Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 Следующая Конец

Մին պապիրոս տուր Հայրոյին, — ասաց ինձ Բենժամենը: Տուփը երկարեցի Հայրոյին, որին առաջին անգամ էի տեսնում և կարծում էի, թե սովորական կալանավոր է:

Շնորհակալ եմ, — վախեցած պատասխանեց Հայրոն և ձեռքերը շտապով վերև բարձրացրեց, որ հանկարծ պատահմամբ չդիպչի իմ տուփին: Տարօրինակ թվաց այդ և մեկ էլ աչքերի արտահայտությունը. աչքերում անհանգստություն կար, կասկածանք, կարծես շտապում էր խուսափել ինչ-որ վտանգից:

Գիժա, — ինձ մի կողմ քաշելով շշնջաց ականջիս Բենժամենը. — միշտ ըտենցա: Մարդուց բան վերցնել չունի: Էս ամբողջ Ուղղիչ Տանը մենակ ինձնից կվերցնի, մեկ էլ էն մեր Սուրենից: Հաց ուտել չունի, մինակ էն սուպն է խմում:

Գիտաս հի՛նչ ուժ ունի՞որ ուզի էն դուռը կպոկի... և ցույց տվեց կորպուսի երկաթյա դուռը: Հայրոն խելագարության պահուն սպանել էր իր մորը, և նրան ձերբակալել էին ու բերել Ուղղիչ Տուն: Կասկածում էին թե սիմուլյանտ է, բայց հիմք չունեին այդ կասկածները: Վերջում նրան տեղափոխեցին հոգեկան հիվանդանոց:

Հայրոյին ես չտեսա կատաղի խելագարության պահերին: Սակայն պատմում էին, որ այդ վայրկյաններին նա զարհուրելի է լինում: Կոտրում է, խփում, ջարդում, — կարող է և սպանել: Խելագարությունն, ասում էին, սկսվում է անհանգըստությունից: — Լուռ, մտազբաղ, առանց շուրջը նայելու, անհանգիստ շրջում է միջանցքներումև հանկարծ սկըսվում է կատաղությունը: Վա՜յ նրան, ով այդ պահերին Հայրոյի ձեռքն ընկնի...

Սակայն Հայրոն, Ուղղիչ Տան այդ լեգենդական խելագարը, իմ հիշողության մեջ մնացել է որպես լուռ, խաղաղ, չափազանց համակրելի դեմքով ու խոհուն աչքերով մի երիտասարդ, որից ամբողջովին խաղաղություն էր բուրում... Ու չգիտեմ ինչու՝ նրան հիշելիս իմ միտքն են գալիս աշնան խաղաղ իրիկունները, երբ նստած պարապում ես սենյակում և հետզհետե սենյակ է մտնում իրիկնային հանգիստը: Մի քիչ տխուր է լինում կարծես մարդ, մի քիչ մրսում է ներքուստ, և կարծես խաղաղ իրիկվա հետ մեկտեղ սենյակ է մտնում մի մտեբիմ բարեկամ...

Մեկ էլ ես հիշում եմ Հայրոյին իր մեկուսացման կամերայում թախտի վրա, պառկած: Լուռ, փոքրիկ կամերամեջտեղում դրած թախտին մի խաղաղ մարդ պառկած: Առանձնապես խորհրդավոր տպավորություն էր թողնում թերևս և այն, որ մենք նայում էինք փակ դռան փոքրիկ, երկաթյա պատուհանից ու գիտեինք, որ ներսում պառկած այդ մենակ, խաղաղ մարդը կարող է բարձրանալ հանկարծ և անհանգիստ, սարսափ առած գազանի նման քայլել միջանցքներում... Ու կատաղել հանկարծ, ինչպես կարող է կատաղել մահ տեսած գազանը, կամ կատաղի խելագարը...

Ուղղիչ Տանը կային և երկու թուրք գժեր, որոնցից մեկի անունը Մահմեդ էր, մյուսինը՝ Ալի: Բայց սրանք արդեն «հասարակ» գժեր էին և ոչ մի դեպքում չէին կարող մրցել Արտաշ-թագավորի և Հայրոյի հետ ու նրանց պատվին արժանանալ:

Մահմեդը հիսունն անց, միջահասակ, երեսն ու գլուխը պարսկական ոճով սափրած գյուղացի պարսիկ էր, դերվիշի արտաքինով: Թե ինչո՞ւմ էր կայանում նրա գթությունըես մինչև վերջ այնպես էլ չհասկացա: Լուռ դուրս էր գալիս բակ ու պատի տակ պպզում, ինչպես պարսիկ դերվիշները, կամ աֆիոն ծխողները: Ձեռքը դնում էր ականջին ու միտք անում: Միշտ արևոտ կողմն էր նստում և հաճախ փոքրիկ քարեր էր ունենամ, որ փռում էր գետնին ու խաղում հետները խորասուզված:

Մի անգամ ես նրան հարցրի.

Ի՞նչ ես միտք անում, Մահմե՛դ:

Ոչինչ, արև՛ է. — պատասխանեց տխուր, խեղճ ձայնով ու մատով ցույց տվեց արևոտ երկինքը: Հետո շարունակեց խաղալ իր քարերի հետ:

Մի ուրիշ անգամ ես տեսա Մահմեդին պպզել էր պատի տակ՝ ձեռին մի քանի հատ չորացած ծաղիկներ: Երևի պատերի արանքից էր պոկել: Տխուր, խորասուզված՝ նայում էր չորացած ծաղիկներին:

Այդ ի՞նչ է, Մահմեդ, էլի ի՞նչ ես մտածում, — հարցրի մոտենալով:

Ոչինչ՛, — նույն տխուր, խեղճ ձայնով պատասխանեց Մահմեդը. — ծաղիկնե՛ր են: Չորացա՛ծ ծաղիկներ:

Ինչպես երևում էր արևելյան մենակյաց դերվիշ էր, բառիս ոչ մասնագիտական իմաստով, Մահմեդը: — Արևելյան գեղջուկ իմաստուն, որին կալանավորները գժի տեղ էին դրել: — Արևելյան տխուր հայեցող, որի աշխարհի անհունությունից ու անէությունից ելք փնտրող հողին ծխվում էր դեպի երկինք, ինչպես հիմարացնող աֆիոն...

Այնինչ նրան միանգամայն հակառակ՝ բառիս առօրյա փողոցային իմաստով մի «գիժ» էր Ալին՝ 2526 տարեկան մի թուրք երիտասարդ, որ Ուղղիչ Տուն էր ընկել, ինչպես և Մահմեդը՝ գողության համար: Բարակ, միջահասակ, բոբիկ, միշտ ճղոտած շորերով, կեղտոտ երեսով ու քթով՝ հիմարական ժպիտը դեմքին: Մոտենում էր Հանկարծ, թևիցդ քաշում, կանգնեցնում, շեշտակի նայում երեսիդ ու ժպտում հիմարաբար, կարծես տնազ էր անում: Ու հանկարծ կրկին քաշում էր թևիցդ.

Ինձ հա՛ց տուր: Կամ.

Տո՛ւր ինձ 50 կոպեկ:

Եվ երբ զարմանք էիր հայտնումանսպասելի կերպով, բարձր, հիստերիկ ծիծաղով ծիծաղում էր հանկարծ: Թողնում էր քստմնելի տպավորություն, ինչպես ռուսական յուրոդիվիները:

Կալանավորները շատ էին սիրում ծիծաղեցնել նրան: Որ վայրկյանին էլ մոտենային ու ասեին.

Ալի՛ գյո՛ւլ,—

անմիջապես կբանար բերանը և հանկարծակի, առանց նախաբանի, կծիծաղեր, — բարձր, զիլ հիստերիկ ծիծաղով, որ անսովոր մարդու վրա կարող էր իսկական խելագարային ծիծաղի տպավորություն թողնել:

Անպայման աննորմալ էր նա, այդ Ալին, սակայն բավականին հեռու էր խելագարությունից: Կալանավորները սիրում էին նրան ծիծաղեցնել, հարցեր տալ, որոնց նա հաճախ բավականին սրամիտ պատասխաններ էր տալիս, — բայց չէին նեղացնում: Հաճախ հաց էին տալիս, ծխախոտ, — և ես ոչ մի անգամ չտեսա, որ նրան խփեն կամ հալածեն, ինչպես Արտաշ-թագավորին:

Երևանի Ուղղիչ Տանը, վերջապես, կար ևս մի կալանավոր, որ ամեն կերպ ձգտում էր խելագարի համբավ շահել, բայց կալանավորները համառ կերպով չէին հավատում նրան: Դա քառասունի մոտ, միջահասակ, լիքը, սև դեմքով ու աչքերով մի կիսագյուղացի էր, թերևս արհեստավոր, կամ գյուղական չարչի, որ սպանել էր կնոջը և Ուղղիչ Տուն բերվել՝ ձերբակալված հանցանքի վայրում: Ես Ուղղիչ Տանն էի, երբ նրան բերեցին: Չափազանց անհամակրելի, բոշայի սև դեմք ուներ, խոշոր, խուզած գլուխ, թողնում էր ծայր աստիճանի վանող տպավորություն: Բերեցին այդ կալանավորին, տարան մեկուսարանը, ուր պահվում էին քննության տակ գտնվողները: Մեկուսարանի պատուհանները դեպի բակ էին նայում: Մենք ներքևում պատահմամբ կանգնած զրույց էինք անում, երբ հանկարծ մեկը պատուհանից հատու կանչեց.

Անահի՛տ...

Վերև նայեցինք՝ այդ կալանավորն էր: Հենց այդ վայրկյանին նա բռունցքով փշրեց պատուհանի ապակիները: Մենք վեր վազեցինք: Հսկիչն այնտեղ էր, փորձում էր նրան բռնել, բայց չէր հաջողվում: Մենք որ ներս մտանք նա շուռ եկավ դեպի մեզ: Կրկին կանչեց.

Անահի՛տ...

Ի՞նչ է, ո՞ւմ ես կանչում:

Կնկա՛նս, Անահիտին... Չեն թողնի որ՝ էրթամ տեսնիմ... Ես կսեմ ջրի էր գնացե, կսեն թե մեռել է... Կսեն թե ես եմ սպանե...

Անահի՛տ...

Լա՛վ, ընչի՞ ես գոռում, — բարկացավ կալանավորներից մեկը: — Այդ կասկածելի կալանավորն սկզբից ևեթ չշահեց կալանավորների համակրանքը:

Ինչղ չբարկանամ օր՝ ջղայնանամ կը... Ընձի ինչի են բռնե՝ չեն թողնի էրթամ տուն՝ կնկանս տեսնիմ... Ես ի՞նչ եմ էրե օր... Անահիտը գնաց ջրի, տեյ հիմի պիտի գար...

Անահի՛տ...

Չոռ ու ցա՛վ, — բարկացավ միևնույն կալանավորը, — քո՛ւ Անահիտի... այստեղն ու այնտեղը...

Այո՛, սկզբից ևեթ այդ ավազակը չշահեց կալանավորների վստահությունը: Կալանավորները հոտառությամբ կարծես զգում էին, որ նա դիտմամբ է անում: Ամեն ինչ կարող էր դուր գալ կալանավորներին, բացի սիմուլյանտությունը:

Նրան փակեցին ներքևի մեկուսարանի կամերաներից մեկում, և այդ վայրկյանից օրվա ո՛ր պահուն էլ մոտենալու լինեինք՝ նրա պատուհանից կլսվեր.

Անահի՛տ...

Կանչում էր մի տեսակ բարկացկոտ, նեղսրտած, հրամայող շեշտով: Կարծես հե՛նց այդտեղ, հարևան սենյակում էր Անահիտը, բայց դիտմամբ չէր գալիս, որ բարկացնի: Վերջ ի վերջո նա այնքան ջղայնացրեց կալանավորներին, որ երբ դուրս էր գալիս մեկուսարանից հսկիչի ուղևորությամբ որևէ տեղ գնալու մոտենում էին նրան բարկացկոտ, արհամարհանքով ասում.

Տո , չե՞ս ամաչում... Քու Անահիտի...

Մեկմեկ էլ խփում էին գլխին, բայց ձայն չէր հանում: Առհասարակ վախենում էր կալանավորներից:

Մի անգամ էլ իմ ներկայությամբ մոտեցավ նրան մի կալանավոր և ասաց ականջին իբր թե գաղտնի, որպես ընկերական խորհուրդ.

Հերի՛ք է. ամոթ է, ահագին տղամարդ ես...

Իյա՛, ի՞նչ կենեմ օր, — Գողի պես մի կողմ նայելով, պատասխանեց այդ մարդը. — Անա՛հիտ...

Զահրումա՛ր, — բարկացավ կալանավորը և բամփեց նրա գլխին: Մյուսները զվարթ հռհռացին, թքեցին ու հեռացան:

Ու անունը դրին «Անահիտ»:

Սիմուլյանտ էր նա, թե ոչդժվար է ասել: Սակայն իմ կարծիքն էլ այն էր, ինչ որ մյուս կալանավորներինը: Վստահության չէր ներշնչում դեպի իր անձնավորությունը բոշայի կերպարանքով ու տափակ, կեղտոտ գլխով այդ մարդը: Բայց ո՞վ իմանա: Մինչև իմ Ուղղիչ Տնից հեռանալը շաբաթը մի անգամ նրան քննելու էր գալիս մի բժիշկ, նա էլ, կարծեմ, ավելի շատ մեր կողմն էր թեքվում, քան ընդու նում այդ աներապույր մարդու աննորմալությունը: Ի՞նչ որոշվեց վերջ ի վերջոտեղեկություն չունեմ:

Սակայն մինչև հիմա էլ ես հաճախ հիշում եմ նրա կանչըև դա ինձ միշտ մի տեսակ քստմնելի, անհաճո զգացմունք է պատճառում: Կարծես մի տեսակ կեղտոտ բանի ես քսվում, կամ լփռոտ, լորձունքոտ կենդանու...

Եվ հիմա էլ, երբ գրում եմ այս տողերը, ականջիս հնչում է նրա ձայնը.

Անահիտ...

XXI. Վերջին օրերս Երևանի Ուղղիչ Տանը. Ասլան-բիձի տետրակները, Սուրենի պիեսը, «Նռան հատիկները» և երեք «խուժանները»-իմ երեք եղբայրները

Անձնական տեսակետից Երևանի ուղղիչ տանն անցկացրած իմ վերջին օրերը նման էին մի ծանր, աներևակայելի կաշմարի: Իմ հոգեկան կացության տեսակետից: Երևակայեցեք, որ այնքան էլ ուրախ մտքեր չեն կարող շրջագայել մարդուս ուղեղում, երբ նա իրերի այս կամ այն բերումով ընկած է Ուղղիչ Տուն, փակված չորս պատերի մեջ, ստիպված է ապրել լյումպենռեցիդիվիստների շրջանում, իսկ Ուղղիչ Տնից մի քանի քայլ անդին երևում են գերեզմանատան քարերը, ուր մի փոքրիկ հողաբլրի ներքո հանգչում է քո ամենասիրած մարդու, հերոսական բարեկամի, քո կնոջ, ընկերոջ աճյունը... Այո՛, ուրախ մտքեր և բարձր տրամադրություն մարդ չէր կարող ունենալ այդպիսի անձնական պայմաններումև իմ վերջին օրերը Երևանի Ուղղիչ Տանը նման էին զարհուրելի կոշմարի...

Սակայն անձնական այդպիսի ծանր կացության, համարյա խելագարային այն մշուշի միջից ինձ այսօր պատկերանում են մի քանի դեմքեր ու դեպքեր, որ Ուղղիչ Տանն անցկացրած իմ վերջին օրերի ամենացայտուն հիշողություններն են, անմոռանալի դեպքերը: Դրանց մասին է ահա, որ ես կուզեի գրել իմ հիշողություն ների գրքի այս վերջին հատվածում:

Մի անգամ, Ուղղիչ Տնից դուրս գալուցս մի քանի օր առաջ, գլխիկոր շրջում էի քրեական կորպուսի միջանցքում, երբ իմ դեմ ելավ, ծառացավ իր ամբողջ վիթխարի հասակովԱսլան-բիձեն: Եթե հիշում եք՝ սա այն, արդեն բավականին ծերացած, բանդիտն էր, որ սարերն էր ընկել իր զարմանալի կնոջ զարմանալի սիրո շնորհիվ, մի քանի տարի ղաչաղության արել և ապա ընկել Ուղղիչ Տուն, ուր և գրագետ էր դարձելայդ գյուղացի բանդիտը: Նա արդեն ծերացած, անշառ մարդ էրև Կենտգործկոմը նրան ներումն էր շնորհել: Հնգե՛ր Չարյանց, մին խնդիրք ունեմ ձեզանից,— ասաց ինձ Ասլան-բիձեն ու խեղճ, նվաստացած ժպտաց:

Ասա՛, Ասլան-բիձա:

Այդտեղ ես նկատեցի, որ Ասլան-բիձեն ձեռին բռնած ունի մի քանի տետրակներ, որոնց և նայում է շուտ-շուտ:

Ես մին հալիվոր մարդ եմ, — ասաց Ասլան-բիձեն,-ո՛չ ժառանգ ունեմ, ո՛չ գերդաստան... Հենց ե՛ս եմ որ կամ էս աշխարքումս... Հի՛նչ որ ունեմհենց է՛ս ա որ կա ինձանից ժառանգութեն...

Եվ Ասլան-բիձեն մեկնեց ինձ իր տետրակները:

Ըստի ես գրել եմ իմ պատմութենը...Հենց ամբողջը գրել եմ հի՜նչ որ կա՝ գրել եմ... ձեզսանից խնդրվում եմ պահեք էս ինձանից ժառանգութեն, որ Ասլան-բիձի անումը էս աշխարքից չկորչի... Հենց ե՛ս եմ ու էդէլ ո՛չ ժառանգ ունեմ, ո՛չ հարստութին...

Նայեցի Ասլան-բիձին՝ լացի պես, մի բան խոնավացրել էր աչքերը: Երևում էր, որ թեկուզ ազատվում է, բայց տխուր է այդ Մարդը, այդ հալիվոր բանդիտը,— մահո՛ւ չափ տխուր:

Լա՛վ, Ասլան-բիձա, տո՛ւր ինձ՝ կպահեմ քո ժառանգությունը,— ասացի ես Ասլան-բիձին, և նա տվեց ինձ իր տետրակները: Դեղին կողերով, մի փոքր խունացած, վեց հատ տետրակներ էին դրանք՝ բոլորն էլ խիտ լցրած ծուռ, խառը, բարակ գրերով, որոնք հիշեցնում էին նոր սովորող երեխայի գրեր:

Շա՛տ շնորհակալ եմ քեզանից,— ասաց Ասլանբիձեն. — դե, մնացեք բարով...

Եվ Ասլան-բիձեն սեղմեց իմ ձեռքը, կարոտով մի հայացք գցեց իր տետրակներին ու գնաց:

Երևանի Ուղղիչ Տան կուլտբաժնին ես հանձնեցի դեղին, մի փոքր խունացած, մանկական գրերով լցրած այդ տետրակները, որոնց մեջ Ասլան-բիձեն գրել էր իր կյանքի պատմությունը: Եթե ձեզանից մեկն ու մեկը գնա Երևանի Ուղղիչ Տունը և մտնի կուլտբաժին՝ այնտեղ ձեզ ցույց կտրվեն Ասլան-բիձի այդ դեղին, խունացած տետրակները:

Այդ օրերին էր կրկին, երբ մի անգամ բակում բռնեց ինձ Սուրենը, այդ բարակ, գունատ երիտասարդը, Նիկոլի ու Խաչիկի ըն՞կերը, ամոթխած ժպիտը դեմքին նա ևս պարզեց ինձ բարակ մի տետրակ և, մի կողմ նայելով, ասաց.

Սա իմ պիեսան է, այստեղ եմ գրել: Եթե ժամանակ կունենաք կարդացեք:

Ու առանց պատասխանի սպասելու հեռացավ:

Դա կապույտ կողով մի աշակերտական տետրակ էր, ընդամենը տաստասներկու թերթից: Շապիկի վրա գրված էր պիեսի անունը և հեղինակի ազգանունը: Բաց արի և սկսեցի կարդալ: Գործող անձինք երկուսն էին՝ Ֆրիդրիխը և Ֆրանցը: Դիալոգն սկսվում էր նրանից, որ նրանք, այդ երկու ավազակները, Ֆրիդրիխն ու Ֆրանցը մեղադրում էին իրար լավ ընկերներ չլինելու և իրար դավաճանելու համար: Ապա պարզվում էր, որ նրանք մի շատ հաջող «գործ» են կատարել և այժմ չգիտեն՝ ո՞նց բաժանեն ավարը, որպեսզի երկուսն էլ խաբած չլինեն իրար: Պիեսը վերջանում էր նրանով, որ վերջ ի վերջո բավականին հասարակ ձևով երկուսն էլ թունավորում են իրարինչպես այդ լինում է բոլոր լուբոկային-բարոյախոսական լեգենդներում ու պատմվածքներում: Սակայն ի պատիվ Սուրենի: Հարկավոր էր ասել, որ դիալոգները սարքած էին բավականին սահունթեկուզ այդ, մյուս կողմից, կարող էր և ապացույց ծառայել, որ հեղինակին բավականին ծանոթ է Ֆրիդրիխի ու Ֆրանցի հոգեբանությունը...

Բայց և այնպես այդ գունատ երիտասարդը իր գունատ տետրակով իմ վրա բավականին հաճելի, մի փոքր լիրիկական տպավորություն թողեց: Եվ ես երբևիցե դժվար թե մոռանամ այդ գունատ մորֆինի ստի դեմքը ու գունատ այդ տետրը, որի մեջ միամիտ ջրի ու երշիկի միջոցով միաժամանակ թունավորում էին իրար կեղծ կլասիկ ավազակներ Ֆրիդրիխըն ու Ֆրանցը...

Տետրակը տալուց երկու որ անց կրկին ինձ մոտ եկավ Սուրենը, բայց ո՛չ տետրակը հետ վերցնելու գործով:

Ընկե՛ր Չարենց, — ասաց նա ինձ միշտ մի կողմ նայելով ու ամոթխած, զուսպ ժպտալով. — ձեզ մի խնդրանք ունեմ՝ խնդրում եմ չմերժեք...

Ասա՛, Սուրեն:

Խնդրում եմ խնդրեք պետի՛ն, որ թույլ տա ինձ ու Խաչիկին գնանք Էջմիածին Նիկոլի հետ աշխատելու: Գնանք մանտյորություն սովորենք:

Լա՛վ, կխնդրեմ: Կարծում եմ կթույլատրի, եթե խոսք եք տալիս, որ ձեզ լավ կպահեք:

Ինչ եք ասում, ընկեր Չարե՛նց, — ասաց նա լուրջ ու տխուր. — այսպես որ մնացինք ի՞նչ է լինելու մեր վերջը... Հիմա իմ նպատակն է մանտյորություն սովորել ու ապա, ազատվելուց հետո, գնալ Լենինական այդ գործով պարապվելու... Մորս էլ հետս կտանեմ ու միասին կապրենք...

Գունատ դեմքին կարոտանք ու թախիծ կար, երբ նա ասում էր այդ խոսքերը: Այդպիսի թախիծ է լինում երիտասարդ թոքախտավորների դեմքին, երբ նրանք սանատորիաների պատշգամբներում նստած՝ երազում են գարուն, կյանք, հնչուն, գարնանային աղջիկներ ու գարնանային արև..

Մի քանի օր անց Սուրենը և Խաչիկը գնացին Էջմիածին աշխատելու: Այնտեղ աշխատում էր մեր կալանավոր, մանտյորների արտելը, և մենք շուտով լսեցինք, որ Սուրենն ու Խաչիկը ցույց են տալիս մանտյորական ամենայն եռանդ և ընդունակություններ:

Վերջին օրերին երեկոները հաճախ մեր կամերան էր գալիս Գուրգեն անունով մի կալանավոր: Լենինականցի էր, իսկական հին գյումրեցի, հարբեցող, բայց առաջնակարգ վարպետ ոսկերիչ:

Ուղղիչ Տանը նա ոսկերչական արհեստանոց ուներ և ամբողջ ժամանակ աշխատում էր արհեստանոցում: Դատապարտված էր, պատահական սպանության համար, տասը տարվա կալանքի: Սկզբի անգամից չգիտեմ ինչու նա շահեց իմ համակրությունը: Գյումրվա լոթիական տրադիցիաներով մեծացած, էապես շատ ընկերական ու աշխատասեր մարդ էր, որ դժբախտության էր հասել բացառապես հարբեցողության շնորհիվ: 3035 տարեկան, միջահասակ, աշխատանքից այրված դեմքով, մեքենայով խուզած մազերով: Ուներ խոսելու ու պատմելու չափազանց պատկերավոր, յուրօրինակ ձև:

Մի անգամ երեկոյան ինչ-որ նման նյութերի շուրջը դարձող զրույցի ժամանակ մեր կալանավորներից մեկը, որի երեխան հենց այդ պահին մահացել էր գյուղում, այն միտքը հայտնեց, թե երբ ազատվի ու գնա գյուղ պետք է բաց անել տա գերեզմանը, որ մի անգամ նայի, կարոտն առնի:

Էդի բանը չանե՛ս, մեռնի՛ս էլ չենե՛ս, — անհանգիստ վեր թռչելով տեղից և շուռ գալով նրա կողմը, վախեցած բացականչեց Գուրգենը. — էդև հիվանդություն գուքա վրեդ՝ էլ ազատվելիք չկա...

Ո՞նց թե, — հարցրեց զարմացած:

Հըբը՞ ես իշտը էդպես դարձա, երբ օր հերս մեռավ... Հորս շատ կսիրեի՝ ինիկ ամենաթանկ բանն էր ընձի համար: Մի անգամ հարբած գնացի, բացի գերեզմանը իդտից հետև վրես սեր ընկավ, էլ ձեռք քաշել չկրցա... Իդիկ տեսակըմ սեր է, Մեռելի սեր... Գիշերները կերթայի գերեզմնները կքնեի: Թեզ թեզ կբանայի գերեզմանը՝ կաշեի... Իդիկ գիտե՞ս ինչղ կեղնի...

Ի՞նչղ...

Մեռնելեն իրեք շաբաթ էդև օր էրթաս բանաս վրեն ճերմակ սալանդոստի պես բան կեղնի էկած. իդիկ պիտի հանես, որ նոր էրևա էրեսը... էրեսն էլ լխկած կեղնի` իչըղ օր մեջը ջուր լցած: Ես էնպես սեր ունեի աշելու, որ հեչ բան չէր օգնե: Երկու օր օր չաշեի՝ խելռածի պես կեղնեի... Հընգերներուս հետը դահուլ-զուռնով կերթայի գերեզմընները կբանայի գուլայի... էդև օր ձեռք քաշեմ իդի բանեն վրեն քար քաշել տվի, հըմը էլի չօգնեց: Հիմի էլ կողքեն կփորեի կհանեի: Մի անգամ էլ փորի, գլուխը գուզեի քիչըմ առաջ քաշեմ՝ պոկվավ, ձեռքս մնաց... Հանի դրի քարին... Մեջեննռի հատիկները գիտե՞սէդպես կարմիր ճիճուներ թափան... Ինչըղ որ նռի հատիկ... Իշտը իդո՛նք են մեռելներուն ուտողը...

Սարսափած մենք նայում էինք Գուրգենին, և մեզ զարհուրելի զառանցանք էր թվում նրա այդ կոշմարային պատմությունը: Մեռելներին, մանավանդ սիրելի մեռելներին, մենք սովորել ենք ու սիրում ենք պատկերացնել լուսավոր, անմարմին ու սրբացած, ինչպես նրանց հիշատակը: Նույնիսկ այնտեղ, դագաղում՝ մենք պատկերացնում ենք նրանց ննջած խաղաղ, եթերային քնով՝ դեմքերին տխրություն ու ժպիտ, հրաժեշտի խաղաղ տխրություն ու հեռացման իրիկնային ժպիտ: Մարդկային այս սրբազան նախապաշարմունքի նվիրական լեգենդն էր ոտնակոխ անում իր կոշմարային ռեալիզմով այդ քիմերային Գուրգենըև դա թողնում էր ծայր աստիճանի ծանր, ճնշող, քստմնելի տպավորություն...

Այդ գիշեր մինչև լույս ես չքնեցի և անհանգիստ շրջում էի քրեական կորպուսի վերի միջանցքում, և կյանքը, աշխարհը, երկինքն ու արեգակը, այն ամենը, ինչ որ պայծառ է ու գեղեցիկ մեր այս վայրկենական կյանքումինձ թվում էր ճերմակ, քստմնելի, խունացած «սալանդոստ»՝ իջած «նռան հատիկների» նման կարմիր ճիճուներով վխտացող իմ ուղեղի վրա...

Վերջապես վերջին հիշողությունը, որ մնացել է իմ մտքում այդ վերջին օրերից այն երեք չարաճճի, ցրտից այրված դեմքերով ու սև, պսպղուն աչքերով «խուժաններն» են, որոնց մի ցուրտ երեկո կայարանի ճանապարհին հավաքել էր մեր պետը, դրել կառք և բերել Ուղղիչ Տուն: Երբ ես գնացի այդ «խուժաններին» տեսնելու նրանք արդեն քնել էին գրասենյակում, վառարանի մոտ, և նրանց փոքրիկ, կեղտոտ, բայց չափազանց հաճելի դեմքերին արդեն խաղաղ հանգստանում էր փողոցի ցրտից հետո տաք վառարանի պարգևված անհուն երանությունը:

Մեծ ուրախություն և հաճույք պատճառեցին Ուղղիչ Տան բնակչությանը այդ երեք «խուժանները»: Նրանք երեքն էլ ութից-տաս տարեկան, բայց համարձակ, արդեն կյանքի հսկայական փորձ ունեցող, խելքները գլխներին «տղամարդիկ» էին, որ եթե փողոցում մնային պիտի դառնային անշուշտ գողեր ու ռեցիդիվիստներ: Վալոյին, Խուժան-Խաչոյին, Մաչոյին ու Հյուսեինին «հաջորդողներն» էին դրանք, հանցագործ աշխարհի կադրերը լրացնելու եկող «պիոներները»...

Երբ առավոտյան ես նրանց նորից տեսա հարցրի.

Էս ի՞նչ տեղ եք ընկել, գիտե՞ք, թե չէ:

Երկուսը, հասկացող մարդկանց հեգնական ժպիտով, վերից վար ժպտացին, իսկ մեկը, ամենափոքրը, պատասխանեց.

Տուրմե՛ն է–—

Այդ օրը նրանց նոր շորեր հագցրին և տեղափոխեցին Ուղղիչ Տան խոզաբուծարանը, որ գտնվում էր մեր շենքի դիմացը: Հին կալանավորական շորերից մի գիշերվա ընթացքում փոքրացրին ու ծիծաղելիխոնթոշ զգեստներ կտրեցին նրանց համար Անուշն ու Մարգարիտը: Նրանք ապրում էին ծառայողների սենյակի մի անկյունում և գոհ էին իրենց վիճակից: Պետը հարց էր հարուցել, որպեսզի նրանց մանկատուն ընդունեն, բայց գործը ձգձգվում էր: Ես նրանց այդտեղ էլ թողի, այդ երեք փոքրիկ «խուժաններին» Ուղղիչ Տան վերջին օրերիս երեք այդ իմ փոքրիկ ընկերներինիմ երեք եղբայրներին...

1927

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 Следующая Конец