Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

...Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք: Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգևորված նաիրցիները: Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան հերոսներին դիմավորելու, այնտեղ էին Գեներալ Ալոշից սկսածմինչև Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես և Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը և մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողելհատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես էլ չեմ խոսում արհեստավորների և բոլոր «դրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու: Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր. — նա, այդ չարչիների Փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում, երևի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էլնելը», որովհետև միևնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին: Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» — ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը: Ներկա էին նաև մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում) — հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային և այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո՛չ միայն «տասը», այլև իրենց կյանք՛ը զոհաբերել այդ սրբագույն նպատակին:

Գնացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձամովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին: Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը գնացքը մոտենալու վայրկյանին նվաղել Նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր և պատրաստված, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբինև ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց ետևը կենդանի մի պարիսպ կազմած աչքերը երկաթգծի հեռուն սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն: «Ուշացավ» — արդեն անհանգստանալով՝ ասաց Գեներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը: Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցըև բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի ևս անհանգստացան: Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց Նաիրյան հիմնը գնացքը, դանդաղ, մոտեցավ կայարանին:

Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներևակայելի ոգևորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին: Հազիվ էր երևացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից, ամբողջ կայարանը կարծես հօդս ցնցեց: Իսկ երբ կանգնեց գնացքը և դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարըՀայտնի Անունը, — երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը և Հայտնի Ասունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի և ապա... ընկ. Վառոդյանի հետ, — հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանիև այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը և Գեներալ Ալոշըէլ ես չեմ խոսում Կոշկակար ՍիմոնիԿլուբի մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաներըհախուռն «ուռա»-ների ձայնը մինչև քաղաք հասավ, այնպես որ «եկան» — ասաց Կոլոպոտյանը գնորդին, և նրա դեմքին անգամ շողաց, երանավետ, Նաիրյան մի ժպիտ: Հետո դուրս եկավ խումբը և խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ: Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը: «Բարի գալուստ» — այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն. — «դուք տեղ ունեք» մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը Նաիրյան կյանքում. — «Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը, և, Վարդանանց տոնի, Ծննդյան և Հարության տոների նման տոնե՛ պիտի այդ օրը ապագա Նաիրին: Տոնե պիտի ազա՛տ և անկա՛խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... Գնացե՛ք, — վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին, Մազութի Համոն. — մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից. — գնացե՛ք, մեր քաջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ. — գնացե՛ք, և ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենքես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին...»: — Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն և, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. — «Թող թույլ տրվի ինձ» — ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին . — «համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի՛ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմադրել թշնամու գնդակին և, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՛ր-երկա՛ր մինչև հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»:

Հնչեց, թնդաց աղմկալից Նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն: Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի և Քոռ Արութի, աչքերին երևացին խնդության արցունքներ: Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց` իրենց հարգանքը բերել նվիրական գործին: «Բայց, — ասաց խմբապետը վերջում, — եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործինայն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը ևս ո՛չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի...»:

Այսպես խիստ, այսպես տեղի՛ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը և ապա, երբ դադարեց Նաիրյան հիմնը և լռեցին կեցցե՛ները — «Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը» — կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը. — «Որովհետև նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի...»: Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» — բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրումձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին:

«Կեցցե՛ թագավոր կայսրը»,— կարծես նոր գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարևոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքումբացականչեց Մազութի Համոն գլխակը թափահարելով: Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեցհանդեսը վերջացավ: Խմբապետը, Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը և Գեներալ Ալոշըերկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը և մյուսները մնացած կառքերումզմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք:

Մի Ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր ևս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգևորության:

Երեք օրից հետո նույն այդ տեղից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները: Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերագրել, մասամբ էլ նրան, որ շատ-շատերը, այո՛, մանավանդ արհեստավորներից և շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելուորը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ: Ասվեցին, ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, Նաիրյան հիմնը և «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո՛չ միայն Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, — այլև Գեներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից: Հետո կամավորները գնացք նստեցինև ահա կեցցեների, երաժշտության, լացի և ոգևորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ: Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ և անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար և, արցունքի միջից, սպասումի ժպիտ: Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նաիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքըԱվետյաց երկիրըհնամյա Նաիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անցնայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը Մազութի Համոյի, բայց Մազութի Համոյի ժպտաթախիծ աչքերը արդեն տեսնում էին, գալիքների անհայտ մշուշների միջիցայնտեղ, ուր հեռացավ գնացքը «Նաիրյան ուժերով» բեռնավոր. — իր նո՛ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնարմիացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին...

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ

ԵՐԿԻՐԸ ՆԱԻՐԻ

Միթե սա՞ է երկիրը Նաիրի...

Ե. Չ. «ՇՈԳԵԳԱԼՈՒՍՏ»

Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարևորագույն մասինև այստեղ է ահա, սիրելի ընթերցո՜ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում է մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրը, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նաիրի: Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդության... Եվ ճիշտ որ, — ո՞րն է այդ Նաիրին: Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «Նաիրյան» քաղաք, և մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում — «նաիրցիներ»: Մի՞թե կարող էր «ուղեղային մորմոքը» կերպավորվել և իրականություն դառնալ. մի՞թե կարող էր, սիրելի ընթերցո՜ղ, միս և մարմին ստանալ «սրտի հիվանդությունը» — և քայլել քաղաքում, հասկանո՞ւմ ես, ո՛չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենց, ասենք, Գեներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքումորպես մի Համո Համբարձումովիչ-Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորությունչէ՛ր կարող: Զառանցանք չէ՛ր այդ քաղաքը, և ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք. և, այո՛, ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նաիրցի», և ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը — «Նաիրյան» մի քաղաք: Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, «սիրելի ընթերցո՜ղ, որ մոտեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ե՞ս եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին ևս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր վասիլը, եթե այս գրությունս կարդար: Այո՛: Ի՞նչ «Նաիրի»: Եվ ամենից առաջ, ո՞րտեղից մեյդան ընկավ այդ անունը, ի՞նչ է նա նշանակում:

Սիրելի ընթերցո ղ: Ես չեմ հնարել այդ անունը և պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում: Գուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա: Գուցեև նշանակում է «անքաշ պանիր» — աստված ինքը գիտե: Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում: Չգիտեմ: Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»: «Նաիրին» Նաիրի էպրծավ գնաց: Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկու անուն է, ինչպես Սողոմոնիմարդու և.. Եվ նորիցխոչընդոտ, սիրելի ընթերցող: — Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրըկարող ես հարցնել դու հիմա, — և ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած: Շվարած ո՛չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական և աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելովայդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրներին, ասենքԱրգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո՛չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով և այլն, այլ... Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող: Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում: Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին — «և կա, և չկա»: կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյաը այդ երկրում մի շարք այսպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն,— ո՛րը թվեմ: Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել: Եվ, միևնույն ժամանակ, չկա, որովհետև.. եթե նա լիներապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի» — այսինքն կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր և ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա: Փորձեցե՛ք մի նամակ գրել և հասցեագրել այսպես

«Երկիր ՆաիրիԳեներալ Ալոշին» — տեսեք ո՞ւր կհասնի: — Կարծո՞ւմ եք մեր նկարագրած քաղա՞քը: Սխալվո՛ւմ եք: Ուրեմն ճանապարհի՞ն կմնա: — Երևակայեցեք, որ ո՛չ: Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող: Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա և կընկնի ուղիղի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երևա՛ն, Դիարբեքի՞ր, Շապին-Գարահիսա՞ր... — Իհարկե ոչ:

Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ ԱսատուրովիՄազութի Համոյի...ուղեղը... Ահա՛ և ամբողջը: Եվ ահա՛ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները: Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները, — առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ ԱսատուրովիՄազութի Համոյի ուղեղը: Այո՛: — Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետև նա էր (ուղեղը և ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղը եղջյուրների վրա... երկիրը Նաիրի: Նրան, այո՛Համո Համբարձումովիչ ԱսատուրովիՄազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը, — եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային» գոյության:

Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ: — Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, և այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրին: Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որևէ հատվածի վրա, տեղավորված կայինգյուղեր ու քաղաքներ, ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում, ապրում էինամենից առաջ հենց ինքը, Մազութի Համոն, ապա Գեներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան և հազար-հազարավոր ուրիշ ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի և վերադառնում էին գործից, ուտում էին և արտաքնոց էին գնում մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը: Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. Էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում, կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք: Եվ ո՛չ միայն նրանք, այլև հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի Մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,— և ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտընին առօրյան, մի խոսքով ասած՝ ամենքը և ամեն ինչ Նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայնուղեղային խաղը: Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով և հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զևսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս-Պալասը: Այո՛: Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին և քարակերտ վեհությամբ ապրեին դարերթեկուզ հենց Վարդանի կամուրջը, Բերդը, Առաքելոց եկեղեցին... Այդպես էլ ես ու դո՛ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք տարիներ շարունակ փողոցից Փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը և տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, որի ցուցանակի վրա դրված է՝ «Չայ-Ղահվե-ճաշարան, Սեթրակ Ֆափան» — ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, և չենք էլ իմացել, որ իլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք, — որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշըոր մեր ամբողջ կյանքն իր «վտակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ — «ուղեղային մորմոք» — սրտի հիվանդություն... Այո՛: Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով» — և մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք քաղաքում, ապրել ենք զառանցանքով, որպես «մեր տանը» — և մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել: Եվ դու, ընթերցող, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ որ չտեսնված «տիպեր»: — Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո՛ղ, և չէի էլ կարող մտածել: Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող, հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից ևեթ, խոսել եմ այդ քաղաքի և նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին, — ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո՛ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է և քեզ, միևնույն է ապրել ես դու, թե ոչ մեր նկարագրած քաղաքում, խաբել է, մշուշ է փռել աչքերիդչես իմացել: Այո , ընթերցո՛ղ, զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոքև կար, գոյություն ուներ, թվում էր, թե ապրում է երկրայինքամի կար, կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի և տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ ԱսատուրովըՄազութի Համոն: Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ» — և ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրա՛ն, այսինքն ո՛չ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո՛, պարտական Նաիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբև առանց նրա, այսինքն ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անգամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն Նաիրյան այդ քաղաքը, այլև ամբողջապես հենց ինքըերկիրը Նաիրի: Չե՞ս հավատում: Նայի՛ր շուրջդ ապա, ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը, ո՞ւր են նրա բնակիչները: Ո՞ւր են Մեռելի Ենոքը և Տելեֆոն Սեթոն... Ո՞ւր են, ո՞ւր են, վերջապես, Վարդանի կամուրջը և Առաքելոց եկեղեցին... Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում, դարձել են մուժ ու հիշատակ: Ինչո՞ւ: — Որովհետև չկա, այլևս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը. — չկա. մուժ է դարձել, դարձել է մշուշ ու հիշատակ:

Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ: Բավական են, կարծեմ, վերևում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմվի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին. բայց արեք տեսեք, որ ես ամենակարևորը և ամենազարմանալին դեռ չեմ հիշատակել, ամենաաներևակայելին: Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նաիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղըահա՛ ամենաէականը: Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինք ահա հարցը: Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկադրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներևակայելի: —

Նա, Համո Համբարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էրերևակայո՞ւմ եքհենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ: Չե՞ս հավատում. — իրենի՛ց հարցրու, այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վառոդյանը, — ավելին՝ այսպես էր համոզված և ամբողջ «Ընկերությունը». — օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող, — ամբո՛ղջ մի, եթե կարելի է այսպես ասել տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բաստա, պրծավ գնաց, ուզում ես զարմացիր, ուզում ես հիացիր: Կար, գոյություն ուներ և սնվում էրհենց ինքն իրենովահա՛ թե ինչ: Կար, գոյություն ուներ և աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել որպես մի իսկական «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհուցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո՛չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլև կա, գոյություն ունի և կարող է աշխատել ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն: Այսպիսի՛ ահա ինքնուսույց մի թռչուն, բայց, ավելի լավ է ասել «պերպետուում մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը, ինքնաշարժ մեքենա էր, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով՝ դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբոնց ասենք... նո՜ւ, ազգային եռանդ (էներգիա), որով, և միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյահազարամյա Նաիրին: Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը սույն տողերը գրելիս. —

«Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան`
Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման...»:

Այսպես ենք կարծում, ընթերցո՛ղ, և մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետև նույնը, ճիշտ նույնը, բառացի նո՛ւյնն էր մտածում և ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը Նաիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «Նաիրյան ուժերով» բեռնավոր: Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր և ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համրարձումովիչի սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ, տխուր ու մտախոհ՝ սեփական, այսինքն «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք: Եվ կայարանից մինչև բնակարանը նրա, Մազութի Համոյի աչքերը նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում: Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը. — Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները) Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա՛ էր, ըղձալին ու երազյալը, — երկիրը Նաիրի: Գնում էր. փողոցի փոսերից, քարերից ելևէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի: Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ: Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելևէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղումերկիրը Նաիրի: Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման՝ նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակՀամո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նաիրի: Փնտրում էր, բայց չէր գտնում, օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա, օրորվում էր, ելևէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի երկրայինը, դեպի գոյացման Տհասներն էր ձգտում, դեպի սահմանի այն կողմերկիր Նաիրի: Մտածում էր՝ «Ո՞րն է Նաիրին» — ու շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանաո՞ւր, որտե՞ղ սակայնո՞ր ափերում... Կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղումքաղաքներ ու ոստաններ. ելնում էին Վանը, Բիթլիսը, Մուշը, էրզրումը, Սվաղը, Դիարբեքիրըվեց վիլա՛յեթ: Նաիրին էր. հին ու հազարամյա, հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում՛ մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ, մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր. — Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվումմի խոշորագույն հանգամանքեթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն: Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը, — Նասր-էդդին հոջայի հայտնի առակին. Մուլա-Նասր-էդդինի նման՝ Համո Համբարձումովիչը մոռացել էր, կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամիր նստած երկարականջ քեռուն, այսինքնՆաիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականըմոռացել էր այն, ինչ, ինչպես ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում: Գուցեև չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ, և այդ փաստն այն էր, որ՝ Համո Համբարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նաիրի,— այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո՛չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոնայլև ամբողջ սահմանի այս կողմը, պատկերացնո՞ւմ եք ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից: Եվ Համո Համբարձումովիչըոչինչ. չէր անհանգստանում: Չնայած, հասկանո՞ւմ եք, Բերդին, չնայած Վարդանի կամուրջին և Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ Նաիրյան հրաշալիքներինՀամո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը. — Օ՜, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրայիներկիրը Նաիրի …………………………………………………………………………………………………………………………………………………………..

Թող չկարծվի սակայն, որ Համո Համբարձումովիչը միամտաբար էր այդպես մտածում: Ո՛չ այդպես մտածելու համար Համո Համբարձումովիչի ուղեղը, ի՛նչ խոսք, որ ուներ հարգելի պատճառներ, նման պատճառները փոլիտիկոսների բարբառում կոչվում են՝ քաղաքական պատճառներ...

Բայց և այնպես, ընթերցո՛ղ, — ո՞վ իմանա:

Մի՞թե հասկանում է արևը, որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության: Կարծում եմ, որ սխալված չպիտի լինեմ, եթե ասեմ, որ ոչ:

Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը և հենց ինքը, Մազութի Համոնի՞նչ իմանար: Եվ այն էլճակատագրական այդ օրը: Ասում ենք ճակատագրա կան, որովհետև այդ օրը, ի բացառյալ վերոհիշյալ դեպքերըՀամո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց և մի այլ, ավելի քան նշանակալից, գերճակատագրականդե՞պք ասեմ, չգիտեմ, թե՞անսպասելի մի տիեզերացնցում, որի հետևանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում... երկիրը Նաիրի: Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել:

Համո Համբարձումովիչը, ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն: Ուղեղումդե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել, ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ, — Նաիրյանն էր, հավիտենականը. ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր, — երկիրը Նաիրի: Այդպես էլ հասավ իր բնակարանը և անցավ իր առանձնասենյակը, առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրըՍևաչյա Պրիմադոննան: Սևաչյա Պրիմադոննան արտասվում էր գլուխը ձեռքերի մեջ առած՝ արմունկները գրասեղանին: Մոտեցավ, գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն. ուղեղում Նաիրյանն էր դեռ և ոչ անձնականը, ուղեղի եղջյուրների վրա դեռ նստած էր, ծանր, երկիրը Նաիրի: Մոտեցավ, ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սևաչյա Պրիմադոննայի. Սևաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին: — «Գնա՛ այնտեղ» — ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին: Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նաիրի: Համո Համբարձումովիչը զզույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին: Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նաիրի. .. Օրորվեց, թպրտաց անհանգիստ. — Նաիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղիցնստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած... պոզերի վրա: Եվ այդ տարօրինակերկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա ետևը շնչասպառ կռացած, Սևաչյա Պրիմադոննան տեսավ... մազերը, կռնակը և սպիտակ նստուկը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իր, Սևաչյա Պրիմադոննայի, մորՀամո Համբարձումովիչի անզուգական կողակցի……………………………….. ……………………………………………………………………………………………………...

Այո՛, Ո՞րն էր «Նաիրին»...

Նա այնտեղ էրՀամո Համբարձումովիչի ուղեղաընտանեկան եղջյուրներին... ներողություն՝ պոզերին նստած, սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհուցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած՝ ազգային էներգիա մատակարարում իրեն ու ամենքին: Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը բանալ»: Հարկավոր է ասել, որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենք հասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով, — «տիեզերական ոգի» — տվյալ դեպքում, իհարկե, Նաիրյան մասշտաբով: Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասարդի, Նաիրյան այդ «տիեզերական ոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա Նաիրա-արքայություն: Նրա, այդ «տիեզերական ոգու» «Նաիրյան մասշտաբով» գերագույն սուբստանցիան էր — «Ընկերությունը», այսինքն Կենտրոնաուղեղասարդը, և այդ «տիեզերական ոգու» (Նաիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը՝ տեղակած սուբստանցիան: — Եվ այդտե՛ղ էր ահա Նաիրին, Համո Համբարձումովիչի այդ հանճար եռագույն ուղեղում: Այդտեղ էր. շինվում էր այդտեղ: — Լրացել էին օրերն ու ժամանակները, ուղեղայինն արդեն երկրայինի պիտի փոխվեր, ուղեղայինը պիտի իրականանար:

Следующая страница