Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Երբեմն էլ դրսից էին հրավիրում դասախոսներ՝ հանրամատչելի զրույցներ անելու զանազան հարցերի շուրջը: Ես չեմ մոռանա երբեք մի այդպիսի զրույց, որ կազմակերպված էր քիմիայի մասին: Կուլտկոմիսիան համալսարանից հրավիրել էր մի քիմիայի դասախոս, որ եկավ՝ քիմիական փորձերի համար հետը բերած երկու խոշոր արկղ պարագաներով: Դահլիճը լեփ-լեցուն էր կալանավորներով, սակայն ցանկացողների մեծ մասը դեռ դուրսն էր մնացել՝ տեղ չլինելու պատճառով: Դահլիճում ավելացված. էր լույսը, սեղանի վրա փայլում էին ապակյա զանազանաձև սրվակներ, շշեր ու խողովակներ, որոնք կալանավորների վրա մոգական տպավորություն էին թողնում: Բավականին սրամիտ մարդ էր դասախոսը և կարողացավ ըմբռնել դահլիճի հոգեբանությունը: Նա իր փորձերը ցույց էր տալիս նախ իբրև ֆոկուսներ և ապա բացատրում: Առանձնապես մեծ տպավորություն էին թողնում այն փորձերը, որոնց ժամանակ պայթյուն էր առաջանում: Սակայն հետաքրքիրն այն է, որ չնայած դասախոսի ծայր աստիճան հանրամատչելի բացատրություններինայնուամենայնիվ կալանավորները նրա բացատրություն ներն ընդունում էին որոշ թերահավատությամբ և անվստահությամբ: Կարծես վախենում էին, որ նա կարող է խաբել իրենց, կամ ձեռ առնել: Ծայր աստիճանի կասկածոտ մարդիկ էին կալանավորները և ոչ մի բան առաջին անգամից չէին կարող հալած յուղի տեղ ընդունել: Բացի այս ֆոկուսն ավելի էր հասկանալի ու հաճելի նրանց մտքին, քան գիտական փորձը: Կարծես հիասթափվում էին զարմանալի փորձից հետո երբ լսում էին հասարակ բացատրությունը: Այնուամենայնիվ աշխատում էին չհավատալ մի կողմից չցրելու համար հրաշալի պատրանքը, իսկ մյուս կողմից պատկերը լրացնում էր թերահավատությունը: Կալանավորների այդ թերահավատ վերաբերմունքի լավագույն ձևակերպումը տվեց Լազգին, որ ամբողջ դասախոսությանը հետևում էր հիացած, լայն չռած աչքերով, որևէ անակնկալ փորձից հետո անհանգիստ սրան-նրան էր նայում չլինի՞ թե ուրիշները չեն հավատում, իսկ ինքը խաբվում է հիմարաբար... Սակայն տեսնելով, որ բոլորն էլ հիացած են բարձրաձայն արտահայտում էր իր զարմանքը.

Իյա՜...

Իսկ դասախոսաթյունից հետո նա ինձ ասաց,

Ընդրա հե՛չ մեկ խոսքին էլ չեմ խավտա...

Ճերմակ ջուր դարձավ կարմիր ջուրէլա՛վ գնաց... Թո էթա քաղքի տղոց խաբա: Իսկ Բաղդասարն ասաց.

Դուք կարո՞ղ եք հավի ձուն շշի մեջ մտցնել... Կուզե՞ք ասեմ՝ ոնց են անում...

Երբեմն էլ դրսից, բանվորական կամ կոմերիտական ակումբներից գալիս էին թատերախմբեր և տալիս փոքրիկ ներկայացումներ ու օպերետներ: Հաճախ գալիս էր թուրքական կոմերիտական խումբը, մի անգամ էլ եկավ մի ինչ-որ հայկական երգեցիկ խումբ, որի անդամների մեծ մասը «քաղքի աղջիկներ» էին, ինչպես ասում էր Լազգին... Այդ անգամ արդեն ոչ այնքան բովանդակությունն էր կալանավորներին զբաղեցնողը, որքան, եթե կարելի էր այսպես արտահայտվել, կատարողների ձևը... Կալանավորները լուռ, լարված նայում էին բեմի վրա բարձրացած այդ կենդանի հրաշքին, այդ լուսե աղջիկներին, որոնց սպիտակ պարանոցները և հոլանի թևերը, միայն դրանց տեսքը նրանց անասելի հաճույք էր պատճառում... Լազգին կրկին չհամբերեց և ընդմիջումի ժամանակ թռավ բեմ ու սկսեց իր «Հիրգուն կուգան ու «նագանը»...Դեմքը գունատվել էր ու հոգևոր դարձել, աչքերը փայլում էին ոգևորության սրբազան տենդով: Լազգու ելույթը բոլոր կալանավորների կողմից ընդունվեց բուռն, մոլեգին ծափահարությամբ, այսպես թե այնպես` դա մի ցույց էր այդ երկնային արարածներին, թե մենք էլ մարդիկ ենք և ունենք մեր փոքրիկ ընդունակությունները... Կեցցե Լազգին. այդ աննման հրաշքների առաջ նա ցեխովը չտվեց մեր բորբոքված ինքնասիրությունը:

Սակայն շաբաթվա ընթացքում լինում էին օրեր, երբ թափուր էր լինում կուլտբաժինը, և այդ օրերին էր ահա, որ իր կապարե թևերով Ուղղիչ Տուն էր մտնում ու իջնում կալանավորների հոգիներին մահացու ձանձրույթը:

Այդպիսի երեկոներին կալանավորների փոքրաթիվ մասը դպրոցում ու ընթերցարանում էր լինում, իսկ մեծ մասը՝ կամերաներում: Խումբ-խումբ հավաքվում էին կամերաների զանազան անկյուններում: Մեկը թառ էր նվագում, մյուսները՝ ծալապատիկ նստած կոյկաների վրա՝ դոմինո էին խաղում, չխկում էր նարդին ու հատ ու կենտ կամերաներում հնչում էր մանդոլնն ու դհոլը: Վերի կամերաներից մեկում մի քուրդ կար, որ բռնված էր սպանության գործով, սրինգ էր նվագում: Կալանավորները հավաքվում էին նրա շուրջը, լսում նրա միապաղաղ, տխուր, մայող նվագը և սկսում ցած ձայնով զրուցել դրսի աշխարհում թողած իրենց ընտանիքների, բարեկամների ու թշնամիների մասին: Եվ բոլոր այդ զրույցները վերջանում էին մեկի տված, արդեն բոլորի համար սովորական դարձած, սակայն հավիտյան հուզող հարցով.

Նայես էս փետրվարին ամունիստ կա՞... Կամ՝

Կասեն գալող նոյեմբերին մեծ ամունիստ կա. բոլոր կալանավորն էթալու ա տուն...

Առհասարակ չկար մի այլ նյութ, որ այնքան հուզեր կալանավորների միտքը, յուրաքանչյուր օր այնքան վեճերի ու զրույցների առարկա դառնար, որքան այդ նյութը: «Ամնիստիա», կամ, ինչպես կալանավորներն էին ասում` «ամունիստ» — ահա՜ այն մոգական բառը, որ կենդանություն կարող էր պարգևել նույնիսկ մեռնող կալանավորին: Քաղաք գնացող կալանավորին ընկերներն անպայման կպատվիրեին.

Մի իմացի ամունիստ-բան չկա՞...

Քաղաքից գալողին պիտի անպայման հարցնեին:

Հը՞, ամունիստի մասին բան-ման չիմացա՞ր... «Ամունիստը» կալանավորների կենտրոնական իդեան էր, անսպառ երազանքների աղբյուրը, արթմնի զառանցանքը, իդեե-ֆիքսը: Հիշում եմ այսպիսի մի բավականին ծիծաղելի դեպք: —

Արտասահմանից եկած մի ծանոթ գրագիտուհի՝ իր ինժեներ բարեկամի հետ մի անգամ ինձ այցելության էին եկել: Ես նրանց ցույց տվի Ուղղիչ Տունը. խոհանոցը, բաղանիքը, կամերաները, կուլտբաժինը, արհեստանոցները: Կալանավորները հետևում էին նրանց հարգանքով ու ակնածանքով, իսկ երբ նրանք գնացին` Լազգին մոտեցավ ինձ և կամացուկ, խորհրդավոր հարցրեց.

Հուսկի՞ց ին, ֆրյանկցուզա երկրե՞ն:

Հա՛, Լազգի՜. ֆրյանկցուզա երկրեն:

Ի՞նչ կասին՝ ամունիստ կա՞...

Եվ նույն հարցը տվին, բացի Լազգուց, այդ օրը շատերը:

«Լի» օրերին, այսինքն երբ ներկայացում-բան չկա, կուլտբաժինը բաց է լինում մինչև երեկոյան ինը: Մինչև այդ ժամը կարելի է գնալ թերթ կարդալ ընթերցարանում, գրքեր փոխել և այլն: Աշխատում է և իրավաբանական բյուրոն, որ կալանավորների համար խնդիրքներ է գրում զանազան հիմնարկների և ընդհանրապես ցույց է տալիս նրանց իրավաբանական օգնություն: Դահլիճում տեղի են ունենում փորձեր, դպրոցում պարապում է հերթական խմբակը: Աշխատում է նաև գեղարվեստական սեկցիայի արտադրական արհեստանոցը, որ գտնվում էր կուլտբաժնի գրասենյակում:

Այդ արհեստանոցում կալանավորները բարակ փայտից շրջանակներ, փոքրիկ պահարաններ և նման մանրմունր գեղարվեստական իրեր էին շինում, որոնք և կիրակի օրերը վաճառքի էին հանվում քաղաքում: Հաճելի էր երեկոները մտնել այդ արհեստանոցը: Լույս, տաք, գոլ. երգում է բարակ սղոցը` զանազան նկարներ է կտրում բարակ տախտակներից: Մյուսները փայլ են տալիս այդ տախտակներին, հետո փակցնում են իրար: Բելոգուրովն ու Եֆիմ Բրավելմանն այդ շրջանակների վրա նկարում էին բնության տեսարաններ. Բելոգուրովը համարյա միշտ ծովային տեսարաններ էր նկարում, իսկ Եֆիմ Բրավելմանը՝ գյուղական ձմեռային գիշերներ... Ձյուն, խարույկ, մի փոքրիկ խրճիթ, որի պատուհանից փայլում է տաք, գոլ լույսը, վերևում, սպիտակ ամպերի արանքից դեղին կիսալուսին...

Այդ արհեստանոցում աշխատում էր մի գունատ երիտասարդ` Միշա անունով: Ձերբակալվել էր գողության ու խուլիգանության համար, ռեցիդիվիստ էր համարվում: Հայ էր, ասում էր պարսկաստանցի է, բայց հայերեն չգիտեր: Ռուսախոս էր ու ռուսական նուրբ դեմք ուներ. շեկ, ոսկեգույն, հարթ սանրած մազեր, կապույտ աչքեր: Կոկայինիստ էր, մորֆինիստ: Չնայած նիհար, նուրբ կազմվածքին՝ միանգամից կարող էր խմել մի թեյի բաժակ մաքուր դենատուրատ, առանց ջրի: Շնորհքով երիտասարդ էր՝ ամեն ինչ ձեռից կգար: Նկարում էր, նվագում համարյա բոլոր գործիքների վրա, հացից մարալներ էր շինում, փայտից շինում էր շրջանակներ: Երբեմն երեկոները կուլտբաժնից նա վերցնում էր գիթարը, և, երբ հավաքվում էին արտադրական արհեստանոցում, նվագում էր ռուսական, ուկրաինական, վրացական երգեր, կամ փողոցային տխուր, սրտառուչ, հախուռն եղանակներ: Եֆիմ Բրավելմանը, տեսնելով նրա հաջողությունը` ինքն էլ մեջ էր ընկնում և երգում էր իր անթիվ անհամար կուպլետները: Իսկ Բենժամենը վերցնում էր ջութակը և նվագում պարի եղանակներ, կալանավորները պարում էին, աղմկումհետո դադարում էր աղմուկը, ու աշխատանոցը շարունակում էր իր գործը:

Այդպիսի երեկոներին, երբ մենք հավաքված արհեստանոցում՝ նվագում էինք, պարում ու աղմկումհանկարծ, խորհրդավոր ժպիտը դեմքին՝ կմոտենար ինձ Բելոգուրովը և կսկսեր պատմել Եֆիմ Բրավելմանի գծուծ արարքները: Ես գիտեի, որ սուրբ ճշմարտություններ են Բելոգուրովի բոլոր ասածները Եֆիմի մասին, բայց չէի սիրում Բելոգուրովի այդ զրույցները: Տխուր մարդ էր Բելոգուրովը՝ բնությունը նրան տխուր աչքեր էր տվել ու խեղճ բնավորություն:

Կուլտբաժնի փակվելուց հետո բոլորը քաշվում էին իրենց կամերաները և տրվում խաղի, խոսակցության, նվագի, կամ՝ մեջքի վրա պառկած երազանքի ու ձանձրույթի: Սուրենի ընկերը, Խաչիկը, որը 2526 տարեկան մի երազող երիտասարդ էր՝ փակված վագրի նման միջանցքում պատից պատ էր քայլում, ձեռքերը հետևը դրած, գլխակախ ու մելամաղձոտ: Ես հաճախ մոտենում էի նրան, հարցնում.

Հը՛, Խաչիկ, ի՞նչ ես մտածում...

Ի՜հ, ընկեր Չարյանց, ի՞նչ պտի մտածեմ, — ասում էր նա՝ առանց կանգ առնելու մի ամունիստ էլ չեղա՜վ, էթայինք մեր գործին...

Կլինի՛, մի վախի, գալող նոյեմբերին կազատվենք:

Հո՞ւրա, է, չեկա՛վ, էդ անտերը, — պատասխանում էր նա սրտնեղած ու շարունակում քայլել հետ ու առաջ, հետ ու առաջ, անվերջ, անհանգիստ, մինչև քունը տաներ և գնար քնելու...

Չնայած իր այդ ներքին անհանգստության՝ արտաքուստ խիստ հանգիստ տղա էր Խաչիկը, ինչպես և նրա ընկերները Սուրենն ու Նիկոլը: Ես գիտեի, որ նրանք դատապարտված են բանդիտիզմի համար, բայց գործի մանրամասնությունը լավ չէի իմանում: Մի անգամ երեկոյան, երբ Խաչիկը անհանգիստ ման էր գալիս անհանգիստ կորպուսի միջանցքում ես, ըստ սովորության, մոտեցա նրան ու հարցրի.

Հը՛, Խաչի՛կ, էլի մա՞ն ես գալիս:

Բա հի՞նչ անեմ, ամունիստ էլ չեղավ՝ էթայինք մեր գործին...

Եվ հանկարծ, անսպասելի կերպով կանգնեց, նայեց ինձ շեշտակի և հարցրեց.

Գալ տալի մե՞ծ ամունիստ կլի:

Այո, Խաչիկ, շա տ մեծ. կարծում եմ, որ անպայման կազատվես:

Նա նայեց, ժպտաց և կասկածանքով ասաց.

Վախում եմ մեզ չազատեն...էրկու ամունիստ էղավ մեզ վրա չտարածեցին...

Ինչո՞ւ, Խաչի՛կ:

Ախր, անտերը... Էրկու անգամին էլ թուրք ենք սպանե... Հարցը դառելա ազգային... Ուզում էին գնդակահարեն Կենտգործկոմը ներեց...

Հետագայում ես իմացա նրանց գործի մանրամասնությունը: Դուրս եկավ, որ նրանք չորս հոգանոց խմբով, թալանի նպատակով, հարձակումներ են կատարելիս եղել հատկապես թուրք տների վրա, որոնցից երկուսի ժամանակ կատարել են սպանություններ: Երեքչորս գործից հետո միանգամայն թողել են բանդիտիզմը, երկու տարի ապրել այլ աշխատանքներով, ոչ մի հարձակում չեն կատարել, — և հանկարծ, միանգամայն պատահական կերպով բացվել է նրանց գործը, և նրանք Ուղղիչ Տուն են ընկել: Սուրենը, Նիկոլը, Խաչիկը և մի ուրիշը, որին ես չտեսա, որովհետև նա իմ Ուղղիչ Տուն ընկնելուց 2 ամիս առաջ վախճանվել էր Ուղղիչ Տան հիվանդանոցում: Ասում էին, որ այդ վախճանվածն է եղել դրանց ղեկավարն ու կազմակերպիչը, այդ միֆական Մեսրոպը: Նրա ուժի, բնավորության և «քաջության» մասին պատմում էին լեգենդներ...

Չնայած, որ ես ապրում էի հիվանդանոցում, բայց երեկոները միշտ անց էի կացնում քրեական կորպուսի կամերաներում մասամբ նրանց կենցաղը դիտելու, մասամբ էլ մենակությունից ու ձանձրույթից չխեղդվելու համար: Եվ միշտ, որ երեկոյան էլ կամերաները մտնեի՝ պատկերը նույնն էր. խաղում են, նվագում, զրուցում: Չգիտեմ ինչու՝ կալանավորների աղմուկը, կամերաների իրիկնային ղժժոցը տխրեցնում էր ինձ. մարդիկ թվում էին անիրական ու ֆանտաստիկ, իսկ ամբողջ Ուղղիչ Տունը՝ անգո զառանցանք: Իմ ամբողջ էությամբ ես զգում էի, որ այդ մարդիկ, որ երգում են, ծիծաղում, վիճում, նվագում, կամ քայլում անկյունից անկյունչնայած երգին, նվագին, ծիծաղին ու սրախոսություններին տխո՛ւր են, այնքա՛ն տխուր, որքան առհասարակ կարող է տխուր լինել մարդ կոչվող արարածը: Եվ դա ճիշտ էրդրա ամենալավ ապացույցն այն էր, որ երեկոները կալանավորները չափազանց ջղային էին դառնում, անհանգստանում էին, հասարակ բաների համար կռվի բռնվում, խոսքով խոցում իրար, հեգնում ու ծաղրում: Մարդկային անսահման հոգին էր ըմբոստանում ու ազատ ելք պահանջում, — ձգվելու, տարածվելու, շուռումուռ գալու, փողոց, դաշտ գնալու, ոսոխի ու բարեկամի տեսնելու, գգվելու ու կռվելու հնարավորություն: Եվ կալանավորներն ամեն մի հնարքի դիմում էին, ամենաաներևակայելի միջոցների խեղդելու հուզական այդ ծայրահեղ թախիծը, ծայրահեղ անհանգըստությունը:

Իսկ դե ի՞նչը կարող է ընդհանրապես ավելի լավ հանգըստացնել, ելք տալ տխրող ու անհանգստացող մարդու կուտակված հույզերին, եթե ոչ ծաղրը, հեգնանքը, դիմացինի նսեմացումը: Այսպես թե այնպես գոնե մեկից ոխ ես հանում, հետն էլ մի փոքր զվարճանումով ուզում է լինի այդ «մեկը», թեկուզ հարազատ ընկերդ: Ուստի միանգամայն թող զարմանալի չթվա, որ կալանավորները զվարճանալու համար դիմում էին երբեմնև բավականին հաճախհետևյալ միջոցին:

Մի անգամ երեկոյան ես գնացել էի վերի կամերաները: Երբ մտա ութերորդ կամերան տեսա Բաղդասարը սավանից հիվանդանոցային խալաթ է շինել, քորոցներով ամրացրել իր վրա, կռնատակին զանազան թղթեր դրել ու կանգնել է կամերայի մեջտեղը: Կալանավորները զվարթ ծիծաղում էին և խորհուրդներ տալիս, թե էլ ի՞նչ անի, որպեսզի իսկական բժշկի կերպարանք ստանա: Երբ նա վերջացրեց իր պատրաստությունները՝ մոտեցավ ինձ և խորհրդավոր կերպով ասաց,

Գնա՛նք մեզ հետ. հետաքրքիր բան է լինելու:

Հետո նա արագ դուրս ելավ, նրա հետևից՝ կամերայի ամբողջ բնակչությունը: Նկատեցի, որ դրանցից մեկը ամանով ջուր է վերցրել ու թաքցրել վերարկուի տակ: Երթն արագ անցավ միջանցքով և մտավ ծայրի կամերան: Առաջինը՝ արագ, հատու քայլերով մտավ Բաղդասարը, հետևից երեք ուրիշ կալանավորներ, մյուսները մնացին դռան առջև կանգնած:

Ո՞վ է էստեղ կամերային ավագը, — չոր, պաշտոնական հազալով հարցրեց Բաղդասարը: Ավագն առաջ եկավ:

Նոր կալանավորներ կա՞ն:

Երկուսը կան:

Ովքե՞ր են, ցո՛ւյց տուր:

Ավագը ցույց տվեց: Նորեկներն արդեն հանել էին շորերը և պառկել: Գյուղացիներ էին:

Ձա՛յն տու՛ր դրանց` ասա բժիշկը եկել է քննելու: Նկատեցի, որ ինչպես կամերայի ավագը, այնպես էլ մյուս կալանավորները ժպտում են, բայց չեն խանգարում: Պարզ էր, որ նրանք առաջին անգամը չէ, որ ներկա էին գտնըվում նման տեսարանի և այն, ինչ տեղի էր ունենալու նրանց այս գլխից մեծ հաճույք էր պատճառում:

Երբ ավագն արթնացրեց նորեկներին և հայտնեց նրանց, որ բժիշկը եկել է քննության նրանք ճմռեցին աչքերը և թռան ոտքի: Վախեվախ մոտեցան բժշկին, այսինքն Բաղդասարին, և անասնական աչքերով սկսեցին նրան նայել:

Հենց այդ ժամանակ մոտեցավ Բաղդասարին մեզ հետ եկած կալանավորներից մեկն ու երկարեց նրան մի թուղթ:

Ընկե՛ր բժիշկ, — ասաց նա կերկերացող ձայնով, — խնդրում եմ խնդիրքս չմեռժես:

Ժամանակը չէ՛, հետո, — բարկացավ Բաղդասարը, բայց թուղթը վերցրեց: Իբր կարդաց և պաշտոնական հայտնեց.

Լա՛վ, վաղը կգաս հիվանդանոց:

Այս ամենը, ինչպես և հաշված էր, թողեց նորեկների վրա շշմեցնող տպավորություն, նրանց համար կասկած անգամ չմնաց, որ եկողը բժիշկն էև ո՞վ իմանա, թե ի՞նչ իրավունքներ ունի...

Բաղդասարը մոտեցավ առաջին նորեկին.

Կուրծքդ բա՛ց:

Նորեկը բաց արեց կուրծքը: Բաղդասարն ականջը դրեց կրկին, իբր լսեց:

Լա՛վ: Հիմա մե՛ջքդ:

Նորեկը շուռ եկավ և վեր քշտեց շապիկը: Բոլորը լարված, ծիծաղները պահած՝ հետևում էին տեսարանին: Բաղդասարը մատիտի կտորով մի երկու անգամ զարկեց նրա մեջքին, հետո հայտնեց.

Լա՛վ: Իջեցրո՛ւ:

Ու ցույց տվեց շալվարը: Նորեկը, հլու, իջեցրեց շալվարը: Եվ հենց այդ վայրկյանին հետևից մոտեցավ Բաղդասարի հետ եկած կալանավորներից մեկը և հետն ամանով բերած սառը ջուրը շաղ տվեց նորեկի տկլոր մարմնի վրա... Նորեկն անմիջապես վեր քաշեց շալվարը:

Կամերան թնդաց միահամուռ ծիծաղից: Բաղդասարը հեգնանքով խփեց նորեկի քթին, և նրանք նոր հասկացան, որ չարաչար խաբվեցին...

Ահա այսպիսի միջոցների էին դիմում կալանավորները գոնե քիչ զվարճանալու, ցրելու համար իրենց անսահման ձանձրույթն այն «չի» երեկոներին, երբ կուլտբաժնում ո՛չ ներկայացում էր լինում, ո՛չ կենդանի լրագիր:

Հետո նրանք ցրվում էին իրենց կամերաները, մեկը մյուսի հետևից պառկումև քունը իջնում էր նրանց անհանգիստ, ձանձրացող սրտերին՝ անիրական երազներում գոնե տեղափոխելու նրանց և այն երջանիկ աշխարհը, որ գտնվում է Ուղղիչ Տան դարպասներից, պատերից անդին...

Սակայն երբ ես հետագայում տեղափոխվեցի քրեական կորպուսը նկատեցի, որ կալանավորներից շատերը գիշերներն էլ են անհանգստանում, քնի մեջ խոսում են, շարժումներ անում, հայհոյում, ժպտում... Այս հանգամանքի վրա ևս, որքան հիշում եմ, իր ժամանակ ուշադրություն է դարձրել Ֆյոդոր Դոստոևսկին:

Անհանգիստ էին քնում կալանավորները, և ես սկզբներում ինձ բավականին վատ էի զգում, երբ մնում էի անքուն, իսկ շուրջս քնած մարդիկ խոսում էին, ժպտում, ճչում ու անհանգստանում: Իսկ իմ հարևան կալանավորը, մի երիտասարդ գյուղացի, քնի մեջ թափահարում էր ձեռքերը, սպառնում, մենամարտում ինչ-որ անհայտ ոսոխների հետ, որոնք սակայն նույնքան հեռու էին նրանից, որքան ինձ հեռու էր թվում այդ անքուն գիշերներին փրկարար լուսաբացը...

XVI. Նոյեմբերի 29-ը Ուղղիչ Տանը, կալանավորները գնում են քաղաք՝ երթի, ձայնազուրկների ցուցակը և մարդահամարը

Նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման վեցերորդ տարեդարձի օրը, առավոտյան, երբ բաց արի կամերայիս դուռը դրսից, քրեական կորպուսի բակից և Ուղղիչ Տան գրասենյակից ականջիս հասավ մի բազմաձայն աղմուկ: Անմիջապես դուրս եկա բակ և տեսա, որ Ուղղիչ Տան գրասենյակի առաջ ու քրեական կորպուսի բակում խռնվել է կալանավորների բազմաղաղակ բազմությունը: Խոսում են, քաշքշում իրար, հրհրվում, առաջ քշվում, աղմկում, ծիծաղում, բացականչում: Մոտեցա հարցրի հիվանդանոցային ծառայողին.

Ի՞նչ է, ինչո՞ւ եք իրար խառնվեր

Գնում ենք քաղաք՝ երթին մասնակցելու, — ուրախ բացականչեց ծառայողը:

Բա կալանավորնե՞րն ինչու են իրար խառնվել:

Նրանք էլ են գալիս, հրեն ընկեր պետը ջոկում ա՝ ո՛վ գա, ո՛վ չգա...

Նայեցի՝ քրեական կորպուսի դռան առջև կանգնել է պետը ուրախ, իրար խառնված կալանավորների ժխորում ու մեկ-մեկ ընտրելով բաց է թողնում նրանց այս կողմը: Այստեղ իրար գլխի հավաքված բարձրաձայն զրույց են անում Ուղղիչ Տան գրասենյակի, բանվորական սեղանի և հիվանդանոցի ծառայողներն ու հսկիչները: Նրանցից մեկը բռնել էր կուլտբաժնի դրոշակը, իսկ Անահիտը, այն Անահիտը, որ բեմ դուրս գալիս միշտ զվարթացնում էր բոլորինհավաքել է Անուշին, Մարգարիտին, Լյուբային, Մանիշակին և մի երկու այլ կալանավորուհիների ու բացատրում է նրանց, թե ինչպես պետք է գնան և ինչպես պետք է մասնակցեն երթին...

Մոտեցա պետին: Նրա շուրջը կատարյալ ճակատամարտ էր. բոլորն էլ ուզում էին գնալ քաղաք, սակայն պետին հարկավոր էր ընտրել այնպիսիներին, որոնց կարելի էր միանգամայն վստահել:

Մոտ մի ժամվա աղմուկից ու հարայհրոցից հետո վերջապես մի կողմ հավաքվեցին մոտ 80 կալանավոր, որոնք և պետք է քաղաք գնային տոնական երթին մասնակցելու: Նրանց բոլորի էլ դեմքը փայլում էր հաճույքից և ուրախությու նից: Մեծ մասը գյուղացի կալանավորներ էին, որոնց համար մեծ բավականություն էր ոչ միայն քաղաք գնալը, այլև տոնական երթին մասնակցելը, գիտեին, որ երաժշտություն պիտի լինի, պիտի անցնեն ժողովրդով լիքը փողոցներով, լսեն կառավարության անդամների ճառերը և ողջունեն նրանց, ինչպես մնացած քաղաքացիները: Առանձնապես դուր էր գալիս նրանց նաև այն հանգամանքը, որ նրանք գնալու էին առանց հսկիչների: Դրանցից մի քանիսը, ճիշտ է, պիտի մասնակցեին երթին, սակայն ոչ թե շարքի հետևից ու առաջից, կամ կողքերից, ինչպես հսկիչներ, այլ իբրև Ուղղիչ Տան ծառայողներ մնացած ծառայողների հետ միասին կալանավորների հետ խառը:

Կալանավորներին, տոնական երթին մասնակցելու համար, քաղաք ուղարկելու գաղափարն իրեն պետին էր պատկանում, ուստի, եթե անպատեհություններ պատահեին, պատասխանատուն ինքն էր, սակայն նա հաստատ համոզված էր, որ բոլորն էլ կգնան ու հետ կգան առանց անպատեհություններիինչպես և պատահեց:

Դեռ սկզբից ես նկատել էի, որ ամբողջ ժամանակ պետի շուրջն է դառնում Եֆիմ Բրավելմանը. նա ևս ցանկանում էր քաղաք գնալ, բայց պետը չէր թողնում երևի կասկածելով, որ կարող է փախչել: Նա ամեն կերպ համոզում էր պետին, որ դա անհնարին է, որ ինքը, Եֆիմ Բրավելմանը, սրիկա հո չէ, որ ի չարը գործ դնե պետի վստահությունը: Սակայն ոչ մի բան չօգնեց, և Եֆիմ Բրավելմանը մնաց Ուղղիչ Տանը: Խայթվածի պես նա ամբողջ ժամանակ դեսուդեն էր վազում, սրան նրան դիմում, արդարացնում իրեն և աշխատում հանգստացնել իր խոցված ինքնասիրությունը: Պետի անվստահությունը նա վերագրում էր միմիայն չար լեզուների զրպարտություններին, ակնարկում էր, որ այդ գործում պակաս դեր չի խաղացել Բելոգուրովը... Ու դիմելով ամենքին հարց էր տալիս.

Ասացեք խնդրեմ՝ դուք հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ փախչել...

Թեկուզ բոլորն էլ համոզված էին, որ եթե ամբողջ Ուղղիչ Տանը կա մեկը, որ ամենից շուտ կարող է փախչելդա հենց Եֆիմ Բրավելմանն է, սակայն, քաղաքավարությունից դրդված, չէին արտահայտում իրենց կարծիքը: Վերապահ հայացքով միայն կարծես հասկացնում էին.

Ով իմանա, կարող ես և փախչել...

Երբ նա ինձ էլ դիմեց իր վերոհիշյալ հարցով. — ես չթաքցրի իմ կարծիքը.

Ով իմանա, — ասացի ես Եֆիմինկարող եք և փախչել...

Նա խայթվածի նման ձեռքը կրծքին տարավ, աչքերը թույն արձակեցին, մի վայրկյան մտածեց երևի գտնելու համար մի այնպիսի փաստարկում, որ միանգամայն հողին հավասարեցնի մեր գծուծ կասկածները, — և ասաց.

Ասացե՜ք խնդրեմ... Իմ մի ֆունտ շաքա՛րն է այստեղ, հասկանո՞ւմ եք մի ամբողջ ֆունտ շաքարըիսկ ես պիտի փախչեմ...

Ու թունոտ, ոչնչացնող մի հայացք խրելով իմ սիրտը՝ Եֆիմ Բրավելմանն արագ հեռացավ:

Իբրև այդ օրվա հետաքրքիր տպավորություններից մեկը՝ չեմ մոռանա նաև Խուժան-Խաչոյին: Դա մի կիսագյուղացի ոեցիդիվիստ-կալանավոր էր, երիտասարդ, բարձրահասակ, սև գանգուր մազեր ուներ, որ միշտ սանրում էր խնամքով, նրա միակ հարստությունը հենց այդ մազերն էին, և նա ջանք չէր խնայում դրանց խնամելու: Այդ սև, պսպղուն մազերը նրա կեղտոտ գլխի ու հագուստների կողքին թողնում էին տարօրինակ տպավորություն. կարծես վարսավիրից գնած բեմական մազեր էին թյուրիմացաբար դրված այդ կեղտոտ, ճղոտած շորերով ռեցիդիվիստի գլխին: «Խուժան» անունը վաստակել էր Ուղղիչ Տանը կատարած բազում չարությունների համար, կռվում էր նորեկների հետ, հետները դրամ խաղում և այլն: Սակայն նրա արարքները ոչ լուրջ բնույթ էին կրում, երազանքն էր դուրս գալ Ուղղիչ Տնից և իրենց գյուղը գնալ երկրագործությամբ պարապելու:

Պետը նրան ևս թույլատրել էր գնալ, բայց նա չէր գնում, որովհետև. շորերը ճղոտած էին: Ինչպե՞ս կարելի էր տոնական երթին մասնակցել ճղոտած շորերով: Բայց մեծ ցանկություն ուներ գնալու երևում էր բորբոքված, փայլող աչքերից:

Վերջապես բացվեցին Ուղղիչ Տան դարբասները, դրոշակակիրն առաջ անցավ, և մնացող կալանավորների ուռռաների, աղաղակների և նախանձոտ հայացքների ներքո կալանավորների երթը դուրս եկավ դարբասներից: Առջևից գնում էր դրոշակակիրը, նրան հետևում էին Ուղղիչ Տան ծառայողներն ու կալանավոր կանայք, հետո մնացած կալանավորները: Արդեն բոլորն էլ համարյա անցել էին դարբասներից, երբ հանկարծ հևիհև հասավ նրանց... Խուժան-Խաչոն: Նայեմ նոր բլուզ է հագել, նոր շալվար: Գլխարկ չէր գտել, սակայն նոր թրջած ու սանրած մազերը փայլում էին մի այնպիսի կատաղի փայլով, որ հազար գլխարկ արժեր...

Երկու ժամ հետո բոլորն էլ կարգով կանոնով վերադարձան քաղաքից և ոգևորված պատմում էին քաղաքի խուռն բազմության, երաժշտության և դրոշակների մասին: Առանձնապես գոհ էին, որ բոլորն ուշադրություն էին դարձրել իրենց երթին, հանաքով ասում էին, որ իրենց թողած տպավորությունը նման է եղել «ֆուրորի»...

Չգիտեմ ինչու՝ իմ հիշողության մեջ կալանավորների այս երթի գնալը միշտ զուգորդվում է մի այլ դեպքի, որի մասին հիշելիս միշտ իմ աչքի առաջ է գալիս Միսաքը, Ուղղիչ Տան հռչակավոր սրախոսը:

Խորհուրդների վերընտրության օրերին մի անգամ քաղաքից Ուղղիչ Տուն վերադարձավ Միսաքը և մտնելով կամերան առանց առաջաբանի ասաց.

Հողը մեր գլխըներին ամունիստը դուրս է էկեդուք բեխաբար...

Բոլորը վեր թռան տեղներից և շրջապատեցին նրան:

Ո՞նց թե, ո՞վ ասավ, ի՞նչ ամունիստ...

Հե՛ն և կպցրել են պատերին, մեկը պոկի բերեցի՝ ասի մեր տղերքն ուրախանան...

Ու ձեռքը գրպանը կոխեց, հանեց չորս տակ ծալած մի թուղթ: Սակայն մինչև բաց անելը՝ թաթով խփեց Լազգու գլխին ու բացականչեց.

Քե՛զ էլ են հիշուկ, բախտավարի գլուխ... Մարթահեսաբի են հաշիվե...

Ու բաց արեց թուղթը: Դա... Երևան քաղաքի ձայնազուրկների չեմ հիշում ո՛ր համար ցուցակն էր, որի մեջ տպված էին մեր կալանավորներից շատերի անունները:

Բոլորը շվարած մնացին: Ու թափվելով վրա՝ յուրաքանչյուրն սկսեց փնտրել իր անունը:

Բոլորն էլ, իհարկե, շատ լավ գիտեին, որ իրենք զրկված են քաղաքացիական իրավունքներից, բայց այդ ցուցակը բոլորի էլ վրա ծանր տպավորություն թողեց: Եվ հասկանալի է, թե ինչու: Դա մի կենդանի, կոնկրետ հիշեցում էր, որ իրենք կալանավորներ են, շրջանից արտաքսված մարդիկ: — Մյուս կողմից, երևի, հիշեցրեց ծանոթներին ու բարեկամներին, որ դրսում կարդալու են այդ ցուցակները և տխրելու կամ ուրախանալու:

Սակայն, չնայած ցուցակի թողած ընդհանուր տխուր տպավորությանը կալանավորներից շատերը տխրում էին, որ իրենց անունը ցուցակում չկա: Կալանավորների տխրության ու հուզմունքի պահերին միակ փրկարար ելքը ծիծաղն է, հեգնանքն ու ծաղրը, ուստի նրանք սկսեցին հեգնել նրանց, ում անունները չկային ցուցակում:

Միսաքի բերած ցուցակը մեծ ֆուրոր առաջացրեց Ուղղիչ Տանը: Կամերայից կամերա էին տանում և բարձրաձայն կարդում: Եվ երբ կարդում էին որևէ ներկա գտնվողի անուն վերջինս քաշ էր գցում գլուխը, մեղավորի նման ժպտում, իսկ մյուսները հռհռում էին բարձր, կարծես ցուցակում տպված էր մի հատու սրախոսություն...

Իսկ թուրք գյուղացի կալանավորները, ցուցակն Ուղղիչ Տուն ընկնելուց երկար դեռ անց, մեկ-մեկ գալիս էին ու խնդրում, որ նայեմ կա արդյոք իրենց անունը, թե ոչ: Եվ երբ գտնում էի, նրանք երկար նայում էին իրենց համար անհասկանալի այդ սև նշաններին, օրորում էին գլուխները և հեռանում: Թե ի՞նչ էին մտածում նրանք դժվար էր գուշակել, սակայն դեմքերի արտահայտությունից երևում էր, որ ցուցակում տպված սև նշանները նրանց ուղեղներում առիթ էին տալիս ոչ այնքան էլ զվարթ, կամ հաճելի մտքերի:

Այնինչ մարդահամարը կալանավորներին մեծ հաճույք պատճառեց: Իհարկե, կար և որոշ տխրություն երբ հարցնամ էին ընտանիքի անդամների մասին, բայց ընդհանուր առումով գոհ էին, որ իրենց էլ են մարդ հաշվում, ինչպես բոլոր մարդկանց, — նրանց, որ դրսում են գտնվում, ազատ են ու չեն կրում «կալանավոր» անունը: Առանձնապես ուրախացել էր Լազգին:

Գրա՛, — ասում էր նա ցուցակագրող կալանավորին, — էնպե՛ս դրա՝ հմմեն ճանչնան... Լազգի չգրաս` Հա՛յկ դրա... Հայկ Խոյեցյան՝ հինքը քյավառցի...

Կին ունե՞ս:

Իյա՜... Ընձի կնի՞կ հուստ՞ա... Լազգին ի՞նչ կանա կնիկ... Քաղաք էնքա՜ն կնիկ շնից շատ...

Նոյեմբերի 29-ի երեկոյան Ուղղիչ Տանը կայացավ միտինգ, որին ներկա էին համարյա բոլոր կալանավորները: Կուլտբաժնում նոր լամպեր էին դրել, դահլիճը զարդարել դրոշակներով: Նվագում էր կալանավորների երաժշտախումբը՝ թառ, ջութակ, մանդոլին ու դհոլ: Կամ առանձին՝ դհոլ-զուռնա:

Երբ վարագույրը բացվեց՝ բեմի վրա, սեղանի շուրջը նստած էին կուլտբաժնի վարիչը, Ուղղիչ Տան պետը, կուլտկոմիսիայի նախագահը և կալանավորների ներկայացուցիչները: Ռուսների ներկայացուցիչը Բելոգուրովն էր, իսկ թուրքերի կողմից սեղանի, աջ կողմը բազմել էր ՜մի գյուղացի կալանավոր՝ հսկա փափախը գլխին:

Միտինգը բաց արեց, կուլտկոմիսիայի նախագահը, որից հետո խոսեցին Ուղղիչ Տան վարչության և կալանավորների ներկայացուցիչները: Կալանավորներից երկուսը խոսելու փոխարեն արտասանեցին հատկապես այդ առթիվ գրված իրենց բանաստեղծությունները՝ առաջինը հայերեն, երկրորդը ռուսերեն: Այդ օրը լույս էր տեսել պատի թերթի ընթացիկ համարը՝ նվիրված նոյեմբերի 29-ին, ուր և տպված էին այդ բանաստեղծությունները:

Միտինգից հետո կալանավորները խաղացին երեք պիես հայերեն, թու՛րքերեն, ռուսերեն: Ներկայացումների ընդմիջումներին նվագում էին ու պարում. և նորից՝ աչքերում կրակե խանչալներ խաղացնելով՝ պարում էր ու կատաղի աչքերով կանանց կողմը նայում մեր Լազգին...

Երեկույթից հետո տրվեց ընթրիք, որ մեծ հաճույք պատճառեց կալանավորներին:

Այդ օրը Ուղղիչ Տանն անցկացրած իմ ամենահետաքրքիր օրերից մեկն էր, — և ես երբեք չեմ մոռանա այդ օրը՝ նոյեմբերի 29-ը Երևանի Ուղղիչ Տանը...

1926 թվի նոյեմբերի 29ը:

XVII. Ութերորդ կամերայի բնակիչները. «Անաշան» և «Կատորյանին»-ը, Հաջին և դավաճան ջութակը

Ուղղիչ Տնից դուրս գալուցս մի ամիս առաջ ես թողի հիվանդանոցում հատկացված իմ «մեկուսացման սենյակը» և տեղափոխվեցի քրեական կորպուսի վերի հարկը՝ ութերորդ կամերան:

Այդ կամերան Ուղղիչ Տանը հռչակված էր, իբրև անուղղելի ռեցիդիվիստների կամերա: Իմ այնտեղ տեղափոխվելու ժամանակ թեկուզ նա չուներ իր նախկին «անխառն» երանգը, սակայն էլի նրա բնակչությունը բաղկացած էր բավականին հետաքրքիր կալանավորներից: Այդտեղ էին բնակվում Բաղդասարը, Լազգին, Օսը, Դարչոն, Համոն և մի շարք ուրիշ յուրօրինակ ու հետաքրքիր մարդիկ...

«Ինտելիգենտներից» երկու հոգի միայն կային այդ կամերայում: Մեկը Բենժամենն էր, իսկ մյուսը Եփրեմ անունով մի չափազանց երիտասարդ կալանավոր, որին հետագայում ես շատ սիրեցի և կապվեցի նրա հետ: Դա նախկին խորհրդային ծառայող էր, որ Ուղղիչ Տուն էր ընկել յուրացման մեղադրանքով: Մենք միևնույն օրն էինք ձերբակալվել, և ես հիշում եմ, որ իմ ձերբակալության առաջին օրը դեռ. միլիցիայի քրեական բաժնում, ես տեսա նրան առավոտը լվացվելու գնալիս: Ամբողջ գիշերը ես անքուն էի մնացել ու ծխել, այնպես որ վերջացել էր ծխախոտսև այնտեղ, քրեական բաժնում, նա ինձ տվեց մի տուփ էժանագին գլանակներ, որպիսիքը հետագայում Ուղղիչ Տանը ես տալիս էի Անուշին ու Մարգարիտին: Ուղղիչ Տանը նա առանձնապես շահեց իմ համակրանքը իր փայլուն ընդունակություններով կուլտ-կրթական գործում և իր ընկերական վերաբերմունքով դեպի կալանավորները: Երբ հայտնեցի ութերորդ կամերայում, որ իրենց մոտ եմ տեղափոխվելու՝ ուրախացան և անմիջապես մի քանիսը եկան իրերս տեղափոխելու: Իբր առանձին հարգանք՝ Համոն զիջեց իր տեղը անկյունում, պատուհանի ներքևը, որ ամենալավ տեղն էր համարվում:

Այդ երեկո, երբ ես կամերան էի գնում, նկատեցի: Որ միջանցքում, հենց հատակի վրա, կարպետների մ՛ուկ մտած` պառկել են և պատրաստվում են քնելու ինչ-որ նոր կալանավորներ: Մոտեցա՝ թուրք կալանավորներ էին գյուղացիներ՝ բոլորն էլ ձերբակալված իրենց անչափահաս աղջիկներին ամուսնացնելու համար:

Մտա հարևան կամերաները: Բոլորն էլ լիքն էին կալանավորներով: Նրանցից շատերին ես արդեն ճանաչում էի: Մեծ, մասը գյուղացիներ էին` դատապարտված սպանության, գողության կամ այլ հանցագործությունների համար: Բավական քանակությամբ կային և .քաղաքի լյումպեններ՝ մեծ մասամբ գողեր ու խուլիգաններ: Կատարյալ «հատակ» էր և ինձ որոշ ժամանակ վիճակվեց ապրել այդ «հատակում»–:

Следующая страница