Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Այս ամենը գրելուց և ծրարները կնքելուց հետո Հովնաթան Մարչը թեթևություն զգաց: Սև ամպն անցավ, և ոգևորության արևը նորից շողաց:

Խելռել է պոլսեցին, — մտածեց սպասավորը, երբ Հովնաթան Մարչը սուլելով իջավ սանդուղքներով և քայլերն ուղղեց դեպի այն շենքը, ուր գրասիրաց հավաքույթը պիտի տոներ Տաղավարյան բանաստեղծի հարյուրամյան:

Հովնաթան Մարչը դռնից ներս մտնելու ստիպված եղավ լուցկի վառելու, մութի մեջ դուռը գտնելու համար: Եվ որքա՛ն մեծ եղավ նրա զարմանքը և ուրախությունը, երբ մուտքի մոտ տեսավ սպիտակամորուս մի մարդու և բժիշկ Երանոսին: Բժիշկն իսկույն մոտ վազեց, նրա թևից բռնեց:

Ձեզ էինք սպասում: Մենակ կդժվարանայինք սրահը գտնել:

Եվ մինչև Մարչը աչքերը բաց ու խուփ անելով կվարժվեր միջանցքի մութին, բժիշկ Երանոսը կարկուտի պես վրա տվավ:

Մոռացա ծանոթացնել, Դրաստամատ Խաչատրյան, երևի

Ա՛հ, ինչպես չէ, շատ ուրախ եմ

Ծերունին չկարողացավ բառերն իրար կապել: Եվ մյուս միջանցքն անցնելով, ուր ճրագի աղոտ լույսը կար, Մարչը ձեռքը մեկնեց և թոթվեց Դրաստամատ Խաչատրյանի պառավ ձեռքը, որ 19-րդ դարու վերջին գրել էր Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հրաշագործությանց պատմությունը, իսկ 20-րդ դարում` այդ նույն պատմության երկրոդ հատորը: Եվ այդ հատորի հրատարակության հոգսն էր, որ բժիշկ Երանոսի դրդմամբ Խաչատրյանին մուտքի մոտ սպասեցնել էր տվել մոտ կես ժամ:

Սրահը գետնափոր քարայրի էր նման, և երբ Մարչը ներս մտավ, ներկա եղողների մեջ մի շշուկ անցավ: Բժիշկ Երանոսը սարկավագի պես աչքերը խուփ, ծանոթ շարականը կարդաց.

Խոյեցյան Սերովբ, մեր վաստակավոր պատմաբանը: Անշո՜ւշտ գիտեք:

Հարկա՜վ, մի՞թե, շատ ուրախ եմ

Ահա Կովկասի Հայոց կուլտուր-կրթական ընկերության նախագահ Շահնազարյանը

Ա՛հ….

Ինչպե՞ս եք, ինչպես եք հավանում մեր երկիրը

Գրիգոր Լեռնական, վեցերորդ կամավորական գնդի հրամանատար, Բասենի անպարտ հերոսը, այժմ Գրասիրաց ընկերության քարտուղար:

Լեռնականը Հովնաթան Մարչի ձեռքը սեղմեց զինվորականի կտրուկ շարժումով ըստ վաղեմի սովորության զինվորական պատիվ տալով նրան:

Կհիշե՞ք ձեր բոլոր զինվորներուն:

Մեկ-մեկ:

Անթանոսյան Հմայակին կհիշե՞ք:

Վախկո՜տ դեզերտիր: Մի անգամ պիտի գնդակահարեի:

Լեռնականը ձեռքը գրպանը տարավ, թեև գրպանում կրակելիքը միայն լուցկու տուփն էր: Սակայն նկատելով Հովնաթան Մարչի հանկարծակիի գալը, ժպտաց ու ավելացրեց.

Բայց լավ եղավ, որ աչքիս չերևաց: Հետո իմացա, որ հանցավորը ուրիշն էր

Տեսնո՞ւմ եքԵս միշտ էլ ասել եմ, որ դիպվածը մարդու կյանքում վճռական է, — ասաց բժիշկ Երանոսը, թեկուզ երբեք այդպիսի բան չէր ասել:

Սա էլ մեր հարգելի հայրիկը: Իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին, — ասաց բժիշկը, առաջ հրելով կարճլիկ ու նիհար մի ծերունու, որի մի կողմ ծռած վիզը խեղճացնում էր դեմքը ու տալիս նրան այնպիսի արտահայտություն, որ ասում էր.

Հիմա ես տաշեղի կտոր եմ: Ինձ հանգիստ թողեք:

Քիչ հետո հավաքույթն սկսվեց: Նախագահ Շահնազարյանը (Կովկասի կուլտուր-կրթական) նիստը բաց արեց այնպես թույլ ու բեզարած, կարծես ուզում էր ասել, որ առանց իր խոսելու էլ նիստը իրեն-իրեն կբացվեր:

Տաղավարյանի մասին խոսեց թեմական դպրոցում քսան տարի հայոց գրականության դասատու ՏերՀովնանյանը, որի միալար ու տրտում նվագի պես հնչող բառերը շատ շուտով քնաբեր եղան պատմաբան Խոյեցյան Սերովբի, Պետրոս Գետադարձի և ուրիշ մի քանիսների համար: Նույնիսկ Հովնաթան Մարչը հորանջեց: Եվ եթե Գրիգոր Լեռնականը ստեպ-ստեպ հազում էր, անշուշտ, այդ արթուն մնալու քողարկված միջոց էր, թշնամուն չմատնելու համար իսկական նպատակը:

Ծափահարություն եղավ: Բայց այդ ծափահարությունը կարելի էր բացատրել նաև ճառը վերջանալու ուրախությամբ: Եվ երբ բժիշկ Երանոսը քնած աչքերը բաց ու խուփ անելով, ծանրացած գլխի համար մի հենարան էր փնտրում, հանկարծ Հովնաթան Մարչը մոտեցավ ամբիոնին: Ննջողներն սթափվեցին:

Հայրենակիցնե՜ր, այսօր մեծ մարդու հարյուրամյա տարելիցին իմ խնդակցությունները կհայտնեմ օվկիանոսի մյուս ափը ապրող ցեղակիցներու կողմեն: Ո՜չ, մեռած չէ այն մեծ մարդը, որ քունեն զարթեցուց այս ժողովուրդը և ըսավ. ելի՛ր, ազգ, ժամը հնչեց

Բժիշկ Երանոսը այնքան փոքրացա՛վԵթե հնար լիներ սեղանի տակ պահվելու, ապա կամացուկ դուրս ծլկելու: Ինչե՛ր է խոսում, եթե լսեն

Այո՜, հնչեցուց շեփորը և ոտքի ելավ ցեղը, նվաճելու իր հայրենի անդաստանը, ուր խուժադուժ

Բժիշկ Երանոսը փողոցում այնքան արագ էր վազում, ասես մահամերձ հիվանդ ուներ, որի վայրկյանները հաշված են: Նրա հետևից, բայց փողոցի մյուս մայթով, ոտները քարշ էր տալիս Դրաստամատ Խաչատրյանը, երկրորդ անտիպ հատորի հեղինակը: Իսկ Հովնաթան Մարչը մռնչում էր, թափահարում գլուխը, գլխի հետ էլ մազերը.

Դարերը կանցնին որպես տարիներ, տարիները կթվան ժամեր, ժամերը վայրկյանի արագությամբ կսլանան, և հավիտենական երջանկությունը իր թևերը կփռի այս երկրի վրա

Գրիգոր Լեռնականի հազը սաստկացավ: Դահլիճում Խոյեցյան Սերովբը չէր երևում: Շահնազարյանը (Կովկասի կուլտուպ-կրթական) հայացքն ի զուր էր ման ածում նոսրացած շարքերում, փոխնախագահ Ալլավերդյանին գտնելու և իր տեղը նրան զիջելու համար: Փոխնախագահը տուն էր հասել ուրիշ փողոցով և հասնելուց գլխին թաց շոր էր դրել:

Ի՞նչ է Նոր Եթովպիան, սիրելի հայրենակիցներ, եթե ոչ ցեղի տառապած հոգու համար սպեղանի, փրկության կղզի, գլխովին ոչնչանալու վտանգի դեմ: Սրբազան մի անոթ, ուր պիտի պահ տանք մեր ինքնությունը, թաքստոց և ամուր պատսպարան, եթովպական, փղշտական ցեղերի բեկորները փլուզումե զերծ պահելու: Այս պահի

Գրիգոր Լեռնականը հազաց, սկսեց շրթունքները կրծոտել: Դահլիճի կիսամութում ոչ մի գլուխ չէր երևում, իսկ Հովնաթան Մարչը խոսում էր, բառերի հետ թուքի կաթիլները թռչում էին նրա բերանից և աշխարհին ավետում նո՛ր, չլսված պատգամներ:

7

Կառքը ճանապարհով գլորվում էր եզան սայլի դանդաղությամբ, որովհետև ոչ միայն ճանապարհն էր վատ և կառքի ռեսորները խախուտ, մի քանի տեղից երկաթե լարերով կապկպված, ոչ միայն ձիերն էին լղար, աչքերը ճպռոտ, պոչի մազերը նոսր ու կողքի ճաղերը ցանկապատի փայտերի պես դուրս ցցված, — այլև ծանր էր այն բեռը, որ բարձած էր կառքին:

Բեռ է ասվում, որովհետև զանազան պայուսակների, տոպրակների, թղթի փաթեթների ու կողովների միջից հազիվ էին երևում երկու գլուխ, որոնց տերերին էին տանում լղար ձիերը, բոլոր կապոցներով հանդերձ, որոնցից մեկի մեջ տեղաշոր էր, մյուսի մեջ ուտելիք, կողովների մեջ սեխ ու ձմերուկ և այն բոլոր բարիքները, ինչ օգոստոս ամսում տալիս է Արարատյան դաշտը:

Եթե ուշադրությամբ դիտեր մեկն ու մեկը փոշու մեջ գլորվող կառքն ու կառքի մեջ նստողներին, այդ մեկն անպատճառ պիտի տեսներ, որ բարակ ու երկար վզի տեր մարդը ուսին որսորդական հրացան ուներ:

Ընթերցողն արդեն գուշակեց, որ ուղևորներից մեկը Հովնաթան Մարչն էր, մյուսը` հրացանակիրը` Անթանոսյան Հմայակը, և որովհետև ձիերի դունչը հարավ էր դարձրած, ուրեմն և պարզ էր, որ նրանք Նոր Եթովպիա չէին գնում, այլ մի ուրիշ վայր:

Ճանապարհին, ինչպես ասում են, կառքը բարև չէր առնում, բարև չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին, թեկուզ բոլորն էլ զարմանքով էին նայում իրերի մեջ թաղված ուղևորներին:

Շոգից չեն ճագո՞ւմ, — հարցրեց Նազարապատ գյուղացի մեկը, երբ կառքն անցավ կողքով:

Մարչը չլսեց նրա հարցը, իսկ Անթանոսյանն այնպիսի հայացք նետեց կողովների արանքից, ասես ուզում էր նազարապատցուն տեղն ու տեղը խանձել:

Հովնաթան Մարչը մտածում էր: Էլի նույն հարթությունը, որի վրա անպետք մացառներ կային, չորացած փշեր, իսկ ուր ջուր էր հասնում, հողը կատաղի արգավանդություն էր ցուցադրում` փարթամ այգիներով, բամբակի ու ցորենի արտերով: Ինչպե՞ս է, որ նիհար, տգեղ ու կեղտոտ շորերով կինը ծնում է զարմանալի գեղեցկությամբ մի մանուկ, որի կաթնագույն շրթունքները ծծում են մոր չորացած, պարկերի պես կախ ընկած ստինքները: Ծծում է մանուկը, թաթով շոյում այդ պարկերը և ժպտում: Ի՞նչ հզոր հյութ կա սմքած մոր մարմնի մեջ:

Եթե երկիրը դռնբաց նիստ լինի, հավաքվեն նրանք, մաքուրարյուն եթովպացիք, իրենց վրանները զարկեն տափարակի վրա և կաթնակեր մանուկների պես կախ ընկնեն մոր պտուկներից, աճեն, բազմանան, երկիրը դարձնեն եթովպանոց

Նախընթաց երեկոյան նկուղի պես մութ թեյարանում, ուր Ավետիս աղան, ճեզվեյով սուրճ էր եփում և Պոլսո սուրճ հրամցնում պատվական հյուրերին (որոնց համար չէր, իհարկե, պատին կախած ազդը` ապառիկ ոչ մեկի, չենք դիմանար), — նախընթաց երեկոյան սրճատանը Գրիգոր Լեռնականը մաշված, տեղ-տեղ թղթով կպցրած քարտեզի վրա (վեցերորդ կամավորական գնդի շտաբ) ցույց էր տալիս, թե որտեղ ինչե՛ր կարելի է անել և ինչե՛ր են արված այն ժամանակ, երբ… (պարզ չէ՞ միթե), և դեռ ինչե՛ր պիտի արվե, եթե մեկ էլԽոսքը բախտի անիվի մասին էր:

Բժիշկ Երանոսը համամիտ լինելով Լեռնական Գրիգորին, խոսում էր ցած ձայնով: Թեկուզ նրա խոսքերը ըստ մեծի մասի այո, իհարկե. էին, բայց և այնպես դավադրության ազդանշանի բառեր էին թվում իր, բժիշկ Երանոսի և Անթանոսյան Հմայակի համար, որ նախկին հրամանատարի հանդեպ տածած ակնածանքից, նստել էր հեռվում և սուրճը փոքր ումպերով կուլ տալով նայում էր քարտեզի վրա խոնարհած գլուխներին այնպիսի հայացքով, որ ասում էր.

Պանծալի քաջեր, հերոս հայրենյաց

Մարչը արծարծում էր մտքեր, որոնցից Ավետիս աղան էլ կսարսափեր, եթե լսեր ու հասկանար: Ինչո՞ւ տափարակի վրա պիտի բսնեն փշեր և ոչ ուրարտական կորեկ, ինչո՞ւ երկիրը պիտի կոխ տան մարդիկ, որոնց երակներում փղշտական մի կաթ արյուն էլ չկա, ինչո՞ւ հայրենի մթնոլորտին ածխաթթու պիտի խառնեն այլազգի թոքեր այն ժամանակ, երբ ցեղակիցների թոքերը թունավորվում են օտար երկրի թթվածնով, կորչում է լեզուն, ցեղի տիպարը, հալվում է, ձուլվում

ՀանկարծԲժիշկ Երանոսի աթոռն ընկավ, մուտքի առաջ ցցվեց միլիցիոները, նայեց սրճարանի մարդկանց: Հովնաթան Մարչը դեմքը ծռմռեց, ու նրա դեմքին քարացավ երկու բառ.

Ինծի կըներես

Անթանոսյանի բկում սուրճի մի ումպ պնդեց, ձյութի պես փակչեց կատիկին: Չկարողացավ կուլ տալ:

Միլիցիոները Ավետիս աղային հիշեցրեց տուրքի ժամկետի լրացման մասին ու հեռացավ:

Կայնենք, ձիերին մի քիչ կեր տանք: Մեռանք շոգից, — ասաց կառապանը, երբ կառքն անցավ Նազարապատի կամուրջը և կանգ առավ ուռենիների շվաքի տակ:

Կառապանը կողովներն ու կապոցները գետնին դարսեց, որից հետո իջան ուղևորները, որոնց ուսերից կախված էին ջրամաններ, հեռադիտակ, հասը շորով փաթաթած շշեր և այլն: Անթանոսյանն այդ կերպարանքով նման էր քարվանի նառ ուղտի` գորգերով, գունավոր փնջերով, մեծ ու փոքր զանգուլակներով:

Բարև՜ ձեզ, — ասաց մեկը, որ կառքի կանգնելը հեռվից տեսել էր ու մոտեցել:

Բարև, աս ի՞նչ գյուղ է:

Նազարապատն է: Ավերակ գյուղ էր, հիմա վերաշինված է:

Բնիկնե՞ր են, — հարցրեց Մարչը:

Ամեն տեղից կան: Գաղթականներ էլ կան. մշեցի կա, բուլանըխցի: Մի քանի տուն էլ քուրդ կա:

Քո՞ւրդ

Այո՜, քսանչորս նաֆար են:

Քո՜ւրդ: — Այդպես ասողը Անթանոսյանն էր: Այդ ասելուց հետո հայացքը Մարչին հառողն էլ նա էր:

Հրամանքնիդ ո՞վ եք

Ես խորհրդի քարտուղարն եմ, ինքս էլ կուսակցական

Մարչը շրթունքները լիզեց: Ինչքան շո՛ւտ էին չորանում: Իսկ Անթանոսյանի աչքերը պղտոր ջուր էին:

Բնի՞կ եք:

Ո՜չ, — ես Վանի կողմերից եմ:

Վանա երկրե՞ն

Այո՜, բայց հիմա էստեղացի եմ:

Ահա քեզ խաթարված հոգի, մոլորյալ ոչխար, որ մի խուրձ խոտի վաճառել է հայրենի մսուրը: Հովնաթան Մա՜րչ, ինչո՞ւ շփեցիր ճակատդ, ինչո՞ւ ծարավ զգացիր և թիկունքդ քրտնեց:

Դպրոց կա՞:

Ինչպես չէ: Դպրոց, խրճիթ, լիկկայան: Անգրագիտությունը վերացված է 60 տոկոսով, նաև կանանց մեջ: Գյուղս ունի փոկ, 74 անդամով, որից կին` 23 հոգի, շինարար սեկցիա, նորոգված են կամուրջները և հանդամեջ տանող ճանապարհները: Ունենք նաև

Կեցիր, այդ ամենը ո՞վ քեզի ըսավ

Ես եմ հաշիվը տանում, չէ՞: Ամեն ամիս զեկուցում ենք տալիս շրջանին:

Հոս չկա՞ն փղշտացոց երկրեն վերաբնիկներ, եթովպացիք չկա՞ն

Էդպես ազգ մեր գյուղերում դժվար կճարվի: Ասորի կա:

Ազգ չէ՜, բարեկամ, ցեղ են ասումՊատմությունը չե՞ս գիտեր: Արշակ թագավորը երբ զորքով անցավ

Բայց Անթանոսյանը Մարչի թևից ծածուկ քաշեց, նայեց աչքամիջին: Դրանից էր, որ Մարչի խոսքի շարունակությունն այսպես ստացվեց.

Զորքով անցավ ևվերադարձավ:

Կարելի է, կպատահի: Մեզ հայտնի չի: Այն ժամանակ երևի փակ տնտեսություն էր:

Ամեն ինչեն կար

Եղավ պաուզա, որի ընթացքում երկու կողմ էլ լարված ուշադրությամբ զննում էին իրար:

Էթանք, եդացանք, — ասաց կառապանը:

Խոր Վիրապի ճանապարհն այս չէ՞, — հարցրեց Մարչը քարտուղարին, կողովների ետև տեղավորվելուց հետո:

Այդ կողմերում կլինի: Չեմ տեսել, — ասաց նա:

Կառքը շարժվեց և գլորվելով անցավ փողոցներով: Գյուղի առօրյան էր` փողոցներում, բակերում, այգիներում: Ցեխում նստած մի գոմեշ, պոչը վրձին շինած, մեջքին սև քաթանի վրա գորշ գույնի նախշեր էր շարում, ականջները շարժելով քշում ճանճերին: Կոտրած սայլի ճաղի գլխից աքլորը կանչեց` քունը փախցնելու համար: Մի պառավ, որ հարդախառն թրիքը գունդ էր արել և պատերին էր փակցնում, մի պահ նայեց կառքին` թրիքի գունդը ձեռքին:

Ահա գյուղը, ապրում են քուրդ, բուլանըխցի, մշեցի: Վարում են, ցանում, թրիք են ծեփում, ուտում են, ծնվում են, մեռնում: Սակայն ո՞ւր է կայծը, որ պիտի լուսավորի նրանց մտքի առաջ այս երկրի ողջ իմաստը: Զգո՞ւմ են այն թելերը, որոնցով կապված են ցեղի պարծանքի հետ, գիտե՞ն, որ հոյակապ անցյալով ազգ են, թրիք ծեփող պառավը գիտե՞, կարոտո՞ւմ է ցեղի անցյալ փառքին, գիտե՞, որ իր երակների մեջ թանկագին արյուն է հոսում, որի ամեն մի կաթիլը ադամանդ է:

Կապրեն պատմական երկրում, որի ամեն մի քարը թանձրացյալ պատմություն է, կաղտոտեն այդ երկիրը և չեն մտածեր, թե ի՛նչ հերոսներ եկել են ու անցել, ինչ մե՛ծ, սրբազան անուններ

Այո՜, այո….

Այս ճամփով չտարա՞ն Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապը նետելու

Հասանք: Էլ դենը ֆայտոն չի գնա, — ասաց կառապանը:

Այդ դենը եղեգնուտն էր, որի միջով, տեղ-տեղ ճումերի վրայով, անցնում էր նեղլիկ կածանը: Ուղևորներն իջան: Եվ նոր միայն հասկացան, որ ավելորդ էր կառքին բարձած ճամփի պաշարը, իրեղեններն ու կապոցները: Այդ ամենը հերիք կաներ յոթ օր, յոթ գիշեր անջուր անապատով անցնող քարվանին:

Ի՛նչ պիտի ըլլա, — հարցրեց Մարչը: Անթանոսյանի դեմքին էլ նույն հարցը կար:

Ետ տանեմ: Ի՛նչ կտաս, գնամ Նազարապատ սպասեմ, մինչև ձեր գալը:

Աշխարհի բոլոր կառապաններն էլ նույն հայացքով են նայում նեղն ընկած ուղևորին, որի միակ ճարը լռելյայն համաձայնելն է: Եվ եթե ֆայտոնչի Մուկուչն էլ ետ չէր մնում բոլոր կառապաններից, մեր ուղևորներին էլ մնում էր միակ ելքը` ապավինել կառապանի խղճին ու գթասրտության:

Կառքը հետ դարձավ Նազարապատ: Բեռից թեթևացած ձիերը մի քիչ արագ քայլեցին, իսկ կառապան Մուկուչը դիրքի բարձրության վրա, կառքի հետ օրորվելով, արժան և վայել համարեց սուլել.

Ծիրա՛ն, ծիրա՛ն էր յարս

Ուղիղ կգնանք մինչև 3789 բարձրությունը, այնտեղից մի մասն աջ, մյուս ձախ կծռվի և երեկոյան դեմ կհանդիպենք: Միայն զգույշ, որովհետև ամեն մի քայլափոխի կարոխ եք անակնկալ վտանգի հանդիպել, — ասել էր նախկին հրամանատարը դավադրության այն գիշեր, երբ սուրճի մի ումպ ձյութի պես փակչեց Անթանոսյանի կատիկին:

Խորհրդակցությունը երկար չտևեց: Հովնաթան Մարչը հարկ համարեց ուղղելու գլխարկը, վզից կախած հեռադիտակը և այն ամենը, որի մեջ սուրճը տաք է մնում տասը ժամ: Իսկ արևն այնպես էր այրում, ասես պատրաստակամ էր սառը ջուրը մի ժամում եռման աստիճանի հասցնելու:

Մժեղներ հոս շատ կըլլան: Կերևի թե վագրի ալ հանդիպինք, — ասաց Մարչը այն անտարբերությամբ, որ ունեն փղշտացիք վտանգի մասին ապահով տեղում խոսելու ժամանակ:

Կը կրակեմփամփուշտակալս լիքն է: — Եթե Անթանոսյանի խրոխտ կեցվածքը տեսներ այն վագրը, որ հարձակվելու էր նրանց վրա

Օ՛ն, առաջՊետք է որ խորը չըլլա

Ընթերցող, դուք ջունգլի չեք տեսել, և ոչ էլ արևադարձային երկրի անտառ, ուր մի թիզ հողի վրա բուսնում է անհաշիվ ծառ, խոտ ու ծաղիկ: Բոլորն էլ խառնվում են իրար, մճճվում` անլվա, չսանրած մազերի պես, բոլորն էլ ձգտում են դեպի արևը, որի ամեն մի շողի համար կռվում են թփերը, ծաղիկները, ծառերն ու խոտերը: Եվ այդ ամենի մեջ պես-պես թռչուններ, զեռուններ, գունավոր թիթեռներ, կապիկներ և էլ ի՛նչ գիտեմ ինչպիսի կենդանիներ, որոնցից ամեն մեկը և՜ պաշտպանվում է ուժեղից, և՜ հարմար րոպեին հարձակվում թույլի վրա:

Դուք ջունգլի չեք տեսել և ոչ էլ արևադարձային երկրի անտառ: Էլ ինչպե՞ս կարող եք պատկերացնել այն եղեգնուտը, որով նրանք պիտի անցնեին, անպատճառ պիտի անցնեին, թեկուզ մեկին էլ վագրը կամ մարդագայլը հոշոտեր, որովհետև Գրիգոր Լեռնականի քարտեզի վրա նշանակած կարմիր կետը գտնվում էր եղեգնուտից այն կողմը, իսկ այն կարմիր կետի մոտ էլ գտնվում էր նրանց արշավանքի կետ նպատակը:

Խորո՞ւնկ է:

Կարևորություն մի տաք

Մժեղները կնեղենԱյս ի՞նչ զեռուն է, որ կսողա մեջքիդ վրա: Կեցի՜ր, հայրենակից, թունավոր կըլլա

Անթանոսյանը հազիվ կարողացավ կանգնել ճումի վրա, մինչև Մարչը ձեռնափայտի ծայրով դեն հրեց սև ճիճուին: Եղեգնը շարժվում էր, նրանց երկար ու սրածայր տերևներն իրար էին քսվում, սվսվում, թվում էր, թե հովն է շնկշնկում: Սակայն թվում էր միայն, որովհետև հովն այդ ժամանակ արևի կիզիչ ճառագայթներից սինլքոր, սուլում էր հեռու սարերի լանջին:

Թունավոր օձեր կըլլան հոս, հայրենակից… — Ձայնեց Մարչը Անթանոսյանին, որ առաջից էր քայլում, եղեգնը դեն հրում, ոտքով ճումերի վրա տեղ շինում և ստեպ-ստեպ կանչում.

Ձախ ծռվե՜քԱյստեղ խորն էԶգույշ ցատկե՜ք

Կենդանու ոտնատեղեր եմ տեսնում, — կանչեց Անթանոսյանը: Մարչը տեղում կանգնեց:

Կենդանի՞Ո՞ւր է

Ահա հետքերը

Ռնգեղջյուր կնմանի: Գուցե վագր էՉդառնա՞նք:

Կճղակավոր է: Համենայն դեպս զգույշ մնանք: Եթե փորձանք պատահի, հրացանս առեք, չթողնեք թշնամու ձեռքն ընկնի:

Հայրենակից, կըսես, թե եղեգնուտները շարժվեցան…-Սո՜ւսԿռացե՜ք

Գորտերն ի՛նչ նախանձելի մարմին ունին: Տաքանում են գետափին և ոտնաձայն լսելիս թռնում ծանծաղուտը: Ո՞ւր գնար Հովնաթան Մարչը, երբ վտանգն արդեն մոտ էր: Սև սարսափի վայրկյաններ, հավետ անմոռաց

Սև թիկունքը կերևաՌնգեղջյուր չէ՞:

Մարչին պատասխան տվավ Անթանոսյանի հրացանը, որի կրակոցից ինչ-որ աժդահա արարած եղեգնուտները կոխ տալով ու փնչալով հեռացավ:

ԿԱՐՄՐԱՔԱՐ

ՎԵՊ

(Պահպանված հատվածներ)

1

Կարմրաքար գյուղի մասին առաջին անգամ հիշատակում է գրենադիր գնդի պետ Երմոլով 2-րդը իր այն ռապորտում, որ 1823 թ. ապրիլ 17-ին ներկայացրել է Կովկասյան մարզի պետ՝ ինֆանտերիայի գեներալ Ալեքսեյ Երմոլովին: Ըստ այդ ռապորտի այն ժամանակ Կարմրաքարն ուներ 19 ծուխ, որոնցից հարկատու չէին միայն 3 ծուխ: Ոչ ռազմական և ոչ էլ տնտեսական նշանակություն չտալով, գնդապետը Կարմրաքարը համարել էր ոչ որպես գյուղ և դիմացը նշանակել` «մշտական ձմեռանոց»: Երևի այդ ակնարկ էր այն մասին, որ Կարմրաքարը շրջապատված էր անտառով, զուրկ էր հաղորդակցության համար միջոցներից և միայն երկու բարակ կածանով էր կապվում արտաքին աշխարհի հետ:

Այդ թվականից մի քանի տարի հետո նույն վայրով անցել է և մի վարդապետ, որի ճանապարհորդական հիշողությունների մեջ կարելի է գտնել Կարմրաքարի անունը: Այդ գյուղի մասին նա գրել է հետևյալը. «Խորաձոր անդունդ և դաշտաձև հովիտ, զարդարյալ ծաղկոք և առատ բուսոք: Գարունն աստանոր բերե զնմանությունն Եդեմի...»: Ապա հիշատակում է գյուղից վերև ընկած լեռների կլոր պարը, որի ամենից բարձր գագաթին կա սպիտակ լիճ` որպես հսկա մատանու ադամանդ: Նույն գրքի մի այլ գլխում անդնդախոր ձորերում ընկած գյուղերի նիստ ու կացը նկարագրելով, հեղինակը մի նախադասություն է ասում Կարմրաքարի կանանց մասին, թե իբր ամոթխած էին, որպես անտառի պախրա:

Թե Երմոլով 2-րդի և թե հոգևոր հոր գրածը հայտնի էր Կարմրաքարի ծխատեր քահանա Տեր Գևորգին, որին գյուղում կոչում էին Տեր Նորընծա: Քահանան շատ անգամ էր ասել, որ ինքն իր աչքով կարդացել է վանքի խորանում պահած մի գիրք, գրված ոսկե տառերով, ջեյրանի կաշվի վրա, ուր հիմից ավանդվում է աշխարհի երեսին եղած և կորած բոլոր ազգերի պատմությունը, թագավորների գահ բարձրանալը, քաղաքների կործանումը և այլն: Եվ իբր թե այդ գրքի մեջ գրված է, որ Կարմրաքարը «աթոռանիստ և բերդաքաղաք» վայր է եղել, որ գյուղի այժմյան եկեղեցին կառուցված է մի հին տաճարի ավերակների վրա: Նա նույնիսկ ասում էր, որ այժմյան եկեղեցու ամբիոնի քարերը շատ հնուց են, վրան փորագրություններ կան, որ ծածկված են բարակ սվաղով:

Տեր Նորընծայի ասելով՝ Կարմրաքարի ներկա բնիկները գաղթել են «Հագարացոց աշխարհից» դեռ այն ժամանակ, երբ լեզգիների թագավորությունն էր այն կողմերում: Իբր թե լեզգիների երկրում խառնակություն է սկսվում, այնտեղի «խաչապաշտ ազգաբնակությունը» գլուխ է առնում և ցրիվ գալիս չորս կողմի վրա: Նրանց մի մասը գալիս է մի մեծ և վարար գետի դեմ առնում: Գետի ափին այնքան են սպասում, մինչև ջուրը բարակի: Շատ դառն տանջանք քաշելուց և կորուստ տալուց հետո, անցնում են գետը և նրա ափով շարունակում ճանապարհը, հանդիպում զուլալ մի գետակի, որ հանդարտ հոսելով միանում է այն մեծ գետին: Հենց ջրախառնուտի մոտ խմում են գետի և գետակի ջրից, տեսնում, որ գետակի ջուրը քաղցրահամ է և որոշում՝ գետակի ընթացքը բռնած գնալ մինչև ակունքին հասնելը: Իսկ հայտնի է, որ Մարցա ջրի ակունքները գտնվում են Կարմրաքարի հանդում:

Ո՞ր կողմն է էդ հագարացու աշխարհը, տերտեր, — հարցնում էր Ավան ամին, եթե հանդիպում էր տերտերին Կարմրաքարի պատմությունն անելուց: Եվ որտեղ էլ լիներ` կնունքի նստած, թե հարսանքատանը, եկեղեցու գավթում` պատի տակ շար ընկած, թե Բոլոր քարի մոտ, որ գյուղի հրապարակն էր համարվում, և ուր այժմ էլ հավաքվում են գյուղացիքորտեղ էլ լիներ, Տեր Նորընծան աչքերը պիտի խոժոռեր, ունքերն իրար տար և երեսը դարձներ Ավան ամու կողմը:

Սկսվեց, — մտքում ասում էին մի քանիսը և հետաքրքիր լսում այն, ինչ շատ անգամ էին լսել:

Ա՛, դե հերիք չի՞, — Ավան ամու վրա տրտնջում էր նրան հասակակից մեկը:

Չէ՛, թող մի ինձ ասի, էդ ո՞ր կողմն է...

Զաքաթալու թեմումը, — պատասխանում էր տերտերը:

Իսկ Ավան ամին ավելի էր տաքանում:

Էդ ի՞նչ մարդիկ էին... Էն լեն ու բոլ երկիրը թողես, գաս էս ապառաժին դեմ առնե՞ս... Չէ՛, տերտեր, իմ գլուխը չի մտնում, էնտեղից էստեղ մարդ չի գա: Հենց իմ ասածն է, որ կա:

Իսկ Ավան ամու ասելով՝ Կարմրաքարի տեղը շատ առաջներում անանց անտառ է եղել և անտառի միջով, գետի ափով միայն մի նեղ արահետ: Ո՛չ բերդ է եղել, ո՛չ քաղաք և ոչ էլ տաճար: Հիմնադիրը մի գնչու է եղել, որն իր կնոջ և էշի հետ անցնելիս է լինում արահետով: Հանկարծ կնոջ ցավերը բռնում են, գնչուն խոսք է տալիս, որ եթե կինը տղա բերի, ինքը ձեռք է քաշելու թափառական կյանքից և հենց այդտեղ էլ տուն է շինելու:

Չվանը ետ է տալիս, ծառից կապում... Կնիկն էլ գնում է ծառի շվաքարանում պառկում: Մինչև էշի փալան վեր ունելը, կնիկը մի տղա է բերում... Էն օրից էլ էս գյուղն ստեղծվում է: Դե հաշիվդ ա՛ռ...

Գյուղացիներից շատերն էին համամիտ Ավան ամու ասածներին:

Խելքը գլխին մարդը չի գա էս քարի ու քոլի մեջ տուն շինի... Էն է ոտքերը ջարդված բոշա պետք է լինի, որ էստեղ վեր ընկնի ու մեռնի... Թե չէ Կարմրաքարն ապրելու տեղ չի:

Այս խոսքն ասելուց, զրույցն հին օրերից դառնում էր առօրյայի շուրջը, և ամեն մարդ մի պատճառ էր բերում, թե ինչու Կարմրաքարում ապրելը դառն է:

Տարին տասներկու ամիս քարի, քոլի հետ կոխ կենաս, մաճը բռնած է՛ս ցաքուտը վարես, է՛ն քարի տակ սերմ քցես, էլի ձմեռվա կիսին տաշտը ցամաք, պարկը դատարկ: Ես իմ Աստված, արանի թուրքերը որ չլինեին, մեր օրը սև էր, — ասում էր Ունանը, որը ոչ միայն Կարմրաքարում, այլև շրջակա գյուղերում հայտնի էր որպես լավ մաճկալ:

Ինչքան էլ քարոտ և կոշտ լիներ հողը, ինչքան էլ տափը սարալանջ լիներ, Ունանը և ոչ մի ակոս ծուռ չէր տանի: Ակոսն ակոսի վրա շարում էր ու գետինը նախշում սև ցելի ուղիղ գծերով: Պատահում է, որ խոփը դեմ է առնում հողի տակ ծածկված քարի կամ փշի արմատին: Եզները հանկարծ ձգում են, խոփը թափով քարին է դիպչում, կտրատվում են փոկերը, մաճկալն ընկնում է մաճի վրա և եթե մի տեղը չվնասվի, ատամները թափով իրար պիտի կպչեն, աչքերի առաջ մթնի: Իսկ Ունանի վարը միշտ առանց փորձանքի էր: Մաճից կախ ընկած, աչքը խոփի ծայրին, լուռ հետևում էր վարին և ճիշտ ժամանակին զգում, թե քար կա հողի տակ, փորձանքը մոտենում է. իսկույն մաճը վեր էր հանում, կողքի թեքում, եզները քաշում էին և նորից խոփը խրում հողի մեջ:

Այդքան աշխատելուց հետո նրա մեկը երկու չէր դառնում: Ամեն ձմեռ Ունանը պարկերը շալակին գնում էր տափարակի թուրք գյուղերը, ճանանչ մարդկանցից ցորեն կամ գարի փոխ առնելու: Ամեն տարի այդ նույն պատմությունը կրկնվում էր: Ունանը խոսք էր տալիս, որ վերջին անգամն է մաճը բռնում, էլ երբեք վար չի անելու:

Գնամ նոքար մտնեմ, սրանից տասնապատիկ լավ կապրեմ.... Չկա՛, չկա՛, Կարմրաքարում ապրուստ չկա, — ասում էր նա, բայց հենց ձյունահալը վերջանում էր թե չէ, խոնավությունն սկսում էր գոլորշիանալ, հողը փափկանում էր, մեղմանում էր, և Ունանը օրը մի քանի անգամ նայում էր սևին տվող գյուղի հանդերին, — ուր դեռ ձյունի կիտուկները մնում էին ձորերում ու փոսերի մեջ, — հողը տրորում էր կոշտ մատներով և մոտենում՝ ամբողջ ձմեռը ձյունի տակ ընկած արորի սարքը նայելու:

Ասում ես թուրքերը որ չլինենԷլի նրանք են ձեռք բռնում, — վրա էր բերում մի ուրիշը, — ախր քա՛նի մին, քա՛նի մինՄեր գյուղում էլ կա ձեռք բռնող... Սև լինի էն օրը, որ մարդ էդ ձեռքը բռնի: Լավ է երեխեքը տկլոր մնան, քան նրանց դուռը գնաս...

Բոլորն էլ լռելյայն հասկանում էին, թե խոսքն ո՞ւմ մասին է: Հասկանում էին և լռում: Ամեն մարդ իր մտքի հետևից էր ընկնում:

Բայց եթե գյուղի հիմնադրման մասին Ավան ամու և Տեր Նորընծայի վեճը համարյա ամեն տեղ կարող էր ծայր առնել, միայն լսող լիներ, Հիբանի որդիների մասին խոսք լինում էր միայն սակավաթիվ խմբակի մեջ, և այն էլ՝ եթե լսողները յուրային էին: Օրինակ, եթե երևար Գոդին՝ լերկ երեսով, դեմքի մաշկը ծալ-ծալ ու մանրիկ աչքերով Գոդին, որ շատ քիչ էր խոսում և ինչ էլ ասեին, միայն ժպտում էր, աչքը հեռուն գցում, իբր թե չի լսում, — եթե Գոդին երևար, մեկը պիտի զրույցը հաներ ակոսից, Ունանի մաճի պես թեք գցեր, մինչև Գոդին հեռանար:

Եթե նա մոտենում էր Ունանի խոսքի վրա (իսկ Գոդին այնքան աննկատ էր մոտենում, որ մի պահ չէին տեսնում, և տեսնելուց էլ խոսողը դժվարանում էր որոշել, թե նա որ խոսքի վրա եկավ ), — այդ կարճլիկ, թիկունքը լայն և ոսկորը պինդ մարդը, որ ծանր արորն ակոսից այնքան հեշտ էր հանում, — Ունանը՝ խեղճանում էր, մի կողմի վրա քաշվում և ասում.

Նստի՛, Գոդի... Չես երևում... Ասում եմ էս տարվա աշունքավարը մի քիչ ետացավ:

Գոդին քթի տակ ժպտում էր, հեռուն նայում և կամաց հեռանում: Իսկ Ունանը փշաքաղվում էր, մեջքն ավելի ամուր հենում Բոլոր քարին:

Բայց երբեմն Ավան ամու և Տեր Նորընծայի խոսակցությունը Կարմրաքարի առօրյայի մասին տաքանում էր, մանավանդ, եթե նստածների մեջ երիտասարդներ էին լինում, որոնք ավելի շուտ Ավան ամու հետ էին և պաշտպանում էին նրա խոսքը, թե Կարմրաքարն ապրելու տեղ չի:

Նրանք ավելի տաք էին խոսում:

Տերտեր, հենց թող քո ասածը լինի. էն ժամանակ քա՞նի ծուխ կար մեր գյուղում:

Տեր Նորընծան դանդաղ պատասխանում էր.

Ըստ շնչակրական մատենույս և իմ ասմունք գրի 19 ծուխ արքունի գյուղացի, որպես ալհադդա ցուցակ... Նաև գյուղացվոց վայելման տակ գետնաբաժին հարյուրը հիսուն օրավար բարահիր հող... Մեր Ցաքուտը, Երկայն տափերը, Քառասնաջուրը... Մի առ մի գրված և Կովկասու փոխարքայից հաստատված...

Հիմա էլ հարյուրը տաս խարջ տվող տուն ունենք... Էլի էն Ցաքուտն է, էն Քառասնաջուրը... Դե Հիբանի տղորց արտերը բեր բաժին անենք, տես ո՛նց ենք կառավարվում...

Այ որդի, հողը չի պատճառը... Ազգաբանության մեջ սեր, միաբանություն չկա: Առաջվա լիությունն էլ չկա. ահա քեզ արմատ չարյաց: Թե չէ ինչ ես տակից և գլխից խոսում, — մի քիչ չարանալով ասում էր Տեր Նորընծան, ավելի արագ գլորում թազբեհի հատիկները:

Տես ինչեր են խոսում... Մեր ժամանակն ո՛ւր... Հեզ էինք, որպես գառ, — մտածում էր քահանան և ապա թազբեհի հատիկները մեկ-մեկ իրար վրա դարսելով դանդաղ ավելացնում.

Հիբանի հողերը բաժանք անես, ամենայն մի շնչի մին օրավար չի հասանի... Դորանով յարան չի սաղանա, ա՛յ օրհնյալ... Ազգաբանությունը թող հաշտարար ապրի, տես, թե ինչպես առատություն լինի ամենայն մին բանի:

Իսկ երիտասարդն ավելի էր տաքանում :

Էս քեզ միաբանությո՛ւն, տերտեր. բա որ մինը ձմեռը սխտորած ավելուկ էլ չի ճարում, որ փորը տաքացնի, մինն էլ գառան փլավ է ուտում, վրան էլ նռան ջուր խմում, որ մարսի... Սրան ի՞նչ կասես:

Ավան ամին ժպտում էր, տեղը շարժվում և ավելի հարմար նստում :

Այ թե հա՛... տերտեր, — և ժպիտը դառնում էր թեթև ծիծաղ, կապույտ աչքերը փոքրացնում էր, ավելի արագ թարթում, ասես երիտասարդին աչքով էր անում, որ ավելին ասի:

Էս էլ քու հագարացու աշխարհը չէ, որ լեզվակոխ անես... Ասի՛, էդ է, արևդ կծեմ... Թե մեր ծուռը դզող լինի, էլի ձեզանից մի հույս կաՄենք հեչ, զուր ենք հաց ուտում: Ի՞նչ ես ասում, Անդրի, իմաստուն մարդ ես:

Վերջին խոսքը Ավան ամին բարձրաձայն էր ասում, որովհետև ուղղում էր ջաղացպան Անդրուն, որի լսողությունը ծանր էր: Ջաղացպանը բարձրահասակ էր ու նիհար: Նա ավելի բարձր էր երևում այն նեղ ու հնամաշ քուրքի մեջ, որ ամառ, ձմեռ վրայից չէր հանում: Ալրոտ փափախն այնքան խոր էր կոխում, որ ականջի բլթակներն անգամ չէին երևում: Փափախի տակից թաղիքի կտորների նման կախվել էին անլվա, քրտինքից իրար կպած ու կեղտոտ մազերի փնջերը: Նրա փափախը, դեմքը, քուրքը, տրեխները, ինքն ամբողջովին՝ ալրաթաթախ էր: Փողոցով անցնողը հեռվից էլ կարող էր Բոլոր քարի շուրջը նստածների սև ու դեղնավուն չուխաների մեջ ջոկել Անդրու ալրոտ քուրքը:

Следующая страница