակ զինվորը դուռը փակում է և պառավին ասում.

Նանի, մի քիչ հեռու կանգնի...

Տխուր է նույնիսկ պահակը: Այդ տխրության մեջ հեռվից հնչում է աշուղի նվագը:

3

Պարուչիկ Ամիրջանովը մեկնելու պատրաստ է: Նրա կողքին հենց ինքը կապիտան Տեր-Պետրոսովն է, Տեր-Պետրոսյանը, որին նշանակել են հրամանատար երկրորդ ճակատի:

Խավարի միջից գալիս է քյոխվան: Վիճակը լավ չէ: Գյուղում վատ լուրեր են պտտվում, և ահա հեռանում է ինքը` պարուչիկ Ամիրջանովը, Պաշտոնավորի գոված «վլաստը»:

Քյոխվան անհանգստությունից ոտքերը փոխնիփոխ կանգնել է:

Պարուչիկը կապում է թուրը և սեղմում է կապիտանի ձեռքը:

Հաջողություն ձեզ

Բա… — հազիվ է ասում քյոխվան, երբ Ամիրջանովն անցնում է նրա կողքով:

Հրամանատարը կապիտանն է, — ընդհատում է նրան Ամիրջանովը:

Քյոխվան շշմած նայում է նրանց:

4

Համրիչի վրա քյոխվան գցում է իր շահն ու վնասը: Տեսնելով, որ վնասը մեծ է, դեն է հրում համրիչը, վզից հանում է տանուտերության նշանը, և ինքն իրեն ասում է.

Ա՛խ, պրիստավի ռեժիմ, ո՞ւր ես...

Խավարում:

5

Ամիրջանովը դարպասից դուրս եկավ, ետևից թիկնախումբը` հինգ ձիավոր:

Հրապարակում նստած գյուղացիները նայում են:

Նրա դիմաց դուրս եկավ Պաշտոնավորը:

Վըիա՛, — Պաշտոնավորը լացակումած կանչում է, — գնացի՛ր, — ապա նայելով հրապարակում նստածներին, ձեռքերը մեկնում է նրանց, — գնաց, է՛...

Ժողովուրդը լուռ է: Մինասը մեջքը դարձնում է:

Մինա զիզին թոռանը գրկած վերադառնում է:

Պառավը ձիավորներից վախեցած, հեռու է կենում, ապա լսելով Պաշտոնավորի խոսքը, թե՝ «գնաց, է՛», — նայում է երկնքին.

Աստված, վերջի գնալը լինի...

Խավարում:

6

Ամայի լեռներ:

Մաղում է բարակ անձրև: Տխուր մշուշ:

Երբեմն մշուշը ծածկում է ամեն ինչ, և միայն երևում է լեռան գագաթը, կամ մշուշի մեջ ցցվում է մի ժայռ, երբեմն քամին ծվեն-ծվեն քրքրում է մշուշը, և այն ժամանակ երևում է ջարդված հեռագրասյունը, դաշտային մի բու նստել է սյունի կատարին: Երևում է քարուքանդ խճուղին, մի ձորակ, որտեղ կամուրջ է եղել, և այժմ միայն ցցված են կամուրջի գերանները:

Լսվում են ձայներ՝ մտրակի և մարդկանց աղմուկ: Մշուշի մեջ ցեխոտ լեռնալանջով բարձրացնում են թնդանոթը: Մշուշը ծածկում է այդ պատկերը, և բացվում են դիրքերը՝ Լեռնահայաստանի առաջին, երկրորդ և երրորդ ճակատը:

Ցուրտ անձրև է: Զորքը՝ մահակով, մտրակով հավաքած գյուղացի տղաներ, ով «մեզար»-ը գլխին, ով հնամաշ շինելը, և նույնիսկ զինվոր կա, որ գլուխը և կուրծքը պահել է քարի խոռոչում, իսկ ոտքերն անձրևի տակ են:

Մի մոռացված ռազմական երկանիվ սայլակ: Դաշտային հեռախոսի լարերը աղիողորմ զրնգում են, կարծես նրանք ևս ասում են այն, ինչ մշուշը, զոռով քշած զորքը և ջարդված հեռագրասյունը՝ «հերիք է գնդակ ցանել և հնձել դիակ»...

Ծխում է աթարի կրակը:

Ծուխը խառնվում է մշուշին, պատում է էկրանը, հնչում է ծանոթ մարշը, և ապա երևում են ձիավոր խմբերը՝ Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների, ղափանցիների ձիավոր հարուրյակները:

Մշուշը ծածկում է ամեն ինչ:

7

Անձրև չկա:

Արտերի վրա լուսաբացի մշուշը:

Արտերի միջով արահետ, եզերքին մասրենու թփեր: Արև է: Արահետի վրա երևում են երկու ստվերներ և իսկույն թաքնվում են արտի մեջ:

Արտի միջից բարձրանում է մի գլուխ, Պուղանի գլուխը: Նա ձեռքով է անում ընկերոջը և երկուսով կուզեկուզ գնում են:

Պուղանը և նրա ընկերը՝ մի ռուս կարմիր բանակային, ճեղքել են թշնամու գիծը և դիրքերում, նաև թիկունքում հրաման ունեն տարածելու 11-րդ բանակի կոչը՝ ուղղված Ջանգեզուրի աշխատավորության:

Բլուրի գագաթին պարզ երևում են թշնամու դիրքապահները: Նրանցից երկուսը կրակ են արել: Խոսում են:

Տեսնես մեր արտը ո՞վ կհնձի...

Երանի քեզ, արտ էլ ունես:

Պուղանը լսում է նրանց խոսքերը, մոտենում է երկանիվ սայլակին, թռուցիկ է կպցնում: Մի ձի նայում է անասնական զարմանքով:

Երկու ստվերները կորան:

Նրանք չեն երևում, միայն արտերի մեջ մի երիզ օձաձև տարուբեր է լինում:

Նրանք ձորակով կտրեցին ճանապարհը:

Բլուրի գագաթից դիրքապահների ավագը խշշոց լսեց, նայում է հեռադիտակով:

Հետախույզները թռան պատի վրայով, պատից քարերը գռռալով գլորվեցին: Բլուրից մի անգամ կրակեցին:

Այգի է. հնձան, տակառներ: Շուն է հաչում. մի թռուցիկ կպցրին հնձանի դռնակից: Շան հաչոցի վրա և կրակոցի ձայնին զարթնում է չարդախի տակ քնած այգեպանը:

Հե՛յ... Էլի եկար լոբին գողանաս..., — կանչում է այգեպանը, ձեռքը մեկնելով հրացանին:

Պուղանն ընկերոջն օգնում է թռնել քարից քար:

Թաքնվում են խոր ձորում, որտեղ խիտ ծառեր են, և խաղողի որթերը մագլցել են ժայռի լանջով:

Զանգեզուրի «մերձարևադարձային» ձորը:

8

Ամառվա արև օր:

Զամբուղի ձորում մի թթենի ծառ:

151-րդ գնդի շտաբը: Քարտեզը փռել են գետնին: Կռացել են քարտեզի վրա գնդի հրամանատարը՝ Բունչուժնին, կոմիսարը՝ Ֆեդոսեևը, մի գումարտակի հրամանատար, շտաբի պետը և Մակիչը:

Հեռվից լսվում է հարմոնի նվագ:

Նվագի հնչյուններով շտաբը քննում է առաջիկա արշավանքի ծրագիրը:

Գնդի հրամանատար Բունչուժնին`

Այստեղ նրանք կռվի չեն բռնվի... Թիկունքը հեռու է:

Մակիչը՝

Կռիվ կլինի Յայջիի մոտ...

Իսկ որտեղ է այդ...

Որտեղ Տաթևն է, նրանց բերդը... — Մակիչը կռանում է քարտեզի վրա. — Ահա Յայջիի ձորը... Ջանգեզուրի Դարդանելը...

Գլուխները խոնարհում են քարտեզի վրա:

Հարմոնի նվագը հզորանում է:

Երեք կարմիր բանակային ոտքերը հանել և նստել են գետի ափին: Նրանք երգում են, չորրորդը` նվագում հարմոնի վրա:

Քեռի Միտրիչը՝ մորոլքով մի կարմիր բանակային, նայում է դիմացը: Նրա կողքին Լևոնն է: Միտրիչը ցույց է տալիս դիմացի լեռը:

Լևոն, այն կողմն ի՞նչ է...

Դարձյալ լեռներ են...

Իսկ նրանց այն կո՞ղմը...

Ձորեր են, — Լևոնը ծիծաղում է, իսկ Միտրիչը՝

Դա՛-սայ քեզ երկիր...

Խշշում է գետը:

Հարմոնը նվագում է ստեպի ուրախ երգ:

Քեռի Միտրիչը շրջվում է ետ. փոքրիկ փոսի մեջ «Ջաղացատերը» և «Արջը» կրակ են արել, սաջի վրա թխում են յուխա, 2-3 կարմիր բանակայիններ զարմացած և հետաքրքրությամբ նայում են:

Ձորում երկարում են ստվերները:

9

Զիլֆին նստել է գառների մոտ:

Մի տեղից մանր քարեր են նետում: Տղան նայում է, ոչինչ չի նկատում, ապա հանկարծ նկատում է, որ թփերի միջից մեկը իրեն ձեռքով կանչում է:

Տղան գնաց.

Քեռի՛, — թփերի միջից դուրս է գալիս Պուղանը: Զիլֆին զարմացած նայում է, կարծես հրաշք է տեսնում:

Զիլֆի, ի՞նչ կա գյուղում...

Հը՞... — և շշնջում է. — Աթա ապորը... սպանել են...

Եվ այլևս ոչինչ չի ասում:

Պուղանը շփում է աչքերը:

Ապա հանում է թռուցիկների մի կապ:

Կտանես թաքուն կքցես տները...

Հիմա տանե՞մ...

Չէ, գիշերը...

Պուղանը թաքնվում է, որովհետև լսվում է խշշյուն:

Մի գոմեշ որոճալով բարձրանում է ձորից:

10

Կարագինը չորս ձիու գետից ջրում է:

151-րդ գունդը գետով անց է կացնում հրետանին:

Գնդի հրամանատարը Մակիչին ինչ-որ ուղղություն է ցույց տալիս:

Պուղանը տխուր է: Կապում է փամփուշտակալը:

Մակիչին մի ասա, — հրացանն առնում է Բախշին:

Հրետանին դժվարությամբ անցնում է գետը:

Փողը փչում է հավաք:

11

Գիշեր է:

Մինա զիզին միայնակ օրորում է:

Մտնում է Պաշտոնավորը:

Զիլֆին մի կտուրի վրա: Ներսը ճրագի շուրջը նստել են չորս-հինգ գյուղացիներ՝ տղամարդիկ և կանայք: Երդից դողդողալով, նրանց վրա իջնում են թռուցիկները:

Պաշտոնավորը Մինա զիզուն:

Դե, Աթա ապոր մեռնելը լավ չէրԱպրի Մակիչը... Հրես կգա, ռուսներին կբերի, ինքն էլ կանցելարում-բանում լավ գործի կմտնի...

Մինա զիզին մռայլ օրորում է:

Քահանան թռուցիկը ձեռքին`

Կարմիր բանակը ձեզ... և վախեցած չորս կողմն է նայում, կարծես տանը սատանա կա:

Խավարում, ապա այլ ճրագ է, այլ տուն:

Մեկը դուռը բաց արեց և վախից դուռն իսկույն փակեց, որովհետև դռան վրա կպցրած տեսավ մի թուղթ:

Այն առաջին տանը, որտեղ ճրագի շուրջը նստել էին 4-5 գյուղացիներ, Մինասը կարդում է`

Կարմիր բանակը ձեզ բերում է ազատություն, բախտավոր և խաղաղ կյանք...

Նայում են իրար երեսի: Մի մայր նայում է վերև` երդի լույսին:

Աստուծ, քեզ փառք...

Հետզհետե խավարում է:

12

Արև օր:

Լեռնալանջի սև ցելը: Լսվում է հորովելի աղմուկը: Հետզհետե աղմուկը հզորանում է, և անցնում է Զանգեզուրի գութանը՝ յոթ զույգ եզ և վիթխարի գութանը:

Չետանց Վանեսը վարում է:

Մաճը նրա ձեռքին է: Երգում են ծերունին, մի երիտասարդ, մի տղա, որոնք նստել են լծափայտերի վրա, և այդ հզոր երգն արձագանքում է լեռներում: Հաստ սևահողը շրջվում է, և բարձրանում է խոնավությունը:

Հետզհետե հորովելը հեռանում է և ձայներն ավելի մեղմ են լսվում: Ապա երգն ընդհատվում է գնգացրի կտկտոցով:

Պայթում է առաջին արկը:

Գութանը կանգնեց:

13

Լեռնալանջին Սյունիքի «պատրուգավոր» թնդանոթը:

Մի գյուղացի էշին խոտ բեռնած, կուչ է եկել թնդանոթից ոչ հեռու: Նա և վախենում է շարունակել ճանապարհը, և հետաքրքիր է տեսնել թնդանոթի կրակը:

Զինվորները վառում են պատրույգը: Թաքնվում են: Գյուղացին իր մարմնով ծածկում է էշի գլուխը, իսկ իրենը կոխում է խոտի մեջ:

Թնդանոթը որոտաց:

Գյուղացին ահից առաջ է վազում, արկի ուղղությամբ և խելահեղ կանչում է.

Պա՛հ... Բոլշևիկը փախավ...

Արկը պայթում է գութանավորի մոտ: Գութանն արձակում են: Լծափայտի վրա նստած երիտասարդի մի ոտքը չկա, փայտ է:

Ապա երկու անգամ իրար ետևից լսվում է ահռելի որոտ: Խոսում է Կարմիր բանակի հրետանին: Արկերը շառաչով թռնում են, մեկը դիպչում է մոտակա մի սրածայր ժայռի, փոշին ծածկում է ամեն ինչ, ապա փոշու մեջ ճոճվում է ժայռի գագաթը և ահագին աղմուկով փշրվում է:

Դեռ գվվում է արձագանքը:

Գյուղացին գլուխը հանում է խուրձի միջից և ավելի խելահեղ բղավում է.

Պա՛հ... բոլշևիկը հաղթեց...

Թնդանոթաձիգ սպան, լսելով այդ խոսքը, ատրճանակը հանած, քշում է նրա վրա, բղավելով՝

Ի՞նչ...

Գյուղացու՝ վախից շշմած դեմքը:

Բայց նույն վայրկյանին մի զինվոր, որ նրանց «կապն» է, կանչելով գալիս է:

Պարուն պառուշնի, բոլշևիկի զորքը սարը բռնեց...

Հրետանու մոտ իրարանցում: Փախչում են:

Գյուղացին դեռ շշմած է և չի հավատում, որ այդքան անակնկալ էր և մահը, և փրկությունը:

14

Լեռան լանջից, խոտերի մեջ թաքնվելով, իջնում են կարմիր բանակայինները: Նրանք համազարկ են տալիս, լռում են, ապա համառությամբ իջնում են:

Նրանք կրակում են դեպի բլուրը, որտեղ թշնամին աշխատում է պահել բանակայինների առաջխաղացումը:

Բայց այդ միայն մանյովր է:

Թշնամու գլխավոր ուժերը թաքնվել են գերեզմանատան քարերի ետև:

Նրանք սպասում են, որ բանակայինների շարքերը ավելի մոտենան: Նրանք դեպի շարքերն են ուղղում ձեռքի գնդացիրը:

Գերեզմանատան ետև քսան-երեսուն ձի ձորակում կանգնել են: Այդ գերեզմանաքարերի ետև թաքնված դաշնակցականների ձիերն են:

Բլուրից լռում են: Այլևս չեն կրակում:

Գումարտակի հրամանատարը թուրը հանելով, բղավում է.

Ուռռա՛ ...

Արշավում են:

Գերեզմանաքարերի ետևից համազարկ՝ հրացաններից: Թմբկահարում է գնդացիրը:

Առաջին կարմիր բանակայիններն ընկան: Թուրերը դողացին:

Մակիչը հանկարծ հայտնվեց հարևան բլուրի ետևից: Նրա հետ, մոտ տասը ձիավոր՝ Պուղանը, Լևոնը, Բախշին, «Արջը», «Ջաղացատերը» և մյուսները: Դեպի այդ բլուրն են վազում հետևակ կոմունարները:

Մակիչը հետևակը թողեց բլուրի վրա և սլանում է դեպի ձորակը:

Գերեզմանաքարերի ետևից նկատեցին, որ ահա Մակիչը կտրում է նրանց նահանջի ճանապարհը:

Դուրս թռան քարերի ետևից:

Կարմիր բանակայինները գրոհում են:

Следующая страница