Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Ի՞նչ է ես մեքենա՞ եմ, որ երբ ուզենաք՝ աշխատեմ: Ես երգում եմ միմիայն տրամադրությամբ: Երբ տրամադրություն ունենամ:

Այսպես էր Եֆիմ Բրավելմանը:

Ուղղիչ Տան հասարակության մեջ առանձին հռչակ էին վայելում Եֆիմի «âîçäуõ» կոչված կուպլետները: Եվ պետք է խոստովանել, որ նա, մանավանդ հետևյալ կուպլետը, երգում էր կատարյալ վարպետությամբ: —

«Воздухэто живой предмет,
И на неооом стоит вес свет.
Да, да, давоздух.
Все слишно тут и тамвоздух,
Коли деньги ты нам вручишь,
Воздух-и больше ничего…»

Все-воздух, ты тоже воздух, — ամեն անգամ այս երգը լսելիս ասում էր Ուղղիչ Տան պետը Եֆիմ Բրավելմանին, և նրա աչքերը փայլում էին մանկական անսահման բավականությամբ:

Եֆիմ Բրավելմանից հետո երգեցին ու արտասանեցին մի շարք ուրիշ կալանավորներ, պարեցին Լազգին ու Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար, պարեցին Նիկոլն ու Սուրենը: Ուղղիչ Տան պետի համառ միջնորդությամբ վերջ ի վերջո հնարավոր եղավ կոտրել երաժիշտների վայրի ինքնասիրությունըև, կալանավորների զվարթ ձայնակցության ներքո, 17 տարեկան աղջկա նման կոտրատվելով, պարեց և՛ Անուշը... ու երեկոն վերջացավ:

Իմ կյանքի ամենաքաղցր երեկոներից մեկն էր այդ երեկոն, — ինչպես շո՛ւտ ամեն ինչ անցնում է ու դառնում հուշ ու հիշատակ:

Да, да, давоздух

Ես չեմ մոռանա երբեք Ուղղիչ Տան թատրոնում անցկացրած իմ այդ առաջին երեկոն, որի աղմուկը գժժում է իմ ուղեղում ու սրտում և հիմա, երբ ես գրում եմ հիշողություններս: — Ու լեյտմոտիվի նման հիմա էլ հնչում է ականջիս Եֆիմ Բրավելմանի ձայնը, որ երգում է անընդհատ.

Воздух

IX. Դարչոն ու Բաղդասարը, կամ միևնույն պատմությունը տարբեր վարիանտերով. Վերջում մի քիչ հոգեբանություն

— ...Այդ օրը կիրակի էր, և առավոտվանից ինձ մոտ էր եկել իմ կինը Արփենիկը...

Երեք օր էր չէի սափրվել՝ որոշեցի սափրվել: Գիտեի, որ Ուղղիչ Տանը, բաղանիքի շենքում, կա վարսավիրանոց: Կանչեցի հիվանդանոցային ծառայողին և խնդրեցի կանչել սափրիչին: Հինգ րոպե անց սենյակիս դուռը բացվեց և սպիտակ գոգնոցը հագին, գլուխը բաց, ձեռին ածելի և սափրելու ա՛յլ պարագաներ մտավ սափրիչը:

Մոտ 30 տարեկան, միջահասակից բարձր, գունատ: Շեկ, կոկ սանրած մազեր, կապույտ աչքեր: Անգույն տպավորություն էր թողնում. խոսում էր թիֆլիսախառը բարբառով:

Երբ նա ածիլեց վերջացրեց երեսս և անցավ մազերիս, հարմար համարելով առիթը՝ անցա սովորական հարցուփորձիս.

Ի՞նչ գործով ես բռնված:

Սպանության:

Ո՞նց եղավ:

Եղավ, էլի՝. Թշնամութին էր՝ սպանեցի:

Որտե՞ղ էր:

Էստեղ, Երևանում: Մե մարթ էր, մե կնիկ: Մարթը պառավ էր, կնիկը մարթուց երիտասարդ. — Ուշ առավ հոգին:

Ո՞նց սպանեցիր, մենա՞կ:

Մենակ: Իրիգվա դեմին տունը մտա, դուռը կողպեցի: Տունը մենակ մարթն էր ու կնիկը: Մարթն էս օթախումն էր, կնիկը էն: Առաջ մարթուն սպանեցի, հետով էլ կնկանը:

Ինչո՞վ,

Մարթուն բեբութով, կնկանը ձեռով: Բողաղիցը բռնեցի քիչ անց հոգին փչեց: Ըսկի ձեն էլ հանեց ոչ:

Կնո՞ջն ինչու բեբութով չսպանեցիր:

Պա՛հ, քո տունը շինվի, կնիկն ի՞նչ է մարթ վրեն դանակ բանացնի: Կնկան պտիս խեխտես ա՛յ, էսպե՛ս:

Եվ նա աջ ձեռի բթամատով ու ցուցամատով օղ արավ՝ ցույց տվեց, թե կնոջն ինչպես պետք է խեղդել: Ու հերոսական կիսաժպիտով երեսը շուռ տվեց դեպի կինս, խեղճ կինս սարսափեց...

Էսպես սպանեցի ու ջեր հլա երկու սհաթից ավելի ներքևումը մնացի: Դուռը նեքևից փակեցի, բանլիքը դրի ջեբըս, որ հարևանները թե բան է գան՝ իմանան մարթ չկա տնումը, տեղ են գնացե:

Բա ի՞նչ էիր անում էդքան Ժամանակ:

Սպասում էի, որ մթնի: Որ մթնեց, գնացի:

Բաս ո՞նց բռնվեցիր:

Պոեզդումը բռնվեցի: Դաստավերնի չկար կուշտս` կասկածով բռնեցին: Հետով գործը բացվեց...

Ի՞նչ վճիռ տվին:

Որոշվեց գնդակահարութին, հետով կենտգործկոմը փոխեց տասը տարով: Չունքի որ էս գործիցը կառավարութինը շատ օգութ ունեցավ...

Ո՞նց թե օգուտ ունեցավ:

Սպանութենից հետով որ դրանց տունը խուզարկեցին 150-ից ավել օսկի գթան, դիփ Նիկոլայի տասնոց... Դրա վրա, կառավարութինը որ էդ օգութը տեսավ ներեց...

Ես ժպտացի: Ու նկատեցի, որ նա ուշադրություն չդարձրեց, չնկատելու տվեց ժպիտս:

Անունդ ի՞նչ է:

Դարչո: Շուլավերցի եմ: Պատահական բան էր իմ Երևան ընկնիլս: Հին թշնամութին ունեի էդ պատճառով էկա: Սպեցիպլնի էդ գործով էկա:

Այստեղ կինս խառնվեց մեր զրույցին.

Իսկ ձեր խիղճը չտանջե՞ց, որ սպանեցիք...Ձեր խիղճը հիմա չի՞ տանջում...

Դարչոն հեգնական-զարմացական, ներող ժպիտը դեմքին պատասխանեց.

Խի՞ղճ... Տղամարթն էլ բաս խի՞ղճ կունենա... էն էլ էդպես մուխաննաթ մարթկերանց... Դե, քույրի՛կ ջան, մարթս ի՞նչ է որ՝ հավի ճուտ, բողազիցը բռնեցիր՝ շունչը տվավ...

Եվ Դարչոն անայլայլ հանգստությամբ, հերոսաբար չրխկացրեց մկրատը: Արդեն նա վերջացրել էր իր գործը, ուստի հավաքեց գործիքները, լցրեց գոգնոցը ու գնաց: Հենց որ նա դուրս եկավ սենյակից՝ կինս փաթաթվեց վզովս և, անկեղծ սարսափը դեմքին, բացականչեց.

Չարենց ջան, էլ չկանչես դրան՝ վիզդ կկտրի... Խե՛ղճ Արփենիկ: Նա չգիտեր և հետագայում ես առիթ չունեցա նրան պատմելու Դարչոյի իսկական պատմությունը: Նա այնպես էլ չիմացավ, թե կալանավորների աշխարհում որքան խաբուսիկ բան է լեզուն, որ նրանք ևս լիովին հետևում են դիվանագետների այն բարձրագույն իմաստությանը, թե լեզուն տրված է մարդուս իր իսկական մտքերն ու գործերը թաքցնելու համար:

Դարչոյի պատմությունը ո՛չ միայն կնոջս, այլև իմ վրա արավ ծայր աստիճանի ճնշող տպավորություն: Չմոռանաք, որ ես դեռ նոր էի ընկել այդ աշխարհը, դեռ նոր էի մոտենում մարդկանց, դե նրանք էլ դեռ ինձ «ինտելիգենտի» տեղ էին դնում, այսինքն մարդու, որին կարելի է և ձեռ առնել, և վրան մեծ տպավորություն թողնել իրենց չկատարած սարսափելի գործերով:

Երեկոյան Բենժամենին հանդիպելիս ես առաջին հերթին պատմեցի Դարչոյի հետ ունեցած զրույցս: Նա վերից վար նայեց ինձ կարեկցող, հեգնախառն հայացքով ու կարճ պատասխանեց.

Չհավատա՛ս: Մին խոսքին էլ ա՝ չհավատաս:

Ո՞նց թե, — հարցրի շվարած հո սուտ չէ՞ր ասում:

Սո՛տ էր ասում՝ դեռ մի բան էլ ավելի: Առաջինը որ՝ դա մենակ հինքը չի արել էդ գործը:

Բա ո՞վ է արել:

Չորս հոգով են արել, չորս հընգերով: Հեն և ընտեղ են դրա հընգերները Բաղղասարը, Օսը, Համոն...

Որ Բաղղասարը:

Էս մեր Ուղղիչ Տան հիմիկվա կամենդանտը: Ներսևի կամենդանտը: Համոն էլ է՛ն Համոն է, որ հա՛մ թիթեղագործ է, հա՛մ բեմի դեկորատորը, հա՛մ էլ դերասանություն է անում: Օսն էլ նրա հընգերը՝ հե՛ն և աշխատում և դարբնոցում, փեչ է շինում... Գնա՛ իմացի:

Քիչ հետո կուլտբաժնի միջանցքում մենք հանդիպեցինք Բաղդասարին: Հիշեցի, որ նրան տեսել եմ դպրոցում, թուրքական խմբակի դասին, ուր նա գրավեց ուշադրությունս իր աչքի ընկնող արտաքինով:

Հաղթ կազմվածքով, միջահասակից բարձր, լայնաթիկունք, բրոնզյա դեմքով մի երիտասարդ էր Բաղղասարը: Դեմքին մշուշ կար կարծես, չնայած իր հաղթ կազմվածքին և ծայր աստիճանի համարձակ բնավորությանը՝ նայելիս շուտ-շուտ թարթում էր աչքերը, երկար չէր դիմանում հայացքի: Խոսում էր բավական մաքուր հայերեն և ռուսերեն, բայց, երևում էր, որ կրթություն չունի: Ամեն ինչից երևում էր, որ ինտելիգենտ չէ, բայց բանվոր էլ չէր: Քաղաքում մեծացած կատարյալ լյումպեն էր՝ աչքաբաց ու համարձակ: Ուղղիչ Տանը, կալանավորների շրջանում, քաջ տղամարդի, համարձակ մա՛րդու հռչակ էր վայելում, և ես հետագայում շատ առիթներ ունեցա համոզվելու, որ ինքը չափազանց գնահատում է իր այդ համարումը և ամեն ինչ կանի՝ միայն թե չզրկվի դրանից: Ավելին՝ քաջ մարդու համարում ունենալը նրա միակ դավանանքն էր կյանքում, միակ կրեդոն և իդեե-ֆիքսը:

Բենժամենը մեզ ծանոթացրեց: Ես պատմեցի նրան Դարչոյի պատմությունը, և նա ևս, Բենժամենի նման Ժպտալով, կարճ ասաց ռուսերեն:

Սո՛ւտ է:

Պատմեցեք խնդրեմ, եթե կարելի է... Ես շատ եմ ուզում իմանալ:

Ինչո՛ւ չէ, եթե կամենում եք խնդրեմ:

Եվ այդտեղ, կուլտբաժնի միջանցքում կանգնած, պարզ ու կապակցված շարահարությամբ, միանգամայն անկեղծ ու հանգիստ նա մեզ պատմեց մարդկային այդ եղերական պատմությունը, որը, ինչպես երևում էր, նրա համար անցած-գնացած պատմություն էր զուրկ հուզական բովանդակությունից:

Ես աշխատում էի տեքստիլ սինդիկատ՛ի պահեստում, հակեր էի բաց անում, — այսպես սկսեց Բաղդասարն իր պատմությունը, — բայց ինձ կրճատեցին: Մնացի անգործ: Մի օր էլ հանդիպեցի Դարչոյին, ծանոթացա: Նույնպես անգործ էր. եկել էր Թիֆլիսից, գործի էր նայում: Մի օր էլ գինետանը նա ինձ ասաց, թե գործ կա, եթե ուզում եմ, եթե տղամարդ եմ՝ կարող ենք գլուխ բերել: Ու ինձ ծանոթացրեց Համոյի ու Օսի հետ, որոնք իբրև թիթեղագործներ աշխատում էին մի թիթեղագործի արհեստանոցում: Համոն իբրև վարպետ, իսկ Օսը որպես աշակերտ: Դրանք մեզ ասացին, որ իրենց խազեինը տանը, թե՛ մեծ փող ունի, թե՛ ուրիշ հարստություն: Ինքն է ու իր կնիկը: Ինք՛ը պառավ, ժլատ մարդ էր, բանվորի հո՛գի հանող, կրճատում է՛ր դրանց աշխատավարձը, փողը չէր տալիս և այլն: Որոշեցինք գործը գլուխ բերել և սկսեցինք սպասել մի հարմար առիթի: Վերջը որոշեցինք, որ մի իրիկուն գնանք դրանց տունը՝ իբր Համոն ու Օ՛սը ուզում են հաշիվներն ստանան, որ գնան Թիֆլիս, իսկ մենք էլ, դե, ընկերներ ենք եկել ենք միասին: Էդպես էլ արինք: Կիրակի իրիկուն էր ժամը մոտավորապես վեցը: Գնացինք դրանց տունը: Հենց դռան մոտերքը շրջում էր մի միլիցիոներ: Դուռը վրա դրինք: Համոն հայտնեց, թե եկել են հաշիվներն ստանան, որ գնան Թիֆլիս: Սենյակում ինքն էր ու պառավ կնիկը: Ուրիշ ոչ ոք չկար: Ինքը կարծես թե կասկածեց, բայց բան չասավ: Ես աչքով արի Օսին ու հասա բռնեցի դրան, որ բկիցը բռնեցի Օսը դանակով տվեց: Երկար չէր մեռնում, բերանը սրբիչով փակեցի, որ չբղավի: . Դարչոն ու Համոն էլ հենց նույն ժամանակ խեղդեցին կնոջը կինը շուտ շունչը փչեց... Հենց որ բերանը փակեցին շունչը փչեց: Փակեցինք դռները և սկսեցինք իրերը քրքրել՛ բան չգտանք: Ասի, որ շոր-մոր չհավաքեն, բայց չլսեցին: Դարչոն հագավ խազեինի վերարկուն: Քիչ-միչ արծաթեղեն կար՝ հավաքեցի մի կապոց արի: Հետո Դարչոն թե գնամ տեսնեմ մ՝իլիցիոներն էնտե՞ղ է թե չէ, գամ իմաց տամ գնանք: Ու գնաց: Էն գնալն էր, որ գնաց: Հետո գնացին Համոն ու Օսը: Հետո էլ ես դուրս եկա փոքրիկ կապոցը ձեռքիս: Հազիվ մի քանի քայլ էի արել միլիցիոները նկատեց: Ձայն տվեց, որ կանգնեմ: Չկանգնեցի: Շուռ եկա կողքի փողոցը, միլիցիոները հետևիցս: — Տեսա հնարք չկա՝ կապոցը նետեցի: Ու մինչև միլիցիոները կվերցներ կապոցը՝ թռա ցանկապատով, ընկա մի բակ: Բակիցմի ուրիշ բակ, հետո վերարկուս հանեցի գցեցի ուսերիս, գլխարկս կոխեցի գրպանս ու դուրս եկա փողոց: Դեմս նույն միլիցիոները: Ինձ թե էսպես էսպես մի մարդ չտեսա՞ք: — Չտեսա: Էլ չնայեց՝ գնաց: Շուռ եկա մյուս փողոցըազատվեցի:

Բա ո՞նց բռնվեցիք:

Օսի հիմարության պատճառով: Առանց անցագրի նստում է գնացք, որ գնա Թիֆլիս: Բայց էդ էլ դեռ ոչինչ: Մի ինչ-որ կայարանում իջնում է գնացքից և մտնում... ուղիղ կայարանի հետախուզական բաժինը: Թե ինչո՞ւ է մտնում՝ ինքն էլ չգիտե, հիմարը: Բռնում են յախից ի՞նչ մարդ ես: Արդեն իմացած են լինում էդ գործի մասին: Տեսնում են, որ թուղթ չունի՝ ձերբակալում են: Ուղարկում են էստեղի քրեական բաժինը: Էստեղ մեր Օսը խոստովանում է, բայց մեզ չի մատնում: Սակայն, դե, նրա հետքով մեզ էլ բռնեցին: Որոշեցին գնդակահարություն, բայց փոխեցին տաս տարու:

Իսկ ինչո՞ւ փոխեցին, — հետաքրքրվեցի իմանալ Բաղդասարի կարծիքը: Պարզ էր, որ սա դժվար թե Դարչոյի միամիտ բացատրությունը տա:

Փոխեցին, որովհետև խոստովանվեցինք մեր մեղքը: Չուբարը համոզեց, որ խոստովանվենք: Ասաց, որ եթե խոստովանվենք՝ կներեն: Մենք էլ խոստովանվեցինք:

Մի փոքր լռելուց հետո ավելացրեց,

Մեկ էլ ի նկատի ունեցան մեր սոցիալական դրությունը և խազեինինը: Նա՛խս մարդ էր, բոլորին հայտնի էր նախսությունը:

Եվ այս բոլորը Բաղդասարը պատմեց սառը, հանգիստ տոնով, էպիկական անատարբերությամբ: Պատմելիս նայում էր ուղիղ երեսիս, բայց շուտ-շուտ թարթում էր աչքերը:

Բայց ինչո՞ւ եք դուք այդպես հետաքրքրվում, — հանկարծ, պատմել վերջացնելուց հետո, հարցրեց Բաղդասարը: Եվ ես Բաղդասարի հայացքում ինձ համար դեռ անհասկանալի կասկածանք նկատեցի, կասկածոտ անհանգստություն:

Հե՛նց այնպես, Բաղդասա՛ր, հետաքրքրության համար...

Բաղդասարը ներողամիտ ժպտաց, բայց ես նկատեցի, որ նա չբավարարվեց իմ պատասխանով: Աչքերում դեռ կասկած կար ու թաքուն անվստահություն: Հետագայում միայն, երբ ես բազմաթիվ առիթներ ունեցա նրա հետ խոսելուինձ հասկանալի դարձավ թե նրա կասկածը և թե այդ ծածուկ անվստահությունը:

Բայց այս ամբողջ պատմության մեջ քիչ հետո ինձ զարմացրեց և մի այլ հանգամանք, որ մի պահ ինձ համար հանելուկային բան դարձրեց այդ մարդկանց հոգեբանությունը: Բաժանվելով Բաղդասարից մենք գնացինք ընթերցարան և երբ, երկու ժամ անց, իջանք քրեական կորպուսի միջանցքը՝ այդտեղ մեզ հանդիպեց Դարչոն: Ինչպես երևում էր՝ Բաղղասարն արդեն պատմել էր նրան մեր զրույցը և երեսովը տվել նրա հանդուգն ստախոսությունը: Երբ մեզ տեսավ Դարչոն՝ թվաց, թե ուզում է խուսափել հանդիպումից, բայց ես մոտեցա նրան և առանց այլևայլության ասացի:

Այ մարդ, ինչո՞ւ խաբեցիր առավոտը... Ես արդեն ամեն ինչ իմացա:

Դարչոն առանց մազաչափ անգամ այլայլվելով մի պահ անթարթ, ուղիղ նայեց աչքերիս խորքը և պատասխանեց, դառնալով Բենժամենին.

Գնացել Բաղղասարին սուտ սուտ բաներ է պատմել, հմի էլ ի՞նձ է ասում... Իբրև իրան ասել եմ թե գործը մենակ ինքս եմ արել... Ե՞սէդպես բանկանե՞մ...

Ու նախատող հայացքով իմ կողմը նայեց. «ափսո՜ս է քեզ» — զարմանալի անկեղծությամբ ասում էր այդ հայացքը... Սակայն ամենացավալին Բենժամենի պատասխանհայացքն էր. սա է՛լ այնպես էր նայում, կարծես ինքն էլ էր կասկածում, որ Դարչոն ընդունակ լինի սուտ բաներ հնարելու, գուցե ե՞ս եմ ստել և ոչ թե Դարչոն...

Ծայր աստիճանի կասկածոտ մարդիկ էին կալանավորներըդա պարզ նկատելի էր հենց առաջին հայացքից: Եվ այս հանգամանքի ոչ միայն բացատրությունը, այլև հիմնավորած «փիլիսոփայությունը» հետագայում ինձ տվեց այդ նույն Բաղդասարը, որ, իմ կարծիքով, որպես կալանավոր ամենաամբողջական տիպն էր ամբողջ Ուղղիչ Տանը և, որպես այդպիսին ուներ թե իր աշխարհայացքը, թե՛ իր բարոյական նորմերի կոդեքսը և թե՛ յուրահատուկ-լյումպենային իր կենսափիլիսոփայությունը:

Այո՛. ծայր աստիճանի կասկածոտ, թերահավատ մարդիկ էին կալանավորները և նրանցից շատ-շատերի, ինչպես նույն այդ Բաղդասարի մեջ այդ գիծը հասնում էր հիվանդության: Եվ հիմա, այս գիրքը գրելիս, ամբողջ ժամանակ ծակում է ուղեղս մի միտք, որ կարելի է ձևակերպել հետևյալ հարցով.

Նայես ի՞նչ պիտի մտածեն այս գիրքս կարդալիս իմ կալանավոր ընկերները, իմ բարեկամները՝ Լազգին, Բենժամենը, Համոն, Օսը, Եֆիմ Բրավելմանը, Բաղդոն...

Եվ մանավանդ Բաղդասարը բրոնզյա դեմքով ու երկաթյա մկաններով այդ հաղթանդամ մանուկը, Ուղղիչ Տան այդ հռչակավոր Բաղդոն...

X. Ընկերական դատարանը, նախագահը, ատենակալները, դատախազը, հասարակական մեղադրողը և պաշտպանները, մեղադրյալները, և կալանավորների վերաբերմունքը դեպի այս ամենը

Երբ առաջին անգամ ես ներկա եղա Ուղղիչ Տան ընկերական դատարանի նիստին քննվում էր խոհանոցի չորս ծառայողների գործը, որոնք մեղադրվում էին մթերքներ յուրացնելու մեջ:

Ընկերական դատարանի նախագահը մի նախկին գյուղխորհրդի նախագահ էր, գյուղացի, դատապարտված յուրացման համար: Որպես ընկերական դատարանի նախագահ ընտրված էր կալանավորների ընդհանուր ժողովում: Ատենակալները նշանակվում էին կուլտբաժնի կողմից յուրաքանչյուր գործի համար առանձին, գործը լսվելուց անմիջապես առաջ: Այդ անգամ ատենակալներ էին թիթեղագործ Համոն և մի թուրք կալանավոր ինձ անծանոթ: Մի երիտասարդ, ինտելիգենտ կալանավոր ստանձնել էր դատախազի պաշտոնը: Կուլտկոմիսիայի կողմից նշանակված կար նաև հասարակական մեղադրող:

«Մեծ» գործ էր, կալանավորներն հուզված էին և, որպեսզի մեղադրյալները զոհ չգնան թերի վերաբերմունքի՝ դատարանը մեղադրյալներին պաշտպանելու համար նշանակել էր չորս իրավապաշտպանբոլորն էլ, իհարկե, կալանավորներ: Պաշտպաններից մեկը Բենժամենն էր, երկրորդը Եփրեմը, երրորդը Հրաչը և չորրորդը Սահակ անունով մի կալանավոր, առաջին երեքը ինտելիգենտներ էին, նախկին խորհրդային ծառայողներ, բոլորն էլ յուրացման գործով, իսկ չորրորդը բանվոր էր, մանտյոր դատապարտված մի ինչ-որ կոոպերատիվի դրամարկղ կողպտելու համար:

Մեղադրյալներից երկուսը հայ էին, երկուսը թուրք: Հանցանքը գլխավորապես հայերին էր վերաբերում, որովհետև նրանք էին խոհանոցի «պատասխանատու» աշխատավորները: Մեկը խոհարարն էր, մյուսը օգնականը: Թուրքերը տեխնիկական ծառայողներ էին կարտոֆիլ մաքրողներ:

Դահլիճը ծայրեիծայր լիքն էր կալանավորներով: Ինձ ոչ այնքան հետաքրքրում էր դատը, որքան կալանավորների վերաբերմունքը: Եվ այդ վերաբերմունքն ինձ համար բավականին անակնկալ էր, սակայն իրենց, կալանավորների տեսակետից՝ միանգամայն բնական:

Բեմի մեջտեղը դրված էր մի սեղան, շուրջը նստարաններ: Աջ կողմում դատախազի ամբիոնն էր, ձախում հասարակական մեղադրողի: Պաշտպանները նստած էին ներքևում, ուր ներկայացումների ժամանակ նստում էին երաժիշտները: Հենց այդտեղ էլ դրված էր մի երկար նստարան, որի վրա տեղ էին բռնել մեղադրյալները:

Բեմի մոտ գունատ, լուրջ՝ կանգնած էր Սուրենը, կուլտբաժնի պարետը: Ընկերական դատարանի նիստերի ժամանակ նա անմիջապես ենթարկվում էր դատարանի նախագահին:

Դատարանը գալիս է, ոտքի, — առաջինը մտնելով հայտարարեց դատարանի քարտուղարը, զինվորականի շորերով մի երիտասարդ, որ միևնույն ժամանակ աշխատում էր գրասենյակում: Ձերբակալված էր յուրացման գործով, բավականին լավ ձայն ուներ և հաճախ երգում էր ներկայացումներին:

Քարտուղարի հետևից մտան դատարանի նախագահը և ատենակալները: Բոլորը ոտքի կանգնեցին:

Հանուն Հանրապետական Ուղղիչ Տան Ընկերական Դատարանի՝ նիստը հայտարարում եմ բացված: Լսվում է գործ ըստ մեղադրանքի...

Մեղադրականը ձևակերպված էր իսկ և իսկ այնպես, ինչպես «իսկական» դատարաններում: Մեղադրականը կարդալուց հետո դատարանի կազմը նստեց, նստեցին և բոլորը: Նախագահը կարդաց մեղադրյալների անունները: Բոլորը ներկա էին: Հետո նա հարց տվեց կողմերին՝ անջա՞տ հարցաքննել, թե իրար ներկայությամբ: Դատախազը, ինչպես Հարկն է, պահանջեց հարցաքննել առանձին առանձին, պաշտպաններն իրենց հերթին առարկեցին դրա դեմև դատարանը, իհարկե, որոշեց ընդունել դատախազի առաջարկը: Հարցաքննությունը պիտի սկսվեր գլխավոր մեղադրյալից խոհարարից:

Ընկեր պարե՛տ, դուրս տարեք մնացածներին և առանձնացրեք, կարգադրեց նախագահը, և Սուրենը դուրս տարավ նրանց:

Իսկ և իսկ ինչպես «իսկական» դատարաններում…:

Սերյոժա Մարությանը դո՞ւ ես:

Ե՛ս եմ,

Պատմի ր տեսնենք, ընչի՞ են քեզ մեղադրում:

Ես գիտեմ ընչի: Էսքան ժողովրդի առաջ ասում եմ, որ մի թաք հատ կարտոֆ էլա կերած չկամ...

Բայց հենց այդ ժամանակ դատախազը գնդակով տվածի նման վեր է թռչում տեղից.

Ընկե՛ր նախագահ, — բացականչում է նա դեմքին որքան կարող է խիստ արտահայտություն տալով. — խնդրում եմ մնացած մեղադրյալներին անմիջապես հեռացնել դահլիճից...

Նրանք արդեն հեռացված են:

Ոչ. նրանք գտնվում են դահլիճում:

Բոլորը շուռ են գալիս... «Մեկուսացված» մեղադրյալները երեքն էլ հանգիստ բազմել են վերջին կարգում: Դահլիճում թնդում է կալանավորների զվարթ քրքիջը: Սուրենը մտահոգված գնում է նստարանների արանքով անառակ մեղադրյալներին մեկուսացնելու:

Ընկեր Մարության, շարունակեցեք...

Ի՞նչ պտի շարունակեմ: Ալլա՛հ բիլլահ՝ չեմ կերե, չե՛մ կերե, չե՛մ կերե...

Դահլիճում կրկին թնդում է կալանավորների քրքիջը: Նախագահը մի քանի վայրկյան զանգահարում է կատաղի, շարունակում է հարցաքննությունը:

Հարցեր ունե՞ք տալու, — դիմում է նախագահը դատախազին: Դատախազը լուրջ, նուրբ ժպիտը դեմքին հարցնում է.

Ասացե՛ք խնդրեմ, քաղաքացի Մարության, չի՞ պատահել, արդյոք, որ մթերքը պղնձի մեջ լցնելուց առաջ որոշ քանակությամբ բրինձ կամ յուղ վերցրած լինեք...

Մարությանը, որ նախկին միլիցիոներ է՝ դատապարտված մեկին ապտակելու համար, դեմքը շուռ է տալիս դեպի հանդիսականները: Դեմքին զարմանք կա, վիրավորանք, «էսպես էլ խայտառակությո՞ւն» — ասում են աչքերը:

Դահլիճը քրքջում է:

Ընկե՛ր Մարության, դատարանին նայեցե ք:

Ախր, հընգե՛ր նախագահ, էնպես բան և ասում մարդ ամոթից գետինն է մտնըմ... ե՞սբրնձի գո՞ղ...

Բռունցքով խփում է իր գլխին, իբր ուտում է իրեն: Դահլիճում կրկին թնդում է լիաթոք քրքիջը:

Իսկ չի պատահել, — նույն սիրալիր. Պաշտոնական ժպիտը դեմքին շարունակում է դատախազը, — որ դուք փլավից բանից եփած լինեք ձեզ համար ու որոշ քաղաքացիների հետ կերած...

Դահլիճում զվարթությունը հասնում է իր գագաթնակետին: Մեղադրյալ Մարությանի աչքերից արյուն է կաթում: Բարկությունից ձեռքը տանում է իր բլուզի օձիքին, ձգում, բաց է անում կուրծքը, բռունցքով խփում է կրծքին ու հրոտում:

Ընկե՛ր Մարության, ոտքի. հարցաքննությունը դեռ չի վերջացել: Մարությանը վեր է թռչում տեղից և քայլերն ուղղում դեպի դուռը:

Էլ չե՛մ կրնա, հընգեր դատավոր, չե՛մ կրնա, — ասում է Մարությանը կիսով չափ շուռ գալով դեպի նախագահը. — ես կերթամ առանցի ընձի ի՞նչ կուզեքորոշեցեք...Ես հոժար եմ:

Ու իբր խեղճացած՝ հպատակություն հայտնողի ամենայն պատրաստականությամբ ծռում է մեջքը ու խոնարհ գլուխ տալիս դատարանին: Տպավորությունը դահլիճի վրա՝ ծայրահեղ է: Կալանավորները դոփում են հաճույքից, ծափահարում: Պարզ է, որ դահլիճի համակրանքը մեղադրյալի կողմն է: Մարությանն անմիջապես ըմբռնում է այդ և փոխում իր գործելակերպը, նահանջից անցնում է հարձակողականի.

Ախր էդ դատախազն օր էդպես կխոսա քիչ է մնըմ սիրտս պատռի... Հերիք չէ՞ մեր միսը կրծեն էդ ինտելիգենտները... Հիմի ռաբոչու վլաստ է:

Դահլիճն այնքան է գոհ այս հարձակումից, որ վրնջում է բառացի, ճիչ, աղմուկ, աղաղակ, բուռն ծափահարություն:

Բրավո՛, Սերյոժա, — լսվեց մի բացականչություն: Նայեցի՝ Բաղդասարն էր:

Նախագահը զանգահարում է կատաղի, դատախազի աչքերը հուր են ցայտում, պաշտպանները զվարթ ծիծաղով հայտնում են մեղադրյալին իրենց բավականությունը: Վերջապես դահլիճը հանդարտվում է, և նախագահը հարցնում է դատախազին.

Ուրիշ հարցեր չունե՞ք:

Առայժմ ոչ: Բայց խնդրում եմ քարտուղարին մտցնել արձանագրության մեջ, որ մեղադրյալը վիրավորանք հասցրեց դատարանի կազմին...

Քեզի՛, ընչի՞ կազմին, — բացականչում է տեղից Մարությանը, և հարցը համարվում է փակված:

Ապա նախագահը մեղադրյալին կրկին կանգնեցնում է ոտքի, և նրան հերթով զանազան հարցեր են տալիս հասարակական մեղադրողն ու պաշտպանները:

Ասացե՛ք, խնդրեմ, ընկ. Մարության, — հարցնում է հասարակական մեղադրողը. — հայտնի՞ է ձեզ, որ կալանավորներից շատերն ապրում են բացառա պես խոհանոցի ճաշով:

Լա՛վ: Պարոն ինտելիգենտներն են մենակ դրսիից բան-ման ստանում:

Ուրեմն ձեզ համար պա՞րզ է, որ ընդհանուր կաթսայից վերցնողը իր ընկերոջ վերջին թիքեն է վերցնում:

Յա՞, — զարմանում է Մարությանը. — ընչի մենք մարդ չե՞նք. էդքան բան էլ չենք հասկընա... Խո շնից ծնած չե՞նք:

Կրկին ծիծաղում է դահլիճը, և կալանավորների համակրանքը կրկին մեղադրյալի կողմն է: Սակայն միանգամայն փոխվում է նրանց վերաբերմունքը, երբ սկսում են հարցեր տալ պաշտպանները: Դահլիճը լռում է ու կենտրոնանում: Վերանում է աղմուկն ու ծիծաղը: Երբեմն-երբեմն միայն լսվում են հավանության բացականչություններ:

Վերջապես վերջանում է Մարությանի հարցաքննությունը, նրան դուրս են տանում, և գալիս է մյուսը: Այսպես հարցաքննվում են բոլորը, և կալանավորների տրամադրությունը միշտ դեմ է դատախազին ու հասարակական մեղադրողին: Հարցաքննվում են և վկաները, ու խոսքը տրվում է դատախազին, — սկսվում է կողմերի վիճաբանությունը:

Քաղաքացի՛ դատավորներ, — բեմական դիրք տալով իր կեցվածքին և կեղծ հռետորական շեշտ ձայնինսկսում է դատախազը. — Ի՞նչ գործ ենք մենք քննում...

Եվ կես ժամից ավելի տևող մի ճառով, չնայած դահլիճի աղմուկին ու հաճախակի ընդհատումներին, նախաքըննության թղթերից ու վկաների ցուցմունքներից մեջբերումներ անելով, վերամբարձ տոնով ու նախադասություններով դատախազը փորձում է ապացուցել, որ մեղադրյալները պարբերաբար գողացել են ընդհանուր կաթսայից ընդհանուրի մթերքը և.. փլավ կերել: Ծայր աստիճանի ծիծաղելի, զավեշտական տպավորություն էին թողնում Ուղղիչ Տան ընկերական դատարանի այդ հռչակավոր դատախազի նախադասությունները իրենց ձևի ու բովանդակության զավեշտական անհամապատասխանությամբ: Բարձր, վերամբարձ, հռետորական «կեղծկլասիկա ոճ և.. 1/2 ֆ. յուղ, 5 հատ կարտոֆիլ, փլավ... Պետք է սակայն ասել, որ այդ ոճն ընդհանուր էր, հատուկ բոլորին թե դատախազին, թե հասարակական մեղադրողին, թե պաշտպաններին: Նույնիսկ մանտյոր-պաշտպանը, որ բոլորովին չէր տիրապետում գրական բարբառիննա էլ էր աշխատում «իսկական» պաշտպանի պես խոսել, — մի բան, որ նրանց հասկացողության մեջ զուգորդվում էր հռետորական անբնական ոճի և «գրաբար» բառերի հետ: Այս տեսակետից կատարյալ երեխաներ էին կալանավորները: Հարկավոր էր տեսնել, թե ի՛նչ կատաղի ճակատամարտի էին փոխվում կողմերի ռեպլիկները միանգամայն պարզ ու անվիճելի բաների շուրջը, որպեսզի միան գամայն պարզ լիներ, որ դատախազների ու պաշտպանների քղանցք հագած կալանավորները ավելի շուտ ձևով, արվեստով էին տարված, քան քննվող գործի բովանդակությամբ: Կարծես երեխաներ էին, որ մեծերի դեր էին խաղում և ամեն ջանք գործ դնում, որպեսզի «իսկական» երևան: Եվ սա պատճառում էր նրանց ամենախորը բավականություն... Դատախազի ճառի ընթացքում զայրույթից եռում էր Մարությանը. վեր էր կենում, նստում, բռունցքով խփում էր կրծքին, ընդհատում, կալանավորներից օգնություն հայցում աղերսական հայացքներով: Իսկ երբ դատախազը, ապացուցված համարելով մեղադրանքը՝ անցավ պատժի չափին և պահանջեց չորսին էլ հեռացնել խոհանոցից և մի ամսով ղրկել աշխատանքային օրերիցՄարությանի կատաղությունն իր գագաթնակետին հասավ:

Ե՛ս ընձի կգյուլլեմ, — բացականչեց նա վեր թռչելով տեղից. — է՛ն աստված՝ փորումորս կտամ դանակով կփրթեմ...

Դահլիճը կրկին թնդաց ծիծաղից ու բացականչություններից: Զվարթ համակրանք արտահայտելով դեպի մեղադրյալը՝ կալանավոր հանդիսականները հեգնեցին ու խոցեցին դատախազին: Երբ զանգի և ձեռքերով սեղանին խփելու օգնությամբ վերջապես խաղաղություն հաստատեց դահլիճում նախագահը, խոսքը տրվեց հասարակական մեղադրողին:

Այստեղ արդեն հարկավոր է ասել, որ ինչպես մեղադրյալների հարցաքննությունից, այնպես էլ մանավանդ վկաների ցուցմունքներից միանգամայն պարզ էր, որ մեղադրյալները հանցավոր են: Մի շարք փաստեր կային ապացուցող, որ նրանք բավականին ժամանակ օգտվել են ընդհանուր կաթսայից: Ավելին՝ դատից մի օր առաջ կամերաներում և միջանցքներում, ինչպես նաև կուլտբաժնում ու գրասենյակում կալանավորները բողոքում էին նրանց դեմ և պահանջում անմիջապես հանել նրանց խոհանոցից: Մի քանիսը նույնիսկ գրավոր բողոք էին ներկայացրել Ուղղիչ Տան վարչությանը, որը և գործն ուղղել էր ընկերական դատարանին: Այս բոլորը հայտնի էր ինձ արդեն, ուստի ինձ համար միանգամայն անսպասելի էր, առաջին պահուն համարյա անհասկանալի՝ կալանավորների վերաբերմունքը դեպի դատախազի մեղադրական ճառը: Բայց ես շուտով գլխի ընկա, որ կալանավորների բացասական, թշնամական վերաբերմունքում դեպի դատախազը՝ էապես խոսում էր այն ընդանուր ատելությունը, որ ունեին նրանք ընդհանրապես դեպի դատախազները: Ընկերական դատարանի դատախազը դատախազ էր նրանց աչքին անկախ այն գործից, որի առթիվ նա հանդես էր եկել: Իսկ նրա հանդեպ կեցած մեղադրյալը այդ պահուն մեղադրյալ էր սոսկ, ճիշտ այնպես, ինչպես եղել են իրենք «իսկական» դատարանում: Ինչպես ներկայացման ժամանակ գեներալի դերը խաղացող կալանավորը նրանց աչքին իսկական, կոնկրետ գեներալ էր, որի գլխին իրենք էլ հաճույքով կխփեինայնպես էլ ընկերական դատարանի դատախազը տվյալ դեպքում ընդհանրապես դատախազ էր, ուրիշ ոչինչ: Սա դեռ հասկանալի էր և նրանց տեսակետից բացատրելի: Սակայն ինձ ուղղակի ապշեցրեց կալանավորների նույնպիսի վերաբերմունքը նաև դեպի հասարակական մեղադրողը: Թվում էր, թե այն բոլոր դիմումներից ու բողոքներից հետո, որ նրանք հայտնում էին մեղադրյալների հասցեին մինչև դատը, Ուղղիչ Տան վարչությանը տված բողոքից հետո, վերջապես ի նկատի ունենալով, որ նրանք դիպել էին իրենց անմիջական, նյութական, կենսական շահերին, — այս ամենից հետո թվում էր, թե նրանք համերաշխ պետք է լինեն գոնե հասարակական մեղադրողին, որ իրենց իսկ շահերից էր խոսում, իրե՛նց իսկ անունից: Սակայն այդպես չեղավ: Երբ մոտ 15 րոպե տևող իր ճառով հասարակական մեղադրողն ապացուցեց մեղադըրյալների անհանդուրժելի հանցանքն ընկերական կոլեկտիվի հանդեպ և պահանջեց խիստ պատիժդահլիճը սառը մնաց և ոչ մի բանով հայտ չբերեց իր համերաշխությունը: Ճիշտ է, սրա խոսելու ժամանակ տեղի չունեցավ ոչ մի անպատեհություն, բայց երբ նա վերջացրեց իր խոսքը՝ պատասխանը լռությունն էր, սառը, զուսպ, անտարբեր լռությունը:

Այնինչ դրանից հետո երբ խոսեցին պաշտպանները՝ նրանց յուրաքանչյուրի ճառը ծածկվում էր բուռն ծափահարությամբ: Եվ յուրաքանչյուր ծափահարությունը բուռն համակրանքի ցույց էր պաշտպանների ու մեղադրյալների հասցեինմի կողմից, իսկ մյուս կողմից՝ ցույց թշնամանքի ու ատելության դեպի մեղադրողները:

Եվ այստեղ ես նոր հասկացա, որ կալանավորների համար մի ընդհանուր շահ կա, որ վեր է բոլոր մնացած շահերից: Դաեթե կարելի է այսպես ասելազատության, մեղավորանքից ազատ լինելու խնդիրն է: Կալանավորը երբեք չի մոռանում, որ ինքը կալանավոր է, այսինքն ազատազուրկ, երբ էլ լինի, ինչ պարագաներում էլ լինի՝ նա միշտ զգում է, որ ինքը նախ կալանավոր է և ապամարդ, գյուղացի, բանվոր, ինտելիգենտ: Սամիակ հանգամանքն է և սրա հետ կապված շահը միակ շահը, որ ընդհանուր է բոլոր կալանավորներին, կապում է նրանց իրար և նրանց սոցիալապես խայտաբղետ բազմությունը այս հողի վրա դարձնում կոլեկտիվ: Այս հանգամանքից դուրս նրանք իրար հետ ոչ մի ընդհանուր կապ չունեցող մարդկանց բազմություն են, սովորական մարդկային բազմություն, որի մեջ շերտավորումը գնում է ընդհանուր օրենքներով ըստ սոցիալական խմբերի, ինչպես դրսի աշխարհում:

«Մի՞թե սրանք ոչ մի հանրային, կոլեկտիվ շահ չե՞ն կարող գիտակցել, միթե անհնարի՞ն է սրանց մեջ հանրային կյա՛նքը» — սկզբի պահին շվարած մտածում էի ես, երբ տեսա նրանց վերաբերմունքը դեպի հասարակական մեղադրողը: Սակայն ես անտես էի առնում այն հիմնական հանգամանքը, որի հանդեպ նսեմանում էին բոլոր մնացած խնդիրները: Մանավանդ որ, ինչպես ես շուտով նկատեցի, նրանց բացասական, թշնամական, լավագույն դեպքում անտարբեր վերաբերմունքը դեպի հասարակական մեղադրողը ո՛չ թե վերաբերում էր նրա ասածներին ըստ էության, այլ անձամբ նրան, իբրև մեղադրողի, իբրև մեղադրող, դատապարտող կողմի: Այս բանում ես միանգամայն համոզվեցի, երբ կողմերի վիճաբանությունից հետո դատարանը գնաց խորհրդակցության և վերադառնալով կարդաց դատավճիռը: Դատարանը որոշել էր չորսին էլ հանել խոհանոցից և անունները գրել սև տախտակի վրա:

Բոլորը գոհ էին: Եվ երբ, փոխարինողներ չլինելու պատճառով, նրանք մի քանի օր ևս շարունակեցին մնալ խոհանոցում բոլորը պահանջում էին, որ որոշումը ի կատար ածվի, և պահանջում էին ո՛չ թե ընկերական դատարանից, այլ Ուղղիչ Տան վարչությունից:

Չէին սիրում կալանավորները ընկերական դատարանը, ամեն կերպ խուսափում էին նրանից: Եվ շատ գոհ էին լինում, երբ նրանց որևէ հանցանքը քննում ու որակման էր ենթարկում ոչ թե ընկերական դատարանը, այլվարչությունը: Թերևս այս բանում որոշ դեր էր խաղում և այն, որ վարչության առաջ «խայտառակվելը» հանրային հանգամանք չէր համարվում, այնինչ ընկերական դատարանին ներկայանալը հանրային խայտառակություն էր, որից ամեն կերպ խուսափում էին կալանավորները...

Следующая страница