Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Բժիշկ Սերգե Կասպարիչը այլևս նստում էր զորակոչային ատյանում: Իսկ երեկոները, ըստ սովորության, նորից զբաղվում էր քաղաքային ակումբում մխիթարիչ թղթախաղով, բայց այն տարբերությամբ, որ այժմ հետզհետե խոշորանում էին գումարները, խաղամիջի գումարները, «տասը», «հիսուն», «հարյուրի»-ի տեղ կանաչ սեղանների շուրջը այժմ լսվում էին «երեք ու կես», «հինգ», «հավասար» բացականչությունները, որոնք փոխաբերաբար հասկացվում էին, որպես հարյուրի ու հազարի հետ առնչություն ունեցող գումարներ: Երկրորդ աչքի ընկնող փոփոխությունը, որ առանձնապես դուր էր գալիս Սերգե Կասպարիչին, այն էր, որ նոր, միանգամայն «թարմ» մարդիկ էին սկսել հաճախել քաղաքային ակումբը, ըստ մեծի մասի երիտասարդ սպաներ, որոնք շատ շուտ ընտելանում էին բժշկին և, նրանից հետո, մնացած շրջանին՝ Օսեփ Նարիմանովին, Գեներալ Ալոշին, Արամ Անտոնիչին և մյուսներին, ես դիտմամբ առաջին հերթին չտվի Համո Համբարձումովիչի անունը, որովհետև նա թեկուզև չէր դադարել ակումբ հաճախել, բայց երևում էր կանաչ սեղանի շուրջը ոչ պարբերաբար, ինչպես առաջ, այլ երբեմն-երբեմն, և այն էլ երեկոյան ուշ ժամերին, տասնմեկից հետո, ո՞վ, ո՞վ չգիտեր, որ օրըստօրե մեծանում, վիթխարի ծավալ էր ստանում Մազութի Համոյի հասարակական գործունեությունը, որով, իհարկե, քիչ տեղ էր մնում անձնական հաճույքներին, աննշան տեղ: Արդեն խոսում էին, արդեն շատ որոշակի շշուկներ էին շրջում քաղաքումև այդ շշուկները ինչ-որ առնչություն ունեին ընկ. Վառոդյանի հետ, արդեն տալիս էին հայտնի անուններ: «Անդրանի՛կ»,«Դրո», «Քեռի», — խոսում էին արդեն տներում ու փողոցներում: Եվ այդ անունները կապվում էին, ինչ-որ անհայտ թելերով կապվում էին այդ անունները Մազութի Համոյի գրասենյակին, ինչ-որ անհայտ կողմերից երկարվում էին, ասես, աներևույթ թելեր և փաթաթվում էին «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի շուրջը, նրա հետ առընթեր մեջ առնելով նաև ընկ. Վառոդյանին, այո, նախ և առաջ ընկ. Վառոդյանին և ապա բժշկին և Օսեփ Նարիմանովին: Չգիտենք՝ կապ ունեի՞ն արդյոք այդ շշուկներին, թե ոչ, բայց այդ օրերին էր հենց, որ հինգհարկանի Շենքի հրամանների կողքին մի առավոտ քաղաքացիք փակցրած գտանուրիշ, նաիրատառ հրամաններ, ճիշտն ասած՝ հայտարարություններ, որոնց ներքևում, սպիտակի վրա սևով, ստորագրված էր՝ տպված էր նաիրատառ՝ Համազասպ Աստվածատրյան. — դա հենց ի՛նքն էր՝ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչ ԱսատուրովըՄազութի Համոն...

Այդ հայտարարությունները կանչում էին քաղաքացիներին, կանչում էին, ինչպես ասված էր նրանցումկիրակի, ցերեկվա ժամը 12-ին, ամառային ակումբի դահլիճը — «Հասարակական ժողովի»: Գրված էր, նույնպես ասված էր նրանցում, որ — «Ներկա մոմենտի մասին կբանախոսե Համազասպ Աստվածատրյանը» — (կարդա՝ Մազութի Համոն) և ապա՝ «Բանախոսությունից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մի շարք կարևոր հարցերի մասին. մուտքը ազատ է բոլորի համար. պատասխանատու կարգադրիչ` Համազասպ Աստվածատրյան» — ահա՛ այդ հայտարարությունների բովանդակությունը:

Կարդաց, կարդաց այդ հայտարարությունը վարսավիր Վասիլը, և նրա դեմքը, չգիտեմ ինչու, գարնան առավոտի նման, զվարթ, բացվեց, կարծես յուղ քսեցին վարսավիրի դեմքին: Ձեռքերը իրար շփելով՝ մտավ Կինտաուրի Սիմոնի կոշկակարանոցը վարսավիր Վասիլը և զվարթ բացականչեց. «Մազութի Համոն էլի կանչել է քեզի, տո՛, Կլուբի մեյմուն, բանե խաբա՞ր էս հեչ...»: Կոշկակար Սիմոնը կարծեց, թե ճիշտ որ կանչում է իրեն Մազութի Համոն. դանակը վար դրեց Կինտաուրի Սիմոնը և ելավ ոտքի: «Ո՞ւրա, ո՞ւրտեղ է» — թեկուզ խոցված վարսավիրի կուղիտ հորջորջումից, բայց ներքուստ հպարտացած, որ, ա՛յ, ինքը ևս առնչություն ունի այնպիսի անձնավորությանց հետ, ինչպիսին է Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն: «Ո՞ւրա, — շողոքորթ ժպտալով հարցրեց Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլին, կարծելով, որ դուրսը, դռան մոտ, երևի, կանգնած սպասում է իրեն Մազութի Համոն: — «Ա՛յ» — պատասխանեց, մեջքը թեքելով և կռնակը դեպի Կլուբի մեյմունը դարձնելով, վարսավիր Վասիլը. ու ցուցամատը տարավ, ցույց տվեց... իր այնտեղը, որի վրա ծննդյան օրից նստում էր նա: Հասկացավ Կլուբի մեյմունը, գլխի ընկավ նա, որ «ձեռ է առել իրեն վարսավիր Վասիլը. «Թյո՛ւ, մարդ, նամուսիդ» — թքեց Կինտաուրի Սիմոնը վարսավիրի հետևից, բայց նա, խռպոտ հըռհըռալով, ցատկել էր արդեն դուրս: Վարսավիր Վասիլը արդեն չկար:

Բայց ես մոռացա ասեմ, որ Մազութի Համոյի նույն այդ հայտարարությունների կողքին, նույն այդ օրը, փակցրած կային ևս ուրիշ հայտարարություններ, որոնց ճակատին տպված էր թեև «Լույս» Նավթարդյունաբերական Ընկերության կողմից ծանուցումը, սակայն նրանց ներքևում ևս տպված էր նորից նրա, անխուսափելիորեն նրաՄազութի Համոյի ստորագրությունը: Նրանցում, այդ մյուս հայտարարություններում, ծանուցվում էր ի լուր հանրության, որ «Ապրանքատեղափոխության պայմանների դժվարանալու պատճառով՝ «Լույսի» վարչությանը պատիվ ունի հայտնելու արգո հասարակությանը, որ սույն թվից սկսյալ նավթը Վաճառվելու է փութը մի ռուբլի հինգ կոպեկով» — այսինքն նախկին գնից փթին 15 կոպեկ ավելով: Չնայած Համազասպ Ասավածատրյանի առաջին հայտարարության առանձին խորհրդավորությանը և անհասկանալի ոճին՝ Մազութի Համոյի այս երկրորդ հայտարարությունն ավելի հուզեց քաղաքացիների միտքը, քան առաջինը: Մանավանդ որ չար լեզուներն սկսեցին խոսել, — և այս լեզուների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ պ. Մարուքեի լեզուն,— որ նավթի գինը բարձրացնելու խնդրում մատ չունի «Կենտրոնը», այսինքն «Լույսի» կենտրոնական՝ Բաքվի վարչությունը, այլ որ այդ հետևանք է իրաՄազութի Համոյի սեփական ձեռներեցության, մի բարեմասնություն, որով այնքան հարուստ էր Մազութի Համոն և որի շնորհիվ նա քանիցս արժանացել էր կենտրոնական վարչության առանձին ուշադրությանը, հատուկ հարգանքին: Չգիտենք, որքան հիմք ունեին այդ զրույցները, բայց մենք, աչքի առաջ ունենալով ռուսական հայտնի առածը, տրամադիր ենք կարծելու, որ այդ «ծուխը» ևս պիտի նախապայման ունենար, եթե ոչ իսկական մի «կրակ», գոնե կրականման մի բան: Սիրելի ընթերցո՛ղ, քո աչքից թող չխուսափե իմ այս միանգամայն «նուրբ», միանգամայն զգուշավոր վերաբերմունքը դեպի Մազութի Համոյի անձնականին ուղղված զանազան «ասեկոսեները», ո՞ր, ո՞ր, ասացեք խնդրեմ, քիչ թե շատ համարում ունեցող հեղինակը կարող է ցանկանալ, որ իրեն մեղադրեն բամբասանքի մեջ դեպի իր հերոսընո՛ւ, եթե ոչ «հերոսը», գոնե իր վեպի նշանավոր, այ՛ո , կենտրոնական անձնավորություններից մեկը: Իսկ ինձ համար, մանավանդ, ոչ միայն որպես հեղինակի, այլև որպես մարդուուրեմն կրկնակի կերպով անհաճելի պիտի լիներ նման մեղադրանքը, որովհետև զգում եմ, որ եթե ես թույլ տայի ինձ գոնե մի, թեկուզ ամենաչնչին, անբարեխղճություն գրությանս առարկա անձնավորության հասցեինապա հետևեին, խղճի խայթի նման հսկեին պիտի անքուն գիշերներս Մազութի Համոյի կայծկլտող աչքերը՝ ուտեին պիտի սիրտս: Պիտի նայեին նրանք, հսկեին պիտի խղճմտանքսկախաղանի բարձունքից պարզեին պիտի դեպի խիղճս Մազութի Համոյի տառապյալ աչքերընախատինքի, այո, մորմոքի ասեղներ...

Կիրակի, ինչպես գրված էր հայտարարության մեջ ցերեկվա ժամը 12-ին արդեն կանգնած էր Մազութի Համոն ակումբի դահլիճի դեռ չբարձրացրած վարագույրի ետևը և պատրաստվում էր սկսելու: Նայում էր վարագույրի արանքից դահլիճում հավաքված հասարակությանը և սրտմտում էր կարծես, կողքին կանգնած էր ընկ. Վառոդյանը և նույնպես ցույց էր տալիս դժգոհության նշաններ: Բանն այն էր, որ այնքան էլ, կարծես, դահլիճը լիքը չէր: Առաջին շարքում, կողք-կողքի, նստած էին՝ Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, բժիշկը: Արամ Անտոնիչը երկրորդ կարգի առաջին նստարանն էր ընտրել և, քիթը վեր տնկած, հոտոտում էր օդը. փնտրում էր օդի ալիքներում ինչ-որ ծանոթ մի բան, բայց, կարծես, չէր գտնում: Նրանից երկու նստարան այն կողմը նստել էր կոշկակար ՍիմոնըԿլուբի մեյմունը: Վարսավիր Վասիլը նրա ետևում դրված նստարանն էր ընտրել և, նայելով կոշկակարի ծոծրակին, շոյում էր մորուքը: Բացի այս հարգելի նաիրցիներից, եթե Հաջի Մանուկոֆին, ռեալականի և օրիորդաց գիմնազի մի քանի ուսուցիչ-ուսուցչուհիներին, ծխականի վարժապետ-վարժուհիներին, տեր Հուսիկ քահանա-Խաչագողին և պ. Աբոմարշին էլ թվենքսրանով համարյա թե սպառած կլինենք չափահաս քաղաքացիների կոնտինգենտը. եթե, իհարկե, այդպիսիների շարքին չդասենք մի քանի ուսանող-ուսանողուհիներին և մի շարք աշակերտներին (մեծ մասը Գևորգյան ճեմարանից), որոնք կարծես թե իրենք էլ զգալով իրենց անչափահաս լինելը շարվել էին պատերի երկայնքին և բռնել էին մուտքը չնայած որ դահլիճում դեռ, բավականին թվով մնացել էին դատարկ նստարաններ:

Տասներկուսից տաս անց Մազութի Համոն անհանգստացավ, նայեց ժամացույցին, նայեց ընկ. Վառոդյանին. «Հարկավոր է սկսելասաց ընկ. Վառոդյանին Մազութի Համոն: Ընկեր Վառոդյանը դուրս եկավ մի վայրկյան, ծառային կարգադրեցև ահա, երբ կրկին վերադարձավ և հայտնեց Համո Համբարձումովիչին, որ իսկույն կսկսենդրսից, ակումբի դռնից, լսվեց զանգի ձայնը, որից հետո դահլիճ մտնել սկսեցին մի քանի նոր անձնավորություններ, մի երկու ուսանող, մի երկու եկվոր սպաներ, վերջին մտնողը պ. Մարուքեն էր ետևից Կարո Դարայանը, որ տեղավորվեցին վերջին շարքի նստարաններին, ապա դուռը փակվեց, և վարագույրը բարձրացավ...

Եվ ահա այստեղ էր, որ հանդիսականների աչքին ներկայացավ մի բավականին տարօրինակ, անսպասելի տեսարան, բեմի աջ անկյունում դրված էր ամբիոնանման մի հարմարություն, որի կողքին կանգնած էր Մազութի Համոն, իսկ բեմի կենտրոնում, նույն ճակատագրական կանաչ սեղանի առաջ (ուրիշ սեղան երևի չէր ճարվել ակումբում) նախագահական աթոռի վրա նստած էր, որպես նախագահ, — երևակայո՞ւմ եքընկ. Վառոդյանը... վա՛տ, վա՛տ հոտ էր փչում, ինչպես հետագայում ասում էր պ. Մարուքեն, Նաիրյան այդ ժողովիցասում էր, ինչպես ասացինք, հետագայում, երբ արդեն պատմության գիրկն էր անցել այդ ժողովը և արդեն ակնբախ էին դարձել, նույնիսկ Մեռելի Ենոքի աչքին, նրա աղետավոր հետևանքները... Բայց ա՛յն, ա՛յն ժամանակ ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» — չասենք Մեռելի Ենոքը, որն ընդհանրապես քիչ բան էր հասկանում, այլ, ասենք, հենց մանրավաճառ Կոլոպոտյանը,որ իսկի չէր էլ եկել Ժողովի, կամ նաիրցի արհեստավորը, որ չէր էլ լսել այդ ժողովի մասին և եթե լսեր էլքիչ բան պիտի հասկանար: Ո՞նց, ո՞նց իմանար նեխած ձկան նման վագոնները լցված նաիրցի տրեխավորը, ո՞նց հասկանար, այդ «վատ հոտը» նա, որ առաջին անգամն էր, ելած իր մութը խուղից, երկաթագիծ տեսնում, և նրա անհայտ հեռուներից սարսափահար լալիս էր պառավանման և երգում էր պառավաձայն, վայրենի իր «Տանըմը» — փակ, անդուռ վշտի հանճարեղ այդ ոռնոցը, որ պատիվ կարող էր բերել ամեն մի, ձմռան կեսգիշերին դունչը լուսնին տնկած, սարսափահար գայլի...

Տասներկուսից տասնհինգ անց այդ ժողովը բացվեց:

«Ըհը», ըհը», — երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. և ասաց բացման խոսքը կարճ և ազդու: «Տիկիններ և պարոններ», — սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերևս, կարելի էր «տիկին» անվանել, և այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ Նաիրյան ժողովներում: Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար և, մասնավորապես, Նաիրյան ժողովրդի համար: Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարևորության մասին և համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները: «Խոսքը, զեկուցման համար, տրվում է պ. Համազասպին» — ասաց ընկ. Վառոդյանը և նստեց: Եվ մինչև կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչև կխմեր ջուրըդահլիճում, Գեներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին և կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին: Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, և Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն, վերջապես, սկսեց...

Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը: Բայց ձևականը, այսինքն նրա շարժումների, ձայնի, առոգանության և այլ նրբությանց նկարագրությունը մի կողմ թողնելով, որովհետև, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից, — ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը, — և թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ:

«Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»: — Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն: Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզունհրաշարար բալզամ: Դուք գիտեք, թե ինչպիսի մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգևորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը և Գամառ Քաթիպանշարունակեց հետո Մազութի Համոն, — իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհըիրենց հայրենիքը: Ինչո՞ւ, — հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն, — որովհետև, ինչպես հայտնի է բոլորին և ինչպես համոզված է ինքըայդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն ենմայրենի լեզու և հայրենի երկիր-որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգության: Հայրենի երկիր է մայրենի լեզու, ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապվելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաքուցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր, — կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրզանիզմմի ամբողջական ազգություն: Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգության միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինըհայրենի երկիրը: Եվ, իհարկե ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, և նրանց էլ պապերն ու պապերի պապերը: Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը», որովհետև ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարևոր և տվյալ դեպքում հիմնական, հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը, օ, ոչ, իհարկե, ոչ, հարգելի հանդիսականներ: Այստեղ ինքը, Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»: Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի՛ կազմակերպվում, հայրենիքը, կազմվում է դարերի ընթացքում և ժառանգություն է մնում դարերի ժառանգներին: Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը... Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին: Օ՜, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում: Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղերինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը ևս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությանը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում, ահա թե ինչ, ահա՛ թե ո՞րտեղ է հարսի կենտրոնը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալըահա ամենաէականը: —

Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը, կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին և իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միևնույն տեղում ապրած ու վաստակած ժոդովրդի հնագույն հետքերը, — պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»: Երկար-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք և ոսոխը», և ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողությաններից» երկրորդին-մայրենի լեզվին: Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը և կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջայնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»: Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի և հայրենիքի, այսինքն, մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տըվյալ ազգության մարմինն է՛, իսկ «լեզուն» — հոգին: Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք և կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք. — ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը: Վաղո՛ւց, վաղո՛ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգինկենդանի է և մարմինը: Ինչքան էլ «լեզուն» և «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որևէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից՝ կառչել է մյուսին և այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս: Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչև օրս, որովհետև նո՜ր, նո՛ր և պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ, — ի՞նչ , ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն, ես կասեի՝ հոգի առանց մարմնի, հոգևոր ազգություն: Որովհետև, այո, մայրենի լեզո՛ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգիցև նրա՛, նրա՛ շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ և շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի և Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք... Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչև օրս, հարգելի հանդիսականներ. ո՞րն էր, այո, — կենդա՜նի Նաիրին: — Նաիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո՛ւք էիք և բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին Նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը... Ես հիմա խոսում եմ, — հիշում եմ, ձայնը բարձրացնելով մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգևորված, Մազութի Համոն. — ես խոսում եմ հիմա հոգևո՛ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ, — և այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի: Առաջին՝ մարմնավորի, հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ-ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը և նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ, — այնտեղ է, ասենքՎանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ էԿիլիկիայում, Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգևորի իմաստովՆաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին... Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզև ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին... Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից աշխարհ թափառական նաիրցին: Ելել է նա, նաիրցինհինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին: Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ, ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրրին: Եվ արդենարդեն աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրինաստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին... Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա...» — Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»:

Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից: Հանդիսականները, ճիշտ է չէին աղմկում, չէին էլ հազում, կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինելու համար ականջները դեմ էին տվել սատանի ջրաղացի, ոչ ջուր էր լցվում ականջները, ոչ մտքի հատիկ: Բանախոսության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց և նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչև անգամ Կինտաուրի ՍիմոնըԿլուբի մեյմունը, ձայն առավ և համարյա թե խոսեց:

«Դուք գիտեք, — ասաց Մազութի Համոն հարցի գործնականին անցնելով, — որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամունոսոխին: Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները, — մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը էրզրում կմտնեն: Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նաիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը և կարող են ունենալ մեր հարցի համար: Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո՛, չի կարելի ձեռքերը ծալած նստել, հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն: Թե՛ բարոյական, և թե՛, մանավանդ, նյութական: Դուք գիտե՞ք,— ձայնը բարձրացնելով և խորին հուզմունքով բացականչեց հանկարծ Մազութի Համոն, — որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն. — թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեզ կամավորական բանակներ կազմակերպելուրիշ խոսքով ասած՝ մեր սեփական, այո՛նաիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշապանելու համար... »: Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն: Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը և վարսավիր Վասիլը, ոգևորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել և բացականչություններ անել: Բայց հնչեց նախագահի, — չոր, հատու, — հնչեց ընկ. Վառոդյանի զանգը` նախագահական տեղից, դահլիճում տիրեց լռություն: Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն և շարունակեց «Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է տրվում այսօրվանից մեր հարցըև մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»: — Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմելբաժակից ջուր խմեց Մազութի Համոն և — «բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը» — ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով, երևում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարևոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձևավորել: «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ» — ասաց, շրթունքները սրբելով, նա վեր ջապես — «Որ նույն այդ բարձրագույն գրությամբամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացելբավականին, այո՛, բավականին որոշ հաստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբև մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը» — մենք արդեն ունենք և իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված...»:

Այստեղ նորի՛ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից. ապա, անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն և ասաց, մոտավորապես, հետևյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, Հարգելի հանդիսականներ, — և հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը: Պետք է գիտենանք օգտվել առիթիցշեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն: Հարկավոր է գործով, այո՛, և ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը: Թ՛ող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելութող գրվի՛ նա կամավ որ, — և այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանինկատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածումվերածնվող Նաիրին...»:

Այսպես մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն և հանդիսականների կողմից, ինչպես և կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման, ծափահարությանց: Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր Նաիրյան հիմնը, դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»:

Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը: Մտքերի փոխանակությունն սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը, ապա խոսեցին Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանանԽաչագողը: Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին. բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին», ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, և արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել ընկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, անկախ և գուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներևակայելի մի թյուրիմացություն: «Կարելի՞ է մի խոսք» — հնչեց հանկարծ ներկաների 90, գուցեև 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից. բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն և ընկ. Վառոդյանըառաջ, անտեղի էր այդ ձայնը և անսպասելի: Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելովնայեց դեպի ձայնը և Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը: Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էրԿարո Դարայանինը:

Գուշակեց Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, և դեմքը հանկարծակիի եկավԱրամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց: «Դուք... ինչի՞ մասին եք ուզում խոսելհարցրեց, ոտքի կանգնելով, ընկ. Վառոդյանը: — «Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին» — պատասխանեց Դարայանը «կարելի՞ է»: — Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ. Վառոդյանը: Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին: «Խնդրեմ» — ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով. — «Միայն թե կարճ»: Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին: Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը.» — «Ով է այս լուսնից ընկածը» — ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի: «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածատրյանին» — ասաց Դարայանը. — «Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն դրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տրված ամենաբարձր ինստանցիաներից», և, եթե այդպիսին, այսինքն դրությունը կա՝ ինչպե՞ս են ձևակերպված այդ խոստումները բառացի...»:

Ինչպես քարը, այո՛, սարից գլորվելով և ընկնելով գետը՝ առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն և ընդհանուր ցասումայդպես էլ Կարո Դարայանի անտեղի այդ հարցը, սրահի ընդհանուր, լարված ոգևորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեցբարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թեհեգնանք ու բարկություն: Սերգե Կասպարիչը և Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից, զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչը և Օսեփ Նարիմանովը: «Ո՞վ է այդ երեխան, որ նման մի տհաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում» — ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի և հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում: Նրանց հետևելով նույնպես ոտքի կանգնեցին Գեներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը և Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը՜ մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ. — «Ներեցեք անարժանիս ե՛ս եմ մեղավորը...»: Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց, և ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման հեգնախառն փռթկաց: «Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ», — Հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող «ծիծաղեցեք, բայցլռել է՛լ է հարկավոր»–ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում: «Լռեցե՛ք, պարոննե՛ր» — բացականչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով, — և, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց: — «Լռություն, լռությո՜ւն» — օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ» — ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը: Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին: Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոնև տվեց արժանի պատասխանը. — «Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն-թող ներե ինձ հարցասեր պարոնը-դպրոցական աշակերտները...»: Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից: «Թույլ տվեք» — ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը. «չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել...»: Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքևում ասացինք, ձայն առավերևակայո՞ւմ եքԿլուբի մեյմունը, — այսինքն, վեր թռչելով տեղից ձայն տվեց ինքն իրեն Կլուբի մեյմունը և — «Դո՛ւրս արեք էդ իշու հայվանին» — բացականչեց,հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց... վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի մեյմունին. Կլուբի մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին: Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց: Հետո ինչ պատահեցհետաքրքիր չէ, ընթերցող, որովհետև, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի մեյմունի, Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, — Դարայանի նման «տխմար երիտասարդներին», ընկ, Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն, հետո ժողովը փակված հայտարարվեց և հասարակությունը ցրվեց: Բայց ոչ, մոռացա մի հանգամանք ևս: Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններՄազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից ևս հիշեցնել հարգել հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միևնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, Գեներալ-պրոֆեսոր ԱյսինչԱյսինչը կարդալու է դասախոսություն, «Նաիրյան հարցի ապագայի» մասին, խնդրում է ներկա լինել և հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ-գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նաիրյան դատը:

Следующая страница