Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

16

Ու հետևելով սուրբ օրինակին,
Բոլորը իրենց տվին կրակին
Ստվար խմբերով կրակը ընկան...
Ախ, գործում նրանց եռանդ կար այնքան,
Որ ես, ընկճված նրանց եռանդից,
Հայհոյում էի, ատում էի ինձ,
Որ չեմ աշխատում, չեմ գործում ես է՜լ,
Որ գիտեմ միայն երգել ու խոսել.
(Ախ, չէր մոռացել իմ խենթ սիրտը դեռ,
Որ երգիչ եմ ես... երկնքի թիթեռ...)
Աստված իմ, աստված, ի՛նչ եռանդ էր այդ:
Ես չէի տեսել այդպիսի եռանդ.
Չէի է՜լ լսել աշխարհում այս հին
Այդպիսի հսկա եռանդի մասին...
Չէր անցել գուցե և մի ակնթարթ
(Սրան են ասում իսկական եռանդ) —
Կրակի մե՜ջ էլ բուրդ չէր մնացել.
Ե՜վ հանել էին, և հարմար բարձել
Ձիերի վրա բուրդը արնակեզ.
Այն արնոտ բրդի մի քարվան էր մեծ,
Որ ճամփա ընկավ երգով հաղթական
Դեպի հեռավոր վայրը գաղթական,
Ուր թափվել էր վար խուռը, բազմահոծ,
Հրդեհից փախած ժողովուրդն հայոց:

17

Օ, Իսահակյան եղբայր Ավետիք, —
Քանի կան կյանքում Թորգոմյան որդիք
Աբուլ Ալաներ չեն պակսիլ կյանքից...
Սիրելի եղբայր, հավատա՜ դու ինձ,
Որ երբ ես տեսա երազիս միջում,
Թե ինչպես քա՛ղցր է, քա՛ղցր է ղողանջում՝
Բրդի քարվանը Լեգեոն մեծի
Աբուլ Ալայիդ քարվանն հիշեցի...
Մի՞թե այս բանում մեղավո՞ր եմ ես
Ավո ջան, հոգի՜ս, խնդրում եմ... ներես...
Մի՞թե չգիտես, որ մարդ երազում
Երբեմն հիմար բաներ է ասում: —
Ես էլ, երբ որ այդ քարվանը տեսա
«Աբուլ Ալայի քարվանն է սա» —
Չգիտեմ ինչու ասացի հանկարծ...
Ախ, չէր մնացել խելքի մի առկայծ
Այդ նվիրական, այդ սուրբ վայրկյանին,
Երբ աչքիս առաջ օրորվում էին
Ձիերը՝ բարձած արյունոտ բրդով
Եվ Լեգեոնը, երբ սուրբ եռանդով
Նրա առաջից քայլում էր հանդարտ...
Նույնիսկ ես տեսա, որ լուսե մի վարդ
Վառվում էր նրա բյուրեղ ճակատին
Ու լույս էր տալիս աշխարհի մութին...
Ես այդ վայրկյանին շա՛տ էի հպարտ,
Որ մեր ազգն ունի այդպիսի մի մարդ:
Ու սիրտս նրան օրհնեք էր ասում
Իմ տարօրինակ, իմ խենթ երազում
Երբ տեսա, որ այդ քարավանը մեծ
Հին Արարատյան դաշտի մեջ կանգնեց:
Եվ ես լսեցի, որ դաշտում այդ մութ
Զառանցում է մի մեռնող ժողովուրդ...

18

Ձյուն, բուք էր դաշտում: Գիշեր ու քամի:
Ոռնում էր քամին, փնչում էր ու մի
Մահվան երգ դարձած, ձուլված խավարին,
Գնում էր դիպչում հին Մասիս սարին:
Ախ, ինչե՛ր ասես այդ երգում չկար.
Մեռնող պառավի կանչեր խելագար.
Ձյունը ճանկռտող հիվանդի հառաչ,
Քաղցից անասուն դարձածի բառաչ,
Մանկան մղկտանք, որ նվում է խուլ
Մորթում են կարծես նոր ծնված մի ուլ...
Ու լալիս էին, ու քրքջում էին.
Քրքջում էր քամին, երգում էր քամին,
Նվում էր քամին հուսահատ ու խուլ
Ու այս էր ասում այդ երգը տխուր. —
«Մա՛հ է այստեղ. հազա՛ր-հազա՛ր
Հեռանում են ու մարում
Այս անիծված, անհավասար,
Արյունահեղ աշխարհում:
Բուք է այստեղ, ձմեռ ու մուժ,
Մահվան սարսուռ ու քամի
Տեր է այստեղ մահը խուժդուժ՝
Բարեկամ ու թշնամի:
Համրվում են ժամերն անդարձ
Ու աշխարհից ցուրտ ու մութ
Հեռանում է անվերադարձ
Մի արնաքամ ժողովուրդ...»:
Երգում էր քամին, հեծկլտում էր խուլ
Նվում էր կարծես մորթվող մի ուլ...

* * * * * * * * * * * * * * * *

19

Երբ լսում էի այս խուլ երգը ես
Մի վայրկյան միայն մոռացա ասես
Բրդի քարվանը Լեգեոն մեծի, —
Բայց երբ որ հանկարծ նրան հիշեցի
Սրտիցս կարծես հեռացավ մի ամպ
Եվ սիրտս լցվեց անհուն բերկրությամբ:
Դաշտը մի վայրկյան լուսացավ կարծես
Ու սիրտս նորից դադարել ուզեց.
Տեսա, որ դաշտում, անտուն, անկրակ,
Ձյուների վրա պառկած են նրանք,
Ձյուների վրա, և ո՜չ թե հողին,
Ձյուների վրաառանց անկողին...
Ու սրտիս զարկով նորից հիշեցի
Բրդի քարվանը Լեգեոն մեծի
Ու սիրտս նորից շունչ առավ հանդարտ,
Ախ, նրանց համար փրկություն էր այդ...
Եվ ճիշտ որ՝ տեսա՝ վեհանձն, անձնվեր,
Ահա անձնուրաց հերոսները մեր,
Վեհ գործով տարված, մտազբաղ, լռին,
Բուրդ են բաժանում գաղթականներին...
Երկնքից իջած մի հրաշք էր այդ.
Մի վայրկյան չանցած, կամ մի ակնթարթ,
Ես տեսա հանկարծ, որ բոլորն արդեն
Պատրաստվում են, որ տեղերը հարթեն
Եվ մոռանալով ձմեռ ու մշուշ
Անկողին մտնեն ու քնեն անուշ...
Ու սիրտս ճախրեց, որպես մի թիթեռ.
Վայր ընկավ կարծես սրտիցս մի բեռ.
Աշխարհը կարծես լույս դարձավ ու փայլ,
Օրհնե՛նք քեզ հավերժ, Լեգեոն եղբայր...
Այդ անրջական վայրկյանին ես, ա՛խ,
Որբերի քնին շա՜տ էի ուրախ...
Շա՜տ էի ուրախ նրանց հանգստին.
Ուրախ էի, որ նրանք վերստին
Գոնե մի գիշեր քնելու են կուշտ՝
Անո՛ւշ մոռացած զրկանք ու կորուստ...
Երբ հաջորդ պահուն բախտից խելագար
Ես թաց աչքերով նայում էի վար
Դրախտավայել ժպիտը շրթին
Ժողովուրդը իմ քնել էր արդեն...
Ու չկար արդեն ձյուն, ձմեռ ու մուժ.
Ժպիտը շրթին քնել էր անուշ,
Քնել էր հանգիստ ժողովուրդը խեղճ
Եվ իր երկնային երազում անվերջ
Տեսնում էր գուցե նա աշխարհը հին,
Երբ երկրի վրա հոգսեր չկային,
Երբ մարդը ուներ ժպիտներ ու թև
Ու երգը շրթին ապրում էր թեթև...
Նայում էի ես իմ ժողովրդին
Ու դրախտային ժպիտը շրթին
Այնքան քաղցր ու խոր խռմփում էր նա,
Որ ես վախեցա... որ էլ չարթնանա...
Բայց վախս միայն մի վայրկյան տևեց.
Անխուսափ մի միտք սիրտս արևեց.
Օ, թո՛ղ չարթնանա, ասացի ես ինձ.
Գիշեր է դուրսը մի մահու թախիծ,
Գիշեր է դուրսը ու ձմեռ է ցուրտ
Քնի՛ր, օ, քնի՛ր, իմ խեղճ ժողովուրդ...
Ժպտում էի ես այդ ակնթարթին
Ու հանգստացած իմ ժողովրդին
Նայում էի ես երկնի դրախտից
Ու լալիս էի անսահման բախտից...
Ու լույս էր շուրջս, հրաշք էր կարծես.
Հրճվանքից այնպես դողում էի ես,
Որ սիրտս կանգնեց ուրախությունից
Եվ ես, քրտնաթոր, արթնացա քնից...
Արթնացա տեսա՝ անկողնում եմես...
Ու սառ ջուր լցրին իմ գլխին ասես:
Ուզեցի ճչամ ու կանչեմ մեկին,
Ուզեցի սեղմեմ աչքերս կրկին.
Գուցե պատահի, որ զարթնումը այս
Մի վայրկյան է սուտ, մի տխուր երազ...
Ու սիրտս ասաց, որ երկրում իմ ցուրտ,
Ուր բուք է, քամի ու գիշեր է մութ
Բոլորը հիմա պառկել են հողին՝
Մերկ... գետնի վրա... առանց... անկողին...
Ու տիրեց սրտիս անհույս մի հուզում,
Կյանքին հավատալ ես չէի ուզում:
Ինչե՛ր չէի տա ես այն վայրկյանին,
Թե երազ դառնար արթնացումը իմ...
Եվ ահա հանկարծ վայրկյանին այդ մութ
Վառվեց իմ սրտում մի կրակ աղոտ.
Մի միտք սկսեց իմ սիրտը հուզել
Եվ սկսեցի ես ինձ համոզել.
«Մի՞թե չգիտես, ասացի ես ինձ, —
Որ չի տարբերվում կյանքը երազից:
Միրաժ է կյանքը, երազ ու տեսիլ
Քո այդ երազում դու կյա՜նքն ես տեսել:
Կյանքը աշխարհում մի երազ է հենց,
Օ, ցնդած պոետ Եղիշե Չարենց...»:

1917. XII1918.lI

Էրզրում-Թիֆլիս

ՀԱՏՎԱԾ

...Օրերը այստեղ են բերել:
Եվ ես
Այստեղից
Անցնում եմ՝ տարտամ ու երեր:

Նորից
Քայլերս դարձել են տարտամ:
Նորի՛ց ծանրացել է
Սրտիս մեջ թախիծը
Անկամ:

Գնում եմ,
Գնում եմ
Նորից.
Գիտեմ, որ անցնում է տարին:
Գիտեմ, որ
Նորից ու նորից
Ոտքերս առել են քարի՜...

Ու շուրջս խավար է:
Ու շուրջս մշուշ է
Ու մահ:

Գիշեր էու վարը
Հիմա
Խարխուլ, խուլ ծփում է
Խոնավ
Խորխորատը
Հնի.
Թափվում է, թափվում է
Արյան պես կարմիր մի
Գինի...

Հեյ ո՞ւր եմ հիմա ես
Էս ո՞ւր եմ
Ես ո՞ւր եմ
Հասել.
Եվ ո՞ւր է,
Երկի՜ր ի՜մ,
Քո հուրը
Փրփուրը
Լուսե:

Էն ո՞վ է սրտին քո
Դրել իր
Կապարը
Էն ո՞վ է թքել քո
Հրին.
Հե՛յ ո՞վ է կոփել կուռ,
Անդուլ այս խավարը՝
Մահե շիրմաքարը
Լռին:

Եվ ո՞վ է
Տվել քեզ
Այս խեղճ հոգնությունը,
Այս խեղճ հոգնությունը
Հիմա
Երբ քո հոգնությունը
Քարի հոգնություն է
Քարի՛ հոգնություն է
Ու մահ:

Իսկ է՞ն, որ թռել ես,
Հոգով
Փրփրել ես,
Սրտում քո կրել ես
Հուրե՛ր ու հուրե՛ր.
Հազա՛ր դար քո կամքը
Կոփել ու կռել ես
Սրել ես քո կամքը
Հրե...

Իսկ է՞ն որ սրտիս մեջ
Հազա՛ր դար կրել եմ
Քո քաղցր գալիքը լուսե. —
...Օրերը եկե՛լ են,
Օրերը հասե՛լ են, —
Ու հուրը դարձել է քոսև ...

Եվ ի՞նչը,
Էլ ինչը
Պիտի փոթորկի քո
Հին սիրտըիմ սիրտը հիմա.
Էլ ո՞ւմ եմ նետո՜ւմ ես
Անզոր իմ այս ճիչը,
Երկիր իմ, մորմոք իմ ու մահ...

Մենք, լուռ, շվարե՛լ ենք,
Լույսերս
Մարել ենք
Հույսերս էն ո՞ւմ ենք տվել...
Եվ ո՞վ մեզ,
Էլ ո՞վ մեզ,
Էն ո՞վ պիտի տա
Երկի՜ր իմ, թռիչք ու թևեր...

1918

ՍՈՄԱ

(Նոր վեդյան պոեմ)
Սո՜մա, դու վերջի՛ն ազատություն...
ՌԻԳ-ՎԵԴԱ

I

Որպես քուրմը Գանգեսի,
Կարոտակեզ, սիրակեզ
Կյանքս տվե՛լ եմ լույսիդ
Եվ երգում եմ քեզ:
Քե՛զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա, —
Քե՛զ եմ երգում, քա՛ղցր քույր,
Խելա՛գար Սո՜մա:

II

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
Ու սիրտսգարուն,
Կյանքս երգ շինած՝ քե՛զ էի փնտրում
Այս չար աշխարհում:

Ու չէի գտնում, Սո՜մա, ո՜չ մի տեղ
Քո դեմքը հրե, —
Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
Ով որ քեզ սիրե:

Ու սիրտս տված մահի անուրջին, —
Մա՛հ էի տենչում, —
Բայց տեսա հանկարծ քո դեմքը վերջին
Այս աղջամուղջում:
Քո դեմքը տեսա, որպես սրբազան
Մի զոհաբերում.

Քո դեմքը տեսա աշխարհասասան
Այս հրդեհներում:

Եվ քեզնով հարբած՝ կանչեցի՛ նրանց
Հրդեհի պարին, —
Եվ կյանքս տվի, պարզ ու սրտաբաց,
Վառվող աշխարհին...

III

Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
Երկնային մի քույր,
Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
Թույն, թախիծ ու բույր:

Երկնքից իջած քո ցո՜ղն է սերում
Բույսերը բոլոր.
Քո՜ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
Քաղցր ու ահավոր:

Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
Գինի հրակեզ,
Եվ այդ սրբազան խմիչքով հարբած
Ցանկանում ենք քեզ:

Վառվում ես, Սո՜մա, մեր երակներում
Դու, որպես գինի, —
Եվ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
Որ այս աշխարհում քո կամքը լինի...

IV

Սո՜մա, օ, Սո՜մա, սրբազան խմիչք,
Սրբազան դու սեր,
Ոգևորության դու քա՛ղցր գինի,
Երկունքի գիշե՛ր:

Արշալույսների սրբազան արգանդ,
Ոգու Կաթն Ծիր.
Արևից առաջ դո՜ւ երկնից անցար,
Ոսկի փռեցիր:

Օ, սրբազան հա՛րս դու ազատության,
Դուազատությո՛ւն,
Դուվերջին ցնորք վերջի՛ն քաղցրության,
Դուոգու խնդում:

Դո՜ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
Հոսում ես արագ,
Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
Վառվում ես հանկարծ, դառնում ես կրակ: —

Սո՜մա, օ, Սո՜մա, օրհնվի՛ թող այն
Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
Երբ մարդու սրտում առաջին անգամ
Հրի փոխվեցիր ու Ա՜գնի դարձար...

Ու հրդեհ դարձար, ու կրակ, ու հուր,
Սրտից ծփալովանցար աշխարհին.
Եվ կյանքը այս չար, այս կյանքը տխուր
Հանձնեցիր հրին:

Ծփում ես հիմա մարդկանց սրտերում
Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
Քո՜ւյր, դո՛ւ ես միայն թխպոտ օրերում
Մեզ մխիթարել...
Վառե՛լ ենք հիմա աշխարհը նորից,
Ուխտի ենք ելել խենթ ու խելագար.
Օրհնվի՜ թող քո անունը նորից,
Որ հուր դարձրեց մեր սրտերը քար:
Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
Խմե՛լ ենք արդեն, ելել ենք պարի,
Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.
Բռընկվի՜ր կրկին ու կրկին անգամ,
Վառվի՜ր մեր սրտում, ծփա՜ արնաքամ,
Խելագա՛ր Սո՜մա...

V

Քո՜ւյր, քո գինին մեր սրտերում
Մխացել է դա՛ր ու դարե՛ր.
Քո՜ւյր, քո գինին մեր սրտերում
Քանի՛ ոսկի ջահ է վառել...
Քանի՛ ոսկի ջահ է վառել
Երկրի մուժում,
Քանի՛ ոսկի ջահ է վառել
Կյանքի փոշում:
Դա՛ր ու դարե՛ր մեր սրտերում
Վառվել է վառ,
Բայց հրդեհվել չի կամեցել
Աշխարհը քար:

Ո՞վ չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր:
Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.
Գինի՜դ է այն, որ չի վառվել մարդու օրում:
Գինի՜դ է այն, որ զուր հուզվել, բայց չի՜ վառել՝
Գինի՜դ է այն, որ մարդ իր հետ վա՜ր է տարել.

Ու գիշերի թանձր մթում
Հրե մի սուր
Դուրս է թռչում գերեզմանից՝
Վառվում է զուր...
Սո՜մա, գինիդ, որով հարբել,
Խենթ ենք հիմա
Դա՛ր ու դարե՛ր տվել է մեզ
Երկունք ու մահ.
Մա՜հ է տվել ու գերեզման,
Հող ու անհուն
Որ դուրս թռչի, ազատ վառվի
Գերեզմանում...
Ու չէր վառվում դա՛ր ու դարեր
Աշխարհը քար.
Հիմա վառվեց... Խե՛նթ ենք մենք էլ
Ու խելագար: —

Պա՛ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում
Այն ամենը, ի՜նչ որ կար
Հազարամյա աշխարհում:
Ու արյունը մեր՝ խառնըված հրին՝
Վառվում է ագահ, —
Ու լույս է տալիս վառվող աշխարհին
Դեմքդ հեռակա:

VI

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եվ մեր շուրջպարումհրդեհի պարում
Հեքիա՜թ է կյանքը, ու մարդըկրակ:

Հրթի՛ռ-հրթի՛ռ վեր են թռչում
Կյանքերը մեր կարեվեր,
Ու վառվում է աղջամուղջում
Ողջակիզվող սիրտը մեր:

Ամբոխները զրահապատ
Ծափ են զարկում ու պարում,
Ջա՜հ է դարձել ամեն մի մարդ
Կրակապատ աշխարհում:
Ու պար բռնած ու խելագար
Ե՛րգ ենք ասում կրակին
Ու վառվում է աշխարհը քար
Մրրիկներում կրակի:
Կիրակի է կյանքն հիմա
Ջահազարդվա՛ծ, կրակուն

Ու պարում են կյանք ու մահ
Սո՜մա, քո սուրբ կրակում...

VII

Հե՛յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ, —
Դուք չե՞ք լսում, ձե՜զ ենք կանչում, —
Զվարթ ու սեգ,
Եկե՜ք, մտե՜ք շուրջպարը մեր
Եկե՛ք, եկե՛ք:

Օ, կո՛ւյր է նա, ով չի տեսնում
Երկինք հասած կրակը թեժ.
Եկե՜ք, եկե՜ք, ով սիրտ ունի
Ողջակիզվող ու հրակեզ:
Ով որ եկավպետք է իր հետ
Ողջակիզվող մի սիրտ բերի
Եկե՜ք, հսկա պարը մտեք
Աշխարհային հրդեհների:

Ու ծավալվի՜ թող
Աշխարհովը մեկ,
Հրդեհը մաքրող,
Բոցը հրաշեկ:

Կյանքը հնամյա,
Որ մխում է զուր
Թող մոխի՜ր դառնա
Ու անցնի իզուր:

Հո՜ւրը թող մնա,
Հրդեհը հոգու,
Որ հրաշք դառնա
Սո՜մա, խոսքը քո:

VIII

Ու գալիս են անվե՛րջ, անվե՛րջ
Ամբոխները ահագին,
Որ կյանքը հին ու սնամեջ
Ողջակիզեն կրակին:

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըվում է կյանքը քար
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար:

Ու արյունը մեր, խառնված հրին,
Վառվում է հրում՝ զո՜հ է սրբազան
Ու ժպտում է քո դեմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան...

IX

...Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
Մի ոսկի տեսիլ.
Ինչ լա՛վ է, Սո՜մա, որ կյանքի հոգուն
Հիմա՜ եմ հասել.
Ինչ լա՛վ է, Սո՜մա, որ քո կրակում
Վառվում եմ ես էլ...

Կվառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
Ու զոհաբերում,
Եվ եթե մարի հրդեհը այս մեծ,
Որ չունի մարում
Դու էլի՜ հազար հրդեհ կվառես
Այս չար աշխարհում...

Սո՜մա, սերը քո թույն է ու գինի,
Բայց քա՛ղցր է այնքան.
Սո՜մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
Ու վաղը չկամ.
Սո՜մա, աշխարհում թող կամքդ լինի
Տիեզերական: —

Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ
Քո ոսկի հրում
Բայց վառվի՛ պիտի սիրտս մոխրացած
Քո բոլո՛ր գալիք արշալույսներում...

1918 հունիսհուլիս
Կարմիր բանակ

ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ

I

Հեռո՛ւ, մոտիկ ընկերներին, — աշխարհներին, արևներին,—
Հրանման հոգիներին: —
Բոլո՛ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, —
Բոլո՛ր նրանց հոգիներին արևավառ, —
Կյանքի՛, մահի՛ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներինողջո՛ւյն, ողջո՛ւյն: —

II

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն:
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում:
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած:
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում
Ու արյուն էր դաշտի վրա, թո՜ւյն էր թքում:
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա:
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային: —
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ:
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի: —

III

Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված:
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ:
Ով քաղաքից էր հեռացելնա թողել էր մշուշը ծեր, —
Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել:
Ով եկել էր գյուղից հեռունա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ո՜չ մի ոսկի հասկ չծնավ:
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել:
Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ՝
Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրոշ: —
Ով եկել էր, թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի՝
Բերել էր իր մկաններում բեղմնավորված ուժը հողի:
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների...
Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ՝
Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի էին ելել:

IV

Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված: —
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված: —
Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունված ու արևուն, —
Ու հետևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում: —
Ծո՛ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված՝
Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի զանգըված:
Հեռո՜ւ, հեռո՛ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ իրիկնային:
Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում՝
Հետըզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում:
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր...
Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ՝
Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական:
Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում երկինքն ի վեր.
Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ: —
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե: —

V

Իսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու հաղթական՝
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական:
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու մուժում
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն...
Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր դաշտի վրա: —
Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ, նրանց առաջ: —
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մեկ լայնատարած՝
Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք, ու արևելք
Ուղիները երկաթագիծ ձգվել էին ամենուրեք: —
Երակների պես երկաթե քաղաքամոտ կայարանից
Հեռո՛ւ, հեռո՛ւ ձգվել էին ուղիները երկաթագիծ:
Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի՝
Սեղմըվելով հետզհետե՝ փախչում էին գաղտագողի...
Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում
Կայարանը, որպես մի հարց, որպես հսկա մի քարացում:
Ուղիների ճամփամիջում հանգույց էր նա կարծես կապված
Ու անզիջում կռվում էին ամբոխները խելագարված:
Կարծես նետված մի հաղթ ձեռքով՝ աշխարհային կամքին հլու՝
Գնո՛ւմ էին կռվո՛վ, երգո՛վ կայարանը գրավելու: —

VI

Կռվում էին: Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի:
Դեմը քաղաքն էր տարածվել՝ հազարամյա մի թշնամի:
Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին՝
Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին: —
Ու կայարանը՝ հաղթանդամ իրիկնային կարմիր մուժում,
Հաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան հսկող մի շուն:
Հաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի՝
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների:
Ու գծերի մոտ երկաթե, դեպի հյուսիս, դեպի առաջ՝
Ձգվել էին ալիքաձև խրամատներ գետնատարած:
Թշնամին էր պահվել նրանց ալիքաձև գետնափորում
Ու մատներով արյունոտած դեմը փռված դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՜, հողի սրտում դարան մտած՝
Կրակում էր գաղտագողի, նենգ ձեռքերով արյունոտած:
Կռվում էին՝ մոտենալով, մոտենալով հետզհետե:
Պայթում էին զրընգալով հրանոթները երկաթե: —
Ե՜րգ էր կարծես կռիվը այդ, որ զնգում էր մայրամուտում.
Նայես՝ թռավ մի հրանոթ ու թունդ պայթեց խրամատում...

VII

Կռվում էին, ու կռվելով անցնում էին նրանք առաջ:
Ու դաշտերում իրիկնային մա՛հն էր քրքջում համատարած:
Երգում էր նա՝ երգը խառնած հրանոթի զրնգունին, —
Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռվում էին:
Ե՜րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր հայացքը կրակոտ.
Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ:
Ե՜րգ էր կարծես արևը հին՝ իրիկնային լույսով վառված
Եվ երգելով կռվում էին ամբոխները խելագարված...

VIII

Եվ երգում էր մեկը՝ հզոր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՛վքն էր երգում կռվի ելած, արիացած իր ընկերոջ: —
Որպես բազե՝ երգը նրա սլանում էր հեռո՛ւ, հեռո՛ւ
Եվ երգելով կռվում էր նա՝ լուսաժպիտ ու ահարկու:
Երգում էր նա: Մայր էր մտնում արևը հին՝ կարմիր քուրա:
Եվ դաշտերում իրիկնայինզանգ էր կարծես ձայնը նրա:
Զա՛նգ էր կարծես, զանգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանա
Բորբ կարոտով անծայրածիր, կրակելով երգում էր նա: —

IX

«...Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ
Մենք մեր սիրտն ենք բերել նորից՝ հուսավառված ու կրակոտ:
Այստեղ հիմա կռիվ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ, —
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմամահի հանդեպ՝ կարմիր դրոշ:
Արյունաքամ մա՜յր է մտնում հազարամյա արևը հին.
Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնային...
Ու խնդասիրտ կռվում ենք մենք, ե՛րգ ենք ասում կռվում հիմի.
Կուրծք է տվել աշխարհը ողջ՝ հազարամյա մի թշնամի...
Բայց անվհատ կռվում ենք մենք, ու մահը՝ սեգ ժպտում է մեզ
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարոտակեզ: —
Անողո՜ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր
Կրակեցե՜ք, կրակեցե՜ք, խելագարված իմ ընկերներ...»:

X

...Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված:
Ու անվհատ կռվում էին ամբոխները խելագարված:
Աչքերի մեջ՝ կարմիր մի հուր, ու սրտերումկարմիր կրակ՝
Վերջին թափով մի ամրակուռ՝ անգայթ կռվում էին նրանք:
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ
Ու թշնամին փախուստ տվեց՝ ահաբեկված ու վտարված: —
Մութ էր արդեն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրավեցին...

XI

Մութ է հիմա: Գիշերը, խոր, իջել է վար:
Մութ է հիմա, թանձր խավար:
Երկաթուղու կայարանում, ուր ո՜չ մի լույս չկա վառված,
Խռնվել են հազարանուն ամբոխները խելագարված: —
Գիշերի մեջ չեն երևում հաղթ կամարները երկաթե՝
Լույս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատե:
Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին՝
Մութը իջավ համատարած, մինչ կայարանը վերցրին: —
Սպասում են, որ մինչև լույս գոնե մի քիչ հանգստանան
Ու առավոտ դուրս գան նորից ու քաղաքի վրա գնան:
Աչքերն հառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքեն՝
Սպասում են առավոտին, որ կռիվը շարունակեն:
Մի քիչ առաջ, արյունաքամ, երբ դեռ դաշտում կռվում էին
Մո՛տ էր թվում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին...
Եկան իրենք, կռվով, երգով գրավեցին կայանը մեծ
Իսկ թշնամին փախուստ տվեց ու քաղաքում պատսպարվեց:
Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան
Ու առավոտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան:

XII

Ու մթի մեջ հազարամյա, գիշերի մեջ խորը, անհուն՝
Խռնվել են նրանք ահա երկաթուղու կայարանում:
Դաշտն է դեմը, խավարակուռ ձգված է նա:
Չկա մի ձայն, չկա քամի, մութ է հիմա:
Դաշտն է դեմը՝ անծիր, անծայր մի զանգված խավարամութ,
Ուր նստել է անաչք, անլույս, խորհրդավոր կասկածը մութ:
Շնթռկել է, որպես մի շուն, ու խավարն է հսկում հիմի, —
Շնթռկել է թանձր մուժում, որպես անտես մի թշնամի:
Մութ նստել է կասկածը հին ու աչքերով խավարամած
Նայում է նա կայարանին, որ կանգնած է իրա դիմաց:
Շարժըվում է մութը կարծես ու խավարով իր աչքերի
Նայում է նա լուրթ աչքերին խելագարված ամբոխների: —
Ու տագնապով անլըռելի, հայացքներով անթարթ լարված՝
Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարված:
Լուրթ աչքերով խորը, տխուրմո՜ւթն են դիտում նրանք անհուն
Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում...

XIII

Հոծ բանակով հսկայական կայարանի դեմ խռնված՝
Լուրթ աչքերով արևակամդաշտն են դիտում խավարամած:
Մո՜ւթ է դեմը, ու խավարում, որ բացվել է, որպես անդունդ՝
Երևում է հեռո՛ւ-հեռո՛ւն կարմիր լույսով վառվող մի գունդ:
Աչքերի դեմ մթակալված, հայացքների դեմ ակընդետ
Հեռու մթում լույսն այդ վառված գո՜ւնդ է թվում, կարմիր մի կետ:
Գիշերի մեջկարմի՛ր, կարմի՛ր, տագնապալից վառվում է նա՝
Գիշերի մեջ վառել են, որ զորքը պատրաստ, արթուն մնա:
Անծայրածիր մթում հեռվի կարծես կարմիր գլուխ է շան
Վառել են այն, որպես կռվի ու տագնապի ազդանշան:
Քաղաքն է այն հազարամյա, ուր տագնապ ու տենդ կա հիմի:
Պահվել է նա, որպես վախից խելագարված մի թշնամի:
Ու կրակը այդ կարմրակեզահանշան ու վիթխարի
Մի արնագույն կետ է կարծես ուղեղի մեջ խելագարի:
Բռնըկվել է հույսով հետին, հոգեվարքի տենդով վառված
Ու նայում են կարմիր կետին ամբոխները խելագարված...

XIV

Գիշերի դեմ խավարամած, աչքերն հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին:
Ու վառվում է խավարակուռ հոգիներում նրանց անգայթ
Կետը այդ մուգ, որպես հեռու, հրաբոսոր մի ճառագայթ:
Սուր մխվել է նրանց սրտում, որպես մի թեժ, կարմիր բևեռ
Թույն է լցնում ու բորբոքում ու երազներ աշխարհավեր...
Աղմըկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամյա
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա:
Լուրթ աչքերում փայլում է վառ արյունամած մի ցանկություն
Ու աչքերը միլիոնավոր թո՜ւյն են թքում, արյուն ու թույն:
Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի
Ու վառվում է լուրթ աչքերում՝ արյունալից ու կատաղի:
Ու աչքերը արյունամած անթարթ հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին:

XV

...Գիշերի՛ դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին,
Որ կարոտով մի կրակոտ սպասում է առավոտին:
Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր
Երկինքնե՛ր կան կապուտաչյա, հորիզոննե՛ր՝ անծա՛յր, անծի՛ր:
Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ
Հազա՛ր բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ:
Նրանց ձգված մկաններում ո՜ւժն է նստել խոնավ հողի, —
Եթե ուզեն՝ արևներին նոր տե՜մպ կըտան ու նոր ուղի...
Եթե ուզեն՝ արեգակնե՜ր կշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն՝ վա՜ր կըբերեն երկինքներից արեգակներ...
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված
Ինչե՛ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված...

XVI

Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առավոտին:
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը հետին:
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առավոտի
Ու վառվում է վերջին լույսով կրակը այն կարմիր կետի:
Նոսրանում է խավարն ահա, գունատվում է հետզհետե
Ճեղքում է մութն արևելքում հսկայական, հրե մի թև:
Ու սուրում է հեռուներից առավոտվա կիսամթում
Մարմա՛նդ, մարմա՛նդ, բուրումնալից, գարնանային մի թարմություն:
Շարժըվում է խավարը թեն ու հեռևում խավարամած
Երևում է քաղաքն արդեն՝ մութ, անորոշ մի զանգըված:
Հաղթ շենքերի պատերը հաղթ որոշվում են հետզհետե,
Երևում են ահա հպարտ ծխնելույզները երկաթե...
Ու բորբ սրտում ամբոխների թո՜ւնդ է առնում կարոտը վառ,
Երկինքներում լուրթ աչքերի վառվում է տենդը հոգեվար...
Բո՜րբ աչքերով նայում են մեծ, խավարակուռ զանգըվածին
Ու վառվում է սիրտը նրանց, որպես հրդեհ արեգնածին...
Պիտի երթան առա՛ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՜ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց:
Քանդե՛ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՛ պիտի փռեն
Հազարամյա քաղաքը այդ քանդե՛ն պիտի ու ավերեն: —
Այրե՛ն պիտի, խելագարված պիտի պարե՛ն հրդեհներում,
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն: —
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՛ն նրանք նորից,
Որ կյանքը հին, որպես փյունիկ չբարձրանա՛ մոխիրներից...
Քամո՛ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի
Դեպի հեռո՛ւն պիտի երթան դեռ չծնված արևների...

XVII

...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված
Դո՛ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված...
Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն հառած հեռո՛ւ-հեռո՛ւն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՛ն էին գնում ամբոխները խելագարված...

* * * * * * * * * * * * * * * * * * *

* * * * * * * * * * * * * * * * * * *

1918, հուլիս

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ. ԲՈԼՈՐԻՆ

(Երեք ռադիոպոեմ)

ՆԱԻՐԻ ԵՐԿՐԻՑ

Եկելերկաթե երգ եմ ձեզ ասում
Եսկարմիր պոետԵղիշե Չարենց:
Ե՜ս եմ՝ նաիրցի մի հսկա պոետ
Եկել եմ ահա դարերի հեռու
Ու հին մշուշից
Մշուշի միջից անթիվ դարերի.
Եկել եմ ահա ու կանգնել եմ սեգ,
Եվ երգ եմ ասում հիմա բոլորիդ
Երկաթե մի երգ:

Ոտքերս, ամուր, հողի մեջ մխած,
Գլուխս աստղերում,
Անսասան, հաստատ կանգնած հողմային
Օրերի հրում
Իմ հավերժատես, պայծառ աչքերով
Նայում եմ հեռուն:

Դեմսհողմակոծ աշխարհն է անծայր,
Հեռո՛ւ ու հեռո՛ւ, —
Շաչում է, զնգում, ահեղ ու պայծառ
Բոսո՛ր հողմերում:
Գլխիս վրայով
Թռչում են, շաչում օրերը արագ,
Հողմերի նման հավիտենության
Ծեծում են կուրծքս վիթխարի թափով, —
Ծեծում են կուրծքս, շաչում ու իրենց
Երկաթ թևերով թռչում են հեռու
Ու հեռուներում ոռնում են անտես,
Ոհմակների պես քաղցած գայլերի,
Որ գազազել ու շշմել են ասես
Հողմերում հրի:

Следующая страница