Չարենց Եղիշե՝   Երկեր

Մե՛նք ենք փորել պատը
հաղթանակից հետո:
Մեր շարքերի համար
Դա հաղթական կամա՛ր է:
Այնտեղի՛ց է անցնում մեր
հիմնականը, հունը:
Պայքարո՛վ ենք դրել
Ամեն մի քարն այնտեղ.
Հաղթանակո՛վ հիմնել
Մեր Կարմիր Պանթեոնը:
Ձեզ գուցե ցնո՞րք է թվում,
Որ աշխարհում հիմա
Կարմիր Պանթեո՛ն կա:
Եվ պառկած են այնտեղ քով-քովի
Մեր բոլոր ընկերները՝ Մոսկովում
Հոկտեմբերին ընկած:

Պառկած են նրանք, որ ընկան
Առաջին գրոհի՛ն մեր:
Երբ առաջին անգամ
Զնգաց
Հոկտեմբերի հի՛մնը:
Եվ առաջին այդ մեր
Մարտիկներից բացի
Պառկած են այնտեղ ընկերներ,
Վիթխարի, արի ընկերներ,
Որ պայքարի համար մեր վեհ
Քառուղիներ բացին:

Սակայն բոլո՛ր այդ վեհ շիրիմների կողքին
Կա առաջի՛նը, մե՛ծը:
Այդ բոլորի կողքինայն մեծագո՛ւյնը կա:
Կանգնած է նա այնտեղ, իբր անհաղթ փառքի
Մի վիթխարի վկա:
Պառկած է այնտեղԼենինը...
Մեր կարմիր Ղեկավարը
Լսո՞ւմ եք...
Այդպիսի ղեկավարչկա՛,
Ու չի՛ եղել երբեք
Ո՛չ երեկ,
Ո՛չ առաջ,
Ո՛չ հնո՛ւմը:

Լենինը
Ուղեղն էր մեր դասի.
Մեր դասի հոգի՛ն էր:
Նրա ամե՛ն մասում
Հոսում էր մեր դասի արյունը:
Նրա մկա՛նն ամեն,
Ամեն բջիջը մի
Դասակարգի համար եռում էր, պայքարում էր:
Լենինը
Դե որպես երկրագունդը:
Այսինքն՝ աշխարհը,
Որ հավաքել է կյանքը իր ջղերում:
Լենինը
Հավաքել է իր մեջ
Հիսո՛ւն հազար սերունդ:
Բանվորական, իհարկե,
Բանվորական սերունդ:

Դասակարգը
Դրել էր նրա մեջ իր ամբողջ մեծությունը:
Նա եռանդ,
Կամք,
Եվ գիտությո՛ւն էր:

Դիսցիպլի՛ն էր Լենինը
Դասակարգի մի նոր,
Որ ձգտումներ անի
Ընդհանուր:
Որ փոխելու է կյանքը
Հանուր:

Հարկավոր էր ամբողջ մի դասի
Ինչքա՛ն քրտինք ու ջանք,
Որ ծնվեր հանճար մի այնպիսի,
Ինչպիսին էր ինքը. —
Ինչքա՛ն եռանդ էր պետք
Արևմուտքից մինչև արևելք
Ու հյուսիսից` հարավ:
Այսպես
Ձուլեց նա կամքը մեր
Եվ հաղթություն տարավ:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այստե՛ղ է
Կոմունարների Պատը:
Ցցված է ահա այստեղ նա:
Այս փոքրիկ,
Փորփրած այս ֆասադը,
Այս փլատակը դեղնած:

Մնացո՛րդն է առաջվա պատի:
Մի փոքրիկ կտորը:
Մնացել է այն օրից այդպես՝
Ինչպես եղել է:
Վրան՝
Հատիկ-հատիկ
Գնդակների տեղերը:

Քշեցին հորդու-հորդու
Ու բերեցին այստեղ,
Ի՞նչ.
Թաղեցին ձեզ թե՝
Կարծում են՝ խեղդեցի՞ն ապագան:
Ընկերնե՛ր,
Ընկաք թե որ դուք
Բայց,
Լսում եք
Մենք կա՜նք:
Դեռ կգա՜նք:

Լցված է կյանքը հիմա
Մեր արշավի թինդով:
Մեր հռինդով լեցո՛ւն է:
Շուտո՛վ,
Շուտո՛վ կգանք,
ԿբերենքԿարմիր Հատուցումը:

Վայրկյանը
Լարուն է հիմա, որպես երկունք:
Գալարվում է աշխարհը:
Պիտի ծնի՜:
Դեմառդեմ
Բանակնե՛ր երկու:
Պայքար է գալիքի
Ու համառող հնի:

Հինը
Հևում է ահա ներքևում:
Տագնապից գալարվում է:
Նվում է:
Հավաքում է ուժերը,
Կուտակում.
Խեղդել է կամենում բնում
Լեռնացող ընդհարումը:
Սարսափից դեղնել է
Երեսի կաշին:
Գույնը թափել:
Չռել է աչքերը,
Հառել հյուսիս:
Զառանցում է նոր Ռուր,
Պեր-Լաշեզ:
Դիե՛ր,
Դիե՛ր,
Դիե՛ր.
էշելոններ մսի:
Կարծում է գալիքը`
Անխուսափելին
Գալու է հյուսիսից:
Իհարկե, այնտե՛ղ է
Գլխավոր մեր բերդը:
Մեր գլխավոր ամրոցը
Իհարկե, հյուսիսո՛ւմ է:
Կդիմանա՞ր սակայն մինչև օրս մեր բերդը,
Թե չլիներ կյանքում,
Հնդուչինից Զանգու
Մեր կենդանի հոսումը:

Թե չլիներ մեր շունչը Փարիզում,
Չլիներ Լոնդոնո՛ւմ կամ:
Երկրագնդի եթե
Յուրաքանչյուր մասում
Չբազմանար, չաճեր
Հոկտեմբերի հունդը:
Յուրաքանչյուր ինչում թե չշաչեր
Մեր պայքարի շռինդը հռնդուն
Հիմա հո չէր Փարիզը գալարվի ներքևը
Հոգեվարքի տենդում:
Տեսնում եմ՝
Ներքևում ահա,
Փողոցների եռում, շառաչում
Լսո՞ւմ եք
Բառաչում է սարսափը:
Բանվորական թաղերը խավարում
Լսում եք
Աղմկում են,
Խոսում են:
Որպես վրեմ մի ալ
Հոսում է այնտեղից սարսափը
Դեպի էտուալ:

Նրա շուրջը,
Վրան
Իջնում է ահա աղջամուղջը.
Թանձրանում է վուալը.
Կորչում է մշուշում շրջագիծը լուսե:
Արդեն էտուալը
Դողում է, որպես տերև, գալիքների
Ահից
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք. —
Այդ թաղերի վրա
Շուտով կելնե արևը, որպես դահիճ...

1925, Բեռլին

էԼԵԳԻԱ, ԳՐՎԱԾ ՎԵՆԵՏԻԿՈԻՄ

I

Տեսի երկիրը ես Իտալիո,
Եվ Վենետիկը, և գոնդոլներ,,.
Այնտեղ շրջում էր պոետը մեր
Երազային իր տարտամ քայլով:
Չշլացած այն փարթամ փայլով,
Գեղեցկությամբ այն հեքիաթային,
Նա օրորում էր երգով մի հին
Իր սիրտը, սիրտը դեռ դայլայլող:
Այնտեղ արևը քնքուշ բույրով
Ցողում էր ծովը այնպե՛ս հեշտին,
Իսկ նա հիվանդ էր հին մի վշտից,
Հին մորմոքից իր սիրտը այրող:
Նա իր սրտով հին, հին քնարով
Եվ մատներով իր՝ արդեն անուժ՝
Դեռ գուրգուրում էր հեռու մի հուշ
Եվ այնպե՛ս, այնպե՛ս, այնպե՛ս անուշ
Նա փաղաքշում էր հուշը այդ ուշ,
Եվ ի՞նչ էր հուշը, — մշուշ ու մուժ: —

II

Նա երազում էր Արփաչայը
Եվ հին Գյումրին իր հեռավոր
Եվ այն, ինչ հին էր, հուշ էր, այլ էր
Նրան թվում էր առավոտ:
Նա ինձ ասում էր, — հեռվում հեռու,
Ուր դա՛շտն է, դա՛շտն է Շիրակի,
Կա հին խրճիթ մի, մի տուն խարխուլ,
Որ ազատվել է կրակից:
Այնտեղ հոսում է մի հաշտ առու
Եվ բարդիները երկնասլաց
Հիմա հիշում են երգը իրա
Եվ գլուխները թափահարում:
Նրանք թափում են թերթերը չոր,
Ծածկում խրճիթը հնամյա այն,
Ինչպես երդերը մահամնա,
Որ հեծկլտում են համր լացով:
Այն իր խրճի՛թն է: — Այնտե՛ղ է նա
Հյուսել երդերն իր ու երազել:
Այնտեղ վարդե՜ր կան, թերթեր
դեղնած,
Այնտեղ երազ կա, ու երգ, ու սեր: —

III

Նա դեգերել էր, եղել էր նա
Շատ ծովերում ու ցամաքներում
Եվ ամենո՛ւր նա, օ ամենո՛ւր
Տեսել էր նույնը: — Քաղաքներում
Գործարաններ էր տեսել նա բյուր,
Ու գործավորներ համր ու հլու,
Ու գործավորներ ինչպես թաբուն:
Եվ ամեհի այդ քաղաքներում,
Օծված ցնորքով ու վաստակով`
Նա ամբոխներ էր տեսել հլու
Եվ տերեր շռայլ ու հաստափոր:
Կյանքում տեսել էր նա լոկ տերեր
Եվ բազմություններ կամակատար,
Որ ընդունակ են կյանքը կրել,
Ինչպես օրենք մի հավերժական:
Եվ նա ատել էր այդ տերերին,
Բայց ավելի՝ այդ թաբուննե՛րը,
Նրանց, ում կյանքը անիծել է
Եվ դարձրել է ճորտ ու գերի:
Եվ նա ասում էր: — Երկրի վրա
Գազա՛ն է, գա՛յլ է մարդը մարդուն:
Կյանքի օրենքն է հավերժական,
Որ մեկը լաթ է, մեկը՝ արդուկ: —
Եվ նա ասում էր՝ նո՛ւյնն է մարդը
Եվ միշտ էլ նույնը կմն՛ա,
Մինչև ցնդի այս ակնթարթը,
Որ ընթանում է դեպի մահ:
Ամբողջ կյանքում նա ու աշխարհում
Միայն այս բանն էր հասկացել
Եվ պատրանքին այս, ստին հլու`
Նա երազել էր ու լացել:

IV

Եվ թափառում էր նա, որբ ու ծեր,
Քաղաքներում այդ բազմաժխոր,
Որ ողողված են երկաթաշ են
Գործարանների թանձր ծխով:
Չտեսնված մի, քանդող խանդով
Շաչում էր շուրջը մի գոռ պայքար.
Ամեն վայրկյանըմի գործադուլ,
Անդուլ կռիվ մի հերոսական...
Սակայն հոդին իր՝ հավիտյան խուլ
Խոլ պայքարին այդ աշխարհաշեն՝
Քաշվում էր մեջն իր, ինչպես խխունջ
Կամ օրորվում էր, ինչպես տաշեղ:
Ուրի՜շ երազ էր նրան հուզել,
Ուրիշ ցնորք մի, սեր հնագույն
Եվ հարազատ էր նրա հոգուն
Միայն այդ հինը: — Օ, նա կուզեր
Հեռու տնակն իր վերադառնալ,
Գտնել առվակը կրկին այն հին,
Ուր իր երգերը կարկաչեին
Երազային ու տխրաբարբառ: —
Սակայն մեր կյանքը սավետական
Նրան թվում էր անթով ու սուտ.
Նրա աղմուկը խորթ էր նրան
Եվ անհաղորդ էր նրա լեզուն:
Նրան թվում էր մեր լույսը` ցուրտ,
Մեր արեգակը՝ գիշերային,
Մեր քաղաքները՝ ահով լեցուն,
Եվ մեր դաշտերը ամայի. ..
Նրա աչքին մեր Հոկտեմբերը
Ըմբոստ մի բունտ էր անիմաստ,
Որի ձգտումն էր ա՛յն բերելը,
Որ լոկ ցնորք է ու երազ:
Եվ մեր հորձանքը՝ երկրում ելած,
Մեր աշխատանքը դյուցազնական,
Նրան թվում էր սին մի երազ.
Որ ցնդելու` է ծանր ու դանդաղ:
Նրան թվում էր մանկան մի խաղ
Մեր ընդվզումը, պայքարը թեժ
Եվ ուր որ կյանք են կերտում հիմա
Նա լոկ տեսնում էր մահ ու աղետ:
Եվ ո՛ւժը, ո՛ւժը մեր` նոր ծագող,
Մեր հորձանուտը կյանքում հորդած`
Նրան թվում էր մութ մի հորդա`
Ու ավերո՛ղ լոկ ու կործանող:
Եվ աշխարհում մեր նաիրական
Մեր մենամարտը ընդդեմ հնի
Նրան թվում էր անիրական,
Ինչպես տարտամ մի, խառը վայրկյան
Երբ արթնանում ես ծանր քնից:
Եվ նա ասում էր. — Մինչև շիրիմ
Պիտի նույն հուշը նա օրորե,
Եվ չե՛ն գա, չե՛ն գա պայծառ օրեր
Ո՛չ ծեր սրտին իր, ո՛չ աշխարհին:
Անցածը հուշ էր չնաշխարհիկ
Նրա սրտի՛ն ծեր, գալիքըսուտ,
Եվ օրորուն այս հին երազով՝
Իրեն կարծում էր նոր մի Նազոն,
Որ Հայրենի իր երկրից անդին
Շրջում է որբ ու վտարանդի: —

V

Ես լսում էի նրան հանգիստ
Եվ փակում էի աչքերս երբ
Թվում էր մեկը երգում է երգ,
Որ հին է, հին է, ինչպես զանգի
Տխուր ղողանջը օրերում այն,
Երբ նաիրյան մի եկեղեցի
Շռայլ փռում էր երկրի վրա
Իր «օրհնությունը» և « եղիցին... »:
Բացվում էր դեմս մի մութ կամար,
Ուր արեգակը` թելից կախած`
Լուսավորում էր քաղաքներ մառ
Ու գյուղեր` ծխոտ ու խեղդամահ:
Թախիծ էր, թույն էր այն աշխարհում,
Այնտեղ մամուռ էր միայն աճում.
Այնտեղ տերտերն էր ու վաշխառուն
Ու խարազա՛նն էր այնտեղ շաչում:
Եվ հաշտ առուն այն, հեքիաթ-առուն,
Որ երազում էր կարոտով նա
Այն արոտնե՛րն էր միայն ջրում,
Որոնց տիրում էր մի ռես Հովնան:
Մյուս դաշտերըչլուտ ու չոր,
Ու դաշտերում այնգրաստ-ապին,
Հագին նեխած մի, ցեխոտ շապիկ,
Հոգին միշտ համր, հրատոչոր:
Եվ ժամը, ժամը գյուղամիջում՝
Կյանքի վրա այդ նստած թուխսի,
Եվ քահանան ծեր ու ծեր մուխսին,
Եվ աղոթքները Եղսան բաջու:
Իսկ քաղաքնե՞րը... Այստեղ արդեն,
Որպես առանցքը ամբողջ կյանքի
Բարսեղ աղա մի, կամ մի Արսեն
Կիսաչարչի ու կիսաբանկիր:
Ահա իմ դե՛մն է, դե՛մն է իմ նա.
Տեսնում եմ դեմքը նրա ճարպոտ.
Խոդի մռութ մի, ուռած մի փոր.
Նա ուղարկում է որդուն գիմնազ,
Ունի տներ ու խանութներ մեծ,
Գիտե ուտել կուշտ, չափով խմել,
Սակայն սիրում է անչափ, անչափ
Ծծել քրտինքը բազմաչարչար
Բանակների այն, որ աշխարհում
Միայն հոգնում են ու աշխատում:
Ահա՛ առանցքը: — Շուրջը սակայն.
Ինչպես լուսինը շուրջը հողի
Դառնում է կյանքը նաիրական
Ու լիանում է նրա շողից...
Հլու ու համր նրա խոսքին
Ու շարժումին մի նրա մատի
Ջրօրհնեքից, օ, մինչև զատիկ
Դառնում է շուրջը կյանքը «ազգի»:
Դառնում են շուրջը գրքեր, թերթեր,
Դպրոց, թատրոն ու եկեղեցի,
Տներ, կառքեր բյուր, օթո ու ձի,
Հոգաբարձու ու վարձու տերտեր:
Դառնում են շուրջը վարդապետներ,
Որ ըստ տեղի ու ժամանակի
Թե փաստաբան են, գրող են թե՛,
Թե խմբապետ են, թե՛ խմբագիր:
Նրանք են ուղը, աղը կյանքի,
Նրանք են փայլը աշխարհի այն,
Ուր արևում է վերից մի «հայ»
Կիսաչարչի ու կիսաբանկիր:
Նա վե՛րն է, վե՛րն է, ինչպես արև,
Փառաբանում են նրանք նրան,
Եվ նա թափում է նրանց վրա
Իր բարությունը՝ փայլը հրե:
Եվ նա թվում է նրանց օրենք,
Ինչպես արևը հավերժական,
Որ պարգևում է պայծառ օրեր
Եվ շնորհում է թե՛ լույս, թե՛ կյանք: —
Ահա ցնորքը, բախտը բուրյան,
Որ երազում էր նրա հոգին.
Թեկուզ այս կյանքը մթին էր «քիչ»,
բայց… «հարազատ էր ու նաիրյան»:
Այս կյանքը փառք էր թվում նրան,
Անհուն դրախտ մի՝ հուշով Նախշուն:
Եվ ա՛յս էր, ա՛յս էր, ա՛յս էր, որ նա
Չնաշխարհիկ մի բախտ էր
Հաշվում

VI

... Ես պատմում էի նրան, թե մեր
Երկիրը ի՜նչ է հիմա դառնում
Եվ ինչ ուժեր են հիմա հառնում
Իր երազած այն աշխարհի դե՛մ:
Ես պատմում էի այգը մեր մեծ
Եվ առավոտը մեր իրական
Եվ այն, որ սիրտս թինդով երգեց,
Եվ այն, որ նոր է ու պիտի գա:
Ես ասում էի. — երկրում հեռու,
Ուր մեր աշխարհն է սավետական,
Հիմա ելնում է ուրի՜շ մի կյանք
Եվ ա՛յլ պայքար է հիմա եռում:
Որ այն, ինչ մութ էր, հնին անտես,
Որ խորշերում էր, ներսում, միգում
Հիմա դառել է հրե մի գունդ
Եվ բորբոքում է կյանքը այնտեղ:
Որ ոնց գարնանը հեղեղը գա
Եվ կապանքները ձմռան քանդե
Այդպես մրրիկը այն հեռակա
Խուլ աշխարհում մեր արձագանքեց:
Ինչպես հանքում հին, երբ վերևի
Շերտերը ծուխ են արդեն դառնում
Ուրիշ ուժեր են վարից հառնում
Ու բարձրանում են վեր արևին, —
Այդպես մրրիկը այն կարմրակեզ,
Որ Հոկտեմբեր է հիմա կոչվում
Բերես երկրին մեր նո՛ր մի աճում
Եվ աշխարհնե՛ր նոր հանեց հանդես:
Եվ այդ աշխարհը, ուժը այդ մեր
Օ, ա՛յլ է, ա՛յլ է, չեղած երբեք.
Որպեսզի գար նա, կյանքում հորդեր
Դեռ հարկավոր էր հինը սրբել:
Այդ ուժը նո՛ր է, ձերին օտար,
Ձերին ներհա՛կ միշտ ու հակադիր,
Ինչպես փայտի դեմհալած մետաղ,
Ինչպես ջրի դեմհրի հատիկ:
Դա մեր բանակն է, ելած վարի՛ց,
Խուլ խավարի՛ց ձեր աշխարհի այն,
Որ մեր քրտինքը փոխում քարի
Եվ մեզ թողնում էր արյուն միայն:
Մեր կյանքը մութ էր ձեր աշխարհում,
Անդուռ նկուղ էր, անանց ձմեռ.
Եկավ պայքարը, ցուրտը ցրեց
Եվ ձմեռի՛ տեղտեսանք գարուն:
Մենք մեր օրերը, այգը դարու
Հոկտեմբերից ենք հիմա հաշվում
Եվ անհաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չե՛նք քաշվում:
Եվ սրտերում մերտրտունջ չկա.
Մենք հավատում ենք հիմա կյանքին.
Մեզ հմայում են գործ ու պայքար
Եվ հոգնությունը աշխատանքի
Քո ճանապարհը աշխարհում այն
Դու գնացել ես մեն ու մենակ
Իսկ մենք անթիվ ենք, անհուն բանակ
Եվ կառուցում ենք հիմա անահ
Մեր նոր աշխարհը` պայծառ ու լայն:
Եվ մենք ասում ենք.-Մե՛նք ենք հիմքը
Ամբողջ կյանքի ու մարդկության.
Ամբողջ աշխարհը հայրենիք է
Եվ աշխատանքը ու քրտինքը
Օ, նո՛ր աշխարհ մի պիտի տան
Նրանց, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մ՛երկ է ու անտուն,
Բայց պայքարում են հիմա անդուլ
Եվ աշխատում են ստեղծել
Նոր մարդկություն մի անցավ, անցեց,..
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Մեր երգըսա՛ է: Եվ մենք հիմա
Խուլ աշխարհում մեր նաիրական
Բերել ենք ուժ նոր, ու թա՛փ, ու կա՛մք,
Որպեսզի կյանքը աշխարհի ա՛յն,
Որ դուք քանդել եք ու կործանել
Վերաշինենք ու վերածնենք: —
Եվ մենք անթիվ ենք ու անհաշիվ,
Մենք մեր երկրում ենք ու ամենուր
Եվ անհաջող մի, հիմար սիրու
Դեպի լեռները մենք չենք քաշվի: —
Հիմա ելնում ենք մենք մեր կաշվից,
Հիմա հո դնում ենք, տնքում անքուն,
Որ մեր զնգուն այն, հիմար Զրնգուն
Քիլովատներ ու վոյլտեր հաշվի:
Ուր անապատ էր, դաշտ էր ամա,
Ուր լոկ երաշտ էր ու մահ բոցե
Մենք ջրանցքներ ենք շինել հիմա
Եվ մեր դաշտերը ոսկեզօծել:
Այնտեղ, ուր հովն էր քո կարկաչում,
Ուր կուզեիր որ Զարոդ ապրի
Հիմա դրել ենք երկաթ ֆաբրիկ
Եվ մեքենան է այնտեղ շաչում:
Եվ քիլովատը յուրաքանչյուր,
Ամեն մի վոյլտը այնտեղ հաշված
Օ, ա՜յլ վոյլտեր է կյանքի կանչում
Եվ քիլովատներ հանում աշխարհ:
Օ, դաշտերում այն մեր անջրդի,
Ուր կառքը Փառք էր, եթե գնար
Մեր նոր բանա՛կն է ելնում բանտից,
Այնտեղ զնգում է երբ մեքենան:
Երբ ծխնելույզն է ծխում այնտեղ
Եվ հիդրոշենը փռում կայծեր
Դա թա՛թն է, թա՛թն է մեր երկաթե
Քանդում աշխարհը հնամյա ձեր...
Այնտեղ մեր շուրջը ծփում է դեռ
Ճղճիմ ճահիճը ձեր ծանրանիստ
Եվ տարիներ դեռ քանի՛ , քանի՜
Պիտի նա թափը մեր կաշկանդե:
Կարծում ես հինը չկա այնտեղ,
Քո երազածը՝ հուշով նախշած: —
Օ, ո՛չ. — կանգնած ենք դեռ դեմառդեմ
Երկրում մեր և՛սերկու աշխարհ:
Եվ ձե՛րը, ծե՛րըճնշող է դեռ:
Քո ներբողածըդեռ կա՛, դեռ կա՛.
Եվ կլինի նա երկա՜ր, երկա՜ր,
Քանի դեռ հինը մենք չենք քանդել:
Կապրի , կապրի դեռ շունչդ այնտե՛ղ,
Կերգեն երգերը դեռ քո թողած,
Քանի կյանքում մեր կանգուն է դեռ
Ցնորքբոստանը քո ներբողած:
Եվ դա՛ է, դա՛ է, դա՛ է արդեն,
Քո այդ բոստանն է ու զույգ բարդին
Եվ մեքենա՛ն մեր, որ դեմառդեմ
Հիմա ելել են մենամարտի:
Եվ այս պայքարը համր, լռին,
Այս մենամարտը մեր առօրյա
Օ, ավելի՛ է տագնապալի,
Քան բարիկադը հոկտեմբերյան...
Օ, ձեր աշխարհըդեռ կա՜, դեռ կա՜,
Նա դեռ նստած է, հաստանստուկ,
Եվ քո երգերը երեկ երգած
Դեռ շատերի՛ն են այնտեղ ազդում:
Բայց դա աշխարհն է
մահապարտված,
Կյանքի մամուռը, տիղմը անհուն,
Որ բոստանի՛ն քո, առվին կառչած
Ե՛վ համառում է, և հեռանում:
Եվ խուղերի երբ անդուլ մթում
Վառվում է լամպը էլեկտրական
Դա մեր պայքա՛րն է ընդդեմ անդուռ
Խուլ աշխարհի ձեր նաիրական:
Եվ մեր քլունգը՝ լեռը քանդող `
Երբ թունելներ է ձգում երկար
Դա ո՛չ թե լեռն է քանդում անդուլ,
Այլ ձեր աշխարհը սարսափահար:
Քանդում, քանդում է նա անհանգիստ,
Քարե բերդերը շպրտում դեն
Եվ նո՜ր շերտեր է կանչում կյանքի
Եվ բանակնե՛ր նոր հանում հանդես:
Ելնո՛ւմ, ելնո՛ւմ են նրանք արդեն,
Ստվարանում են օրը օրին.
Ինչպես մետաղը երկրի խորից,
Ինչպես գարնանը հեղեղ հորդե:
Դա հորձանուտն է բանվորական,
Հորդելգալիս է ահագնորեն,
Որ ծանրությունը պայքարի այս
Լայն ուսերով իր էգուց կրե:
Գալի՛ս, գալի՛ս են նրանք ահա,
Լցնում երկիրը շառաչով զիլ,
Եվ մեր երգերը է՛լ ավելի
Հնչում են բարձր ու խանդավառ:
Դողում է հողը այդ ընթացքից
Եվ եռանդից այդ, խանդից անծայր,
Եվ մեր գալիքը այնքա՛ն պայծառ
Ահա բացվում է իմ հայացքին

VII

Այնքան պայծա՛ռ է այդ ապագան...
Տեսնում եմ վա՛ղը, վա՛ղը, շաղոտ
Երկրի վրա մեր սավետական
Ահա բացվում է մի առավոտ:
Ահա գյուղեր ու քաղաքներ նոր՝
Երկաթ ցանցով մի իրար կապված,
Եվ առօրյա՛ն մեր ահա վաղվա
Լցված խինդով նոր ու աղմուկով
Ահա շենքեր նոր, զվարթ տներ,
Ուր լո՛ւյս կա, լո՛ւյս կա, լո՛ւյս կա
Այնքան
Չկան խուզերը նաիրական,
Ուր լույսը փառք էր, եթե լիներ:
Ու դարեր անթիվ ու տարիներ
Ապրում էր մարդը ինչպես միջատ,
Ու չար աստված մի երկնից իջած
Օրհնում էր կյանքը այն մոխիրե...
Ելել է կյանքը, քնից զարթնել,
Դողում է հողը բեղուն բերքից.
Ու շո՛ւրջը, շո՛ւրջը, շո՛ւրջը երկրի
Աշխարհը լա՛յն է ու անպատնեշ:
Աշխարհը դաշտ է մի համերաշխ,
Երկիրը ո՛նց է, ո՛նց է քրտնել...
Ապրում են շուրջը ժողովուրդներ`
Եղբայրական ու հավիտյան հա՛շտ:
Եվ մա՛րդը, մա՛րդը ահա վաղվա
Հարվածներից հին մեջքը շտկած.
Ահա հայացքը, սիրտը իր պարզ
Եվ աշխարհումիր քայլքը վստահ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ահա ցնորքը մեր անսահման,
Մեր երազանքը, վարպե՛տ: Սակայն,
Սա երազանք է մի այնպիսի,
Որ չի` տրվի մեզ խոսքերով սին,
Որի համարօ, դարե՛ր, դարե՜ր
Մենք պայքարել ենք ու պայքարել:
Ու պայքարում ենք: — Իհա՛րկե դու
Մեր երազին այս չե՛ս հավատում:
Դու երազում ես, այստեղ նստած,
Մարմանդ առու մի, մի խուլ բոստան
Եվ հեզ գառնուկ մի, որ բառաչե
Սակայն այդ երգըմեր երգը չէ ...

VIII

Եվ լսի՛ր, լսի՛ր, լսի՛ր, վարպե՛տ, —
Իզուր ես հինը դու երազում
Եվ զո՛ւր է, զո՛ւր է սիրտդ հարբել
Անմխիթար այդ, սին երազով:
Իզուր է սիրտը քո գազազում
Երկրի հանդեպ մեր վերածնվող.
Ո չ մեր երկիրն է շվայտ Հռոմ
Եվ ո՛չ էլ ինքդնոր մի Նազոն:
Իզուր ստին այդ, մթին գերի
Դու անիծում ես ուժը մեր նոր. —
Դու այդ ուժի՛ց ես փախել ելնող
Եվ ո՛չ թե, ո՛չ թե արքաներից:
Եվ գաս եթե դու երկիրը մեր
Եվ նույնը, նույնը, նույնը մնաս
Մեր նոր արևը չի գուրգուրե
Քո այդ երգերը մահամնա:
Քեզ կընդունե այն աշխարհը հին,
Որ դեռ ծամում է մամուռ ու ցեց,
Բայց այդ արևը ձմեռային
Դժվա՛ր թե սիրտդ տաքացնե:
Եվ կմնաս դու տխուր ու ծեր,
Այդ նո՛ւյն ձմեռը քո ցուրտ հոգում
Եվ հուսահատ ու որբ կլինես
Ինչպես հեռու այս Վենետիկում...

1925 հունվար Վենետիկ

ՊՈԵՄ ՀԵՐՈՍԱԿԱՆ

ՊՐՈԼՈԳ

I

Լեֆյան թմբուկը թողած մի կողմ,
Հատվող տողերը նետելով դեն,
Կրկին խրթին մի խոր դողով
Առնում եմ յամբ ես ու քողաղոտ,
Որ մեր պայքարը քնարերգեմ:
Կռվի շռինդ էր, թինդ էր երեկ,
Երեկ ճակատ էր ու բարիկադ,
Երեկ ճչում էր ամե՛ն մի քար
Ու պայքարում էր ամե՛ն տերև:
Ելել էր կյանքը հունից երեկ
Ու կոտրատում էր խութերն իր հին.
Հատվող տողեր էր երեկ բերել
Պոեմներին իմ ու երգերին...
Երբ սուր սուլում էր կյանքի քամին,
Ճչում էր կյանքը, ինչպես շչակ
Օ, հարկավոր էր այնպե՛ս ճչալ,
Որ որոտո՛ւմ էլ իմանային:
Այսօր մեր կյանքը հանգիստ է քիչ,
Ռումբի շաչյունը այսօր չկա.
Թեկուզ այսօր էլ դեռ կա Չեկան,
Սակայն գործում է սառն ու հանգիստ:
Թեկուզ մեր կյանքը հորձանք է դեռ,
Թեկուզ պայքարը կրկի՛ն համառ
Բայց դադարել են հո հողմահար
Որոտումները թնդանոթի:
Եվ ես առնում եմ քնար եթե,
Փոխում եմ զենքս, — սակայն գիտեմ՝
Թնդանոթները երբ աղմկեն
Կրկին տողերս կդառնան թեժ...

II

«Երեկ...»:
Բառում այս որքա՛ն փորձանք,
Որքան կրա՛կ կա ու կամք անկոր.
Ես ո՞նց երգեմ այս խաղաղ հանգով
Այն տարիները անվերադարձ...
Ամեն մի ժամը՝ հիմա մի հարց,
Ամեն վայրկյանը՝ զարմանք մի հուր.
Ամեն մի քայլը` սխալ դրած`
Փոխել կարող էր կյանքը` մահու:
Խոր վարանքո՛վ մի, անհուն ահով,
Ես մոտենում եմ հիմա մեր այն
Տարիներին թեժ ու հողմահար,
Երբ մութ էր դեմը, անապահով:
Երբ հողմերում խուլ ու մթագին,
Ինչպես գարնանը ելման ջրեր
Հորդել գալիս էր ուժ մի նորեկ
Անկազմակերպ դեռ, անգիտակից...
Երբ խորշերից խոր, կյանքի տակից
Ելնում էր ուժը մեր ապագա.
Հորդում էր կամքը իր ահագին
Մեր հորձանուտը բանվորական:
Երբ մեր երկրում հին, ուր շարունակ
Քեռի Նիկոլն էր նիզակ ճոճել
Ելնում էր նո՛ր մի, նո՛ր մի բանակ,
Որ Հոկտեմբերն էր կյանքի կոչել...
Օ, երկունքո՛վ խոր, մահվան գնով,
Կոփվում էր կյանքը մեր իրական.
Ցավով ելնում էր արև մի նոր
Երկրի վրա մեր նաիրական...
Գնում էր կյանքը անդարձ հունով,
Քանդում էր հինը, ոնց զառանցանք
Ու բարձրանում էր էպոս մի նոր
Տարիներից այն՝ դժվար անցած...

III

Հիմա ելնում են ահա իմ դեմ
Այն տարիները, արդեն անցած.
Եվ այն դեմքերը, որ հրեղեն
Տարիներո՛ւմ այն հերոսացան...
Ելնում են դեմս, ժպտում են ինձ,
Կանչում են բա՛րձր, բա՛րձր ձայնով
Եվ հարազատ է ամեն մի ճիչ
Այնպես հոգուն իմ, սրտին իմ` մո՛տ:
Ողջո՛ւյն, ողջո՛ւյն ձեզ, իմ ընկերնե՛ր,
Իմ հերոսնե՛ր նոր` ելած երեկ.
Հիմա ձեր կամքն է երկրում ելել,
Ձեր հաղթանա՛կն է ամենուրեք...
Անհուն լույսով մի, մի նո՛ր փայլով
Մեր աչքերի՛ դեմ պայծառացած`
Ահա գործե՛րը ձեր արյունոտ
Եվ բախումները արճիճափայլ...
Եվ ժողովուրդը իմ նաիրյան
Հրե հողմո՛վ ձեր, հողմո՛վ ձեր տար,
Եվ կռիվները այն անդադար,
Եվ քաղաքները՝ իրար վրա...
Դեռ կյանքը ա՛յլ էր, տագնապը` այլ,
Մի ա՛յլ ոգի էր երկրում տիրում,
Բայց աչքերի՛ դեմ ձեր երերուն
Հուրհրատում էր ուրի՛շ մի փայլ:
Երկրում դեռ մուժ էր ու մեգ մռայլ,
Երկրում տիրում էր նաիրյանը...
Բացել էր մահը իր բերանը
Եվ սպասում էր անայլայլ:
Տարիներում այն դեռ ո՞վ գիտեր,
Որ խորշերո՛ւմ խոր, կյանքի տակին
Եռում էր ուժը մեր ահագին,
Մեր հորձանուտը ահագնաթև:
Եվ չտեսա՞վ իմ սիրտը միթե
Մութ հողմերում այնո՛ւժը մեր նոր,
Որ վարանքո՛վ մի դեռ նո՛ր, դեռ նո՛ր
Ելնում էր նո՛ր էր, նո՛ր էր հորդել...
Եվ մի՞թե, մի՞թե, մի՞թե չերգե՞ց
Եվ չողջունե՞ց իմ սիրտը խնդուն
Այն առավոտըայն խոր մթնում,
Խոր խավարո՛ւմ այնարևն այն կեզ:
Երկրում երբ մա՛հ դեռ ու մուժ կար մի`
Այն ո՞ւմ հայացքն էր անահասաստ,
Որ մեր գալիքը այնքա՛ն կարմիր
Եվ այնքա՛ն, այնքա՛ն պայծառ տեսավ
Եվ շատերի՛ն դեռ թվում էր երբ,
Թե գերեզմա՛ն է մեր դեմ բացվում
Իմ աղաղակը, իմ երգը չէ՞ր`
Հնչեց խանդո՛վ խոր ու խաղացկուն
Խո՜ր հիացքով մի ու խինդով խոր
Ես ողջունեցի այգը երկրիս
Եվ ավետեցի թինդով երգիս
Երկրիս թռիչքը ու բախտը նոր:
Եվ աղմկում են եթե այսօր,
Ղժժում են շուրջս ձայներ նորեկ
Ես հարցնում եմ թախիծով խոր. —
Ձեր ձայնը ո՞ւր էր, ո՞ւր էր երեկ...
Ինչքան էլ խորը ես դեգերեմ,
Ինչքան երթին ձեր լինեմ «օտար» —
Գիտեմ` երկիրս ինձ փա՛ռք կտա
Եվ սերունդները ինձ կներեն...

1925, Հռոմ

ԻՄ ԸՆԿԵՐ ԼԻՊՈՆ

(Բալլադ մանկության, բախտախաղի, պայքարի և հերոսության մասին)

Ընկեր Լիպարիտ Մխչյանի հիշատակին

Մանկությունը հիշելիս` սիրտս դառնում է գինով...
Ես մի ընկեր ունեի՝ Լիպո անունով:

Ինչքան հիշում եմ նրան` աչքերիս հանդեպ
Մի նաիրյան տեսարան բացվում է հապճեպ:

Փռվում է դեմս իսկույն մի փողոց խաղաղ,
Ու փողոցի անկյունումմի վտիտ տղա:

Նիրհում է Կարսը` խաղաղ ամառնամուտին...
Ինչքա՛ն վտիտ է տղան այդ ոտաբոբիկ:

Նա նստած է մի քարիտասնամյա տղան,
Ու նիրհում է առաջինմի ցածլիկ սեղան:

Կլոր սեղան է ցածլիկ, մեջտեղումմի չարխ.
Բախտախաղ է մանկականկոպեկնոց վիճակ:

Տո՛ւր մի կոպեկ ու խփի՛ր, — թե բախտդ բանեց
Մի տուփ լուցկի, կամ մի տուփ քորոց կհանես:

Կապուտաչյա այդ տղան, ա՛խ, ինչքա՛ն էր չար.
Մեզ հետ կռվում էր հաճախ, ծեծվում չարաչար:

Բախտը ժպտար եթե մեզ ու լուցկի հաներ
Նա իր չարխը կծռեր ու կռիվ կաներ:

Ուներ բարի նա մի մայր` ծեր ու չքավոր.
Միակ նեցուկն էր նա տան բոլորին պահող:

Ինչքան հիշում եմ հիմա մանկությունս ես
Կապուտաչյա այդ տղան ելնում է իմ դեմ:

Տեսնում եմ միշտ նրան ես իր չարխի առջև...
Հետո օրեր անցան շատ, սլացան հապճեպ:

Ու կորցրի ես նրան: — Աշխարհում այնինչ
Եկան օրեր հուրհուրան, տարիներ անջինջ:

Պատերազմներ եղան մեծ, պայքարներ բազում
Եվ ամբողջ կյանքը փոխվեց, ինչպես երազում:

Դասակարգեր ընկան հին ու ելան նորեր
Օրեր վառվառ ու անգին, անմոռա՞ց օրեր

Մի օր ելանք ու առանք Երևանը մենք
Հետո դաշնակը շարժեց մաուզեր ու զենք:

Նահանջեցինք քաղաքից մենք լուսաբացին
Եվ ընկերոջս նորի՛ց ես հանդիպեցի. —

Երկու ամիս էր արդեն ճակատում էինք
Վերջին օրերը միայն մենք հանդիպեցինք:

Լիպարիտ էր դարձել նա, իմ ընկեր Լիպոն,
Արշավում էր բանակում՝ ռազմի շապիկով:

Նա զինկոմն էր մեր գնդի, մեր գնդի հոգին.
Անճանաչ էր համարյա՝ գորշ շինելն հագին:

Ճանաչեցի սակայն ես: — Մոտեցա նրան,
Ասի՝ հիշո՞ւմ ես, Լիպո՛, Կարսը նաիրյան

Հիշո՞ւմ ես չարխը քո էն... — Նա ժպտաց, ու խիստ
ԱսացԳնում ենք էգուց. Պատրաստվի՛ր, Եղի՛շ:

Դե, էն չարխը... նա չկա՛... չկա... Հիմա մենք
Ուրի՛շ չարխեր պիտի այս աշխարհում շարժենք:

Բախտախաղ չէ սակայն սա, այլ կռիվ ու կամք.
Լուսաբացին մենք պիտի առաջանանք

Դաշնակը խաղ է կարծում, հանաք է անում...
Դե, կխոսենք մի լավԵրևանում
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Լուսաբացին մենք անցանք գրոհի, —
Լուսաբացին խփեցին Լիպոյին...

Լուսաբացին նա ընկավ կռվում,
Երբ հաղթանակն էր վառվում, փռվում:

Ընկավ կռվում
Մեր զինկոմն արի.
Ընկավ Լիպոն
Երևանի
Ճանապարհին...

...Լուսաբացին Երևանը երևաց.
Լուսաբացին մենք մտանք Երևան:

Լուսաբացին մեր բանակը հաղթական
Քաղաք մտավ՝ հետը կարմիր մի դագաղ...

Լուսաբացին ո՛չ մի «ախ» —
Սակայն

Լուսաբացին դրոշներ հուրհուրան
Իջան ընկեր Լիպարիտի
Վրա...
Խոնարհվեցին դրոշները բանակի
Ու պառկած էր իմ ընկեր Լիպոն՝
Ռազմի կարմիր իր զգեստներն հագին:
Փա՛ռք քեզ, փա՛ռք քեզ,
Մեր զինկոմ
Արի. —
Փառք, որ ընկար
Հաղթանակի
Ճանապարհին
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հիմա Լիպոն իմ չկա, նա չկա հիմա, —
Ո՞վ չի սակայն երազում այդպիսի մի մահ

Նա պառկած է
Կոմունարների
Այգում.
Փա՛ռք քեզ, ընկած
Մեր քաջարի
Զինկո՛մ:

Դու պայքարի
Դրոշ եղար
Վառ մի.
Թե տեսնեի՛ր ի՛նչ է դարձել
Մեր Բանակը
Կարմի՛ր:

Նա աշխարհում բանակն է, օ,
Առաջի՛ն:
Եվ ո՛չ մի ուժ չի՛ դիմանա առաջին:

Ննջի՛ր խաղաղ
Կոմունարների
Այգում.
Փա՛ռք քեզ, ընկած
Մեր քաջարի
Զինկոմ.,,

1926

ԲԱԼԼԱԴ ԳԵՂՋԿԱԿԱՆ

(Աղջիկները պարում են ու երգում)

Սիրո՛ւն աղջիկ, ո՞ւմն ես սիրում աշխարհում
Սավետական էս մեր սիրուն աշխարհում:

Քաղքից էկած էն տղին եմ ես սիրում,
Ճակատը բաց էն տղի՛ն եմ ես սիրում,
Աչքերը շող էն տղին եմ ես սիրում,
Մաշին քշող էն տղին եմ ես սիրում...

Ընչի՛ համար դու չես սիրում էն տղին,
Բոյը սիրուն, բուսը սիրուն էն տղին,
Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
Գլխին սև-սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքին կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին...

Ընչի՛ սիրեմ բեղերը ցից էն տղին,
Հո՛ղը դնեմ սև ու անսիրտ էն տղին,
Ձեռքը տռուզ, խելքը տռուզ էն տղին,
Թալան տվող, լիրբ ու հարուստ էն տղին,
Մաուզերին ձեռքը դրած էն տղին,
Ըռանչպարի շիվան ու լաց էն տղին...

Էն ո՞նց եղավ, որ քեզ սիրեց էն տղեն:
Շեկ մազերի՛ս աչքը չռեց էն տղեն,
Արնոտ աչքը վրես ածեց էն տղեն,
Մաուզերից կրակ բացեց էն տղեն.
Ալևորիկ մորս ծեծեց էն տղեն,
Ջահել սրտես արուն ծծեց էն տղեն

Ե՞րբ պատահեց էդ բոլորը աշխարհում:
Երբ դեռ սև էր խալխի օրը աշխարհում,
Երբ դաշնակի ձեռն էր տիրում աշխարհում,
Երբ ունևոր-տե՛րն էր տիրում աշխարհում:
Երբ ռանչպարին արև չկա՛ր աշխարհում,
Երբ ռանչպարի օրն էր խավա՛ր աշխարհում ...

Следующая страница