Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Իժի կծածի նման վեր թռավ իր տեղից, հենց որ իմ ասածի իմաստն ըմբռնեց, Բաղդասարը, և ամենից առաջ, որպես նախերգանք՝ մի հիսուն հարկանոց հայհոյանք ուղարկեց ասողների հասցեին: Աչքերը ոխով լցվեցին, թույնով ու անհանգստությամբ:

Ո՞վ է ասում, — հարցրեց խռպոտ ձայնով, — ե՛ս նրանցև այլն, և այլն: Չէ՛, մի դուք ասեք, ընկե՛ր Չարյանց, թե ո՞վ է էդ ասել, որ նրա հետ ես խոսեմ, և ո՛չ թե ձեզ...

Ու դարձավ կամերային.

Ո՞ր մեկի տակին է մինչև օրս պառկել Բաղդասարը. ո՞ւմ ճանապարհից մի կողմ քաշվել, որպեսզի նա անցնի... Ո՞ւմ առաջ է խեղճացել կամ ստորացել: Էն ո՞ր կալանավորն է, որ մի փոքր դիպել է Բաղդասարին ու պատասխան չի ստացել... Չէ՛: մի ասե՛ք, ընկե՛ր Չարյանց, թե ո՞վ է էդ ասող լածիրակը...

Եվ հանկարծ բարկացավ ինձ վրա:

Գիտե՞ք ինչ, ընկե՛ր Չարյանց, էդ խոսքը հե՛չ ասելու խոսք չէր, որ դուք ինձ ասիք... Իսկի՛ տղամարդու խոսք չէր էդ խոսքը:

Ես իմ խոսքը չեմ ասում, Բաղղասա՛ր, ուրիշներինն եմ ասում:

Էդ ուրիշները թող գան ինձ ասեն, ինչո՞ւ են ձեզ ասում: Թող Բաղդասարի՛ն ասեն, որ իմանան պատասխանը... Իսկի տղամարդու բան չի ուրիշի կռնակին բամբասելը...

Ինչո՞ւ բամբասել, — ավելի տաքացրի ես նրան. — …մարդիկ մասնավոր խոսակցության ժամանակ իրենց կարծիքն են հայտնել: Չունե՞ն իրավունք:

Բաղդասարը խեղդվում էր բարկությունից, ուտում իրեն: Կատաղությունից քաշեց՝ քիչ մնաց ճղեր իր շապիկը: Հետո հանկարծ իբրև թե խեղճացավ, բայց էսպես փոխեց իր գործելակերպը:

Լա՛վ, ընկե՛ր Չարյանց, — էն վերջին, հետին կալանավորից էլ հետինն է Բաղդասարը: — Էն Ազա՛տն էլ (այսինքն մեր կամ նրան մաքրողը, նախկին որբը) — ասլան է Բաղդասարից... Ուզո՞ւմ եք կռանամ, թող Ազատը խփի...

Մի երկու վայրկյան պառկեց, գլուխը ծածկեց վերմակով, իբր վերջացած է համարում զրույցը, սակայն չհամբերեց, կրկին նստեց անկողնում: Կրկին ինձ դիմեց, բայց այնպես, որ լսեն բոլորը.

Գիտե՛ք ինչ, ընկե՛ր Չարյանց. Ուղղիչ Տունը քաջության տեղ չի. էստեղ քաջության տեղ չի: Ի՞նչ է, ուզում էիք, որ Բաղդասարն էստեղ փահլվանությո՞ւն աներ, ղոչի՞ խաղար, որ քաջ մարդ դառնար ձեր աչքին...

Ես ոչինչ չեմ ուզում, Բաղդասա՛ր, հանգստացի՛ր: Ուշադրություն չդարձրեց խոսքիս, շարունակեց.

Տղամարդը սարումը ցույց կտա իր քաջությունը, կամ քուչումը... էստեղ մարդիկ կտեսնեք, գյուղացիներ՝ խեղճից էլ խեղճ... Էնպե՛ս սելիֆ` գառից էլ գառը... էդ մեր Ազատն էլ որ խփի ձայն չեն հանի: Բայց հապա մի դրանց սարում ռաստ եկեք... Ինձ պես տասին կուտեն ու անունս էլ չեն Հարցնի՝ Բաղդասա՞ր է, թե Կարապետ... Գնացե՛ք էդ ձեր ասողներին ասեք, որ խեղճից էլ խեղճ է Բաղդասարը, Բաղղասարը հե՛չ: — Իսկի ասելու խոսք չէր էդ ձեր ասած խոսքը, ընկե՛ր Չարյանց, իսկի՛ ասելու խոսք չէր

Եվ այսպես համարյա մինչև լույս բորբոքվեց ու անհանգստացավ այդ գիշեր Բաղդասարը, իսկ երբ քնեց քնի մեջ անգամ անհանգիստ շուռումուռ էր գալիս, ոտները դուրս հանում վերմակից, շրթունքները շարժում...

Առհասարակ հանգիստ բնավորություն ուներ՝ աշխատում էր պահել իրեն, որպես Ուղղիչ Տան ոլիմպացի: Հաճույքով հովանավորում էր նորեկ ռեցիդիվիստներին եթե իր հովանավորությանն էին դիմում: Առհասարակ պահում էր իրեն, որպես լյումպենական պարագլուխ, ժիգանային ղեկավար: Եվ պարզ էր, որ խոր էր իմ խոսքերով հասցրած վերքը, այդ խոսքերից հետո Բաղդասարը շուտ չէր կարող հանգստանալ:

Եվ ես այդ գիշեր համոզվեցի, որ եթե նախկին բանտերում լիներ՝ Բաղդասարը կա՛մ կխեղդեր ինձ տեղնուտեղը, կամ կիմանար իրեն զրպարտողների անունները: Սակայն նա լավ էր հասկանում, որ ո՛չ Ուղղիչ Տունն է նախկին բանտը, ոչ էլ ես նրանից վախեցողը: Ուղղիչ Տունը նպաստավոր վայր չէր ժիգանական հերոսությունների ու սխրագործությունների համար, յուրաքանչյուր այդպիսի փորձ կարող էր նետել հերոսին մի հեռու մեկուսարան, ուր ո՛չ Ուղղիչ Տան քնքուշ ռեժիմը կլիներ, ո՛չ էլ վարչության ավելի քան քնքուշ վերաբերմունքը: Մեզ մոտ ոչ միայն խստիվ արգելված էր մարմնական պատիժը, այլև հասարակ հայհոյանքի համար կարող էր դուրս թռչել պաշտոնից վարչության որևէ ներկայացուցիչ: Էլ ես չեմ խոսում մշտապես բաց կամերաների, քաղաք գնալու հնարավորության, արձակուրդների և այլ սքանչելի բաների մասին, որոնցից կարող էր լիովին օգտվել յուրաքանչյուր կալանավոր: Բաղդասարն այդ բանն ինձանից լավ էր հասկանում և ամեն կերպ աշխատում էր ժամանակավորապես զսպել իր ժիգանական բնազդները:

Վերջին ժամ տնակներում իրեն միանգամայն հանգիստ էր պահում Բաղդասարը և ամեն կերպ աշխատում էր ուղղված կալանավոր երևալ: Ուզում էր նույնիսկ վերևի կամերաներից իջնել ներքև, ուր տեղավորված էին մեծ մասամբ աշխատավոր, պատահական, ոչ «պրոֆեսիոնալ» կալանավորները: Անգամ խնդրում էր, որ իրեն գործ տան կուլտբաժնում, բայց երբ առաջարկեցին մի տեխնիկական գործ հրաժարվեց: Այստեղ էլ, ինչպես «բռունցքային» գործերում, ուզում էր եթե ոչ առաջինը, գոնե վերջինը ևս չլինել:

Այսպես էր Բաղդասարը:

Ուղղիչ Տնից դուրս գալուց հետո ես տեղեկացա որ նա, այնուամենայնիվ, ինչ-որ հանցանքի համար ուղարկվել է մեկուսարան: Նայես ի՞նչ է անում հիմա, ի՞նչ ժիգանական սխրագործություններ, Նոր-Բայազեդի մեկուսարանում Բաղդասարը...

Ինչպես այս գլուխը, այնպես էլ ընդհանրապես Բաղդասարի մասին գրելիս, միշտ ծակում է ուղեղս այն միտքը, թե ի՞նչ պիտի մտածի Բաղդասարը՝ իր մասին գրածներս կարդալիս: Երևի նրա մեջ պիտի ամրանա այն համոզմունքը, թե ես «լրտես» եմ եղել և այժմ էլ մատնում եմ իրեն հրապարակորեն... Ու է՛լ ավելի պիտի ամրանա Բաղդասարի սրտում առանց այդ էլ չափազանց խոր նստած անվստահությունը դեպի ինտելիգենտները...

Լսո՞ւմ ես, սիրելի Բաղդասար. — իզո՛ւր ես կասկածում: Քո մասին իմ տպավորությունների գրքում արված այս զրույցները տեսական զրույցներ են միայն, ուրիշ ոչինչ: Եվ միանգամայն վստահ եղիր, որ սրանից չի գա քեզ և ո՛չ մի վնաս:

Ազնի՛վ խոսք, Բաղդասա՛ր:

XIX. Ովքե՞ր են Ուղղիչ Տան ներքին, կենցաղային հեգեմոնները, Մադոյի հացադուլը, Սերյոժի թունավորումը, հին գայլերը, եզրակացություններ

Քրեական կորպուսի ութերորդ կամերան տեղափոխվելուց հետո միայն ես միանգամայն համոզվեցի, որ Ուղղիչ Տան ներսում, կալանավորների ներքին կենցաղային միջավայրում, զուտ կալանավորական հասկացողություններ և բարոյական նորմեր ստեղծողները ո՛չ այլ ոք են, եթե ոչ լյումպեն կալանավորները: Նրանք դեռևս դրսում, Ուղղիչ Տուն մտնելուց առաջ, հին, փորձված, նախկին բանտային հերոսներից ժառանգած որոշ «դաստիարակությամբ» էին Ուղղիչ Տուն մտնում և աշխատում տարածել այստեղ իրենց ազդեցությունը, հաստատել ներքին կալանավորական կենցաղում իրենց «հոգևոր», «գաղափարախոսական» հեգեմոնիան:

Իբրև շերտ, իբրև խմբավորում՝ ամենից կազմակերպվածներն էին նրանք, կազմակերպված ոչ թե գիտակցաբար, ձևականորեն, այլ տարերայնորեն, բնականաբար: Այս հանգամանքին օգնում էր նաև այն, որ նրանցից շատերը դրսում, դրսի աշխարհում ևս իրար հետ են եղել, ապրել ու «աշխատել» են միևնույն պայմաններում, շատ անգամ միևնույն մարդկանց հետ: Եվ սրանք էին էլի, որ կապ ունեին դրսում մնացած իրենց ընդհանուր ընկերների, իրենց նման լյումպեն ժիգանների հետ, որոնցից և ժամանակ առ ժամանակ, թեկուզ շատ չնչին չափով, բայց այնուամենայնիվ ստանում էին նյութական օժանդակություն և երբեք չէին կտրում նրանց հետ իրենց բարոյական կապը: Երբ նրանցից մեկը քաղաք էր գնում բոլորն էլ հանձնարարում էին բարեվել այսինչ կամ այնինչ ընդհանուր ծանոթին, հանձնարարություններ էին անում և միշտ շատ կենդանի հետաքրքրություն ցույց տալիս դեպի դրսի ընկերները: Դա մի ամբոդջ կաստա էր, պրոֆեսիոնալ ժիգանների մի ամբողջ աշխարհ, որ թե իր առանձին կաստայական շահերն ուներ և թե դրանց հոգի վրա առաջացած կաստայական գաղափարախոսությունը: Հենց այդ կաստայի ամենացայտուն ներկայացուցիչն էր, ամենալավ արտահայտիչըմեր Բաղդասարը: Այս մարդկանցից յուրաքանչյուրի համար սովորական բան էր Ուղղիչ Տունը, սա նրանց սոցիալական պայքարի մշտական պայմաններից մեկն էր, և պարզ էր, որ սրանք պետք է լինեին Ուղղիչ Տան ներսում «բանտային» հոգեբանության ու բարոյական հասկացողությունների կրողներն ու ջատագովողները: Եվ այս իմաստով, իհարկե, միանգամայն իրավացի էր, իր կաստայի պայմաններից ելնելով միանգամայն տրամաբանական էր Բաղդասարը, երբ ասում էր մեզ.

Ինչպե՞ս կարող ենք մենք և դուք հավասար կալանավորներ լինել, ինչպե՞ս կարող ենք հավատալ ու վստահել իրար:

Նա, իհարկե, չէր ասում, բայց ինքնին հասկանալի էր, որ ուզում է հասկացնել, թե Ուղղիչ Տունը մեր կյանքում մի պատահական նրբափողոց է, որից մենք վաղը դուրս կգանք և կաշխատենք էլ երբեք չվերադառնալ, — այնինչ նրա ու իր նմանների համար գոյության պայքարի անխուսափելի պայմաններից մեկը, որից նրանք ևս, իհարկե, աշխատում են խուսափել, բայց, իհարկե, ո՛չ այն իմաստով, ինչ իմաստով որ մենք: Այս բանը Բաղդասարը շատ լավ էր հասկանում, որովհետև նա իր նմաններից մեկն էր, որ իր կաստայական գիտակցությունը հասցրել էր մշակված աշխարհայացքի, ժիգանական յուրօրինակ կենսափիլիսոփայության: Այս ամենից հետո միանգամայն հասկանալի և բնական է, որ Ուղղիչ Տան բնակչության մեջ այս տարրն էր, որ իրեն բացարձակապես հակադրում էր վարչությանը: Ուղղիչ Տան վարչությունը սրանց, այսպես ասած՝ կաստայական թշնամին էր ինչ վարչություն էլ դա լիներ: Այս հակադրությունը չէր կրում, իհարկե, ո՛չ մի քաղաքական բնույթ: Սա պարզ է ինքնին և ոչ մի բացատրություն չի պահանջում: Ինչպես չկան «լավ» թշնամիներ, այլ կան թշնամիներ, որոնց «վատությունները» կարող են տարբերվել իրարից քանակով ու աստիճանով, — այնպես էլ սրանց աչքին հավասարապես թշնամիներ էին նախկին բանտային վարչությունը և ներկա խորհրդայինը: Իրենք էլ շատ լավ էին գիտակցում, որ տարբերությունն այս թշնամիների մեջ հսկայական է, բայց դա չէր փոխում հարցն ըստ էության: Թշնամին թշնամի էր մնում, և տարբերությունը նրանց աչքին միմիայն «ձևական» էր: Եվ նրանք, իբրև պրոֆեսիոնալ պայքարողներ այդ թշնամու դեմ ծանոթ էին Ուղղիչ Տան պայքարի բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցներին: Հացադուլ, մահացու հացադուլ, բողոքներ դատախազությանը, սպառնալիք և ուղղակի ահաբեկում մատնիչներիայս բոլոր զենքերից նրանք հարկ եղած դեպքում օգտվում էին լիովին: Ավելին՝ նրանք կապ էին պահում և այլ Ուղղիչ Տների հետ, իհարկե՝ այդ տների համապատասխան տարրերի հետ, և նրանք ծանոթ էր շատ անգամ հեռավոր Ուղղիչ Տների անցուդարձը: Նրանցից շատերը եղել էին և այլ Ուղղիչ Տներում ու հաճախ ոգևորված պատմում էին իրար այսինչ կամ այնինչ անդրկովկասյան, կամ անգամ համամիութենական մասշտաբով հայտնի ժիգանի հերոսություններն ու սխրագործությունները: Շատ անգամ արյունոտ ու զարհուրելի լեգենդներ էին դրանք, պինկերտոնյան գրականությունը հիշեցնող լեգենդներ, որոնք սակայն հմայում էին նրանց սիրտը և ռոմանտիկ, հերոսական փայլ տալիս այդ տկլոր մարդկանց աչքերին:

Մի անգամ ես պատմեցի Բաղդասարին մի ռուս բանդիտի մասին, որ քսանից ավելի հարձակումներ էր կատարել թալանի նպատակով, որոնց ժամանակ սպանել էր 117 հոգի: Այդ մասին ես կարդացել էի մի ամսագրում, ուր բերված էր և նրա դատավճիռը: Հայտնեցի Բաղդասարին և այդ: Բաղդասարի աչքերը վառվեցին մի ամեհի բոցով, և նա ձեռնթափ բացականչեց.

Եվ նրան գնդակահարեցին... Ափսո՜ս... Այդպիսի քաջերին գնդակահարում են, իսկ խեղճերին թողնում...

Ահա այդ մարդկանց հոգեբանության ամենացայտուն արտահայտությանը:

Ես դեռ նոր էի ընկել Ուղղիչ Տուն, երբ մի անգամ երեկոյան քրեական կորպուսի միջանցքը մտնելիս նկատեցի, որ մի խումբ կալանավորներ իրար մոտ խռնված ինչ-որ խորհրդավոր փսփսում են ու նայում հատակին, իսկ մեկը գլուխը կախ և ձեռքերով քիթը բռնած՝ հեռանում է նրանցից: Մոտեցա, — ես արդեն դեմքերով բոլորին ճանաչում էի, — Վալոն էր, Խուժան-Խաչոն, Մագոն, Սերյոժը և էլի մի քանի ռեցիդիվիստներ: Նայեցի հատակին արյան կաթիլներ: Նկատեցի և այն, որ ես հենց որ մոտեցա՝ նրանք լռեցին և աշխատեցին ցրվել:

Ինչ բան է, — հարցրի Խաչոյին:

Ոչի՛նչ, բան չկա, — ժպտալով պատասխանեց Խուժան Խաչոն մարդու քիթ արնավ:

Տեսա, որ չեն ուզում ասել, օրորեցի գլուխս ու հեռացա: Պարզ էր, որ ծեծել էին այն հեռացող կալանավորին, որին ես չէի ճանաչում: Երբ երկու քայլ հեռացա նրանցից Սերյոժը մոտեցավ իմ հետևից և խորհրդավոր կերպով ականջիս շշնջաց.

Թիֆլիսա բերդը շպիոնություն է արած՝ մի քիչ խրատեցինք...

Եվ ես հիշում եմ մի քանի այդպիսի դեպքեր:

Մի անգամ ներկայացում կար թատրոնում, երբ մոտեցավ ինձ Մադոն, Սերյոժի ընկերը, մի ռեցիդիվիստ երիտասարդ, և հայտնեց, որ պետը Սերյոժին մեկուսարան է դրել: Խնդրում էր միջամտեմ, որ ազատի: Այդպիսի խնդիրներով նրանք հաճախ էին ինձ դիմում, որովհետև սկզբից ևեթ ես ընտրվեցի կուլտկոմիսիայի նախագահ և, որպես այդպիսին, կարող էի բարեխոսել վարչության առաջ այս կամ այն կալանավորի համար: Խոսեցի պետի հետ, որ նստած էր դահլիճում, նա ասաց, որ արդեն կարգադրել է ազատել: Մեկուսացնելու պատճառը մի ինչ-որ երիտասարդ կալանավորի բողոքն է եղել, թե իբր Սերյոժը նրան անպատշաճ առաջարկություն է արել: Գուցե զրպարտություն էր, սակայն տվյալ դեպքում այս չէ էականը, այլ Սերյոժի վարմունքն իբրև ռեցիդիվիստի, որին քաջ ծանոթ էին վարչության դեմ պայքարելու բոլոր միջոցները:

Երբ ես հայտնեցի Մադոյին, որ արդեն կարգադրված է Սերյոժին ազատելնա գնաց: Սակայն չանցած երեք րոպե՝ նա եկավ հևիհև և վախեցած հայտնեց.

Սերյոժը թունավորվել է...

Ո՞նց թե թունավորվել...

Քիմիական թանաք է խմել, հրեն բերան-մերան կապտած մեռնում ա...

Վազեցինք ներքև և միջանցքում հանդիպեցինք հսկիչներին ու մի քանի կալանավորների, որ Սերյոժին տանում էին հիվանդանոց: Կուրծքը բաց, երեսն ուռած, շրթունքներն ու ատամները քիմիական թանաքի գույն ստացած Սերյոժը հառաչում էր, տնքում և ձեռքերով սեղմում կոկորդը՝ իբր խեղդվում է: Անմիջապես մտածեցի, որ սարքած բան կլինի: Տարան հիվանդանոց, խողովակով ջուր լցրին կոկորդը, սիրտը թափեց և հանգստացավ: Չե՞ս ամաչումասաց պետը նրան, երբ նա ոտքի կանգնեց և լվաց երեսը. — սա ի՞նչ անամոթություն է:

Բյա ի՞նչ անեմ, հընգե՛ր պետ. ընձի լավ էր դանակով տայիր փորս-մորս թափեիր, քանց թե հավատայիր էդ խոսքին...

Ինչպես իմ, այնպես էլ պետի կարծիքով Սերյոժի նկատմամբ «էդ խոսքին» կարելի էր հավատալ, սակայն փաստ չկար, վկաներ չկայինև Սերյոժը տոնում էր իր հաղթանակը:

Մի անգամ էլ կանգած էի պետի առանձնասենյակում, մռայլ ժպիտը դեմքին ներս մտավ կրկին այդ Մադոն, Սերյոժի ընկերը:

Ի՞նչ կա, — հարցրեց պետը չոր՝ իր զարմանալի հոտառությամբ իսկույն ըմբռնելով, որ էլի տրագի-կոմիկական պատմություն է պատահելու:

Մադոն չպատասխանեց, այլ լուռ մոտենալով դրեց պետի առաջ մի փոքրիկ գրություն: Պետը կարդաց, սառը նայեց նրան և հանգիստ պատասխանեց.

Լա՛վ: Էսօր թուղթդ կուղարկեմ: Ուրիշ ոչի՞նչ:

Ու չհեռացրեց սառը, թափանցող հայացքը Մադոյի դեմքիցմեկ, երեք, հինգ վայրկյան: Մադոն մեղավոր ժպտաց:

Բա ի՞նչ անեմ, ընկեր պետ, մեռնում եմ:

Է, որ հացադուլ արիրպիտի սաղանա՞ս:

Ասում եմ` բալքամ բալնիցեն ղրկեն ապելացի անեն

Ի՞նչ «ապելացի»:

Գրիժես խեղդում ա: Մեռնում եմ:

Պետը, որի դեմքի ոչ մի մկանը դեռ չէր շարժվելանակնկալ կերպով ծիծաղեց: Ծիծաղը փոխվեց քրքիջի, ձեռքը ձեռքին խփեց, հետո հազաց և հանկարծ նույն լուրջ, սառը դեմքն ընդունելով հանդարտ, սառը ձայնով, որի մեջ նախատինքի շեշտ կար, ասաց:

Առ: Ամոթ է: Ճղի դե՛ն գցի: Գնա՛:

Մադոն, միշտ նույն մեղավոր-հիմարական ժպիտը դեմքիս մոտեցավ սեղանին, վերցրեց իր գրությունը, ճղեց. գնաց: Երբ Մադոն հեռացավ պետն ինձ ասաց:

Էսպես էլ մարդիկ կլինեն, չես հասկանում... Հացադուլ եմ անում, թե ինչ է գրիժա ունեմ, դատախազին կանչի: Թե գրիժա ունեսհրե՛ն հիվանդանոցը, հրե՛ն բժիշկը: Թե դու գրիժա ունեսդա էլ ունի: Ինքն էլ ամաչեց իրա արածից:

Բայց և այնպես, մի օր անց Մադոն այնուամենայնիվ հացադուլ հայտարարեց և դատախազն եկավ: Եկավ այլ գործերով, ինչպես գալիս էր հաճախ. Մադոն ինքն էլ գիտեր, որ առանց իր հացադուլի էլ նա կգա, և ինքը կարող է հայտնել նրան իր բաղձանքը: Սակայն էապես այդ չէր նրան հետաքրքրողը: Նա «բողոքել» էր ուզում, «պայքարել», ինչպես իսկական ռեցիդիվիստ, ժիգանական հերոս:

Ես ներկա էի դատախազի հետ ունեցած նրա զրույցին և տեսա այդ հերոսական պայքարը:

Դուք ինչի՞ դեմ եք բողոքում, — սառը հարցրեց դատախազը:

Գրիժա ունեմ՝ չեն ուղարկում ապելացի:

Բժիշկը նայե՞լ է:

Նայել է:

Ի՞նչ է ասում:

Ասում է... ասում է... Ընկե՛ր դատախազ, մեռնում եմչեն ուղարկում ապելացի անեն...

Եթե կարիք լինի ուղարկելու կուղարկեն, — հանգիստ ասում է դատախազը. — ուրիշ բողոք չունե՞ք:

Ո՛չ, ընկեր դատախազ:

Դուք ազատ եք:

Սրանով էլ վերջացավ Մադոյի ցույցը, Մադոյի հերոսական պայքարը Ուղղիչ Տան վարչության դեմ...

Ի՞նչ շահեց Մադոն սրանիցչգիտեմ, բայց նա գոհ էր: Հարկավոր էր ապացուցել, որ նա կարող է հացադուլ հայտարարել և կանչել դատախազինև նա ապացուցեց: Ուրիշ բան արդեն չէր էլ պահանջվում ապացուցելու: Հետագայում ես լսեցի, թե Մադոն ինչպիսի վառ, հերոսական գույներով է նկարագրել կամերաներում իր այդ բողոքր դատախազին: Դա մի փոքրիկ լեգենդ էր, մի փոքրիկ ռեցիդիվիստի մի փոքրիկ լեգենդ...

Սակայն ես մի անգամ տեսա, թե երբեմն ի՛նչ աստիճանի կարող է հասնել այդ մարդկանց համառությունը և ի՞նչ միջոցների կարող են երբեմն նրանք դիմել՝ իրենց նպատակին հասնելու նկատառումով: — Նրանք հին գայլեր էին երևում, այդ երկու թուրք կալանավորները, որ ուղարկված էին Բաթումից՝ Պարսկաստան աքսորելու: Նրանց ձերբակալել էին Բաթումում պատահաբար, իբրև կասկածելի անձնավորությունների: Մոտներից դուրս էր եկել մեծ քանակությամբ դրամ, իսկ թե որտեղի՞ց է դրանց մոտ այդ դրամը չեն պատասխանել: Անցագիրներ ևս չեն ունեցել: Հայտնել են, թե երևանցիներ են: Էտապով ուղարկել էին Երևանի Ուղղիչ Տունը, որ այստեղ ճշտեն նրանց ով լինելը, իսկ եթե չճշտվի աքսորեն Պարսկաստան: Բայց Երևանում ևս նրանք չկարողացան երաշխավորներ ներկայացնել: Տրված էր որոշ ժամանակա միջոց, որից հետո նրանք, ըստ ուղարկվող իշխանությունների որոշման՝ պիտի տարվեին պարսկական սահմանը և, ազատ արձակվեին: Նրանք չէին ուզում Պարսկաստան անցնել, այդ հին գայլերը, իսկ ժամանակն անցնում էր, մոտենում էր առաքման օրը: Նրանք հեռագրել էին Բաթում, աջարական իշխանություններին, որպեսզի մի շաբաթ ևս թույլատրեն մնալ, մինչև երաշխավորներ ներկայացնեն: Երկու օր էր մնացել էտապին, իսկ պատասխան չկար: Եվ ահա նրանք որոշել էին բողոքել:

Հետաքրքիրն այն էր, որ նրանք մեր Ուղղիչ Տունն ընկնելուն պես իսկույն կապ հաստատեցին Բաղդասարի հետ: Նրանցից մեկը հենց այն կալանավորն էր, որին ես տեսել էի մեր կամերայում՝ Բաղդասարի հետ «բայբուրդ» խաղալիս: Նրանք շատ շուտ էին ճանաչում ու գտնում իրարքրեական աշխարհի այդ ասպետները:

Այդ օրը ես նստած էի կամերայում, — ժամը մոտավորապես առավոտյան 11-ն էրերբ հանկարծ ներս ընկավ Բաղդասարը.

Թուրքերը էն ա՝ փորները ճղելդատախազին են ուզում: Գնացե՛ք տեսեք, — ասաց նա հանգիստ:

Ո՞ր թուրքերը:

Էն բաթումցիները: Հրեն սեկրետում պառկած արյունը ջրի նման թափվում է ցած: Գնացեք, տեսեք:

Գնացի մեկուսարանը: Այնտեղ էր արդեն հիվանդանոցի բժիշկը: Այնտեղ հավաքվել էին և մի քանի կալանավորներ և երկու հսկիչ:

Նրանք պառկած էին երկու կողք-կողքի դրած կոյկաների վրա, շապիկ վարտիքով, վրաներին վերմակ: Մեկը վիրավորել էր իրեն իր աջ կողից, մյուսը երկու տեղից՝ կողից և փորից: Վիրավորել էին իրենցպատուհանից պոկած ապակու կտորով: Վերքերը խոր չէին, սակայն բավականին արյուն էր եկել և դեռ շարունակում էր գալ: Հավաքված արյունը լճացել էր կողերին և համարյա ամբողջովին ներկել նրանց շապիկները: Արյունոտ էին և նրանց ձեռքերն ու դեմքերը: Այս ամենը թողնում էր ծայր աստիճանի ճնշող, քստմնելի տպավորություն:

Ներս մտնելով ես չափազանց զարմացա, որ բժիշկը կանգնած է այդտեղ, արյունը հոսում է մարդկանց վերքերից, իսկ նա չի օգնում, չի կապում վերքերը:

Ինչո՞ւ չեք կապում, — հարցրի զարմացած:

Չեն թողնում հիմարները, ասում են՝ մինչև դատախազը չգա, չենք թողնի:

Ո՞նց թե, կապեցեք զոռով:

Չի կարելի, — ասաց բժիշկը հանգիստ, ինչպես ասում են ամենասովորական բաները, — օրենք չկա: Եթե չեն ուզում չի կարելի զոռով:

Շվարած չգիտեի ինչ պատասխանել: Թուրքերեն ասի նրանց, որ եթե սիրով թույլ չտան ստիպված կլինեն զոռով կապել:

Խորհրդային բանտերում բռնություն չկա, էդպիսի օրենք չկա գրված, — հանգիստ պատասխանեց նրանցից մեկը, — մինչև դատախազը չգա չի կարելի:

Իսկ արյունը շարունակում էր հոսել ու հոսել, բայց նրանք հանգիստ էին, չէին անհանգստանում:

Բայց թե ո՞նց կլինի, — դիմեցի բժշկին. — Էսպես հո կարող են մեռնել...

Մի՛ք անհանգստանա, — ժպտալով պատասխանեց բժիշկը: — Վերքերը վտանգավոր չեն: Չկարծեք թե առաջին անգամ են սրանք այս բանը փորձում, հին գայլեր են երևվում... Այնպես չէին կտրի, որ վնասվեն: Իսկ մինչև դատախազը չգա ոչ մի դեպքում թույլ չեն տա կապել: Ամբողջ պատմությունն էլ հենց դրա համար է սարքած...

Ես նայում էի նրանց, այդ հին գայլերին, որոնք պառկած էին հանգիստ, բժիշկը կանգնած էր կողքներին, արյունը հոսում ու հոսում էր կողերից, բայց նրանք համառ կերպով արգելում էին օգնություն հասցնել: «Ցնցող տպավորությունը» պահում էին դատախազին: Նրանցից մեկը մոտ 40 տարեկան կլներ, մյուսը 30. երկուսն էլ առողջ տղամարդիկ, սափրած գլուխներով ու դեմքերով, ուղիղ, հաճելի տղամարդկային դիմագծերով: Քաղաքներում ապրած լյումպեններ էին երևում, հին աֆերիստներ, հին գայլեր: Եվ պարզ էր, որ առաջինը չէր մեր Ուղղիչ Տունը, ուր ընկել էին նրանք: Քաջ ծանոթ էին ուղղիչ տնային բոլոր օրենքներին: Պարզ էր և այն, որ նրանք նույնքան հեռու էին երևանաբնակ թուրքեր լինելուց, որքան անցանկալի էր նրանց համար Պարսկաստան ուղևորվելը: Նրանք, իմ կարծիքով, աջարացիներ էին կամ տրապիզոնցիներ. գոնե այդպես էին ասում նրանց դիմագծերը: Երևանի թուրքերը, որ էապես պարսիկներ են կամ ադրբեջանական թաթարներ, ո՛չ շեկ մազեր ունեն, ո՛չ կապույտ աչքեր, ո՛չ էլ ուղիղ դիմագծեր:

Վերջապես եկավ դատախազը և հայտնեց, որ իրենք էլ են հեռագիր ուղարկել, բայց պատասխան չի ստացվել: Հասկացրեց նրանց, որ իրենցից չի կախված այս գործը, մի բան, որ այդ աֆերիստները ևս շատ լավ գիտեին: Խնդրեցին մի հեռագիր ևս տալ, դատախազը համաձայնվեցև նրանք թույլ տվին կապել վերքերը: Հետո նրանց տեղափոխեցին հիվանդանոց:

Երկու օր անց նրանք արդեն ոտքի վրա էինայդ հին աֆերիստները, հին գայլերը:

Այո՛ սրանք էին իսկական կալանավորները և Ուղղիչ Տան ներքին, զուտ կալանավորական կյանքում ուրույն-կալանավորական տրամադրություններ ստեղծողները: Սրանք այն առանցքն էին, որի շուրջը դառնում էր իսկական կալանավորների մասսան, ա՛յն կալանավորների, որոնք պատահական տարրեր չէին Ուղղիչ Տանը և որոնց հանցագործությունը չէր կրում պատահական բնույթ: Գյուղական բանդիտները, խիստ մեկուսացման ենթարկված մարդասպաններն ու գոզերը, որոնք էապես չէին պատկանում այս Ժիգանների շրջանիններքուստ համերաշխ էին սրանց հետ, բաժանում էին կաստայական հասկացողությունները և անխոս ենթարկվում սրանց բարոյական նորմերին: Այս շրջանից դուրս էին մնում միայն պատահական հանցագործները, գյուղացիների և նախկին խորհրդային ծառայողների խոշորագույն տոկոսը, որոնք ճնշող մեծամասնություն էին կազմում: Ինչ վերաբերում է լյումպեններին իմ խորին համոզմունքով անուղղելի տարրեր են սրանք և սրանց համար ոչ մի նշանակություն չունի, սրանց վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ մեր ուղղիչ քաղաքականությունը: Ավելի շուտ սրանք կարող են փչացնել, իրենց ազդեցության տակ առնելով ուղղիչ ճանապարհից թեքել և՛ այն կալանավորներին, որոնք այլ պայմաններում միանգամայն ուղղելի տարրեր են, այնինչ սրանց շրջանն ընկնելով՝ տարվում են ժիգանական ռոմանտիզմով և դառնում անուղղելի հանցագործներ: Օրինակ մեր կամերայի Գլդանը: Գյուղացի, հազիվ չափահաս մի երիտասարդ, որ դատապարտված էր գողության համար: Հարկավոր էր տեսնել, թե ինչպիսի՛ ոգևորությամբ էր լսում ժիգանների արկածային վեպերը, որպիսի՛ փայլ էին ստանում այդ լեգենդները լսելիս նրա խոշոր, դեռ աշխարհ չտեսած աչքերը, որպեսզի միանգամայն պարզ լիներ այդ: Կարող եմ բերել և ուրիշ շատ օրինակներ: Բայց իբրև ամենալավ ապացույց հիշեմ և մի այլ երիտասարդի, այս անգամ արդեն նախկին խորհրդային ծառայողի, որ Ուղղիչ Տուն էր ընկել յուրացման համար: Նախկին կոմերիտական էր, շատ սրամիտ կուպլետներ էր գրում պատի թերթում: Սակայն նրան տեղավորել էին վերի կամերաներից մեկում, և նա այն աստիճան ժիգանների ազդեցության տակ էր ընկել, որ մեզ շատ դժվարությամբ հաջողվեց պոկել նրան այդտեղից և լծել կուլտ-կրթական աշխատանքի: Սակայն, կարծեմ, այս էլ չօգնեց, և նա այնպես էլ հեռացավ Ուղղիչ Տնից՝ իր հոգում տանելով այն այրող վարակը, որին կարելի է «ժիգանական ռոմանտիզմ» անունը տալ: Ուղղիչ Տունը այդ վարակիչ, այլասերող տարրերից փրկելու միակ միջոցը, իմ խորին համոզմունքով, — դրանց բոլորովին, միանգամայն առանձնացնելն է, այնպես, որ

նրանք ոչ մի շփում չունենան այլ կալանավորների հետ: Ես կալանավոր էի, և ես տեսնում էի, որ դրանք, այսպես թե այնպես, կալանավորական ներքին կենցաղում կարողանում են տարածել իրենց «հոգևոր հեգեմոնիան: Իհարկե, այս բանը բացարձակ բնույթ չէր կրում և չէր էլ կարող կրել շնորհիվ այն մթնոտրտի, որ ստեղծել էր Ուղղիչ Տան պատերում կուլտրամինը: Բացի այս` սրանց ազդեցությունը կասեցնելու գործում հսկայական դեր էին կատարում արհեստանոցները վարչության ձեռք առած խիստ միջոցները` ամեն կերպ վերացնելու կալանավորական խմբավորումները: Սակայն պիտի ասել, որ բոլոր այս միջոցներն էլ կիսամիջոցներ էին, որ չէին կարող միանգամայն արմատախիլ անել ռեցիդիվիստների ազդեցությունը: Խոսք չկա, որ եթե վերոհիշյալ միջոցները մի փոքր թուլանային՝ Ուղղիչ Տան ներքին, կենցաղային ռեժիմն անմիջապես կանցներ բանդիտների և ռեցիդիվիստների ձեռքը, և նրանք արդեն բացարձակապես կտարածեին կալանավորական ամբողջ մասսայի վրա իրենց ո՛չ միայն «հոգևոր», այլև «մարմնական» հեգեմոնիան...

XX. Ուղղիչ Տան գժերը. Արտաշ–«թազավորը», Հայրոն, Մահմեդը, Ալին, «Անահիտը»

Երևանի Ուղղիչ Տունն ընկնում էին երբեմն կատարյալ խելագարներ, կամ, ինչպես կալանավորներն էին ասում` «գժեր», որոնք փայլուն ասուպների նման սահում էին Ուղղիչ Տան երկնակամարով ու թողնում կալանավորների հիշողության մեջ անջնջելի հետքեր...

Նրանք ձերբակալվում և Ուղղիչ Տուն էին բերվում որևէ հանցանքի համար, իսկ երբ պարզվում էր նրանց հոգեկան խանգարված վիճակը` տեղափոխվում էին հոգեկան հիվանդանոց:

Նրանցից ամենահետաքրքիրն էր, իհարկե, — Արտաշ-թագավորը: Բարձրահասակ, թիկնեղ, մեծ, խոշոր գլխով, սև, խուզած մազերով և հարբեցողի բորբոսնած դեմքով մոտ 40 տարեկան մի աժդահա էր Արտաշ-թագավորը: Բոբիկ, ճղոտած շորերով, համարյա կիսատկլոր, մարմնի ու դեմքի վրա սիֆիլիսի կապույտ, թարախակալ վերքեր... Յուրաքանչյուր օր հիվանդանոցում խնամքով կապում էին այդ վերքերը, բայց նա, երբ նրան առանձին կամերայից բերում էին դուրս, քրեական կորպուսի բակը` նստում էր գետնին, արևի տակ, բաց էր անում վերքերը և սկսում փորփրել...

Քստմնելի տպավորություն էր թողնում այդ պահին Արտաշ-թագավորը, ինքն էլ դառնում էր մութ ու քստմնելի, ինչպես իր վերքերը:

Լենինականցի արհեստավոր էրև, որպես իսկական լենինականցի ուներ աներևակայելի, հարյուրհարկանի հայհոյանքների անսպառ պաշար: Ինչ-որ մարդու էր կարծեմ քարով տվելսպանել. լավ չեմ հիշում կատարած հանցանքը: Եվ սա տվյալ դեպքում նշանակություն չունի, որովհետև ես ուզում եմ պատկերել Արտաշ-թագավորին այնպես, ինչպես ես տեսա նրան Ուղղիչ Տանը, — տալ մարդկային այդ քիմերային նմուշի ճշգրիտ նկարագրությունը: Եվ, միևնույն ժամանակ, կալանավորների վերաբերմունքը դեպի այդ տխուր անձնավորությունը:

Երբ նա գալիս նստում էր բակում և սկսում փորփրել իր վերքերը` կալանավորները շրջապատում էին նրանև սկսվում էր մենամարտը: Տարօրինակ մարդիկ էին այդ տեսակետից ևս կալանավորները. Արտաշ-թագավորը նրանց համար ոչ թե մարդկային անկման զարհուրելի մի նմուշ էր, այլ... հասարակ զվարճալիք: Չնայած հսկիչների բոլոր ջանքերին՝ առիթ չէին փախցնում նրա հաշվին մի փոքր զվարճանալու: Քար էին գցում վրան, փոքրիկ ավազաքարեր, ծխախոտ տալիս` միջին մազեր, կամ այլ կեղտոտություններ, վրան ջուր լցնում, հետևից գաղտագողի մոտենալով` հրում, որ ընկնի, — և նման հազար ու մի տեսակ բարբարոսություններ: Եվ տարօրինակն այն էր, որ սա անում էին ոչ միայն լյումպեններն ու ժիգանները, այլև համարյա բոլոր կալանավորները, նույնիսկ ինտելիգենտներից մի քանիսը:

Զարհուրելի փրփրում էր այդ ամենից Արտաշ-թագավորը և պատասխանում հարյուրհարկանի հայհոյանքներով: Հայհոյում էր հյութեղ, ըմբոշխնելով. երևում էր, որ դա, բացի ինքնապաշտպանության զենք լինելը՝ հաճելի էր նրան և որպես արվեստ, որի մեծագույն վարպետներից մեկն էր ինքը, այդ Արտաշ-թագավորը: Եվ նա շատ անգամ տեղից էլ չէր վեր կենումբավականանում էր հայհոյանքներով: Մյուս կողմից, ճշմարտության չդավաճանելու համար, հարկավոր է ասել, որ Արտաշ-թագավորի և կալանավորների միջև տեղի ունեցող այդ գզգզոցը ավելի շուտ վայրենի հանաքի, ժամանցի բնույթ էր կրում, քան լուրջ հալածանքի: Մի հոտենտոտյան, մարդկային բանականությունից վեր գտնվող ժամանց, որ վերջ ի վերջո երկու կողմերին էլ մեծ հաճույք էր պատճառում: Կալանավորների աչքին Արտաշ-թագավորը քոսոտ, հալածված շան նման մի բան էր, — քոսոտ, հալածված շուն, որպիսիներին այնքան սիրում են որևէ անկյուն մտցնել ու մահակները բերանը խոթելով` գազազեցնել գեղջուկ երեխաները: Իսկ Արտաշ-թագավորի համար նրանց հայհոյելը և նրանց դեմ գազազելը, ինչպես երևում էր` իր կուտակված եռանդը վատնելու սովորական մի ձև էր, որից նա վերջ ի վերջո այնքան էլ չէր դժգոհում, ինչպես առաջին հայացքից կարելի էր կարծել: Սրա ամենալավ ապացույցն այն էր, որ երբ մի քանի րոպե կալանավորները, հսկիչի կողմից մի կողմ քշվելով, դադարեցնում էին իրենց հալածանքը՝ Արտաշ-թագավորը հանկարծ ինքն էր սկսում իր հայհոյանքային արշավանքը: Եվ մարդկանց դեմ հաճախ, որոնց մտքովն անգամ չէր անցնի մասնակցել իր դեմ եղած կալանավորների ընդհանուր ֆրոնտին:

Սակայն երբեմն, որևէ չափից արդեն անց բարբարոս «հանաքից» հետո (ինչպես, օրինակ, դույլով ջուր լցնելը, կամ գլխին նեխած ձու խփելն էր) — լուրջ, առանց հանաքի զայրանում ու կատաղում էր Արտաշ-թագավորըև նա զարհուրելի էր այդ պահերին:

Ե՛ս եմ Արտաշ թագավորը հայոց, — խռպոտ, արնախեղդ ձայնով մռնչում էր նա, թողնում իր վերքերը, վեր թռչում տեղից և հարյուհարկանի հայհոյանքներ թափելով ու ծայր աստիճանի երկար, մինչև ծունկերը հասնող, օրանգուտանային ահռելի ձեռքերը թափահարելով՝ հարձակվում էր կալանավորների վրա: Կալանավորները զարհուրած կորպուսն էին փախչում ու մտնում կամերաները: Այսպես էր Արտաշ-թագավորը: Մի շաբաթ միայն նա մնաց Ուղղիչ Տանը: Հետո նրան տեղափոխեցին հոգեկան հիվանդանոց:

Ուղղիչ Տան հետևյալ հռչակավոր գիժըՀայրոն էր, բայց սա արդեն լիակատար հակապատկերն էր Արտաշ-թագավորի: Նույնպես լենինականցի, բարձրահասակ, բայց ավելի երիտասարդ, քան Արտաշ-թագավորը: 3032 տարեկան, կապույտ, խոհուն աչքերով, լուրջ, լուռ, խաղաղ խելագարություն ուներ այդ համակրելի դեմքով երիտասարդը: Ահռելի ուժ ուներինչպես պատմում էին կալանավորները: Սրան ոչ միայն չէին անհանգստացնում, այլև սրանից մի տեսակ, կարծես, քաշվում ու ակնածում էին կալանավորները: Հոգատար վերաբերմունք ունեին դեպի նա: Չիմացողը չէր էլ կասկածի, թե աննորմալ է: Խելագարության պահեր ուներ, մնացած ժամանակ հանգիստ էր, լուռ, խաղաղծայր աստիճանի ինքնամփոփ ու լուրջ: Թեկուզ մեկուսացման սենյակում էր ապրում, բայց հաճախ դուրս էր գալիս բակ, մտնում կամերաները, լուռ կանգնում, նայում սրաննրան հանգիստ, ոչ ոքի չէր դիպչի, չէր խոսի ոչ ոքի հետ: Եթե բան հարցնեին կարճ, երկու խոսքով կպատասխաներ, կամ չէր պատասխանի: Խոսելիս էլ շատ ինտիմ ձայնով էր խոսում բարեկամական, մտերիմ պատրաստակամությամբ գլուխը թեքելով դեպի խոսակիցը: Երբ ես նրան առաջին անգամ տեսամտքովս անգամ չանցավ, թե աննորմալ է և երբեմն դառնում է կատաղի խելագար:

Следующая страница