Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

XI. Թե ինչպես շինվեցին նոր արհեստանոցները. խոսվում է նաև սիրո, եռանդի ու ամոթանքի մասին

Նոր արհեստանոցների կառուցումն սկսվեց նրանով, որ մյուս առավոտ Բենժամենի հավաքած բանվորներն սկսեին մի կողմից փորել արհեստանոցների հիքը, մյուսները այդ հողից աղյուսներ պատրաստել: Երբ ես առավուսյան ժամը յոթին դուրս եկա բակ՝ աշխատանքը եռում էր արդեն:

Է՛ս է սկսեցինք, — ուրախացած ցույց տվեց Ուղղիչ. Տան պետը, որ կանգնած նայում էր աշխատանքներին. — քանի օրերը լավ են միջի պատերի համար աղյուսներ պատրաստեք, հետո հեշտ է: Դե, տղերք ջան, ձե՛զ տեսնեմ, որ վերջացրինք քեֆ ենք անելու...

Հետո կրկին դառնալով ինձ՝ բացատրեց.

Սայլերն ուղարկեցի մատերիալի. վաղը մյուս օրը կսկսենք շարել պատերը... Քարի-բանի համար փող կա, ինչ մնում է փայտին ու թիթեղին՝ մի տեղից խոստացել են, հույս ունեմ կստանանք...

Հարկավոր է հենց այս գլխից ասել, որ այդ նոր արհեստանոցների կառուցումն սկսվեց համարյա թե ոչնչով և գլուխ եկավ բացառապես պետի եռանդի շնորհիվ: Եռանդի ու ամեն ինչ խորտակող կամքի մի ամբողջ էպուղե էր այդ արհեստանոցների կառուցումը, աշխատանքային մի դյուցազներգություն, որին հավասարապես մասնակցում էին թե Ուղղիչ Տան վարչությունը, թե՛ կալանավորները: Դրսի աշխարհում, իհարկե, առանձին մի բան չէր նման մի պարզ շենքի կառուցումը, բայց Ուղղիչ Տան պայմաններում դա հերոսություն էր, համարյա մեծագործություն, որ բավականությամբ էր լցնում բոլոր կալանավորների սիրտը: Ճիշտն ասած երբ ես առաջին անգամ տեսա այն մի տասը կալանավորին, որ Նաիրյան դանդաղկոտությամբ, առանց սիստեմի ու ռիթմի, փորում էին հողը, ու մյուսներին, որ այդ հողը ցեխ շինած կոխոտում էին բոբիկ ոտներով, որպեսզի աղյուսներ պատրաստենես չհավատացի, որ այդ գործը կարող է գլուխ գալ երբևէ:

Հայտնեցի կասկածս պետին, և նա հեգնական, վերից վար չափող ժպիտը դեմքին պատասխանեց.

Կգա: Էն էլ ո՛նց. երկու ամսից պատերն ու տանիքը պատրաստ կլինեն:

Այդ աշխատանքների ընթացքում իմ ուշադրությունը գրավեց հետևյալ հանգամանքը: — Շենքի կառուցմանը մասնակցող կալանավորների մեջ չկար և ո՛չ մի մասնագետ եթե չհաշվենք հյուսներին, որ շինեցին դռներն ու պատուհանները և տեխնիկ Նիկոլաևին, որ միայն հատակագիծն էր քաշել ու քաշվել մի կողմ: Մնացած աշխատավորները տարբեր արհեստների տեր կալանավորներ էին շատերը ռեցիդիվիստ գողեր, սակայն բոլորն էլ շատ շուտ ընտելացան աշխատանքին և հայտ բերեցին բավականին հնարագիտություն: Երբ ցեխը պատրաստվեց երևան եկան փայտյա աղյուսային կաղապարներ, որոնց մեջ սկսեցին լցնել ցեխը: Պատրաստողները ռեցիդիվիստներն էին՝ Խուժան Խաչոն, Վալոն, Աշոտը, Հյուսեինը, դրանցից որևէ մեկը դրսում դժվար թե զբաղված լիներ որևէ աշխատանքով:

Բայց դրանց բոլորի շարքում ամենից զարմանալին էլի նույն Համոն էրայդ զարմանալի Համոն: Հենց որ երկրորդ օրը փորեցին վերջացրին հիմքի տեղը՝ նա ասպարեզ եկավ որմնադիրի գործիքներով և սկսեց շարել հիմքը: Տեխնիկ Նիկոլաևն ասում էր, որ դրանից լավ դժվար թե շարի որևէ որակյալ վարպետ: Իսկ երբ, երկու ամիս անց, պատերն ու կտուրը պատրաստ էին՝ Համոն և իր ընկերը, Օսը, սկսեցին թիթեղել կտուրը: Դա արդեն նրանց մասնագիտությունն էր, որին նրանք տիրապետում էին ամենայն հմտությամբ: Յուրաքանչյուր առավոտ ժամը յոթից սկսվում էր աշխատանքը, և հիվանդանոցի բակը լցվում էր աշխուժով ու եռանդով: Գուցե այդ աշխատանքն ինձ առանձնապես հմայիչ էր թվում այն պարզ պատճառով, որ տեղի էր ունենում փակված մի վայրում, ուր մարդ այսպես թե այնպես իրեն «կես մարդ» է զգում առանձնացված դրսի Լայն աշխարհից, կարծես հակադրված այդ աշխարհին, որպես անհավասար պլեբե: Հարկավոր է կալանավոր լինել հասկանալու համար այս զգացմունքը: Արդեն այն վայրկյանին, երբ մարդ ձերբակալվում է իրեն հակադրված է զգում բոլոր ազատ մարդկանց, որպես պլեբե՝ պատրիցիների... Ապա այդ աշխատանքը տեղի էր ունենում մի վայրում, որի հետ մանկուց կապված են մեր մտքում բոլորովին այլ պատկերացումներ: Ես շատ էի կարդացել գրքերում, որ նախկին բանտերում աշխատանքը տաժանելի մի բան է եղել բանտարկյալների համար: Այս մասին առանձնապես շեշտել է Դոստոևսկին իր հռչակավոր գրքում: Սակայն խնդիրն այն է, որ նախկին բանտերում ու աքսորավայրերում աշխատանքը եղել է պարտադիր ու ծանր, հաճախ հոգնեցնող ու անիմաստ, այնինչ մեր Ուղղիչ Տանը դա սովորական մարդկային աշխատանք էր, որի համար ոչ միայն վարձատրվում էին կալանավորները, այլև նրանց յուրաքանչյուր օրը օր և կես էին հաշվումմի բան, որ կալանավորի համար վեր է ամեն վարձատրությունից: Այսպես թե այնպես չափազանց հաճելի էր յուրաքանչյուր օր տեսնել դրսի աշխարհից առանձնացված այդ մարդկանց Ողղիչ Տան բակում աշխատելիս: Աշխատանքով տարված նրանք մոռանում էին իրենց մեկուսացած դրությունը և դառնում զվարթ ու սիրալիր: Առանձնապես զվարթ մարդիկ էին հյուսները, սպիտակ, չոր փայտի տաշեղներում կորած աշխատանքի ընթացքում ձեռ էին առնում իրար, սրամիտ անեկդոտներ պատմում կալանավորուհիների մասին, առանձնապես հեգնում Անուշին ու Մարգարիտին...

Դրանց մեջ կար մի երիտասարդ շնողցի, գյուղական իգիթի ռոմանտիկ արտաքինով, տղամարդու կեցվածք ուներ և երազողի աչքեր: Անունը դրել էի Իգիթ, միշտ մոտենում էի ու Հետը զրուցում գյուղի տղաների ու աղջիկների, զանազան Հերոսական ու ռոմանտիկ նյութերի մասին: Զվարթ տղա էր. չնայած թախծոտ աչքերին՝ միշտ սրախոսություններ էր անում և պատմում գյուղական առակներ: Մի օր էլ ես նկատեցի, որ նա կորցրել է իր զվարթությունը, լրջացել ու տխրել: Գլուխը սովորականից ավելի էր խոնարհել տաշած տախտակի վրա, հայացքը ծածկում էր ինձանից: Կարծեցի տխուր լուրեր է ստացել ընտանիքից, հարցուփորձ արի բան չպատասխանեց: Ձեռնթափ հեռացա Իգիթից և արդեն խաչ էի դրել մեր բարեկամության վրա, երբ հանկարծ, միանգամայն պատահական կերպով, Իգիթի գաղտնիքր բացվեց, և մենք կրկին դարձանք զվարթ բարեկամներ...

Այդ ժամանակ Ուղղիչ Տուն էին բերել 18 տարեկան մի աղջիկ, որ ձերբակալվել էր գողության համար, սակայն ասում էին, որ փոքր քրոջն էլ է խեղդել, թեկուզ ըստ գործի այդ բանում նա չէր մեղադրվում: Թուխ դեմքով, բարակ բարձրահասակ մի աղջիկ էր նա, այդ Մանիշակը, կատվի աչքեր ուներ ու նուրբ, մանկական իրան: Բոլոր ռեցիդիվիստներն անմիջապես սիրահարվեցին վրան և վազ չէին գալիս նրանից իրենց բավականին գռեհիկ հաճոյախոսություններով: Սակայն չար, աչքաբաց, չնայած տարիքին՝ արդեն «տեսարաններ տեսած» աղջիկ էր Մանիշակը և հեշտ չէր նրան գրավելը, նույնիսկ եթե ի նկատի չունենանք Ուղղիչ Տան անհարմար պայմանները: Կանայք ապրում էին, ինչպես գիտենք, գրասենյակի վերևը գտնվող կամերաներում, որոնք միանգամայն առանձնացված էին քրեական կորպուսից: Միակ տեղը, ուր կանայք կարող էին հանդիպել կալանավորներին գրասենյակի միջանցքն էր: Եվ ահա մի կիրակի երեկո, Ժամը մոտավորապես յոթին, ես տեսա Իգիթին կանգնած այդ միջանցքում, այն դռան մոտ, որը տանում էր դեպի վեր կանանց կամերաները: Երեսը սափրել էր ու բեխերը ոլորել, ինչպես իսկական գյուղական մի իգիթ: Երբ ինձ տեսավ՝ մտավ դռան հետևը, ես էլ չնկատելու տվի: Իսկույն մտքովս անցավ Մանիշակը... Եվ երբ, քիչ անց ես մտա այդ դռնով, որ իբր բարձրանամ վերև՝ տեսա Իգիթին ու Մանիշակին քնքշորեն իրար փաթաթված, ինչպես գյուղական սիրահարներ...

Ա՛յ տղա, բա խի՞ էիր տխրել, — հարցրի ես Իգիթին երկրորդ օրը, երբ նա աշխատում էր բակում դռներ էր շինում նոր արհեստանոցների համար:

Իգիթը ժպտալով նայեց երեսիս, աչքերը տրորեց և ասաց.

Ե՛ս էդ հյուսեինի...

Ուրիշ ոչինչ: Սակայն ես անմիջապես հասկացա, որ պարտված է արդեն Հյուսեինը, այն երիտասարդ ռեցիդիվիստը, որը ևս Մանիշակի ինքնագոհ ասպետներից էր և սկզբներում կարծես սկսում էր գրավել Ուղղիչ Տան այդ գեղեցիկ Դուլցինեայի սիրտը...

Սակայն հարկավոր է ասել, որ Ուղղիչ Տան պայմաններում դժվար թե սիրային արկածը համբույրից դենն անցներ, — բայց ի՞նչ քիչ բան էր այդ փակված աշխարհում Մանիշակի նման մի չքնաղ Դուլցինեայի թեկուզև ամենաթեթև համբույրը...

Իգիթի ու Մանիշակի այս ռոմանտիկ պատմությունը չգիտեմ ինչու իմ հիշողության մեջ կապված է մնացել նոր արհեստանոցների կառուցման պատմության հետ, թեկուզ դրանց մեջ եղած միակ առնչությունն այն էր, որ Իգիթը հյուսն էր և աշխատում էր արհեստանոցների վրա: Բայց ինչքան ես հիշում եմ այդ նոր արհեստանոցները, հիվանդանոցի բակը ծածկված փայտի տաշեղներովանմիջապես աչքիս առաջ են գալիս Իգիթն ու Մանիշակը իրիկվա կիսախավարում քնքշորեն իրար փաթաթված, ինչպես գյուղական սիրահարներ... Երեք ամիս հետո, երբ արհեստանոցները կառուցվեցինՄանիշակն էլ ազատվեց ու գնաց, և այսպիսով վերջացավ Իգիթի ռոմանտիկ պատմությունը:

Յուրաքանչյուր առավոտ, ժամը ուղիղ 9-ին, գալիս էր աշխատանքները տեսնելու Ուղղիչ Տան պետը, և բոլորի սիրտը լցնում եռանդով ու լավատեսությամբ:

Դե, տղե՛րք ջան. քիչ մնաց, է՛ս և պատերը վերջացրինք երկուշաբթի օրվանից սկսելու ենք տանիքը...

Այնինչ դեռ պատերը նոր էին սկսել շարել և դժվար էր հավատալ, որ նրանք երբևիցե կբարձրանան այնքան, որ հնարավոր լինի «սկսելու տանիքը»:

Մենք, անգործ կալանավորներս, հաճախ մոտենում էինք Համոյին ու մյուսներին, որ շարում էին պատը, և ձեռ առնում նրանց.

Էսպես հույս ունենանք, որ էկող գարունքին էս մի պատը քու բոյին կլինի...

Համոն նայում էր մեզ, թևով քիթը սրբում ու ասում.

Ձեր օգնությամբ կշինենք... էկող գարունքին չեղավ՝ էն մեկել գարունքին ձեր բոյին կլի...

Ու զվարթ շարունակում էր աշխատանքը. կոտրում էր քարերը, դարսում, հավասարեցնում ու թոկով չափում ուղղությունը:

Վալոն, Խուժան-Խաչոն և մյուսները երբ վերջացրին աղյուսները սկսեցին քարերը տաշել: Կամ երբ դրսից բերում էին մատերիալը սայլերից տեղափոխում էին շենքի մոտերքը, զատում, դարսում:

Երկու շաբաթ հետո պատերն արդեն այնքան էին բարձրացել, որ այլևս կանգնած անհնարին էր դասել: Եվ ահա, մի առավոտ երբ բարձրացա տեսնեմ պատի երկայնքով իրարից հինգ քայլ հեռավորությամբ փոսեր են փորում և կանգնեցնում բարձր գերաններ: Հետո դրանց վրա տախտակներ խփեցին, որոնց մեխեցին, հորիզոնական դիրքով, ուրիշ տախտակներու բարձրացան վրան պատը շարունակելու: Մենք ևս բարձրացանք այդ տախտակների վրա, բայց ոչ թե աշխատելու, այլ դրանց վրայից դրսի աշխարհին նայելութեկուզ այդ «աշխարհը» միմիայն դիմացի զորանոցներն էին, դրանց պատերն ու պատուհանները... Եվ դա մեզ, կալանավորներիս, մեծ հաճույք էր պատճառում... Իսկ երկու շաբաթ անց խփեցին գերանների վրա և երկրորդ հարկի տախտակներըու այս անգամ այդ տախտակների վրայից մենք արդեն տեսնում էինք ոչ միայն զորանոցների պատերն ու պատուհանները, այլև հեռուն: Դա արդեն կատարյալ հաճույք էր, համարյա ազատություն...

Արդեն կեսից ավելի բարձրացել էին պատերը, երբ հանկարծ սկսեցին աշնանային անձրևները, և մի քանի օրով աշխատանքը դադարեց: Համոն ու մյուսներն այդ օրերին մռայլ շրջում էին քրեական կորպուսի միջանցքներում և շուտ-շուտ բակ վազում տեսնելու համար, թե երբ է փոխվելու եղանակը... Կարծես որբացել էր Համոն և վախենում էր, որ մեր չար մարգարեությունը կատարվի, ու գործը մնա «էկող գարունքին»: Բայց շուտով եղանակները լավացան, և նրանք անցան աշխատանքի:

Նոր արհեստանոցների համար, իբր չորրորդ պատ պիտի ծառայեր Ուղղիչ Տան պարիսպը, որի վերևի մասը սակայն մի փոքր ծուռն էր, և միտք առաջացավ այն քանդելու և նորից դարսելու: Եվ ահա մի առավոտ, երբ դուրս եկա հիվանդանոցից, տեսա, որ պարիսպն սկսել են քանդել: Մինչև կեսօր նա արդեն հարկ եղած չափով քանդած էր, ու աշխատող կալանավորները, ինչպես և Բենժամենը, կանգնած էին փողոցում ու հաղթական ինձ էին նայում, որպես ազատվածներ... Ես ևս շտապեցի անցնել այնտեղ, և քանդած պարսպի այն կողմը կանգնած՝ մենք նայում էինք քաղաքին, որ հեռավոր Դամասկոսի նման մեզ գրավիչ էր թվում և մեր սիրտը լցնում կարոտով ու տխրությամբ...

Դե՛, դե՛, նե՛րս գնացեք, — կարգադրեց հսկիչը, և մենք մեծ դժգոհությամբ անցանք այն միակ քայլը, որ մեզ բաժանում էր դրսի լայնարձակ աշխարհից:

Երկու օր անց արդեն շարված էր պարիսպը, և Բենժամենը նրա վրա կանգնած՝ կարգադրություններ էր անում բանվորներին և մեկ-մեկ հայացքը հառում հեռուն դեպի դյութական Երևանը:

Կրկին սկսվեցին անձրևները, և աշխատանքները կրկին դադարեցին: Սա արդեն կատարյալ կատաստրոֆ էր, որովհետև շուտով սկսվելու էին ցրտերը: Եթե անձրևները մի քիչ երկար տևեին՝ ճիշտ որ գործը «էկող գարունքին» էր մնալու, — մի բան, որ անհանգստություն էր պատճառում ոչ այնքան Համոյին ու մյուսներին, որքան Ուղղիչ Տան պետին: Գրազի նման մի բան էր դարձել նաև նրա համար այս նոր արհեստանոցների կառուցումը, որովհետև այն թերահավատ վերաբերմունքը, որ ունեին մեզանից շատերը, ինչպես երևում էր բաժանում էին և մարդիկ, որոնք մի քիչ ավելի բարձր էին գտնվում թե՛ մեզնից և թե նրանից՝ պետից: Ինչպես կարելի էր նկատել կային և նյութական կարգի դժվարություններ և այնքան էլ հեշտությամբ չէին տրվում նրան հարկ եղած միջոցները: Շատ բան իր ռիսկից ու ձեռներեցությունից էր կախված, և պատահական անհաջողությունը կարող էր վերագրվել նրա անփութությանը և չմտածված ընթացքին: Բացի այս նա մտահոգված էր նրանով, որ ձմռան սկզբից արհեստանոցները տեղափոխի նոր շենքը և անցնի դրանց մեքենայացման-մի բան որ մեծ հնարավորություն պիտի բանար ամբողջ Ուղղիչ Տունը հետըզհետե աշխատանքային գաղութի վերածելու... Սա նրա երազն էր արդեն, որն իրականացնելու համար նա չէր խնայում ո՛չ մի ջանք ու եռանդ:

Երբ կրկին լավացան եղանակները և բանվորները կրկին անցան աշխատանքի՝ Ուղղիչ Տան պետի ուրախությունը հասավ իր գագաթնակետին: Եվ որովհետև իր հոգեբանությամբ անմիջական մարդ էր՝ իր այդ ուրախությունը նա արտահայտեց այսպես.

Դե՛, տղե՛ք ջան, էս ա՝ վերջացրինքՀենց որ վերջացրինք՝ լուսանկարիչ եմ կանչելու՝ մեզ նկարի... Համո՛, քեզ հենց էդպես ցեխոտ երեսով` էդ մեդալը դոշիտ:

«Մեդալը: Նույն ցեխն էր, գաջախառն սպիտակ ցեխը, որ շքանշանի նման զարդարել էր Համոյի սատինե սև բլուզը:

Հետաքրքիր մարդ էր նա, Ուղղիչ Տան պետը, և՛ իբրև բնավորություն: Ամուսնացած էր և ուներ երեխաներ, որոնց սիրում էր չափազանց: Երբեմն բերում էր Ուղղիչ տուն և ծանոթացնում մեզ հետ, Երբեմն, հանկարծ, գործի ամենատաք պահերին, կամ երեկոները, երբ գալիս էր իր առանձնասենյակում պարապելու (նա բանֆակ էր հաճախում) կվերցներ հեռախոսի փողը և կզանգահարեր տուն.

Վարդո՛ւշ, երեխաները քնա՞ծ են...չէ՞, կանչիր մի հեռախոսի մոտ... Դո՞ւ ես, Սպարտա՛կ...

Ու դեմքը կփայլեր ուրախությունից. Մի երկու բան կհարցներ, կասեր.

Դե՛, բավական է, գնա քնի՛, Չէ՛, ես էսօր ուշ կգամ,- ու կկախեր հեռախոսի փողը, կարծես թարմացած՝ կշարունակեր աշխատանքը:

Երկու ամիս անց, երբ արդեն համարյա պատրաստ էին արհեստանոցները՝ նա բերեց իր երեխաներին, բարձրացրեց նոր արհեստանոցների կտուրը, տարավ ներս, ցույց տվեց ամբողջը և հաճույքից, բավականությունից փայլող դեմքով ասաց իր երեխաներին.

Բաս, շինեցի՛նք:

Եվ ապա, ցույց տալով ինձ.

Իսկ էս քեռին չէր հավատում...

Եթե երեխաները լավ դիտել իմանային պիտի տեսնեին, որ իմ պատասխան ժպիտի մեջ ակնածանք կա դեպի իրենց հայրիկը, դեպի այդ երկդասյան կրթությամբ բանվոր-վարչագետըև, իմ թերահավատության համար մի փոքր ամոթանք...

XII. «Նիկալայի պադվալները», ժանգոտած շղթաները, թուրքական թատերախումբը, Գաճաճը, Ռահիմը, Միսաքը, Լյուբան և Բաղդասարի փախուստը

Երթանք Նիկալայի պադվալները տեսնենք, հրեն բաց են արել, որ միջին փետ ածեն, — ասաց ինձ մի անգամ Բենժամենը, երբ ես դուրս եկա բակ կուլտբաժինը գնալու:

Դրանից մի օր առաջ, երբ մենք շրջում էինք քրեական կորպուսի բակում նա ինձ ցույց էր տվել կորպուսի աջ անկյունից դեպի վեր բարձրացող ծխնելույզը և խորհրդավոր հարցրել.

Գիդա՞ս դա հինչ ա:

Երևի ծխնելույզ:

Չէ մի պոզեր... Դա Նիկալայի պադվալների օդանցքն ա: Դա շինված ա, որ պադվալներն օդ գնա՝ ընտեղ ածած բանտարկյալները չխեղդվեն:

Եվ ապա, ցույց տալով այդ օդանցքից մոտ քսան քայլ այս կողմը՝ կորպուսի ներքևի պատըբացատրել էր.

Այ, տեսնո՞ւմ ես էս տեղը, սրա տակին մին նեղ միջանցք կա, ոնց որ կանալը: Ընտեղ են քցելիս ըլել բանտարկյալներին, դրանք էլ սողալով գալիս են ըլել պառկել էս օդանցքի տակ, որ օդի պակասությունից խեղդվեն ոչ: Էս անցքից օդը գնում և լցվում էտ միջանցքը: Ես մտած տեսած կամ...

Երևանի Ուղղիչ Տունը նախկին նահանգական բանտն էր, որքան հայտնի է ինձ հին բանտարկյալների պատմածներից, ցարական ամենադաժան բանտերից մեկն էր եղել:

Այս բանում ես լիովին համոզվեցի, երբ տեսա այսպես կոչված «Նիկալայի պադվալները»:

«Նիկալայի պադվալները» գտնվում են Ուղղիչ Տան ձախ կորպուսի ներքևը և այժմ վերածված են փայտի պահեստի: Իջնելով մի քանի աստիճաններ՝ մենք մտանք մի ընդարձակ ներքնահարկ, որ ոչ մի պատուհան չուներ: Վառեցինք լուցկին և տեսանք, որ կիսով չափ մեջը փայտ է լցրած. բացել էին, որ մնացած փայտն էլ լցնեն: Ես կարծում էի, թե հենց դա է, որ կա, բայց Բենժամենը բռնեց իմ ձեռից և մոտեցրեց դիմացի պատին: Կրկին վառեցի լուցկինև տեսա հռչակավոր «միջանցքը», որի մեջ մարդ կարող էր տեղավորվել միմիայն նստած, իսկ առաջ գնալ՝ չորեքթաթ: Միջանցքի դուռը պոկած էրչկար:

Մտնենք նայենք, — ասի Բենժամենին:

Ես մին անգամ մտել եմԷլ ցանկություն չունեմ: Ինքդ կարող ես մտնել էլ, տեսնել էլ:

Եվ ես մտա: Նախապես, իհարկե, տեղեկացա, որ փոսեր չկանև մթության մեջ մոտ քսան քայլ գնացի չորեքթաթ: Վառեցի լուցկին՝ դեռ շարունակվում էր միջանցքը: Օդը հեղձուցիչ էր արդեն, սակայն ես մի հինգ քայլ նորից գնացի ու կրկին վառեցի լուցկին: Դեռ ծայրը չէր երևում: Շնչել արդեն դժվար էր. խոնավ, հեղձուցիչ օդը քերում էր աչքերս, ուստի ես բարվոք համարեցի վերադառնալ: Սակայն, համենայն դեպս, խղճի հանգստության համար, մի երկու քայլ ևս առաջ գնացի և այն է ուզում էի վերադառնալ, երբ ձեռքըս դիպավ երկաթի, խոնավ երկաթի: Վառեցի լուցկին, որ համարյա թե չէր լուսավորում օդի պակասության շնորհիվև աղոտ լույսի ներքո տեսա... մի զույգ ժանգոտած շղթաներ: Բանտային ձեռքի շղթաներ կոտրած կողպեքներով: Վերցրի շղթաները, շուռ եկա և վերադարձա: Հեռվում քարայրի մուտքի նման երևում էր միջանցքի մուտքը: Շարժվեցի դեպի այն նույն անմխիթար ձևովշարժվելու մի ձև, որ բացի ծայր աստիճանի անհարմար լինելը նսեմացնում է մարդուս իր սեփական աչքին, իջեցնում անասունի աստիճանի:

Երբ ես դուրս եկա և մոտեցա Բենժամենին, որ կանգնած դռան մոտ ինձ էր սպասում մենք երկար-երկար նայեցինք միջանցքից հանված շղթաներին և երկար ժամանակ ո՛չ ես էի խոսում, ո՛չ նա:

Նայես հո՞ւմ կռներին է եղել... — ասաց վերջապես Բենժամենը և ձեռքը խփեց շղթաներին: — Իմանաս հի՞նքնա կոտրել քցել, թե հետո՞վ են քցել...

Այս հարցին, դժբախտաբար, ո՛չ ես կարող էի պատասխանել, ոչ շղթաները, ուստի նա փոխեց զրույցի ընթացքը:

Մինչևի պատը հասա՞ր:

Չհասա:

Մին քիչ էլ որ գնայիր՝ կհասնեիր: Հետով շուռ կգայիր դիպա ձախ էդպես միջանցքը գնում և մինչևի էն խողովակի ներքևը: Էն, որ դրսևից քեզ շանց տվի: Համ էլ ասում են, թե ընտեղ մին մարդաբոյի կարցերներ կան, էնպես որ մարդ անջաղ կաղնի...

Ո՞նց թե՝ ասում են: Բա ասում էիր ինքդ գնացած կա՞ս:

Դե ես չասի՛, որ մինչևի վերջը գնացած կամ: Ես մինչևի պատն եմ գնացել... Բայց հաստատ գնացողներ կան էդպես են ասում:

Մենք վերցրինք «Նիկալայի պադվալներից» հանած ժանգոտած շղթաները և գնացինք կուլտբաժին, ուր մեր արած գյուտը ռեկվիզիտոր Համոյին մեծ հաճույք պատճառեց:

Էս լա՛վ բան եղավ, — բացականչեց նա ուրախացած, — դերերի ժամանակ մին-մին հարկավոր է գալիս չի ճարվում:

Ու «Նիկալայի պադվալներից» հանած այդ ժանգոտած շղթաները Համոն մտցրեց մեր թատրոնի գույքի ցուցակը իբրև բեմական ռեկվիզիտ:

Թատրոնում այդ ժամանակ ինչ-որ պիես էր փորձում թուրքական խումբը: Խաղացողների մեջ աչքի էր ընկնում մի փոքրիկ, համարյա գաճաճ, թուրք կալանավոր: Մոտ 30 տարեկան, մանր, պսպղուն աչքերով: Ինչպես դեմքը, այնպես էլ ձայնը թողնում էր դեգեներատային, ծայր աստիճանի անհրապույր, հրող տպավորություն:

Ինչի՞ համար է վճռված, — հարցրի Համոյին:

Սարումը տղա է բռնաբարել, հետո քարով սպանել, — պատասխանեց Համոն: Հենց այդ ժամանակ մեզ մոտեցավ Ռահիմը:

Դա բարձրահասակ, շատ համակրելի դեմքով, մաքուր հագնված մի կալանավոր էր՝ դատապարտված մաքսանենգության համար: Հարցրի նույն գաճաճի մասին: Ռահիմն ամոթխած հայացքը շուռ տվեց դեպի պատը ու կամացուկ պատասխանեց:

Ճի՛շտ է:

Ո՞նց է եղել:

Դե սարում չոբան է եղել, հետո մի անգամ բռնել է էդ երեխին բռնաբարել: Հետո քարով ջնջխել է գլուխը... Երեխան էլ թուրք է եղել, — առանձին մի շեշտով, շեշտակի նայելով դեմքիս հարկ համարեց պարզաբանել Ռահիմը, կարծես դրանով ուզում էր թեթևացնել իմ աչքին գաճաճի զարհուրելի հանցանքը:

Դա նշանակություն չունի, Ռահի՛մ, երեխան թուրք է եղել, թե հայ, — ասացի ես, նույնպես շեշտակի, զննող հայացքով նայելով Ռահիմին: Ռահիմն իր ամոթխած հայացքը հեռացրեց իմինից, ու տիրեց ծանր լռություն:

Իսկ այդ ծանր, ճնշող լռության մեջ հնչում էր գաճաճի սուր, ճղճղացող, կեղծ ձայնը: — Հետագայում ներկայացման ժամանակ իմացա, որ նա խաղում է մոցիքուլ կնոջ դեր...

Թուրքական խմբի հետ խաղում էր և մի հայ կալանավոր Միսաք անունով: Դա գողության համար դատված մոտ 35 տարեկան, կիսագյուղացի մի կալանավոր էր, որ Ուղղիչ Տանը հայտնի էր, իբրև անմրցակից սրախոս: Աշխատում էր Ուղղիչ Տան պահեստում, տնտեսական մասում. քաղաքից մթերքներ էր տեղափոխում, մեկ-մեկ էլ վերադառնում էր հարբած: Այդ պատճառով քիչ մնաց զրկվեր աշխատանքից, սակայն շուտով կարողացավ զսպել իրեն և կրկին շահել վարչության վստահությունը: Չնայած զվարթ բնավորությանը սիրում էր բեմից արտասանել բանաստեղծություններ, բայց անպայման տխուր ու ողբերգական: Դերեր էլ երբեք էր վերցնի կոմիկական, սիրում էր հերոսական, կատաղի, ռոմանտիկ-պաթոսային դերեր, ինչպես «նամուսի» հերոսի դերը:

Բացի Միսաքից՝ թուրքական խմբի փորձին մասնակցում էր նաև մի ռուս բարձրահասակ, բարակ կալանավորուհի, որ ձերբակալված էր նույնպես միջնորդության համար և իրեն առանձին էր պահում մնացած կալանավորուհիներից Անուշից, Մարգարիտից, Զանեից, Մանիշակից և այլն: «Արիստոկրատ» էր պահում իրեն և որպես դրա բարձրագույն արտահայտություն ծխում էր բարակ գլանակներ և պուդրա էր գործածում: Շուտ-շուտ հիվանդանում էր և օրերով պառկում հիվանդանոցում: Նրա մասնակցությունը թուրքական ներկայացումին այն էր, որ նա երկրորդ գործողության ընթացքում հարսի անխոս դերը պիտի տաներ և պիտի պարեր «Ուզանդարա» կոչված արևելյան պարը: Պարի ժամանակ ներկաներից յուրաքանչյուրը պետք է նրան դեպի ինքը քաշեր, որպեսզի մենակ իր հետ պարի, որից և պիտի առաջանար կոնֆլիկտը և հարսանիքը խանգարվեր: Գլխավոր հերոսի դերը կատարում էր Միսաքը և այնպիսի կատաղությամբ էր դեպի ինքը քաշում Լյուբայի թևը, որ վերջինս վերջ ի վերջո բարկացավ, լաց եղավ և հրաժարվեց մասնակցել ներկայացումին: Սակայն նրան մի կերպ համոզեցին պայմանով, որ Միսաքը մի փոքր զսպի իր կատաղի ոգևորությունը...

Թուրքական խմբի ռեժիսորն ու վարիչը Սեյիդ-Միրղա անունով մի ծայր աստիճանի խաղաղ երիտասարդ կալանավոր էր, որ միշտ խոսում էր շշուկով: Մեղադրվում էր թուրքական հյուպատոսի հետ կապ ունենալու մեջ. սակայն մեղադրանքը չապացուցվեց, և նա շուտով ազատվեց: Աշխատում էր խոզանականոցում, միևնույն ժամանակ դասատու էր դպրոցում: Ներկայացումների ժամանակ միշտ տանում էր «եվրոպականացած» թուրք բուրժուաների դերեր:

Ծայր աստիճանի լավ էր կազմակերպված թուրքական խումբը և շատ ավելի հաճախ էր ներկայացումներ ունենում, քան հայկականը կամ ռուսականը: Խմբի անդամների մեջ կար կատարյալ համերաշխություն և չպատահեց, որ կուլտկոմիսիան քններ խմբում առաջացած որևէ անհամաձայնություն, ինչպես այդ լինում էր հաճախ մյուս խմբերում:

Այդ երեկո Ուղղիչ Տանը պատահեց և ա՛յլ մի դեպք, որ անջնջելի տպավորություն է թողել իմ հիշողության մեջգուցե մասամբ այն պատճառով, որ դա տեղի ունեցավ «Նիկալայի պադվալների» իմ վրա թողած ծանր տպավորությունից հետո:

Երեկոյան ժամը մոտավորապես ութին ես գնացի Ուղղիչ Տան գրասենյակը, ուր հավաքված զրույց էին անում կալանավոր ծառայողները: Հանկարծ մռայլ ներս մտավ հերթապահ հսկիչը, որ քրեական կորպուսն էր գնացել ստուգումի, և կամացուկ, ինչպես մեռելների մասին են խոսում, ասաց՛

Բաղդասարը փախել է...

Տիրեց մեռելային լռություն: Բոլորն իրար նայեցին:

Ամեն տեղ նայեցի՞ր, — հարցրեց մեկը:

Ամեն տեղ նայեցիչկա: Կուլտբաժինը բեմի ներքևը աստիճանների ներքևը, — ո՛չ մի տեղ չկա՜:

Եկան և մյուս հսկիչները ու միասին գնացին՝ որոնումը շարունակելու:

Բաղդասարը, եթե հիշում եք, այն կալանավորն էր, որ Համոյի, Օսի և Դարչոյի հետ միասին սպանել էր մի ծերուկի և կնոջը ու դատապարտվել 10 տարվա կալանքի: Հախուռն բնավորություն ուներ և շատ էր նեղվում Ուղղիչ Տանը: Հիշում եմ՝ մի օր առաջ, երբ հավաքված զրույց էինք անում հիվանդանոցի բակում, — արևոտ, պարզ օր էր, և մարդու միտքը բնազդաբար ճախրում էր Ուղղիչ Տնից դուրս, — ես հանկարծ պատահմամբ հարցրի Բաղդասարին.

Որ քեզ հաջողվի այս պատերից անցնել կարո՞ղ ես էնպես փախչել, որ չբռնեն...

Պա՜հ, — զարմացավ Բաղդասարը. — մի րոպե թող ինձ թող տան ոտս դարբասից դենը դնեմհազար մանեթ կտամ ինձ հասնողին...

Ես անմիջապես հիշեցի մեր այս պատահական զրույցը այն պարզ, արևոտ օրը ու Բաղդասարի վառվռուն աչքերը՝ երբ նա ասում էր վերոհիշյալ խոսքերըև սրտումս լիակատար հաջողություն մաղթեցի Բաղդասարին: Բայց հենց այդ վարկյանին ներս մտավ հսկիչներից մեկը և ուրախացած բացականչեց,

Բաղդասարին գտանք...

Ո՞րտեղ էր, — հարցրինք միաձայն:

Մտել էր արհեստանոցները և քանդում էր պատը: Երբ բաց արինք դուռը ինքը դեմներս ելավ և ասաց՝ «Հը՛, ի՞նչ կա»: Ասես իրավունքով էր ընտեղ մտել, ու մենք իրան խանգարեցինք...

Մենք անմիջապես գնացինք արհեստանոցները, ուր կանգնած էին հսկիչները և Բաղդասարը: Մեզ տեսնելով Բաղդասարն ասաց նույնը, ինչ որ ասել էր հսկիչներին.

Հը՞ ի՞նչ կա...

Աչքերը թույն էին կաթում ու ծայրահեղ ատելություն: Ռունգները դողում էին, ինչպես կատաղի վազքից հոգնած նժույգի ռունգներ: Բայց հանգիստ էր, մինչև մեկուսացման սենյակը գնալը էլ ո՛չ մի խոսք չասաց:

Պարզվեց հետևյալը: Արհեստանոցները փակելուց առաջ պահվել էր հյուսնոցում, նոր շինված պահարաններից մեկումու վրան փակել էին դուռը: Սպասել էր լավ մթներ ու հետո անցնել աշխատանքի: Արհեստանոցի պատուհանները նայում էին փողոց, դրսում պահակ չէր կանգնում, այնպես որ դժվարը դուրս ելնելն էր: Դարբնոցից բերել էր մի շարք գործիքներ և սկսել էր փորել աջ պատուհանի ներքևը: Պատն աղյուսից էր դարսած. արդեն հանել էր քսանի չափ աղյուսներ: Եթե հսկիչները 20 րոպե ևս ուշանայինԲաղդասարը փախած կլիներ...

Բաղդասարին տարան փակեցին վերի մեկուսարաններից մեկում, իսկ ես գնացի կորպուսը դիտելու, թե ինչպես են անդրադառնում կալանավորներն այդ հետաքրքիր դեպքին:

Անպատճառ մատնած կլեն ինտելիգենտները, — ասում էր մի կալանավոր, կարծեմ Միսաքը, երբ ես մտա ութերորդ կամերան, ուր ապրում էր նաև Բաղդասարը: Այդ կամերան իսկական ռեցիդիվիստների կամերայի հռչակ էր վայելում, ուստի ինձ հետաքրքիր էր իմանալ ամենից առաջ հենց այդ կամերայի կարծիքը:

Երբ ես ներս մտա անմիջապես լռեցին, և յուրաքանչյուրը քաշվեց իր տեղր: Պիտի ասեմ, որ վաղուց արդեն, Ուղղիչ Տուն մտնելուս հենց առաջին օրից, ես նկատել էի այդ վերապահ, համարյա թշնամական վերաբերմունքը դեպի «ինտելիգենտները»: Սակայն անվստահության ու թշնամանքի նման հատու արտահայտության ես առաջին անգամ էի հանդիպում: Պարզ էր, որ ի՛նձ էլ չէին վստահում, իբրև «ինտելիգենտի»: Հետագայում, կնոջս մահվանից հետո, երբ ես դիտմամբ տեղափոխվեցի հենց այդ ութերորդ կամերան՝ մեր հարաբերությունները, իհարկե, շատ ավելի լավացան, բայց անվստահության որոշ տոկոս մինչև վերջն էլ մնաց և չէր կարող չմնալ, ինչպես ես հասկացա նրանց բավականին մոտիկից ճանաչելուց հետո:

Ինչ գնով էլ ուզում էր լիներ՝ ես որոշեցի զրույց բաց անել Բաղդասարի փախուստի մասին, ուստի, Ասածի տալով ինտելիգենտների մասին արված զրպարտությունը՝ ասացի.

Քսան րոպե ուշ հասնեին՝ Բաղդասարը փախած կլիներ...

Ասացի անկեղծ ափսոսանքով, բայց ոչ ոք չարձագանքեց: Համառեցի, ցանկանալով ինչ գնով էլ լինի՝ կոտրել այդ անվստահության պատը:

Նայես ի՞նչ կանեն Բաղդասարին:

Այստեղ արդեն չհամբերեց Լազգին ու դառնալով դեպի բոլորը և ոչ թե դեպի ինձ ասաց.

Բա՛ն էլ չեն կանա անեն: Տասը տարուն թյազադան տարի՞ պտի հավելցնեն... Համ էլ Լենին ասուկ ա՝ փախչելու խամար կալանավորին պատիժ չկա: Կալանավոր կալանավորա, որ փախչի, ադմինիստրացեն կանա թող չթորգա... Լենին էսպես ա ասուկ:

Չգիտեմ՝ ասե՞լ է Լենինը նման բան, թե ոչ, սակայն բնորոշ է, որ Լազգին անգամ Լենինի հեղինակությանը դիմեց՝ հռչակելու համար իր կարծիքը, որպես անհերքելի ճշմարտություն:

Բոլորը գոհ, միահամուռ ծիծաղով հավանություն տվին Լազգու խոսքին միանգամայն համաձայն լինելով, որ ուրիշ բան չէր կարող ասած լինել Լենինը կալանավորների մասին:

Իսկ Բաղդասարին, փախուստի փորձ կատարելու համար, հետագայում դատարանը ենթարկեց երկու տարվա ազատազրկման, սակայն, քանի որ առանց այդ էլ նա արդեն ուներ ամբողջ տասը տարի՝ դատարանի այդ որոշումը փաստորեն ուներ միմիայն ձևական նշանակություն:

Այդպես էլ չհաջողվեց Բաղդասարի փախուստը, որ Ուղղիչ Տան անարկած կյանքի միապաղաղ մթնոլորտում նույնպիսի մի ռոմանտիկ արկած էր, ինչպես Իգիթի ու Մանիշակի սիրահարությունը...

XIII. Կալանավորների «Վարի խավը» և նրա վերաբերմունքը դեպի «ինտելիգենտները», Միսաքի հռչակավոր ֆրազը, որպես այդ վերաբերմունքի դասական ֆորմալ և Բաղդասարի փիլիսոփայությունը

Բաղդասարի փախուստի հաջորդ օրը Ուղղիչ Տանը համառ լուրեր էին պտտվում, որ նրա անհաջողությունը հետևանք էր «ինտելիգենտների մատնության»: Տալիս էին նույնիսկ որոշ անուններ: Իբրև գաղտնիք՝ հաղորդում էին իրար, որ Բաղդասարը սպառնացել է դանակով մատնողի «փորը թափել»: Այս շշուկները գլխավորապես գալիս էին վերի կամերաներից, ուր ապրում էին ռեցիդիվիստներն ու խիստ մեկուսացման ենթակա կալանավորները: Սակայն մնացած կալանավորների համակրանքը ևս այս հարցում նրանց կողմն էր, — խոսքս, իհարկե, կալանավորների «վարի խավի» մասին է, այսինքն Ուղղիչ Տան բնակչության մասսայի, կալանավորական «գռոշ» մասսայի, որ ապրում էր իր ներքին կալանավորական կյանքով և ուներ իր ուրույն, զուտ-կալանավորական հասարակայնության հասկացողություններն ու բարոյական նորմերը:

Следующая страница