Խնկոյան Աթաբեկ՝   Բանաստեղծություններ, պոեմներ, առակներ, հեքիաթներ

Ու աշխարհը
Ծաղկեց գարուն,
Քեզ պես կայտառ
Ու թրթռուն,
Քեզ պես կարմիր
Ու վառվռուն,
Հասավ ծաղկեց
Հեռու, հեռուն:
Ու շունչ տվավ
Ժեռ քարերին,
Ծաղիկ տվավ
Հովիտներին,
Շաղիկ տվավ
Ծաղիկներին.
Քեզ պես կարմիր
Ու թրթռուն:

Սիրտս հովիտ,
Ծաղկունք դալար,
Սերս բուրմունք,
Հոգիս քնար,
Լեզուս արտույտ՝
Էս նոր գարնան
Ես քեզ համար
Աշուղ դառնամ,
Վարդի կոկոն
Փոքրիկ պատկոմ:

ՊԻՈՆԵՐ ՀՐԱՉԸ

Կրծքին ալ փողկապ,
Տղան՝ կարմրալանջ,
Տղան՝ պիոներ,
Անունը Հրաչ:
Հրաչը աշխույժ,
Փողկապով հպարտ,
Հրաչը՝ նոր ուժ,
Օղակի մեջ զարդ,
Պիոներ նա մի,
Գործին միշտ պատրաստ,
Օրինակելի,
Մաքրասեր, զգաստ:
Մարզանքում ճարպիկ,
Զիլ վազքում շատ վարժ,
Խուզարկու, անվախ,
Ճկուն, դյուրաշարժ:
Պատահեց էսպես.
Մի խիստ շոգ ամառ
Պիոներները
Գնացին ճամբար:
Մի օր անտառից
Հրաչի դիմաց
Մի եզ դուրս պրծավ
Սաստիկ կատաղած:
Մի եզ ահարկու,
Պոզեր սրածեր,
Ոտների տակից
Թռչում են կայծեր:
Հովիվը զիլ-զիլ
Կանչում է հեռվից.
Խրտնել է եզը
Դոշիդ կարմըրից:
Շպրտիր գետին
Էդ զիզի-պիզին,
Կարմիր չի սիրում,
Զոհ կերթաս եզին:
Չի կորցնում իրեն
Վտանգի առաջ
Էն հնարագետ
Պիոներ Հրաչ:
Թողնում է կարմիր
Փողկապն իր վզին,
Պատվի նշանն իր
Չի զիջում եզին:
Վստահ լինելով
Իր վազքի չափին,
Իրեն հանձնելով
Էդ վազքի թափին,
Կտրում-անցնում է
Մի ճամփա երկար.
Ոտք տալով թռչում
Բարձրանում մի ծառ,
Բայց բռնած ճյուղքը
Դալար ու ճկուն՝
Հրաչի քաշից
Թեքվում է իսկույն:
«Պահիր, դալար ճյուղք,
Լավ կարմրալանջին,
Գալիս է, եկավ
Օղակն առաջին»:
Մենակ չի տղան,
Տղան պիոներ,
Մի ամբողջ ջոկատ
Եկան ընկերներ:
Օղակը տեսավ
Էդ իր Հրաչին,
Իր լավ Հրաչին
Ժիր հնարագետ,
Որ փրկեց իրեն
Եվ փողկապն իր հետ:

ՍՐԱ ՎԵՐՋԸ Ո՞Վ ԳՏՆԻ

(Փոխադրություն Ա. Ֆեդորչենկոյից)

Պուտիկ, պուտիկ,
Պուտուտիկ,
Շղարշ թևեր
Խատուտիկ,
Շողերի տակ
Վառվռուն,
Թըռ-թը՛ռ թիթեռ
Թըռվռուն,
Թըռ-թը՛ռ թիթեռ
Տիկ, տիկ, տիկ,
Որտեղ ծաղիկ՝
Դու տիտիկ,
Ծաղիկներից
Հյութ ծծան,
Տերևներում
Ձու ածան:

2

Թիթեռնիկը
Ձու ածեց,
Տերևի տակ
Ձուն պահեց,
Ցողուն, տերև
Հովանի,
Որ թշնամին
Չտանի:

3

Անցավ աշուն,
Ցուրտ ձմեռ,
Եկավ զարուն
Կենսաբեր.
Էլի՜ տերև,
Ծիլ, ծաղիկ,
Էլի՜ ցողուն
Շող-շաղիկ:
Ձվում բացվեց
Ներսից դուռ,
Եվ լույս ընկավ
Մի թրթուր,
Թավիկ, թավիկ,
Թավամազ,
Մեջքը զոլ-զոլ,
Խազեխազ:
Փոքրիկ թրթուր
Անկշտում,
Տերևներ է
Խփշտում:
Որտեղ տերև
Նա վրան,
Մկրատի պես
Սուր բերան,
Ցերեկ, գիշեր
Ծամ ու կեր,
Ինչքան ասես
Շատակեր,
Փռվում, չռվում,
Կես արթուն,
Իրեն թելով
Փաթաթում,
Քնում մուշ-մուշ
Բոժոժում,
Հարսնյակ դարձած
Չի շարժվում:

4

Եվ բոժոժում
Քնած դեռ,
Նա դառնում է
Մի թիթեռ,
Իսկույն անցնում
Է ուժի,
Ծակում պատը
Բոժոժի,
Ու բոժոժից
Լույս աշխարհ
Չորս թևանի,
Նախշանկար:
Պուտիկ-պուտիկ,
Պուտուտիկ,
Շղարշ թևեր
Խատուտիկ,
Թըռ-թը՛ռ, թիթեռ,
Տիկ, տիկ, տիկ,
Որտեղ ծաղիկ՝
Նա տիտիկ,
Ծաղիկներից
Հյութ ծծան,
Տերևներում
Ձու ածան:
Թիթեռնիկը
Ձու ածեց,
Տերևի տակ
Ձուն պահեց,
Ցողուն, տերև
Հովանի,
Որ թշնամին
Չտանի:

5

Անցավ աշուն,
Ցուրտ ձմեռ,
Եկավ գարուն
Կենսաբեր
Էլի տերև՜,
Ծիլ, ծաղիկ,
Է՜լի ցողուն
Շող-շաղիկ:
Ձվում բացվեց
Ներսից դուռ,
Եվ լույս ընկավ
Մի թրթուր՝
Թավիկ, թավիկ,
Թավամազ,
Մեջքը զոլ-զոլ,
Խազեխազ:
Ծաղիկներից
Հյութ ծծան,
Տերևներում
Ձու ածան:

6

Թիթեռնիկը
Ձու ածեց,
Տերևի տակ
Ձուն պահեց,
Ցողուն, տերև
Հովանի,
Որ թշնամին
Չտանի...
Քանի կրկնենք
Չի հատնի՝
Սրա վերջը
Ո՞վ գտնի:

ՉՈՐՍ ԱԶԳԻ ՄԱՅՐԵՐ, ՉՈՐՍ ԱԶԳԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ
(Թարգմ. Ա. Բարտոյից)

ՄԵՐ ԵՂԲԱՅՐԻԿՆԵՐԸ

1. Խափշիկ

Եղբայրիկ է
Գույնը սև,
Սև մազերը՝
Օղաձև,
Օղակ-օղակ,
Ոլորուն,
Խուճուճ գառան
Պես սիրուն:
Աչիկները
Սև ածուխ,
Ոտից գլուխ
Թուխ է, թուխ,
Էս ինչ մանչ է,
Մա՜նչ, մանչիկ,
Էս ի՛նչ գոնչ է,
Գոնչ, գոնչիկ.
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում.
Հիլլի՛միլլի՛
Հա՛...
Հիլլի՛-միլլի՛
Հա՛...

2. Չինացի

Մտի՜կ, մտի՜կ
Էս տղին,
Եղբայրիկ է
Սա՜ դեղին:
Սուր-սուր մազեր,
Սուր ասեղ,
Ծուռտիկ աչեր
Նեղ ու շեղ:
Էս ի՛նչ մանչ է,
Մա՛նչ, մանչիկ.
Ես ի՛նչ գոնչէ,
Գո՛նչ, գոնչիկ.
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում.
Չինգե1, լինգե՜
Չեն...
Չինգե, լինգե՛
Չեն...

3. Հնդիկ

Եղբայրիկ է
Սա էլ զատ,
Աչիկները
Սև-սև սաթ,
Բոյ ու բուսաթ
Կոկ ու հարթ,
Պղնձագույն
Պստիկ մարդ:
Էս ի՛նչ մանչ է,
Մա՛նչ, մանչիկ,
Էս ի՛նչ գոնչ է,
Գո՛նչ, գոնչիկ,
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում.
Կիվա՛,1) կիվա՛
Շվա՛...
Կիվա՛-կիվա՛
Շվա՛...

4. Ռուս

Եղբայրիկ է
Սա սպիտակ,
Աչիկները
Կապուտակ,
Քիչ էլ քթլատ,
Կարմրաթուշ,
Մազը թել-թել,
Շեկլիկ վուշ,
Ձայնը զանգակ,
Զը՛նգ, հնչուն,
Աղբյուրիկ է
Կարկաչուն:
Էս ի՛նչ մանչ է,
Մա՛նչ, մանչի՜կ,
Էս ինչ գո՛նչ է,
Գոն՛չ, գոնչիկ,
Ոտը գետնին
Պինդ խփում
Եվ իր հանգի
Թոթովում,
Մա-մա՛.
Մա, մա, մա:

Խափշիկ մոր երգը

Տե՜ս սևամորթ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
Օյ-լա՛,
Օյ-լա՛,
Գիշեր է գալիս,
Քուն դնեմ բալիս,
Օյ-լա՛,
Հայրիկդ չկա,
Նա դեռ ուշ կգա,
Օյ-լա՛,
Նա քունը չառած
Ծեգի հետ գնաց,
Որ շալակ-շալակ
Կրի բեռ ու հակ
Օյ-լա՛,
Օյ-լա,
Երբ դու մեծանաս
Շուտով կիմանաս,
Որ մեծ հյուսիսում,
Ամբողջ աշխարհի
Վեցերորդ մասում,
Ընկերներ ունես՝
Քեզ միշտ օգնական,
Օյ-լա՛,
Մի հսկա բանակ,
Չես մնա մենակ,
Օյ-լա՛,
Հայրդ չխնդաց,
Բայց դու կխնդաս,
Լավ օրեր կգան,
Օյ-լա՛,
Օյ-լա՛,
Իմ թուխիկ, թխլիկ
Սևաչյա բալիկ:

Դեղնամորթ մոր երգը

Տե՜ս դեղնամորթ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
Ձի՛ն-ձի՛ն,
Բալիկս,
Ձի՛ն-ձի՛ն,
Յու-դզին,
Ի՛նչ ծանր բեռ է
Դրած իմ վզին:
Ձի՛ն-ձի՛ն,
Ձի՛ն-ձի՛ն,
Ինձ էն դազգահը
Հալում է, մաշում,
Կտոր եմ գործում,
Թելիկն աբրեշում,
Ընկել եմ մատից,
Ընկել եղունգից
Ընկել եմ թևից,
Ուժից ու հալից,
Վարձ չեմ ստանում
Ագահ վարձկալից...
Ձի՛ն-ձի՛ն,
Ձի՛ն-ձի՛ն,
Մեծացի՜ր, բալիկ,
Օրերը գալիք
Չե՜ն լինի էսպես.
Եղբայրներ ունես
Քեզ կուռ ու կռնակ...
Մենակ չես, մենակ.
Դուք հրում մի տեղ,
Դուք մրում միտեղ,
Կբերեք լավ օրեր:
Ձի՛ն-ձի՛ն,
Բալիկս,
Ձի՛ն-ձի՛ն,
Յու-դզին,
Ձի՛ն-ձի՛ն,
Քեզ օրո՛ր:

Հնդիկ մոր երգը

Տե՜ս թխադեմ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
Այ-լա,
Բալիկս,
Այ-լա,
Հոգնած է հայրդ,
Թող հանգստանա,
Որ առավոտ վաղ
Նորից դաշտ գնա:
Այ-լա՛,
Այ-լա՛,
Էն ճահճոտ դաշտում
Էլի կռանա,
Շատերի նման
Հալվի-մաշվի նա:
Վարձկալից հանգիստ
Չկա բանվորին,
Բայց քեզ չեն թողնի
Հասնես էդ օրին:
Այ-լա՛,
Այ-լա,
Մեծացի՛ր, բալիկ,
Օրերում գալիք
Չես մնա մենակ,
Քեզ կուռ ու կռնակ
Եղբայրներ շատ կան,
Քեզ միշտ օգնական:
Այ-լա՛,
Այ-լա՛,
Հայրդ չխնդաց,
Բայց դու կխնդաս,
Լավ օրեր կգան,
Քեզ թև ու թիկունք
Եղբայրներ շատ կան:
Այ-լա՛,
Բալիկս,
Այ-լա՛,
Արդեն ուշ է,
Քնի՜ր հիմա:

Ռուս մոր երգը

Տեսե՛ք սպիտակ
Մայրիկին,
Ի՜նչ է երգում
Բալիկին.
Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ,
Հերիք է ծծես
Թաթիկդ լիք-լիք:
Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ,
Շուտ կմեծանաս,
Ուժեղ պատանի,
Գործի կգնաս,
Հայրիկիդ տեղը
Ինքդ կկանգնես,
Նրա մեքենան
Գործի կդնես:
Բա՛յ-բա՛յ,
Իմ բալիկ:
Հայրիկդ բանվոր՝
Էն տարին դժվար
Կռվով գրավեց
Երկիր քեզ համար,
Որ երբ մեծանաս,
Այնտեղ աշխատես,
Քո աշխատանքը
Ինքդ վայելես:
Բա՛յ-բա՛յ,
Իմ բալիկ,
Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ,
Բարով մեծանաս,
Բանվոր հայրիկիդ
Ճամփովը գնաս:
Շատ երկրներում
Եղբայրներ ունես,
Նրանց էլ պիտի
Լույս աշխարհ հանես...
Դուք հրի՜ց, մրի՜ց,
Դուք ջրից անցեք,
Խորտակեք հինը,
Նոր կյանք կառուցեք:
Էլ մի՜ ծփծփա,
Խլվլան ալիք,
Բա՛յ, բա յ եմ ասում,
Բա՛յ-բա՛յ,
Իմ Լենիկ:

ԱՌԱԿՆԵՐ

ՎԱՏ ԸՆԿԵՐԸ

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տես,
Բայց մեջներին չկար աղվես
Էնտեղ մեկն էլ
Մի պառավ գել
Ասավ. — Արքա՜ ,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը՝
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տե՜ս, չի եկել:

Ցավը թողած՝
Արքան գոռաց,
Թե՝ հա՜ թռեք,
Էն ըմբոստին
Ոտս բերեք:

Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
Ո՞ւր ես, մեռա՜ծ
Ասեմ ձեռաց,-
Աղվեսն ասաց.
Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի՝ դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա՜ էստեղը,
Հա՜ էնտեղը,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը՝ շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը,
Անցավ դողը,
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:

ԱՔԼՈՐՆ ՈԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ

Օրվա մեկը մի աքլոր
Քջուջ-մջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. «Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես՝ ոչինչ է.
Վայը տամ է՜ն հիմարին,
Որ գին կտա է՜ս քարին.
Իսկ ինձ համար մի գարին
Արժեր էսպես հազարին»:

ՃՊՈԻՌՆ ՈԻ ՄՐՋՅՈԻՆԸ

Թըռի-վըռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռաց,
ճըռճըռաց:
Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրա թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞րն ասեմ, էլ որը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգըր-զընգըր դողալով,
Ծանր-ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր,
Գլխիդ մատաղ, սանամե՜ր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակըրի, տաքացրու,
Մինչև գարուն ապրեցրու:
Ի՛նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ.
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ
Ուրեմն՝ դո՞ւ:
Այո՜, ես
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
Երգո՞ւմ էիր, շատ բարի
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի:

ԿԿՈԻՆ ՈԻ ԱՔԼԱՐԸ

Չնաշխարհիկ
Իմ աքլարիկ,
Ձայնդ զիլ-զիլ,
Ոսկի ծիլ-ծիլ,
Երգերիդ մեջ
Բյուր ելևէջ:
Կրկու քուրիկ,
Հուրիկ, բուրիկ,
Քո ձայնն էլ է
Լավ գեղգեղում,
Ծոր է տալիս
Ու մըղմըղում.
Երգ եմ լսել
Ես շատ ու քիչ,
Բայց չեմ տեսել
Քեզ պես երգիչ:
Ոսկեփետուր,
Անուշ իմ քուր,
Կուզեմ լսել
Ձայնդ անսպառ
Միշտ անդադար:
Պուճպուճուրիկ,
Մի պուտ ջրիկ,
Կկու քուրի՜կ,
Երդվում եմ ես,
Որ լռում ես
Էսքան պուճուր՝
Ըսպասելով
Իմ աչքերը
Կտրում են ջուր:
Որտեղի՞ց է
Քեզ էդպես ձայն,
Մաքուր, քնքուշ
Ու զրնգզրնգան:
Դուք էդպես եք
Ամբողջ ցեղով,
Մի բուռ բան եք
Թեև տեղով,
Բայց ձեր երգը
Խիստ աջողակ,
Չունի՜, չունի՜
Ոչ մի սոխակ:
Գոհ եմ քեզնից,
Ջիվան աքլար.
Խըղճով ասենք`
Դու միալար
Լավ ես երգում
Դրախտահավից,
Թռչունների
Լավի լավից:
Ողջ աշխարհը
Խոսքիս վկա,
Քեզ պես երգիչ
Չըկա՜, չըկա՜,
Էստեղ ծիտը,
Ծիտիկ-միտիկ,
Ասավ. հլա
Սըրանց մտիկ,
Ինչ լավ գիտեն
Իրար եղել.
Ասա թողի՞ն
Պակաս տեղ էլ:
Է, լա՛վ, հերի՜ք
Իրար գովեք.
Աշխարհ գիտի,
Թե դուք ով եք:

ԱՂՎԵՍԸ, ԱՐՋՆ ՈԻ ԳԱՅԼԸ

Մի գել, մի արջ, մի աղվես
Ապրում էին ախպոր պես:
Մի օր գտան մի մեծ փարչ,
Փորը լեն-լեն, բուկը կարճ.
Մեջը լիքը-լիքը եղ
Ու պահեցին մի լավ տեղ,
Որ ետի օրն էն եղեն
Գաթա, նազուկ թըխմըխեն:
Գելը մի օր կիրակի,
Գնաց գողցավ մի մաքի.
Արջը գնաց կըրակի,
Էն աղվեսն էլ իր հանգի
Միսը արեց ղավուրմա,
Էդ էլ եղի մոտ մնա.
Ու աղվեսը եղն ու միս
Ծածուկ նժեց մի ամիս:
Վերջը կանչեց. «Վա՛հ, ամա՛ն,
Ո՞վ է կերել ղավուրման,
Ո՞վ է կերել մեր եղը,
Բան չի թողել իր տեղը»:
Արջը էդտեղ փընթփընթաց,
Գելը կանգնեց վընգվնգաց,
Աղվեսն էլ սուտ թնկթնկաց.
Ո՞վ է կերել եղն ու միս,
Ո՞վ է մեր մեջ գողն ու փիս.
Ա՜յ, թե գտնեմ ես գողին,
Փարչը ջարդեմ իր կողին.
Բայց չեք կարող ինձ խաբել
Արջիկ-փարջիկ, գել ու փել,
Եկեք էստեղ իսկույն մենք
Արևի տակ քիչ քնենք.
Ում կռնակից եղ դուրս գա,
Նա է գողը, կա, չըկա:
Ու փռվեցին երկար-կարճ
Գող աղվեսը, գելն ու արջ.
Արջը, փարչը, գել ու փել
Հենց որ առան մրափել,
Գող աղվեսը՝ սուս ու փուս,
Իր թաթերին կուզեկուզ
Ելավ քերեց բղիկը,
Բերեց մի մատ եղիկը,
Քսեց մեջքին խեղճ գելի,
Արջին բրթեց՝ թե ելի,
Ես գտել եմ մեր գողը.
Գելն է կերել մեր եղը:
Ու երկուսով տեղն ու տեղ
Գելին արին փորի դեղ:

***

Ջո՜ւ, ջո՜ւ, ջո՛ւ,
Բրնձի,
Ով որ չգա՝
Մերն ինձի,
Տանեմ ծախեմ՝
Գինն ինձի:
Էսպես կանչեց
Մեծ նանը,
Կուտը ցանեց
Դռանը:
Որ չտեսան
Կուտ-կուտիկ`
Աքլոր ու հավ,
Ճուտ-ճուտիկ,
Վրա տվին
Ճը՜տ, ճը՜տ, ճը՜տ
Վեր քաղեցին
Կը՜տ, կը՜տ, կը՜տ:

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Երկու աքլոր,
Երկու խև.
Մեկը չալտիկ,
Մեկը սև,
Մեկը մեկից
Քաջ, արի,
Կռիվ բացին
Աքլարի:

Սևոն քիթը
Սուր մխտեց
Չալի մի աչքն
Ու հաղթեց:
Հետո թռավ
Տանիքը
Ու սկսեց
Իր երգը.
Ծուղ-րու-ղո՛ւլ,
Հաղթեցի,
Քիթս աչքը
Մխտեցի:

Մին էլ վերից
Ուրուրը
Թափով նետվեց
Կտուրը,
Զարկեց տարավ
Հաղթողին,
Կտուցն աչքը
Մխտողին:

ԴԵՂՁԱՆԻԿՆ ՈԻ ՏԱՏՐԱԿԸ

Դեղձանիկը մի թակարդում
Զարկըվում էր ու թպրտում:
Մի տատրակիկ,
Պուճուր ձագիկ,
Ծիծաղում էր նրա վրա.
Բա ամոթ չէ՞, — ասում էր նա, —
Օր ցերեկով,
Բաց-բաց աչքով
Ընկար էդպես
Դու կույրի պես:
Ես լինեի,
Չէի խաբվի,
Իմ արևը:
Մին էլ՝ ըհը՛,
Ոտն ու թևը
Գցեց ցանցը
Սնապարծը:
Տեղն էր, տեղը էն տատրակին,
Ինչո՞ւ ծաղրեց դեղձանիկին:

ԱՔԱՂԱՂՆ ՈԻ ԿՏՈԻՐԸ

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

ՃԱՆՃԸ

Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ
Արորն ուսին,
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:

Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. — Տո՜, մանչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:

Քիթը տնկած
Ճանճը ասաց.
Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղի՛ց:

ԵՐԿՈԻ ԱՔԼՈՐ

Նանը ուներ երկու աքլոր,
Մի թուխսի ճուտ, իրար սովոր,
Կատարները կարմիր լալա,
Փետուրները բամբկի քուլա:
Մանգալները հպարտ, հպարտ,
Ապրում էին ուրախ, զվարթ,
Բակն իրանցն էր, տունը նանին,
Ամեն մինը իրա բանին.
Մի օր նանը հավաթառին
Կարմիր ներկեց աքլորներին.
Առավոտյան բարելուսին
Մի տեսնեիր դու երկուսին:
Անծանոթ են, իրար անտես
Երկու քաջեր, սրանց մի տես,
Ոնց են իրար գլուխ թակում
Իրանց տան մեջ, իրանց բակում:
Ու հենց էնպես, իրար օտար,
Արունլվա երես, կատար,
Ճղըրտալով,
Կռիվ-տալով,
Փետուրները ցրիվ տալով,
Եկան, եկան
Առուն ընկան,
Ջրում մի լավ տըտզկեցին
Ու էնտեղ էլ սպիտակեցին:
Ներկը գնաց փետուրներից,
Երբ որ նրանք ելան ջրից,
Ճանաչեցին նոր մեկ մեկու
Ու կանչեցին՝ կուկուլիկու:

Մեղավոր էր կարմիր ներկը,
Ա՜յ կոտրվեր նանի ձեռքը:

ՄՈԾԱԿԻ ՄԱՀԸ

Ամպից խփեց հուր-կայծակ,
Կաղնուց ընկավ մի մոծակ:
Մոծակն ընկավ կաղնու մոտ՝
Թև ու թիկունք արյունոտ:

Ճանճերն եկան պըզզալով,
Տըզտըզալով, բըզզալով.
Եղբոր վրա շատ լացին,
Աղի արցունք մաղեցին.

Ազիզ ախպեր, քաջ մոծակ,
Էլ չես թռչի թևարձակ.
Ա՛խ, խավարի մեր լույսը,
Կոտրվել է քո ուսը,
Դու տանջվում ես չարաչար,
Ափսո՛ս, չունենք ոչ մի ճար:

Մոծակն իրեն հավաքեց,
Նվազ ձայնով կտակեց.
Իմ քուրիկներ աննման,
Փորեք դուք ինձ գերեզման,
Թաղեք կանաչ պուրակում,
Որտեղ դուք եք նվագում:
Ամեն ամեն իրիկուն,
Երբ դուք գնաք դեպի տուն,
Իմ հորքուրներ, մորքուրներ,
Ըզբոսասեր քույրիկներ,
Անցե՜ք, դարձե՜ք իմ մոտով,
Ինձ հիշեցեք կարոտով:
Ճանճերը շատ լաց եղան.
Մեռավ, — ասին, — քաջ տղան
Ոչ թե չնչին մի ձագ էր,
Այլ մի կտրիճ մոծակ էր:

ԳՈՐՏՆ ՈԻ ԿՈՎԸ

Գորտը գորտին ասավ. — Քե՜ռի,
Խնդրեմ էս կողմ մի ետ դառի.
Տես՝ ո՞ւռել եմ,
Փուքն առե՞լ եմ,
Ուղի՜ղն ասա,
Կովին հասա՞ :

Զուր է, վե՜րջ տուր,
Կովն ո՛ւր, դո՜ւ ո՛ւր:
(Հիմի՞, քե՜ռի,
Ուռա՞ իսկի:
( Շատ չեն զոռի,
Նույնն ես, սըսկի՜:

( Մի տե՛ս, քեռի՜
Նույնն ես, լռի՜,
Աշխարհ կանցնի,
Եթե գորտը
Կովին հասնի:
Ա՜յ, տե՜ս, քե՛ռի
Թեկուզ մեռի,
Դու բաց աչքով
Չես դառնա կով:
Գորտը ուռավ,
Փքվեց նորից,
Խիստ փուք առավ
Ճաքվեց զոռից:

Ով որ փքվի,
Նա կչքվի:

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի՝
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
Լսե՜ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի...
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը...
Ա՛յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է՛, զանգը ո՞վ կախ անի.
Ալո դո՜ւ:
Ալո՞ն տանի:
Բալո, դո՜ւ:
Բալո՞ն կախե:
Չալո, դո՜ւ:
( Չալոն կաղ է:
Մստո, դո՜ւ:
Մստոն կարճ է:
Փոստո, դո՜ւ:
(Էդ էլ խի՞ղճ է:
Համբո, դո՜ւ:
Ես տկար եմ:
Չամբո, դո՜ւ:
Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան, —
Ճստաց Բտոն ճստճստան:
Լռի, հանդուգն,
Կոտորվե՜ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

ԳՈՐՏԸ

Լքուն
Փքուն
Գորտը կռռան,
Ջրհորումը

Ջրի վրան,
Իր չորս կողմը
Աչք ածելով՝
Ասավ.

(Էլ ո՞ւր է թե
Մեծ է ծովը,
Չորս թիզ չկա
Իմ թզովը:

ԳՈՐՏՆ ՈԻ ԱԳՌԱՎԸ

Մի գորտ ընկած ցամաք առուն
Կռկռում էր, հա՜ կռկռում:
Քիչ կռկռա, այ գորտ քեռի:
Աշուն կգա, ջուր կբերի, —
Հույս էր տալիս մի սև ագռավ:
Է՛, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,
Մինչև ցամաք առուն ջուր գա,
Գորտի աչքն էլ հո՜ դուրս կգա:

ՄՈԻԿՆ ՈԻ ԿԱՏՈԻՆ

Կատուն մկին
Ասավ. — Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս՝
Հազար թուման
Փող կստանաս:

Պատասխանեց
Մուկը կատվին.
Չեմ արժանի
Էդ մեծ պատվին,
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րջ:
Շատ լավ գիտեմ
Փորիդ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը:

ԿԱՐԻՃՆ ՈԻ ԳՈՐՏԸ

Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,
Ասավ. — Ա՜յ գորտ, ճարպիկ լողորդ,
Ա՜ռ ինձ մեջքիդ աղբերաբար,
Ա՜ռ ու լճի էն ափը տար:
Էն ինչ գորտն էր,
Քաջ լողորդն էր,
Շալակն առած սև կարիճին,
Իրեն տվեց կապույտ լճին:
Բայց կարիճը խայթեց գորտին,
Խեղճը ջրում փռվեց լերդին,
Ուշքը գնաց,
Նվաղելով հա՛ կռկռաց.
Կարի՛ճ...
Դահի՛ճ...
Ես էլ կորա՛ ...
Դու էլ կորար,
Ա՛յ անկամորդ...
Ղորտ... ղորտ... ղո՛րտ...
Բնությունս է այդպես, ա՜յ գորտ:
Թե չխայթեմ,
Ես կպայթեմ, —
Կարիճն ասաց,
Ինքն էլ խեղդվեց՝ ափ չհասած:

ՈՎ ԱԼԱՐԻ, ՈՉ ԴԱԼԱՐԻ

Ժամանակով
Ազգովտակով,
Տնով-տեղով,
Ամբողջ ցեղով
Կատուներն են
Մկան որսկան:
Բայց էս կատուն,
Էս մեկն էսքան
Մրսկա՞ն, սսկա՞ն,
Ճպռո՞տ, քնկո՞տ,
Ծո՞ւյլ, ալարկո՞տ:
Չեմ բամբասում,
Մուկ չի որսում,
Դե համբերեք,
Գիշեր-ցերեկ
Խոնավ հողին
Ընկած կողին,
Աչքերն ընդհուպ,
Երկուսն էլ խուփ՝
Հա մռռում է, վերջում փնչում:
Լոկ բեղերն են վեր-վար թռչում:
Եվ մկները թաթիկ-տոտիկ
Պարում, երգում պոչին մոտիկ:
( Ա՛յ բրդոտիկ,
Բրդոտիկ,
Քնած հորթիկ,
Մի մեզ մտիկ,
Գանք քեզ մոտիկ,
Վերցնենք ոտիկ,
Հագցնենք վարտիք,
Կպցնենք գոտիկ,
Ա՜յ խորոտիկ,
Խորոտիկ:

Դնչից հեռու՝ չորս-հինգ մատ,
Դրին թասով լիքը կաթ:
Քիթք կաթի հոտն առավ,
Ասա՝ ծույլը ետ դառա՞վ,
Որ կաթիցը կում անի,
Անուշ, անուշ խում անի:
Չէ՜ , արևը գիտենա,
Նա ուզում է՝
Թասն իր դնչին մոտենա:
Ալարկոտը չգիտի՝
Չաշխատողը չի ուտի:
Ով ալարի,
Ոչ դալարի:

ԿԱՊԻԿՆ ՈՒ ՀԱՅԵԼԻՆ

Իրեն տեսնելով
Հայելու միջին,
Կապիկը ոտով
Մի բոթեց արջին.

Քեռի, սրա՜ն տես,
Սա ո՞վ է, գիտե՞ս.
Հրեշ, ցուցանք,
Պատիժ, փորձանք:
Ինձ տեղնուտեղ կսպանեի,
Թե քիչ սրան նմանեի:
Բայց թե ես էլ ինչո՞ւ հետ եմ,
Էդպես ցուցանք քչի՞ն գիտեմ,
Թվե՞մ զատ-զատ,
Մերոնց մեջ շա՛տ:
( Քան թե թվես
Ձերոնց զատ-զատ,
Լավ չէ՞ նայես,
Խելոք, վրադ,—
Էն գարշելուն
Արջը ասավ,
Բայց թե խոսքը
Տեղ չհասավ:

ՈՐՍՈՐԴ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Զանազան
Տեսակ գազան
Մի օր արջին
Դաշտի միջին
Կալմեջ արին, խեղդոտեցին
Ու բաժանել սկսեցին:
Նապաստակն էլ դրանց միջից,
Քաշեց արջի մի ականջից:

Սրա՜ն մտիկ,
Է՞ս ինչ, Շլդիկ,
Դո՞ւ որտեղից մեր մեջ ընկար,
Որս անելիս հետքդ չկար:

(Է՛, եղբայրներ, զարթնե՜ք քնից...
Բա ո՞վ էր, ո՞վ՝
Արջին զոռով
Սարից, ձորից,
Խոր անտառից
Հանեց, գցեց ձեր ճանկերը.
Էն ես չէի՞ ձեր ընկերը, —
Պատասխանեց նապաստակը,
Կես ականջը թաթի տակը:
Սուտ պարծանքը անվիճելի
Թվաց խմբին շատ հաճելի,
Ուստի տվին իր պահանջը՝
Թաթի տակի կես ականջը:

ԱԳՌԱՎՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Բախտի բերմամբ,
Թէ պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ.
Կտուցն առավ,
Ծառին թռավ:
Օ՛, ի՛նչ պանիր, դեղին ոսկի...
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց,
Էրվեց
Պանրի հոտով:
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը:
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ,
Փափկամազիկ,
Բացեց լեզուն անուշ, մեղուշ,
Թափեց, լափեց շաքար ու նուշ.
Ինչքա՛ն լավն ես,
Ես քո գերին,
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին:
Մի դու մտիկ
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին:
Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայն էլ կըլի հրեշտակի:
Երգի, քուրիկ, մի՜ ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի:
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՛, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի:
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՛ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց:

ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ

Նապաստակներն ամբողջ ցեղով
Անտառի մեջ արին ժողով:
Եվ ժողովում մի ծեր Շլդիկ
Ասավ. — Լսե՜ք, մեծ ու պստիկ.
Շունը հաչե,
Քամին փչե,
Ամպը գոռա,
Մուկը ճռա,
Մեր էս ցեղը
Հա՛ կդողա:
Էսպես ապրել չի կարելի
Էս աշխարհում փորձանքով լի,
Չարն ու բարին աշխարհի հետ,
Թողնենք գնանք, լցվենք մի գետ:
Շլդիկները՝ ո՜չ այս, ոչ այն,
Ելան ընկան մահի ճամփան:
Հենց որ եկան գետին մոտիկ,
Էն գորտերը, մեծ ու պստիկ,
Խառնիխուռը
Ընկան ջուրը:
Իսկույն այդտեղ մի այլ Շլդիկ՝
Դարձե՜քկանչեց, — պապիս որդիք,
Էլ մի՜ կախեք ձեր քթերը,
Մեզնից վախկոտ են գորտերը:

ԲԱՐԵՍԻՐՏ ԱՂՎԵՍԸ

Ծառի վրա երկու ձագ.
Իսկ աղվեսը ծառի տակ
Պըպըզել է ու լալիս,
Թաթով գլխին պինդ տալիս:

Աշխարհը սուր է դառել,
Արյունը ջուր է դառել,
Որսո՛րդ, քո աչքը դուրս գա,
Սրանից էլ մեղք բան կա՞

Սպանեցիր խեղճ մորը,
Ձագերն ընկան էս օրը,
Բնի միջին սոված են,
Ա՛խ, էդպես էլ ձայն ածե՛ն:

Իմ կույր աչքը տեսնում է,
Ասա, ձեռքս էլ հասնո՞ւմ է,
Որ կերակրեմ որբերին
Բարձր ծառի կատարին:

Ա՛յ թռչուններ,
Թևավորներ,
Որ ձեզ չասեմ,
Էլ ո՞ւմ ասեմ:

Որբիկներին էս անմարիկ
Կտեք, ջրեք, արեք բարիք,
Մի թողեք, որ սովից մեռնեն,
Թող մեծանան, թևեր առնեն:
Կկու, ա՜յ, քեզ պատրաստի բուն
Երկու ձագի մայր եղիր դուն:
Քեզնից փետուր
Տակները տուր,
Դաշտից կեր բեր,
Պահիր որբեր:
Դ՛ու, տատրակիկ,
Հենց բան արա
Խղճի մոտիկ:
Ա՜յ, փոխանակ օդամիջի
Խաղի, տաղի, ելևէջի,
Իջիր դաշտեր,
Կրիր որդեր,
Տուր ձագերին
Խեղճ ու անտեր:

Դու, աղունիկ,
Գթոտ մարիկ,
Շատ լավ գիտես
Ձագի կարիք.
Խղճա, հոգիս, երկու ձագին,
Խղճա ու առ թևիդ տակին:

Եվ դու, ծիծեռ,
Չես խղճում դեռ,
Երբ լաց, հառաչ
Աչքիդ առաջ
Դաշտն է առել
Ու ինձ վառել:
Դու էլ սոխակ,
Խեղճի ընկեր,
Կերի տեղակ
Ասա երգեր:
Երբ որ փչի մեղմ զեփյուռը,
Ծառի, ծաղկի անուշ հյուրը՝
Դու էլ հետը, ծառի ճյուղքին,
Նանիկ ասա երկու ձագին,
Երկու ձագին
Խեղճ ու մոլոր,
Անուշ ձայնով՝
Օրոր, օրոր:
Թևավորներ,
Սևավորներ,
Ես ի՞նչ ասեմ ձեր խղճերին,
Որ չեք օգնում էս խեղճերին
Ա՛խ, խլանամ
Ա՛խ, կուրանամ,
Էս կսկիծը
Ո՞նց մոռանամ:
Գոնե տատմոր ձայնը լսեն,
Բնի միջին էլ չսպասեն,
Ծառից իջնեն, շոյեմ, շահեմ,
Աչքի լույսի նման պահեմ:
Նախշուն ճուտե՜ր,
Սոված, անտեր
Գիրկս արիք,
Ձեզ սփոփեմ,
Հերիք, հերիք
Արցունք թափեմ:
Էդ խոսքի հետ երկու ձագը
Բնից ընկան ծառի տակը:
Տատմերն էդտեղ
Հափ ու հուփ,
Ձագերն արավ
Ափ ու խուփ:

ՆԱՊԱՍՏԱԿԻ ՎԱԽԸ

Ա՜յ նապաստակ,
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք, —
Հարցրին ճամփին
Նապաստակից:

( Բա լուր չունե՞ք
Դուք աշխարքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն, —
Պատասխանեց
Նապաստակը:
Հոգիդ սիրես՝
Թող կատակը.
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:

Հարցնողն ո՞վ է.
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես:

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը:
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց ասավ ընկերներին.
Ա՜յ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,

Դե՜ն գցեցեք ձեր պոչերը.
Ինչո՞ւ են պետք այդ փրչերը:
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,

Գետնի ավել,
Վազքի խափան,
Մեզ անվայել
Ավելորդ բան:

Այդտեղ մի ծեր վարպետ աղվես
Ասավ նրան. «Ապրե՜ս, ապրե՜ս,
Ա՜յ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը,
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչո՞ւ չարիր դու այդ կոչը»:

ԽՈԶՆ ՈԻ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը, ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, ա՜յ անգետ,-
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
( Չորանում է՝ չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Ա՛յ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի՝
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

ՇՈԻՆՆ ՈԻ ՁԻՆ

Մի տան բակում շունն ու ձին
Իրար առան, վիճեցին,

Շունը ձիուն,
Թե գլխիդ ձյուն,
Ի՛նչ մեծ բան ես...
Դեռ կտանես,
Արտ կվարես:
Ձի, ձի խնոցի,
Վրաս հեծի,
Մեծ ջուրն անցի
Տար դեն գցի:

Է՛, թող կորչի աննշանը,
Ա՜յ, ինչ ասեմ ինձպես շանը,
Ես ցերեկով տունը պահեմ,
Ես գիշերով հոտին նայեմ
Ձին ոտ մեկնի ինձ հավասա՛ր:
Ձին թե՝ ճիշտ է, հաչան Բասար,
Ես որ հանգիստ կողքիս պառկեմ,

Բեռ չկրեմ,
Արտ չվարեմ,
Տուն կլինի՞, որ դու պահես,
Հոտ կլինի՞, որ դու նայես:

ԳԱՅԼՆ ՈՒ ԳԱՌԸ

Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վերևը,
Խոսքին տալով էս ձևը.

(Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչ՞ի տեր ես.
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ
Կտրի շունչդ:

(Մի՜ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ
(Սո՞ւտ եմ ասում, ա՜յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը:

Մի տարեկան դեռ չկամ
Է՜հ, եղբայրդ էր, անզգամ:
(Ես մի ծին եմ, մինուճար:
( Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից,
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ:
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը:
Էստեղն ինչն է գլխավոր,
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր :

ԳԱՅԼՆ ՈՒ ՄԿՆԻԿԸ

Գայլը հոտից իր հանգի
Զարկեց տարավ մի մաքի,
Կերավ փորն ու փսորը,
Պառկեց մինչև կեսօրը,
Մուկը հեռվից հոտմտաց,
Ելավ գնաց
Հոփիկ-թոփիկ
Ու մի ճոթիկ
Մսից առավ
Ու թռավ:
Գայլը զարթնեց,
Իրեն ջարդեց,
Թե՜, հայ-հարայ,
Ալա՛ն, թալա՛ն,
Էյ, պահապան,
Մատնեցին,
Վատնեցին,
Ինչ ունեի թալնեցին:

ԱՆՑՈՐԴՆԵՐՆ ՈԻ ՇՆԵՐԸ

Մի անգամ
Երկու բարեկամ
Անցնում էին խոսելով:
Սրանց ձայնը լսելով
Մի շուն բակից,
Դռան տակից
Վազեց վրա:
Մին էլ ահա՝
Կեռ պոչերը,
Թաց դնչերը
Բարձրացրին հարա-հրոց,
Եվ փողոցը դարձավ շննոց:
Մի անցորդը ծռվեց՝ քարի,
Մյուսն ասաց. — Ախպեր, ա՛րի,
Քարով էլ շատ կգազազին,
Միշտ էդպես են շունն ու թազին:
Եվ ճիշտ՝ նրանք որ քիչ անցան,
Էլ հաչոցի ձայն չիմացան:

Следующая страница