Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Շուտով սակայն պարզվեց, որ մատնության մասին խոսք անգամ չի կարող լինել, հուզված մտքերը հանգստացան, սակայն փաստը մնում էր փաստ, և նա չափազանց բնորոշ էր՝ կալանավորների այդ տարբեր խավերի փոխադարձ վերաբերմունքը հասկանալու համար: Կալանավորական մասսան առհասարակ հակադրում էր իրեն «ինտելիգենտներին», այսինքն նախկին ծառայողներին, կամ պարզապես նրանց, որոնք լիովին չէին ապրում Ուղղիչ Տան կենցաղով, կալանավորական ներքին, ուրույն կյանքով: Վերաբերվում էին նրանց խորը վերապահությամբ և դժվարությամբ էին ընդունում իրենց շրջանը: Եվ առիթ չէին փախցնում իրենց այդ վերաբերմունքն արտահայտելու: Փաստը կար և նրան հարկավոր էր տալ «գաղափարախոսական ձևակերպում»: Եվ այդ ձևակերպումըմի քիչ, իհարկե, զավեշտական ձևովհենց նույն այդ օրը իմ ներկայությամբ տվեց կալանավոր Միսաքը, ա՛յն Միսաքը, որ առանց այդ էլ սրախոսի հռչակ էր վայելում Ուղղիչ Տանը: Պատահեց այսպես: —

Այդ օրը ես գնացել էի թուրքական ներկայացման փորձին, որին, ինչպես գիտենք, մասնակցում էր և Միսաքը, որ լավ տիրապետում էր թուրքերենին: Երբ փորձը վերջացավ նրա հետ միասին մենք իջանք քրեական կորպուսի բակը: Այդտեղ մեզ դեմ ելավ բարձրահասակ, ինտելիգենտի դեմքով, 3540 տարեկան, մի կալանավոր, որ աշխատում էր բանվորական սեղանում, իբրև գլխավոր հաշվապահ: Մինչ այդ էլ ես նկատել էի, որ նրան չեն սիրում կալանավորները, միշտ գանգատվում են նրանից, ատում են նրան, որովհետև նա խիստ վատ էր վարվում նրանց հետ, երբ նրանք գնում էին իրենց հաշիվներն ստանալու: Ես գիտեի նաև, որ նա դատապարտված է երեք տարով՝ յուրացման համար:

Հաշիվներս ե՞րբ ես տալու, — մոտենալով հարցրեց նրան Միսաքը և վերից վար չափեց նրան իր հեգնական հայացքով: Հաշվապահն իր հերթին չոր, բարկացկոտ հրեց Միսաքին իր հայացքով և առանց պատասխանելու հեռացավ: Միսաքը զարմացած շվարած, բայց միշտ հեգնական ժպիտը դեմքին՝ երկա՜ր-երկա՜ր նայեց նրա հետևից, մինչև նա կմտներ քրեական կորպուսը, — և լուրջ, համոզված տոնով բացականչեց.

Ափսո՛ս էն իրեք տարուն, որ քեզ են տվե... Քեզի պտի իրե՛ք օր տայինհլա էդ էլ մենծ պատիվ էր քեզպեսների համար... Ինչքան չեղնի ինտելիգենտ ես...

Ու շուռ գալով դեպի ինձ՝ ցույց տվեց իր երեք մատը, որ նա այդպես դրոշակի նման բռնած պահեց, մինչև մենք հասանք, քրեական կորպուսի դարբասին:

Այո, անհերքելի՜ փաստ էր, որ կալանավորական մասսան, որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած էր գյուղացիներից, լյումպեններից և արհեստավորներից, ծայր աստիճան չէին սիրում ինտելիգենտներին: Իմ դիտողություններն այդ մասին՝ Ուղղիչ Տանը լինելուս ամբողջ ժամանակամիջոցին բերեցին ինձ հետևյալ եզրակացությանը: — Բենժամենի հռչակավոր ֆորմուլը, թե «ըստեղ ինչքան ինտելիգենտ տեսնես իմաց կաց վատնումի համարա» — միանգամայն համապատասխանում էր իրականության: Կալանավորներն այդ գիտեին և մի տեսակ «կալանավորական արիստոկրատիզմի» զզվանքով էին անդրադառնում այդ հանգամանքին: Պետական դրամների յուրացումը, գաղտնի, հատակի տակից, մկան նման վատնումը՝ հանցանքի ամենաստոր, «տղամարդու» համար անվայել տեսակն էր նրանց աչքին, և նրանք երբեք չէին թաքցնում իրենց այս տեսակետը: Ինտելիգենտվատնողները նրանց աչքին թուլամորթ տղաներ էին, իրենց խոսքով ասած՝ «պարոններ», որոնք գողության ոչ թե բացարձակ, անմիջական, այլ գծուծ, տմարդի, ոչ տղամարդավայել ձևով ձգտելիս են եղել քաղքենական «պուդրայի» ու ճաշարանային «ընթրիքի» բարեկեցության: Վատնումը, յուրացումը նրանք համարում էին գողության մի ձև, որ զուրկ է ռիսկից ու քաջությունիցահա թե ինչու նույնիսկ մանր-մունր գրպանահատները, ղանթարում գյուղացու գրպաններից կուպեկներ թռցնող ռեցիդիվիստները ինտելիգենտ վատնողների վրա նայում էին վերից վար՝ խոր արհամարհանքով ու զզվանքով...

Եվ ահա թե ինչու Միսաքի վերոհիշյալ ֆրազը հաշվապահի հասցեին շուտով կալանավորների մասսայի աչքին դասական ֆորմուլ դարձավ արտահայտելու համար իրենց ծայրահեղ արհամարհանքն ու զզվանքը. դեպի բոլոր «ինտելիգենտ» կալանավորները:

«Ափսո՛ս էն երեք տարին, որ ձեզ են տվել» — այսինքն դուք այնքա՛ն եք ողորմելի, որ անգամ արժանի չեք կալանավորվելու բարձր պատվին կալանավորա կան մասսայի՝ դեպի ինտելիգենտ-կալանավորներն ունեցած բարոյական գնահատության ավելի ճշմարիտ ֆորմուլ դժվար էր հնարեր: Կալանավորական վարի խավի դեպի ինտելիգենտներն ունեցած այս ծայր աստիճանի բացասական վերաբերմունքը Ուղղիչ Տան պատերում ավելի ևս խորանում էր նրանով, որ միանգամայն այլ էր կալանավորական այս երկու խավերի կենցաղը, ա՛յլ էին և նրանց շահերը Ուղղիչ Տան պայմաններում: Ինտելիգենտ-կալանավորները համարյա առանց բացառության դրսից ճաշ էին ստանում, բոլորն էլ համարյա ունեին լավ, մաքուր անկողիններ, ստանում էին սպիտակեղեն և այլն: Բացի այս դրանցից շատերն աշխատում էին գրասենյակում, կուլտբաժնում և բանվորական սեղանում, որի միջոցով, իհարկե, ձեռք էին բերում վարչության վստահությունը և լիովին օգտվում այդ վստահությունից քաղաք գնալու և այլ արտոնությունների խնդրում: Այնինչ կալանավորական մասսան ճնշող մեծամասնությամբ ապրում էր բացառապես կալանավորական պարենով, շատերն անկողիններ չունեին, նրանց 80%ը թեկուզ աշխատում էր արհեստանոցներում, սակայն, իհարկե, այդ աշխատանքները չէին կարող ստեղծել նրանց համար թեկուզ հենց քաղաք գնալու այն դյուրությունները, որ ունեին գրասենյակում և բանսեղանում աշխատողները: Ուղղիչ Տան պարենը, իհարկե, լիովին բավական էր կշտանալու համար (օրական 21/2 ֆ. հաց, ցերեկը մի տեսակ ճաշ շաբաթը երեք անգամ մսեղեն, առավոտ երեկո թեյ, որի համար տրվում էր շաքար) — սակայն, իհարկե, այնքան էլ հաճելի տպավորություն չէր կարող թողնել այդ պարենով ապրող կալանավորի վրա միևնույն կամերայում, իր կողքին տնից ստացած ճաշով ապրող կալանավորը: Միևնույնը քաղաք գնալու խնդրում: Կարելի է ասել, որ այս հարցը բոլոր կալանավորների համար ամենակենսական հարցն է, նրանց երազանքների անսպառ աղբյուրը, ուրախության ամենաբարձր առարկան: Հարկավոր է կալանավոր լինել, որպեսզի այս հասկանալ: Ոչ միայն քաղաք Ուղղիչ Տան դարբասներից հինգ քայլ այն կողմ գնալը կալանավորին անասելի հրճվանք է պատճառում: Հիշում եմ՝ Ուղղիչ Տուն մտնելուց երկու ամիս հետո, երբ մի անգամ, կնոջս ճանապարհ դնելիս, հսկիչն ինձ թույլատրեց անցնել դարբասից և հինգ քայլ գնալամբողջ աշխարհը կարծես ինձ նվիրեցին: Ուրախությունից ես համբուրում էի իմ սեփական մատները և, կնոջս հեռանալուց հետո, երկա՜ր դեռ նայում էի ճանապարհին...

Դե լա՛վ, բավական է, դուռը փակում եմ, — կանչեց ինձ հսկիչը, և ես անսահման ափսոսանքով հետ եկա ինձ սահմանած հինգ քայլը ու կոտրած, տխրած սրտով մտա Ուղղիչ Տուն...

Էլ ինչպիսի՞ հաճույք պետք է լիներազատ, առանց հսկիչի, մի անգամ քաղաք գնալը մանավանդ մարդկանց համար, որ, Բենժամենի նման՝ արդեն ունեին կալանքի երկու տարվա ստաժ: Իսկ եթե այս ամենին գումարենք նաև ընտանիքի հոգսըպատկերը լրիվ կլինի: Ճիշտ է, շաբաթը չորս անգամ այցելության օր էր լինում, և բոլորը կարող էին տեսնել իրենց հարազատներին, բայց, իհարկե, այլ բան է նրանց հետ Ուղղիչ Տանը հանդիպելը, և այլ բան սեփական բնակարանում...

Ուստի միանգամայն հասկանալի էր, որ յուրաքանչյուր առավոտ, ժամը 9-ից, երբ պետը գալիս էր գրասենյակ, դեպի նա էին ձգվում կալանավորների երկար շարքերը բոլորն էլ քաղաք գնալու խնդիրքով: Բոլորին միանգամից, իհարկե, չէր կարելի թողնել: Կային կալանավորներ, որոնց ամենևին չէր կարող թողնել: Շատերն իրենց քաղաք գնալու անհրաժեշտությունը պատճառաբանում էին ըստ երևույթին այնպիսի հնարովի բաներով, որ ծիծաղելի էին իրենց միամտությամբ սրանց էլ, իհարկե, չէր կարելի թողնել: Պետը մեծ վարպետ էր կալանավորների հոգեբանությունը հասկանալու գործում, ուստի 20 խնդրողից հնգին հազիվ էր հաջողվում գնալ քաղաք: Կար և վստահության խնդիր: Ի՞նչ իմանաս չի փախչի, չի՞ հարբի և խայտառակություններ չի անի արդյոք այս կամ այն կալանավորը, որոնց բոլորի համար վերջին հաշվով պատասխանատու էր ինքը պետը: Բոլորին իր հինգ մատի նման նա հո չէ՞ր կարող ճանաչել և վերաբերվել լիակատար վստահությամբ: Այնինչ ինտելիգենտ կալանավորներից շատերը, որ քաղաքում ունեին բազմաթիվ ծանոթություններ, աշխատում էին գրասենյակում և այլուրիհարկե, ավելի հաճախ էին հաջողացնում քաղաք գնալ, և այս հանգամանքը շարժում էր կալանավորական մասսայի նախանձն ու ատելությունը: Ինչպես դրսում նրանք այս մասսայի աչքին եղել են, երևացել ու թվացել են առանձնաշնորհյալ մարդիկայնպես էլ նրանք, շարունակում էին թվալ Ուղղիչ Տան պատերում, և կալանավորների մասսան առիթ չէր փախցնում արտահայտելու նրանց հանդեպ իր խուլ, բնազդական դժգոհությունը: Այս բանը լիովին հասկանալու համար չպետք է մոռանալ, որ Ուղղիչ Տունն իր բնակչության կողմից միշտ ի նկատի է առնվում որպես բոլոր այդտեղ ընկնողներին միանգամայն հավասարեցնող հիմնարկ, ուր չպետք է լինեն ոչ մի տեսակի առանձնաշնորհումներ: Եթե դրանք եղել են դրսում՝ ապա տեղ չպետք է ունենան այստեղ, այդ բոլորն էլ հավասարեցված են հավասար իրավազրկությամբ: Այս բանը կալանավորական մասսան շատ լավ էր հասկանում և հաճախ արտահայտում էր բացարձակ: Կալանավորների ընդհանուր ժողովներում միշտ խոսք էր լինում այս մասին և, չնայած Ուղղիչ Տան վարժության ու կուլտկոմիսիայի ջանքերին ամեն կերպ վերացնել այս դժգոհությունը, — դժգոհությունը մնում էր, կար և խորն էր, որպես դրսի աշխարհից բերված խոր, դարավոր սոցիալական բնազդ, որը լիովին կարելի է վերացնել միմիայն դասակարգերի լիակատար վերացումով...

Մի բան էլ կար սակայն, որ բացի վերոհիշյալ պատճառները լարում էր կալանավորական մասսան ինտելիգենտների դեմ: Դա այն էր, որ նրանք գրասենյակը կամ բանվորական սեղանը ծառայության մտնելով միանգամայն կարծես մոռանում էին իրենց կալանավոր լինելը և շատ անգամ ավելի չինովնիկական վերաբերմունք էին ցույց տալիս դեպի կալանավորները, քան վարչության բոլոր ներկայացուցիչները՝ միասին վերցրած: Այս տիպի ամենացայտուն ներկայացուցիչն էր վերոհիշյալ հաշվապահը, որը կալանավորների «դասակարգային» ատելության խորհրդանիշն էր դարձել: Վարչությունը նրան վաղուց հանած կլիներ, եթե փոխարինող ճարվեր: Երբ այդպիսին ճարվեց նրան անմիջապես հանեցին, սակայն կալանավորները դեռ երկար հիշում էին նրան իրենց... ուշունցներում:

Այո, խորն էր կալանավորական մասսայի, այսինքն ճընշող մեծամասնության ատելությունն ու անվստահությունը դեպի ինտելիգենտները, և վարչությունն ու կուլտկոմիսիան ջանք չէին խնայում գոնե որոշ չափով այն վերացնելու, բայց հաջողություն չէին գտնում և, ի նկատի ունենալով վերոհիշյալ պատճառները կարելի է ասել, որ դժվար էր գտնել: Իսկ երբեմն այդ փորձերը վերջանում էին կատարյալ կուրյոզով: Հարկավոր է ասել, որ կալանավորների մասսան հաճախ խոսք էր բաց անում անգամ այն մասին, թե կուլտկոմիսիան գտնվում է «ինտելիգենտների ձեռին»: Չնայած նրան, որ այդ կոմիսիան ավելի քան մասսայական կուրս էր բռնել, կոմիսիայի կազմի մեջ կային գյուղացիներ ու բանվորներ, թատերական խմբերի անդամների մեծ մասը «վարի խավից» էր, ներկայացումների ժամանակ առաջին կարգերը հատկացվում էին նրանց և այլն: Սակայն որպեսզի կուլտաշ խատանքի մասսայականացումն ավելի խոր գնա մի անգամ կուլտկոմիսիան որոշեց կենդանի լրագրի ծրագրի մեջ մտցընել մի գյուղացի կալանավորի զեկուցումը մեղվաբուծության մասին: Գյուղացին գործնականորեն բավականին տեղյակ էր այդ առարկային, ինքն էլ «վարի խավում» սեփական մարդ էր համարվում: Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ նրա երևալուն պես... ամենադաժան կերպով նրան ծաղրեցին: Ծաղրեց հենց կալանավորների «վարի խավը», կալանավորական մասսան, և ոչ միայն ծաղրեց, այլև ոչ մի կերպ հնարավորություն չեղավ դահլիճում խաղաղություն մտցնելու, որպեսզի խեղճը շարունակեր իր զրույցը: Հռհռում էին, բարձրաձայն նկատողություններ անում, սրախոսում, սուր փռթկացնում, ոտքերը քսում հատակին: Այնպես որ վերջ ի վերջո ստիպված եղավ ինքն է՛լ ծիծաղել ու հեռանալ ամբիոնից կալանավորների հեգնական «բուռն ծափահարությունների» ու ծիծաղի ներքո: Վերջն էլ անունը դրին «մեղվաբույծ», որ արտասանում էին մի փոքր աղավաղած, և բավականին անպատշաճ բան էր ստացվում... Անունը կնքողը, իհարկե, Միսաքն էր, և այդ անունն այնպես կպավ խեղճին, որ նրա ազատվելուց հետո էլ դեռ երկար հիշում էին նրան այդ չարաբաստիկ անունով:

Իսկ կալանավորական «վարի խավի» դեպի ինտելիգենտներն ունեցած այդ անվստահության «փիլիսոփայությունը» մի անգամ տվեց ինձ Բաղդասարը, երբ ես արդեն ապրում էի ութերորդ կամերայում:

Ինքնե՛րդ հասկացեք, — ասում էր նա ինձ (ի միջի այլոց նա մինչև վերջն էլ ինձ հետ «դուք» ով էր խոսում, չնայած որ մեր առաջիներկրորդ հանդիպումից ես արդեն անցել էի «դու»-ի) — ինքնե՛րդ պատկերացրեք ես ո՛նց կարող եմ ձեզ հետ ընկեր լինել, ընկերանալ ձեզ հետ, կամ Բենժամենի հետ, երբ դուք ինձ հետ հավասար կալանավոր երբե՛ք չեք կարող լինել: Ես ապրում եմ բացառապես Ուղղիչ Տան տվածով, իսկ դուք ամեն ինչ ստանում եք դրսից: Ես կարող եմ կռվել մեկի հետ և մեկուսարան ընկնել, իսկ դուք էդ բանը երբեք չեք անի: Իմ հույսը միայն իմ վրա է, իսկ ձեր, Բենժամենի, մյուսների, որոնց ճանաչում են վարչության ու դրսի ծանոթների: Ու էսպես հազար բան: Եթե ես էստեղ կալանավորների մեջ որոշ անուն ունեմ շնորհիվ մի միայն իմ ուժերի և էստեղ ցույց տված վարվեցողության: Երբ ես էստեղ ընկա՝ ինձ ոչ ոք չէր ճանաչում, ո՛չ կալանավորները, ո՛չ վարչությունը: Ես ինքս ինձ ճանաչացրի: Այնինչ եթե դուք անծանոթ Ուղղիչ Տուն ընկնեք դժվար թե կարողանաք կալանավորների մեջ էն հարգանքն ունենալ, ինչ որ ունեք էստեղ:

Եվ նրա ասածների մեջ կար, անշուշտ, որոշ ճշմարտություն: Հետագայում ես շատ առիթներ ունեցա նրա հետ թե այս, թե այլ բազում նյութերի շուրջը զրուցելու և տեսա, որ խելքը գլխին տղա է Բաղդասարը, և իր նախապաշարմունքները հետևանք են դառն, անողոք պայմաններում ապրած կյանքի, — պայմաններ, ուր միակ որոշող պայմանը՝ սեփական բռունցքը, ճարպիկությունն ու աչքաբացությունն է, և ուր մարդը մարդուն գայլ է բառիս իսկական իմաստով:

Կալանավորական «վարի խավի» ամենացայտուն ներկայացուցիչն ու ճանաչված պարագլուխն էր Բաղդասարը, և ես շատ գոհ եմ նրանից, որ նա ինձ անսպառ նյութ տվեց ինչպես կալանավորական «վարի խավի» հոգեբանությունը, այնպես էլ նրա յուրահատուկ, ուրույն փիլիսոփայությունը հասկանալու համար:

XIV. Լի օրը Ուղղիչ Տանը, կամերաները, գրասենյակը, արհեստանոցները և այլն

Առավոտվա ժամը վեցից, իսկ ձմեռը յոթից սկսում է արթնանալ Ուղղիչ Տունը: Արթնացնելու հատուկ ժամ չկա. առհասարակ ոչ ոք չի արթնացնում: Արթնանում են կալանավորներն իրենք և գնում են լվացվելու:

Կալանավորների առավոտյան ստուգումը կատարվում է ժամը հինգին կամ վեցին, երբ դեռ կալանավորները քնած են լինում: Ավագ հերթապահը մտնում է կամերաները, համարում քնած կալանավորներին և դուրս գալիս:

Մինչ կալանավորները գնում են լվացվելու, կամերա մաքրողները գնում են թեյի ու մթերքի: Կալանավորների կողմից կամերա մաքրողներ են նշանակվում առհասարակ ամենախեղճ կալանավորները, կամերա մաքրող լինելը մի տեսակ նվաստացուցիչ բան է համարվում համարյա բոլոր կալանավորների աչքին: Կամերա մաքրողի պարտականությունների մեջ է մտնում կամերան մաքրելը, թեյ և մթերքներ բերելը, դրանք բաժանելը, կեղտոտ ամաններ լվանալը և հսկելը կամերայում, որպեսզի կալանավորների բացակայության ժամանակ իրերը չկորչեն: Իր այս ծառայությունների փոխարեն կամերա մաքրողն ստանում է բաժանելուց հետո մնացած հացը, որ ավելանում է մանավանդ այն պատճառով, որ միշտ լինում են կալանավորներ, որոնք հացն ստանում են դրսից:

Թեյից հետո կամերաները համարյա դատարկվում են: Դրսի աշխատավորները գնում են քաղաք գործի, Ուղղիչ Տան ներսում աշխատողները գնում են արհեստանոցները, գրասենյակ, բանսեղան, կուլտբաժին: Կամերաներում մնում են միայն անգործները, որոնք կալանավորների ընդհանուր թվի համարյա մի քառորդն են կազմում: Դրանցից բացի՝ կորպուսում մնում են նաև քննության տակ գտնվողները, որոնք պահվում են առանձին կամերաներում, մեկուսարաններում և նույնիսկ բակ դուրս գալու իրավունքից օգտվում են օրական երեք անգամ յուրաքանչյուր անգամ կեսից մեկ ժամով: Դրանք էլ շուտով ելնում են բակ, և կամերաներում ու միջանցքներում մնում են միայն մաքրողները, որոնց գլխին անմիջապես կանգնում է Լազգին՝ սանիտարական սեկցիայի փոխնախագահը: Ավլում են, մաքրում կամերաներն ու միջանցքները, Լազգին տեղից տեղ է վազում և հրամաններ արձակում: Աչքերը պսպղում են եռանդից, իսկ ձեռին ֆոկուսնիկի նման խաղացնում է մի բարակ փայտիկ, որպեսզի ազդեցիկ երևա: Իսկ բակում, բաղանիքում. խոհանոցում և այլուր մաքրություն է հաստատում Ուղղիչ Տան պարետը, նույնպես կալանավոր: Մի ժամանակ պարետ էր Բաղդասարը, իսկ հետո նրան փոխարինեց մի լենինականցի կալանավոր, — բարձրահասակ, թիկնեղ, աժդահա մի երիտասարդ, որ իր պարտականությունները կատարելիս թողնում էր տնային գնդապետի տպավորություն: Նա մեր Ուղղիչ Տունն էր ընկել այն մոտ հիսուն կալանավորների հետ, որոնք երկրաշարժից հետո մեզ մոտ տեղափոխվեցին Լենինականից: Նրանց հետ միասին մեզ մոտ տեղափոխվեց և՛ նրանց պետը, որ նշանակվեց մեր պետին օգնական: Դրանց տեղափոխումը զուգադիպեց հենց այն ժամանակամիջոցին, երբ Բաղդասարի փախուստից հետո մեզանում պարետային տագնապ էր առաջացել, չգիտեինք ո՞ւմ նշանակել: Եվ ահա լենինականցի օգնականն առաջարկեց իր թեկնածուին, կուլտկոմիսիան համաձայնվեցև կալանավորները հանաքով ասում էին, թե մեզ մոտ հաստատվում է լենինականցիների դիկտատուրա...

Առավոտվա այդ պահերին գրասենյակում տիրում էր գործնական եռուզեռը. — կալանավորներ են ուղարկում դատարան, նորերն են ընդունվում, որին ազատում են, որն արձակուրդ է գնում, մի խոսքով գործ շատ կամիայն թե աշխատիր: Իսկ երբ ժամը 9-ին գալիս է պետը աշխատանքը գրասենյակում հասնում է իր գագաթնակետին:

Պետը, Ուղղիչ Տուն մտնելով, նախ՝ մոտենում է նոր կառուցվող արհեստանոցներին: Յուրաքանչյուր օր պատերը բարձրանում են, հենց այդտեղ, բակում, շինում են դռներն ու պատուհանները, նոր եկած սայլերի վրայից կալանավորները թափում են քարերը, մյուսները հղկում են ու տաշում այդ քարերը: Համոն արդեն շարում ու շարում է պատը, իսկ Բենժամենը, որ այդ աշխատանքների ընդհանուր հսկիչն է՝ դեսուդեն վազելով հրամաններ է արձակում:

Երբ պետը մոտենում է Համոյին՝ սա մի րոպե թողնում է աշխատանքը, քիթը թևով սրբում ու ժպտալով հարցնում.

Ընկե՛ր պետ, էսա վերջացրինք, մաղարիչը ե՞րբ ես տալու...

Պետը միշտ միևնույն պատասխանն է տալիս.

Երբ որ վերջացրինք՝ լուսանկարիչ եմ կանչելու՝ բոլորս միասին նկարվենք...

Երևում է, որ այդ գաղափարը չափազանց դուր է եկել նրան, դեմքը լայնանում է ժպիտից, ու աչքերը փայլ են ստանում:

Հետո պետը գնում է հին արհեստանոցները՝ հյուսնոցը, դարբնոցը, խոզանականոցը, ոսկերչանոցը: Ամենուր եռում է աշխատանքը, ամենուր նա մտցնում է եռանդ ու ոգևորություն: Արհեստանոցներից նա բակով մտնում է կորպուսը, ուր նրան դեմ է վազում Լազգին:

Հընգե՛ր պետ, հիշկա լա՞վ ենք մաքրուկ...

Լավ չէ՛ասում է պետը՝ շեշտակի նայելով Լազգուն. երևում է, որ ծիծաղը գալիս է, բայց զսպում է իրեն:

Դե ասա՝ Լազգին գլուխ տա քարին՝ մեռնի, — վիրավորված պատասխանում է Լազգին և ձև է անում, իբր թողնում է հեռանա, սակայն տեսնելով պետի աչքերում թաքնված ժպիտը հարձակողականի է դիմում.

Հընչի՞ լավ չէ

Պատերը մաքուր չեն. ա՛յ, տե՛ս:

Պետը ցույց է տալիս պատի վերի մասը, որը իրոք չափազանց փոշոտ է, տեղ-տեղ կեղտոտ: Լազգին մի վայրկյան շփոթվում է, չի իմանում՝ ինչ պատասխանի, բայց հանկարծ գտնում է և ուրախ բացականչում.

Ընտեղ ձեռ չի խասնի...

Երևում է, որ ինքն էլ բավարար չի համարում իր փաստարկումը, բայց ցույց չի տալիս, ո՞վ գիտե՝ գուցե և անցնի:

Չի խասնի՝ նարդվան դրեք, — ասում է պետը կեղծբարկացած:

Էդ մեկ ճիշտ, ասիր, — անձնատուր է լինում Լազգին, և պետը ազատություն է տալիս իր զսպած ծիծաղին: Անցնում է կատակի.

Լազգի, արի քեզ տանք Անուշին:

Հի՞նչ ասիր, — վիրավորված բացականչում է Լազգին: Ըն՞չի Լազգին շո՞ւն ա...

Թարմացած նայում է շուրջը, երևում է, որ ավելի հատու պատասխան է փնտրում և հանկարծ ավելացնում է.

Լավ և Անուշ տանք Պարուրին... խի՛ խի՛...

Պարույրը նոր պարետն է, որ հենց այդտեղ՝ կանգնած է պետի կողքին: Նրա ու Լազգու մեջ խուլ հակամարտություն կա, «քաղաքական» ընդհատակյա պայքար, որ նրանք ամեն կերպ աշխատում են թաքցնել, բայց երբեմն, ինչպես ներկա դեպքում, նա հանկարծ բարձրացնում է գլուխը և դառնում ընդհանուրի սեփականություն...

Այդտեղից պետը մտնում է մեկուսացման կամերաները, որոնք առանձնացված են մնացած կամերաներից, միշտ՝ փակ են պահվում և ուր տեղավորվում են քննության տակ գտնվող, նոր բերված կալանավորները:

Պետք է նկատել, որ մեկուսացման կամերաները փոքր են, քիչ են և միշտ նրանցում ծանր օդ կա կանգնած, որովհետև մի փոքրիկ կամերայում երբեմն թափված են լինում հինգ-վեց կալանավոր: Լիքն է և այդ կամերաների փոքրիկ միջանցքը, որ առանձնացված է կորպուսի ընդհանուր միջանցքից միշտ փակ պահվող դռնով:

Երբ պետը մտնում է՝ բոլորը ոտքի են կանգնում: Ընդհանուր կամերաներում եթե դա նշան է ոչ պարտադիր հարգանքի այստեղ հետևանք է վախի, որովհետև այստեղի բնակիչները դեռ նորեկներ են, և ո՞վ գիտե Ուղղիչ Տան մասին ինչե՜ր են պատկերացնում: Սրանց մեջ կան և ռեցիդիվիստներ, որ արդեն անցել են այս դպրոցը, երրորդ, չորրորդ անգամն են այստեղ ընկնում: Սրանք անմիջապես շրջատատում են պետին և թափում նրա գլխին իրենց անսպառ հարցերի անսպառ տարափը.

Մեր գործը ե՞րբ է լսվելու...

Դատախազը ե՞րբ է գալու, — և այլն, և այլն, և այլննման անթիվ հարցեր:

Սակայն պետը չի դարձնում սրանց վրա ոչ մի ուշադըրություն և մոտենում է նոր բերված կալանավորներին:

Դու ինչի համար ես. խուլիգանությա՞ն, — հարցնում է նա մի երիտասարդի, որ ձեռքերը գրպանները դրած անտարբեր նայում է նրան: — Կալանավորը ժպտում է:

Դու է՛լ, դու է՛լ, դու է՛լ, — խփում է պետը ցուցամատով մի քանիսի կրծքին: — Բոլորը լուռ են: — Պետը ճիշտ է գուշակել:

Իսկ դու անպատճառ կնիկ բռնաբարած կլինես, — մոտենում է նա հանկարծ մի աժդահա, մոտ քառասուն տարեկան գյուղացու, որ վախեցած նայելով պետին քորում է իր կուրծքը:

Դե ջահելութեն էրպատահավ...

Պետը հեգնական նայում է նրան, հայացքով վերից վար չափում աժդահա հասակը.

Լա՜վ ջահել ես... Քառասուն կա՞ս:

Էդքան եմ:

Ո՞նց էղավ:

Գյուղացին ամոթխած երեսը շուռ է տալիս ամաչում է իբրև:

Անպատճառ հարևանիդ կնիկը կլեր, — շարունակում է պետը:

Դրկիցինս էր՛համաձայնվում է կալանավորը:

Խաբեցիր գոմը տարար կո՞վը Կթել տալու... Գյուղացին ժպտում է ու հորթի հոտն առած կովի նման երեսը շուռ է տալիս դեպի պատը:

Եվ պետը այդ աժդահա գյուղացու գրի առնելու ո՛չ այնքան էլ հարմար պատմությունը վերջացնում է մի սուր կատակով, որին հաջորդում է կալանավորների միահամուռ ծիծաղը, զվարթ քրքիջը:

Դու գողությա՞ն, — դառնում է պետը մի ո՞ւրիշի:

Գողության...

Եվ այսպես, համարյա առանց սխալվելու, նա որոշում է, թե ով ինչ գործով բռնված կլինի, հետո հարցուփորձ է անում նրանց կարիքների մասին, կարգադրություններ անում հսկիչներին և դուրս գալիս:

Զարմանալի հոգեբան էր պետը: Բավական է նայեր կալանավորին և արդեն կհասկանար թե նրա ինչ տիպի հանցագործ լինելը, թե նրա բնավորությունը, թե «փորացավը»:

Մի անգամ առավոտյան իր այդ շրջագայության ժամանակ երբ նա մտավ մեկուսարանը դեմ ելավ նրան աժդահա գյուղական այրված դեմքով, սպիտակամորուս, բայց բավականին առույգ մի եկեղեցական: Դուրս եկավ, որ վարդապետ է բերված է Սևանից:

Տղա ե՞ք բռնաբարել, — հարցրեց պետը լուրջ շեշտակի նայելով վարդապետին:

Այդպե ս են ասում, — պատասխանեց վարդապետը խրոխտ:

Սո՞ւտ է:

Զրպարտություն է. Հուսիկ վարդապետը սարքեց, որ թեմիս ինքը տիրանա: Իբրև թե ծովում լողանալիս վանքի ծառայողի երեխային եմ անպատվել: Բժշկական քննություն կատարվեց չհաստատեցին:

Ծառայողն ամուսնացա՞ծ էր:

Ամուսնացած էր:

Կնիկը վանքո՞ւմ էր ապրում:

Վանքումն էր ապրում:

Որտե՞ղ եք քնում հիմա:

Վարդապետը ցույց տվեց. քնում էր մի փոքրիկ կամերայում` չորս ուրիշ կալանավորների հետ: Ասաց, որ կոյկա չունի:

Երկուսին կհանեք, կթողնեք կամերայում վարդապետին ու երկու ուրիշ կալանավորի: Կոյկա կտաք: Թույլ չտաք, որ անհանգստացնեն, — կարգադրեց պետը հսկիչներին և ապա, դառնալով վարդապետին, ավելացրեց.

Ոչինչ, մնացեք մի երկու օր, գործը կպարզվի: Եթե կարիք կունենաք՝ կասեք: Կարող եք հսկիչի միջոցով, կարող եք գալ գրասենյակ:

Ինձ, ճիշտն ասած, մի քիչ զարմացրեց պետի այդ առանձին հոգատարությունն այդ վարդապետի հանդեպ: Ես ծանոթ էի վերջինիս գործին, համարյա կասկած չկար, որ մեղադրանքը ճիշտ է: Կային ինչպես վանականների, այնպես էլ ուրիշների վկայություններ: Գիտեի նաև, որ պետը ավելի քան չի սիրում եկեղեցականներին, էլ ինչո՞ւ պիտի այդ գեղջուկ վարդապետը, որ մեղադրվում էր այլանդակ մի հանցանքում, պետի առանձին հոգատարությանն արժանանար: Ուստի երբ դուրս եկանք մեկուսարանից՝ ասի.

Շատ հոգատար էիր այդ վարդապետի վերաբերմամբ...

Անմեղ է, — ասաց նա համոզված, վճռական շեշտով. — զրպարտություն կլի:

Իսկ վկայություննե՞րը, ես կարդացել եմ գործը...

Սարքած բան է, վարդապետներն են սարքե, — ասաց նա առարկություն չվերցնող տոնով. — գլո՛ւխս կկտրեմ թե որ սարքած չլի:

Բայց ինչո՞ւ ես կարծում, որ սարքած էհամառեցի ես:

Պետը լուրջ նայեց ուղիղ աչքերիս, մի երկու վայրկյան լռեց և հանկարծ ժպտալով ասաց.

Տո, ծառայողի կնիկը թողած՝ մարդ երեխի հետևից կընկնի՞: Անհնար բան է, չհավատա՛ս:

Եվ նա չսխալվեց: Երկու օր հետո, երբ տեղի ունեցավ դատը վարդապետն արդարացավ և ազատվեց...

Մեկուսարաններից հետո, պետն իր այդ առավոտյան շրջագայություններին մտնում էր խոհանոցը, նայում մթերքներին, մաքրությանը, եթե բաղանիքի օր էր լինում մտնում էր բաղանիք և ապա անցնում գրասենյակ:

Արդեն ժամի տասն է կամ տասնմեկը: Գրասենյակի առաջ խռնված արդեն սպասում են նրան՝ քաղաք գնալու խնդրագրերը ձեռներին՝ անհամբեր կալանավորները:

Այսօր ոչ ոք քաղաք չի գնա, — կտրուկ ասում է նա. — իզուր տեղը մի՛ք սպասի:

Սակայն կալանավորները շատ լավ գիտեն, իրենց ամենօրյա փորձից, որ պետն այդ ասում է այնպես, վախեցնելու համար, որպեսզի չնչին պատճառաբանություններով չանհանգստացնեն: Ու մեկը մյուսի հետևից անվստահ մտնում են պետի առանձնասենյակը:

Դու ինչո՞ւ համար ես ուզում քաղաք գնալ:

Բլուզս ճղվել է բլուզ գնեմ...

Հսկիչին կտաս կգնի: Դո՞ւ:

Երեխես հիվանդացել է, գնամ տեսնեմ...

Պետը փորձող աչքերով նայում է կալանավորին, սա քաշ է գցում գլուխը:

Քանի տարեկան է: Հինգ...

Վաղը կգնաս, — ասում է պետը կտրուկ, և երբ կալանավորը պատասխանում է.

Լավ, դու գիտես, — ու գնում է դուրս պետը դառնում է հաջորդ կալանավորին.

Հը, դո՞ւ էլ նրա պես խաբելու ես էկե...

Կալանավորը լուռ է: Դեմքին ո՛չ ժպիտ կա, ո՛չ հերքումի արտահայտություն:

Տուր տեսնեմ թուղթդասում է պետը: Կալանավորը լուռ տալիս է թուղթը: Պետը կարդում է, բարձրացնում գլուխը և նայում կալանավորին:

Ասում ես տունը հաց չկա... է, որ գնացիր որտեղի՞ց պիտի ճարես: — Գողությո՞ւն պիտի անես...

Կալանավորը չի պատասխանում: Կիսագյուղացի է, ինչպես երևում է ծայրամասի բնակիչ: Անհամարձակ մարդ է երևում:

Որտե՞ղ ես աշխատում, — շարունակում է պետը:

Սելերու վրեն, արհեստանոցներու համար քար եմ կրըմ:

Ստանալիք ունե՞ս:

Մե քանի մանեթ պտի էղնի... Խնդրում եմ դուրս գրես տանեմ էրեխեքիս...

Դե էդպե՛ս ասա, տնաշենի հարիֆ, — բարկանում է պետը և զանգահարում: Մտնում է քարտուղարը:

Ընկերոջը դուրս գրեք բանսեղանից ստանալիքը և 2 ժամով քաղաք: — Ինչքա՞ն ես վճռված, — դառնում է կալանավորին:

Տարի կես:

Ինչքա՞ն ես նստել:

Վեց ամիս:

Խիստ մեկուսացում ունե՞ս:

Չէ,

Առանց հսկիչի, — կարգադրում է պետը քարտուղարին և անցնում հաջորդին:

Եվ այսպես մեկը մյուսի հետևից մաղվում են կալանավորները, և պետն անցնում է Ուղղիչ Տան վարչական, տնտեսական և այլ ընթացիկ գործերին:

Իսկ կուլտբաժնում այդ ժամանակ եռում է աշխատանքն արտադրական արհեստանոցում և իրավաբանական բյուրոյում: Դահլիճում փորձում է իր հաջորդ ներկայացումը հայկական, թուրքական կամ ռուսական խումբը: Բելոգուրովը և Եֆիմ Բրավելմանը պատկերներ են նկարում: Ընթերցարանում թերթ են կարդում գործի չգնացած կալանավորները: Ասլանբիձեն ընթերցարանի սեղանի վրա կռացած՝ ինչ-որ բան է գրում, իսկ բողոքական տերտերը, որ միևնույն ժամանակ կուլտբաժնի ցրիչն է՝ դռան մոտ նստած կարդում է Բենիկ վարդապետի եկեղեցական պամֆլետները:

Ես մոտենում եմ նրան:

Դու հավատո՞ւմ ես աստծուն, — հարցնում եմ շեշտակի:

Այո՛, կհավատամ: Ես անիկա շա՛տ կսիրեմ:

Անիկա ո՞ւր կբնակի, — հարցնում եմ ես:

Կխնդրեմ՝ մի հեգնեք: Ես այդպես կհավատամ...

Քանի՞ տարեկան ես:

Քսաներեք:

Ասում է քսաներեք, սակայն քառասունի տեսք ունի: Դեղին, լայն, հիվանդոտ դեմք, սև քահանայական մորուք, սև մազեր: Ձայնը բարակ է, համարյա կանացի, կատարյալ դեգեներատ է ողորմելի ու խեղճ:

Ի՞նչ էիր անում դրսերում:

Ամերիկյան որբանոցին մեջ էի. որբ էի. հետո գյուղերը ավետարան կտարածեի, աստուծո խոսքը կքարոզեի...

Ինչպե՞ս ես հավանում Բենիկ վարդապետի գրությունները:

Ես անոնք շա՜տ կսիրեմ: Միշտ կկարդամ: Եկեղեցականներու շնականությունը կգրե...

Առավոտյան այս պահերին դպրոցը չի աշխատում: Պարապմունքները դպրոցում տեղի են ունենում երեկոները, երբ կալանավորներն ազատվում են աշխատանքից:

Եվ այսպես կալանավորների 75%-ն անցկացնում է իր օրը՝ ո՛րն արհեստանոցներում, ո՛րը գրասենյակներում, ո րն էր կուլտբաժնի զանազան սեկցիաներում: Իսկ անգործ կալանավորների մի մասը կարդում է ընթերցարանում, մյուսները շրջում են բակում, կամ իրենց կամերաներում նստած զբաղվում են նարդի, շախմատ, կամ «կատորժանին» կոչված խաղերով: Դրանցից մի քանիսը երաժշտական գործիքների վրա նվագել են սովորում, մի քանիսն էլ իրենց օրն անց են կացնում հացի խմորից համրիչներ, մարալներ կամ վարդատունկեր շինելով:

Ժամը երկուսին հավաքվում են ճաշի և ապա՝ նույնը, մինչև երեկո:

Վերջապես Ուղղիչ Տան պատերից ներս է սողոսկում մութը, լամպերը վառվում են, կալանավորների հոծ բազմությունը դառնում է աշխատանքից, փակվում են կորպուսի դռները, և սկսվում է Ուղղիչ Տան երեկոն՝ լի աղմուկով ու կարոտով, որովհետև օրվա այդ պահերին է մանավանդ, որ կալանավորներն ամենից ավելի խորն են զգում ազատազրկման ամբողջ դառնությունը

XV. Ուղղիչ Տան երեկոն ու գիշերը

Երեկոյան ժամը յոթին փակվում էին կորպուսի դռները, և սկսվում էր Ուղղիչ Տան երեկոն...

Շաբաթը երեք-չորս անգամ կալանավորներն զբաղված էին լինում ակումբում: Կամ ներկայացում էր լինում, կամ ընկերական դատ, կամ կենդանի լրագիր: Կենդանի լրագրի համարը կազմված էր լինում երեք կամ չորս փոքրիկ զեկուցումից՝ քաղաքական, գյուղատնտեսական, բժշկական կամ գիտական հանրամատչելի նյութերի շուրջը: Դասախոսում էին բացառապես կալանավորները: Զրույցներից շատերը պատկերազարդ էին լինում, պատկերները նկարում էին Եֆիմ Բրավելմանը և Բելոդուրովը: Զեկուցումներից հետո տրվում էին հարցեր, երբեմն էլ տեղի էին ունենում փոքրիկ դիսպուտներ: Զեկուցումների արանքում երգում էին, կամ արտասանում ոտանավորներ, իսկ վերջում անպայման տեղի էր ունենում դիվերտիսմենտ, որը և վերջանում էր նվագով ու պարով:

Շաբաթը, կամ երկու շաբաթը մի անգամ տեղի էին ունենում կալանավորների ընդհանուր ժողովներ, ուր քննվում էին Ուղղիչ Տան ներքին կարգապահության ու կենցաղին վերաբերող խնդիրներ: Այդ ժողովներին միշտ ընդարձակ ճառերով հանդես էր գալիս Ուղղիչ Տան պետը, որ ուներ խոսելու շատ յուրօրինակ ձև: Խոսում էր առակներով, մասալներով, խոսելու ընթացքում հանկարծ դառնում էր այս կամ այն կալանավորին, կենդանի օրինակներ բերում և այլն: Նրա ելույթները միշտ առաջ էին բերում մտքերի բուռն փոխանակություն, որին շատ անգամ մասնակցում էին նույնիսկ Վալոն, Խուժան-Խաչոն, Եֆիմ Բրավելմանը և Բաղդասարը: Հռետորների ճառերը միշտ թարգմանվում էին թուրքերենի և ռուսերենի, այնպես որ վերջիններս էլ միշտ կենդանի մասնակցություն էին ունենում ընդհանուր ժողովներին: Վերևում մոռացա հիշատակել, որ կենդանի լրագրերի ժամանակ ևս զեկուցումներից երկուսը հայերեն էին լինում, իսկ երկուսը թուրքերեն ու ռուսերեն:

Следующая страница