Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն, ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով Նաիրյան ռազմիկները տասը վերստ հետ են քշել թշնամուն և գրավել միանգամայն կայուն դիրքեր: Ավելին՝ տեղեկության մեջ ասված էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն և քշեն թշնամունմինչև Հայտնի Քաղաքը: Կարդաց Մազութի Համոն այդ հաղորդագրությունը, և նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին, կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, կարծես սրբեցին ջնջոցով. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ: Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ մի խուճապ. շրջանից Փախածներն ու վերի թաղեցիք ամեն ինչ հավաքել՝ պատրաստվում էին գաղթի, հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին, քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, և մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնված: Թե ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանումանհնարին է նկարագրել: Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը, տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բաբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել: Մարդիկ կոխոտում էին իրար ու իրարու վրայով սողալով առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին. մայրերն ամբոխի գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք ևս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված: Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, և նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար, սարսափից խելագարված, ամբոխը: Տղամարդիկ ծեծում էին իրար. կանայք ճանկռտում էին տղամարդկանց դեմքերը, և այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը: Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք և առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նաիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր: Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել. ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե՛ արտակարգ փափախավորներին և թե՛ նրանց հովանավորած պատկառելիներին: Անասելի, այո՛, աներևակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներևակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում քաղաքում: Քաղաքում ծայր էին առել հրդեհները: Քաղաքից հեռացող նաիրցիները, նաիրասիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան: Տեղական իշխանությունը գուցեև դեմ լիներ նաիրասիրության նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե՛ս ասում են՝ խելքը գլխին լիներ: Բայց նրա խելքը գլխին չէր, և ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նաիրասիրական բարձր զգացմունքը: Բայց այդ չէ զարմանալին. տներն ու խանութներն այրում էին, ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը. բայց ո՞վ էր այրում հիմնարկությունները: Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնարկությաններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երևակայո՞ւմ եք իրա, Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր պահեստներում նավթ և Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո ազատ ժամանակ չլինելու պատճառով: «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում) — և Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն և հրդեհի լուրն ստանալուն պես հրամայել էր, ինչ գնով էլ լինի հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մխացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններ ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո՛ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն «ընկերության» շենքը, հետոմիլիցիատունը: Եվ, ասում են, դրանցից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նաիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նաիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում և լցնում քաղաքի փողոցները նաիրասիրական յուրօրինակ մի արտահայտությամբ, այսինքն հրով ու ծխով: Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացավ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը: Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Համոն, որը որոշում կայացրեց՝ 1) Գերագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթևեկությանը: Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել և ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ փափախավորներ ուղարկեց` խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու, կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու): Այդ կարգադրություններին զուգընթաց՝ քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով ևս ազգի ժողովրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհրդի համարյա բոլոր անդամները. ոչ Գեներալ Ալոշը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ Էֆենդին և ոչ էլ մյուսները, վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ, — այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ: Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն: — Այ՜ո , ի՞նչ պիտի աներ: — Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն. Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը և գնալ տուն՝ հանգստանալու, և Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը և որոշեց տուն գնալ՝ հանգստանալու: Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը. ուղեղը նվում էր հոգնությունից, և, հոգնությունից, ուղեղում նվում էր... Նաիրին: Հարկավոր էր քնել, հանգըստանալ, — և արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը», գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղովնային և Սևաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, Նաիրյան հոգսերով ծանրաբեռնված, ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից: — Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով, հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը... «Քշի՛ր բերդը» — հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում. գլուխը ձեռքերի մեջ առավ քնեց...

Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետև այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից և ռազմաճակատից ստացված որախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու սրտապնդվել,— լսեց հրացանների տրաքտրաքոց և թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ: Ոչ մի ուժ այլևս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին: Հսկա, տասնյակ և հարյուր հազարավոր գլուխներով հաշվվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու: Քաղաքի տները մեկը մյուսի հետևից սկսեցին վառվել, և այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները: Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետև ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը և դեռ հնարավոր էր փախչել: Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլևս ոչ մի իշխանություն: Գերագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները: Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք ևս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում: Բայց, չնայած դրան, քաղաքը լեփլեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...». ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին: — Տելեֆոն Սեթոն ևս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի և նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը և իր «չոլուխ-չոճուղը» հավաքած բռնեց կայարանի ճամփան: Հարկավոր է ասել, որ մինչև սրճարանն այրելը, մինչև վերի թաղը վազելը և «չոլուխ-չոճուղը» հավաքելը բավականին ժամանակ անցել էր արդեն, թաղեցիք համարյա բոլորն էլ արդեն հեռացել էին, այնպես որ, եթե չհաշվենք ուրիշ մի քանիսին, որ այնպես էլ վերի թաղում մնացին, Տելեֆոն Սեթոյի թափորը վերջինն էր, որ հեռանում էր այդ թաղից: Վերի թաղեցիք փախել էին քաղաքից խճուղու ճանապարհով, այնինչ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարանով գնալ, հույս ունենալով, որ «վերինի օգնությամբ» իրենց կհաջողվի գնացք նստել: Եվ նրան, Տելեֆոն Սեթոյին, ինչպես և «չուախչոճուղին», Քոռ Արութին ու Մեռելի Ենոքին, հաջողվեց գնացք նստել, և այդ աներևակայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրա, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ: Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղին կայարանից բավականին հեռու կայարանին հակառակ ուղղությամբ: Եվ հենց այս էր պատճառը, որ նրանց հաջողվեց գնացք նստել: Արդեն կեսօր էր, հրացանների տրաքտրաքոցը և թնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը, թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մի մեծ բոխչա գրկած, վազում էր նրա «օղլուշաղը», հետևից վազում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի հետևիցՄեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վակզլի թյուքանը», այսինքն մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի երկու գրվանքաքարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը: Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին և ճիշտ իրենց առաջ կանգնած տեսանգնացքը, գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից և ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ: Ստի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը և, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էրհետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնելՀաջի Մանուկոֆ էֆենդին և վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երևում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները (« — էլ ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար») — որոշել էին իրենք ևս միանալ ընդհանուրին: « — Տուր՝ տեսնիմ պզտիկդ» — ասաց Հաջին Սեթոյին, և Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան, հետո վարսավիր Վասիլի օգնությամբ բարձրացրին և Սեթոյի օղլուշաղին: Մնացին իրենք: «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք» — խորհուրդ տվեց Հաջին, որովհետև իրենց մոտ ոչ միայն դրանց, այլև ասեղի տեղ չկար: Գնացին, երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն բուֆերների վրա. կանգնեցին կողք-կողքի՝ մի-մի ձեռով իրարու բռնած, մյուս ձեռներով՝ իրենց ապրանքը: Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց: Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ Նաիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքըտրաք-տրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից: Թշնամին, ինչպես երևում էր, արդեն մոտեցել էր բերդին: զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը և Մեռելի Կնոջը, ինչպես և այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած նայում էին բերդին: Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՛, մերո՞նք ընչի չեն կրակե...» — ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած: — Բայց նրան, ավա՛ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ, երկու վայրկյան չանցած, ի՛նքը, Քոռ Արութը չկար: Եվ ոչ միայն ինքը, այլև իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը: Եվ ահա թե ինչու: — Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց. գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը, այդ վայրկյանին երկրորդ անգամ, ետ ցնցվեց գնացքը, խուրջինը պոկվեց Քոռ Արութի ձեռից. ընկնող խուրջինի հետևից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը. չբռնեց, կորցրեց հավասարակշռությունը... ընկավ: — «Յա», Հարութ...» — վախեցած ու լացակումած կանչեց նրա հետևից Մեռելի Ենոքը. — ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը, չբռնեց, կորցրեց հավասարակշռությունը... ընկավ, ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի և Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը Նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ...

Եվ այսպես Քոռ Արութի ու Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը Նաիրյան այդ քաղաքից, և թշնամին, ոսոխը, մտավ քաղաք: Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո Նաիրյան այդ քաղաքում, որովհետև դա վեր է մեր կարողությունից, կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ և սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից: Բայց այս չէ էականը, ընթերցո՛ղ, էականն այն է, որ, բացի ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացին, — և սա էր ամենաէականն ու սարսափելին,— ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչըբժիշկը, և Մազութի Համոն... Մինչև վերջին վայրկյանը նրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում և հենց Բերդում էլ գերի էին ընկել ոսոխին, — ընկել էին թշնամու արյունարբու ձեռքը: Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից, — այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ, հանձնել էր նրանց հորդաների ձեռքը, — որոնք ևերևակայո՞ւմ եքկախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչինբժիշկին ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որօ՛, ճակատագրի անօրինակ հեգնանք, — իրա, ընկ. Վառոդյանի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք ևս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները: Դեպքը պատահել է մոտավորապես այսպես: Բերդը մտնելով, ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, Նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկռտելիս: Տեսնելով Նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել և մեծագույն շուքով տարել քաղաք: Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, և նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը և ցավակցություն հայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՛ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը և Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք և կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց: Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից բժշկին, իսկ մեջտեղիցիրան, Մազութի Համոյին,— և սա չէ դեռևս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին: –Ամենազարհուրելին և ամենաքստմնելին այն, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերևը,— ու գրում վրան, երևակայո՞ւմ եքՆաիրյան տառերով.

որ նշանակում է`

«Մազութի Համո՝ Արքա Նաիրի»:

……………………………………………………

……………………………………………………

ՎԵՐՋԱԲԱՆ

Ահա և ամբողջը, ընթերցո՛ղ, ահա և մեր սույն պոեմանման վեպը, որը, վերջին հաշվով ոչ թե վեպ դուրս եկավ, այլ «այլակերպ» մի բան: — «Այլակերպ» բառն առնում ենք չակերտների մեջ, որովհետև այդպես պիտի ասեր սույն այս վեպիս մասին մեզ բավականին ծանոթ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ հայտնի անգլիախոս նաիրցին, եթե նա կենդանի լիներ և սույն այս վեպս կարդար: Այո՛, այսպես պիտի ասեր Հաջին, և մենք միանգամայն համամիտ պիտի լինեինք նրան, որովհետև նա, իբր հմուտ անգլիախոս և պատկառելի նաիրցի, հարց պիտի դներ սույն այս վեպիս ձևի ոչ ամբողջական լինելու, նրանում վեպի էլեմենտար կանոնների բացակայության և հազար ու մի այլ թերությանց մասին, ու մեր բազում քանքարավոր քննադատներին ի խրատ պիտի հիմնավորեր իր կարծիքն իր հմուտ անգլիախոսությամբ և պատկառելի... նաիրասիրությամբ... Բայցավա՛ղ, ավա՛ղ,— մեր ստացած ստույգ տեղեկությանց համաձայն՝ կենդանի չէ այլևս Հաջի Օնիկ էֆենդին, ուստի թողնենք ձեր խնդիրը և անցնենք բովանդակությանը, այսինքն մեր առաջադրած այն հիմնական հարցին, թե ո՞րն է, վերջապես, Նաիրին: —

Ընթերցո՛ղ:

Վաղուց հետե մեր գրականության, մանավանդ բանաստեղծության մեջ չկա՛ մի բառ, որ ավելի հոլովվեր, քան «Նաիրի» գոյականը, բայց, չնայած դրան, մինչև իմ սույն այս պոեմանման վեպը, մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում և ոչ մի Մանուկ Աբեղյան, որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ, — և ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով և գլխի ընկա, որ «Նաիրի» բառը ոչ թե գոյական է, այլեթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել– «մազութի Համոյական»... Երևակայում եմ, թե ինչպե՜ս պիտի ծիծաղի Մանուկ Աբեղյանը, երբ իմ այս քերականական նոր տերմինս կարդա, ոչ, չպիտի ծիծաղի, բարկանա պիտի նա, եթե այս տերմինս կարդա, բայց մենք չենք բարկանա նրա վրա, որովհետև մեր գործը չէ քերականությունը, և իր, Մանուկ Աբեղյանի անփութության շնորհիվ է, որ ինձ պես համբակները զբաղվում են քերականությամբ: — Մյուս կողմից, կարծում ենք, որ մեզ վրա ևս բարկանալու այնքան էլ հիմք չպիտի ունենա նա, քանի որ մեր, համբակիս, կարծիքով՝ «Նաիրին», իբր քերականության ենթակա մի հանգամանք, այսինքն իբր բառ գոյություն ունենալուց առաջ վաղուց արդեն գոյություն է ունեցել մի շարք ավելի քան պատկառելի մարդկանց մեջ (կարդա սույն վեպս), որպես ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նման դեպքերում, ինչպես գիտեք, քիչ գործ ունի անելու լեզվագիտությունը, այստեղ, կարծում ենք, արդեն բժիշկ է հարկավոր, անդամահատական աքցան կամ լանցետ և ոչ թե քերականություն... Թող ներեն ինձ բժիշկները, եթե գտնեն, որ չի կարելի ուղեղային մորմոքը ու սրտի հիվանդությունը հանել մարդկանց միջից աքցանների ու լանցետների օգնությամբ. — բժիշկ չենք մենք, ընթերցող, և ոչ էլ, դժբախտաբար, կենդանի է սույն այս վեպիս մեջ քանիցս հիշատակված դոխտուր Արշակը, որ նրանից կարծիք հարցնենք: — Բայց ի՛նչ էլ լիներ դոխտուր Արշակի կարծիքը՝ մի բան պարզ է մեզ համար, և այդ պարզ բանն այն է, որ վաղուց արդեն պատմությունը, այդ, կարծում ենք, ավելի հանճարեղ բժիշկը, քան դոխտուր Արշակը,— պրակտիկայում կիրառել է վերոնիշյալ միջոցը և չենք կարծում, որ պատմության այդ վարձերն ապարդյուն են անցել, արյուն, ճիշտ է, շատ է հոսել, սակայն կենդանի մնացածներից շատերն արդեն աղզատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից և այսօր իրենց երկիրն են շինումմի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետև այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործ ունեն հոգի ու աշխատանքի հետ և ոչ թե այն հռչակավոր, մենք կասեինք՝ «նաիրոմազութիհամոյական» գարու, որ, ըստ Նաիրյան անեկդոտի՝ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում... Ահա և բոլորը:

ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ

Իրերի դժբախտ բերումով ես առիթ ունեցա մոտ վեց ամսվա ընթացքում բավականին ծանոթանալու Երևանի Ուղղիչ Տան կյանքին, և այժմ ես ուզում եմ նկարագրել այդ հետաքրքիր վայրը, որը թեկուզ կա, գոյություն ունի և ապրում է մեր աչքի առաջ իր յուրօրինակ կյանքով, սակայնես համոգված կարող եմ այս ասելոչ միայն լայն մասսաները, այլև հասարակական կյանքով ապրող մահկանացուների գերազանց տոկոսը ոչ մի հասկացողություն չունի այդ աշխարհի մասին: Իմ ստացած տպավորությունները ես այժմ գրի եմ առնում «հիշողությամբ», որովհետև, դժբախտաբար, ժամանակին հնարավորություն չեմ ունեցել գրավոր «նյութեր հավաքելու», ինչպես այդ անում են հմուտ գրականագետները, երբ ընկնում են որևէ արտասովոր աշխարհ: Աներաժեշտ է ասել նաև, որ ես այստեղ պատմելու եմ միմիայն «տպավորություններ» և բնավ հավակնություն չունեմ զբաղվելու խորհըրդային կյանքի այդ, ես կասեի զարմանալի անկյան ուսումնասիրությամբ: Այս իմաստով իմ դիտողությունները կունենան անշուշտ բավականին սուբյեկտիվ բնույթ, սակայն ես մխիթարում եմ ինձ այն հույսով, որ դրանք զուրկ չեն լինի որոշ «մարդկային» հետաքրքրությունից: Բացի այս իմ տպավորությունները ես գրի եմ առնում այժմ սեփական հաճույքի համար, քանի որ ինձ քաղցր տխրություն է պատում յուրաքանչյուր անգամ, երբ ես հիշում եմ Երևանի Ուղղիչ Տունը և այն հասարակ մարդկանց, որոնք բավականին ժամանակ ինձ ընկերներ եղան այդ թեկուզև զարմանալի ու յուրօրինակ, բայց այնուամենայնիվ փակ աշխարհում...

I. Մուտքը, ձանձրույթը, Մնոյի քամանչան և հանելուկային ծափահարությունները

1926 թ. սեպտեմբերի 5-ի գիշերը, ժամը 12-ին, քրեական բավականին ծանր մի հանցանքի համար ես ձերբակալվեցի և տարվեցի Երևանի միլիցիատան քրեական բաժինը: Ուղիղ մի շաբաթ այդտեղ մնալուց հետո, մի քամի ու փոշի երեկո, Երևանի միլիցիապետի ուղեկցությամբ ես տեղափոխվեցի Ուղղիչ Տունը, որ գտնվում է այսպես կոչված «Նոր կայարարանի » դիմացը, զորանոցների կողքին:

Հարկավոր է ասել, որ ես մինչև այդ ոչ մի հասկացողություն չունեի մեր ուղղիչ տների մասին, ոչ մի անգամ չէի եղել նրանցում: Գիտեի միայն, որ նախկին բանտերը մեզանում վերածված են հիմա ուղղիչ տների, իսկ թե ի՛նչ են ներկայացնում նրանք իրենցից՝ այդ մութ էր ինձ համար այնքան, որքան մութ ու անհրապույր էր այն երեկոն, երբ միլիցիատան կառքը կանգ առավ Ուղղիչ Տան փակ դարբասների առջև, և ես կառքի լապտերի աղոտ լույսի ներքո կարդացի ձախ կողմից փակցրած քառակուսի ցուցանակը. —

Ն.Գ.Ժ.Կ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆ

Դարբասի փոքրիկ դռան վերևը կար մի երկաթյա թակոց, որով և միլիցիապետը թակեց Ուղղիչ Տան դուռը, Բախումից անմիջապես հետո դռան ձախ կողմից բացվեց մի փոքրիկ պատուուհան, որի միջից երևաց զինվորականի գլխարկով մի դեմք: Ցած ձայնով ասվեցին ինչ-որ խոսքեր, որից հետո դուռը բացվեց, և մենք մտանք Ուղղիչ Տունըառաջ ես, հետո միլիցիապետը: Կյանքի այլ պարագաներում առաջինը մտնելը նշան է հարգանքի, իսկ այստեղ այդ, իհարկե, մի քիչ այլ իմաստ ուներ, իբրև մարդկային հարաբերություն... Այս ամենը թողեց ինձ վրա ծայր աստիճանի ծանր, ճնշող տպավորություն. — մշուշոտ, վայրկենական զառանցանքի նման մտքիցս անցավ Ֆյոդոր Դոստոևսկու «Մեռյալ տունը», և ինձ թվաց, թե կյանքը, աշխարհը, իմ բոլոր կապերն ու ծանոթությունները, անգամ արևն ու կապուտակ երկինքը մնացին մեր հետևից փակված դարբասի այն կողմը, իսկ թե ի՜նչ էր ինձ սպասում դարբասի այս կողմըայդ մութն էր դեռ ինձ համար և այդ մթությամբ` ճնշող ու անձկալի:

Դեպի ձա՜խ, — կարգադրեց միլիցիապետը, և մենք շուռ եկանք դեպի ձախ և մտանք Ուղղիչ Տան հիվանդանոցը, ուր ինձ հատկացվեց այսպես կոչված «մեկուսացման սենյակներից» մեկը: Միլիցիապետը գլուխ տվեց և հեռացավ, դուռը փակվեցև ես մնացի ինքս ինձ հետ` մեկուսացման սենյակում: Դա մի փոքր սենյակ էր, ուր դրված կար մի երկաթյա մահճակալ և մի նստարան: Մի բան, որ ծայր աստիճանի ճնշող ազդեցություն է ունենում ինձ վրափոքրիկ սենյակներն են: Չգիտեմ ինչու, ես սիրում եմ սրահանման, կամ սարայանման սենյակներ` առանց կահավորության: Մի մահճակալ, մի նստարան, մի գրասեղանայս է եղել իմ ամբողջ երազանքը կահավորության ասպարեզում: Այնպես որ այս տեսակետից ես այնքան էլ դժգոհելու իրավունք չունեի. — պակասում էր միայն գրասեղանը, այն էլ հույս ունեի մյուս օրը խնդրելու: Ապա այդ սենյակն ուներ մի այլ հարմարություն ևս, որը կիսով չափ բռնում էր նրա հիմնական պակասության, փոքրության, տեղը: Դածայր աստիճանի բարձր առաստաղն էր, — մի բան, որ նույնպես պատճառում է ինձ անասելի բավականություն: Միլիցիապետի հեռանալուց հետո ես առաջին հերթին չափեցի սենյակի մեծությունը. — 8 քայլ երկարություն, 4 քայլ լայնություն: Հետո նայեցի լամպինբարձր էր կախված: — Այնքան, որ նույնիսկ նստարանի վրա կանգնած ամենաբարձրահասակ մարդը չէր կարող հասնել: «Հարկավոր է լամպը մի փոքր իջեցնել, որպեսզի հնարավոր լինի պարապել» — մտածեցի ես, սակայն հետո իմացա, որ լամպը դիտմամբ է բարձր կախված. ո՞վ իմանա ի՜նչ կալանավորներ են ընկնում այս «մեկուսացման սենյակը». տրամադրության վատ ժամանակ կարող են իրենց վնասել... Մոռացա պատուհանը. — սենյակն ուներ մի բավականին մեծ պատուհան, որ նայում էր դեպի բակը: Չգիտեի՝ գիշերը կարելի է բանալ, թե ոչ: Եվ քանի որ նման տեղերում մարդ ավելի շուտ տրամադրվում է արգելված բաներ ենթադրելորոշեցի, որ, երևի, արգելված է, և իմ պատուհանից բացվող տեսարանի ուսումնասիրության խնդիրը թողի հետևյալ օրվան, երբ հիմնովին կծանոթանամ Ուղղիչ Տան ներքին կանոնադրությանը:

Ահա՛ և Ուղղիչ Տունը, — մտածեցի ես սենյակն ուսումնասիրելուց հետո, նստեցի մահճակալի վրա և սկսեցի նայել դիմացի պատին: Լուռ էր. ոչ մի ձայն: Ժամը կլիներ երեկոյան յոթը, և ես չգիտեի, թե ինչպե՜ս պիտի լուսացնեմ այդ անտանելի գիշերը: «Լավ, — մտածում էի ես, — ենթադրենք այս գիշեր մի կերպ լուսացրիբա վա՞ղը, մյուս օ՞րը, և ո՞վ գիտե, թե քանի՜, քանի՜ այսպիսի գիշերներ»: Ծանր, քարի նման, իջավ իմ կրծքին ու ճնշեց իմ սիրտը մարդուս ամենամեծ թշնամին աշխարհումձանձրույթը: Կարելի է ընտելանալ տըխրությանը, անգամ սիրել տխրությունը, կարելի է սիրել անհուսությունը և թախիծը, — բայց ընտելանալ ձանձրույթին՝ դա նշանակում է ընտելանալ մահվան: «Իսկ, հետաքրքիր է, ի՞նչ է կատարվում այնտեղայն մյուս կորպուսներում, կամերաներում» — մտածեցի ես, զգալով, որ միտքս սկսում է արդեն ելք փնտրել մահացու ձանձրույթից: Ու բնազդով վեր կացա, մոտեցա պատուհանին, բաց արի պատուհանը: Եվ այն, ինչ բացվեց իմ աչքերի առաջ և հասավ իմ լսողությանը՝ թողեց ինձ վրա մի այնպիսի տպավորություն, ինչպիսի տպավորություն կարող է թողնել, ինչպես ենթադրվում է ընդհանրապես, անջուր անապատն ընկած բեդվինի վրա կանաչ օազիսը: Բաց պատուհանի միջից ես տեսա դիմացը մի շարք լուսավոր պատուհաններ և այդ պատուհաններից իմ ականջին հասան երգի, մանդոլինի, սրինգի, քամանչի և բարձր խոսակցության ու ծիծաղի ձայներ: Այդ բոլոր ձայների միջից ամենից հմայիչն էր սակայն քամանչի կրծքային, թավ ձայնը, որ քսվում էր սրտիս, ինչպես վիոլոնի քաղցրաթախիծ նվագ: Քամանչի ձայնը գալիս էր հենց դիմացի պատուհանից, առաջին հարկից,— իսկ մյուս ձայներըերկրորդ հարկից: Ինձ բավականին տարօրինակ և անհասկանալի թվաց այն, որ վերի հարկի պատուհաններից մի քանիսում լույսը կրկնակի վառ էր, քան մյուս պատուհաններինը: Ինչո՞վ բացատրել այդ: Եվ ապա՝ ինձ բավականին շփոթեցրեց և մի այլ Հանգամանք. — երգի, մանդոլինի և սրինգի ձայները գալիս էին ոչ թե անմիջապես վերի պատուհաններից, այլ խորքից. պարզ էր, որ նվագում ու երգում էին ոչ թե հենց այդ պատուհաններն ունեցող կամերաներում, այլ ավելի դենը, ներսում: Այնինչ միանգամայն որոշ էր, որ քամանչա նվագում են ներքեվի հարկի հենց այն կամերայում, որին պատկանում է դիմացի պատուհանը: Ես դեռ այս մտքերով էի զբաղված, երբ վերևում հանկարծ նվագն ու երգը դադարեցև իմ ականջին հասավ... մի բուռն ծափահարություն... Միանգամայն պարզ էր, որ ծափահարում է ոչ թե մի կամերայի բնակչությունասենք մի 1520 մարդ, այլ շատ ավելի հոծ, բազմամարդ հասարակություն: Այս բոլորն ինձ համար մութն էր դեռ, համարյա հանելուկ: Ես զանազան ենթադրություններ էի անում: Երևի հավաքվել ուրախանում են մի մեծ կամերայում, կամ միջանցքում, — մտածում էի ես, երբ հանկարծ ծափահարությունները դադարեցին և վերևի հարկում տիրեց մեռելային լռություն: Ներքևի հարկում միայն, դիմացի կամերայում, դեռ քաղցր լալիս էր իր արևելյան տխրությունը մանկահասակ աղջկա կրծքային ձայնով աներևույթ քամանչան– — և ես զգում էի, որ չկա արդեն այն անտանելի ձանձրույթը, որը մի վայրկյան առաջ սպառնում էր ինձ խեղդել, որ նա արդեն փոխվել է իմ սրտում մի անուշ տխրության... Այդպիսի տխրություն է պատում մարդկային սրտին գարնանային առավոտները, երբ մարդ ելնում է դաշտ ու նայում դեպի հեռուները տանող ճանապարհներին: Եվ ոչ թե ծանր ու ճնշող, այլ թեթև ու հեշտ է այդ տխրությունը, որովհետև նրա միջով մարդ խորը, խորը ճաշակում է կյանքի անհունությունն ու անեզրությունը, զգում է, որ անսահման է կյանքը և կրում է իր մեջ դեռ անհուն ու անսպառ գանձեր ու կարելիություններ: Եվ թող պարադոքս չթվա, եթե ասեմ, որ ըստ էության խորը օպտիմիստական է այդ տխրությունըայդպիսի՛ ահա խոր օպտիմիստական տխրությամբ է համակված և Բեթհովենի հերոսական երաժշտությունը, որն այնքան սիրում էր Վլադիմիր Իլյիչ Լենինը... Հենված իմ «մեկուսացման սենյակի» պատուհանի գոգին՝ ծարավ ալկոհոլիկի նման ես խմում էի դիմացի պատուհանից սուրացող քամանչի տխրությունը, երբ վերևի պատուհաններից կրկին լսվեց մի բուռն ծափահարություն և, միևնույն ժամանակ, բացվեց իմ սենյակի դուռը և ներս մտավ հիվանդանոցի ծառայողը:

Թեյ ուզո՞ւմ եք, — ասաց նա մոտենալով և, ժպտալով, ավելացրեց. — Պատուհանը չի կարելի երեկոները բանալ. արգելված է:

Следующая страница