Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Բայց մի բան դեռ մինչև օրս էլ ընկ. Վառոդյանը չի կարող մոռանալ և իրեն ներել, այն, որ այնտեղ, «Դառնության կենտրոնում», կամինչպես ժողովուրդն է ակնածանքով ասում — «Մութ տեղը», — ինքը, ընկ. Վառոդյանը, ինչպես հեծից առաջ, նույնպես և, մանավանդ, ծեծի ընթացքում, երևակայո՞ւմ եքզղջացել է երեխայաբար, որ ինքը խառնվել է, միանգամայն պատահական կերպով, այդ հիմար պատմությանը: Եվ ի՞նչ է արել վերջ ի վերջո, մի միամիտ երկտող է գրել ընկեր Կարոյին և խնդրել է նրանից «Ամբոխային տրամաբանությունը» — ահա՛ և ամբողջը: Երկտողը գտել են Կարոյի գրպանում, և ինքը պետք է տուժե. ի՞նչ թյուրիմացություն: «Հիմար հեղափոխականի անզգուշություն», — մտածել է զայրացած ընկ. Վառոդյանը փորձության վայրկյանին: — Եվ նա երկար ժամանակ չի ների իրեն ոչխարային այդ վախը, այդ ամոթաբեր թուլությունը, որ սև բիծ կարող է դնել ամեն մի իսկական հեղափոխականի անկաշառ խղճին: Փառք աստծու, որ այդ մասին գոնե ոչ ոք չգիտե. ընկ. Վառոդյանը խոսք է տվել իրեն, որ այդ սև արատը մի օր լվանա իր խղճից մի իսկական հեղափոխական գործով, — բայց մենք արդեն չափազանց երկարացրինք ընկ. Վառոդյանի խղճի պատմությունը, անցնենք քաղաքին:

Բացի հինգհարկանի շենքիցայդ, այսպես թե այնպեսամենակարող կենտրոնիցքաղաքում կան, այստեղ ու այնտեղ հաստատված, մի շարք ուրիշ, քիչ թե շատ նշանավոր և աննշան կենտրոններ, ինչպիսիք են՝ հիվանդանոցը, քաղաքային ակումբը, տղայոց գիմնազը, իգական գիմնազը, քաղաքային և երկու ծխական դպրոցները. մոռացանք հաշտարար դատավորի ատյանը, բանտը և «հասարակաց տունը», որի համար խորապես խնդրում ենք ներողամիտ լինեք: Զորանոցները քաղաքին չեն վերաբերվում, նրանք գտնվում են երկաթուղագծի այն կողմը, գերեզմանատան մոտ, այնպես որ այդ երկու «հիմնարկությունները» թողնում ենք, միանգամայն հասկանալի պատճառով, անուշադիր: Քաղաքային հիվանդանոցն էլ, ասենք, համարյա թե քաղաքից դուրս է գտնվում, միհարկանի ցածլիկ մի տնակ է այդ, որ գտնվում է քաղաքի ծայրում, մի ցեխոտ ու նեղլիկ փողոցի անկյունը՝ ինքն էլ ցեխոտ ու խոնավ, ինչպես այդ փողոցը: Հիվանդանոցի բժիշկ պ. Սերգե Կասպարիչը քանիցս մտադիր է եղել հիվանդանոցը տեղափոխել քաղաք, բայց, դժբախտաբար, միշտ այնպես է պատահել, որ որևէ կարևոր մի հանգամանք խանգարել է նրան: — Կամ ինքն է հիվանդացել, կամ գավառապետի կինը, իսկ վերջին անգամ, երբ թե շենքն էր պատրաստ և թե սկսված էին բանակցություններ ինչպես շենքի տիրոջ, այնպես էլ հինգհարկանի կենտրոնի հետ, — երբ, որտեղից որտեղ, բժշկի համար միանգամայն անսպասելի, իսկ քաղաքացիների համար չափազանց սպասելի կերպով՝ պայթեց բժշկի գլխին աներևակայելի մի դժբախտություն, բժշկի Լեդայի գեղեցկություն ունեցող մանկահասակ կինը ինքնասպանփության գործեց... երևակայո՞ւմ եք՝ իրենց տան... արտաքնոցոմ: Մերկ, բոլորովին մերկ, ինչպես ասում են՝ Ադամի (Եվայի) զգեստներով մտել էր արտաքնոցը և ինքնասպանություն էր գործել ոչ թե ատրճանակի, կամ, ինչպես նման դեպքերում ընդունված է, որևէ թույնի օգնությամբ, այլ... շշմեցնող, անհասկանալի մի բան. քանդել էր արտաքնոցի հատակի տախտակը և նետել էր իրեն... հասկանո՞ւմ եք, թե ո՞ւր: Այս զարհուրելի, քստմնելի, այլանդակ, անհասկանալի, համարյա դիվային դժբախտությունից հետո բժիշկը ընդմիշտ ձեռք քաշեց իր մարդասիրական տրամադրություններից և սկսեց ակումբում, որտեղ նա դժբախտությունից առաջ միայն «պրաֆերան» էր խաղում ժամանցի և ջղերի հանգստության համար, — սկսեց դժբախտությունից հետո «բակարա», «մակաո» կամ տեղական «ցխրա» խաղը խաղալ, որով բավականին հանգստացնել կարողացավ իր այնքա՛ն քայքայված ջղերը: Եվ երբ այդ դեպքից հետո բժշկի կառապանը, որ լիովին վարձատրվում էր հիվանդանոցի կողմից, սկսեց բժշկին տուն հրավիրող պացիենտներից «կառքի փող» վերցնելհիսունական կուղեկոչ մի քաղաքացի սիրտ չունեցավ բարկանալու կառապանի վրա: Եվ ինչո՞ւ բարկանար, չափազանց էր մեծ բժշկի գլխին պայթած ընտանեկան դժբախտությունը, որից հետո, հարկավոր է ասել, ո՛չ միայն այդ փոփոխությունն էր, որ առաջ եկավ բժշկի գործերում, այլ պատահեց և այն, որ հիվանդանոցում մինչ այդ հասարակ ծառայի պարտականություններ կատարող բիթլիսցի Արշակն ստանձնեց նույն հիվանդանոցի պատասխանատու, կամ, ինչպես ասում են հերթապահ ֆելդշերի պաշտոնը, որով հնարավորություն ստեղծվեց բժշկական օգնություն հասցնելու ամեն դիմողի և ամեն ժամանակ: — Մի հանգամանք, որի գոյություն չունենալուց-առաջ շատ և շատ չքավոր հիվանդներ օրերով սպասում էին հիվանդանոցի պատերի տակ ընկած իզուր երազելով օգնություն և կարեկցություն: Չիք չարիք առանց բարյացասում է իմաստությունը, և այս դեպքը մի անգամ ևս հաստատեց այդ դարավոր իմաստության անքնին ճշմարտությունը: Մանավանդ չպետք է մոռանալ, որ այդ մարդասիրական քայլը անելով (բիթլիսցի Արշակին ֆելդշեր նշանակելով) բժիշկն էապես de jure հաստատեց այն, ինչ de facto վաղուց արդեն գոյություն ուներ և անխանգար կերպով ծավալում էր իր գործունեությունը հիվանդանոցում ու քաղաքում: Բանն այն է, որ Բիթլիսցի Արշակը վաղուց հետե զբաղվում էր բժշկական պրակտիկայով և նույնիսկ բավականին հռչակ էր վայելում ոչ միայն քաղաքի հետամնաց թաղերում, այլև մոտակա շատ և շատ գյուղերում, դեպի որոնք հաճախ բժշկական տուրնեներ էր կատարում Բիթլիսցի Արշակը, կամ, ինչպես գյուղացիներն էին նրան հորջորջում՝ «դոխտուր Արշակը»: Պարբերաբար ամեն տարի Մեծ պասի երրորդ շաբաթվա երկուշաբթի օրը կարելի էր տեսնել Բիթլիսցի Արշակին գյուղական երկանիվ սայլի վրա նստած դեպի մոտակա գյուղերը տուրնեի գնալիս, որից նա միշտ վերադառնում էր ավագ երեքշաբթի օրը՝ նույն երկանիվ սայլի վրա յուղ, պանիր, ձու և մի քանի սպիտակահեր գառնուկներ բարձած, որոնցից բավականին պատկառելի մասը բժշկի տունն էր ուղարկվում, որպես նրա երախտապարտ ծառայի կողմից խոնարհաբար մատուցած զատկական «ռուշվաթ» (նվիրաբերություն): Այնպես որ բժիշկն իր այդ մարդասիրական քայլն անելու համար ամենայն բարոյական և իրավական իրավունք ունենալուց բացի՝ ի դեպս իր ամենավերջին պաշտոնյային ըստ արժանյաց վարձատրելով հանդերձ ազատեց իր վտիտ ուսերը քաղաքային բժշկի չափազանց ծանր ու պատասխանատու պարտականությունների մի փոքրիկ մասից ուսերի ազատ մնացած մասը տրամադրելով ընտանեկան վերոհիշյալ դժբախտության ահռելի ծանրությանը, որը կրել կարողանալու համար ճիշտ որ հարկավոր էին այդպիսի քիչ թե շատ թեթևացնող միջոցներ: Եվ այդ միջոցները գտնելու գործում, ասում են, մեծ բարոյական օգնություն է ցույց տվել բժիշկ Սերգե Կասպարիչին նրա վաղեմի բարեկամ և թղթախաղային պարտնյոր՝ քաղաքի հաշտարար դատավոր պ. Օսեփ Նարիմանովը, նա, որ մոտիկ բարեկամն է մի անգամ արդեն պատմությանս սկզբում հիշված, քաղաքի ամենահարգելի հարուստ Գեներալ Ալոշի, որի ասելով Օսեփ Նարիմանովը ՞հոգի է, իսկական հոգի՞...

Նրա ատյանը գտնվում է քաղաքի ամենամեծԱլեսանդրյան փողոցի վրա: Մի թիթեղե ցուցանակ ունի, որի վրա գրված է ռուսերեն՝ «Հաշտարար դատավոր»: Օսեփ Նարիմանովը նստում է այդտեղ: Նրա ատյանին կից երեքհարկանի շենքը ռեալական դպրոցն է, նրանից երկու տուն այն կողմըօրիորդաց գիմնազը, իսկ օրիորդաց գիմնազից երեք տուն այն կողմըայն պալատ-շինությունն է, որ պատկանում է մեզ արդեն բավականին ծանոթ Գեներալ Ալոշին: Քաղաքի ամենամեծ հարուստն է Գեներալ Ալոշը, որ թեկուզև գեներալ չէ և ոչ էլ զինվորական, բայց քաղաքում ունեցած իր դիրքի և ազդեցության շնորհիվ ստացել է այդ պատվավոր հորջորջումը: Իսկ Գեներալ Ալոշի դիրքի մասին մոտավոր գաղափար տալու համար բավական է ասել, որ նրա բնակարանում է իջևանում նահանգապետը՝ ամեն անգամ այդ քաղաքն այցելելիս ահա՛ թե ով է Գեներալ Ալոշը: Հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, որ ապրում է Գեներալ Ալոշի պալատ-բնակարանի ներքևի հարկում, սիրում է պատմել ակումբումնրա, Գեներալ Ալոշի ներկայությամբ, թե ինչպե՞ս նահանգապետը, առաջին անգամ Գեներալ Ալոշի բնակարանը մտնելիս, բարեհաճել է այն կարծիքը հայտնել, որ այդպիսի մի ճաշակավոր բնակարան պատիվ կարող էր բերել... նույնիսկ Պետերբուրգին, այո, անգամ Պետերբուրգին... Եվ այս պատմությունն անելիս հաճույքով չըփչըփացնում է շրթունքները հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, իսկ ներկա գտնվող Գեներալ Ալոշը հաճույքից թարթում է աչքերն ու նայում է հատակին, համեստությունից ասես ուզում է գետինը մտնի: «Հոգի մարդ է այդ Օսեփ Նարիմանովը» — մտածում է նա:

Եվ ճիշտ որ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, ինչպես ռուսներն են ասում, հոգի է, կատարյալ հոգի: Չնայած, որ նա ծնվել է Հաշտարխանում, բայց, երևակայո՞ւմ եք, այնպես է ընտելացել Նաիրյան այդ` քաղաքին, որ-ասես այդտեղացի լինի: Ահա սա է պատճառը, որ նա շատ գործեր, վեճեր, ընտանեկան կռիվներ, ամուսնական անախորժություններ և նման այլ և այլ փոքրիկ դատեր սիրում է հարթել ո՛չ որպես պաշտոնյա, այլ, այսպես ասած ընտանեբար, կամ, ավելի ճիշտ՝ հայրաբարորի համար և նա ամենաիրավացի կերպով վայելում է բոլոր քաղաքացիների հարգանքը, իսկ շրջակայքում բնակվող գյուղացիների կողմից այդ հանգամանքն արտահայտվում է, որպես խորին ակնածանքով նվիրաբերած մի քանի տասնյակ ձու, տաս-տասներկու ֆունտ «անքաշ» պանիր, կամ, երբեմն էլ, եթե գործը քննվում է զատկական տոների նախօրյակին՝ մի երկու գառ կամ ուլ: Նա չի սիրում գործերը ձգձգել՝ զզվում է պաշտոնական եռուզեռից: Օսեփ Նարիմանովն այդպիսի մարդ չէ և չի էլ ուզում լինի: Եթե նա հնարավորություն ունենար և մի քիչ էլ ֆիզիկականը ներերամենամեծ ուրախությամբ կթողներ քաղաքն էլ, հաշտարար դատավորի պաշտոնն էլ և որևէ մի գյուղ կտեղափոխվեր՝ երկրագործությամբ զբաղվելու: Օսեփ Նարիմանովը շատ է սիրում երկրագործությունը, մանավանդ այդ աստվածային զբաղմունքի կենարար բարիքները և հողային հարցի մասին սիրում է հայտնել բավականին ազատամիտ կարծիքներ: Հետաքրքիր անձնավորություն է Օսեփ ՆարիմանովըՕսեփ Նարիմանովին հարկավոր է հասկանալ: Հաշտարար դատավորի ատյանին կից շենքը, ինչպես ասացինք, ռեալական դպրոցն է, իսկ երկու տուն այն կողմըօրիորդաց գիմնազը: Հարկավոր է ասել, որ քաղաքի այդ մասը ներկայացնում է իրենիցիսկական մի «կրթական կենտրոն»: Երկու դպրոցի շենքերը պատկանում են մեզ արդեն հայտնի Գեներալ Ալոշին, և ամեն առավոտ, երբ նա հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հետ անցնում է դպրոցների առաջիցռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչ — «Փուքսը» (այսպես են անվանում դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչին չարաճճի աշակերտները՝ նրա փորի բավականին պատկառելի մեծության պատճառով) — բացականչում է վերից՝ տեսչանոցի պատուհանից, — Խորի՛ն հարգանքներս Ալոշա Նիկիտիչին. Օսեփ Կարպիչիննույնպես: Դպրոցի աշակերտները շատ անգամ են լսել իրենց խոժոռ տեսչի սիրալիր այս բացականչությունը վերոհիշյալների հասցեինև թերևս մի քիչ էլ այս է պատճառը, որ նրանք, դպրոցի աշակերտները, մի առանձին հարգանք են տածում դեպի Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը: Ասում եմ «մի քիչ» որովհետև հիշյալ պատկառելի քաղաքացիներին հարգելու ուրիշ պատճառներ և միանգամայն արդարացի հիմքեր ևս ունեն ռեալական դպրոցի չափահաս աշակերտները: Երբ, զատկին կամ Ծննդին, դպրոցական երեկույթներ են լինում դպրոցի սրահումովքե՞ր են բազմում առաջին կարգի նստարանների վրա, գավառապետի կողքին. — Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը: Եվ կամ երբ տոնածառի լուսազարդ ճյուղերից կախված շաքարե թիթեռնիկներն ու գույնզգույն կոնֆետները ստանալուց հետո աշակերտները գնում են տուն և միայն հյուրերն ու ուսուցիչներն են մնում ընթրիքիովքե՞ր են բացակայում միշտ՝ ելնում են սեղանի վրայից և քչփչալով շրջում մութ դասարաններում. — տեսչի կին Օլգա Վասիլևնան-Շիկահեր Դդումը (ինչպես անվանում էին նրան աշակերտները) և Օսեփ Նարիմանովըմեկ, — և հետո՝ Ալյոշա Նիկիտիչը՝ մերթ օրիորդաց գիմնազի վարժուհի Վառյա-հոգյակի հետ թևանցուկ, մերթ էլ՝ թվաբանության ուսուցիչ Բարսեղ Աբգարիչի կնոջ– «ճուտ»-ի իրանը գրկած: Այս ամենն իր սեփական աչքերով տեսել է հինգերորդ դասարանի աշակերտ Վարդանյան Սերգուշը և պատմել է ընկերներին ամենայն մանրամասնությամբ: Իսկ նման դեպքերից մի շաբաթ անց սովորաբար ռեալական դպրոցի և օրիորդաց գիմնազի արտաքնոցների պատերին լույս են տեսնում վերոհիշյալ անցքերին վերաբերյալ բավականին հետաքրքիր հանգավոր և անհանգ գրություններ, որոնք շատ շուտով տարածվում և բերանից բերան են անցնում ո՛չ միայն հիշյալ դպրոցների պատերում, այլ այդ պատերից բավականին հեռու գտնվող շատ և շատ ընտանեկան հարկերի ներքո, նույնիսկ Տելեֆոն Սեթոյի սրճարանում: Եվ արդյոք նրանք չե՞ն մեղավոր (Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը), որ մինչև օրս էլ «պսակի չարժանացած» ծխական դպրոցի ուսուցչուհի օր. Սաթոն ունի ընդամենը հինգդասյան կրթություն և որպես ոչ միջնակարգավարտ ստանում է պակաս ռոճիկ նրանք են, նրանք են միշտ՝ Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը: — Հետաքրքիր քաղաք է Նաիրյան այդ քաղաքը և բազում խորհրդավոր ու հետաքրքիր դեմքեր ու պատմություններ ունի...

Սակայն վերոհիշյալ պաշտոնական կենտրոններից ավելի հետաքրքիր և ուշագրավ են քաղաքի, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ «անպաշտոն» կենտրոնները, թեպետև նրանք, ըստ մեծի մասի, չեն վայելում հանրության կողմից այն խորհրդավոր հարգանքը, որ վիճակվել է պաշտոնական կենտրոններին: Բայց ինչո՞վ, ինչո՞վ է պակաս և ինչո՞ւ համար հասարակական հիմնարկություն չպետք է համարվի թեկուզ հենց, օրինակի համար, եկեղեցական մոմավաճառքի խանութը, որտեղից դուրս ելած բոլոր մոմերը կնքված են լինում, այո՜, — իսկական Նաիրյան կնիքով: Կրկնում եմ՝ իզուր են միամիտ քաղաքացիք եկեղեցական մոմավաճառքի խանութի վրա աչքի ծայրով նայում. Նա կենտրոն է, և որքան էլ ասածս չափազանցություն թվակարևոր կենտրոն: — Եկեղեցիներին և ծխական դպրոցներին վերաբերյալ բոլոր խնդիրներն այդտեղ են արծարծվում և սանկցիա ստանում: Մոմավաճառքի արտաքինից այդ քոսոտ խանութը, որ այնպես համեստ պահվել է փողոցի ամենախուլ անկյունումէապես այն նշանակալից դերն է խաղում քաղաքի հասարակական կյանքում, ինչ դեր որ խաղում են քաղաքակրթված երկրներում քաղաքական ակումբները և սալոնները: Եվ այդպիսի մի դեր խաղալու համար ամեն հարմարություններ ունի մոմավաճառքի խանութը. — տաք է, քաղաքի կենտրոնում է գտնվում և, որ ամենակարևորն է ազատ է կողմնակի այցելուներից, շաբաթը մի, կամ շատշատ երկու այցելու հազիվ է մտնում այդ խանութը մոմ գնելու նպատակով, այնպես որ ո՛չ մի կողմնակի անձնավորություն չի խանգարում այդտեղ հավաքված վարժապետներին և հոգաբարձուներին: Եվ նրանք էլ, լիովին օգտվելով խանութի այդ հարմարություններից՝ հաճախ նարդի, կամ թուղթ են խաղում որևէ ուտելիքի, կամ մի երկու շիշ գինու վրա. ով որ տարվեցգնի: Բայց գիտե՞ք, թե ինչո՞ւ, ի միջի այլոց, մոմավաճառքի խանութը կողմնակի այցելուներ չունի, այդ մասին կարող է տեղեկացնել քաղաքում շատ հայտնի սրճարանատեր Սեթոն, որ ամեն ինչից տեղեկություններ ունենալու շնորհիվ քաղաքացիների կողմից արժանացել է «Տելեֆոն Սեթո» հորջորջման: Այդ հարգելի քաղաքացին պատմում է, որ երբ կոշկակար Սիմոնի երեխան կնքելիս ինքը, որպես կնքահայր, ուզեցել է մտնել մոմավաճառքի խանութը մի զույգ կերոն գնելուս. Գևորգ եկեղեցու քահանա տեր Հուսիկ-Խաչագողը զգույշ քաշել է նրա փեշից. մոմավաճառքից կերոն գնելու ոչ մի կարիք չկա, — ասել է տեր Հուսիկ-Խաչագողը Տելեֆոն Սեթոյին, — կարող է եկեղեցուց վերցնել, թե էժան կնստի և թե եկեղեցին կօգտըվի, — ասել է Տելեֆոն Սեթոյին տեր Հուսիկ քահանան: Ահա թե ինչու ազգային այդ հիմնարկությունըեկեղեցական մոմավաճառքի խանութըայցելուներ չունի:

Բայց որպես մի հսկայական «քաղաքական ակումբ» — և այն էլ ոչ միայն վարժապետների և հոգաբարձուների, այլև ազգային գործերով բոլոր հետաքրքրվողների համար, — որպես այդպիսի ահա մի հասարակական կենտրոն հայտնի է քաղաքում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության այդտեղի ներկայացուցչի գրասենյակը, — մի հիմնարկություն, որ ամենայն իրավունքով կարող էր անվանվել «Նաիրյան գործերի կենտրոն»: Եվ այդ էլ «Լույս» ընկերության ներկայացուցիչ Համո Ասատուրովի շնորհիվ, այն Համո Ասատուրովի, որին, նավթի հետ գործ ունենալու պատճառով, քաղաքում կարճ անվանում են — «Մազութի Համո»: Չնայած այն հանգամանքին, որ «Լույսի» ներկայացուցիչ Համո Ասատուրովը Մազութի Համո էգավառապետի ամենամոտիկ բարեկամն է և նրա տարիքավոր կնոջ՝ Ագրիպինա Վլադիսլավովնայի միակ մխիթարանքը այդ «տաղտուկ, զզվելի, հիմար քաղաքում» — մյուս կողմից՝ չնայած որ գավառապետն իր հերթին մշտական հյուրն է Համո Համբարձումովիչի հյուրընկալ ընտանիքում՝ մանավանդ երբ տանն է լինում ոչ թե ինքը Մազութի Համոն, կամ նրա կինը՝ Անգինա Բարսեղովնան, այլ նրանց աղջիկը՝ տասնութ տարեկան «Սևաչյա Պրիմադոննան», — չնայած, կրկնում ենք, Մազութի Համոյի ընտանեկան այս բարդ հանգամանքներինգուցեև շնորհիվ հենց այդ հանգամանքներիՄազութի Համոն է՛ և կմնա միակ կենտրոնական անձնավորությունը Նաիրյան այդ քաղաքիև ո՛չ մի ազգային, կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց նրա, Մազութի Համոյի, սանկցիայի: Որովհետև, բացի վերոհիշյալ հանգամանքները, Մազութի Համոն ամենախելացի և գործունյա անձնավորությունն է ամբողջ քաղաքում, դիրքի տեր է, ռոճիկավոր պաշտոնյա է թեկուզ բայց սեփական տուն ունի և մի քիչ էլ հող, — մի խոսքով հարուստ է, խելացի, հասարակական լայն կապեր ունի, և, որ ամենագլխավորն է՝ Մազութի Համոն անդամ է... «Ընկերության» — և այն էլ՝ ազդեցիկ անդամ... Չե՞ք հավատում. — բայց ես այդ ամենահաստատ աղբյուրից գիտեմ: Հայտնի է և այն, որ նա, Մազութի Համոն, արտասահմանից «Դրոշակ» է ստանում և գաղտնի կերպով տարածում ժողովրդի ստորին խավերում: Եվ այս հանգամանքը ոչ միայն ինձ, հասարակ մահկանացուիս է հայտնի, այլև նույնիսկ իրենգավառապետին, — և այս է ահա ամենազարմանալին: Գավառապետը Համո Համբարձումովիչի հեղափոխական գործունեության վրա մատների արանքից է նայում և, հայտնի չէ թե ինչու, նրա հեղափոխական գործունեությանը համարում է «միամիտ չարաճճիություն»: Համո Համբարձումովիչը կրակ էլ լինիհոգի է և միանգամայն անվնաս անձնավորություն, — ասում է գավառապետը: «Դուր՝ է եկել մարդուն» — մտածում են քաղաքացիք. «Ի՞նչ ասես»: Բայց թե իրոք որքա՜ն է դուր եկել գավառապետին Մազութի Համոնդժվար է մի քիչ պատկերացնել, քանի որ հայտնի է բոլորին, որ Վարդանի կամուրջի դիմացը գտնվող այն հողե խրճիթը պայթելու ժամանակ, երբ գործը պետական քննության հանձնվեց վարժապետ Կարոյի գրպանում գտնվեցին... Մազութի Համոյի ձեռքով գրված մի շարք նամակներ... Եվ եթե գավառապետը չլիներ և չծածկեր այդ գործըՀամո Համբարձումովիչը հիմա Սիբիրում կլիներ, Մազութի Համոյի ոսկորներն անգամ հիմա փտած կլինեին...

Բայց արի տես որ՝ չնայած Մազութի Համոյի այդքան մեծ դիրքին ու հռչակին, մի ժամանակ քիչ մնաց, որ նրա գրասենյակը, որպես «Նաիրյան գործերի կենտրոն», իր առաջնությունը զիջերերևակայո՞ւմ եք՝ Ալեքսանդրյան կոչված փողոցում գտնվող չնչին մի խանութի, որի ցուցանակի վրա նկարված կային երկու հրացան, երկու փախչող նապաստակներ, մի ձիու պայտ և մի հատ էլ չգիտեսձիո՞ւ, թե շան գլուխ՝ պայտի մեջ մտցրած: Այսպիսի մի նշանավոր ցուցանակ ուներ այդ խանութը և ցուցանակի վրա, վերոհիշյալ նկարների մեջտեղը, գրված էր ռուսերեն` Магазин «Охота» Ншан Маранкозян. Այս նշանավոր ցուցանակը կպցրած էր խանութի ճակատին, սակայն խանութի լայն վիտրինի աջ և ձախ կողմը կպցրած կային երկու ուրիշ ցուցանակներ, որոնց վրա թեկուզ նկարներ չկային, բայց գրությունը հայերեն էր. «Ծախում եմ որսորդական զանազան» — գրված էր մեկի, և «Ապրանքներ Նշան Մառանկոզյան» — մյուսի վրա: Որսորդական ապրանքներ վաճառող Մառանկոզ Նշանի այս չնչին խանութն էր ահա,որ մի ժամանակ մրցել էր ուզում Մազութի Համոյի գրասենյակի հետ և կամենում էր դառնալ... Նաիրյան գործերի կենտրոն. -ծիծաղելի է, չէ՞: Բայց Մառանկոզ նշանի այդ անխոհեմ վարմունքը, ինչպես և կարելի էր ենթադրել, վերջացավ կատարյալ անհաջողությամբ, և գործի նման վախճանը Մառանկոզ Նշանի համար ունեցավ բավականին ողբերգական նշանակություն... Գործիչ ընկերների մշտական ելումուտը և գործնական հավաքույթներն ի վերջո հիմնովին քայքայեցին Մառանկոզ նշանի տնտեսական-ֆինանսականը, որովհետև հո չէ՞ր կարելի հավաքել մարդկանց և դատարկ զրույցներով կերակրել, հարկավոր էր և որոշ հյուրասիրություն, ինչպես այդ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրների քաղաքական ակումբներում. մի բաժակ թեյ, մի երկու ֆունտ խաղող, մի թաս արաղ կամ գինի, իսկ երբեմն էլ, փոփոխության համարմի երկու ռյումկա կոնյակ: Մի ամիս միայն Մառանկոզ Նշանի տնտեսականը կարողացավ դիմանալ գործիչ-ընկերների բարձրապատիվ գրոհին. մի ամիս միայն նրա խղճուկ խանութը կարողացավ «Նաիրյան գործերի կենտրոն» հանդիսանալու բարձր պատվին արժանանալ: Մի ամիս հետո, ցավոք իր սրտի և ի մեծ հաճույք Մազութի ՀամոյիՄառանկոզ Նշանն ստիպված եղավ ծախել իր խանութը, թեկուզ բան էլ չէր մնացել, ինչպես ասում են, ծախելու, — և գնաց Պուլկարիա` ամբողջովին հեղափոխական գործին նվիրվելու: Եվ հիմա նրա խանութը, թեկուզ ցուցանակները դեռ մնացել են անփոփոխ, միայն հիասթափություն կարող է առաջացնել, եթե մեկը՝ ցուցանակներին նայելով, ներս մտնի որսորդական պիտույքներ գնելու: Ներս մտնողը հիմա այդ նշանավոր խանութում կտեսնինախ՝ խանութի մի պատից մյուսը ձգվող փայտե մի նեղ դազգահ, որ խանութը բաժանում է երկու անհավասար մասի, իսկ դազգահի այն կողմը` դեմը, կողք-կողքի շարված` թիթեղե մի չինացի, ձեռքին կլոր մի վահան, — ավստրիական, նույնպես թիթեղե, կանաչագույն մի զինվոր, նույնպես վահանը ձեռքին, — ֆեսավոր մի ասկյար, նա՛ էլ թիթեղե ու վահանավոր, — և մի շարք ուրիշ նման արարածներբոլորը թիթեղե, բոլորը վահանավոր: Իսկ խանութի առաստաղից այդ թիթեղե արարածների գլխին բարակ թելերով կախված գույնզգույն ձվերն ու լուցկիները, խորքում դիմացի պատին հենած կարտոնե դեկորացիան, որ իբր թե անտառ է ներկայացնում, դազգահի վրա դրված հսկա գրամաֆոնը և բախտախաղի կլոր սեղանը` վրան էժանագին սապոններ, աղամաններ և մի քանի հատ թղթադրամներ շարածայս բոլոր հեքիաթային երևույթները հասկանալու համար հարկավոր է գիտենալ, որ Նշան Մառանկոզյանի այնքան նշանավոր, պատմական անցյալ ունեցող հեղափոխական խանութում հիմա մեզ արդեն հայտնի Բիթլիսցի Արշակի եղբայրը՝ Ամերիկայից վերադարձած Բիթլիսցի Մանուկը, հիմնել է «Տիր» կոչված հիմնարկությունը, որ վերջին նորությունն է, նաիրյան այդ քաղաքի վերջին ամերիկական նորությունը, ուր կիրակի օրերը շատ պատկառելի քաղաքացիներ զբաղվում են հոգեշահ բախտախաղով, իսկ գիշերները ծխական դպրոցի ուսուցիչներից մի քանիսը, կոշկակար Սիմոնը, Մեռելի Ենոքը, Տելեֆոն Սեթոն և ռեալական դպրոցի բարձր դասարանի աշակերտներից շատերը հավաքվում են գաղտնի թղթախաղի:

Հիմա ամեն անգամ այդ խանութի մոտից անցնելիս Համո ՀամբարձումովիչիՄազութի Համոյի սիրտը լցվում է մարդասիրական տխուր զգացմունքով. նա հիշում է Մառանկոզ Նշանին և խղճում է մարդկանց: Եվ այդ խեղճ, անճարակ, գռեհիկ վանեցին ուզում էր իր՝ Համո Համբարձումովիչի հետ, մրցության ելնել... Ո՞վ էր նա և ո՞վ է ինքը, «Լույսի» ներկայացուցիչ Մազութի Համոն... Այս համեմատությունն անելիս Համո Համբարձումովիչը հիշում է միշտ, ինքն էլ չգիտե ինչու, գավառապետի կնոջըԱգրիպպինա Վլադիսլավովնային և նրա սիրտը հալչում է մի անուշ ջերմությունից, ինչպես թեյի մեջ գցած ռաֆինադշաքար: «Դժվար է Մազութի Համոյի հետ մրցել, շատ է դժվար» — մտածում է նա:

Եվ ճիշտ որ՝ ինչո՞ւ, մրցել: Ինքը ամենամոտիկ բարեկամն էգավառապետի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի և այլն, և այլն, և այլնքաղաքի բոլոր ազդեցիկ և դիրքի տեր մարդկանց: Վերջապես ինքըայոնախագահն է տեղական «Կոմիտեի», և նույնիսկ երևակայո՞ւմ եք — «Կենտրոնական Կոմիտեի», թեկուզ այս մասին գավառապետը չգիտե և չի էլ ենթադրում... Գիտենա էլի՞նչ պիտի անե. դժվար է, դժվար է Համո Համբարձումովիչի հետ մրցելը` խելացի մարդ է գավառապետը, նա հո չի կարող այդ բանը չհասկանալ... Իսկ այն, որ նա ներկայացուցիչն է «Լույս» նավթարդյունաբերական ընկերության. նավթը հո «որսորդական ապրանք» չէ, որ իսկույն սպառվի. քանի դեռ ապրում է ինքը և կանգուն է Բաքուն, Համո Համբարձումովիչի գրասենյակը կա և կմնա իսկական «Նաիրյան գործերի կենտրոն» և ո՞վ գիտե նրա, Համո Համբարձումովիչի գրասենյակից չէ, որ պիտի ելնե խանդավառ առաջին «ողջույնը ազատ նաիրցիներին» — երբ ցրվի մի օր մուժը, մշուշը դարավոր Նաիրիի դեմքից և զվարթ ու խնդուն, որպես ինքնակալ մի արքաժողովուրդ, ելնե դարերի փոշուց ազա՛տ Նաիրին...

Այսպիսի մտքեր է ահա ունենում ամեն անգամ Նշան Մառանկոզյանի նախկին խանութի առաջից անցնելիս Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն:

Բայց բավական է, կարծեմ, որքան խոսեցինք Նաիրյան քաղաքի զանազան նշանավոր և աննշան կենտրոնների մասին. եթե այդ քաղաքի բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող կենտրոնների մասին խոսելու լինեինք` նախ երբեք չէինք վերջացնի, և, երկրորդ՝ ընկեր Սուրեն Վառոդյանի նման դեմ կառնեինք այն թյուրիմաց հարցին, թե ինչո՞ւ, վերջապես, կենտրոն չի՛ կարող համարվել թեկուզ Եգոռ Արզումանովի գինետունը, կամ Տելեֆոն Սեթոյի հայտնի սրճարանը, որ ունի հայերեն գրված այսպիսի մի ցուցանակ.

ՂԱՀՎԵ, ՉԱՅ, ՃԱՇԱՐԱՆ

ՍԵԹՐԱԿ ՖԱԼԻԱՆ

Թողնենք, ուրեմն, բոլոր այդ կենտրոնները և անցնենք քաղաքի առօրյա կենցաղին:

Ինչպես ամեն տեղ աշխարհիս երեսին, այնպես էլ նաիրյան այդ փոքրիկ քաղաքումկանուխ, մութլուսուն ելնում է նաիրցի խանութպանը, ոմն Կարապետյան կամ Մարտիրոսյան, — իր տնից և գնում է գործի: Քաղաքի առևտրական մասը ԼորիսՄելիքյան կոչված փողոցն է, ուր երկու շարք, կողք-կողքի ձգված են ցածլիկ, միհարկանի խանութները` երկար-երկարմինչև կայարան: Քաղաքի ամենաբանուկ փողոցն է այդ և որպես այդպիսին` ամենափոշոտն ու ամենացեխոտը: Եթե անձրևային է լինում եղանակը` փողոցի մի մայթից մյուսն անցնելու համար Հարկավոր է ձեռք քաշել կրկնակոշիկից կամ կոշիկից, եթե մեծ է այն ոտքիդ, անպայման ցեխում կմնա: — Այդ փոշոտ, ցեխոտ, նեղլիկ փողոցում են կենտրոնացած քաղաքի առևտրական հիմնարկությունները և ուրիշ ոչ մի տեղ, եթե, իհարկե, չհաշվենք թաղերում գտնվող այն մի երկու տուն-խանութները, որոնցում առևտուրը տեղի է ունենում նահապետական ձևով` ապրանքների փոխանակությամբ: Մի ձունմի ասեղ` ահա այդ խանութների առևտուրը:

Ինչպես ասացինք` առավոտ կանուխ, համարյա մութլուսուն, ելնում է նաիրցի խանութպանը տնից և գնում է գործի: Նաահաանցնում է առավոտվա մշուշի միջով, ելնում է մշուշից` միջահասակ, ծուռ, աջ ուսը միշտ մի քիչ բարձր ձախից. մոխիրե ուրվական: Լուրջ է` դեմքը թուխս նստած հավի է նման, հոգսեր, հոգսեր, հոգսերաշխարքի հանելուկ: Ելնում են, ելնում են տներից ու քայլում են դանդաղ, անշտապ, ու բացվում են խանութներն իրար ետևից, հացագործ, մանրավաճառ, կոշկակար. կողքին` մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ: Համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի. հացթուխի խանութում միևնույն ժամանակ նավթ էլ է ծախվում՝ Մազութի Համոյից մի փութ նավթ է գնել և գրվանքաներով ծախում է ուզողին: Կտորեղեն ծախողըհակերով բրինձ է վաճառում, կամ շաքար, կամ լուցկի: Խանութը կոշկակարի է, բայց խանութի անկյունում դրված է մի սեղան, որի դեմը կանգնած եկվոր մի նաիրցի վարսավիրությամբ է զբաղվում: Կամ մտնում ես ներսվարսավիր է, բայց պատուհանի առաջ, անկյունում, ակնոցավոր մի մարդ սեղանի դեմը նստած` ժամացույցներ է տնտղում, ժամագործ է:

Կամ այստեղ, նպարավաճառի կողքին, աղյուսե բավականին ընդարձակ մի խանութ է ահա. մեծ, ապակեպատ դռներով, նույնիսկ վիտրին ունի, ուր շարված են` տղամարդու և կանացի պատրաստի կոստյումներ, սանրեր, մկրատներ, արտասահմանյան օծանելիքներ: Իսկ ցուցանա՞կը. Փարիզից է բերված. — սև ֆոնի վրա ոսկեզօծ տառերով գրված է ֆրանսերեն՝ «A bon marche»: Տերը՝ երեսունն անց սափրված Եվրոպացի է՝ պենսնեն Նաիրյան քթին, անբեղանմորուք. դերասան է ասես, որ զբաղվում է առևտրով: Նրան անվանում են քաղաքումպ. Աբոմարշ:

Աբոմարշի հարևանը սափրիչ է. չէ. Եվրոպական վարսավիր, ինչպես հայտարարված է նրա ցուցանակի վրա: Անունն է պ. Վասիլ: Միջահասակ է, լայնաթիկունք. չիլ այտեր ունի, դեղին մորուք: Սիրում է ածիլելիս շրթունքներն այնքան մոտեցնել սափրվողի դեմքին, որ նրա մասին քաղաքում պատմում են զանազան առասպելներ:

Նրա հարևանըկոշկակար է, հայտնի է քաղաքում, որպես սքանչելի «կինտաուրի» պարող: Բարեկենդանի հինգշաբթի երեկոները, երբ քաղաքի ակումբում, որ մի փոքր բեմանման հարմարություն ունի, որևէ եկվոր մի դերասան տեղական սիրողների հետ խաղում է «Վարդանանց պատերազմը» — բոլորը գնում են ակումբ ո՛չ այնքան «Վարդանանց պատերազմը», որքան կոշկակար Սիմոնի «կինտաուրին» տեսնելու: Բոլորը սիրում են նրան, բացի վարսավիր Վասիլից, որ չարախնդաբար անվանում է նրան կամ «Կինտաուրի Սիմոն», որ դեռ էլի ոչինչ, — և կամ... «Կլուբի մեյմուն». — կատարյալ խայտառակություն:

Բայց ամենից հետաքրքիրը կոշկակարի հարևանն է՝ պարսկաստանցի մի վաճառական, որ զբաղվում է գորգի, քիշմիշի, մորթեղենի և շաքարի առևտրով: Եթե խանութը մտնեք՝ կտեսնեք. — գորգեր, գորգեր, գորգեր՝ հին, փոշոտ, զանազան: Աղվեսի, սանսարի, վագրի ու արջի մորթիներ: Պարկերով իրար վրա դարսած շաքար: Արկղերով քիշմիշ: Մեծ խանութ է. Պարսկաստանի և Եվրոպայի հետ առևտրական կապեր ունի:

Հարևան խանութըմեզ արդեն բավականին ծանոթ Ղահվեճի Սեթոյի խանութն է, ուր նա չոր սուրճ է ծախում: Ինչպես այս խանութը, այնպես էլ իրեն՝ ղահվեճի Սեթոյին չպետք է շփոթել Տելեֆոն Սեթոյի և նրա այն հայտնի սրճարանի հետ, որը գտնվում է մի քանի խանութ այն կողմը, և որի ցուցանակի վրա, ինչպես ասված է արդեն, գրված է` «Չայ, Ղահվե, ճաշարան, Սեթրակ Ֆալիան»: Չնայած որ երկուսի էլ անունը Սեթո է և երկուսն էլ գործ ունեն սուրճի հետ, սակայն մեկը չոր սուրճ ծախող է, իսկ մյուսըսրճարանատեր: Բացի այս, — չհաշված այս երկու արգո նաիրցիների Հիշյալ զուտ-պրոֆեսիոնալ տարբերությունը՝ նրանց մեջ կա և, եթե կարելի է այսպես ասել, անձնական տարբերություն. — ղահվեճի Սեթոն միջահասակ է, գիրուկ, անբեղ-անմորուք, թորշոմած դեմք ունի, ներքինու կերպարանք. — այնինչ Տելեֆոն Սեթոն չոր է, բարձրահասակ, գլուխը ֆեսի է նման, չոր բեղեր ունի, ցանցառ մորուք, այծի կերպարանք: Եվ, վերջապես, տարբեր է այս երկուսի, այսպես ասած՝ հասարակական դիրքը. — ղահվեճի Սեթոյի խանութըաննշան, մի որջ է, մի ողորմելի անկյուն, ուր մկները միայն կարող են հավաքվել, եթե միայն նրանք, այսինքն մկները, ընդհանրապես կարող են հետաքրքրվել չոր սուրճով, — այնինչ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, թեկուզ և «ճաշարան» բառը զուր տեղն է տեղ գրավել նրա ցուցանակի վրա, քանի որ այդտեղ ոչինչ էլ չի տրվում, բացի սուրճից ու թեյից, — բայց, չնայած դրան, այդ սրճարանը նույնն է քաղաքի ցածր խավերի համար, ինչ որ է վերին խավերի համար Մազութի Համոյի գրասենյակը. — քաղաքական ակումբ է, կատարյալ ակումբ:

Հաջորդ խանութը... Այդտեղ Հաջի էֆենդի Մանուկոֆը Մյուֆակտոսա է ծախում, այսինքն՝ Սամարղանդի փուշիներ, զանազան կերպասեղեն (չիթ, յազմա, չլվարի), «բրոցկի» շաքար, «լապշինի» լուցկի: Միևնույն ժամանակ սարաֆության էլ է անում, անգլերեն գիտե, և որպես միակը քաղաքում՝ վայելում է քաղաքացիների առանձին հարգանքը: Կատաղի հայասեր է Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, ինչպես իրեն սիրում է հորջորջել հենց ինքը այդ հայտնի հայասերը:

Խանութները շատ են, բոլորը հո չի՞ կարելի թվել. մենք պատահմամբ մի քանիսի մասին միայն երկու խոսք ասացինք: Մնացածների մասին թող նրանց ցուցանակներն ասեն ճիշտ այն հերթով, ինչ հերթով որ շարված են նրանք Լորիս Մելիքյան փողոցի մի ծայրից մյուս ծայրը՝ մինչև կայարան:

Следующая страница