Չարենց Եղիշե՝   Երկեր

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, — երկարաթև թռչուն, —
Զարհուրելի, զազիր փողոցների միջով...

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում՝ փոշի և արնամուժ ավազ, —
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, —
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՛ր, հիվա՛նդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով. —
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք...

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին՝ խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք. —
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին՝
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե
Քամին,
Աշնան քամին...

1922

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

Կարտոշկա, պրիմուս ու ձմեռ
Անսենյակ, անկոպեկ, անկոնյակ
Ամեն օր, ամեն ժամանակ
Կարտոշկա, պրիմուս ու ձմեռ:
Բայց ինչքա՜ն ենք կոնյակ խմել
Ու փոխել սենյակ ու սենյակ
Ու տարել պրիմուս ու ձմեռ
Անսենյակ, անկոպեկ, անկոնյակ...

(
Հիշո՞ւմ ես կոնյակը Սահակի,
Հիշո՞ւմ ես՝ Արփիկը, Անաի՛դան...
Նայես էլ Արփիկը, Անահիտը
Հիշո՞ւմ են կոնյակը Սահակի:
Անհամ էր փոխինձն ահագին
Եփել էր մեր լավ Անահիտը...
Հիշում ես կոնյակը Սահակի
Հիշում եսԱրփիկը, Անաի՛դան

1912. 15. 1. Մոսկով

(
Ես այն չեմ այլևս., այն չեմ,
Նաիրյան միամիտ այն պոետը,
Որ ուզում էր երգերով թռչել
Եվ անցնել այս նեղ արահետը:

Ես եկա խավար այն ափից,
Եվ բացվեց երբ խնդուն առավոտը
Իմ հոգին ահով տագնապեց
Եվ անհուն էր այդ նոր իմ կարոտը:

Ես տեսա աշխարհը նորացած,
Եվ աշխարհը այդհարազատ էր,
Եվ երգով իմայնքան հրացայտ
Ես անցա անցյալի բարիկադը:

Ուզեցի ես երգով զինակցել
Եվ երգով նույնանալ նրանց,
Որ օրերը այս հողմածեծ
Գրոհել են անցյալի վրա:

Եվ թվում էր, թվում էր ինձ միշտ,
Թե որքան բարձր կանչեմ
Այնքան շո՛ւտ կդառնամ ուրիշ,
Եվ ուղիս կդառնա անշեղ:

Ես այն չեմ այլևս, այն չեմ
Եվ դժվար է հավատալ այլևս,
Որ եթե բարձր կանչեմ
Կցոլա ցանկալի այն արևը:

Ես այլևս չեմ հավատում
Երգերի շառաչուն շոգին
Դրանից է, որ երգս հատու
Դարձել է այնպես անհոգի:
Եվ գիտեմ ես հիմա, որ համառ է,
Առօրյա աշխատանք է անդուլ
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով...

1926. X. Երևան

ՍԻՐԵԼԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ՖԵՈԴՈՐՈՎԻՉԻՆ

(Խոսք հիշատակի)

Վազում է կյանքը, գնում առաջ,
Այնքան արա՛գ է տեմպը կյանքի
Եվ օրերում այս հողմահալած
Չկա դադար ու չկա հանգիստ:
Ամեն մի օրը հիմա մի դար,
Ամեն վայրկյանը՝ տարի անդուլ
ՈԼ հեռանում է անցյալը հար
Դեպի չեղած մի, մթին անդունդ:
Եվ օրերում այս արագընթաց,
Երբ մենք վայրկյան մի նայում ենք հետ
Տեսնում ենք դե՛մքը ձեր միայն պարզ
Եվ ձեր գործերը այնքան վե՛հ:
Մի ակնթարթ լոկ կարող ենք մենք
Տալ հարգանքի ու հիշատակի
Բայց խոխոջում է արյունը ձեր
Երակներում մեր հա՛ր հանգիստ:
Անվերջ եռում է ջղերում մեր
Ձեր հուր եռանդը, կորովն անդուլ
Ու հեռանում է անցյալը ծեր
Դեպի չեղած մի, մթին անդունդ:
Բայց վայրկյանին այս, տարին մի պահ,
Երբ մենք տրվում ենք հիշատակի՝
Կանգնում է դեմքը ձեր հեռակա
Մեր աչքերի դեմ այնպե՛ս հանգիստ:
Ահա ելնում է, կանգնում մեր դեմ
Ձեր դեմքը. — պահ միև ահա դուք
Բրոնզյա դեմքով ձեր, ճակատով վե՛հ.
Եվ ձեր աչքերը ահա խնդուն...
Եվ պահերին այս հիշում ենք մենք
Յուրաքանչյուրս միայն մի պահ
Ձեր շարժումները, խորքերը ձեր,
Ձեր մարդկայինը, ձեր առօրյան...
Այսպե՛ս է կյանքը. — օրեր անթիվ
Ու տարիներ բյուրգործի՛ն, երթի՛ն
Ու պա՛հ մի, պա՛հ մի միայն ինտիմ
Բարեկամին այն, անցած մարդին:
Ու հար եռում է ջղերում մեր
Ձեր հուր եռանդը, կորովն անդուլ
Ու հեռանում է անցյալը ծեր
Դեպի չեղած մի, մթին անդունդ:

1927 Թիֆլիս

Ա-Ին
Մթնաձորում
Մութն է ծորում
Օճորքից. —
Նա չի արդյոք
Տալիս մորմոք
Քո երգին. —
Այնտեղ դեռ կա՛ն
Մռայլ խութեր ու հերկեր, —
Բայց այնտեղից, որ դուրս եկար
Պայծառ երգեր դու կերգես: —

1927

ԱՐՓԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Իմ սիրելի,
Եմ բարեկա՛մ,
Դու գնացիր,
Իսկ ես դեռ կամ,—
Ապրում եմ դեռ,
Ինչպես առաջ`
Սրտով անհագ
Ու անհանգիստ
Ու աչքերիդ
Փայլը սառած
Լույս է տալիս
Հիմա կյանքիս: —

1928

(
Աշուն է նստել սեղանիս՝ ճակատին թորշոմած վարդեր, —
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:

Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ. —
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից

Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ, — ու չկա ոչ մի ուղի...

Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ, —
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՛ր քեզ կգերի...

Կգերի ու քեզ կասի, որ գնա՛ց կյանքը արդեն, —
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր...

1928-19V

ՕՐ. X-ԻՆ.
Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՛ր հույզերի.
Ինձ համար արդեն դժվար է
Հավատալ երգերին ու սերին:

Էլ ինչո՞ւ ես ուզում դու կրկին
Բորբոքել իմ հոգում նոր սեր.
Էլ դժվար թե դառնամ ես երգիչ
Եվ սիրո սոնետներ հյուսեմ:

Կար մի օր գանգրահեր մի տղա,
Նա սիրում էր սիրել երազները,
Նա սիրում էր աչքերը խաղաղ,
Նա սիրում էր կանացի վարսերը:

Նա գնաց, գանգրահեր այն տղան,
Եվ անդարձ տարավ իր հետ
Այն ամե՛նը, ամե՛նը, որ նրան
Դարձնում էր քնքուշ ու պոետ:

Եվ նրա փոխարեն հիմա
Կանգնած է անկիրք ահա դեմըդ
Մոխիրե աչքերով մի մարդ,
Որ անցել է դրախտն ու գեհենը:

Ախ, այնպես դժվա՛ր է նրան
Հավատալ երգերին ու սերին, —
Նա արդեն անցել է ճանապարհը
Երկրային բոլո՛ր հույզերի...

3Օ. 8. 1928.

*

Լսի՛ր անգի՛ն,
Պիտի ասեմ,
Որ առաջվա
Չարենցը չեմ
Սիրտըս էլ չի՛
Այնքան շռայլ,
Ծանր է դարձել
Ու քիչ ժլատ:
Էլ չի տենչում
Երգի, հանգի`
Այնքան հախուռն
Ու անհանգիստ:
Ու հուրհուրան
Երգըս հիմի
Դարձել է հին
Նստած գինի:
Էլ չի՛ հնչում
Այնքան հնչեղ
Էլ առաջվա
Չարենցը չեմ...

1929

Զ-ԻՆ

Չկարծե՛ս երբեք, թե աշխարհը մեր
Մեզանից է, որ սկիզբ է առնում.
Անցյալը հանկարծ այնպես է հառնում,
Որ... շփոթմունքից մենք թռչում ենք վեր: —
Ուրեմն, լարի՛ր միտքըդ հուրհուրան,
Որ հուրն անցյալի չխանձի նրան:

1929

«ՄԱՆՈՆ ԼԵՍԿՈՆ»

Մանոն Լեսկոն, այդ կինն անմեղ,
Ո՛չ թե սիրով, այլ լոկ ոսկով,
Միայն մարմնով, միայն «այնպես»
Տրվեց մարդկանց այն պիղծ, այն կեղծ,
Երբ ասպետից իր բաժանվեց
Մանոն Լեսկոն: —

Բայց միշտ գերի սիրույն այն վեհ`
Սրտո՛վ մաքուր, — և ոչ ոսկով, —
Իր ասպետին սիրեց հավետ, —
Եվ ուրիշի մահճում անգամ
Իր ասպետից չբաժանվեց...

Եվ մնաց սուրբ, մնաց անեղծ
Մանոն Լեսկոն:

19291936

*

Դու միայն պոե՛տ ես, — հասկացի՛ր, —
Եվ ոչինչ չունես աշխարհում
Քո գրած երգերից բացի: —
Դու միայն պո՛ետ ես, — հասկացի՛ր:

1929 Լենինգրադ

*

Մեռավ Ասքանազը: — Կանցնես
Մի օր նաև դու... Եվ ի՞նչ. —
Խփի՛ր, ծանրածանր, թևիդ,
Մինչև ցնորքներդ հանձնես
Այն վերջին կայանին, որից
Սկսվում է որդի հարսանիք, —
Լոկ տոկա՛, որ ձիրքըդ չկորի`
Աշխարհում ապրում ես քանի:

1929. Լենինգրադ

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐԻՑ

Կախվել է անհուր արևն հյուսիսի,
Որպես անկըրակ մոխիրի քուրա
Շենքերի վրա այս քառակուսի,
Այս անծայրածիր անցյալի վրա
Հորանջում է գորշ Նևա՛ն ներքևում,
Դառն անհուսությամբ ընթանում առաջ, —
Եվ, հոգնատարած, քաղաքն է հևում`
Միրաժի նման՝ մշուշում սառած: —
Իբրև զառանցանք լեթարգիկ քնով
Դեռ դարեր առաջ քնած հանճարի,
Որ ապրում է իր սառած արյունով,
Հանգած արյունով դեռ անցյալ դարի...
Եվ զառանցանքում դեռ մի դար առաջ
Քնած լեթարգիկ քնով հիվանդի
Թարթում են միզում թարախակալած
Աչքերի նմանլապտերներ անթիվ
Եվ կորչող մարդիկ, և օթոն շառաչք,
Եվ հռընդացող տրամվայն արնահոս, —
Փռում է կարծես աչքերիդ առաջ
Իր կտավըմի Հիերոնիմ Բոսխ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

1929-1937

ԽՈՀ

Ես չեմ կասկածում գալիքից, սակայն
Գիտեմ, որ ուղին դեռ շատ է դժնի,
Որ ճիգեր են պետք դեռ հերոսական,
Մինչև ցանկալի գալիքը իջնի:
Գիտեմ, որ այսօր մեր երկրում թեկուզ
Գալիքն է կանգնում անխորտակ շենքեր, —
Բայց կերտողներից շատերի հոգում
Անխախտ է հնի պատվանդանը դեռ:
Որ ապրում ենք դեռ` անցյալին գերի,
Եվ չնորոգված մեր հին սրտերում
Չնչին կրքերի, զգացմունքների
Դարերով անշարժ օվկիանն է եռում:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Անցնում են ահա աչքիս առաջով
Օրերն ու մարդիկ, ինչպես նկարում,
Ու կյանքն է անցնում ահա շառաչով
Լենինյան շաչող գործերի դարում: —
Բայց միտք եմ անում ես հաճախակի,
Ունկընդիր անհուն օրերի շնչին, —
Թե ինչո՞ւ է դարնայսքա՛ն ահագին,
Իսկմարդիկայս քա՛ն փոքրի՜կ ու չնչին...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ..

1929

ՖՐԱԳՄԵՆՏ

... Նա ասաց. — Տեսնո՞ւմ ես ամայի այն տունը.
Այնտեղես տեսել եմհատակին թողած
Մի զույգ լավ փաթաթա՛ն կա: — Ես այստեղ սպասում եմ: —
Կհագնեսև կգա՛ս շուտ: — Շտապիր, տղա՛ս: —
Նա գիտեր, վաշտապետը, որ այնտեղ, ուր գնում ենք
Սառցավո՛ւն է ձյունը, — դեռ ձմեռ է խոր: —
Թշնամին մոտենում էր: — Խուլ, խաղաղ իրիկուն էր: —
Մեր բանակն հեռանում էր՝ լռությամբ ողող. —
Ես մտա ամայի, կիսամութ այդ տնակը,
Դուռը բաց էր, — բայց ներսըշնչում էր մի մարդ...
Նայեցի՝ անկողին է. (գունավոր էր վերմակը), —
Երևի մի ընկեր էքնած, կամ հիվանդ: —
«է՛յ, ընկե՛ր, — նահանջում ենք.-թշնամին արդեն մո՛տ է.-.
Ե՛լ, եթե կամենում ես չմնալ գերի», —
Կանչեցի, — և տնտղում եմ հայացքով կիսամութը,
Որ գտնեմ փաթաթանն ու հագնեմ ոտքերիս: —
Երեկոն խտանում էր, — և կարծես նա քնած էր,
Բայց ահահատակի՛ն հենցփաթաթան մի զույգ: —
Մոռացա պառկածի՛ն ես տեսնելով իմ ուզածը,
Որ, իրոք, շպրտած էրև կորչում էր զուր: —
Կռացա, — և ա՛յն է վերցընում էր ձեռքըս
Արդեն փաթաթանը, — հրճվանքով նաիվ
Արդեն լցվում էր սիրտըս, — երբ հանկարծ զգացի ես,
Որ մթին անկյունից իրնայում է նա ինձ...
Զարհուրած` բարձրացրի՛ ես տագնապոտ հայացքըս
Եվ տեսաաչքերը... — . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . և փնտրում էր ձեռքը
Դողալովինչպես գողըբարձի մոտ մի բան...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Զարհուրած՝ քաշվեցի եսդեպի ե՛տ, դեպի դուռը, —
Մահացու քրտի՛նքն էր ինձ ողողում:
Ես գիտեմ՝ դա իմ մա՛հն էր: — «Թշնամի» այդ զինվորը: —
Այդ անօգ վիրավորը՝ մնացած գյուղում: —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . .

1929-1936

ԱՐԱՔՍՅԱՅԻՆ

Ցո՛ւրտ է, Արաքս, — Դուրսը քամին
Հռընդում է չարակամ, —
Լցրու, խմենք միանգամից,
Ինչ երազել ենք այնքան...
Ես երգիչ եմ, — բայց չե՛մ սիրում
Իմ երգերը բազմաձայն...
Դումոլորված քո օրերում
Մտորում ես դառնացած...

Ի՞նչ ես ուզում դու աշխարհից.
Ե՞րգ ես ուզում, թե հուր սե՞ր: —
Խփի՛ր չքնաղ ձեռքդ քարին
Երգեր ու սեր կհոսեն...

Տվել է քեզ երկինքը ճոխ
Գեղեցկություն, բույր ու փայլ, —
Այն, որ կյանքում ամե՛ն կնոջ
Երջանկություն պիտի տար...

Տրված է քեզ աչքեր ակաթ
Եվ թարթիչներ երգեցիկ, —
Տրված է քեզ չքնաղ հասակ
Եվ քայլըվածք գեղեցիկ

Տրված է այն ամենը, որ
Կարող է տալ աշխարհում
Երջանկություն արևավոր,
Եվ անթառամ մի գարուն...

Տրված է մեզ՝ երկուսիս էլ
Ի՛նչ կարող է բախտը տալ, —
Սակայն ինչո՞ւ դո՛ւ էլ, ե՛ս էլ
Տրտնջում ենք կյանքից հար...

Զո՛ւր է, Արաքս. — Փարվի՛ր կրծքիս, —
Փարվի՛ր անհո՛ւշ ու անտենչ, —
Բախտ չեն գտնի կին ու երգիչ,
Երկու անօգԻրար մեջ...

1930

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈԻՆ

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբե՛ք, —
Եկավինչպես զինվոր ու ղեկավար
Այս աշունը բերեց իմաստության երգեր,
Եվ կորովի գրեր երգիս համար: —

Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր, —
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց
Ինձ զգացի ես թարմև անչափ նոր:

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խոր, —
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերըև դառնան նո՛ր...

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժամ: —
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի տեսել
Մի այսպիսի՛ աշուն...

1931. 5. XI.

ԷՊԻԳՐԱՄՆԵՐ

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԲԱՐԵԿԱՄԻՍ

Ախ, քո բոյը քեզ ներշնչել է
Վերևից նայել ամենքին.
Մի հեգնանք կա միշտ քո դեմքին,
Որ քո բոյը քեզ ներշնչել է: —
Կարող են հասնեւ լոկ ճանճերը
Քո քթի բարձրերն անմեկին.
Գուցե հենց նրա՞նք քեզ ներշնչել են
Վերևից նայել ամենքին...

1925

ԱՆՀՈՒՆ, ԱՆՈՒՆ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ

(Հատված հեքիաթից)

... Մտերմությամբ մի անհուն
Գնում էին անհունով
Մի պատմագիր անանուն
Եվ մի պատմիչ անունով...

1928

ՆԱ

Ավարտել է նա յոթը դասարան,
Եղել է հետո արտասահմանում,
Գրել է կյանքում մի հոդված միայն
Եվ քննադատ է հիմա մեզանում:
Չորս լեզուներով բազմաթիվ զրքեր
Նիրհում են հիմա նրա սեղանին,
Բայց կարդում է «Գրական դիրքեր»
Ու գովք է ասում նա Ալազանին, —
Եվ գոհ է հիմա ինքը իրանից,
Եվ գոհ են մարդիկ հիմա նրանից: —

1928

ՎԱՐԻԱՆՏ

(Նմանություն Թումանյանին)

Գիժ Իմատրայի փառահեղ ափին,
Հագին սև կոստյում, օսլայած շապիկ,
Բանաստեղծորեն, գլխարկը ձեռին,
Ողջույն հղելով շաչուն ջրերին
Կանգնած է ահա
Մի մեծ... հաշվապահ: —

1928

ՀԱՐՑ

(Մի հեղինակի կարդալիս)

Օ, գիտե՞ք, գիտե՞ք դուք, որ
Այնպիսի արևներ կան,
Որ լույս են առնում աստղերից,
Որոնք վաղուց չկան

1928

ԱՂՈԹՔ

Փրկի՛ր ինձ, աստվա՛ծ, երկու բանից
Թե Ք.-ի նման խեղճ թշնամուց,
Թե Ա.-ի նման բարեկամից: —

1928

ԴԱԳԱՂԱՃԱՌ

Այս հարգելի ընկերը
Իր անահ նախահորից
Անունից բացի ժառանգել էր
Եվ մի հավատ խորին,
Թե բավ է ունենալ մի ոսկոր,
Որպեսզի խորտակես Բելին...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մեծարում եմ ահա քեզ խոսքով,
Ո վ ողորմելի: —

1928

ՄԻ «ՄԱՐՔՍԻՍՏ» ՔՆՆԱԴԱՏԻ

Դու Մարքսից հազար ցիտատ ես բերում,
Երբ ցանկանում ես գործդ դրստել.
Օ, թեկուզ բերես միլիոն մեջբերում
Դու կաս, կմնաս նաիրյան չստեր
Հագած ֆիչիստեր: —

1928

ԲԱԺԱԿԱՃԱՌ, ԱՍՎԱԾ ՄԻ

ՄԵԾԱՐԳՈ ԺՈՂՈՎՈՒՄ

Բարեկամնե՛ր, այսօր ես ձեզ ասեմ պիտի,
Որ շարքերում, լծված այս կառեթին
Կա և՛ կարապ, և՛ ձուկ, և՛ խեցգետին: —

1928

ՊՈԻՇԿԻՆԻՆ

էպիգրամի, օ, մեծ վարպետ,
Դու ծաղրեի՞ր պիտի արդյոք
Քո խոսքերի խոցող խայթով
Մեր այսօրվա կյանքը տարբեր,
Երբ ո՛չ արքա կա, ո՛չ Ֆոտի,
Ոչ էլ փոշի ծխախոտի...
Իհարկե, ո՛չ: —

1929

ԱՂՈԹՔ ԱՌ ԱԼԼԱՀ

Փրկի՛ր մեր տունը քոսոտ կովից,
Մեր պատմությունը...Անկապ հովից(: —

1929

Գ. Ա.

I

Առաջ պոետ էր սեվերյանական,
Հետո գեղջկական պատմվածքագիր.
Հիմա նա դարձել խրոխտ «պատմաբան»
Թռչում է՝ թղթե նժույգը տակին:

II

Որտեղի՞ց է այս գրքում «պատմական»
Թեթևությունը մտքի սեթևեթ
Հարցնում ես դու: — Ահա պատասխան
Հեղինակն առաջ եղել է պոետ: —

III

Նա իբրև պոետ մի բան էր էլի,
Իբրև վիպագիրարդեն մի բան չէր.—
Հիմա՝ «պատմական» գրքեր գրելիս
Թ՛ե ի՞նչ էինքդ գտիր, սիրելի՛ս,
Ես... պատմաբան չե՛մ: —

1929

ՀԱՐՑ

Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց «փառավոր» դնչին,
Թե ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանքայսքան փոքրիկ ու չնչին

1929

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ներում եմ ես իմ բոլոր փոքր ու մեծ թշնամիներին,
Իսկ դու, ընթերցո՛ղ, իմ բազմապիսի մեղքերը ներիր...

1929

ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆԵՐԻՆ

(Դիֆերամբ)

Դուք, որ վատնեցիք մեր գանձը հետին-.
Մեզ թողիք տկլոր, ու բոկոտն, ու խեղճ,
Եվ գլուխը մեր թեքեցիք գետին,
Եվ նախատինքը մեր դեմքը թրջեց
Երգում ենք ահա ձեզ փառք ու պատիվ
Չորեքթաթ կեցած ձեր կառքի առջև:

1929

ՄԻՆՅՈՆ

Ես գիտեմ գրական մի թերթ,
Թղթի ու մրի մի երկիր,
Ուր թանաքն է հոսում, որպես գետ,
Ու փոխվում հորդաջուր երգի:
Շառաչում է այնտեղ խարազանը,
Որպեսզի Չարենցին զսպե.
Խմբագիր է այնտեղ Ալազանը
Եվ քննադատ է Քսպեն...

1929

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԱՏԻՆԵՐԵՆԻՆ

Ի՛նչ Զևսին է վայելանվայել է ցուլին: — Այսպե՛ս է
Մեզ ասում առածն իմաստուն: — Բայց կարո՞ղ է մարդը հիմա
Տարբերել ցուլը Զևսից, երբ Զևսերը մեր նոր
Չափազանց հաճախ են այսօր դառնում ցուլ, անբան անասուն,
Եվ ո՛չ թե մի անգամ միայն, ինչպես դա եղել է հնում: —

1929

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՐԱՄԶԻՆԻՆ

(Նմանություն Պուշկինին)

(Ա-ին)

I

Դու «պատմություն» ես մեզ համար գրել
Եվ պարծենում ենք մենք էլ քեզանով,
Որ գրիչդ դու մի կողմ ես դրել
Եվ գրել արյամբ ու խարազանով:

II

Դու բարձր մտքեր ունես թեպետ
Եվ մտքերիդ պես բարձր ճակատ,
Քո հոդվածների էջերից սակայն
Նայում է ահա մի ֆելդֆեբե՛լ: —

III

Քո հոդվածներում կան բարձր մտքեր
Եվ սուրբ կնուտի ու արյան հետքեր:

1929

ԷՊԻՔԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ

Նվիրում եմ այս գիրքաս հիշատակին
Կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս Արփենիկ Չարենցի
/Տեր-Աստվածատրյան/
Վախճանված 1927 թվի հունվարի 1-2-ի գիշերը
Ե.Չ.

1929. X

Լենինգրադ

ՄՈԻՍԱՅԻՍ

Նախ` աղջիկ էիր դու մի հասարակ,
Որ դեմս ելար օրերում դժնի:
Անձրև էր մաղում իմ գլխին բարակ,
Ու չկար կյանքում սրբազան կրակ,
Ու լույսն էր ծորում երբեմն լուսնի:

Գգվեցիր դու ինձ գգվանքով քնքուշ,
Ինչպես լուսնահար աղջիկն է գգվում,
Երգեցիր սրտիս ցնորքներ ու հուշ,
Քնարդ եղավ անզոր ու անուժ
Եվ բեկվեց, ինչպես ուռին է բեկվում:

Գունատ էիր դու, ինչպես մահամերձ,
Եվ չգիտեին շրթերդ խնդալ.
Եվ տխուր էին գգվանքները մեր,
Եվ սերդ, ինչպես լուսնահարի սեր,
Անկիրք էր այնպես ու սանտիմենտալ:

Ի՛նչ իմանայի օրերում ես այն,
Որ այնքան անկյանք քո երակներում
Բարիկադների հրերում անանց
Մարտիրոսաբար մարտնչող կանանց
Բորբ, հերոսական արյունն է եռում:

Որ բացվես պիտի օրերում դու նոր,
Ինչպես ծաղիկն է արևից բացվում,
Որ քո քնարի երգերը բոլոր
Այն դժնի, խեղդող ու աղետավոր
Օրերից են լոկ թախիծով լցվում:

Եվ դու մեռնեիր երևի ինձ հետ՝
Անձրևից հյուծված և հրակարոտ
Այն փոթորիկը եթե չցնցեր
Եվ մրրիկը այն եթե չխանձեր
Քո դեմքը իր ջինջ, կենսատու հրով:

Հառնեցիր հանկարծ վիթխարի թափով
Դու շռնդալից այգին ընդառաջ.
Լցված հողմային օրերի տապով՝
Կանգնեցիր՝ ձեռքիդ պայքարի շեփոր,
Եվ դարձար այնքան նոր ու անճանաչ:

Դու նզովեցիր օրերը քո հին՝
Այնքան անկրակ ու մեռած այնքան,
Եվ, գնդերի հետ ելած գրոհի,
Որպես մի կարմիր ամազոնուհի
Դու շեփորեցիր կռիվ ու պայքար:

Գեղեցի՛կ էիր այն ժամերին դու
Ու զարհուրելի, ինչպես կռվի երթ.
Հնչում էր իմ մեջ քո երգը խնդուն,
Եվ հեռուներում քո երգն էր թնդում,
Ինչպես վիթխարի հաղթանակի երգ:

Դու ջահել էիր, դու երիտասարդ,
Արյունն էր քո մեջ հողմերի եռում.—
Երգում էիր դու խնդուն ու զվարթ,
Եվ ձայնդ վաղվա հավատով անմար
Թնդում էր մարտի անպարտ դիրքերում:

Եվ այդպես ջահել, և այդպես խնդուն
Անցար դու ինձ հետ դաշտերով հրե,
Երգեցիր անխոնջ, երգեցիր անդուլ,
Երգեցիր անմար, անհուն եռանդով,
Մինչև դիրքերում մարտը դադարեց:

Իմ ե՛րգ, իմ քնա՛ր, օրերի միգում
Ինձ անդարձ տրված արևոտ իմ կին, —
Դու անկեղծ էիր ինձ հետ, ինչպես քույր,
Դու պայծառ էիր ու անչափ մաքուր
Թքեցի սակայն ես մի օր դեմքիդ...

Դավաճանեցի մի գիշեր ես քեզ,
Ուզեցի ընտրել սիրուհի մի սառ,
Որ ինձ երկաթե երազներ երգեր
Եվ առանց սիրո ու առանց կրքի
Տաներ ինձ մի նոր, երկաթե աշխարհ:

Քո պայծառ, մաքուր շունչը կենդանի
Ուզեցի փոխել ես բետոնի հետ,
Սիրտս դարձնել պողպատե անիվ,
Երես դարձնել անդարձ քեզանից
Եվ դառնալ անկիրք աշխարհի Պոետ:

Երեխայական մի խանդաղանքով
Ես ի՛րն ընտրեցի իբրև հարսնացու,
Եվ երգս դարձավ անուժ ու անթով,
Եվ մոլորվեցի իրերի բանտում,
Եվ գլխիս իջավ մառախուղը ցուրտ:

Եվ, սիրտս կտրած մարդուց ու հողից,
Ես դեգերեցի անտուն ու անքուն,
Արյունս դարձավ արնահամ օղի,
Եվ ես, կորցրած եռանդ ու ուղի`
Անվերջ գնացի անկումից անկում:

Չկարողացա՛ ես կրել կյանքում
Պայծառ անունը քո, որպես դրոշ, —
Եվ գլխիս իջավ խավարը անդուռ,
Եվ ես հասկացա, որ դու՛ ես, այդ դու՛
Ինձ հետապնդում հատուցման սրով:

Եվ ոռնացի ես, ինչպես մահամերձ
Գազանն է ոռնում մահվան սարսափի,
Ձեռքերս ահո՛վ կարկառեցի քեզ,
Կարոտով անհուն կարոտեցի ես
Կենդանի շնչիդ, հրիդ ու տապիդ:
Եվ մահամերձն է ինչպես հայցում օդ`
Գլուխը դրած արնահոտ բարձին, —
Այդպես մահամերձ ու հրակարոտ,
Սրբելով ոգիս տանջանքի հրով,
Ես սպասեցի քո վերադարձին:

Վերադարձե՛լ ես դու կրկին ահա
Անչափ դժվարին մի ճանապարհով.
Ձեռքիդ ծանրաձույլ մի քնար պահած`
Կանգնել ես կրկին դու կողքիս, սակայն
Համա՛ռ ես հիմա ու խստաբարո:

Էլ չես դու այնքան անփույթ ու թեթև,
Ինչպես այն ջահել ամազոնուհին. —
Օդով դու կրկին անխոնջ ես թեև,
Կանգնել է սակայն քո գլխի վերև,
Ինչպես ուրվականհոգսը ամեհի:

Պայքար է կրկին քո շուրջը հիմա
Եվ զենքեր են պետք ավելի՛ հատու,
Եվ այս ամենի պայքարի համար
Նոր զենքեր պիտի կռես հիմա դու:
Եվ պետք է լինես ավելի՛ համառ,
Ավելի՛ զգաստ, ավելի արթուն:

Դու կերգես հիմա անխոնջ ու անդուլ,
Քրտինքով թրջած երես ու ճակատ,—
Եվ, ինչպես խոփը քարաշատ արտում,
Միտքը կհերկես այսօրվա մարդու,
Մինչև գրոհի ժամանակը գա:

Եվ ժամը երբ գադու կրկի՛ն, կիկի՛ն,
Ինչպես անցյալում կոմունար կանայք
Ամպրոպադղորդ քնարը ձեռքիդ,
Գրոհի վսեմ երգը շրթունքիդ
Դիրքերում ինձ հետ կկանգնես անահ

Եվ ընկնեմ երբ ես՝ իմ սրտից զարկած
Կմեռնես ինձ հետ ժպիտով հանգիստ,
Եվ կցրտանա քնարդ հանգած`
Մեռնելուց առաջ մի վերջին անգան
Ողջույն հնչելով ապագա կյանքին:

1930, Լենինգրադ

ՆԵՐԲՈՂՆԵՐ ՈՒ ԽՈՀԵՐ

ԵՐԳ ՄԱՔԱՌՈՒՄԻ

«Իմ ոգին էր դա, որ երգում էր իր
վերելքի երգը, իսկ այդ ծիծաղելի
ասպետը կարծում էր, թե դա ե՛ս եմ երգում...»

ԷԴԳԱՐ ՊՈ

I

Ինչպես ճամփորդ մի, որ խորդուբորդ
Ուղիներով է բարձրանում վեր, —
Այդպես ելել ես մի առավոտ
Եվ ընկել ուղի մի ահավոր,
Մի ուղի դժվար ու անչափ վե՛հ:

Տարել է ուղին քո խորդուբորդ
Քեզ դեպի անհաս բարձրություններ,
Եվ անձրևն է մերթ քեզ թրջել հորդ,
Եվ երկինքն է մերթ գլխիդ ձյունել: —
Դու մաքառել ես, ընկել հաճախ,
Քսել երեսըդ քարերին մերկ,
Ու չարչարել ես քեզ չարաչար,
Բայց կրկի՛ն, կրկի՛ն ձգտել ես վե՛ր:

Արդեն կտրել ես, արդեն անցել
Դու երկա՛ր, երկա՛ր մի ճանապարհ,
Եվ բարձունքնե՛ր ես դու ունեցել
Եվ անկումներ ես ունեցել հար, —
Բայց դու սրբել ես հոգիդ մի՛շտ էլ
Ճամփեքի մաքուր, վսեմ հրով,
Եվ միշտ պայծառ է հոգիդ եղել,
Եվ սիրտդ լիքն է եղել սիրով:

Եվ սիրտդ լիքն է եղել հաճախ
Ցասման թույնով ու ատելությամբ,
Եվ կասկածը սև, կասկածը չար
Քեզ ճնշել է մերթ իր ծանրությամբ, —
Բայց դու մաքրել ես միշտ էլ հոգիդ
Կասկածանքներից այդ խաժադուժ,
Եվ մաքառել ես, որ չչոքի
Քո սրտին երբե՛ք հոգնության մուժ:

Դու բարձրացել ես մաքառումով
Դեպի ահռելի բարձրություններ,
Եղել ես հաճախ արևին մոտ,
Տեսել գագաթներ լուսաձյունե, —
Եվ ճանապարհին ինչքա՛ն ես դու
Քո բոբիկ ոտներն արյունոտել,
Բայց քայլե՛լս ես միշտ, քայլել անդուլ,
Տքնել անդադար ու կարոտել:

Եվ երբ հոգնած ես եղել դու քիչ.
Երբ ճնշել է քեզ ուղիդ անհաս,
Եվ ճանապարհի քարերին ցից
Նստել ես, որ քիչ հանգստանաս
Քեզ մեռած են միշտ կարծել նրանք,
Այն մարդիկ, որոնք իրենց օրում
Ո՛չ մաքառել են, որ բարձրանան,
Ո՛չ տեսել սարսափ ու հոգնություն:

Այդպես էլ այժմ: — Քեզ դիմացից
Կանչո՛ւմ, կանչո՛ւմ է ուղիդ անհաս,
Եվ դու ճամփեքի քարերին ցից
Նստել ես, որ քիչ հանգստանաս, —
Իսկ նրանք ահա, չարախնդում,
Տաք ճահիճների տիղմին հլու՝
Հանգուցելոց են արդեն կարդում
Եվ երգում քեզ մահ ու ալելու

Բայց դու հանգիստ ես: -Սրտիդ խնդուն
Եվ մտքերի՛դ մեծ, և՛ հույզերիդ
Իջել է մի նո՜ր իմաստություն՝
Ե՛վ պայծառ, և՛ ջինջ, և՛ մտերիմ:
Քիչ հետո պիտի դու բարձրանաս
Եվ մաքառումի երգով անդուլ
Կրկի՛ն տքնաջան պիտի գնաս,
Եվ ուղիդ պիտի լինի խնդուն: —

II

Ձգվում է ահա քո դեմ ուղիդ
Դեպի նոր, անհաս բարձրություններ.
Եվ գգվում է քեզ բույրը հողի
Եվ գագաթների շունչը ձյունե.
Եվ մենակ ես դու կրկին ահա,
Եվ դարերն են քո շուրջը երգում,
Եվ արեգակն է, որպես վահան,
Բարձրանում քո նո՛ր այս եզերքում:

Ելնում է քո նոր այս եզերքում
Մի չտեսնված, մի նո՛ր արև,
Բարձրանում է հուր, խնդուն երգով
Քո վերջի՛ն, վերջի՛ն լեռան վերև.
Վերջին գագաթն է քո դեմ ցցված՝
Քարքարոտ, անհաս ու ձյունածիր.
Դու վերջի՜ն անգամ պիտի զգաս
Բարձունքի ցնորքն անծայրածիր:

Օ, վերջի՛ն անգամ խնդուն երգով
Թոթափի՛ր հոգիդ ու բարձրացի՛ր,
Ժպիտով անհուն նայիր ներքև`
Դաշտերում ծագող լուսաբացին, —
Ու քայլի՛ր անդուլ, քայլի՛ր կրկին,
Թող նորի՛ց հոգիդ արյունոտի,
Բայց ճահիճների ճղճիմ երգին
Թող երբե՛ք, երբե՛ք չկարոտ՛ի:

Ներքևում ահա, լեռան լանջին,
Ուր կան խարույկներ ու արոտներ,
Ինչպես ցնորքներ ու մտքեր չնչին
Ձգվում են նեղլիկ արահետներ:
Մարդիկ են ահա այնտեղ հածում
Եվ արածում են այնտեղ գառներ, —
Բայց ուղի՛ն, ուղի՛ն քո մահացու
Արահետներին դու չխառնես:

Եղիր վերջի՛ն դու, եղիր հետի՛ն,
Թող լինի ուղիդ օրհասական,
Քո ճանապարհը երբե՛ք, սակայն,
Չխառնե՛ս նրանց արահետին: —
Մաքառի՛ր անդուլ, գնա վերև՛,
Քո գագաթնային երգը երգիր.
Վերելքը թող քեզ տանջանք բերե,
Եվ արյուն ծորա թող քո վերքից
Եվ ուղիդ լինի թող հիմա ցուրտ,
Եվ վերելքդ թող լինի դժվար,
Անկումդ լինի թող մահացու,
Թող գագաթը քեզ անհա՛ս թվա, —
Քայլի՛ր դու սակայն, գնա անդուլ
Դեպի քարքարոտ բարձրություններ, —
Եվ եթե ընկարբուքն հռնդուն
Թող վերջին խինդով վրադ ձյունե

1929. 17 սեպտեմբեր

ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ

(Ներբոդ լիրիքական)

ՊԱՏԱՍԽԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐՍ

Եվ գտեմ ես հիմա, որ համա՛ռ է,
Առօրյա աշխատանք է անդուլ
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով...
Ե. Չ.

Օ, դո՛ւք, ասպետներ չնչի՛ն դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած. —
Ես ոգով հիմա պի՛նդ եմ ավելի,
Ավելի՛ տոկուն, քան էի առաջ:
Եվ եթե երգով ես ասում եմ, թե
Ես ա՛յլ եմ հիմա, այլևս այն չեմ
Նշանակում` է նոր հո՛ւն եմ մտել`
Ավելի խորունկ, ավելի անշեղ:

Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ, —
Եվ ոգով այսօր չե՛մ փոխվել թեպետ,
Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ:
Իմ հոգին այսօր էլ չի մանրանում,
Չի՛ մսխում իրեն թռվռուն խոսքով
Այդպես ցողո՛ւնն է հանդում ծանրանում,
Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով:

Ես այն չեմ հիմա... Հույզերիս քամին,
Որ քշում էր ինձ անկումից անկում
Հանգստացել ու նստել է հիմի
Եվ ամեն կանչի չի արձագանքում: —
Էլ չի՛ հռնդում սիրտս վայրենի,
Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ. —
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա:
Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
Մարդկային ծփուն ծովում հողմածեծ
Միա՛յն երգերով ու անձև խանդով
Օ, ո՛չ մի ցողուն դեռ չի՛ բարձրացել:
Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
Զգացմունքների հորձանքից անձև
Եվ աշխատանքի բոցը փրկարար
Իմ անձրևածեծ երեսը խանձեց:

Ու դա՜շտ եմ ելնում ես կրկին ահա,
Ինչպես հնձվորը ելնում է հնձի,
Թմբկի փոխարեն ձեռքերիս պահած
Խոհով ծանրացած քնար պղնձի:
Իմ գլխի վերև կեսօ՛ր է արդեն,
Ամռան արևն է կանգնել զենիթում,
Իմ դեմխոհերի չհնձած արտեր, —
Եվ հոգսն է ահա հոնքերը կիտում: —
Ինչքա՛ն եմ վատնել ես անգին ժամեր,
Եվ ինչքա՛ն հունտեր ցրել եմ ձրի, —
Եվ ինչքա՛ն պիտի հիմա աշխատեմ,
Որ գտնեմ ես այն, ինչ զո՛ւր կորցրի...
Ես շռա՛յլ եղա իբրև սերմնացան,
Ժլա՛տ կլինեմ՝ ելնելով հնձի, —
Եվ աշխատանքի բոցը սրբազան
Թող մինչև գիշեր ճակատս խանձի: —

Որքա՛ն աշխատանք ու խոհ կա այստեղ
Երկաթավորվող իմ հայրենիքում,
Որի վրայով հողմեր են անցել
Եվ մեզ լվացել հրե մրրիկում: —
Որի դարերից գոսացած դեմքին
Փչել է այսօր շունչը Լենինի, —
Կիզվել է հրով երկիրը հիմքից
Ու շռնդալով շինվում է հիմի:
Առաջին անգամ իմ հայրենիքում,
Ուր հոսում էին արնահուն գետեր
Այս այգաբացի երթը զրնգուն
Իմ բարձրաշառաչ ե՛րգն է ավետել:
Հիմա՝ վաստակած ու ձեռքիս քնար`
Ելնում եմ ահա կրկի՛ն ժպտադեմք
Որ սերունդների գործին անկոբար
Խոհով ծանրացած իմ երգը խառնեմ:

Ես չե՛մ երգելու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ.
Իմ ներսում հիմա հուզվում են, աճում
Ու շարժվում ուրի՛շ խոհերի գնդեր: —
Ներկա՛ն է հիմա իմ դեմ աղմկում,
Ինչպես կրքերի ամեհի մի ծով, —
Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
Այս հազարագույն օվկիանի միջով:
Անցնում եմ իմ նո՛ր խոհերին գերի
Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն, —
Անքուն կրքերի, զգացմունքների
Լա՛յն, անծայրածիր օվկիանն է եռում:
Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
Քնա՛րս է միայն ինձ հետ միասին
Եվ երգում եմ ես, երգում եմ անահ
Իմ պայծառացած խոհերի մասին:
Դժվար կլինի իմ երթը հիմա,
Դժվար ու դժնի, քան երբևիցե,
Եվ ճամփիս գուցե օձերի նման
Ինձ արյունոտեն ժանիքները ձեր, —
Բայց պի՛նդ է ոգիս... Ու ո՛չ մի ժանիք
Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
Իմ շռնդալից, պայծա՜ռ քնարից...

Следующая страница