Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

...Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես և ամբողջ Նաիրիի գլխիցև չէին, չէին կարող, այո , այդ դժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դժբախտ ու հերոսական: Չէ՛ր կարող, օ, ո՛չ այդ դժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացածՆաիրյան Ոգին:

Ինչպես այսօրվա ճաշս, սիրելի ընթերցող, ես հիմա ամենայն մանրամասնությամբ հիշում եմ պատմական այն օրը1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկըՆաիրյան այդ քաղաքում: Նույն այս վայրկյանիս, երբ ես մտադրություն ունեմ մանրամասն նկարագրել այդ նշանավոր օրվա անցուդարձըտարիների մշուշից, կամ, ինչպես բանաստեղծը կասեր, տարիների մռայլ մոխիրների տակից ելնում են ահա և նկարվում են աչքերիս առաջ այն նշանավոր օրվա դեպքերն ու պատկերները: Պարզ, որոշ, կարծես այդ ամբողջը երեկ, կամ մի ժամ առաջ կատարված լինիես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս... Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինիես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը, Մազութի Համոյի հզոր առոգանությունը: Խավարի, այո, սենյակիս գիշերային խավարի միջից նայում են ահա ինձ Համո Համբարձումովիչի կայծկլտող աչքերը և սիրտս թպրտալ է սկսում անորոշ մի հուզմունքից, սիրտս, տագնապալից, զարկել է սկսում, ինչպես էլեկտրական զանգի արծաթազօծ լեզվակ: Եվ երևակայությունս առաջ վազելով, արդեն նկարում է, անողոք դահիճի մի նման, Մազութի Համոյին՝ փայտե մի մանեկենի նման կախաղանից կախված... «Խե՛ղճ, խե՛ղճ Համո...» — փսփսում է սիրտս, լացակումածև ես գրիչըս ցած եմ դնում, որ սիրտս հանգստանա, և ես հնարավորություն ունենամ պատմությունս շարունակելու:

Ծույլ, խաղաղ, կիրակնօրյա իր հանգիստն էր վայելում Նաիրյան այդ քաղաքն այդ առավոտ: Ծլնգում էր Առաքելոց եկեղեցու զանգը՝ խաղաղ ու անվրդով: Ով սիրում էր աղոթքըգնացել էր եկեղեցի, բայց քաղաքացիների մեծ մասը այգում էր գտնվում, կամ նստած փակ խանութների առաջ զբաղված էր առօրյա զրույցով: Կային էլ մարդիկ, որ հավաքվել էին Տելեֆոն Սեթոյի կամ Եգոռ Արզումանովի սրճարաններում: Կային էլ, որ հավաքվել էին այգու ակումբում: Ակումբում այդ օրը հավաքվել էին՝ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովըհաշտարար դատավորը, Արամ Անտոնիչը-դպրոցի տեսուչը, պ. Մարուքեն, Կինտաուրի Սիմոնը, որ սիրում էր «մեծերի հետ նստել», անգլիագետ վաճառական Հաջի Օնիկ Մանակոֆ էֆենդին և էլի մի քանի քաղաքացիներթուղթ էին խաղում: Խաղում էին — «պրաֆերանս, «մակաո», «բակարա» — սիրում էին խաղալ: Խաղում էին, ըստ սովորության, լուռ ու հանդիսավոր, մերթընդմերթ միայն «փաս», «28», «տալիա» և նման բացականչություններով խզելով լռությունը: Բայց, չնայած խաղի մեջ գլխովին ընկղմված լինելուն, խաղընկերներից շատերը, ինչպես, մանավանդ, Սերգե Կասպարիչը և Օսեփ Նարիմանովը, լավ չէին զգում իրենց, նրանց թվում էր, որ «փչում է», չնայած հուլիսյան հաճելի եղանակին: Շուտ-շուտ դռանն էին նայում, կամ պատուհանին: Բանն այն է, որ պակասում էր սովորական մի «բան», որին ընտելացել էին բոլորըեթե միայն «բան» կարելի է ասել կենդանի և այն էլ պատկառելի մարդուն: — Պակասում էր Գեներալ Ալոշը: Առանց նրան կյանք չկար ակումբում, մանավանդ որ, նրա հետ մեկտեղ, պակասում էր նաև ակումբի «երկրորդ հոգին» — ակումբի կենտրոնըՄազութի Համոն: Դեռ խաղն սկսելուց առաջ Օսեփ Նարիմանովը հարցրեց, այսինքն ոչ. — ակումբ մտնելով, ըստ իր մշտական սովորության, Օսեփ Նարիմանովն ուրախ բացականչեց — «Խորի՜ն հարգանքներս Ալյոշա Նիկիտիչին...» — բայց պատասխան չստացավ այն հասարակ պատճառով, որ Ալյոշա Նիկիտիչը չկար: Օսեփ Նարիմանովը շվարեց: Գլխում, մի վայրկյանում, զարթնեցին մի շարք կասկածներ: Նախ դեռ երեկ, գիշերվա ժամը չորսին ակումբից ելնելիս, Գեներալ Ալոշը խոսք էր տվել առավոտյան տասին ակումբում լինել և շարունակել ընդհատված «մակաոն»: Երկրորդ՝ վերջերս Գեներալ Ալոշը մի տեսակ «ծուռ» աչքով էր նայում Օլգա ՎասիլևնայինՇիկահեր Դդումին, իսկ Օլգա Վասիլևնան ի՛րն է, ի՛րը, Օսեփ Նարիմանովինը և միևնույն ժամանակ ուրիշ ո՛չ ոքինը չի կարող լինել: Գեներալ Ալոշը թող այս լավ իմանա, Գեներալ Ալոշը... Հազիվ էին այս մտքերը զարթնել Օսեփ Նարիմանովի գլխում, երբ Արամ Անտոնիչը, որի կնոջ համար այնքան անհանգստանում էր նրա լավ բարեկամ հաշտարար դատավորըներս մտավ հևիհև և նկատելով, որ բոլորն արդեն անցնում են գործիբռնեց, ետևից մոտենալով, Օսեփ Նարիմանովի թևից և առաջարկեց նրան «մի ձեռք մակաո կամ պրաֆերանս»: — «Խորի՛ն հարգանքներս» — բացականչեց Օսեփ Նարիմանովը սրտանց ուրախացած «Ինչպե՞ս է Օլգա Վասիլևնայի արտադրությունը, Արամ Անտոնիչ»: Օսեփ Նարիմանովը նոր կարծես մտաբերեց, որ երեք օր է արդեն, ինչ չի տեսել Օլգա Վասիլևնային. իսկ երեկ, ժամը երեկոյան վեցին, երբ, ըստ հին սովորության նա գնաց «այցելության» (ժամը վեցին Արամ Անտոնիչը սովորաբար դպրոցում էր լինում) — աղախինը հայտնեց, որ Օլգա Վասիլևնան հրամայել է ոչ ոքի չընդունել: Այս դեպքը հիշելով՝ արդեն մթնել էին սկսում Օսեփ Նարիմանովի աչքերը, արդեն ցանկանում էր հեռացնել Արամ Անտոնիչի պսպղուն աչքերից իր մշուշած աչքերը Օսեփ Նարիմանովը, երբ... — «Օլգա Վասիլևնայից ջերմագին բարևներ» — ասաց Արամ Անտոնիչը խորհրդավոր ժպտալով և ապա, շրթունքները մոտեցնելով Օսեփ Նարիմանովի ականջին՝ ինտիմ շշնջաց. — «Մամաշան» — քաղաքի մանկաբարձուհի Ակսյոնա Մանուկովնան — «երեկ երդվեց, որ այս անգամ անպայմանանպայմա՛ն տղա կլինի...»: Օսեփ Նարիմանովի սրտից ծանրությունը, քար, ընկավ: — Զուր չէ, ուրեմն, իր երկարամյա մտերմությունը Օլգա Վասիլևնայի հետ, — մտածեց նա զվարթացած և հայտնեց, բարեկամաբար սեղմելով Արամ Անտոնիչի ձեռքըՊատիվ ունիմ Կոլեչկի կնքահայրը լինելու, հասկանո՞ւմ եք, Արամ Անտոնի՛չ,— անպայման «Կոլեչկի»… Եվ բոլորովին հանգըստացած՝ նստեցին խաղի: — «Իսկ ո՞ւր է Ալյոշա Նիկիտիչը»–հարցրեց, թուղթը բաժանել սկսելով, Արամ Անտոնիչը մի վայրկյան անց: Բայց բոլորն արդեն զբաղվել էին խաղով, այնպես որ ոչ ոք, չնայած որ ամենքն էլ զգում էին նրա բացակայությունը, չպատասխանեց նրան: Բժիշկ Սերգե Կասպարիչը միայն աչքերը կրկին դեպի պատուհանը հառեց, ուզեց ասել կարծես, որ «փչում է» այնտեղից, բայց գլխի ընկավ, որ այդ չէ անհանգստության պատճառը, և, լուռ, շարունակեց խաղալ:

Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան Գեներալ Ալոշը և Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն: Ռումբի պես ներս ընկան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերըթափեցին հատակին... Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած: Իսկ Կենտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել և ավելի մեծ առիթ ուներ բարկանալուինքը ևս, անակնկալի եկած, կարծելով, երևի, որ հարբած են «տղերքը»–վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, և բացականչեց, հիմարացած. — Ուռռա՛ ուռ ա՛ա՛, ուռա՛ա՛ա՛...

Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա, — զայրացած բացականչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով. — Ի՞նչ է պատահել:

Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լռեն, և

Պատերազմ. — հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայնու տիրեց լռություն ակնածանք ու զարմանք:

Գեներալ Ալոշը ևս ցանկանում էր ինչ-որ բան ասել, ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված լռեց ու մնաց: Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին Գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին: Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի ՍիմոնիԿլուբի մեյմունի դեմքին: Սերգե Կասպարիչը ձեռքը շրթունքներին տարավ և, մեքենայաբար, ինչպես այդ պատահում էր բժշկի հետ ընդունելության պահերին` չոր, պաշտոնական հազաց: Հետո Գեներալ Ալոշը և Մազութի Համոն պատմեցին եղելությունը, ինչպես որ գիտեին: Բանից դուրս եկավ, որ առավոտյան ժամը յոթին-ութին, երբ Համո Համբարձումովիչը դեռ քնած է լինում, ոչնչից տեղեկություն չունենալովգալիս հայտնում են, որ գավառապետը խնդրում է իսկույն իր մոտ անցնել մի չափազանց կարևոր գործով: Խնդրում է, որ Ալյոշա Նիկիտիչին ևս վերցնի: Իսկույն հագնվում և Ալյոշա Նիկիտիչի բնակարանն է վազում Մազութի Համոն: Միասին գնում են գավառապետի բնակարանը: Վերջինս, առավոտյան այդ անսովոր պահուն, չափազանց սիրալիր ընդունելով հյուրերին, — հայտնում է նրանց, որ «Կամոքն Աստծո և Օգոստափառ Կայսեր՝ Ռուսաստանը, հարկադրված, պատերազմ է հայտնել... այսինքն գերմանական ստոր կայսր Վիլհելմ 2-րդը պատերազմ է հայտնել Ռուսաստանին: Հարկավոր է այսօր ցույցեր կազմակերպել, — ասել է գավառապետը Ալյոշա Նիկիտիչին և Մազութի Համոյին, — և հասկացրել ժողովրդին դեպքի մեծ նշանակությունըդեպքի խոշորագույն նշանակությունը»:

Համո Համբարձումովիչի պատմածը ունկնդիրների վրա թողեց որոտի տպավորություն: Բոլորը ձեռք քաշեցին թղթախաղից և, Ալյոշա Նիկիտիչի առաջնորդությամբ, դուրս եկան ակումբից: «Պարոնա՛յք, հարկավոր է սկսելասաց Համո Համբարձումովիչը ակումբի դռանը կանգնելով: «Ի՞նչը» — հարցրեց Կինտաուրի Սիմոնը անհանգստացած. նրան թվաց, թե հարկավոր է... պատերազմ սկսել: — «Ա՛յ, հիմա կտեսնես» — պատասխանեց Համո Համբարձումովիչը խորհրդավոր և կրկին մտավ ակումբ՝ Կինտաուրի Սիմոնը նրա ետևից: Ակումբից դուրս եկան նրանք՝ կայսեր մեծադիր նկարը բռնած, իսկ նրանց ետևից դուրս եկավ ակումբի ծառայողը և դրեց ակումբի առաջ թղթախաղային կանաչ մի սեղան: Կայսեր նկարը բռնեցին Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը. Մազութի Համոն բարձրացավ ու կանգնեց թղթախաղային կանաչ սեղանի վրա. ժողովուրդը հավաքվեց: «Պարոնա՜յք» — բացականչեց, ձեռքը վեր բարձրացնելով, Մազութի Համոն. բոլորը քար կտրեցին, մնացին բերանբաց. հրաշք էր, զարմանալի զարմանք այդ Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն...

Հայտնեց, հայտնեց՝ թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած` թղթախաղային կանաչ սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքևում խռնված նաիրցիներին պատերազմի լուրը: Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին. շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ 2-րդին Մազութի Համոն: Ամբոխի մեջ կանգնած մանրածախ Կոլոպոտյանին թվաց, որ Մազութի Համոյի ոխերիմ թշնամին է, անձնական «պարտքնտերը» — գերմանական ստոր կայսրը՝ Վիլհելմը: Իսկ քիչ դենը կանգնած վարսավիր Վասիլին Վիլհելմ կայսրը պատկերացավ որպես արյունարբու մի հրեշ: Չմոռացավ հայտնել նաև Մազութի Համոն գավառապետի պատմած այն կարևոր հանգամանքը, որ մեր ամենակարող թագավոր-կայսրը քանիցս անգամներ հեռագիր է խփել Վիլհելմին՝ առաջարկելով հաշտ-խաղաղ վերջացնել ծագած թյուրիմացությունը, բայց նրա հեռագիրները, ցավոք սրտի, մնացել են անհետևանք: Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին: «Կեցցե, ուրեմն, մեր թագավոր կայսրը և պանծալի բանակը, կորչի ստոր կայսր վիլհելմ 2-րդը. ուռա՛ա՛ա՛», — վերջացրեց իր պատմական այդ ճառը Մազութի Համոն և, ի մեծ զարմանս նրատիրեց լռություն: Չկարծեք սակայն, որ ժողովուրդը դիտմամբ չձայնակցեց. իհարկե, ոչ. ժողովուրդը չգիտեր, դեռ չէր սովորել, որ նման դեպքերում հարկավոր է արձագանքել: Բայց ահա օգնության եկավ իր բացառիկ դիրքով Գեներալ Ալոշը. իր նման չաղ ծերուկից բավականին անսպասելի ճարպիկությամբ՝ ցատկեց կանգնեց Մազութի Համոյի կողքին, կանաչ սեղանի վրա, Գեներալ Ալոշը. «ուռա-ա՛-ա՛» — բացականչեց Գեներալ Ալոշը գլխարկը թափահարելով. Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը և Կինտաուրի Սիմոնը ահաձայն կրկնեցինև արդեն ծայրեիծայր այդին թնդում էր բացականչությունից, այնպես որ նույնիսկ պ. Մարուքեն, որ արդեն բաժանվել էր խաղընկերներից և խառնըվել էր ժողովրդին, մի վայրկյան շփոթվեց քիչ մնաց ինքն էլ գլխարկը հաներ և գազանանման մռնչար: Բայց պ. Մարուքեն, իհարկե, այդ բանը չարավ, առաջին իսկ օրից ինքնուրույն դիրք բռնեց պ. Մարուքեն դեպի կատարվող անցքերըբայց այս մասին հետո:

Դեռ թնդում էր այգին ուրախ բացականչությունից, երբ հնչեց գավառապետի ուղարկած զինվորական երաժշտախումբը, զինվորական երաժշտախումբը նվագում էր «Բոժե ցարյա», բոլորը գլխարկները հանեցին, երաժշտախումբը լռեց: «Կեցցե՛ մեր սիրելի կայսր Նիկոլա 2-րդը. — ոռա՜ա՜ա՜» — նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը, և նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձեռքերը թափահարելով, Գեներալ Ալոշը և Մազութի Համոն: Ապա, բավականին չափ տալուց և բղավելուց հետո, ցած իջան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն: Եվ ահա, երկու այդ պատկառելի նաիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց և շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը:

Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի և Եգոռ Արզումանովի սրճարանների մոտովնրանցում հավաքված նաիրցիները, որ զբաղված էին թուղթ, դոմինո, կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին և, մինչև թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ: «է՜ս ի՞նչ ղալաբալըղ է էլի» — հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին: «էլի հացը պրտի թանգընա» — պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն և ներս մտավ սրճարանը գլուխն օրորելով: «Հե՛չ չեմ հասկընա, թե յանի ընչի՞ է էս զուռնանա-նաղարեն» — ասաց նա սրճարանում ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետև դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին: «Էլի հացը պրտի թանգընա, էդ զուռնեն է կփչեն» — կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու: — «Ըբր ի՞նչ պըտի էղնի» — պատասխանեց նրան Քոռ Արութը, — և նաիրցիները, խորհրդավոր, գլուխներն օրորեցին: Սրճարանում եղածներից մի քանիսը սակայն, ինչպես պ. Աբոմարշը, մանրավաճառ «Ֆռանգը», Կաթոլիկ Դանիելը և ուրիշները, տեսնելով, որ թափորն առաջնորդում են այնպիսի պատկառելի նաիրցիներ, ինչպիսի՛ք են Գեներալ Ալոշը և Մազութի Համոն, — իրենք ևս խառնվեցին թափորին, գնացին հոսանքով: Շուտով հայտնի եղավ ամենքին, որ գնում են գավառապետին իրենց քաղաքացիական պատրաստակամությունը հայտնելու, իրենց հպատակությունը, — և պ. Աբոմարշը գտավ, որ դա միանգամայն աներաժեշտ է, աներաժեշտ ու ցանկալի: «Աշես մինչև, քանի՞ տարեկանը պըտի կանչեն» — հարցրեց Կաթոլիկ Դանիելը մտահոգված. «Վո՞վ գիտե, նայած հանգամանքին» — խորհրդավոր պատասխանեց Աբոմարշը, և երկու խոսակիցներն էլ, կարծես թե, տխրեցին. լուռ քայլում էին աչքերը սեփական կոշիկներին հառած:

Կիրակի, շոգ օր էր. արևը փայլում էր ոսկեգույն, երկինքը, պարզ, անամպ կործվել էր քաղաքի վրա, որպես կապույտ ափսե: Նվագում էր երաժշտախումբը, մարդիկ, կիրակնօրյա գույնզգույն շորերով, հետևում էին նրան, և ամբոխի մեջ խռնված, մեծ մասամբ երաժշտախմբի առաջն ընկած երեխաներին զվարթ խրախճանք էր թվում անհասկանալի այդ երթը: Տաս-տասներկու տարեկան մի տղա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի «պզտիկը», որ հայտնի էր բոլորին իր չար բնավորությամբքայլում էր, հաղթական, թմբկահարի կողքից և, իրեն զինվորականի նմանեցնելով, չափ էր տալի «Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ»: Թափորը, վերջապես, մոտեցավ գավառապետի բնակարանին: Երաժշտախումբը նվաղեց «Բոժե ցարյա», գավառապետը ելավ պատշգամբ: «Ուռաա՜» բացականչեց ամբոխը՝ Գեներալ Ալոշի ղեկավարությամբ: Ապա տիրեց լռություն՝ մեռելային սարսափ: Բոլորի աչքերը մեխվեցին գավառապետին: Նա-նիհար, բարձրահասակ բարակ ձեռնափայտ է կարծեմ ծայրին սոխի գլուխ: Մի երկու վայրկյան նայում է վերևից, պատշգամբից, ներքևում հավաքված ամբոխին բարձրահասակ գավառապետը: Ձեռքը բերանին է տանում՝ հազում է երևի, և ապաչոր, կտրուկ, զինվորականին վայել հատու, հաստատ ձայնով սկսում է խոսել: Պատերազմ: Կայսր: Վիլհելմ II: Մեր պարտքն է ծառայել հայրենիքին ու գաճին: Կեցցե՛: Կորչի՛: Ոռռա՜:

Նորից արձագանքում է ամբոխը, նորիցնվագում է երաժըշտախումբը «Բոժե ցարյա»: Եվ ահանորից դուրս է գալիս... Մազութի Համոն: Քաղաքացիների դեմքը փայլում է պարծանքից, փթթում է նաիրցիների դեմքը, որպես բացված մի վարդ: Ի՞նչ պիտի աներ, ասացեք խնդրեմ, Նաիրյան այդ քաղաքը, եթե չլիներ Համո Համբարձումովիչը, այդ «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն: Կկորչեր, ոտնատակ կլիներ՝ կթաղվեր տգիտության անսահման խավարում: Ամեն տեղ նա էր, ամեն դժվարին դեպքում նա՛ պիտի, միայն նա՛, սայլը ցեխից հաներ: Այդպես էլ այժմ: Քաղաքացիների կողմից նա, Մազութի Համոն, ամենայն պատրաստակամություն հայտնեց մինչև, վերջին կաթիլ արյունը կռվելու՝ հանուն Գահի և Հայրենյաց: Գիտեր, հասկանում էր Համո Համբարձումովիչը, թե որտեղ ինչ լեզվով է հարկավոր խոսել: Օձի լեզու ուներ Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն:

Մազութի Համոյից հետո շնորհակալություն հայտնեց երախտապարտ քաղաքացիներին գավառապետը և ապա առաջարկեց ցրվել տները և զբաղվել առօրյա գործերով: Գեներալ Ալոշը, Համո Համբարձումովիչը, Օսեփ Նարիմանովը և բժիշկը հրավիրվեցին վեր՝ ճաշի: Ժողովուրդը ցրվեց, գնացին՝ ո՛րը տուն, ճաշի, ո՛րը Եգոռ Արզումանովի, կամ Տելեֆոն Սեթոյի սրճարանը, ոմանք էլ կրկին քաղաքային այգին վերադարձան՝ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու:

Այսպիսի ահա շուքով ու հանդիսավորությամբ դիմավորեց Նաիրյան այդ քաղաքը հետագայում Համաշխարհային Պատերազմ կոչված արյունալի հյուրին, դիմավորեց, ինչպես այդ վայել էր ամեն մի իսկական քաղաքի, խորին աչալըրջությամբ, և այդ հանգամանքով քաղաքը պարտական էր կրկի՛ն նրան, իր արժանի զավակինՀամո Համբարձումովիչ ԱսատուրովինՄազութի Համոյին:

Հաջորդ օրը, երկուշաբթի, բոլորը, ինչպես միշտ, արթնացան առավոտ մութլուսուն և գնացին գործի: Ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր կատարվել, եթե միայն փոփոխություն չհամարենք այն հասարակ հանգամանքը, որ Գեներալ Ալոշը, Մազութի Համոն և ընկերները այդ առավոտ մի փոքր հոգնած էին զգում իրենց, մի փոքր կոտրված, ինչպես այդ լինում է սովորաբար լավ քեֆերից հետո: Իսկ քաղաքացիների մեծ տոկոսին, մանավանդ առևտրական փողոցի գործնական ներկայացուցիչներին, այնպես էր թվում, թե պատերազմի մասին երեկ, կիրակի օրը եղած բոլոր զրույցները ոչ այլ ինչ էին, եթե ոչկիրակնօրյա ներելի հանաքներ, անցավ կիրակին, եկավ երկուշաբթին՝ բավական է. թույլ տվեք զբաղվենք հոգսերով: Իհարկե, խոսում էին մեկմեկ և պատերազմի առթիվ, բայց խոսում էին այնպես, ի միջի այլոց, որպես իրենց չվերաբերող մի բանի մայսին: Այդպես էրառաջին, երկրորդ, երրորդ օրը, այդպես էր առաջին շաբաթվա ընթացքում, բայց կամաց-կամաց հեռու պատերազմն սկսեց նկատելի դառնալ նույնիսկ Նաիրյան հեռու այդ քաղաքի, այո, ամե՛ն ինչումև նույնիսկ մանրածախ Կոլոպոտյանը և Մեռելի Ենոքն սկսեցին զգալ իրենց շրջապատում անսովոր մի մթնոլորտ, անհասկանալի մի փոփոխություն: Բայց օրերում ու ժամանակներում պատերազմը հայտարարվելու առաջին իսկ վայրկյանից կատարված փոփոխությունը բոլորից առաջ պ. Մարուքեն զզաց Նաիրյան այդ քաղաքում և այն էլ հենց երկրորդ օրը, երկուշաբթի առավոտև ահա՛ թե ոնց:

Երբ, ըստ իր ամենօրյա սովորության (իսկ պ՛ Մարուքեն բացի իր այս միակ սովորությունից չուներ, ընդհանրապես, և ո՛չ մի սովորություն) — վարսավիր Վասիլի վարսավիրանոցը մտավ և, նստելով դեղնավուն հայելու առաջ, դեմքը, հլու, հանձնեց վարսավիրի թավ, կակուղ խոզանակին պ. Մարուքենվարսավիր Վասիլը, սապոնոտ խոզանակը թեթև սահեցնելով պ. Մարուքեի այտն ի վար՝ հարցրեց, «էրեկ էդ ի՞նչ էր, պ. Մարուքե. տեսա՞ր Մազութի Համոյին... Օձի՛ պես կխոսեր անիծածը»: Պ. Մարուքեն չպատասխանեց: Տրամադրությունը վատ էր՝ գիշերը չէր քնել: Երեկոյան յոթից մինչև գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում Արամ Անտոնիչի, Կինտաուրի Սիմոնի և էլի սատանան գիտե, թե ում հետշեֆերը» չկային, նրանք, ինչպես գիտենք, ճաշի էին հրավիրվել գավառապետի բնակարանը, և այդ ճաշը, անհասկանալի պատճառով, տևել էր մինչև գիշերվա տասնմեկը...): Բայց բանը նրանց ճաշը չէր, իհարկե, պ. Մարուքեն թքել էլ չէր ուզի նրանց ճաշի վրա. պ. Մարուքեն հասկանում էր, իհարկե, այդ ճաշի իմաստը, գավառապետի «տակլիզատորների» լակած «Մադերը» չէր նրա մռայլության պատճառը, այլ այն, որ նա երեկոյան խաղում տարվել էր Արամ Անտոնիչին մի խոշոր գումար և չէր կարողացել վճարել, որովհետև չէր ունեցել մոտը: Պ. Մարուքեն ինքը առաջինը չէր սիրում «Նիսիա» խաղալ, բայց ավելի ևս դեմ էր դրան Արամ Անտոնիչը. բայց երեկոյան դեպքը կատարվեց թյուրիմացաբար, առանց իր իմանալուն. ինքն էլ չհասկացավ, թե ինչպես «տալիայի» վերջում ինքը տարված դուրս եկավ չորս հարյուր յոթը ռուբլի, այնինչ մոտը կար ընդամենը հարյուր իննսուներկու հարյուր ռուբլի: «Յորղանիդ չափը գիտենա՞ս» — ասել էր, բարկացած, Արամ Անտոնիչը պ. Մարուքեին, երբ տեսել էր, որ վերջինս իր տարված գումարը չունի: «Ներողություն, վաղը կվճարեմ» պատասխանել էր պ. Մարոքեն քաղաքավարի և շտապ դուրս էր եկել ակումբից՝ ետևից լսելով Արամ Անտոնիչի հռհռոցը և Կինտաուրի Սիմոնի, այդ Կլուբի մեյմունի ստրկական արձագանքը... Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն և սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել, այնպես որ այդ դեպքը թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին: Գունաթափ եկել էր տուն և երեսնիվայր ընկել էր անկողնու վրա՛ մինչև առավոտ մնացել էր այդպես: Բորբոքված ուղեղում մինչև առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էինթվեր, թվեր, թվեր, գույնզգույն թղթադրամներ, խաղաթղթեր: Գլուխը ցավում էր հոգնությունից, ուղեղը մշուշի էր նման, ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը, և, տարբեր ձևերով ու կարգով, շարժվում էին ուղեղի միջովթվեր, թվեր, թվեր գույնզգույն թղթադրամներ, խաղաթղթեր: Պ. Մարուքեն ո՛չ մի մեղք չունի, պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի, կգտնի, այսօրևեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները և կշպրտի այդ չտեսի դեմքին: Եվ այժմ էլ, դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի: Դեմքը դեղնել էր, ձգվել. աչքերը բութ, անիմաստ՝ նայում էինինքն էլ չգիտեր, թե ո՞ւր, աչքերը տեսնում էինգույնզգույն թղթադրամներ:

Վարսավիր Վասիլըի՜նչ շունն էր, որ չիմանար... իհարկե, գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել, նույնիսկ պ. Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց. գիտեր, որ «վատ» էի՞նչ հարցներ: Մոտեցրել էր շրթունքները, որքան որ կարող էր, պ. Մարուքեի դեմքին, սահում էրթավ, թեթև քսվելով՝ սահում էր ածելին նրա դեմքն ի վար: Լուռ էր, տոթ ու հանգիստ, լսվում էր վարսավիրի դանդաղ շնչառությունըու դու, կպչող, բաղանիքի շոգիի նման խեղդող ալիքներով քսվում էր Վասիլի շնչառությունը պ. Մարուքեի դեմքին: Բայց պ. Մարուքեն ոչինչ չէր նկատում, պ. Մարուքեի հոգնած ուղեղում, ինչպես բաղանիքի մառախուղում, օրորվում, օրորվում էին, շոգիի գույնզգույն կաթիլների նմանգույնզգույն թղթադրամներ...

Դուռը բացվեց և ներս ընկավմանր, չոր, հաստատ քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին հատակին խփումՀաջի Մանուկոֆ էֆենդին: « — Հը՛, բարի լո՜ւյս, էֆենդի աղաներս, բարաջողում» — ուրախ բացականչեց Մանուկոֆ էֆենդին. «Գործդ աղեկ է, Վասի՛լ, վով չգա-չգա-պ. Մարուքեն հոս է ու հոս...»:

«Համեցե՛ք նստի, էս է, կվերջացնեմ» — շրթունքները հեռացնելով պ. Մարուքեի դեմքից, ժպտալով պատասխանեց վարսավիրը. — «Քեֆերդ տեղը կերևա, փա՜ռք Ալլահին»: —

«Ինչո՞ւ չերևա, աղա՛ս»,— բացականչեց Հաջին բարկացած

«Տղա մըն ալ ավելցավ Հայաստանին, աս անգամ մանչ է, յա՜...»: Հերո՛ս էր, Հաջի Մանուկոֆ էֆենդու կնիկըՆունուֆար հանըմըտղա էր բերել:

Հաջի Մանուկոֆ էֆենդու այդ ուրախ տրամադրությունը հույսի պես վառվեց պՄարուքեի ուղեղում, բութ, քնկոտ աչքերում վայրկենապես բռնկվեց սուր, հուսալից մի իմաստ:

— «Դե՛ շուտ» — խռպոտ շտապեցրեց պ. Մարուքեն ձախ ուսը ցնցելով. — «ուշանում եմ»:

Վարսավիր Վասիլը վերջացրել էր արդեն: «Շնորհավորում եմ, պ. Հաջաղա» — վեր կենալով տեղից՝ պարզեց ժպիտն ու ձեռքը Մանուկոֆ էֆենդուն պ. Մարուքեն: Հաջի Մանուկոֆ էֆենդին երկու մատը դրեց պ. Մարուքեի ձեռքը, ձեռք սեղմել չգիտեր: Պ. Մարուքեն պինդ, սրտագին սեղմեց Հաջու երկու մատը և ... չգիտեր, ո՞նց սկսեր: Բարեբախտաբար Մանուկոֆ էֆենդին հանեց նրան դժվարին դրությունից:

— «Ժամանակ ունես նեքալե ղահվե մը խմենք» — ասաց Մանուկոֆ էֆենդին և մատները խլեց պ. Մարուքեի ձեռքից: — «Հետո կուգամ» — նետեց վարսավիրին Հաջին, շուռ եկավ, առանց ետ նայելու և պ. Մարուքեի համաձայնությունն առնելու դուրս եկավ վարսավիրից: Պ. Մարուքեն, առանց երկար մտածելու, հետևեց նրան, իսկ վարսավիր Վասիլը զայրացած, զարմացած հայացքը նրանց կռնակներին հառած՝ մնաց մի երկու վայրկյան սապոնոտ խոզանակը ձեռքին, ապա՝ երբ նրանք անհետացան, — «Թյու, նալլաթ կարողությանդ, մա՛րդ» — թքեց, ի խորոց սրտից, վարսավիր Վասիլը Հաջու հասցեին. հետո մոտեցավ լվացարանին, լվանալով սապոնոտ խոզանակը, սկսեց շվացնել «Ախ զաչեմ էթա նոչ» «մոդնի» երգը:

Մանր, չոր, հատու քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին խփում մայթինգնում էր առաջից, առանց ետ նայելու, Հաջի Մանուկոֆ էֆենդին: Ուրախ մտածում էր Մանուկոֆ էֆենդին, որ լավ ազատվեց «ուշազբաղ պերպեր»-ից: Ոչ թե սափրվելու նպատակով մտավ վարսավիր Վասիլի խանութը Հաջի Օնիկ էֆենդին, օ, ո՛չ. նա շաբաթը մի անգամ էր ածիլվում և այն էլ շաբաթ օրերը, — նրա նպատակն էր իր նորելուկի մասին վարսավիրին հայտնելը. «Պերպերի լեզուբաղանիքի դուռ» — մտածում էր Հաջին, և նա, իհարկե, իրավունք ուներ: Պ. Մարուքեի մասին, որին հրավիրել էր ինքը մի բաժակ սուրճի, մոռացել էր բոլորովին: Բայց պ. Մարուքեն նրան չէր մոռացել: Մտածում էր, նրա ետևից հազիվ հասնելով, պ. Մարուքեն, որ եթե բարեհաճի Հաջին փոխարինաբար տալու հարկավոր գումարըփրկված կլինի, հակառակ դեպքում... Պ. Մարուքեն չգիտեր, թե ի՞նչ կարող է լինել հակառակ դեպքում:

Հաջի Մանուկոֆ էֆենդին, խանութը հասնելով, կանգնեց. կտրուկ շուռ եկավ դեպի պ. Մարուքեն: Պ. Մարուքեն, որ, մտազբաղ, դեռ փոխում էր քայլը առանց դեմը նայելուգլուխը թափով խփեց Հաջի Մանուկոֆի դեմքին, ռեզինե գնդակի նման ետ ցատկեց, շփոթված, պ. Մարուքեն:

— «Յավա՜շ է, յավրում, ի՞նչ էղավ քեզի» — բացականչեց Հաջին, բարկացած. ապա. — «Գնա՛ Սիմոնին ըսե ղահվե մը հրամցնե հաշվուս, ես ժամանակ չունիմ, ներող կըլլաս» — ասաց նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, դուռը բաց արավ արագ, մտավև դուռը ետ խփեց պ. Մարուքեի քթին:

Հասկացավ պ. Մարուքեն, որ հույս չկա: «Թու՛» — թքեց պ. Մարուքեն, վարսավիր Վասիլի նման, էֆենդու հասցեին: Եվ քայլեց... ու՞ր: Մթնեց, մթնեց աշխարհը պ. Մարուքեի աչքին, հուսահատությունը հասավ բարձրագույն կետի: Կպատմե, ծաղրելով, կպատմե երևի իր բոլոր ծանոթներին Արամ Անտոնիչը հիմա այդ «վերջին խայտառակությունը»: Կըպատմեպ. Մարուքեի մթնած ուղեղում երերացին գունատ, զազրելի դեմքերը Օսեփ Նարիմանովի, Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի: Եվ հանկարծ, այդ վայրկյանին ահա, հուսահատության այդ ծայրահեղ վայրկյանինհիշեց երեկվա եռուզեռը պ. Մարուքեն. կանգնեց, պատկերացավ հանկարծ պ. Մարուքեի բորբոքված ուղեղում կանաչ սեղանի վրա կանգնած Մազութի Համոն: Եվ Մազութի Համոն, այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչը. երևաց նրանուրիշ, երևաց անծանոթ: Ինչպես հեռո՜ւ-հեռո՜ւ, պատմական մի անձնավորություն, կանգնեց նրա գլխում Մազութի Համոն... Ինչպես պատմության դասագրքից հանած գրավյուր` պատմության դասագրքից սահեց Մազութի Համոն դեպի պ. Մարուքեի բորբոքված ուղեղը: «Պատերազմ» — ասաց երեկվա ձայնով, պ. Մարուքեի բորբոքված ուղեղին Մազութի Համոն: Եվ պ. Մարուքեի սրտում ինչ-որ անհայտ մի ձեռք շարժեց, ժամացույցի սլաքի նման, ինչ-որ ծանր մի բան սովորական տեղից, պ. Մարուքեն հասկացավ, վերին մի հրաշքով գլխի ընկավ հանկարծ, որ այդ վայրկյանից սկսած ուրիշ է աշխարքն արդեն, — որ, այդ վայրկյանից սկսած, սկսվում է օրերում և ժամանակներում և ուրիշ մի բան. — այն, որ փոխելու է աշխարքը հիմնովին, ցնցելու, տակն ու վրա է անելու, — եթե միայն կարելի է այսպես ասելդարավոր հիմերը... Ցիրկի մեյմունի նման, ինչպես կասեր այդ մասին վարսավիր Վասիլը, — գլխիվայր մի ցատկյուն կատարեց կանաչ սեղանի վրայից, ինչպես դարավոր մի պատվանդանի վրայից, պ. Մարուքեի ուղեղում Մազութի Համոն, գլխիվայր մի ցատկյուն կատարելով՝ Մազութի Համոն թռավ դեպի պատմության դասագիրքը... Նորից, ինչպես ամբողջ գիշերը, սահեցին, դանդաղ, շարժվեցին մի վայրկյան նրա ուղեղումգույնզգույն թղթադրամներ: Բայց, իմեծ զարմանք իրա, սիրտը չպաղեց, չխոցվեց, չճմլվեց: «Եռունդա՛» — դուրս թռավ, լսելի ձայնով, պ. Մարուքեի շրթունքներից, քարե մի ծանրություն սրտից ընկավ: Արագացրեց քայլերը պ. Մարուքեն, պ. Մարուքեն գնաց տուն քնելու: Հետագայում, հիշելով այդ վայրկյանը, քթի տակ ժպտում էր իր այդ զարմանալի, համարյա մարգարեական տեսողական կարողության վրա պ. Մարուքեն, բայց հետագայում իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը այլ բանի էր վերագրում պ. Մարուքեն. Պ. Մարուքեի կարծիքով՝ իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը հետևանք էր ոչ, թե ուղեղի բորբոքման, ինչպես կարող է մտածել միամիտ ընթերցողը: Այլ, եթե միայն գեղարվեստական գրվածքում կարելի է այսպես արտահայտվելքաղաքական հեռատեսության...

Արդեն սկսվել էր «կռիվը» ինչ-որ անհայտ տեղերում, մի, երկու ամիս էր արդեն, ինչ սկսվել էր պատերազմը: Վաղուց արդեն ծայր էին առել շշուկներ, որ շուտով, այսօր չէվաղը, ինչպես Տելեֆոն Սեթոն էր ասում՝ «ռուսը կռվի կըկանչե անօրենին»: Խոսում էր՝ արդեն ասում էր քաղաքային այգում ընկ՛ Վառոդյանը ծանոթ օրիորդներին, որ կա, արդեն «Կենտրոնում» ստացված են ստույգ տեղեկություններ, որ շուտով, շատ շուտով կռիվ կհայտարարվի նաև «ոսոխին», և այն ժամանակ արդեն ամեն ինչ կփոխվի... Լայն հորիզոններ կբացվեն այն ժամանակ Նաիրիի համար, — խորհրդավոր ձայնով, որպես պետական մի գաղտնիք, ասում էր ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Չգիտեմ այդ ի՞նչ փոփոխություններ է, որ դեռ նոր պիտի տեղի ունենային այդ քաղաքի կյանքում և ի՛նչ հորիզոններ պիտի բացվեին Նաիրիի առաջ այդ խորհրդավոր փոփոխություններից, չգիտեմ, ասում եմ, որտեղի՞ց էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ, բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ որոշ փոփոխություններ արդեն իսկ տեղի էին ունեցել շատերի գործերում, բայց այդ բանը, դժբախտաբար, չէր կարողացել տեսնել ընկ. Վառոդյանը: Այդ «տեղեկությունները» նա կարող էր ինքը, առանց «Կենտրոնին» դիմելու, հենց տեղում ստանալ ամեն մի ամենահասարակ նաիրցուց, թեկուզ հենց մանրավաճառ Կոլոպոտյանից, որի առաջ, այո՛, արդեն իսկ բացվել էին որոշ հորիզոններ... նրա, մանրածախ Կոլոպոտյանի կյանքում, արդեն իսկ տեղի էր ունեցել այն աչքի ընկնող, կենսական փոփոխությունը, որ, մի երկու ամսվա ընթացքում, ռաֆինադ շաքարի գինը 14 կոպեկից թռել էր 17-ի: Ավելացրել էր գինը Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, որ ստանում էր շաքարը տեղից, ստանում էր վագոնով և, իր հերթին, պարկերով ծախում էր մանրավաճառներին: Բայց այդ դեռ չնչին փոփոխություն էր, համեմատած այն ավելի քան շոշափելի փոփոխության հետ, որ տեղի էր ունեցել հենց այդ նույն Կոլոպոտյանի հարևան՝ Կաթոլիկ Սիմոնի խանութում: Եվ ուրիշ խանութներում ևս, որոնցում պակասել էր արդեն, կամ պիտի պակասեր, կամ պակասելու վրա էր օգնող ձեռքը. որի որդին, եղբայրը, որը հենց ինքը՛ Գնացել, տարել էին արդենԿաթոլիկի որդուն, նրա հարևան Կարապետյանի, Մարտիրոսյանի ու հազար ու մի անհայտ «յան»-երի որդիներին, եղբորը, իրան: Հերթի էին հենց իրենքպ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը, սա, նա, մյուսը, ո՞րը թվես: Արդեն ամեն առավոտ երևում էին պատերի վրապատերի վրա փակցնում էին՝ արդեն ինչ-որ անհայտ ձեռքեր սպիտակ հրամաններ: Կանչում էին թղթերի վրայից, պատերի վրայից, կանչում էին սպիտակ հրամաններըսրան, երկրորդին, հարյուրին, կանչում էին դեպի հինգհարկանի շենքը: Գալիս, թափվում էին արդեն ամեն առավոտ, լցնում էին փողոցներն ու մեյդանըպատանի, երիտասարդ, տարիքոտ տրեխավորներ, շրջանի գյուղերից գալիս հավաքվում էին հինգհարկանի Շինության առաջ: Գնում էին այդտեղիցկայարան, խմբերով, գնում էին կայարան: Կանգնում էր, երկար ու կարմիր, ապրանքատար գնացքը, կանգնում էր կայարանից բավականին հեռու՝ դեպոյի մոտերքը: Տրեխավոր մարդիկ լցվում էին մեջը. թափվում էին մեկը մեկի վրա, ինչպես ձկները տակառում: Սուլում էր շոգեմեքենան, սուր, խեղդամահ արվող անասունի նման, սուլում էր սուլոցը շոգեկառքի: Տրեխավոր մարդիկ գոռում էին անիմաստ. տրեխավոր երիտասարդները երգում էին պառավաձայն. —

Следующая страница