Չարենց Եղիշե՝   Երկեր

Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից-երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց:

1918

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ

ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ

Այս սենյակներում գիշեր մի մթին,
Երբ դուրսը բուքն է շաչել հիստերիկ
Մի պորփյուրակիր արքա-առլեկին
Հարցաքննել է դեկաբրիստներին:
Սառը ժպիտով, բեղերը սրած,
Սեղմել է նրանց մատները դողդոջ
Եվ նրա կապույտ աչքերից նրանց
Նայել է մի պահ բախտը անհողդողդ:
Ճի՛շտ նույն ժպիտով, որով նա հաճախ
Սիրել է նայել սիրուհու զիստին,
Բարակ ձեռքերը իր կրծքին խաչած՝
Հրավիրել է Պեստելին նստի:
Կապույտ աչքերը հառելով սրին,
Սրտում զսպելով խոր մի ահ թեպետ`
Չափազանց ինտիմ, քաղաքավարի
Զրույց է արել Ռիլեևի հե՛տ:
Կանչել է մեկ-մեկ, խոսել է այսպես,
«Բացել» է անգամ իր սիրտը ոմանց,
Փորձել է անգամ վեհությամբ ազդել
Մի հեքիաթային արքայի նման
Աչքերում պահած ամեհի հուրեր՝
Օրհնել է նրանց ժպիտով խաղաղ, —
Ճանապարհ է այստեղից դրել
Դեպի բանտ, Սիբի՛ր, դեպի կախաղա՛ն:

1929. X Լենինգրադ

էՊԻՔԱԿԱՆ ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐ

ՉՈԻԳՈԻՆԵ ՄԱՐԴԸ1

Այս ձորում ահա, անհողդողդ-վեհ,
Կանգնած է Մարդը այդ չուգունե: —
Դիմացըլե՛ռն է սրագագաթ,
Որի այն խոժոռ գագաթին ցից
Թառել է վանքը, որպէս արծիվ:
Ներքևը, վարը, ահա վարար
Հոսում է գետը: — Նրա ափով,
Որպես մի հողե ժապավեն գորշ՝
Բարակ ձգվում է ահա շոսսեն: —
Քանի դարեր է այստեղ հոսել
Այսպես այս գետը, քշել հեռուն
Պղտոր ջրերը իր վարարուն
Եվ իր ափերին ամայի-սև
Լոկ խոժոռ ժայռեր այստեղ տեսել
Եվ այդ ժայռերի գրկում կքած՝
Խարխուլ խուզե՛ր լոկ: — Ուղիով այս.
Որով թռչում է ահա օթոն,
Մի օր անցել է, գուցե ոտով,
Մի գանգուր պոետ հյուսիսեցի...
Նրա հանգո՛վ է, որ հյուսեցի
Ես է՛լ այս երգս, նվիրված քեզ,
Օ, վիթխարի դու, օ, վե՛հ Զագէս: —
Հիմա այս ձորում, անհողդողդ-վեհ,
Կանգնած է Մարդը այդ չուգունե: —

Հասակը բարձր է: — Հպարտ կեցած,
Որպես մի քարե վիթխարի սյուն`
Անհուն հայացքը սևեռած ցած՝
Պարզել է ձեռքը: — Ըմբոստ հոսում,
Խոսում է գետը ներքևում սև
Ու շրթունքներից թափում փրփուր: —
Այդ գետը երբ է արդյոք տեսել,
Որ մի մարդկային մոգական ձեռք
Իր վեհ ընթացքը կասեցընե: —
Առաջ անցնում էր այստեղից լուռ,
Որպես մի արքա դանդաղաքայլ,
Եվ անվրդով էր ու անայլայլ
Նրա ընթացքը: — Քանի դարեր
Այդպես անցել է նա աներեր
Եվ կամքով իր կուռ ու վիթխարի
Քանդել խութերը ճանապարհի
Եվ իր ընթացքով արքայական
Սաստել ամբողջը: — Մի օր եկան,
Լցրին ափերը մարդիկ ինչ-ո՛ր,
Նրանց ընթացքը խորհրդավոր,
Տարօրինակ էր: — Ձեռքերին թուղթ,
Առած հետները ցցեր, կացին՝
Իր հին չափերը չափչփեցին:
Հետո մի ըմբոստ, ժիր ժողովուրդ
Բռնեց ափերը ու խլրտաց: —
Իսկ գիշերները ոսկեշղթա
Ձգվում էր լույսը դեպի հեռուն
Ու առկայծում էր իր ջրերում
Նրանց վառ բույլը: — Առավոտից
Մինչև խավարը իջներ գետին՝
Ներքևը, վարը, ձորամիջում
Եռում էր կյանքը ու շառաչում:
Մի հսկայական պողպատե ցուլ
Փորում էր հողը: — Բառաչով ցուրտ
Թռչում, փնչում էր երկաթե ձին:
Որպես մի քարե պառաված ցին,
Իր այն բարձունքից դարավոր-վեհ
Քրքջում էր վանքը չարությամբ լի: —
Եվ այդ քրքիջը անլսելի
Չարագուշակ էր: — Սակայն անցան
Օրե՛ր, նո՛ր օրեր, օրեր էլի՛
Եվ այդ քրքիջը դարձավ սարսափ:
Իր կույր աչքերով մի օր տեսավ
Ներքևը, վարը, նա հուն մի նոր,
Եվ այդ վիթխարի, քարե հունով
Հոսեց հին գետը: — Սակայն ինչո՞ւ,
Ինչու է գետը ահեղ փնչում,
Եվ ինչու նրա հորձանքի դեմ
Կանգնեց պատնեշը այդ բետոնե,
Եվ գետը, գետը դարձավ խոնարհ...
Հե՛տո կրակներ ցոլացին վառ,
Կարծես երկինք էր գետից ելել,
Օ, մի նո՛ր երկինք բյուրարեգակ...
Այդ արևներից ոսկեկրակ
Հե՛տո ձգվեցին բարակ թելեր
Դեպի քաղաքը այն հեռավոր
Եվ սի՛րտը, սի՛րտը լցվեց ահով: —
Ներքևըկյանքն է հիմա քրքջում,
Օ, եթե դառնա՛ր հանկարծ թռչուն.
Մի երկնասլաց թռչուն ջահել,
Կարող աչքերով շուրջը նայեր,
Պարզեր թևերը ու սլանար...
Բայց շղթայված է ժայռերին նա՛
Եվ քա՛ր է ինքը ու սիրտըքար: —
Նա գուցե այստեղ մի քանի դար
Դեռ մնալու է այսպես չնչին,
Մինչև որ մի օր քամուց փլչի
Եվ դառնա զրույց ու հիշատակ: —
Եվ նա աչքերով իր միգապատ
Նայում է շուրջը, նայում ներքև,
Ուր գետն է երգում ահեղ երգեր,
Եվ ուր, կեցվածքով անսահման վեհ
Կանգնած է Մարդը այդ չուգունե...

Դա ո՞վ է, ի՞նչ է, ինչո՞ւ է նա
Ներքևում կեցել, որպես պահակ,
Եվ շուրջը, շուրջը նրա ահա
Եռում է կյանքը բյուրարեգակ: —
Դա ո՞վ է, ի՞նչ է արդյոք խոկում,
Եվ ի՞նչ հույզեր են նրա հոգում,
Եվ ի՞նչ մտքեր են արդյոք նստել
Նրա ճակատի խորշոմներին.
Նա ինչ է ուզում այս ափերից
Եվ ինչու է նա եկել այստեղ...

Մռայլ է վանքը: — Անհուն ահից
Կքվել, թեքվել է նա ավելի,
Եվ, քարե սիրտը այդ ահով լի
Նա լուռ նայում է հեռուներին,
Նայում է աչքը ահեղ մահի
Եվ լուռ է շուրջը ու ամայի: —
Մռայլ է վանքը: — Կպած ժայռին,
Որպես մահամերձ մի ցին վայրի
Շնչում է ծանր, հազիվ հևում: —
Անցնում է կյանքը... Ու ներքևում,
Որպես մի հսկա, անհողդողդ-վեհ՝
Կանգնած է Մարդը այդ չուգունե

19271929

ՀՈԿՏԵՄԲԵՐ 25-26 1917

(Ֆրագմենտ)

Երկինքը գորշ է: — Պղտոր Նևան
Դանդաղ խփում է իր ափերին,
Եվ մառախուղը ծխանման
Իջել է թանձր: — Պալատների
Մութ ֆասադները մառախուղում
Կարծես ճոճում է մի անտես ձեռք
Անծայրածիր մի, անսահման երթ
Տարուբերվում է քաղաքում հար, —
Ամենուրե՛ք, օ, ամենուրե՛ք
Եռում է երթը այդ անդադար: —
Երկինքը գորշ է: — Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք-ալիք, —
Նստել է ծանր ու անառիկ
«Ավրորա» նավը: — Ձմեռային
Անթով պալատն է ահա այնտեղ,
Որպես մի գամփռ, իր դեմ նստել: —
Աճում է ահը: — Սարսափն անդեմ
Դառնում է ծանր ու դժնադեմ
Ու թանձրանում է հետզհետե: —

Աճում է ահը: — Ձմեռային
Հին պալատից այս մի քիչ ներքև,
Ուր առյուծներն են այն ամեհի,
Որոնց պոետն է այն մեծ երգել
Երգով իր բարձր, — այնտեղ ահա
Թնդանոթներ են դրված մեկին,
Եվ հրացանը ձեռքին պահած,
Թնդանոթներից մեկի կողքին
Ահա կանգնած է մի գունատ կին:
Երիտասարդ է: — Նրա դեմքին
Նստել է ահը: — Նրա բարակ
Մատներն հազիվ են պահում սառած
Ու ծանր կոթը հրացանի:
Ճնշում է ցուրտը: — Խոնավ քամին
Մինչև թոքերն է նրա մտնում,
Եվ նա նայում է ու թշնամուն,
Որ մոտենում էնա չի գտնում: —
Աճում է ահը: —
Ինչու է նա,
Գունատ այս կինը, կանգնած այստեղ
Ինչու է ահը այդպես նստել
Նրա նուրբ դեմքին ու աչքերին.
Այս անդառնալի րոպեներին
Այդ ո՞վ է նրան դրել այստեղ: —
Աճում է ահը: —

Թեկուզ անդին,
Իր կանգնած տեղից մի քիչ հեռու,
Ահա ցցված է Ալեքսանդրի
Ծանոթ հասակը, — իր սիրելու,
Իր մտերիմի՛, որին այնքան
Սիրում է ինքը, որ օրերով
Ահա կռվում է, որպես հերոս
Բոլշևիկների «հորդայի» դեմ, —
Թեկուզ կանգնած է ահա այնտեղ
Իր տրուբադուրը, — սակայն կրկին
Ճնշում է ահը: — Հեռուներից
Անդեմ սարսափ է մի արշավում,
Եվ մառախուղը պալատներին
Դժկամությամբ է արդեն նայում: —
Աճում է ահը: —

Այս կինը, տե՛ս,
Որ սրթսրթում է ահից այդպես,
Որի պրոֆիլը նման է հին
Մի հախճապակե մեդալյոնի, —
Ահա՛ այս կինը զինվոր է մի
Այն ամազոնյան բատալյոնի,
Որ հրացանը հիմա ձեռքին
Արհավիրքներից պիտի փրկի
Այս պալատները, ուր տարիներ
Զվարճացել է Կատարինեն...
. . . . .. . . . . . . . . . . . . . . . . . .
Աճում է ահը: — . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . Այնտեղ, հեռուն,
Այս առյուծներից մի փոքր անդին,
Ուր մառախուղն է դանդաղ քերում
Ամեհի պատերը սենատի, —
Այն անծայրածիր հրապարակում,
Ուր, կարծես հենց նոր լեռից պոկած,
Ընկել է ծանր մի հսկա քար
Ու վերից իր ձեռքն է տարածում
Դեպի հեռուներն արքան այն մեծ, —
Այնտեղ ամբոխներ են խռնվել
Եվ, սուր սվիններ կոշտ ձեռներին՝
Դժկամ նայում են պալատներին:
Աճում է ահը, ինչպես փորձանք: —
Օ, դո՛ւ, կարող ես հիմա երգել
Այս մառախուղը թե՛ խոլ, թե՛ վեհ,
Այս լեռնացումը գահակործան...
. . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . .
Աճում է ահը: Մառախուղում
Վերջին վայրկյանն է արդեն դողում
Եվ ծանրության տակ Պետրոս Մեծի
Արդեն ճոճվում է պղնձյա ձին...
. . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . .
Աճում է ահը: . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք-ալիք
Կանգնել է, ծանր ու անառիկ,
Քարե այն տունը: — Այդտեղ առաջ
Մի մենաստան է եղել խաղաղ.
Ու սովորել են հետո այդտեղ
Այն նուրբ կույսերը սիրել, խանդել,
Երգել ռոմանսներ, պարել կադրիլ
Ինչ երազել է ամեն պատրիկ
Իր հոմանուհու, կնոջ համար
Գոռ ռազմավայր է այնտեղ հիմա:
Նեղ սենյակներում, վարը, բակում,
Այգում, փողոցում, հրապարակում
Անդուլ վխտում են, հագած շինել,
Մարդկային դժկամ բազմություններ:
Ու թնդանոթներ, գնդացիրներ,
Ռումբաձիգ գնդեր կանգնած ահա, —
Այդտեղ իր բո՛ւյնն է հիմա դրել
Մի չտեսնված, մի նոր բանակ:
Աճում է ահը: —
Վերը, այնտեղ,
Նեղ սենյակներից մեկում, հանդարտ
Նստած է փոքր, աշխույժ մի մարդ:
Հասակը կարճ է: — Աչքերի մեջ
Աննկատելի ժպիտ կա մի.
Ամբողջ մարմինը միանգամից
Շրջում է նա, երբ նայում է ե՛տ: —
Նա աշխատում է խորասուզված: —
Մեկ-մեկ մարդիկ են մտնում դռնից,
Որին հսկում են երկու կարմիր
Զինվորներ՝ հագած զգեստներ պարզ:
Նա աշխատում է խորասուզված,
Ինչ-որ թեզեր է գրում նա, երբ
Հնչում է զանգը հեռախոսի:
Իր աթոռի հետ նա միասին
Շրջվում, առնում է փողը, անշարժ
Մի պահ լռում է. դեմքի վրա
Նստում է հոգսը: — Հետո հանկարծ
Կարծես ցնցում է մի ձեռք նրան. —
«Ավրորա՞... Ի՞նչ է... չե՞ն հանձնըվում
Արդեն ուզում եք... ի՞նչ... կրակե՞լ...»
Վայրկյանը դար է արդեն թվում:
Նա մտած ում է: Ակնթարթ մի
Մնում է համր: — Հետո հանկարծ
Հպում է փողը շրթունքներին,
Շնչում է ծանրու կամացուկ
Հրամայում է. —
«Կրակեցե՛ք»:
Աճում է ահը:

1929, Լենինգրադ

ՉԱՓԱԾՈ ՆՈՎԵԼՆԵՐ

«HOMO SAPIENS»

I

Տասերեք թվի ամառը, հունիսին,
Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնըվեց տարեկան մի տղա: —
Վտիտ էր: Միջահասակ: Ուսերը նեղ:
Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ:
Հագին սև շապիկ սատինե՝
Խունացած, առնվազը երեք ամառ հագած:
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ:
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի:
Նա դուրս եկավ տնից: Կեսօր էր:
Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու:
Նա չէր սիրում հորը:
Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ:
Հայրը: — Հիշեց զայրացած: — Նա երեկ,
Երբ ինքը կես-գիշերին վերադարձավ տուն
Գազազեց ու համոզեց երկար: — Հետո պայման դրեց՝
Կամ տուն չգալ այլևս, կամ կրկին պատրաստվել քննության:
Ուսը ցնցեց տղան մեքենայաբար,
Հիշեց դպրոցը, հորը, մռայլ տեսուչին, —
Ինքը կանգնած է գլխիկոր նրանց առաջին՝
Դեմքին ամոթ, փոշի ու արցունքներ թափած
Խորը հոգոց հանեց, հառաչեց
Ու քայլերը ձգեց: — Երկար
Ձգվում էր իր դեմ փողոցը: Գնում էր:
Ամառվա շաֆրանով ներկած`
Հորանջում էր փողոցը քնում իր:
ՓողոցըԵրկու շարք միհարկանի տներ
Դեղին, գորշ, վարդագույն, կրկին դեղին:
Իսկ մեջտեղում՝ շոսսե: — Փոշոտ, նեղ,
Ինչպես գյուղական սայլուղի: —
Երբեմն անցնում էին մայթից մարդիկ,
Դանդաղ անցնում էին ու մտնում տուն:
Ու կրկին ամայանում էր մայթը:
Շոգ: Փոշի: Խաղաղություն: —
Կամ մի տնից երբեմն, մի պատուհանից
Դուրս էր նայում մի պահ մի կանացի գլուխ,
Կանչում էր դիմացի հարևանին
Ու կրկին փողոցը ննջում էր: Լուռ:
Տղան քայլում էր դանդաղ, առանց նայելու
Իր շուրջը: — Ոտքերը մեքենայաբար
Տանում էին նրան: — Ճանապարհը
Չուներ նրա համար հրապուրիչ բան,
Նա գնում էր այգի: — Կռնատակին
Նա տանում էր մի գիրք: — Չսարսափե՛ս,
Ընթերցո՛ղ: — Գրքի շապիկին
Գրված էր՝ «HOMO SAPIENS»: —

II

Նա կարդում էր երկար, նստած ալլեյում,
Այն հին կաղնու ներքևը, որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ:
Դանակով փորագրել էր «Արփենիկ»:
Նա կարդում էր անհագ, լափելով
Էջերը, գլուխները: — Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին, իր կրքերը:
Գլուխը վառվում էր: Սիրտը
Թրթռում էր: — Ուզում էր թռչի դո՛ւրս, Դո՛ւրս, —
Տագնապով դարձնում էր թերթերը
Ու կարդո՛ւմ, կարդո՛ւմ, կարդո՛ւմ: —
Չքացել էր աշխարքը: — Այգին
Դարձել էր անիրական: Այգին չկար:
Կար մի մարդ հանճարեղ, կար մի կին:
Կար մի կարոտ միայն:
Եվ անարատ մի սիրտ կար: Եվ մի ուղեղ
Դեռ անապակ, դեռ ջինջ, դեռ մաքուր:
Գավառցի պատանի կար մի խեղճ
Նաիրյան այդ խեղճ քաղաքում:
Նա կարդում էր: Սուզվում էր անդարձ
Ցնորքների հորձանքը: — Գրքի էջերից
Երազվում էր նրան տիտանային մի մարդ,
Որի հոգին, մտքերը, տենչերը
Վիթխարի են, ամե՛ն ինչ խորտակող,
Որը բարձր է իր բութ շրջապատից,
Ինչպես ճահճիցԷլբրուսը, — և վարդագույն
Մի մշուշի նման նրա հոգում
Արդեն փռվում էր մի անեզրական կարոտ...
Նա կարդում էր անհագև գնում էր, հանդուգն,
Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով: —
Եվ թվում էր նրան, թե իր գլխին
Շառաչում են շանթեր, — և իր սրտում
Հրդեհներ է վառում անիրական մի կին,
Մի հանճարեղ աղջիկ... անհագ թերթում
Ու կարդում էր անվերջ, մինչև հոգնեց:
Զգաց՝ քաղցած է քիչ, իսկ գրպանում...
Ընդամենը ուներ... երկու կոպեկ:

III

Երեկո էր արդեն, երբ նա, հոգնած,
Գիրքը դրեց մի կողմ: — Շուրջը նայեց
Ամայի էր ալլեյը: — Հանճարներին վայել
Մի շարժումով շոյեց նա իր ճակատն հանկարծ
Եվ քայլերը ուղղեց ալլեյից դուրս:
Այնտեղ, այգու դիմացը, կար մի փոքրիկ խանութ,
Որ վաճառում էր հաց: — Կես ֆունտ գնեց
Եվ գրպանում պահած վերադարձավ կրկին
Նա ամայի ալլեյը: — Շուրջը նայեց
Չէր երևում ոչ ոք: — Նա սպասեց մի քիչ
Եվ սկսեց ուտել գաղտագողի: — Մտքում
Երազվում էր դեռ նա, այն հանճարեղ Գերմարդը: —
Շուտով կիջնի գիշեր, այգի կգա
Նվարդը... Նա շտապով «ընթրիքը»
վերջացրեց: — Անփույթ
Մի շարժումով գունատ իր ճակատը շոյեց...
Եվ որոշեց հանկարծ, որ դառնալու է ինքը
Մի հանճարեղ պոետ:
Նա որոշեց հանկարծ միանգամի՛ց: —
Այդպիսի միտք չէր էլ նա ունեցել
Երազներում անգամերբևէմինչ այդ: —
Նա համոզված սակայն, այդ մտածեց:
Ինչպես ինքնին հասկանալի, անչափ
Սովորական մի բան: Ինչպես որ մարդ
Որոշում է հանկարծմի անգամ
Մտնել անծանոթ մի ռեստորան
Եվ անպատճառ խմել մի սիրեցյալ խմիչք
Հարկավոր է միայն հարմար առիթ
Եվ ցանկություն անխախտ: — Պարզ է:
Նրա համար՝ պահին այդ, ներքնապես
Այս զգացմունքը կար իր որոշման հանդեպ:
Նա մտածեց, — տխուր էր միայն մի քիչ
Սակայն հանգիստ: —
Խաղաղ մթնում դողում էին ստվերները:
Նա միայնակ քայլեց ալլեյներում ամա:
Հետո մտավ ակումբը, ուր մի քանի
Ուսանողներ՝ հարբած բիլյարդ էին խաղում:
Ձանձրանալով դանդաղ նա այդտեղից
Երբ դուրս եկավ կրկին մի քիչ հետո
Արդեն այգին լցվել էր: Դեմը նայեց
Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով, —
Իր երազած աղջիկը, իր դիցուհին,
Իր հանճարեղ Նվարդը... Նա մոտեցավ,
Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
Շլացնել նրան իր խոհերով պայծառ...
Բայց աղջիկը նրան չշոյեց,
Չվերցրեց անգամ նրա վարդը
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այդ պատանին հետո դարձավ պոետ,
Եվ գրեց այս նովելը, որ դուք կարդաք...

19281929

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈԻՄ

ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՅԱՆ ԱՄՐՈՑՈՒՄ

Ես, անբարբառ մի մանուկ,
Երկու ձեռքս պարզեցի... —

ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Այս ամրոցի օդում՝ մգլահամ ու ճնշող՝
Ստվերներ են շրջում օրհասական, —
Եվ անցյալի մռայլ ոտնաձայնն է հնչում
Ինչպես մահվան քայլերգ հերոսական...
Ուրուների նման արնակարմիր ու վեհ,
Հայացքներում վճիռ ու տառապանք անգո՝
Տեսլանում են ահա մարտիրոսներն իմ դեմ
Եղերական ու սուրբ կերպարանքով:
Այսպես, շարան-շարան, ստվերներ հի՛ն,
Հին անուններայնքան հերոսական,
Դեմքերև՛ պարզ, և՛ ջինջ, և՛ սիրելի
Ահա կանգնում են իմ մտքի առաջ:
Սերունդներ են ամբողջ, մի վեհ բանակ,
Շռնդալով անցնող հաղթական երթ,
Հերոսության, փառքի մի ճանապարհ անհաս,
Հիմա դարձած անցած օրերի երգ...

Իսկ այս բակում ահա, ուր հիմա մի
Շենք կա կանգնած ուրիշ,— այստեղ ահա
Ա՛յլ բաստիոն է հին ու ամեհի
Ցցված եղել առաջ, որպես պահակ
Արքաների փառքի ու ցոփության...
Հյուսիսային այն ցուրտ
դեկտեմբերյան օրից,
Որ արշալույսն եղավ այս օրերի,
Տառապել են այստեղ
բազմություններ ուրիշ,
Բայց նո՛ւյնքան վեհ, անբիծ հերոսների:
Իմ ուղեղի միջով հիմա նրանք
Ահա անցնում են լուռ, խստաբարո,
Խարազանի հետքեր մարմինների վրա,
Բայց աչքերում վճիռ մի չմարող:
Մտաբերում եմ ես նրանց մեկ-մեկ,
Ռիլեևից մինչև պայծառատես
Այն մտածողը վեհ ու հանճարեղ,
Որին Մա՛րքսն է մի օր անվանել մեծ:
Այս քարերի վրա, այս պատերի,
Որոնց նայել են այդ մարդիկ մի օր
Հայացքների նրանց ու խոհերի
Անանց հետքերն եմ ես փնտրում սիրով:
Վաղուց արդեն թողել, հեռացել են նրանք,
Որոնք ինձ հետ մտան բակն այս ահի, —
Անխոս նայում եմ ես այս պատերին մռայլ,
Շուրջս մութն է արդեն ու ամայի:
Հրաժեշտ եմ տալիս արդեն նրանք,
Շուռ եմ գալիս արդեն, որ գնամ ետ
Երբ իջնում է հանկարծ ուսիս վրա,
Անակնկալ՝ իջնում է մի ծանր ձեռք: —

Ետ եմ նայում, վերևԹեքված ուսիս
Մի մարդ դեմքով հեռու, անիրական,—
Մտերմական ձայնով ասում է ինձ,
Դուք ինձ մոռացե՛լ եք, բարեկա՛մ
Բարձրահասակ է, ջղուտ, աչքերը սև,
Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս:
Ես որտե՞ղ եմ նրան արդյոք տեսել,
Կյանքո՛ւմ արդյոք, տենդո՛ւմ, թե գրքերո՛ւմ:
Վշտանման ժպիտ մի աչքերում՝
Նայում է նա, նայում՝ հայացքն հառած.
Ի՞նչ է. — ասում է. — չե՞ք մտաբերում
Տարիներում այն մութ իմ բարբառած
Շռնդալից երգերն ըմբոստության մասին: —
Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ,
Պայքարելո՛վ այն սև բռնության դե՛մ, —
Եվ պարծանքո՛վ կասեմ, որ բարեկամ էի
Ես Հերցենի, պոետ Օգարևի հե՛տ...
Ա՛, — զարմանում եմ ես, ճանաչելով նրան,
Պարզում թևերս, որ նրան գրկեմ. —
Նա ողջունում է ինձ ու հեռանում արագ
Ամայի բակն է լոկ լռում իմ դեմ...

1929. 18. X. Լենինգրադ

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ

Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ եսայնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրր հրավարս:
Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն:
Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երևանից դեպի Արարատ.
Ինչքա՛ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև գարնային այս օրը զվարթ:
Շոսսեի երկու կողմերում ահա
Տներ, փողոցներ ու գործարաններ,
Կանաչ պարտեզներ, ծաղիկներ առատ, —
Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել:
Ընկած են տներն իրարից հեռու,
Գործարանները մեջընդմեջ կեցած,
Ո՛չ ծուխ, ո՛չ փոշի և լույս տներում
Ժիր մարդիկ ահա դեմքերին ծիծաղ:

Ելած արթնացող քաղաքից` ահա
Ոլապտույտ շոսսեով այդ լայն,
Առջևում կարմիր մի դրոշ պահած
Անցնում է վաշտը պիոներական:
Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում ռիթմով կորովի,
Անցնում են նրանք քայլերով վստահ,
Աչքերով հստակ, դեմքերով թովիչ: —
Քայլում են նրանք շոսսեով, հետո
Կտրելով այդ լայն, ասֆալտե շոսսեն`
Անցնում են ահա այն ձորի մոտով,
Ուր աղմկաձայն Զանգուն է հոսում:
Զանգուն է հոսում ներքևում զվարթ,
Հստակ ջրերով անվերջ կարկաչում,
Իսկ այնտեղ ահամի հին ցանկապատ
Ու քարեր՝ ընկած կանաչի միջում: —
Քարեր, հի՛ն քարեր, վաղուց մոռացված,
Անանուն, անգիր, ննջում են այնտեղ,
Ուր լռությունն է իշխում անհաստատ
Ու հուշն է թռչում՝ հավիտյան անթև:
Ժպտում է վերից երկինքը կապույտ,
Արևն է զնգում անհուն զնգոցով,
Եվ վաշտն է անցնում քայլերով անփույթ,
Արբած արևի կենսատու բոցով:
Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում աղմուկով մի ժիր,
Եվ մանուկների աչքերում նստած
Գարունն է ժպտում արևի ուժին: —
Անցնում են նրանք ծիծաղով հնչուն
Այդ անխոս, այդ հին քարերի մոտով,
Նրանց ծիծաղում կյա՛նքն է կարկաչում,
Գարո՛ւնն է կանչում անափ կարոտով: —

Անցնում են նրանք: — Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ
Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա:
Պիոներական փողկապը վզին,
Ոտները մինչև ծնկները բոբիկ,
Ճակատը բարձր , աչքերը լուսե,
Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ, —
Նայում է նա ջինջ, պայծառ աչքերով
Գերեզմանատան քարերին մի պահ,
Հետո կարծրացած փոշին է քերում
Նա մի հին քարի վրայից ահա:
Նայում է ապա նա փոշոտ քարին
Աղեղանման հոնքերի տակով...

Գրված է վրան.— «Եղիշե Չարենց,
Բանաստեղծ, ծնված Մակու
քաղաքում»: Կարդում է նա իր աչքերով ծավի,
Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան,
Քաղում է ապա մի կանաչ բաղեղ
Ու շարունակում իր թողած ճամփան:
Ծիծաղով հնչուն ու արծաթաձայն
Միանում է նա կրկին շարքերին
Եվ, հուշի նման հավիտյան անցած,
Մնում է հանդում մի կորած շիրիմ...
Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,
Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,
Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ...

19281928

ՄԱՆՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Հիշո՞ւմ ես՝ ինչքա՜ն
Սիրում էիր դու
Այն լավ աղջկա
Աչքերը խնդուն,
Գգվանքները հեզ
Այն լա՛վ աղջկա,
Որ սիրում էր քեզ
Ու հիմա չկա...
Հիշում ես` անգամ
Այն պահին ահեղ
Ժպիտով կարկամ
Նա դեմքիդ նայեց
Եվ ասաց քեզ նա.
«Մի՛ լինիր տրտում,
Որ պայծառ մնա
Հուշս քո սրտում... : »

ՄԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿԻ

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո Խատուտիկ աչիկներում: —
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում, —
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ

ԳՈՎՔ ԽՆԴՈՒԹՅԱՆ

Որպես մի բաժակ հուրհուրան գինի,
Քո սրտից թող նա
Անբաժան լինի:

Որ ընդվզումի,
Պայքարի ժամին
Խինդով չընդունի
Քեզ գոռ թշնամին:
Երգս թող քո մեջ
Խնդություն վառի,
Որ արթուն լինես
Ու մնաս բարի: —

1929

ՆՄԱՆՈԻԹՅՈԻՆ ՀԱՅՆԵԻՆ

Սիրելի N-ին

Երգում էր պոետը՝ նստած վրանում, —
«Մարդիկ հեռանում են ու հա՛ր մոռանում...
Այդպե՛ս մոռացավ ինձ աղջիկը այն չար,
Եվ դա՛ էր, օ, դա՛ էր, որ դարձավ պատճառ,

Որ ինքս, ես ի՛նքս մի օր հեռացա
Եվ...չանցած գարունը նրան
Մոռացա...» —
Էլ ի՞նչ ես երգում դու՝ նստած վրանում
Եթե հեռանում են ու հա՛ր մոռանում...

1929

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

(Հայնեյան մոտիվ)

Այն սարոտ երկրում, քարքարոտ երկրում
Մենք գնում էինք ու երգեր երգում: —
Մեր ձեռին կարմիր, հուրհուրան դրոշ
Մենք երգում էինք, որ գնանք գրոհ:
Ես երգո՛վ էի հպարտ, նա զենքով
Ես պոետ էի, նա արի զինկոմ:
Մենք գնում էինք՝ նստած չալ ձիեր
Մեր շուրջը կռիվ, թշնամու դիեր,
Մեր դեմը ձմեռ, մեր դեմը արուն
Ու ձմռան միջից ժպտացող գարուն...
Այն սարոտ երկրում, քարքարոտ երկրում
Մենք կռվում էինք ու երգեր երգում...

1929

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քո երգերը՝ բոց, քո երգերն՝ հրե, —
Բայց այդ կոմերիտ Վահանի նման
Դու ե՞րբ ես, դու ՞երբ ես, դու ե՞րբ ես գրել:

Մատներով քո թույլ, մատներով բարակ,
Դու ե՞րբ ես գրել այդքա՛ն հասարակ,
Այդքան պարզ, այդքան ջինջ ու համոզիչ,
Ինչպես երգեցիկ անիվն է արագ
Պտտվում ահա Վահանի ուժից: —

Հիմա, լծվելով քո դժվարին գործին, —
Այդպե՛ս դու, օ, ե՛րգ իմ, անի՛վ իմ, դարձի՛ր..,

1918

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Էլ չես սիրում
Մշուշ ու մուժ, աշուն ու ամպ:
Գերում է քեզ
Հիմա ձմեռն իր խստությամբ:
Ձգտում ես դու
Էպիքական իմաստության: —
Գերում է հիմա
Քեզ ձգտումն այս վեհ, —
Կարո՞ղ ես սակայն
Դու դրան հասնել

1929

N.N-ԻՆ

Դարձանք մենք արդեն հասակ առած մարդ,
Թե ես և թե դու: — Ու պետք է հիմա,
Ինչպես հարկն է՝ մեզ «խելացի պահենք» —
Բայց ե՞րբ ենք արդյոք մենք եղել ջահել...
Ինչպես Վիյոնն է մի օր ողբացել
Ջահելությունը իր խայտանկար
Այդպես, թե կուզես, մենք պետք է հիմա
Նզովե՛նք միայն մեր չար, հողմածեծ
Ջահելությունը, որ անցավ արդեն
Եվ պայծառ սրտով ընդունենք ահեղ
Այս կեսօրը, որ բացվում է մեր դեմ: —

1929

ԱԿՍԵԼԻՆ՝ «ՄԹՆԱՁՈՐԸ»

ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀեՏՈ

Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում
Ու կարոտ մանկութ հարազատ ձորի, —
Աշխատի՛ր սակայն, որ մութ այդ ձորում
Քո պայծառ ուղին անդարձ չկորի: —

1927

ՍԻՐԵԼԻ Ա.-ԻՆ

Ես չե՛մ մոռացել քեզ, բարեկա՛մ,
Եվ հիշում եմ քեզ կրկի՛ն, կրկի՛ն,
Ինչպես անցորդը թափառական
Հիշում է միշտ իր անցած ուղին: —
Սիրով է հիշում նա ուղին հին,
Գուցե թախիծով, սակայն երբեք
Նա չի՛ ցանկանա կրկի՛ն, կրկի՛ն
Թողնել հեռուներն ու դառնալ ետ...
Երբ անցած ուղին հուշով անշեջ
Խոցում է, ինչպես կարոտի նետ, —
Խեղդո՛ւմ է նա այդ կարոտն իր մեջ
Որ երբե՛ք, երբե՛ք չդառնա ետ...

1929, 27.XX Երևան

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԻ ՎՐԱ

Չընդունե՛ս, ընկե՛ր, այս գիրքս այնպես,
Ինչպես աղջիկն է նվեր ընդունում. —
Սպասում է նա դրան անհամբեր,
Իսկ ստանալիսմի կողմ է դնում: —

1928

N -ԻՆ՝ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

Պետրոս Մեծի այս քաղաքից,
Որ Լենինի քաղաքն է է՛լ
Գրում եմ քեզ ահա, ընկե՛ր,
Տողերը այս տրտմաթախիծ: —
Տխրություն կա մի անարգել,
Որ հասակ ենք առնում մենք է՛լ,
Դառնում ենք հուշ, դառնում անցյալ,
Ինչպես արտը՝ արդեն հնձած,
Ինչպես շենքերն այստեղի հին,
Որ, տե՛ս, կառչած միայն երգին
Այն պոետ մեծաքածքար
Հուշ են դարձել հիմա հանգած: —
Հուշ են դարձել, միրաժ մահի,
Դարձել են միֆ, — սակայն, նայի՛ր
Կանգնած է դեռ ահա անդրին
Այն գանգրահեր Ալեքսանդրի,
Այն պոետի՝ սրտով հրկեզ,
Որ այն մռայլ հեռուն երգեց
Իր երգերում մի օր հուրհուր
Ու մնաց մե՛ծ, մնաց մաքո՛ւր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մե՞նք էլ գուցե, մի պայծառ հուր
Վառած բորբոք սրտերում մեր
Երգենք օրերն այս անվեհեր
Ու մնանք մե՛ծ, մնանք մաքո՛ւր...
. . . . . . . . . . . . . .. . . . … . . . . . . .

1929. X

ԸՆԹԵՐՑՈՂԻՍ

Ուղարկում եմ գիրքս քեզ,
Ով դու ընթերցող:
Կուզես՝ կարդա, օ, կուզես`
Շպրտիր մի կողմ:

Գրել եմ ես իմ գրքում
Այնպիսի` տողեր,
Որ չի գրի իր երգում
Եվ ո՛չ մի պովետ: —

Լավ եմ գրել ես, թե վատ
Սրտովդ իմացիր, —
Չկա՛ ուրիշ քննադատ:
Քո սրտից բացի:

1929

ԸՆԹԵՐՑՈՂ ՊՈԵՏԻՆ

Զարմանքո՛վ գուցե նայես դու իմ այս
Գրքի էջերին՝ թե՛ անշուք, թե՛ պարզ,
Հեգնանքով գուցե ժպտաս ու ասես,
Թե պոետը մեր այս ուր է հասել
Բայց հասել է նա մի ջինջ պարզության,
Որ ձեռք է բերվում «դժվար վարժությամբ»:

Մեզ համար արդեն ուղի է անցած
Համաշեշտ երգի ռիթմը նվագուն, —
Սովորի՛ր գրել դու պարզ ու պայծառ,
Ինչպես այն չքնաղ պոետը գանգուր,
Որի երգերում թե՛ քորեյ, թե՛ յամբ
Դյութում են իրենց տոկուն պարզությամբ,
Թովում են թափով, առնությա՛մբ արի
Սրանո՛վ է նա ահա վիթխարի:

1929

ՆԵԿՐԱՍՈՎԻՑ

(Փոխադրության)

Մի՛ տրտնջա, հավաքի՛ր քո ուժերը դու.
Ուղիդ դժվար է թեկուզ, բայց թեթև է, ձիգ:
Հուրը նետած քո կյանքի մնացո՛րդը տուր
Թող կրակը մինչև վերջ քո հոգին խանձի:

1929

ՀՐԱԺԵՇՏ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՆ

Մնաս բարո՛վ, քաղա՛ք դու մեծ,
Քաղաք զգաստ ու մաքառող,
Ես սիրեցի առօրյան քո,
Ընթացքը քո թե՛ վեհ, թե՛ վես:
Ես սիրեցի փողոցներիդ
Հեռուն թե՛ լուրջ, թե՛ գրավիչ,
Նևան` հագած գորշ գրանիտ,
Արձանն անգամ Պետրոս Մեծի,
Որ բարձունքից իր ահռելի
Նայում է հին պալատներին,
Ուր իր համար զարմանալի
Կյանք է եռում հիմա ուրիշ,
Մի կյանք՝ ուրի՛շ եռանդով լի,
Ուրի՛շ խանդով հրապուրիչ: —
Մնաս բարո՛վ, քաղաք գործի,
Աշխատանքի մայրաքաղաք,
Մաքառումի միապաղաղ,
Բայց հավիտյա՛ն ստեղծագործիչ՛
Սովորեցի այստեղ ես է՛լ
Լինել զգաստ, լինել տոկուն,
Իջավ այստեղ իմ խոլ ոգուն
Իմաստություն պարզ ու վսեմ,
Սովորեցի գնալ անդուլ
Սերունդների ճանապարհով,
Ինչպես ահա գնում ես դու,
Օ, վե՛հ քաղաք, — մնաս բարո՛վ...

1920, 26. Լենինգրադ

ՆԵՐԲՈՂ ԱՌ ՔՆՆԱԴԱՏՆ

Օ, դո՛ւ, նաիրյան մարքսիզմի չստեր
Հագած ֆիլիստեր,
Օ, դո՛ւ, պատահմամբ սերտած մտքերի
Մի խղճուկ գերի
Դարձած կրետին
Լսի՛ր մի անգամ խոսքը պոետի,
Որին դու անշուշտ հայհոյես պիտի...
Զարմանում ես դու, որ երգ եմ գրել
Ես այսօր ահա մաքառման մասին,
Եվ չթառամող խոսքերով հրե
Գովք եմ կարդացել անդուլ երազին
Եվ բարձունքների ցնորքին անհաս,—
Օ, հավատացի՛ր, ընկե՛ր սիրելի,
Որ հավետ անմահ մի երազ է այս: —
Չի կարող լինել մեր ոգին գերի
Սերտած խոսքերի, կռտած մտքերի, —
Թե ապրում է նա ու շնչում է դեռ՝
Ձգտելու է նա անհաս ափերի,
Որքան էլ ահա դու այսօր պնդես,
Թե չկա ուղի ինքնախոյացման,
Խոլ, անխոնջ ոգու անդուլ մաքառում,
Որ հասել ենք մենք անդորրի հիմա
Լենինյան այս վեհ գործերի դարում
Չէ որ լուծված են քեզ համար բոլոր
Հարցերը, անգամ «պրոբլեմը սիրո»,—
Օ, բոլո՛ր, բոլո՛ր հարցերին արդեն
Դու վաղուց պատրաստ լուծումներ ունես,
Քեզ համար չկա ասպարեզ, որտեղ
Դու անդորրության հասած չլինես: —
Իսկ ես... Ի նչ պահեմ իմ հանցանքը ես.
Բարդ է ինձ համար աշխարհը մի քիչ,
Եվ բոլոր այդ բարդ հարցերի հանդեպ
Չե՛մ կարող այսօր ես թեթև խանդով
Արձակել միայն հիացմունքի ճիչ: —
Հեշտ է ձեզ համար մեր ուղին այսօր
Եվ չեք նկարել շարունակ մեզ դուռ.
Ինչպես ձեր գոված պոետն է ասել
Այս ուղին, որպես մի «թեթև ոստյուն»: —
Փռված է այսօր կրկին ձեր առաջ
Այս ուղին, որպես հարսանիքի երթ,
Եվ դուք, երջանիկ թմբուկներ առած,
Երգում եք անվերջ հարսանիքի երգ
Եվ ինքներդ ձեր երգով հիանում, —
Հասկանում եք դուք, թե ինչ եք անում...
Չե՛մ ուզում գնալ ես ճանապարհով,
Ուղիով ձեր այդ՝ զարմանալի հեշտ,
Գերադասում եմ ուղին քարքարոտ,
Որով շարունակ ընթացե՛լ եմ ես: —
Եվ մի՛ք շփոթի ձեր ուղին այդ հեշտ,
Այդ ուղին թեթև խաղի ու պարի
Պրոլետարիատի ճանապարհի հետ,
Նրա մաքառման, նրա՛ պայքարի: —
Այդպես չի այսօր շարքերով իր կուռ
Սրբում նա իրեն պայքարի բոցում,
Եվ աշխատանքի հնոցում անդուլ
Այսպես չի այսօր նոր կյանք կառուցում: —
Ես չեմ էլ ձգտում, որ դուք ինձ շոյեք. —
Դուք չե՛ք, որ պիտի սնեք իմ ոգին, —
Կանցնեմ իմ ուղին ես, որպես պոետ,
Ձգտելով միայն, որ ժանգ չչոքի
Իմ ոգու վրա և ո՛չ մի վայրկյան: —
Երգել եմ այստեղ ես խոհ ու պայքար
Եվ խնդությունն եմ երգել իմ ոգու,
Երգել եմ նրա ձգտումն անդադար,
Ձգտել եմ երգով, որ մնա տոկուն
Նա թե՛ տխրության, թե՛ հոգսի ժամին,
Ինչպես հնոցի հուրը բորբոքուն,
Ինչպես օվկիանում թնդացող քամին:
Ես գիտեմ հիմա, որ հարսանիք չի՛
Մեր կյանքը այսօր, կամ «թեթև ոստյուն».
Որ փոշի՛ է լոկ այն ոգուն նստում,
Որ կարծում է, թե թեթև կթռչի,
Ինչպես ծիծեռնակ՝ դեպի կյանքը նոր:
Ես գիտեմ հիմա՝ որպիսի գնով,
Որպիսի՛ դժվար ջանքերով է մարդ
Կռում իր ոգին, որ նա կարծրանա,
Կոփվիև ապա պիտանի դառնա
Այս դժվար, այս բարդ պայքարի համար: —
Որ չի՛ վերացել դեռ կյանքից ներկա
Եղկությունը՝ մեր խոհերին նստող,
Եվ փոքրությունը մարդկային դեռ կա,
Եվ ոգու, ոգու ճորտությունն ստոր.,.
Ես գիտեմ հիմա, որ մարդը հաճախ
Կարող է մղել մարտ բազմաշառաչ,
Բայց ոգով կքվել, թեքվել չարաչար
Սիրո, կորստի, կամ հոգսի առաջ
Թե խոհերը նա այն բազմապիսի,
Որ ընդունում է ուղեղով իր ցուրտ: —
Չթրծի անդուլ և չհրկիզի
Ոգու, տանջանքի աննինջ հնոցում: —
Դժվար է եղել իմ անցած ուղին
Եվ կորուստներ եմ ունեցել ես մեծ,
Եվ ճանապարհս եղել է հղի
Խոր անկումներով, — սակայն ահա ես
Ոտքի եմ ելնում կրկին անվեհեր՝
Խոր տանջանքներով իմ ոգին կոփած,
Եվ մաքառում եմ կրկի՛ն ահա վեր`
Նինջ ու հոգնություն ներքևում թողած:
Ոգի է տալիս ու թափ ներշնչում
Ինձ կրկին այն մեծ պայքարը նրա՛նց,
Որոնց դժվարին, բայց հաղթական չուն
Երգել եմ ես իմ երգով հուրհուրան: —
Եվ կերգեմ կրկին: — Եվ ո՛չ մի ժանիք
Ինձ չի՛ բաժանի լենինյան դարից,
Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
Իմ շռնդալից, պայծա՛ռ քնարից

Следующая страница