Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Եվ Ուղղիչ Տան պետ ու կալանավոր ձեռքերը իրար խփեցին հանուն այն ապագա արհեստանոցների, որոնց հատակագիծը նկարել էր մի այլ կալանավոր՝ Նիկոլաևը:

Դե հիմա գնանք վերջնականապես տեղը որոշելու, — ասաց պետը և վեր կացավ տեղից՝ ձեռին Նիկոլաևի հատակագիծը: Ես, նա, Բենիկը և Նիկոլաևը դուրս եկանք գրասենյակից և մտանք հիվանդանոցի բակը:

Հիվանդանոցից դեպի ձախ՝ մինչև պատը ընկած էր մի ընդարձակ բաց տարածություն: Ուղղիչ Տան պետը ցույց տվեց այդ տարածությունը:

Ուզում ենք կամ էստեղ շինենք, կամ քրեական կորպուսի բակում: Իմ կարծիքով էստեղ ավելի է հարմար, քանի որ անգործ կալանավորները էստեղ չեն խանգարի: Իսկ էնտեղ կխանգարեն:

Գնացինք և քրեական կորպուսի բակը: Ընդհանուրի կարծիքն այն էր, որ ավելի հարմար է հիվանդանոցի բակում: Այդպես էլ որոշվեց, և Ուղղիչ Տան պետը մի անգամ ևս հրահանգելով Բենիկին, որպեսզի նա անմիջապես անցնի վարպետների և աշխատավորների ցուցակագրությանը թողեց մեզ այդտեղ և ինքը գնաց գրասենյակ ընթացիկ գործերով զբաղվելու: Նրա հետևից, իր նախագիծը ձեռին, գնաց և Նիկոլաևը: Ես և Բենիկը, որին ես, չգիտեմ ինչու, հենց առաջին անգամից սկսեցի «Բենժամեն» անվանել, մնացինք մենակ:

Դե՛, ո՞նց ես, Բենժամե՛ն, պատմի՛ր տեսնենք... Ո՞նց եղավ, ո՞նց մահվան դատապարտվեցիր և ո՞նց իմացար ներման լուրը...

Է՛յ ի՞նչ պատմեմ, — ասաց նա մի կողմ նայելով և, կարծես բնազդաբար, հանեց գլխարկը: Նայեցի այդ 24 տարեկան երիտասարդի մազերը տեղ-տեղ սպիտակել էին, ինչպես 50 տարեկանի մազեր...

Ապա նա պատմեց իր յոթնօրյա սպասումի պատմությունը, և դա, այդ պատմությունը, տխուր էր, ինչպես տխուր էին այդ վայրկյանին իրա Բենժամենի աչքերը: Մահվան դատավճռից հետո յոթ օր նա սպասել էր իմ «մեկուսացման սենյակի» դիմացը գտնվող մի այլ «մեկուսացման սենյակում» և այնքա՛ն էր ընտելացել այն մտքին, որ իրեն ահա-ահա տանելու են գնդակահարելու, այնքա՛ն էր ընտելացել, որ երբ եկել ու հայտնել են նրան, որ պատժի առավելագույն չափը փոխարինված է տասը տարվա կալանքով, նա, — երևակայո՞ւմ եք, — տխրել էր, կամ, ինչպես ինքն էր ասում, «տխըրվել»:

Ես մեռնեմ տխրվեցի, — ասում էր Բենժամենը՝ միշտ մի կողմ նայելով, խուսափելով իմ հայացքիցհենչափ տխրվեցի, որ էլ ասելու չի՛–..

Եվ երբ մի վայրկյան ես բռնեցի նրա հայացքը՝ նրա աչքերում իրոք որ տխրություն կար, մահ տեսած աչքերի մշուշոտ տխրություն... Խե՛ղճ Բենժամեն:

Մինչ այդպես, քրեական կորպուսի բակում կանգնած, Բենժամենը պատմում էր ինձ իր տխուր պատմությունը ես ուշիուշով նայում էի բակում անցնողդարձող կալանավորներին: Պատկերը կրկին նույնն էր, ինչ որ իմ առաջին այցելության ժամանակ: Կալանավորների մեծ մասը գյուղացիներ էին, ապա՝ լյումպեններ, և ապա՝ ինչպես ասում էին կալանավորները «ինտելիգենտներ»: Այս վերջինները թվով ամենից քիչն էին, կային և մի երկու նախկին զինվորականներ: Նորից: Ինչպես և առաջին այցելությանս ժամանակ, բոլորն անխտիր անցնելիս նայում էին ինձ, կարծես զննում էին ինձ աչքերով, հայացքներով փորձում: Այնինչ Բենժամենին նայում էին ընտանեվարի ժպիտով, մեկ-մեկ որևէ միջանկյալ խոսք էին ասում, կամ ընկերաբար խփում նրա ուսին և աչքով անում, — մի հանգամանք, որ այնքան էլ չէր կարող ինձ անտարբեր թողնել... «Երևի ինձ են հեգնում, որպես նորեկի» — մտածում էի ես և ինձ մի փոքր նվաստացած զգում Բենժամենի առջև: Ամեն տեղ ընդհանրապես կասկածոտ է լինում նորեկի հոգեբանությունը, սակայն կալանավորների աշխարհում այդ կասկածոտությունը հասնում է գերազանց չափերի և ստանում մի ուրույն, աննկարագրելի բնույթ: Այստեղ դա ոչ միայն կասկածոտություն է, այլև բնազդական զգացմունք, որ այս փակված մարդկանց անհրապույր աշխարհը դժկամ ու անսիրալիր է ընդունում յուրաքանչյուր նորեկի, թաքուն, տարերային թշնամանքով ու նսեմացնող հեգնանքով: Թվում է, թե հակառակը պետք է լիներ գալիս է, այսպես թե այնպես, մի բախտակից, մի դժբախտության ընկեր, որին նույն դառը բախտն է վիճակված, ինչ որ իրենց: Կյանքի բոլոր այլ պայմաններում նորեկ բախտակիցն ընդունվում է եթե ոչ լիակատար հարգանքով, գոնե ո՛չ համառ, տարերային դժկամությամբ ու թշնամանքով: Այդպես չէ սակայն կալանավորների աշխարհում: Ես միանգամայն համոզված կարող եմ ասելհետագայում ես բազմիցս առիթներ ունեցա այս բանում միանգամայն համոզվելուոր մարդկային ո՛չ մի այլ հասարակություն, ո՛չ մի այլ կոլեկտիվ այնքան անվստահությամբ ու տարերային թշնամանքով չի ընդունում իր մեջ որևէ նորեկի, որքան կալանավորների աշխարհը: Յուրաքանչյուր նորեկ կալանավորների կողմից ամենից առաջ արժանանում է ծաղրի ու հեգնանքիև, ես կասեի՝ ոխակալ հեգնանքի: Կարծես այդ հեգնանքն ու ծաղրը ասում են նորեկին, — հը, ի՞նչ էիր կարծում՝ մեզանից լա՞վ ես, էսպես տեղ չե՞ս ընկնի... Քանիցս ես ներկա եմ եղել, երբ կամերա է մտել որևէ նորեկ: Համարյա միշտ ընդունել են նրան խայթող, ոչնչացնող, հրող քրքիջով: — Իհարկե, սա ես ասում եմ ընդհանուր առումով, պատահում են և կալանավորներ, որ սկզբից ևեթ հարգանք են ներշնչում դեպի իրենք, սակայն այսպիսիները բացառություն են կազմում: Շատերի վերաբերմամբ հեգնանքը, կամ ծաղրը, իհարկե, չի կարող այնպիսի բացարձակ բնույթ կրել, ինչպես ասացինք վերևը: Սակայն այս կամ այն ձևով կալանավորների այդ վերաբերմունքը գտնում էր իր արտահայտությունը, իսկ ինչ վերաբերում է դժկամ անվստահության սա արդեն ընդհանուր օրենք է, որ, իմ կարծիքով, չի վերցնում և ո՛չ մի բացառություն: Դեռ նոր էր ինձ համար այդ շրջապատը և դեռ անծանոթ էին ինձ մարդիկ և նրանք, ում ես հետագայում ճանաչեցի ու ընտելացա և անգամ սիրեցի շատերին, որպես հասարակ մարդկանց ու լավ ընկերներիսկզբում ընդունում էին ինձ զսպված, փակ անվստահությամբ, որը թեկուզ ամեն կերպ աշխատում էին թաքցնել, բայց երևում էր ամեն ինչից, անգամ նրանց ժպտալու ու նայելու եղանակից: Ինձ հետ համեմատած արդեն բավականին ստաժավոր կալանավոր էր Բենժամենը: Համարյա բոլորին ճանաչելուց բացի գիտեր նաև, թե որը ինչ գործով է դատված: Ուստի սկզբից ևեթ ես որոշեցի օգտվել նրանից իբրև ստաժավորից, և ստանալ ինձ այնքան հետաքրքրող այդ մարդկանց մասին սկզբնական, թռուցիկ տեղեկություններ:

Հիշում եմ՝ հենց որ անցնում էր մեկը ես նախ մտքիս մեջ, ըստ նրա արտաքինի, կամ դեմքի արտահայտության, փորձում էի որոշել նրա հանցագործության տեսակը և ապա հարցնում էի Բենժամենին, — և միշտ սխալվում էի ու չարաչար սխալվում: Եվ միայն այդտեղ ես հասկացա, որ մարդկային դեմքը շատ անհույս հայելի է մարդկային բնավորությունը և ներքին աշխարհը ճանաչելու համար: Մանավանդ այդ աշխարհում, ուր կան հոգեբանական զարմանալի օրենքներ, տարօրինակ օրենքներ: Օրինակ, առաջին հերթին հենց այն զարմանալի օրենքը, որի մասին ես արդեն հիշատակել եմ նախորդ գլխում: —

Համարյա միշտ ամենածանր սպանություններ կատարած մարդիկ դուրս էին գալիս նրանք, որոնց դեմքի վրա կարելի էր կարդալ միմիայն... ամենասուրբ անմեղություն: Նայում ես ըստ արտաքինի, դեմքովու խոսելաձևով, խեղճ, անմեղ, անշառ մարդու տպավորություն է թողնում: Հարցնում ես ինչի՞ համար է բռնված.

Սպանությա՛ն: Սպանել է ու թալանել նրանցից շատ-շատերը նույնիսկ քաշվում էին մարդու հետ խոսելիս: Հետագայում ես տեսա մեկին, որը երեք սպանություն էր կատարել, սպանություններից հետո միանգամայն անվրդով կերպով եկել էր ու լվացել բուլվարում իր արյունոտ ձեռքերը, բայց ինձ հետ խոսելիս կարմրում էր, ինչպես ամոթխած աղջիկ.

Մենք Բենժամենի հետ կանգնած զրույց էինք անում կալանավորների մասին, երբ մեզ մոտեցավ երեսունին մոտիկ, սև սատինե շապիկ հագած, միջահասակ, վտիտ, գյուղական դեմքով, բայց կարտուզ դրած մի կալանավոր:

Կալիդորներ լավ հիստկեցինք, մնաց հայաթ, — ասաց նա Բենժամենին և ժպտաց:

Ծանոթացի՛ր, — ներկայացրեց նրան Բենժամենը. — մեր Լազգին է, սանիտարական սեկցիայի նախագահի օգնականը:

Ես սեղմեցի Լազգու ձեռքը, և նրա դեմքը բավականությունից վարդի տեսք ընդունեց:

Ինչո՞ւ համար ես բռնված:

Հե՛չ: Չնչի՛ն բանի: — Ո՞նց թե չնչին բանի:

Բյա հի՞նչ: Մե՛ կնկա խամար: Պոռնիկ կնկա խամար:

Ի՞նչ արիր որ...

Հե՛չ: Գլուխը կտրի դրի ոտքերու արանք: Հարբածի բռնին բերին:

Բա դա հե՞չ է, որ ասում ես «հեչ»:

Բյա հի՞նչ: Կնիկն հի՞նչ և կնկա խամար բռնեն թալեն Ուղղիչ Տուն: Աշխարք հենքա՜ն կնիկ կա... շնի՛ց շատ:

Ուղիղ երեսիս նայելով երեխայի նման լայն ժպտաց Լազգին և վազեց կորպուսը՝ մաքրության հետևելու: Նայեցի Բենժամենին նա էլ էր ժպտում երեխայի նման: Խոսք չգտա ասելու:

Սակայն հետագայում, երբ ավելի մոտիկից ճանաչեցի նրանց և սկսեցի ավելի խոր թափանցել նրանց հոգեկան պրիմիտիվ աշխարհըես հասկացա, որ այդ տարօրինակ աշխարհում մարդկային լեզուն նույնքան խաբուսիկ է, որքան և դեմքը: Նրանցից շատ-շատերը շատ ավելի լավ ու «մարդկային» մարդիկ էին, քան իրենք ցույց էին տալիս «հերոս» երևալու այն պրիմիտիվ հասկացողությամբ, որ ունեին նրանցից շատերը: Գուցեև այդ «հերոսությամբ» նրանք ուզում էին ծածկել հանցանքի ու ամոթի այն ներքին բնազդական զգացմունքը, որ հատուկ է բոլոր մարդկանց անխտիր, բայց բոլորն անխտիր, հայտնի չէ, թե ինչո՞ւ աշխատում են թաքցնել թե իրենցից և թե ուրիշներից... Հանցագործների այս յուրօրինակ գծի վրա առաջին անգամ կարծեմ, եթե չեմ սխալվում, ուշադրություն է դարձրել Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին: Համենայնդեպս ես ինքս այս բանում ավելի քան համոզվեցի, երբ բավականին ծանոթացա ինչպես նույն այդ Լազգու, այնպես էլ շատ նմանների հետ:

...Հիշո՞ւմ ես, Լազգի՛, ինչպես մեր այն երկար գիշերներին դու «Հիրգուն կուգա» ու «նագան» էիր երգում և պատմում ձեր գյուղի հարսանիքների, դաշտային աշխատանքների, չարի ու բարու մասին, և քո դեմքն այդ հրաշալի պահերին գունատվում էր ու հոգևոր տեսք ընդունում, ինչպես ոգևորված արտիստի դեմք:

— «Վա՛յ վա՛յ, նագա՛նըս,
հիմ օգ-նականըս,
յո՛թ կը-րականըս,
հի՛մ պախա՛ պանըս,
վա՛յ վա՛յ նագան ջան,
վո՛ւյ, վո ւյ, նագան ջան...»:
Ես քեզ չեմ մոռանա, Լազգի:

V. Կուլտբաժնի թատերական սրահը, զարմանալի Համոն, Եֆիմ Բրավելմանի աչքերը և — «Բնությունը ամեն տեղ բնություն է, ընկեր Բելոգուրով»

Այդ օրը ես և Բենժամենը միասին գնացինք նայելու Ուղղիչ Տան կուլտբաժինը, և ես այնտեղից վերադարձա բավականին ոգևորված:

Քրեական կորպուսի մուտքից դեպի աջ և ձախ ձգվում է միջանցքը, որի երկայնքին գտնվում են կամերաները: Նախ մենք մտանք աջ կողմում գտնվող առաջին կամերան, կամերայում ոչ ոք չկար: Հարց տվի այդ մասին Բենժամենին:

Գնացել են աշխատանքի: Այս կամերայում միայն մի հոգի կա անգործ, մնացածները բոլորն էլ աշխատում են հյուրանոցում և դուրսը:

Այդտեղից սանդուղքներով մենք բարձրացանք երկրորդ հարկը և մտանք կուլտբաժինը:

Սանդուղքի վերևը, հենց դիմացի պատից, կախված էր մի յուղաներկ նկար: Ծովային տեսարան էր՝ ափին էկզոտիկ բուսականություն: Տեսնելով, որ ես հետաքրքրությամբ նայում եմ նկարին Բենժամենն շտապեց բացատրել.

Մեր նկարիչներն են նկարել: Վերևում դեռ շատ կտեսնես: Այս մեկը նկարել է Բելոգուրովը:

Ի՞նչ մարդ է:

Ռուս զինվորական է. բռնված է լրտեսության մեղադրանքով. առաջ քաղաքական կորպուսում էր, այժմ քրեականն է տեղափոխված: Բայց ես չեմ հավատում, որ նրա մեղադրանքը հիմք ունենա...

Այս խոսքերով մենք մտանք Ուղղիչ Տան կուլտբաժնի թատերասրահըև ես տեսա Բելոգուրովին:

Թատերասրահը նախկին երկու կամերաներից բաղկացած մի բավականին ընդարձակ սենյակ էր, մուտքից դեպի ձախ բեմը, դեպի աջ՝ նստարանները: Վարագույրը բաց էր, և տեսարանը ներկայացնում էր անտառ: Վերևից թոկով կախված էր թղթե մի կիսալուսին, որը, ինչպես հետագայում ներկայացումների ժամանակ ես նկատեցի, համարյա բոլոր կալանավորներին անասելի հիացմունք էր պատճառում: Բեմի վրա, մի այլ դեկոր հատակին փռած ինչ-որ բան էր սարքում սև բլուզ հագած մի երիտասարդ, համակրելի դեմքով կալանավոր, որ ոտքի կանգնեց և սկսեց հարգանքով դեպի մեր կողմը նայել:

Սա մեր Համոն է, բեմի բեկվիզիտորը, դեկորատորը, վարագույր բարձրացնողը և այլն: Ի՞նչ գործ ասես ձեռքից կգա, — շտապեց ներկայացնել նրան իմ չիչերոնեն: Ես մշուշոտ կերպով հիշեցի, որ կարծես տեսել եմ նրան, կամ լսել եմ նրա մասին ինչ-որ մի տեղ: Եվ հանկարծ գլխի ընկա:

Սա նա չի՞, որ աշխատում է դարբնոցում, վառարաններ է շինում և վաղն էլ սկսելու է շարել արհեստանոցների պատերը...

Հե՛նց նա է, որ կա. պատվական տղա է,— ասաց Բենժամենը, լայն ժպտաց Համոյին, որ արդեն մոտեցել էր մեզ, և ձեռքը դրեց նրա ուսին:

Ես նայեցի Համոյին. երեսունին մոտ, բրյունետ, քիչ հիվանդոտ դեմքով, բարակ, նիհար. սև աչքեր, սև մազեր, մի ուսը մյուսից քիչ բարձր, նայում է՝ գլուխը պահած քիչ թեք. ստացվում է տպավորություն, թե վարից վեր է նայում: Նայելիս ժպտում է և շտապում փախցնել հայացքը: Կարծես դպրոցական է, որ քաշվում ու ամաչում է ուսուցչից:

Ինչքա՞ն եք վճռված:

Ութ տարի, — ասում է նա, ժպտում ու հեռացնում հայացքը:

Ինչի համար:

Սպանության:

Եվ հանկարծ վառվող աչքերով նայում է ինձ, ժպտում, ձեռքը դնում ուսիս և ոգևորված ասում.

Այսօր թատրոն ունենք, անպատճա՛ռ եկեք: Շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր...

Ու նայում է բեմին հատակին փռված դեկորին:

Դեկորացիան պիտի փոխեմ, առաջինը հարուստ սենյակ է հարկավոր, երկրորդը՝ աղքատ: Ունենք: Երկուսն էլ ունենք:

Եվ դեմքը փայլում է ուրախությունից: Հետո նա ընկերաբար մի երկու անգամ խփում է ուսիս, ժպտում ու մի ոստյունով թռչում բեմը՝ իր գործը շարունակելու:

Այս խոսակցության ընթացքում ես մեկ-մեկ նայում եմ շուրջս ուսումնասիրում եմ դահլիճը: Պատերին՝ յուղաներկ նկարներ, մեծ մասը բնության տեսարաններ: Իսկ դահլիճի 1/3 մասն ազատված է և այստեղ եռոտանիի առաջ աշխատում է մի բարձրահասակ, գունատ, նիհար կալանավոր: Բելոգուրովն է: Նրանից դեպի ձախ, հենց նստարանի վրա, աշխատում է մի ուրիշը: — Նման է ուսանողի: Երիտասարդ է, դեղին, հրեական դեմքով, միջահասակ, հագին կապույտ շևյոտե բլուզ, գլխին արախչին: Մենք մոտենում ենք նրանց:

Ընկեր Բելոգուրով և ընկեր Յեֆիմ Բրավելման, — ներկայացնում է իմ անփոխարինելի չիչերոնեն՝ Բենժամենը: Նկարիչները թողնում են իրենց աշխատանքը և մոտենում են մեզ:

Բելոգուրովը թողնում է կատարյալ դեգեներատի տպավորություն: Գունատ, հիվանդոտ դեմքի վրա բացկապտագույն աչքերը վախկոտ են ու խեղճ: «Դժվար թե նման ողորմելին ընդունակ լինի զինվորական լրտեսության», անցնում է մըտքովս: Այնինչ միանգամայն հակառակ տիպ է Եֆիմ Բրավելմանը: Նայում է համարձակ, առանց քաշվելու: Աչքերում ինքնավստահություն ու թաքուն խորամանկություն: Իր մասին մեծ կարծիք ունի, երևում է ամեն ինչից:

Ինչպե՞ս եք գտնում, — հարցնում է Բրավելմանը՝ ցույց տալով ձեռքի փոքրիկ տախտակը, որի վրա նա նկարում է ձմեռայինգյուղական գիշերվա մի շաբլոն տեսարան: Երևի հիշում եք էժանագին բացիկները նման տեսարաններով: Սյուն,— խրճիթ, խրճիթի առաջ՝ խարույկ, պատուհանում դե՛ղին լույս, վերևը ամպոտ երկինք, ամպերի միջից սպիտակ, քիչ դեղնավուն լուսինը: — Սակայն Եֆիմ Բրավելմանը գոհ է և նույնիսկչափազանց: Նայում է աչքերիս և հայացքի մեջ հեգնող կասկած կա. — կարո՞ղ է արդյոք այս էֆիոպը հասկանալ այնպիսի մի նուրբ նկար, ինչպիսին է այս աննման տեսարանը... Եվ հենց նույն աչքերի խորքում կարդացվում է իր վճռական պատասխանը. — ո՜րտեղից... ի՞նչ նրա գործն է այդ...

Հասկանո՞ւմ եք, — շտապում է արդարացնել նա իր աչքերի խոցող արտահայտությունը և, միևնույն ժամանակ, մեծահոգաբար մեղմել իր մեզ վրա արած գերազանց տպավորությունը. — ինքներս ենք աշխատում... Ոչ ոք չկա, որից կարելի լինի խորհուրդ հարցնել... Եթե դուք բարի լինեիք մեզ խորհուրդներ տալու, շտկելու մեր սխալները...

Ասում է, բայց խորամա՛նկ, ինքնագոհ աչքերը, որոնց խորքում պսպղում է հազիվ նկատելի, կասկածոտ, հեգնական մի ժպիտշտապում են հերքել լեզվի ասածները: Աչքերն ասում են «է, սիրելիս, չհավատաս, քաղաքավարության համար եմ ասում... Մենք մեր գործը լավ գիտենք և ոչ մի կարիք չունենք ձեզ պես էֆիուդների խորհուրդներին...»:

Բայց լեզուն շարունակում է աշխատել, դե, լեզուն իր համար, աչքերը իրենց:

Գիտե՞ք, սիրելի ընկեր, ես շատ եմ սիրում ձմեռային տեսարաններ... Ձմեռ... ձյուն... մի փոքրիկ խրճիթ... խարույկ... լուսին...

Ու հիացած նայում է իր նկարածին. — գո՛հ է, շատ է գոհ իրենից ու իր աշխատանքից Եֆիմ Բրավելմանը:

Մինչ Եֆիմ Բրավելմանն այդպես ցուցադրում է իրեն ու խորամանկ ժպտումներողամիտ հայացքը մերթ ինձ, մերթ Բենժամենին հառելով՝ լուռ լսում է Բելոգուրովը: Դեմքի արտահայտությունն այնպես է, կարծես ասելիս լինի, թե ինքն է ամաչում այդ անպատկառ Եֆիմի փոխարեն: Սպասում է, մինչև այս վերջինս վերջացնի իր անպատկառ ափեղցփեղությունը, որ ինքն սկսի իր տխուր զրույցը: Ես շուռ եմ գալիս դեպի նա և հարցնում.

Որքա՞ն ժամանակ է այստեղ եք:

Ութ ամիս:

Դրսում նկարո՞ւմ էիք:

Ոչ. այստեղ սկսեցի: — Եվ ամոթխած ժպիտն ու ներողամտություն հայցող աչքերը հեռացնում է մի կողմ,— տխուր նայում է իր նկարներին:

Գիտե՞ք, — ասում է նա հետո՝ նայելով դեմքիցս այն կողմը, — այստեղ այնքան էլ հարմարություններ չկան... Սենյակ չկա, սովորեցնող չկաինքներս մեր ուժերով յոլա ենք գնում... Դժվար է այսպես մի բանի հասնել, առանց սովորեցնողի...

Եվ նա մի վայրկյան տխուր, լուրջ նայում է ինձ, և այնքան անձուկ է նրա հայացքը, որ անվերապահ կերպով հավատում ես նրան:

Իզուր եք դուք ընդօրինակելով զբաղվում, աշխատեցեք բնությունից նկարել, էտյուդներ անել:

Ա՛յ, շատ ճիշտ ասեցիք, — մեջ է ընկնում կրկին Եֆիմ Բրավելմանը. — բայց ի՞նչ բնություն կգտնեք Ուղղիչ Տանը... Եվ նույնիսկ... Երևանում...

Իսկ աչքերը ժպտում են, ժպտում են խորամանկ. «հո սպանեցի՞ հիմա, հիմա հո մեռա՞ր» — խորամանկ ժպտալով, չար խոցելով՝ ասում են Եֆիմի աչքերը: Այս անգամ ես եմ շրջում հայացքս, որպեսզի չտեսնեմ Եֆիմ Բրավելմանի վատ աչքերը,

Այստեղ մեզ մոտենում է քառասունին մոտիկ, լայն բաց արած կանաչ աչքերով, ինտելիգենտի դեմքով մեկը: Լայնաթիկունք է, միջահասակ, լայն դեմքի մեջ պառավային, կանացի ինչ-որ բան կա. թե՛ դեմքը, թե՛ աչքերը վստահություն չեն ներշնչում: Հարուստ ընտանիքից է երևում, կրթություն ստացած: Սուր, խոցող աչքերով տնտղում է իմ դեմքը, ձեռքերն իրար քսելով: Ու անմիջապես շուռ է գալիս, գնում է դուրս:

Ո՞վ է, հարցնում եմ իմ չիչերոնեին:

Հե՜չ: Նախկին խորհրդային ծառայող:

Ի՞նչ գործով է բռնված:

Յուրացման: — Ու տեսնելով, որ դեռ ես երկար պիտի տանջեմ նրան իմ այս ստերեոտիպ հարցով ավանսով բացատրում է.

Հենց հինչքա՛ն ինտելիգենտ տեսնես՝ իմ՛աց, կաց, որ դա յուրացումա, յա վատնում: Էս մին բանում համարյա թե բացառություն չկա:

Մենք բաժանվում ենք նկարիչներից և բարձրանում բեմ դեկորները նայելու: Եֆիմ Բրավելմանը գնում է շարունակելու իր գործը, իսկ Բելոգուրովը գալիս է մեր հետևից: Երևում է ինչ-որ բան է ուզում ասել, բայց քաշվում է, սպասում է հարմար առիթի:

Բեմի վրա մեզ կրկին մոտենում է Համոն և ոգևորված, ոգևորությունից վառվող աչքերով սկսում է պատմել Ուղղիչ Տան թատերասրահի կառուցման հերոսական պատմությունը:

Առաջ խո էս բոլորը չկա՞ր, — հենց այսպես էլ սկսում է նա, այդ զարմանալի Համոն, — դիփը մենք ենք շինե... էստեղ կամերներ էին, միջի պատը հանեցինք, մաքրեցինք՝ սկսեցինք պատերը ներկել: Առավոտու վեցից ոտի վրա էինք: Էլ ո՛չ հաց ուտել կար, ո՛չ չայ խմել: Դեկարացիաները շինեցին Եֆիմն ու Բելոգուրովը...

Լսելով իր անունը Բելոգուրովն օգտվում է առիթից և մոտենում է մեզ: Ես ես, օգտվելով առիթից՝ հարցնում եմ՝.

Դո՞ւք եք նկարել դեկորները և ներկել դահլիճը:

Այո՛, ես և Բրավելմանը...

Բրավելմանը, որ սատանի հոտառություն ուներ և կատվի լսողություն, լսելով իր անունը՝ անմիջապես թողեց իր գործը և մոտեցավ մեզ: Ինչպե՞ս կարող էր մի տեղ իր անունը տրվել, և նա ներկա չգտնվեր: Բացի այս նա իր նուրբ հոտառությամբ երևի զգաց, որ խոսքը դահլիճում կատարված աշխատանքների շուրջն է պտտվումև կարո՞ղ էր արդյոք չմասնակցել նա այդ զրույցին, նա, որ այնքան քրտինք է թափել այս դահլիճի համար ևերևակայո՞ւմ եքչի ստացել փոխարենը և ո՛չ մի կոպեկ...

Այսքան աշխատանք և ո՛չ մի կոպեկ, — ասաց Եֆիմ Բրավելմանը, տխուր, խոր հոգոց քաշելով:

Իսկ ո՞վ է տալիս ձեզ այդ ներկերը, որոնցով դուք նկարում եք ձեր հրաշալի ձմեռային տեսարանները, — չհամբերելով՝ հարց տվի ես նրան՝ Եֆիմ Բրավելմանին:

Կուլտբաժինը:

Իսկ ի՞նչ են արվում նկարները:

Ծախվում են, և մենք տոկոսներ ենք ստանում:

Ես հարցը համարում եմ փակված և, երբ շուռ եմ գալիս, որ իջնեմ բեմից ու գնամ դուրս` աչքերս հանդիպում են գունատ Բելոգուրովի ամաչկոտ, ներողություն հայցող աչքերին: Նա շատ ամաչեց այդ օրը իր հրեա ընկերոջ փոխարենայդ էին ասում նրա աչքերը, — ժողովրդի խոսքով ասած՝ Եֆիմ Բրավելմանի փոխարեն ամոթից գետինը մտավ այդ օրը այդ խեղճ, այդ անքանքար դեգեներատը՝ կալանավոր նկարիչ Բելոգուրովը, որ մեղադրվում էր զինվորական լրտեսության մեջ, բայց դրան մինչև օրս էլ ես չեմ հավատում, չեմ կարող հավատալ:

Երբ մենք դուրս եկանք դահլիճից և քայլեցինք միջանցքով, որ մտնենք կուլտբաժնի գրադարան-ընթերցարանը, մեր հետևից ստվերի պես բուսելով՝ նորից, երրորդ անգամ, մոտեցավ ինձ նկարիչ Բելոգուրովը: Իր դողդոջուն ձեռքով բռնելով իմ թևը՝ խորհրդավոր ժպիտը դեմքին ինձ պատի մոտ տարավ Բելոգուրովը և, նայելով գետնին, արագ-արագ ասաց,

Չհավատա՛ք Եֆիմ Բրավելմանին: Նա խարդախ է ու խաբեբա: Նա գողանում է կուլտբաժնի ներկերը, իր համար նկարներ նկարում ու ծախում կալանավորներին...

Տեսնելով, որ ես շփոթվեցի և չգիտեմ ի՛նչ պատասխանեմ՝ նա արագ հեռացավ ինձանից, բայց մի քանի քայլ անելուց հետո կրկին մոտեցավ և միշտ ներքև, միշտ մի կողմ նայելով՝ խնդրեց.

Մեզ մի ուսուցիչ է հարկավոր, ընկե՛ր, մի նկարիչ ուսուցիչ: Դուք երևի քաղաքում կունենաք ծանոթ նկարիչներ. խնդրեցեք, թող մի անգամ գան և մեզ ցուցմունքներ անեն...

Խե՜ղճ Բելոգուրով: Իր այդ խնդիրքով նա երևի ուզում էր շտկել քիչ առաջ թողած իր ո՛չ այնքան էլ գեղեցիկ տպավորությունը: Եվ, երևի մտածելով, որ դրանով է՛լ ավելի կսրբի իր հանցանքը, նա ավելացրեց.

Իսկ մինչ այդ ես կաշխատեմ բնությունից նկարել...Բնությունը ամե՛ն տեղ էլ բնություն էնույնիսկ Ե...

Երևի ուզում էր ասել՝ Երևանում, բայց իսկույն գլխի ընկավ ու շտապով շտկեց.

Ուղղիչ Տանը...

Այո՛, բնությունը ամեն տեղ բնություն է, սիրելի Բելոգուրով, — նույնիսկ Ուղղիչ Տանը: Այս խոսքդ ես հավանեցի այն Ժամանակ և կրկնում եմ հիմա, երբ գրում եմ տպավորություններս: Եվ, ինչպես այն ժամանակ այնտեղ, Ուղղիչ Տան կուլտբաժնի միջանցքում, այնպես էլ հիմա իմ սիրտը դառնությամբ է լցվում, երբ ես հարց եմ տալիս ինձ, թե ինչո՞ւ է այդ միևնույն բնությունը միևնույն խմորից թխում թե՜ հանճարներ, թե՜ դեգեներատներ...

«Բնությունը ամեն տեղ բնություն է» — այս մեկը դու լավ ասացիր, թանկագին Բելոգո՛ւրով:

VI. Ասլան-բիձեն, նրա զարմանալի կինը, կուլտբաժնի սխեման, թուրք պեյզանները, Բենժամենի իմաստությունը և Նաիրյան Օտտո Վայնինգերը՝ Լագգին

Վերջապես մենք բաժանվեցինք Բելոգուրովից և մտանք գրադարան-ընթերցարանը:

Մի բավականին ընդարձակ սենյակ՝ դիմացը գրքակալներ: Դեպի աջ մի երկար սեղան՝ վրան զանազան թերթեր: Պատերին նկարներ ու դիագրամաներ:

Ներս մտնելիս առաջին հերթին իմ աչքին ընկավ մոտ 5055 տարեկան, բարձրահասակ, գյուղական հագուստով, ղազախեցու հսկա փափախը գլխին մի կալանավոր, որ դռան մոտ աթոռի վրա նստած թերթ էր կարդում:

Սա էլ մեր Ասլան-բիձեն, — ուրախացած բացականչեց Բենժամենը և դառնալով նրան.

Աբա՛ մի ծանոթացի էս մեր նոր ընկերոջ հետ, — ավելացրեց նա և բռնելով Ասլան-բիձի ձեռքը՝ քաշ տվեց դեպի ինձ:

Տղամարդու դեմք ուներ Ասլան-բիձեն. մազերը համարյա ամբողջովին սպիտակած էին, բայց առույգ էր, ինչպես երիտասարդ:

Ինչի՞ համար ես բռնված, — տվի ես Ասլան-բիձին իմ մշտական հարցը:

Ես գիդա՞մ, հնգե՜ր ջան: Ասում են՝ բանդիտ ես...

Ո՞նց թե բանդիտ:

Դե էդպես որոշեցին: Ամա, թե իմ գործը ուրիշ գործա, երգար պատմութեն ա...

Առհասարակ հարկավոր է ասել, որ Ուղղիչ Տուն ընկնելու հենց առաջին օրից ես նկատեցի, որ այստեղ չկա անգամ մի կալանավոր, որ իրեն հանցավոր համարի: Բոլորն էլ, նույնիսկ երկու-երեք սպանություն կատարած կալանավորները, միանգամայն անկեղծ բողոքում էին, որ ձերբակալել են իրենց, — կարծես ոչ թե իրենք էին կատարել այդ հանցագործությունները, այլ մի ուրիշը: Եթե նրանց լսելու լինեինք՝ դուրս կգար, որ իզուր Մեզը հավաքել են անմեղ մարդկանց ու պահում են Ուղղիչ Տան պատերում: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք, այդ հանցագործները, ո՛չ թե դիտմամբ, մտացածին ձևով էին իրենց արդար համարում, այլ դա նրանց մեջ բնազդի նման մի բան էր, համարյա բնախոսական մի նախապաշարմունք, որի դեմ հակաճառելն անհույս գործ էր, ինչպես ես համոզվեցի հետագայում: Գոյության դաժան պայքարի հետևանքով իր նորմալ շրջապատից առանձնացված «սոցիալական անասունի» տարերային բողոքն էր դա երևի իրեն առանձնացնողների դեմ, — խուլ, տարերային, մթին մի բողոք, որ անհաղթելի է, ինչպես յուրաքանչյուր բնազդ, և անընկճելի, ինչպես բոլոր սոցիալական բնազդները: Որպես այդպիսին, պարզ է, որ դա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, ինչքան ուզում եք համոզեք կալանավորին, որ նա սպանելով կամ գողանալով հանցագործություն է կատարելնա էլի «իր համոզմունքին կմնա»: Կհամաձայնվի, իհարկե, որ կատարել է անթույլատըրելի մի բան, սակայն ամեն կերպ կաշխատի արդարացնել իրեն ու վերջին հաշվով իր այդ ինքնարդարացումը կփոխի խուլ, տարերային բողոքի... Ո՞ւմ դեմ` ինքն էլ չգիտե: Սա բնազդ է, բնախոսություն, ինչ որ կուզեքսակայն սա փաստ է` համառ, որպես բոլոր փաստերը:

Ինչ վերաբերում է Ասլան-բիձին՝ նա հետագայում պատմեց ինձ իր գործը, և ես չգիտեի` հեքիա՞թ է այդ, թե մեր օրերի իրականություն: Ասլան-բիձեն ապրելիս է եղել գյուղում իր կնոջ հետ, որին սիրել է չափից ավելի, սակայն կինն ավելի է նրան սիրել, քան ինքը կնոջը: Ես շատ եմ լսել ու կարդացել սիրային պատմություններ, բայց նման զարմանալի պատմություն ես լսում էի առաջին անգամ և դժվարությամբ էի հավատում:

Բայց արի տես որ` երե՜խա չունեինք, — պատմում էր Ասլան-բիձեն, — ու գեղում խոսք ընկավ, որ դա ոչ թե կնկանիցս ա, այլ իբրև ինձանից... Ըստեղ դե կնիկս է՛լ համբերեց ոչ, վեր կացավ հարևան գեղը գնաց ինձ համար նոր կնիկ ճարի, թե ինչ ա՝շանց տա գեղին, որ ոչ թե ինձանից և էդ մեղքը, այլ իրանից... Դե ես էլ է՛լ համբերեցի ոչ, է՛լ կարացի ոչ, թե տանեմ էս անպատվութենը, փախա սարերը, դարձա ղաչաղ... Դուզ է, դարձա ղաչաղ, համա թե մարթ ասես ձեռք տվամ ոչ... Տասը տարուց ավել էդպես ղաչաղություն արի, վերջն էլ բալշևիկը եկավ բռնեց, թե ղաչաղ ես, բանդիտ ես...

Ահա՛ Ասլան-բիձի համառոտ պատմությունը, որն իր պրիմիտիվ ողբերգականությամբ կարող է մրցել շեքսպիրյան բոլոր ողբերգությունների հետ: Սակայն ինչպես ես հետագայում ուրիշներից իմացա՝ Ասլան-բիձեն մի «փոքրիկ» բան ինձանից թաքցրեց: Դա Ասլանբիձի համար այն «աննշան հանգամանքն էր, որ ինքը 20 թվի ղազախի ապստամբության ժամանակ օգնելիս է եղել դաշնակներին և, կարծեմ, բավականին ակտիվ: Բայց, չնայած սրան, Ասլան-բիձեն արդեն միանգամայն անշառ մարդ էր և Կենտգործկոմը շուտով նրան ներում շնորհեց:

Ասլան-բիձի հետ առաջին անգամ հանդիպելիս ես դեռ չգիտեի նրա պատմությունը, սակայն նա իմ ուշադրությունը գրավեց և մի այլ բանով: Առաջին իսկ հայացքից ինձ տարօրինակ թվաց, որ նա թերթ է կարդում: Հարցրի.

Սիրո՞ւմ ես կարդալ, Ասլան-բիձա:

Խի՞ չեմ սիրում... Շա՜տ, — պատասխանեց Ասլան-բիձեն. — շնորհակալ եմ խորհրդային իշխանությունիցԸստե՛ղ սովորեցի կարթալրը, շկոլումը... Համ էլ ես կուլտբաժնի ցրիչն եմ. ըստեղ նստում գազեթ եմ կարթում սաղ օրը, օրըս էլ օր ու կես են հաշվում: Շե՜ն կենան իրանք. ես խորհրդային իշխանությունից գանգատ ունե՛մ ոչ...

Բացի Ասլան-բիձեն՝ ընթերցարանում սեղա՛նի շուրջը նստած կային մի շարք կալանավորներ, որոնք բոլորն էլ թերթեր էին կարդում: Մեծ մասը գյուղացիներ էին, մի քանիսը թուրք: Դրանք կարդում էին լատինատառ «Ենի Յոլ»-ը:

Ուղղիչ Տան դպրոցում էին սովորել լատինական այբուբենը: Հետո, երբ մտանք դպրոցը, մենք տեսանք քսանի չափ թուրք կալանավորներ, որոնք ամենայն հեշտությամբ անցնում էին լատինատառ դասագիրքը:

Մինչ այդ` Բենժամենը կանչեց ինձ ընթերցարանի ձախ պատի մոտ և ցույց տվեց պատին փակցրած պլակատանման նկարը.

է՛ս էլ հին ու նոր բանտերըԲելոգուրովն է նկարել...

Ամենայն հետաքրքրությամբ սկսեցի զննել այդ նկարը:

Նկարը մեջտեղից բաժանված էր երկու մասի, ինչպես լինում է սովորական լուբոկներում, և յուրաքանչյուր մասում հինգ առանձին նկարներով տրվում էր հին, ցարական բանտի և նոր, խորհրդային Ուղղիչ Տան պատմությունը աջ կողմում.

1. — Գյուղացուն վզակոթին տալով նետում են բանտ. 2. — Ոտներին գամում են շղթաներ. 3. — Փակ, մութ, կեղտոտ կամերա, հատակի վրա փռված բանտարկյալները թուղթ են խաղում, ծեծում ու գզգզում իրար. 4. — Կեղտոտ, հյուծված բանտարկյալին վզակոթին տալով հրում են դուրս. 5. — Ազատված բանտարկյալը հենց բանտի դռան մոտ ձեռքը կոխել է անցորդի գրպանը, իսկ փողոցի անկյունից վազում է ոստիկանը ազատված բանտարկյալին կրկին ձերբակալելու:

«Ահա՜ նախկին, ցարական ռեժիմի բանտը և ուղղիչ քաղաքականությունը» — լուբոկային իր պարզ, բոլորին Հասկանալի լեզվով ասում էր Բելոգուրովի նկարի աջ կողմը:

Նկարի ձախ կողմը. 1. — Կալանավորը միլիցիոների հետ մտնում է Ուղղիչ Տուն. 2. — Կալանավորը աշխատում է հյուրանոցում. 3Կալանավորը դպրոցում. 4. — Ազատվող կալանավորը Ուղղիչ Տան գրասենյակում ստանում է իրեն հասանելիք աշխատավարձը. 5-Ազատված կալանավորը գյուղի ճանապարհին՝ մի թևի տակ գրքեր, իսկ մյուսի տակ կապոց. երևի նվերներ է տանում իր կնոջն ու երեխաներին...

Այսպես էր պատմել խորհրդային Ուղղիչ Տան և ուղղիչ քաղաքականության մասին իր նկարի ձախ կողմում նույն այդ Ուղղիչ Տան կալանավոր Կոստանդին Բելոգուրովը:

Հետո մենք նայեցինք Ուղղիչ Տան պատի թերթը, որ կոչվում էր «Ճառագայթ»: Գրված էր երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն, ռուսերեն: Ապա ես մոտեցա գրքակալներին և սկսեցի նայել գրքերը: Հայերեն, ռուսերեն, թուրքերեն: Քաղաքական գրականություն և բելետրիստիկա: Պետք է ասել, որ գրադարանն այնքան էլ հարուստ չէր: Հետագայում մենք մի քանի անգամով հարստացրինք այդ փոքրիկ գրադարանը:

Следующая страница