Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Առանձին էր քոչվորներին բաց թողած ապառիկի ցուցակը: Ամեն գարնան ամպ ու փոշու մեջ կորած հազարավոր բազմություն հեռավոր տափաստաններից ոչխարը, ուղտը, եզն ու ձիու երամակներն առաջ արած բարձրանում էին այն լեռնաշղթան, որի մասին վաղեմի ճանապարհորդ վարդապետն իր հիշողությունների մեջ գրել է, թե մատանու նման օղակում են Կարմրաքարը և ադամանդի պես սպիտակ լիճը բարձր պահում: Քոչն իրար էր խառնվում. հետև մնացողները նեղվում էին տափարակի տոթից, անասունները փնչոցով շտապում էին, օր ու գիշեր ճանապարհ կտրում սարի թարմ կանաչի համար: Հետինները քշում էին առաջիններին, ճամփի նեղ կապերում տավարն իրար էր խառնվում, բարձրանում էր չտեսնված աղմուկ-աղաղակ: Եվ հենց հասնում էին լեռնաշղթայի փեշերին, ամեն «օյմաղ» ցրվում էր իր պապերի ոտքերով ծեծած կածանով և նորից վրան զարկում սարում թողած նախահայրերի գերեզմանների մոտ:

Այդ քոչը Կարմրաքարի միջով չէր անցնում, բայց նրա ծայրը երևար թե չէ, աշխուժանում էին շատերը: Եվ չարչիների մի ամբողջ խումբ ասեղներով, հայելիներով, գունավոր կանֆետներով, թաշկինակներով ու այլ մանրուքով լի տոպրակները շալակած նրանց առաջն էին ելնում, խռնվում բազմության մեջ, ծախում, փոխանակում, ծանոթներին հանդիպում և մի շաբաթ հետո գյուղ վերադառնում՝ պարկերը նորից լցնելու եղբայր Մանգասարովների խանութում:

Եվ թեկուզ բազմությունը Կարմրաքարի վրայով չէր անցնում, բայց և այնպես փոքրաթիվ խմբերով երևում էին գյուղում: Ոմանք աղուն էին բերում ջաղացպան Անդրու մոտ, ոմանք գալիս էին Կարմրաքարի իրենց ճանանչ մարդկանց պատվիրելու, որ անտառում վրանների համար երկար ձողեր պատրաստեն, ոմանք՝ հենց այնպես, միայն իրենց ծանոթներին այցելած լինելու համար: Սակայն ինչ գործով էլ գային, նրանք սար բարձրանալուց պիտի անցնեին Խոջա Հիբանի որդիների խանութի առաջով, որպեսզի ծռվեն աջ ու Քառասնաջրի նեղ կածանով, անտառի միջով հասնեն իրենց «օյմաղին»:

Այդ օրերին մի քանի տասնյակ ձիեր կապված էին խանութի առաք ընկած գերաններից: Ներսում եռ ու զեռ էր: Հարցնում էին քեֆ-հալ, իրար ձեռք տալիս, որդիների ու հարազատների առողջությունից տեղեկանում, հյուր կանչում իրար: Մկրտումը քուն ու դադար չուներ: Նա ընդունում էր ներս եկողին, ոչ միայն անունը տալիս, այլև տեղեկանում, թե ինչպես է մայրը, լավացա՞վ արդյոք այն կապույտ ձին, որ անցյալ աշնանը մի քիչ կաղում էր: Բոլորը զարմանում էին նրա հիշողության վրա: Նրան առանձնապես հաճելի էր, երբ այդ ժխորի մեջ մեկը բարձրաձայն իր գոհունակությունն էր հայտնում, որ հիանալի «քիրվա» է Խոջա Հիբանի որդին և չի մոռանում իր լավ ծանոթներին: Եթե հաճախորդը հարուստ և անվանի աղալար էր, Մկրտումը ճարպիկ շարժումով ինքը պիտի դարակներից հաներ բազմատեսակ կտորներ, փռեր նրա առաջ, շլացներ գույնով, փայլով ու հոտով:

Առուտուրն այնքան թեժանում էր, որ նույնիսկ Գոդուն էին կանչում և պատվիրում աչքի տակով հսկելու: Գոդին հյուրերին էր ընդունում. եթե եկողը «մեծամեծ» էր, վազում էր ձիու սանձը բռնելու, ձիերն իրար հետ կռվելուց կատվի ճարպկությամբ նրանց փորերի տակով անցնում էր և բաժանում իրարուց: Նրա աչքերը ծանր ու մինչև բերանը ճոթ ու կտորով լցված խուրջինների վրա էր, որ տերերը կապում էին սարի կանաչից կայտառացած ձիերի գավակին և անտառի կածանով գնում հարսներին ու մանուկներին ուրախացնելու «Հիբան քիրվայի» որդիների պարգևած փոքր թաշկինակներով, մեջը լի մրգեղեն կամ գունավոր ու կլոր սապոններով, որ հատկապես նրանք պահում էին նվերների համար:

Երբ գնորդը ձեռքը մեկնում էր Մկրտումին կամ Եփրեմին մնաք բարով ասելու, նրանցից մեկն ու մեկը շտապ կռանում էր և անկյունի նախօրոք պատրաստած կապոցը, որ համեմատ էր գնորդի անձնական բարեմասնության և հարստության չափի, — մեկնում նրան ու ժպտում, թեկուզ միտքն այդ րոպեին ծայր աստիճան լարված էր, և խնդրում կապոցը հանձնելու «Աթաքիչի կզուն» կամ «Սոնա-Խալային» ու հայտնելու «սալամ դովա» մեծ ու փոքրին:

Քոչի բարձրանալու հետ միասին ծայր էր առնում և դժգոհությունը: Ճիշտ է, քոչից ոմանք օգտվում էին. դարբինը նրանց համար հարյուրներով էր պայտեր կտրատում, կոտրած մանգաղները նորոգում: Ոմանք գաղտնի կերպով անտառում նրանց համար ցախ էին կտրատում, մի քանի չարչի մանրուք էին վաճառում, նույնիսկ Շալուն Սիմոնին էին կանչում մոտակա «օյմաղներից», որովհետև նա անասունների բժշկությունից բան էր հասկանում, ու թեկուզ նրա գործիքը մի կոտրած դանակ էր, որով կտրում էր ականջի ծայրը կամ քթածակը ճեղքում, «հիվանդ» արյունը դուրս թափելու համար, — Կարմրաքարում շատերն էին օգտվում քոչվորներից, բայց հենց նրանք սարը բարձրանային թե չէ, սկսվում էր և դժգոհությունը: Գյուղից սար գնացող քոչվորը մի քիչ հեռանար թե չէ, ձիու սանձը թույլ էր թողնում և ձին մռութը մեկնում էր ճանապարհի կողքին, անտառի բացուտում ցանած կանաչին: Արտի տերը կանաչից մի փունջ ձեռքին շտապում էր գյուղի հրապարակը, գոռում, բարկանում, անթիվ անգամ կրկնում, որ գիշերը քսան-երեսուն ձի են բաց թողել գարու մեջ, կերել են, տրորել, ձիերը թավալ են տվել, և եթե փողոցում տեսնում էր տանուտերին կամ նույնիսկ գզիրին, նրա ոտների առաջ էր գցում խուրձը, գովում էր գարին և նորից պատմում այն մասին, թե որքա՛ն են կերել: Գյուղի իշխանավորը նրա բողոքը լուռ լսում էր, խոստանում, որ կարգադրություն կանի ակտ կազմելու, կհայտնի պրիստավին, միայն հարկավոր է երեք-չորս մարդ տանել, որ նրանք էլ վնասը տեսնեն և վկա լինեն նրա խնդիրքին: Բայց այստեղ էլ ամեն ինչ վերջանում էր, գանգատավորը բարձրաձայն հայտնում էր, թե ամբողջ գյուղն է վկա և որպես վերջին ապացույց գրպանից հանում էր փնջավոր կանֆետի թղթեր, որ հավաքել էր արտից:

Մի դաստա հրեն էնտեղ ա թափածՍրա ուտողին ես ուժ ունե՞մ դատաստան անելու: Իմ իշխանն էլ դու ես, այ քյոխվա, բա իմ երեխեքը ձմեռն ո՞ւմ հույսին ես թողնում:

Կանփետ տվողին ասա, ուտողն ինչ մեղք ունի... Դու էլ որ ուտեիր, հավատա, մի օրավար կորեկ կոխ կտայիր, — վրա էր բերում գանգատին ունկնդիրներից մեկը:

Պատահում էր, որ վնասը մի քանի տնտեսությունների էր հասնում և կամ ամբողջ համայնքին: Սարից մի քանի սուրու ոչխար գիշերով քշում էին և արածացնում Քառասնաջրի մոտերին ընկած այն բացուտները, որ ամեն տարի Կարմրաքարում թողնում էին անասունների աշնան կերի համար: Աղմուկ էր ընկնում գյուղում, դուրս էին թափվում և գոռում-գոչյունով գնում ոչխարատեր «օյմաղից» վնասը պահանջելու: Երբեմն աղմուկն արյունով էր վերջանում, երիտասարդները տաքանում էին, և մահակները սուսերների նման կայծեր էին հանում, զարկում, իրար գլուխ ջարդում: Շատ սակավ դեպքում էր օրենքը միջամտում ու դատաստան անում: Սովորաբար տաք կռվից հետո կրքերը հանդարտվում էին, այս ու այն կողմից մարդիկ էին մեջ ընկնում և հաշտեցնում:

Հազար անգամ եմ ասել, թե թուրքերից օգտավետ ազգ աշխարքի երեսին չկա: Նրանց ձին էլ, որ թրքում է, էլի մեր ցորենն է ուժովանում: Նրանք որ կան յոնջա են, մենք էլ քյոհլան ձի... Մի ղրաղից կե՛ր, մի ղրաղն էլ պահի: Երեխի նման ժողովուրդ են, խոսքին ջան ասա, էլի՛ քու ասածն արա: Էդ էլ չի փողով: Այ է՛... Մեր հայությունը շատ անհասկ է, — թոնթորում էր Մկրտումը:

Քու արտը քանի անգամ կերած կլինեն, — հարցնում էր Ավան ամին: — Ինչ որ գալիս է, քյասիբի գլխին է: Յարա ունեցողը կիմանա մրմուռը: Քեզ ի՞նչ կա...

Իմ ու քունը չկա էստեղ: Ես մարդավարության, նստիլ վեր կենալու մասին եմ ասում: Տեսնո՞ւմ ես ոնց են իրար պատիվ պահում. մեծը ջոկ է, փոքրը ջոկ: Մերոնք հենց շաշ եզան նման քարն են պոզահարում: Թուրքը էնպես մի ազգություն է, որ կախ տաս, մին ծուռ խոսք չի ասի անժամանակ:

Երբեմն Մկրտումի երեսին ավելի խիստ խոսքեր էին ասում, հանդիմանում էին, որ նրանց խանութի պատճառով են քոչվորները գյուղ գալիս, որ նա քոչվորների շահին չի ուզում դիպչի: Եվ նրա ականջովն էր հասնում գյուղում տարածված այն լուրերը, թե ինքը կաշառված է, նույնիսկ թե իբր նրա գիտությամբ են գիշերով Կարմրաքարի խոտհարքն արածացնում:

... Բուխարիկում բոցն արդեն հանգել էր: Փայտի շիկացած կտորները մեղմ ճաքճքում էին, փշրվում և մոխրի բարակ շերտով պատում: Մկրտումը վերջացրել էր ապառիկների հաշիվը. գորգի վրա դրած համրիչի հինգ շարը սառել էին և ցույց էին տալիս եղբ. Մանգասարովների առևտրական հզորությունը թե Կարմրաքարում, թե հարևան գյուղերում և թե վրանաբնակ այն բազմության համար, որ յուրաքանչյուր գարուն «քոչ ու բարխանով» բարձրանում էր լեռնաշղթայի փեշերը և վրան զարկում լճակի եզրին:

Մկրտումը ձեռքերը մեկնում էր կրակին, իրար շփում: Երբեմն էլ տաքացած ձեռքը երեսին էր տանում և շոյում այտերը: Հավասար ու խոր շնչառությունից զրնգում էին գոտու արծաթ գինդերը:

Նրա ականջին էին հասնում ներքի տան աղմուկը, երեխաների ձայնը: Հաստ գորգերի արանքից այդ աղմուկը խուլ էր լսվում, կարծես շատ հեռու տեղ էր: Բակում բառաչում էր մի կով: Երբեմն լսում էր շղթայի զրնգոց: Չամբարն էր, պառավ շունը, որի տեղը մութն ընկնելուց փոխում էին, և բակի լայնքով կապած երկաթե լարին շղթան քսելով, շունը ետ ու առաջ էր գնում, երբեմն հաչում: Չամբարի հաչոցին Մկրտումը երեսը պատուհանին էր դարձնում և աչքերը լայն բաց արած լսում: Բայց շունը դադարում էր հաչելուց, հատ ու կենտ և անորոշ ձայներ էին լսվում հեռվից: Փակվում էին աչքերը, սակայն միտքն արթուն էր և շարունակում էր հյուսել, ծանր ու թեթև անել հազար ու մի գործ:

Դարպասի երկաթին մտրակի կոթով իրար հետևից հարվածեցին, կարծես գնդացիրի կրակ էր: Մկրտումը մոտեցավ պատուհանին. Գոդին ճրագը ձեռին վազեց դարպասի կողմը: Շունը հաչաց ու շղթան քաշելով հասավ մինչև ներքի տան դուռը: Ներքի տնից դուրս եկավ Եփրեմի կինը: Քիչ հետո դարպասը բացվեց, երևաց ձին, որի սանձից բռնել էր Գոդին, ձիու հետևից՝ Եփրեմը:

Խոջա Հիբանի մահից հետո երկու եղբայրների մեջ լռելյայն աշխատանքի բաժանում էր սահմանվել: Քաղաքում գնումներ կատարելը, պետական հիմնարկների և պաշտոնատար անձանց հետ գործ վարելը, ինչպես և խանութում առուտուր անելը Եփրեմին էր բաժին ընկել: Ճիշտ է, տարին մի կամ երկու անգամ Մկրտումն էլ էր քաղաք գնում, բայց այդ ավելի շուտ բարեկամական այց էր իր հոր բարեկամ վաճառականների որդոց: Մկրտումին էր մնում՝ գյուղի տնտեսության կառավարելը, վար ու ցանքի եկամուտը և քոչվորների ու շրջակա գյուղերի բնակիչների հետ առևտրական գործարքներ կատարելը: Մկրտումի գրպանումն էին դախլի բանալիները, միայն նրան էր հայտնի ստացվածքի վերջնական չափն ու կանխիկ դրամի գումարը: Նա մեծ եղբայրն էր, գյուղում ավելի կշիռ ուներ, քան Եփրեմը, իսկ թուրք թարաքամայի հետ Եփրեմը չէր կարող վարվել իր եղբոր նման: Տանը, բարձր պարիսպների հետև, ոչ մի բան չէր կարող կատարվել առանց Մկրտումի գիտության: Եվ այդ ազդեցությունը հազար ու մի ճանապարհով տան սահմաններից դուրս էր գալիս, տարածվում շրջակայքում:

Մկրտումը ձիու վրնջոցը լսեց թե չէ, համրիչը սեղանի վրա դրեց, դավթարը՝ երկաթե սնդուկի մեջ, որ ծածկված էր նուրբ գործած շալով, ներքի տանը երեխաների աղմուկն ավելի սաստկացավ, լսվեց թրմփոցի ձայն, ասես մի պարկ վերևից ընկավ՝ ապա բարձր ծիծաղ: Եփրեմն էր: Ամեն անգամ քաղաքից վերադառնալուց հետո նա նախ երեխաների մոտ էր գնում, մրգով լի գրպանները դատարկում, տնեցոց պատվիրած և քաղաքում գնած իրերը հանձնում կնոջը կամ Շողերին: Նրա խուրջինում տան մեծ ու փոքրի համար միշտ էլ մի բան էր լինում: Նույնիսկ Շողերն էր հետևում և անհամբեր սպասում իր բաժնին: Գոդին ձին գոմում կապելուց իսկույն վազել էր ու դռան մոտ կանգնել. նրան էլ մի բան պիտի հասներ: Պառավ Չամբարը կոնձկոնձում էր, ասես ուրախ այդ ժխորի մեջ իմաց էր տալիս, որ իրեն չմոռանան:

Բայց հերիք էր, որ Մկրտումը վերից կանչեր մեկն ու մեկին, որպեսզի աղմուկը դադարեր: Սովորաբար նա Գոդուն էր ձայն տալիս, սակավ դեպքում՝ կնոջը: Եթե նրա կանչելը Եփրեմի գալուց հետո էր, ոչ Գոդին էր վեր բարձրանում և ոչ էլ Շողերը: Եփրեմը ունքերը կիտում էր և, իբր խռոված երեխա, բարձրանում վերև, մտքում թոնթորալով իր վիճակից:

Մկրտումը մի ներքին հրճվանք էր զգում իր մեծությունը և ուժը ցույց տալուց: Ամեն անգամ, երբ նա տեսնում էր եղբորը երեխաների հետ կամ տնեցոց հետ ուրախ զրույց անելուց, նրա ներսում երկու զգացում իրար հետ պայքարում էին: Մեկ նախանձում էր եղբորը, դառնությամբ զգում, որ ինքը զուրկ է այդ հաճույքից, մտաբերում վաղուց մեռած իր մանկան և ինքն իրեն հարցնում՝ մի՞թե մինչև վերջ պիտի անժառանգ մնա, — մեկ նախանձում էր եղբորը և մեկ էլ ցամաքում էր այդ զգացումը, մի ուրիշն էր ելնում, նրան խեղդում, մի ուրիշ զգացում` հանուն գործի, անդուլ աշխատանքի, հարստության ու հզորության: Առաջինը նրան թուլացնում էր, կորցնում իր հավասարակշռությունը, երկրորդը նրան խրոխտ կերպարանք էր տալիս:

Ցեխը շա՞տ էր Վերին կապում, — հարցրեց նա, երբ Եփրեմը մտավ ու մոտեցավ բուխարիկին: Վերին կապը քաղաք տանող ճանապարհի այն մասն էր, որ անցնում էր անտառի խիտ թավուտով և ուր միայն ամառն էր գետինը մի քիչ չորանում:

Չորտ նա խաբար, — քթի տակ ասաց Եփրեմը: — Երկու տեղ ձին խրվեց... Քիչ մնաց ինձ էլ տակովն աներ: Մո՛ւթ, ոչ ճանապարհն է երևում, ոչ ցեխը... Ոտդ որտեղ դնում ես, խրվում է...

Եթե Մկրտումը չընդհատեր, Եփրեմը դեռ կշարունակեր ճանապարհի նկարագրությունը, մեկը տասը շինելով: Մկրտումը գիտեր նրա սովորությունը: Ինչքան ավելի էր պատմում, այնքան նա համոզվում էր, որ քաղաքում նա մի «օյին» է արել:

Դու էլ լուսով գայիր...

Թողնո՞ւմ են... Մինչև էն շան որդուն թուղթը գրել եմ տվել, հոգիս բերանս է հասել: Ամենապասլեդնի պադլեցի հետ գործ արա, էդ չինովնիկների դուռը մի գնա: Քոսոտ, փսլինքը կախ, տանը լակոտները հաց չունեն ուտեն, էնպես փասոնով է խոսում, ծանրացնում, կասես գեներալ գուբերնատոր է իմ գլխին:

Վե՞րջըփեչատե՞ց:

Աչքն էլ չհանեցի՞... Փորացավը մի կարմիր տասանոց էր: Առաջ չեմ ու չում էր անում, ա՛յ ուգալովնի բան է, վերջն էլ թե հացից հետո արի տուն, օրենքին նայեմ... Որ Բեկտաբեգովի անունը տվի, ստատյան գտավ:

Բեկտաբեգովն ի՞նչ ասեց:

Ի՞նչ պիտի ասեր: Չեստ չեստի, գրեց... Թե գասպադին Նիկիտա Մանգասարովին իմ կողմից պերեդայ պակլոն: Ափսոս չի, էդպես մարդուն պերվի մինիստր դնես, ոչ թե պամոշնիկ: Դուրս գալուց էլ, թե ասում է ձեզ նման բարեկամ ունենալը մե՛ծ պատիվ է ինձ համար:

Մաշինեքն ի՞նչ արիր...

Բեկտաբեգովից հետո էլ գնացի նրանց մոտ... Ա՛, մեր հայերըԷդքան նիզգի, ցիգան ժողովուրդ յարաբ աշխարհի երեսին կա՞, թե չէ: Ինձ տեսավ թե չէ, ոտը կախ քցեց:

Ո՞րը...

Էն մեծը, Արշակ Օսպիչը... Թե մի քիչ դարազումեննի է եղել, պրեսկուրանտի գինը պրիկաշչիկը չի իմացել... Երդում, Աստված, թե էն կանաչ մեռոնը՝ Ռաստովի առքի գինը չորս հազար երկու հարյուր է...

Վե՞րջը:

Էլ ի՞նչ վերջը... Թե ասում է երկու տրետում կարող եմ վեկսիլով տամ... Թե որ չեք ուզում, Խանլար բեյն է ուզում տանի...

Չտվի՛ր...

Չէ...

Չոռ, — ու փրփրաց Մկրտումը: — Գնում ես շհարում քուչեքը չափչփում: Բա քեզ ինչո՞ւ համար էի ուղարկել... Դե մի՛ գժվի, — ու ձեռքը զարկեց ճակատին: — Երկու հարյուր մանեթի համար գործը պիտի քանդե՛ս... Ե՞րբ է խելքդ տուն գալու, հը՞... — ու մոտեցավ նրան: Եփրեմը մի քիչ հետ քաշվեց, աչքերը կկոցեց: — Խանլար բեյը որ տանի, ուրախ կլինես, հա՛... նա ո՞ւմ շունն է, որ իմ ուզածն առնի: Թքած նրա բեյության վրա... Սոված սովածի մինը:

Դե մի թող է՛... Ինչ ես կարկուտ թափում, — ընդհատեց Եփրեմը:

Հը՞:

Թուղթ եմ առել, որ մինչև մի շաբաթ իրավունք չունի ուրիշին ծախի, մինչև ինձանից պատասխան չստանա...

Հա՛... — ու մի վայրկյան հետո հանդարտ ձայնով ասաց.

Լավ է, էդքան էլ խելքդ կտրել է...

Իմ խելքս էդքանը հասկանում է... Ասա վերջը էդ մաշինները մեր տունը չքանդի, — պատասխանեց Եփրեմը:

Ինչ էլի… — այս անգամ ձայնը բարձրացնելով վրա բերեց Եփրեմը: Մեծ եղբայրը կանգնել էր անկյունում, գլուխը կռացրել և ունքերի տակից աչքը գցել Եփրեմին. — ամենահայտնի մանուֆակտուրիստ մարդուց մինչև էն պյան գարադավոյը մեզ վրա ծիծաղում են... Ասում են Կարմրաքարն ինչ մաշինի տեղ է... Փող ունեք, բերեք քաղաք, թե ուժներդ չի պատում, խոզ առեք, ձեր ծմակի կաղինն ուտի: Չորտ նա խաբար... Մարդ աչքերը բաց չորս հազար երկու հարյուր մանեթ տա, ինչ է զավոդ եմ բաց անում էս վայրենի աշխարհո՞ւմ... Ինչ մարիֆաթ, ինչ մարդավարություն ես տեսել էստեղ:

Էլի՛ բռնեց... Քորի, լեզուդ քորի մի քիչ:

Վերջը իմ ասածին կգաս: Գյուղն ի՛նչ է, որ մարդ էնտեղ բնակարվի: Փող ունես, տար քեզ բարեբար մարդոց հետ գործ արա: Երեկվա սողան ծախողն էսօր վտարոյ գիլդի կուպեց է դառել, իսկ մենք էս վայրենի ծմակից դուրս չենք գալիս: Չե՞ս տեսնում... Շատը սոված է, մի թիքա պանիր էլ չի ճարում, որ ցամաք հացը կուլ տա... Օզգյա լազա՛թ կա քաղաքում... Շիկ, լուսավորություն, նստել, վեր կենալ, հանգիստ: Փողդ ապրանքի տուր, մի բոյկի ուգլավոյում մագազինիդ դռները բաց արա, թող պրիկաշչիկների հոգին դուրս գա... Դու հենց աչքիդ տակով նայիր: Թե չէ էս ինչ կյանք է... Ես ինձ նման ընկերների հետ մի անգամ նստել վերկենալը չեմ փոխի քո ճանաչած մարդոց հետ... Էստեղ մնացողը մարդու կերպարանքից էլ կընկնի: Մի օր էլ տեսար` ըհը, աղբյուրը ցամաքե՛ց:

Էդ օրը մեզ համար չի, — կտրուկ պատասխանեց Մկրտումը:

Տիրեց լռություն: Եփրեմը վանդակի մեջ ընկածի նման քայլում էր սենյակում, երբեմն կանգնում գետնին նայում և ապա ձեռքերը մեջքին նորից շարունակում քայլել: Մկրտումն աչքի տակով նայում էր եղբոր բարկացկոտ շարժումներին:

Ոչ ոք չէր ասի, թե երկու եղբայրն էլ մի մորից ու հորից էին սերվել: Մկրտումը կարճահասակ էր, ոսկրոտ: Նրա շարժումները կոպիտ էին. երկար և մազոտ ձեռքերը վայրենի տեսք էին տալիս նրան և հակապատկերն էին Եփրեմի ավելի նուրբ կազմվածքի: Մեծ եղբոր գլուխը պատած էր կուպրի նման սև և կոշտ մազով, այնինչ Եփրեմի մետաքսի նման կակուղ մազերը տեղ-տեղ սպիտակել էին: Առաջինը զուսպ էր, խորամանկ, ծանր ու բարակ կշռող և պողպատ կամքի տեր, երկրորդը շուտ հուզվում էր, մտքինն ասում մինչև վերջ, կրակի պես լափում մինչև վերջին շյուղը և հանգչում, հանդարտվում, դառնում խոնարհ գառ:

Չեմ իմանում... Մի պաչոտնի մարդ չտեսա, որ մեր ասածին հավանի, — խանգարեց լռթությունը Եփրեմը:

Խալխի հացը չես ուտում, որ խալխի խելքով էլ գործ բռնես, — ասաց Մկրտումը և մի քանի քայլ արեց դեպի եղբայրը:

Պրծա՛ր... Դե հիմա իմը լսի: Էգուց ծեգը ծեգին, եկած ճանապարհով ետ կդառնաս, մի տրետը կտաս, պայմանը կկապես, և էն սհաթին էլ ետ կդառնաս... Իմացա՞ր:

Որ էգուց չլինի, երկու օր հետո լինի, չի լինի՞... Լավ մտածի, արի՛ ձեռք քաշի էդ բոլորից... Քաղաքում տարա՛ն կերան, ով աչքը բաց է անում, վազում է մարդի շարք ընկնում... Մեզ կարողություն է պակաս... Էգուց երեխաներին ուսում տալ կա՛, կյանք ու աշխարհ տեսնել կա:

Կարմրաքարից լավ տեղ աշխարհումս ինձ համար չկա, թող ում գլուխը ցավում է, գնա քաղաքում դուքան դնի... Քաղա՛ք... Մի հարցնող լինի, թե ինչ կա էդ պրիշակում... Էնքան բան կա՛ էս ձորերում, իմ պիլնին խոդ քցեմ, երկու տարուց հետո էնպես զավոդ բաց անեմ, որ թամաշա... Քառասնաջուրը թող իմը լինի, Մանթաշովի բուրողներին էլ թամահ չեմ անի... Սա երկիր չէ, ոսկի է տեղովը մին. ասենք անհասկացողը մենք ենք:

Ոսկի է, հավաքի, — հեգնեց Եփրեմը:

Կհավաքեմ, սպասի՛, — այնպես վճռական հայտարարեց Մկրտումը, որ եղբայրը մի պահ տատանվեց ու սկսեց կասկածել, թե միգուցե Քառասնաջուրը իրոք ոսկեհանք ունի և ինքը տեղյակ չէ: Նա ձեռքը տարավ ծոցին, շոշափեց նոտարի կողմից հաստատած այն թուղթը, ըստ որի Քառասնաջրի երկու ափին ընկած մոտ 60 դեսյատին պետական անտառը պատկանում է նրանց:

Դու ողջություն ասա... Աշխատող մարդը քարից էլ նավթ կհանի: Կարմրաքարի ի՞նչն է պակաս... Ո՞վ ունես քո դիմաց... Չէ՛, գնամ քաղաք հազար լոթու ընկեր դառնամ... Ապերը լավ էր ասում, թե նրանք մեզանով են ապրում: Մանթաշովը մի ջուխտ տրեխ էլ չուներ, որ գնաց Բաքու... Հրես ոսկին դռանդ թափած, սարքի, ստեղծի, թող քո անունն էլ բարձրանա, մի քսան-երեսուն աղքատներ էլ էն փշրանքովդ ապրեն, հորդ ողորմի տան...

Է՛հ, չեմ իմանում, — ասաց Եփրեմը. — նա արդեն տատանվում էր և զգում, որ եղբոր ձեռքից չի ազատվելու մինչև թղթերը չտա ու տարած փողի հաշիվը չներկայացնի:

Չես իմանում, իմացի՛րԷս ո՞ւմ համար ենք աշխատում. ես ի՞նչ ունեմ մեջը: Մի դատարկ անուն: Թող քո ժառանգները մեծանան, տիրություն անեն:

Այս ասելուց Եփրեմը զինաթափ եղավ: Նա շատ էր սիրում իր երեխաներին: Այդ գիտեր և Մկրտումը և երբ ուզում էր նրան կակղեցնել և իր ասածին բերել, նա տրտմությամբ հիշեցնում էր այն տարբերությունը, որ կար երկու եղբոր մեջ և հուսադրում, որ իր մահից հետո ամեն ինչ մնալու է նրան: Եփրեմը ծոցի գրպանից հանեց թուղթը, ցույց տվավ, թե ում ստորագրությունները կան, ինչ ասաց Բեկտաբեգովը, երբ կնքեց:

Էդ փեչատն, ասում է, որ դնում եմ, ինքը պրակուրորն էլ չի կարող քանդի: Նա զդարովյե, ասում է, ձեզ հալալ լինի... Չորտ եվո, էդպես ազնիվ մարդուն գուբերնատի չինը քիչ է:

Վեկսիլը տվի՞ր, — հարցրեց Մկրտումը:

Տալը քիչ էր... Կտոր-կտոր արի, ճակատամիջին շպրտեցի: Նա ում շունն է, որ մեզ վրա հաչի... Երեկվա ձեթ ծախողը: Ասում է սուդի կտամ, որ ինձ խայտառակ ես անում:

Հետո՞:

Իսկյանդարովների պրիկաշչիկն եկավ, էնպես նրան անպատվեց, ո՛ր: Ասում է ամբողջ գուբերնիում Մանգասարովների նման ակուրատնի սովեստով գործ անող չկա. դու ո՞նց էիր ուզում նրանց վեկսիլը պրոտեստ անես: Լավ խայտառակեց: Ես էլ շաքարը նրանց սկլադից առա: Խազեինն ասում է, մինչի հարյուր հազարը դավերյա կանեմ, ինչ ուզում ես տար, կորած տեղ չի: Տարավ, մարդը, շնորհակալ եմ, լավ պատվեց:

Դու էլ կակղեցիր, հը՞, — հեգնանքով ասաց Մկրտումը և համրիչը վերցնելով սեղանից, մոտեցավ նրան: — Ինչքա՞ն փող ունես մոտդ: — Եփրեմը սկսեց գրպանները դատարկել. դրամը մեկ-մեկ դնում էր սեղանի վրա, իսկ Մկրտումը հաշվում էր:

Չորս մանեթ էլ քցի գերբովի մարկա, մնաց 11, նրանից 5 մանեթ քանի կոպեկի պակաս պռատ եմ առել տանը համար:

Ի՞նչ պակասչեն կարող դուքանից տանե՞ն:

Գոդու համար մի լակիրովնի պոյես եմ առել:

Գոդո՞ւնա ի՞նչ է անում:

Ասում է, ուզում եմ տնավորվեմ:

Ո՞ւմ աղջիկն է:

Շալուն Սիմոնի

Հա՛, լավ, մնացա՞ծը:

Մնացածն էլ Իսկյանդարովի պրիկաշչիկի հետ գնացինք ռեստորան, զակուսկի արինք: Շաքարի սկլադը նրա ձեռքին է:

Լավ, հո ավել չե՞ս ծախսել, պարտք չե՞ս արել:

Չէ, չիստի եմ. կոպեկը կոպեկին բռնում է. ուզում ես մեկ էլ քցի:

Չէ, էս անգամը լավ ես, խելոքանում եսԴե գնա, բեզարած կլինես. էգուց ուզում եմ հիմերը քանդել տամ: Դու էլ, ոնց որ ասի, առավոտ կանուխ կգնաս, մի տրետը կտաս, ճանապարհը չորանալուց կուղարկեն, մնացածն էլ կստանան:

Եփրեմը դուրս եկավ: Նա ուրախ էր, որ հաշիվները «չիստի» հանձնեց: Ճիշտ է, քաղաքում նա ավելի էր ծախսել, ռեստորանում նրա հետ եղել էին Իսկյանդարովի գործակատարից բացի և մի քանի ծանոթներ, խմել էին ու գնացել բիլիարդ խաղալու և մութն ընկած հազիվ էր կամպանիայի ձեռքիցն ազատվել, — բայց և այնպես հաշիվը տեղը բերեց և դուրս եկավ «կրուգոմ շեստնադցատ», ինչպես ասում էր Իսկյանդարովի գործակատարը: Նոտարի մատենավարին, որին Եփրեմն անվանեց փսլնքոտ ու քոսոտ, նա ամենևին չէր էլ կաշառել:

Եղբոր դուրս գնալուց հետո Մկրտումը մի անգամ էլ նայեց թղթին, ստորագրություններին ու կնիքին, զգուշությամբ թուղթը պահեց սնդուկում: Շոշափելու չափ պարզ նա զգաց այն հզորությունը, որ ձեռք է բերելու այսուհետև: Նրա վաղուցվա միտքն էր Կարմրաքարում հիմնելու սղոցարան և պատրաստելու գերան ու տախտակ: Քառասնաջրի երկու ափին, մինչև ձյունոտ գագաթները ձգվում էր խիտ անտառը և միանում այն մեծ անտառամասին, որի փեշերին ընկած էին մյուս գյուղերը, և որից դեն հյուսիսից հարավ ընկնող լեռնաշղթան դարձյալ պատած էր անտառով: Դեռ անցյալ աշնանը նա քաղաք էր գնացել հատկապես իմանալու գները, շուկայի պահանջը և մտքում հաշվել էր օգուտը ու որոշել գնելու ոչ միայն անհրաժեշտ ստանոկն ու երկաթե մասերը, այլև այն անտառամասը, որ ընկնում էր Քառասնաջրի մոտ, և որտեղ մտադիր էր կառուցելու սղոցարանը:

Եփրեմի բերած թուղթը իր ծրագրի մի մասն էր: Ստանոկը դեռ չկար, սղոցարանի տեղը դեռ կանաչ էր, ձորակում, դեղնած տերևների տակ՝ գորշ սառույց: Շուտով կզրնգան սղոցները, անիվը կդառնա, փոկերն ետ ու առաջ կվազեն և հաստաբուն կաղնիները կսղոցվեն, կդառնան բարակ ու լայն տախտակներ... Բազմաթիվ սայլեր կճռռան, կտեղափոխեն տախտակները, գոմեշները քարշ կտան ծանր գերանները, և ամեն տեղ կտանեն նրա ապրանքը:

Մկրտումը կանգնել էր սանդուղքի գլխին ու նայում էր գյուղին: Գիշերվա սառը քամին ծեծում էր նրա կուրծքն ու դեմքը: Նա ագահ շնչում էր անտառից եկող թարմությունը: Լուռ էր գյուղը. ոչ մի ճրագ չկար և ոչ մի ձայն: Թույլ կաղկանձոց էր գալիս ներքևի թաղից, կարծես մրսում էր մի շուն: Մոտակա խրճիթից լսվում էր մանկան ճիչ: Ջաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս:

Երանի նրան, — մտածեց Մկրտումը, — մինչի՛ լուս էլ մասլահաթ կանի...

Դիմացի սարի ետևից լուսինը պռունկը հանել էր: Սարից խավարը կախվել էր, ծածկել ձորը, ջաղացը, գյուղի մեծ մասը: Եվ ինչքան բարձրանում էր լուսինը հորիզոնի վրա, այնքան խավարը հետ էր քաշվում: Հեռվից խուլ վշշոց էր գալիս, քամին անտառում ծառերի դեռ լերկ ճյուղերը իրար էր տալիս և բացվող բողբոջների բույրը թևերին առած տանում հեռուները:

Մկրտումն իջավ սանդուղքով: Չամբարը շղթան երկաթե լարին քսելով մոտեցավ նրան, ոտներին փաթաթվեց:

Չամբա՛ր, Չամբա՛ր... Անիրա՛վ, — փաղաքշական ձայնով ասաց նա: Շունը հասկացավ նրա փաղաքշանքը, ավելի արագ սկսեց հոտոտել ու իր հավատարմությունը ցույց տալու համար վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, էլի հետ վազեց:

Վերևից Շողերը կանչեց.

Գլխաբաց ե ս... Քամի է...

Նա հետ նայեց ու աստիճանների գլխին տեսավ կնոջը, սպիտակաշոր, շալի մեջ փաթաթված: Ինչքան նման էր նա առաջվա Շողերին, այն գիշեր, երբ մայրն իրեն մոտիկ գյուղն ուղարկեց մշակներ վարձելու: Շողերը կանգնել էր սանդուղքի գլխին, ճրագը բռնել էր ու լույս էր անում: Լույսի տակ՝ բարակ ու սպիտակ ձեռքը կարմիր շալի տակից:

Մկրտումը կայտառ մանկան պես վեր բարձրացավ... Ներքի տնից նա լսեց Եփրեմի ծիծաղն ու մանկան լացը... Հայրը փոքրիկին անկողնուց հանել էր, գլորում էր ու փափուկ տեղերից ցավեցնելու չափ համբուրում:

Խոջա Հիբանի ամարաթի վերի հարկի ճրագն էլ հանգավ: Մնաց միայն ջաղացի խարույկը, որի շուրջ նստած մարդկանց ջաղացպանը պատմում էր իր ամենից սիրած հեքիաթն այն մասին, թե ինչպես մի հովիվ ոչխարը լճի մոտ տանելուց` տեսնում է սպիտակ աղավնիների, որոնք անհայտ է, թե որտեղից իջնում են, փետուրները թողնում լճի ափին, դառնում փերի աղջիկներ, ջրի մեջ լողանում, ինչպես հովիվը գողանում է մեկի թևերը, և աղջիկն էլ չի կարողանում սպիտակ աղավնի դառնալ

Գարունը բացվել էր:

3

Արբեցնող բույր էր բարձրանում այգիներից ու գետափին ընկած ծառաստաններից: Սարերը մուգ կանաչ էին հագել, և միայն բարձրերում, ամպերի տակ, ձյունի մանրիկ շերտերը դեռ սպիտակին էին տալիս: Քարաքոսն ու մամուռը գարնան խոնավությունից ուռճացել ու պես-պես գույներով ներկել էին ժայռերն ու քարերը: Անտառի թանձր կանաչի միջից երևում էին հատ ու կենտ ցցաչոր ծառերը: Օդում աղմուկ կար, որ գոյանում էր անթիվ-անհամար բզեզների ու մեղուների բզզոցից, թռչունների կանչից ու վար անողների երկար ու ձիգ հորովելից:

Կարմրաքարն էլ էր կերպարանափոխվել: Տերևակալել էին տների առաջ եղած հատ ու կենտ ծառերը, փտած գերանների վրա սունկերը շար էին ընկել, կտուրներին կանաչ էր բուսել ու կախվել: Եկեղեցու գավթում խոտն այնքան շատ էր, որ Ավան ամին ըստ վաղեմի սովորության, Տեր Նորընծային խորհուրդ էր տալիս կանաչը խոտհարք պահելու և արգելելու, որ կաղ ոչխարներն ու գյուղամիջի էշերը կոխ տան ու թավալեն:

Բացվել էր գարունը, աշնան ցանած արտերը ծփում էին ծովի նման, մոխրագույն կոհակներ տալիս: Ունանը քուն ու դադար չուներ. վարում էր, հա վարում, հորովել տալիս... Ծտերն ու ագռավները երամներով հետևում էին նրա վարին և թաց հողի միջից, խոփի հենց բերանից թռցնում ճիճու և որդ: Գարնան փարթամ բնությունը ավելի էր խտացնում այն կոնտրաստը, որ գոյություն ուներ Կարմրաքարի ու նրա հանդերի միջև: Գեղեցիկ էին արտերը, մարդու ձեռքով տնկած ծառաստանները, նրա կապած մարգերը, ուր արդեն կանաչել էր լորին, սարյակները ճռվողում էին կտուրների տակ կամ տանձենու ճյուղերի վրա, և միայն մարդու բնակարանն ու ինքը մարդն էր, որ գարնան պայծառ արևի տակ փռելու ուրիշ բան չուներ, մաշված կարպետից ու միթելը պատռած վերմակից բացի:

Գյուղի ամենավատ ժամանակն էր: Տաշտը դատարկ էր, օրը մի քանի անգամ աչք էին գցում գարու արտերին, որ շուտով պիտի գորշանար ու հասկ գցեր: Մաքուր էին փողոցներն ու բակերը, որովհետև աղբը կրել էին բանջարանոցները, գարնան արևը ծծել էր աղբակույտերի կծծահոտն ու խոնավությունը: Մաքուր էր և տների ներսը. ձմեռվա հաստ շորերն արևին էին տվել ու հագել հնամաշ արխալուղները: Ոմանք ծանր փափախները դեն էին գցել, կապույտ թաշկինակ կապել գլուխներին:

Следующая страница