Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Ավան ամին կացինը գոտկատեղում խրած, մեծ դանակը ձեռքին՝ այգուց այգի էր շտապում, պատվաստները ստուգում: Ամբողջ գյուղին էր հայտնի, որ Ավան ամու նման ոչ ոք ոչ պատվաստը գիտեր, ոչ էլ ծառի «խասիաթը»: Անտառը նա գիտեր հինգ մատի նման: Տեր Նորընծայի հետ երբեմն վեճի էր բռնվում և գրազ գալիս, թե ինքը կարող էր ասել այսինչ անտառամասում քանի ծառ կա, և ինչ ծառեր են, իսկ տերտերը չի կարող ասել, թե ժամագրքի այսինչ երեսին ինչ աղոթք է գրված:

Ամեն այգում էլ նա պատվաստած ծառեր ուներ. յուրաքանչյուր գարնան այցի էր գնում իր պատվաստած ծառերին, ճյուղերը կտրում, խորհուրդներ տալիս և զայրանում, երբ տեսնում էր, որ չեն արել իր ասածը:

Տանձն ուտելուց ճյուղերն էլ հետն ես մաշկումԷս ձեռքդ կկոտրի՞, որ տակը փեյնես...

Գյուղի ամենալավ այգին նրանն էր: Փոքր էր, բայց խնամքով մշակած: Գարունը բացվելուն պես ծառերի չոր կեղևը մաշկում էր, քերում, կոխ տալիս մաշկի տակ ձմեռած միջատներին և չոր տերևները վառում: Եվ երբ մեղվի քթոցները սհարից այգի էր տեղափոխում, այդ նշան էր, որ մինչև խոր աշունը օրվա մեծ մասն այգումն է անցկացնելու:

Ավան ամին քոչը բարձեց հա՛... Գարեքը հրես կհասնեն...

Արևը ջինջ երկնքի վրա հուրհրին տալով լողում էր և դանդաղ բարձրանում դեպի գագաթը: Գյուղի փողոցներում մարդ չէր երևում: Բոլոր քարի ստվերում մուշ-մուշ քնել էր հարյուրամյա մի ծերունի, որ աշխատանքի այդ եռ ու զեռին եկել էր և, զրուցընկեր չգտնելով, քնով անցել: Խանութի առաջ մի քանի ձի արևից նեղվում էին և գլխով ու պոչի շարժումով քշում ճանճերին: Քոչն արդեն բարձրացել էր. ձիավորները սարից էին իջել տնեցոց համար թեյ, շաքար ու կտոր գնելու:

Արդեն սկսվել էր քաղհանը: Հարս ու աղջիկ առավոտ կանուխ քաղհանի էին գնացել. նրանք տարել էին և փոքրերին ու տան դռներից կախել ժանգոտած կողպեքներ, բանալին պահելով հավաբնի մեջ: Ոմանք էլ դուռը միայն վրա էին դրել և բարակ թելով կապել, որ շունն ու հավը ներս չմտնեն: Այգիների կողմից լսվում էր բայաթու ծործոր ձայն, գետի մոտ` մեկը հա կանչում էր էշին՝ «թոշթոշ…»: Ջաղացի դռանը մարդ չէր երևում:

Քառասնաջրի կողմը, Խոջա Հիբանի մեծ արտում քաղհանավորի երկար շարքն էր ձգվել: Այնքան դանդաղ էին շարժվում, որ նայողին թվում էր, թե գույնզգույն շորերի շարքը կանայք չեն, այլ գունավոր քարեր արտի կանաչի մեջ: Շարքի ձախ ծայրին, ձորակի մոտ սպիտակ շորով մի կին ավելի հաճախ էր բարձրանում, երբեմն ձեռքը ճակատին տանում՝ արևից պաշտպանվելու համար և նայում ձորակի կողմը, որտեղից լսելի էր տխուր երգի ձայն, ուրախ ծիծաղ ու մուրճի միալար զրնգոց: Աղջիկը ձայներից ջոկում էր, որ տխուր երգողը ուստա Նազարն է, «հայաստանցի գաղթականը», որի տունը գտնվում է Ղարիբանոցում, իրենց տան կից: Ուստան ազատ օրերին էլ էր նստում տան պատի տակ և քթի տակ մռմռում նույն երգը: Ուրախ ծիծաղը, որ ձիու վրնջոցի էր նման, Արզումանինն էր, իսկ զրնգացողն իրենց ծանր մուրճն էր:

Երրորդ օրն էր, որ ուստա Նազարը Մկրտումի պատվերով ու նրա տված չափով աշխատանքի էր անցել Քառասնաջրի ձորակում, այնտեղ, ուր անտառի և նրանց հողի սահմանն էր: Տեղը նա էր որոշել և ուստա Նազարի հետ միասին քողով չափել պատի երկայնքը, ցույց էր տվել, թե որտեղ պիտի շինեն ջրի ամբարտակն ու երկարավուն ծածկը: Նրա ցույց տված տեղով հիմքը փորել էին, անտառի միջից մի նոր առու հանել, որպեսզի մինչև ամբարտակի կառուցումը Քառասնաջուրը նոր առվակով հոսի:

Աշխատանքը եռում էր: Արզումանը, որ այդ գարնանն էր զինվորությունից վերադարձել, ուժով հենվում էր ծանր լինգին և մեծ քարերը տեղահան անում: Նա ձորակի մյուս ափին էր, մի քիչ բարձր: Ամեն անգամ քարը գլորելուց քահ-քահ ծիծաղում էր և կանչում ուստա Նազարին, երբեմն էլ հայհոյում էր քարին, լինգին՝ հենց այնպես, ըստ սովորության:

Ուստա Նազար, ես քեզ համար րադ ստարատցա... Պրիկազը տուր՝ ուզում ես քերծերը թափեմ ձորի մեջ... Յա սալդաթ 117 պենզենսկի պոլկ տրետի բատալիոն ավտարո րոտա պալուչիտ Արզումանու Եդիգարովու սելեննի Կարմիրկար Ելիսավետպոլսկի գուբերնի... Այ, ես քու իմանը... Սիմոն ապեր, մեզ մին ֆելդֆեբել ունեինք, գլուխն էս քարի չափ կար... Որ նո՛ւ էր ասում, սաղ զվոդը դողում էր... Իսկական վրասեյսկի խոզ... Է՛յ Իվան Իվանիչ, էս էլ քո հոր գյոռին...

Եվ քարը դղրդալով գլորվում էր ցած: Կիտված քարերը մեջքով կրում էր մի դեռատի պատանի: Նրա պատառոտած շորերը փոշոտվել ու ցեխոտվել էին, քարերը քերծել էին թևերը: Պատանու մեջքին ջուլի կտոր էր, որի վրա շարում էր քարերը և տնքալով բարձրանում: Երբ Արզումանը վերից ձայն էր տալիս, թե քարն եկավ, պատանին վեր էր բարձրանում և դիտում, թե ինչպես է քարը քարին դիպչում, ցլանքներ ցրում ու կայծ տալիս:

Եգոր, հեռո՛ւ... Քսան փութանոցն եկավ, — կանչում էր Արզումանը, և պատանին ետ էր կենում:

Եգորն ինքն էր քարը բարձրացնում, դնում մի ուրիշ քարի վրա, ապա մեջքը դեմ անում ու ձեռքերը ետ տանելով քարը գրկում: Արզումանը վերևից դիտում էր նրան: Մեծ քարին մոտենալուց, կանչում էր.

Էդ քո ճաշը չի, մալախոլնի... Թեթևը տա՛ր... Ուզում ես գրիժա ստանա՞ս... Ախ տի սիմուլյանտ... Ռուսի թագավորն անունդ հրեն ծոցի դավթարում պահում է: Եգոր Մուրադով, մի պատառ էլ պանիր հաց ուտես, մեծանաս, կասի, իդի գալուբչիկ, կավալերիստ խարոշի... Մի ձի կտան, շաշկեդ էնքան տանես, բերես, որ կռներդ թուլանա... Փախի, քարն եկավ...

Ու նորից քահ-քահ ծիծաղում էր:

Սմիրնո, գասպադա ափիցերի, — այնպես բարձր գոռաց Արզումանը, որ ձայնը հասավ քաղհանավորներին: Ու Սալբին հանկարծ մեջքն ուղղեց, նայեց ձորի կողմը: Արզումանը լինգը ուսին կանգնել էր քարերի մեջ: Նրան նկատելուց նա լինգն իջեցրեց ու ձեռքը տարավ զինվորական բարևի. Սալբին ժպտաց, նորից կռացավ, երեսը թաղեց կանաչի մեջ: Կողքին կռացած կինը նկատեց այդ և ասաց.

Էդքան մի ծալվի արտի վրա... Աչքդ փուշ կմտնի...

Արզումանի հրամանը Ավան ամու համար էր, որն այդ րոպեին վայրի տանձենիներից մի կապ ձեռին դուրս եկավ անտառից ու իջավ ձորակը:

Այ գյափդ լինի, հա՛, — ասաց նա Արզումանին և, մոտենալով ուստա Նազարին, հարցրեց.

Բարի աջողում, ուստա Նազար... Էս ի՞նչ ես շինում... Մարագ է՛, կալատեղը զեղումն է, թե ասեմ ամբար է, էս ճամփի բերանն ամբարի տեղ չի

Ուստան ուսերը թոթվեց.

Ես իմ... Շքենք... Խազեյնի քեֆ: Մեզ ի՞նչ... Կուզես ուսումարան շինեմ, կուզես դուսաղխանա: Պատը պատ է...

Մարդ մաշկելու զավոդ է, Ավան ամի, — ասաց Արզումանը, վերից իջնելով: — Գեղումը մարդուց էժան ինչ կա՛Էնքան իզուր հաց ուտող կա՛Մկրտումը բերելու է, քցի մաշինի ռեխը, կլպի կարտոշկու նման, ոսկորից ձեթ հանի... Վիդալ մենդալ, ախ տի զեմլյակ... Օչերեդով կանգնելու են, րոտա ստրոյսա... Ում ժերբն ընկավ, վիզը դնելու է տակը: Բա՛սՀիմա էսպես է թազա պրիկազը: Հենց գիտես տանձի տնկելով աշխարհքի թագավորն ե՞ս... Այ ըստեղ տրուբան տնկելու է, ծուխը մինչև երկինք հանի, Աստծու միրուքն էլ խանձի.., Էյի բողԸստեղ մաշին պիտի գալ, դու հլա որտեղ ե՛ս

Ադա, օյին բաներ մի՛ ասի: Կարմրաքարը մաշինի երես իրա օրում տեսած չիԷնա ասա արաղի զավոդ եք շինում, էլի՛... — Եվ փորած հիմքերին ուշադրությամբ նայելուց հետո ասաց, — էսքան մե՛ծ

Բա էստեղ ինչ պիտի շինեք, — ու ձեռքը մեկնեց ձորակում թափած քարերին: — Սիմո՞ն... Սիմոն, էլի դու մի բան գլխի քցես, էս Արզումանը հո էն գլխից էր շաշ, ասենք թե թագավորին չորս տարի սալդաթություն է արել...

Շա՛շ... Հիմա եմ տեսնում, որ հալիվորել ես, Ավան ամի... Պիշի պրապալ... Էս ինջիներ Մանգասարովի զավոդն ա, իմացա՞ր... Էն քարերը որ տեսնում ես, ըսենց պիտի ձորի առաջը կտրե՛նք, չորս արշին պատ քաշենք, որ ջուրը գյոլ տա...

Այ տղա, ճամփու բերան է, հարևան բան կընկնի մեջը, — ասաց Ավան ամին, ուշադիր նայելով ձորի քարերին և նոր առվի հետքին:

Սիմոն, բա լսում չե՞ս... Քեզ եմ ասում... Գլխի չե՛ս...

Ես իմ... Հրեն ասում է, էլի՛... Ես ո՞վ եմ, որ նրանց խորհուրդն իմանամ:

Էստեղ մի բան կա՛, գլխի չեմ... Իմ լսելովս արաղի զավոդ պետք է շինի... Համա զավոդի նման չի: Տերտերն էլ ասում էր, թե մեծ ավազան է շինում, որ ամառը ջուրը չցամաքի բոստանների համար...

Հա, քո ասածն է, Ավան ամի: Նրանց քունը չի տանում, գիշեր-ցերեկ դումիտ են անում, որ Ղարիբանոցի սովածները մեծ պասին լոբով շորվա ուտեն: Դու էդ ասա, էդ տանձիքը ո՞ւմ համար ես տանում... Կարմրաքարի ստարշիքն էլ որ քեզ նման լինեն, ասա ժողովուրդը գնա Մարցա ջուրն ընկնի: Տակիդ կարպետը քաշում են, հանում, դու հլա երազ ես պատմում...

Դե որ ուսումնագետ լինենք, հալբաթ մենք էլ յարի դարմանը կիմանայինք: Յա ես, յա էն չոլում բառանչողը, հը՞, ի՞նչ կասես, Եգոր

Եգորը հոգնել էր: Նա ուրախ էր, որ խոսակցությունով են բռնվել ու հանգստանում են: Նստել էր քարին ու մեկ-մեկ պոկոտում էր թարթանջուկի թևերը, ծամում: Սովել էր և անհամբեր սպասում էր, որ ուստան հացի նստի:

Հիմա ինչ ժամանակներ ե՛նԱռաջ որ քու տանդ պատին էլ մի քար դնեիր, առանց ջամհաթի խոսքի իրավունք չկար: Ծառն ինչ է, էլի տնկելուց հարևանիդ խաթրը պետք է առնեիր, թե հաշտություն չլիներ, գյուղի իշխան մարդկանց մեջ էիր քցում, համոզն առնում... Բա ո՞նցԾառը շվաք կաներ բոստանի վրա: Էն ժամանակն ո՛ւր... Եքքա թոփխանե են շինում, իսկի մի իրավունք, մի հարցմունք: Ամեն մարդ իր գլխի տերը, ուտողն ուտողի: Էգուց էլ չափարը կապելու է, թե իմ հողից ղուշն իր թևով պետք է չանցնի, էս իմ հայրենիքն է:

Է՛, Ավան ամի, էշը կորցրել, չվան կհարցնես... Ասա Քառասնաջուր մերը լիներԹե չէ ձորի մեջ պատ շարելով գեղին ինչ վնաս: Քսան տարի օրն աշխատի, օրը կերա, մի հավաբուն չշքի… — ասաց ուստան, ծխի քուլաները պնչերից առատորեն հանելով:

Մալը չևո սիրտդ ուզում է... Էս սհաթիս մի տաք բորշ լիներ, եյ բող, կաշևարին էլ հետը կուտեի: Տվողն ո՞վ էՀրեն Եգորը տավարի նման սաղ թարթանջուկը կերավ:

Եգորը կարմրատակեց:

Խարչին խազեյսկի էՀրես հա՞, — և նա ոտքը մեկնեց սփռոցին: — Մենակ ինձ չի հերիք, — Եգորն աչքը գցեց սփռոցին: — Հը՞, բերանիդ ջրերը գնա՞ցՍովամահի տղա. պինդ քաշի, փորդ էնպես քաշի, որ ֆելդֆեբելի մատնեքն արանքով չմտնեն: Ավան ամի, թագավորին ծառայելը սրանից լավ էԷլի մի կուշտ փորով հաց ուտում էիր: Էնքան բորշ էին տալի՛ս... Չէ, միտքս ծռվել է: Աշունքն ուզում եմ Բաքու գնամ, ինչքան չլինի հացափոր կաշխատե՛մ, զատո քեփ էլ կանեմ. հը՞, ի՞նչ ես ասում:

Ի՞նչ եմ իմանում, որ ի՞նչ ասեմ... Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը: Վակզալի ճանապարհը ջաղացի ճանապարհից էլ հեշտացել է: Հենց ում տեղը մի քիչ նեղանում է, հացը մեջքն է կապում, յալլա՛... Էստեղ էլ կոնդ ու չոլախն են մնում, ինձ նման հալից ընկածը: Էնքան գնացին, որ տակին մնացողը հերիք չի նրանց փակ դռներին մտիկ տալու:

Թմբի գլխին ձիու ոտնաձայն լսվեց ու մի վայրկյան հետո երևաց Մկրտումը:

Լավ ե ՛ք... Ուզած վախտը ճաշթող եք արել, — ասաց նա և ցած իջնելով, ձիու սանձը ձգեց Եգորի կողմը, քթի տակ «բարի օր» ասելով: Նրան դուր չեկավ Ավան ամու ներկայությունը, բայց, ծածկելով այդ, դարձավ նրան.

Էլի փեշակիդ ե՞ս... — ու մտրակի կոթը մեկնեց քարի մոտ դրած տանձենու տունկերին: — Երանի քեզ... Անմահական հիշատակ ես թողնում հուր հավիտյան... Տանձն ուտելու են, քեզ էլ օրհնանք տան: Մենք հե՛չ, Ավետարանի թևում գրված չի մեր անունը: Ի՞նչ կասես, ուստա:

Ճշմարիտ է, արդար գործը միշտ կմնա

Անարդա՞րը, — կտրուկ հարցրեց Մկրտումը:

Ո՛վ գիտե աշխարհի բանը...

Նա աչքի տակով նայեց թափած քարերին, փորած հիմքը տեսավ, մտավ մեջը, կռացավ և աչքի չափով ստուգեց պատի ուղղությունը:

Խելքդ ի՞նչ է կտրում, — դարձավ նա Ավան ամուն, — էլի ինչքան չլինի ինձանից փորձված ես... Էս իմ պլանից ի՞նչ դուրս կգա:

Ի՞նչ ես շինում, — հարցրեց Ավան ամին դժկամությամբ:

Ուզում եմ Կարմրաքարը լուսավորեմ, — ու ծիծաղեց, — մի թեթև զավոդ ամալլու բան եմ սարքելու... Գերան կպատահի, տախտակ կքաշենք, ճանճի, բանի համար յաշիկ կշինենք: Չի պատահի, կրահոր կշինենք, ուզողին կտանք: Էս ձորը լիքը կրաքար է... Ուժներս տա, անելու շատ բան կա... Ով գիտի, բախտի բան է, մեկ էլ տեսար մի ինջիներ եկավ, ասեց թե էս հողի տակին մադան կա:

Դե հո սուտ չի: Հրեն ասում են Զեյթայի վերի հանդում քարի քոմուրի մադան են գտել, — ասաց Արզումանը:

Որ վնաս էլ անեմ, մի քանի աղքատ էլ է հաց կուտեն: Էդ էլ թող իմ վարձը լինի: Աշխարհը հո հետս գերեզման չեմ տանելու, ասենք մարդու թամահն է շատ... Էս է, Արզումանին զավեդուշի եմ դնելու:

Եգորն էլ ստարշի մաստեր, — վրա բերեց Արզումանը ու ծիծաղեց: Նրա ծիծաղը հաճելի չեղավ Մկրտումին: Փշաքաղվեց, աչքերը խորն ընկան, ճակատի ճեղքվածքի շուրջ արյուն հավաքվեց:

Բա ջուրը ո՞նց ես անում, — հարցրեց Ավան ամին, ծածկելով համար Արզումանի ծիծաղի տպավորությունը:

Ջուրը ձորով էլի թող գնա... Էս պատը քաշում եմ, որ ամառը ջուրը բարակելուց զավոդը պարապ չմնա:

Էս ջուրը զավոդ չի բանեցնի, Մկրտում:

Չի բանեցնի՞... Վերի առուն էլ շուռ կտամ: — Վերի առուն սարից էր գալիս և անցնում Խոջա Հիբանի մեծ արտով, իջնում գյուղի վրա:

Վերի առո՞ւն, — ու բոլորը զարմացան: Նույնիսկ Եգորը տեղից վեր կացավ ու մոտեցավ նրանց, հետևից քաշելով ձին: Վերին առվակն անցնում էր նրանց բակով, և բակի երկու պառավ տանձենիները ամառվա տապին լիուլի ջուր էին արբում:

Ոնց կլինի է՛դ...

Սիմոնը դադարեցրել էր մուրճի զրնգոցն ու երեսը դարձրել խոսողների կողմը:

Բա ժողովո՞ւրդը...

Ուրեմն կժերով պիտի ջուր բերեն, կալերը ցեխապատե՞ն...

Տանձիքը կչորանա՛ն...

Համարյա միաժամանակ հարցրին Ավան ամին, Արզումանն ու Եգորը: Մկրտումն ունքերն իրար տվավ ու գլուխը թեքելով Եգորի կողմը, կանչեց.

Ձին հեռու տար... Սրան տե՛ս... Կաթը պռոշին չորացել չի, խոսքի է խառնվում... Զահրումար տանձիքը: Ծմակը լիքը տանձ է, էնքան կե՛ր, որ զխկրտի:

Ո՞նց ես ուզում: Էն էլ իրենց տան փափախավորն է, ոնց թե ծմակից տանձ բեր, — ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին: Արզումանը մի քայլ էլ մոտեցավ:

Է՛հ, ասենք նրա խելքը էդքան չի հասնում, դու էլ նրա թայը հո չես, — դարձավ նա Ավան ամուն ժպիտն երեսին: — Ուրեմն հավատացիր, էլի՛... Վաշշ, դե էնա ասի Կարմրաքարի դուշմանն եմ, էլի: Էդ իսկի ես կանե՞մ, ուրեմն ես պետք է քոչեմ էս գեղից: Էհ, էդպես է՛... լավություն էլ անես, վատն ես, վատություն էլ անես, աչքից ընկած ես... — սրտնեղած վերջացրեց նա ու շատ խոր նայեց Ավան ամուն, ապա հանկարծ շրջվեց Արզումանի կողմը, ասես ուզում էր իր խոսքի ազդեցությունը ստուգել:

Կարմրաքարում թե մի բարեկամ ունեմ, հրեն է՛, — ու մտրակի կոթը մեկնեց Սիմոնի կողմը, — չէ՛, Սիմոն...

Սիմոնը չպատասխանեց:

Մտքումս կա, որ քաշած տախտակից ուսումնարանի համար նստարան շինեմ... Թե չէ էն ինչ է: Ոչ բարով ես էլ եմ հոգաբարձու: Հերու ամառը Բեկտաբեգովն էլ տեսավ... Ասում է հայոց ուսումնարանը մշտական աղքատ է, լավ կանեք միրսկի պրիգովոր տաք, թագավորական շկոլ բաց անեք: Ասի չէ, էդ լինելու բան չի, մեր երեխեքը թող մայրենի լեզվով ուսում առնեն

Մին չի՞, — ուսերը թոթվելով ասաց Արզումանը, — դու հաց ասի... Փորին ի՞նչ լեզու...

Խելառ ես, ինչ է, — հարեց ուստա Նազարը, — մարդ յուր օրենք մոռանա, ռսի լեզվով ուսում առնե՞ն... Մեր երկիր բոլոր հայի լեզու կխոսի:

Հա, Մկրտում, գերանը ո՞ր ծմակից ես բերելու, — խոսակցությունը փոխելով հարցրեց Ավան ամին:

Փողի բան չի՞... Թագավորական ծմակը շեն մնա: Փող տուր էգուց կուպչի կրեպոստը հանեմ, ինչքան քեփդ ուզի հա կտրի...

Հարկի, փողի բան է, երեխան էլ է իմանում, որ աշխարհս փողի վրա է շուռ գալիս: Իմ ասմունքս դա չի: Օրինակ, զակոնը թույլատրիլ չի, որ Քառասնաջրի ծմակը ծախվի... Շատ էլ թագավորական է: Մեր եզինքը, մեր տավարը, կալից որ դուրս ենք հանում, ալբհալ ծմակն են մտնում: Հավերն էլ են գալիս... Աշունքը տավարի յաթաղն է էս ծմակը: Հերու էր թե մեկէլ տարին, մեր Օհանի հավը երկու ամիս ձու չէր ածում: Վերջը քառասուն թե հիսուն ձու ճարեցին ծմակում: Անիրավը մտել էր մոշուտի մեջ... Հա, էն եմ ասում, որ Քառասնաջուրը ժողովրդի հուսատեղն է, օջախի չոփը էստեղից են հավաքում: Ուրեմն զակոնի կողմանից թույլատրելի չի...

Ի՞նչը:

Օրինակ, որ տոլկի դնեն, Քառասնաջուրը ծախեն:

Խազնեն ինչ ուզի կանի... Ծմակը թագավորական է, ում ուզի կտա... Փողի բան չի՞...

Հա է՛, թող էլի փողի լինի: Ժողովրդի մեջքն էլ հո կոտրած չիՓարթ կանենք, կհավաքենք: Եթե տոլկումը դնեն, մենք կառնենք...

Կարելի է՛...

Դե ես էլ էդ եմ ասում, է՛...

Որ կորպուզի կամանդիրն էլ գա, մի շյուղ էլ չեմ թողնի կտրի... Սաղ ժողովրդին թոփ կանեմ, րոտա ստրոյսա... պլի, — ու լինգը մեկնեց, նշան բռնեց:

Մկրտումը բարձր ծիծաղեց.

Ա, հերիք է... Ուրիշն էլ կլսի, կասի խառնակիչ խոսքեր են ասում տերության մասին, հանաքը կդառնա դագանակ: Քառասնաջուրն ում ուզում են տան, տերության հոգսն ինձ չեն տվել հո՛, — ու ձայն տվավ Եգորին, — ձին քաշի: Ուստա, դե մի քիչ ջահտ արա, էս շաբաթ գլուխը ծածկի: Հայ արևդ կծեմ, գործին տաք կպի, — ասաց Եգորին, ձին նստելուց, — ողորմած հոգի հերդ գործի մեջ ասլան էր: Հինգ փթանոց ջվալը մի ձեռքով էր ուսին դնում:

Ձին փնչոցով վեր բարձրացավ, սմբակները մագիլների պես խրելով հողի մեջ:

Խելքդ ի՞նչ է կտրում, Արզուման, ես էնքան էլ գլխի չեմ… — հարցրեց Ավան ամին ու գրպանից հանեց արծաթագլուխ չիբուխը: — Էնպես ափսունել գիտի ո՛ր, օձը ծակից կհանի: Հը՞...

Այ, նո՛ւ եվո... Ի՞նչս է կորչում: Մի գլուխ ունեմ, կառնեմ, որտեղ քեփս տա, էնտեղ էլ կապրեմ: Վերջը կերածնիս մի փոր հաց չի՞Քանի ուժ ունենք, սոված չենք մնա... Վեր կաց, Եգոր... Էն քարերն էլ տանենք, հետո տեսնենք ուստա Նազարի փորը երբ է սովածանում: Չէ՛, էգուց ես հետս հաց եմ բերելու... Ուստան ուղտի ջինս է, մի շաբաթ էլ չուտի, կդիմանա...

Ես էլ գնամ, — ասաց Ավան ամին, ձեռքը մեկնելով տունկերին:

Գնա, ծառերդ տնկի... Աշխարհի դարդը քեզ չեն տվել, աշխարհի հերն անիծած... Մինը քոհլան ձին նստած կանաչ տախտերում ման գա, էն մինի մեջքն էլ էնքան քար շալակի, որ փալանը հարի, ջիդավ դառնա:

Եվ բարկացած իջավ ձորակը: Եգորը ոտքերը քարշ տալով հետևեց նրան:

Արզումանը զարմանալի փոփոխական բնավորություն ուներ: Նա հանկարծ հուսահատվում էր, թքում ամեն ինչի վրա և կատաղած աշխատում, եթե աշխատանք կար ձեռքին: Զինվորության մեջ, երբ նրա վրա իջնում էր այդ տրամադրությունը, նույնիսկ ֆելդֆեբել Իվան Իվանիչը վախենում էր նրան մոտենալու: Ծայրահեղ հուսահատությանը հանկարծ հաջորդում էր այնպիսի ուրախություն, ասես աշխարհն իրենն էր: Հորթի նման թռչկոտում էր: Մերթ սուր հանաքներ էր անում և երբ լսողները սրտանց ծիծաղում էին նրա ասածի վրա, հանկարծ զայրանում էր և գոռում.

Շան որդիք... Ի՞նչ է, ես ձեր մասխարան ե՞մ:

Անարդարության ինչ դեպք էլ լիներ, նա մի կերպ իր վերաբերմունքը պիտի ցույց տար, ներսի մաղձը թափեր: Նրան գիժ էին ասում, բայց ասողներից և ոչ մեկը չէր կարող համարձակ աչքերով նրա երեսին նայել այն ժամանակ, երբ նա զայրացած էր: Երբ նրան զինվոր էին տանում, տանուտերի երեսին գյուղի հրապարակում այնպիսի խոսքեր ասաց, որ նույնիսկ ամենա համարձակ մարդիկ վախեցան և կարծիք հայտնեցին, թե նա զինվորությունից այլևս չի վերադառնա:

Արզումանը գյուղում տուն ու տեղ ուներ, բայց այդ տանն ապրող չորս շնչից և ոչ մեկն էլ նրան հարազատ չէր: Մոր մահից հետո հայրը երկրորդ անգամ էր կին առել, և այդ կնոջից էլ սերել էին այն փոքրերը, որոնք նրան եղբայր էին ասում, բայց ինքը ոչինչ ազգակցական չուներ նրանց հանդեպ: Զինվորության առաջին տարին մահացել էր և հայրը: Առաջ էլ նա խորթ մոր հետ չէր հաշտվում, և երբ ծնվեց առաջին մանուկը, խորթության վիհը դարձավ անդունդ, և նա մեծացավ բարեկամների տանն ու դռանը: Ու երբ լուր ստացվեց, որ Արզումանը զինվորությունից վերադառնում է, և լուրն իրար հաղորդեցին աղբյուրը գնացած կանայք, ոմանք հառաչանքով կարծիք հայտնեցին, որ կգա, հոր ավերակները կտեսնի, գլուխը կառնի ու կանհայտանա: Պառավ կանայք ուրիշ բան էին ասում:

Ոտը կկապի, էլ չի կարա հեռանալ...

Վերադարձի երկրորդ օրն ևեթ նրան խորհուրդ տվողներ եղան ամուսնանալու: Նա Ավան ամու մոտ գնաց, վերջինս տնտղեց նորեկին, հարցուփորձ արեց «Ռուսաստանու կողմերից, էժանից ու թանգից, ժողովրդի ավհալաթից» և երբ զինվորության մեջ սովորած կիսատ-պռատ ռուսերենը խոսքին խառնելով Արզումանն ավարտեց իր պատմությունը, և որպես աշխարհի հրաշալիքներից մեկը նկարագրեց «Ադես քաղաքը, թոփով պարախոդն ու ռուսաց հողի հարստությունը, որտեղ ցորենն այնքան բարձր է բուսնում, որ ձին ձիավորով միջին կորչում է» — երբ ավարտեց իր պատմությունը, Ավան ամին տխրությամբ ասաց.

Բաղդադ էլ խուրմա շատ կա, մե՛զ ինչ... Շատ էլ Ռուսեթը մեծ երկիր է, որ էլի հայրենիք չի դառնա՛: Գլուխդ կախ արա, քո ակոսդ ծրի... Հրեդ եքա մարդ ես դառել, տնավորվի, մի կերպ կառավարվի, հալբաթ մի լույս էլ մեզ կհասնի: Էսպես նեղում չենք մնա՛...

Արզումանը հայտնել էր իր միտքը Բաքու գնալու մասին: Ավան ամին առարկել էր, խորհուրդ էր տվել հայրական այգին նորոգել:

Ձեր էն բաղի կողքով որ անց եմ կենում, քիթս մխում է: Չափարը ջարդած, մեջը քար... Ծառերը՝ էն ցաքի փուշը քեզ օրինակ, իրար գլխով են դառել... Կռներումդ ուժ կա, գնա ավադ արա, էլի հուսատեղ է նեղ օրվա համար:

Է՛, բաղս որն է... Երկու լափռի կա, մի տանձի: Խուրձ կրողներն էլ էնքան քարով են տվել, որ կեսը չորացել է: Նու եվո, սավսեմ: Մեր պերվի կորպուսը տարել էին մանևրի Վարշավու կողմերը... Ա՛յ բաղեր: Օխտն օր, օխտը գիշեր ձիավորն անց կացավ, բաղի չափարը պրծավ... Պակրայնի մերե մարդ էդպես բաղ պահի:

Դու գիտես... Իմ խելքս էլ էդքան է կտրում: Ամենայն մի երկիր մին պլան ունի... Էս էլ մեր երկրի պլանն է...

Արզումանը հեռացել էր Ավան ամուց այն հաստատ որոշմամբ, որ գյուղում կմնա մի քանի օր էլ, կտեսնի բարեկամներին, հյուր կգնա նրանց տները, կպատմի «Ադես քաղաքի և թոփով պարախոդի մասին», մի քիչ էլ կզարմացնի իր ռուսերենով, կոշտ սապոգներով և այն նշանով, որ ստացել էր լավ հրաձիգ լինելու համար ու կհեռանա գյուղից, ամեն ինչ թողնելով խորթ մորն ու նրա ժառանգներին:

Այդ քանի օրը նա ուշ էր վեր կենում, փալասի կտորով սրբում էր կոշիկները և բարձի տակից հանում զինվորական շալվարը, որ քնելուց ծալում էր խնամքով, գլխատակին դնում՝ ծալը չկոտրելու համար: Փոքրիկ երկաթե սանրով մազերի փնջերը ոլորում էր թեք ու միահավասար, կարտուզը ծուռ դրած փողոց ելնում: Գյուղում լուրեր էին տարածվում, որ Արզումանը աղջիկ է ջոկում: Ոմանք հավատում էին, մայրեր կային, որոնք սրտատրոփ սպասում էին, թե ահա կանցնի նա իրենց տան առաջով, կմտնի և գուցե թե մի բան լինի:

Իսկ Արզումանն իրեն հասակակից ընկերներին պատմում էր այն մասին, թե ինչպես իրենց վաշտը մանյովրի ժամանակ լեհական մի գյուղ տարան: Պատմում էր և աչքերը փայլատակում էին հիշողության հրճվանքից:

Ա՛յ աղջիկներ, թամամ հրեշտակ... Սավսեմ սլաբոդնի գալիս են, հետդ խոսում, ասում... թե մի քիչ արսըզ ես, կուռդ ճտովը քցի... Իսկի չի խոսում: Հորը, մորը առաջ քեզ պոդրուժկա է անում: Սպիտա՛կ, սպիտա՛կ... Երեսհատին որ նայում ես, պատկերդ միջին շողշողում է: Աբմունդիրավաննին էլ թազա էինք ստացել, կոճակները պսպղում էին ոսկու նման... Էլ ինչ կեր ու խում, ինչ արգան, մուզիկ, դուխավոյ արկեստր...

Եվ պատմում էր, թե ինչպես է մի տուն ընկել, ուր երեք քույր են եղել, մի պառավ մայր:

Կավկազի մարդի համար խելագարված են... — որպես իրական ապացույց իր ասածների, հանում էր ծոցի գրպանից նրանցից ստացած մի նկար: Ճիշտ է, դարձյալ երեք քույրեր էին, բայց այդ նրանց լուսանկարը չէր, այլ սովորական բացիկ, որ նվիրել էին նրան երեք լեհուհիները:

Այդ օրերումն էլ պատահեց. այն հանկարծակի հանդիպումը, որ և վճռեց նրա գյուղում մնալու հարցը: Ջաղացպանին տեսության գնալուց, նա անցավ Ղարիբանոցի այգիների միջով ու հանկարծ դեմ դուրս եկավ բարձրահասակ, լիքը մի աղջիկ, որ ձեռքերը վեր էր բարձրացրել ու բռնել կուժի ունկից: Աղջիկը նրան տեսավ թե չէ, կարմրեց, գլուխը խոնարհեց...Արզումանը տեսավ նրա երկար արտևանունքները, լիքը կուրծքը, որ ավելի էր ուռել, որովհետև աղջիկը ձեռքերը վեր էր բարձրացրել և բռնել կժից: Տեսավ ու տեղը մեխվեց: Աղջիկն անցավ. կժի մեջ ջուրը խուլ արձագանք էր տալիս` կըլթկըլթ, տարուբեր լինում աղջկա ոտնափոխից: Արզումանը ետ նայեց. շորորալով գնում էր աղջիկը, կուժն ուսին ու ոտաբոբիկ: «Նա է՞ր... չէ՛, նման էր», մտածեց Արզումանն ու հետ դարձավ: Նա տեսավ, թե ինչպես աղջիկը մտավ Շալուն Սիմոնի դռնից: Նա էր՝ Սալբին:

Արզումանը գիտեր, որ Սիմոնն աղջիկ ունի: Զինվորության ժամանակ, երբ երեկոները հերթապահը փոստը բաժանում էր, և հավաքվում էին նամակ ստացողների շուրջը, նամակի ընթերցումից հետո կազարմայում խոսակցություն էր բացվում կանանց մասին: Ամեն մարդ իրենց գյուղերիցն էր պատմում, տեսած կանանց գովքն անում: Զինվորներից մեկը աշխարհի ամենից երևելի գեղեցկուհուն համարում էր իր խորթ քրոջը և նրա մասին այնպես էր պատմում, այնպիսի շարժ ու ձևով, շրթունքները չմպացնելով, որ լսողներն իրենց կասկածն էին հայտնում, թե նրանց մեջ ինչ-որ բան է պատահել: Արզումանն էլ էր պատմում ու պատմելուց հետո, երբ քնելու փողը փչում էին, պառկում էր ու ժամերով վերհիշում գյուղը: Այդ ժամերին նա մտաբերում էր և Սալբուն, հիշում էր փոքրիկ այն աղջկան, որի հետ մի ամառ խուրձ էին կրել:

Ջաղաց հասնելուց հետո էլ ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչքան շա՛տ է մեծացել: Այդ օրից նա խոր պահեց «հրեշտակների» նկարը: Ճիշտ է, նրա ուրախությունը խորացավ, նա լռությամբ էր անցնում այն դեպքերի վրայով, որ պատահել էին Վարշավայի մանյովրի ժամանակ:

Նրա գնալն ուշանում էր: Գյուղի կանայք ասում էին.

Շուռ է տալի գյուղի վրա, տեսնենք որ թխսամոր ճուտը կփախցնի...

...Արզումանը քարի գլխից բարկացած իջավ ու այնպիսի մի մեծ քար գրկեց, որ Եգորը մնաց զարմացած: Վերև տանելուց գոտու կապերը կտրվեցին, և գոտին ընկավ:

Քարի գլխից նա աչք էր ածել քաղհանավորներին ու տեսել էր նույն շարքը, մի քիչ ավելի խոր գնացած: Ոչ ոք չէր բարձրանում: Մկրտումը ձիու վրա նստած խոսում էր Շողերի հետ: Արզումանը երկար նայեց. նա ուզում էր, որ Սալբին վեր բարձրանա ու մի անգամ էլ նայի ձորակի կողմը: Սպասեց... Ու հանկարծ Մկրտումը տեսավ: Արզումանը ձևացրեց, թե քար է գլորում ու զայրացած իջավ: Մեծ քարը հիմի փոսի մեջ շպրտելուց հետո, թևով ճակատի քրտինքը սրբեց:

Խիղճ չունե՞ս դու... Մեռանք է՛ սովից: Եգոր, արի՛, Սիման ապե՛ր, վեր կաց... Դու էլ ուստա դառար մեր գլխին էլի՛... Պարավոզի տրուբան դրել ես բերանդ, էս ձորերը մուխով լցրել, էլ հացն ինչ ես անում...

Կերե՛ք, բան չեմ ասի... Էս քարն էլ դնեմ... Ես էլ անոթեցա, — ասաց ուստան ու քթի տակ շարունակեց մռմռալ մելամաղձոտ երգը` «դանդանա վեր ա՛յ նանա՛»:

Մկրտումը դժգոհ հեռացավ: Ավան ամուն ի՞նչ, թե ինչ է մտադիր անելու: Ինչո՞ւ էր եկել... Ժպտաց: Հիշեց նրա խոսքը` փարթ կանենք, Քառասնաջուրը տերությունից կառնենք... Ձին խայտալով գնում էր, աջ ու ձախ դունչը մեկնում, փրցնում ծաղիկ ու խոտ: Հարկավոր չէր խիստ լինել... Լավ էր: Հիմա նա իր մտքում թող մտածի գյուղի համար: Ժամանակը կգա: Ի՞նչ պիտի անեն, ինչ կարող են անել, որ ուզենան էլ: Միայն արյուն են պղտորում: Ձիու ոտքը քարին դիպավ, քիչ մնաց ընկներ: Մկրտումը սանձը պինդ ձգեց և փորի տակով մտրակեց, մտրակը վզզաց գնդակի պես, ձին թռավ: Այդպես... Ու մի քիչ հանգստացավ: Ասես մտրակը ձիու տեղ այն աներևույթ թշնամին ստացավ, որ խուլ դժգոհում էր, փնթփնթում, խեթ նայում, բայց ճակատ առ ճակատ դուրս չէր գալիս:

Ծփացող արտի տեսքը նրան հանգստացրեց: Գարունը խոստանում էր առատ բերք: Նա ձին պահեց արտի ծայրին, մասրենու ծաղկած թփի մոտ: Կռացավ գարու ցողունը պոկելու: Ձին ետ-ետ քաշվեց, ականջները խլշեց: Թփի մյուս երեսին մի բան շարժվեց, ոստերն իրար դիպան, և սպիտակ վարդի թերթերը օրորալով վայր ընկան: Մկրտումը ձիուց իջավ: Մյուս երեսին, թփի ստվերում, քաղհանավորներից մեկի մանուկն էր, փոքրիկ ճոճքի մեջ: Մանուկը զարթնել էր, տրորում էր աչքերը, ու ճոճքը շարժում էր, ոստերն իրար էին դիպչում և թերթերը թափվում էին: Մկրտումն ու մանուկը մի վայրկյան իրար նայեցին. մանուկը ժպտաց, Մկրտումն ուզեց կռանալ ու մատը կարմրած թշին դնել, բայց մանկան դեմքից ժպիտն հանկարծ անհայտացավ, երևաց վախի արտահայտություն: Փոքրիկը տեսել էր ձիու գլուխը Մկրտումի թիկունքի ետև:

Следующая страница