Չարենց Եղիշե՝   Երկեր

Օ՛, վեղարավոր դպիրներ հի՜ն,
Որ ճաշակել եք ողկույզն անգին,
Ճորտերի տնկած ողկույզն անգին,
Ճորտերի քամած արդար գինին
Եվ ձեր խուցերում՝ հանգով խրթին՝
Անեծքներ հղել գինուն, որթին,
Եվ ռամիկ, արդար ժողովրդին
Ժուժկալ ճորտություն քարոզել սին: —

ԺԸ

Օ՛, մռայլախոս դպիրներ սև , —
Դո՜ւ, Շնորհալի՜, և դո՜ւ, Նարե՜կ,
Դո՜ւքմագաղաթյա և հանճարեղ,
Դո՜ւքզարհուրելի, ինչպես Դարեհ,
Դո՜ւքպատան մտքի, դո՜ւքանարև,
Որ սրտի համար դարե՛ր, դարե՛ր
Կերտել եք դագաղպատյան քարե,
Եվ ոգու համարդժնյա տառեր: —

ԺԹ

Օ՛, միջնադարյան մռայլ արև՝
Կախված կապարե երկնքից մութ,
Միջերկրականից մինչև Տղմուտ
Երկի՜ր քարաշատ, հերկեր ջերմոտ, —
Եվ հրով կիզված մի ժողովուրդ՝
Կուռ դղյակների թե՜ բիրտ, թե՜ բութ
Բռնության ներքո՝ կեղեքված սուտ
Քարոզչությամբ այդ բազմահմուտ

Ի

Գոռ դղյակներում նստած հարուստ
Ազատանիներ շվայտ ու ցոփ,
Զրահներ զարհուր ու արնացոլք
Եվ ստրուկների վերջին հացով
Բարձրացած վանքե՜ր քանդակազօծ
Վանքեր երկնահեց ու խոյացող՝
Մռայլ դպրության հեղձուկ բոցով
Ճորտերի հոգին ընդմիշտ խոցող...

ԻԱ

Ես չե՜մ գովերգում հանճարը ձեր,
Օ, ժանտաբարո դպիրներ ծե՜ր,
Որ մառ բարբառով դպրության մութ
Կոփել եք ստրուկ մի ժողովուրդ,
Կերտել եք ձեռքով բազմահմուտ
Ոգու շղթաներ թե՜ բարդ, թե՜ բութ
Եվ ձեր դպրության գրքերը սուտ
Հռչակել թե՜ վեհ, թե՜ լույս, թե՜ սուրբ: —

ԻԲ

Ձեր տքնությունը եղել է զուր,
Որքան էլ հմուտ ու հանճարեղ
Ձեզ չի հաջողվել սակայն մարել
Ճորտ ժողովրդի բարբառը սուրբ...
Օ՛, ռամիկ մարդու արդար լեզուն
Հունով հայրենի, չնայած ձեր
Դժնի դպրությանդարե՛ր, դարե՛ր
Իր մաքրամաքուր ջուրն է տարել

ԻԳ

Դո՜ւքպալատական, դո՜ւքարդարև
Դժնի դպրության կոթողներ սին,
Թշնամի կյանքի՜ն, սրտի՜ն, լույսին,
Հանուն սրբության անեղծ կույսի՝
Քերթողնե՜ կրքի ու տռփության,
Դուք չե՜ք այսօրվա մեր դպրության
Դարերից հորդող գետն այն փարթամ,
Որ դեռ հավիտյա՛ն պիտի երթա...

ԻԴ

Օ, ո՜չ. — համընթաց ձեր դպրության,
Այդ հին դարերից, որպես
Գողթան Վտակներ վճիտ ու ոսկեձայն
Հասել են տաղեր մեզ տխրության...
Եվ գեղջկաբարբառ ուրախության...
Հասել են տաղեր գուսանական,
Հայրեններ ռամիկ ու ռամկական
Եվ անտունիներ թափառական...

ԻԵ

Ասում եմ ես գովք գուսանական
Քաղցրիկ երգերին մեր ոսկեձայն,
Որ երգիչները թափառական
Երգել են մթին դարերում այն: —
Մեր հին քերթությա՜նն այդ աշխարհիկ
Որ դայլայլներով բիրտ բարբառի,
Ընդդեմ վանքերի մռայլ քարին
Երգել է սերը չնաշխարհիկ...

ԻԶ

Եվ ասում եմ գովք ես հիմա այն
Մեր հայրեններին գեղջկաբարբառ,
Որ գինու գովքն են երգում անչար,
Որթան ողկույզի հմայքն անճառ՝
Քրտնաթոր մարդու վաստակն արդար:
Օ՛, ռամիկ մարդու լեզո՜ւ ճարտար,
Ձայն աշխատանքի արևավառ,
Սիրո, խնդության գեղջուկ քնա՜ր...

ԻԷ

Օ՛, խնդությո՜ւն խեղճ՝ առանց առթի,
Օ՛, ուրախությո՜ւն ռամիկ մարդի,
Օ՛, խաղող՝ քաղած վերջի՜ն հերթին,
Օ՛, գինի՝ քամած վերջին որթից,
Որ մութ վանքերի զանգից հեռու
Հոսել ես խարխուլ այն խուղերում,
Ճորտերի տրտում տնակներում,
Նրանց երգերում ու սրտերում...

ԻԸ

Օ՛, ճարտար ճորտե՜ր, ապրել եք դուք
Խարխուլ խուղերում անծածկ, անդուռ,
Կամ քաղաքների պարսպից դուրս
Խուլ քարայրներում այն ժայռակուռ,
Արդար վաստակով ձեր ծանր ու սուրբ,
Քրտինքով անգին, տքնությամբ լուռ, —
Եվ երգել եք ձեր երգերը հուր
Բարբառով վճիտ, հանգով մաքուր: —

ԻԹ

Ասում եմ ես գովք ապա արդար
Անտունիների՜ն տխրաբարբառ,
Շրջիկ տաղերին, որ դարեդար
Երգել են հողե մեր գյուղերում,
Կամ քարաքանդակ քաղաքներում
Այդ քաղաքների խուլ տներում,
Սիրելիների սիրուց եռուն՝
Իրենց հայրենի խուղից հեռու...

Լ

Օ՛, ճարտար ճորտե՜ր, — մեր քերթության
Աղբյուրնե՜ր մաքուր, — դո՜ւք, ոսկեձա՜յն,
Որ կարկաչելով հասած մինչ լայն
Մեր հորձանուտը տաղերգական,
Ձուլվելով երգին հովնաթանյան
Եվ սայաթնովյան խաղերին ա՜յն
Եղել եք ակո՜ւնքը իսկական
Մեր նո՛ր արվեստի քերթողական...

ԼԱ

Օ՛, ձեզանի՜ց են սկիզբ առել
Մեր ժողովրդի երգերն հրե,
Մեր աշուղների այն հանճարեղ
Երգերը ոսկուն, որպես արև.
Եվ ձեզանի՜ց է ապա սերել
Այն քերթությունը, որ դեռ երեկ
Լոռու տաղերգուն մեր արդարև
Դարձրեց պայծառ, ինչպես բյուրեղ: —

ԼԲ

Ապա տխրադեմ եկան հանդես
Երգիչներ տխուր ու մոխրագես,
Երգեցին տաղեր տխրահանդես,
Այնպե՛ս մեղմաձայն, տխո՛ւր այնպես, —
Մինչ հանդես եկա նվաստսե՜ս,
Եվ՝ վառված հրով աշխարհի կեզ՝
Երգեցի երգեր և՜ բորբ, և՜ թեժ,
Տաղեր հողմաձայն ու փրփրադեզ:

ԼԳ

Ինձանից հետո եկան հանդես
Երգիչներ երկրի՛, հողի՛, հանքի՛,
Երգիչներ՝ ելած նորոգ կյանքից.
Երգիչներ խնդո՛ւն աշխատանքի, —
Եկան խուղերի՜ց այն անարև,
Հանքերի՜ց եկան, եկան քարե
Այն զնդանների՜ց, ուր որ դարեր
Միայն ճորտությո՛ւնն էր բարբառել: —

ԼԴ

Այրում էր մի սև, դժնի արև
Դարեր շարունակ, մինչև երեկ
Քարե երկիրը մեր անտերև,
Մեր խրճիթները հողմաերեր: —
Մեր գլխինբազում դաժան տերեր՝
Հայրենի, օտար և զանազան, —
Արքաներ, որպես վայրի գազան
Ե՜վ խռովք, և՜ խաչ, և՜ խարազան

ԼԵ

Շահատակողներ ժանտադաժան. —
Թեյմուրլենկ՝ չարաչք ու չարաժանտ,
Չինգիզխան՝ զորքով բազմահազար,
Աբբասներ՝ զարհուր ու զանազան,
Եվ ռուս արքաներ արնաբաժան...
Օ՛, ժանտ արքանե՛ր, ձեր սրբազան
Արշավանքներում որքա՛ն տեսանք
Փորձանքներ դժնի ու տարաժամ...

ԼԶ

Սակայն ձեզանից հար անբաժան,
Հովանու ներքո ձեր սրբազան
Ահա՜ հայրենի տերեր դաժան՝
Ավելի զարհուր ու ժանտաժանտ...
Օ՛, դղյակներում նստած՝ գազան
Ազատանինե՜ր ժանտաբարո,
Իշխաններ՝ շվայտ ու անկարող,
Եվ մութ մելիքներ արնակարոտ...

ԼԷ

Անլուր գերության ճանապարհով
Անցած դպրությո՜ւն գեղջկաբարբառ
Որ հասած մինչև արևն այս վառ,
Այսօրվա մեր բորբ արևն անմար
Հորդում ես ահա, որպես վարար
Գետ մաքրամաքուր ու կենարար, —
Ես քե՜զ եմ երգում հանգով ճարտար
Ներբող նրբակերտ ու գովք արդար:

ԼԸ

Փա՛ռք մաքառումին քո անդադար,
Քո ռամիկ հանգին, որ դարեդար,
Ճորտության միջից հունով դժվար,
Կտրելով մթին մի ճանապարհ
Հասել է ահա մինչև մեր վառ
Այս արեգակը ստեղծարար,
Որ վառվել է հար, վառվել է հար,
Բոլո՛ր ճորտերի փառքի համար: —

ԼԹ

Փա՛ռք արևին մեր, որ հիմա վառ
Լուսավորում է հրով բերրի
Անցնող խավարը մեր խուղերի,
Խուլ նկուղները քաղաքների,
Եվ լեռնաշխարհում ահա մեր հին
Շաղում է շողեր անմարելի,
Որ ճորտության մեջ հեծող գերին
Դառնա իր բախտի տերը վերին: —

Խ

Օ՛, դո՜ւք, հեռավոր եղբայրներ ի՜մ,
Քերթողնե՜ր գեղջուկ հայրենների,
Երգասան ճորտեր մտքով գերի
Ձեր ժամանակվա օրենքների, —
Ահա՜ բարբառը ձեր երգերի,
Հասած մինչև ինձ իմ ձեռքերից
Անցած նորանոր երգիչների
Հորդո՛ւմ է արդեն իր ափերից...

ԽԱ

Օ՛, ճարտար ճորտե՛ր, եթե դարեր
Ճորտությունն անգամ այն անարև
Չխեղդեց բարբառն այս հանճարեղ,
Որ վտակներով բազմաբարև
Հասավ մինչև մեր օրն այս հրե
Ապա արևի ներքո այս մեր,
Ուր չկան տերեր, չկան ճորտեր
Որքա՛ն հորդառատ պիտի հորդե...

ԽԲ

Ու պիտի գնա՛ հիմա այն դեռ
Մինչև օվկիա՛նը գալիք կյանքի,
Ուր մարդկությունը ողջ աշխարհքի,
Առանց դասի ու դասակարգի,
Լծված խնդագին աշխատանքի
Պիտի իր անհուն երկի՜րն հերկի, —
Երկիր արևի՛, գինո՛ւ, երգի՛
Եվ մտքի՛, ոգո՛ւ բեղուն բերքի...

1932. VII. 1216

ՆՈՐՔ

Ա

Բարձրաբերձ բլուրի վրա,
Անվանում այն հին, հայրենի,
Ամրացած հնավանդ իր բնին՝
Բարձրացել էր բարդին, այն բուրյան,—
Բարձրացել էր բարդին նաիրյան
Եվ թե՜ լույս, թե՜ մութ օրերում
Իր իրանն էր մեղմ օրորում
Եվ սիրում էինք մենք նրան:

Բ

Կար պոետ մի անունը Տերյան,
Մի պոետ մեղմախոս ու խեղճ, —
Նա մի օր եկավ ու երգեց
Այդ բարդու հմայքը բուրյան. —
Եվ սիրեց մեր ոգին նրան,
Պոետին այդ տխուր ու բարի,
Որ կառչած բարդու այդ ծառին՝
Մորմոքած իր վիշտը նաիրյան:

Գ

Նաիրյան խեղճ ոգին էր այդ,
Որ հեռու-հեռու հյուսիսից,
Որպես նոր մի, նաիրյան Ուլիս
Դարձել էր իր տունն հնավանդ, —
Դարձել էր հոգնած ու տխուր,
Քաղաքներ տեսած ու ծովեր,
Դարձել էր տնակն իր ավեր,
Իր երկիրը դեռ թե՜ մութ, թե՜ խուլ:

Դ

Նա եկավ, երգեց ու գնաց
Դեպի հեռուներն աշխարհի,
Բայց երգը իր կառչած մնաց
Իր երկրի հնավանդ ծառին.
Սարյակի նման փետրաթափ,
Թաքնըված նրա սաղարթում՝
Նրա երգը խեղճ ու հիվանդ
Մորմոքում էր անօգ ու տրտում:

Ե

Օ՛, նորքում բարձրացած բարդի՝
Տերյանի նման մորմոքող.
Մենք կառչել էինք մեր ոգով
Քո դեղին ու եղկ սաղարթին.
Դա մեր երգն էր վերջին, որ թառած
Մեր երկրի անպտուղ ծառին
Ցնորում էր անմիտ մի երազ՝
Կտըրված անհուն աշխարհից...

Զ

Կանգնած էր բարդին հնավանդ
Բլուրի վրա հայրենի
Եվ թվում էր հին մի ավանդ՝
Կտակած մեր մեռած հայրերից.
Հողմերի դիմաց ահավոր
Նա պահել էր եղկ մի սաղարթ
Եվ թվում էր սաղարթը մեզ այդ
Ապաստան հողմերից ահահոտ...

Է

Եվ ոգին, նաիրյան ոգին,
Տատրակի նման թևաթափ,
Ընտանի իր հին մորմոքին,
Հեծում էր իր վիշտը տևական, —
Հեծում էր Տերյանի ձայնով,
Նաիրյան այդ վերջին պոետի,
Թե չկա՛ փրկության օր
Աշխարհում մռայլ ու մթին: —

Ը

Թե խավարը պիտի խտանա
Եվ պիտի բարձրանա քամի,
Որ ահեղ մրրիկի նման
Մեզ պիտի ոտնատակ անի,
Պիտի պիրկ արմատից հանի
Այս բարդին, որի սաղարթում
Նաիրյան վերջին գուսանի
Ոգին էր ահից թպրտում

Թ

Օ, որքա՛ն էր մեզ հարազատ,
Դարերով պարտված մեր ոգուն,
Որ տեսել էր հազար խարազան,
Բայց կրկին մնացել տոկուն, —
Օ, որքա՛ն էր մեզ հարազատ
Այդ ահը, որ դարձած արդեն երգ,
Խարիսխի նման սրբազան
Մեզ պահում էր շղթայված իր հետ

Ժ

Բայց ահա բարձրացավ մի օր
Այն հողմըուրագանն արյունոտ,
Սամումի նման ահավոր
Տարածվեց աշխարհի հունով,—
Ոտնատակ արավ աշխարհում
Բյուրավոր քաղաքներ ու շեներ,
Ավերեց երկիրը մեր ողջ
Եվ անապատ շինեց...

ԺԱ

Մանգաղի նման մահաբեր
Նա հնձեց օրերում այն սև
Բարձրաբերձ այգեստանը մեր,
Մեր երգի պարտեզը լուսե.—
Շարժելով մահու գերանդին՝
Նա հնձեց բերքի նման սուրբ
Նաիրյան գուսաններ անթիվ,
Եվ ամբո՜ղջ մի անմահ ժողովուրդ

ԺԲ

Եվ արդեն մոտենում էր մանգաղը
Մեր երկրի սրբազան բարդուն,
Որ կանգուն էր դեռ ցուրտ ու պաղ
Արարատյան դաշտում, —
Երբ մրրիկ մի ուրիշ, փրկարար
Շառաչեց Հյուսիսից կենսաբեր
Եվ գարնան գետի պես վարար
Ողողեց լեռնաշխարհը մեր: —

ԺԳ

Հողմերի հանդեպ այն դաժան
Մերկացել էր արդեն այն բարդին
Եվ սաղարթը նրա սրբազան
Մահամերձ՝ տագնապում էր արդեն, —
Կացինի նման բարձրացած
Կախվել էր արդեն իր վրա
Հայրենի բռուձցք մի դաժան,
Որ պիտի կործաներ նրան...

ԺԴ

Թռել էր արդեն իր միջից
Մեր երկրի բարձրաբերձ ոգին
Եվ պատրաստ էր արդեն իր վճիտ
Հեզությամբ ավանդել հոգին, —
Երբ մրրիկը նոր, կենսաբեր,
Ցնցելով մերկ իրանը նրա
Ներշնչեց կորով մի վսեմ
Եվ կազդուրեց նրան:

ԺԵ

Առաջին անգամ այն օրից.
Երբ վերջին պոետը նաիրյան
Իր քնքուշ երգով օրորեց
Ու փայփայեց նրան, —
Առաջին անգամ այն օրից
Նա զգաց կենսատու մի շունչ,
Որ գալիս էր սրբելու նորից
Իր սաղարթը մահաբեր փոշուց: —

ԺԶ

Այն օրից, երբ երգով տխրաբառ
Այն պոետը անցավ առհավետ, —
Մեզ երգեց ուրի՛շ հրավեր
Աշխարհի հեռուն հրավառ.
Անձրևեց մեր հոգում ամա
Խնդությո՜ւն մի անխորտակ ու վեհ
Եվ ոգին մեր թևաբաց թևեց
Դեպի ա՜յլ ցնորք մի անմահ:

ԺԷ

Մեր ոգին, ոգին նաիրյան,
Որ գիտեր լոկ մորմոք ու լաց
Առաջին անգամ թևաբաց
Սավառնեց աշխարհում համայն, —
Մոռացած իր մորմոքը ունայն,
Իր բույնը թողած այն խեղճ
Սավառնեց ճիգով մի ահեղ
Դեպի աշխարհը լայն: —

ԺԸ

Առաջին անգամ նա թռավ
Դեպի հուր հեռուներ անծանոթ
Գտնելու հրե մի անոթ
Ըղձերի համար իր հրակ, —
Շառաչող հողմերին այն ուրախ
Նա իր բորբ տենչանքը տվեց
Եվ լսեց երկիրը նրան.
Եվ հառնեց, ըմբոստ ու վեհ:

ԺԹ

Նո՛ր ջրեր, էին վարարել
Մեր երկրի գետերում արդեն,
Եվ մի ա՜յլ արև էր վառել
Մեր երկրի հուրհուրան արտերը.
Եվ մահու կացնից ազատված
Մեր երկրի սրբազան բարդին
Հրահուր խնդությամբ լցված
Սպասում էր երգի ու վարդի: —

Ի

Բայց ոգին նաիրյան երգի,
Հողմերի շնչով օրորուն,
Աշխարհի խնդությամբ հրկեզ՝
Սավառնում էր երկա՛ր դեռ հեռուն, —
Մենք երկա՛ր, երկա՛ր դեռ պիտի
Կիզվեինք հողմերում հանուր,
Որ մեր երգը դառնար երկաթե,
Եվ ոգին մեր՝ անկոր ու անհուն: —

ԻԱ

Ինչքան է՜լ կարոտով անձուկ
Սպասեր բարդին մեր երգին
Մեզ մի ա՜յլ կարոտ է խանձում,
Մի ուրիշանսահման երկիր. —
Եվ մինչև դառնայինք կրկին
Մենք երկիրը մեր՝ նո՜ր երգերով
Դեռ որքա՛ն այն արևը փրկիչ
Մեզ պիտի կիզեր իր հրով:

ԻԲ

Եվ ճախրում էր նա, մեր ոգին,
Մեր երկրի դաշտերից հեռու,
Ունկնդիր աշխարհի մորմոքին,
Աշխարհի տագնապով եռուն, —
Ուռճանում էր նա անհագուրդ,
Հրկիզվում աշխարհի հրով,
Ամբարում էր իմաստ ու խորհուրդ,
Որ լցվի անհո՛ւն երգերով: —

ԻԳ

Եվ այսպես երկա՛ր սավառնեց
Մեր ոգին հեռու-հեռուները,
Իր ամբողջ վեհությամբ հառնեց
Մոռացած մեր երկրի առուները, —
Առաջին անգամ նա տեսավ
Բորբ աշխարհը իր դեմ, ինչպես ի՜րը, —
Հյուսիսից ճառագած լույսով
Թոթափեց դեմքից հին մոխիրը: —

ԻԴ

Եվ այժմ ահա նա կրկին
Դառնում է դեպի հին իր տունը,
Որ հզոր շառաչով երգի
Աշխարհում՝ իր նո՜ր խնդությունը: —
Ո՜չ տխուր է նա հիմա, ո՜չ խեղճ,
Ո՜չ անհուն աշխարհում կորած.
Նա բերել է հուր մի անշեջ
Եվ անահ գոյության երազ:

ԻԵ

Նա երգում է այսօր հողմաձայն.
Նվագներ մեր երկրի համար նոր,
Երգերում մեր շաչում է հրցայտ,
Շեփորում է պողպատե ձայնով,—
Աշունքվա երգով ոսկեբառ
Վերհիշում է մերթ իր մորմոքը,
Մեր գրած գրքերում արդար
Երազում անմահ իր ցնորքը...

ԻԶ

Օ՛, դու չե՜ս այսօր մեր ցնորքը,
Նո՜րք, անօ՛գ մահացող ավան
Ելնում է մի նո՛ր Երևան
Եվ նայում է մեր նո՛ր ոգու խորքը.
Օ՛, ուրի՛շ, դա ուրի՛շ մի նորք է՝
Բարձրացած ճիգերով մեր այն
Մեր ոգուց՝ թեկուզ նաիրյան,
Բայց ուրի՜շ խոհերով բորբոք: —

ԻԷ

Մեզ համար անհուն ու բուրյան է
Օ՛, Նո՜րք, քո ցնորք-բարդին, —
Հարազատ է մնում մեզ Տերյանը,
Ինչպես բույրը քո հին սաղարթի.
Բայց սաղարթը այդ արդեն ծե՜ր է,
Արդեն հուշ էմշուշ ոսկեման, —
Եվ ամենը, որ մի օր անցել է
Մեզ համար լոկ ե՜րգ է հիմա...

ԻԸ

Մենք կոչված ենք այսօր, որ համայն
Աշխարհի սրտում ոսկեհուն
Անվհատ շեփորենք հիմա
Խնդությունը մերքո՜ խոսքերով
Մենք կոչված ենք հիմա, որ քարիդ
Եվ ջրիդ ինքնությամբ լցված
Ավետենք համա՜յն աշխարհին
Այս առավոտը բացված: —

ԻԹ

Եվ կառչի թող հիմա մեր երգը
Մեր բարդու բարձրաբերձ բնին,
Որ ելնող աշխարհի համերգում
Ինքնահուն նվագներ ծնի, —
Որ հավե՛տ ապրի աշխարհում
Օ՛, Նո՜րք, քո ցնորքը բուրյան, —
Այս թռի՜չքը մեր լայնահուն
Եվ բարբա՛ռը այս նաիրյան...

1933. I. 24.

ԱՔԻԼԼԵ՞Ս, ԹԵ՞ ՊՅԵՐՈ

Ինտերմեդիա

ԳՈՐԾՈՂ ՊԵՐՍՈՆԱԼ

Թատրոնի Տնօրենը
Հերոսը, կամ գլխավոր անձը, որին
Մեծ Հեղինակը, կամ
Թատրոնի Տնօրենը ջնջել է թատրերգությունից:
Տարիքոտ հանդիսականը
Առաջին դերակատարը
Երկրորդ դերակատարը
Մի բամբ ձայն դահլիճից
Մի կերկերուն ձայն դահլիճից
Մի այլ բամբ ձայն դահլիճից
Մի այլ կերկերուն ձայն դահլիճից
Մի ինքնավստահ ձայն դահլիճի վերջից
Մի այլ ինքնավստահ ձայն դահլիճից
Մի անվստահ ձայն դահլիճից
Մի այլ անվստահ ձայն դահլիճից
Աչքերը թարթող մի հանդիսական
Մի հաստատուն ձայն դահլիճից
Մի կանացի ձայն դահլիճից
Մի վիճաբանել չսիրող հանդիսական
Մի գանգրահեր պատանի
Հանդիսականներ
Բազմաթիվ ձայներ դահլիճից

Գործողությունը կատարվում է Մեծ Հեղինակի ետ-մահու թատրերգության ներկայացման ժամանակ, երրորդ արարից հետո, ընդմիջումի ընթացքում, փակ վարագույրի առաջ:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանդիսական այրե՜ր մեծարգո՜: —
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի
Մահամնա երկի
Երրորդ արարը դուք արդեն տեսաք
Եվ, թվում է, թե դուք մնացիք գո՜հ:
Մեր թատրոնի համար մեծ հաղթանակ է սա:
Ինչպես հայտնի է ձեզ՝ մեր թանկագին
Հեղինակը ինքը իր այս երկի
Երկու արարն է լոկ կարողացել գրել.
Մահը, այդ կույր դահիճը, անժամանակ խլեց
Այս աշխարհից նրանև մեզ թողեց
Անօգնական մի պահ: — Սակայն զորեղ
Իր հանճարի ոգով համակված՝
Վաստակեցինք մենք շատ, — և ձեր առաջ
Ահավասի՜կ նրա հանճարափայլ երկի
Նախավերջին արարը: — Կա՞ արդյոք աստ
Հանդիսական մի գոնե,
Որ չգտնի մեր գործը գերազանց,
Որ մեր գործին ներբող չձոնե: —
Կա՞ արդյոք մեկն այստեղ, որ մեզ ասի, թե մենք
Դավաճանել ենք մեր հեղինակի ոգուն
Գեթ փոքրագույն չափով, — որ գեթ մի փոքր
Շեղվել ենք ընթացքից նրա գործի:

Դահլիճը լուռ է:

Ո՜չ: Այդպիսին չկա: Ինչո՞ւ: Այս պարզ հարցին
Մի՜ պատասխան միայն կա ճշմարիտ: —
Մենք չե՞նք արդյոք, մենք չե՞նք, որ քառասուն տարի
Գործակցել ենք նրան, եղել նրա աջ ձեռքը,
Ուղեկիցը նրա անդավաճան, —
Եվ մեզ մոտ չի՞ միայն
Բեմադրել նա միշտ յուրաքանչյո՜ւր իր երկը:
Միթե անհա՞յտ է ձեզ, որ առաջ,
Իր հանճարի փայլուն այգաբացին,
Նա տալիս էր երկերն իր նրա՜նց,
Որ հետո դավաճանեցին
Իր հանճարին անեղծ և իր գործին
Եվ նա, խրատված այս փորձից,
Հիմնեց թատրոնը իր սեփական, —
Եվ առաջին օրից, մեր ուժերի չափով,
Ինչպես հայտնի է ձեզ, օգնել ենք մենք նրան: —
Հայտնի է ձեզ նաև, հանդիսականնե՜ր,
Այս ամենից բացի,
Որ նա թողել է մեզ իր այս վերջին երկի
Սևագիրը միայն: — Եվ բառացի՜,
Օ՛, բառացի՝ անգամ կարելի է ասել,
Որ անմշակ տեղերը կառուցելիս
Մենք աշխատել ենք ողջն այնպե՜ս հյուսել,
Որ հիմնականը մնա անփոփոխ.
Մեր մշակած տեքստում և ո՜չ մի տող
Չի պատկանում գրչին մեր ամբողջությամբ.—
Անցնելով երկի շարունակության
Մենք ո՜չ միայն մեկնել ենք հեղինակի ոգուց,
Այլև պահել ենք նույնությամբ
Անգամ գործող անձանց և դեպքերի հանգույցը:
Եվ դուք տեսաք արդեն թատրերգության երրորդ,
Նախավերջին արարը: — Նկատեցի՞ք արդյոք
Մի թերություն, փոքրիկ մի նրբություն թեկուզ,
Որ հակասեր մեր մեծ հեղինակի ոգուն: —
Նկատեցի՞ք արդյոք. — ասացե՜ք. —
Մեզ հարկավոր է ձեր
Անկողմնակալ խոսքը:

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ոչ մի թերի չկար: — Հոյակա՛պ էր ամբողջը:
Միանգամա՜յն բխում էր հեղինակի ոգուց:
Հոյակապ էր երրորդ արարն առանձնապե՜ս: —

ՄԻ ԿԵՐԿԵՐՈՒՆ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ

Փոքրի՜կ թերություններ կային թեկուզ
Արարվածում երրորդ... փոքրիկ բացեր...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՅ

Այդ ձե՜զ է միայն թվացել,
Տարօրինակ դիտո՜ղ: — Ո՜չ մի պակաս չկար: —
Հոյակապ էր, փայլուն էր առանձնապես
Նախավերջին արարը: —

ՄԻ ԱՅԼ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ

Դեռ չէ՜ր փայլել երբեք հեղինակի հանճարը
Այսքան վսեմ ու ջինջ պայծառությամբ: —

ՆՈՒՅՆ ԿԵՐԿԵՐՈՒՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ԱՆԿՅՈԻՆԻՑ

Սխալվո՜ւմ եք: — Եթե ուշադրությամբ
Դուք նայեիք՝ թերևս նախավերջին Արարվածում... որոշ... թեև չնչին
Թերություններ, բացեր տեսնեիք դուք:

ՄԻ ԱՅԼ ԿԵՐԿԵՐՈՒՆ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ

Ճի՜շտ է ասում, օ, ճի՜շտ: — Ձեզ չի՞ թվում արդյոք,
Որ արարում երրորդ կային շինծու տեղեր,
Ինչ-որ անհարթ ոճեր... անհարթ տողեր...

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՄԻ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ

Ի՞նչ եք ասում... Իսկ ես, գիտե՞ք, գլխի չընկա...

ՆՈՒՅՆ ԿԵՐԿԵՐՈՒՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ԱՆԿՅՈՒՆԻՑ

Լավ չե՜ք նայել ուրեմն անկասկած: —
Եվ մի փոքր էլ, գիտե՞ք, ձեզ արտաքին.
Փայլն է գլխից հանել: —
Հավատացե՜ք խոսքիս: —

ԱՅԼ ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոյակա՛պ էր: — Չքնա՛ղ էր: — Ո՜չ մի թերի չկար:
Գեղեցիկ էր երրորդ արարն առանձնապե՜ս: —
Դեռ երբեք չէր մեր մեծ հեղինակի հանճարը
Փայլատակել այսպես: — Հանճարե՜ղ էր ու վառ:
Հոյակա՛պ էր: — Չքնա՛ղ էր: — Ո՜չ մի թերի չկար:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանդիսական այրե՜ր մեծարգո. —
Թեկուզ տեսնում եմ ես, որ համարյա բոլո՜րդ եք
Մեր կատարած գործից մնացել գոհ, —
Սակայն թող թույլ տրվի, որ ավելի խորը
Մենք մոտենանք խնդրին: — Լավ չե՞ք գուցե
Մտաբերում դուք այն, ինչ որ տեսաք: —
Թող թույլ տրվի ուրեմն, որ խոսքերով հակիրճ
Հիշեցնեմ ձեզ այդ: —
Թույլ տվեք ինձ, որ ես երկու խոսքով պատմեմ
Գոնե միայն երրորդ արարվածի սյուժեն: —
Թատրերգության երրորդ արարում մենք
Տեսանք ընկած Քաղաքը, տեսանք հաղթող
Բանակների ցնծանքն այդ քաղաքում: —
Ապա տեսանք մենք մեծ Առաջնորդի վախճանը,
Անակընկալ վախճանը մեծագույն
Ղեկավարի, որի մահից հետո
Անցան նրա ըմբոստ բանակների գլուխը
Վճռական մարդիկ: — Նրանք, որոնք,
Ինչպես հայտնի է ձեզ՝ Առաջնորդի օրով
Ընթացել են շավղով նրա միշտ. —
Կարելի՞ է ասել, որ ուրի՜շ
Մի զարգացում կտար հեղինակը երկին,
Եթե ի՜նքը գրեր նախավերջին
Արարվածը երկի: —
Եվ ո՞վ է, ո՞վ,
Որ կարող է այստեղ մեզ համոզել, թե մենք,
Ծավալելով այսպես հեղինակի վերջին
Թատրերգության ընթացքըթեկուզ չնչին,
Գեթ փոքրագույն չափով հակասել ենք նրա
Թատրերգության ոգուն: — Կա՞ն այդպիսի
Մարդիկ արդյոք այստեղ: —

Դանլիճը լուռ է: Մի փոքր պաուզայից հետո:

Ինչպես տեսնում եք դուք,
Օ՛, այդպիսի մարդիկ այստեղ չկան: —
Այնինչ հիմա
Ես հայտնելու եմ ձեզ զարմանալի մի բան...
Այսօր, երրորդ արարն սկսելու պահին,
Վարագույրը երբ նոր էր դեռ բարձրացել
Հայտնըվում է հանկարծ մի ֆանտաստիկ պարոն,
Ձեռնափայտը ձեռքին ներկայանում է մեզ,
Եվ հայտնում է անփույթ, սեթևեթ
Շարժուձևով, որ ինքը մեր հանճարեղ
Հեղինակի այս նոր, մահամնա երկի
Կենտրոնական պերսոնն է... Որ իրեն
Հարկ է հանձնել իր դերը սեփական...
Որ չի կարող այլևս նա ինքնիրեն զսպել
Հասկանո՞ւմ եք՝ այսպե՜ս.
Ո՜չ ավելի, ոչ է՜լ մի մազաչափ պակաս...
Շարժուձևով մի փոքր ծիծաղաշարժ,
Եվ սուլելով թեթև, արկածային մի երգ,
Անփույթ՝ նստում է նա իմ սեղանի վրա,
Նետում է ոտքը ոտքին,
Եվ պնդում է, թե ինքը հեղինակի մտքի
Հանճարափայլ ծնունդն է... Որ իր համար
Սահմանած է եղել մեր հեղինակն իբրև
Թատրերգության մեջ այս
Կենտրոնական մի դեր...

Դահլիճում ծիծաղ:

Եվ որ իբրև ջնջել է մի ինչ-որ մարդ
Կենտրոնական իր դերը թատրերգությունից, —
Եվ խոսքերով իր այդ,
Ինչպես տեսնում եք պարզակնարկում է նա ինձ...

Դահլիճում անհանգիստ խլրտում:

Սավառնելով այսպես երազներում վերին
Սպառնում է նա մեզ և ակնարկում է պարզ,
Որ զրկելով իրեն իր հոյակապ դերից
Թատրերգությունը մենք դարձրել ենքմի ֆարս... —
Հասկանո՞ւմ եք այժմ է՜լ նա այնտեղ,
Մեր սենյակում նստած, վարագույրի ետևը,
Սուլում է ինքնագոհ և սպասում,
Որ դուք կանչեք նրանև նա խաղա իր դերը..
Դահլիճում խուլ աղմուկ:

Բայց կա՞ արդյոք այստեղ, այս դահլիճում,
Խելքը գլխին մի մարդ, որ հավատա
Այդ պարոնի խոսքին, հերյուրանքին այդ սուտ,
Եվ չգտնի, որ զուր զրպարտություն է դա:
Ով ճանաչում է մեր հեղինակին, կամ ով
Հետևել է և խորը ուսումնասիրել
Հեղինակի երկերը հոյակապ
Կծիծաղի անշուշտ այդ պարոնի վրա: —
Ով որ ծանոթ է մեր հեղինակի
Գրվածքների ոգուննա գիտե՜,
Որ իր ո՜չ մի երկում նա չունի
Կենտրոնական դեր:
Եվ գաղտնի՞ք է միթե ձեզ համար,
Կամ հանելո՞ւկ,
Որ հեղինակը մեր ընդհանրապես
Խուսափել է բոլո՜ր իր երկերի մեջ
Ինչ-որ փքուն ու մեծ
Հերոսների դերեր հանձնելուց: —
Հենց սրանո՜վ է որ մեր հանճարեղ
Անզուգական Վարպետը, օ, առաջին հերթին,
Տարբերվում է բոլոր թե՜ նոր, թե՜ հին,
Հանճարներից: — Այո՜: — Հենց սրանո՜վ է նա
Զանազանվում, ասենք, Սոֆոկլեսից,
Կամ Շեքսպիրից, կամ այլ բազմապիսի
Պոետներից թե՜ նոր, թե՜ դասական: —
Եվ ասացե՜ք խնդրեմ՝ թատրերգական
Իր ո՞ր, իր ո՞ր գրվածքում
Իր ո՞ր, թեկուզ փոքրիկ, երկրորդական երկում
Հերոսներ է դրել նա անխոց,
Կամ գլխավոր անձեր, որոնց շուրջը դառնար
Թատրերգության, ասենք, կառուցվածքը ամբողջ:
Կա՞ այդպիսի մի երկ իր երկերի շարքում.
Հարց եմ տալիս. — օ, կա՞: —

Դահլիճը լուռ է:

Ո՜չ, այդպիսի փքուն,
Հերոսապաշտ երկեր նա չունի: —
Որտեղի՞ց է էլ այս զարմանալի պերսոնը
Երևացել այսօր, եկել հանդես,
Եվ ծանր, խանգարող քարի պես,
Կախվել Վարպետի անունից: —
Եվ ինչո՞վ է արդյոք հիմնավորում
Նա իրավունքը իր: — Օ՛, նրանո՜վ միայն,
Օր Վարպետի նախկին գրվածքներից մեկում
Կա իսկապես նման երկրորդական մի անձ,
Որ խաղում է երբեմն պատահական դերեր: —
Դուք հիշում եք անշուշտ Վարպետի
Սկզբնական մի երկը, որի մեջ
Կա բանակից բանակ պարբերաբար անցնող
Եթովպացու մի դեր: — Այս ա՜նձն է, որ պիտի,
Իր ասելով, այսօր թատրերգության մեջ մեր
Կենտրոնական հերոսը հանդիսանա, —
Եվ այս աբսուրդը նա
Փաթաթում է մեր մեծ հեղինակի վզին...
Օ՛, որպիսի՛ մարմանջ, որպիսի՛
Ե՜վ մեծամիտ, և՜ խեղճ մոլորություն...
Տարված հերոսական երազներով անձուկ՝
Եկել, նստել է նա վարագույրի ետևը,
Եվ պահանջում է, որ իր սեփական անձով
Ներկայանա նա ձեզ և ստանձնի իր դերը...
Եվ քանի որ այնտեղ աղմկում է հիմա
Այդ ֆանտաստիկ հերոսը և խանգարում է մեզ
Ուստի խնդրում եմ ձեզ,
Որ թույլ տաք նրան, որ ինքը
Իր սեփական, անձով ներկայանա,
Ասի իր ասելիքը,
Իսկ հետոինչպես կամենաք: —
Համաձա՞յն եք: —

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Կո՛չի: — Չէ՜, թող գա: —
Հարկավոր չի՜: — Թո՜ղ գա: — Թող կորչի՜:
Մենք ուզում ենք տեսնել արարվա՜ծը վերջին
Հեղինակի երկում այդպիսի դեր չկա ՜...

ՄԻ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ

Իսկ ես ասում եմկա: —

ԱՅԼ ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հերյուրա՜նք է: — Գիտե՛նք այդ պարոնին
Հեռացրե՜ք նրան...

ՆՈՒՅՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ

Սխալվո՜ւմ եք. — ես ի՜նքս
Ճանաչում եմ նրան. — նա իրավունք ունի...

ԱՅԼ ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ո՞վ է ասողը, ո՞վ... Հեռացրե՜ք դրան...
Զրպարտո՜ւմ ես: — Ստո՜ւմ ես: —

ՄԻ ԱՅԼ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ

Օ՛, վկա՛ է երկինքը՝
Ճի՜շտ է ասում հերոսը...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ

Օ՛, չլինի՞
Հենց դու է՜լ ես հերոս մի այդպիսի...

Դահլիճում ծիծաղ:

ՆՈՒՅՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ

Հանդիսական այրե՜ր: — Հանդիսականնե՜ր: —
Թույլ տվեք ինձ՝ ասեմ ես հերոսի մասին...

ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՑԱԿԱՆՉՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Հարկավոր չի՜: — Կորչի՜: — Մենք չե՜նք ուզում լսել...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Լուռ, անայլայլ դիտում է դահլիճի աղմուկը և ի նկատի է առնում դահլիճի տրամադրությանը: — Եվ երբ աղմուկը հասնում է գագաթնակետինասում է անվրդով, հաստատուն ձայնով:

Հանդիսական այրե՜ր: — Հանդիսականնե՜ր: —
Հանգստացե՜ք: — Լռե՜ք: — Կարիք չկա
Աղմկելու: — Առանց աղմուկի է՜լ
Մենք կպարզենք խնդիրը: — Լռեցե՜ք: —

Դահլիճում տիրում է լռություն:

Երբ քիչ առաջ ես ինքս, դիմելով ձեզ,
Հարցըրեցի քանիցս, թե դահլիճում
Կա՞ արդյոք արարած մի թեկուզ,
Որ գտնում է, որ մեր նախավերջին արարը
Հակասում է մեր մեծ հեղինակի ոգուն
Պատասխանող չեղավ: — Սակայն ինչո՞ւ համար են
Մի քանիսի ձայներն այժմ երգում ուրիշ
Հայտնություններ... Պարզ չէ՞ միթե ձեզ
Որ ֆանտաստիկ հերոսն այս դահլիճում ունի
Համախոհներ: — Եվ ես
Հարց եմ տալիս ահա՝ կա՞ն դահլիճում մարդիկ,
Որ հավատում են այդ տարօրինակ անձին: —

Դահլիճում տիրում է մեռելային լռության:

Երրո՜րդ անգամն է, որ հարցնում եմ արդեն, —
Կա՞ն դահլիճում մարդիկ,
Որ հավատում են այդ հերոսին: —
Դե՜, այդպիսի մարդիկ եթե կան
Թող գան՝ իրենց ուզածն ամբիոնից ասեն: —

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ո՜չ: — Այդպիսի մարդիկ այս դահլիճում չկան:
Ավելո՜րդ է: — Իզո՜ւր է: — Հերյուրա՜նք է: —

ՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՁԱՅՆ ԱՆԿՅՈԻՆԻՑ

Չէ՜, կա՜ն: —
Կարելի՞ է խոսել: —

Դահլիճում նստած բոլոր հանդիսականները շրջվում են դեպի ձայնը:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Նույն հանգիստ, անայլայլ ձայնով:

Խնդրե՜մ, խնդրեմ, ինչո՞ւ չէ: Մենք լսում ենք:
Ասե՜ք:
Գուցե այստե՞ղ կգաք: —

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՁԱՅՆԸ

Եթե կարելի է՝ կգ՛ա մ: —

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Բարեհաճեցե՜ք: —

Դահլիճի անկյունից դուրս է գալիս մի տարիքոտ, բայց առույգ հանդիսական և հաստատուն քայլերով, անցնելով ամողջ դահլիճի միջով. քայլում է դեպի բեմը:

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ահավասի՜կ հերոսը: — Նա՜ է, որ կա: —

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Սխալվեցի՜ք, քեռի՜: — Հերոսը դեռ կգա՜: —

Քայլում է դեպի բեմը:

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Հերոսը չի եթենրա քեռին է, կամ
Խաչեղբայրը նրա… — Նա՜ է, որ կա: —
Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի ասի...
Հարկավոր չի՜: —

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Օ, ո՜չ: — Թողե՜ք խոսի: —

Դահլիճում կրկին տիրում է մեռելային լռություն: Տարիքոտ հանդիսականը արդեն բարձրացել է բեմ և կանգնել Տնօրենի կողքին: Հենց որ դահլիճում տիրում է լռություն՝ նա սկսում է խոսել հաստատուն, վճռական ձայնով:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Հանդիսականներ, —
Մեր թատրոնում այսօր, ինչպես գիտեք,
Բեմ է հանվում մի նոր թատրերգություն:
Սակայն ինչո՞ւ եք դուք
Այս հանճարեղ երկի յուրաքանչյուր արարը
Լարվածությամբ դիտում: —
Առաջինը՝ սա մեր անզուգական
Հեղինակի այն գործն է, որին, ավա՛ղ,
Վիճակված էր լինել նրա գրչի
Արգասիքը վերջին:
Երկրորդ պատճառը ձեր հիացմունքի
Թատրերգության սյուժեն է: — Ինչպես տեսաք՝
Սա պատմությունն է մեր հերոսական
Գոյամարտի: — Այո՜Մեր այսօրվա կյանքի
Յուրաքանչյուր չնչին հնչյունն անգամ
Պիտի գտնեք անշուշտ արձագանքված այստեղ, —
Մանավանդ որ սա մեր հանճարեղ
Հեղինակի գրվածքն է: — Սակա՜յն, —
Հանդիսական այրե՜ր մեծարգո՜, —
Երրորդ արարը մենք արդեն տեսանք,
Եվ ես պիտի պնդեմ,
Որ, ընդհանուր ձեր այս հիացմունքին ընդդեմ, —
Չմնացի՜նք մենք գոհ.
Ինչո՞ւՊարզ չէ՞ միթե: — Արարվածում մեծ այդ
Մենք չտեսանք
Ո՜չ մեր մեռած, մեր մեծ հեղինակի հանճարը,
Ո՜չ պատկերը մեր մեծ պայքարի, —
Եվ, չգիտենք թեև մենք իսկական պատճառը, —
Սակայն հայտնի է մեզ, որ այս երկում
Իր սեփական ձեռքով
Մեր Տնօրենը մեծ շտկումներ է արել: —
Եվ, որքան էլ ասածս ձեզ հերյուրանք թվա,
Կամ անհաճո թվա Տնօրենին, —
Ես ձեզ հայտնեմ պիտի,
Որ հերոսը ճի՜շտ է: —

Դահլիճում աղմուկ:

Ավելի՜ն: —
Որքան էլ մեր արգո Տնօրենը պնդի,
Թե այդ ընդդեմ է մեր հեղինակի ոգուն,—
Այնուհանդերձ հայտնեմ ես պիտի,
Իբրև ստույգ մի փաստ,
Որ աչքերով իմ այս
Ես տեսել եմ մեր մեծ Վարպետի
Ինքնագիր ձեռագի՜րն իսկական, —
Եվ հայտնում եմ ահա, որ գրվածքում նրա
Այդ մեծ հերոսըկա՜: — Եվ նրան
Սահմանել է իրո՜ք հեղինակը մեր
Կենտրոնական մի դեր: —

Դահլիճում տիրում է մեռելային լռություն:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Սո՜ւտ է: — Ձեռագրում այդպիսի բան չկա՜:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Իսկ ո՞ւր է ձեռագիրը: —

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Այդպիսի ձեռագիր չկա՜: —

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Սո՜ւտ է: — Անմի՜տ զրույց: — Ապացո՛ւյց: —
Հերյուրա՜նք է: — Ճի՜շտ է: — Հերյուրողը դո՜ւք եք: —
Հայտնի են մեզ խոսքերն այդ վաղուց
Այդ պարոնը չափազանց հանդուգն է...
Ձեռագի՜րը տվեք: Ի՞նչ ձեռագիր: —
Ձեռագիր չի՜ եղել: — Ձեռագիրը կորե՜լ է:
Երրորդ արարն է լոկսևագի՜ր: —
Հերյուրա՛նք է բոլորը
Օ՛, ո՜չ մի տող չկար արարվածում թերի

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանգիստ լսում է դահլիճի բացականչությունները: — Եվ կրկին, երբ աղմուկը հասնում է գագաթնակետին, նա մի քայլ առաջ է գալիս և ասում հաստատ, հավասարակշռված ձայնով:

Հանգստացե՜ք: — Թողե՜ք, թող ապացույց բերի:

Տիրում է լռություն: Տարիքոտ հանդիսականին:

Следующая страница