Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

«Մանրուքի խանութ. Պողոս Կոլոպոտյան» — «Գինի, արաղ, կոնյակ. Համբարձումով Նիկոլայ» (սա իր բավականին ընդարձակ փորի պատճառով քաղաքում կոչվում է Բոչկա Նիկոլայ) — «Դագաղագործ, ընդունում եմ պատվերներ. Ենոք Կարապետյան» (սա հենց ինքն է՝ Մեռելի Ենոքը) — «Ճաշարան «Եվրոպա». Եգոռ Արզումանով» — և էլի մանրավաճառ, կոշկակար, մանրավաճառ, վարսավիր, մանրավաճառ, մանրավաճառ և հանկարծ — «Դեղատուն Ժգենտի» — ու էլի՝ մանրավաճառ, ու էլի՝ մանրմունր խանութներմինչև կայարան:

Կանուխ, մութլուսուն, բացվում են խանութներն իրար ետևիցու ծույլ, դանդաղ, միապաղաղ սկսվում է քաղաքի գործնական եռուզեռը գործնական առօրյան:

Սովորաբար առավոտվա այդ վաղ պահերին մայթերը բավականին դատարկ են լինում, այնինչ փողոցի մեջտեղով, խառն ու բազմերանգ, հոսում են բավականին ստվար բազմություններ: Անցնում են փողոցի մեջտեղով՝ սայլեր, ոչխարի և տնային այլ անասունների բազմագլուխ նախիրներ, մշակներ, որ մեծ խմբերով գնում են քաղաքից դուրս երկաթուղագծի վրա աշխատելու, գյուղացիներ, որ գյուղական այլ և այլ բարիքներ են բերում քաղաքում վաճառելու: Սայլերի, նախիրների և գյուղացիների այդ խուռներամ հոսանքը հոսում է Լորիս Մելիքյան փողոցի մեջտեղով դեպի մեյդանը, այսինքն շուկան, որ գտնվում է փողոցի և կայարանի մեջտեղն ընկնող այն դաշտանման տեղում, որ տեղացիների լեզվով կոչվում է «գյոլ», կամ «լիճ», որովհետև գարնան սկզբին այդտեղ է հավաքվում բլուրներից հոսող ջուրը, որը և մնում է այդտեղ լճացած, մինչև որ չորանա: Անցնում են, անցնում են. առավոտները հաճախ մշուշ է լինում, — ու մշուշի միջից դանդաղ առաջացող, կարծես մշուշից ելնող սայլերից, նախիրներից ու գյուղացիներից կազմված հորդածոփ այդ հոսանքը արժանանում է իրենց խանութների առաջ նստած կամ կանգնած, գնորդի սպասող խանութպանների զանազան նկատողություններին: Պետք է ասել, որ առավոտվա այդ կանուխ պահերին, երբ գյուղերից եկած հոսանքը դեպի մեյդան է շտապում, փողոցի երկու կողմը շարված խանութները շատ չնչին ուշադրության են արժանանում դեպի մեյդան շտապող գյուղացիների կողմից, վերջը, կեսօրից հետո, երբ իր բարիքը ծախած գյուղացին ետ դեպի գյուղ է շտապում նույն Լորիս Մելիքյան փողոցովայս անգամ ոչ թե մեջտեղով, ինչպես այդ վայել է սայլերին ու նախիրներին, այս մայթերի վրայով,— այդ ժամանակ միայն եռում, կատաղի ճակատամարտի տեսք է ստանում մանրուքի խանութների առևտուրը: Իսկ մինչ այդ, մանավանդ առավոտյան այդ վաղ պահերին, երբ նոր է սկսվում գյուղացիների հոսանքը դեպի մեյդան, — նաիրցի խանութպանները խաղաղ նստած են լինում իրենց խանութների առաջ և փողոցի մեջտեղով դանդաղ առաջացող եռուզեռին նայելով հաղորդում են իրար իրենց պատահական մտքերն ու տպավորությունները: Օրինակ, — «Ան օչխարը, նայե՛. մեկ փութ դմակ կախված է ետևեն» — ասում է Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը ղահվեճի Սեթոյին: « — Ես յաղլու մը կլլած եմ առտուս-տեղի-անտեղի պատասխանում է ղահվեճին, ինչպես երևում է, բոլորովին տարբեր տրամադրություններով տարված: Եվ Հաջի Օնիկ էֆենդին, միանգամայն բավարարված այդպիսի մի պատասխանով, լռում է խորհրդավոր և շարունակում է նայել փողոցով անցնող սպիտակ ոչխարների ծանր դմակներին: Ղահվեճին, որ ընդհանրապես սիրում է խոսակցությունը, ուզում է զրույց սկսել քաղաքի նորությունների մասին, բայց Հաջին, նկատե՛լով փողոցի ծայրից առաջացող իր երեխային, որ ամեն առավոտ իր համար հաց ու պանիր է բերում տնից (շաքար խանութում կա) — մտնում է իր խանութը թեյելու: Ղահվեճին, մենակ մնալով, մտածում է ինքն էլ մտնի իր խանութը թեյելու, բայց այդ պահուն կոշկակար Սիմոնը դուրս է ելնում խանութից և ձեռքը մեկնելով նրան՝ «Բարի լույս, պ. Սեդրակ» — ասում է քաղաքավարի: « — Գիշերս լա՞վ ես քնե» — հարցնում է կոշկակար Սիմոնը Ղահվեճի Սեթոյին: Շատ քաղաքավարի երիտասարդ է կոշկակար Սիմոնը և միակն է քաղաքում, որ «պ. Սեդրակ» է անվանում ղահվեճի Սեթոյին: Ուստի և այս վերջին հանգամանքից չափազանց զգացված «Աղեկ եմ» — պատասխանում է, ժպտալով, ղահվեճի Սեթոն. « — առավոտ յաղլու մը կլած եմ, ըստ սովորության»: — «Անուշներ» — կտրուկ կտրում է Սիմոնը և նորից մտնում է խանութը՝ թողնելով անուշ հիացմունքի մեջ ղահվեճի Սեթոյին: «Ի՞նչ կըսեր էլի Կլուբի մեյմունը» — յուղոտ ժպիտը դեմքին, դանդաղ մոտենալով, հարցնում է վարսավիր Վասիլը: « — Գործ չկա՞պատասխանում է հորանջելով ղահվեճի Սեթոն, և երկուսը միասին, տխուր-տխուր աչքերով, սկսում են նայել փողոցի մեջտեղով անցնող անասուններին ու գյուղացիներին: «Ես չեմ հասկնար, թե դուն ինչո՞ւ չես հարգեր սապռոժնիկ Սիմոնը» — ասում է ղահվեճին. « — ես անոր ոտքերը ունենայի նեհիմա սանկ թխլիկ կնիկ մը տունս նստած կլլար. սատանայի պես կպարե շանորդին...»: «Չի ըսե՝ մեյմունի պես, կըսե սատանայի» — լինում է վարսավիրի կտրուկ պատասխանը: Ղահվեճին վիրավորվում է իր մեջ, բայց վախենում է վարսավիրի հեգնող լեզվից և ոչ մի բառով կամ ակնարկով չի արտահայտում իր դժգոհությունը. «Ինչ կըհասկնա այդ աղտոտ ուշազբաղը» — հայհոյում է մտքում վիրավորված ղահվեճին և մի վախլուկ ժպիտ սահեցնելով դեմքին՝ մտնում է խանութը: Եվ այս պատմությունը կրկընվում է ամեն օր համարյա, ամեն առավոտ: «Վատ, չարախոս լեզու ունի աշաղբազ պերպերը» — մտածում է, խանութի մի անկյունը նստած, ղահվեճի Սեթոն:

Արևը կամաց-կամաց սկսում է բարձրանալ, և ահա մյուս, ոչ խանութպան, քաղաքացիները ևս ելնում են տներից և մայթերի վրայով գնում են՝ մի մասը «պրովիզ» գնելու, մի մասըգործի: Պաշտոնյաները շտապում են պաշտոնատեղի, պ. Մարուքեն շտապում է դպրոց: Խանութներում գործը հետզհետե սկսում է եռալ, և գուցե միայն դագաղագործը և «Եվրոպա» ճաշարանի տնօրեն Եգոռ Արզումանովն են հիմա, անգործ նստած իրենց խանութների առաջ, ձանձրույթից հորանջում: Սակայն նրանք էլ կամաց կամաց սկըսում են զբաղվել, դագաղագործը ձանձրույթից ձանձրացած՝ սկսում է թղթե արծաթազօծ հրեշտակներ կպցնել դագաղների վրա, իսկ դուքանչի Եգոռը մի բավականին մաքուր սրբիչ վերցնելով սկսում է ճաշարանի սեղանները սրբել: Սրբում, սրբում է դուքանչի Եգոռը և շվվացնելով «Վասադուլի» ռուսական երգը, մտածում է, որ հարկավոր է մի մեծ քաղաք տեղափոխվելՌաստով կամ Կատինդարև այնտեղ կարգին «ստալավո» պահել: Եվ հանկարծ, ինքն էլ չգիտե ինչու, հիշում է, որ ղահվեճի Սեթոն մի անգամ բարեկենդանին մի ֆունտ լվացքի սապոն միանգամից կերավ՝ տասը ռուբլի գրազի համար: Թյո՛ւ քու գալած Ճամփեն...» — զզվանքով հայհոյում է Եգոռ Արզումանովը և սրբիչը մի կողմ նետելով՝ ելնում է փողոց:

Այդ նույն վայրկյանին պ. Մարուքեն մտնում է վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ածիլվելու: Ամեն օր դպրոց գնալուց առաջ անպայման ածիլվում է պ. Մարուքեն: Ահա թե ինչու վարսավիր Վասիլը մի առանձին հարգանք է տածում դեպի պ. Մարուքեն, ածիլելիս այնքան է մոտեցնում իր արաղահոտ շրթունքները պ. Մարուքեի այտերին, որ միանգամայն հավանական է դարձնում ղահվեճի Սեթոյի կասկածները վարսավիրի բարոյականի նկատմամբ: Պ. Մարուքեն, իհարկե, երիտասարդ չէ, երեսուն-երեսուներկու տարեկան կլինիթեպետ, մյուս կողմից դեմքը թուխ է, հաճախ սափրվելուց և պուդրա գործածելուց այտերը հաճելի քնքշություն են ստացել, իսկ քթի ծայրը համարյա միշտ կարմրած է լինում հարբուխից կամ օղուց:

«Խորին հարգանքներս պ. Մարուքեին» — ասում է վարսավիր Վասիլը, գլուխ տալով, երբ պ. Մարուքեն թեթև գլխով է անում և լուրջ, սփրթնած դեմքով նստում է հայելու առաջ: Աչքերը փակում ու, ծույլ, փափկաթոռի մեջ ընկղմած, սպասում է, մինչև տաք, կակուղ խոզանակը, սապոնոտ սահելով քսվի դեմքին և իր այտերի վրա շոգ, տաք զգա վարսավիր Վասիլի արաղահամ շնչառությունը»

«Զգույշ» — բարկացած վեր է թռչում պ. Մարուքեն, երբ վարսավիրի տաք շրթունքները համարյա քսվում են նրա դեմքին: «Ինչ գռեհիկ են այստեղի վարսավիրները» — տխուր մտածում է պ. Մարուքեն: «Ուրիշ բան է, օրինակ, Եվրոպական քաղաքներում կամ, թեկուզ, Ռուսաստանում: Այնտեղ մարդիկ քաղաքավարի, մաքուր են ավելի, այնպես են ածիլում, որ հաճույք ես զգում: Իսկ պ. Վասիլը... նու, քիչ է մնում բերանդ մտնի, հիմար, գռեհիկ նաիրցի...»:

«Անուշներ» — ասում է պ. Վասիլը, երբ, մազերը սանրելուց հետո, սպիտակ սրբիչով մաքրում է պ. Մարաքեի դեմքի պուդրան և խոզանակով սկսում է նրա օձիքը մաքրել: «Էսօր աչքիս քիչ տխուր կերևաս, ի՞նչ է պատահե՞հարցնում է վարսավիր Վասիլը խորամանկ ժպտալով. — «Առանձին բան չկա» — խռպոտ, լուրջ ձայնով պատասխանում է պ. Մարուքեն և գլխարկը վերցնելով շտապում է դպրոց:

Մարդիկ անցնում են դանդաղ, անշտապ անցնում են մարդիկ, կանայք, երեխաներելել են փողոց, որ գնան պաշտոնի, գնումներ անելու, բաղանիք, գործի: Բաղանիք, ասենք, առավոտվա վաղ ժամերին միայն կանայք են գնում Նաիրյան այդ փոքրիկ քաղաքում, քաղաքում կա միայն երկու բաղանիք, երկուսն էլ ասիական, թեկուզ մեկի անունն է «ճերմակ», որովհետև նրա պատերը սպիտակացրած են կիրով, — իսկ մյուսը, որ մեչիտի նման ձմերուկաձև գմբեթ ունի, կոչվում է «Ֆանտազիա բաղանիքառանձին համարներով»: Ընդամենը երկու համար ունի այդ Եվրոպականացրած բաղանիքը, բայց դրությունը դրանից, իհարկե, չի փոխվում, համարներում գնում են լողանալու քաղաքացիներից միմիայն-առաջին քաղաքամասի պրիստավը, նրա կինը, աղջիկները, էլի մի քանի պաշտոնյա ռուսներ և մեկ էլ հայտնի մանուֆակտուրիստ Հաջի Օնիկ աղա Մանուկոֆը, նա էլ, լինելով հմուտ անգլիագետ, համարները գերադասում է ընդհանուր լողարանից: — «Ինչ կընես ըրեմարդ չի տեսնար՞ասում է նա այդ առթիվ, թեկուզ մեզ արդեն ծանոթ ղահվեճի Սեթոն նրա մասին էլ, ինչպես և վարսավիր Վասիլի մասին, ունի առանձին կարծիք: «Հաճի Օնիկ աղան չի ուզեր հարևանները տեսնեն, որ ինքը դեղին սապոնով կլողնա» — ասում է նա:

Առավոտվա այդ վաղ պահերին բաղանիք են գնում, ինչ՛պես ասացինք, բացառապես կանայք, որովհետև քաղաքում գտնվող երկու բաղանիքներն էլ, առանց բացառության, մինչև ցերեկվա ժամը չորսը բաց են` կանանց, իսկ չորսից հետոտղամարդկանց համար: Բաղանիք այդ քաղաքում կանայք գնում են առանձին մի շուքով, կարծես գնում են ծիսակատարության: Գնում են, ընդհանրապես, մի քանի ազգականկանայք, աղջիկներ և երեխաներ միասին, մենակ ընդունված չէ բաղանիք գնալ Նաիրյան այդ քաղաքում: Առջևից, գնացքի ավանզարդը կազմելով, գնում է սովորաբար գզգզված մի մշակ շալակին պղնձե մի մեծ ջրաման, որի մեջ դրված են լինում պղնձե կլոր թասեր, փայտե նալըններ, սանր, սապոնմի խոսքով լողանալու զանազան պարագաներ: Եթե ընտանիքում ծծկեր երեխա է լինումնրան էլ սովորաբար գրկում է նույն մշակը, որի երկու կողքից հաղթական քայլերով արշավում են երեխաները, տղաներ ու աղջիկներ, տղաներըմինչև յոթը տարեկան, իսկ աղջիկների համար տարիքը նշանակություն չունի: Երեխաների համար առանձին օրենք է ընդունված Նաիրյան բաղանիքներում, ընդունված է կանանց հետ բաղանիք թողնել մինչև յոթը տարեկան տղաների, բայց եթե ընտանիքում, որ բաղանիք է գնում, հիվանդ է տասնևմեկ տարեկան մի տղանրան էլ մայրն իրավունք ունի հետը բաղանիք տանելու, հո չի կարող հիվանդ երեխան տանն սպասել և անլվա մնալ: Այսպիսի բաղանիքային կարգեր կան, հնուց մնացած, Նաիրյան այդ քաղաքում:

Եթե ամառ է, աշուն, մի խոսքովմրգի ժամանակ՝ բաղանիք գնացող ընտանիքի հայրը, լինի նա վարսավիր Վասիլը, թե Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը կամ դուքանչի Եգորըցերեկվա տասներկուսին մոտիկ պետք է բաղանիք ուղարկե, լողացող ընտանիքին նվեր՝ ձմերուկ, սեխ, խաղող կամ խնձոր, և դա սովորաբար արվում է հրապարակով, բոլորին ի տես, մանավանդ երբ բաղանիք է գնացած լինում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի հանըմը՝ երեխաներով հանդերձ: «էսօր էլի Հաջին բաղանիք է ղրկե Նունուֆար հանմին» — ասում են հարևանները քմծիծաղ: «Խեյր էղնի՞ասում է այդպիսի օրերին Եգոռ Համբարձումովը, «Եվրոպա» ճաշարանի տերը, Հաջի Օնիկին. «էսօր հաջին մեզ մոտ պիտի ճաշե, լավ բոզբաշ եմ շինել տվե, իսկական դամաշնի՝ սլամխլորով ու սոխով»: Բայց Հաջին չի սիրում ընտանիքից դուրսճաշարաններում ճաշել, երբ տնից ճաշ չեն ուղարկում, նա յոլա է գնում հացով ու պանիրով, իսկ եթե մրգի ժամանակ է՝ սիրում է ձմերուկ կամ սեխ ունենալ մսի փոխարեն: «Շատ բան պետք չէ մարդո՛ւ մը կշտացնելու համար» — մտածում է Հաջին. — « — Սնգլեթերում լորտերը սև հացով կբավականանան, սակայն այդ հանգամանքը չի խանգարեր անոնց, որ անոնք ըլլան ազնիվ ու հայրենասեր»: — Եվ հարևանները, չնայած որ բնավ չեն էլ մտածում հավատալ, որ լորդերը Անգլեթերում սև հաց են ուտում, — այնուամենայնիվ հավանություն են տալիս Հաջու խոսքերին: «Մարդս ինչով ասես կարող է կշտանալ, մանավանդ Հաջի Օնիկ էֆենդին» — մտածում են նրանք:

Երբ արևը բավականին բարձրանում է վեր և կեսօրից սկսում է դեպի արևմուտք թեքվել, Լորիս Մելիքյան փողոցի վրա գտնվող խանութներում գործնական եռուզեռը հասնում է իր գագաթնակետինՀաջին շուկայից վերադարձող գյուղացիներին մանուֆակտուրա, շաքար, փոշիներ է ծախում, վարսավիր Վասիլը սափրում է ու խուզում, «Եվրոպա» ճաշարանում բորշ են սկսում ուտել զինվորներն ու գյուղացիները, իսկ մանրավաճառները շունչ քաշելու անգամ ժամանակ չեն ունենում: Ասեղ, թել, կողպեք, քառորդ ֆ. սպիտակ հալվա, ֆուրգոնի մազութ, Լապշինի լուցկի, — գնում են, գնում են, ում ինչ հարկավոր է օրվա համար, և ծախում ու հարստանում ենԿոլոպոտյանը, Հարդար Հովհաննեսի տղան, որ հիմա մանրուքի խանութ ունի, Քաչալ Թաթոսը, Կաթոլիկ Սիմոն աղան և մնացած չարչիներն ու խանութպանները. — խեղճ Արոմարշն է միայն, որ անգործ, աչքը խանութի պատերից կախած Եվրոպական գույնզգույն հագուստներին հառած, սպասում է գնորդի: Երևի նաիրցիները չեն հասկանում, որ ինչպես իր ցուցանակի վրա գրված, այնպես էլ իրեն կըպցրած ֆրանսերեն «Աբոն մարշե»-ն ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչբարի գալուստ, — մտածում է նա: — Եթե այդ հասկանային, գոնե ներս կմտնեին, գնելը դեռ մի կողմ: Պետք է ցուցանակները ռուսերենի վերածելորոշում է նա մտքում և սկսում է իր նոր ցուցանակի համար մի հարմար անուն մտածել:

Տասներկուսից տաս անց երկրորդ դասն արդեն վերջացրած լինելով քաղաքի ծխական դպրոցի ուսուցչանոցում, մեծ դասամիջոցից օգտվելով, նախաճաշ են անում ուսուցիչ ուսուցչուհիները: Ուսուցիչներից մեկի անունն է Բյուզանդ Վարդերեսյան, երեսունին մոտիկ ճեմարանավարտ փորձված ուսուցիչ. Մանուկ Աբեղյանից է սովորել հայերենը և պարծենում է դրանով: Մազերը պահում է երկար, սանրում է մեծ խնամքով, թողնում է կարճ մորուք: Դպրոցում պարապում է հայերեն և երգ: Միևնույն ժամանակ դպրոցի տեսուչն է, ավագ ուսուցիչը: Երկրորդ ուսուցիչըմեզ արդեն ծանոթ պ. Մարուքեն է, դպրոցում նա ավանդում է թվաբանություն և ռուսաց լեզու: Երրորդը նույնպես ճեմարանցի է, բայց ավելի է երիտասարդ, սիրում է հասարակական գործունեությամբ զբաղվել և միտք ունի հաջորդ ամառվա ընթացքում մեզ արդեն բավականին ծանոթ երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանի ընկերակցությամբ մի շարք դասախոսություններ կարդալ հայոց պատմության մի քանի հետաքրքիր և դաստիարակիչ գլուխների մասին, կազմակերպել երիտասարդական միություն, որի գլխավոր նպատակներից մեկը պիտի լինի «Հայոց լեզուն տարածելու խնդիրը» — ռուսախոս նաիրցիների շրջանում: Լավ երիտասարդ է պ. Աշոտը և լավ մտքեր ունի, բայց դժբախտաբար անտարբեր չէ դեպի իր պաշտոնակցուհի օր. Նվարդ Լուսպարոնյանը, որ Թիֆլիսի հովնանյանավարտներից է և պահում է կարճ մազեր: Չորրորդը նույնպես ուսուցչուհի է, երեսունին մոտիկ մի օրիորդ, օր. Վարդուհի Զատիկյան. վերջացրել է Երևանի Գայանյան դպրոցը, չի սիրում օր. Նվարդին և ֆիզիկական ատելություն է զգում դեպի նրա կարճ մազերն ու թեթևամիտ հանաքները: «Կինը պետք է իրեն պահել իմանա» — ասում է նա հաճախ՝ ակնարկելով օր. Նվարդի հանաքները պ. Մարուքեի հետ, դեպի որը, ասում են, այնքան էլ անտարբեր չէ... ինքը օր. Վարդուհին:

Նրանք նստած են հիմա ուսուցչանոցում, որը շատ լվանալուց խունացած հատակով և դեղնած առաստաղով երկպատուհան մի սենյակ է. մեջտեղում կանաչ ծածկոցով, թանաքոտած մի սեղան, պատից կախված է մի մեծ, կայարանների ժամացույցներին նման, կլոր ժամացույց, իսկ երկու պատուհանների մեջտեղումմի մեծ փայտյա պահարան: Պատուհանները փողոց են նայում. իսկ դուռը միջանցք է դուրս գալիս բակը, որտեղ խաղում են երեխաները, մնում է հեռուայդպիսով նրանք այստեղ բավականին ապահովված են իրենց զգում երեխաների աղմուկ-աղաղակներից, մի հանգամանք, որից շատ դժգոհ է պ. Մարուքեն և ավելի քան գոհ է օր. Նվարդը:

Թեյը, դեղին, պաղ, հորանջում է ապակյա բաժակներում, ձանձրալի է. հավաս չկա. թեյ, թեյ, թեյ, — ամեն օր նույնը: Ձանձրալի են օր. Վարդուհու զրույցները կանացի առաքինության մասինօր. Նվարդին, իսկ օր. Նվարդի տափակ հանաքները օր. Վարդուհու ականջներն ու հոգին տանջում են, բռնաբարում են համարյա, ոչ խոսքն է օգնում, ոչ վրդովմունքը: Պ. Մարուքեն թերթ է կարդում և քթի տակ ծիծաղում է օր. Վարդուհու վրա, իսկ երբ լսում է պ. Աշոտի դողդոջուն ձայնը, որով նա խնդրում է օր. Նվարդին մի բաժակ թեյ ևս լցնելաչքերը բարձրացնում է թերթից և պաղ նայում է պաշտոնակցի դեմքին: Իսկ պ. Բյուզանդ Վարդերեսյանը համարյա ամեն օր մեծ դասամիջոցին հաճույքով վիճում է օր. Վարդուհի Զատիկյանի հետ բարոյախոսության մասին և գոհ է թե իր հայացքներից, թե իր խռպոտ ձայնից և թե, մանավանդ, օր. Վարդուհուց, որ միշտ համաձայնվում է նրա հետ և միշտ ասում է, հայացքը օր. Նվարդին դարձնելով, «ճի՛շտ է, պ. Բյուզանդ. մարդիկ, մանավանդ կանայք, պետք է առաքինի լինեն: Ես միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, պ. Բյուզանդ»: Եվ պ. Բյուզանդը, գոհ, ժպտադեմ՝ սրբում է իր Նաիրյան մեծ քիթը կարմիր թաշկինակով:

Տալիս է զանգը, և ուսուցիչ-ուսուցչուհիները, դանդաղ, տեղերից հազիվ բարձրանալով, նորից գնում են դասարանները՝ պարապմունքները շարունակելու:

Երբ օր. Նվարդը մտնում է դասարան, աշակերտներից ամենաչարը և ամենահերոսը, որ ընկերների կողմից հարգվում է որպես կատարյալ տղամարդզիլ, դեղնած աչքերով Միսակ Հովհաննիսյանը, կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Շլդոն, կանգնած է լինում գրասեղանի կամ նույնիսկ ուսուցչի սեղանի վրա, դասարանում աղմուկ է, փոշի, վայրենի, բայց ուրախ հռհռոց: «Էլի դու սեղանի վրա ես բարձրացելսուր, խզվող ձայնով ճչում է օր. Նվարդը և վրա է վազում Շլդոյին բռնելու: Շլդոն սեղանից սեղան թռչելով հասնում է դասարանի վերին անկյունը և մտնում է գրասեղանի տակ: — «Ներողություն, օրիորդ, ներողություն» — ճչում է այնտեղից Շլդոն: Երեխաներն ավելի են հռհռում, աղմուկը դառնում է անտանելի: «Հանգի՛ստ» — ձեռքն աթոռին և ոտքը հատակին խփելով ճչում է օր. Նվարդը սուր, խեղդվողի ձայնով, դասարանում մի վայրկյան տիրում է բացարձակ լռություն: Օր. Նվարդը մոտենում է ուսուցչական սեղանին և վերցնում է քանոնը: — «Դո՛ւրս արի գրասեղանի տակից» — քանոնը սպառնալի կերպով բարձրացնելով վեր և արագ մոտենալով Շլդոյի գրասեղանինասում է օրիորդը: Բայց դուրս է գալիս այնպես, որ Շլդոն այլևս այն նստարանի տակից տեղափոխված է լինում արդեն դասարանի հակառակ անկյունում դրված նստարանի տակ: Աշակերտներն ավելի ազատ և ավելի ուրախ են սկսում հռհռալ, օրՆվարդը հուզմունքից քիչ է մնում ուշաթափվի և, երբ լացակումած աչքերը բնազդով դռանն է հառում և տեսնում է գրասեղանի վրա մեծ, ծուռ տառերով գրված «քաչալ Նվարդ» բառերըայլևս չի կարողանում իրեն զսպել և արագ մոտենալով ուսուցչական սեղանին թուլացած ընկնում է նրա մոտ դրված նստարանի վրա և գլուխը սեղանին դնելով մի փոքրիկ աղջկա նման սկսում է աղիողորմ հեծկլտալ:

Դասարանում տիրում է մեռելային լռություն, որի մեջ օր. Նվարդի խուլ, դառն հեկեկանքները հնչում են ավելի խուլ և ավելի աղի, այնպես որ նույնիսկ Շլդոն, ազդվելով վայրկյանի լրջությունից, նստում է իր տեղը: Եվ բոլոր աշակերտները մի տեսակ միստիկական դրության մեջ ընկած կամ նայում են վար, իրենց գրասեղանի սև տախտակներին, կամ պաղ, անասնական ահով լցված մանկական աչքերը օրիորդի ցնցվող արմունկներին և կարճ մազերին հառած սպասում են ստեղծված կացության վախճանին:

Մի երկու վայրկյան հեծկլտալուց հետո օր. Նվարդը հանկարծ վեր է թռչում տեղից և թեթև քայլերով, գլուխն ու ամբողջ մարմինը տարօրինակ ցնցելով, վազում է դասարանից դուրս: Աշակերտները հասկանում են, որ օր. Նվարդը գնում է ուսուցչանոց, տեսչին կանչելու: «Շլդոյի գլխին տվեք, թող քոռանա» — ասում է մի աշակերտ լռությունը խզելով. « — Տեսուչը որ եկավ, բոլորիս կպատժե» — շարունակում է նրա մոտ նստած ընկերընա, որ ամենից շատ էր հռհռում և մտքի մեջ նախանձում էր Շլդոյին: Եվ ահա Շլդոյի մոտ նստած աշակերտը, տասներկու-տասներեք տարեկան շիլ Մուկուչը ձեռքն արդեն բարձրացնում է վեր, որ իջեցնի Շլդոյի գլխինԲայց դուռը բացվում է հանկարծ և ներս է մտնում պ. Բյուզանդը՝ զայրացած, ահռելի դեմքով, իսկ նրա ետևից, աչքերը սրբելով, մտնում է օր. Նվարդըհոգնած ու գունատ:

« — Մկրտիչ Կարապետյա՛ն, դո՛ւրս արի» — ավելի բարձր ձայնով, քան կարելի էր ենթադրել, որ ունի պ. Բյուզանդը, — բղավում է պ. Բյուզանդը դեռ ներս չմտած, նա տեսավ չիլ Մուկուչի բարձրացրած ձեռքը, որը, եթե ինքը մի վայրկյան էլ ուշանար՝ ծանր, պիտի իջներ Շլդոյի գլխին: Գլուխը կախ, խոնարհ՝ վախից դողացող մարմնով ելնում է շիլ Մուկուչը դուրս: « — Միսակ Հովհաննիսյան» — ավելի ահռելի ձայնով կանչում է պ. Բյուզանդը. « — Դու ևս դուրս արի»: Եվ ահա Շլդոն ևս, գլուխը հոռետեսորեն քորելով, գալիս կանգնում է գրատախտակի մոտ: Դասարանը սարսափ կտրած, չռած աչքերով սպասում է դրության վախճանին:

«Սա՞ էր» — ցույց տալով Շլդոյին՝ հարցնում է պ. Բյուզանդը: Օրիորդը, հուզված, գլխով է անում, չի կարողանում խոսել: «Արջ» — վրա պրծնելով բղավում է պ. Բյուզանդը.« — ես քեզ ցույց կտամ, աչքերդ կհանեմ»: Ու փայտե քանոնի ազդեցիկ հարվածներ իջեցնելով Շլդոյի գլխին՝ արագ շարում է իրար հետևից գունեղ ածականներ. «Շա՛շ, հիմա՛ր, իշո՛ւկ, փողոցի՛ թափթփուկ, լի՛րբ, — ի՞նչ ասեմ, ի՞նչ ասե՛մ, ի՞նչ ասեմ՞. էլի ու էլի. մի զարկըմի ածական» Հետո հերթը հասնում է շիլ Մուկուչին. նա էլ, իր հերթին զանազան գեղարվեստական ածականներ ստանալով և գլխի վրա նրանց քանակը հաշվելով սկսում է լաց լինել բարձրաձայն, այնպիսի ահռելի մի լացով, որ ձայնը հասնում է մինչև մոտակա փողոցը: « — Ես դուրս կանեմ սրանց, օր. Նվարդ» — ասում է պ. Բյուզանդը պարտականության առաջին մասը վերջացնելով. — «ներողություն եմ խնդրում, որ մինչև հիմա մնացել են դպրոցում»: « — Թող էլի մնան, պ. Բյուզանդ» — ողբերգական ձայնով ու պսպղուն, գոհ աչքերը տեսչի դեմքին հառածխնդրում է օր. Նվարդը. « — Ինչպե՞ս կարելի է դուրս անել երեխաներին, դա հակամանկավարժական է և անվայել քաղաքակիրթ ուսուցչին» — մտքում մտածում է նա, բայց վախենում է իր այդ միտքը բարձրաձայն արտահայտել պ. Բյուզանդին: Բայց անընկճելի պ. Բյուզանդը, հրամայելով պատմված աշակերտներին իսկույն տուն գնալ և ծնողներին կանչել, — առանց պատասխանելու ելնում է դուրս: Աշակերտները ոտքի են կանգնում և մնում են կանգնած, մինչև օր. Նվարդը դրամատիկական ձայնով ասում է. — «նստեցե՛ք»: — «Բաց արեք գրքերդ» — ասում է մի վայրկյան հետո, ճակատը շփելով օր. Նվարդը: « — Մարտիրոսյան, կարդա» — ասում է նա: Եվ դասն սկսվում է Նաիրյան դպրոցում՝ տխուր, անհետաքրքիր, իսկ օր. Նվարդի գլուխն սկսում է նվալ, և մտքերը նրա փոքրիկ գլխում սկսում են պաղ, միապաղաղ հորանջել:

Արևը զենիթից սկսում է իջնել, ժամը մոտենում է երեքին, իսկ ղահվեճի Սեթոն դեռ ոչ մի մսխալ սուրճ չի կարողացել ծախել: «Թարս օր է, գիշերը թարս եմ քնացեր» — մտածում է նա խանութի առաջը նստած և ծխախոտ է ոլորում, որ քունը չտանի: Օրորվելով, ուսը տարօրինակ ցնցելով մոտենում է նրան Աբոմարշը, որ ձանձրությունից փակել է խանութը և դռան ապակուն, ինչպես այդ ընդունված է Եվրոպայում, փակցրել է սպիտակ մի թուղթ՝ վրան գրված «Փակ է. գնացել եմ ճաշի»: Այդ քաղաքավարի արարքով նա միանգամից կարողացել է հասնել երկու նպատակի. նախ, որ իր խանութը Եվրոպական խանութ է իր բոլոր կողմերով, երկրորդ՝ որ ինքը, որպես իսկական Եվրոպացի, ճաշում է ժամը չորսին: Թեկուզ ոչ մի կուղեկի ապրանք չի կարողացել ծախել պ. Աբոմարշը, բայց գոհ է, որ հնարավորություն ունի և գիտե Եվրոպացի լինել: «Տո՛, գռեհիկ գոմեշ, ի՞նչ ես արևի տակ նստե, էրթանք թուղթ խաղանք» — ասում է նա, մոտենալով ղահվեճի Սեթոյին: « — Նարդի կուզես նեկխաղամ, թուղթ չեմ խաղար», — պատասխանում է ղահվեճին և, քանի որ Աբոմարշը չի հակաճառում՝ նա նույնպես փակում է խանութը, բայց թուղթ չի փակցնում դռանը, որ գնում է ճաշիև երկուսով միասին գնում են Տելեֆոն Սեթոյի սըրճարանընարդի խաղալու:

Երբ նրանք, թև-թևի տված, ձանձրույթից փրկվածների գոհունակությամբ մտնում են Տելեֆոն Սեթոյի սրճարանը` այնտեղ հանդիպում են մի շարք հարևանների, որոնք նույնպես թուղթ, դոմինո կամ նարդի են խաղում նայած տրամադրության: Դագաղագործ Ենոքը և Կինտաուրի Սիմոնը նախընտրել են թուղթը և երկուսով «փաստոն» են խաղում ձմերուկի վրա. ով որ տարվիմի ձմերուկ գնի: Նրանց գլխին հավաքվել են՝ Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, մանրավաճառ Պողոս Կոլոպոտյանը, Կաթոլիկ Սիմոնը, գինեվաճառ Նիկոլ Արզումանովը և իրենց տաք բացականչություններով մասնակցում են նրանց խաղին ու մի առանձին հետաքրքրության մթնոլորտ են ստեղծում Սեթոյի սրճարանում: Նրանց այդ ոգևորված հավաքույթը տեսնելով ղահվեճի Սեթոն և պ. Աբոմարշը ևս, մոռանալով իրենց նարդի խաղալու ցանկությունը, միանում են նրանց:

Երբ օրն սկսում է կամաց-կամաց մթնել` հերթով, իրար ետևից, սկսում են փակվել Լորիս-Մելիքյան փողոցի ցածլիկ խանութները: Ամենից առաջ դագաղագործ Ենոք Կարապետյանն է փակում իր խանութը ներսից, և ինքը մնում է խանութում: Այդ հարգելի նաիրցին տուն չունենալու պատճառով քնում է իր գործատեղում, իր շինած դագաղներից մեկում. այդ բանն ամբողջ քաղաքը գիտե և ահա հենց այդ է պատճառը, որ նրան քաղաքում անվանում են Մեռելի Ենոք, իսկ երեխաները վախենում են նրանից և չեն սիրում անցնել դագաղագործի խանութի առաջից: Երկրորդ խանութպանը ղահվեճի Սեթոն է, որ փակում է իր խանութը և նույնպես ընտանիք չունենալու պատճառով` գնում է քաղաքային այգի զբոսնելու և հարսնացու ընտրելու: Հետո Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն է իր խանութը փակումև ահա նրանից հետո բոլորը, իրար ետևից խանութները փակելով, գնում են` որը տուն, որը քաղաքային այգի, որն էլ նորից Տելեֆոն Սեթոյի սրճարանն է գնում, որ երեկոյան հանգիստն այնտեղ վայելեթղթախաղով, կամ ուրիշի խաղին նայելով: Եվ այսպես փողոցը կամաց-կամաց սկսում է բոլորովին ամայանալ. մութն էլ անդեմ ու անխորհուրդ, ծույլ, հորանջող պառավի մի նման, իջնում է ու նստում փողոցների վրա և տեղ-տեղ տարտամ, վախկոտի աչքերի պես թարթող կրակներն են միայն ենթադրել տալիս, որ այդտեղ դարերից ի վեր ապրում է ու զվարճանում Նաիրյան մի քաղաք:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԴԵՊԻ ՆԱԻՐԻ

Հնամյա, հին մի երազ, Երկիր մի՝ դարերի ուրու...

Ե. Չ. «ԱՄԵՆԱՊՈԵՄ»

Սույն այս վեպիս առաջին մասում ես փորձեցի պատկերել Նաիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը, կամ, ավելի լավ է ասելկենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն, և ո՛չ թե մանրամասնըայնպես, ինչպես տեսել եմ Նաիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս: Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիրելի ընթերցող, որովհետև սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, և ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս, կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա: Կրկնում եմ, սրտի բուռն տրոփով սկսեցի գրել Նաիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակներըդառն, ծանր մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս: Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշադրությունս: Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի, կամ փոստ-հեռագրային ցրիչի, և, գլխի վրա դրած, տանում էրերևակայո՞ւմ եքդեղնավուն մի դագաղ: Անձրև էր, ցեխոտ փողոց, ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. և այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը կամ ցրիչը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր և մեծ մի դագաղ: Դեմքը չէր երևում, բայց մեջքի և ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց, ինչ գնով էլ լինի, ուզում է տեղ հասցնի, միայն թե հասցնի: Երևի մայրն էր մահացել, կամ կինը, կամ որդինո՞վ իմանա: Նա լարել էր ուժերը, դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միևնույն կորությամբ պահել, այնպես որ դագաղը, մերթ առաջ, մերթ հետ կշռվելով, քսվում էր ցեխերին: Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս: Մի սիրածդե՛, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո՛ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողինահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար, այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետը...Այդպես էլ ե՛ս, ընթերցո՛ղ, ճի՛շտ այդ վարժապետի նման. — ո՞ւր եմ գնում: Ինչո՞ւ եմ հպելբայց ո՛չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դա գազանման այս բեռը, և ուզում եմ տեղ հասցնեմ... ո՞ւր: Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռելչպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղըտանում եմ կյանքիս հակառակ, որովհետև, այո, հարկավոր է տանել: Չէ՞ որ, այո՛թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի և հարազատ լինեն, չէ՞ որ, միևնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա զազրելի և ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից: Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, և անցնենք Նաիրյան այդ քաղաքի օրերին և դեպքերին: Եվ թող բացվի մեր դեմ օրերի և մարդկանց վաստակից և մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա» — հնամյա Նաիրին...

Վեպիս առաջին մասում, ինչպես ասացի, ես ձգտեցի պատկերել կենցաղային այն բնույթը, երանգը, որ ուներ Նաիրյան այդ քաղաքը «խաղաղ ժամանակ»: Ուժերս ներածի համեմատ՝ ես նախ նկարագրեցի քաղաքը՝ հին ու նոր հրաշալիքներով, և ապա անցա բնակիչներին, որոնց ամեն մեկի մասին այնքանը միայն կարողացա ասել, որքանի որ, գուցե, արժանի են նրանք: Գուցե դու կուզեիր, սիրելի ընթերցող, որ ես, Եվրոպական անվանի հեղինակներին հետևելով, մանրամասն վերլուծության ենթարկեի «հերոսներիս» հոգեբանությունը, մանրազնին պատմեի, թե ինչպիսի նրբին «ապրումներ» էր ունենում, ասենք, Գեներալ Ալոշը, երբ նահանգապետն իջևանում էր նրա հոյակապ բնակարանը, կամ, ասենք, հոգեկան ի՞նչ ալեկոծումներ անեցավ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը կնոջը թաղելիս... Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա և երևի չի էլ լինելու և ո՛չ մի «հերոս» — և այս տխուր հանգամանքում, կարծում եմ, ո՛չ թե ես եմ մեղավոր, այլ Նաիրյան այդ քաղաքը, որովհետևի՞նչ , ի՞նչ «հերոսներ» կարող են դուրս գալ, ասենք, Գեներալ Ալոջից, կամ Համո ՀամբարձամովիչիցՄազութի Համոյից... Գուցե Մեռելի Ենո՞քը հարմար «հերոս» լիներ, կամ Կինտաուրի Սիմո՞նը, կամ, վերջապեսՏելեֆոն Սեթո՞ն... է, թողնենք այս հարցը, սիրելի ընթերցող, և անցնենք, քանի շուտ է, մեր ընտրած քաղաքի «օրերին ու վաստակներին» և, ո՞վ գիտե, կարող է պատահի, որ դեպքերի բերումով այդ աննշան քաղաքի աննշան բնակիչներից շատ շատերը հանկարծ դուրս գան հերոսապանծ հերոսներդժբախտ ու հերոսական օրերի բերումով դժբախտանան ու հերոսանան:

Следующая страница