Չարենց Եղիշե՝   Երկեր

Օ՛, գրքերի աշխարհըտիեզերք է անեզր: —

Նրանք շա՛տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի և անագորույն: —
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՜ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ, —
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ: —
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ
Գաղջ՝ շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՜ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՛ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամո՛ւ,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր: —
Ե՜վ սրինգի ձայնով, և՜ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր...

Օ՛, գրքերի աշխարհըտիեզերք է անեզր: —

Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր, —
Եվ բոլո՜րն, են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՜ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՜ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագո՜ւմն եմ ես սիրում վերին...
Այս բո՜ւյրը մշտահոլով:
Եվ այս ամենը՝ մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ
Մեր տների փայտյա դարակներում բազմած՝
Ապրում են լո՛ւռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգնեոի՛, գույնի՛ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ-բազմազեղումն այս խոր...

Օ՛ , գրքերի աշխարհըտիեզերք է անեզր: —

1933. VI. 2

ՏԱՂ՝ ՏՈՆՎԱԾ ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ

Այս մատյանները հին, մագաղաթյա,
Այս հաստակող գրքերը՝ ձեռքով գրված, —
Որքա՛ն, որքա՛ն մեջքեր՝ ցավից կորված
Եվ որպիսի՛ կորով ու երկաթյա
Համբերություն ու կամք են նոցա ծնել
Օ՛ հանճարեղ ճորտե՜ր, որ չեք քնել
Գիշերներով երկար, ու կապարե, ու կույր,
Ինչպես դարերը ձեր, ինչպես անլուր
Տքնությունը ձեր խեղճ ու սրբազան
Օ՛, բարբարոս բերքի հազարամյա՜կ դաժան,
Անարշալույս խավար ու տքնություն,
Եվ անպտուղ մտքի խռովք անդավաճան,
Եվ կեղեքող ոգու հանճարեղ թո՜ւյն...

Ահավասիկ նստած են կորաքամակ՝
Արծաթյա մորուքներով և աչքերով բորբոք,
Եվ գրում են ոգու ստրկության համար
Մագաղաթյա գրքերօ՛, անթափանց ցնորք,
Կույր դարերի ծնած, օ՛, զառանցանք հտպիտ
Ոգու աղքատության ու տաժանքի գնով
Օ՛, անտենչանք վատնում ստեղծագործ մտքի...
Այսպես նստած դարեր՝ ոսկեղենիկ գրչով ճորտությո՜ւնն են իրենց ոսկեզօծել, —
Ինչպես նստեր այսօր մի հանճարեղ աղջիկ
Եվ գիշերվա խավարը ասեղնագործեր...
Անկարելի սիրով, տքնությունով անլուր,
Հաճախ անխոցելի ճարտարությամբ.
Մանրակրկիտ, ինչպես հանելուկ,
Հրաշալի, ինչպես հարության
Զարմանալի լեգենդըզարդարել են էջերը
Գրերով թռչնազարդ ու ծաղկապատկեր, —
Եվ դարձել է մռայլ միջնադարյան գիշերը նրանց աչքին ցնորք մի լուսակերտ:
Եվ տանջանքով իրենց ստեղծագործ ոգու
Կատարելով հրաշքը այս սնամեջ
Ճաշակել են նոքա բերկրությունը թաքուն,
Որ տալիս է խոնջենքը խոհերին մե՜ր: —
Եվ վերացած ոգու հիացմունքով անհո՜ւն այն,
Բավարարված այդ խուլ երջանկությամբ
Թաքցրել են նոքա իրենց նվաստ անունը
Հավատալով հոգու անմահության...
Օ՛, միամիտ ճորտե՛ր, թեկուզ և հանճարեղ. —
Ահավասիկ ձեր հին ճարտարությամբ տարված
Մենք փորձում ենք ձեր հին անունները ճարել
Մատյաններում այս հին՝ ձեր ձեռքերով գրված:
Չե՜նք հավատում մենք ձեր հոգու անմահության,
Բայց գիտենք՝ գրքերն այս մագաղաթյա,
Որ գրել եք մի օր դուք խոնարհ տքնությամբ
Դարձել են ձեզ համարմահո՜ւ պատյան: —
Այս մատյանները հին, այս սնամեջ
Դամբարանները, որ ձեր հանճարեղ ձեռքով
Զարդարել եք մի օր դուք արվեստով անմեռ
Միջնադարյան մռայլ կամարների ներքո...

1933. I. 28

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈԻԹՅԱՆԸ

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր, —

Մշտահոլով, մշտագո և մշտատև, —
Դո՜ւ, որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև, —

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Ահա՜ աստղերը քո և երկինքներդ ահա՛,
Ահա՜ ընթացքը քո մշտահոլով, —
Եվ արեգակդ ահա՜, և հորիզոնդ ահա՜,
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՜ լեռներդ լազուր, և՜ գետերդ բոլոր:

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Եվ ուժերդ ահա՜ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ,—
Եվ ոգին իմ ահա՜, որ տիրաբար
Դեպի քե՜զ է ձգտում ողողված լույսերիդ տարափով:

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Խուժի՜ր, տեղա՜ իմ մեջ, սուզվի՜ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՜ կյանք, թե՜ խնդություն բերող: —

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՜վ ենք ձգտում հասնել Քո ընթացքի՜ն, քո վազքի՜ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհուրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ: —

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Դու դաժան ես ու բարի, դու հեզ ես և անողոք,
Դու սիրում ես շարժումը, զորությունը, ուժը, —
Ունայնությամբ ես լցնում ու հողով
Դու հայեցող սրտերը, որ խեղճ են և քնքուշ են: —

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Եվ առաջին անգամ դու չե՞ս տվել արդյոք
Քո արևից, քո սրտից մի բեկոր: —
Այն զարմանալի ճարտար և հանճարեղ մարդուն,
Որը ո՜չ թե սրտի մորմոքով,
Այլ ձեռքերով կոպիտ վերցըրել է քարը
Եվ զարկել է մի ուրիշ քարի
Եվ արևի դստերը իր խրճիթն է տարել,
Որ գիշերի գրկում ոսկեվորիկ պարի

Օ՛ , Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Եվ չե՞ս տվել արդյոք դու ծովերիդ անեզրությունը
Եվ բարիքները նրանց խորքերի, —
Այն ըմբոստին, այն խիզախ ճանապարհորդին,
Որ ծառերի դալար ճյուղքերից
Հյուսել է մի առավոտ ուռկանն իր առաջին
Եվ նետելով խորքը ծովերի
Բռնել է ծովային մի ոսկեծամ աղջիկ
Եվ իր խուզը տարել, իբրև գերի...

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Եվ այսպեսսիրել ես դու խիզախների՜ն միայն,
Եվ մայրական անեզր համբերությամբ
Քո գաղտնիքները, գանձերը, քո ուժերը նրան
Հանձնել ես ստեղծարար մի գերության...

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Բայց մարդը, տիրանալով քիչ-քիչ անեզրական գանձիդ
Այն շինել է շղթա ու կապանք,
Կեղեքելու համար ուրիշների անծիր,
Տվնջական, հանապազօրյա աշխատանքը. —
Եվ նրանք, որ եղել են դաժան ու ամեհի,
Որ ճորտերից շորթել են քո բարիքներն անհուն
Շղթայել են ոգին բնապաշտ և մատնել են մահի
Պղծելով և նզովելով քո անունը

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Եվ հանճարին մարդու, նրա ստեղծարար
Եվ անսահման կարող ձեռքերին,
Բաղձանքներին նրա և ըղձերին վարար,
Եվ նրա հանդուգն կրքերին
Կապանքներ են դրել նրանք բազմապիսի,
Օրենքներ՝ ահով սահմանած
Պատնեշներ են կանգնել արևներիդ լույսին,
Որպեսզի սիրտը քո մեզ չբանաս...

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Բայց այժմ վիթխարի և զորավոր ուժեր
Պատերազմի ելած այդ բերդերի դեմ
Դարձնում են նրանց պատնեշները փոշի՝
Հանուն հացի, լույսի, աշխատանքի վսեմ, —
Եվ պատերազմը այդ դժնի ու անողոք,
Այդ մարտնչումն՝ ընդդեմ շահագործող մարդու
Չէ՞ արդյոք արշավանք դեպի լուսաողող
Քո գիրկը զվարթուն

Օ՛, Բնությո՜ ւն, օ՛, Մա՜յր: —

Պայքարների դժնի ճանապարհով
Բազմություններ ահա բազմահազար,
Որ դարերով գրկիդ ու գգվանքիդ կարոտ
Հնձել են, բայց չեն ճաշակել բերքերդ սրբազան,
Դեպի քե՛զ են գալիս, դեպի անեզրական
Երկինքնե՜րդ բազմաշխարհ ու բազմաստեղ,
Իբրև տե՛ր են գալիս, իբրև տիրակա՛լ,
Գալիս են, որ աստղերիդ և ընթացքի՛դ անգամ
Իրենց ստեղծարար հանճարը պատվաստեն, —

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

Ընդունի՜ր ուրեմն նվաճողներիդ երթը,
Իբրև արգանդդ հին բեղմնավորող բարիք, —
Ընդունի՜ր որդիներիդ հաղթանակի երգը,
Որ հնչում է ընդերքից աշխարհի. —
Ընդունի՜ր նաև այս երգը գորովական,
Որ քո չնչին հյուլեն մի գիշեր աստղալից
Մատուցեց քեզ սիրով ու որդիաբար՝
Ողջունելով խորհուրդդ աստղային...

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —

1933. II. 27

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ՄԵՌՅԱԼՆԵՐԻՆ

Տխրությամբ ու դառնապատիր ցավո՜վ ենք ձեզ դնում ճանապարհ,
Ո՛վ անդարձ հեռացողներ, ո՛վ մեռյալներ,
Դո՜ւք, որ չեք վերադառնալու այլևս և մնալու եք հար
Տիեզերքի զարկին անհաղորդ, և չեք ճաշակելու բույրեր, և չեք լսելու ձայներ...

Դուք գնում եք մոխրանալու և դառնալու տարերք,
Խառնըվելու հողին ու ջրին, —
Էլ ի՞նչ ասեմ ես ձեզ, — անիմաստ են բառերը,
Գուցե ա՜յն միայն, որ վախճանվելը վիճակված է, ավա՛ղ, յուրաքանչյուրի՜ս...

Բայց եթե միևնույնն է վախճանը բոլորիս գերեզմանից անգին,
Եթե նո՜ւյնն է մեր բախտը հեռանալուց հետո, —
Ապա տարբեր է հուշը, հիշատակը, այն զրույցը անգին,
Որ մնում է սրտերում մարդկանց և լցնում է սրտերը կարոտով...

Բայց ի՞նչն է, ի՞նչն է արդյոք, որ մոխիրից հետո
Լուսազարդ ու շքեղ վե՛ր է հառնում,
Լցնում է օրերն ապագա անմարելի բույրով
Եվ դառնում է երգ ու զրույց, և հիշատակ է դառնում...

Ա՛խ, մոխրանում են օրե՜րը, մոխրանում են աստղե՛րը, արևնե՛րն են
Կապույտ երկնքներում հանգչում հավերժաբար և մոխրանում, —
Մոխրանում է գարո՜ւնը, մոխրանում են կանաչ տերևնե՜րը,
Մոխրանում են ծիլե՜րը չծլած, և վարդե՜րը վառման, և ծաղիկնե՜րն անգամ տխրանուն...

Բայց չի մոխրանում հիշատակը... Հիշատակը արդյոք լույսերի՞ց է,
Լույսերի՞ց է արդյո՛ք նա սերում, թե հուրերից անշեջ. —
Հիշատակը սերում է գործերից. — հիշատակը մշուշ է,
Որ բարձրանում է եփվող ջրերից, բայց մնում է ինքըանմեռ:

Հիշատակը ձեր անցած օրերի արձագանքն է ու ցոլքը, ո՜վ հեռացողներ,
Նա ծլում է հաճախ ձեր անցած ճանապարհի փոշոտ եզրերին,
Ելնելով ձեր շոգ կեսօրին՝ նա իջնում է հետո, ինչպես ցողը,
Բայց ուրի՛շ վարդերի վրա, իբրև պարգև վերին...

Ելնելով ձեզանից, ձեր սրտից, ձեր խոհերից անդուլ,
Ելնելով արյունի՜ց անգամ ձեր և ձեր շնչից վերջին
Հիշատ՜ակը ձեզ չի պատկանում, ինչպես որ տողերն իմ հանդուգն
Օ՛, ինձ չեն պատկանում, թեև ելնում են ահա իմ գրչից

Այդպես էլ շողն է արևի ու ցոլքը մեռած աստղերի. —
Հասնում է լույսը նրանց մեզ, բայց վաղո՛ւց մոխրացած են նրանք: —
Մոռացությո՜ւն ուրեմն բոլո՜ր մեռյալներին,
Եվ փա՛ռք նրանց ընդմիշտ ու հավիտյան, որ թողել են կյանքում հիշատակի կրակ

1933. II. 27

ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻՆ

Ո՛վ դուք, որ գալու եք վաղը կառուցելու այստեղ,
Այս անապատում ամայի բազմաժխոր քաղաք. —
Ահավասի՜կ գրում է ձեզ համար մի անհայտ բանաստեղծ
Յոթը խորհուրդ, որ շինեք ձեր կառուցման շաղախ:
Առաջինը. — ո՛ւր էլ որ կամենաք, թեկուզ անապատում,
Շինել ձեր նոր քաղաքըչմոռանա՜ք երբեք,
Որ այդտեղ, այդ անապատում անգամ, ավազներում նրա անհատնում
Երբեմն կանգնել են ու խորտակվել բազմաթիվ քաղաքներ ու բերդեր:
Քանզի, — և չմոռանա՜ք դուք այս, ո՜վ ապագայի որմնադիրնե՜ր, —

Աշխարհի մեկ ծայրից մինչև մյուսը, արեգակի ներքո՝
Չկա և ո՜չ մի թիզ հող, որ բազմիցս անգամ մեր նախնիները
Չլինեն հերկած ու կործանած իրենց ստեղծարար ձեռքով:
Ուրեմն, ո՛վ առաջնորդնե՜ր, սկսեցե՜ք փորել
Ձեր ցանկացած վայրում երեք թիզ հող
Մինչև հանդիպի ձեր քլունգը մի դագաղի քարե
Եվ դուք հանեք այն խավարից՝ ձեր ձեռքերով կերտող:
Բայց հողի խորշերից այն հանելուց առաջ
Բարձրացրե՜ք նախ դուք քարե կափարիչը
Եվ տքնեցեք գտնել, թե հանգչելուց առաջ
Ի՜նչ ուղղությամբ են նրա կոպերն իջել:

Եվ ապա այդ նո՜ւյն ուղղությամբ չափեք հարյուր կանգուն
Եվ հիմնեցե՛ք այդտեղ քաղաքի աշտարակը,
Եվ գամեցե՜ք ապա աշտարակի գլխին
Ձեր ժամացույցը կարմիր,
Որ նրա զարկերին ունկնդիր՝
Սերունդները նշեն գալիքում
Իրենց աշխատանքի և խոնջենքի ժամը: —

Եվ բարձրացե՜ք ապա այդ աշտարակի կատարը
Եվ նայեցե՜ք դուք նախ դեպի հարավ,
Ապա դեպի հյուսիս, և՜ արևմուտք, և՜ արևելք,
Որ որոշեք սահմանը քաղաքի ու նրա
Պարիսպների խոյանքը դեպի վերև:

Եվ յոթերորդ խորհուրդը, որ տալիս եմ ես ձեզ. —
Կառուցելուց առաջ ձեր քաղաքը՝
Այրեցե՜ք մագաղաթյա մարմինը ննջեցյալի
Եվ մոխիրը նրա հազարամյա
Խառնեցե՜ք ձեր ապագա պարիսպների քարին: —
Եվ դագաղը նրա մարմարիոնյա,
Որպեսզի տարածվի համբավն ամենուրեք
Ապագայի բոլո՜ր եկվորներին ի տես՝
Քաղաքի ոսկեքանդակ դռների մոտ դրեք: —

Քանզի մեռյալների մոխի՜րն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ շաղախը և առհավատչյան, —
Եվ նրանո՜վ է դառնում երկիրըերկիր,
Եվ ժողովուրդըժողովուրդ, և գալիքըգալիք՝ անհողդողդ ու անճառ

1933. II. 16

ՈԻՂԵՐՁ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ

Սիրելի Միքայել Մազմանյանին

Ա

Մեր վարպետները հնուց տուֆ են սիրել ու մարմար,
Շունչ ներշնչող են եղել կարծր քարին ու հողին. —
Մեր վարպետները հնուց երգ են սիրել ու պայքար,
Մահ են բերել անքանքար, բութ ու տխմար տիրողին. —
Ես խոնարհում եմ գլուխս հանճարի առջև ձեր անճառ,
Ո՛վ վարպետներ, որ տվիքձև, կերպարանք մեր հողին: —

Բ

Քաղաքներ էիք կառուցում, կամուրջներ, բերդեր ու տներ,
Հոյակապ շենքեր, որ դրին հանճարեղ կնիքն իրենց վառ
Ողջ ճարտար արվեստի վրա՝ Մասիսից մինչև Միջագետք,
Մեր երկրից մինչև Արևմուտք՝ սնելով գոթականն անմար...
Ձեր ձիրքով թողիք աշխարհում դուք անանց և անջինջ մի հետք,
Եվ մնացիք հավիտյան քերթության վարպետներ անմահ...

Գ

Աշխարհի ծայրերում բոլոր մենք գտնում ենք հիմա բեկորներ,
Որ տաշած կողերի վրա աստղաձև խաղեր են կրում. —
Այդ՝ կորած անուններն են ձեր, ո՛վ անանուն վարպետներ,
Որ կերտել եք լուռ ու անցելև ձեր շունչը թողել դարերում.
Չի հաջողվում մեզ թեկուզ ձեր անունները գտնել,
Բայց գիտենք, որ ապրել եք դուքգետնաքարշ, խարխուլ խուղերում:

Դ

Ունեիք դուք չափ ու կշիռ, ունեիք ձիրք անհեղլի,
Որ նյութին տալիս էր վսեմ կերպարանք ու ձև խորըզգա.
Թո՜ղ ձեզանից ուսանեմ ես այսօր գաղտնիքը գեղի,
Որ արվեստս լինի դաշնավոր, ինչպես ձեր հմտությունն հսկա.
Ո՜ւժ ներշնչեք իմ երգին, որ ընթացքը իր չշեղի,
Որ ժառանգորդը դառնամ հանճարեղ արվեստի ձեր ոսկյա:

Ե

Ուզում եմ աշակերտ լինել ձեզ և տիրել արվեստին ձեր անհուն,
Որ տողերս լինեն մեջտեղից ձեր ոսկյա օրենքով հատած,
Որ հանգերըս լինեն հարդարած ձեր արդար, անխաբ թեզանով,
Եվ ձեր նուրբ քարերի նման՝ բառերս լինեն սրբատաշ.
Թող ձեր հին շենքերի նման գործերս մնան անանուն,
Բայց լինեն դարի արևով և երկրի եղյամով պատած...

Զ

Մի՞թե իմ մեջ է այսօր արթնացել հանճարը ձեր սեգ.
Ե՞ս եմ շառավիղն արդյոք ձեր, ո՛վ հանճարներ մեր մեռած.
Թո՜ղ հուրհուրա իմ գրքում ձեր ոգու ցոլքը լուսե,
Թո՜ ղ երգերում իմ այսօր, խոսքերում իմձեր ջանքը եռա՜: —
Ո՛վ մեր մեռած վարպետներ, իմ թախանձանքը լսե՜ք. —
Ձեր անմահ կնիքը դրե՜քիմ անմար երգերի վրա...

1934. VI. 6

ՅՈԹԸ ԽՈՐՀՈԻՐԴ ԳԱԼԻՔԻ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻՆ

Ո՛վ գալիքի սերմնացաննե՜ր, որ լիաբուռ
Նետելու եք ձեր սերմը մեր ձեռքերով հերկած
Այս դաշտերում, բերրի այս հերկերում՝
Մեր քրտինքով, երգով ու արյունով ներկած, —
Ո՛վ, որ գալու եք զվարթ ու թեթևաքայլ,
Արևի և ոգու ծնծղաներով ձեր լուրթ, —
Ահավասիկ գրում եմ, որպես հեռու եղբայր,
Ձեր ընթացքի համար յոթը խորհուրդ: —

Եվ առաջին խորհուրդս, որ հղում եմ կարմիր
Մեր օրերից այս բորբ ու գալիքնաբեր. —
Անդրանիկ բուռը ձեր անեզրական սերմի
Մեր դաշտերի վրա իբրև ցնո՛րք թափեք:

Փռե՛ք իբրև բարիք, որ անհատնում է,
Մեր երկրի թռչուններին ու հովերին, —
Թող անսահման լինի նրանց խնդությունը,
Անսահման էր ինչպես տառապանքը մեր հին:

Դեպի Հյուսի՜ս հղեք ձեր շնորհը երկրորդ,
Դեպի տափաստաններն ընդարձակ,
Ուր բռընկած Կարմիր Ուրագանը մի օր
Այս հերձեցյալ երկրում և ամենուր
Գարնան անձրև՛ դարձավ: —

Իսկ երրորդ բուռը ձեր անհատնելի սերմի
Դեպի լյառը Մասիս սերմանեցե՜ք, —
Թող թանձրացյալ թռչի, իբրև ցնորք ջերմին,
Դեպի կուրծքը նրա ձյունածեծ: —

Ապա մի բուռ ցորյան կամ ցնորք,
Ձեր խոհերի նման լուսափայլ ու ազնիվ
Սերմանեցե՜ք դեպի այս հին ավանը Նորք,
Որ այնտեղ նո՛ր երգի մի նո՛ր բողբոջ հասնի:
Հինգերորդ բուռը ձեր անհատնելի գանձի
Սերմանեցեք ոդո՜ւն մեր ի նվեր,
Որ օրերում հեռու երկնեց այս երգն անծիր,
Այս երազանքը վեհ:

Իսկ վեցերորդ ձեր բուռը, ո՜վ սերմնացաննե՜ր,
Հղեցե՜ք անցյալի՛ ոսկորներին, —
Եվ կլսեք հանկարծ հառաչանքի ձայներ
Մեր երկրի բոլո՜ր խորքերից: —

Եվ նո՜ր ապա, այս վեց հղումներից հետո,
Լցրե՜ք դուք բուռը ձեր և, յոթերորդ անգամ
Ձեր ապագա հունձքի անե՛զըր կարոտով
Սերմանեցե՜ք ձեր հերկը անեզրական...

1933.II.11

ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱԼԻՔԻ ԵՐԳԱՍԱՆՆԵՐԻՆ

Բազում ուղիներով ու հերկերով անցած,
Եվ ճաշակած արդեն իմաստության
Դառնապատիր պտուղը, — ահա տալիս եմ այս
Խորհուրդները ես ձեզ, ո՛վ մեր վաղվա անհաս
Երգասաններ փառքի ու վեհության: —

Ահավասիկ, ո՛վ դուք, իմ առաջին
Խորհուրդը, որ գալիս է կյանքից ու դարերից. —
Չմոռանա՜ք երբեք, երբ հյուսելու լինեք ձեր երգը շառաչուն,
Որ երգը երկրի՜ց է աճում, և ո՜չ թե ձայներից կամ բառերից:
Երկրորդ խորհուրդը, որ տալիս եմ ձեզ ահա,
Օ՛, անհողդո՜ղդ պահեք իբրև պատգամ. —
Երգըընթացք է ու հուն, և՜ տեգ է, և՜ ոգու ադամանդյա վահան:

Ե՜վ բարիք է, և՜ շնորհ անանձնապատկան: —

Երրո՛րդ խորհուրդը ձեզ, ո՛վ գալիքի.
Երգասաններ. — դարե՜րն են ձեզ հետևում. —
Թեկուզ դարն է ծնում և երկիրն է տալիս երգին շունչ ու ոգի
Բայց երգը երկրից ու դարից մի՜շտ երկար է տևում:

Ուրեմն, ո՜վ գալիքի երգասաննե՜ր,
Որքան էլ վեհ լինի ձեր ներկան
Չմոռանա՜ք, որ դուք պիտի սերմեր ցանեք,
Որ լինեն դարից ձերերկար:

Եվ իմացե՜ք ուրեմն, որ ո՜չ մի աշխատանք
Տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը. —
Ի սկզբանն էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք,
Եվ ջանքին առընթեր էրերգը:

Ուրեմն, ո՛վ գալիքի երգասաննե՜ր,
Ձեր ոգու տեգերով զրահավորված՝
Տքնեցե՜ք տքնաջան ու հնչյուններ ցանեք՝
Հերկելով հերկերն անցյալի՝ հանուն գալիք օրվա: —

Եվ ասում եմ ահաձե՜զ, որ պիտի երգեք՝
Կարդալով մատյանն այս խորախորհուրդ. —
Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը, —
Եվ ա՜յս է իմ խորհուրդը յոթերորդ...

1933. II. 16

ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ՊԱՏԳԱՄ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց: —

Ահա ոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՛վ բերեց լույսն այս արթուն,
Օ՛, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս.
Ադամանդյա լույսը այս: —

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում
Քանի՛ տարի, քանի՛ դար
Վկայեցիր անհերքում
Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին, —
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՛ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՛, ըղձակա՜ն այս հեռուն...
Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՛ անկոր, հո՛ւր գետակ...

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՜ն այդ արի,
Վառված հրով աշխարհի...
Չկա՛ ուրիշ արև է՜լ.
Նա՜ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևե՜...

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար. —
Մեր անցյալի խորամիտ
Է՜ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար

1933. V. 9

ՄԵՐ ԼԵԶՈԻՆ

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին: —

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր նոր խոհերի վրա ժանգ չչոքի: —

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՜չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՜չ Նարեկի մրմունջը մագաղաթյա: —

Եվ ո՜չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թուման յանի բարբառը գեղջկական, —
Բայց նա կգալեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՛ր ու երկրակամ

1933. I. 28

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ես սիրում եմ նրանց, յուրաքանչյուր անգամ
Երբ թերթում եմ էջերը բազմապիսի.
Մեկը լալիս է ջերմ, կամ աղերսում անկամ,
Մեկը նզո՜վք նետում մեր ավերիչ եսին: —

Ա՛խ, տողերում նրանց յուրաքանչյուր
Ինձ համար կյանք կա, կամկա մահվան սերմ. —
Ա՛խ, միևնույն թափով դեպի մահ է մղում
Եվ դեպի կյանքմյուսը՝ կարոտով ջերմ...

1933, I. 27

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Նրանք գալիս են անտես ու աննշմար,
Ինչպես արյունն է հոսում երակներում,
Բերում են մեզ բոլորիս թե՜ կյանք, թե՜ մահ,
Նետում են բախտը մեր անեզրական հեռուն: —

Եվ ի՞նչն է սահմանում նրանց ղեկավար,
Եվ ի՞նչն է նրանց բեղմնավորում
Հավետ անհայտ է մեզ, ինչպես սրտի համար
Արյան ընթացքը, որ ամոքում է բերում: —

1933, I. 27

Հ.Թ.

Ես կարդում եմ նրան ու ասում. —
Այս հմո՜ւտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույքի նստելիս: —

1933. IV. 15

Հ.Թ.

Նա մեծ էր հողո՜վ, արյունո՜վ: — Արմատնե՛ր ուներ նա հողում:
Իր երգերըգեղջուկ նաիրցու քրտինքո՜վ էր նա ողողում:
Հանճարեղ երգերում նրաիր երկրի արևն էր շողում: —
Նա մեծ էր հողո՜վ, արյունո՜վ: — Արմատնե՛ր ուներ նա հողում: —

1933, IV.17

Հ.Թ.

Նա մեծ էր ավելի, քան եղավ: — Երկընքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր: —
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՛ղ երազներ

1933. IV.15

Ա. Մ.

Նաիրյան արև՛ն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած,
Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ: —
Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա, —
Նաիրյան արև՛ն էր քո մեջ լենինյան հրով ճառագած: —

1933. IV.16

Վ. Մ.

Նա սիրում էր մեռնող քաղաքների տենդը
Եվ պատկերներ զարհուր և հռնդուն երգեր: —
Նապայքարող մարտի՞կ: — Դա լեգե՜նդ է,
Որ մռայլ մահով նա հավիտյան հերքեց:

1930. III. 14

Ա. Մ.

Ե՜լ, բարձրացի՜ր դագաղից և կրկի՜ն երևա աշխարհին:
Աներեր, բրոնզյա քո ձեռքով կրկի՜ն մեր ընթացքը վարիր:
Դու կոչված էիր լինելու ղեկավար երկրի ու դարի. —
Քեզ տրված էր ոսկյա՛ մի բեկոր լենինյան վսե՛մ հանճարից: —

1933. IV.15

Մ. Մ.

Արյուն է եղել աշխարհում: — Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՛ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին: —

1929. X. Լենինգրադ

ԽԱՉԱՏՈԻՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ

(Երևան, Աբովյան հրապարակ)

Քո պատվանդանը փոքր է չափազանց: —
Բայց մե՞ծ էր արդյոք հերկը հայրենի,
Որի բարգավաճ գալիքին ընծա
Դու հանճարը քո և կյանքը բերիր: —

1933. V. 30

ԳՅՈԹԵԻՑ

Բարեկա՜մ, անխախտ հասկացի՜ր դու սա. —
Դարում, ուր Ոգին ու Միտքն են հորդում
Լոկ առաջնորդվել կարող է Մուսան,
Բայց ինքը արդեն չի ՜ առաջնորդում: —

1932. X

ՊԱՏԱՍԽԱՆ ԳՅՈԹԵԻՆ

Օ՛, Ոլիմպացի՛, այս աշխարհում երբ
Չեն լինի Ոգու տերեր ա ճորտեր
Կհնձե կրկի՜ն բազմաբեղուն բերք,
Եվ կրկի՜ն, կրկի՜ն ուղիներում մեր
Երգի դիցուհի՛ն մեզ կառաջնորդե: —

1933. IV. 14.

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

Արեգա՜կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե
Փայփայի ՜ր, տո ՜ւր զորություն
Էակին այս, թո ՜ղ բորբ տրոփե
Նրա սիրտը դեռ մաքուր ու թույլ.
Իմաստուն ու բարի ՜ դու. —
Կյա ՜նք, լո՜ւյս, աճում ու բարիք: —

Չհերկած դաշտերում աշխարհի,
Արեգա՜կ, դեռ ինչքա՛ն չարիք,
Րաբբի՜ դու, ուսուցիչ բարի.
Էությամբ քո լցվի՜ր նրա մեջ.
Նվիրի՜ր քո կորովն անշեջ
Ցոլքդ թող երբե՜ք չմարի:

1933. IV. 18

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

Արևի նման բոցվում է,
Րոպե առ րոպե բացվում է
Փոքրի՜կ իմ, սիրո՜ւն իմ մանկիկը.
Էությամբ ամբողջ նա հո՛ւր է,
Նա չքնա՛ղ է, քնքո՛ւշ է, մաքո՛ւր է.
Իմ մանկիկը փա՛յլ է, փրփո՛ւր է.
Կա՞ արդյոք նրա պես անգինը

Չարե՜նց, քո գովքը զո՜ւր է.
Արեգակը, որ բարձրանում է
Րոպե առ րոպե սնում է,
Է՛յ, նայի՜ր, — նրա պես հարյուրը
Ներբողի՜ր քո երգով նրա հուրը,
Ցրելով մտքիդ մրուրը

1933. V. 8

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

Արևի նման փայլո՛ւմ է,
Րոպե առ րոպե քայլո՛ւմ է
Փոքրի՜կ իմ, քնքո՜ւշ իմ մանկիկը,
Էվոլյան քնա՛ր է նրա ձայնը.
Նա անբի՛ծ է, ինչպես վաղորդայնը.
Իմ մանկիկը լուսատու իմ ջա՜հն է.
Կա՞ արդյոք նրա պես անգինը

Չե՛ս գտնի նրա պես մի հուրը.
Արևի նման նա կիզո՛ւմ է.
Րոպե առ րոպե մեծանո՛ւմ է...
Է՛յ, նայի՜ր, նա արդեն խոսո՛ւմ է...
Նայես ի՞նչ է նրա անունը.
Ցանկացողը կգտնի, թե ուզում է: —

1933. V. 8

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Չկա՛ քեզ պես սիրուն մանկիկ, —
Ասում եմ քեզ, իմ դո՜ւստր անգին.
Բայց վաղը, երբ դու մեծանաս,
Աշխուժ վազես, փողոց գնաս, —
Գալու ես ինձ ասես, անգի՜ն.
Դուրսը ինձ պես այնքա՛ն մանկիկ

1933. IV. 19.

N. N.

Դու մեր մեջ ամենից կրտսերն ես, —
Եվ մոխիրի վրա մեր անցյալի
Ուռճանում է քո մեջ ապագայի սերմը՝
Մեր դպրության գալիքը պանծալի: —

1933. IV. 18.

ՄԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ

ՄԻ ԳՐՔԻ ՎՐԱ

Երգերդ աղբյուր են զուլալ՝
Մեր երկրի սրտից բխած:
Դո՜ւ, մեր երկրի՜ պես շռայլ,
Մեր երկրի՜ պես հորդառատ ու բաց:

Կարդալով քո գիրքը անհուն՝
Հավատում եմ Գալիքին մեր վեհ: —
Օ, որքա՛ն է սիրտը վեհանում,
Որ նման երգեր է տվել:
Պայծա՜ռ է մեր երկրի գալիքը,
Օ՛, բերրի հերկերի գուսան: —
Թող հավե՜տ ապրի այս ծաղիկը
Մեր դաշտերում բուսած: —

1933. III. 18

HEINRICH HEINE

Ես սիրում եմ քեզ, Հա՜յնրիխ Հա՜յնե,
Դու մոտիկ ես ինձ չափազանց,
Երգերիդ միջից քո ձայնը
Հնչում է ինձ հա՜ր հարազատ:

Դու մոտիկ ես ինձ, Հայնրի՜խ Հայնե՜,
Թմբկահար, մարտիկ ու պոետ:
Երբ բացվեց հոգուս վաղորդայնը
Սիրեցի նվագները քո ես:

Սիրեցի երգերիդ քնքշությունը,
Երազներդ չքնաղ ու նրբին,
Տխրադեմ, դու մտար իմ տունը՝
Ոսկելար քնարը ձեռքիդ:

Բայց հետո, երբ մի քիչ մեծացա ես
Սիրեցի թմբուկըդ հնչեղ,
Սիրեցի շեփորող քո ձայնը,
Որ գիտե պայքարի կոչել:

Իսկ ապա, երբ ճամփիս ծաղիկները
Փոխվեցին փշերի ու խոցի
Սիրեցի երկմիտ շշուկներդ
Եվ հեգնանքդ, որ նման է բոցի:

Ինչպես դու, — ես է՜լ աշխարհում այս
Ապրում եմ դարում հողմաշունի
Եվ երգերս խնդուն, ես խրում եմ
Հնի սիրտը, ինչպես մի դաշույն:

Ինչպես դուես է՛լ մտքերով իմ
Ապրում եմ գալիքում դեռ չեկած,
Եվ գնում եմ առաջ երգերո՜վ իմ՝
Դեռ գլուխս ներքև չթեքած:

Բայց ուղում իմ, որով ընթանում եմ
Երջանիկ եմ ավելի, քան դու,
Օ, իմ դա՜րն է այսօր, որ տանում է
Ինձ դեպի խոյանք մի անդուլ:

Եվ գալիքը այն, որ, Հա՜յնե,
Մի ցնորք էր հեռու քեզ համար, —
Շողշողում է, ինչպես վաղորդայնը,
Եվ թնդում է շուրջս հիմա:

Բայց էլի՜ ուղին իմ դժվար է
Եվ նման է ուղուն քո վերին...
Ինձ հետ է թեկուզ իմ դարը,
Բայց իմ դեմ է մարդը դեռ հին: —

Նա դեռ կա: — Այսօր է՜լ նա նստել է
Ինքնագոհ, կառչած իր բույնին, —
Եվ նա նո՜ւյնն է, նո՜ւյն ֆիլիստերը՝
Չնայած դիմակի գույնին:

Օ՛, պաշտում է այսօր նա գույնը,
Իսկ միջուկըատում է հոգով:
Նա ատում է սերը, քնքշությունը,
Իր հույզերը կապում է թոկով:

Նա մոլի ձաղկող է, ուղղափառ է,
Խուզարկու է հոգու ու սրտի,
Նա սիրում է միայն գաղափարը,
Պայմանով որչլինի խրթին:

Ամենից առաջ քննադատ է
Նա այսօր, — ես ծանոթ եմ նրան.
Նա սիրում է դնել իր թաթը
Իմ գրքերի վրա:

(Քո մասի՜ն է միայն իմ խոսքը,
Օ, կարմիր հագած ֆիլիստե՜ր,
Եվ ոչ թե նրանց, որ իրոք
Մեզ ասում են լենինյան խոսքեր):

Նա լսել է, որ այսօր պոետը
Նախ մարտիկ է, քաղաքացի, —
Թ՝ե վարդի մասին խոսես հետը
Նա քեզ կտա քացի:

Բայց, չնայած սրան,
Նա ինքը կյանքում
Սանտիմենտալ է այնքան,
Որ սիրուց տնքում է անքուն:

Նրա շուրջը եռանդով անդուլ
Կառուցում են մարդիկ կոմունիզմ, —
Գիշերները նա Վերլեն է կարդում,
Ցերեկներըհայհոյում է ինձ:

Դեռ նա կա այսօր, դեռ նա կա,
Եվ հոդված կամ ռեցենզ գրելիս
Նա սիրում է բառը «հակա»՝
Չափի՛ց ավելի...

Իր վարքովչափազանց նա անսանձ է,
Կհաներ նա ինձ կախաղան,
Թե չզսպեր նրանղեկավարի սանձը,
Որ միակ զսպիչն է նրա:

Այդ նա է միայն, որ նստել է
Կոկորդին իմ ու թորում է թուքն: —
Այդ կարմրազգեստ ֆիլիստերը,
Իմ դահիճը այդ մշտարթուն:

Իհարկե, ունեմ մեղքեր ես,
Ուրանալն այդանշուշտ անհեթեթ է, —
Բայց գիտեմ, որ թեթև են մեղքերս,
Քանզի եսպոե՜տ եմ:

Եվ ինչպես ուսուցիչը մեր մեծ
Ներում էր քո բոլոր մեղքերը, —
Գիտեմ, որ ինձ էլ կներե
Դասակարգըիմ փոքրիկ հանցանքները:

Նա հաղթող է այսօր, նա մեծ է,
Օվկիա՛ն է նա մի ընդարձակ, —
Նրանո՜վ է, որ ես մնացել եմ
Դեռ դահճիս ձեռքով չհնձած:

Չլիներ թե նրա հաղթությունը
Իմ դահիճն ինձ վաղո՛ւց էր կերել,
Եվ դարձել էր արդեն իմ անունը
Ոտնակոխ արված մի տերև:

Բայց կարո՞ղ է նա այդ անել:
Ո՜չ: Նա չի՜՛ այսօր կյանքի հիմը:
Բարձրանում է աշխարհ մի անեզր,
Որ քո՛նն է անշուշտ և ի՜մը:

Следующая страница