Չարենց Եղիշե՝   Երկեր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Следующая Конец

Նա գիտե ինքն էլ, թե ինքն ինչի է տեր,
Բայց իր դիզած ոսկին ավելի է եթե,
Քան բուրգերը հսկա, աշտարակները ցից
Նա սիրում է խորհել, պաղարյուն ու հանգիստ,
Խորը, զգաստ սիրով,
Որ ինքն ունի արդեն, որպես բարիք ու գանձ
Իսկական ակն հողի զրնգան ու զնգան:

Ամբոխն ատում է իրեն, բայց պատկանում է նրան.
Նախանձում են բոլորն էլոսկին պսա՛կն է նրա:
Ցանկությունը երկրային, հրդեհումը նրա կեզ
Լափում է սիրտը նրանց, ինչպես իր սիրտը լափեց:

Ինքընա է, որ տալիս է ուզածին
Դյութիչ վաստակը հացի:
Ի՞նչ հոգ, որ նա կեղեքում է բոլորին. —
Ով իր դռնից հեռացավնա դառնալու է նորից:
Որպես հսկա ջրապտույտ, որպես հորձանք.
Թավալվում է ուժը նրա ահեղաձայն,
Փրփրում է, եռում ու քաշում է իր մեջ
Տերևներ ու ճյուղեր և քարեր ու սերմեր, —
Կարողություն, հասույթ, տնտեսություն ու կյանք
Եվ կոպեկնե՛րն անգամ,
Որ խուղերի մթում, գիշերն ամեն ծառա
Համարում է ծածուկ իր ճրագի առաջ:

Այսպես ահա, հսկա իր դեզերով փողի
Թիկնաթոռում թաղված, դողդոջուն ու մռայլ,
Նա տիրում է բոլո՛ր արքաների վրա
Ու վճըռում բախտը ծովերի ու հողի:

1923

ԿԻՆԸ ՃԱՄՓԱՄԻՋԻՆ

Քաղաքում այս ոսկե,
Եբենոսյա,
Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
Նորից ու նորից,
Ի՞նչ ես ուզում դուասա՛:

Ահա հույսերը սև՝ սև շների նման`
Կաղկանձեցին նորից, հուսահատ ու մռայլ,
Իմ բիբերի նսեմ լուսինների վրա,
Որ երբեմն լուսե խավարել են հիմա:
Այնպես երկա՛ր-երկա՛ր կաղկանձեցին նրանք
Իմ բիբերի նսեմ լուսինների վրա...
Ինչպես ոսկի ու սուգիմ մազերի հյուսկեն
Խենթանում է, հուզում ոհմակներին այդ սև,
Ու մեղավոր, մաքուր իմ մարմընի ոսկին
Երազներ է ցրում խելագար ու լուսե:

Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին.
Նորից ու նորից,
Ի՞նչ ես ուզում դուասա՛:

Առագաստները բաց ո՛ւր է թռչում, գիտե՞ք,
Իմ կուրծքը գիրգ ու գեր, — դեպ ի՞նչ ահեղ հրդեհ,
Դեպ ինչպիսի՞ հուշեր ու դրախտներ խավար:
Ի՞նչ ոգիներ են խենթ, կամ նժույգներ հրե,
Եվ ի՛նչ, և ի՞նչ, և ի՞նչ մրրիկներ են վառել
Իմ շրթունքներն այսօր հուրհրատող ու վառ:

Ախ, ի՜նչ հրդեհ է. — Օ ես հրե՛ եմ,
Որ միշտ լիզում են տարփանքս կեզ:
Եվ ի՛նչ թովիչ եմ, որ այդ շները
Տենչում են մահը, որ կա իմ մեջ:

Կի՛ն սևազգեստ, նորից ու նորից,
Օրը օրին,
Ինչ ես ուզում դու այդպես:

Ես ա՛յն եմ, ում գգվանքը թույն է.
Ես ում հպում եմ դողդոջուն
Նրան տալիս եմ մեղկությունս.
Ես կործանում եմ ու կորչում:

Շրթերս ա՛լ են, արնոտ են, ձիգ են,
Բոսոր փայլում են նրանք անահ.
Անցորդ մահո՛ւ պես գեղեցիկ եմ
Եվ ամենի՛նն եմ, ինչպես և նա:

Ինձ մոտենում է, ով ուզում է,
Թաղման ջահեր է վառում արթուն: —
Ու էլ թողնում է իր հուզումը
Մարմնիս փարթամ այս դիակառքում:

Տալիս եմ գիրկն իմ ամենքին ես,
Տաճար է գիրկն իմ չգոցած:
Իմ սերն անե՛ծք է երկնքի՛ դեմ՝
Ջահի պես վեր է նա ցցած:

Ես վեհ կեցած մի աշտարակ եմ
Համակ երկաթ ու դարերից:
Ձեզ զազրելի է իմ կրակը,
Բայց ընդունում եք ինձ էլի:

Օ, ես նրանցն եմ, ով անսեր է,
Ում սիրտը բիրտ է ու հիվանդ,
Ով որ սիրում է, որ իր սերը
Եվ թուքը քաղցր ինձ թվա:

Նրանք սիրում են, որ իմ սերը
Մնում է մութ այս անդունդում,
Ուր ալ դրո՛շ է անիծելը՝
Փռված միգում այս ու տենդում:

Կ՛ին սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
Նորից ու նորից,
Ում ես ուզում դուասա՛:

Ահա արևը հին՝ փախած մթի խայթից՝
Ոսկիներ է ցրել իրիկնային մայթին,
Եվ ձգվել է ահա, որպես հսկա մի օձ,
Հսկա քաղաքըտե՛ս, փակուղի ու փողոց
Կայծկլտում են այնտեղ կրակների ակնից,
Ուր կանչում է, որպես հավերժական մագնիտ
Կի՜նը. — կեցել է նա մայրամուտին մռայլ,
Որպես հպարտ արձան, հորիզոնի վրա:

Ոհմակը շների,
Անհուսության, մահու ոհմակները այդ սև,
Կաղկանձեցին նորից լուսիններին նսեմ,
Սև բիբերիս խոշոր լուսիններին նսեմ,
Որ գիտեին այնպես բորբոքել ու կիզել:
Այնքան երկար-երկար կաղկանձեցին նրանք
Սև բիբերիս խոշոր լուսինների վրա:
Այդ ի՞նչ կրակ է բորբ, այդքան արագ, արագ
Իմ կոնքերից հոսում դեպի մարմինս Հրի.
Եվ ի՞նչ փայլով է խոլ կուրծքս մթնում Վառած,
Որ ցնդել են այդ սև ոհմակները էլի:
Ի՞նչ ոգինե՛ր խելառ, ի՞նչ մրրիկներ հրի
Օրորեցին վառվող շրթունքներս նորից:
Ու մազերս կրկին, առագաստներ դրած,
Ուր են թռչում ասա . ինչ դժոխքներ մռայլ:

Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
Նորից ու նորից,
Ի՞նչ ես ուզում դուասա՛:

Ես երազում եմ նրա՛ գալուստը,
Ում պետք է ահս գգվի ագահ:
Նա խոստացե՛լ է, նա գալո՛ւ է.
Այսօր ուզում եմև նա կըգա՛:

Օ, տանջանքո՛վ խոր, որ ձեզ խորթ է,
Նա կենդանի է լցված սիրով
Դեպի կոնքերը անհագուրդ իմ,
Դեպի մարմինն իմ անդարձ գերող:

Օ, ձեռքերի՛ն այն, որ արնոտ են,
Տալիս եմ քաղցր մարմինս ես.
Եսնա՛ եմ, վախն ում անծանոթ է,
Նետված է բա՜րձր իմ ամոթը,
Որպես մեղսանք միմիշտ ու անվերջ:

Էլ ո՞վ կառնի ինձհենց այս պահուս
Մութ պանդոկում մի թեկուզ մահու:
Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Ո՞ւմ ես ուզում դուանահ:
Ով տա ինձ արնո՛տ մի դանակ:

ԼՈՆԴՈՆ

ԱյնԼո՛նդոնն է, ցնո՛րք չուգուն ու երկաթե.
Այնտեղ հեծում է հանքն ահագնազարկ մուրճից.
Այնտեղից են մեկնում նավերըով գիտե
Դեպ ի՞նչ անլույս ծովեր ու արկածներ վերջին:

Կայարաններ տխուր, ուր կարոտի բոցում
Դողդողում են գազի լապտերները կորգիծ,
Ուր ձանձրույթի ահեղ հրեշներ են ճչում
Վեստմինիստերյան դաժան ժամացույցի զարկից:

Ու լապտերներ, Թայմզի երկայնքն ի վար շարած,
Որ անձրևի կազմած լճակներում լեղի
Օրորվում են, որպես ջրահեղձ ու մեռած
Նավազների զարհուր ուրվականներ դեղին:

Եվ հարբածի երգեր, ու պոռնիկի քրքիջ,
Ու պանդոկի պատինբախտանման գրեր, —
Եվ հանկարծմա՛հն ահա, որպես մի հյուր անկոչ
ԱյնԼո՛նդոնն է՝ ցնորք, որ կրում ես քո մեջ:

Ն. Նեկրասովից

ԵՐԿԱԹՈԻՂԻՆ

Օ, բարի՛ հայրիկ, ինչո՞ւ եք խաբում
Ձեր որդուն խոսքով այդ նսեմ, —
Թույլ տվեք լուսնի ցոլքերի ներքո
Ես նրան ճիշտը ասեմ:

Աշխատանքն այդ, Վա՛նյա, սոսկալի դժվար էր, —
Չէ՛ր կարող շինել դա մի մարդ:
Աշխարհում մի արքա կա, այդ արքան անողո՛ք է, —
Սո՛վ է անունը նրա:

Նա բանակներ է վարում, ծովերում նա
Շարժում է նավերը, դաշտում
Քշում է գութանը և անդուլ հսկում է,
Ուր աշխատանքն է իշխում:

Հենց նա էլ քշել է այստեղ մասսաները,
Շատերը դաժան պայքարում,
Կյանքի կոչելով անպտուղ չոլերը
Մեռել են այս գորշ քարերում:

Ճանապարհն ուղիղ է. նեղլիկ բլուրներ են,
Կամուրջներ, ռելսեր ու սյուներ, —
Իսկ երկու կողմերիցը, նայի՛ր՝ ոսկորներ են...
Հասկանո՞ւմ ես, Վա՛նյա, — ինչքա՜ն են ընկել...

Լսում ես, լսո՞ւմ ես ահավոր կանչերը.
Դոփում են, ատամ կրճըտում, —
Տեսնո՞ւմ ես՝ ամբո՛խ է, անթիվ մեռելներ են...
Ինչքա՛ն են, ինչքա՛ն ենիմանո՞ւմ ես դու...

Նրանք մերթ կտրում են երկաթ ճանապարհը,
Վազում են, ուզում են հասնել.
Լսո՞ւմ ես՝ երգո՛ւմ են. — «Լուսնյակ գիշերո՛վ այս
Սիրում ենք մեր գործը տեսնել:

Մենք այստեղ տառապել ենք ցրտի ու հովի՛ դեմ,
Հավիտյան կորված մեջքերով,
Ապրել ենք խուղերո՛ւմ ցուրտ, պայքարել սովի դեմ,
Մրսել ու թրջվել օրերով:

Մեզ թալանել են տասնապետգիտունները,
Ծեծել են տերերը, կարիքը ճնշել,
Ամեն ի՛նչ մենք տարել ենք, բայց հավետ մենք եղել ենք
Խաղաղ վաստակի զավակներ:

Եղբայրնե՛ր, վայելում եք դուք հիմա մեր պտուղը,
Իսկ մենք մոխրանում ենք հողում, —
Դուք արդյոք մեզ հիշո՞ւմ եք, մեզ արդյոք դեռ հիշում եք
Թե մոռացե՛լ եք վաղուց...:

Չսարսափե՛ս դու ամեհի երգից այդ. —
Մեր երկրի բոլոր ծայրերից
Հավաքված այդ խմբերը քո հալալ եղբայրնե՛րն են
Անտուն ու զրկված գյուղացիք:

Ամո՛թ է. ինչո՞ւ ես հեռացնում հայացքդ.
Դու արդեն մեծացել ես, փոքր հո չես.
Տեսնո՞ւմ ես՝ կանգնած է հաղթանդամ գյուղացի մի
Նա տենդից հյուծվե՛լ է այնպես:

Շրթունքներն անարյուն են, կոպերը ընկել են,
Ձեռքերին վերքեր չորացած.
Ոտքերը ուռել են նա այդպես աշխատել է
Հավիտյան ջրում կռացած:

Նրա կուրծքը փոս է, այդ կրծքով նա բահը
Շարունակ սեղմել է, հավիտյան հրել. —
Դու նայի՛ր նրան, Վա՛նյա, ուշադիր նայի՛ր դու
Դժվար է այդ մարդը իր հացը ճարել:

Դու նայիր այդ մեջքը, որ հիմա կռացած է,
Չի շտկել նա դեռ իր օրում.
Լուռ կանգնած՝ աշխատում է, ժանգոտած բահո՛վ իր
Նա հողն է փորում ու փորում:

Նրանից այդ սերը դեպի աշխատանքը
Մեզ է՛լ է հարկավոր սովորել.
Դե օրհնի՛ր դու, Վա՛նյա, այդ ազնիվ աշխատանքը,
Սովորի՛ր մուժիկին սիրել:

Եվ մի՛ վհատիր մուժիկի համա՛ր դու.
Ինչքա՛ն չարչարանք է արդեն նա կրել, —
Կրել է նաև այս երկաթ ճանապարհը,
Եվ ինչքա՜ն է, ինչքա՛ն է կրելու նա դեռ:

Կկրի նա ամբողջը, — և կրծքով իր համա՛ր նա
Կհարթի ճանապարհ լուսագես, —
Բայց ափսո՛ս որ, Վա՛նյա, գեղեցիկ կյանքին այդ
Չենք հասնի ոչ դու և ոչ ե՛ս:

1925

Դեմյան Բեդնուց

«ԼԵՆԱ»

1912 թ. ապրիլի 4
(Բանվորների գնդակահարումը Լենայում)

Փարված իր փոքրիկ երեխաներին`
Մարդուն է ահա կինը սպասում:
Օ, մի սպասի՛ր, նա ետ չի՛ գալու,
Թշնամու գնդակն հատու էր ու սուր:
Նա ընկավ դաշտում, և ո՛չ թե մենակ.
Քո ավագ որդին, մեռած աչքերով,
Դաժան թշնամու հարվածների տակ
Իր բանվոր հոր հետ պառկել է խռով:
Եվ շուրջը նրանցընկեր, բարեկամ
Ընկել են` կազմած ա՛լ հողաբլուր.
Եվ տաք վերքերից բանվորի արյան
Հեղեղն է հոսում կարմիր ու հուրհար:
Փայլում է գարնան արևը պայծառ
Չի՛ պատժի աստված չարագործներին...
Եղբայրնե՛ր, օ՜, թո՛ղ անիծվի՛ նա հար,
Ով որ մոռանա այս օրը խավար,
Ով այս արյունը թշնամուն ների:

1925

Ն. Կլյուևից

ԵՐԳ

«Որպես ճորտ անլեզու
Ես շիրիմ կմտնեմ,
Փայտե ցուրտ խաչի տակ
Իմ բախտը կգտնեմ»:

Այս երգն էր միշտ երգում
Հայրս սև կյանքի դեմ,
Մեռնելիս պատվիրեց,
Որ ես այն ավարտեմ :

Սակայն երգս հայրերի
Հառաչով չի՛ հնչի,
Այլ հողմի շաչյունով
Աշխարհից կթռչի:

Ո՛չ որպես հլու ճորտ,
Այլ ազատ արծվի պես
Կյանքի երգը հզոր
Կավարտեմ հիմա ես:

1925

Գ. Գալինայից

ԱՆՏԱՌԸ ԿՏՐՈՒՄ ԵՆ...

Կտրում են անտառի դալարուն ծառերը.
Իսկ պառավ սոճիները, խոհերով լեցուն,
Անբարբառ օրորում են զառամյալ գլուխները
Եվ նայում են սառը երկնքի հեռուն:
Անտառը կտրում են... Գուցե ա՛յն պատճառով, որ
Զարթոնքի կանչե՛ց նա վաղ արշալույսին,
Որ մատաղ սաղարթո՛վ իր համարձակ երգում էր
Ազատության ու արևի մասին:
Անտառը կտրում են... Բայց հողը պահում է սերմերը.
Կանցնեն տարինե՛ր, ևկյանքի նոր ուժով հրահրան
Կրկի՛ն պարիսպի՛ պես բարձրացած ծառերը
Կխշշան եղբայրական շիրիմի վրա...

1925

Վլադիմիր Մայակովսկուց

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԻՄ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

Անհայտ ծովերի հեռավոր ափով
Անցնում է լուսինը
Իմ կինը:
Իմ շիկահեր սիրուհին:
Իր կառքի ետևից, թափով
Ձգվում է համաստեղությունների երփներանգ ամբոխը:
Պսակվում է ավտո-գարաժի՛ հետ,
Համբուրում է թերթի կիոսկները,
Իսկ շլեյֆի կաթն-ծիրը, որպես նաժիշտ,
Զարդարված է չնչին զարդերով:
Իսկ ե՞ս: —
Իմ ծարաված սրտին քո հոնքերի կեռով
Քո աչքերի հորից բերում էին դույլեր:
Կախվում էիր լճե մետաքսներում,
Սաթե ջութակների՛ պես երգում էին կոնքերդ:
Այնտեղ, ուր իշխում են դժնի տանիքները
Չե՛ս նետի ցոլքը քո դու:
Բուլվարներում խեղդվում եմ՝ դեմքիս թախիծ փռած:
Ախր դա դո՛ւստրն է քո
Իմ երգը
Աժուր չուլքիներով
Կաֆեների առաջ:

«ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱ3ԱԿՈՎՍԿԻ»

ՏՐԱԳԵԴԻԱՅԻ ՊՐՈԼՈԳԸ

Կարո՞ղ եք
Դուք
Հասկանալ,
Թե ինչո՞ւ ես
Հանգիստ
Հոգի ս եմ ափսեով տանում
Գալիք օրերի ճաշին:
Փողոցի չսափրած դեմքից
Հոսելով, ինչպես արցունք
Ես,
Գուցե,
Պոետն եմ վերջին:

Նկատե՞լ եք.
Ճոճվում է
Քարե ալեյներում
Զոլավոր կերպարանքը ձանձրույթի, որ մեռել է.
Իսկ վազող ջրերի
Սապնափրփուր վզին
Կամուրջներն են ծալել երկաթե ձեռները:

Երկինքը լալիս է
Անզուսպ,
Բարձրաձայն,
Իսկ ամպի կնճռոտ շրթունքին
Խեղկատակ գրիմա՛ս կա:
Կարծես թե մանկիկ է երազել մի կին,
Իսկ աստված պարգևել է մի իդիոտ երեխա:
Շեկլիկ ու մազածածկ,
Գիրուկ մատներո՛վ իր
Ձեզ գուրգուրել է արևը՛ բոռի պես աներես.
Ձեր հողում ճորտ կա պառկած:
Իսկ ես,
Անվախ,
Ատելությամբ լցված դեպ ցերեկվա Լույսերը`
Երկաթե լարերի նման
Իմ հողի՛ն ձգել եմ
Եսլամպերի արքա:
Եկե ք բոլորդ մոտս.
Ով ծվատում էր լռությունը,
Ով ոռնում էր, քանի՛ որ
Ցերեկների հանգույցը ձիգ է.
Խոսքերով, որ պարզ են
Ինչպես բառաչյունը
Ես կբանամ ձեզ ձեր հոգիները`
Դժժացող, ինչպես հեռագրասյունը...
Ես ձեր գլխին միայն
Կդիպչեմ մատներով
Եվ կբուսնեն չրթերհսկայական
Համբույրների համար,
Եվ կունենանք լեզու, որ հարազատ է
Տիեզերքին համայն:
Իսկ ես,
Կաղլիկ հոգով,
Կքայլեմ դեպի գահս,
Որի հին
Գմբեթներին
Կան աստղային ծակեր:
Կպառկեմ, լուսավոր,
Ծուլության շորերով,
Իմ փափուկ անկողնում, որ իսկական թրքի՛ց է, —
Եվ անչափ կամացուկ,
Շպալների ծնկները գգվելով,
Շոգեկառքի անիվը կհամբուրե իմ վիզը––—

ԼԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԴԵՊԻ ՁԻԵՐԸ

Դոփելով, սմբակները
Երգում էին կարծես. —
Գրիր.
Գրաբ.
Գրոբ.
Գրուբ:
Քամուց քիզված,
Սառցոտ
Սահում էր փողոցը:
Ձին
Հանկարծ
Սայթաքեց
Հավաքվեցին նրանք
Եվ ընկավ հռհռոցը:
Նրանք, որոնք անգործ
Թրև էին տալիս
Հավաքվեցին:
Ծիծաղ:
Ձի՛ն ընկավ:
Ձի՛ն:
Ծիծաղում էր փողոցը.
Միայն ես
Չխառնեցի իմ ձայնը այդ ոռնոցին անձուկ:
Մոտեցա ու տեսնում եմ. —
Ձիու աչքերը...
Փողոցը շրջվել է
Հոսում է նրանցում...
Մոտեցա ու տեսնում եմ
Կաթիլ առ կաթիլ
Արցունքը
Հոսելով մռութից
Թաքնըվում է բրդում:
Եվ ինչ-որ ընդհանուր
Անասնական թախիծ
Իմ մեջ ծփաց հանկարծ
Եվ հորդեց դուրս:
« — Ձի՛,
Հարկավոր չի՛.
Մտի՛կ տվեք ինձ.
Ինչո՞ւ եք դուք կարծում, որ վատ եք նրանցի՛ց էլ:
Մանկի՛կս,
Բոլո՛րս էլ
Ձիեր ենք մի քիչ.
Մեզանից ամե՛ն մեկը իր տեսակի մի ձի է»:
Կարելի է
Ծեր ձին
Կարիք է՛լ չուներ դայակի.
Կարելի է խոսքե՛րս իսկ
Տափակ թվացին նրան, —
Ձին
Սակայն
Կանգնեց հանկարծ ոտքի,
Խրխնջաց
Ու գնաց:
Խաղացնում էր պոչը:
Մանկան պես ուրախ էր:
Ուրախ մսուրն հասավ,
Պոչը շարժեց:
Եվ թվում էր նրան,
Թե ինքըքուռակ է.
Արժե ապրել կյանքում
Եվ աշխատել արժե:

Ա՛Յ ՔԵԶ

Մի ժամ անցայստեղից դեպ մաքուր նրբանցքը
Կհոսի ձեր ճարպը լույծ, բաժինբաժին,
Իսկ ես բացի ձեր դեմ այնքա՛ն երգեր-գանձեր,
Եսանգի՜ն խոսքերի վատնիր ու տրանժիր:

Ա՛յ, դուքտղամարդ եք: Ձեր բեղերին նստել է
Թափթփած մնացորդը լավ չկերած բորշչի:
Իսկ դուք ահա, որ կին եքայդ ինչքա՛ն եք քսել.
Ոստրեի պես նայում եք դուք իրերի որջից:

Բոլո՛րդ էլ պոետի սրտի թիթեռնիկին
Կոխոտում եք, կեղտոտ, ու կեղտոտում միջինը:
Ամբոխը, զայրացած, կբարձրանա ոտքի,
Կգալարե ոտները բյուրոտանի ոջիլը:

Իսկ եթե ես այսօր ցանկանամ քծնել,
Եթե կոպիտ հոնիս համբերությունն հատնի
Ես կքրքջամ, ուրախ, ու կթքե՛մ,
Կթքեմ դեմքի՛ն ձեր,
Եսանդի՛ն խոսքերի տրանժիր ու վատնիչ:

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՑՈՒՆ

(Պրոլոգ)

Հե՛շտ է ձեզ:
Ննջեցյաչք ո՛չ ամաչեն:
Մեռած մարդասպանների հանդեպ
Ոխըդ մարի՛ր:
Մաքրագործող ջրով մաքրվում է արդեն
Մեղքը հոգու,
Որ թռել է այս աշխարհից:

Հե՛շտ է ձեզ:
Իսկ ե՛ս
Այս շաչյունի,
Այս բիրտ շառաչյունի միջից
Ի՞նչպես տանեմ
Սերը
Դեպի մարդը:
Ընդունում եմ.
Սիրո
Փշրա՛նքն անգամ վերջին
Այս ամեհի ծխում
Խեղդըվել է արդեն:

Նրանց,
Որ դառնում են
Ինչին է նրանց հարկավոր
Ձեր տխրությունը, կամ
Ձեր երգերի օրորը:
Նրանք,
Որ պիտի մի կերպ
Կաղալով
Մթնացնեն օրը:

Վախկո՞տ եմ:
Վախում եմսպանե՞ն:
Իսկ այսպես
Կարող եմ դեռ մի դար ճորտանման աճե՞լ:

Սո՛ւտ է:
Ընդունակ եմ ես ևս
Առաջի՛նը լինել
Հերոսության,
Մարտի շառաչում:

Այն ո՜վ է,
Ո՛վ է
Որ
Քանդիչ տարիների այս նաբաթով կանչած
Չի՛ լինի խիզախ ու արի:
Իսկ ես
Աշխարհում
Միա՛կն եմ
Գալիք օրերի մարգարե:

Այսօր հրճվում եմ ես:
Առանց թափթըփելու
Հոգին իմ
Կարողացա բերել:
Օ,
Միակ մարդկայինը
Այս ոռնոցի միջին
Բարձրացնում եմ
Ձայնս
Հրես:

Կուզեք
Կապեք սյունին,
Կամ դեմ տվեք պատին,
Կարծում եք վարանե՛մ գուցե: —
Ուզո՞ւմ եք
Տուզը
Փակցնեմ ճակատիս,
Որ նշանը պայծառ ցոլա ձե՛զ...

ՄԱՅՐԻԿԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ԵՐԵԿՈՆ

Սև փողոցներում սպիտակ մայրերը
Տարածվեցին, ինչպես սև դագաղի գլազեթ.
Հաղթանակի մասին կանչողներին ասին.
«Ախ, փակեցե՛ք, փակեցե՛ք գազեթների աչքերը»:

Նամակ:

Մայրի՛կ, բա՛րձր:
Ծուխ:
Ծուխ:
Ծուխ:
Էլ ի՞նչ եք, մայրի՛կ, երկարում:
Տեսնո՞ւմ եք
Օդն ամբողջ քարած է
Թեժ ռումբերի ուժից դղրդացող քարով:
Հենց հիմա բերեցին վիրավոր երեկոյին.
Երկար դիմադրում էր՝
Անհարթ,
Մռայլ,
Կուզիկ.
Եվ հանկարծ,
Ցնցելով ամպե ուսերը
Արտասվեց՝ փաթաթվելով
Վարշավայի վզին:
Կապույտ շապիկ հագած ոսկե աչք աստղերը
Ճչացին.
«Սպանվա՛ծ է
Մեր անգին,
Թանկագինը»:
Եվ մահիկն իր մի աչքը սարսափահար հառեց
Աբոյմը պինդ սեղմած, մեռած, սառած
Ձեռքի՛ն այն:
Վազեցին տեսնելու լատվիական գյուղերը,
Թե ինչպես, հաշմանդամ դարձած,
Արցունքներով ոսկե կաստելների աչքերը
Կոտրատում է Կովնոն փողոց-մատներն անծայր:
Իսկ երեկոն ճչում է
Անձեռ,
Անոտ.
«Սո՛ւտ է.
Կարող եմ դեռ
Զնգացնելով պարում շպորներըս
Բեղըս ոլորել»:

Զանգ են տալիս:
Մայրի՛կ:
Ի՜նչ պատահեց,
Լսի՛ր: —
Սպիտակ է, ինչպես սև դագաղի գլազեթ:
«Թողե՛ք,
Հեռագիր է
Սպանվածի մասին:
Ախ, փակեցե՛ք, փակեցե՛ք գազեթների աչքերը»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ահա քայլում եմ ես
Անդրծովյան ջայլամ
Հանգով ու վանկով փետրազարդ:
Աշխատում եմ
Հիմարըս
Գլուխս թաքցնել
Թաղելով փետրում երգաձայն:

Քոնը չե՛մ ես, երկի՛ր հայրենի.
Խո՛րը
Հոգի՛ս
Փետուրներում թաղվի՛ր
Եվ կբացվի ուրի՛շ մի հայրենիք
Հրկիզված հրով հարավի:

Շոգ ու տապի կղզի:
Արմավներով պճնած:
«Է՛յ
ճանապարհ տվե՛ք»:
Անրջանք եմ հյուսում:
Եվ կրկին
Մինչ մյուս օազիսը
Հյուսում եմ նոր հետքեր վայրկյանների փոշով:
Ոմանք փախչում են.
Երևի կծում է:
Ոմանք
Ստոր
Քծնում:
«Մայրի՛կյ
Ա՛, մայրի՛կ,
Ածու՞մ է նա ձու»:
« — Չգիտեմ, հոգյա՛կս,
Երևի ածում է»:

Վրնջում են էտաժները:
Փողոցները ղժժում:
Շնչում են ջրի ցրտություն:
Ամբողջովին խոցված մատներով ու ծխով`
Անցնում են տարիներս ցուրտ:
Դե, ի՞նչ. — խեղդի՛ր հիմա ինձ գգվանքով զազիր,
Փետուրներս խուզի՛ր քո ցուրտ քամու ձեռքով:
Թող կորչեմ,
Օտար ու սառնասիրտ,
Բոլոր ձմեռներիդ մրրիկների ներքո:

ԱՆՕՐԻՆԱԿ ԱՐԿԱԾ, ՈՐ ՏԵՂԻ է ՈԻՆԵՑԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՑԱԿՈՎՍԿՈՒ ՀԵՏ ԱՄԱՌԸ, ԴԱՉԱՅՈՒՄ

Հարյուր քառասուն հսկա
Արևների ուժով
Հուրհուրում էր ամռան
Մայրամուտը:
Հուլիսին էր, շոգին,
Հոսում էր շոգը շոգ,
Դաչայում էր
Տոթ էր,
Փոքրիկ լեռան ներքևը
Ակո՛ւլինո սարի
Ընկած էր գյուղը
Տեղը
Տանիքների պարի:
Գյուղի հետևըփոս էր,
Եվ այդ քոսոտ որջում
Ամեն անգամ
Արևը
Իջնում էր ու կորչում:
Իջնում էր նա, որ վաղը
Կրկին ելնի, վառվի,
Որ ողողի
Աշխարհը
Իր շողերով կարմիր:
Եվ ամեն օ ր
Նա նո՛ւյնը,
Ու ճշտությամբ
Խստիվ
Եվ այս ամենը
Ինձ
Բարկացըրեց սաստիկ:
Մի օր այնքա՛ն ես
Բարկացա,
Որ գունատվեց սարսափըս,
Եվ գոռացի ես.
Իջի ցա՛ծ,
Բավակա՛ն է տապես:
Եվ գոռացի ես.
Ձրիակե՛ր,
Դու այդտեղքնքշացել ես
Իսկ ես այստեղ
Ամառ-ձմեռ
Ներկում եմ պլակատներըս:
Եվ գոռացի ես.
Սպասի՛ր,
Լսի՛ր, ոսկեճակա՛տ, — —
Անգործ շրջում ես,
Է,
Լավ չէ
Ինձ մոտ թեյի թե գաս:
Ես ի՞նչ արի...
Օ, ես կորա...
Ինձ մոտ,
Հոժար կամքո՛վ իր,
Ահա արևը հուրհուրան
Դաշտով գալիս,
Քայլում է...
Ուզում եմ
Վախս
Թաքցընեմ,
Գնում եմ ես ետ-ետ,
Բայց պարտիզում է նա հրեն,
Գալիս է
Նա
Արդեն:
Մտնում է դուռ ու պատուհան,
Թափվում է ներս
Անհասը. —
Մտավ
Եվ շունչ առավ մի պահ,
Հետո հնչեց իր բասը, —
Քշում եմ
Ետ
Շողերըս
Ես այս անգամ թեպետ
Սակայն
Դու ինձ
Կանչել ես. —
Պոե՛տ,
Դե թեյը բե՛ր...
Եվ,
Քրտինքի մեջ լողալով, —
Օ, շոգն հոգիս վառել էր, —
Ես,
Ինքնաեռը ցույց տալով,
Ասի՝
Նստի՛ր, արև՛ըս...
Որ սատանան էր` ինձ դրդեց,
Որ ես
Կանչեմ նրան, —
Բայց քաշվելով, ես նստեցի,
Որ չխնդա վրաս:
Ու լուսավոր մի պարզություն
Հորդում է նա
Եվ վախըս
Ես մոռանալով
Նրա հետ
Խոսում եմ
Եվ
Ուրա՛խ եմ:
Խոսում եմ
Ես
Դեսից դենից,
Ասում եմ.
Շատ է գործս:
Իսկ նա ասում է.
Պա՛րզ նայիր
Կյանքին
Դեռ դու անփո՛րձ ես: —
Կարծում ես
Հեշտ է
Արևել.
Հապա գնա՛,
Փորձի.
Բայց դե
Ես պե՛տք է արևեմ,
Ես չե՛մ փախչում գործից...
Այսպես
Խոսում ենք երկուսով,
Կորչում է մութի հետքը.
Էլ ի՞նչ
Գիշեր.
Արդեն դու-ով
Խոսում ենք իրար հետ մենք:
Քիչ անց արդե՛ն ես`
Մտերիմ
Խփում եմ իր ուսին.
Իսկ նա. —
Նո՛ւյն բախտն է վիճակված,
Պոե՛տ, մեզ երկուսիս:
Գնա՛նք, պոե՛տ,
Գոռա՛նք,
Երգե՛նք.
Խրվենք կյանքի գորշ խորքը.
Ես իմ
Շողերը կցրեմ,
Դու քոնը
Երգերո՛վ քո:
Էլ ո՛չ ստվեր կա,
Ո՛չ խավար,
Ընկավ մութի պատնեշը.
Հիմա երգի՛ր դու
Ու շողա՛
Էլ լույսն ու երգն անվե՛րջ է:
Երբ նա հոգնի,
Ուզի պառկել
Գիշերն՝ այդ բութ քնկոտը, —
Ես իմ շողերը կարձակեմ,
Եվ գիշերի մեջ
Կծագե
Իմ լույսն ու առավոտը:
Լուսել ընդմի՛շտ,
Երգել անվե՛րջ,
Մինչև սառչի լեզո՛ւն քո, —
Լուսել
Ա՛յ սա է արևի
Եվ իմ
Միակ
Լոզունգը...

1930

Ըստ Սերգեյ Եսենինի

ԸՆԿԵՐՆԵՐԸ

Նրանք փոքրիկ էին՝ երեխան ու կատուն,
Մեկտեղ խաղում էին տախտակների վրա,
Մինչև մութը իջներ, մինչև հայրը գար տուն
Ու հողագույն հացով կերակրեր նրանց:

Հայրը բանվոր էր: Միշտ, առավոտվա ծեգին,
Նա գործարան կերթար ու ետ կգար մութին.
Հաց կբերեր իրա երեխային մի քիչ,
Երեխան էլ կտար՝ կեսը կատուն ուտի:

Էսպես ապրում էին: Հայրը նրանց մեկ-մեկ
Բան կպատմեր դրսի, հարուստների մասին,
Որ կուշտ են միշտ նրանք, բայց չեն հոգնում երբեք, —
Եվ «Մարսելյեզ» կերգեր, որ երեխան լսի:

Ու կպատմեր, որ միշտ ի՛նքը հոգնի պիտի,
Պիտի արյուն թքե, որ չոր փշրանք գա տուն.
Ու լռություն դարձած՝ իրիկնային մութին
Կլսեին նրան երեխան ու կատուն

Բայց մի օրմի օր կարմիր
Գործարան չգնաց էլ հայրը
Աչքերում վճիռ կար մի,
Ժպիտը հաստատ ու անծայր էր:

Փողոցումմարդիկ, մարդիկ,
Դրոշներ ալվըլան, կարծես տոն էր.. —
Ու նման էր մայիսյան վարդի
Օրերում այդհոր խնդությունը:

Եվ մի օր համբուրեց զավակին
Բանվոր հայրը՝ ձեռքին հրացան.
Համբուրեց աչքերը կատվի
Ու գնաց անձայն...

Բայց դարձավ դռնից բանվոր հայրը,
Համբուրեց նրանց վերստին.
— «Հասկանո՞ւմ եք, — ասավ, ժամանակն է
Զարկելու ենք էսօր հարստին»:

Ու ելավ: Փողոցում կրակոց էր:
Փողոցում չոքեց բանվոր հայրը:
Զորքերով լեցուն էր փողոցը.
Փողոցում կռիվ ու պայքար էր:

Զարկեցին... ճչաց բանվոր հայրը,
Հարվածը կրծքին էր, հատու:
Բայց հառաչը խոր ու անծայր այն
Լսեցին երեխան ու կատուն...

Վազեց, վազեց փողոց փոքրիկ երեխան.
Կատուն վազեց հետքից իր ընկերոջ փոքրիկ,
Նրանց գւխինկարկուտ, կարմիր գնդակ տեղաց,
Եվ երկուսն էլ ընկան հայր-բանվորի կողքին:

Չխաղացին նրանք էլ հատակի վրա,
Չսպասեցին էլ զուր, որ հայրիկը գա տուն.
Նրանք փոքրի՜կփոքրիկ նահատակներ եղան
Երեխան ու կատուն...

1923

Միխայիլ Լերմոնտովից

ՄԵՌՆՈՂ ԳԼԱԴԻԱՏՈՐԸ

Ցնծում է Հռոմն ահեղադղորդ: Ու հանդիսավոր
Ծափերի ձայնից թնդում է հսկա կրկեսը մոլի:
Եվ ընկած է նա լո՜ւռ ու միայնակ, կրծքից վիրավոր
Եվ խարխափում են ծնկները փոշոտ ու արյունալի:
Եվ իզո՛ւր է նա պղտոր հայացքով գթություն հայցում,
Արյունռուշտ արքան և սենատորը նրա շողոքորթ
Սովոր են ծափել հավասարապես թե փառք, թե՛ անկում:
Ի՛նչ փույթ ամբոխին մեռնող միստրուկ, մի ըմբիշ խոցոտ:
Անարգված է նա, որպես խեղկատակ, մոռացված արդեն.
Հոսում է կրծքից արյունը կարմիրվայրկյանը վերջին
Բայց ահա լուսե մի հիշողություն ուղեղում զարթնեց,
Հոսում է ահա Դունայն հայրենի իր հոգու միջից...
Եվ տեսնում է նա երկիրն հայրենի, իր կյանքը ազատ,
Տե՛սնում է նրանց, որ թողե՛ց մի օր ռազմի գնալիս:
Տեսնում է հորը դողդոջ ձեռքերը դեպ իրեն պարզած,
Կանչում է իրեն ձայնով մտերիմ, տխո՛ւր, անձկալի՛...
Տեսնում է սիրած երեխաներին, փոքրերին պաշտած.
Բոլորն էլ իրա դարձին են նայում, ավարին, փառքին...
Բայց իզո՛ւր, ահա որպես մի ստրուկ, մի գազան սաստած,
Մեռնում է նա լուռ, ամբոխին՛ ի տես շվայտ հաճույքի
Առարկա դարձած մի վայրկենական...
Մնա՛ս բարով, Հռո՛մ, մնա՛ս բարով, երկի՛ր իմ հայրենական:

1923

Հայնրիխ Հայնեից

ՋՈՒԼՀԱԿՆԵՐԸ

Նրանց աչքերին արտասուք չկա.
Նրանք կրճրտում են ատամները քար.
« — Գերմանիա՛, պատանք ենք գործում քեզ համար,
Նրան մենք հյուսում ենք մեր անեծքը վառ.
Գործում ենք անվերջ, անդադար՛

Անեծք աստծուն, որին աղոթքով
Այնքան աղերսել ենք, դիմել ենք մտքով:
Իզո՛ւր, չհասավ նա օրին մեր դժվար,
Իզո՛ւր, նա խաբեց մեզ, թողեց մեզ շվար, —
Գործում ենք անվերջ, անդադար:

Անե՛ծք և նրա՛նկուշտերի արքային,
Որ մեզ միշտ ճնշել է, մատնել է մահի.
Վերջին մեր կոպեկը խլել է նա հար,
Արճիճ ու գնդակ է թողել մեզ համար
Գործում ենք անվերջ, անդադար:

Անե՛ծք քեզ և քե՛զ, մեր երկիրստորաքարշ.
Ուր տեր է ամոթը, անարգանքն արքա,
Ուր լավը մեռնում է անլույս, ցրտահար,
Ուր կուշտ են որդերը և սարդերը չար
Գործում ենք անվերջ, անդադար:

Սահում է մաքոքը, զնգում մեքենան.
Անդուլ աշխատում ու երգում են նրանք.
Հի՛ն Գերմա՛նիա, պատանք ենք գործում քեզ համար,
Նրան մենք հյուսում ենք մեր անեծքը վառ
Գործում ենք անվե՛րջ, անդադար:

1923

Վիկտոր Հյուգոյից

ԽԱՎԱՐՈՒՄ

(Հին աշխարհը)

Կանգնի՛ր, ալիք, ե՛տ նահանջիր, դեպի ե՛տ.
Հորձքդ երբեք չի ծառացել այդքան խենթ,
Այդքան խիզախ... ինչու, ալիք դուաղի,
Այդքան պաղ ես, մոլեգին ու կատաղի:
Եվ ինչո՞ւ է կես-գիշերի այս ժամին
Ոռնոցդ ահեղ, հեղեղատդ ու քամիդ:
Որպես հրաշք մի ահավոր, հողմ ու ջուր,
Ուր ես այդպես դու թռչում ու մռնչում:
Կանգնի՛ր, ալի՛ք, լսի՛ր դու ինձ ումնա՛.
Սա՛ է վերջին քո սահմանը էլ հիմա.
Մի՛ կործանիր գրոհներով քո մոլի
Օրենքները, սովորություններն անցյալի,
Թշվառության, մոլեգնության լուծը սև,
Վաղուց նիրհած մտքի հետքերն այդ նսեմ,
Ուր հանգչել են ցանկություններն ապարդյուն.
Անցած կյանքի սին հուզումներն ու խնդում...
Օ , մի քանդիր ստրկության այն շղթան,
Որ ճնշում է կնոջը սև ծանրությամբ:
Եվ թող, ալի՛ք, խնջույքը մեծ ուր չունին
Խեղճերը տեղ, — ուր մոլուցքն է արյունի...
Օ , մի դիպչիր, կանգնի՛ր, սուրբ են մեզ դրանք՝
Հին, զորավոր պատնեշները այնմռայլ,
Որ կանգնեցրի ես շուրջը ողջ մարդկության...
Բայց դու վազում, դու ելնում ես ավելի,
Ու տանում ես ողջը քեզ հետ դո՛ւ, ալիք:
Ահա մաշված մի ձեռագիր, օրենսգիրք,
Ահա ահեղ մռնչյունով մի անհատ՝
Ծովն է գցել արյունոտ մի կառափնատ...
Ահա գահույքն արքայական... Թո՛ղ, աստված,
Գահընկեց է արդեն նա էլ անարգվա՛ծ
Եվ նրա հետ գահավիժել են արդեն
Պատարագի վերջին քուրմերն ահադեմ:
Դատավորնե՛րն ահա. — կանգնի՛ր, դրանք սև
Նժդեհներ են կառափնատան մի վսեմ...
Բավ է, կանգնի՛ր, էլ մի վազիր դեպի վեր,
Աղի ալիք, եղիր հանդարտ անավեր...
Բայց դու նորից բարձրանում ես, դու նորից
Մակընթացով քո թռչում ես ծնկներիս,
Խուժում ես ներս մենանոցը իմ բարի...
Ալիք
Մակընթա՞ց ես կարծում ինձ: — Ես հեղեղն եմ
աշխարհի

1928

Էժեն Պոտիյեից

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ

Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը,
Արդեն կռվի ենք մենք ձգտում:
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերըև հետո
Մեր նոր աշխարհը կշինե՛նք մենք,
Ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ:

Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ.
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:

Ոչ ո՛ք չի տա՛ մեր փրկությունը,
Ո՛չ խենթ հերոսը, ո՛չ արքան.
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական:
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր,
Խփե՛նք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ:

Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ,
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:

Լոկ մե՛նք, ճորտեր ու բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք
Ասել որ հողը մե՛րն է, մե՛րն է
Կորչի հարուստը թող տզրուկ:
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն ե՛ն ու մերը կմնան:

Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ,
Ինտերնացիոնալ
Աշխարհը կփրկե:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Следующая Конец