Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Այդ սենյակում էր պահում Խոջան իր ունեցածը` գորգերի ու խալիների կույտը, արծաթեղենը, կնոջ զարդեր, թանկագին մորթիներ, մի խոսքով այն ամենը, որի մասին գյուղում առասպելներ էին պատմում: Այդ սենյակումն էր և պղնձե մեծ սամավարը, որ Հիբանի օրոք Կարմրաքարում նորություն էր եղել և հարստության նշան: Երբ թեյի գործածությունը շատերին ծանոթ չէր, Խոջա Հիբանը տուն եկող հյուրերին ցույց է տվել մեծ ու անճոռնի սամավարը և բացատրել, թե ջուրը որտեղ են լցնում, ծորակն ինչու համար է... Նրա կենդանության ժամանակ սամավարը երբեք չէին գործածել: Ու միայն թաղումից հետո, երբ պատվավոր հյուրերի համար վերին հարկում սեղան էին բաց արել, Մկրտումի կինը առաջին անգամ սամավարի գլուխը բաց է անում: Բաց է անում և կանչում ամուսնուն... Սամավարը մինչև ունկները լիքն էր արծաթե փայլուն աբասիներով:

Խոջա Հիբանը այդ սենյակումն էր պահում փոքրիկ, գունավոր թիթեղներով պատած սնդուկը, որի մեջ էին սանադները: Երբ մեկը ներս էր մտնում և հասկացնում, որ եկել է պարտքը տալու, Խոջան սիրալիր ժպտում էր, տեղից վեր կենում ու կանչում Մկրտումին: Սարսափելի էր այդ ձայնը: Եթե փողոցով անցնողը լսում էր Հիբանի ձայնը, քայլերն արագացնում էր և միտք անում, թե ում վրա է չարացել Խոջան: Մեկն ու մեկը բարձրանում էր սանդուղքով, Մկրտումը ներքի տան պատուհանից տեսնում էր նրան, հետևից գնում և դռան մոտ սպասում: Երբեմն էլ նա հյուրերի հետ ներս էր մտնում: Հայրը բարձր չէր կանչում, այլ քթի տակ խոսում էր, նախատինք թափում որդու երեսին, գանգատվում, որ ուժից ընկնում է և առաջվա նման չի կարողանում հյուրերին պատվով ընդունել: Երեքով ներս էին մտնում կիսամութ սենյակը: Հյուրն ու Մկրտումը կանգնում էին շեմքի մոտ, Հիբանը մոտենում էր բուխարիկին, ձեռքը մեկնում և ծխնելույզի միջից հանում փոքրիկ սնդուկը, որից հետո միայն որդին մոտենում էր:

Կարդա՛, — ասում էր Խոջան և մեկնում մի սանադ: Եվ հենց Մրկտումը սկսեր կարդալը «Վեր առիմ և պարտ եմ...», հայրն ընդհատում էր.

Էդ չի, — և մի ուրիշն էր տալիս: Երբ գտնում էր սանադը և տալիս որդուն, Հիբանը ծնկներին կռթնած սպասում էր, մինչև Մկրտումը գիրկապ անելով կարդա խոնավությունից դեղնած ու տեղ-տեղ խմորով կպցրած սանադը... «Վկա եմ... վասն անգրագիտության և խնդրանոք նորա սույն արքը հաստատեմ և արքունական կնքովս դրոշմ եմ...»: Կարդում էր որդին, իսկ հայրը վիզը թեքած լսում էր, աչքերը ճպճպացնում, սեղմում էր աչքերը, ասես արցունք կա, որ հիմա պիտի քամի, աչքերի չորությունը մեղմի: Վեհ և պատկառելի էր նրա դեմքը այդ վայրկյաններին: Կարծես մահվան վճիռ էին կարդում: Եվ թեկուզ վճիռը թելադրել էր այդ ծերունին, նրա դեմքին նայողը կմտածեր, թե նա զղջում է ու սիրտը ցավում է:

Պարտաթուղթն կարդալուց հետո Հիբանը փակում էր սնդուկը, թուղթը մոտեցնում եկողին ու մի խոր հոգոց քաշում: Այդ հոգոցից հետո պատկերը փոխվում էր: Հիբանի աչքերն էլ չէին ճպճպում, այլ բացվում էին, անթարթ սևեռում նորեկի սեղմած բռունցքին: Սկսում էր հաշիվը: Ամեն մի կոպեկը տնտղում էր, նայում գրին ու նշանին: Եթե թղթադրամ էր, ծնկան վրա էր դնում, ծալքերը հարթում, բութով և ցուցամատով տրորում, մի քանի անգամ հարցնում.

Հո ղալբ չե՞ն... Մկրտո՛ւմ... Անունդ քարին գրեմ, մի տես, իմ աչքերը լավ չեն ջոկում. տես նշանը տեղն է՞… — ու մինչև Մկրտումը թղթադրամի վրա կգտներ հոր ուզած նշանը, Խոջան սրտնեղած ասում էր. — ափսոս չի ոսկին... մաքուր հաշիվ, ոչ ծալվել ունի, ոչ կեղտոտվել: Է՛Խեր բարաքյաթը կորա՛վ, հազար ... –ից փող են կտրում, ամոթ չլինի ասել:

Իսկ դիմացինը ամեն մի դրամի համար մի պատմություն էր անում, պատմում, թե սպիտակ աբասին ումից է ստացել, ինչքան է խոտ հարել նրա դիմաց, թե հինգանոցն իր մոր հոգեպահուստն է, որ ստացել է հարսանիքի օրը հորից:

Հա՛, հա՛... Ողորմած հոգին լավ մարդ էր: Ա՛յ փուչ աշխարհ, փուչ էլ կմնաս: Դե նայի՛, նայի՛... Էս ոսկին ու հիմիկվանը մին ե՞ն:

Փողերը ստուգելուց հետո Հիբանը սկսում էր հաշվել: Եթե գումարը մեծ էր, գրպանից հանում էր թազբեհը և հատիկները գլորելով համարում, իսկ եթե փոքր էր, նրա հաշվելու ձևը հասարակ էր:

Վեց աբասի, էս էլ տասը շահի, էս էլ վեց շահի, տասնվեց շահի: Էս երկու մանեթ, էս էլ հնգանոցը, չէ՛, քեզ մատաղ... Դու էլ միտդ պահի, որ չսխալվեմ... Հարամ կոպեկ իմ փողին ես չեմ խառնի, — և հանկարծ դառնում էր որդուն.

Ի՞նչքան էր գրածը:

Տասնչորս մանեթ:

Հիբան աղա, բա խոտի վարձը, — վախվխելով ասում էր գյուղացին և հիշեցնում, որ պարտքի դիմաց անցյալ տարի երկու օր նրա համար խոտ է հարել:

Խո՞տս որն է, — հոնքերը կիտում էր Հիբանը, — էն թո՛ղ... Խոտը ջոկ, փողը ջոկ, խալխի ձիերը խոտը կերել են, ես պիտի ջառման քաշե՞մ... Իմ փողը պետք է թամամ լինի:

Ախր...

Է՛հ, դե հաշիվը մի խառնի է՛... Էս տասնըմին մանեթ վեց շահի... Մկրտո՛ւմ, միտդ պահի... Էս երկու աբասի, տասնչորս կոպեկ. տե՛ս, տե՛ս, էս շահանոցի գլխին ինչ օյին են խաղացել... Ասա, շան որդի, փողը ոսկո՞ր է, որ կրծել ե՛ք...

Հիբան աղա, երեխեքն են

Պա՛, պա՛, պա՛... Երեխու ձեռը փող չդնե՛ս, տունդ կքանդես: Հրես տես, պսակելու եմ էս աշունքը, իրա օրումը ջեբը մի քոռ չեթ էլ չի տեսել... Վախտը կա, ամեն բանի ժամանակը կա... Մեռնելուց հետո թող տիրություն անի... Մկրտո՛ւմ, ինչքան եղավ. զրուցով ընկանք:

Տասներեք մանեթ, վեց շահի:

Հիբան աղա, դե մնացածն էլ բաշխի, երեխատեր եմ. տանը հիվանդ ունեմ, ուզում եմ մի գուշ ոսպ առնեմ:

Չէ՛, չէ՛, թափ տուր, ջեբդ թափ տուր: Ես ո՛վ եմ, որ փողի հետ խաղ անեմ: Ուզում ես ինձ էլ, քեզ էլ խայտառակ անե՞ս:

Հիբան աղա, մեր հարսը մի քանի օր բուրդ է լվացել ձեր տանը. նրան էլ է խղճացիր... Շաբաթից ավել է ճրագ չենք վառել:

Դե բավական է, էլի՛, — ձայնը բարձրացնում է Հիբանը, — ես էլ չեմ ճրագ վառում... Լուսով հացդ կեր, տեղերդ մտի... Քեզ վեց շահի, նրան մի մանեթ: Ես շահի խազնադարը չեմ: Ջեբդ թափ տուր... Վեց շահու արժեքն ինչ է, որ դրա համար խոսք ու զրույց ես անում: Ուզո՞ւմ ես էլի հետ տամ, թազա սանադ սարքենք... Թքած փողի վրա. դու մարդու լավությունն ասա... Փողն ի՛նչ բան է, քեզ պես մի մարդու հետ. նստել վերկենալը հազար մանեթի թայ չեմ անի...

Եվ թաշկինակի ծայրին կապած երկու արծաթը գյուղացին հանում էր, լրացնում պարտքն ու տոկոսը, որից հետո Հիբանը սանադը միջից երկու էր անում, կտորները տալիս նրան և ստիպում, որ նա էլ մանր կտորներ անի: Ապա հավաքում էր կտորները, լցնում նրա բռի մեջ: Երբ վեր էին կենում, Հիբանը սնդուկը բուխարու մեջ տեղավորելուց հետո, դառնում էր գյուղացուն.

Գնո՞ւմ ես... Մնայիր, էն թազա սամավարից մի չայ կխմեինք: Հա՛, լավ ես ասում... Գործի ժամանակ է, գնա՛, գնա՛ բանիդ: Չայը թամբալ թուրքի բան է: Է՛, քեզ նման ջան ունենայի, մի տարում երկու տուն կսարքեի... Ի՞նչ ես էդպես խեղճացել: Աստված կռներիդ ուժ տա, էլի կամ, մի վախենա: Էս փողն ո՞ւմ համար է: Թե հարկավոր լինի, արի՛... Հալալ մարդու համար իմ դուռը բաց է, — և ձեռքով մի քանի անգամ փափուկ զարկում էր նրա թիկունքին, ճանապարհ դնում:

Հենց հյուրը գնար թե չէ, Խոջա Հիբանն սկսում էր զայրանալ որդու վրա: Մի առիթ միշտ կգտներ, կամ ուշ էր եկել, կամ կարդալուց կմկմացել էր և կամ գումարը պարզ չէր ասել:

Էսքան թուք ու մուրն ո՞ւմ համար է... Դու որ մեծն ե՛ս, էդպես ես, բա էն փոքրին ի՞նչ օրինակ ես լինելու: Շան ծիծ ես ծծել, ես քո խրատողի... Կո՜րի, աչքիցս հեռացի...

Խոջա Հիբանն ագահ էր ամեն ինչի հանդեպ: Կես գիշերին հանկարծ տեղից վեր էր կենում և թեկուզ լուսանալուն շատ կար, զարթնեցնում էր տնեցոց, ծառաներին ստիպում, որ տավարը մթնով տանեն ու մինչև լուսանալը գյուղի մոտակա հանդերում կշտացնեն:

Արջերն էլ են շատ քնում... Ասենք տեղներս ծմակ է, ուրեմն պետք է արջաքուն տա՛ք...

Տնեցիք վեր էին կենում, մեկը քնաթաթախ երեխաներին էր հագցնում, մյուսը ծառաների համար կերակուր պատրաստում: Իսկ ինքը թամքած ու տան սյունից կապած ձին նստում էր գնում կամ հարևան գյուղը ապառիկն առնելու մեկից, կամ բուրդի կանխավճար տալու, կամ գերաններ պատվիրելու, որպեսզի մի շաբաթվա ընթացքում, գյուղական աշխատանքի թեկուզ եռուն ժամանակ, մի քանի հարյուր գերան եզներով քաշել տա և Կարմրաքարի կածաններով տանի քաղաք:

Խստաբարո մարդ էր Հիբանը: Նրա մասին գյուղի պառավներն ասում էին, թե աչքը չար է: Եթե երևար փողոցում, նրանից ավելի տարիքավոր կանայք անգամ տեղից վեր էին կենում և դռան ետևը պահվում՝ մինչև անց կենար: Շա՛տ կանայք երեխաներին էլ էին տանում, իսկ անցնելուց հետո նորից էին դուրս գալիս: Մի տղամայր անպատճառ պիտի կռանար, մի քար շրջեր՝ նրա չար աչքի դեմ:

Խոջա Հիբանի մասին գյուղի կանայք զանազան լուրեր տեղեկանում էին նրա կնոջից, երբ գնում էին նրանց համար բուրդ լվալու, գզելու, կարպետներն ու գորգերը թափ տալու, հաց թխելու: Կինը չէր քաշվում և ընկեր, հարևանին ցույց էր տալիս իր մարմնի կապտած տեղերը: Ծեծն ու նախատինքը նա անտրտունջ տանում էր և միայն բավականանում էր իր ցավը ուրիշներին պատմելով: Ամուսինը գիտեր այդ. գիտեր և լռում էր: Նա իր հաշիվն ուներ: Հիբանը գիտեր, որ կինը մեկը տասն է շինում, դեպքը ծաղկեցնում, իսկ այդ նրան ձեռնտու էր: Որքան շատ դողային իրենից, որքան շատ երկյուղ ներշնչեր հարևաններին, այնքան ավելի ազդեցիկ ու անվանի կլիներ:

Հիսուն տարվա ընթացքում Հիբանի կինը միայն մի անգամ էր ըմբոստացել իր ամուսնու դեմ և նույնիսկ մի օրով էլ տանից հեռացել: Այդ այսպես է պատահել: Հիբանն աշխատանքից տուն գալուց (նա գնացել էր կամրջի մոտ ուղտապաններից բուրդ առնելուլսել էր զուռնայի ձայն. կամացուկ մոտեցել էր ձայնի վրա և տեսել, որ նվագողը որդին է՝ Մկրտումը, տաս-տասներկու տարեկան տղան: Հայրը զայրացել էր, ձեռքի գրվանքանոցը շպրտել որդու վրա: Երկաթը կպել էր ճակատի անկյունին և ոսկորը ճեղքել: Վրա է վազել մայրը և արնակոլոլ որդուն ազատել գազազած հոր ձեռքից: Այդ գիշեր Հիբանը ծեծել է և կնոջը:

Էս լակոտն ինձանից չի... Ուրիշից ես բերել, շա՛ն աղջիկ: Իմ ցեղում զուռնա ածող չի եղել:

Մայրը գրկում է վիրավոր երեխային և կես գիշերին գնում ծնողների մոտ: Սակայն Հիբանի ահից ծնողները չեն համաձայնվում նրան տեղ տալու, և մյուս առավոտ նորից վերադառնում է ամուսնու հարկի տակ: Ճշմարիտ է, այդ դեպքից հետո Հիբանը քիչ մեղմանում է, նա հիվանդի համար նույնիսկ քաղաքից մրգեղեն է առնում, բայց հենց երեխան առողջանում է թե չէ, ձեռքերն իրար զարկելով կնոջը հայտարարում է, որ Մկրտումի ոսկորն իրենից է և շարունակում է մի անգամ բռնած ճանապարհը:

Հիբանի կինն ավելի կանուխ է մահանում: Վերջին տարիներում պառավը չորացել, մնացել էր կաշին ու ոսկորը: Կնոջ մահն ազդել էր նրա վրա: Ճիշտ է, նա առաջվա պես ագահ էր և խիստ, բայց ավելի էր մռայլ, հաճախ՝ դաժան: Դարձյալ գիշերները զարթնեցնում էր, գործի ուղարկում: Այս անգամ մի տեղ գնալուց, նա Մկրտումին իր հետ էր ման ածում և ճանապարհին խրատում, թե ինչպես պետք է իրեն պահի այսինչի մոտ, ո՞վ է Զրիկում ամենահարուստը, ինչի՞ց է նա երկյուղ կրում, ո՞վ է իրեն պարտ:

Այդ խոսակցությունը հաճելի էր Մկրտումին: Նրա մեջ զարթնում էր փոքրիկ գազանը, որի ճանկերը դեռ ոսկրացած չէին և որը սակայն ավելի ագահությամբ էր հարձակվում հոր կողմից հոշոտված որսի վրա: Դրանից էր, որ նա ավելի համարձակ էր կարդում մուրհակը, արագ գումարում, երբեմն փողը ստուգում: Հիբանն աչքի տակով նայում էր, և ինքնագոհ ժպիտը մեղմացնում էր նրա դեմքի խոժոռ արտահայտությունը:

Մի առավոտ էլ, երբ հոր հանձնարարությամբ հսկում էր, թե ինչպես են խուզում տան առաջ նստած ոչխարներին, Եփրեմն եկավ և կանչեց եղբորը: Երկուսով ներս մտան: Հայրը պառկել էր կարպետին... Սանամ հորքուրը բարձ էր դնում նրա գլխի տակ. ծերունին արխալուղի կոճակներն արձակել էր ու խոր շնչում էր: Դռան ձայնից գլուխը մի քիչ բարձրացրեց, տեսավ որդիներին: Եփրեմի ճակատը համբուրելուց հետո ձեռքով նշան արեց, որ դուրս գնան... Սանամ հորաքույրն էլ հետևեց նրան: Մկրտումը հասկացավ հոր հայացքը և թաթերի ծայրով մոտեցավ դռանն ու կապը գցեց: Ծերունին ձեռքով կարպետին խփեց, հասկացրեց, որ Մկրտումը նստի: Ու գլուխը նրա կողմը դարձնելով շշնջաց.

Ուզում էի ոչխարի մոտ գամ... Հը՞, բուրդը հո երեսից չեն խուզում, Գոգին էնտե՞ղ է... — Մկրտումը գլխով արեց: Հոր գունատ դեմքը նրան սարսափեցրեց: Մի՞թե մեռնում է... Ուրեմն մենակ պիտի մնա... Ու նա հիշեց պարսպի և տան կտուրի մասին եղած խոսակցությունը:

Մի անգամ հոր հետ գնացել էր քաղաք: Վերադարձին նա՝ ցանկություն էր հայտնել տան շուրջը պարիսպ քաշելու, իսկ կտուրն էլ թիթեղով ծածկելու, ինչպես քաղաքումն են անում: Հիբանը բարկացել էր նրա վրա:

Շհարո՛ւմ... Շհարում հազար լրբություններ են անում... Իմ կարողությունը ես էն սևացած տանն եմ հավաքել: Թող մի քիչ էլ կտուրը կաթի, հոգիդ դուրս չի գա, որ ձյունը մաքրես...

Բայց քիչ հետո համաձայնվել էր պարսպի կառուցման մտքի հետ:

Հազար մարդ է անցկենում, հազար աչք է նայում... Էդպես ավելի ապահով կլինի:

Եվ խոսք էր տվել եկող գարնանը քար ու կիրը հավաքելու: Թեկուզ քար ու կիրը պատրաստ էր, բայց հայրը դարձյալ հետաձգում էր: Մկրտումի առաջին միտքն եղավ պարսպի կառուցումը: Հիբանն ասես որդու միտքը հասկացավ:

Չէ, դեռ ժամանակը չի... էդքան շուտ չի լինի: Ես ժամանակը գիտեմ... — Մկրտումին թվաց, թե հայրը հասկացավ իր միտքը՝ նրա մահվան մասին: Ու նրա մտքովն անցավ, որ հոր մահը մոտ չի, և նա գիտե, թե երբ է գալու ժամանակը:

Սանամ հորքուրիդ կպահես, թող տերություն անի, մինչև... Հը, բան-ման կա՞, թե չէ...

Այդ մասին հայրը մի անգամ էլ էր հարցրել իրեն, երբ միասին գնացել էին անտառը գերանները ջոկելու: Խոսքը Մկրտումի կնոջն էր վերաբերում: Երկրորդ տարին էր, ինչ ամուսնացել էր, բայց երեխա դեռ չունեին: Հիբանն իր քրոջն էր մի քանի անգամ հարցրել այդ մասին, և թեկուզ Սանամը եղբորը հանգստացրել էր, թե դեռ հարսը երեխա է, բայց և այնպես նրա հետ խոսելուց հետո, հարսին այնպիսի հարցեր էր տվել և այնպիսի խորհուրդներ, որ մանկամարդ կինը ամաչելուց կարմրել և արցունքն աչքին հեռացել էր տան անկյունում դառը հեծկլտալու:

Հոր հարցին Մկրտումը չպատասխանեց: Կարմրեց ու սկսեց կարպետի ծայրը մատներով տրորել:

Կլինի, կլինիԻմ ցեղն անժառանգ չի... Սանամ հորքուրիդ կպահես: Մի քիչ խելքը պակաս է, համա աշխատավոր է... Եփրեմին բռանդ մեջ կպահես, խելքը խակ է, բայց ո՞վ գիտե ինչ դառնա... Դե գնա՛, գնա՛, բուրդը ցրիվ չտան: Մեծաբուրդը թող ջոկ դարսեն. անլվա էլ գինը թանկ է... Տե՛ս, Նորընծան տա՞նն է, ասա թող գա... Էդ հոգսից էլ պրծնենք, — և ասես ինքն էլ սարսափելով իր մտքից, որ մահը մոտ է, դեմքի մկանները կծկելով, ասաց, — չէ՛, ժամանակը ե՛ս գիտեմ... Թող գա... Թող գա, — և պինդ, շատ պինդ սեղմեց որդու ձեռքը: Մկրտումը մեջքը ձգեց ու թեքվեց հոր կողմը: Հայրըն անզոր ժպտաց.

Տեսնո՞ւմ ես ինչ ուժ ունեմ... Դե գնա՛, գնա՛...

Մկրտումը դուրս գնաց: Շեմքի մոտ Սանամ հորքուրը գոգնոցի ծայրով սրբում էր արցունքը: Մկրտումը տեսավ այդ և այն թափը, որով նա դուրս եկավ բուրդ խուզողներին կարգադրելու հոր ասածը, այդ թափը կոտրվեց, ոտքերը թուլացան: Ու շվարած հայտնեց միայն, որ հայրն ուղարկում է քահանային կանչելու:

Լուրն ամբողջ գյուղում արագ տարածվեց: Ճաշի մոտ քահանան նրան հաղորդություն էր տվել և երբ դուրս էր եկել, գյուղացիներին, հայտնել էր, որ Խոջա Հայրապետը դեռ շատ է ապրելու, գույնը տեղն է, հիշողությունն առաջվա պես: Մի քանի ծերունիներ քչփչացել էին, որ հոգին ծանր է տալու, շատ պիտի տանջվի:

Բայց և այնպես գալիս էին նստոտում կարպետի վրա, զրուցում: Զրույցն ընդհատվում էր, երբ ներսից լսվում էր հիվանդի ձայնը... Ոմանք աշխատում էին Մկրտումի աչքին երևալ: Մի քանի կանայք, մանավանդ հարսի ազգականներից, ներս ու դուրս էին անում, ավլում, սրբում, կարպետի վրա նեղլիկ ներքնակ գցում, եթե եկողը գյուղի ազդեցիկ մարդկանցից էր: Ոմանք առաջին անգամ էին տեսնում նրանց տունը և օտարոտի հայացքով դիտում էին պատերը, օճորքը, պատից կախած գորգերը, գետնի լայն կարպետը: Անկյունում նստած երկու մարդ քսփսում էին, հազիվ լսելի ձայնով մեկը պատմում էր մյուսին, որ դիմացի պատից կախած ծաղկավոր կարպետը Զեյթա գյուղացի Աբասինն է, և Հիբանը վերցրել է այդ՝ տասը ռուբլու պարտքի դիմաց:

Երեկոյան հիվանդի դրությունն ավելի ծանրացավ: Շնչառությունն ընդհատ էր. մերթ կորչում էր շունչը, հիվանդն աչքերը խփում էր, դեմքին և ոչ մի մազ, ոչ մի մկան չէր շարժվում, — մերթ խորանում էր, կրծքի վանդակն ուռչում... Հիվանդը դեն էր գցում վերմակը, փորձում տեղում նստել, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լեզուն կապ էր ընկնում: Կողքին կանգնողներից ամեն մեկը իր կերպ էր հասկանում հիվանդի միտքը. մեկը բարձն էր ուղղում, մյուսը պատուհանն էր բաց անում, իսկ երրորդը պատվիրում էր ջուր տաքացնել: Մկրտումը մեկ հորն էր մոտենում, մեկ դուրս գալիս, Եփրեմին, Գոդուն և ծառաներին հենց առաջին հանդիպողին կարգադրություններ անում, որից և ոչ մեկը հիվանդի առողջությանը չէր վերաբերում: Սակայն բոլորն էլ գիտեին, որ ինչ էլ պատահի, կովերը պիտի կթեին, ոչխարը փարախն անեին, ձին թիմարեին, շան տեղը փոխեին:

Վերջին հյուրը՝ Տեր Նորընծան, բարի գիշեր ասաց, մի քանի խոսք էլ ավելացրեց այն մասին, թե հիվանդն ամուր է, հարվածը կանցնի և դեռ շատ տաիներ կապրի: Մնացին մոտ ազգականները: Կես գիշերին իրոք որ Հիբանն իրեն լավ զգաց: Հայրը Եփրեմին հարցրեց, թե ձիուն ինչ խոտից են տվել: Մկրտումը մեկ-մեկ թվում էր, թե ովքեր էին եկել:

Ասում ես Առուստա՞մն էլ էր, — և հոնքերը կիտեց: Առուստամը Ավան ամա հայրն էր: Հիբանի և նրա մեջ հին և խուլ թշնամություն կար, չնայած դրան, Առուստամը մի քանի ծերունիների հորդորանքը լսելով, եկել էր իր թշնամու վերջին տեսությանը, բայց գալուց հայտնել էր, որ հիվանդի հետ չի խոսելու:

Ո՞վ գիտե, ինչ էր մտածում... Մարդ է, հողեղեն է, չէ՞, Սանամ, — հարցրեց Հիբանը: — Երևի ուզում էր հաշտվի, հը՞... Թե եկել է, որ հետո ծիծաղի: Հը՞, Սանամ, խոսի է՛... Ինչ ես պապանձվել:

Հայրապե՛տ, չար ես մտածում... Էն խեղճը ամենից շատ էր թառանչ քաշում:

Հա՛, լա՛վ, լա՛վ, ուրեմն մարդ է, խիղճ ունի... Վերջին դատաստանը միտն է բերել: — Ու մի քիչ հետո հարցրեց.

Տեր Նորընծան գնա՞ց...

Հա, կանչե՞մ, — ասաց Մկրտումը:

Չէ, էնպես... Ուզում էի մի բան հարցնեմ: — Մի պահ էլ աչքերը ման ածեց, կարծես մեկին փնտրում էր, հետո կողքին դարձավ: Սանամը մոտեցավ, թիկունքը ծածկեց ու Հիբանը խոր քնեց:

Մյուսներն էլ ցրվեցին, ամեն մեկը մի սենյակում քնելու: Միայն Սանամն ու հարսի մայրը կուչ եկան հարևան սենյակի անկյունում, ննջում էին և թերի թողած զրույցը շարունակում: Սանամը պատմում էր, որ եղբայրը առավոտ կանուխ կանչել էր իրեն և գանգատվել, թե գիշերը լավ չի քնել:

Էն հարսն, ասում է, երազիս եկավ... Ծարավ էի: Մեր էն մեծ գավաթով ջուր տվեցԽռով գնաց, գավաթն էլ չառավ ձեռիցս... Ասում է, քանի՛ տարի է, երազումս նրան իսկի չէի տեսել:

Հարսի մայրը աչքերը լայն չռած իր կասկածն էր հայտնում այն մասին, թե երազը վատ է, նշանը չար:

Էլի գավաթն առներ... Փորձանքն առած կլիներ:

Լուսաբացին, երբ Սանամ հորքուրը հանկարծ զարթնում է և քունը գլխին վազում հիվանդի սենյակը, նա սարսափած ետ է կենում: Գորգի վրա սպիտակահալավ նստած է լինում Հիբանը, արխալուղն ուսերին... Քրոջը տեսնելուց գլուխը վեր է հանում և հազիվ լսելի ասում.

Մկրտումի՛ն...

Սանամի ձայնից զարթնում է և հարսի մայրը, հետո Մկրտումը: Բայց հենց այն վայրկյանին, երբ Մկրտումը ներս է մտնում, հիվանդը ձեռքոով ետ է տանում գորգի ծայրը և ընկնում: Ու միայն Մկրտումն է տեսնում գորգի տակ ծածկված ինչ-որ բարակ կապոցներ:

Երկու օր դիակը մնաց նույն սենյակում: Մարդ էին ուղարկել առաջնորդից թույլտվություն առնելու, Հիբանի մարմինը եկեղեցու բակում թաղելու համար: Մինչ այդ բակում կանայք ու տղամարդիկ եփում էին, թխում, լվանում, մորթում և պատրաստություն տեսնում Խոջա Հիբանին այնպիսի շուքով թաղելու, որի նմանը, ինչպես հայտնել էր Մկրտումը քահանային, Կարմրաքարը իր օրում չէր տեսել:

...Այդ օրից շատ տարիներ էին անցել: Խոջա Հիբանի գերեզմանաքարը մի քիչ թաղվել էր, ոտքերի կողմն ավելի, քան գլխավերևը: Ջաղացպանի ասելով, այդ նրանիցն էր, որ մարդու ոտքի ոսկորներն ավելի շուտ են փտում, քան գլխի ոսկորը; Գերեզմանաքարի գրերը տեղ-տեղ հողով ծածկվել էին: Ամառվա շոգին գյուղում մնացած մի կաղ ոչխար կամ հիվանդ հորթ, տապից նեղվելով, մտնում էր եկեղեցու գավիթը և ոտքերը հազիվ փոխելով գնում, հյուսիսային գավիթի հովում, Խոջա Հիբանի տափակ գերեզմանի վրա նստում և ննջում, մինչև իրիկվա հովն ընկներ և տերը գար նրան գավիթից տուն քշեր:

Թեկուզ Հիբանի գերեզմանաքարն էլ թեքվել էր, բայց նրա անունը դեռ հիշվում էր թե՛ Կարմրաքարում և թե՛ շրջակա գյուղերում: Հիբանի տեղը Մկրտումն էր բռնել: Ճիշտ է, նրան Խոջա չէին ասում, այլ Խոջա Հիբանի տղա, բայց շատերն էին խոստովանում, որ Հիբանը խստության հետ ուներ և բարի սիրտ, համենայն դեպս «միամիտք էր և ռամիկ» ինչպես ասում էր ջաղացպանը:

Որդիներն ավարտել էին պարիսպը, տան կտուրը թիթեղել: Կարմրաքարում առաջ էլ ամեն օր հիշատակում էին նրանց անունը, երբ ասում էին՝ «Հիբանի տղի եզները», «Հիբանի հողերը», «Հիբանի ձին», «Հիբանի ժամանակվա պարտքը» և այլն, — բայց այդ ամենի վրա որդիներն ավելացրել էին խանութն ու առուտուրը:

Խոջա Հիբանն էլ էր առևտուր անում, բայց նա խանութ չուներ: Բարդաններով բուրդ էր հավաքում և ուղտերին բարձած ճանապարհ գցում քաղաք իր ծանոթ վաճառականին հանձնելու: Գերան էր ծախում, գարնան սկզբին փող էր բաշխում և աշնանը փողի դիմաց վերցնում մսացու, բուրդ, ոչխար, պանիր: Ու միշտ էլ գյուղամիջում քահ-քահ ծիծաղում էր քաղաքի վաճառականների նիստ ու կացի վրա:

Ամեն մինը մի ծակ են մտել, մի քանի թոփ չիթ ու կտորի վրա նստել, արշինը ձեռքին, աչքը քուչովն անցկացողին, թե ինչ է, մի քանի շահի փող քցեն դախլը: Դուքանս ո՞րն է... Ես որ ձին նստում եմ, փափախս թեք դրած, իմ ոչխարի կողքովն անցնում, հազար դուքանի թայ չեմ անի:

Քաղաքի առևտրականների մասին նա այն կարծիքին էր, թե բոլորն էլ խեղճ ու կրակ մարդիկ են, ըստ մեծ մասին աղքատ, և միայն իր նման խոջա ապրանքատերերն են (կամ ինչպես ինքն էր ասում «մյուլքադար և դոլվաթով» մարդիկ), որ մի կտոր հաց են տալիս նրանց:

Ինչպես կփրփրար ծերունի մյուլքադարը, եթե հրաշք պատահեր, գերեզմանից դուրս գար, անցներ գյուղի փողոցով և, իրենց բլրակին չհասած, բարակ առվի մոտ, տեսներ քարաշեն մի տուն, կապույտ ներկած երկու մեծ դռներով, դռան ճակատից ցուցանակը` վրան գլուխ շաքար, մի քանի կապ թեյ և ռուսերեն գրած՝ «Մանրուքի խանութ եղբ. Մանգասարովների»... Խանութի մի անկյունում աղաքարի կույտեր, մեծ տակառներ, մեջը լի ցորեն, գարի, ապա բարակ միջնորմը՝ վրան շատ ծանոթ գորգեր, գորգերի վրա պղնձե փայլուն կշեռքը, իսկ դարակներում՝ ճոթ ու կտոր, գույնզգույն չիթ, թոփեր` մահուդ, ատլաս, ծոպավոր թաշկինակներ, շաքար, պնակներ, լամպի ապակի, բաժակներ, կոճ ու թել, մի խոսքով այն ամենը, ինչ վաճառում էին քաղաքում: Եվ այդ խանութում՝ Եփրեմը, բուխարա փափախով, սև մահուդե պինջակով, ինչպես հագնում էին քաղաքի վաճառականները, և որի համար էլ նա ծաղրում էր նրանց (պինջակը մարմինը մինչև սրունքները չէր ծածկում, ինչպես Խոջա Հիբանի շալի չուխան և մեջքից վար բաց էր մնում, որի համար էլ քաղաքացիներին Հիբանը մի անգամ ծաղրական ու ծանր խոսք էր ասել): Եփրեմը չթե թոփերն առաջը թափած՝ հաճախորդին գովում էր, ֆիրմայի անունը տալիս՝ Ցինդելի սատին, Մարոզովի «ամենապերվի» հալավացուն: Գովում էր և չափում, արշինը հոտավետ չթի մեջ այնպես ֆռռացնում, ասես մանկուց նրա հետ էր խաղացել... Իսկ անկյունում, դախլի մոտ նստած էր Մկրտումը, որը հին ճանանչ Սուլեյման քիրվայի որդու երկու հարյուր ռուբլու մուրհակը ծոցի հաստ «կնիշկայի» մեջ պահելուց հետո, այդ նույն տեղից հանում էր և մեկ-մեկ հաշվում 15 հատ տասնոց, նույն կարմիր տասանոցներից, ինչպիսիք կային հոր ժամանակ...

Խոջա Հիբանի մահից հետո այդ խանութն էր ավելացել Կարմրաքարում, որի շաքարն ու չիթը գնված էին այն դրամով, որի մասին Խոջա Հիբանը իր վերջին ցանկությունն անգամ չկարողացավ որդուն հայտնել...

* * *

Օրը մթնում էր:

Իրար հետևից վառվում էին ճրագները: Երբեմն ճրագը ձեռին մեկն անցնում էր բակով: Հեռվից այնպես էր երևում, ասես մութի մեջ լույսն ինքն իրեն է շարժվում ու հանկարծ հանգչում: Նախիրից հետ մնացած մի կով բառաչում էր գյուղի ծայրին: Գետի մյուս ափին, գյուղի դիմացն ընկած անտառի բացուտում խարույկը բոցավառվում էր: Կրակը մեկ հանդարտում էր, մեկ վեր սլանում, և միլիոնավոր կայծեր ցրվում էին խավարի մեջ: Ասես հսկա մի աստղ էր թպրտում ծառերի արանքում :

Իսկ քիչ հետո, երբ խավարը թանձրացավ, ու ճրագները մեկ-մեկ հանգան, որպես հսկումի կրակ մնաց միայն անտառի խարույկը, որի շուրջ բոլորը նստոտել էին խոզարածները, և Հիբանի ամարաթի լուսավոր պատուհանը, որ բլուրի բարձունքից անթարթ աչքի պես դիտում էր գյուղին:

Վերին հարկի այն սենյակը, ուր մահացել էր Խոջա Հիբանը, անճանաչելի էր դառել տարիների ընթացքում: Հիբանի ցածլիկ և հաստ տախտակներից սարքած թախտը Մկրտումը քանդել և ցորենի ամբարում միջնորմ էր շինել: Նրա տեղը դրված էր երկաթե մահճակալը, վրան՝ բարձերի կույտը: Անկյունում կողք կողքի շարված էին բոլորովին նոր աթոռներ: Սեղանի վրա փողը կապույտ ներկած գրամաֆոնն էր, կողքին գիպսե մի հորթ: Խանութից տուն դառնալուց, երբ հարկավոր էր լինում արխալուղը փոխելու, Մկրտումը քրքրում էր գրպանները և կեղտի մեջ մոռացված մի քանի պղնձադրամ հանում, գիպսե հորթի մեջ գցում:

Սենյակի պատերը զարդարված էին խալիներով ու կապերտներով: Հատակին, պատերի տակ փռված էին բարակ ներքնակներ, ծածկված նեղ ու երկար գորգերով: Թեկուզ մահճակալը, սենյակի մնացած կահկարասիքն առել էին քաղաքի մեծ մագազիններից, իսկ գրամաֆոնը Եփրեմն էր Բաքվից բերել, բայց և այնպես սենյակն անճաշակ էր կահավորված: Գրամաֆոնի և աթոռների վրա մի մատ փոշի կար: Ոչ նվագել էին և ոչ էլ նստել աթոռների վրա: Մկրտումը և նրա մոտ եկողները գերադասում էին ծալապատիկ նստոտել փափուկ գորգերի վրա, թիկնել պատին: Միայն Եփրեմն էր աշխատում «աբրազոննի և քաղաքավարի» լինելու, ինչպես ինքն էր ասում:

Առաստաղից կախած ճրագն առատ լույս էր տալիս: Ու թեկուզ գարնանամուտ էր, բայց և այնպես բուխարիկում վառվում էին կաղնու չոր փայտերը և տաքացնում տունը: Բուխարիկի մոտ, մութաքային թիկն էր տվել Մկրտումը, կողքին՝ համրիչը: Նա լուռ նայում էր երկար ու նեղլիկ մատյանին, շրթունքները շարժում և ապա թերթը շրջելուց առաջ համրիչի հատիկները հետ ու առաջ տանում, հաշվում:

Լռությունը խանգարվում էր համրիչի չրխկոցից և այն ձայներից, որ լսվում էին ներքի տնից: Այստեղ էր ապրում Եփրեմի ընտանիքը, օրվա մեծ մասն այնտեղ էր անցկացնում և Մկրտումի կինը՝ Շողերը: Սանամ հորքուրն էլ, եթե ցուպին հենվելով շաբաթը մի անգամ գալիս էր հորանց տունը, ներքի տունն էր գնում: Նա գանգատվում էր, որ մահը մոռացել է իրեն, ոտքերում այնքան ուժ չկա, որ քարե սանդուղքը բարձրանա և մի անգամ էլ տեսնի այն սենյակը, ուր մահացավ իր եղբայրը:

Մկրտումը ապառիկների մատյանն էր թերթում: Եթե մի օր կորչեր Տեր Նորընծայի չափաբերական մատյանը, և քահանան ձեռքի տակ ոչինչ չունենար որոշելու համար, թե մի քանի տարի առաջ գյուղում ի՞նչ ծնունդ կամ մահ է պատահել, — հեշտ կլիներ պահանջած տեղեկությունը քաղել Մկրտումի «նիսիաների դավթարից», որի նեղ ու երկար երեսների վրա գրանցված էին ոչ միայն Կարմրաքարից, այլև հարևան հայ ու թուրք գյուղերից շատ տնտեսություններ, ըստ նրանց զորության կարգի: Մատյանի առաջին մասում ունևոր տնտեսություններն էին և շատ «պաչոտնի» (ինչպես ասում էր Եփրեմը) մարդիկ, որոնց ամենօրյա առուտուրը նրանց խանութիցն էր: Վերջում մի քանի էջ հատկացված էր նրանց, որոնք Եփրեմի ժարգոնով կոչվում էին «Ղարիբանոցի խումբ»: Մատյանը միօրինակ ձևով չէր գրված. կային երեսներ, ուր Մկրտումի բարակ ձեռագրով նշանակված էր. «ձեռաց առավ 15 մնթ, հօգոստոսի 9-ին»: Բայց ավելի հաճախ, մանավանդ եթե ապառիկն ապրանքով էր եղել, մատյանն ավելի մանրամասն էր ասում: Օրինակ՝ «Շալուն Սիմոնին մի գրվ. շաքար կնունքի համար, ևս հիլ զանջաֆիլ 10 կոպ.»... «Թարիվերդի Սուլեյմանին հարսանիքի համար 10 արշ. զոլավոր, Պրոխորովի լաստիկ8 արշ., գյուլի այլուխ3 հատ, մի գլուխ շաքար Բրոդսկու, լավը, խոշկյաբար4 գրվ., նաբաթ 1 գր., ևս լամպի շուշա տասանոց1 հատ, բոլորի գումարը22 մանեթ 34 կոպ.»:

Следующая страница