Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Ի՞նչ ծափահարություն է, — առանց այլևայլության, առանց պատուհանը փակելու, հարցրի ես նրան և ցույց տվի դիմացի պատուհանները,— և ինչո՞ւ է այնտեղ լույսն ավելի պայծառ, քան մյուս կամերաներում:

Այնտեղ Ուղղիչ Տան կուլտբաժինն է, — պատասխանեց ծառայողը,— այսօր «կենդանի լրագիր» է:

Հիվանդանոցի ծառայողի այս խոսքերից հետո ինձ միանգամայն հասկանալի դարձան թե՛ երգը, թե՛ նվագը, թե՛ ծափահարությունները և թե՛ դրանցից հետո տիրող երկար լռությունը:

Իսկ ո՞վ է նվագում քամանչենայնտեղ, — ցույց տվի դիմացի պատուհանը:

Մեր կալանավորներից է, Մնոն էշատ լավ կնվագե, չէ՞...

Շա՛տ լավ, ընկե՛ր, ավելի՛ քան լավ... Իսկ մինչև ե՞րբ կարելի է նվագել...

Մինչև երբ որ ուզենկուզեն թող մինչև լույս նվազեն...

Թեյ չեմ ուզում, — ասացի ես ծառայողին, — ավելի լավ է թույլ տվեք, որ պատուհանը բաց մնա...

Եվ մենք գաղտնի համաձայնության եկանք, որ ես պատուհանը կիսաբաց կթողնեմ, բայց չեմ մոտենա ու չեմ կանգնի պատուհանի առջև: Հետո նա դուրս գնաց և դուռը ծածկեց:

Այստեղ այնքան էլ մռայլ չէ, ինչպես մտածում էի ես, կամ ինչպես եղել է քեռի Դոստոևսկու «Մեռյալ տանը» — ասացի ես ինձ և, պառկելով մահճակալի վրա, սկսեցի լսել Մնոյի երաժշտությունը: Այդ երեկոիմ Ուղղիչ Տուն մտնելուս առաջին երեկոնես երկար լսեցի այդ նվագը, և այդ նվագն ինձ համոզեց, որ դեռ չի վերջացել կյանքը, որ անսպառ է նա ու անհուն և կրում է իր մեջ անթիվ ու անսպառ բույրեր ու կարելիություններ: — Շնորհակալություն Մնոյին: Եվ այն հիվանդանոցային ծառայողին, որ բաց արեց իմ առջև վերևի հարկից եկող նվագի ու ծափահարությունների գաղտնիքը: «Այստեղ էլ մարդիկ են ապրում, ինչպես դուրսը, և, ինչպես երևում է, ունեն, ինչպես դուրսը, ապրելու և ուրախանալու բոլոր հնարավորությունները» — ասացի ինքս ինձ և պառկեցի քնելու:

Իսկ հետևյալ առավոտ ես արթնացա բավականին հանգիստ տրամադրությամբև այդ օրվանից իմ առջև սկսեց հետզհետե բացվել միանգամայն անծանոթ, աներևակայելի, իր յուրօրինակությամբ և անսպասելիությամբ համարյա զարմանալի մի աշխարհ...

II. Ծաղկանոցը, Ուղղիչ Տան պետը, արհեստանոցները և կալանավոր կանայք

Հետևյալ առավոտ արթնանալիս ես այն զգացումն ունեի, որ մի լավ բան կար երեկ գիշեր քնելուս վայրկյանին և այդ «լավ բանը» ինչ գնով էլ լինի հարկավոր է հիշել: Ու հիշեցի իսկույն ախ, հա՛, Մնոյի նվագն էր և վերևի ծափահարությունները...

Շտապ հագնվեցի և առաջին հերթին լայն բաց արի պատուհանը և նայեցի... Եվ այն, ինչ որ բացվեց իմ աչքերի առջևես չեմ մոռանա երբեք, ինչպես մարդ չի կարող մոռանալ իր կյանքի ամենապայծառ վայրկյանները: — Պարզ, անամպ առավոտ էր, կապույտ երկինք: Իմ պատուհանից մինչև դիմացի կորպուսը բավականին ընդարձակ, մաքուր մի բակ էր և այդ բակի մեջտեղը, իմ պատուհանից դեպի ձախ, ուր բակը ավելի էր լայնանումփռված էր իմ դեմ մի փոքրիկ, բայց զարմանալի գեղեցիկ ծաղկանոց: Գուցե ոչ մի առանձին բան չկար այդ ծաղկանոցում, գուցե դրսի աշխարհում նա չթողներ իմ վրա և ո՛չ մի տպավորություն, բայց այստեղ, Ուղղիչ Տան պատերի ներսում, ուր ես սպասում էի տեսնել գորշ պատեր ու մռայլ ամայություն, — այստեղ այդ փոքրիկ ծաղկանոցը թողեց ինձ վրա անասելի պայծառ տպավորություն: Նրա շուրջը, ինչպես և բակի այլ տեղերում, դրված էին ցածլիկ, երկարավուն նստարաններ: Մի քանի կալանավորներ նստած դրանց վրա գիրք կամ թերթ էին կարդում, մի քանի ուրիշները շրջում էին բակում ու զրուցում: Յուրաքանչյուրն իր զգեստներով, քաղաքացիական հագուստով, այնպես որ մի վայրկյան եթե մոռանալու լինեիք Ուղղիչ Տան պատերը` կարող էր թվալ` թե ազատ քաղաքացիներ են քաղաքային բուլվարում: — Ես դեռ հափշտակված նայում էի այդ փոքրիկ ծաղկանոցին և ագահաբար շնչում առավոտվա թարմ օդը, երբ սենյակիս դուռը բացվեց և ներս մտավ ինձ անծանոթ մի անձնավորություն: Ես հեռացա պատուհանից և ընդունեցի նրա բարևը:

Երեսունհինգին մոտիկ, միջահասակ, լայնաթիկունք, ժամանակից առաջ կիսասպիտակած մազերով: Բաց դեմք: Առաջին հայացքից կարելի է ասել, որ բանվոր է եղել, բայց վաղուց թողել է բանվորությունը: Հագուստը՝ սովորական խորհրդային ծառայողի հագուստ: Քաղաքացիական շալվար, նույն գույնի բլուզ: Զենք չունի:

Նա սեղմեց ձեռքս և ասաց իր ազգանունը: Ես լսել էի, որ այդպես է Ուղղիչ Տան պետի ազգանունը և անմիջապես, օգտվելով առիթից, հարցրի՝ ցույց տալով պատուհանից երևացող բակը.

Ինձ կարելի է այնտեղ...

Ոչ, չի՛ կարելի, — ասաց նա հանգիստ՝ ուղիղ նայելով աչքերիս. — այնտեղ քաղաքական կորպուսն է: Ձեզ կարելի է գնալ քրեական կորպուսի բակը, որը ոչնչով վատ չէ դրանից:

Եվ անսպասելի ժպտաց:

Իսկ ո՞ր ժամերին:

Երբ որ կամենաք: Առավոտից մինչև երեկո թե՛ կամերաների, թե՛ կորպուսի դռները բաց են: Բակ չի կարելի դուրս գալ միայն Ժամը երեկոյան 7-ից հետո, իսկ մինչ այդ կալանավորներն ազատ են: Իսկ գիշերները փակվում են միայն կորպուսի դռները, կամերաների դռները երբեք չեն փակվում: Երեկոները կալանավորները մինչև ժամը 12-ը կարող են գնալ կուլտբաժին, եթե կա ներկայացում կամ կենդանի լրագիր, իսկ եթե ներկայացում-բան չկա՝ մինչև ժամը 910-ը` գրադարան-ընթերցարան:

Այս ձեր Ուղղիչ Տունն սկսում է ինձ բավականին հետաքրքրել, — ասում եմ ես ժպտալով:

Դեռ կծանոթանաք, կտեսնեք: Առայժմ ասեք՝ ի՞նչ է ձեզ հարկավոր:

Եվ նա նայում է սենյակին:

Մի գրասեղան: Ուրիշ ոչինչ:

Շատ լավ, ես կկարգադրեմ, որ բերեն: Իսկ այժմ ես, գնամհարկավոր է բանվորներ ուղարկել:

Ի՞նչ բանվորներ:

Դրսի աշխատանքի: Ուղարկում ենք կալանավորներին դրսի աշխատանքի:

Պահակո՞վ:

Ոչ: Առանց պահակի: Մշտական թույլտվություններ ենք տալիս, գնում են դրսի աշխատանոցներում աշխատում: Այսօր հարկավոր է թույլտվությունները փոխել, հների ժամանակն անցել է:

Իսկ ի՞նչ արհեստանոցներ են դրանք:

Դրսում առայժմ ունենք կոշկակարանոց և դերձականոց: Իսկ ներսում՝ հյուսնոց, դարբնոց, խոզանականոց և այլն: Ա՜յ, երբ որ թեյ խմեք վերջացնեք՝ եկեք տեսեք:

Եվ Ուղղիչ Տան պետը ելնում է դուրս:

Ես արագ լվացվում եմ և անմիջապես բակը վազում: Հիվանդանոցից դուրս գալիս` աջ կողմը ձգվում է բակը` մինչև Ուղղիչ Տան պատը, դիմացը՝ գրասենյակն է, որից այն կողմը՝ քրեական բակի դարբասը, իսկ ձախ կողմը քրեական կորպուսի պատը: Այդ ժամանակ, երբ ես նոր էի ընկել Ուղղիչ Տուն՝ հիվանդանոցից դեպի աջ, կամ դրսից մտնելիս` դեպի ձախ, մինչև պատը ձգվող տարածությունը դեռ դատարկ էր. այնտեղ ցցված կար միայն ջրմուղային մի խողովակ, որի առջևը լվացվում էին կալանավորները: Երբ ես դուրս եկա բակ տեսա մի խումբ մարդիկ, որ լվացվում էին այդտեղ, կամ շրջում: Նրանցից մի քանիսը գրավեցին իմ ուշադրությունը:

Մաքուր, կոկ հագնված, սափրված, ինտելիգենտ դեմքերով երիտասարդներ:

Ովքե՞ր են դրանք, — հարցրի հիվանդանոցի ծառայողին:

Գրասենյակը կաշխատին:

Կալանավորնե՞ր են, թե դրսից են գալիս:

Կալանավորներ են:

«Այ քեզ տարօրինակ կալանավորներ» — մտածեցի ինքս ինձ, — «նայես ի՞նչ գործերով են բռնված»:

Գնացի պետի առանձնասենյակը: Միջակ մեծությամբ մի սենյակ, գրասեղան, մի քանի նստարաններ: Կարծում էի, թե մուտքի առաջ պահակ կլինի. չկար: Կալանավորներն ազատ մտնում ու դուրս էին գալիս զանազան խնդիրքներով: Երբ ես ներս մտա՝ պետի հետ խոսում էր մի տարիքոտ գյուղացի կալանավոր:

Ինչո՞ւ համար ես ուզում քաղաք գնալ, — հարցնում էր պետը կալանավորին:

Օղլուշադս է էկե գեղեն, էրթամ տեսնիմ...

Է, թող ինքը գա՝ տե՛ս:

Կալանավորը նայում է գետին և ամոթխած ժպտում:

Լա՛վ, — ասում է պետը՝ այդ պերճախոս փաստարկումից հետո ինքն էլ ժպտալով. — գնա՛ մինչև ժամը 5-ը, բայց չուշանաս: — Քանի՞ տարով ես վճռված:

Երեք:

Ինչքա՞ն ես նստել:

8 ամիս:

Խիստ մեկուսացում ունե՞ս:

Ունեի՝ անցած շաբաթ հանեցին:

Կերթաս առանց պահակի, բայց տես` չխմես:

Պետը զանգահարում է: Կողքի գրասենյակից մտնում է մի պաշտոնյա, որին կարգադրվում է թույլտվություն գրել այդ կալանավորի համարև կալանավորը պաշտոնյայի հետևից մտնում է գրասենյակ:

Ուզո՞ւմ եք, — ասում է Ուղղիչ Տան պետը վեր կենալով և դիմելով ինձ. — գնանք մեր արհեստանոցները տեսեք: Ես սիրով համաձայնում եմ, և մենք գնում ենք արհեստանոցները:

Առաջին արհեստանոցը, որ մենք մտնում ենք, դարբնոցն է: Գտնվում է Ուղղիչ Տան մուտքից անմիջապես դեպի աջ: Արհեստանոցը Փոքր է, անհարմար: Շինում են երկաթյա մահճակալներ, թիթեղե վառարաններ և այլն:

Այս տարի մտադիր ենք բոլոր Փայտե կոյկաները փոխել երկաթե մահճակալների, — ասում է պետը. — մի մասը, քաղաքական կորպուսում, արդեն փոխել ենք, հիմա կամաց-կամաց փոխելու ենք և մյուսները: Արհեստանոցը փոքր է, մտադիր ենք հիվանդանոցի բակում նոր արհեստանոցներ շինել:

Ապա անցնում ենք հյուսնոցը: Սա ավելի ընդարձակ է, քան դարբնոցը, սակայն նույնպես չի բավարարում պահանջին: Այստեղ շինում են պահարաններ, սեղաններ, կոյկաներ և այլն: Այստեղից մենք ելնում ենք դուրս և գնում խոզանականոցը, որ գտնվում է Ուղղիչ Տան գրասենյակի վերևը՝ երկրորդ հարկում:

Վերի հարկը բարձրանալիս` իմ ուշադրությունն են գրավում մի քանի կանայք, բոլորն էլ տարիքոտ: Թեկուզ հագնված են ոչ այնքան էլ վատ, բայց նման են «գաղթական» նանեների:

Ովքե՞ր են, — հարցնում եմ պետին:

Կալանավոր կանայք, վերի հարկում են ապրում:

Ինչո՞ւ են բռնված:

Մեծ մասամբ «միջնորդության» համար: Իսկ այն մեկը թուրք կին է` ամուսնու հետ միասին ձերբակալված է սահմանն անցնելու համար:

Սալամ-ալեյքում, բաջի՜ , — ժպտալով ասում եմ ես թուրք կնոջը, որի դեմքը ներքևից մինչև քիթը և վերևից մինչև աչքերը ծածկված է:

Նա արագ շրջում է երեսը և մտնում իրենց կամերան: Քահ-քահ նրա հետևից ծիծաղում են հայ կանայք, և մենք մտնում ենք խոզանականոցը:

Խոզանականոցը բավականին ընդարձակ մի աշխատանոց է, բաղկացած երկու սենյակից: Առույգ, ժիր՝ աշխատում են կալանավորները՝ կապույտ գոգնոցներով, և մարդ մոռանում է, որ գտնվում է Ուղղիչ Տանը, հին տերմինով ասած՝ բանտում: Խոզանականոցը Ուղղիչ Տան ամենից լավ դրված արհեստանոցն է, և նա բավականին հասույթ է տալիս ինչպես Ուղղիչ Տանը, այնպես էլ այդտեղ աշխատող կալանավորներին:

Այդտեղից մենք անցնում ենք կողքի սենյակը, ուր ծրարներ են պատրաստում:

Իսկ երեկոյան, կամ, կուզեք հիմա` կարող եք գնալ կուլտբաժինը և տեսնել այնտեղ մեր նկարչական արհեստանոցը, ուր նաև շրջանակներ և այլ իրեր են պատրաստում: Այժմ ինձ ներքևում սպասում է Նիկոլաևը, մեր տեխնիկը, որ նոր արհեստանոցների նախագիծ է պատրաստել: Ուզո՞ւմ եք` գնանք միասին տեսնենք:

Մենք դուրս ենք գալիս, որ գնանք գրասենյակ և այդտեղ, միջանցքում, մեզ կրկին հանդիպում են կին կալանավորները: Նրանցից մեկը մոտենում է պետին:

Ընձի պապիրոս տո՜ւր, — ասում է կարճ ու կտրուկ:

Ու, թաղե՜մ գլուխդ, — երեսը իբր թե ամոթխածությունից մի կողմ շուռ տալով` ասում է նրան մյուսը:

Ուղղիչ Տան պետը տալիս է առաջին կնոջը մի գլանակ և դառնալով դեպի ինձ.

Ճանաչո՞ւմ ես մեր Անուշին ու Մարգարիտին, — ասում է ժպտալով:

Այս խոսքերի վրա կրկին քահ-քահ ծիծաղում են Մարգարիտն ու Անուշը և մտնում կամերա: Հետագայում, երբ զանազան պատճառներով քաղաքի հետ ունեցած իմ կապը կտրվեց, նրանք լվանում էին իմ սպիտակեղենը, մաքրում շորերըս, — մի խոսքով` ցույց էին տալիս դեպի ինձ շատ բարեկամական վերաբերմունք, որին իբրև շնորհակալություն ես նվիրում էի նրանց ծխախոտ, կամ գլանակներ: Մեկ-մեկ էլ Ուղղիչ Տան խանութից գնում էի նրանց համար էժանագին քաղցրավենիներ, որ այդ քառասունն արդեն անց, համարյա պառաված նանեներին մեծ հաճույք էր պատճառում: — Այդ չնչին նվերներից առանձնապես ուրախանում էր Անուշը, որի մգլած դեմքը փայլում էր հրճվանքից:

Նայես ի՞նչ են անում հիմա նրանք՝ Մարգարիտն ու Անուշը...

III. Քրեական կորպուսը. — բակը. — կամերաները. —

կալանավորներից ստացած իմ առաջին, ընդհանուր տպավորությունը

Երբ մենք Ուղղիչ Տան պետի հետ միասին մտանք գրասենյակ` դուրս եկավ, որ տեխնիկ Նիկոլաևը, որի նախագիծը մենք եկել էինք տեսնելու, ինչ-որ տեղ է գնացել: Վերադառնալու էր մի, կամ կես ժամից հետո, ուստի ես թողի գրասենյակը և գնացի քրեական կորպուսը նայելու: Ուղղիչ Տանը ես դեռևս ոչ մի ծանոթ չունեի, ուստի գնացի մենակ:

Գրասենյակից դուրս գալիս դեպի ձախ, հինգ քայլ հեռավորության վրա, գտնվում է քրեական կորպուսի դարբասը: Դա փայտյա մի մեծ դուռ է, որ փակվում է այդ դռանն անհամապատասխան մի փոքրիկ կողպեքով:

Դուռը փակ էր, իսկ դռան առջև կանգնած էր մի կալանավոր` դռան բանալին ձեռին: Այդ հանգամանքն առաջին հայացքից ինձ զարմացրեց. ինչպե՞ս են վստահում կորպուսի բանալին մի պատահական կալանավորի... «Գուցե և ո՞չ պատահական» — անցավ իմ մտքով և այդ անմեղ կալանավորը թողեց ինձ վրա մի դաժան ու անողոք Ցերբերի տպավորություն: Հետագայում ես իմացա, որ զուր էին իմ կասկածները թե՛ այդ դարբասի, թ՜ե կալանավորի մասին: Քրեական կորպուսի այդ դարբասը ոչ մի կապ չուներ Ուղղիչ Տան ներքին հսկողական սիստեմի հետ: Նա փակ էր պահվում միայն նրա համար, որպեսզի կալանավորներն առանց գործի գրասենյակ կամ հիվանդանոց չգնան, չխռնվեն այդ տեղերում և չխանգարեն պարապմունքներին: Իսկ այդ դռան առջև ընդհանրապես կանգնեցնում էին ամենախեղճ կալանավորներին, որովհետև նրանք այդտեղ կատարում էին հասարակ դռնապանի դեր:

Կարելի՞ է անցնել:

Նա իսկույն բաց արեց դուռը, — կողպեքը չէր էլ կողպած, այլ միայն անցկացրած էր օղակներին, — և ես մտա քրեական կորպուսի բակը:

Դիմացս ինչ-որ միհարկանի մի շենք էր, և ես քայլերս ուղղեցի դեպի նա: Մի քանի քայլ գնալուց հետո թեքվեցի դեպի աջ. դուրս եկավ, որ այդտեղ Ուղղիչ Տան խոհանոցն է ու բաղանիքը:

Ինչպես ճանապարհին, այնպես էլ խոհանոցում ու բաղանիքում, որ այդ օրը չէր աշխատում, ինձ հանդիպում էին զանազան կալանավորներ՝ խումբ-խումբ ու առանձին-առանձին: Նրանք բոլորն էլ զննող հայացքներով ինձ էին նայում, և ինձ մի փոքր անհաճո էին այդ հայացքները: Ես էլ նայում էի նրանց, և նրանք բոլորն էլ ինձ թվում էին փակ, իրենց մեջ քաշված, խոժոռ ու անսիրալիր մարդիկ, որոնք ինձ հետ երբեք չեն ընկերանա ու չի ստեղծվի երբեք իմ և նրանց միջև հասարակ մարդկային փոխհարաբերություն: Նրանց նայելով` ես հիշում էի Դոստոևսկու և Դորոշևիչի հերոսներին ու սիրտս ճմլվում էր մենակությունից: «Նայես պիտի լինի՞, որ անցնեմ այս մարդկանց միջով և նրանք ինձ պարզապես բարևեն ու ժպտանբարևեն ու ժպտան» — այս էր իմ միակ երազանքը այդ վայրկյանին, և ես բնազդաբար պատի մոտով էի գնում, որ նրանց չանհանգստացնեմ, չգրավեմ նրանց ուշադրությունը: Ես կարո՞ղ էի իմանալ առաջին իսկ վայրկյանից, որ նրանցից շատերը, դե, բոլորն համարյա, շատ ընկերական ու հասարակ մարդիկ են, և ես մի շաբաթ անց կունենամ այստեղ շատ ընկերներ ու բարեկամներ... Իհարկե, այնպիսի ընկերներ ու բարեկամներ, ինչպիսիք մարդ ունենում է բոլոր պատահական տեղերումգնացքներում, երբ երկար ճանապարհ է գնում, ռազմաճակատում և այլն:

Բաղանիքը փակ էր, իսկ խոհանոցում առանձին ոչինչ չկար: Հսկայական պղինձներ, ինչպես զորանոցներում: Խոհանոցային շապիկներ հագած մի քանի կալանավոր, որոնցից մեկը ջուր էր լցնում պղինձները, իսկ մի քանիսը պատի մոտ նստած՝ գետնախնձոր էին մաքրում: Ահա և ամբողջը: Ուստի ես առանց երկար սպասելու դուրս եկա այդտեղից և քայլերս ուղղեցի դեպի քրեական կորպուսը:

Դեմըքրեական կորպուսի բակն էր, մի ընդարձակ բակ, համարյա մի փոքր դաշտ: Բակն Ուղղիչ Տունը շրջապատող պատերից բաժանված էր փայտյա ցցերի վրա խփված երկաթալարերով, որոնց և պատերի միջև մնում էր չորս քայլաչափ տարածություն: Այդտեղ շրջում էր զինվորական պահակը` հրացանը ձեռին:

Պատերից անդին, հեռուն Երևանի գորշ բլուրներն էին, որնք երեկոները դառնում էին կարմիր-պղնձագույն... Դրանք ինձ հիշեցրին լայն ու ազատ աշխարհը, և ես ինձ զգացի որբ ու աշխարհից կտրված:

Նայեցի շուրջս: Կորպուսի պատերի տակ ու դեմը, երկաթալարերից քիչ այս կողմը՝ խումբ-խումբ նստոտած էին զանազան կալանավորներ: Ուրիշները շրջում էին բակում ու զրուցում: Նրանցից և ոչ մեկը դեռ ինձ չէր ճանաչում և ինձ թվում էր համառորեն, որ՝ որպես տկլոր մարդը բուլվարում՝ այդպես էլ ես նրանց մեջ գրավում եմ բոլորի զարմացող ու հեգնող ուշադրությունը: Այդ զգացումը ամրացնում էր իմ մեջ և այն հանգամանքը, որ բոլորն էլ նայում էին ինձ երկար, զննող հայացքներով, և ինձ առաջին անգամից դժվար էր կարդալ, որ այդ հայացքների միջից ինձ նայողը-պարզ մարդկային հետաքրքրությունն է նորեկով և այն էլ այնպիսի մի նորեկով, որի մասին նրանք, այսպես թե այնպես, լսել էին:

Անցա նրանց միջով և մտա քրեական կորպուսը: Անցնելիս ես նայում էի նրանց և աշխատում գուշակել նրանց հանցագործությունների տեսակն ու որակը: Եվ այն կալանավորները, որ այդտեղ առաջին անգամից ինձ թվացին խոժոռ մարդասպաններ և անողոք բանդիտներհետագայում, երբ ես նրանց հետ ծանոթացա և իմացա գործերըդուրս եկան կալանավորներից ամենաանմեղները... Եվընդհակառակը: Համարյա բոլոր նրանք, որ իմ ուշադրությանը չէին արժանացել իրենց դեմքերով ու արտաքինով, որոնք թվացել էին ինձ անվնաս, երևի թյուրիմացությամբ այստեղ ընկած, խեղճ ու ողորմելի մարդիկհենց դրանք էին, որ դուրս եկան ամենածանր հանցանքների համար դատապարտվածներ...

Առաջին անգամից քրեական կորպուսի ներսը թողեց ինձ վրա ծայր աստիճանի ծանր, ճնշող տպավորություն: Մուտքի երկաթյա դուռը, միջանցքների տոմետե հատակը, հաստ պատերը և կամերաների կլորաձև, նույնպես երկաթյա դռներըայս ամենը բավական էին մորմոքով լցնելու յուրաքանչյուր նորեկի սիրտ... Դա նախկին ցարական նահանգական բանտն էր, ցարական մռայլ ու բութ պետական ոճը: Ո՞վ իմանա, ինչե՜ր են կատարվել այստեղ, այս մռայլ միջանցքներում, երբ շրջում էին այստեղ ցարական պահակները և մռայլ բանտապետները. ինչքա՜ն հոգիներ են մորմոքել ու մեռել, — մտածում էի ես ու նայում շուրջս: Չնայած որ միջանցքներում լույսը միանգամայն բավարար էր, սակայն առաջին անգամից այդ միջանցքները թողին իմ վրա մռայլ, մութ, անօդ գալերեյաների տպավորություն: Երևի մի քիչ և ա՜յլ լիներ տպավորությունս, եթե ես առաջին անգամ կորպուսը մտնեի ոչ թե մենակ, այլ որևէ ծանոթի ուղեկցությամբ:

Քրեական կորպուսի ներքևի հարկի միջանցքը մտնելով, ես նախ գնացի դեպի ձախ և դեմ առա մի փակ դռան, որի մոտ, փայտյա աթոռի վրա, նստած էր մի հսկիչ:

Ի՞նչ դուռ է, — հարցրի հսկիչին:

Էստեղ սեկրետներն են, վարի սեկրետները, — պատասխանեց հսկիչը և կարծեց, թե ինձ մի բան հասկացրեց: Հետագայում ես իմացա, որ այդտեղ, ինչպես և դրա վերևը` երկրորդ հարկում, Ուղղիչ Տան մեկուսարաններն են, ուր մեկուսացվում են քննության տակ գտնվող կալանավորները մինչև դատի օրը: Դատից հետո նրանք տեղափոխվում են կամերաները կամ ազատվում:

Վերադարձա ետ ու հասա միջանցքի մյուս ծայրը, հինգ կամերա կար միայն ներքևի հարկում: Կամերաների դռները բոլորն էլ բաց էին և ազատ ներս ու դուրս էին անում կալանավորները: Հսկիչներ չկային: Միակ հսկիչը նա էր, որ նստած էր մեկուսարանի առջև:

Առաջին անգամ ես մտա քրեական կորպուսի առաջին կամերան, որ գտնվում է միջանցքի ծայրում: Այդտեղից սկսվում են աստիճանները, որոնք տանում են վերև կուլտբաժին:

Լայն, լույս, հսկայական պատուհաններով, ընդարձակ մի սենյակ էր դա, որի մեջ, պատերի երկայնքով, դրված էին քսանի չափ փայտյա թախտեր: Պատերը մաքուր սպիտակացրած էին, առաստաղը նույնպես: Առաստաղի մեջտեղից բարակ երկաթալարով կախված էր մի էլեկտրական լամպ: Հատակը, ինչպես երևում էր, նոր էին մաքրել: Կամերան դատարկ էր: Անկյունում միայն, անկյունի թախտի վրա երկու կալանավոր նստած՝ ինչ-որ զրույց էին անում: Երբ ես ներս մտա նրանք բարձրացան և մոտեցան ինձ: Բարևեցին:

Ովքե՞ր են այստեղ մնում:

Կալանավորներ, — ժպտացին նրանք, կարծես ուզում էին ասել, որ դա ինքնին հասկանալի մի բան է, որ բացատրություն չի պահանջում:

Բա որտե՞ղ են:

Գործի են գնացել: էս կամերում էս երկուսս ենք անգործ: Ես կամերը մաքրողն եմ, իսկ էս էլթույլ է, չի կրնա աշխատի:

Որտե՞ղ են աշխատում:

Հյուսնոցում, մի մասն էլ դրսի արհեստանոցներում:

Ինչո՞ւ համար ես դատված, — հարցրի կամերը մաքրողին:

Գողության, — ժպտալով պատասատնեց նա: Դա մի քսաներկու-քսաներեք տարեկան, գյուղական արտաքինով երիտասարդ էր. հիվանդոտ, դեղին դեմք ուներ ու շուտ-շուտ թարթվող աչքեր:

Իսկ դու, — հարցրի մյուսին:

Ես շնողցի եմ, — ասաց նա կարճ, կարծես դրանով բացատրված էր ամբողջը: Եվ այդ այդպես էլ էր. հետո ես իմացա, որ Ուղղիչ Տան բոլոր շնողցի կալանավորները բռնված են մի գործով` Շնողի բջիջի հայտնի գործով:

Դուրս եկա այդտեղից և մտա մյուս կամերաները: Բոլորն էլ նույն մեծությամբ, բոլորում էլ, միջին հաշվով՝ մոտ քսան կոյկա: Բոլոր կամերաներում էլ ընդամենը երկու-երեքական հոգի կային, մնացածները գտնվում էին բակում, կամ արհեսատնոցներում:

Բարձրացա վերևի հարկը. նույնը, ինչ որ ներքևում: Այստեղ, սակայն, իմ ուշադրությունը գրավեցին մի քանի թուրք կալանավորներ, բոլորը գյուղացի: Եվ մեկ էլ այս վերևի կամերաներում աչքի էր զառնում այն հանգամանքը, որ կոյկաների վրա թափված անկողինները կամ կալանավորների այլ գույքը շատ ավելի աղքատիկ էին, քան ներքևի կամերաներում: Շատ կոյկաների վրա անկողիններ ամենևին չկային, դրանց փոխարինում էին ճղոտած փալասներ կամ պարզապես պարկեր: Այնինչ, ներքևի կամերաներում, կոյկաների համարյա 3/4 ծածկված էր տնային անկողիններով, տնային գույնզգույն վերմակներով և սպիտակ բարձերով: Պարզ էր՝ վերևի կամերաներում ապրում էր ավելի չքավոր բնակչություն, քան ներքևում: Մաքրությունը նույնն էր. ինչպես միջանցքներում, այնպես էլ կամերաներում հատակների վրա չէիք տեսնի մի լուցկու կամ գլանակի մնացորդ:

Մինչ ես զբաղված էի այդ ամենի թեթևակի ուսումնասիրությամբ` կամերաներից ներս ու դուրս էին անում զանազան կալանավորներ և ոտից գլուխ տնտղում ինձ իրենց կասկածոտ հայացքներով: Սկսեցի իջնել ներքև ու մտածել ինձ հանդիպած կալանավորների մասին և աշխատել դրանց, ըստ արտաքին տպավորության, բաժանել որոշ խմբերի: Ինչպես բակում, այնպես էլ կորպուսում ինձ հանդիպած կալանավորների մեծ մասը գյուղացիներ էին, ըստ ազգության՝ համարյա կեսը թուրք: Ապա, ըստ քանակի, գալիս էին քաղաքաբնակ լյումպենները: Այդպիսի տիպերի ես առաջ հաճախ հանդիպում էի Երևանի արևմտյան, զանգուամերձ ծայրամասում, այդտեղի սրճարաններում, գարեջրատներում և խանութներում: Եթե Երևանը ունի «մութ անկյուններ» — դրանք հենց այդ ծայրամասում են գտնվում: Առավոտները ժամը 5-ին, կամ երեկոները, մթնելուց հետո, ես հաճախ գնում էի այդ կողմերը և երկար թափառում: Այդտեղ մութ, խորհրդավոր, կեղտոտ անկյուններ կան, որ պինկերտոնյան գրականության մեջ հաճախ նկարագրվող որջերն են հիշեցնում: Մի տեսակ լյումպենական կնիք ունեն իրենց վրա այդ մութ որջերի բնակիչները, որոնք առաջին հայացքից աչքի են ընկնում, եթե ընդհանրապես ճանաչել ես դրանց: Եվ ահա, Երևանի Ուղղիչ Տան քրեական կորպուսի վերի հարկի կամերաներում ու միջանցքում ես հանդիպեցի բավականին թվով մարդկանց, որոնց նախապես տեսել էի վերոհիշյալ ծայրամասում: Եվ ես չսխալվեցի: — Վերևի կամերաներում ապրողների բավականին աչքի ընկնող մասը լյումպեն-ռեցիդիվիստներ էին և, ինչպես ես հետագայում տեղեկացա հիշյալ «մութ որջերի» հերոսներ: Դրանցից շատերի հետ հետագայում ես բավականին բարեկամացա և բավականին պրիմիտիվ ու իրենց տեսակի մեջ հետաքրքիր մարդիկ էին դրանքԲաղղասարը, Լազգին, Մաչոն, Խուժան Խաչոն, Լյուսեյինը, Վալոն...

Ապա գալիս էին նախկին խորհրդային ծառայողները, որոնց մյուս խմբերի կալանավորները «ինտելիգենտ» էին անվանում: Դրանց մեջ կարելի էր հաշվել և այն մի երկու զինվորականներին, որոնք ինձ հանդիպեցին այդ օրը: Այս էր իմ առաջին խմբավորումը՝ Ուղղիչ Տան բնակիչներից ստացած իմ առաջին տպավորությունից հետոև դա, ընդհանուր առումով, ճիշտ դուրս եկավ, երբ ես հետագայում ավելի մոտիկից ծանոթացա Ուղղիչ Տան բնակչությանը:

Գյուղացիներ, լյումպեններ և նախկին խորհրդային ծառայողներահա՜, ընդհանուր առումով, քրեական կորպուսի բնակչության սոցիալական կազմը: — Իհարկե, ինչպես իմ հետագա դիտողությունները պարզեցին՝ և դա այլ կերպ չէր էլ կարող լինել` այս խմբերից յուրաքանչյուրը ևս իր հերթին կարելի էր ենթարկել շերտավորման, մասնավորապես գյուղացիականը: — Կային չքավոր գյուղացիներ և կային կուլակներ, որոնք Ուղղիչ Տան բնակչության ներքին, կենցաղային շերտավորման խնդրում ոչ մի դեր չէին կատարում: Գյուղացիներն ընդհանուր առումով ապրում էին իրենց կենցաղով, լյամպեններն՝ իրենց, իսկ նախկին խորհրդային ծառայողները` Իրենց: Այս տեսակետից էլ նրանք ինձ հետաքրքրում էին. — կալանավորական ներքին կենցաղի տեսակետից: Այն հասարակությունը, ուր ես ընկել էի,— արտաքին աշխարհից կտրված, առանձնացված մի հասարակություն էր, որի մեջ, բացի ընդհանուր սոցիալական օրենքները` պե՜տք է որ նշանակություն ունենային և մի շարք այլ, սպեցիֆիկ օրենքներ, որ բխում էին Ուղղիչ Տան պայմաններից: Այդտեղ պետք էր որ լինեին զուտ-կալանավորական, դրսի աշխարհում ոչ մի նշանակություն չունեցող, շահեր, որոնց իբր վերնաշենք՝ պիտի գոյություն ունենային կալանավորական՝ ներքին-կենցաղային հասկացողություններ ու բարոյական նորմեր: Ինձ ամենից առաջ հարկավոր էր ծանոթանալ այդ հասկացողություններին ու նորմերին, որպեսզի ես հնարավորություն ունենայի մուտք գործել դեպի այդ հասարակության սիրտը, հավասար անգամ դառնալ այդ հասարակության, թափանցել նրա էության խորքը և հասկանալ նրա հոգեբանությունը...

Մտածելով այս ամենի մասին՝ ես կրկին իջա քրեական կորպուսի բակը և սկսեցի նայել կալանավորներին: Այո՜. գյուղացիներ, լյումպեններ և նախկին խորհրդային ծառայողներ: Նրանք շրջում էին, դեսուդեն գնում, զրուցում, — իսկ ես կանգնած էի մենակ և միտք էի անում, թե նայես այս երեք խմբերից որի՞ ձեռքին է գտնվում կալանավորական ներքին ռեժիմը՝ ո՛չ թե վարչական, այլ կենցաղային իմաստով: Կալանավորների ո՞ր տարրն է արդյոք այս խայտաբղետ հասարակության ներքին հեգեմոնը՝ կալանավորական բարոյական նորմերի ու իդեալների կրողը: Ներսում, իրենց մեջ, իրենց առօրյա ընկերական-կենցաղային հարաբերություններում և ո՛չ թե վարչական կարգով, ըստ Ուղղիչ Տան պաշտոնական ռեգլամենտի: Մտածում էի, որ սրանք երևի կունենան իրենց ազդեցիկ մարդիկ, իրենց ավտորիտետները... Եվ աշխատում էի գուշակել, թե ինձ շրջապատողներից ո՞րը կարող է այդպիսին լինել...

Սակայն ինձ ճնշում էր մենակությունը, և ես բնազդաբար քայլերս ուղղեցի դեպի գրասենյակը: Մի հաճելի, փրկարար գյուտ արածի նման՝ ուրախացած հիշեցի, որ արդեն ժամանակ է գնալու պետի առանձնասենյակը՝ նոր արհեստանոցների նախագիծը տեսնելու...

Եվ ես քայլերս արագացրի ու մի անհետաձգելի գործով զբաղված մարդու մտահոգությամբ մտա Ուղղիչ Տան գրասենյակը, պետի առանձնասենյակը:

IV. Կրկին Ուղղիչ Տան պետը, Նոր արհեստանոցների հիմնադրությունը, Բենժամենի մազերը և Լազգու կարծիքը կանանց մասին

Երբ մտա պետի առանձնասենյակը` այդտեղ արդեն նստած էր տեխնիկ Նիկոլաևը, որի գլխարկից ես ենթադրեցի, որ դա հենց այդ անձնավորությունը պետք է լինի: Կալանավոր էր, դատված վատնումի համար, գնում էր դրսի աշխատանքի և շատ քիչ էր երևում Ուղղիչ Տանը: Թե ինչպե՞ս էր տեղի ունեցել նրա վատնումը` ես այնպես էլ չիմացա, սակայն Ուղղիչ Տուն ընկնելուց հետո նա բավականին աշխատել էր այդ տան համար և այժմ պատրաստել էր Ուղղիչ Տան բակում կառուցվելիք նոր արհեստանոցների հատակագիծը, որը և բաց արեց նա, ու մենք սկսեցինք նայել:

Դա կապտավուն, կարծես մի փոքր յուղոտ, հատկապես այդ նպատակի համար գործածվող, մագաղաթանման մի թուղթ էր, որի վրա նկարված էր արհեստանոցների հատակագիծը և ֆասադը: Սև մելանով գծած, կողք-կողքի, երկարավուն քառանկյունիներ, յուրաքանչյուրի մեջ երկու պատուհան և մի դուռ, ու այդ ամենի վերևը՝ բարակ ժապավենի նման կտուրը:

Հարկավոր էր տեսնել Ուղղիչ Տան պետի Նիկոլաևը բաց արեց այդ կապույտ մագաղաթը և տվեց նրան նայելու... Ես շատ եմ տեսել մարդկանց՝ նրանց ուրախության ու տխրության պահերին, բայց նման անմիջական, լիաթոք–, համարյա մանկական ուրախություն, որ փռվում է մարդու ամբողջ դեմքի վրաես տեսնում էի առաջին անգամ:

Տեսե՛ք, է՛,-բացականչեց Ուղղիչ Տան պետը` մատը դնելով ապագա արհեստանոցների կտուրին, — էս մեր արհեստանոցներն են լինելու... Պատկե՜րք է, կատարյա՜լ պատկե՛րք...

Անսպասելի կերպով լրջացրեց դեմքը և ավելացրեց.

Մինչև ձմեռ միտք ունեմ վերջացնելու:

Ու զանգը տվեց հանկարծ, կանչեց քարտուղարին:

Կանչի՛ր անմիջապես Բենիկին:

Ու մինչ այդ, ինձ համար հանելուկային, Բենիկի գալը՝ մերթ ինձ, մերթ Նիկոլաևին նայելով՝ նա ցույց էր տալիս կապտավուն թղթի վրայի սև քառանկյունիները և հիացած կրկնում.

Մեր արհեստանոցներն են լինելու, է՜ ...

Ապա բռնեց իմ ձեռքը, կարծես ես հակաճառում էի նրան, և բացականչեց.

Ո՛չ մի կալանավոր չպիտի անգործ մնա, հասկանո՞ւմ եք՝ ո՛չ մի կալանա վոր...Մաքուր, լույս, մեծ արհեստանոցներ... Իսկ հետո՝ մեքենայացում ենք մտցնելու, բա՜ս, — մեքենաներ ենք գնելու... Միայն թե չխանգարեն:

Ո՞վ կարող է խանգարել:

Ո՞վ գիտե, — ասաց նա կամացուկ և նրա դեմքի բաց ժպիտն անմիջապես փոխվեց խստագույն լրջության: Առհասարակ զարմանալի բնավորություն ուներ այդ մարդը,-կատարելագույն դերասանի նման նա կարողանում էր տիրապետել իր դեմքի մկաններին: Լիաթոք ծիծաղի ժամանակ կարող էր հանկարծ, մի ակնթարթում, լրջանալ և այս փոփոխությունը նրա դեմքի վրա երբեմն կատարվում էր այնքան անակնկալ, որ մարդ մնում էր շվարած:

Ես ուզում էի ինչ-որ բան հարցնել, բայց այդ վայրկյանին դուռը բացվեց և ներս մտավ «Բենիկը»:

Դա մի 2324 տարեկան կալանավոր էր, նախկին խորհրդային ծառայող, որ վատնումի համար դատապարտված է եղել «պատժի առավելագույն չափին» — գնդակահարության, բայց Կենտգործկոմը ներում է շնորհել՝ փոխելով գնդակահա րությունը տասնամյա կալանքի: Ես նրան դեռ դրսից գիտեի և ինձ հայտնի էր, թե իրերի ի՛նչ դժբախտ բերումով էր նա հասել վատնումի թեք ճանապարհին: Սրտագին բարևեցի նրան, որից հետո Ուղղիչ Տան պետը բացականչեց.

Բենի՛կ, հավաքիր բանվորներիդ և այսօրվանից սկսենք ներսի պատերի համար հողե աղյուսներ պատրաստել: Արհեստանոցներն սկսում ենք... էլ ձգձգելու ո՛չ մի կարիք չկա: Պլանը պատրաստ էմնում է գործի անցնել...

Լա՛վ, — լայն ժպտաց Բենիկը, — ինչքա՞ն է հարկավոր...

Յոթ-ութ հազար հատ: Բանվորներիդ ասա թե՛ փողը կստանան, թե աշխատանքային օրերը կհաշվենք: Սկսե՛ք, քանի անձրևները չեն սկսվել...

Բա հիմքը գցե՞լը, — Հարցրեց Բենիկը, որ ինչպես երևվում էր, տեղյակ էր աշխատանքներին. — ե՞րբ ենք հիմքը գցում:

Վաղը, մյուս օրը հիմքը կգցենք, մինչև էդ ցուցակագրիր բոլոր որմնադիր վարպետ կալանավորներին: Կա՞ն:

Խ՞ի չկան: Հրեն մեկըՀամոն:

Ո՞ր Համոն:

Թիթեղագործը: Հի՛նչ գործ ասես ձեռիցը կգա:

Է՞լ

Է՛լ կա, ամենքին էլ կցուցակագրեմ: Մենակ դու շտապի քանի թեզ ա հիմքը գցենք: Մաղարիչը քեզանից...

Թխի՛ գա:

Следующая страница