Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Ի՞նչ գրքերի կարիք է զգացվում, — հարցրի գրադարանապետին, որը միևնույն ժամանակ թե՜ ներկարար էր և թե՛ շրջանակներ շինող:

Գեղարվեստական: — Տվեք ռոմաններ: Ուրիշ բան հարկավոր չէ: Քաղաքական գրքեր էլ են կարդում, բայց քիչ: Տվե՜ք բելետրիստիկա:

Այսպես է կարծեմ բոլոր բանտերում և ուղղիչ տներում: Մարդիկ երևի պահանջ են զգում կորցրած ազատությունը, դրսի ընդարձակ ու բազմապիսի կյանքն ապրել ու զգալ... գոնե գրքերում: Այսպես է կյանքը:

Գրադարան-ընթերցարանից հետո մենք մտանք կուլտբաժնի գրասենյակը, ուր ես ծանոթացա բաժնի վարիչի հետ, և նա ինձ ցույց տվեց կուլտբաժնի սխեման:

Կուլտբաժինն ուներ հետևյալ սեկցիաները.

1. Գրական, որի մեջ մտնում էին գրադարան-ընթերցարանը, պատի ու կենդանի լրագրերը և շախմատային ենթասեկցիան:

2. Թատերական, որ ուներ երեք խումբ, հայկական, թուրքական, ռուսական:

3. Նկարչական, որ բաժանվում էր երկու ենթաբաժնի՝ դպրոցական և արտադրական:

4. Երաժշտական, որ ուներ արևելյան երաժշտախումբ և երգեցիկ խումբ:

5. Իրավաբանական բյուրո, որի պարտականությունների մեջ էր մտնում կալանավորներին իրավաբանական օգնություն հասցնելը: Գրում էր խնդիրներ, հրավիրում էր պաշտպանների, կազմակերպում էր իրավաբանական հանրամատչելի զեկուցումներ և այլն: Իրավաբանական բյուրոն գտնվում էր հենց այդտեղ՝ գրասենյակում, և նրա սեղանի առաջ միշտ խռնված էին լինում կալանավորները՝ զանազան գործերով:

6. Ընկերական դատարան, որ ուներ դատախազական բաժին և իրավապաշտպանների կոլեգիա:

7. ֆիզկուլտուրայի. — այս սեկցիան կարծեմ մինչև վերջն էլ թղթի վրա մնաց. կալանավորները, մանավանդ գյուղացիք, խորշում էին ֆիզկուլտուրայից, որպես ամոթաբեր մի բանից: Հետագայում կազմակերպված մեր մի քանի զրույցները չտվին ոչ մի արդյունք:

Այս էր կուլտբաժնի սխեման: Սեկցիաների վարիչները կազմում էին կուլտկոմիսիա, որ ընտրվում էր կալանավորների ընդհանուր ժողովում: Այդտեղ էին ընտրվում նաև կուլտկոմիսիայի նախագահը և ընկերական դատարանի դատախազը: Իսկ ամբողջ կուլտբաժինը ղեկավարում էր կուլտբաժնի վարիչը, որը կալանավոր չէր և մտնում էր Ուղղիչ Տան վարչության մեջ՝ կոլեգիայի անգամի իրավունքով:

Դպրոցն առանձին էր և չէր գտնվում կուլտկոմիսիայի իրավասության ներքո: Նա առանձին գծով ենթարկվում էր կուլտբաժնի վարիչին և նրա միջոցով՝ Երևանի քաղլուսվարին, որը և նշանակում էր ուսուցիչներ: Դրսից միայն երկու ուսուցիչներ կային, մնացածները կալանավորներ էին, թվով վեց, որոնցից չորսը՝ թուրք: Դպրոցին կից կային և քաղգրագիտության ու գյուղատնտեսական խմբակներ, որոնցից առաջինում աշխատանքները տանում էր կուլտբաժնի վարիչը, իսկ երկրորդում` երիտասարդ մի կալանավոր, նախկին գյուղատնտես:

Կուլտբաժնի վարիչի հետ միասին երբ մտանք դպրոցը, այդտեղ պարապում էր թուրքական խմբակը: Քսանի չափ թուրք կալանավորներ, բոլորը գյուղացի, պարապում էին լատինատառ դասագրքով:

Հե՞շտ է, — հարցրի մեկին թուրքերեն, — և բոլորը միասին պատասխանեցին.

կոլա՜յ դը, կոլա՜յ դը

Վերցրի մեկի տետրակը և սկսեցի բարձրաձայն կարդալ, հարկավոր էր տեսնել այդ պահուն նրա աչքերը` հասկանալու համար, թե ի՜նչ է նշանակում գեղջուկ մարդու հիացմունք հասարակ բաների առիթով:

Ես էլ էի հիացած, բայց ո՛չ թե իմ ընթերցանությամբ, այլ այդ թուրք պեյզանների առաջադիմությամբ: Հետագայում նրանք ինձ ցույց էին տալիս իրենց գրած նամակները, որոնք եթե վերածելու լինեիք հայերենի՝ դուրս կգային Թումանյանի Գիքորի հոր հռչակավոր նամակի համարյա տառացի պատճենները: Նույն ոճը, նույն անմիջական հետաքրքրությունը` հարազատ մարդկանց ու հարազատ կենդանիների անցուդարձով, նույն բարևները` յուրաքանչյուր բարեկամին առանձին, նույն գեղջկական միամիտ քերականությունը...

Սակայն իմ այդ առաջին այցը թուրքական խմբակին ինձ համար առանձնապես նշանակալից էր նրանով, որ ես այդտեղ առաջին անգամ հանդիպեցի Բաղդասարին, Ուղղիչ Տան հռչակավոր Բաղդասարին, որը նստած «լատիներեն» էր սովորում թուրք պեյզանների հետ միասին...

Բայց Բաղդասարի մասինհետո:

Երբ դուրս եկանք դասարանից, չգիտեմ ինչու, կրկին մտանք թատերական դահլիճը և բարձրացանք բեմ: Զարմանալի Համոն դեռ զբաղված էր իր դեկորներով, իսկ Բելոգուրովն ու Եֆիմ Բրավելմանը դահլիճի վերևի մասում զբաղված էին իրենց նկարչությամբ: Ես այնքան էի տարվել իմ տեսածներով ու լսածներով, որ միանգամայն մոռացել էի ուր լինելս: Եվ ահա, չգիտեմ ի՛նչպես պատահեց, — ես սթափվեցի այն ժամանակ միայն, երբ մենք արդեն կանգնած էինք բեմի աջ կողմը, դեկորների հետևը գտնվող բաց պատուհանի առաջ... Այո՛, բաց պատուհանի, որի ճաղերի միջից երևում էր աշնանային Երևանը... Կարծես քնած էի, և սառը ջուր լըցրին գլխիսայդքան անակնկալ էր տպավորությունը: Երևակայո՞ւմ եք` Երևանը, այդ տափակ տների ու գորշ այգիների մոխրագույն տեսարանը արավ ինձ վրա շշմեցնող, հարբեցնող, խենթացնող տպավորություն: Նայեցի Բենժամենին նա էլ էր նայում Երևանին: Աչքերում թախիծ կար և անսահման, անսահման, ես կասեի՝ անասնական կարոտ... Մոտ երկու տարի էր, որ նստած էր նա Ուղղիչ Տանըև երեքչորս անգամ էր ընդամենը քաղաք գնացել:

Ա, երանի՜ մարդ ա՛յ էն ծառը ըլեր, — ցույց տալով ինչ-որ հեռավոր մի կետ ասաց կամացուկ Բենժամենը, — հի՜նչ լավ կլեր...

Չէ՛, ծառը լավ չէր լինի, մեկ է՝ չէիր կարող տեղիցդ շարժվել:

Է, հո ազա՜տ կլեի՝ ջհանդա՛մը թե չէի շարժվի, — պատասխանեց նույն կամացուկ ձայնով Բենժամենը. — լավ և մարդ դրսևում ծառ ըլնի, քան ըստեղ մարդ...

Մենք լուռ հեռացանք պատուհանից, և ես հետագայում միայն ինչպես հարկն է հասկացա Բենժամենի վերջին խոսքերի հավիտենական ճշմարտությունըմի պարզ, պրիմիտիվ, ոչ միայն մարդկային, այլև կենդանական, բնախոսական ճշմարտություն, որի մասին միլիոնավոր բանաստեղծություններ կան տպված աշխարհիս բոլոր դասագրքերում:

Երբ մենք Բենժամենի հետ միասին իջնում էինք ներքևի հարկը՝ վառվռուն, կրակոտ աչքերով մեզ առաջ վազեց Լազգին.

Հիշկե՜ք` լա՞վ ենք մաքրուկ, — ասաց նա և ցույց տվեց մաքուր սրբած միջանցքը: Եվ ապագաղտնի, հույժ կոնֆիդենցիալ, խորհրդավոր ժպիտը դեմքին մոտեցավ նա ինձ, աջ ձեռքը հովանոցի նման դրեց ականջիս վերևը, շրթունքները մոտեցրեց և հայացքը Բենժամենին հառած՝ ասաց ինձ իբր թե կամացուկ, բայց էապես այնպես, որ Բենժամենը ևս լսի.

Մի նոր պոռնիկ կնիկ են բերուկ... Ի՛մ արև:

Ու ցատկելով մի կողմ` այծանման մկկաց:

Հետո լուրջ դեմք ընդունեց, ձեռքով ու քունքերով զարմացական շարժում արավ և ավելացրեց.

Հնչի՞ կբերեն ըդրանցչեմ խասկընա... Կնիկն ի՞նչ ա՝ բերեն դնեն բանտ՝ խաց տան ուտա... Կրակ տան` վառե՜ն:

Ինչո՞ւ, կազդի՛, նրանք էլ մարդ են մեզ պես:

Մա՞րթ,— միանգամայն անկեղծ, ֆենոմենալ անկեղծությամբ բացականչեց Լազգին. — թե ըդրանք մարթ են` Լազգին շո՛ւն ա...

Ու բռունցքով ամուր խփեց իր կրծքին, շուռ եկավվազելով հեռացավ:

Ֆենոմենալ կնատյաց էր Լազգին. եթե ճեմարանավարտ լիներ՝ անպայման կդառնար մի Նաիրյան Օտտո Վայնինգեր... այդ սքանչեփ Լազգին:

VII. Կուլտբաժնի պարետը, բողոքական տերտերը, Ուղղիչ Տան շախմատային չեմպիոնը, Մարգարիտը, Անուշը և կալանավորների բարոյական զարմանալի նորմերը

Երեկոյան ես բարձրացա կուլտբաժին՝ կալանավորների ներկայացումը տեսնելու:

Ժամը դեռ 6-ն էր: Ներկայացումը սկսվելու էր 7-ին, բայց ամբողջ կուլտբաժինը արդեն խառնվել էր իրար` պատրաստություններ էր տեսնում: Ես կրկին իմ անբաժան չիչերոնեի հետ էի՝ Բենժամենի հետ:

Ներքևում, ուր սկսվում էին կուլտբաժին տանող սանդուղքները՝ կանգնած էին երկու կալանավոր և մարդ չէին թողնում վերև: Բաժանված էին տոմսեր, որոնցով և ժամանակին գալու էին կալանավորները: Միջանցքում անհանգիստ դեսուդեն էր վազում սանսեկցիայի ամենաեռանդուն աշխատակիցը՝ Լազգին. մաքրության էր հետևում:

Մեզ բաց թողին առանց տոմսի, և մենք բարձրացանք վերև: Մաքուր էր: Լույս: Սանդուղքի դիմացի պատին և վերը` միջանցքի պատերինյուղաներկ նկարներ: Մարդիկ, հաճելի հոգսը դեմքներին, դեսուդեն էին վազում, կարծես գավառական թատրոն էր` տեղական սիրողների ներկայացումն սկսվելուց մի ժամ առաջ...

Առաջին հերթին իմ ուշադրությունը գրավեց մի գունատ, բարակ, բարձրահասակ, երազողի դեմքով երիտասարդ, որ, ինչպես գնդապետը պատերազմի դաշտում` եռուզեռի կենտրոնում կանգնած հրամաններ էր արձակում; Հարցրի ու իմացա, որ դա կուլտբաժնի պարետն է, Սուրենը: Շատ համակրելի դեմք ուներ այդ Սուրենը:

Տեսնո՞ւմ ես մեր Սուրենին, — ցույց տվեց Բենժամենը:

Ինչ գործով է:

Սպանության: Դրանք երեք հոգի են, բոլորն էլ հենց էդպես ջահել տղերք: Հետով շանց կտամ:

Հետաքրքրված՝ ես մոտեցա Սուրենին: Այդ պահուն նա կանգնած էր դահլիճի երկրորդ դռան մոտ, որի միջով կուլտբաժնի գրասենյակն էին տեղափոխում իրենց նկարչական արհեստանոցն ու կիսավարտ նկարները Եֆիմ Բրավելմանը և Բելոգուրովը: Նրանց օգնում էին Ասլան -բիձեն և մի կաղ, կանաչ շինել հագած, ոտաբոբիկ կալանավոր, որ գրավեց իմ ուշադրությունը իր գունատ, աննորմալ դեմքով ու ծայր աստիճանի սև մորուքով ու աչքերով:

Դա՞ ինչ մարդ է, — հարցրի ես զարմացած, մինչ իմ հետաքրքրության առարկան` երեսը իմ կողմը դարձրած` իդիոտային ժպիտով ինձ էր նայում, կարծես իր այդ ողորմելի ժպիտով հայցում էր, որ իրեն չխփեմ:

Դա մեր տերտերն է, — կարճ պատասխանեց Բենժամենը, որ Ուղղիչ Տան բնակչության մասին ուներ սպառիչ տեղեկություններ:

Սակայն հետագայում ես իմացա, որ դա ոչ թե լուսավորչական տերտեր է, այլ բողոքական քարոզիչ: Ասում էր 23 տարեկան է, բայց թողնում էր 40 տարեկանի տպավորություն: Անպայման աննորմալ էր. բռնված էր կրոնական թռուցիկներ տարածելու համար: Թռուցիկներ, որոնցում նա մարգարեանալիս է եղել երկրային իշխանությանց անկումը և աշխարհի մոտալուտ կործանումը: Մի ամիս անց նրան արձակեցին:

Ինչքա՞ն մարդ է տեղավորվում դահլիճումհարցրի Սուրենին՝ նրա հետ ծանոթանալու նպատակով, սա մեղմ ժպտաց, կարմրեց, նայեց իր կոշիկներին ու պատասխանեց.

Մոտ երկու հարյուր: Փոքր է, դրա համար էլ տոմսերով ենք թողնում: Մի ներկայացումին մի կեսն է գալիս, մյուսին` մնացածները:

Խոսում էր գրական բարբառով, սակայն պարզ էր, որ ինտելիգենտ չէ: Խոսակցությունը շարունակելու հնարավորություն չկար շուրջի եռուզեռի պատճառով, ուստի ես բարեկամաբար ժպտացի նրան, և մենք բաժանվեցինք: Հետո ես ճանաչեցի նրան բավականին մոտիկից, և նա թողեց ինձ վրա չափազանց համակրելի, շնորհքով, ընդունակ երիտասարդի տպավորություն:

Մինչ կսկսվեր ներկայացումը՝ մենք մտանք գրադարան-ընթերցարանը: Լույս, տաք, մաքուր: Սեղանի շուրջը նստած թերթ էին կարդում տասի չափ կալանավորներ: Սեղանի վերևի անկյունում, դեմառդեմ նստած, շախմատ էրն խաղում երկու կալանավոր: Դրանցից մեկը սև, կոկ սանրած մազերով, լայնաթիկունք, ցածրահասակ մի կալանավոր էր, մոտ 25 տարեկան, իսկ մյուսը՝ զինվորականի շորերով մի ռուս: Սև երիտասարդը խաղում էր բավական լավ: Առհասարակ երևում էրդեմքի լուրջ, կենտրոնացած արտահայտությունից ու խոհուն աչքերիցոր, չնայած անտաշ, կոպիտ արտաքինին՝ մտածող մարդ է: Մի երկու սրամիտ, անակնկալ ընթացքով նա մատ տվեց դիմացինին ու ժպտալով նայեց մեր երեսին: «Լա՞վ է, չէ՞» — կարծես ասում էին նրա ժպտացող աչքերը: Ինչպես ընդունված է բոլոր շախմատային պարտիաների վերջում՝ պարտվողը նախ կարծես չհավատաց, որ «չկա փրկության դուռ», բնազդաբար ձեռքը իր թագավորին տարավ, մի երկու վայրկյան նայեց հարևան քառակուսիներինև հանկարծ գլխի ընկավ, խառնեց խաղաքարերը: Խաղը վերջացած էր: Պարտվողի դեմքը տխուր էր ու բարկացկոտ, իսկ հայացքը թաքուն ամոթանք էր արտահայտում, ինչպես բոլոր անհաջող շախմատիստներինը:

Դուք խաղում եք, — դիմեց ինձ սև երիտասարդը և ցույց տվեց խաղատախտակը:

Պրեստիժի խնդիր էր: Ես այնքան էլ ուժեղ չեմ այդ խաղում, բայց դիմացինիս ուժերն էլ դեռ լիովին անհայտ էին ինձ: Ռիսկ արի խաղացի ևերևակայո՞ւմ եքտարա... Բայց պետք է խոստովանել, որ... համարյա պատահմամբ: Սխալմամբ նա իմ ձիու հարվածի տակ թողեց իր թագավորին և թագուհուն, որից հետո անձնատուր եղավ՝ իհարկե, փնթփնթալով, ինչպես դա ընդունված է նման պարագաներում: Առաջարկեց մի անգամ ևս խաղալ: Ռազմագիտական նկատառումներով ես, իհարկե, հրաժարվեցի և այդպիսով Ուղղիչ Տան մեջ այդ երեկո հռչակվեց իմ անունը, որպես առաջնակարգ շախմատիստի: Ինչպես ինձ ասացին մինչ այդ Ուղղիչ Տան շախմատային չեմպիոնն է եղել իմ երիտասարդ խաղընկերը:

Սակայն նա հետագայում, ինչպես և սպասում էի, հանեց ինձանից իր շախմատային ոխը և վերականգնեց Ուղղիչ Տան շախմատային չեմպիոնի իր անբիծ անունը...

Երբ մենք բարձրացանք ու գնացինք դահլիճ, Բենժամենն ինձ ասաց.

Գիտե՞ս ով էր դա... էդ շախմատիստը...

Ո՞վ,

Դա մեր Նիկոլն է, Սուրենի հընգերը: Հի՜նչ խելացի տղայա... Լավ դերասանություն և անում:

Ի՞նչ գործով է:

Նույն գործով, սպանության: Դա՛ յա, Սուրենը, Խաչիկը: Մին հընգեր էլ ունեին ըստեղ հիվանդանոցում մեռավ... Մեսրոպ էր անունը:

Հիմա ի՞նչ է անում:

Ըստեղ մանտյորություն սովորեց, գնում ա դրսևի աշխատանքի: Էլ դժվար թե դրանք ըտենց բան անեն...

Արդեն ժամը յոթն էր, և կալանավորները խուռն բազմությամբ թափվեցին դահլիճը:

Դահլիճի մուտքի մոտ լուրջ, սֆինքսի նման գունատ ու ազդեցիկ կանգնած էր Սուրենը՝ կարգապահության էր հետևում: Ես կանգնած մուտքի մոտ նայում էի նրան, երբ պատահեց մի բան, որ իմ մեջ հիացմունք առաջացրեց դեպի այդ գունատ կալանավորը: Մի աժդահա գյուղացի կալանավոր, որին ինչպես երևում է այդ անգամ տոմս չէր ընկել` մտածել էր ներս մտնել իր սեփական տոմսով: Սուրենը նայեց նրա տոմսը, հասկացավ, ավելի գունատվեց և կամացուկ հրամայեց:

Անմիջապես դո՜ւրս:

Կալանավորը համառեց: Եվ ահա Սուրենը, այդ միջահասակից քիչ բարձր, բարակ, գունատ երիտասարդը գրկեց աժդահա գյուղացուն, թեթև, թղթի նման բարձրացրեց նրան և տարավ դուրս:

Դահլիճում թնդաց հիացած կալանավորների բուռն ծափահարությունը: Սուրենր լուրջ, անայլայլ, գունատ դեմքով վերադարձավ իր տեղը և շարունակեց իր գործը:

Մինչ ես զբաղված էի այս հետաքրքիր բաներով՝ Բենժամենը կորավ: Դես եմ նայում, դենչկա: Ուզում էի գնալ ընթերցարանը նայել, երբ դահլիճում թնդաց նվագածությունը: Նվագում էին՝ ջութակ, թառ, դհոլ: Ներս մտա տեսնեմ ջութակ նվագողը Բենժամենն է, իսկ դհոլ խփողը՝ Լազգին... Բեմից դեպի դահլիճ փայտյա բարյերով բաժանված էր մոտ երեք քայլաչափ տարածություն, ուր և նստած էին երաժիշտները:

Արդեն լիքն էր դահլիճը, վերջին հանդիսականներն էին արդեն մտնում դահլիճ. սակայն ամբողջ առաջին կարգը. ինձ անհայտ պատճառով ազատ էր թողնված: Կարծեցի վարչության համար է, բայց սխալվեցի: Մի քանի րոպե անց երկու կին հսկիչների ուղեկցությամբ դահլիճ մտան կին կալանավորները, թվով 10, և բռնեցին առաջին կարգը: Նրանց երթը գլխավորում էին Մարգարիտն ու Անուշը, որոնք իրենց բարձր հովանավորության տակ էին առել իրենց թուրք ընկերուհուն...

Մի գյուղացի տարիքն առած կին կար դրանց մեջ` ծծկեր երեխան գրկին: Հարցրի և իմացա, որ անհայտ նպատակով սպանել էր իր ամուսնուն: Երեխան թուխ, ժիր, փամփլիկ երեխա էրգեղջուկ սևաչյա երեխա...

Հենց որ կանայք մտան՝ Լազգին անհանգստացավ: Աչքերը կրակ դարձան վառվեցին: Այնպես էր խփում դհոլին, կարծես ոխ է հանում: Հետո նա հատուկ շարժումով դհոլը տվեց կողքին նստած մի կալանավորի, ինչ-որ բան ասաց Բենժամենինև ահա դահլիճում թնդաց Լեզգինկան, և Լազգին, այդ կնատյաց Լազգին, Նաիրյան այդ Օտտո Վայնինգերը զարմանալի վարպետությամբ սկսեց պարել...

Հարկավոր էր տեսնել Լազգու պարը՝ հասկանալու համար, թե ո՜րքան ռիթմ ու երաժշտություն կա կովկասյան պարերում: Այդտեղ ես նոր գլխի ընկա, թե որտեղի՛ց էր առաջացել նրա անունը. Լազգին ճիշտ որ նման էր լեզգինի: Թեկուզ միջահասակ էր ու վտիտ, սակայն իսկական լեզգինի շարժուձև էր նրա շարժուձևը ու թուխ դեմքը՝ լեզգինի թուխ դեմք: Հագուստն էլ շատ էր նպաստում նմանությանը, սև սատինե, բարձր օձիքով շապիկ, մոխրագույն գալիֆե շալվար, փաթաթաններ, չստեր:

Պարում էր զարմանալի արագ, լեռնցու յուրօրինակ նազանքով, ու կատաղի հայացքներ նետում կանանց կողմը, չինական ֆոկուսնիկի նման աչքերում խաղացնում էր կարծես կրակե խանչալներ...

— «Է՛, չե՜ս խաբի, Լազգի՛» — մտածում էի ես նրա կատաղի հայացքները դիտելով. — «Չափազա՜նց ես դու սիրում կանանց և խոցված ես դու երևում նրանցից... Ինչ լավ է, որ չես կարդացել Օտտո Վայնինգերի «Սեռ և բնավորություն»-ը, եթե ոչ` գունատ սեմինարիստի նման կսկսեիր հիմնավորել քո կնատյացությունը այդ կուղեկնոց փիլիսոփայությամբ... Խե՜ղճ Լազգի, սքանչելի՜ Լազգի...»

Երբ Լազգին վերջացրեց իր պարը արագ ցատկեց իր տեղը, նստեց, խլեց դհոլը դրեց իր ծնկներին և ագահ, անհանգիստ, վառվող աչքերով սկսեց տնտղել ու խոցել դեմը նըստած կանանց դեմքերը: Դահլիճում ծայր առավ մի խելագար ծափահարություն: Հետո մի քանի տեղից միաժամանակ թնդաց մի կատաղի գոռոց.

Անո՛ւշը, Անո՛ւշը, Անո՛ւշը...

Շուտով ամբողջ դահլիճը միացավ այդ գոռոցին, դոփեց, ծափահարեց, քրքջաց.

Անո՛ւշը, Անո ւշը...

Պարզ էր. հրավիրում էին պարելու Անուշին: Նայեցի նրան և դժվարացա ծիծաղս պահել: Քառասունին մոտիկ, սև, սաթի նման պսպղուն, հարթ սանրած մազերով, թուխ, բորբսնած դեմքով, միջահասակ մի կին էր Անուշը՝ դատված «միջնորդության» համար: Ազգությամբ ասորի էր, բայց իսկի չէր կարելի կասկածել, որ հայ չէ: Չնայած տարիքին և դեմքի գեղջկական արտահայտությանը` «բարձր դասի» կնոջ հավակնություններ ուներ իր զգեստներում ու սանրվածքում այդ Անուշը: Սև, կարճ զգեստներ էր հագնում, ինչպես գավառական գիմնազիստուհի և... սպիտակ գուլպաներ: Բարձրակրունկ կիսակոշիկներ: Խոսելիս ծամածռում էր բերանը, շրթունքները մանկականի էր նմանեցնում: Բառերը արտասանում էր մանկական առոգանությամբ: Մի խոսքով` Նաիրյան, ղանթարային ֆորմացիայի հին պոռնիկ էր Անուշը՝ ռուս փողոցային կանանց քաղաքակրթության ենթարկված:

Կեղծ-զուսպ, կեղծամաչկոտ հաճույքով, շինծու ամոթխածությամբ ընդունեց Անուշը` կալանավորների կողմից իր հասցեին ուղղած այդ ահռելի օվացիան. գլուխը մանկան պես թեքեց Մարգարիտի ուսին, երեսը ծածկեց ձեռներով.

Ամա՛ն, ես չեմ կրնա... ես կամչնա՛մ...

Դե, լա՛վ, հա՛, մի՛ կոտրտվի, մեռնի՜մ համոթիդ, — հովանավորող, հասկացող հեգնանքով պատասխանեց Մարգարիտը և բամփեց Անուշին: Արժե այստեղ մի երկու խոսքով նկարագրել և՛ Մարգարիտին, որ ամեն ինչով Անուշի հակապատկերն էր, բայց նրա անբաժան ընկերուհին:

Հիսունին մոտիկ, բարձրահասակ, լիքը, մետաղագույն դեմքովիսկական Նաիրյան «մատրյոնա» էր Մարգարիտը, Նաիրյան կես-գեղջկական, ծայրամասային «գրանդ դամա»: Շարժուձևը հանգիստ էր, վեհ ու սոլիդ: Մոնումենտալ կուրծք ուներ ու նստուկ, որոնցով կալանավորներին սրախոսությունների անսպառ նյութ էր մատակարարում: Բայց կալանավորները վախում ու քաշվում էին նրանից երբեք չէին համարձակվի նրա հետ այնպես ցինիկ վարվել, ինչպես հաճախ Անուշի հետ էին վարվում: Սակայն ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար հարկավոր է ասել, որ Անուշը պակաս բավականությամբ չէ, որ ընդունում էր կալանավորների ծայր աստիճանի գռեհիկ, ղանթարային հաճոյախոսությունները:

Վերջապես, երկար կոտրատվելուց հետո, Անուշը վեր թռավ տեղից և զույգ ձեռքերով դեմքը ծածկած, այնպես որ մատների արանքից համենայն դեպս տեսնի դահլիճը, մոտեցավ բարյերին, որ անցնի ու սկսի իր պարը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետովեր է ոչ միայն զարմանքից. այլև մարդկային դատողությունից: Զարմանալի աշխարհ է կալանավորների աշխարհը և ունի իր աներևակայելի օրենքները և բարոյական զարմանալի նորմերը...

Անուշը, ինչպես ասացի, զույգ ձեռքերով դեմքը ծածկած մոտեցավ բարյերին, որ անցնի, բայց հանկարծ հատուկ շարժումով դեմքից հեռացրեց ձեռքերը, չանչ արավ դեպի այն կողմը, ուր լինելու էին երաժիշտները, ծիծաղեցև արագ վազեց իր տեղը: Դահլիճում ծափահարությունը, աղմուկն ու ծիծաղը հասավ իր գագաթնակետին, կատաղի մոլեգնության: Առաջին վայրկյանին ես չհասկացա այդ բոլորի իմաստը, բայց երբ մի անգամ ևս նայեցի երաժիշտների նստարանինամեն ինչ պարզվեց:

Երաժիշտները չկային:

Ա՜յ տղա, ի՞նչու փախաք, — քիչ հետո հարցրի ես Բենժամենին, որ քիչ-շատ կրթություն ուներ և կարող էր քիչ բարձր մնալ այդ աշխարհում տիրող բարոյական նորմերից:

Բա մարթ հեսքան մարթի առաջ կածի, որ պոռնիկ կնիկը պա՞ր գա, — առարկություն չվերցնող տոնով, առանց ամաչելու պատասխանեց Բենժամենը:

Ապշեցի: Խոսք չգտա ասելու: Լավ էր, որ այդ ժամանակ բարձրացավ վարագույրը, և ներկայացումն սկսվեց...

VIII. Բեմը, պիեսը, կալանավոր դերասաններն ու հանդիսականները, Անահիտը, Նիկոլը, Համոն, Եֆիմ Բրավելմանի կուպլետները

Վարագույրը բացվելուն պես աղմուկն անմիջապես դադարեց, և դահլիճում տիրեց մեռելային լռություն:

Բեմը ներկայացնում էր մի ցարական գեներալի սենյակ, ուր գեներալը, կինը և նրանց պատանի տղան սեղանի շուրջը նստած թեյ էին խմում:

Խաղում էին ինչ-որ անծանոթ մի պիես, որ հեղինակություն էր երկաթուղային մի բանվորի: Թե որտեղի՞ց էին գտել պիեսը, չգիտեմ: Երևի բերել էր կուլտբաժնի վարիչը, որ աոաջ կայարանի բջիջի քարտուղարն էր եղել:

Պիեսի սյուժեն հետևյալն էր: Գեներալի տղան ըմբոստանում է հոր դեմ, կապ հաստատում հեղափոխականների, երևի կոմունիստների հետ, ուզում է ռումբով պայթեցնել հոր շտաբը, չի հաջողվում, ընկնում է գերի, բայց ազատվում է կարմիր բանակայինների ձեռքով, որոնք գրավում են քաղաքը և հաստատում խորհրդային իշխանություն: Մոտավորապես նման մի սյուժե էր, լավ չեմ հիշում, բայց էականը մեզ համար ոչ թե սյուժեն է, այլ կալանավորների խաղը և մանավանդ դահլիճի վերաբերմունքը դեպի բեմը:

Դեռ նոր էր սկսվել պիեսը, դեռ նոր էր գեներալը հարցնում իր զավակին, թե նա որտեղ է կորչում իրիկունները, երբ դահլիճը փռթկաց: Գեներալի խոսքերում ոչ մի ծիծաղելի բան չկար. պատանի հեղափոխականի դրությունն սկսում էր ողբերգական դառնալէլ ի՞նչն էր ծիծաղի պատճառը–… Երևակայո՞ւմ եք՝ Անահիտը:

Հիվանդանոցում ծառայող մի կին էր Անահիտը, մոտ 25 տարեկան, կիսագրագետ, խեղճ, անհամարձակ մի կին: Խոսելիս շփոթվում էր, կարծես սայթաքում էր: Ձայնը կերկեր ու անհամարձակ: Բոլոր ներկայացումներին նա էր տանում աղախնի դերը: Եվ միշտ, բոլոր ներկայացումներին, ինչպիսի ողբերգական անցուդարձի ժամանակ էլ այդ դժբախտ դերասանուհին երևար` նրա տեսքն անգամ կալանավորներին անասելի զվարճություն էր պատճառում: Այժմ էլ հենց նա էր, որ մտավ գեներալին թեյ տալու և իր ողորմելի տեսքի մոգական կարողությամբ զվարթացրեց հանդիսականներին...

Հենց որ Անահիտը հեռացավ՝ դահլիճը խաղաղվեց: Ես ավելի կալանավորներին էի նայում, քան բեմին: Լարված ուշադրությամբ հետևում էին կալանավորները բեմի անցուդարձին և առանց քաշվելու, բարձրաձայն արտահայտում իրենց վերաբերմունքը: Երևում էր, որ բեմի անցուդարձը նրանք համարում են իրականության նման մի բան: Երբ հերոսը դժվար դրության մեջ էր ընկնում, դահլիճից խորհուրդներ էին տալիս նրան, քաջալերում, հրահրում: Ինձ մոտ նստած էր Ուղղիչ Տան պետը, և պիտի ասեմ, որ սա՜ էլ հետ չէր մնում մյուսներից: Ավելին: Երբ տեսա, թե ո՜րպիսի անմիջականությամբ է այդ հասարակ մարդկանց բազմությունն ընդունում բեմում կատարվածը, ի՞նչ պիսի կենդանի վերաբերմունքով է անդրադառնում ընկերների խաղինես ինքս էլ մեքենայաբար սկսեցի մասնակցել դահլիճի վերաբերմունքին, կալանավորների անմիջական ոգևորությանը: Խաղում էին կարծես ոչ միայն բեմի մի քանի դերասանները, այլ կալանավորների ամբողջ բազմությունը, ամբողջ դահլիճը: Այսինքն ո՛չ թե խաղում էին բառացի, այլ մասնակցում էին խաղին: Դերասանները, այսպես ասած, տոն էին տալիս, վարում էին խաղը, իսկ հանդիսականներն ամեն կերպ օգնում էին նրանց, քաջալերում, հրահրում, բայց ոչ թե որպես դերակատարների, այլ որպես գործող անձանց: Ուրախանում ու տխրում էին հերոսի հետ մեկտեղ և բարձր քրքջում հերոսի թշնամիների անհաջողությունների վրա: Դա ոչ թե խաղ էր կարծես, այլ մասսայական կենդանի գործողություն, որին այս կամ այն չափով մասնակցում էին բոլորը:

Այս ներկայացման ընթացքում ես հիշեցի մեր բոլոր մանվածապատ զրույցները նոր, կոլեկտիվ թատրոնի մասին, ուր հասարակությունը պետք է ո՛չ թե պասսիվ հանդիսատես լինի, այլ ակտիվ մասնակիցև հասկացա մի շատ հասարակ ճշմարտություն, որ առանձնասենյակում նստած չի կարող ըմբռնել ոչ մի հանճարեղագույն գեղագետ: Դա այն է, որ կոլեկտիվ թատրոն ստեղծելու առաջին նախապայմանը ոչ թե նոր թատրոնական տեխնիկան, կամ ինչ-որ առանձին ձևով գրված պիեսներն են, այլնոր հասարակությունը: Տվեք կենդանի, կյանքի հարաճուն ռեալիզմով դրված պիես և գեղագիտական զանազան քաղցրավենիներով չփչացած հասարակությունև ինքնին կստեղծվի «կոլեկտիվ թատրոնը»: Ես տեսել եմ սիրողների ներկայացումներ բանվորական, կոմերիտական, աշակերտական ակումբներումև միշտ իմ տպավորությունը նույնն է եղել:

Այդ անմոռանալի ներկայացման ժամանակ իմ ուշադրությունը գրավեց և մի այլ հանգամանք: Կալանավոր դերասանների բոլորի էլ գրիմը շատ մակերեսային էր, բոլորն էլ խոսում էին իրենց սովորական ձայներով, իհարկե, աշխատելով մի քիչ թատերական շեշտ մտցնել իրենց առոգանության մեջմի բան, որ բավականին զվարճալի տպավորություն էր թողնում, — մի խոսքով՝ բոլորն էլ ոտով-գլխով մատնում էին իրենց ով լինելը, սակայն ամբողջ ներկայացման ընթացքում ես չնկատեցի, որպեսզի հանդիսականները նրանց դիմեին նրանց իսկական անուննեով:

Խփի՛ էդ գեներալին՝ սատկի, խփի՛, է՛, — քաջալերում էին հերոսինև այսպես շարունակ:

Պարզ էր, յուրաքանչյուր հանդիսատեսի համար գեներալ խաղացողն այդ պահուն գեներալ էր և ուր՛իշ ոչինչ: Գեներալ, որին հարկավոր է խփել: Չեմ կարծում, որ որևէ թատրոնում, որևէ իսկական դերասանի խաղ այդքան կենդանի կերպով շահագրգռե որևէ նրբակիրթ հանդիսատեսի:

Ես երբեք չեմ մոռանա Ուղղիչ Տան պետի խորհուրդը երիտասարդ հեղափոխականին, գեներալի կոմունիստ տղին, երբ վերջինս իր հոր շտաբում պատրաստվում էր ռումբը սեղանի դարակը դնելու, բայց այդ վայրկյանին դուռը բացվեց և մտավ գեներալի համհարզը:

Փախի՛ մտի շկաֆը, փախի՛ մտի, — հուզված բացականչեց պետը և երբ տեսավ, որ արդեն ուշ է, որ համհարզն արդեն նկատեց հեղափոխականին նա, վեր թռչելով տեղից, ավելացրեց.

Փախի՛ դեմի դռնով, դուռը բաց է, շո՜ւտ, է՜ , ա՜յ տնաշեն...

Բայց ինչպե՞ս փախչեր խեղճ հեղափոխականը, երբ, ըստ հեղինակի քմահաճույքի, պետք է գերի ընկներ, որպեսզի հետո ազատվեր կարմիր բանակայինների ձեռքով...

Ես չեմ մոռանա երբեք և ամբողջ դահլիճի բուռն, սանձարձակ քրքիջը, երբ կարմիր բանակայինները խուժեցին գեներալի շտաբը և սվիններով գետին գլորեցին գեներալին: Սանտիմենտալ մարդիկ չէին կալանավորները. գեներալի մահը նրանց համար ոչ թե մարդկային վախճան էր, որ որպես այդպիսին կարող է գոնե լուրջ, ո՛չ հեգնական վերաբերմունք պահանջել, — այլ ոխերիմ թշնամու անփառունակ անկում, որ միայն քրքիջ կարող է առաջացնել:

Հետագայում ես ներկա եղա և մի շարք այլ ներկայացումների, և կալանավորների հոգեբանության այս յուրօրինակ գիծն ինձ բավականին զարմացրեց: — Օրինակ՝ երբ «Պատվի համարի վերջում» «Որդեսպան» բացականչեց էլիզբարովը և կաթվածահար ընկավամբողջ դահլիճը բուռն, մոլեգին, միաբերան ծիծաղեց:

Կալանավորները ոխերիմ թշնամիներ են բարոյական կեղծ սանտիմենտալիզմի և, որպես անմիջական մարդիկ, հարկ չեն համարում թաքցնել իրենց անմիջական վերաբերմունքըահա իմ կարծիքով սրա միակ բացատրությունը:

Մի փոքրիկ հանգամանք ևս Ուղղիչ Տան այդ առաջին ներկայացումից անջնջելի հետք է թողել իմ հիշողության մեջ, և ես չէի կամենա մոռացության տալ այդ հետքը: Երկրորդ պատկերի ժամանակ, երբ վարագույրը բացվեցբեմը ներկայացնում էր գեներալի շտաբը ռազմաճակատում: Բեմի հետևում մի քանի կալանավորներ ամենայն եռանդով խփում էին թիթեղե թերթերի, որ գնդացիրի ձայն ստացվի: Բեմի աջ կողմը, պատուհանի առաջ, զինվորականի շինելը հագին, գլխին սպայական գլխարկ, դեղին ուսդիրներով, պրոֆիլով, դեպի մեզ կանգնած էր գեներալի համհարզը և նայում էր հեռուն: Կարծես իսկ և իսկ ցարական սպա էր՝ իր ամբողջ կերպարանքով հարություն առած: Խաղացողի նայվածքի և կեցվածքի մեջ այնքան շնորհք կար, որ ես հիացած էի: Դեմքն ինձ ծանոթ թվաց, կարծես տեսել էի մի տեղ, բայց չէի հիշում:

Թշնամին մոտենում է մեր դիրքերին, կրա՛կ դեպի աջ, շարքո՛վ, — ասաց այդ պահուն համհարզըև ես անմիջապես հիշեցի...

Համո՛ն էր, մեր զարմանալի Համոն, Ուղղիչ Տան կուլտբաժնի անխոնջ աշխատակիցը, բուտաֆորը, դեկորատորը, երգեցիկ խմբի անդամը, որմնադիրը, թիթեղագործը: Հետագայում, երբ երկրաշարժից հետո Լենինականի համար մեծ կարիք զգացվեց թիթեղյա վառարանների, Համոն և իր երկու ընկերը Ուղղիչ Տան արհեստանոցում մի շաբաթվաընթացքում «շտապ կարգով» շինեցին 300 թիթեղյա վառարաններ,

Համոն, Աբգարը, Օսը:

Կալանավորների բուռն ծափահարությունների ներքո ներկայացումը վերջացավ, և քանի որ դեռ վաղ էր հայտարարվեց, որ ընդմիջումից հետո «դիվերտիսմենտ» է լինելու:

Հը՞, ո՞նց էր. լա՞վ սատկացրին գեներալին, — ուրախացած, վառվող աչքերով հարցրեց ինձ Ուղղիչ Տան պետը:

Շա՛տ լավ, կեցցե՛ն, — պատասխանեցի ես չգիտեմ ինչու ինքս էլ անչափ ուրախացած, կարծես իրոք որ մի ահռելի ճակատամարտ էր, որից մենք դուրս եկանք պատվով ու հաղթանակով:

Դիվերտիսմենտն սկսվեց նրանով, որ երաժիշտների նըստարանը բարձրացավ բեմ, և նրանք նստեցին բեմի աջ կողմը, կտավե դեկորների ներքևը: Հետո նրանք սկսեցին նվաղել, և Լազգին կրկին սկսեց պարել ու կրակե խանչալներ խաղացնել իր աչքերում, որոնք ճակատագրական մղումով շրջվում էին կանանց կողմը, կարծես այնտեղից քաշում էր Լազգուն անհաղթելի մի մագնիս: Հետո, երբ նա վերջացրեց ու մի առանձին շախով բեմից թռավ ցած կոնֆերանսիեն հայտարարեց, որ հիմա արտասանելու է Նիկոլը:

Եվ դիմացի դռնից բեմ մտավ Նիկոլը, և ա՛յն Նիկոլը, որից երկու ժամ առաջ ես խլեցի Ուղղիչ Տան շախմատային չեմպիոնի տիտղոսը, այժմ մանայոր դարձած այդ երիտասարդ բանդիտը, Սուրենի ու Խաչիկի ընկերը:

Բավական անկեղծ ոգևորությամբ նա արտասանեց Հակոբ Հակոբյանի «Մեռան չկորան»-ը:

Դրանից հետո հայտարարվեց, որ ռուսերեն կուպլետներ կասի... Եֆիմ Բրավելմանը: Եվ ահա նույն դիմացի դռնից, իր ագահ աչքերը դեսուդեն պսպղացնելով, արախչինը գլխին բեմ ելավ մեզ արդեն ծանոթ այդ երիտասարդ նկարիչը, Բելոգուրովի ատելի թշնամին, որ սիրում էր նկարել ձմեռային տեսարաններ, խարույկ ու լուսին: Նրա ելույթը կալանավորների կողմից ընդունվեց բուռն, տևական ծափահարությամբ:

— ß ñïîþ o ñåé÷àñ êуïëåòû, íå êîìу íå ïåòû. — սկսեց Եֆիմ Բրավելմանը կես-արտասան ական, կեսերգեցիկ ձայնով, և դահլիճում տիրեց մեռելային լռություն: Սքանչելի կուպլետիստ էր Եֆիմ Բրավելմանը. թավ, կրծքային ձայն ուներ, հրեական առոգանություն և գիտեր անթիվ-անհամար սրամիտ կուպլետներ: Ես շատ եմ տեսել կուպլետիստներ, սակայն պիտի ասեմ, որ դրանցից ամենաքանքարավորըԵֆիմ Բրավելմանն էր, այդ երիտասարդ ռեցիդիվիստը, որի մասին պատմում էին, թե նա նույն վարպետությամբ ու հեշտությամբ է կողպեքներ բաց անում, ինչ վարպետությամբ ու հեշտությամբ երգում էր իր սքանչելի կուպլետները: Իբրև լեգենդ նրա մասին ասվում էր, որ նա վերջին անգամ ձերբակալվել է... Չեկայի նախագահի բնակարանում, ուր նա մտել է նրա վերարկուն թռցնելու: Երբ ես հարցրի Եֆիմին այս լեգենդի մասին՝ նա չափազանց բարկացավ: Ասաց, որ թշնամիների սարքած խոսք է, չհավատամ: Ծայր աստիճանի կասկածոտ էր ու ծածկամիտ: Թե ո՞րտեղից, ի՞նչպես էր նա Երևան ընկելես այնպես էլ չիմացա: Երբ մի անգամ նրան ես միամտաբար հարցրի, թե ո՞րտեղացի է ինքը, նա կասկածոտ աչքերը խրեց ուղիղ իմ բիբերի խորքը ու պատասխանեց.

Հարցրո՛ւ քամուն: Դեռ աշխարհում այնպիսի մարդ չի ծնվել, որ իմանա Եֆիմի որտեղացի լինելը: Այո՛, ընկե՛ր:

Ու մի քանի անգամ ևս իր ասեղանման աչքերով փորփրելով հայացքը շվշվացնելով հեռացավ:

Այսպես թե այնպես սքանչելի կուպլետիստ էր Եֆիմ Բրավելմանը, կատարյալ արտիստ: Եվ իր այս ընդունակությունն անգամ նա մսխում էր չափազանց մեծ զգուշությամբ, ժլատ էր իր այդ «երկնային գանձը» ցրելիս, ինչպես ժլատ էր «երկրային» գանձերի վերաբերմամբ: Լինում էր, երեկոները երբ մեր կամերան էր գալիս, խնդրում էինք, որ երգի: Երբեք չէր երգի: Կասկածոտ աչքերը կխրեր մեր բիբերը և կասեր.

Следующая страница