Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Следующая Конец

Բլուրի գագաթին մի խումբ կոմունարներ: Մակիչը դիրք է մտել քարի ետև: Նշան է անում` գնդացիրը լռում է:

Սպասում են:

Քամին հանկարծ ճեղքում է ամպը...

Լեռնալանջով արշավում են սպիտակ ձիավորները:

Ամպը նորից է ծածկում ամեն ինչ:

Դեպի բլուրն է տեղում գնդակների տարափը:

Սպիտակները սողում են: Երևում են դեմքեր, մեկը արդեն դեն է նետել սպիտակ փաթթոցը և դաշույնը բերանով բռնած, չորեքթաթ սողում է:

Մի կոմունար դարան է մտել. կրակեց նրա ճակատին, դաշույնով թշնամին գլորվեց:

Պինդ կացեք...

11

Չանգը հետզհետե անցնում է:

Այն ձիավորները, որոնք լեռնալանջով անցան, ճեղքել են կոմունարների և 151-րդ գնդի ճակատը: Նրանց մի մասը կռվում է գրավելու բլուրը, որտեղ կոմունարներն են, իսկ մյուս մասը հետ է սեղմել 151-րդ գնդին: Մակիչը դիմադրում է:

Սպիտակներից մեկը հանդգնությամբ մոտեցավ և այն քարափի վրա, որտեղ թաքնված էր Կարագինը, ձեռնառումբ նետեց:

Գնդացիրը լռեց: Փոշի է, ամպ է: Մակիչը իրեն նետում է դեպի այն կողմը:

Փոշու միջից գնդացիրը նորից է բացվում: Կարագինի ճակատը արյունել է, բայց շարունակում է կրակել դեպի ձորը, դեպի ձորով համառությամբ եկող ձիավորները:

Ահա նրանք բարձրանում են բլուրով:

Լևոնն իրեն նետեց առաջ՝ կրակում է:

Լևոնն է, Մակիչը, Պուղանը...

Կրակելով բարձրանում են դեպի բլուրի գագաթը:

Նրանց նկատեցին: Նրանց վրա տեղում է գնդակների տարափ:

Լևոնն ընկավ: Մակիչը շալակում է Լևոնին, մինչև անգամ երկու քայլ հետ է դառնում, վերցնում է Լևոնի հրացանը:

Մոտենում են նոր կոմունարներ...

Չանգը հետզհետե բացվում է:

Կրակ, — որոտում է գնդի հրամանատար Բունչուժնու ձայնը:

Պայթում է առաջին արկը:

Լսվում է մի ահարկու շառաչ:

Կոմունարները գրոհում են:

Խմբապետներից մեկը դարան է մտել: Մակիչն իջնում է բլուրից, իջնում են կոմունարները, ինչպես պղտոր հեղեղ:

Դարան մտած խմբապետը կրակեց:

Մակիչն ընկավ, և ընկնելով ձեռքով նշան է անում հարձակման:

Գրոհում են.

Մակիչ, — կանչում է Պուղանը:

Մակիչն ուզում է վեր կենալ, թևերը շարժում է այնպես, կարծես թևերը կապկպած են պարանով, և ճիգ է անում կտրատի մահվան կապերը:

Մակիչը մեռնում է:

Երկրորդ անգամ որոտում է 84-րդ բրիգադի հրետանին:

Փշրվում է կամուրջը՝ այն ժամանակ, երբ սպիտակ ձիավորների մի խումբ փախչում էր կամրջով:

Այլևս չանգ չկա:

Գետի այս ափին են մնացել գնդապետ Կուռոն, նրա օգնականները: Կուռոն հետ է նայում:

Լեռներից դեպի ձորն են իջնում կոմունարները: Իջնում են կարմիր բանակայինները:

Մի խմբապետ մտավ գետը: Ձին և ձիավորը սուզվեցին ջրի մեջ:

12

Լուսաբաց է:

Տաթևում պատրաստվում են փախչելու: Փախչում են:

Ձիեր, ձիավորներ, մինչև անգամ մինիստրներ:

Իսկ վանքի ներսը կատարվում է ահավոր ավերածություն: Վանքը կողոպտում են: Մի մաուզերիստ փշրում է ոսկե ջահը, մեկը շուրջառները լցնում է խուրջինի մեջ, երրորդը թրի հարվածով ճեղքում է վարագույրը, ապա վազում է դեպի ձին:

Դռան մոտ, ձեռքերը սյունին հենած, սարսափահար կանգնել է ծերունի վանահայրը: Կարծես «բարբարոս անօրեններ» են, որոնք կողոպտում են վանքի հարստությունը:

Իմ ձին, իմ ձին, — Գեդեոն վարժապետն իրեն կորցրել է: Նստում է մի նիհար ձի, նստում է վարժապետի նման, և նստելու ժամանակ վայր են ընկնում ակնոցները, մի ձիու սմբակ փշրում է նրա ակնոցները, և ժամանակ չկա ոչինչ ասելու, որովհետև ահա նորից ահռելի աղմուկով որոտաց թնդանոթը՝ մոտիկ, բոլորովին մոտիկ, այնպես որ որոտից դողդողացին վանքի ջահերը:

13

Կուռոն դիմադրում է:

Այլևս անմիտ է դիմադրելը, բայց և անհնար է գետով անցնելը: Մեկն իջնում է ձիուց՝ իրեն գցում գետը, ջրապտույտը կլանում է նրան:

Կուռոն տատանվում է:

Այդ վայրկյանին Պուղանը գնդակի նման առաջ է վազում առանց ահի, առանց երկյուղի, հանում է ատրճանակը: Կրակում է:

Գնդապետ Կուռոն կախվեց ձիուց: Ձին ընկավ գետը: Ձին ու ձիավորը կուլ գնացին գետին:

Տաթևի դարպասներից դուրս եկավ «սպարապետը»: Փախչում է:

Դեպի կամուրջն են վազում կոմունարները:

Նրանցից մի քանիսը գերանների վրայով անցնում են մյուս ափը:

151-րդ գնդի հրամանատար Բունչուժնին հեռադիտակով նայում է Տաթևի վանքին և քարափներին:

Վերջին արկը պայթում է քարափների վրա, հենց պարսպի ներքևը:

Խավարում:

14

Արևոտ Զանգեգուրը:

Ինչ-որ շատ հեռվից լսվում է մեղմ հորովելը:

Որոտանի ձորը, գետի սպիտակ փրփուրները:

Եվ գրոհում էին ահեղ էսկադրոնները...

Լեռան ետևից երևում է կարմիր հեծելազորի շղթան...

Նժույգները ծառս են լինում:

Ձոր է՝ երկու կողմը ուղղաձիգ ժայռեր: Կարմիր հեծելազորը գնում է ձորով: Ջուր չկա. ծարավ են հեծվորները, ծարավ են ձիերը:

Ձորում երևաց մի տղա: Ժայռի գագաթից դեպի ձորն են նայում այծերը:

Հեծվորներից մեկը հարցնում է.

Мальчик, где здесь вода?...

Տղան ռուսերեն չգիտե և նույնիսկ վախենում է` չհասկանալով նրա հարցը: Բայց և հետաքրքրությամբ նայում է: Հարցնողը ձեռքով նշան է անում, թե ծարավ է: Նրանցից մեկը հայերեն ասում է.

Ջուր չկա...

Տղան ցույց է տալիս «նովը», որ ժայռից ժայռ է անցնում:

Հեծվորը տղային հասկացնում է, թե իրենք չեն կարող բարձրանալ ժայռի գլուխը, և բացի այդ ծարավ են ձիերը: Տղան գլխի է ընկնում: Նովի տակ ինչ-որ փորում է: Հեծվորները զարմացած նայում են, ենթադրելով, որ տղան գետնից ջուր պիտի հանի: Ապա տղան մագլցում է ժայռով, սողում է նովի վրայով և քարը կոխում է նովի մեջ, վարար ջուրը շառաչով թափվում է այն փոսի մեջ, որ նախօրոք պատրաստել է տղան:

Ձիերը մոտենում են ջրի վրա: Հեծվորները զարմացած-հիացած են, իսկ տղան նովի գլխից նայում է ներքև:

Քայլում էր 4-րդ հայկական հրացանաձիգը...

Բիչանագի լեռները...

Խճուղին: Մի գյուղացի սայլը բարձած, կանգնել է: Նահանջող թշնամին հենց նոր արձակեց նրա եզները և տարավ:

Գյուղացին շվարած կանգնել է:

Լեռնային կիրճով Զանգեզուր է մտնում հայկական 4-րդ հրացանաձիգ գունդը: Գալիս են փողերի նվագով, ծնծղաներով:

Գյուղացու ահը դառնում է զարմանք, զարմանքը ուրախություն, և նա ձեռքերը լայն պարզած, կանգնել է ճանապարհի եզրին: Գունդն անցնում է: Անցնում է սայլաշարքը: Բանակայիններից մեկը հարցնում է գյուղացուն:

Եզներդ ո՞ւր են...

Տարան...

Բանակայինը նրա սայլը կապում է զինվորական սայլակից:

Լսվում է նույն երգը: Զանգեզուրի պարտիզանների երգը:

Բացվում է այն դաշտը, որտեղ Չետանց Վանեսը վար էր անում: Գութանը, որ խափան մնացել էր, ահա լծում են:

Նույն մարդիկն են, նույն եզները:

Գութանը խրված մնացել է հողի մեջ:

Հնչում է նույն երգը: Զանգեզուրի պարտիզանների երգը:

Արշավում էին Զանգեզուրի պարտիզանները...

Քարահունջի թունելը. թունելի միջից դուրս են գալիս պարտիզանները՝ երգով, նվագով... Քայլում են հնչեցնելով հաղթության երգը:

Չետանց Վանես ապերը ձեռքը դրել է ճակատին: Գութանն արդեն լծել են, բայց գութանավարը նայում է կոմունարների զորամասին: Այնտեղից նկատեցին: Պուղանը կանչում է`

Եհե՛-հե՛յ... — և ձեռքով է անում:

Ձորերը զրնգում են նրա կանչից: Վանես ապերը ժպտում է գոհ և ուրախ, ապա բռնում է մաճը:

Պարտիզանները հեռանում են, հեռանում է նրանց երգը և հանկարծ թնդում է հորովելը, և ձորերը, լեռները ուրախ արձագանքում են աշխատանքի երգին...

Վերջ

ԱՅԼ ԽՄԲԱԳՐՈՒՄ

ԶԱՆԳԵԶՈԻՐ

(Մակիչ)

Համառոտ լիբրետտո նախերգանքով

և յոթ մասով:

ՆԱԽԵՐԳԱՆՔ

1919 թվի ձմեռը: Բուք է, Զանգեզուրում ձյունամրրիկ է:

Խնջույք է Գորիսում: «Սպարապետը», կապիտան Կուռոն, սպաներ, դաշնակ գործիչներ՝ խմում, զվարճանում են, ինչպես նրանք էին զվարճանում՝ վայրագ աղմուկով: Այդտեղ է ասում սպարապետը իր հայտնի խոսքը բոլշևիկների մասին՝ «Թող գան, թող շուտ գան, շատ գան...»: Բրիտանական միսիայի մայոր Նիբբոնը հավաստիացնում է, որ Զանգեզուրը պատկանում է Հայաստանին (նույն միսիայի մի այլ մայոր նույն բառերով հավաստիացրել էր, որ Զանգեզուրը պատկանում է Ադրբեջանին):

Խնջույքին ներկա է Սմբատ Խոջաբաղունցը, քաղաքի պարետը և բանտի պետը կամ, ինչպես ինքն էր ասում՝ Սմբատ կոմենդանտ Զանգեզուրսկի: Մայորի խոսքի ազդեցության տակ (իսկ մայորը «սպարապետին» առանձնապես ակնարկել էր, որ բոլշևիկները իրական վտանգ են Հայաստանի անկախության համար), — նաև «սպարապետի» բաժակաճառից ոգևորված (նաև խայթված ինքնասիրությունից, որ Սուսաննան՝ խնջույքի ժամանակ լինում է պարուչիկ Ամիրջանովի հետ), — Սմբատը հարբած, կատաղած իրեն դուրս է քշում փողոց:

Գնում է ձյունամրրիկի միջով: Նրա ետևից մի մարդ, նրանից թաքնվելով Սմբատին ասում է «դահիճ»: Զանգեզուրի պարետը, որ և բանտի պետն է, ցուրտ սառնամանիքին մտնում է բանտը: Նա որոշել է դատաստան անել բանտարկված բոլշևիկների գլխին՝ վայրենի ակտ, որ հատուկ էր խմբապետին:

Եվ սկսվում է ակտը, զարհուրելի տեսարանը:

Բոլշևիկները կամերայում դիմադրում են (նրանց դռանը պահակ կանգնած զինվորն իմաց է տալիս Սմբատի մտադրության մասին): Սմբատը հարձակվում է: Սմբատի կատաղությունը հետզհետե հասնում է ահռելի չափերի, մինչ այն աստիճան, որ թվում է, թե խելագարվել է:

Դռան արանքից Սմբատը կրակում է և սպանում մի երիտասարդ բոլշևիկի:

Նույն ձյունամրրիկն է: Լուսացել է: «Ազատ Սյունիքի» դիվանն է: Կուռոն է, պարուչիկ Ամիրջանովը: Սմբատը և ուրիշները: Ներս է մտնում մի ծերունի՝ Աթա ապերը, բարձրահասակ մի զանգեզուրցի: Նա եկել է գիշերը բանտում սպանված որդու դիակը տանի, նա և միամիտ է, և անհողդողդ, և բաց խոսող, — միևնույն ժամանակ դաշնակները նրա համար «օրենք» են, այսինքն կառավարություն են, որի հանդեպ նա ունի ակամա հարգանք: Ի զարմանս ծերունու, «օրենքը» որդու դիակը չի տալիս: Ծերունին համառում է և վերջն ասում է.

Էդ ինչ օրենք է, որ մի դիակից վախենում է...

Այդ հանդուգն խոսքի համար Սմբատը նրան «պատասխանում է» ապտակով: Ծերունին դարձյալ անհողդողդ վերջացնում է խոսքը:

Նա իմ փոքր որդին էր... Ես ուրիշ որդիներ էլ ունեմ: Ինձ այսպես պատասխանեցիք, հապա նրանց ի՞նչ պիտի պատասխանեք: Նրանց էլ սպանեցիք, բա ժողովրդին ի՞նչ պիտի պատասխանեք...

Ա. ՄԱՍ

Բացվում է գարունը, 1920 թ. գարունը:

Զանգեզուրն է՝ իր չքնաղ ձորերով, բարձր լեռներով: Զանգեզուրի պեյզաժը՝ խորունկ ձորից մինչև լեռան կատարը, որտեղ դեռևս ձյուն կա:

Աթա ապերը վար է անում: Նրա հետ վար է անում որդին` Մակիչը: Զվարթ են, թվում է, ոչ կռիվ կա, ոչ դաշնակներ կան: Բայց «Հորովելի» ձայների միջից հետզհետե լսվում է ուրիշ կանչ՝ գզիրի ձայնըզորահավաք է, մեկը այն անվերջ զորահավաքներից, երբ իբր թե «օխտը» օրով, իրենց «հացով և ջրով» զանգեզուրցին պիտի գնար դիրքերը՝ թուրքերի դեմ, — բայց «օխտը» օրը դառնում էր ամիս և ավելի:

Գյուղում Կուռոյի ձիավորներն են, նաև պարուչիկ Ամիրջանովը: Զորահավաքի հետ միասին հրաման կա կալանավորել մի քանի բոլշևիկների, առհասարակ «հակակառավարական» տարրը: Մարգարը` մի երիտասարդ, գյուղի բոլշևիկյան ընդհատակյա քարտուղարը, դիմադրում է, երբ նրան ուզում են բանտարկել, և կարողանում է մի հնարով փախչել դաշնակների ձեռքից:

Հավաքվում են գյուղի հրապարակում նրանք, որոնք գնալու են դիրքերը: Լուռ են, մռայլ են, բայց թվում է, թե գնում են սովորական պարտականության: Նրանց վրա գալիս է մուսավաթի բանակը, և նրանք գնում են պաշտպանեն իրենց: Հրապարակում՝ դհոլ զուռնա կա... Պուղանը՝ սրախոս ու սրամիտ մի զինվոր, Աթա ապոր մյուս որդին, ծաղրածություններ է անում, դառնությունից զվարճացնում է ընկերներին, միևնույն ժամանակ խոսքով, պարով ծաղրում է այն խավը, որից դժգոհ են զինվորները` վաշտապետին, կուլակին, վարդապետին... Պարում է ինքը՝ Պուղանը: Նա այլևս միմոս չէ, այլ դժգոհ է, շատ բան հասկացող երիտասարդ, որը այնուամենայնիվ ելք չի տեսնում ստեղծված դրությունից դուրս գալու:

Հենց այն ժամանակ, երբ նա պարում էր, հրապարակ են մտնում Կուռոյի ձիավորները, որոնք կալանավորել են Մակիչին վար անելիս: Զվարճությունը կորչում է. հետզհետե սաստկանում է դժգոհությունը, մանավանդ, երբ լսում են, որ Մակիչին ուզում են տանել Տաթև: Զինվորները բորբոքվում են. «Տվեք Մակիչին»: Նրանցից մեկն ասում է. «Թե պիտի տանենք սպանեք, լավն էն է գա մեզ հետ դիրքերը սպանվի, մի բան, որ էնտեղ էլ են սպանում...»: Պարուչիկ Ամիրջանովը զգալով, որ ավելորդ է դիմադրել այդքան բազմության, զիջում է նրանց, կեղծ հայտարարելով, թե ուզում էր փորձել նրանց ընկերասիրությունը:

Զինվորները գնում են դիրքերը: Նրանք իրենց հետ տանում են Մակիչին:

Գնում են՝ բայց Ամիրջանովը մտքում որոշել է դիրքերում Մակիչի գլուխն ուտել. այնտեղ ո՞ւր նա պիտի փախչի, — առաջները մուսավաթն է, թուրքերը, — ետևն իրենք դաշնակները: Ո՞ւր պիտի փախչի Մակիչը, միայն հարկավոր է նրան գյուղից հանել...

Մակիչն էլ գիտի այդ, բայց նա հանկարծակիի եկավ: Բանն այն է, որ վարատեղից նա ևս կփախչեր, ինչպես դաշնակների ձեռքից փախավ Մարգարը, — բայց նախ զորահավաքի և բանտարկության լուրը նա ստացավ հենց այն ժամանակ, երբ Կուռոյի ձիավորները նրան արդեն նկատել էին (Մակիչի քույրը` Սոնան չէր կարողացել ավելի արագ հասնել վար անողներին), և ապա Մակիչը գյուղական այն երիտասարդներից է, որոնք փախուստն առհասարակ համարում էին իրենց «նամուսին անընդունակ»:

Եվ շատ տխուր զինվորները բարձրանում էին լեռն ի վեր, ապա կորչում են սպիտակ մշուշի մեջ...

Բ. Մ Ա Ս

Զինվորները գյուղից հանելուց հետո, չէր վերջանում Զանգեզուրի գյուղի տուրքը դաշնակ-մուսավաթի պատերազմին:

Հավաքում են հաց և մսացու՝ զորքի համար:

Եվ ինչպես զորահավաքի ժամանակ էր՝ ֆրոնտ քշում էին չարքաշ ընտանիքների զավակներին, իսկ «ուժ ունեցողների» որդիները մնում էին շտաբում, գյուղի հիմնարկներում և վերջապես պահակային ծառայության մեջ, — այնպես էլ հաց և մսացու հավաքելիս հավասար «թավջի» էին անում՝ տունը երկու փութ հաց և մի մսացու: Տուն կար, որ տալիս էր վերջին ոչխարը, տուն էլ կար, որ հոտից տալիս էր մի ոչխար: Մեկը վերջին բուռ սերմացուն էր տալիս, մյուսը բաց էր անում հորի բերանը և չափում էր երկու փութ ցորենը:

Բայց դեռևս այդ վերջին պատուհասը չէր: Գյուղում մնացողները իրենց ձիերով, ոմանք նույնիսկ մեջքով պարտավոր էին դիրքերը հասցնել մսացուն, հացը, ռազմամթերքը:

Եվ ահա դիրքերն են բերել այն, ինչ որ գյուղացիները հավաքել են: Դիրքերն են եկել Աթա ապերը` Մակիչի հայրը, և ուրիշ գյուղացիներ՝ ծերունի, չարքաշ մարդիկ, որոնց կտրել են վարից, ցանքից: Դիրքերում Աթա ապերը իր որդուն՝ Մակիչին է հանձնում մի գաղտնի թուղթ, որ տվել է Մարգարը:

Բանն այն է, որ փախչելուց հետո Մարգարը մասնակցել է բոլշևիկների Զանգեզուրի կոմիտեի գաղտնի նիստին, որտեղ քննել են այն հարցը, թե հարկավո՞ր է ապստամբել և երբ, քանի որ լուրեր կան թե իբր Կարմիր բանակը մտել է Բաքու: Զանգեզուրը կտրված էր աշխարհից, և նրանք որոշում են Մարգարին մի կերպ սուրհանդակ ուղարկել, որ անցնի սահմանը և ստույգ լուր բերի: Նաև որոշում են ընդունել, որ հարկավոր է ֆրոնտը լքել և կազմակերպվել` հնարավոր ապստամբության համար:

Սակայն կարևորն այդ թուղթը չէ, որը Մակիչը չի էլ կարողանում կարդալ, որովհետև դեպքերն ավելի արագ են զարգանում, քան նա կարող էր ընթերցել նամակը:

Երբ զինվորները լսում են, որ իրենց գյուղացիները եկել են գյուղից` գնում են դեպի շտաբը նրանց տեսնելու: Իսկ շտաբի առաջ կատարվում է հետևյալը.

Պարուչիկ Ամիրջանովը օգտվելով այն հանգամանքից, որ գյուղացիների մի մասը բեռները ձիերով է բերել, հրամայում է հանձնել նաև ձիերը՝ զինվորական պետքերի համար: Գյուղացիներն ընդդիմանում են՝ աղերսելով և անկազմակերպ, ինչպես «մեծավորին» կարող էին ընդդիմանալ հին գյուղացիները: Ամիրջանովը բարկանում է և նրանցից երկուսի ձեռքը քլունգ տալով, կարգադրում է փորել «գերեզման»: Գյուղացիները սկսում են փորել, և նրանցից մեկը նոր է գլխի ընկնում, թե ինչ է փորում: Բայց հենց այդ ժամանակ գալիս են Մակիչը, նրա եղբայր Պուղանը, մի քանի ուրիշ զինվորներ: Գալիս են, և երբ գլխի են ընկնում, թե բանն ինչումն է, Պուղանը հանաքի տալով փորձում է մեղմել և՛ Ամիրջանովի զայրույթը, և՛ լարված վիճակը: Ամիրջանովին խայթում է Պուղանի միամիտ խոսքը, ինչպես և նրանց ներկայությունը: Հրամայում է ետ վերադառնալ: Պուղանը դեռ բերանը բաց չարած՝ Ամիրջանովը կրակում է, սպանում է Պուղանին:

Այդպես պայթում է առաջին ընդհարումը հենց դիրքերում, Մարքիզի լեռան վրա: Մակիչը հարձակվում է Ամիրջանովի վրա, հարձակվում են շտաբի վրա: Ամիրջանովը վիրավոր փախուստ է տալիս դեպի ճակատի հրամանատարը, նրա հետ փախչում են նաև երկու սպա:

Վիճակն այլևս հանել են: Կամ պիտի մնան, որ ահա ուր որ է երևան Կուռոյի ձիավորները, կամ պիտի փախչեն: Մակիչը վերջին ճանապարհն է ընտրում, նրա հետ 3-4 զինվորներ: «Կամ էս փոսում նրանք մեզ կթաղեն, կամ մենք նրանց»:

Գյուղացիները վերադառնում են գյուղ:

Գ. Մ Ա Ս

Կուռոյի ձիավորները մտել են գյուղը:

Դաշնակների հրամանատարությունը գիտե, որ մուսավաթի բանակն այլևս չկա, որ ուր որ է Զանգեզուրի սահմաններին շուտով կմոտենա Կարմիր բանակը: Նաև գիտե, որ զորքի մեջ, մանավանդ թիկունքում, անխուսափելի են խլրտումները, գուցե և ապստամբությունը: Ուստի որոշել են պատժել ամենայն խստությամբ, ապահով թիկունք ստեղծելու և բանակը պահելու համար:

Նույն ագիտացիան է «դարավոր» թշնամու մասին: Բայց դիրքերում զինվորները ինչ-որ գլխի են, խոսում են, և համարյա բոլորն այն են ասում, թե ռուսի դեմ չենք կռվի: Գյուղում էլ նույնն են ասում, մինչև անգամ ունևորները, թե ռուսները գան, ճանապարհները բացվեն, գնանք առուտուրի, մեկն ասում է՝ ճանապարհը բացվի, գնամ Բաքու հաց աշխատեմ:

Այս տրամադրությունը փշրելու համար վերևից լուր են տարածել, որ Զանգեզուրի վրա հարձակվողը դարձյալ թուրքերն են, միայն բոլշևիկի անվան տակ, որ գալիս են Ղազանի թաթարները, որոնք եթե Զանգեզուրը գրավեն, պիտի գլխատեն ժողովրդին:

Այդպես են ասում, բայց ավելի կատաղած հետապնդում են բոլշևիկներին:

Ահա ինքը ճակատի հրամանատարը՝ կապիտան Կուռոն, կանչել է Աթա ապորը և նրան ստիպում է ասել, թե ուր է Մակիչը, ստիպում է Մակիչին գտնել և բերել: Գյուղը ահի մեջ է: Ծերունին ճարահատյալ համաձայնվում է, որ գնա բերի, որովհետև սպառնում են տունը վառել, ինչպես արդեն վառել են մի քանիսի տները և գյուղում սկսել են հալածանքը:

Իր աղջկա՝ Սոնայի հետ հայրը գնում է խուլ ձորերով, գնում է Մակիչին գտնի: Գնում է նրան ասի, որ փոխի թաքստի տեղը, որովհետև նրա ականջն է ընկել, թե գյուղում Մակիչի տեղն իմացել են:

Մակիչն ընկերների հետ թաքնվել է խոր ձորում: Նրանք տատանվում են. ինչ անել: Այրում են նրանց տները, լուր են առել, թե հարազատներին բանտարկել են և իբր թե պիտի տանեն Տաթև: Մեկն ուզում է ետ վերադառնալ և անձնատուր լինել: Մակիչը խրախուսում է: Վերջապես Մակիչը վճռում է ինքը օրը ցերեկով մտնել գյուղը, որ շրջապատված է Կուռոյի ձիավորներով և իմանալ, թե ի՞նչ կա գյուղում: Նա այդպես է վարվում, որովհետև վախենում է, որ ընկերներից կգնան և ոչ միայն այլևս չեն վերադառնա, այլև չդիմանալով դաշնակների տանջանքներին, գուցե մատնեն իրենց տեղը:

Ճանապարհին հանդիպում են հայրը, որդին և Սոնան: Աթա ապերը Մակիչին չի թողնում գյուղը մտնեն, նա պահանջում է, որ թաքնվածներն իրենց տեղը փոխեն: Նա մինչև անգամ որդուց թաքցնում է, որ իրենից Կուռոն պահանջել է Մակիչի տեղը: Մակիչը կասկածում է հոր խոսքին, ավելի ճիշտ, սիրտն ինչ-որ նախազգում է, բայց լսում է հորը: Նրանք հրաժեշտ են տալիս: Աթա ապերը զգում է, որ վերջին անգամ է տեսնում որդուն:

Կուռոն ուրախանում է, երբ գալիս է Աթա ապերը: «Գտա՞ր», — հարցնում է: «Գտա», — ասում է: «Ինչ ասացի՞ր»: «Ասացի, որ դու իմ տղան չես լինի, եթե էս շների վերջը չտաս...»: Կուռոն նրան պատշգամբից ցած է գլորում:

Սոնան տեղյակ չէ: Նա աղբյուրն էր գնացել, և հանկարծ աղբյուրի ճանապարհին նրա առաջն է դուրս գալիս Մարգարը: Նա վերադարձել է: «Ո՞ւր է Մակիչը», — հարցնում է Մարգարը:

Մարգարը գնում է Մակիչին տեսնելու: Մակիչը հորից լսած լինելով, որ գյուղում իմացել են իրենց տեղը և կարող է որ գտնեն, ընկերներին ուրիշ տեղ է ուղարկել, իսկ ինքը մենակ մնացել է քարանձավում, որովհետև ինքը կարող է փախչել: Լուսնյակ է, ներսը կիսամութ է: Մակիչը հոգնած ննջում է, և հանկարծ աչքին երևում է մի զինված ստվեր: Վախից և կատաղությունից ենթադրելով, որ արդեն եկել են իրեն բռնեն, Մակիչը կրակում է: Ստվերը վայր է ընկնում, կանչելով «Մակիչ... Մարգարն է»: Բարեբախտաբար գնդակը նրան չի կպել, այլ դիպել է քարանձավի առաստաղին, քարերի փշրանքները քերծել են Մարգարի երեսը:

Մարգարը նրան պատմում է, որ մոտ է Կարմիր բանակը, և հարկավոր է միանալ նրան:

Դ. ՄԱՍ

Տաթևի վանքը դաշնակների բերդն է: Այնտեղ դիմադրության պատրաստություն են տեսնում: Նրանց շտաբն է: Թե ի՞նչ պիտի անեն, այդ դեռ չի երևում, — բայց նրանք արդեն սկսել են բանտարկված բոլշևիկների ջարդը:

Գիշեր է: Տաթևի մռայլ ժայռերը: Զնդանում նստած են ոչ միայն բոլշևիկներ, այլև սոսկական գյուղացիներ: Մի թուրք գյուղացի հարցնում է՝ թե, ասենք լավ, ինքը թուրք է, իբրև այդպիսին, իրեն սպանում են, հապա հայերը հայերին ինչո՞ւ են սպանում: Գարեգինը, որ դեռևս նախերգանքում կազմակերպել էր կամերի դիմադրությունը Սմբատ Խոջաբաղունցին, թուրքին բացատրում է, թե ովքեր են «նոր հայերը»՝ բոլշևիկները: Հետզհետե թուրքը հասկանում է, և նրան մահն այլևս սարսափելի չէ:

Հանում են բանտից: Նրանց պիտի գլորեն ժայռից: Այդ գործի կառավարողը հենց նույն Սմբատ Խոջաբաղունցն է, բայց իհարկե, «սպարապետի» հրամանով: Բերում են առաջին բոլշևիկին, մոտեցնում են ժայռին և գնդակահարում, գլորում են: Երբ երկրորդին են բերում, — նա դուրս է պրծնում և իրեն գցում է ժայռից ցած, չթողնելով որ խփեն: Երրորդը՝ Գարեգինը հանկարծ իրեն գցում է ցած, բայց հետը տանում է Սմբատին:

Աղմուկ, իրարանցում, թմբուկների ձայն: Հեռացնում են զինվորներին, որովհետև նրանք ակնհայտ դժգոհ են: Մեկը բարձրաձայն ասում է. «Հայը հա՞յ կսպանի...»:

Գիշեր է, լիալուսին:

Մակիչը, Մարգարը, 7-8 թաքնվածներ գնում են: Նրանց տեղն իմացել են: Նրանց հետապնդում են: Լուսադեմին նրանք անցնում են դաշտով: Ինչ-որ հովիվ ոչխարը դուրս է բերել արոտ: Հովիվը նրանց ասում է. «Ո՞ւր եք գնում... Գնում եք թուրքանաք, հա՞... Բա մարդը կփախչի՞ իր հայրենի հողից...»: Հովիվը տխուր նվագում է:

Նրանք հասել են Հաքարու գետին: Ոչ կամուրջ կա, ոչ անցնելու հնար: Վարար, ահարկու գալիս է գետը պղտոր հեղեղի նման, բերանն առած ահագին ծառեր, որ ո՞վ գիտե որ անտառից արմատով հանել է:

Շվարել են, թվում է, թե չեն անցնի, և ահա ուր որ է նրանց հետքերով կգտնեն: Բայց Մակիչը այծեմազ պարանը կապում է մեջքից, երկար ծայրը տալիս է նրանց: 7-8 հոգին բռնում են պարանը և մտնում են գետը: Մակիչը լողում է և նրանց քաշում:

Ահա նրանք Կարմիր բանակում են: Զարմացել են, ուրախացել են: Երևում է, որ Մարգարին այնտեղ ճանաչում են: Հայեր կան, ռուսներ են: Մակիչը փորձում է նրանց հետ ռուսերեն խոսել:

11-րդ բանակի 151-րդ գունդը Մակիչին ուղարկում է հետախուզության: Նրանք գալիս են, անցնում են դիրքերը, հրաշքի նման հայտնվում են իրենց գյուղի մոտերքը, տեսնում են ծանոթ գյուղացիներին, նրանցից մեկին նույնիսկ թռուցիկների կապը տալիս են, ասելով, որ «Բաքվից նամակներ են», հարկավոր է գյուղացիներին բաժանել:

Կարմիր բանակը պատրաստվում է հարձակման:

Մակիչն ունի իր «զորամասը»: Նրանք նույնիսկ ձիեր են ստանում:

Ե. ՄԱՍ

151-րդ գունդը հարձակվում է:

Դաշնակների ձիավորները (վաշտապետ Ներսեսի հարյուրյակը) մերոնց հանկարծակիի բերելով հետ է շպրտում: Մեր աջ թևը նահանջում է: Հասնում է հրետանին: Մակիչը նկատում է, որ թշնամու բանակում երևում են կանայք, երեխաներ՝ նրանց հավաքել են հենց այն դաշտի վրա, դեպի ուր պիտի կրակեն 151-րդ գնդի թնդանոթները: Մակիչը հայտնվում է` իր կյանքը վտանգի ենթարկելով և ստուգելով նախապես, որ դաշնակները իրենց տեղը թաքցնելու համար են այդ արել:

Բայց մի ինչ-որ տեղից նրանք կրակում են: Մերոնք դժվար են կարողանում որոշել, թե որտե՞ղ են նրանք թաքնված` արտերի մե՞ջ, թփերի ետև՞, թե՞ մի այլ տեղ:

Մակիչը հրաման է ստանում անցնել նրանց թիկունքը:

Կարմիր բանակի մի վաշտ գրոհի դիմելով հանդիպում է ուժեղ դիմադրության: Դաշնակները դիրք են մտել գերեզմանատանը, քարերի ետև և այնտեղից կրակում են հրացաններից և գնդացիրներից:

Վճռական րոպեին, երբ 151-րդ գնդի մի վաշտը ահա պետք է նահանջի, Մակիչը ձիավորների գլուխն անցած թիկունքից քշում է գերեզմանատան վրա: Իրարանցում: Դաշնակներն ահաբեկված փախչում են:

Կրնկակոխ հետևում են նրանց: Ծանոթ վայրեր են: Ահա այստեղ նրանք վար էին անում, ահա և իրենց գյուղը: Մակիչը մտնում է իրենց գյուղը:

Նա նոր է իմանում հոր մահը:

Մակիչը կոմունարների զորամասի պետն է: Մարգարը կուսակցական կազմակերպության ղեկավարը: Բայց դեռևս սկզբից նրանց միջև ինչ-որ հակամարտություն կա, ավելի ճիշտ, Մակիչը կողմնակից է նախահարձակ լինելու, իսկ Մարգարը նրան զսպում է:

Դեռևս գերեզմանատան գրավումի ժամանակ, Մակիչը կատարում է ավելին, քան հրամայված էր, ուշք չդարձնելով որ կարող է կտրվել հիմնական զորամասից, նա ինքնագլուխ արշավում է, խանգարելով ստրատեգիական պլանը: Նրան նույնիսկ ուզում են պատժել, բայց Մարգարը պաշտպանում է: Երբեմն երկուսի միջև եղած տարաձայնությունը թվում է, թե Սոնայի պատճառով է՝ Մակիչի քրոջ, որին սիրում է Մարգարը:

Բայց այդ վեճը արդեն վտանգավոր չափ է ընդունում, երբ Մակիչը դառնում է կոմունարների զորամասի պետ, Մարգարը՝ քարտուղար: Մակիչն է գյուղում գործ կատարում՝ բռնագրավում, պատժում՝ երբեմն նաև անարդար, իսկ Մարգարը «խառնվում է» նրա գործերին: Մակիչի կարծիքով Մարգարը «քարտուղար» է, ուրեմն միայն թղթի հետ գործ ունի: Մի առիթով նրանք նույնիսկ գնում են կոմիսարի մոտ, որը նրանց բացատրում է, թե ամենից բարձրը կուսակցությունն է:

Մակիչը հասկանում է և դժվարությամբ է հաշտվում: Նա աշխատում է իրեն շտկել, բայց և բնազդով շատ բան է զգում: Նա գիտի, որ հարկավոր է անդադար ինչ-որ բան անել, որ հաղթանակը վերջնական լինի: Եվ հոտ է առնում, որ դաշնակներն ինչ-որ նախապատրաստություն են տեսնում իրենց ծուղակը գցելու:

Այդ է հաստատում նաև նրա հանդիպումը դաշնակ վարժապետի հետ և «վեճը» ֆեդերացիայի մասին և Մակիչի ճշգրիտ պատասխանը, թե բոլշևիկներն ինչպես են լուծելու ազգային հարցը:

Զ. ՄԱՍ

Իսկ Տաթևում իրոք որ գաղտնի պատրաստություններ են տեսնում: «Սպարապետն» է, Կուռոն: Նրանք կազմակերպում են վերջին արշավանքը, «պատանեկրաց» վերջին արշավանքը:

Կոմունարները բանակի հետ միասին են: Մակիչը գյուղում բռնագրավել է հաց, միս, — բռնագրավել է ունևորներից, և նրանցից մեկը, նա, որ ուզում էր ռուսների գալը, — հիմա փոշմանած ասում է, որ «այս ռուսներն իր առաջվա տեսած ռուսներից չեն»: Մակիչը հոգում է բանակի պետքերը:

Իսկ բանակը լեռներում է: Հայ պարտիզաններ, հայ և ռուս կարմիր բանակայիններ վրան են զարկել, լեռներ: Խաղաղ երեկո է: Կարմիր բանակային մեկը դժգոհում է, թե իրենց ինչ գործն էր գալ Զանգեզուր, և ինչ կա Զանգեզուրում՝ լեռներ, ձորեր և ոչ մի հարթ դաշտ: Մի ուրիշ բանակային՝ ավելի տարիքով, հանդիմանում է նրան և բացատրում է, թե ինչու պիտի Զանգեզուրն ազատելու համար օգնել հայերին:

Մակիչը տեղեկանում է, որ դաշնակների հետախույզը եղել է կոմունարների դիրքերում, նա համոզում է գնդի հրամանատարին, որ դաշնակները կարող են անակնկալ հարձակվել, և հարկավոր է նախապատրաստվել:

Եվ իրոք, այդպես էլ լինում է: Կապիտան Կուռոյի ձիավորները գիշերային հարձակմամբ շրջապատում են մեր դիրքերը: Նրանք հեռախոսային կապը կտրում են հենք այն ժամանակ, երբ դիրքերից 84-րդ բրիգադի հրամանատարին հայտնում են, որ դաշնակները հարձակվեցին: Եվ այլևս ոչ մի կերպ չեն կարողանում կապվել:

Սկսվում է վերջին կռիվը:

Է. Մ Ա Ս

Մակիչը գրավել է Ալչադաշի բարձունքը: Այդ մի բարձրություն է, որ պահում է միակ անցքը դեպի 151-րդ գնդի դիրքերը:

Կուռոյի ձիավորները փորձում են անցնել, Մակիչը կանգնեցնում է նրանց:

Կուռոն որոշում է Ալչադաշը գրավել, Մակիչին հանել այդ դիրքերից, ապա նոր հարձակվել Կարմիր բանակի վրա:

Մակիչն ինքը նախահարձակման է անցնում: Կուռոն կտրվում է իր զորքից: Նա դեմ է առել քարափին: Վճռական րոպեին, երբ մի կողմից Մարգարը և մյուս կողմից կոմունարները, ինչպես և մի վաշտ 151-րդ գնդից դիմադրում են Կուռոյի ձիավորներին, որոնք աշխատում են օգնության հասնել իրենց հրամանատարին, այդ րոպեին Մակիչը սեղմում է օղակը, և Կուռոն չկամենալով գերի ընկնել, քարափից ձիով իրեն գցում է ձորը:

Բայց նրա ձիավորները ճեղքում են շղթան: Մարգարը վիրավորվում է, մի քանիսը սպանվում են: Մակիչը հասնում է օգնության: Նա շալակում է վիրավոր Մարգարին և դիմադրում է: Դիմադրում են նրա ընկերները: Հետզհետե պակասում են նրանց շարքերը:

151-րդ գունդը թնդանոթները շրջում է դեպի Կուռոյի զորամասը: Խուլ որոտում են թնդանոթները: Հարձակման են անցել: Բայց ռազմաճակատի այս անկյունում արդեն շրջապատել են Մակիչին:

Թվում է, թե պիտի կենդանի բռնեն նրան: Մակիչը քարի ետև մտած պաշտպանվում է: Նա օգնություն է խնդրել: Մոտենում է օգնությունը: Բայց դաշնակները համառ գալիս են: Նրանք սողում են ժայռերի արանքով, նրանք ինչ գնով լինի ուզում են Ալչադաշի բարձունքը գրավել:

Մի րոպե, և ահա խփեցին Մակիչին, բայց Մակիչը ձեռնառումբը նետում է, դեռևս փոշու մեջ ոչինչ չի երևում: Դաշնակները խուճապի մեջ են, բայց հավաքում են իրենց, գրոհում են:

Մակիչը թուրը հանած առաջ է ընկնում...

Հենց այդտեղ նրան խփում են: Ալչադաշի բարձունքից դեպի դաշնակներն է գրոհում 151-րդ գունդը:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Следующая Конец